Գլխավոր տեղեկություն
Համար
ՆԿ-326-Ն
Տիպ
Կարգադրություն
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (28.04.2007-21.04.2011)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1997.12.30/30 Հոդ.1526
Ընդունող մարմին
ՀՀ Նախագահ
Ընդունման ամսաթիվ
28.12.2004
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
28.12.2004
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.12.2004
Ուժը կորցնելու ամսաթիվ
21.04.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ը

 

ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱՌԱԴԻՈԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄԻ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

(Վերնագիրը փոփ. 07.04.07 ՆԿ-73-Ն)

 

Ղեկավարվելով «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 31-րդ հոդվածով` որոշում եմ.

(նախաբանը փոփ. 07.04.07 ՆԿ-73-Ն)

1. Հաստատել Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամի թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթի անցկացման կարգը` համաձայն հավելվածի:

(1-ին կետը փոփ. 07.04.07 ՆԿ-73-Ն)

2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության Նախագահ

Ռ. Քոչարյան


2004 թ. դեկտեմբերի 28
Երևան
ՆԿ-326-Ն

 

 

Հավելված
ՀՀ Նախագահի
2004 թվականի դեկտեմբերի 28-ի
ՆԿ-326-Ն կարգադրության

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱՌԱԴԻՈԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄԻ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ

(վերնագիրը փոփ. 07.04.07 ՆԿ-73-Ն)

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում է Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի (այսուհետ` Խորհուրդ) անդամի թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու, մրցույթին մասնակցելու, մրցութային հանձնաժողովի աշխատանքների իրականացման պայմանները:

(1-ին կետը փոփ. 07.04.07 ՆԿ-73-Ն)

2. Մրցույթի անցկացման հանձնաժողովն իր աշխատանքներն իրականացնում է Երևան, Մարշալ Բաղրամյան 26 հասցեում:

3. Մրցույթի անցկացման հանձնաժողովի գործունեության հետ կապված ծախսերը կատարվում են Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի միջոցների հաշվին:

4. Մրցույթի անցկացման հանձնաժողովի տեղեկատվական և տեխնիկական ապահովումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմը:

 

2. ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

5. Խորհրդի անդամի թափուր տեղի առկայության դեպքում Խորհրդի նախագահը այդ մասին գրավոր տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության Նախագահին: Խորհրդի անդամի թափուր տեղի վերաբերյալ գրավոր տեղեկատվությունն ստացվելուց հետո մեկշաբաթյա ժամկետում զանգվածային լրատվության միջոցներով («Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում, «Ռեսպուբլիկա Արմենիա» թերթում, Հանրային հեռուստատեսությամբ) հայտարարվում է թափուր տեղի համալրման համար մրցույթ:

Հայտարարության մեջ նշվում են հետևյալ տեղեկությունները`

ա) թափուր պաշտոնի անվանումը,

բ) թափուր պաշտոնին ներկայացվող պահանջները,

գ) մրցույթին մասնակցելու համար ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, դրանք ներկայացնելու վայրը, ժամկետը, մրցույթի անցկացման վերջին օրը և ժամը,

դ) սույն կարգի պաշտոնապես հրապարակված տեքստը պարունակող Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրի համարը (տվյալները):

(5-րդ կետը փոփ. 07.04.07 ՆԿ-73-Ն)

6. Խորհրդի անդամի թափուր տեղի համար անցկացվող մրցույթին կարող է մասնակցել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացին, ով լրագրության, իրավագիտության, հեռուստառադիոհեռարձակման կառավարման բնագավառի, գիտության, մշակույթի և արվեստի գործիչ, հեղինակավոր և որակյալ մասնագետ է, ունի բարձրագույն կրթություն և տիրապետում է հայոց լեզվին:

7. (7-րդ կետն ուժը կորցրել է 07.04.07 ՆԿ-73-Ն):

8. Խորհրդի անդամների նկատմամբ սահմանափակումները սահմանվում են օրենքով:

(8-րդ կետը փոփ. 07.04.07 ՆԿ-73-Ն)

9. Խորհրդի անդամի թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթը (այսուհետ` մրցույթ) կազմակերպում և անցկացնում է Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից այդ նպատակով ստեղծվող ժամանակավոր հանձնաժողովը (այսուհետ` հանձնաժողով):

Հանձնաժողովի գործունեությունը դադարում է Խորհրդի անդամի (անդամների) թափուր պաշտոնում (պաշտոններում) նշանակմանը հաջորդող երրորդ օրը:

Միևնույն հանձնաժողովը կազմակերպում և անցկացնում է նաև Խորհրդի մեկից ավելի անդամների թափուր պաշտոն զբաղեցնելու համար հայտարարված մրցույթները, եթե դրանք անցկացվելու են հանձնաժողովի գործունեության ընթացքում:

(9-րդ կետը փոփ. 07.04.07 ՆԿ-73-Ն)

10. Մրցույթն անցկացվում է նաև այն դեպքում, երբ դրան մասնակցելու համար դիմել է մեկ մասնակից:

11. Եթե մրցույթին մասնակցելու համար ոչ մի դիմում չի ներկայացվել (չկայացած մրցույթ), կամ մրցույթի արդյունքում հաղթող (հաղթողներ) չի ճանաչվել, ապա անցկացվում է կրկնակի մրցույթ: Կրկնակի մրցույթի անցկացման վերաբերյալ հայտարարությունը տալիս է հանձնաժողովը:

12. Կրկնակի մրցույթն անցկացվում է ընդհանուր հիմունքներով` սույն կարգին համապատասխան:

13. Կրկնակի մրցույթը չկայանալու կամ կրկնակի մրցույթի արդյունքում հաղթող չճանաչվելու դեպքում Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից ստեղծվում է նոր հանձնաժողով, որը կազմակերպում և անցկացնում է Խորհրդի անդամի (անդամների) թափուր պաշտոն (պաշտոններ) զբաղեցնելու համար մրցույթը: Գործող հանձնաժողովի գործունեությունը դադարում է նոր հանձնաժողովի ստեղծման օրվանից:

(13-րդ կետը փոփ. 07.04.07 ՆԿ-73-Ն)

14. Մրցույթին մասնակցելու համար ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը`

ա) դիմում,

բ) անձնագրի պատճեն,

գ) բարձրագույն կրթությունը հաստատող փաստաթղթի պատճեն,

դ) ինքնակենսագրություն (մանրամասն),

ե) աշխատանքային գրքույկի պատճեն, քաղվածք աշխատանքային գրքույկից կամ տեղեկանք աշխատանքային գործունեության մասին` օրենսդրությամբ սահմանված կարգով վավերացված (հաստատված),

զ) մասնագիտական գիտելիքներն ու գործնական կարողությունները հավաստող այլ փաստաթղթեր (գիտական աշխատություններ, հրապարակումներ կամ դրանց ցանկը),

է) 2 լուսանկար` 3x4 չափսի:

Փաստաթղթերը ներկայացվում են հանձնաժողով մրցույթի անցկացման մասին զանգվածային լրատվության միջոցներով հայտարարմանը հաջորդող 10 օրվա ընթացքում: Նշված ժամկետից հետո ներկայացված փաստաթղթերը հանձնաժողովի կողմից չեն ընդունվում:

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվում են հանձնաժողովի քարտուղարին:

15. Հանձնաժողովը Խորհրդի անդամի թեկնածուներ (թեկնածու) ընտրելու մասին որոշումը կայացնում է մրցույթի մասնակիցների փաստաթղթերն ընդունելու վերջին օրվան հաջորդող 10 օրվա ընթացքում:

(15-րդ կետը փոփ. 07.04.07 ՆԿ-73-Ն)

16. Հանձնաժողովը, ուսումնասիրելով մրցույթի մասնակիցների վերաբերյալ փաստաթղթերը, որոշում է մրցույթի հաղթողներին (հաղթողին): Անհրաժեշտության դեպքում, մինչև մրցույթի հաղթողների (հաղթողի) վերաբերյալ որոշում կայացնելը, հանձնաժողովը կարող է թեկնածուների (թեկնածուի) հետ անցկացնել հարցազրույց:

17. Հանձնաժողովը թեկնածուներ (թեկնածու) ընտրելու մասին որոշումը կայացնելուց հետո մեկ օրվա ընթացքում այն գրավոր ներկայացնում է Հայաստանի Հանրապետության Նախագահին` անհրաժեշտ գրավոր հիմնավորմամբ:

18. Հանձնաժողովը բաղկացած է հինգ անդամից, որի անհատական կազմը` հանձնաժողովի նախագահ, քարտուղար, անդամներ, հաստատում է Հայաստանի Հանրապետության Նախագահը:

19. Հանձնաժողովի անդամ կարող են լինել պետական մարմինների ներկայացուցիչներ, լրագրության, իրավագիտության, հեռուստառադիոհեռարձակման կառավարման բնագավառի, գիտության, մշակույթի և արվեստի գործիչներ, հեղինակավոր և որակյալ մասնագետներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

20. Հանձնաժողովի գործունեությունն իրականացվում է նիստերի միջոցով, որոնք հրավիրվում են հանձնաժողովի նախագահի կողմից:

21. Հանձնաժողովի անդամներին մրցույթի նյութերի տրամադրման և նիստերի հրավիրման, անցկացման տեղի, ժամանակի և օրակարգի մասին իրազեկում է հանձնաժողովի քարտուղարը` նիստի հրավիրման օրվանից առնվազն մեկ օր առաջ:

22. Հանձնաժողովի նախագահի հրավերով նիստերին կարող են մասնակցել խորհրդատուներ և փորձագետներ:

23. Հանձնաժողովի նիստերն իրավազոր են, եթե դրանց մասնակցում են նրա անդամների կեսից ավելին:

24. Հանձնաժողովի որոշումների ընդունման ձևը (բաց կամ փակ քվեարկություն) որոշում է հանձնաժողովը:

25. Հանձնաժողովի որոշումներն ստորագրում են հանձնաժողովի նախագահը և քարտուղարը:

26. Հանձնաժողովի անդամների ձայների հավասարության դեպքում հանձնաժողովի նախագահի ձայնը վճռորոշ է:

27. Հանձնաժողովի անդամներն իրենց պարտականությունները կատարում են հասարակական հիմունքներով:

28. Հանձնաժողովի նախագահը`

- հրավիրում և նախագահում է հանձնաժողովի նիստերը,

- կազմակերպում է հանձնաժողովի աշխատանքները,

- ստորագրում է հանձնաժողովի որոշումները, ինչպես նաև հանձնաժողովի գործունեությանն առնչվող մյուս փաստաթղթերը,

- ներկայացնում է հանձնաժողովը պետական և ոչ պետական մարմիններում, կազմակերպություններում,

- հանձնաժողովի գործունեության մասին տեղեկատվություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության Նախագահին,

- ապահովում է Խորհրդի թափուր տեղի համալրման համար անցկացվող մրցույթի հայտարարման, թեկնածուների վերաբերյալ տվյալների, Խորհրդի անդամի (անդամների) նշանակման մասին տեղեկությունների հրապարակումները զանգվածային լրատվության միջոցներով,

- իրականացնում է սույն կարգով սահմանված այլ լիազորություններ:

(28-րդ կետը փոփ. 07.04.07 ՆԿ-73-Ն)

29. Հանձնաժողովի անդամները հանձնաժողովի նիստերին մասնակցելու անհնարինության դեպքում նախապես տեղեկացնում են հանձնաժողովի քարտուղարին:

30. Հանձնաժողովի նիստերի նախապատրաստումը, արձանագրումը, ինչպես նաև ընդունված փաստաթղթերի առաքումն իրականացնում է հանձնաժողովի քարտուղարը:

31. Հանձնաժողովն իր գործառույթներն իրականացնելիս կարող է պետական և (կամ) այլ մարմիններից, կազմակերպություններից ստանալ անհրաժեշտ տեղեկատվություն և նյութեր:

32. Հանձնաժողովն իր գործառույթների ավարտին հաջորդող օրը մրցույթի կազմակերպման և անցկացման վերաբերյալ նյութերը (փաստաթղթերը) փոխանցում է Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ:

 

ՀՀ Նախագահի աշխատակազմի
ղեկավար

Ա. Թումանյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
11.04.2011, ՆԿ-62-Ն 21.04.2011, ՆԿ-326-Ն
07.04.2007, ՆԿ-73-Ն 28.04.2007, ՆԿ-326-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան