ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2014 թվականի մարտի 26-ին
«ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Կենդանական աշխարհի մասին» Հայաստանի Հանրապետության 2000 թվականի ապրիլի 3-ի ՀՕ-52 օրենքի (այսուհետ` Օրենք) 1-ին հոդվածում՝
1) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.
«վայրի կենդանի` բնության կողմից ստեղծված, բնական ընտրությամբ (առանց մարդու միջամտության) առաջացած, բնական ազատ պայմաններում ապրող կենդանիներ, այդ կենդանիների տեսակների անազատ և կիսաազատ պայմաններում պահվող առանձնյակներ ու դրանց սերունդներ.».
2) երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«անազատ պայմաններում պահվող վայրի կենդանի` կենդանական աշխարհի վայրի տեսակների առանձնյակներ, որոնք գտնվում են ոչ բնական պայմաններում, դրանց տեղաշարժերը սահմանափակված են որոշակի տարածքով, և կենդանու կենսաապահովումն իրականացնում է պահողը.».
3) տասնհինգերորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«կիսաազատ պայմաններում պահվող վայրի կենդանի` կենդանական աշխարհի վայրի տեսակների առանձնյակներ, որոնք գտնվում են բնական պայմաններում, դրանց տեղաշարժերը սահմանափակված են բնական կամ արհեստական սահմաններով, և կենդանու կենսաապահովումը մասամբ իրականացնում է պահողը.»:
Հոդված 2. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 27.1-ին և 27.2-րդ հոդվածներով.
«Հոդված 27.1. | Անազատ և կիսաազատ պայմաններում վայրի կենդանիների, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիները պահելու կարգը |
1. Անազատ և կիսաազատ պայմաններում վայրի կենդանիները պահելու պայմանները պետք է ապահովեն դրանց կենսաբանական, անհատական և տեսակային առանձնահատկությունները, առողջությունը և կյանքի անվտանգությունը, ինչպես նաև բացառեն պահելու վայրից կենդանիների փախուստը: Փախուստը բացառելու և մշտական վերահսկողությունն արդյունավետ իրականացնելու նպատակով անազատ և կիսաազատ պայմաններում պահվող վայրի կենդանիները համարակալված օղակավորվում են:
Սույն մասով նախատեսված պայմանների առկայության դեպքում անազատ և կիսաազատ պայմաններում վայրի կենդանիների վերարտադրությունը բնապահպանական և որսի համար օգտագործելու նպատակով կարող է իրականացվել` բացառելով պահվող կենդանիների միջտեսակային խաչասերումը:
2. Անազատ և կիսաազատ պայմաններում վայրի կենդանիներին, այդ թվում` Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիներին պահելու տարածքների նվազագույն չափերը սահմանում է լիազորված մարմինը՝ ելնելով տվյալ կենդանու առանձնահատկություններից: Ձագերով և հղի առանձնյակների առողջությունը և կյանքի անվտանգությունն ապահովելու նպատակով դրանց համար պետք է ստեղծվեն հատուկ պայմաններ` հաշվի առնելով դրանց տեսակային առանձնահատկությունները:
Սույն մասով նշված չափերը չեն տարածվում այն վայրի կենդանիների վրա, որոնք բազմացվում և աճեցվում են ուսումնական փորձերի, կենսաբանական թեստավորման, սննդում կամ այլ կենդանիների համար որպես կեր օգտագործելու և արգասիք ստանալու նպատակներով:
3. Անազատ և կիսաազատ պայմանններում վայրի կենդանիները, այդ թվում` Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիները, պահվում են`
1) կենդանիների վերարտադրություն իրականացնող տնտեսություններում` բուծման կենտրոններում.
2) կենդանաբանական այգիներում.
3) վնասված կենդանիների բուժում իրականացնող տնտեսություններում` վերականգնողական կենտրոններում.
4) որսորդական տնտեսություններում` կենդանիների վերարտադրության գոտիներում.
5) ֆիզիկական անձանց կողմից ստեղծված՝ սույն օրենքի 27.1 հոդվածի առաջին մասի պայմաններն ապահովող առանձնացված տարածքներում:
Նշված տարածքներում կենդանիները կարող են պահվել մեծավանդակներում, վանդակներում, տերարիումներում, ջրավազաններում, ակվարիումներում և այլ տարանջատված տեղերում:
4. Կիսաազատ պայմաններում վայրի կենդանիներ պահելու և օգտագործելու իրավունք ունեցող իրավաբանական և ֆիզիկական անձանց՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրամադրված տարածքներում լիազորված մարմնի կողմից այդ անձանց կամ նրանց ներկայացուցիչների մասնակցությամբ նախապես կատարվում է վայրի կենդանիների՝ օրենսդրությամբ սահմանված կարգով պետական հաշվառում, և տվյալները գրանցվում են կենդանական աշխարհի կադաստրում:
5. Անազատ և կիսաազատ պայմաններում պահվող վայրի կենդանիների պետական հաշվառումն իրականացվում է սույն օրենքով սահմանված ժամկետներում, իսկ Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիների հաշվառումը` յուրաքանչյուր տարի: Հաշվառման տվյալները ենթակա են պարտադիր հրապարակման, այդ թվում` լիազորված մարմնի կայքէջում տեղադրելու միջոցով:
Հոդված 27.2. | Անազատ և կիսաազատ պայմաններում վայրի կենդանիների, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիների օգտագործման կարգը |
1. Անազատ պայմաններում պահվող վայրի կենդանիների օգտագործումը թույլատրվում է վերարտադրության, վերակլիմայավարժեցման, առևտրի, գիտահետազոտական, ուսումնական, առողջապահական, կենսաբանական թեստավորման, սննդի կամ այլ կենդանիների համար որպես կեր օգտագործելու, արգասիք ստանալու, մշակութային, գեղագիտական, բնության մեջ բաց թողնելու, որսի և որպես որսամիջոց (որսկան թռչուն, խաբսաբադ) օգտագործելու նպատակներով:
2. Կիսաազատ պայմաններում պահվող վայրի կենդանիների օգտագործումը թույլատրվում է վերարտադրության, վերակլիմայավարժեցման, առևտրի, գիտահետազոտական, ուսումնական, սննդի համար օգտագործելու, մշակութային, գեղագիտական, բնության մեջ բաց թողնելու և որսի նպատակներով:
3. Կիսաազատ պայմաններում պահվող՝ Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված վայրի կենդանիներ կիսաազատ պայմաններում պահելու և օգտագործելու թույլտվություն ունեցողները, սկսած երկրորդ սերնդից, կարող են լիազորված մարմնի սահմանած կարգով օգտագործել որսի, սննդի նպատակներով, եթե տվյալ տեսակի բուծման շնորհիվ ապահովել են դրանց վերարտադրությունը:
4. Կիսաազատ պայմաններում պահվող` Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված վայրի կենդանիների, սկսած երկրորդ կենսունակ սերնդից, մինչև 10 տոկոսը լիազորված մարմնի թույլտվությամբ տրամադրվում է պահելու և օգտագործելու իրավունք ունեցող իրավաբանական կամ ֆիզիկական անձանց՝ որսի կամ այլ նպատակներով օգտագործելու համար, իսկ կոնկրետ տեսակի քանակի ավելացման վերաբերյալ հիմնավորված տվյալների առկայության դեպքում լիազորված մարմնի թույլտվությամբ կարող է տրամադրվել սահմանված չափից ավելի:
5. Կիսաազատ պայմաններում պահվող` Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված վայրի կենդանիների, սկսած երկրորդ կենսունակ սերնդից, Կարմիր գրքում գրանցված վայրի կենդանիներ պահելու և օգտագործելու իրավունք ունեցող իրավաբանական կամ ֆիզիկական անձինք բնություն են բաց թողնում սույն օրենքի 14 հոդվածով սահմանված՝ կենդանիների Կարմիր գրքի հանձնաժողովի եզրակացությամբ տրված չափաքանակներին համապատասխան:
6. Որսի կամ այլ եղանակներով վայրի կենդանիներին օգտագործելու թույլտվություն չի կարող տրվել, եթե տվյալ տարածքում համապատասխան կենդանիների միջին քանակը ցածր է լիազորված մարմնի սահմանած նվազագույն չափաքանակից:
7. Կենդանիների տվյալ տեսակին բնորոշ կազմվածքին կամ այլ հատկանիշներին չհամապատասխանող` կիսաազատ պայմաններում պահվող վայրի կենդանիների, այդ թվում` Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված վայրի կենդանիների առանձնյակները չեն կարող օգտագործվել սերունդ ստանալու և բնության մեջ բաց թողնելու նպատակով, իսկ որսորդական տնտեսություններում նման կենդանիները ենթակա են պարտադիր որսման: Լիազորված մարմնի թույլտվությամբ որսման կարող են ենթարկվել նաև`
1) ծերության պատճառով վերարտադրության տարիքն անցած,
2) պահվող կենդանիների հանդեպ չափազանց ագրեսիվ վարք դրսևորող,
3) մարդկանց կյանքին կամ առողջությանը անմիջական սպառնացող,
4) անբուժելի կամ վարակիչ հիվանդությամբ վարակված վայրի կենդանիները:»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2014 թ. ապրիլի 12 Երևան ՀՕ-6-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|