Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-248
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (10.03.2013-01.09.2013)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2005.05.04/26(398) Հոդ.908
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
23.10.2001
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
19.11.2001
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.12.2001

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է 2001 թվականի հոկտեմբերի 23-ին

ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Գ Լ ՈՒ Խ  1.

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1. ՕՐԵՆՔԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՐԿԱՆ

Սույն օրենքը սահմանում է պետական ոչ առևտրային կազմակերպությունների (այսուհետ` պետական կազմակերպություն) իրավական վիճակը, դրանց ստեղծման, գործունեության, վերակազմակերպման և լուծարման կարգը, ինչպես նաև պետական կազմակերպության փոխհարաբերությունները պետական մարմինների հետ:

 

Հոդված 2. ՊԵՏԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Պետական կազմակերպությունների մասին օրենսդրությունը բաղկացած է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքից, սույն օրենքից, այլ օրենքներից և իրավական ակտերից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերից:

 

Հոդված 3. ՀԻՄՆԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

1. Պետական կազմակերպությունը շահույթ ստանալու նպատակ չհետապնդող, իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող ոչ առևտրային կազմակերպություն է, որն ստեղծվում է միայն մշակույթի, առողջապահության, սոցիալական, սպորտի, կրթության, գիտության, բնապահպանական և ոչ առևտրային այլ բնագավառներում գործունեություն իրականացնելու նպատակով:

2. Պետական կազմակերպությունը որպես սեփականություն ունի առանձնացված գույք և իր պարտավորությունների համար պատասխանատու է այդ գույքով: Պետական կազմակերպությունը կարող է իր անունից ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:

3. Պետական կազմակերպությունն ունի անվանում, որը պետք է ներառի «պետական ոչ առևտրային կազմակերպություն» բառերը, ինչպես նաև ցուցում` պետական կազմակերպության գործունեության բնագավառի մասին, եթե անվանումից դա ակնհայտ չէ:

4. Պետական կազմակերպության գտնվելու վայրը նրա մշտական գործող մարմնի գտնվելու վայրն է:

5. Պետական կազմակերպությունը այլ կազմակերպության հիմնադիր կամ մասնակից կարող է հանդիսանալ միայն հիմնադրի որոշմամբ:

6. Պետական կազմակերպությունը կարող է ունենա Հայաստանի Հանրապետության պետական զինանշանի պատկերով և կազմակերպության հայերեն անվանմամբ կլոր կնիք: Պետական կազմակերպությունը կարող է ունենալ իր անվանմամբ ձևաթղթեր, խորհրդանիշ և անհատականացման այլ միջոցներ:

7. Պետական կազմակերպությունն ունի ինքնուրույն հաշվեկշիռ:

(3-րդ հոդվածը փոփ. 13.04.11 ՀՕ-103-Ն) 

 

Հոդված 4. ՊԵՏԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

 1. Պետական կազմակերպության սեփականությունը ձևավորվում է կազմակերպության հիմնադրման ժամանակ և հետագայում հիմնադրի կողմից սեփականության իրավունքով նրան հանձնվող, ինչպես նաև պետական կազմակերպության գործունեության ընթացքում արտադրված և ձեռք բերված գույքից:

Հիմնադրման ժամանակ պետական կազմակերպությանը հիմնադրի կողմից որպես սեփականություն հանձնվող գույքի չափը սահմանվում է պետական կազմակերպության հիմնադրման մասին որոշմամբ: Հիմնադրման ժամանակ պետական կազմակերպությանը հիմնադիրը չի կարող որպես սեփականություն հանձնել նվազագույն աշխատավարձի տասհազարապատիկից ավելի արժողությամբ գույք, եթե օրենքով կամ հիմնադրի որոշմամբ այլ բան նախատեսված չէ:

2. Պետական կազմակերպությունն իրավունք ունի օրենքին, հիմնադրի որոշումներին և (կամ) իր կանոնադրությանը համապատասխան` իր հայեցողությամբ տիրապետել, տնօրինել և օգտագործել սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքը:

3. Պետական կազմակերպությանը սեփականության իրավունքով պատկանող գույքի նկատմամբ հիմնադիրը չունի իրավունքներ, բացառությամբ պետական կազմակերպության լուծարումից հետո մնացած գույքի:

4. Պետական կազմակերպության սեփականության պահպանման հոգսը կրում է պետական կազմակերպությունը:

5. Պետական կազմակերպության սեփականության վրա կարող է բռնագանձում տարածվել միայն դատական կարգով:

 

Հոդված 5. ՊԵՏԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆՆ ԱՄՐԱՑՎԱԾ ԳՈՒՅՔԸ

 

1. Հիմնադիրը կարող է պետական կազմակերպությանն անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել ցանկացած գույք:

2. Հիմնադիրն իրավունք ունի հետ վերցնել իր կողմից պետական կազմակերպությանն ամրացված գույքը:

3. Պետական կազմակերպությունն իրավունք չունի ամրացված գույքը կամ դրա նկատմամբ իր իրավունքները օտարել, գրավ դնել, հանձնել անհատույց օգտագործման:

Պետական կազմակերպությունն իրավունք ունի իրեն ամրացված գույքը պետության անունից հանձնել վարձակալության, եթե դա արգելված չէ հիմնադրի որոշմամբ կամ պետական կազմակերպության կանոնադրությամբ: Ամրացված գույքի վարձակալության ժամկետը մեկ տարուց ավելի չի կարող սահմանվել, բացառությամբ հիմնադրի կողմից սահմանված դեպքերի:

Ամրացված գույքի օգտագործման արդյունքում պետական կազմակերպության ստացած եկամուտները պետական կազմակերպության սեփականությունն են, եթե այլ բան նախատեսված չէ պետական կազմակերպության կանոնադրությամբ:

Պետական կազմակերպությանն ամրացված գույքի օգտագործման ընթացքում առաջացած անբաժանելի բարելավումները հիմնադրի սեփականությունն են:

4. Հիմնադրի կողմից գույքը պետական կազմակերպության ամրացնելը հիմք չէ այդ գույքի նկատմամբ հիմնադրի կամ երրորդ անձանց իրավունքները դադարեցնելու կամ փոփոխելու համար:

5. Հիմնադրի կողմից պետական կազմակերպությանն ամրացված անշարժ գույքի կամ պետական պարտադիր գրանցման ենթակա գույքի նկատմամբ պետական կազմակերպության օգտագործման իրավունքը ծագում է դրանց նկատմամբ իրավունքի պետական գրանցման պահից:

 

Հոդված 6. ՊԵՏԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

 

1. Պետական կազմակերպությունը ձեռնարկատիրական գործունեությամբ կարող է զբաղվել միայն օրենքով կամ հիմնադրի որոշմամբ ուղղակիորեն նախատեսված դեպքերում և գործունեության տեսակներով: Լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներով պետական կազմակերպությունը կարող է զբաղվել միայն լիցենզիայի հիման վրա:

2. Պետական կազմակերպության գործունեության ընթացքում առաջացած շահույթն օգտագործվում է նրա կանոնադրությամբ նախատեսված նպատակների իրականացման համար: Պետական կազմակերպության շահույթի օգտագործման կարգը սահմանում է հիմնադիրը:

3. Ենթաօրենսդրական ակտերով չեն կարող պետական կազմակերպությանը տրվել այնպիսի իրավունքներ կամ արտոնություններ, որոնց հետևանքով պետական կազմակերպությունը կարող է ապրանքային շուկայում գերիշխող դիրք գրավել կամ խախտել տնտեսական մրցակցության մասին օրենսդրության այլ պահանջները, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:

4. (մասն ուժը կորցրել է 06.12.04 ՀՕ-161-Ն) 

5. Պետական կազմակերպությունը հարկերը, տուրքերը և պարտադիր այլ վճարները վճարում է շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպությունների համար նախատեսված կարգով ու չափով:

(6-րդ հոդվածը փոփ. 04.06.02 ՀՕ-357-Ն, 06.12.04 ՀՕ-161-Ն)   

 

Հոդված 7. ՊԵՏԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ և ՀԻՄՆԱԴՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

1. Պետական կազմակերպությունն իր պարտավորությունների համար պատասխանատու է իրեն պատկանող գույքով:

2. Պետական կազմակերպությունը պատասխանատվություն չի կրում հիմնադրի պարտավորությունների համար:

 

Հոդված 8. ՊԵՏԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԸ, ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ և ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԸ

 

1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքին, սույն օրենքին և իր կանոնադրությանը համապատասխան` պետական կազմակերպությունը կարող է ունենալ հիմնարկներ, մասնաճյուղեր կամ ներկայացուցչություններ: Պետական կազմակերպության հիմնարկները, մասնաճյուղերը կամ ներկայացուցչություններն ստեղծվում են հիմնադրի որոշմամբ, իսկ հիմնադրի կողմից ուղղակիորեն նախատեսված դեպքում` լիազորված պետական մարմնի որոշմամբ:

2. Պետական կազմակերպության կողմից օտարերկրյա պետություններում մասնաճյուղերի և ներկայացուցչությունների ստեղծումն իրականացվում է տվյալ երկրի օրենսդրությանը համապատասխան, եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով այլ բան նախատեսված չէ:

3. Հայաստանի Հանրապետությունում պետական կազմակերպության հիմնարկները, մասնաճյուղերն ու ներկայացուցչությունները, օրենքով սահմանված կարգով, ենթակա են հաշվառման` իրավաբանական անձանց գրանցում իրականացնող մարմնի կողմից:

 

Գ Լ ՈՒ Խ  2.

 

ՊԵՏԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՍՏԵՂԾՈՒՄԸ

 

Հոդված 9. ՊԵՏԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՍՏԵՂԾՈՒՄԸ

 

1. Պետական կազմակերպությունն ստեղծվում է հիմնադրման, ինչպես նաև պետական հիմնարկի կամ հարյուր տոկոս պետական մասնակցությամբ ընկերությունների վերակազմակերպման միջոցով:

2. Պետական կազմակերպության հիմնադիր (այսուհետ` հիմնադիր) կարող է հանդիսանալ միայն Հայաստանի Հանրապետությունը` ի դեմս կառավարության:

Հայաստանի Հանրապետության դատախազության դպրոցի հիմնադիրն է Հայաuտանի Հանրապետությունը` ի դեմս Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի:

Հայաստանի Հանրապետության դատական դպրոցի հիմնադիրն է Հայաuտանի Հանրապետությունը` ի դեմս Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդի:

3. Պետական կազմակերպությունն ստեղծվում է հիմնադրի որոշմամբ:

Պետական կազմակերպության հիմնադրման մասին հիմնադրի որոշմամբ սահմանվում են պետական կազմակերպության անվանումը, նրա գործունեության առարկան և նպատակները, այդ թվում` նրա կողմից իրականացվող ձեռնարկատիրական գործունեության տեսակները, պետական կազմակերպությանը սեփականության իրավունքով հանձնվող և (կամ) ամրացվող գույքի կազմն ու արժեքը, պետական կազմակերպության կառավարումն իրականացնող այն լիազորված պետական մարմինը, որի ենթակայությանը հանձնվում է պետական կազմակերպությունը, լիազորված պետական մարմնի լիազորությունները, ինչպես նաև օրենքին չհակասող այլ դրույթներ:

4. Հիմնադիրը պատասխանատվություն է կրում մինչև պետական կազմակերպության պետական գրանցումը ծագած` պետական կազմակերպության ստեղծման հետ կապված պարտավորությունների համար:

5. Համայնքն իրավունք ունի սույն օրենքով սահմանված կարգով ստեղծել համայնքային ոչ առևտրային կազմակերպություն (այսուհետ` համայնքային կազմակերպություն): Համայնքի անունից համայնքային կազմակերպությունն ստեղծում է համայնքի ղեկավարը: Համայնքային կազմակերպության ստեղծման մասին որոշումը և կազմակերպության կանոնադրությունը հաստատում է համայնքի ավագանին:

Համայնքային կազմակերպությունների վրա տարածվում են սույն օրենքի պահանջները, բացառությամբ 14-րդ հոդվածի, որով նախատեսված լիազորություններն իրականացնում է համայնքի ղեկավարը:

(9-րդ հոդվածը լրաց. 22.02.07 ՀՕ-128-Ն) 

 

Հոդված 10. ՊԵՏԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՈՒՄԸ

 

1. Պետական կազմակերպությունը ենթակա է պետական գրանցման` օրենքով սահմանված կարգով:

2. Պետական կազմակերպությունն ստեղծված է համարվում օրենքով սահմանված կարգով պետական գրանցման պահից:

3. Պետական կազմակերպությունն ստեղծվում է առանց ժամկետային սահմանափակման, եթե նրա կանոնադրությամբ այլ բան նախատեսված չէ:

 

Հոդված 11. ՊԵՏԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

 

1. Պետական կազմակերպության կանոնադրությունը հանդիսանում է նրա հիմնադիր փաստաթուղթը:

2. Պետական կազմակերպության կանոնադրությունը պետք է ներառի`

ա) պետական կազմակերպության անվանումը.

բ) պետական կազմակերպության գտնվելու վայրը.

գ) պետական կազմակերպության գործունեության առարկան և նպատակները, այդ թվում` նրա կողմից իրականացվող ձեռնարկատիրական գործունեության տեսակները.

դ) պետական կազմակերպության կառավարման մարմինները, դրանց կազմը և լիազորությունները.

ե) պետական կազմակերպության սեփականության ձևավորման և տնօրինման, տիրապետման և օգտագործման կարգը.

զ) պետական կազմակերպության շահույթի օգտագործման կարգը.

է) պետական կազմակերպության լուծարման կարգը.

ը) պետական կազմակերպության լուծարման դեպքում նրա գույքի օգտագործման կարգը.

թ) օրենքով կամ հիմնադրի կողմից նախատեսված և օրենքին չհակասող այլ դրույթներ:

3. Պետական կազմակերպության կանոնադրությունը կամ դրա փոփոխությունները հաստատում է հիմնադիրը, իսկ հիմնադրի որոշմամբ նախատեսված դեպքում` նրա լիազորած պետական մարմինը:

 

Գ Լ ՈՒ Խ  3.

 

ՊԵՏԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

Հոդված 12. ՊԵՏԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ

 

1. Պետական կազմակերպության կառավարումն իրականացնում են հիմնադիրը, նրա լիազորած պետական մարմինը, գործադիր մարմինը (տնօրեն, նախագահ, ռեկտոր և այլն):

2. Հիմնադրի որոշմամբ կամ պետական կազմակերպության կանոնադրությամբ կարող են նախատեսվել նաև կոլեգիալ կառավարման, խորհրդակցական, վերահսկողություն իրականացնող և (կամ) այլ մարմինների (խորհուրդ, տնօրենների խորհուրդ և այլն) ձևավորում:

 

Հոդված 13. ՊԵՏԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴԻՐԸ

 

1. Պետական կազմակերպության հիմնադիրն ունի պետական կազմակերպության գործունեությանը և կառավարմանը վերաբերող ցանկացած հարց վերջնական լուծելու իրավունք, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի:

2. Հիմնադրի բացառիկ լիազորություններն են`

ա) պետական կազմակերպության հիմնադրումը.

բ) պետական կազմակերպության գործունեության առարկայի և նպատակների, այդ թվում` նրա կողմից իրականացվող ձեռնարկատիրական գործունեության տեսակների սահմանումը.

գ) պետական կազմակերպությանը սեփականության իրավունքով հանձնվող և (կամ) ամրացվող` պետությանը պատկանող գույքի կազմի հաստատումը.

դ) պետական կազմակերպության կանոնադրության հաստատումը և դրանում փոփոխություններ կատարելը.

ե) պետական կազմակերպության կառավարման համակարգի սահմանումը.

զ) պետական կազմակերպության վերակազմակերպումը և լուծարումը.

է) պետական կազմակերպության լուծարման հանձնաժողովի նշանակումը և լուծարման հաշվեկշռի հաստատումը.

ը) օրենքով և պետական կազմակերպության կանոնադրությամբ նախատեսված այլ հարցերի լուծումը:

3. Պետական կազմակերպության հիմնադիրը սույն հոդվածի 2-րդ կետի «գ», «դ», «ե» և «է» ենթակետերով նախատեսված իր լիազորությունները կարող է վերապահել լիազորված պետական մարմնին, իսկ գործադիր մարմնի նշանակման լիազորությունը` նաև կոլեգիալ կառավարման մարմնին:

 

Հոդված 14. ԼԻԱԶՈՐՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆԸ

 

1. Լիազորված պետական մարմինն իրականացնում է պետական կազմակերպության ընդհանուր կառավարումը, ապահովում է նրա բնականոն գործունեությունը և պատասխանատվություն է կրում դրանց չկատարման կամ անպատշաճ իրականացման համար:

Հիմնադրի որոշմամբ լիազորված պետական մարմնի լիազորությունները` որպես պատվիրակված լիազորություն, կարող են փոխանցվել համայնքի ղեկավարին կամ այլ մարմնի: 

2. Լիազորված պետական մարմինը`

ա) պետական կազմակերպության կանոնադրությամբ սահմանված կարգով իրականացնում է նրա կառավարման մարմինների ձևավորումը և նրանց լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը.

բ) իրականացնում է պետական կազմակերպության գործունեության վերահսկողությունը.

գ) կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում պետական կազմակերպության գործադիր մարմնի կամ կոլեգիալ կառավարման մարմնի` Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հրահանգները, կարգադրություններն ու ցուցումները.

դ) լսում է պետական կազմակերպության գործունեության մասին հաշվետվություններ, քննում է դրանց գործունեության վերստուգման արդյունքները.

ե) վերահսկողություն է իրականացնում պետական կազմակերպությանն ամրացված պետական սեփականության օգտագործման և պահպանության նկատմամբ.

զ) վերահսկողություն է իրականացնում պետական կազմակերպության սեփականության պահպանության նկատմամբ, իսկ օրենքով, հիմնադրի որոշմամբ կամ պետական կազմակերպության կանոնադրությամբ նախատեսված դեպքերում համաձայնություն է տալիս նրա գույքի օտարման կամ վարձակալության հանձնման համար.

է) հաստատում է պետական կազմակերպության տարեկան հաշվետվությունները և տարեկան հաշվեկշիռը, եթե պետական կազմակերպությունը չունի կոլեգիալ կառավարման մարմին.

ը) իրականացնում է սույն օրենքով, հիմնադրի որոշումներով և պետական կազմակերպության կանոնադրությամբ նախատեսված այլ գործառույթներ:

(14-րդ հոդվածը լրաց. 19.05.09 ՀՕ-122-Ն) 

 

Հոդված 15. ՊԵՏԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄԻՆԸ

 

 1. Պետական կազմակերպության ընթացիկ գործունեության ղեկավարումն իրականացնում է գործադիր մարմինը, որին նշանակում և ազատում է (նրա լիազորությունները դադարում են) լիազորված պետական մարմինը, եթե հիմնադրի որոշմամբ կամ պետական կազմակերպության կանոնադրությամբ այլ բան նախատեսված չէ:

Պետական կազմակերպության գործադիր մարմինը օրենքով, հիմնադրի և լիազորված պետական մարմնի որոշումներով, պետական կազմակերպության կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունների սահմաններում ղեկավարում է պետական կազմակերպության գործունեությունը և կրում է պատասխանատվություն օրենքների, իրավական այլ ակտերի, հիմնադրի կամ լիազորված պետական մարմնի որոշումների, պետական կազմակերպության կանոնադրության և կնքված պայմանագրերի պահանջները չկատարելու կամ անպատշաճ կատարելու համար:

2. Պետական կազմակերպության գործադիր մարմնի գործառույթներն իրականացնող անձի հետ կնքվում է պայմանագիր, որը հիմնադրի անունից ստորագրում է լիազորված պետական մարմնի ղեկավարը: Պայմանագրում սահմանվում են նրա իրավունքները, պարտականությունները, պատասխանատվությունը և փոխհարաբերությունները լիազորված պետական մարմնի, պետական կազմակերպության կառավարման այլ մարմինների հետ, նրա աշխատանքի վարձատրման պայմանները, պայմանագրի դադարման` սույն օրենքով նախատեսված բոլոր հիմքերը և այլ դրույթներ, որոնք պայմանավորվող կողմերը կգտնեն անհրաժեշտ: Պայմանագրի դրույթները չեն կարող հակասել Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրության պահանջներին, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

3. Պետական կազմակերպության գործադիր մարմնի պաշտոնում նշանակված կամ ընտրության արդյունքում գործադիր մարմնի պաշտոնում նշանակված անձը չի կարող զբաղեցնել այլ պաշտոն կամ կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից:

4. Պետական կազմակերպության գործադիր մարմնի պաշտոնում նշանակված կամ ընտրության արդյունքում գործադիր մարմնի պաշտոնում նշանակված անձը լրիվ գույքային պատասխանատվություն է կրում իր մեղքով պետական կազմակերպությանը և (կամ) պետությանը պատճառված վնասի համար: Պետական կազմակերպության գործադիր մարմնի պաշտոնում նշանակված կամ ընտրության արդյունքում գործադիր մարմնի պաշտոնում նշանակված անձի լիազորությունների դադարեցումը հիմք չէ պատճառած վնասը հատուցելու պարտականությունները չկատարելու համար:

Պետական կազմակերպության գործադիր մարմնի պաշտոնում նշանակված կամ ընտրության արդյունքում գործադիր մարմնի պաշտոնում նշանակված անձի լիազորությունները դադարեցնող անձը կամ կոլեգիալ մարմնի ղեկավարը պարտավոր է օրենքով սահմանված կարգով լուծել նաև նրա կողմից պետական կազմակերպությանը կամ պետությանը պատճառված վնասի փոխհատուցման հարցը: Սույն պահանջը չկատարելու հետևանքով պետական կազմակերպությանը կամ պետությանը պատճառված վնասի համար պետական կազմակերպության գործադիր մարմնի պաշտոնում նշանակված կամ ընտրության արդյունքում գործադիր մարմնի պաշտոնում նշանակված անձի լիազորությունները դադարեցրած պաշտոնատար անձը կամ կոլեգիալ մարմնի անդամները կրում են լրիվ գույքային պատասխանատվություն:

5. Պետական կազմակերպության գործադիր մարմնի պաշտոնում նշանակված կամ ընտրության արդյունքում գործադիր մարմնի պաշտոնում նշանակված անձը պարտավոր է չկատարել հիմնադրի, լիազորված պետական մարմնի, պետական կազմակերպության կոլեգիալ կառավարման մարմինների` օրենսդրությանը հակասող որոշումները, կարգադրությունները, հրամանները, հրահանգները և դրանց չկատարման համար չի կարող ենթարկվել պատասխանատվության:

6. Պետական կազմակերպության գործադիր մարմնի պաշտոնում նշանակված կամ ընտրության արդյունքում գործադիր մարմնի պաշտոնում նշանակված անձի բացակայության դեպքում նրան նշանակած մարմնի գրավոր որոշման համաձայն այդ լիազորություններն իրականացնում է այլ անձ:

(15-րդ հոդվածը լրաց. 04.02.04 ՀՕ-33-Ն) 

 

Հոդված 16. ՊԵՏԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄՆԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ ՆՇԱՆԱԿԵԼԸ և ԱԶԱՏԵԼԸ

 

1. Գործադիր մարմնի պաշտոնում կարող է նշանակվել Հայաստանի Հանրապետության այն գործունակ չափահաս քաղաքացին, որն ունի բարձրագույն կրթություն:

2. Գործադիր մարմնի պաշտոնում չի կարող նշանակվել այն անձը`

ա) որը դատապարտվել է հանցագործության կատարման համար, և նրա դատվածությունը մարված կամ հանված չէ.

բ) որին օրենքի համաձայն արգելվել է ղեկավար պաշտոններ զբաղեցնել.

գ) որը նախընթաց երեք տարիների ընթացքում եղել է սնանկանալու պատճառով լուծարված և իրենց պարտատերերի օրինական պահանջները չբավարարած կազմակերպության ղեկավար:

3. Գործադիր մարմնի պաշտոնում նշանակված կամ ընտրության արդյունքում գործադիր մարմնի պաշտոնում նշանակված անձի լիազորությունները դադարեցվում են իրավասու մարմնի որոշմամբ, եթե`

ա) նա դիմում է այդ մասին.

բ) լրացել է նրա 65 տարին.

գ) նա իր գրավոր համաձայնությամբ ընտրվել կամ նշանակվել է այլ պաշտոնում կամ անցել է իր պաշտոնի հետ անհամատեղելի այլ աշխատանքի.

դ) ժամանակավոր անաշխատունակության հետևանքով նա ավելի քան չորս ամիս անընդմեջ չի ներկայացել աշխատանքի.

ե) նա ավելի քան երեք օր անընդմեջ անհարգելի պատճառներով չի ներկայացել աշխատանքի.

զ) նա նշանակվել է օրենքի պահանջների խախտմամբ, կամ առաջ են եկել սույն հոդվածի 2-րդ կետով նախատեսված հանգամանքները.

է) նա իր գործառույթներն իրականացնելիս պետական կազմակերպությանը կամ պետությանն իր մեղքով հասցրել է վնաս, որի գումարը գերազանցում է պետական կազմակերպությանը սեփականության իրավունքով պատկանող գույքի արժեքի հինգ տոկոսը.

ը) դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա նա ճանաչվել է անգործունակ, սահմանափակ գործունակ, անհայտ բացակայող կամ մահացած.

թ) օրինական ուժի մեջ է մտել նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռը.

ժ) նա կորցրել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը.

ժա) դատական կարգով նրա ղեկավարած պետական կազմակերպությունը ճանաչվել է սնանկ, կամ այն ունի դատական կարգով որոշված և դատարանի կողմից համապատասխան վճիռն ընդունվելուց հետո` վեց ամսվա ընթացքում, իր մեղքով չկատարված գույքային պարտավորություն.

ժբ) պետական կազմակերպության կողմից վճարման ենթակա հարկերը կամ պարտադիր այլ վճարները իր մեղքով` սահմանված ժամկետից հետո հաշվետու ժամանակաշրջանում չի վճարել.

ժգ) մեկ տարվա ընթացքում օրենքի խախտման համար ենթարկվել է կրկնակի կարգապահական պատասխանատվության:

4. Գործադիր մարմնի պաշտոնում նշանակված կամ ընտրության արդյունքում գործադիր մարմնի պաշտոնում նշանակված անձի լիազորությունները դադարում են նրա մահվամբ:

5. Սույն հոդվածի 3-րդ կետի «բ», «գ», «ը», «թ», «ժ», «ժբ» և «ժգ» ենթակետերով նախատեսված դեպքերում գործադիր մարմնի պաշտոնում նշանակված կամ ընտրության արդյունքում գործադիր մարմնի պաշտոնում նշանակված անձի լիազորությունները դադարեցվում են համապատասխան իրադարձությունը տեղի ունենալու կամ համապատասխան որոշումը, վճիռը կամ դատավճիռն ուժի մեջ մտնելու հաջորդող օրը:

Սույն հոդվածի 3-րդ կետի «ա» ենթակետով նախատեսված դեպքում գործադիր մարմնի պաշտոնում նշանակված կամ ընտրության արդյունքում գործադիր մարմնի պաշտոնում նշանակված անձի լիազորությունները դադարեցվում են դիմումում նշանակված օրվանից:

Սույն հոդվածի 4-րդ կետում նախատեսված դեպքում գործադիր մարմնի պաշտոնում նշանակված կամ ընտրության արդյունքում գործադիր մարմնի պաշտոնում նշանակված անձի լիազորությունները դադարեցվում են մահվան պահից:

Սույն հոդվածի 3-րդ կետի այլ ենթակետերով նախատեսված դեպքերում գործադիր մարմնի պաշտոնում նշանակված կամ ընտրության արդյունքում գործադիր մարմնի պաշտոնում նշանակված անձի լիազորությունները դադարեցվում են համապատասխան իրադարձությանը հաջորդող մեկ ամսվա ընթացքում:

6. Բարձրագույն ուսումնական հաստատությունների ռեկտորների ընտրություններն իրականացվում են «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան:

(16-րդ հոդվածը լրաց. 04.06.02 ՀՕ-357-Ն, 04.02.04 ՀՕ-33-Ն, փոփ. 24.10.07 ՀՕ-227-Ն, 05.02.13 ՀՕ-1-Ն)   

 

Հոդված 17. ՊԵՏԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄՆԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Պետական կազմակերպության գործադիր մարմինը`

ա) առանց լիազորագրի հանդես է գալիս պետական կազմակերպության անունից, ներկայացնում է նրա շահերը և կնքում է գործարքներ.

բ) օրենսդրությամբ, հիմնադրի և լիազորված պետական մարմնի որոշումներով և պետական կազմակերպության կանոնադրությամբ սահմանված կարգով տնօրինում է պետական կազմակերպության գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները.

գ) տալիս է պետական կազմակերպության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` վերալիազորման իրավունքով լիազորագրեր.

դ) աշխատանքի է նշանակում և աշխատանքից ազատում պետական կազմակերպության աշխատակիցներին, նրանց նկատմամբ կիրառում է խրախուսման միջոցներ և նշանակում կարգապահական տույժեր.

ե) բանկերում բացում է հաշվարկային հաշիվներ.

զ) կատարում է աշխատանքի բաշխում իր տեղակալների միջև.

է) սահմանում է պետական կազմակերպության կառուցվածքն ու կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունը.

ը) հաստատում է պետական կազմակերպության հիմնարկների, մասնաճյուղերի և ներկայացուցչությունների կանոնադրությունները, եթե սույն լիազորությունը վերապահված չէ կոլեգիալ կառավարման մարմնին.

թ) նշանակում է պետական կազմակերպության հիմնարկների, ներկայացուցչությունների և մասնաճյուղերի ղեկավարներին, նրանց տալիս է համապատասխան լիազորագրեր, եթե սույն լիազորությունը վերապահված չէ կոլեգիալ կառավարման մարմնին.

ժ) օրենքով և պետական կազմակերպության կանոնադրությամբ սահմանված իր լիազորությունների սահմաններում արձակում է հրամաններ, հրահանգներ, տալիս կատարման համար պարտադիր ցուցումներ և վերահսկում դրանց կատարումը.

ժա) իրականացնում է օրենսդրությամբ չհակասող և պետական կազմակերպության կառավարման այլ մարմիններին չվերապահված այլ լիազորություններ:

 

Հոդված 18. ՊԵՏԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈԼԵԳԻԱԼ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆԸ

 

1. Հիմնադրի որոշմամբ կամ պետական կազմակերպության կանոնադրությամբ նախատեսված դեպքերում ձևավորվում է պետական կազմակերպության կոլեգիալ կառավարման մարմին:

Պետական կազմակերպության կոլեգիալ կառավարման մարմնի ձևավորման և գործունեության կարգը, նրա լիազորությունները սահմանվում են պետական կազմակերպության կանոնադրությամբ:

2. Պետական կազմակերպության կոլեգիալ կառավարման մարմնի անդամ կարող են լինել միայն ֆիզիկական անձինք: Պետական կազմակերպության գործադիր մարմնում նշանակված անձը չի կարող լինել կոլեգիալ կառավարման մարմնի անդամ: Նա իրավունք ունի կոլեգիալ կառավարման մարմնի նիստերին մասնակցել խորհրդակցական ձայնի իրավունքով:

3. Պետական կազմակերպության կոլեգիալ կառավարման մարմնի անդամների քանակական կազմը սահմանվում է պետական կազմակերպության կանոնադրությամբ, բայց չի կարող 3 հոգուց պակաս լինել:

4. Բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական կազմակերպության կոլեգիալ կառավարման մարմնի անդամների ոչ պակաս, քան քսանհինգ տոկոսը պետք է կազմեն պետական կազմակերպության սովորողները, որոնց ընտրում են սովորողների ինքնակառավարման մարմինների ընդհանուր ժողովները:

Հանրակրթական կրթական ծրագրեր իրականացնող պետական կազմակերպության կոլեգիալ կառավարման մարմնի անդամների ոչ պակաս, քան քսան տոկոսը պետք է կազմեն աշակերտների ծնողները, որոնց ընտրում են նրանց ինքնակառավարման մարմինների ընդհանուր ժողովները:

Այլ բնագավառների պետական կազմակերպության կոլեգիալ կառավարման մարմնի անդամների ոչ պակաս, քան քսան տոկոսը պետք է կազմեն պետական կազմակերպության աշխատավորական կոլեկտիվի անդամները, որոնց ընտրում են աշխատավորական կոլեկտիվի ընդհանուր ժողովները:

 

Հոդված 19. ՊԵՏԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈԼԵԳԻԱԼ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

 Հիմնադրի որոշմամբ պետական կազմակերպության կոլեգիալ կառավարման մարմնին կարող են վերապահվել ներքոհիշյալ լիազորությունները կամ դրանց մի մասը.

ա) սույն օրենքով և պետական կազմակերպության կանոնադրությամբ նախատեսված կազմակերպության գործունեության բնագավառին, նպատակներին և խնդիրներին համապատասխան` պետական կազմակերպության գործունեության հիմնական ուղղությունների մասին առաջարկությունների ներկայացումը լիազորված պետական կառավարման մարմնին.

բ) պետական կազմակերպության գործադիր մարմնի նկատմամբ ընթացիկ վերահսկողության իրականացումը.

գ) պետական կազմակերպության գործադիր մարմնի նշանակումը, նրա հետ կնքվող աշխատանքային պայմանագրի հաստատումը, նրա լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը, գործադիր մարմնի վարձատրության կարգի և պայմանների սահմանումը, եթե հիմնադրի որոշմամբ կամ պետական կազմակերպության կանոնադրությամբ այդ լիազորությունը վերապահվել է իրեն.

դ) հիմնադրի կողմից սահմանված կարգով պետական կազմակերպության շահույթի տնօրինման ուղղությունների սահմանումը.

ե) պետական կազմակերպության գործունեությունը կանոնակարգող ներքին փաստաթղթերի հաստատումը, եթե հիմնադրի որոշմամբ կամ պետական կազմակերպության կանոնադրությամբ այդ լիազորությունը վերապահվել է իրեն.

զ) իր աշխատակարգի հաստատումը.

է) կոլեգիալ կառավարման մարմնի ղեկավարի ընտրումը.

ը) սահմանված կարգով լիազորված պետական մարմնին պետական կազմակերպության տարեկան ծախսերի նախահաշվի նախագծի վերաբերյալ առաջարկությունների ներկայացումը.

թ) պետական կազմակերպության ստորաբաժանումների կանոնակարգերի, ներքին կարգապահական և այլ կանոնների հաստատումը, եթե հիմնադրի որոշմամբ կամ պետական կազմակերպության կանոնադրությամբ այդ լիազորությունը վերապահվել է իրեն.

ժ) պետական կազմակերպության գործադիր մարմնի հաշվետվությունների քննարկումը և հաստատումը.

ժա) պետական կազմակերպության տարեկան հաշվապահական և այլ հաշվետվությունների քննարկումը.

ժբ) պետական կազմակերպության գույքի օտարման և ձեռքբերման հետ կապված խոշոր գործարքների կնքման համար համաձայնություն տալը, եթե հիմնադրի որոշմամբ կամ պետական կազմակերպության կանոնադրությամբ այդ լիազորությունը վերապահվել է իրեն.

ժգ) օրենքով սահմանված այլ լիազորությունների իրականացումը:

Պետական կազմակերպության կոլեգիալ կառավարման մարմնին չեն կարող վերապահվել պետական կազմակերպության հիմնադրի, լիազորված պետական մարմնի կամ գործադիր մարմնի լիազորությունները, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի:

 

Հոդված 20. ՊԵՏԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈԼԵԳԻԱԼ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ՆԻՍՏԵՐԸ

 

1. Կոլեգիալ կառավարման մարմնի նիստերը գումարվում են նրա նախագահի կողմից` սեփական նախաձեռնությամբ, ինչպես նաև լիազորված պետական մարմնի, պետական կազմակերպության գործադիր մարմնի, կոլեգիալ գործադիր մարմնի անդամների մեկ երրորդի պահանջով: Պետական կազմակերպության կոլեգիալ գործադիր մարմնի անդամների մեկ երրորդի պահանջով կոլեգիալ կառավարման մարմնի նիստը գումարվում է նախաձեռնողների սահմանած ժամկետում և կարգով:

Կոլեգիալ կառավարման մարմնի հերթական նիստերը գումարվում են պետական կազմակերպության կանոնադրությամբ նախատեսված ժամկետներում:

2. Պետական կազմակերպության կոլեգիալ կառավարման մարմնի նիստերի քվորումը սահմանվում է պետական կազմակերպության կանոնադրությամբ, բայց չի կարող նրա անդամների ընդհանուր թվի կեսից պակաս լինել:

3. Կոլեգիալ կառավարման մարմնի որոշումներն ընդունվում են նիստին ներկա անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ, եթե պետական կազմակերպության կանոնադրությամբ այլ բան նախատեսված չէ: Քվեարկության ժամանակ կոլեգիալ կառավարման մարմնի անդամն ունի միայն մեկ ձայնի իրավունք: Ձայնի և քվեարկության իրավունքի փոխանցումն այլ անդամի չի թույլատրվում:

 Կոլեգիալ կառավարման մարմնի նիստերն արձանագրվում են:

4. Կոլեգիալ կառավարման մարմնի աշխատակարգը սահմանվում է պետական կազմակերպության կանոնադրությամբ սահմանված կարգով:

