Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-34-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (08.06.2013-01.07.2022)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2013.05.29/28(968) Հոդ.506
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
30.04.2013
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
21.05.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.06.2013
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.07.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2013 թվականի ապրիլի 30-ին

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի քրեական օրենսգրքի (այսուհետև` Օրենսգիրք) 49-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1-ին կետով.

 

«4.1) զինվորական ծառայության մեջ սահմանափակումը.»:

 

Հոդված 2. Օրենսգրքի 50-րդ հոդվածի 1-ին մասը «հանրային աշխատանքները,» բառերից հետո լրացնել «զինվորական ծառայության մեջ սահմանափակումը,» բառերով:

 

Հոդված 3. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 53.1-ին հոդվածով.

 

«Հոդված 53.1. Զինվորական ծառայության մեջ սահմանափակումը

 

1. Զինվորական ծառայության մեջ սահմանափակումը զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված ոչ մեծ կամ միջին ծանրության հանցագործությունների համար սպայի կամ ենթասպայի կոչում ունեցող զինծառայողի նկատմամբ կիրառվող պատժատեսակն է, ըստ որի` տվյալ անձը երեք ամսից երեք տարի ժամկետով չի կարող նշանակվել իր զբաղեցրած պաշտոնից ավելի բարձր (այդ թվում` ավելի բարձր վարձատրվող) պաշտոնի, նրան չի կարող շնորհվել ավելի բարձր հերթական կոչում, ինչպես նաև կասեցվում է հերթական զինվորական կոչում շնորհելու` օրենքով սահմանված ժամկետը` դրամական բավարարման գումարից մինչև 20 տոկոս պահումով:

2. Տվյալ պատժատեսակի կրման կամ դրանից պակաս ժամկետով դատարանը կարող է զինծառայողի համար սահմանել կրթական կամ վերապատրաստման դասընթացներին մասնակցելու լրացուցիչ պարտականություն:

3. Զինվորական ծառայության մեջ սահմանափակումը չի կարող նշանակվել, եթե առկա է հանցանքների կամ դատավճիռների համակցություն, և կատարված հանցագործություններից մեկի համար կարող է նշանակվել կամ նշանակված է ազատությունից զրկելու հետ կապված կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու հետ կապված պատիժ:

4. Զինվորական ծառայության մեջ սահմանափակում պատժատեսակը կրելու ընթացքում զինծառայողի նկատմամբ սույն օրենսգրքի 66-րդ հոդվածի 6-րդ մասով կամ 67-րդ հոդվածով սահմանված կարգով ազատությունից զրկելու հետ կապված պատիժ նշանակվելու կամ զինծառայողի կողմից օրենքով սահմանված հիմքերով զինվորական ծառայությունից ազատվելու դեպքում դատարանի կողմից զինվորական ծառայության մեջ սահմանափակումը փոխարինվում է տուգանքով` զինվորական ծառայության մեջ սահմանափակման մեկ ամիսը հաշվարկելով նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի դիմաց:»:

 

Հոդված 4. Օրենսգրքի 57-րդ հոդվածի 3-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 5. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 327.6-րդ հոդվածով.

 

«Հոդված 327.6. Զորամաս կամ հատուկ պահպանվող զինվորական այլ տարածք ապօրինի մուտք գործելը

 

1. Զորամաս կամ հատուկ պահպանվող զինվորական այլ տարածք սահմանված կարգի խախտմամբ մուտք գործելը`

պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի առավելագույնը հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` մեկից երեք ամիս ժամկետով:

2. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից`

պատժվում է կալանքով` երկուսից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` մինչև մեկ տարի ժամկետով:

3. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է՝

1) բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով,

2) զենք կամ որպես զենք օգտագործվող այլ առարկա գործադրելով,

3) անձի առողջությանը թեթև կամ միջին ծանրության վնաս պատճառելով՝

պատժվում է ազատազրկմամբ` մինչև հինգ տարի ժամկետով:

4. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ կամ երրորդ մասով նախատեսված արարքը, որը անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ՝

պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից վեց տարի ժամկետով:

5. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ կամ երրորդ կամ չորրորդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում`

պատժվում է ազատազրկմամբ` հինգից ութ տարի ժամկետով:»:

 

Հոդված 6. Օրենսգրքի 356-րդ հոդվածում`

 

1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Պետի օրինական և սահմանված կարգով տրված հրամանը չկատարելը, որն էական վնաս է պատճառել ծառայության շահերին՝

պատժվում է զինվորական ծառայության մեջ սահմանափակմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կալանքով՝ առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:».

2) 2-րդ մասը «կամ ազատազրկմամբ» բառերից առաջ լրացնել «կամ զինվորական ծառայության մեջ սահմանափակմամբ` մեկից երեք տարի ժամկետով,» բառերով.

3) 4-րդ մասը «կամ ազատազրկմամբ» բառերից առաջ լրացնել «կամ զինվորական ծառայության մեջ սահմանափակմամբ` առավելագույնը մեկ տարի ժամկետով,» բառերով.

4) 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5. Սույն գլխով նախատեսված զինվորական ծառայության դեմ ուղղված հանցագործությունների սուբյեկտներն են Հայաստանի Հանրապետության զինված ուժերում, Հայաստանի Հանրապետության այլ զորքերում օրենքով սահմանված կարգով զինվորական ծառայություն անցնող անձինք և վարժական հավաքներ անցնող զինապարտները (այսուհետ` զինծառայող):».

5) լրացնել հետևյալ բովանդակությամբ 6 - 8-րդ մասերով.

«6. Սույն գլխում պետ (հրամանատար) է համարվում ծառայողական դիրքով կամ զինվորական կոչումով բարձր այն անձը, որը տվյալ իրավահարաբերության շրջանակում եղել է տվյալ զինծառայողի վերադասը, այսինքն` ունեցել է իր լիազորություններից բխող հրամաններ, կարգադրություններ տալու և դրանց կատարումն ապահովելու իրավասություն:

7. Սույն գլխում գույքային վնասի դեպքում էական վնաս է համարվում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկը գերազանցող գումարը կամ դրա արժեքը:

8. Սույն գլխում գույքային վնասի դեպքում ծանր հետևանք է համարվում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը գերազանցող գումարը կամ դրա արժեքը:»:

 

Հոդված 7. Օրենսգրքի 357-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 357. Պետին դիմադրելը կամ նրան զինվորական ծառայության պարտականությունները չկատարելուն կամ ոչ պատշաճ կատարելուն հարկադրելը

 

1. Պետին (հրամանատարին), ինչպես նաև զինվորական ծառայության գծով նրա պարտականությունները կատարող այլ անձին դիմադրելը կամ նրանց ծառայողական պարտականությունների կատարմանը խոչընդոտելը կամ այդ պարտականությունները չկատարելուն կամ ոչ պատշաճ կատարելուն հարկադրելը, որը դրսևորվել է պետի կամ նրա մերձավորի մասին արատավորող կամ պետի կամ նրա մերձավորի իրավունքներին ու օրինական շահերին էական վնաս պատճառող տեղեկություններ հրապարակելու սպառնալիքով, պետի կամ նրա մերձավորի նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքով կամ պետի, նրա մերձավորի գույքը կամ այլ անձանց տնօրինության կամ պահպանության տակ գտնվող գույքը ոչնչացնելու (վնասելու) սպառնալիքով`

պատժվում է զինվորական ծառայության մեջ սահմանափակմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

2. Նույն արարքները, որոնք կատարվել են մի խումբ անձանց կողմից`

պատժվում են ազատազրկմամբ՝ երեքից հինգ տարի ժամկետով:

3. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքները, որոնք անզգուշությամբ առաջացրել են այլ ծանր հետևանքներ`

պատժվում են ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով:

4. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ կամ երրորդ մասով նախատեսված արարքները, որոնք կատարվել են ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում՝

պատժվում են ազատազրկմամբ՝ յոթից տասներեք տարի ժամկետով:»:

 

Հոդված 8. Օրենսգրքի 358-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 358. Պետի նկատմամբ բռնի գործողություններ կատարելը կամ դրանք կատարելու սպառնալիքը

 

1. Զորամասում կամ զինվորական ծառայություն կրելու այլ վայրում պետին (հրամանատարին) ծեծելը կամ նրա նկատմամբ այլ բռնություն գործադրելը կամ դա գործադրելու սպառնալիքը պետի (հրամանատարի) կամ նրա մերձավորի նկատմամբ, եթե դա կապված չէ զինվորական ծառայության պարտականությունները կատարելու հետ`

պատժվում է զինվորական ծառայության մեջ սահմանափակմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կալանքով` առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով` առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով:

2. Զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ պետին (հրամանատարին) ծեծելը կամ նրա նկատմամբ այլ բռնություն գործադրելը կամ դա գործադրելու սպառնալիքը պետի (հրամանատարի) կամ նրա մերձավորի նկատմամբ՝

պատժվում է զինվորական ծառայության մեջ սահմանափակմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը հինգ տարի ժամկետով:

3. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքները, որոնք կատարվել են՝

1) մի խումբ անձանց կողմից,

2) զենք կամ որպես զենք օգտագործվող այլ առարկա գործադրելով,

3) առողջությանը թեթև կամ միջին ծանրության վնաս պատճառելով՝

պատժվում են ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով:

4. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ կամ երրորդ մասով նախատեսված արարքները, որոնք անզգուշությամբ պատճառել են առողջությանը ծանր վնաս կամ այլ ծանր հետևանքներ`

պատժվում են ազատազրկմամբ` վեցից տասներկու տարի ժամկետով:

5. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ կամ երրորդ կամ չորրորդ մասով նախատեսված արարքները, որոնք կատարվել են ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում՝

պատժվում են ազատազրկմամբ՝ յոթից տասներեք տարի ժամկետով:»:

 

Հոդված 9. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 358.1-ին հոդվածով.

 

«Հոդված 358.1. Ստորադասի նկատմամբ բռնի գործողություններ կատարելը կամ դրանք կատարելու սպառնալիքը

 

1. Զորամասում կամ զինվորական ծառայություն կրելու այլ վայրում ստորադասին (ենթակային) ծեծելը կամ նրա նկատմամբ այլ բռնություն գործադրելը կամ դա գործադրելու սպառնալիքը ստորադասի (ենթակայի) կամ նրա մերձավորի նկատմամբ, եթե դա կապված չէ զինվորական ծառայության պարտականությունները կատարելու հետ`

պատժվում է զինվորական ծառայության մեջ սահմանափակմամբ` մեկից երկու տարի ժամկետով, կամ կալանքով` առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով` առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը չորս տարի ժամկետով:

2. Զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ ստորադասին (ենթակային) ծեծելը կամ նրա նկատմամբ այլ բռնություն գործադրելը կամ դա գործադրելու սպառնալիքը ստորադասի (ենթակայի) կամ նրա մերձավորի նկատմամբ`

պատժվում է զինվորական ծառայության մեջ սահմանափակմամբ` մեկից երեք տարի ժամկետով, կամ կալանքով` մեկից երեք ամիս ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը հինգ տարի ժամկետով:

3. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքները, որոնք կատարվել են`

1) մի խումբ անձանց կողմից,

2) երկու կամ ավելի անձանց նկատմամբ,

3) զենք կամ որպես զենք օգտագործվող այլ առարկա գործադրելով,

4) առողջությանը թեթև կամ միջին ծանրության վնաս պատճառելով`

պատժվում են ազատազրկմամբ` չորսից ութ տարի ժամկետով:

4. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ կամ երրորդ մասով նախատեսված արարքները, որոնք անզգուշությամբ պատճառել են առողջությանը ծանր վնաս կամ այլ ծանր հետևանքներ`

պատժվում են ազատազրկմամբ` յոթից տասներկու տարի ժամկետով:

5. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ կամ երրորդ կամ չորրորդ մասով նախատեսված արարքները, որոնք կատարվել են ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում`

պատժվում են ազատազրկմամբ` ութից տասներեք տարի ժամկետով:»:

 

Հոդված 10. Օրենսգրքի 359-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 359. Զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջև ստորադասության (ենթակայության) հարաբերությունների բացակայության դեպքում

 

1. Զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջև ստորադասության (ենթակայության) հարաբերությունների բացակայության դեպքում, որն արտահայտվել է ծաղրուծանակի ենթարկելով կամ հալածելով կամ ծեծելով կամ այլ բռնի գործողություններ կատարելով՝

պատժվում է կարգապահական գումարտակում պահելով՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

2. Նույն արարքը, որը կատարվել է՝

1) երկու կամ ավելի անձանց նկատմամբ,

2) մի խումբ անձանց կողմից,

3) զենք կամ առողջությանը վնաս պատճառելու համար հատուկ հարմարեցված այլ առարկաներ գործադրելով,

4) անձի առողջությանը թեթև կամ միջին ծանրության վնաս պատճառելով՝

պատժվում է զինվորական ծառայության մեջ սահմանափակմամբ` առավելագույնը մեկից երեք տարի ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով` մեկից երեք տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ` մեկից հինգ տարի ժամկետով:

3. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ՝

պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով:

4. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ կամ երրորդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում`

պատժվում է ազատազրկմամբ` հինգից տասը տարի ժամկետով:»:

 

Հոդված 11. Օրենսգրքի 360-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 360. Զինծառայողին վիրավորանք հասցնելը

 

1. Զորամասում կամ զինվորական ծառայություն կրելու այլ վայրում զինծառայողին վիրավորանք հասցնելը՝ զինծառայողի պատիվն ու արժանապատվությունն անպարկեշտ ձևով ստորացնելը մեկ այլ զինծառայողի կողմից`

պատժվում է զինվորական ծառայության մեջ սահմանափակմամբ` առավելագույնը մեկ տարի ժամկետով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով՝ առավելագույնը վեց ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը մեկ տարի ժամկետով:

2. Նույն արարքը, որը կատարվել է ստորադասի (ենթակայի) կողմից պետի (հրամանատարի), ինչպես նաև պետի (հրամանատարի) կողմից ստորադասի (ենթակայի) նկատմամբ զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ՝

պատժվում է զինվորական ծառայության մեջ սահմանափակմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կալանքով՝ առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով:»:

 

Հոդված 12. Օրենսգրքի 361-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 361. Զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելը

 

1. Երեք օրից ավելի, բայց մեկ ամսից ոչ ավելի տևողությամբ, ինչպես նաև երեք ամսվա ընթացքում երեք և ավելի անգամ մեկ ժամից մինչև երեք օր տևողությամբ զինծառայողի կողմից զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելը կամ առանց հարգելի պատճառների ժամանակին ծառայության չներկայանալը`

պատժվում է կալանքով` առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով` առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ առավելագույնը երկու տարի ժամկետով:

2. Նույն արարքները, որոնք կատարվել են մի խումբ անձանց կողմից`

պատժվում են կալանքով` մեկից երեք ամիս ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով` մեկից երկու տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ` մեկից երկու տարի ժամկետով:

3. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է պատիժը կարգապահական գումարտակում կրող զինծառայողի կողմից՝

պատժվում է ազատազրկմամբ՝ մեկից երկու տարի ժամկետով:

4. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված արարքները, որոնք կատարվել են սպայի կամ ենթասպայի կողմից՝

պատժվում են զինվորական ծառայության մեջ սահմանափակմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

5. Սույն հոդվածի առաջին, երկրորդ, երրորդ կամ չորրորդ մասերով նախատեսված արարքները, եթե ինքնակամ բացակայությունը տևել է մեկ ամսից ավելի, բայց զինվորական ծառայությունից ժամանակավորապես խուսափելու նպատակով՝

պատժվում են զինվորական ծառայության մեջ սահմանափակմամբ` առավելագույնը մեկից երկու տարի ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով` մեկից երեք տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ` մեկից չորս տարի ժամկետով:

6. Սույն հոդվածի երրորդ կամ չորրորդ կամ հինգերորդ մասով նախատեսված արարքները, որոնք կատարվել են մի խումբ անձանց կողմից`

պատժվում են ազատազրկմամբ` մեկից հինգ տարի ժամկետով:

7. Սույն հոդվածով նախատեսված արարքները, որոնք կատարվել են ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում՝

պատժվում են ազատազրկմամբ՝ երեքից ութ տարի ժամկետով:

8. Սույն հոդվածով, բացառությամբ սույն հոդվածի յոթերորդ մասով նախատեսված դեպքի, նախատեսված արարքներն առաջին անգամ կատարած զինծառայողն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե դրանք կատարել է ծանր հանգամանքների զուգորդման հետևանքով, և եթե նրա գործողություններն այլ հանցակազմ չեն պարունակում:»:

 

Հոդված 13. Օրենսգրքի 362-րդ հոդվածի 4-րդ մասում «զինծառայողը կարող է ազատվել» բառերը փոխարինել «զինծառայողն ազատվում է» բառերով, իսկ նույն մասի «ազատվում է քրեական պատասխանատվությունից,» բառերը հանել:

 

Հոդված 14. Օրենսգրքի 363-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 363. Անդամախեղելու, հիվանդության սիմուլյացիայի կամ ապօրինի այլ եղանակով զինվորական ծառայությունը կամ դրա առանձին պարտականությունների կատարումը դադարեցնելը

 

1. Զինծառայողի կողմից իր առողջությանը վնաս պատճառելը (անդամախեղելը), որը հանգեցրել է կամ կարող էր հանգեցնել զինվորական ծառայության կամ դրա առանձին պարտականությունների կատարումը ժամանակավորապես դադարեցնելուն`

պատժվում է կալանքով՝ առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը չորս տարի ժամկետով:

2. Նույն արարքը, որը կատարվել է շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով`

պատժվում է կարգապահական գումարտակում պահելով` մեկից երեք տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ` մեկից հինգ տարի ժամկետով:

3. Զինծառայողի կողմից հիվանդության սիմուլյացիան կամ կեղծ փաստաթղթեր օգտագործելը կամ խաբեությունը, որը հանգեցրել է կամ կարող էր հանգեցնել զինվորական ծառայության կամ դրա առանձին պարտականությունների կատարումը ժամանակավորապես դադարեցնելուն՝

պատժվում է կալանքով՝ առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով` առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով:

4. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ կամ երրորդ մասով նախատեսված արարքները, որոնք կատարվել են զինվորական ծառայությունից վերջնականապես ազատվելու նպատակով՝

պատժվում են ազատազրկմամբ՝ երեքից վեց տարի ժամկետով:

5. Սույն հոդվածով նախատեսված արարքները, որոնք կատարվել են ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում՝

պատժվում են ազատազրկմամբ՝ հինգից տասը տարի ժամկետով:»:

 

Հոդված 15. Օրենսգրքի 364-րդ հոդվածի 1-ին մասում «զուգորդվել է դրանց փաստացի դադարեցմամբ» բառերը փոխարինել «զուգորդվել է դրանց չկատարմամբ կամ փաստացի դադարեցմամբ» բառերով:

 

Հոդված 16. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 364.1-ին հոդվածով.

 

«Հոդված 364.1. Զինծառայողի կողմից մոլեխաղեր կազմակերպելը կամ դրանց մասնակցելը

 

1. Զինծառայողի կողմից զորամասում, ծառայության վայրում կամ զինվորական ծառայության պարտականությունները կատարելու ընթացքում մոլեխաղերի մասնակցելը` իր կամ այլ անձի համար գույք, գույքի նկատմամբ իրավունք, արժեթղթեր կամ որևէ այլ առավելություն ստանալու նպատակով`

պատժվում է զինվորական ծառայության մեջ սահմանափակմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կալանքով` առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով` առավելագույնը մեկ տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը մեկ տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված մոլեխաղեր կազմակերպելը`

պատժվում է զինվորական ծառայության մեջ սահմանափակմամբ` մեկից երեք տարի ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով` մեկից երեք տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ` մեկից երեք տարի ժամկետով:

3. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքները, որոնք գույքային էական վնաս են պատճառել`

պատժվում են ազատազրկմամբ` երկուսից չորս տարի ժամկետով:

4. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքները, որոնք անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ`

պատժվում են ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով:»:

 

Հոդված 17. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 364.2-րդ հոդվածով.

 

«Հոդված 364.2. Զինծառայողի կողմից թմրամիջոց կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութ ապօրինի գործածելը

 

1. Զինծառայողի կողմից զորամասում, ծառայության վայրում կամ զինվորական ծառայության պարտականությունները կատարելու ընթացքում թմրամիջոց կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութ ապօրինի գործածելը`

պատժվում է զինվորական ծառայության մեջ սահմանափակմամբ` առավելագույնը մեկ տարի ժամկետով, կամ կալանքով` մինչև երեք ամիս ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով` մինչև մեկ տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ` մեկից երեք տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից`

պատժվում է զինվորական ծառայության մեջ սահմանափակմամբ` երկուսից երեք տարի ժամկետով, կամ կալանքով` մեկից երեք ամիս ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով` մինչև երկու տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ` մեկից երեք տարի ժամկետով:

3. Այն զինծառայողը, որն առանց բժշկի նշանակման թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր գործածելու կապակցությամբ բժշկական օգնություն ստանալու համար կամովին դիմել է բժշկական ծառայություն, ազատվում է սույն հոդվածով նախատեսված արարքի համար քրեական պատասխանատվությունից:»:

 

Հոդված 18. Օրենսգրքի 365-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 365. Մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը

 

1. Հայաստանի Հանրապետության վրա անակնկալ հարձակումը ժամանակին հայտնաբերելու և դրան դիմակայելու կամ Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովմանն ուղղված մարտական հերթապահության կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը, եթե այդ արարքը վնաս է պատճառել՝

պատժվում է կարգապահական գումարտակում պահելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ զինվորական ծառայության մեջ սահմանափակմամբ` մեկից երկու տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

2. Նույն արարքը, որը կատարվել է մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնների նկատմամբ անփույթ կամ անբարեխիղճ վերաբերմունքի հետևանքով և առաջացրել է էական վնաս`

պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից յոթ տարի ժամկետով:

3. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքը, որն առաջացրել է ծանր հետևանքներ՝

պատժվում է ազատազրկմամբ` երեքից ութ տարի ժամկետով:

4. Սույն հոդվածով նախատեսված արարքները, որոնք կատարվել են ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում՝

պատժվում են ազատազրկմամբ՝ չորսից տասը տարի ժամկետով:»:

 

Հոդված 19. Օրենսգրքի 366-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 366. Սահմանապահ ծառայություն կրելու կանոնները խախտելը

 

1. Սահմանապահ ծառայություն կրելու կանոնները խախտելը սահմանապահ վերակարգի մեջ մտնող կամ սահմանապահ ծառայության այլ պարտականություններ կատարող անձի կողմից, եթե այդ արարքը վնաս է պատճառել պետության անվտանգության շահերին՝

պատժվում է զինվորական ծառայության մեջ սահմանափակմամբ` մեկից երկու տարի ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնների նկատմամբ անփույթ կամ անբարեխիղճ վերաբերմունքի հետևանքով և առաջացրել է էական վնաս՝

պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից յոթ տարի ժամկետով:

3. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքը, որը ծանր հետևանքներ է պատճառել`

պատժվում է ազատազրկմամբ` երեքից ութ տարի ժամկետով:

4. Սույն հոդվածով նախատեսված արարքները, որոնք կատարվել են ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում՝

պատժվում են ազատազրկմամբ՝ չորսից տասը տարի ժամկետով:»:

 

Հոդված 20. Օրենսգրքի 367-րդ հոդվածում`

 

1) 1-ին մասը «պատժվում է» բառերից հետո լրացնել «զինվորական ծառայության մեջ սահմանափակմամբ` մեկից երկու տարի ժամկետով, կամ» բառերով.

2) 2-րդ մասի «Նույն» բառը փոխարինել «Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված» բառերով, իսկ «ծանր հետևանքներ» բառերը` «էական վնաս» բառերով.

3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին մասով.

«2.1. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքը, որը ծանր հետևանքներ է պատճառել`

պատժվում է ազատազրկմամբ` երկուսից վեց տարի ժամկետով:».

4) 3-րդ մասի «հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է» բառերը փոխարինել «հոդվածով նախատեսված արարքները, որոնք կատարվել են» բառերով, իսկ «պատժվում է» բառերը` «պատժվում են» բառերով:

 

Հոդված 21. Օրենսգրքի 368-րդ հոդվածում`

 

1) 1-ին մասը «պատժվում է» բառերից հետո լրացնել «զինվորական ծառայության մեջ սահմանափակմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ» բառերով.

2) 2-րդ մասի «Նույն» բառը փոխարինել «Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված» բառերով:

 

Հոդված 22. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 368.1-ին հոդվածով.

 

«Հոդված 368.1. Հասարակական կարգը պահպանելու կամ հասարակական անվտանգությունն ապահովելու ժամանակ ծառայություն կրելու կանոնները խախտելը

 

1. Հասարակական կարգը պահպանելու կամ հասարակական անվտանգություն ապահովելու ժամանակ ծառայություն կրելու կանոնները խախտելը հասարակական կարգի պահպանության կամ հասարակական անվտանգության ապահովման վերակարգի մեջ մտնող զինծառայողի կողմից, եթե այդ արարքն էական վնաս է պատճառել քաղաքացիների իրավունքներին ու օրինական շահերին`

պատժվում է կալանքով` առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով` առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով:

2. Նույն արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ`

պատժվում է ազատազրկմամբ` մեկից հինգ տարի ժամկետով:

3. Սույն հոդվածով նախատեսված արարքները, որոնք կատարվել են արտակարգ դրության, ռազմական դրության պայմաններում կամ պատերազմի ժամանակ՝

 պատժվում են ազատազրկմամբ՝ չորսից տասը տարի ժամկետով:»:

 

Հոդված 23. Օրենսգրքի 369-րդ հոդվածի 1-ին մասը «պատժվում է» բառերից հետո լրացնել «զինվորական ծառայության մեջ սահմանափակմամբ` մեկից երեք տարի ժամկետով, կամ» բառերով:

 

Հոդված 24. Օրենսգրքի 370-րդ հոդվածը «պատժվում է» բառերից հետո լրացնել «զինվորական ծառայության մեջ սահմանափակմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ» բառերով:

 

Հոդված 25. Օրենսգրքի 371-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 371. Ռազմական գույքը յուրացնելը կամ վատնելը

 

1. Զինծառայողին անձնական կամ ծառայողական օգտագործման համար տրամադրված համազգեստը կամ ռազմական հանդերձանքի առարկաները կամ ռազմական այլ գույքը յուրացնելը կամ վատնելը՝

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի առավելագույնը երկուհարյուրապատիկի չափով, կամ կարգապահական գումարտակում պահելով՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

2. Զենքը կամ ռազմամթերքը յուրացնելը կամ վատնելը՝

պատժվում է կարգապահական գումարտակում պահելով՝ մեկից երեք տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ մեկից հինգ տարի ժամկետով:

3. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում՝

պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից ութ տարի ժամկետով:»:

 

Հոդված 26. Օրենսգրքի 372-րդ հոդվածում`

 

1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Զինծառայողի կողմից անձնական օգտագործման համար իրեն տրամադրված զգեստը կամ ռազմական հանդերձանքի առարկաները զգալի չափերով, ինչպես նաև ծառայողական օգտագործման համար իրեն վստահված զենքը, ռազմամթերքը կամ ռազմական այլ գույքը կորցնելը կամ փչացնելը, որը կատարվել է դրանց պահպանության կանոնների խախտմամբ՝

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով:».

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ մասով.

«3. Սույն հոդվածում զգալի չափ է համարվում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկը գերազանցող գումարը (արժեքը):»:

 

Հոդված 27. Օրենսգրքի 373-րդ հոդվածում`

 

1) 1-ին մասը «պատժվում է» բառերից հետո լրացնել «զինվորական ծառայության մեջ սահմանափակմամբ` մեկից երեք տարի ժամկետով, կամ» բառերով.

2) 2-րդ մասը «պատժվում է» բառերից հետո լրացնել «զինվորական ծառայության մեջ սահմանափակմամբ` երկուսից երեք տարի ժամկետով, կամ» բառերով:

 

Հոդված 28. Օրենսգրքի 374-րդ հոդվածում`

 

1) 1-ին մասի «ստացողի կատարած գործողություններն առաջացրել են» բառերը փոխարինել «դա առաջացրել է» բառերով.

2) 1-ին մասը «պատժվում է» բառերից հետո լրացնել «զինվորական ծառայության մեջ սահմանափակմամբ` մեկից երեք տարի ժամկետով, կամ» բառերով:

 

Հոդված 29. Օրենսգրքի 375-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 375.

Իշխանությունը չարաշահելը, իշխանազանցությունը կամ իշխանության անգործությունը

 

1. Պետի (հրամանատարի) կամ պաշտոնատար անձի կողմից իշխանությունը կամ պաշտոնեական դիրքը չարաշահելը, իշխանազանցությունը կամ պաշտոնեական լիազորությունների սահմանն անցնելը, ինչպես նաև իշխանության անգործությունը, եթե այդ արարքները կատարվել են շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով, և եթե դրանք էական վնաս են պատճառել՝

պատժվում են ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով:

2. Նույն արարքները, որոնք անզգուշությամբ նյութական ծանր հետևանքներ են առաջացրել՝

պատժվում են ազատազրկմամբ՝ երեքից յոթ տարի ժամկետով` գույքի բռնագրավումով կամ առանց դրա:

3. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված արարքները, որոնք նյութական ծանր հետևանքներ են առաջացրել՝

պատժվում են ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով` գույքի բռնագրավումով կամ առանց դրա:

4. Սույն հոդվածով նախատեսված արարքները, որոնք կատարվել են ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում՝

պատժվում են ազատազրկմամբ՝ յոթից տասներեք տարի ժամկետով` գույքի բռնագրավումով կամ առանց դրա:»:

 

Հոդված 30. Օրենսգրքի 376-րդ հոդվածի 1-ին մասը «պատժվում է» բառերից հետո լրացնել «զինվորական ծառայության մեջ սահմանափակմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ» բառերով, իսկ նույն մասի «(գույքային վնասի դեպքում` հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկը գերազանցող գումարը կամ դրա արժեքը)» բառերը հանել:

 

Հոդված 31. Օրենսգրքի 377-րդ հոդվածի 1-ին մասը «պատժվում է» բառերից հետո լրացնել «զինվորական ծառայության մեջ սահմանափակմամբ` մեկից երկու տարի ժամկետով, կամ» բառերով:

 

Հոդված 32. Օրենսգրքի 379-րդ հոդվածը «Պետի» բառից հետո լրացնել «(հրամանատարի)» բառով:

 

Հոդված 33. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2013 թ. մայիսի 21

Երևան

ՀՕ-34-Ն

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան