Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-190
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (19.07.2012-04.04.2020)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2001.07.04/19(151) Հոդ.481
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
15.05.2001
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
14.06.2001
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.07.2001

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2001 թվականի մայիսի 15-ին

 

ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՄԱՍԻՆ

 

Սույն օրենքը սահմանում է Սևանա լճի` որպես Հայաստանի Հանրապետության բնապահպանական, տնտեսական, սոցիալական, գիտական, պատմամշակութային, գեղագիտական, առողջապահական, կլիմայական, ռեկրեացիոն (վերականգնողական) և հոգևոր արժեք ունեցող ռազմավարական նշանակության էկոհամակարգի բնականոն զարգացման, վերականգնման, բնական պաշարների վերարտադրման (այսուհետ` վերարտադրություն), պահպանման և դրանց օգտագործման պետական քաղաքականության իրավական ու տնտեսական հիմունքները: Սևանա լիճը Հայաստանի Հանրապետության քաղցրահամ ջրերի ռազմավարական շտեմարանն է:

 

Գ Լ ՈՒ Խ  1.

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

ՀՈԴՎԱԾ 1. ՕՐԵՆՔԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՐԿԱՆ

 

Սույն օրենքը կարգավորում է Սևանա լճի, նրա ջրհավաք ավազանի և տնտեսական գործունեության գոտու էկոհամակարգերի պահպանման, վերականգնման, վերարտադրման, բնականոն զարգացման և օգտագործման հետ կապված հարաբերությունները:

 

ՀՈԴՎԱԾ 2. ՍևԱՆԱ ԼՃԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ

 

1. Սևանա լճի էկոհամակարգի պահպանման, վերականգնման, վերարտադրման, բնականոն զարգացման և օգտագործման բնագավառում հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, սույն օրենքով, այլ օրենքներով և իրավական ակտերով:

2. Եթե միջազգային պայմանագրերում սահմանված են այլ նորմեր, որոնք նախատեսված չեն սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:

 

ՀՈԴՎԱԾ 3. ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.

Սևանա լճի ջրհավաք ավազան` տարածք, որի մակերևութային և ստորերկրյա ջրերը հոսում են դեպի Սևանա լիճ: Սևանա լճի ջրհավաք ավազանի մասն են կազմում նաև Կեչուտի և Սպանդարյանի ջրամբարները, Արփա և Որոտան գետերի ջրհավաք ավազանները` մինչև Կեչուտի ջրամբար.

Սևանա լճի էկոհամակարգ` Սևանա լճի և նրա ջրհավաք ավազանի կենդանի ու անկենդան ենթահամակարգերը` նրանց միջև գոյություն ունեցող փոխհարաբերությունների ամբողջականությամբ.

Սևանա լճի տնտեսական գործունեության գոտի` Սևանա լճի ջրային և ցամաքային այն տարածքները, որոնց վրա տնտեսական գործունեության իրականացումն անմիջականորեն կամ միջնորդավորված ձևով ներգործում է Սևանա լճի էկոհամակարգի վրա.

Սևանա լճի էկոտոն` ջրային և ցամաքային էկոհամակարգերի փոխկապակցված անցումային գոտի, որը ներառում է ջրային ափամերձ և ցամաքային ջրամերձ տարածքները: Կախված ջրհավաք ավազանի ռելիեֆից` էկոտոնի սահմանները կարող են փոփոխվել մինչև 150 մետրի շրջանակներում:

 

ՀՈԴՎԱԾ 4. ՍևԱՆԱ ԼՃԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ

 

Սևանա լիճը և նրա էկոտոնային տարածքը պետական սեփականություն են և ենթակա չեն օտարման: Սևանա լճում և նրա էկոտոնային տարածքում գործունեությունն իրականացվում է կառավարության սահմանած կարգով:

 

Գ Լ ՈՒ Խ  2.

 

ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ԳՈՏԵՎՈՐՈՒՄ

 

ՀՈԴՎԱԾ 5. ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ԳՈՏևՈՐՈՒՄԸ

 

1. Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման, լճում ու նրա ջրհավաք ավազանում տնտեսական և այլ գործունեության կարգավորման նպատակով իրականացվում է էկոլոգիական գոտևորում: Էկոլոգիական գոտիների սահմաններում գտնվող հատուկ պահպանվող տարածքների կարգավիճակը ենթակա չէ փոփոխության, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:

2. Սևանա լճի, նրա ջրհավաք ավազանի բնական պաշարների օգտագործման, ինչպես նաև ջրհավաք ավազանում ընդգրկված վարչական տարածքների սոցիալ-տնտեսական զարգացմանն ուղղված գործունեությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված` Սևանա լճի էկոհամակարգի բնականոն գործունեությունն ապահովող պահանջների և էկոլոգիական գոտիների համար նախատեսված ռեժիմների պահպանմամբ: Սևանա լճի և նրա ջրհավաք ավազանի հատուկ պահպանվող տարածքների ռեժիմները և գոտիների սահմանները, ինչպես նաև Սևանա լճում և նրա ջրհավաք ավազանում տնտեսական գործունեության իրականացման կարգը սահմանում է կառավարությունը` սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` եռամսյա ժամկետում:

3. Սևանա լճի անմիջական և ոչ անմիջական էկոլոգիական գոտիների սահմաններում, ըստ տարածքի գործառնական բնույթի, տարանջատվում են հետևյալ ենթագոտիները.

ա) հատուկ պահպանվող տարածքներ` բնապահպանական և բնօգտագործման արգելոցային ռեժիմով.

բ) սահմանափակ (նպատակային) օգտագործման տարածքներ` բնապահպանական և բնօգտագործման արգելավայրային ռեժիմով.

գ) տնտեսավարման ազատ ռեժիմով տարածքներ` օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված բնօգտագործման նորմերով:

 

ՀՈԴՎԱԾ 6. ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ԳՈՏԻՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ

 

1. Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման, բնականոն զարգացման և օգտագործման, նրա ջրհավաք ավազանում տնտեսական և այլ գործունեության կարգավորման նպատակով սահմանվում են կենտրոնական, անմիջական ազդեցության և ոչ անմիջական ազդեցության էկոլոգիական գոտիներ:

2. Էկոլոգիական յուրաքանչյուր գոտու համար, սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` եռամսյա ժամկետում, կառավարությունը սահմանում է Սևանա լճի էկոհամակարգի բնօգտագործման և բնական միջավայրի պահպանության համապատասխան ռեժիմ:

 

ՀՈԴՎԱԾ 7. ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԳՈՏԻՆ

 

1. Կենտրոնական գոտին «Սևան» ազգային պարկի տարածքն է, որի տարանջատման նպատակն է վերականգնել և պահպանել Սևանա լճի էկոհամակարգի բնական վիճակը` ջրի որակը, լճի և ափամերձ ցամաքային տարածքների բնական ու արհեստական լանդշաֆտները և կենսաբազմազանությունը:

2. Կենտրոնական գոտու տարածքը համապատասխան ռեժիմով պահպանվող սահմանափակ տնտեսական և քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտ է: Քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտներում գործունեության կարգը սահմանվում է օրենքով:

 

ՀՈԴՎԱԾ 8. ԱՆՄԻՋԱԿԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՈՏԻՆ

 

1. Անմիջական ազդեցության գոտին ընդգրկում է կենտրոնական գոտու սահմաններից դուրս գտնվող ջրհավաք ավազանը` մինչև ջրբաժան, որտեղ ցանկացած գործունեություն ուղղակի կամ անուղղակի ճանապարհով ազդում է Սևանա լճի, նրա մեջ թափվող գետերի հիդրոֆիզիկական, հիդրոքիմիական, հիդրոկենսաբանական, սանիտարաթունաբանական, հիգիենիկ և այլ որակական ու քանակական ցուցանիշների վրա:

2. Անմիջական ազդեցության գոտու տարածքը քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտ է: Քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտներում գործունեության կարգը սահմանվում է օրենքով:

 

ՀՈԴՎԱԾ 9. ՈՉ ԱՆՄԻՋԱԿԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՈՏԻՆ

 

1. Ոչ անմիջական ազդեցության գոտին Սևանա լճի ջրհավաք ավազանից դուրս գտնվող` լճի վրա հնարավոր ազդեցություն ունեցող Հայաստանի Հանրապետության տարածքն է: Ոչ անմիջական ազդեցության գոտու տարանջատման նպատակը Սևանա լճի վրա հնարավոր վնասակար ազդեցության կանխումն է:

2. Ոչ անմիջական ազդեցության գոտում տնտեսական գործունեությունն իրականացվում է մթնոլորտ արտանետվող նյութերի սահմանային թույլատրելի նորմատիվներին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխան:

 

ՀՈԴՎԱԾ 10. ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ, ԱՆՄԻՋԱԿԱՆ և ՈՉ ԱՆՄԻՋԱԿԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՈՏԻՆԵՐՈՒՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

 

1. Կենտրոնական, անմիջական և ոչ անմիջական ազդեցության գոտիներում արգելվում է Սևանա լճի էկոհամակարգի վրա վնասակար ազդեցություն ունեցող ցանկացած տեսակի գործունեություն:

2. Անմիջական ազդեցության գոտում արգելվում են`

ա) էկոլոգիապես վնասակար, օրենսդրությամբ սահմանված թույլատրելի նորմերը գերազանցող արտանետումներ և կեղտաջրեր առաջացնող տեխնոլոգիաների օգտագործումը.

բ) ռադիոակտիվ նյութերի և թափոնների, ինչպես նաև մարդու առողջության և շրջակա միջավայրի համար վտանգավոր կամ թունավոր այլ նյութերի արտադրությունը, օգտագործումը, պահեստավորումը և տեղադրումը.

գ) հանքանյութեր վերամշակող օբյեկտների տեղաբաշխումը.

դ) քարածխի և հեղուկ վառելանյութի բազայի վրա աշխատող 10 մեգավատտից ավելի հզորությամբ ջերմային էներգիայի աղբյուրների գործարկումը:

 

Գ Լ ՈՒ Խ  3.

 

ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ԷԿՈՀԱՄԱԿԱՐԳԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ, ՎԵՐԱՐՏԱԴՐՄԱՆ, ԲՆԱԿԱՆՈՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

ՀՈԴՎԱԾ 11. ՍևԱՆԱ ԼՃԻ ԷԿՈՀԱՄԱԿԱՐԳԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ, ՎԵՐԱՐՏԱԴՐՄԱՆ, ԲՆԱԿԱՆՈՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ և ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

 

Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման, բնականոն զարգացման և օգտագործման պետական քաղաքականության հիմնական սկզբունքներն են`

ա) Սևանա լիճը և նրա ջրհավաք ավազանը, ըստ տարածքի գործառնական բնույթի, որպես մեկ ամբողջական համակարգ դիտարկելը.

բ) Սևանա լճի ջրային բացասական հաշվեկշռի բացառումը (բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի) և լճի էկոլոգիապես անհրաժեշտ մակարդակի բարձրացման ապահովումը.

գ) կենսաբազմազանության պահպանության գերակայությունը.

դ) Սևանա լճի և նրա ջրհավաք ավազանի տարածքներում էկոլոգիապես մաքուր և անվտանգ տեխնոլոգիաների, այդ թվում` կենսատեխնոլոգիաների պարտադիր կիրառումը.

ե) կարճաժամկետ, միջինժամկետ և երկարաժամկետ ծրագրերի մշակումը և դրանց բնապահպանական պետական, ինչպես նաև օրենքով սահմանված այլ փորձաքննության պարտադիր ապահովումը.

զ) բնօգտագործման ավանդական ձևերի խրախուսումը և աջակցումը:

(11-րդ հոդվածը լրաց. 22.06.12 ՀՕ-170-Ն)

 

ՀՈԴՎԱԾ 12. ՍևԱՆԱ ԼՃԻ ԷԿՈՀԱՄԱԿԱՐԳԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ, ՎԵՐԱՐՏԱԴՐՄԱՆ, ԲՆԱԿԱՆՈՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ և ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԱՅԻՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ

 

1. Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման պետական քաղաքականությունն իրականացվում է Սևանա լճի մասին համալիր ծրագրով (այսուհետ` Համալիր ծրագիր) սահմանված ժամկետներում և կարգով:

2. Համալիր ծրագրի նպատակն է Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման ապահովումը:

3. Համալիր ծրագրի նախագիծը կառավարությունն Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացնում սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` եռամսյա ժամկետում: Համալիր ծրագիրը հաստատում է Ազգային ժողովը` համապատասխան օրենքի ընդունմամբ:

4. Համալիր ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման տարեկան համամասնությունները սահմանում է կառավարությունը, և դրանք արտացոլվում են Սևանա լճի մասին տարեկան ծրագրերում (այսուհետ` Տարեկան ծրագիր):

5. Տարեկան ծրագրի կատարման համար անհրաժեշտ ֆինանսավորման գումարն արտացոլվում է համապատասխան տարվա պետական բյուջեի ծախսերում: Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման, բնականոն զարգացման և օգտագործման համար կարող են կատարվել նաև օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներից հատկացումներ (օտարերկրյա պետությունների, միջազգային կազմակերպությունների, ինչպես նաև իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից հանգանակություններ, նվիրատվություններ և այլ հատկացումներ), որոնք օգտագործվում են բացառապես ծրագրային աշխատանքները ֆինանսավորելու նպատակով:

 

ՀՈԴՎԱԾ 13. ՀԱՄԱԼԻՐ և ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ և ԴՐԱՆՑ ՄՇԱԿՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

 

1. Համալիր և Տարեկան ծրագրերը ներառում են`

ա) հիմնական նպատակներն ու խնդիրները.

բ) տեղեկանք Սևանա լճի ու նրա ջրհավաք ավազանի ջրային պաշարների, կենդանական ու բուսական աշխարհի, էկոլոգիական ենթահամակարգերի մասին.

գ) նախատեսված աշխատանքների ծավալները, դրանց իրականացման ժամանակացույցը.

դ) նախատեսված աշխատանքների ֆինանսավորման համամասնությունները.

ե) ծրագրերի կատարման սկզբունքները և նախատեսված աշխատանքների իրականացման առաջնահերթությունները.

զ) Սևանա լճում և նրա էկոտոնային տարածքում Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով գործունեություն իրականացնելու սկզբունքները, եղանակները և տեսակները.

է) այլ պայմաններ, որոնք անհրաժեշտ են ծրագրերի համակողմանի ներկայացման համար:

2. Համալիր ծրագիրը ներառում է նաև`

ա) նախատեսված աշխատանքները` ըստ լիազորված մարմինների.

բ) նախատեսված աշխատանքների և դրանց ֆինանսավորման գործընթացի վերահսկողության կարգը:

3. Տարեկան ծրագիրը ներառում է նաև`

ա) նախատեսված աշխատանքների ընթացիկ և սպասվելիք կատարողականի վերլուծությունը.

բ) Սևանա լճի էկոլոգիական կայունությունը չխախտող և լճի ջրային դրական հաշվեկշիռն ապահովող ջրթողումների և անվերադարձ ջրառումների պլանները և ընթացիկ գրաֆիկները.

գ) Սևանա լճից ջրթողումների և ջրառումների տարեկան առավելագույն չափաքանակը` ամսական կտրվածքով.

դ) Սևանա լճի և նրա ջրհավաք ավազանի կենսառեսուրսների (այդ թվում` ձկնային և խեցգետնային) արդյունահանման և արդյունագործական որսի տարեկան առավելագույն չափաքանակները և արդյունագործական որակի բնութագրերը` ամսական կտրվածքով:

4. Տարեկան ծրագրի հետ կառավարությունը ներկայացնում է նաև այդ ծրագրի կատարումն ապահովող օրինագծերը:

41. Տարեկան ծրագիրը կառավարությունն Ազգային ժողով է ներկայացնում պետական բյուջեի նախագծի կազմում:

5. Համալիր և Տարեկան ծրագրերը մշակվում են դրանց համապատասխանության ապահովման, ծրագրային աշխատանքների և ֆինանսական ապահովման հաշվեկշռվածության, համադրելիության և հաշվետվության սկզբունքների պահպանմամբ:

(13-րդ հոդվածը լրաց. 23.10.02 ՀՕ-433-Ն)

 

ՀՈԴՎԱԾ 14. ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՔՆՆԱՐԿՄԱՆ ՈՒ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ

(վերնագիրը փոփ. 23.10.02 ՀՕ-433-Ն)

 

1. (կետն ուժը կորցրել է 23.10.02 ՀՕ-433-Ն)

2. Տարեկան ծրագրի կատարման մասին կառավարությունն Ազգային ժողով է ներկայացնում ամենամյա հաշվետվություն:

3. Տարեկան ծրագրի կատարման մասին հաշվետվությունը հերթական տարվա պետական բյուջեի կատարման մասին հաշվետվության բաղկացուցիչ մասն է:

4. Տարեկան ծրագրի կատարման մասին հաշվետվությունը ներառում է վերլուծականներ` սույն օրենքի 12-րդ հոդվածով սահմանված դրույթների շուրջ, ինչպես նաև Տարեկան ծրագրի կատարման գնահատականը:

5. Տարեկան ծրագրի կատարման արդյունքներով նախատեսված աշխատանքների թերակատարված մասը ներառվում է հաջորդ տարվա Տարեկան ծրագրում: Դրա կատարման ժամկետը չի կարող գերազանցել Համալիր ծրագրով նախատեսված վերջին ժամկետը:

(14-րդ հոդվածը փոփ., խմբ. 23.10.02 ՀՕ-433-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  4.

 

ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ԷԿՈՀԱՄԱԿԱՐԳԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ, ՎԵՐԱՐՏԱԴՐՄԱՆ, ԲՆԱԿԱՆՈՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

ՀՈԴՎԱԾ 15. ՍևԱՆԱ ԼՃԻ ԷԿՈՀԱՄԱԿԱՐԳԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ, ՎԵՐԱՐՏԱԴՐՄԱՆ, ԲՆԱԿԱՆՈՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ և ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆԸ

 

Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման, բնականոն զարգացման և օգտագործման բնագավառներում կառավարությունը`

ա) կազմակերպում, համակարգում, մշակում և ապահովում է Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման, բնականոն զարգացման և օգտագործման բնագավառներում պետական քաղաքականության իրականացումը.

բ) հաստատում է բնական պաշարների օգտագործման, տնտեսավարող սուբյեկտների կողմից արտանետումների, արտահոսքերի և թափոնների թույլատրելի նորմերը.

գ) սահմանում է ձկան և խեցգետնի պաշարների վերականգնման, պահպանման, վերարտադրման, ինչպես նաև դրանց պաշարների որոշման, ձկան և խեցգետնի արդյունագործական որսի քանակների, ձևերի և կազմակերպման կարգը.

դ) իրականացնում է սույն օրենքով, այլ օրենքներով սահմանված այլ լիազորություններ:

 

ՀՈԴՎԱԾ 16. ՍևԱՆԱ ԼՃԻ ԷԿՈՀԱՄԱԿԱՐԳԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ, ՎԵՐԱՐՏԱԴՐՄԱՆ, ԲՆԱԿԱՆՈՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ և ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՈԼՈՐՏՆԵՐՈՒՄ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆԸ

 

Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման, բնականոն զարգացման և օգտագործման ոլորտներում բնապահպանության բնագավառում լիազորված պետական կառավարման մարմինը (այսուհետ` լիազորված մարմին)`

ա) մասնակցում է Սևանա լճի էկոհամակարգի պահպանության պետական քաղաքականության մշակմանն ու իրականացմանը.

բ) իրականացնում է վերահսկողություն բնապահպանական օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ.

գ) մշակում է առաջարկություններ` ծրագրային խնդիրների լուծման համար.

դ) պատվիրում է Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման ուղղությամբ գիտատեխնիկական հետազոտություններ ու ճարտարագիտական աշխատանքներ.

ե) վերահսկում է Սևանա լճի ձկնատեսակների և խեցգետնի, ինչպես նաև ցամաքային և ջրային բույսերի և կենդանիների արհեստական վերարտադրության գործընթացը.

զ) իրավասու է տնտեսավարող և այլ սուբյեկտներից պահանջել կենտրոնական, անմիջական և ոչ անմիջական ազդեցության գոտիներում բնապահպանության և բնօգտագործման վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվություն, ինչը լիազորված մարմին է տրամադրվում դիմելուց հետո` տասնօրյա ժամկետում.

Է) յուրաքանչյուր եռամսյակի վերջում հանրային հեռուստառադիոընկերությամբ հաղորդում և մամուլում հրապարակում է Սևանա լճի էկոլոգիական համակարգի վիճակի մասին տեղեկատվություն.

ը) կազմակերպում է իր իրավասությունների շրջանակներում գտնվող հարցերի հասարակական քննարկումներ.

թ) կազմակերպում և համակարգում է մոնիթորինգային աշխատանքներ.

ժ) իրականացնում է սույն օրենքով, այլ օրենքներով ու իրավական ակտերով սահմանված այլ լիազորություններ:

 

ՀՈԴՎԱԾ 17. ՍևԱՆԱ ԼՃԻ ԷԿՈՀԱՄԱԿԱՐԳԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ, ՎԵՐԱՐՏԱԴՐՄԱՆ, ԲՆԱԿԱՆՈՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ և ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐՈՒՄ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆԸ

 

Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման բնագավառներում տարածքային կառավարման մարմինները`

ա) ապահովում են Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների կատարումն իրենց լիազորությունների շրջանակներում.

բ) մասնակցում են Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման ծրագրերի մշակմանը.

գ) համակարգում են լիազորված մարմնի համապատասխան ծառայությունների և ստորաբաժանումների ու տեղական ինքնակառավարման մարմինների համատեղ և համաձայնեցված գործունեությունը Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման բնագավառներում.

դ) իրականացնում են սույն օրենքով, այլ օրենքներով և իրավական ակտերով սահմանված այլ լիազորություններ:

 

ՀՈԴՎԱԾ 18. ՍևԱՆԱ ԼՃԻ ԷԿՈՀԱՄԱԿԱՐԳԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ, ՎԵՐԱՐՏԱԴՐՄԱՆ և ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐՈՒՄ ԱՆՄԻՋԱԿԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՈՏՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆԸ

 

Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման բնագավառներում անմիջական ազդեցության գոտում գտնվող տեղական ինքնակառավարման մարմինները`

ա) աջակցում են համայնքի տարածքում Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների կատարմանը.

բ) ապահովում են համայնքի բնակչության մասնակցությունը Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման մասին հասարակական քննարկումներին.

գ) իրականացնում են սույն օրենքով, այլ օրենքներով սահմանված այլ լիազորություններ:

 

Գ Լ ՈՒ Խ  5.

 

ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ

 

ՀՈԴՎԱԾ 19. ՍևԱՆԱ ԼՃԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ

 

1. Համալիր և Տարեկան ծրագրերի (հաշվետվությունների), ինչպես նաև դրանց իրականացումն ապահովող լիազորված մարմինների մշակած փաստաթղթերի անկախ և մասնագիտական փորձաքննության նպատակով Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի (այսուհետ` ԳԱԱ) կառուցվածքում ստեղծվում է ստորաբաժանում` Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողով (այսուհետ` Հանձնաժողով):

2. Հանձնաժողովը կազմված է 9 անդամից, որոնց նշանակում է ԳԱԱ նախագահը` սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` մեկամսյա ժամկետում:

Հանձնաժողովի աշխատանքներին խորհրդակցական ձայնի իրավունքով կարող է մասնակցել Գեղարքունիքի մարզպետի լիազորած անձը:

3. Հանձնաժողովի նախագահն ընտրվում է Հանձնաժողովի անդամների կազմից, գաղտնի քվեարկությամբ` Հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

4. Հանձնաժողովի կազմում փոփոխություններ կարող է կատարել ԳԱԱ նախագահը:

5. Հանձնաժողովը գործում է իր կանոնադրությանը համապատասխան, որը, Հանձնաժողովի նախագահի ներկայացմամբ, հաստատում է ԳԱԱ նախագահությունը` Հանձնաժողովի ստեղծման օրվանից հետո` մեկամսյա ժամկետում:

6. Հանձնաժողովի գործունեության ծախսերի ֆինանսավորումը, այդ թվում` Հանձնաժողովի անդամների վարձատրությունը, իրականացվում է պետական բյուջեի միջոցների հաշվին և արտացոլվում ԳԱԱ պահպանման ծախսերում:

 

ՀՈԴՎԱԾ 20. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆԸ

 

1. Հանձնաժողովը`

ա) իրականացնում է Համալիր և Տարեկան ծրագրերի (հաշվետվությունների), ինչպես նաև դրանց իրականացումն ապահովող փաստաթղթերի նախնական և ամփոփիչ փորձաքննություններ և տալիս է եզրակացություններ.

բ) նախնական փորձաքննության արդյունքների հիման վրա մշակում և լիազորված մարմիններ է ներկայացնում համապատասխան առաջարկություններ.

գ) կարող է մասնակցել Սևանա լճի հետ կապված միջոցառումներին և հարցերի քննարկմանը.

դ) իրականացնում է գիտական և փորձագիտական հետազոտություններ, կազմում արձանագրություններ.

ե) կարող է ներգրավել լրացուցիչ մասնագետներ.

զ) իրականացնում է Հանձնաժողովի կանոնադրությամբ սահմանված և օրենսդրությանը չհակասող այլ լիազորություններ:

2. Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն աջակցում են Հանձնաժողովին` նրա իրավասության սահմաններում իրականացվող գործունեության ընթացքում:

 

ՀՈԴՎԱԾ 21. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

1. Հանձնաժողովը փորձագիտական եզրակացություն է տալիս Համալիր և Տարեկան ծրագրերի (հաշվետվությունների), ինչպես նաև դրանց իրականացումն ապահովելու նպատակով մշակված փաստաթղթերի վերաբերյալ` դրանց ստացման օրվանից` մեկամսյա ժամկետում:

2. Հանձնաժողովի եզրակացությունները և կազմած արձանագրությունները եռօրյա ժամկետում պաշտոնապես ուղարկվում են Հայաստանի Հանրապետության Նախագահին, Ազգային ժողով և կառավարություն:

3. Համալիր և Տարեկան ծրագրերի (հաշվետվությունների) վերաբերյալ Հանձնաժողովի եզրակացությունը ներառում է`

ա) ծրագրային խնդիրների և միջոցառումների հիմնավորվածության աստիճանը.

բ) ծրագրային խնդիրների և միջոցառումների ռեսուրսային, այդ թվում` ֆինանսական ապահովվածության գնահատականը.

գ) սույն օրենքի պահանջներին ծրագրերի (հաշվետվությունների) համապատասխանության գնահատականը.

դ) ծրագրերի (հաշվետվությունների) մշակման և քննարկման ընթացքում ստացված, ինչպես նաև նախնական փորձաքննության արդյունքում իր ներկայացրած առաջարկությունները ծրագրերում (հաշվետվություններում) ընդգրկելու կամ մերժելու մասին տեղեկանքը.

ե) ծրագրերի մշակվածության և իրատեսության վերաբերյալ ամփոփ գնահատականը.

զ) այլ տեղեկություններ և վերլուծություններ, որոնք Հանձնաժողովն անհրաժեշտ կհամարի ծրագրերի (հաշվետվությունների) վերաբերյալ լիարժեք փորձագիտական եզրակացություն ներկայացնելու համար:

4. Համալիր և Տարեկան ծրագրերը (հաշվետվությունները) Ազգային ժողովը քննարկում է Հանձնաժողովի եզրակացության առկայության դեպքում:

5. Հանձնաժողովի եզրակացությունն Ազգային ժողովի նիստում ներկայացնում է Հանձնաժողովի նախագահը: Եզրակացության քննարկումը կատարվում է «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

 

Գ Լ ՈՒ Խ  6.

 

ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ

 

ՀՈԴՎԱԾ 22. ՍևԱՆԱ ԼՃԻ ԷԿՈՀԱՄԱԿԱՐԳԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ, ՎԵՐԱՐՏԱԴՐՄԱՆ և ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման հիմնական պահանջներն են`

ա) տարածքների քաղաքաշինական և լանդշաֆտային հատակագծումը.

բ) օրենսդրությամբ սահմանված փորձաքննությունների անցկացումը.

գ) բնապահպանական և բնօգտագործման միջոցառումների ծրագրային իրականացումը.

դ) տնտեսական գործունեություն իրականացնող սուբյեկտների էկոլոգիական անձնագրավորումը.

ե) շրջակա միջավայրի վրա ազդեցության հայտարարագրումը.

զ) շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատումը:

 

ՀՈԴՎԱԾ 23. ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ և ԼԱՆԴՇԱՖՏԱՅԻՆ ՀԱՏԱԿԱԳԾՈՒՄԸ

 

1. Սևանա լճի էկոհամակարգի կենտրոնական և անմիջական ազդեցության գոտիներում ջրի, հողի և բնական այլ պաշարների` օրենքով սահմանված կարգով հատկացման, օգտագործման և օտարման համար հիմք են ծառայում տվյալ տարածքների լանդշաֆտային և քաղաքաշինական հատակագծերը:

2. Համապատասխան լիազորված մարմինները լանդշաֆտային և քաղաքաշինական հատակագծերը հաստատում են էկոլոգիական, բնապահպանական, բնօգտագործման, ինչպես նաև օրենսդրությամբ սահմանված այլ փորձաքննությունների հիման վրա:

3. Սևանա լճի էկոհամակարգի կենտրոնական և անմիջական ազդեցության գոտիների տարածքների լանդշաֆտային և քաղաքաշինական հատակագծումը կատարվում է կառավարության սահմանած կարգով:

 

ՀՈԴՎԱԾ 24. ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ և ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՆՁՆԱԳՐԱՎՈՐՈՒՄԸ

 

Փորձաքննությունները և էկոլոգիական անձնագրավորումն իրականացվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

ՀՈԴՎԱԾ 25. ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՈՒՄԸ

 

Տնտեսավարող սուբյեկտները գործունեություն ծավալելուց կամ տեխնոլոգիական փոփոխություններ կատարելուց առաջ պարտավոր են լիազորված մարմին ներկայացնել համապատասխան հայտարարագիր: Այն ստանալուց հետո` մեկամսյա ժամկետում, լիազորված մարմինը, օրենսդրությամբ սահմանված փորձաքննությունների արդյունքների հիման վրա, ընդունում է որոշում` տվյալ գործունեությունը թույլատրելու կամ արգելելու մասին:

 

Գ Լ ՈՒ Խ  7.

 

ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ԷԿՈՀԱՄԱԿԱՐԳԻ ՎՐԱ ՎՆԱՍԱԿԱՐ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՆՈՐՄԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

 

ՀՈԴՎԱԾ 26. ՍևԱՆԱ ԼՃԻ ԷԿՈՀԱՄԱԿԱՐԳԻ ՎՐԱ ԲԱՑԱՍԱԿԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՐՏԱՆԵՏՈՒՄՆԵՐԻ ԱՐԳԵԼՈՒՄԸ

 

1. Սևանա լճի էկոհամակարգի բնականոն գործունեության ապահովման նպատակով Սևանա լճի էկոհամակարգում արգելվում է օգտագործել`

ա) ջրային օրգանիզմների համար բարձր տոքսիկություն ունեցող նյութեր.

