Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-4-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (23.03.2013-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2013.03.13/14(954) Հոդ.171
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
05.02.2013
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
25.02.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.03.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2013 թվականի փետրվարի 5-ին

 

«ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի դեկտեմբերի 14-ի ՀՕ-43-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 1-ին հոդվածն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածից հանել «ամրագրվում են Հայաստանի Հանրապետությունում համայնքային ծառայության հիմնական սկզբունքները,» բառերը:

 

Հոդված 3. Օրենքի 3-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 3.

Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

 

1. Սույն օրենքի հիմնական հասկացություններն օգտագործվում են «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածով սահմանված հիմնական հասկացությունների իմաստով:»:

 

Հոդված 4. Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«1. Սույն օրենքի գործողությունը տարածվում է քաղաքապետարանների և գյուղապետարանների աշխատակազմերում (այսուհետ` աշխատակազմ) համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկերով նախատեսված պաշտոններ զբաղեցնող բոլոր անձանց վրա:»:

 

Հոդված 5. Օրենքի 5-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 5.

Համայնքային ծառայության հիմնական սկզբունքները

 

1. Համայնքային ծառայության վրա տարածվում են «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածով սահմանված հանրային ծառայության հիմնական սկզբունքները:»:

 

Հոդված 6. Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասը «սույն օրենքով,» բառերից հետո լրացնել «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով,» բառերով:

 

Հոդված 7. Օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասի երկրորդ պարբերությունը «ունեցող» բառից հետո լրացնել «համայնքի» բառով:

 

Հոդված 8. Օրենքի 8-րդ հոդվածում`

 

1) «առավելագույն» բառը փոխարինել «ավելի բարձր» բառերով.

2) 2-րդ մասը «համայնքի ղեկավարը» բառերից հետո լրացնել «(բացառությամբ սույն հոդվածի 2.1-ին մասով նախատեսված դեպքերի)» բառերով, իսկ «աշխատակազմի քարտուղարը» բառերից հետո` «(բացառությամբ սույն հոդվածի 2.2-րդ մասով նախատեսված դեպքերի)» բառերով.

3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.2-րդ մասով.

«2.2. Սույն օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքում համայնքային ծառայության 2-րդ և 3-րդ դասի առաջատար ծառայողի, ինչպես նաև 1-ին, 2-րդ և 3-րդ դասի կրտսեր ծառայողի դասային աստիճանները շնորհում, ինչպես նաև սույն օրենքով նախատեսված դեպքերում դրանցից զրկում է համապատասխան համայնքի ղեկավարը.».

4) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Համայնքային ծառայության պաշտոնի նշանակման հետ միաժամանակ համայնքային ծառայողին շնորհվում է համայնքային ծառայության համապատասխան դասային աստիճան, եթե նա չունի համայնքային ծառայության համապատասխան կամ ավելի բարձր դասային աստիճան:».

5) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին և 3.2-րդ մասերով.

«3.1. Համայնքային ծառայողին իր զբաղեցրած պաշտոնին համապատասխանող համայնքային ծառայության դասային աստիճանից ավելի բարձր դասային աստիճան կարող է շնորհվել ոչ շուտ, քան համայնքային ծառայության տվյալ խմբի տվյալ ենթախմբի պաշտոնը` սույն օրենքով նախատեսված համապատասխան դասային աստիճանով, երեք տարի անընդմեջ զբաղեցնելուց հետո: Սույն օրենքի իմաստով համայնքային ծառայության պաշտոնն անընդմեջ զբաղեցնել է համարվում տվյալ պաշտոնը զբաղեցնելու ողջ ժամանակահատվածը, կամ եթե համայնքային ծառայության մի պաշտոնից ազատվելու և մյուսին սահմանված կարգով նշանակվելու ժամանակահատվածը չի գերազանցել մեկ ամիսը:

3.2. Առաջին անգամ (բացառությամբ սույն օրենքի 18-րդ հոդվածով նախատեսված դեպքերի) համայնքային ծառայության պաշտոն զբաղեցնող անձին համայնքային ծառայության համապատասխան դասային աստիճան շնորհվում է սույն օրենքով նախատեսված փորձաշրջանի ավարտից հետո` եռօրյա ժամկետում:».

6) ուժը կորցրած ճանաչել 4-րդ մասը.

7) 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5. Պետական ծառայության դասային աստիճան (կոչում) ունեցող անձին համայնքային ծառայության պաշտոնի առաջին անգամ նշանակելու հետ միաժամանակ շնորհվում է նրա պետական ծառայության դասային աստիճանին (կոչմանը) համապատասխան համայնքային ծառայության դասային աստիճան, եթե նրա ունեցած պետական ծառայության դասային աստիճանը (կոչումը) ցածր չէ տվյալ պաշտոնի համար նախատեսված համայնքային ծառայության դասային աստիճանից, իսկ տվյալ պաշտոնի համար նախատեսված համայնքային ծառայության դասային աստիճանից ցածր պետական ծառայության դասային աստիճան (կոչում) ունենալու դեպքում` համայնքային ծառայության տվյալ պաշտոնին համապատասխան համայնքային ծառայության դասային աստիճան: Քաղաքացիական ծառայության 1-ին կամ 2-րդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան կամ դրանց համապատասխանող պետական ծառայության մյուս տեսակների դասային աստիճան (կոչում) ունեցող անձին համայնքային ծառայության պաշտոնի առաջին անգամ նշանակելու հետ միաժամանակ շնորհվում է համայնքային ծառայության 1-ին դասի խորհրդականի դասային աստիճան:»:

 

Հոդված 9. Օրենքի 10-րդ հոդվածում`

 

1) 1-ին մասի «ա» և «բ» կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ա) համայնքային ծառայության գլխավոր պաշտոններ` բարձրագույն կրթություն, համայնքային ծառայության առնվազն առաջատար պաշտոնների 2-րդ ենթախմբի պաշտոններում կամ դրանց համապատասխանող` պետական ծառայության պաշտոններում առնվազն երկու տարվա ստաժ կամ առնվազն հինգ տարվա համայնքային ծառայության ստաժ և համայնքային ծառայության 2-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան կամ առնվազն հինգ տարվա հանրային ծառայության ստաժ և համայնքային ծառայության 2-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճանին համապատասխանող` պետական ծառայության դասային աստիճան (կոչում) կամ վերջին չորս տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն երկու տարվա աշխատանքային ստաժ կամ վերջին ութ տարվա ընթացքում համայնքի ավագանու անդամի աշխատանքային գործունեության առնվազն երեք տարվա փորձ կամ գիտական աստիճան և առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ առնվազն հինգ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, իսկ ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարի պաշտոնի դեպքում` առնվազն երեք տարվա մասնագիտական գործունեության փորձ աուդիտի ոլորտում.

բ) համայնքային ծառայության առաջատար պաշտոններ` բարձրագույն կրթություն, համայնքային ծառայության կամ պետական ծառայության պաշտոններում առնվազն երկու տարվա ստաժ կամ վերջին երեք տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ կամ վերջին ութ տարվա ընթացքում համայնքի ավագանու անդամի աշխատանքային գործունեության առնվազն երկու տարվա փորձ կամ առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, իսկ ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարի պաշտոնի դեպքում` առնվազն երեք տարվա մասնագիտական գործունեության փորձ աուդիտի ոլորտում.».

2) 2-րդ մասի առաջին պարբերության «պետական կամ համայնքային» բառերը փոխարինել «պետական և (կամ) համայնքային» բառերով.

3) 2-րդ մասի երկրորդ պարբերությունը և 3-րդ մասը «ունեցող» բառից հետո լրացնել «համայնքի» բառով:

 

Հոդված 10. Օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասում`

 

1) «բ» կետի «համայնքային և (կամ) քաղաքացիական» բառերը փոխարինել «հանրային» բառով.

2) «ե» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ե) օրենքի խախտմամբ չի անցել ժամկետային պարտադիր զինվորական ծառայություն:»:

 

Հոդված 11. Օրենքի 14-րդ հոդվածում`

 

1) 8-րդ մասի երրորդ պարբերության «հանձնաժողովը» բառը փոխարինել «հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ» բառերով.

2) 9.1-ին մասի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Սույն մասի առաջին պարբերությամբ նախատեսված գրավոր բողոքը քննության է առնում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը` որոշելով կոնկրետ մասնակցի` մրցույթում հաղթող ճանաչելու, իսկ հարցազրույցի փուլը սահմանված կարգի խախտմամբ անցկացված լինելու դեպքում` նոր հարցազրույցի փուլ անցկացնելու հարցը: Մրցույթի արդյունքների բողոքարկման դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի որոշումները կրում են պարտադիր բնույթ:»:

 

Հոդված 12. Օրենքի 14.1-ին հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ մասով.

