Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-31-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (08.06.2013-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2013.05.29/28(968) Հոդ.503
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
02.05.2013
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
21.05.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.06.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2013 թվականի մայիսի 2-ին

 

«ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Այլընտրանքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2003 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-6-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 1-ին հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 1.

Այլընտրանքային ծառայության մասին օրենսդրությունը

 

Այլընտրանքային ծառայության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են սույն օրենքով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով»՝ այնքանով, որքանով սույն օրենքով այլ բան նախատեսված չէ, այլ օրենքներով, ինչպես նաև սույն օրենքի հիման վրա ընդունված այլ իրավական ակտերով:»:

 

Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 3.

Այլընտրանքային ծառայության անցնելու հիմքը

 

1. Այլընտրանքային զինվորական ծառայության կարող է անցնել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացին, որի կրոնական դավանանքին կամ համոզմունքներին հակասում են միայն զենք կրելը, պահելը, պահպանելը կամ օգտագործելը:

Այլընտրանքային աշխատանքային ծառայության կարող է անցնել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացին, որի կրոնական դավանանքին կամ համոզմունքներին հակասում է ընդհանրապես զինվորական ծառայություն անցնելը:

2. Պարտադիր զինվորական ծառայություն անցնող Հայաստանի Հանրապետության քաղաքացին չի կարող հրաժարվել իր ծառայությունից և ընտրել այլընտրանքային ծառայությունը, իսկ այլընտրանքային ծառայություն անցնող քաղաքացին չի կարող հրաժարվել իր ծառայությունից և ընտրել պարտադիր զինվորական ծառայությունը:»:

 

Հոդված 3. Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Այլընտրանքային ծառայության ուղարկվում է այն քաղաքացին, որը մինչև հերթական զորակոչին նախորդող փետրվարի 1-ը կամ օգոստոսի 1-ը սույն օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքով պարտադիր զինվորական ծառայությունն այլընտրանքային ծառայությամբ փոխարինելու մասին դիմել է այն տարածքային զինվորական կոմիսարիատ, որտեղ նա հաշվառված է, և որի այլընտրանքային ծառայության հարցերով հանրապետական հանձնաժողովը (այսուհետ` հանրապետական հանձնաժողով) որոշել է ուղարկել այլընտրանքային ծառայության: Հանրապետական հանձնաժողովը մշտապես գործող մարմին է և կազմված է տարածքային կառավարման, առողջապահության, աշխատանքի և սոցիալական հարցերի, կրթության և գիտության, ոստիկանության և պաշտպանության բնագավառներում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ազգային փոքրամասնությունների և կրոնի ոլորտները համակարգող ստորաբաժանման մեկական ներկայացուցիչներից: Հանրապետական հանձնաժողովի անհատական կազմը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

 

Հոդված 4. Օրենքի 5-րդ հոդվածում`

 

1) 1-ին մասի «36» թիվը փոխարինել «30» թվով.

2) 2-րդ մասի «42» թիվը փոխարինել «36» թվով:

 

Հոդված 5. Օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասում «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ստեղծված տեղական զորակոչային հանձնաժողովը և այլընտրանքային ծառայություն անցնելու մասին դիմումները քննարկող հանրապետական հանձնաժողովը (այսուհետ` հանրապետական հանձնաժողով), որի ստեղծման, գործունեության կարգը և անդամների կազմը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը» բառերը փոխարինել «տարածքային զինվորական կոմիսարիատը և հանրապետական հանձնաժողովը» բառերով:

 

Հոդված 6. Օրենքի 7-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 7.

Պարտադիր զինվորական ծառայությունն այլընտրանքային ծառայությամբ փոխարինելու մասին դիմումը

 

1. Պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա քաղաքացին (այսուհետ՝ դիմումատու) այլընտրանքային ծառայություն ընտրելիս սույն օրենքի 4-րդ հոդվածով սահմանված ժամկետում գրավոր դիմում է ներկայացնում այն տարածքային զինվորական կոմիսարիատ, որտեղ նա հաշվառված է:

 2. Դիմումում նշվում են այն ներկայացնելու ամիսը, ամսաթիվը, տարեթիվը, դիմումատուի անունը, ազգանունը, հայրանունը, ստորագրությունը, բնակության վայրի հասցեն, նախընտրած այլընտրանքային ծառայության տեսակը, պարտադիր զինվորական ծառայություն չանցնելու հիմնավորումները:

3. Դիմումը գրանցվում է տարածքային զինվորական կոմիսարիատում:

4. Տարածքային զինվորական կոմիսարիատը պարզում է դիմումի ներկայացման՝ սույն օրենքի 4-րդ հոդվածով սահմանված ժամկետի պահպանման հարցը: Եթե դիմումը ներկայացվել է այդ ժամկետի խախտմամբ, ապա տարածքային զինվորական կոմիսարիատը դիմումը գրանցելու պահից 5 օրվա ընթացքում այն վերադարձնում է դիմումատուին: Տարածքային զինվորական կոմիսարիատը կարող է հարգելի համարել դիմումը ներկայացնելու ժամկետը բաց թողնելը, եթե այն բաց է թողնվել դիմումատուից անկախ պատճառներով:

5. Եթե դիմումը չի համապատասխանում սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված պահանջներին, ապա այն 5 օրվա ընթացքում վերադարձվում է դիմումատուին` նշելով դիմումում թույլ տրված բոլոր ձևական սխալները: Դիմումը վերադարձվելուց հետո` երկշաբաթյա ժամկետում, դիմումատուն իրավունք ունի վերացնելու դիմումում թույլ տրված բոլոր ձևական սխալները և այն կրկին ներկայացնելու տարածքային զինվորական կոմիսարիատ:

6. Տարածքային զինվորական կոմիսարիատը դիմումը գրանցելու պահից 30-օրյա ժամկետում «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով պարզում է դիմումատուին պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու կամ պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում տալու հիմքերի առկայությունը և դրանց բացակայության դեպքում ներկայացված դիմումը և դիմումատուի անձնական գործն ուղարկում է հանրապետական հանձնաժողով:

7. Դիմումատուին պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու կամ պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում տալու հիմքերի առկայության դեպքում դիմումը հանրապետական հանձնաժողով չի ներկայացվում, և այն տարածքային զինվորական կոմիսարիատում գրանցվելու պահից 30 օրվա ընթացքում վերադարձվում է դիմումատուին:»:

 

Հոդված 7. Օրենքի 8-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 8.

Այլընտրանքային ծառայության մասին դիմումը քննարկելը

 

1. Հանրապետական հանձնաժողովը ներկայացված դիմումը քննարկում է առանձին նիստում, որի անցկացման ժամանակի և վայրի մասին նախապես տեղեկացվում է դիմումատուն, որն իրավունք ունի մասնակցելու հանրապետական հանձնաժողովի նիստին: Հանրապետական հանձնաժողովի պահանջի դեպքում դիմումատուի մասնակցությունը հանձնաժողովի նիստին պարտադիր է:

2. Հանրապետական հանձնաժողովի նիստին կարող են հրավիրվել կրոնագետներ, հոգեբաններ և այլ մասնագետներ, այլընտրանքային ծառայության վայրերի հիմնարկների, կրոնական և այլ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, այլ անձինք:»:

 

Հոդված 8. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 8.1-ին հոդվածով.

 

«Հոդված 8.1.

Պարտադիր զինվորական ծառայությունն այլընտրանքային ծառայությամբ փոխարինելու մասին հանրապետական հանձնաժողովի որոշումը

 

1. Հանրապետական հանձնաժողովը յուրաքանչյուր դիմումի վերաբերյալ որոշում է կայացնում նիստին ներկա անդամների ձայների 2/3-ով, եթե հանձնաժողովի նիստին ներկա է հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի կեսից ավելին: Որոշումն ընդունման պահից 10 օրվա ընթացքում ուղարկվում է դիմումատուին և համապատասխան տարածքային զինվորական կոմիսարիատ:

2. Դիմումը քննարկելուց հետո հանրապետական հանձնաժողովը որոշում է կայացնում դիմումատուին նրա նախընտրած այլընտրանքային ծառայության ուղարկելու կամ դիմումը մերժելու մասին:

3. Դիմումը բավարարելու և դիմումատուին այլընտրանքային աշխատանքային ծառայության ուղարկելու մասին որոշմամբ հանրապետական հանձնաժողովը սահմանում է նաև այլընտրանքային աշխատանքային ծառայության ընթացքում դիմումատուի կողմից կատարվող աշխատանքների տեսակը և բնույթը: Այլընտրանքային աշխատանքային ծառայության ուղարկված անձանց կողմից այլընտրանքային աշխատանքային ծառայության ընթացքում կատարվող աշխատանքների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

4. Դիմումը մերժելու մասին որոշում ընդունելու դեպքում հանրապետական հանձնաժողովը նշում է դիմումը մերժելու հիմքերը և այն վիճարկելու կարգը:

5. Հանրապետական հանձնաժողովի կողմից դիմումը քննարկելու և դրա վերաբերյալ որոշում ընդունելու ժամկետը չի կարող գերազանցել մեկ ամիսը:»:

 

Հոդված 9. Օրենքի 9-րդ հոդվածում`

 

1) 1-ին մասի 1-ին կետում «կրկին» բառը փոխարինել «երկրորդ անգամ» բառերով.

2) 1-ին մասի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2) դիմումատուն ներկայացրել է իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ.».

3) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ կետով.

«3) դիմումն ակնհայտ անհիմն է:».

4) 2-րդ մասը ճանաչել ուժը կորցրած:

 

Հոդված 10. Օրենքի 10-րդ հոդվածը ճանաչել ուժը կորցրած:

 

Հոդված 11. Օրենքի 11-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 11.

Այլընտրանքային ծառայության հետ կապված վեճերի լուծումը

 

1. Այլընտրանքային ծառայության հետ կապված վեճերը լուծվում են օրենքով սահմանված կարգով:»:

 

Հոդված 12. Օրենքի 13-րդ հոդվածում «զորակոչային» բառը փոխարինել «հանրապետական» բառով:

 

Հոդված 13. Օրենքի 14-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 14.

Այլընտրանքային ծառայության կազմակերպումն ու իրականացումն ապահովելը

 

1. Այլընտրանքային զինվորական ծառայության իրականացումը կազմակերպում և վերահսկում է պաշտպանության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը:

2. Այլընտրանքային աշխատանքային ծառայության իրականացումը կազմակերպում և վերահսկում է (են) Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը (մարմինները):

3. Այլընտրանքային աշխատանքային ծառայության նկատմամբ չի կարող սահմանվել զինվորական վերահսկողություն:

4. Այլընտրանքային աշխատանքային ծառայողները ծառայությունն անցնում են այլընտրանքային աշխատանքային ծառայության վայրի կազմակերպություններում:

5. Այլընտրանքային աշխատանքային ծառայության վայրի կազմակերպությունների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

6. Այլընտրանքային ծառայությունը կազմակերպվում և իրականացվում է պետական բյուջեի միջոցների հաշվին:»:

 

Հոդված 14. Օրենքի 15-րդ հոդվածը ճանաչել ուժը կորցրած:

 

Հոդված 15. Օրենքի 16-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 9-րդ մասով.

 

«9. Հայաստանի Հանրապետության կառավարությունը սահմանում է նույն զորամասում այլընտրանքային զինվորական ծառայողների առավելագույն թիվը:»:

 

Հոդված 16. Օրենքի 17-րդ հոդվածում`

 

1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Այլընտրանքային աշխատանքային ծառայության կանչված քաղաքացին պարտավոր է սույն օրենքի 13-րդ հոդվածով սահմանված կարգով տրված ծանուցագրում նշված օրը ներկայանալ այլընտրանքային աշխատանքային ծառայության վայր: Քաղաքացին այլընտրանքային աշխատանքային ծառայության վայր մեկնում է իր միջոցների հաշվին:».

2) 2-րդ մասից հանել «` ապահովելով լրիվ զբաղվածություն» բառերը, իսկ նույն մասի «կազմակերպության գտնվելու վայրի» բառերը փոխարինել «քաղաքացուն ծանուցագիր հանձնած» բառերով.

3) 3-րդ մասի «պաշտպանության բնագավառում պետական լիազոր մարմնի» բառերը փոխարինել «հանրապետական հանձնաժողովի» բառերով.

4) 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Այլընտրանքային աշխատանքային ծառայության վայրը, որպես կանոն, պետք է լինի այլընտրանքային ծառայողի հաշվառման վայրից (հաշվառման վայր չունենալու դեպքում` փաստացի բնակության վայրից) ոչ ավելի, քան 30 կմ հեռավորության վրա: Հակառակ դեպքում այլընտրանքային աշխատանքային ծառայողին վճարվում է փոխհատուցում, որի չափը և վճարման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:».

5) 5-րդ մասը ճանաչել ուժը կորցրած:

 

Հոդված 17. Օրենքի 18-րդ հոդվածում`

 

1) 1-ին մասի «ապահովում է սննդով, սահմանված ձևի արտահագուստով, ներքնաշորերով, քնելատեղով, անկողնային և անձնական հիգիենայի պարագաներով,» բառերը հանել.

2) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Կազմակերպության ղեկավարն այլընտրանքային աշխատանքային ծառայողի համար ապահովում է այնպիսի աշխատանքային պայմաններ, որոնք պարտավոր էր ապահովել նույն բնույթի աշխատանքներ կատարող այլ պայմանագրային կամ հաստիքային աշխատողի համար:»:

 

Հոդված 18. Օրենքի 19-րդ հոդվածում`

 

1) 1-ին մասը «Այլընտրանքային» բառից հետո լրացնել «զինվորական» բառով.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.

«1.1. Այլընտրանքային աշխատանքային ծառայողին տրվում է ամսական դրամական բավարարում` մինչև երեսուն հազար դրամի չափով:».

3) 2-րդ մասի «որպես խրախուսանք կարող է տրվել 15 օրացուցային օր տևողությամբ միանվագ արձակուրդ» բառերը փոխարինել «տրվում է տարեկան 10 օրացուցային օր տևողությամբ արձակուրդ» բառերով.

4) 4-րդ մասի «կրել սահմանված նմուշի արտահագուստ,» բառերը հանել.

5) 5-րդ մասի «օրական 8» բառերը փոխարինել «շաբաթական 48» բառերով:

 

Հոդված 19. Օրենքի 24-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ և 4-րդ մասերով.

 

«3. «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 12-րդ և 13-րդ մասերով նախատեսված դեպքերում սույն օրենքի 5-րդ հոդվածով նախատեսված` այլընտրանքային ծառայության ժամկետը նվազեցվում է անձի՝ քրեական պատիժ կրելու կամ քրեական հետապնդման ենթարկվելու արդյունքում անազատության մեջ գտնվելու ժամկետով:

4. «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 12-րդ և 13-րդ մասերով նախատեսված դեպքերում դիմումը ներկայացվում է հանրապետական հանձնաժողով, որը սույն օրենքի 8-րդ և 8.1-ին հոդվածներով նախատեսված ընդհանուր կարգով քննում է անձի դիմումը և որոշում կայացնում անձին նրա նախընտրած այլընտրանքային ծառայությանն ուղարկելու կամ դիմումը մերժելու մասին: Այլընտրանքային ծառայության ուղարկելու մասին դիմումը բավարարելու դեպքում կայացված որոշման մեջ նշվում է նաև այլընտրանքային ծառայություն անցնելու ժամկետը՝ հաշվի առնելով սույն հոդվածի 3-րդ մասի պահանջները:»:

 

Հոդված 20. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2013 թ. մայիսի 21

Երևան

ՀՕ-31-Ն