ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2014 թվականի հունիսի 10-ին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հունիսի 17-ի քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 78-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 78. | Դատական ծանուցումը |
1. Գործին մասնակցող անձինք դատական նիստի կամ առանձին դատավարական գործողություններ կատարելու ժամանակի և վայրի մասին տեղեկացվում են դատական ծանուցագրերի միջոցով։ Դատական ծանուցագրերով դատարան են կանչվում նաև վկաները, փորձագետները և թարգմանիչները։
2. Դատավարության մասնակիցներին դատական ծանուցագիրը`
1) ուղարկվում է պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ.
2) հանձնվում է առձեռն, կամ
3) ուղարկվում է էլեկտրոնային եղանակով՝ սույն հոդվածի 4-րդ, 9-րդ և 10-րդ մասերով սահմանված դեպքերում և կարգով։
3. Դատական ծանուցագիրն ուղարկվում է դատավարության մասնակցի նշած հասցեով։
4. Իրավաբանական անձանց ծանուցումը կատարվում է «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածով սահմանված կարգով։
5. Դատական ծանուցագիրը պետք է հանձնվի անձամբ հասցեատիրոջը։ Ծանուցագիրը համարվում է անձամբ հանձնված, եթե դրա ստացման մասին անդորրագիրը ստորագրված է անձամբ հասցեատիրոջ կողմից, կամ հասցեատերը ծանուցումը ստանալու անդորրագրի վրա ստորագրել է ծանուցագիրը ստանալուց հրաժարվելու մասին։
6. Եթե դատավարության մասնակից ֆիզիկական անձն իր հասցեն չի հայտնել, կամ նրա հայտնած հասցեով ուղարկված ծանուցագիրը վերադարձվել է դատարան, կամ դատական նիստը սկսվելու պահին դատարանը չի ստացել ծանուցման մասին անդորրագիրը, ապա դատարանը դատական ծանուցագիրը ուղարկում է այդ անձի հաշվառման հասցեով, ինչպես նաև համապատասխան համայնքի ղեկավարին (Երևան քաղաքում` համապատասխան վարչական շրջանի ղեկավարին)։
7. Սույն հոդվածի 6-րդ մասով սահմանված գործողությունները կատարելու հետ միաժամանակ դատական ծանուցագիրը տեղադրվում է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում։
8. Դատական նիստին ներկայացած դատավարության մասնակիցները հաջորդ դատական նիստի ժամանակի և վայրի մասին դատարանի կողմից ծանուցվում են բանավոր կարգով, բացառությամբ այն դեպքերի, երբ դատական նիստը համակարգչային ձայնագրման եղանակով չի արձանագրվում, որի դեպքում դատարանը դատական նիստին ներկայացած դատավարության մասնակցին հաջորդ դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցում է դատական նիստի ավարտից հետո՝ դատական ծանուցագիրը առձեռն հանձնելով։
9. Դատավարության մասնակցի գրավոր դիմումի հիման վրա դատական ծանուցումը կարող է կատարվել հեռախոսագրի, կարճ հաղորդագրության կամ էլեկտրոնային հեռահաղորդակցության այլ միջոցներով։
10. Դատարանի կողմից ֆիզիկական անձին ուղարկված էլեկտրոնային ծանուցագիրը պատշաճ ձևով ծանուցում է համարվում նաև այն դեպքում, երբ ծանուցումը կատարվել է «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով։
11. Եթե դատավարության մասնակիցը գտնվում է քրեակատարողական հիմնարկում, ազատազրկման վայրում, զորամասում կամ կարգապահական գումարտակում, ապա դատական ծանուցագիրը պետք է ուղարկվի այդ հաստատությունների հասցեներով։ Այդ հաստատությունների վարչակազմերը դատական ծանուցագիրը ստանալուն պես պարտավոր են այն հանձնել հասցեատիրոջը` նրա կողմից ստանալը հավաստող անդորրագիրը վերադարձնելով դատարանին:»։
Հոդված 2. Օրենսգրքի 94-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Պատասխանող ֆիզիկական անձի փաստացի գտնվելու վայրն անհայտ լինելու դեպքում դատարանը գործը քննում է սույն օրենսգրքի 78 հոդվածի 7-րդ մասով նախատեսված գործողությունները կատարելուց հետո:»։
Հոդված 3. Օրենսգրքի 119-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Դատարանն իրավունք ունի հետաձգելու գործի քննությունը, եթե`
1) գործին մասնակցող անձանցից որևէ մեկը կամ նրա ներկայացուցիչը դատարանի կողմից հարգելի ճանաչված պատճառով չի ներկայացել դատական նիստին և ներկայացրել է գործի քննությունը հետաձգելու վերաբերյալ գրավոր միջնորդություն.
2) այն չի կարող քննվել տվյալ նիստում` վկաների, փորձագետների կամ թարգմանիչների չներկայանալու պատճառով.
3) դա թելադրված է ապացույցներ ներկայացնելու անհրաժեշտությամբ.
4) դա թելադրված է գործին մասնակցող անձի կողմից ներկայացված լրացուցիչ ապացույցներին գործին մասնակցող այլ անձանց ծանոթանալու անհրաժեշտությամբ.
5) գործին մասնակցող անձանցից որևէ մեկը միջնորդում է տրամադրել ողջամիտ ժամկետ` վեճը հաշտությամբ լուծելու համար, և գործին մասնակցող մյուս անձինք չեն առարկում.
6) ներկայացվել է հակընդդեմ հայց կամ վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ.
7) հայցվորը ներկայացրել է հայցի առարկան կամ հիմքը փոփոխելու վերաբերյալ միջնորդություն.
8) ավարտվել է աշխատանքային օրը, եթե օրենքով գործի քննության հատուկ ժամկետներ սահմանված չեն.
9) դատական նիստը չի կարող շարունակվել նիստերի դահլիճում ներկա գտնվող անձանց կողմից թույլ տրվող դատական նիստի կարգի զանգվածային խախտումների պատճառով.
10) առաջին ատյանի դատարանը որոշել է գործի քննությանը ներգրավել գործին մասնակցող նոր անձ.
11) առկա են առողջական վիճակի հետ կապված կամ այլ անձնական բնույթի հարգելի հանգամանքներ, որոնք անհնար են դարձնում դատարանի կողմից գործի քննությունը.
12) առկա են օրենքով սահմանված այլ հիմքեր:»։
Հոդված 4. Օրենսգրքի 130-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Դատարանի վճիռը պետք է լինի օրինական, հիմնավորված և պատճառաբանված:»։
Հոդված 5. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 130.1-ին հոդվածով.
«Հոդված 130.1. | Վճռի օրինականությունը, հիմնավորվածությունը և պատճառաբանվածությունը |
1. Առաջին ատյանի դատարանի վճիռն օրինական է, եթե այն կայացվել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, սույն օրենսգրքի, այլ օրենքների և այլ իրավական ակտերի պահանջների պահպանմամբ, որոնց նորմերը կիրառելի են տվյալ գործը քննելիս։
2. Առաջին ատյանի դատարանի վճիռը հիմնավորված է, եթե վճռում շարադրված եզրահանգումները և հաստատված փաստերը համապատասխանում են առաջին ատյանի դատարանում հետազոտված ապացույցներին։
3. Առաջին ատյանի դատարանի վճիռը պատճառաբանված է, եթե դրանում երևում են փաստերի հաստատման, ապացույցների գնահատման և իրավունքի կիրառման գործընթացի կապակցությամբ դատարանի դատողությունների ընթացքը և դրանից բխող եզրահանգումները:»։
Հոդված 6. Օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Առաջին ատյանի դատարանը վճիռ կայացնելիս`
1) գնահատում է ապացույցները.
2) որոշում է, թե գործի համար նշանակություն ունեցող որ փաստերն են ապացուցվել, և որոնք չեն ապացուցվել.
3) որոշում է տվյալ գործով կիրառման ենթակա իրավական նորմերը.
4) որոշում է հայցը լրիվ կամ մասնակի բավարարելու կամ այն մերժելու հարցը.
5) գործին մասնակցող անձանց միջև բաշխում է դատական ծախսերը.
6) լուծում է կիրառված հայցի ապահովման միջոցները պահպանելու կամ վերացնելու հարցը:»։
Հոդված 7. Օրենսգրքի 132-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 132. | Վճռի բովանդակությունը |
1. Դատարանի վճիռը կազմված է ներածական, նկարագրական, պատճառաբանական և եզրափակիչ մասերից։
2. Վճռի ներածական մասը պետք է պարունակի վճիռ կայացնող ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի անվանումը, դատարանի կազմը, գործի համարը, վճիռը կայացնելու տարին, ամիսը, ամսաթիվը, վայրը, գործին մասնակցող անձանց և նրանց ներկայացուցիչների անունը, ազգանունը, հայրանունը` անձը հաստատող փաստաթղթում հայրանվան առկայության դեպքում (անվանումը), հայցի առարկան։ Վճռի ներածական մասում պետք է նշվեն նաև գործին մասնակցող անձանց և նրանց ներկայացուցիչների` անձը հաստատող փաստաթղթի տվյալները, իրավաբանական անձի դեպքում` հարկ վճարողի հաշվառման համարը և պետական գրանցման վկայականի համարը, նրանց հաշվառման վայրի հասցեները, իսկ ներկայացուցիչների մասնակցության դեպքում՝ նաև որպես ներկայացուցիչ հանդես գալու համար հիմք հանդիսացած փաստաթղթի տվյալները։
Վերը նշված տեղեկությունները վճռի ներածական մասում նշվում են նաև երրորդ անձանց վերաբերյալ, եթե այդպիսիք դատարանը ստացել է գործի քննության ընթացքում։
3. Վճռի նկարագրական մասը պետք է պարունակի`
1) նշում այն մասին, թե երբ է հայցը ներկայացվել ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան, երբ է այն ընդունվել վարույթ.
2) նշում` հայցի առարկայի կամ հիմքի փոփոխության մասին՝ փոփոխության դեպքում նշելով փոփոխության ամսաթիվը և էությունը.
3) նշում` հայցադիմումի պատասխան և (կամ) հակընդդեմ հայց, հակընդդեմ հայցի պատասխան ներկայացնելու մասին.
4) նշում` գործին երրորդ անձանց ներգրավելու մասին.
5) նշում` առանձին ակտի ձևով ընդունված որոշումների մասին.
6) նշում` վերադաս դատարանի կողմից գործը նոր քննության ուղարկված լինելու մասին։ Տվյալ դեպքում շարադրվում է նաև համապատասխան դատավարական նախապատմությունը` նշելով վերադաս դատարանի սահմանած գործի նոր քննության ծավալը.
7) նշում` գործին մասնակցող անձանց և նրանց ներկայացուցիչների դատական նիստին ներկայանալու կամ չներկայանալու մասին.