 

Հոդված 21. ՊԵՏԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ և ԱՅԼ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

Պետական կազմակերպության լիազորված պետական մարմնի ղեկավարը, պետական կազմակերպության գործադիր մարմինը, նրա տեղակալները, պետական կազմակերպության կոլեգիալ կառավարման մարմինների անդամները պետական կազմակերպության անունից հանդես գալիս պետք է գործեն բարեխղճորեն և ողջամտորեն` ի շահ իրենց կողմից ներկայացվող պետական կազմակերպության:

 

Հոդված 22. ԽՈՇՈՐ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԸ

 

 1. Խոշոր են այն գործարքը կամ մի քանի փոխկապակցված գործարքները, որոնք կապված են պետական կազմակերպության կողմից ուղղակիորեն կամ անուղղակիորեն գույք ձեռք բերելու, օտարելու կամ օտարելու հնարավորության հետ, որի արժեքը կազմում է նման գործարքներ կատարելու մասին որոշման ընդունման օրվան նախորդող եռամսյակում տրված հաշվապահական հաշվետվությամբ պետական կազմակերպությանը սեփականության իրավունքով պատկանող գույքի արժեքի հիսուն տոկոսից ավելին: Խոշոր չեն այն գործարքները, որոնք կատարվում են պետական կազմակերպության առօրյա գործունեության ընթացքում և համարվում են տվյալ կազմակերպության կանոնադրական խնդիրներից ուղղակիորեն բխող գործառույթ:

2. Խոշոր գործարքը կատարվում է լիազորված պետական մարմնի համաձայնությամբ:

3. Պետական կազմակերպության կոլեգիալ կառավարման մարմնի ձևավորման դեպքում պետական կազմակերպության կողմից սեփականության իրավունքով նրան պատկանող գույքի արժեքի 20-50 տոկոսը կազմող արժեքով ուղղակիորեն կամ անուղղակիորեն գույք ձեռք բերելու, օտարելու կամ օտարելու հնարավորության հետ կապված խոշոր գործարքներ կատարելու մասին որոշման ընդունումը պետական կազմակերպության կանոնադրությամբ կարող է վերապահվել պետական կազմակերպության կոլեգիալ կառավարման մարմնին:

4. Սույն հոդվածի պահանջների խախտմամբ կատարված խոշոր գործարքը կարող է դատական կարգով ճանաչվել անվավեր` պետական կազմակերպության հիմնադրի կամ լիազորված պետական մարմնի հայցի հիման վրա:

 

Հոդված 23. ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ

 

Պետական կազմակերպության գործունեության նկատմամբ վերահսկողությունն իրականացնում են հիմնադիրը, լիազորված պետական մարմինը, հիմնադրի կողմից լիազորված, ինչպես նաև օրենքով նախատեսված այլ պետական կառավարման մարմինները:

Պետական կազմակերպությունը հիմնադրի կողմից սահմանված կարգով պարտավոր է հրապարակել իր տարեկան ֆինանսական հաշվետվությունը:

 

Գ Լ ՈՒ Խ  4.

 

ՊԵՏԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ

 

Հոդված 24. ՊԵՏԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

1. Պետական կազմակերպությունը կարող է վերակազմակերպվել հիմնադրի որոշմամբ, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով: Պետական կազմակերպությունը կարող է վերակազմակերպվել հարյուր տոկոս պետական մասնակցությամբ ընկերության կամ հիմնադրամի, ինչպես նաև համայնքային ոչ առևտրային կազմակերպության:

2. Պետական կազմակերպությունը դատական կարգով կարող է վերակազմակերպվել օրենքով սահմանված դեպքերում և կարգով:

(24-րդ հոդվածը լրաց. 19.05.09 ՀՕ-122-Ն) 

 

Հոդված 25. ՊԵՏԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ

 

1. Պետական կազմակերպության լուծարմամբ նրա գործունեությունը դադարում է առանց իրավունքները և պարտականությունները իրավահաջորդության կարգով այլ անձանց անցնելու:

2. Պետական կազմակերպությունը կարող է լուծարվել հիմնադրի որոշմամբ, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով:

Պետական կազմակերպությունը կարող է լուծարվել նաև սնանկության հետևանքով:

3. Պետական կազմակերպությունը դատական կարգով կարող է լուծարվել միայն օրենքով նախատեսված դեպքերում և կարգով:

4. Պետական կազմակերպության լուծարման դեպքում պետական կազմակերպության պարտատերերի պահանջները բավարարելուց հետո մնացած գույքն ուղղվում է պետական բյուջե:

 

Հոդված 25.1. Պետական կազմակերպության հիմնադրի լիազորությունների օտարումը

 

1. Պետական կազմակերպության հիմնադրի որոշմամբ նրա լիազորությունները կարող են փոխանցվել համայնքին:

2. Համայնքին փոխանցված պետական կազմակերպությունը վերակազմակերպվում է համայնքային ոչ առևտրային կազմակերպության:

(25.1-րդ հոդվածը լրաց. 19.05.09 ՀՕ-122-Ն) 

 

Գ Լ ՈՒ Խ  5.

 

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 26. ՕՐԵՆՔԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ

 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:

2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահին գործող հիմնարկների գույքի հիման վրա ստեղծվող պետական կազմակերպություններին են փոխանցվում հիմնարկների անունից ստանձնած իրավունքները և պարտականությունները:

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


Երևան
19 նոյեմբերի 2001 թ.
ՀՕ-248