 

«4. Համայնքային ծառայության թափուր պաշտոն (բացառությամբ աշխատակազմի քարտուղարի, ինչպես նաև նոր ստեղծված համայնքային ծառայության պաշտոնների) առաջանալու դեպքում մեկշաբաթյա ժամկետում, մինչև տվյալ պաշտոնի համար մրցույթ հայտարարելը, տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձն իրավասու է տվյալ թափուր պաշտոնում նշանակելու համապատասխան աշխատակազմի կամ աշխատակազմի համապատասխան ստորաբաժանման այն համայնքային ծառայողին, որը միաժամանակ՝

ա) բավարարում է տվյալ թափուր պաշտոնի անձնագրի պահանջները.

բ) համարվում է համայնքային ծառայության միևնույն խմբի պաշտոն զբաղեցնող կամ առնվազն ունի տվյալ թափուր պաշտոնի համար նախատեսված համայնքային ծառայության դասային աստիճան կամ զբաղեցնելու է համայնքային ծառայության իր զբաղեցրած պաշտոնի խմբին հաջորդող բարձր խմբի 3-րդ կամ 2-րդ ենթախմբի պաշտոն.

գ) ստորաբաժանման մեջ ներառված համայնքային ծառայության թափուր պաշտոնի դեպքում համարվում է կոնկրետ ստորաբաժանման համայնքային ծառայող, իսկ ստորաբաժանման մեջ չներառված աշխատակազմի համայնքային ծառայության թափուր պաշտոնի դեպքում` աշխատակազմի համայնքային ծառայող.

դ) այդ մասին տվել է գրավոր համաձայնություն:»:

 

Հոդված 13. Օրենքի 15-րդ հոդվածում`

 

1) 2.1-ին մասում «Քաղաքացիական ծառայության դասային աստիճան» բառերը փոխարինել «Հանրային ծառայության մյուս տեսակների դասային աստիճան (կոչում)» բառերով.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ մասով.

«3. Աշխատակազմի քարտուղարի պաշտոնը թափուր, այդ թվում` ժամանակավոր թափուր լինելու և պաշտոնի անձնագրով նախատեսված փոխարինող համայնքային ծառայողի բացակայության կամ աշխատակազմի քարտուղարի թափուր պաշտոնը ժամկետային աշխատանքային պայմանագրով զբաղեցված չլինելու դեպքում համայնքային ծառայության առաջատար խմբի երկրորդ և երրորդ ենթախմբերի, ինչպես նաև կրտսեր խմբի պաշտոններում նշանակում և այդ պաշտոններից ազատում է տվյալ համայնքի ղեկավարը:»:

 

Հոդված 14. Օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասում`

 

1) «տեքստը» բառից հետո լրացնել «, որը կցվում է նրա անձնական գործին» բառերով.

2) հանել երկրորդ նախադասությունը:

 

Հոդված 15. Օրենքի 17-րդ հոդվածում`

 

1) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Համայնքային ծառայության ստաժը հաշվարկվում է համայնքային ծառայողի ընդհանուր աշխատանքային ստաժում: Համայնքային ծառայության ստաժը հաշվարկվում է նաև համայնքային ծառայողի մասնագիտական աշխատանքային ստաժում, եթե այն համապատասխանում է ստացած բարձրագույն կրթությանը:».

2) 3-րդ մասի «Սույն օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի «ը» կետով նախատեսված հիմքով` համայնքային ծառայության պաշտոնից ազատված անձի» բառերը փոխարինել «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածով նախատեսված մարմիններում» բառերով:

 

Հոդված 16. Օրենքի 19-րդ հոդվածում`

 

1) 2-րդ մասի «ատեստավորումն անցկացվում է» բառերը փոխարինել «ատեստավորումը կարող է անցկացվել» բառերով.

2) 5-րդ մասի առաջին պարբերության «ա» կետի «մեկ» բառը փոխարինել «երեք» բառով.

3) 5-րդ մասի առաջին պարբերությունը լրացնել հետևյալ բովանդակությամբ «դ» կետով.

«դ) սույն օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով համայնքային ծառայության պաշտոն զբաղեցնող համայնքային ծառայողները:».

4) 5-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

«Սույն մասի «ա» կետը չի տարածվում սույն օրենքի 14.1-ին հոդվածի 4-րդ մասով և 29-րդ հոդվածով սահմանված կարգով համայնքային ծառայության պաշտոն զբաղեցնելու դեպքերի վրա:».

5) 9-րդ մասի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Փաստաթղթային ատեստավորման ենթակա են այն համայնքային ծառայողները, որոնք ունեն զբաղեցրած պաշտոնի ենթախմբի համար սույն օրենքով նախատեսված համապատասխան դասային աստիճանից բարձր դասային աստիճան կամ համայնքային ծառայության նույն պաշտոնն զբաղեցնելու ընթացքում ատեստավորվել են:»:

 

Հոդված 17. Օրենքի 21-րդ հոդվածում`

 

1) 1-ին մասի «ա» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ա) համայնքների ղեկավարների, համայնքների ղեկավարների տեղակալների, համայնքների ղեկավարների խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների, Երևանի գլխավոր ճարտարապետի, Երևանի վարչական շրջանի ղեկավարի և նրա տեղակալի, համայնքների ղեկավարների տեղակալների օգնականների, Երևանի գլխավոր ճարտարապետի օգնականի պաշտոններ զբաղեցրած անձինք` պաշտոնավարման ավարտից հետո.».

2) 1-ին մասի «գ» կետն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 18. Օրենքի 22-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 22.

Համայնքային ծառայողի հիմնական իրավունքները

 

1. Համայնքային ծառայողն ունի «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով սահմանված հիմնական իրավունքները:»:

 

Հոդված 19. Օրենքի 23-րդ հոդվածի տեքստը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«1. Համայնքային ծառայողը կրում է «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածով սահմանված հիմնական պարտականությունները:»:

 

Հոդված 20. Օրենքի 24-րդ հոդվածում`

 

1) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «թ» կետով.

«թ) լինել նույն համայնքի ավագանու անդամ:».

2) 2-րդ մասի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Համայնքային ծառայության պաշտոնում նշանակվելուց հետո` մեկ ամսվա ընթացքում, համայնքային ծառայողը օրենքով սահմանված կարգով պարտավոր է առևտրային կազմակերպությունների կանոնադրական կապիտալում մասնակցություն (բաժնեմաս, բաժնետոմս, փայ և այլն) ունենալու դեպքում այն հանձնել հավատարմագրային կառավարման:»:

 

Հոդված 21. Օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետում «և» բառը փոխարինել «կամ» բառով:

 

Հոդված 22. Օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ը» կետով.

 

«ը) ծառայողական պարտականությունները կատարելիս հաշմանդամության դեպքում նրան, իսկ զոհվելու դեպքում նրա ընտանիքի անդամներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով համապատասխան վճարով ապահովելը:»:

 

Հոդված 23. Օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 24. Օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ մասը «կարող են համալրվել» բառերից հետո լրացնել «վերակազմակերպված կամ» բառերով:

 

Հոդված 25. Օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասում «գերազանց» բառը փոխարինել «կամ հատուկ առաջադրանքները որակյալ» բառերով:

 

Հոդված 26. Օրենքի 32-րդ հոդվածում`

 

1) 1-ին մասի «պաշտոնեական» բառը փոխարինել «ծառայողական» բառով.

2) 1-ին մասի «գ1» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«գ1) համայնքային ծառայողին նույն պաշտոնում աշխատելու ժամանակահատվածում շնորհված ավելի բարձր դասային աստիճանի իջեցում մեկ աստիճանով.».

3) 3-րդ մասի «առավելագույն» բառը փոխարինել «ավելի բարձր» բառերով.

4) 2-րդ մասի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Մինչև կարգապահական տույժ նշանակելը կարգապահական տույժ կիրառելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը կարգապահական խախտման վերաբերյալ պետք է գրավոր բացատրություն պահանջի կարգապահական խախտում թույլ տված համայնքային ծառայողից:»:

 

Հոդված 27. Օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասում`

 

1) «բ» և «գ» կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«բ) սույն օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետով նախատեսված կարգապահական տույժի կիրառումից հետո` մեկ տարվա ընթացքում, նոր կարգապահական խախտում թույլ տալու հիմքով սույն օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի «գ1» կետով նախատեսված տույժի կիրառումը.

 գ) սույն օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կամ «գ1» կետով նախատեսված կարգապահական տույժի կիրառումից հետո` մեկ տարվա ընթացքում, նոր կարգապահական խախտում թույլ տալու հիմքով սույն օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետով նախատեսված տույժի կիրառումը.».

2) «ժզ» կետի «համայնքային» բառը փոխարինել «հանրային» բառով.

3) լրացնել հետևյալ բովանդակությամբ «իա» և «իբ» կետերով.

«իա) սույն օրենքի 14.1-ին հոդվածի 4-րդ մասով կամ 29-րդ հոդվածով սահմանված կարգով համայնքային ծառայության թափուր պաշտոնում նշանակվելը.

իբ) սույն օրենքով նախատեսված ատեստավորմանը երեք անգամ չներկայանալը:»:

 

Հոդված 28. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2013 թ. փետրվարի 25
Երևան

ՀՕ-4-Ն

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան