Գլխավոր տեղեկություն
Համար
ՆԿ-112-Ն
Տիպ
Կարգադրություն
Ակտի տիպ
Հիմնական ակտ (10.06.2006-19.04.2008)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2006.05.31/29(484) Հոդ.561
Ընդունող մարմին
ՀՀ Նախագահ
Ընդունման ամսաթիվ
22.05.2006
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
22.05.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.06.2006
Ուժը կորցնելու ամսաթիվ
09.04.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ը

«ԿՈՆԴԻ ԱՌԱՆՁՆԱՏՆԵՐԻ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՌԱՆՁՆԱՏՆԵՐԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Կոնդի առանձնատների տնտեսություն» պետական ոչ առևտրային կազմակերպության գերատեսչական առանձնատներից օգտվելու հարցերը կանոնակարգելու նպատակով որոշում եմ.

1. Հաստատել «Կոնդի առանձնատների տնտեսություն» պետական ոչ առևտրային կազմակերպության գերատեսչական առանձնատներից օգտվելու կարգը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ «Կոնդի առանձնատների տնտեսություն» պետական ոչ առևտրային կազմակերպության տարեկան ծախսերը պլանավորվում են Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի բյուջեում՝ առանձին տողով:

Ըստ հոդվածների՝ ծախսերի նախահաշիվը և հաստիքացուցակը հաստատում է Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարը:

«Կոնդի առանձնատների տնտեսություն» պետական ոչ առևտրային կազմակերպության ֆինանսական միջոցների կարգադրիչն է Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմը:

3. «Կոնդի առանձնատների տնտեսություն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից կապիտալ ծախսերի (շինարարություն, վերանորոգում, բարեկարգում և այլն) կատարումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի միջոցների հաշվին:

Կատարված կապիտալ ծախսերը ստուգվում և ընդունվում են Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի գործերի կառավարչության կողմից:

Հայաստանի Հանրապետության
Նախագահ 

Ռ. Քոչարյան


2006 թ. մայիսի 22
Երևան
ՆԿ-112-Ն

Հավելված
ՀՀ Նախագահի 2006 թ. մայիսի 22-ի
ՆԿ-112-Ն կարգադրության

«ԿՈՆԴԻ ԱՌԱՆՁՆԱՏՆԵՐԻ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՌԱՆՁՆԱՏՆԵՐԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ

Կ Ա Ր Գ

1. «Կոնդի առանձնատների տնտեսություն» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ՝ կազմակերպություն) գերատեսչական առանձնատներից (այսուհետ՝ առանձնատներ) կարող են օգտվել (բնակվել) Հայաստանի Հանրապետության Նախագահը, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահը և Հայաստանի Հանրապետության վարչապետը՝ իրենց ընտանիքների հետ միասին՝ պաշտոնավարման ժամանակահատվածում:

Նշված անձանց կեցության ծախսերը կատարվում են կազմակերպության միջոցների հաշվին:

2. Առանձնատներում կարող են բնակվել նաև Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահը, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարը, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարը և Հայաստանի Հանրապետության Նախագահի կարգադրությամբ նախատեսված այլ բարձրաստիճան պաշտոնատար անձինք՝ իրենց ընտանիքների հետ միասին:

3. Սույն կարգի 2-րդ կետով նախատեսված անձանց՝ առանձնատներում բնակվելու դեպքում կազմակերպությունն իրեն հատկացված միջոցներից ապահովում է՝

ա) կոմունալ ծախսերը (էլեկտրաէներգիա, ջրամատակարարում և ջրահեռացում, բնական գազ, ջեռուցում և այլն),

բ) անհրաժեշտ կահույքով և տեխնիկական սարքավորումներով, որոնց ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարը,

գ) առանձնատներում բնակվող յուրաքանչյուր ընտանիքին մեկ սպասարկող աշխատողով,

դ) կապի ծախսերը՝ յուրաքանչյուր առանձնատան համար երկու տեղական ելից հեռախոսային խոսակցությունների համար վճարների չափով, ինչպես նաև միջքաղաքային և դեպի բջջային ցանց ելից հեռախոսային խոսակցությունների համար՝ ամսական մինչև 100.000 դրամի վճարի չափով:

Սույն կետով չնախատեսված լրացուցիչ ծախսերը կատարվում են առանձնատներում բնակվողների հաշվին:

4. Առանձնատներում տեղադրվում են հատուկ կապի միջոցներ:

5. Առանձնատներում տարածքի, մուտքերի, դարպասների պահպանությունը և բնակիչների անվտանգության ապահովումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայությունը՝ «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

Առանձնատներում պահպանության և անցագրային ռեժիմի կազմակերպման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի և Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության պետի կողմից:

Հայաստանի Հանրապետության
Նախագահի աշխատակազմի
ղեկավար
Ա. Գևորգյան