Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-129-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (01.01.2013-01.01.2013)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2006.07.19/39(494) Հոդ.1384.1
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
22.11.2004
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
18.12.2004
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2005
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2018

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է 2004 թվականի նոյեմբերի 22-ին

ՀՍԿԻՉ-ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ

Գ Լ ՈՒ Խ  1.

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1.

Օրենքի նպատակը

Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետության տարածքում հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման, օգտագործման, գրանցման և հաշվառման հետ կապված հարցերը, ինչպես նաև դրանց նկատմամբ հսկողությունը և սահմանում է սույն օրենքի խախտման համար պատասխանատվությունը:

 

Հոդված 2.

Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառումը կարգավորող իրավական ակտերը

 

Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառումը կարգավորող իրավական ակտերը ներառում են սույն օրենքը, հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառմանը վերաբերող Հայաստանի Հանրապետության այլ օրենքները, օրենքով նախատեսված դեպքերում` Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումները, ինչպես նաև իրավական այլ ակտեր:

 

Հոդված 3.

Օրենքի գործողության ոլորտը

 

1. Սույն օրենքի գործողությունը տարածվում է Հայաստանի Հանրապետության տարածքում գործող իրավաբանական անձանց, դրանց առանձնացված ստորաբաժանումների (մասնաճյուղերի, ներկայացուցչությունների), Հայաստանի Հանրապետության տարածքում գործող օտարերկրյա կազմակերպությունների առանձնացված ստորաբաժանումների (մասնաճյուղերի, ներկայացուցչությունների), (այսուհետ՝ կազմակերպություններ) և անհատ ձեռնարկատերերի վրա:

2. Սույն օրենքը չի տարածվում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի, Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի (ներառյալ` դուստր բանկերի), դրանց մասնաճյուղերի, ներկայացուցչությունների, գործառնական գրասենյակների (կետերի), օտարերկրյա բանկերի` Հայաստանի Հանրապետության տարածքում գործող մասնաճյուղերի և ներկայացուցչությունների, վարկային կազմակերպությունների, ապահովագրական ընկերությունների, վերաապահովագրական ընկերությունների, ապահովագրական միջնորդային գործունեություն իրականացնող անձանց` միայն այդ գործունեության մասով, արժեթղթերի շուկայի մասնագիտացված մասնակիցների (այդ գործունեության մասով), գրավատների, վճարահաշվարկային կազմակերպությունների վրա:

(3-րդ հոդվածը փոփ. 24.12.04 ՀՕ-56-Ն, լրաց. 20.05.05 ՀՕ-115-Ն, փոփ. 22.12.10 ՀՕ-22-Ն)


Գ Լ ՈՒ Խ  2.


ՀՍԿԻՉ-ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ


Հոդված 4.

Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառումը

 

1. Հայաստանի Հանրապետության տարածքում անհատ ձեռնարկատերերի, նոտարների, փաստաբանական գործունեություն իրականացնողների (այսուհետ` անհատ ձեռնարկատեր) և կազմակերպությունների կողմից առևտրի օբյեկտների, առևտրի իրականացման վայրերում վաճառատեղերի միջոցով մանրածախ վաճառք իրականացնելիս կամ բնակչությանը ծառայություններ մատուցելիս կանխիկ դրամով կամ պլաստիկ քարտերի միջոցով իրականացվող դրամական հաշվարկների բոլոր դեպքերում (ներառյալ` կանխավճարները) հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառումը պարտադիր է, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի:

2. Գործունեության կամ գործունեության իրականացման (գտնվելու) վայրի առանձնահատկություններից ելնելով՝ կանխիկ դրամով կամ պլաստիկ քարտերի միջոցով դրամական հաշվարկներ կատարելիս կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի համար հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառումը պարտադիր չէ հետևյալ գործունեության տեսակների մասով`

ա) բնակչությանը կոմունալ ծառայությունների մատուցման, պայմանով, որ դրանց դիմաց կանխիկ դրամով կամ պլաստիկ քարտերի միջոցով դրամական հաշվարկներ իրականացնելիս վճարողին տրամադրվում է օրենսդրությամբ սահմանված կարգով վճարումը հավաստող փաստաթուղթ.

բ) կրպակներում թերթերի և ամսագրերի վաճառքի, պայմանով, որ թերթերի և ամսագրերի իրացման տեսակարար կշիռը գերազանցում է ապրանքաշրջանառության ծավալի 50 տոկոսը: Թերթերի և ամսագրերի իրացումից հասույթի հաշվառումն իրականացվում է առանձնացված կարգով.

գ) վիճակախաղի տոմսերի վաճառքի.

դ) ավտոմոբիլային, ջրային, երկաթուղային, օդային տրանսպորտով կատարվող ուղևորափոխադրումների, բեռնափոխադրումների իրականացման և երթևեկության տոմսերի վաճառքի.

ե) ուսումնական դասընթացների անցկացման ընթացքում հանրակրթական և դրանց հավասարեցված այլ ուսումնական հաստատությունների աշակերտներին և աշխատակիցներին սննդով ապահովման.

զ) առևտրի իրականացման վայրերում (առևտրի կենտրոններում, սպառողական ապրանքների շուկաներում, գյուղատնտեսական արտադրանքի շուկաներում, տոնավաճառներում և ցուցահանդես-վաճառքի անցկացման վայրերում) գտնվող բաց վաճառասեղաններից գյուղատնտեսական արտադրանքի և քաղաքացիներին սեփականության իրավունքով պատկանող գործածության մեջ եղած անձնական օգտագործման իրերի վաճառքի.

է) ձեռքի սայլակներից, զամբյուղներից, արկղերից (ներառյալ` մթնոլորտային տեղումներից պոլիէթիլենային թաղանթով կամ այլ նյութերով պաշտպանված) պարենային և ոչ պարենային ապրանքների (բացառությամբ այնպիսի ապրանքների, որոնք պահանջում են պահպանման և վաճառքի հատուկ պայմաններ) շրջիկ և շրջածախ մանրածախ վաճառքի.

ը) գյուղական բնակավայրերի մանկաբարձական-բուժական կետերում գտնվող դեղատներից դեղանյութերի վաճառքի.

թ) կրպակներից ոչ ոգելից խմիչքների լցնովի վաճառքի.

ժ) վերգետնյա տրանսպորտային միջոցներով իրականացվող գյուղատնտեսական արտադրանքի, թերթերի, ամսագրերի, ինչպես նաև ցիստեռններից (տակառներից) լցնովի գարեջրի, կվասի, կաթի կամ թանի վաճառքի.

ժա) Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով գրանցված կրոնական կազմակերպությունների կողմից կրոնական պարագաների իրացման և կրոնական ծիսակատարությունների ծառայությունների մատուցման.

ժբ) փոստային ծառայությունների դիմաց վճարումը հավաստող փոստային վճարման պետական նշանների (փոստային նամականիշերի և այլ նշանների) անվանական արժեքով իրացման.

ժգ) (կետն ուժը կորցրել է 22.12.10 ՀՕ-22-Ն)

ժդ) փոստային և սուրհանդակային գործունեության իրականացման.

ժե) փորձագիտական բնագավառում գիտահետազոտական, գիտատեխնիկական և գիտամեթոդական աշխատանքների իրականացման.

ժզ) ավտոտրանսպորտային միջոցը տաքսամետրով (սակաչափիչով) կահավորված լինելու դեպքում` մարդատար-տաքսի ավտոմոբիլներով փոխադրումների իրականացման.

ժէ) խաղատների և (կամ) շահումով խաղերի կազմակերպման:

3. Հայաստանի Հանրապետության տարածքում կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից մանրածախ վաճառք իրականացնելիս կամ բնակչությանը ծառայություններ մատուցելիս կանխիկ դրամով կամ պլաստիկ քարտերի միջոցով իրականացվող դրամական հաշվարկների դեպքում հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառումը`

ա) 2005 թվականի հունվարի 1-ից պարտադիր է գործունեության հետևյալ ոլորտների համար` 

խաղատների և /կամ շահումով խաղերի կազմակերպում,

բաղնիքների և ցնցուղարանների կազմակերպում, 

ստացիոնար տեղակայված լիցքավորման կայաններում (կետերում) բենզինի, դիզելային վառելիքի և բնական ու հեղուկ գազի վաճառք,

խանութների և տաղավարների (բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ընդգրկված հեռավոր, սահմանամերձ, բարձրլեռնային, լեռնային, մինչև 1000 բնակիչ ունեցող գյուղական բնակավայրերում գտնվող խանութների և տաղավարների) միջոցով իրականացվող առևտրական գործունեություն,

Երևան քաղաքում 7մ2, իսկ այլ վայրերում 10մ2 գերազանցող ընդհանուր մակերես ունեցող կրպակների (բացառությամբ գյուղական բնակավայրերում գտնվող) միջոցով իրականացվող առևտրական գործունեություն,

հյուրանոցային ծառայությունների մատուցում,

սպասարկման սրահ ունեցող օբյեկտներում հանրային սննդի կազմակերպում,

դեղատնային գործունեություն,

վերգետնյա տրանսպորտային միջոցներով (ավտոկրպակներ, մոտոկրպակներ, ավտոսայլակներ, մոտոսայլակներ, կցորդներ, կիսակցորդներ և համանման այլ շարժական կետեր) իրականացվող մանրածախ առևտրի (բացառությամբ գյուղատնտեսական արտադրանքի, թերթերի, ամսագրերի, լցնովի գարեջրի, կվասի, կաթի, թանի, կերոսինի, բենզինի և /կամ դիզելային վառելիքի, հեղուկ գազի վաճառքի) գործունեություն.

բ) 2005 թվականի ապրիլի 1-ից պարտադիր է գործունեության հետևյալ ոլորտների համար`

Երևան քաղաքի տարածքում գտնվող առևտրի իրականացման վայրերում (առևտրի կենտրոններում, սպառողական ապրանքների շուկաներում, գյուղատնտեսական արտադրանքի շուկաներում, տոնավաճառներում և ցուցահանդես-վաճառքի անցկացման վայրերում) կրպակներից, վրաններից և ապրանքների ցուցադրումն ու պահպանումն ապահովող կահավորված այլ վաճառատեղերից, ինչպես նաև առևտրի իրականացման վայրերի մշտական շինություններում վաճառասեղաններից ապրանքների (բացառությամբ գյուղատնտեսական արտադրանքների և քաղաքացիներին սեփականության իրավունքով պատկանող գործածության մեջ եղած անձնական օգտագործման իրերի) վաճառք,

մարզաառողջարարական համալիրների, հանգստյան տների կազմակերպում,

հիվանդանոցների և ամբուլատոր բուժհիմնարկների կողմից ծառայությունների մատուցում,

գեղեցկության սրահների կազմակերպում,

արտարժույթի առք ու վաճառքի և արտարժույթի դիլերային-բրոքերային առքուվաճառքի գործունեություն.

գ) 2007 թվականի հոկտեմբերի 1-ից պարտադիր է գործունեության հետևյալ ոլորտների համար`

Երևան քաղաքում 7մ2, իսկ այլ վայրերում (բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ընդգրկված հեռավոր, սահմանամերձ, բարձրլեռնային, լեռնային, մինչև 1000 բնակիչ ունեցող գյուղական բնակավայրերի) 10մ2 չգերազանցող ընդհանուր մակերես ունեցող կրպակների միջոցով իրականացվող առևտրական գործունեություն,

Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ընդգրկված հեռավոր, սահմանամերձ, բարձրլեռնային, լեռնային, մինչև 1000 բնակիչ ունեցող գյուղական բնակավայրերում գտնվող խանութների, տաղավարների և 10մ2 գերազանցող ընդհանուր մակերես ունեցող կրպակների միջոցով իրականացվող առևտրական գործունեություն.

դ) 2010 թվականի հունվարի 1-ից պարտադիր է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ընդգրկված հեռավոր, սահմանամերձ, բարձրլեռնային, լեռնային, մինչև 1000 բնակիչ ունեցող գյուղական բնակավայրերում գտնվող մինչև 10մ2 ընդհանուր մակերես ունեցող կրպակների միջոցով իրականացվող առևտրական գործունեության համար.

ե) 2006 թվականի հուլիսի 1-ից պարտադիր է սույն օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասում և 3-րդ մասի «ա»-«դ» կետերում չնշված գործունեության այլ ոլորտների համար:

Հեռավոր, սահմանամերձ, բարձրլեռնային, լեռնային, մինչև 1000 բնակիչ ունեցող գյուղական բնակավայրերի ցանկերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը մինչև 2005 թվականի հուլիսի 1-ը:

(4-րդ հոդվածը լրաց. 24.12.04 ՀՕ-56-Ն, 13.11.07 ՀՕ-259-Ն, 22.10.08 ՀՕ-177-Ն, 21.08.08 ՀՕ-139-Ն, 20.05.10 ՀՕ-78-Ն, խմբ., լրաց., փոփ. 22.12.10 ՀՕ-22-Ն)


Հոդված 5.

Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման պարտադիր պահանջները

 

Կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից կիրառվող հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման կանոնները սահմանվում են սույն օրենքով: Հսկիչ-դրամարկղային մեքենաներին, ցանցային կապի միջոցներին ներկայացվող պահանջները, գրանցման կարգը և շահագործման կանոնները, ինչպես նաև դրանց շահագործման համար օգտագործվող ժապավեններին ներկայացվող պահանջները հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Արտարժույթի առք ու վաճառքի և արտարժույթի դիլերային-բրոքերային առքուվաճառքի գործունեություն իրականացնողների կողմից կիրառվող հսկիչ-դրամարկղային մեքենաներին, ցանցային կապի միջոցներին կամ սույն օրենքի 8-րդ հոդվածում նշված պահանջներին բավարարող ծրագիր պարունակող համակարգչային սարքավորումներին ներկայացվող պահանջները, գրանցման կարգը և շահագործման կանոնները սահմանում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը՝ հարկային մարմնի հետ համատեղ:

Հսկիչ-դրամարկղային մեքենան տեղադրվում է առևտրի օբյեկտի կամ ծառայության մատուցման վայրի այն հատվածում, որտեղ կատարվում է վճարումը:

(5-րդ հոդվածը լրաց. 24.12.04 ՀՕ-56-Ն, 13.11.07 ՀՕ-259-Ն, 27.11.08 ՀՕ-203-Ն, 22.12.10 ՀՕ-22-Ն)

 

Հոդված 5.1.

Նոտարական և փաստաբանական գործունեություն իրականացնողների կողմից հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման առանձնահատկությունները

1. Նոտարական և (կամ) փաստաբանական գործունեություն իրականացնող անձինք հսկիչ-դրամարկղային մեքենաներ չեն կիրառում բնակչության հետ իրականացվող անկանխիկ գործարքների մասով:

2. Այն դեպքում, երբ նոտարական և (կամ) փաստաբանական գործունեություն իրականացնող անձինք բնակչությանը ծառայություններ են մատուցում գործունեության (հսկիչ-դրամարկղային մեքենայի գտնվելու) վայրից դուրս, պարտավոր են գործունեության վայր վերադառնալով անհապաղ` ոչ ուշ, քան երեք ժամվա ընթացքում, հսկիչ-դրամարկղային մեքենա մուտքագրել մատուցված ծառայության դիմաց վճարված գումարը, իսկ մեկ օրվա ընթացքում հսկիչ-դրամարկղային մեքենայի կտրոնը տրամադրել կամ փոստով առաքել ծառայություն ստացողին:

3. Սույն օրենքի 11-րդ հոդվածով սահմանված գործունեության կասեցումը նոտարական և (կամ) փաստաբանական գործունեություն իրականացնողների նկատմամբ չի կիրառվում:

(5.1-րդ հոդվածը լրաց. 22.12.10 ՀՕ-22-Ն)

 

Հոդված 6.

Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման կանոնները

 

Հայաստանի Հանրապետությունում հսկիչ-դրամարկղային մեքենաների պարտադիր կիրառմամբ գործունեություն իրականացնող կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը կանխիկ դրամով կամ պլաստիկ քարտերի միջոցով դրամական հաշվարկները պետք է իրականացնեն`

ա)  (կետն ուժը կորցրել է 19.12.12 ՀՕ-241-Ն)

բ) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով հարկային մարմնի գրանցած և դրոշմակնքած հսկիչ-դրամարկղային մեքենաներով.

գ) հսկիչ-դրամարկղային մեքենայի մոդելին ներկայացվող պարտադիր տեխնիկական պահանջները բավարարող հսկիչ-դրամարկղային մեքենաներով.

դ) դրամական միջոցների պատշաճ հաշվառումը (վերահսկողական ժապավենի և ֆիսկալային հիշողության ֆիքսումը) ապահովող հսկիչ-դրամարկղային մեքենաներով:

Արտարժույթի առք ու վաճառքի և արտարժույթի դիլերային-բրոքերային առքուվաճառքի գործունեություն իրականացնողները դրամական հաշվարկները պետք է իրականացնեն սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված պահանջները բավարարող հսկիչ-դրամարկղային մեքենայով կամ դրան համարժեք (նույն պահանջները բավարարող) համակարգչային սարքավորումներով:

Առևտրի այն օբյեկտներում կամ ծառայության մատուցման այն վայրերում, որտեղ կազմակերպությունները կամ անհատ ձեռնարկատերերը իրականացնում են այնպիսի գործունեություն, որի համար կանխիկ դրամով իրականացվող դրամական հաշվարկների դեպքերում հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառումն օրենքով պարտադիր չէ, տեղադրված և կիրառվող հսկիչ-դրամարկղային մեքենաների միջոցով արձանագրված շրջանառությունները համարվում են չհիմնավորված, և նման հսկիչ-դրամարկղային մեքենաները հարկային մարմնում գրանցումից հանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

(6-րդ հոդվածը լրաց. 24.12.04 ՀՕ-56-Ն, 13.11.07 ՀՕ-259-Ն, 20.05.10 ՀՕ-78-Ն, փոփ., լրաց. 22.12.10 ՀՕ-22-Ն, փոփ. 19.12.12 ՀՕ-241-Ն)

 

Հոդված 7.

Հսկիչ-դրամարկղային մեքենաներ կիրառող անձանց պարտականությունները

 

Կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը, որոնք կիրառում են հսկիչ-դրամարկղային մեքենաներ, պարտավոր են`

ա) իրականացնել հսկիչ-դրամարկղային մեքենաների գրանցումը հարկային մարմիններում.

բ) կիրառել այնպիսի հսկիչ-դրամարկղային մեքենաներ, որոնք բավարարում են սույն օրենքով և իրավական այլ ակտերով հսկիչ-դրամարկղային մեքենաներին ներկայացվող կիրառման կանոններին.

գ) օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնել հսկիչ-դրամարկղային մեքենաների ձեռքբերման, շահագործման հանձնելու և կիրառելու հետ կապված փաստաթղթերի վարումը և պահպանումը, ինչպես նաև սույն օրենքի 9-րդ հոդվածով նախատեսված հսկողության իրականացման նպատակով ապահովել հարկային մարմինների պաշտոնատար անձանց անարգել մուտքը դեպի համապատասխան հսկիչ-դրամարկղային մեքենան և տրամադրել սույն պարբերությունում նշված փաստաթղթերը:

դ) ապահովել ցանցային կապի միջոցներով յուրաքանչյուր հսկիչ-դրամարկղային մեքենայով (այդ թվում` արտարժույթի առք ու վաճառքի և արտարժույթի դիլերային-բրոքերային առք ու վաճառքի գործունեության մասով կիրառվող հսկիչ-դրամարկղային մեքենաներով, համակարգչային սարքավորումներով) օրվա ընթացքում իրականացված դրամական հաշվարկների հանրագումարի վերաբերյալ տեղեկության ուղարկումը հարկային մարմին:

 2012 թվականի հունվարի 1-ից կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը կարող են կամավոր հարկային մարմին ուղարկել հսկիչ-դրամարկղային մեքենաների կողմից օրվա ընթացքում իրականացված դրամական հաշվարկների հանրագումարի վերաբերյալ տեղեկությունը ցանցային կապի միջոցներով: Սույն պարբերությունում նշված կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման ստուգումներ անցկացվում են միայն ստուգումների անցկացման ռիսկային չափանիշների հիման վրա` հարկ վճարողի գործունեությունը ռիսկային դիտարկելու դեպքերում:

Ցանցային կապի միջոցներով հսկիչ-դրամարկղային մեքենաների կողմից օրվա ընթացքում իրականացված դրամական հաշվարկների հանրագումարի վերաբերյալ տեղեկության ուղարկումը հարկային մարմին պարտադիր է`

- 2013 թվականի հունվարի 1-ից` ամսական ԱԱՀ վճարող համարվող հարկ վճարողների համար,

- 2014 թվականի հունվարի 1-ից` եռամսյակային ԱԱՀ վճարող համարվող հարկ վճարողների համար,

- 2015 թվականի հունվարի 1-ից` ԱԱՀ վճարող չհամարվող հարկ վճարողների համար, բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ընդգրկված բնակավայրերում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի.

ե) մինչև սույն հոդվածի «դ» կետով նախատեսված ժամկետները կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը (բացառությամբ շրջանառության հարկ վճարողների) յուրաքանչյուր ամսվա առաջին հինգ աշխատանքային օրվա ընթացքում իրենց հաշվառման հարկային մարմին են ներկայացնում նախորդ ամսվա ընթացքում յուրաքանչյուր հսկիչ-դրամարկղային մեքենայով իրականացված դրամական հաշվարկների հանրագումարի վերաբերյալ տեղեկություն` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ձևով:

Մինչև սույն հոդվածի «դ» կետով նախատեսված ժամկետները շրջանառության հարկ վճարողները յուրաքանչյուր հսկիչ-դրամարկղային մեքենայով իրականացված դրամական հաշվարկների հանրագումարի վերաբերյալ եռամսյակային տեղեկությունները ներառում են սահմանված կարգով հարկային մարմին ներկայացվող շրջանառության հարկի հաշվարկում:

2011 թվականի մարտի 1-ից հետո օրենքով սահմանված կարգով պետական գրանցում ստացած կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը պարտավոր են կիրառել պարտադիր տեխնիկական պահանջները բավարարող և օրվա ընթացքում իրականացված դրամական հաշվարկների հանրագումարի վերաբերյալ ցանցային կապի միջոցներով տեղեկություն ուղարկող հսկիչ-դրամարկղային մեքենաներ:

(7-րդ հոդվածը լրաց. 22.12.10 ՀՕ-22-Ն, 19.12.12 ՀՕ-241-Ն)

 

Հոդված 8.

Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման թույլատրումը

 

(նախադասությունը հանվել է 19.12.12 ՀՕ-241-Ն) Արտարժույթի առք ու վաճառքի և արտարժույթի դիլերային-բրոքերային առքուվաճառքի գործունեության մասով կիրառվող հսկիչ-դրամարկղային մեքենաների, համակարգչային սարքավորումների, ինչպես նաև համակարգչային ծրագրի կիրառման թույլատրումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը՝ համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի և հարկային մարմնի հետ:

(8-րդ հոդվածը լրաց. 24.12.04 ՀՕ-56-Ն, 13.11.07 ՀՕ-259-Ն, փոփ. 19.12.12 ՀՕ-241-Ն)

 

Հոդված 9.

Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման հսկողությունը

 

1. Հարկային մարմինները`

ա) իրականացնում են սույն օրենքի կիրառման նկատմամբ հսկողություն.

բ) իրականացնում են կազմակերպություններում և անհատ ձեռնարկատերերի մոտ հասույթի լիարժեք հաշվառման հսկողություն.

գ) ստուգում են հսկիչ-դրամարկղային մեքենաներին վերաբերող փաստաթղթերը, անհրաժեշտության դեպքում պահանջելով տվյալներ և այլ տեղեկություններ, բացատրություններ, տեղեկանքներ, որոնք անմիջականորեն առնչվում են իրենց իրավասության շրջանակներում իրականացվող ստուգման նպատակներին.

դ) անցկացնում են հսկիչ-դրամարկղային մեքենաների կտրոնների տրամադրման ստուգումներ այն անձանց մոտ, որոնց համար հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառումը պարտադիր է համաձայն սույն օրենքի.

ե) օրենքով սահմանված կարգով և սույն օրենքով սահմանված դեպքերում նշանակում են տուգանքներ.

զ) արտարժույթի առք ու վաճառքի և արտարժույթի դիլերային-բրոքերային առքուվաճառքի գործունեություն իրականացնողների կողմից համակարգչային սարքավորումների կիրառման դեպքում իրականացնում են սույն մասի «ա»-«ե» կետերում նշված գործառույթները:

2. Սույն oրենքի 11-րդ հոդվածով սահմանված տուգանքների գումարների երեսուն տոկոսի չափով մասհանումները գանձվում են «Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածով նախատեսված հարկային մարմնի համակարգի զարգացման ֆոնդ:

3. Արտարժույթի առք ու վաճառքի և արտարժույթի դիլերային-բրոքերային առքուվաճառքի գործունեություն իրականացնողների կողմից կիրառվող համակարգչային ծրագրին ներկայացվող պահանջների և կիրառման կանոնների պահպանման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը՝ «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

4. Սույն օրենքով նախատեսված հսկողության իրականացման նպատակով հարկային մարմինը «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան իրականացնում է ստուգումներ և ուսումնասիրություններ, ընդ որում` ստուգումներ անցկացնելու հանձնարարագրի վավերապայմանների, դրանք ստուգվող սուբյեկտին ներկայացնելու պահանջների նկատմամբ կիրառվում են «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հավելվածի դրույթները:

(9-րդ հոդվածը լրաց. 24.12.04 ՀՕ-56-Ն, 13.11.07 ՀՕ-259-Ն, խմբ. 27.11.08 ՀՕ-203-Ն, լրաց. 22.12.10 ՀՕ-22-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  3.

 

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆՆ ՕՐԵՆՔԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ


Հոդված 10.

Պատասխանատվությունն օրենքի պահանջները խախտելու համար

 

Սույն օրենքի, ինչպես նաև սույն օրենքի 5-րդ հոդվածում նշված կարգերի պահանջների խախտումն առաջացնում է պատասխանատվություն՝ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով:

Արտարժույթի առք ու վաճառքի և արտարժույթի դիլերային-բրոքերային առքուվաճառքի գործունեության մասով սույն օրենքով սահմանված պատասխանատվության կիրառման առումով համակարգչային սարքավորումները հավասարեցվում են հսկիչ-դրամարկղային մեքենաներին:

Սույն օրենքով սահմանված պատասխանատվության կիրառման համար հիմք է հանդիսանում նաև «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով իրականացված ուսումնասիրության արդյունքում արձանագրված հսկիչ-դրամարկղային մեքենաների շահագործման կանոնների խախտումը:

(10-րդ հոդվածը լրաց. 24.12.04 ՀՕ-56-Ն, 13.11.07 ՀՕ-259-Ն, 22.12.10 ՀՕ-22-Ն)

 

Հոդված 11.

Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման և հսկիչ-դրամարկղային մեքենաների միջոցով դրամական հաշվարկների կանոնները չպահպանելը

 

1. Սույն օրենքով սահմանված դեպքերում հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառումը պարտադիր լինելու դեպքում կանխիկ դրամով կամ պլաստիկ քարտերի միջոցով դրամական գործարքներ իրականացնելու վայրում հսկիչ-դրամարկղային մեքենայի բացակայության համար կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը տուգանվում է երեք հարյուր հազար դրամի չափով:

Տուգանքը նշանակելուց հետո մեկ տարվա ընթացքում սույն մասի առաջին պարբերությունում նշված խախտումը կրկնելու դեպքում կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը տուգանվում է վեց հարյուր հազար դրամի չափով, և նրա գործունեությունն այդ մասով կասեցվում է մինչև սահմանված կարգով հսկիչ-դրամարկղային մեքենայի ներդրումը:

2. Հսկիչ-դրամարկղային մեքենաների գրանցման կարգի և /կամ շահագործման կանոնների խախտմամբ հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման համար կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը տուգանվում են հարյուր հիսուն հազար դրամի չափով:

Տուգանքը նշանակելուց հետո` մեկ տարվա ընթացքում, սույն մասի առաջին պարբերությունում նշված խախտումն առաջին անգամ կրկնելու դեպքում կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը տուգանվում է տվյալ գործունեության իրականացման վայրում (առևտրի օբյեկտում կամ ծառայության մատուցման վայրում) տեղադրված հսկիչ-դրամարկղային մեքենաներով նախորդ ամսվա ընթացքում արձանագրված շրջանառության երկու տոկոսի չափով, բայց ոչ պակաս երեք հարյուր հազար դրամից, և նրա գործունեությունն այդ մասով կասեցվում է 5 օրով: Գործունեության կասեցման հիմքերի վերաբերյալ հայտարարությունը փակցվում է գնորդների և հաճախորդների համար տեսանելի տեղում:

Տուգանքը նշանակելուց հետո` մեկ տարվա ընթացքում, սույն մասի առաջին պարբերությունում նշված խախտումը երկրորդ և ավելի անգամ կրկնելու դեպքում կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը տուգանվում է տվյալ գործունեության իրականացման վայրում (առևտրի օբյեկտում կամ ծառայության մատուցման վայրում) տեղադրված հսկիչ-դրամարկղային մեքենաներով նախորդ ամսվա ընթացքում արձանագրված շրջանառության երկու տոկոսի չափով, բայց ոչ պակաս վեց հարյուր հազար դրամից, և նրա գործունեությունն այդ մասով կասեցվում է 10 օրով: Գործունեության կասեցման հիմքերի վերաբերյալ հայտարարությունը փակցվում է գնորդների և հաճախորդների համար տեսանելի տեղում: Սույն մասում նշված խախտումը թույլ տված կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի ցանկը հարկային մարմնի ղեկավարի կողմից ենթակա է հրապարակման` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

3. Սույն օրենքի 7-րդ հոդվածի «դ» կետով սահմանված` համապատասխան ժամկետից հետո հսկիչ-դրամարկղային մեքենայի միջոցով օրվա ընթացքում իրականացված դրամական հաշվարկների հանրագումարի վերաբերյալ ցանցային կապուղիների միջոցով տեղեկության ուղարկումն իրականացնող մեքենա չկիրառելու կամ հսկիչ-դրամարկղային մեքենային միացվող համապատասխան սարք չտեղադրելու համար կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը նախազգուշացվում է:

Նախազգուշացումից հետո` մեկ տարվա ընթացքում, սույն մասի առաջին պարբերությունում նշված խախտումը կրկնելու դեպքում կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը տուգանվում է հարյուր հիսուն հազար դրամի չափով:

Տուգանքը նշանակելուց հետո` մեկ տարվա ընթացքում, սույն մասի երկրորդ պարբերությունում նշված խախտումը կրկնելու դեպքում կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը տուգանվում է երեք հարյուր հազար դրամի չափով, և համապատասխան օբյեկտի գործունեությունը կասեցվում է` մինչև ցանցային կապուղիների միջոցով տեղեկության ուղարկումն իրականացնող մեքենայի կիրառումը կամ հսկիչ-դրամարկղային մեքենային միացվող համապատասխան սարքի տեղադրումը:

4. Սույն օրենքի 7-րդ հոդվածի «դ» կետով սահմանված` համապատասխան ժամկետից հետո հսկիչ-դրամարկղային մեքենայի միջոցով օրվա ընթացքում իրականացված դրամական հաշվարկների հանրագումարի վերաբերյալ տեղեկությունը հարկային մարմին ուղարկելը չապահովելու (հսկիչ-դրամարկղային մեքենայի, ցանցային կապի միջոցի անխափան աշխատանքը չապահովելու) համար կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը տուգանվում է հարյուր հիսուն հազար դրամի չափով, բացառությամբ կապի անբավարարության կամ բացակայության պատճառով տեղեկությունը չուղարկելու դեպքերի: Կապի անբավարար որակի կամ դրա բացակայության վերաբերյալ տեղեկատվությունը լիազոր մարմինը կապ տրամադրող կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ներկայացված տվյալները տրամադրում է հարկային մարմնին:

Տուգանքը նշանակելուց հետո` մեկ տարվա ընթացքում, սույն մասի առաջին պարբերությունում նշված խախտումը կրկնելու դեպքում կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը տուգանվում է երեք հարյուր հազար դրամի չափով:

5. Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքերում հարկ վճարողի գործունեության կասեցումը կարող է փոխարինվել տուգանքի վճարմամբ: Գործունեության կասեցումը փոխարինվում է տուգանքով հարկ վճարողի գրավոր համապատասխան դիմումի և սույն մասով սահմանված չափով հաշվարկվող տուգանքի վճարումը հաստատող փաստաթղթի (անդորրագրի) ներկայացման դեպքում: Տուգանք վճարվում է կասեցումը չկիրառելու յուրաքանչյուր օրվա համար` տվյալ գործունեության իրականացման վայրում (առևտրի օբյեկտում կամ ծառայության մատուցման վայրում) տեղադրված հսկիչ-դրամարկղային մեքենաներով նախորդ ամսվա ընթացքում արձանագրված միջին օրական շրջանառության երկու տոկոսի չափով, բայց ոչ պակաս վաթսուն հազար դրամից: Կասեցման ընթացքում դիմում ներկայացնելու դեպքում սույն մասով սահմանված տուգանքը վճարվում է դիմումը ներկայացնելու օրվան հաջորդող օրվանից մինչև կասեցման ավարտը յուրաքանչյուր օրվա համար: Գործունեության կասեցման ժամկետի ընթացքում դիմում ներկայացնելու դեպքում կասեցումը դադարեցվում է դիմումը ներկայացնելու հաջորդ օրվանից:

Սույն հոդվածով սահմանված գործունեության կասեցումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով՝ հարկային մարմնի ղեկավարի համապատասխան որոշման հիման վրա:

Սույն հոդվածով սահմանված տուգանքը, Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի կողմից խախտման փաստն արձանագրելուց հետո երկամսյա ժամկետում չմուծելու դեպքում, կրկնապատկվում է:

(11-րդ հոդվածը փոփ. 27.11.08 ՀՕ-203-Ն, 21.08.08 ՀՕ-139-Ն, լրաց. 20.05.10 ՀՕ-78-Ն, փոփ., լրաց. 22.12.10 ՀՕ-22-Ն, փոփ. 29.11.11 ՀՕ-300-Ն)

 

Հոդված 11.1.  

Տուգանքների հաշվառումը

 

1. Սույն օրենքով սահմանված տուգանքների մասով պարտավորությունների հաշվառման համար հարկային մարմնում բացվում են անձնական հաշվի քարտեր: Անձնական հաշվի քարտի ձևը և վարման կարգը սահմանում է վերադաս հարկային մարմինը:

2. Սույն օրենքով սահմանված տուգանքների պարտավորությունները և դրանց մարումները (վճարումը, հաշվանցումը), ինչպես նաև տուգանքների պարտավորություններից ավելի վճարված գումարները հաշվառվում են դրամով (առանց լումաների): Կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ լուծարման դեպքում տուգանքների մինչև հարյուր դրամ ընդհանուր պարտավորությունները և գերավճարներն անտեսվում են:

(11.1-րդ հոդվածը լրաց. 08.12.10 ՀՕ-183-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  4.


ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ


Հոդված 12.

Սույն օրենքի ուժի մեջ մտնելը

 

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2005 թվականի հունվարի 1-ից։

Հայաստանի Հանրապետության
  Նախագահ

Ռ. Քոչարյան


2004 թ. դեկտեմբերի 18
Երևան
   ՀՕ-129-Ն