Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-6-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (08.06.2013-10.07.2014)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2004.01.29/6(305) Հոդ.101
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
17.12.2003
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
13.01.2004
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.07.2004

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2003 թվականի դեկտեմբերի 17-ին

 

ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետության քաղաքացու կողմից պարտադիր զինվորական ծառայությունն այլընտրանքային ծառայությամբ փոխարինելու հետ կապված հարաբերությունները, ինչպես նաև սահմանում է այլընտրանքային ծառայության զորակոչ կազմակերպելու և անցկացնելու կարգը:

 

Գ Լ ՈՒ Խ 1

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

հՈԴՎԱԾ 1. ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Այլընտրանքային ծառայության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են սույն օրենքով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով»՝ այնքանով, որքանով սույն օրենքով այլ բան նախատեսված չէ, այլ օրենքներով, ինչպես նաև սույն օրենքի հիման վրա ընդունված այլ իրավական ակտերով:

(1-ին հոդվածը խմբ. 02.05.13 ՀՕ-31-Ն) 

 

ՀՈԴՎԱԾ 2. ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ և ՏԵՍԱԿՆԵՐԸ

 

1. Սույն օրենքի իմաստով այլընտրանքային է համարվում ժամկետային պարտադիր զինվորական ծառայությանը փոխարինող ծառայությունը, որը կապված չէ զենք կրելու, պահելու, պահպանելու և օգտագործելու հետ ու իրականացվում է ինչպես զինվորական, այնպես էլ քաղաքացիական հիմնարկներում:

2. Այլընտրանքային ծառայության տեսակներն են`

ա) այլընտրանքային զինվորական` Հայաստանի Հանրապետության զինված ուժերում իրականացվող մարտական հերթապահության, զենք կրելու, պահելու, պահպանելու և օգտագործելու հետ չկապված զինվորական ծառայություն.

բ) այլընտրանքային աշխատանքային` Հայաստանի Հանրապետության զինված ուժերից դուրս իրականացվող աշխատանքային ծառայություն:

3. Այլընտրանքային ծառայության նպատակը հայրենիքի և հասարակության առջև քաղաքացիական պարտքի կատարման ապահովումն է և չունի պատժի, անձի պատվի և արժանապատվության նվաստացման բնույթ:

(2-րդ հոդվածը խմբ. 22.11.04 ՀՕ-162-Ն)

 

ՀՈԴՎԱԾ 3. ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅաՆ ԱՆՑՆԵԼՈՒ ՀԻՄՔԸ

(վերնագիրը խմբ. 02.05.13 ՀՕ-31-Ն)

 

1. Այլընտրանքային զինվորական ծառայության կարող է անցնել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացին, որի կրոնական դավանանքին կամ համոզմունքներին հակասում են միայն զենք կրելը, պահելը, պահպանելը կամ օգտագործելը:

Այլընտրանքային աշխատանքային ծառայության կարող է անցնել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացին, որի կրոնական դավանանքին կամ համոզմունքներին հակասում է ընդհանրապես զինվորական ծառայություն անցնելը:

2. Պարտադիր զինվորական ծառայություն անցնող Հայաստանի Հանրապետության քաղաքացին չի կարող հրաժարվել իր ծառայությունից և ընտրել այլընտրանքային ծառայությունը, իսկ այլընտրանքային ծառայություն անցնող քաղաքացին չի կարող հրաժարվել իր ծառայությունից և ընտրել պարտադիր զինվորական ծառայությունը:

(3-րդ հոդվածը խմբ. 22.11.04 ՀՕ-162-Ն, 02.05.13 ՀՕ-31-Ն)

 

ՀՈԴՎԱԾ 4. ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՈՒՂԱՐԿՎՈՂ ՔԱՂԱՔԱՑԻՆ

 

Այլընտրանքային ծառայության ուղարկվում է այն քաղաքացին, որը մինչև հերթական զորակոչին նախորդող փետրվարի 1-ը կամ օգոստոսի 1-ը սույն օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքով պարտադիր զինվորական ծառայությունն այլընտրանքային ծառայությամբ փոխարինելու մասին դիմել է այն տարածքային զինվորական կոմիսարիատ, որտեղ նա հաշվառված է, և որի այլընտրանքային ծառայության հարցերով հանրապետական հանձնաժողովը (այսուհետ` հանրապետական հանձնաժողով) որոշել է ուղարկել այլընտրանքային ծառայության: Հանրապետական հանձնաժողովը մշտապես գործող մարմին է և կազմված է տարածքային կառավարման, առողջապահության, աշխատանքի և սոցիալական հարցերի, կրթության և գիտության, ոստիկանության և պաշտպանության բնագավառներում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ազգային փոքրամասնությունների և կրոնի ոլորտները համակարգող ստորաբաժանման մեկական ներկայացուցիչներից: Հանրապետական հանձնաժողովի անհատական կազմը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Սույն օրենքի դրույթները չեն տարածվում պարտադիր զինվորական ծառայությունից ազատման կամ տարկետման իրավունք ստանալու հիմք ունեցող քաղաքացիների վրա:

(4-րդ հոդվածը խմբ. 02.05.13 ՀՕ-31-Ն)

 

ՀՈԴՎԱԾ 5. ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ

 

Այլընտրանքային զինվորական ծառայության ժամկետը սահմանվում է 30 ամիս:

Այլընտրանքային աշխատանքային ծառայության ժամկետը սահմանվում է 36 ամիս:

(5-րդ հոդվածը փոփ. 02.05.13 ՀՕ-31-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  2

 

ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼԸ

 

ՀՈԴՎԱԾ 6. ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԸ

 

Այլընտրանքային ծառայության զորակոչը և պահեստ արձակումը կատարվում է պարտադիր զինվորական ծառայության զորակոչի և պահեստ արձակելու հետ համատեղ, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով սահմանված ժամկետներում:

Այլընտրանքային ծառայության համար դիմած քաղաքացին, այլընտրանքային ծառայության զորակոչ հայտարարվելուց հետո, պարտավոր է ծանուցագրում նշված ժամկետում ներկայանալ իր բնակության վայրի զինվորական կոմիսարիատ:

Այլընտրանքային ծառայության զորակոչի անցկացման հարցերով զբաղվում են տարածքային զինվորական կոմիսարիատը և հանրապետական հանձնաժողովը:

(6-րդ հոդվածը խմբ. 22.11.04 ՀՕ-162-Ն, փոփ. 02.05.13 ՀՕ-31-Ն)

 

ՀՈԴՎԱԾ 7. ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՄԲ ՓՈԽԱՐԻՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԴԻՄՈՒՄԸ

 

1. Պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա քաղաքացին (այսուհետ՝ դիմումատու) այլընտրանքային ծառայություն ընտրելիս սույն օրենքի 4-րդ հոդվածով սահմանված ժամկետում գրավոր դիմում է ներկայացնում այն տարածքային զինվորական կոմիսարիատ, որտեղ նա հաշվառված է:

 2. Դիմումում նշվում են այն ներկայացնելու ամիսը, ամսաթիվը, տարեթիվը, դիմումատուի անունը, ազգանունը, հայրանունը, ստորագրությունը, բնակության վայրի հասցեն, նախընտրած այլընտրանքային ծառայության տեսակը, պարտադիր զինվորական ծառայություն չանցնելու հիմնավորումները:

3. Դիմումը գրանցվում է տարածքային զինվորական կոմիսարիատում:

4. Տարածքային զինվորական կոմիսարիատը պարզում է դիմումի ներկայացման՝ սույն օրենքի 4-րդ հոդվածով սահմանված ժամկետի պահպանման հարցը: Եթե դիմումը ներկայացվել է այդ ժամկետի խախտմամբ, ապա տարածքային զինվորական կոմիսարիատը դիմումը գրանցելու պահից 5 օրվա ընթացքում այն վերադարձնում է դիմումատուին: Տարածքային զինվորական կոմիսարիատը կարող է հարգելի համարել դիմումը ներկայացնելու ժամկետը բաց թողնելը, եթե այն բաց է թողնվել դիմումատուից անկախ պատճառներով:

