Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-94-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.01.2014-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2013.07.24/40(980) Հոդ.722
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
19.06.2013
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
13.07.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2013 թվականի հունիսի 19-ին

 

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի (այսուհետ` օրենսգիրք) 32-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ մասով.

 

«Սույն օրենսգրքի 129.2-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված իրավախախտումների վերաբերյալ գործերով վարույթի առանձնահատկությունները սահմանվում են «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:»:

 

Հոդված 2. Օրենսգրքի 124-րդ հոդվածի 23-րդ մասի սանկցիայում «ութսունապատիկի» բառը փոխարինել «քառասնապատիկի» բառով:

 

Հոդված 3. Օրենսգրքի 124.4-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 124.4.

Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից սահմանված արագությունը գերազանցելը

 

1. Երթևեկության սահմանված արագությունը 1-10 կմ/ժ-ով գերազանցելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:

2. Երթևեկության սահմանված արագությունը 11-30 կմ/ժ-ով գերազանցելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով:

3. Երթևեկության սահմանված արագությունը 31-50 կմ/ժ-ով գերազանցելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:

4. Երթևեկության սահմանված արագությունը 51 կմ/ժ-ով և ավելի գերազանցելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի յոթանասունապատիկի չափով:

5. Սույն հոդվածի 1-4-րդ մասերով նախատեսված իրավախախտումների վերաբերյալ գործերով վարչական տույժ նշանակելիս որոշում կայացնող մարմինը (պաշտոնատար անձը) արագաչափ սարքի արձանագրած ցուցանիշից պարտավոր է հանել 10 կմ/ժ` արագաչափ սարքի հնարավոր սխալանքի համար, իսկ եթե արագաչափ սարքի հնարավոր սխալանքը գերազանցում է 10 կմ/ժ-ը, ապա արագաչափ սարքի հնարավոր սխալանքի չափը:»:

 

Հոդված 4. Օրենսգրքի 129.1-ին հոդվածն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 5. Օրենսգրքի 129.2-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 129.2.

Հայաստանի Հանրապետության տարածքում հաշվառված տրանսպորտային միջոցների համար կնքված ավտոտրանսպորտային միջոցի օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության գործող պայմանագիր չունենալը, առանց տվյալ ավտոտրանսպորտային միջոցի օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության գործող պայմանագիր ունենալու տրանսպորտային միջոցը վարելը, ինչպես նաև առանց գործող ԱՊՊԱ պայմանագիր ներկայացնելու տրանսպորտային միջոցը հաշվառելը կամ ԱՊՊԱ պայմանագիր չունեցող տրանսպորտային միջոցը վարելու միջոցով Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծումը թույլատրելը

 

Հայաստանի Հանրապետության տարածքում հաշվառված տրանսպորտային միջոցի սեփականատիրոջ (վարձակալի) կողմից սեփականության իրավունքով իրեն պատկանող (ֆինանսական վարձակալության (լիզինգի) պայմանագրով իրեն տրամադրված) յուրաքանչյուր տրանսպորտային միջոցի համար կնքված ավտոտրանսպորտային միջոցի օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության գործող պայմանագիր չունենալը, որը տևել է ավելի քան տասն օր`

առաջացնում է տուգանքի նշանակում յուրաքանչյուր տասն օրվա համար` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով, սակայն յուրաքանչյուր տարվա համար` ոչ ավելի, քան սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

Առանց տվյալ տրանսպորտային միջոցի համար կնքված ավտոտրանսպորտային միջոցի օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության գործող պայմանագիր ունենալու` Հայաստանի Հանրապետության տարածքում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներով տրանսպորտային միջոցը վարելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

Առանց գործող ԱՊՊԱ պայմանագիր ներկայացնելու տրանսպորտային միջոցը հաշվառելը կամ ԱՊՊԱ պայմանագիր չունեցող տրանսպորտային միջոցը վարելու միջոցով Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծումը թույլատրելը, եթե ԱՊՊԱ պայմանագրի ներկայացումը (ԱՊՊԱ պայմանագիր ունենալը) տրանսպորտային միջոցի հաշվառման (տրանսպորտային միջոցը վարելու միջոցով Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծումը թույլատրելու)` օրենսդրությամբ նախատեսված պարտադիր պայման է`

առաջացնում է տուգանքի նշանակում` համապատասխան պաշտոնատար անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով:»:

 

Հոդված 6. Օրենսգրքի 224-րդ հոդվածում՝

 

1) 1-ին մասից, 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերից հանել «129.1,» թիվը.

2) 2-րդ մասի 2-րդ կետի «Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի հրամանով լիազորված պաշտոնատար անձինք» բառերը փոխարինել «ավագ տեսուչները, տեսուչները» բառերով:

 

Հոդված 7. Օրենսգրքի 302-րդ հոդվածի 1-ին մասից հանել «129.1,» թիվը:

 

Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2014 թվականի հունվարի 1-ից, բացառությամբ սույն օրենքի 2-րդ և 3-րդ հոդվածների ու 6-րդ հոդվածի 2-րդ կետի, որոնք ուժի մեջ են մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության

 Նախագահ

Ս. Սարգսյան

 

2013 թ. հուլիսի 13

Երևան

ՀՕ-94-Ն