ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2013 թվականի դեկտեմբերի 12-ին
«ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հոկտեմբերի 27-ի ՀՕ-258 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի «ե» կետից հանել «30 հոդվածի չորրորդ մասով (երկարամյա ծառայության կենսաթոշակի անցնելու դեպքում տրվող դրամական օգնությունը),» բառերը:
Հոդված 2. Օրենքի 30-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 30. |
Զինծառայողների նյութական ապահովությունը |
1. Առողջության, ծառայությունում գտնվելու սահմանային տարիքը կամ ծառայության ժամկետը լրանալու, հաստիքների կամ թվակազմի կրճատման պատճառով ծառայությունից սահմանված կարգով արձակվելու, ինչպես նաև երկարամյա ծառայության կենսաթոշակի անցնելու դեպքում տրվում է դրամական օգնություն`
1) 3-ից մինչև 10 տարի ծառայած զինծառայողներին, քրեակատարողական և փրկարար ծառայության ծառայողներին` օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով.
2) 10-15 տարի ծառայած զինծառայողներին, քրեակատարողական և փրկարար ծառայության ծառայողներին` օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով.
3) 15-20 տարի ծառայած զինծառայողներին, քրեակատարողական և փրկարար ծառայության ծառայողներին` օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի տասնհինգապատիկի չափով.
4) 20-ից ավելի տարի ծառայած զինծառայողներին, քրեակատարողական և փրկարար ծառայության ծառայողներին` օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի քսանհինգապատիկի չափով:
2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված դրամական օգնության իրավունք տվող ժամանակահատվածում հաշվարկվում է պարտադիր զինվորական ծառայության ընթացքում օրենքով սահմանված կարգով պայմանագրային զինվորական ծառայության անցած զինծառայողների` պարտադիր զինվորական ծառայության ժամանակահատվածը:
3. Դրամական օգնություն չի տրվում դիտավորյալ հանցագործության համար դատապարտված կամ կարգապահական խախտում թույլ տալու համար ծառայությունից արձակված (ազատված) զինծառայողներին, քրեակատարողական և փրկարար ծառայության ծառայողներին: Ծառայության ընթացքում դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով դատապարտվելու պատճառով կամ կարգապահական տույժի կարգով ծառայությունից արձակված և հետագայում օրենքով սահմանված կարգով արդարացված անձանց նկատմամբ սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դրամական օգնությունը ենթակա է վճարման, բացառությամբ այն դեպքի, երբ տվյալ անձը վերականգնվում է ծառայության մեջ, ընդ որում, դրամական օգնությունը վճարվում է ծառայությունից արձակվելու օրվա դրությամբ ունեցած ծառայության ստաժին համապատասխանող չափով: Ծառայության մեջ վերականգնվելու և հետագայում սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերով ծառայությունից արձակվելու դեպքում դրամական օգնությունը վճարվում է` հաշվի առնելով մինչև ծառայությունից արձակվելու օրն ունեցած ծառայության ստաժը, ընդ որում, ծառայության ստաժում ներառվում է նաև մինչև ծառայության մեջ վերականգնվելու օրն ընկած ժամանակահատվածը:
4. Առողջության, ծառայությունում գտնվելու սահմանային տարիքը լրանալու, հաստիքների կամ թվակազմի կրճատման պատճառով ծառայությունից սահմանված կարգով արձակված (ազատված), երկարամյա ծառայության կենսաթոշակի անցած, դրամական օգնություն ստացած և հետագայում օրենքով սահմանված կարգով կրկին պայմանագրային հիմունքներով ծառայության անցած զինծառայողներին քրեակատարողական և փրկարար ծառայության ծառայողներին, սահմանված կարգով նորից արձակվելու դեպքում սույն հոդվածի 1-ին մասով սահմանված դրամական օգնությունը վճարվում է արձակվելու պահին ունեցած ծառայության ստաժի համար` սույն հոդվածի 1-ին մասով սահմանված դրամական օգնության և նախկինում ստացած դրամական օգնության տարբերության չափով: Հերթական անգամ վճարվող և նախկինում վճարված դրամական օգնությունների հանրագումարը չի կարող գերազանցել սույն հոդվածի 1-ին մասում թվարկված յուրաքանչյուր կոնկրետ դեպքի համար` ծառայության ստաժի հիման վրա տրվող դրամական օգնության գումարի չափը:
5. Սույն հոդվածի 1-ին մասում չնշված և օրենքով սահմանված այլ հիմքով ծառայությունից արձակված և կրկին ծառայության անցած զինծառայողներին, քրեակատարողական և փրկարար ծառայության ծառայողներին սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերով ծառայությունից արձակելիս դրամական օգնությունը հաշվարկելիս հաշվի է առնվում վերջին անգամ ծառայության անցնելուց հետո ձեռք բերած ծառայության ստաժը:
6. Զինծառայողներին, քրեակատարողական ծառայության և փրկարար ծառայության ծառայողներին մեկ անգամ վճարվում է նաև դրամական օգնություն ծառայության նոր վայր տեղափոխվելու դեպքում`
1) նախկին և նոր ծառայության վայրերի հեռավորությունը 50-100 կմ լինելու դեպքում` պաշտոնային դրույքաչափի 25 տոկոսի չափով.
2) նախկին և նոր ծառայության վայրերի հեռավորությունը 100 կմ և ավելի դեպքում` պաշտոնային դրույքաչափի 50 տոկոսի չափով:
7. Սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված դեպքերում զինծառայողի, քրեակատարողական ծառայության և փրկարար ծառայության ծառայողի հետ նոր ծառայության վայր մեկնող ընտանիքի յուրաքանչյուր անդամին դրամական օգնությունը վճարվում է սույն հոդվածի 6-րդ մասի 1-ին կամ 2-րդ կետով նախատեսված համապատասխան գումարի 10 տոկոսի չափով:
8. Հիմնական արձակուրդային վճարից բացի, զինծառայողներին, քրեակատարողական և փրկարար ծառայության ծառայողներին վճարվում է լրացուցիչ միանվագ արձակուրդային վճար` առավելագույնը մեկ ամսվա պաշտոնային դրույքաչափի չափով:
9. Հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող զինծառայողներին, քրեակատարողական ծառայության և փրկարար ծառայության ծառայողներին, ծառայության ընթացքում զոհված (մահացած) զինծառայողների, քրեակատարողական ծառայության և փրկարար ծառայության ծառայողների ընտանիքների անդամներին մեկ անգամ կարող է վճարվել միանվագ դրամական օգնություն՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով և չափով:
10. Բացառությամբ սույն հոդվածի 8-րդ մասով նախատեսված դեպքի, սույն հոդվածով սահմանված դրամական այլ օգնությունների վճարման կարգը և պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
11. Հայաստանի Հանրապետության օրենքներով կարող են սահմանվել Հայաստանի Հանրապետության պաշտպանության, ազգային անվտանգության, ոստիկանության հանրապետական գործադիր մարմինների համակարգերում զինվորական ծառայության պաշտոն զբաղեցնողներին տրվող դրամական օգնության այլ դեպքեր:»:
Հոդված 3. Օրենքի 38-րդ հոդվածում «դրամական բավարարումը և դրան հավասարեցված վճարումները» բառերը փոխարինել «պաշտոնային դրույքաչափերը» բառերով:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2014 թվականի հուլիսի 1-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2013 թ. դեկտեմբերի 28 Երևան ՀՕ-160-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|