5. Եթե դիմումը չի համապատասխանում սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված պահանջներին, ապա այն 5 օրվա ընթացքում վերադարձվում է դիմումատուին` նշելով դիմումում թույլ տրված բոլոր ձևական սխալները: Դիմումը վերադարձվելուց հետո` երկշաբաթյա ժամկետում, դիմումատուն իրավունք ունի վերացնելու դիմումում թույլ տրված բոլոր ձևական սխալները և այն կրկին ներկայացնելու տարածքային զինվորական կոմիսարիատ:

6. Տարածքային զինվորական կոմիսարիատը դիմումը գրանցելու պահից 30-օրյա ժամկետում «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով պարզում է դիմումատուին պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու կամ պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում տալու հիմքերի առկայությունը և դրանց բացակայության դեպքում ներկայացված դիմումը և դիմումատուի անձնական գործն ուղարկում է հանրապետական հանձնաժողով:

7. Դիմումատուին պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու կամ պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում տալու հիմքերի առկայության դեպքում դիմումը հանրապետական հանձնաժողով չի ներկայացվում, և այն տարածքային զինվորական կոմիսարիատում գրանցվելու պահից 30 օրվա ընթացքում վերադարձվում է դիմումատուին:

(7-րդ հոդվածը խմբ. 22.11.04 ՀՕ-162-Ն, 02.05.13 ՀՕ-31-Ն)

 

ՀՈԴՎԱԾ 8. ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԴԻՄՈՒՄԸ ՔՆՆԱՐԿԵԼԸ

 

1. Հանրապետական հանձնաժողովը ներկայացված դիմումը քննարկում է առանձին նիստում, որի անցկացման ժամանակի և վայրի մասին նախապես տեղեկացվում է դիմումատուն, որն իրավունք ունի մասնակցելու հանրապետական հանձնաժողովի նիստին: Հանրապետական հանձնաժողովի պահանջի դեպքում դիմումատուի մասնակցությունը հանձնաժողովի նիստին պարտադիր է:

2. Հանրապետական հանձնաժողովի նիստին կարող են հրավիրվել կրոնագետներ, հոգեբաններ և այլ մասնագետներ, այլընտրանքային ծառայության վայրերի հիմնարկների, կրոնական և այլ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, այլ անձինք:

(8-րդ հոդվածը խմբ. 22.11.04 ՀՕ-162-Ն, 02.05.13 ՀՕ-31-Ն)

 

 

Հոդված 8.1.

Պարտադիր զինվորական ծառայությունն այլընտրանքային ծառայությամբ փոխարինելու մասին հանրապետական հանձնաժողովի որոշումը

 

1. Հանրապետական հանձնաժողովը յուրաքանչյուր դիմումի վերաբերյալ որոշում է կայացնում նիստին ներկա անդամների ձայների 2/3-ով, եթե հանձնաժողովի նիստին ներկա է հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի կեսից ավելին: Որոշումն ընդունման պահից 10 օրվա ընթացքում ուղարկվում է դիմումատուին և համապատասխան տարածքային զինվորական կոմիսարիատ:

2. Դիմումը քննարկելուց հետո հանրապետական հանձնաժողովը որոշում է կայացնում դիմումատուին նրա նախընտրած այլընտրանքային ծառայության ուղարկելու կամ դիմումը մերժելու մասին:

3. Դիմումը բավարարելու և դիմումատուին այլընտրանքային աշխատանքային ծառայության ուղարկելու մասին որոշմամբ հանրապետական հանձնաժողովը սահմանում է նաև այլընտրանքային աշխատանքային ծառայության ընթացքում դիմումատուի կողմից կատարվող աշխատանքների տեսակը և բնույթը: Այլընտրանքային աշխատանքային ծառայության ուղարկված անձանց կողմից այլընտրանքային աշխատանքային ծառայության ընթացքում կատարվող աշխատանքների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

4. Դիմումը մերժելու մասին որոշում ընդունելու դեպքում հանրապետական հանձնաժողովը նշում է դիմումը մերժելու հիմքերը և այն վիճարկելու կարգը:

5. Հանրապետական հանձնաժողովի կողմից դիմումը քննարկելու և դրա վերաբերյալ որոշում ընդունելու ժամկետը չի կարող գերազանցել մեկ ամիսը:

(8.1-ին հոդվածը լրաց. 02.05.13 ՀՕ-31-Ն)

 

ՀՈԴՎԱԾ 9. ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՄԲ ՓՈԽԱՐԻՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԴԻՄՈՒՄԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՀԻՄՔԵՐԸ

 

Հանրապետական հանձնաժողովի որոշմամբ քաղաքացու դիմումը` պարտադիր զինվորական ծառայությունն այլընտրանքային ծառայությամբ փոխարինելու մասին կարող է մերժվել, եթե այլընտրանքային ծառայության մասին`

1) դիմում ներկայացրած քաղաքացին երկրորդ անգամ կանչվում է հանրապետական հանձնաժողովի նիստին և անհարգելի պատճառով չի ներկայանում.

2) դիմումատուն ներկայացրել է իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ.

3) դիմումն ակնհայտ անհիմն է:

(մասն ուժը կորցրել է 02.05.13 ՀՕ-31-Ն)

(9-րդ հոդվածը փոփ. 22.11.04 ՀՕ-162-Ն, փոփ., խմբ., լրաց. 02.05.13 ՀՕ-31-Ն)

 

ՀՈԴՎԱԾ 10. ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԴԻՄՈՒՄՆ ԱՌԱՆՑ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԹՈՂՆԵԼԸ

 

(հոդվածն  ուժը կորցրել է 02.05.13 ՀՕ-31-Ն)

 

ՀՈԴՎԱԾ 11. Այլընտրանքային ծառայության հետ կապված վեճերի լուծումը

(վերնագիրը խմբ. 02.05.13 ՀՕ-31-Ն)

 

1. Այլընտրանքային ծառայության հետ կապված վեճերը լուծվում են օրենքով սահմանված կարգով:

(11-րդ հոդվածը խմբ. 22.11.04 ՀՕ-162-Ն, 02.05.13 ՀՕ-31-Ն)

 

ՀՈԴՎԱԾ 12. ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼԸ ԿԱՄ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼԸ

 

Այլընտրանքային ծառայությունից ազատելը կամ տարկետում տալն իրականացվում է «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

 

ՀՈԴՎԱԾ 13. ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՍԿԻԶԲԸ

 

Զինվորական կոմիսարիատը, հանրապետական հանձնաժողովի որոշման հիման վրա, զորակոչիկին հանձնում է ծանուցագիր` այլընտրանքային ծառայության մեկնելու համար զինվորական կոմիսարիատ ներկայանալու վերաբերյալ: Այլընտրանքային ծառայության վայր մեկնելու համար զինվորական կոմիսարիատ ներկայանալու օրը համարվում է այլընտրանքային ծառայության սկիզբ:

(13-րդ հոդվածը փոփ. 22.11.04 ՀՕ-162-Ն, 02.05.13 ՀՕ-31-Ն)

 

ՀՈԴՎԱԾ 14. Այլընտրանքային ծառայության կազմակերպումն ու իրականացումն ապահովելը

(վերնագիրը խմբ. 02.05.13 ՀՕ-31-Ն)

 

1. Այլընտրանքային զինվորական ծառայության իրականացումը կազմակերպում և վերահսկում է պաշտպանության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը:

2. Այլընտրանքային աշխատանքային ծառայության իրականացումը կազմակերպում և վերահսկում է (են) Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը (մարմինները):

3. Այլընտրանքային աշխատանքային ծառայության նկատմամբ չի կարող սահմանվել զինվորական վերահսկողություն:

4. Այլընտրանքային աշխատանքային ծառայողները ծառայությունն անցնում են այլընտրանքային աշխատանքային ծառայության վայրի կազմակերպություններում:

5. Այլընտրանքային աշխատանքային ծառայության վայրի կազմակերպությունների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

6. Այլընտրանքային ծառայությունը կազմակերպվում և իրականացվում է պետական բյուջեի միջոցների հաշվին:

(14-րդ հոդվածը խմբ. 02.05.13 ՀՕ-31-Ն)

 

ՀՈԴՎԱԾ 15. այլընտրանքային ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՄԲ ՓՈԽԱՐԻՆԵԼԸ

 

(հոդվածն  ուժը կորցրել է 02.05.13 ՀՕ-31-Ն)

 

 Գ Լ ՈՒ Խ  3

 

 ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԱՆՑՆԵԼԸ

 

ՀՈԴՎԱԾ 16. ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԱՆՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ

(վերնագիրը խմբ. 22.11.04 ՀՕ-162-Ն)

 

1. Այլընտրանքային զինվորական ծառայության զորակոչված քաղաքացին սահմանված կարգով ուղարկվում է այլընտրանքային զինվորական ծառայություն անցնելու վայրի զորամաս և ընդգրկվում զորամասի անձնակազմի ցուցակներում:

2. Այլընտրանքային զինվորական ծառայողը Հայաստանի Հանրապետության պետական դրոշի առջև տալիս է երդում և ստանձնում համապատասխան պարտավորություններ:

3. Այլընտրանքային զինվորական ծառայողը ծառայության է անցնում զորամասի հրամանատարի հաստատած կարգացուցակի համաձայն: Նրա վրա տարածվում են զինված ուժերի կանոնագրքերի (կանոնադրությունների) դրույթները` բացառությամբ մարտական հերթապահության, զենք կրելու, պահելու, պահպանելու և օգտագործելու հետ կապված պահանջների:

4. Այլընտրանքային զինվորական ծառայողը կրում է համազգեստ, որի ձևը և կրելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

5. Այլընտրանքային զինվորական ծառայողների հագուստի, սննդի, հանգստի և քնելու պայմանների ապահովումն իրականացվում է շարքային կազմի պարտադիր զինծառայողների համար սահմանված կարգով: Այլընտրանքային զինվորական ծառայողների հանգստի և քնելու համար նախատեսված տարածքներն առանձնացվում են պարտադիր զինծառայողների հանգստի ու քնելու համար նախատեսված տարածքներից:

6. Այլընտրանքային զինվորական ծառայողը Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և այլ զորքերի պարտադիր կամ պայմանագրային զինծառայողների համար նախատեսված պաշտոններում չի կարող նշանակվել:

7. Այլընտրանքային զինվորական ծառայողներին արգելվում է ծառայության ընդգրկել մարտական ստորաբաժանումներում, նրանց տալ մարտական բնույթի հրամաններ, ինչպես նաև զենք և զինամթերք կրելու, պահելու, պահպանելու և օգտագործելու հետ կապված հանձնարարություններ:

8. Այլընտրանքային զինվորական ծառայողները ծառայությունից պահեստ արձակվում և պահեստազորում հաշվառվում են օրենքով սահմանված կարգով:

9. Հայաստանի Հանրապետության կառավարությունը սահմանում է նույն զորամասում այլընտրանքային զինվորական ծառայողների առավելագույն թիվը:

(16-րդ հոդվածը խմբ. 22.11.04 ՀՕ-162-Ն, լրաց. 02.05.13 ՀՕ-31-Ն)

 

ՀՈԴՎԱԾ 17. ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԱՆՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ

  (վերնագիրը խմբ. 22.11.04 ՀՕ-162-Ն)

 

1. Այլընտրանքային աշխատանքային ծառայության կանչված քաղաքացին պարտավոր է սույն օրենքի 13-րդ հոդվածով սահմանված կարգով տրված ծանուցագրում նշված օրը ներկայանալ այլընտրանքային աշխատանքային ծառայության վայր: Քաղաքացին այլընտրանքային աշխատանքային ծառայության վայր մեկնում է իր միջոցների հաշվին:

2. Այլընտրանքային աշխատանքային ծառայություն անցնելու վայրի կազմակերպության ղեկավարն այլընտրանքային աշխատանքային ծառայողին ընդգրկում է կազմակերպության հաստիքացուցակում, որոշում է նրա աշխատանքի տեսակը, կարգն ու պայմանները և եռօրյա ժամկետում այդ մասին գրավոր տեղեկացնում է քաղաքացուն ծանուցագիր հանձնած զինվորական կոմիսարիատին:

3. Այլընտրանքային աշխատանքային ծառայողը այլ կազմակերպություն կամ այլ վայր ծառայության կարող է փոխադրվել հանրապետական հանձնաժողովի համաձայնությամբ կամ նախաձեռնությամբ:

4. Այլընտրանքային աշխատանքային ծառայության վայրը, որպես կանոն, պետք է լինի այլընտրանքային ծառայողի հաշվառման վայրից (հաշվառման վայր չունենալու դեպքում` փաստացի բնակության վայրից) ոչ ավելի, քան 30 կմ հեռավորության վրա: Հակառակ դեպքում այլընտրանքային աշխատանքային ծառայողին վճարվում է փոխհատուցում, որի չափը և վճարման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

5. (մասն ուժը կորցրել է 02.05.13 ՀՕ-31-Ն)

6. Այլընտրանքային աշխատանքային ծառայողները ծառայությունից պահեստ արձակվում և պահեստազորում հաշվառվում են օրենքով սահմանված կարգով:

(17-րդ հոդվածը խմբ. 22.11.04 ՀՕ-162-Ն, փոփ. 01.06.06 ՀՕ-60-Ն, խմբ., փոփ.  02.05.13 ՀՕ-31-Ն)

 

ՀՈԴՎԱԾ 18. ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՎԱՅՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

  (վերնագիրը խմբ. 22.11.04 ՀՕ-162-Ն)

 

1. Այլընտրանքային աշխատանքային ծառայության վայրի կազմակերպության ղեկավարն այլընտրանքային աշխատանքային ծառայողին ծանոթացնում է կազմակերպության աշխատանքային ներքին կարգապահական կանոններին ու կատարվող աշխատանքների առանձնահատկություններին:

2. Կազմակերպության ղեկավարն այլընտրանքային աշխատանքային ծառայողի համար ապահովում է այնպիսի աշխատանքային պայմաններ, որոնք պարտավոր էր ապահովել նույն բնույթի աշխատանքներ կատարող այլ պայմանագրային կամ հաստիքային աշխատողի համար:

3. Կազմակերպության ղեկավարը պատասխանատու է կազմակերպությունում այլընտրանքային աշխատանքային ծառայության կազմակերպման և իրականացման համար:

(18-րդ հոդվածը խմբ. 22.11.04 ՀՕ-162-Ն, փոփ., խմբ. 02.05.13 ՀՕ-31-Ն)

 

ՀՈԴՎԱԾ 19. ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ և պարտականությունները

 (վերնագիրը խմբ. 22.11.04 ՀՕ-162-Ն)

 

1. Այլընտրանքային զինվորական ծառայողին տրվում է ամսական դրամական բավարարում` պարտադիր զինվորական ծառայության շարքային կազմի համար սահմանված չափով: Դրամական բավարարումը վճարվում է ծառայության վայրում:

1.1. Այլընտրանքային աշխատանքային ծառայողին տրվում է ամսական դրամական բավարարում` մինչև երեսուն հազար դրամի չափով:

2. Այլընտրանքային ծառայողին ծառայության ընթացքում տրվում է տարեկան 10 օրացուցային օր տևողությամբ արձակուրդ: Այլընտրանքային ծառայողի երեխայի ծնվելու, ընտանիքի անդամի ամուսնության կամ մահվան դեպքերում նրան կարող է տրվել լրացուցիչ արձակուրդ` մինչև 5 օրացուցային օր տևողությամբ:

Ելնելով ծառայողական անհրաժեշտությունից, ինչպես նաև ռազմական դրություն հայտարարվելու կամ արտակարգ իրավիճակների դեպքերում, համապատասխան ղեկավարի (հրամանատարի) հրամանով այլընտրանքային ծառայողն արձակուրդից կարող է հետ կանչվել` արձակուրդի չօգտագործված օրերը հետագայում օգտագործելու պայմանով:

3. Այլընտրանքային ծառայողների խրախուսումն իրականացվում է համապատասխան օրենսդրությամբ սահմանված կարգով:

4. Ծառայության ընթացքում այլընտրանքային ծառայողները պարտավոր են պահպանել ծառայության ներքին կարգապահության կանոնները, կատարել իրենց պարտականությունները և համապատասխան ղեկավարի (հրամանատարի) հրամաններն ու հանձնարարականները, ինքնակամ չլքել ծառայության վայրը:

5. Այլընտրանքային զինվորական ծառայողների աշխատաժամանակը կարգավորվում է ներքին ծառայության կանոններով:

Այլընտրանքային աշխատանքային ծառայողի համար սահմանվում է վեցօրյա աշխատանքային շաբաթ: Այլընտրանքային աշխատանքային ծառայողի աշխատաժամանակի տևողությունը չի կարող շաբաթական 48 ժամից ավելի կամ պակաս լինել, բացառությամբ արտաժամյա ծառայության ներգրավման դեպքերի, որոնք կարող են իրականացվել ծառայության վայրում տարերային կամ տեխնածին աղետի, հրդեհի, վթարի կանխման կամ դրանց հետևանքների վերացման, ինչպես նաև այնպիսի ծառայողական առաջադրանքների կատարման համար, որոնք, իրենց առանձնահատկություններով պայմանավորված, չեն կարող կասեցվել կամ դադարեցվել:

(19-րդ հոդվածը խմբ. 22.11.04 ՀՕ-162-Ն, լրաց., փոփ. 02.05.13 ՀՕ-31-Ն)

 

ՀՈԴՎԱԾ 20. ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ և ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅՈՒՆԸ

(վերնագիրը խմբ. 22.11.04 ՀՕ-162-Ն)

 

1. Այլընտրանքային զինվորական ծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության հարցերը կարգավորվում են «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

2. Այլընտրանքային աշխատանքային ծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովությունը (ներառյալ` աշխատանքային խեղման կամ մասնագիտական հիվանդության հետևանքով հաշմանդամ ճանաչվելու կամ մահանալու դեպքում) իրականացվում է «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

3. Այլընտրանքային ծառայության ժամկետը ներառվում է քաղաքացու ընդհանուր աշխատանքային և ապահովագրական ստաժում:

(20-րդ հոդվածը խմբ. 22.11.04 ՀՕ-162-Ն)

 

ՀՈԴՎԱԾ 21. ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

(վերնագիրը խմբ. 22.11.04 ՀՕ-162-Ն)

 

1. Այլընտրանքային զինվորական ծառայողներն իրենց կատարած իրավախախտումների և հանցագործությունների (ներառյալ` զորամասն ինքնակամ լքելու, ինչպես նաև պետությանը հասցրած գույքային վնասի) համար պատասխանատվություն են կրում պարտադիր զինվորական ծառայության զինծառայողներին հավասար` օրենքով սահմանված կարգով:

2. Այլընտրանքային աշխատանքային ծառայողներն իրենց կատարած իրավախախտումների և հանցագործությունների, ինչպես նաև պետությանը հասցրած գույքային վնասի համար պատասխանատվություն են կրում ընդհանուր հիմունքներով` օրենսդրությամբ սահմանված կարգով:

(պարբերությունն ուժը կորցրել է 01.06.06 ՀՕ-60-Ն)

3. Այլընտրանքային աշխատանքային ծառայողի կողմից կալանքի կամ ազատազրկման ձևով պատիժ կրելու, այլընտրանքային աշխատանքային ծառայողի կողմից ծառայության վայրն ինքնակամ լքելու կամ ծառայությունից խուսափելու կամ ծառայությունը կատարելուց հրաժարվելու ժամկետը չի ներառվում այլընտրանքային աշխատանքային ծառայողի ծառայության ժամկետի մեջ:

(21-րդ հոդվածը խմբ. 22.11.04 ՀՕ-162-Ն, փոփ., լրաց. 01.06.06 ՀՕ-60-Ն)

 

ՀՈԴՎԱԾ 22. ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԱՆՑԱԾ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՈՐՈՇԱԿԻ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐ ԿԻՐԱՌԵԼԸ

 

1. Այլընտրանքային ծառայություն անցած քաղաքացիները չեն կարող օրենքով սահմանված կարգով զենք կրելու, պահելու, պահպանելու և օգտագործելու իրավունք ստանալ:

2. Այլընտրանքային ծառայություն անցած քաղաքացիները չեն կարող նշանակվել այնպիսի պետական պաշտոնների, որոնց վրա օրենսդրությամբ դրված են այնպիսի գործառույթներ, որոնք կապված են զենք կրելու, պահելու, պահպանելու և օգտագործելու հետ:

 

 Գ Լ ՈՒ Խ  4

 

 ԵԶՐԱՓԱԿԻՉ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

ՀՈԴՎԱԾ 23. ՕՐԵՆՔԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ

 

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2004 թվականի հուլիսի 1-ից:

 

ՀՈԴՎԱԾ 24. ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԻՑ ԲԽՈՂ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐ ԸՆԴՈՒՆԵԼԸ

 

1. Սույն օրենքի 14-րդ և 16-րդ հոդվածներից բխող որոշումները Հայաստանի Հանրապետության կառավարությունն ընդունում է մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը:

2. Սույն օրենքի 6-րդ հոդվածից բխող որոշումը Հայաստանի Հանրապետության կառավարությունն ընդունում է օրենքի ուժի մեջ մտնելուց հետո` հնգօրյա ժամկետում:

3. «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 12-րդ և 13-րդ մասերով նախատեսված դեպքերում սույն օրենքի 5-րդ հոդվածով նախատեսված` այլընտրանքային ծառայության ժամկետը նվազեցվում է անձի՝ քրեական պատիժ կրելու կամ քրեական հետապնդման ենթարկվելու արդյունքում անազատության մեջ գտնվելու ժամկետով:

4. «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 12-րդ և 13-րդ մասերով նախատեսված դեպքերում դիմումը ներկայացվում է հանրապետական հանձնաժողով, որը սույն օրենքի 8-րդ և 8.1-ին հոդվածներով նախատեսված ընդհանուր կարգով քննում է անձի դիմումը և որոշում կայացնում անձին նրա նախընտրած այլընտրանքային ծառայությանն ուղարկելու կամ դիմումը մերժելու մասին: Այլընտրանքային ծառայության ուղարկելու մասին դիմումը բավարարելու դեպքում կայացված որոշման մեջ նշվում է նաև այլընտրանքային ծառայություն անցնելու ժամկետը՝ հաշվի առնելով սույն հոդվածի 3-րդ մասի պահանջները:

(24-րդ հոդվածը խմբ. 22.11.04 ՀՕ-162-Ն, լրաց. 02.05.13 ՀՕ-31-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2004 թ. հունվարի 13 
Երևան
ՀՕ-6-Ն

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան