Գլխավոր տեղեկություն
Համար
ՆԿ-95-Ն
Տիպ
Կարգադրություն
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.09.2003-11.02.2006)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2003.10.29/53(288) Հոդ.802
Ընդունող մարմին
ՀՀ Նախագահ
Ընդունման ամսաթիվ
28.08.2003
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
28.08.2003
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.09.2003
Ուժը կորցնելու ամսաթիվ
09.04.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՐԱՀՆԵՐԻՑ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԵՎ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕԳՏՎԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետությունում օդանավակայանների պաշտոնական պատվիրակությունների սրահներից օգտվելու միասնական կարգ հաստատելու նպատակով.

1. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետությունում օդանավակայանների պաշտոնական պատվիրակությունների սրահներից (այսուհետ` սրահ) կարող են օգտվել Հայաստանի Հանրապետության դիվանագիտական անձնագիր ունեցող անձինք, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարները:

Պետական մարմինների` դիվանագիտական անձնագիր ունեցող պաշտոնատար անձինք (ցանկը կցվում է) և Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարները կարող են սրահից օգտվել իրենց հետ մեկնող կամ ժամանող ընտանիքի անդամների (ամուսին, կին, երեխաներ) հետ:

Դիվանագիտական անձնագիր ունեցող այլ անձանց հետ ժամանող կամ մեկնող դիվանագիտական անձնագիր չունեցող ընտանիքի անդամները սրահից չեն կարող օգտվել:

2. Առանց հիմնական անձի ուղեկցության սրահից օգտվելու իրավունք ունեն միայն Հայաստանի Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի նախագահի, վարչապետի, սահմանադրական դատարանի նախագահի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի ընտանիքի անդամները:

3. Սրահից կարող են օգտվել նաև Ամենայն Հայոց Կաթողիկոսը և նրան ուղեկցող անձինք, ինչպես նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրավերով Հայաստանի Հանրապետություն ժամանող հոգևոր առաջնորդները, որոնց սպասարկման հայտը ներկայացնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետը:

4. Սրահից կարող են օգտվել պետական և պաշտոնական այն պատվիրակությունները կամ անձինք, որոնք ժամանում կամ մեկնում են Հայաստանի Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի, կառավարության, սահմանադրական դատարանի, արտաքին գործերի կամ պաշտպանության նախարարների հրավերով: Սրահում նրանց սպասարկումն ապահովելու համար համապատասխան պետական մարմինը գրություն է ուղարկում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալություն (այսուհետ` Պետական արարողակարգի ծառայություն)` նշելով ժամանող պատվիրակության կազմի կամ ժամանող անձանց այցի ժամկետների մասին, չվերթի համարը, ինչպես նաև անհրաժեշտ այլ տեղեկություններ: Այդ գրության հիման վրա պետական արարողակարգի ծառայությունը պատվիրակության ժամանման մասին գրավոր տեղեկացնում է սրահի ղեկավարին:

Պետական մյուս մարմինների, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական իշխանության մարմինների հրավերով ժամանող կամ մեկնող պաշտոնական պատվիրակություններին կամ անձանց, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ավագ աշխատակիցներին սրահում սպասարկման հայտ տալիս է Պետական արարողակարգի ծառայությունը` համապատասխան պետական մարմնի կամ դիվանագիտական ներկայացուցչության գրության հիման վրա, համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի հետ:

5. Սրահից օգտվելու իրավունք ունի նաև Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և գլխավոր շտաբի ղեկավար կազմը` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի ցուցումով նախարարի ավագ օգնական-վարչական ապարատի ղեկավարի կողմից տրված հատուկ հայտով:

6. Սրահից օգտվելու իրավունք ունեցող անձինք ուղետոմսերի հաշվառման և ուղեբեռի ձևակերպման, անձնագրային և մաքսային հսկողության հետ կապված համապատասխան թռիչքային փաստաթղթերը ձևակերպում են անձամբ:

Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի անդամները, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալները, Հայաստանի Հանրապետության Նախագահի ընտանիքի անդամները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի նախագահի և վարչապետի գլխավորած պատվիրակությունները թռիչքային փաստաթղթերի ձևակերպումը կարող են իրականացնել համապատասխան արարողակարգի ծառայությունների միջոցով:

7. Հանձնարարել պետական արարողակարգի ծառայությանը` սույն կարգադրության պահանջների կատարման համար պայմանագրեր կնքել համապատասխան օդանավակայանների հետ:

8. Հայաստանի Հանրապետության կառավարությանը` սահմանել սրահի ծառայությունների դիմաց կատարվող ծախսերի փոխհատուցման կարգը:

9. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում 2003 թվականի սեպտեմբերի 1-ից:


Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2003 թ. օգոստոսի 28
Երևան
ՆԿ-95-Ն


Հավելված
ՀՀ Նախագահի
2003 թ. օգոստոսի 28-ի
ՆԿ-95-Ն կարգադրության


ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՐԱՀՆԵՐԻՑ ԸՆՏԱՆԻՔԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԵՏ ՕԳՏՎԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ՑԱՆԿ

ՀՀ Նախագահ 

ՀՀ Ազգային ժողովի նախագահ 

ՀՀ վարչապետ 

ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ

ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ 

ՀՀ նախարարներ

Երևանի քաղաքապետ 

ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար 

ՀՀ Նախագահի առաջին օգնական 

ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար 

ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ 

ՀՀ գլխավոր դատախազ 

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ 

ՀՀ կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմինների ղեկավարներ

ՀՀ մարզպետներ 

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ 

ՀՀ օրենքներով ստեղծված մշտապես գործող հանձնաժողովների (խորհուրդների) նախագահներ 

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ

Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ 

ՀՀ պաշտոնաթող նախագահ 

ԼՂՀ նախագահ 

ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ 

ԼՂՀ վարչապետ 

ԼՂՀ նախարարներ և ազգային անվտանգության պետական վարչության պետ


ՀՀ Նախագահի աշխատակազմի

ղեկավար

Ա. Թումանյան