8) հայցադիմումի հակիրճ բովանդակությունը` յուրաքանչյուր պահանջը, յուրաքանչյուր պահանջի հիմքում դրված փաստերը` շարադրելով այն փաստերը, որոնց վրա հիմնվում է հայցվորը, յուրաքանչյուր պահանջի իրավական հիմքերն ու հիմնավորումները` վկայակոչելով օրենքների և այլ իրավական ակտերի նորմերը.
9) պատասխանողի դիրքորոշման հակիրճ բովանդակությունը` հայցվորի յուրաքանչյուր պահանջն ընդունելու կամ դրա դեմ ամբողջությամբ կամ մասնակի առարկելու վերաբերյալ, առարկության փաստական հիմքը` շարադրելով այն փաստերը, որոնց վրա հիմնվում է պատասխանողը, առարկության իրավական հիմքը` շարադրելով պատասխանողի փաստարկները պահանջի իրավական հիմնավորման վերաբերյալ և վկայակոչելով օրենքի և այլ իրավական ակտերի նորմերը.
10) վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ ներկայացնող երրորդ անձի դիրքորոշումը, որը շարադրվում է սույն մասի 8-րդ կետով սահմանված կարգով.
11) վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձի դիրքորոշումը, որը շարադրվում է սույն մասի համապատասխանաբար 8-րդ կամ 9-րդ կետին համապատասխան.
12) հակընդդեմ հայցվորի և հակընդդեմ հայցով պատասխանողի դիրքորոշումները, որոնք շարադրվում են սույն մասի համապատասխանաբար 8-րդ և 9-րդ կետերին համապատասխան։
4. Վճռի պատճառաբանական մասը պետք է պարունակի՝
1) գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերը.
2) եզրահանգում կիրառելի իրավունքի վերաբերյալ` միջազգային պայմանագրերի, օրենքների և այլ իրավական ակտերի այն նորմերի, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի, Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումների վկայակոչմամբ, որոնք ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը վերաբերելի է համարում.
3) ապացուցման կարիք չունեցող փաստերը` նշելով, թե սույն օրենսգրքի 52-րդ հոդվածի որ մասի հիման վրա և ինչ հիմքով է գործին մասնակցող անձն ազատվում տվյալ փաստի ապացուցման պարտականությունից.
4) ապացուցման ենթակա փաստերը`
ա. շարադրելով ապացուցման ենթակա յուրաքանչյուր փաստը,
բ. նշելով, թե ով է կրում ապացուցման ենթակա յուրաքանչյուր փաստի ապացուցման պարտականությունը և որ իրավական նորմի հիման վրա,
գ. առաջին ատյանի դատարանի եզրակացությունը տվյալ փաստի ապացուցված լինելու վերաբերյալ` գնահատելով տվյալ փաստի հաստատման կամ մերժման համար գործին մասնակցող անձանց ներկայացրած յուրաքանչյուր ապացույցը` սույն օրենսգրքի 51 և 53 հոդվածներին համապատասխան.
5) եզրահանգում` գործին մասնակցող անձի ներկայացրած ապացույցն անթույլատրելի, ոչ վերաբերելի կամ ապացուցողական ուժ չունեցող համարելու դեպքում՝
ա. հղում կատարելով այն իրավանորմերին, որոնց հիման վրա ապացույցը ճանաչվել է անթույլատրելի, ոչ վերաբերելի կամ ապացուցողական ուժ չունեցող,
բ. շարադրելով այն փաստերը, որոնց հիման վրա դատարանը հանգել է նման եզրահանգման.
6) եզրահանգում` գործին մասնակցող անձանց պահանջների և առարկությունների հիմնավորվածության վերաբերյալ.
7) գործին մասնակցող անձանց միջև դատական ծախսերի բաշխման վերաբերյալ առաջին ատյանի դատարանի պատճառաբանությունը։
5. Վճռի եզրափակիչ մասը պետք է պարունակի`
1) յուրաքանչյուր պահանջը լրիվ կամ մասնակի բավարարելու կամ մերժելու մասին կամ գործի վարույթը կարճելու մասին դատարանի եզրակացությունը.
2) սկզբնական և հակընդդեմ հայցերը լրիվ կամ մասնակի բավարարելու դեպքում նշում` հաշվանցի արդյունքում բռնագանձվող գումարի մասին.
3) գործարքն անվավեր ճանաչելու դեպքում նշում` գործարքի անվավերության հետևանքների մասին.
4) եզրահանգումներ` գործին մասնակցող անձանց միջև դատական ծախսերը բաշխելու վերաբերյալ.
5) եզրահանգում` կիրառված հայցի ապահովման միջոցները պահպանելու կամ վերացնելու մասին.
6) կատարում ենթադրող վճիռ կայացնելու դեպքում նշում` վճիռը կամովին չկատարվելու դեպքում այն պարտապանի հաշվին հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով կատարելու մասին.
7) վճռի բողոքարկման ժամկետն ու այն վերադաս դատական ատյանը, որտեղ կարող է ներկայացվել բողոքը։
6. Առաջին ատյանի դատարանի վճռի յուրաքանչյուր էջը ստորագրում և կնքում է վճիռը կայացրած դատավորը:»։
Հոդված 8. Օրենսգրքի 210-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը «հիմնավորումները» բառից հետո լրացնել «` վկայակոչելով Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի, Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի այն որոշումները, որոնք վերաքննիչ բողոք բերած անձը վերաբերելի է համարում` մեջ բերելով դրանց հակասող մասերը և կատարելով համեմատական վերլուծություն,» բառերով։
Հոդված 9. Օրենսգրքի 217-րդ հոդվածի 4-րդ մասում «զեկուցող» բառը փոխարինել «նախագահող» բառով, իսկ «զեկուցողին» բառը՝ «նախագահող դատավորին» բառերով:
Հոդված 10. Օրենսգրքի 220-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 220. | Վճռի դեմ բերված վերաքննիչ բողոքի քննության արդյունքներով վերաքննիչ դատարանի կողմից կայացվող որոշումը |
1. Վճռի դեմ բերված վերաքննիչ բողոքի քննության արդյունքներով վերաքննիչ դատարանը կայացնում է որոշում, որը պետք է բավարարի սույն օրենսգրքի 130.1 հոդվածով սահմանված պահանջները։
2. Վճռի դեմ բերված վերաքննիչ բողոքի քննության արդյունքներով կայացված որոշումը կազմված է ներածական, նկարագրական, պատճառաբանական և եզրափակիչ մասերից։
3. Որոշման ներածական մասը պետք է պարունակի`
1) վերաքննիչ դատարանի լրիվ անվանումը, գործի համարը, որոշման կայացման տարին, ամիսը, ամսաթիվը, վայրն ու վերաքննիչ դատարանի կազմը.
2) վճիռ կայացրած ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի անվանումը, վճռի կայացման տարին, ամիսը, ամսաթիվը, դատավորի անունը, ազգանունը.
3) գործին մասնակցող անձանց և նրանց ներկայացուցիչների անունները, ազգանունները (անվանումները), վերաքննիչ բողոք բերած անձի անունը, ազգանունը (անվանումը), վերաքննիչ բողոքի դեմ պատասխան ներկայացվելու դեպքում` նաև պատասխանը ներկայացրած անձի անունը, ազգանունը (անվանումը)։
4. Որոշման նկարագրական մասը պետք է պարունակի`
1) գործի դատավարական գործընթացի նկարագրությունը, վճռի հրապարակման օրը, ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կայացրած վճռի եզրափակիչ մասի հակիրճ բովանդակությունը.
2) գործը վերադաս դատարանից նոր քննության ուղարկված լինելու դեպքում` նաև համապատասխան դատավարական նախապատմությունը` նշելով վերադաս դատարանի սահմանած գործի նոր քննության ծավալը.
3) նշում` ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` առանձին ակտի ձևով ընդունած որոշումների մասին.
4) նշում` վերաքննիչ դատարանի` առանձին ակտի ձևով ընդունած որոշումների մասին.
5) վերաքննիչ բողոքի հիմքերը և հիմնավորումները, վերաքննիչ բողոք ներկայացրած անձի պահանջը, վերաքննիչ բողոքի պատասխանի առկայության դեպքում` պատասխան ներկայացրած անձի դիրքորոշումը և հիմնավորումները:
5. Որոշման պատճառաբանական մասը պետք է պարունակի`
1) գործով պարզված և վերաքննիչ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը, այդ թվում`
ա. այն փաստերը, որոնք հաստատվել են դատարանի կողմից և վերաքննիչ բողոքում չեն վիճարկվել,
բ. այն փաստերը, որոնք հաստատվել են դատարանի կողմից և վերաքննիչ բողոքում վիճարկվել են, սակայն վերաքննիչ դատարանը դրանց վերաբերյալ հանգել է այն եզրակացության, որ տվյալ փաստի վերաբերյալ եզրակացության հանգելիս ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը սխալ թույլ չի տվել` պատճառաբանելով նման եզրակացությունը և հղում կատարելով ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի հետազոտած համապատասխան ապացույցներին,
գ. այն փաստերը, որոնք հաստատվել են դատարանի կողմից և վերաքննիչ բողոքում վիճարկվել են, և վերաքննիչ դատարանը հանգել է այն եզրակացության, որ տվյալ փաստի վերաբերյալ եզրակացության հանգելիս ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը սխալ է թույլ տվել` պատճառաբանելով նման եզրակացությունը և հղում կատարելով նման եզրակացության հիմքում ընկած ապացույցներին։ Նման դեպքերում վերաքննիչ դատարանը պետք է նշի, թե դատարանի հաստատած փաստի փոխարեն ինչ նոր փաստ է հաստատված համարում, կամ դատարանի հաստատած որ փաստը հաստատված չի համարվում` պատճառաբանելով նման եզրահանգումը և հղում կատարելով առաջին ատյանի դատարանի հետազոտած համապատասխան ապացույցներին,
դ. այն փաստերը, որոնք չեն հաստատվել առաջին ատյանի դատարանի կողմից, և այդ հանգամանքը վիճարկվել է վերաքննիչ բողոքում, և վերաքննիչ դատարանն առաջին ատյանի դատարանի հետազոտած ապացույցների հիման վրա դրանք համարել է հաստատված` հղում կատարելով վերաքննիչ բողոք բերած անձի համապատասխան դիրքորոշմանը և առաջին ատյանի դատարանի հետազոտած այն ապացույցներին, որոնք ընկած են փաստի հաստատման հիմքում,
ե. այն փաստերը, որոնք հաստատել է վերաքննիչ դատարանը.
2) եզրահանգում` բողոքի յուրաքանչյուր հիմքի հիմնավոր լինելու վերաբերյալ, մասնավորապես պատասխանելով հետևյալ հարցերին`
ա. արդյո՞ք հիմնավոր է վերաքննիչ բողոքի հիմքը` բողոքում տվյալ հիմքի վերաբերյալ նշված հիմնավորումների սահմաններում,
բ. եթե վերաքննիչ բողոքի հիմքում դրված պահանջը հիմնավոր չէ, ապա ի՞նչ հիմնավորմամբ` հղում կատարելով միջազգային պայմանագրերի, օրենքների և այլ իրավական ակտերի այն նորմերին, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի, Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի այն որոշումներին, որոնց հիման վրա վերաքննիչ դատարանը գտնում է, որ բողոքի հիմքում դրված պահանջը հիմնավոր չէ,
գ. եթե վերաքննիչ բողոքի հիմքում դրված պահանջը հիմնավոր է, ապա ի՞նչ հիմնավորմամբ` հղում կատարելով միջազգային պայմանագրերի, օրենքների և այլ իրավական ակտերի այն նորմերին, Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի, Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի այն որոշումներին, որոնց հիման վրա վերաքննիչ դատարանը գտնում է, որ բողոքի հիմքում դրված պահանջը հիմնավոր է,
դ. բողոքը հիմնավոր լինելու դեպքում արդյո՞ք վերաքննիչ բողոքում նշված` դատարանի թույլ տված նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի խախտումը ազդել է կամ կարող էր ազդել գործի ելքի վրա, թե՞ ոչ` պատճառաբանելով համապատասխան եզրահանգումը.
3) սույն օրենսգրքի 221 հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված լիազորությունը կիրառելու դեպքում` գործի նոր քննության ծավալը կամ նշում այն մասին, որ գործը պետք է քննվի ամբողջ ծավալով.
4) սույն օրենսգրքի 221 հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված լիազորությունը կիրառելու դեպքում` արդարադատության արդյունավետության շահի առկայության վերաբերյալ հիմնավորումները.
5) եզրահանգումներ` ապացուցման առարկայի մեջ մտնող փաստերի, անվիճելի փաստերի շրջանակի կամ ապացուցման պարտականության բաշխման վերաբերյալ, եթե վերաքննիչ դատարանը գտել է, որ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը սխալ է որոշել ապացուցման առարկան, սխալ է որոշել անվիճելի փաստերի շրջանակը կամ սխալ է բաշխել ապացուցման պարտականությունը.
6) գործին մասնակցող անձանց միջև դատական ծախսերի բաշխման վերաբերյալ վերաքննիչ դատարանի դիրքորոշումը` վկայակոչելով համապատասխան իրավական նորմերը։
6. Որոշման եզրափակիչ մասը պետք է պարունակի`
1) վերաքննիչ բողոքն ամբողջությամբ կամ մասնակի բավարարելու կամ մերժելու կամ վերաքննիչ վարույթը կարճելու մասին դատարանի եզրակացությունը.
2) վերաքննիչ բողոքը բավարարելու դեպքում` համապատասխան դատավարական հետևանքը.
3) եզրահանգում` կիրառված հայցի ապահովման միջոցները պահպանելու կամ վերացնելու մասին.
4) եզրահանգում` գործին մասնակցող անձանց միջև դատական ծախսերը բաշխելու վերաբերյալ.
5) կատարում ենթադրող որոշում կայացնելու դեպքում նշում` որոշումը կամովին չկատարվելու դեպքում այն պարտապանի հաշվին դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով կատարելու մասին,
6) որոշման բողոքարկման ժամկետն ու այն վերադաս դատական ատյանը, որտեղ կարող է ներկայացվել բողոքը։
7. Վերաքննիչ դատարանի որոշումը ստորագրում և կնքում են որոշումը կայացրած դատավորները:»։
Հոդված 11. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 220.1-ին հոդվածով.
«Հոդված 220.1. | Ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշումների դեմ բերված վերաքննիչ բողոքի քննության արդյունքներով վերաքննիչ դատարանի կողմից կայացվող որոշումը |
1. Ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշման դեմ բերված վերաքննիչ բողոքի քննության արդյունքներով վերաքննիչ դատարանը կայացնում է որոշում, որը պետք է բավարարի սույն օրենսգրքի 130.1 հոդվածով սահմանված պահանջները։
2. Ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշման դեմ բերված բողոքի քննության արդյունքներով կայացվող որոշումը պետք է պարունակի`
1) վերաքննիչ դատարանի լրիվ անվանումը, գործի համարը, որոշման կայացման տարին, ամիսը, ամսաթիվը, վայրն ու դատարանի կազմը.
2) որոշում կայացրած ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի անվանումը, որոշման կայացման տարին, ամիսը, ամսաթիվը, դատավորի անունը, ազգանունը.
3) գործին մասնակցող անձանց և նրանց ներկայացուցիչների անունները, ազգանունները (անվանումները), վերաքննիչ բողոք բերած անձի անունը, ազգանունը (անվանումը), բողոքարկվող որոշման հակիրճ բովանդակությունը, վերաքննիչ բողոքի դեմ պատասխան ներկայացվելու դեպքում` նաև պատասխանը ներկայացրած անձի անունը, ազգանունը (անվանումը).
4) վերաքննիչ բողոքի հիմքերը և հիմնավորումները, վերաքննիչ բողոք ներկայացրած անձի պահանջը, վերաքննիչ բողոքի պատասխանի առկայության դեպքում` պատասխան ներկայացրած անձի դիրքորոշումը և հիմնավորումները.
5) գործով պարզված և վերաքննիչ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը, ինչպես նաև այն միջազգային պայմանագրերի, օրենքների և այլ իրավական ակտերի նորմերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի, Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի այն որոշումները, որոնցով ղեկավարվել է վերաքննիչ դատարանը որոշում կայացնելիս.
6) վերաքննիչ բողոքն ամբողջությամբ կամ մասնակի բավարարելու կամ մերժելու կամ վերաքննիչ վարույթը կարճելու մասին դատարանի եզրակացությունը.
7) որոշման բողոքարկման ժամկետն ու այն վերադաս դատական ատյանը, որտեղ կարող է ներկայացվել բողոքը։
3. Վերաքննիչ դատարանի որոշման յուրաքանչյուր էջը ստորագրում և կնքում է որոշումը կայացրած դատավորը:»։
Հոդված 12. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 220.2-րդ հոդվածով.
«Հոդված 220.2. | Դատական սխալի հիմքով դատական ակտի բեկանման հիմքերը |
1. Դատական սխալի հիմքով դատական ակտի բեկանման հիմքերն են`
1) նյութական իրավունքի նորմերի խախտումը կամ սխալ կիրառումը.
2) դատավարական իրավունքի նորմերի խախտումը կամ սխալ կիրառումը:»։
Հոդված 13. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 220.3-րդ հոդվածով.
«Հոդված 220.3. | Նյութական իրավունքի նորմերի խախտումը կամ սխալ կիրառումը |
1. Նյութական իրավունքի նորմերը համարվում են խախտված կամ սխալ կիրառված, եթե դատարանը`
1) չի կիրառել այն օրենքը կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագիրը կամ իրավական այլ ակտը, որը պետք է կիրառեր.
2) կիրառել է այն օրենքը կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագիրը կամ իրավական այլ ակտը, որը չպետք է կիրառեր.
3) սխալ է մեկնաբանել օրենքը կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագիրը կամ իրավական այլ ակտը։
2. Նյութական իրավունքի նորմի խախտումը կամ սխալ կիրառումը վճռի բեկանման հիմք է, եթե հանգեցրել է գործի սխալ լուծման:»։
Հոդված 14. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 220.4-րդ հոդվածով.
«Հոդված 220.4. | Դատավարական իրավունքի նորմերի խախտումը կամ սխալ կիրառումը |
1. Դատավարական իրավունքի նորմերի խախտումը կամ սխալ կիրառումը դատական ակտի բեկանման հիմք է, եթե հանգեցրել է կամ կարող էր հանգեցնել գործի սխալ լուծման։ Դատարանի ըստ էության ճիշտ դատական ակտը չի կարող բեկանվել միայն ձևական նկատառումներով։
2. Դատական ակտը բոլոր դեպքերում ենթակա է բեկանման, եթե`
1) դատարանը գործը քննել է ոչ օրինական կազմով, այդ թվում՝ այնպիսի դատավորի կողմից, որը, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 91 հոդվածի համաձայն, պարտավոր էր ինքնաբացարկ հայտնել.
2) դատարանը գործը քննել է գործին մասնակցող անձանցից որևէ մեկի բացակայությամբ, որը պատշաճ ձևով չի տեղեկացվել նիստի ժամանակի և վայրի մասին.
3) դատական ակտը ստորագրված կամ կնքված չէ այն կայացրած դատավորի կամ դատավորների կողմից.
4) դատական ակտը կայացրել է (են) ոչ այն դատավորը (դատավորները), որը (որոնք) մտնում է (են) գործը քննող դատարանի կազմի մեջ.
5) գործից բացակայում է դատական նիստի կամ առանձին դատավարական գործողության կատարման արձանագրությունը.
6) գործը քննվել է ընդդատության կանոնների խախտմամբ.
7) դատական ակտը շոշափում է գործին մասնակից չդարձված անձանց իրավունքները և պարտականությունները.
8) առկա են սույն օրենսգրքի 103 հոդվածով սահմանված` հայցն առանց քննության թողնելու հիմքերը, կամ
9) առկա են սույն օրենսգրքի 109 հոդվածով սահմանված` գործի վարույթը կարճելու հիմքերը:»։
Հոդված 15. Օրենսգրքի 223-րդ հոդվածում`
1) 1-ին մասից հանել «` օրինական ուժի մեջ մտած» բառերը.
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ մասով.
«3. Գործին մասնակցող ֆիզիկական և իրավաբանական անձինք վճռաբեկ բողոք կարող են ներկայացնել միայն փաստաբանի միջոցով:»։
Հոդված 16. Օրենսգրքի 231-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 231. | Վճռաբեկ բողոքի բովանդակությունը |
1. Վճռաբեկ բողոքում պետք է նշվեն`
1) դատարանի անվանումը, որին հասցեագրվում է բողոքը.
2) բողոք բերող անձի անունը (անվանումը), ազգանունը, հայրանունը (անձը հաստատող փաստաթղթում առկայության դեպքում), դատավարական կարգավիճակը.
3) դատական ակտ կայացրած դատարանի անվանումը, գործի համարը, դատական ակտի կայացման տարին, ամիսը, ամսաթիվը, գործին մասնակցող անձանց անունները (անվանումները), վեճի առարկան.
4) բողոք բերած անձի պահանջը` օրենքների, այլ իրավական ակտերի վկայակոչմամբ, և նշում այն մասին, թե նյութական կամ դատավարական իրավունքի որ նորմերն են խախտվել կամ սխալ կիրառվել, կամ որոնք են նոր երևան եկած կամ նոր հանգամանքների հետևանքով գործի վերանայման հիմքերը և դրանց հիմնավորումները.
5) սույն օրենսգրքի 234 հոդվածի 1-ին մասի այն կետի առկայության մասին հիմնավորումները, որն ըստ բողոք բերողի հիմք է հանդիսանում վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու համար.
6) բողոքին կցվող փաստաթղթերի ցանկը։
2. Վճռաբեկ բողոքը սույն օրենսգրքի 234 հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով ներկայացնելու դեպքում բողոքը բերած անձը պետք է հիմնավորի, որ դրա վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կնպաստի օրենքի միատեսակ կիրառության ապահովմանը, մասնավորապես վճռաբեկ բողոքում հիմնավորելով, որ`
1) տարբեր գործերով ստորադաս դատարանների առնվազն երկու դատական ակտում միևնույն նորմը կիրառվել է հակասական մեկնաբանությամբ` կցելով այդ դատական ակտերը և մեջբերելով դրանց հակասող մասերը` կատարելով համեմատական վերլուծություն` բողոքարկվող դատական ակտի և նույնանման փաստական հանգամանքներով մեկ այլ գործով ստորադաս դատարանի դատական ակտում կիրառված միևնույն նորմի` իրար հակասող մեկնաբանության վերաբերյալ.
2) բողոքարկվող դատական ակտում որևէ նորմի մեկնաբանությունը հակասում է Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշման եզրափակիչ մասում բացահայտված` տվյալ նորմի սահմանադրաիրավական բովանդակությանը` կցելով Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշումը և մեջբերելով ստորադաս դատարանի դատական ակտի այն մասը, որը հակասում է Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշման եզրափակիչ մասին` կատարելով համեմատական վերլուծություն` բողոքարկվող դատական ակտի և Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշման եզրափակիչ մասի միջև առկա հակասության վերաբերյալ.
3) բողոքարկվող դատական ակտում որևէ նորմի մեկնաբանությունը հակասում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշման մեջ տվյալ նորմին տրված մեկնաբանությանը` կցելով այդ դատական ակտերը և մեջբերելով դրանց հակասող մասերը` կատարելով համեմատական վերլուծություն` բողոքարկվող դատական ակտի և որոշակի փաստական հանգամանքներ ունեցող գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատական ակտի հակասության վերաբերյալ.
4) բողոքարկվող դատական ակտում որևէ նորմի մեկնաբանությունը հակասում է նույնանման փաստական հանգամանքներ ունեցող գործով Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի որոշման մեջ տվյալ նորմին տրված մեկնաբանությանը` կցելով այդ դատական ակտերը և մեջբերելով դրանց հակասող մասերը` կատարելով համեմատական վերլուծություն` բողոքարկվող դատական ակտի և նույնանման փաստական հանգամանքներ ունեցող գործով Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի դատական ակտի միջև առկա հակասության վերաբերյալ.
5) բողոքարկվող դատական ակտի կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր։
3. Վճռաբեկ բողոքը սույն օրենսգրքի 234 հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով ներկայացնելու դեպքում վճռաբեկ բողոք բերած անձը վճռաբեկ բողոքում պետք է նշի այն նյութական կամ դատավարական իրավունքի նորմը, որը խախտվել է` հիմնավորելով այդ խախտումը և այն, որ այդ խախտումն ազդել է գործի ելքի վրա։
4. Վճռաբեկ բողոքը ստորագրում է բողոք ներկայացնող անձի ներկայացուցիչը, գլխավոր դատախազը կամ նրա տեղակալը։ Բողոքին կցվում է ներկայացուցչի` սույն օրենսգրքով սահմանված կարգով ձևակերպված լիազորագիրը։
5. Վճռաբեկ բողոքին կցվում են նաև օրենքով սահմանված կարգով և չափով պետական տուրքի վճարած լինելը հավաստող փաստաթուղթը և բողոքի պատճենը` գործը քննող դատարան և գործին մասնակցող անձանց ուղարկելու մասին ապացույցները, վճռաբեկ բողոքի էլեկտրոնային կրիչը: Այն դեպքերում, երբ օրենքով նախատեսված է պետական տուրքի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետելու կամ դրա չափը նվազեցնելու հնարավորություն, ապա վճռաբեկ բողոքին կցվում է կամ բողոքում ներառվում է դրա վերաբերյալ միջնորդությունը:»։
Հոդված 17. Օրենսգրքի 233-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 233. | Վճռաբեկ բողոքը վերադարձնելը |
1. Վճռաբեկ բողոքը վերադարձվում է, եթե վճռաբեկ բողոքը չի համապատասխանում սույն օրենսգրքի 231 հոդվածի պահանջներին։
2. Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին վճռաբեկ դատարանը կայացնում է որոշում` գործը վճռաբեկ դատարանում ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում` նշելով առկա թերությունները։ Վճռաբեկ բողոքը կրկին ներկայացվելու դեպքում ժամկետները հաշվարկվում են վերստին։
3. Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին որոշմամբ վճռաբեկ դատարանը սահմանում է մինչև մեկամսյա ժամկետ` ձևական սխալները շտկելու և վճռաբեկ բողոքը կրկին ներկայացնելու համար:»։
Հոդված 18. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 233.1-ին հոդվածով.
