Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-22-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.01.2015-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2014.06.18/31(1044) Հոդ.466
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
19.05.2014
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
09.06.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է 2014 թվականի մայիսի 19-ին

 

«ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության 1999 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-297 օրենքի (այսուհետ` Օրենք) 28-րդ հոդվածի 6-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«6. Հայաստանի Հանրապետության կառավարությունը յուրաքանչյուր տարվա համար սահմանում է պետական պատվեր՝ ըստ մասնագիտությունների, ուսումնական հաստատությունների, սահմանամերձ, ինչպես նաև բարձրլեռնային բնակավայրերի:

Բարձրագույն ուսումնական հաստատությունները տվյալ ուսումնական տարում անվճար ուսուցման համակարգ ընդունված ուսանողների թվի տասը տոկոսի չափով իրենց միջոցների հաշվին ըստ առաջադիմության փոխհատուցում են վճարովի ուսուցման համակարգի ուսանողների ուսման վարձը՝ ըստ Հայաստանի Հանրապետության կրթության պետական կառավարման լիազոր մարմնի հաստատած՝ մասնագիտություններին հատկացված տեղերի քանակի:

Կրթության պետական կառավարման լիազորված մարմինը Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած վճարովի ընդհանուր տեղերի սահմանում բուհերի առաջարկների հիման վրա, ըստ բուհերի և մասնագիտությունների, հաստատում է վճարովի ուսուցման տեղերը:

Բարձրագույն ուսումնական հաստատությունը վճարովի համակարգում սովորող ուսանողական համակազմի առնվազն տասը տոկոսին` ուսանողների վարձավճարներից գոյացած բյուջեի առնվազն յոթ տոկոսի չափով, իր միջոցների հաշվին` հիմք ընդունելով բարձր առաջադիմությունը և սոցիալական խումբը, իրականացնում է ուսանողական նպաստի ձևով ուսման վարձի մասնակի փոխհատուցում:

Վճարովի հիմունքներով սովորողներն ուսման վարձը կարող են մուծել ըստ կիսամյակների:

Բարձրագույն ուսումնական հաստատությունները ըստ անհրաժեշտության սահմանում են նաև ուսման վարձի ամսական վճարման մեխանիզմներ:»:

 

Հոդված 2. Օրենքի 49-րդ հոդվածի 10-րդ մասում «2012-2013» բառերը փոխարինել «2016-2017» բառերով:

 

Հոդված 3. Անցումային դրույթներ

 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2015 թվականի հունվարի 1-ից:

2. Սույն օրենքի 1-ին հոդվածով սահմանված դրույթները տարածվում են 2015 թվականին և դրանից հետո ընդունված ուսանողների վրա:

 

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2014 թ. հունիսի 9

Երևան

ՀՕ-22-Ն