«Հոդված 233.1. | Վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելը |
1. Վճռաբեկ բողոքը թողնվում է առանց քննության, եթե`
1) վճռաբեկ բողոքը բերվել է սահմանված ժամկետը լրանալուց հետո, և բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը բացակայում է, կամ այն մերժվել է.
2) վճռաբեկ բողոքը ներկայացրել է այն անձը, որը վճռաբեկ բողոք ներկայացնելու իրավունք չուներ.
3) բողոքարկվել է այն դատական ակտը, որը ենթակա չէ բողոքարկման վճռաբեկության կարգով.
4) վճռաբեկ բողոք ներկայացրած անձը մինչև վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշման կայացումը դիմում է ներկայացրել վճռաբեկ բողոքը հետ վերցնելու մասին.
5) բողոքում նշված հիմքով նույն գործով վճռաբեկ դատարանն արդեն իսկ որոշում է կայացրել։
2. Վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու մասին վճռաբեկ դատարանը կայացնում է որոշում` գործը վճռաբեկ դատարանում ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում:»։
Հոդված 19. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 233.2-րդ հոդվածով.
«Հոդված 233.2. | Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելը |
1. Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվում է, եթե բացակայում են սույն օրենսգրքի 233 հոդվածով, 233.1 հոդվածով և 234 հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերը։
2. Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին որոշումը պետք է լինի պատճառաբանված։ Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին որոշման մեջ վճռաբեկ դատարանը պետք է հիմնավորի վճռաբեկ բողոքում վկայակոչված վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու` սույն օրենսգրքի 234 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերով նախատեսված յուրաքանչյուր հիմքի բացակայությունը։
3. Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին վճռաբեկ դատարանը կայացնում է որոշում` գործը վճռաբեկ դատարանում ստանալու պահից երեք ամսվա ընթացքում։
4. Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին որոշումը կայացվում է հանուն Հայաստանի Հանրապետության։»։
Հոդված 20. Օրենսգրքի 234-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 234. | Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը |
1. Վճռաբեկ բողոքն ընդունվում է քննության, եթե վճռաբեկ դատարանը հանգում է այն հետևության, որ`
1) բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար.
2) առերևույթ թույլ է տրվել դատական սխալ, որ կարող էր ազդել գործի ելքի վրա, կամ
3) առկա է նոր կամ նոր երևան եկած հանգամանք։
2. Սույն հոդվածի իմաստով` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, մասնավորապես, եթե`
1) տարբեր գործերով ստորադաս դատարանների առնվազն երկու դատական ակտում միևնույն նորմը կիրառվել է իրար հակասող մեկնաբանությամբ.
2) բողոքարկվող դատական ակտում որևէ նորմի մեկնաբանությունը հակասում է Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշման եզրափակիչ մասում բացահայտված` տվյալ նորմի սահմանադրաիրավական բովանդակությանը.
3) բողոքարկվող դատական ակտում որևէ նորմի մեկնաբանությունը հակասում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշման մեջ տվյալ նորմին տրված մեկնաբանությանը.
4) բողոքարկվող դատական ակտում որևէ նորմի մեկնաբանությունը հակասում է Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի որոշման մեջ տվյալ նորմին տրված մեկնաբանությանը.
5) վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքարկվող դատական ակտի կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր։
3. Սույն հոդվածի իմաստով դատական սխալ են համարվում 220.4 հոդվածով նախատեսված դեպքերը։
4. Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու մասին վճռաբեկ դատարանը կայացնում է որոշում` գործը վճռաբեկ դատարանում ստանալու պահից երեք ամսվա ընթացքում։
5. Վճռաբեկ դատարանի որոշումները պատշաճ ձևով ուղարկվում են բողոք բերող անձին և գործին մասնակցող անձանց:»։
Հոդված 21. Օրենսգրքի 237-րդ հոդվածի 1-ի մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորներից մեկը (զեկուցող դատավորը) ուսումնասիրում է վճռաբեկ բողոքը, գործի նյութերը և զեկուցում վճռաբեկ դատարանի նիստում:»:
Հոդված 22. Օրենսգրքի 241.1-ին հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.1-ին կետով.
«5.1) վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու` սույն օրենսգրքի 234 հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերից առնվազն մեկի առկայության հիմնավորումը.»։
Հոդված 23. Օրենսգրքի 241.2-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 241.2. | Վճռաբեկ դատարանի որոշման օրինական ուժի մեջ մտնելը |
1. Վճռաբեկ դատարանի` գործի քննության արդյունքներով կայացված որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։
2. Վճռաբեկ դատարանի` սույն օրենսգրքի 233, 233.1 և 233.2 հոդվածներով նախատեսված որոշումներն օրինական ուժի մեջ են մտնում կայացման պահից, վերջնական են և ենթակա չեն բողոքարկման:»։
Հոդված 24. Սույն օրենքի գործողությունը տարածվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանների կողմից կայացվող դատական ակտերի, դրանց դեմ բերվող վերաքննիչ բողոքների և այդ բողոքների քննարկման արդյունքներով կայացվող դատական ակտերի, վերաքննիչ դատարանի ակտերի դեմ բերվող վճռաբեկ բողոքների և այդ բողոքների քննարկման արդյունքներով կայացվող դատական ակտերի վրա։
Հոդված 25. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2014 թ. հունիսի 21 Երևան ՀՕ-49-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|