բ) սննդային շղթաներով փոխանցվող և բույսերի ու կենդանիների օրգանիզմներում կուտակվող ոչ բարձր տոքսիկություն ունեցող նյութեր.

գ) Սևանա լճի և նրա մեջ թափվող գետերի, աղբյուրների ջրերում դանդաղ քայքայվող բարձր և ոչ բարձր տոքսիկություն ունեցող նյութեր.

դ) Սևանա լճի էկոհամակարգի համար վտանգավոր, սակայն կենսահամակարգից արագ հեռացվող նյութեր.

ե) թույլատրելի նորմերը գերազանցող կենսածին տարրեր, ծանր մետաղներ կամ նրանց միացություններ:

2. Սույն հոդվածի 1-ին կետում նշված նյութերի, կենսածին տարրերի, ծանր մետաղների կամ դրանց միացությունների և այլ նյութերի ցանկը, սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` եռամսյա ժամկետում, սահմանում է կառավարությունը` լիազորված մարմնի ներկայացմամբ:

 

ՀՈԴՎԱԾ 27. ՍևԱՆԱ ԼՃԻ ԷԿՈՀԱՄԱԿԱՐԳԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ԱՂՏՈՏՈՒՄԻՑ

 

Սևանա լճի էկոհամակարգի կենտրոնական, անմիջական և ոչ անմիջական ազդեցության գոտիների կենսահամակեցություններին ոչ բնորոշ կենդանիների ու բույսերի ներմուծումն ու բնակեցումը կատարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

ՀՈԴՎԱԾ 28. ՍևԱՆԱ ԼՃԻ ԷԿՈՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ՎՏԱՆԳԱՎՈՐ ՆՅՈՒԹԵՐԻ ԱՐՏԱՆԵՏՈՒՄՆԵՐԻ և ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ԱՂՏՈՏՈՒՄՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

 

1. Տնտեսավարող սուբյեկտները պարտավոր են ապահովել Սևանա լճի էկոհամակարգի համար սահմանված նորմատիվները: Այդ սուբյեկտների գործունեության ընթացքում վնասակար նյութերի վթարային կամ միանգամյա արտանետումների դեպքում նրանք պարտավոր են անհապաղ միջոցներ ձեռնարկել կանխելու շրջակա միջավայրի աղտոտումը և այդ մասին անհապաղ իրազեկել համապատասխան մարմիններ (լիազորված մարմին, մարզպետարան և այլն):

2. Արգելված արտանետումների, վնասակար ներգործությունների (արտանետումներ, արտահոսքեր, վտանգավոր թափոններ և այլն) հետևանքով Սևանա լճի էկոհամակարգին պատճառված վնասների վերացման հետ կապված ծախսերը կատարվում են դրանք թույլ տված սուբյեկտների միջոցների հաշվին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

ՀՈԴՎԱԾ 29. ԱՆՄԻՋԱԿԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՈՏՈՒՄ ԼԱՆԴՇԱՖՏՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

1. Անմիջական ազդեցության գոտում լանդշաֆտների պահպանման և վերականգնման նպատակով իրականացվում է`

ա) լանդշաֆտների վիճակի համալիր գնահատում և դրանց կառուցվածքի բարելավում.

բ) լանդշաֆտների պահպանման և վերականգնման միջոցառումների պլանավորման, ծրագրավորման և ֆինանսավորման կարգի սահմանում.

գ) տնտեսական և ռեկրեացիոն (զբոսաշրջության, հանգստի) գործունեության թույլատրելի ծանրաբեռնվածության նորմերի սահմանում և կարգավորում.

դ) քաղաքաշինական, ճարտարագիտական, տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման քաղաքականության ընդհանուր պահանջների սահմանում, ինչպես նաև նախագծային և շինարարական աշխատանքների կարգավորում ու վերահսկում.

ե) գործող և նոր կառուցվող ավտոմոբիլային ու այլ ճանապարհների շահագործման կարգավորում.

զ) բնության և պատմաճարտարապետական հուշարձանների հաշվառում, դրանց պահպանման, վերականգնման նպատակներով օգտագործման կարգի սահմանում.

է) հեղեղային և սողանքային երևույթներին նպաստող որևէ գործունեություն:

2. Անմիջական ազդեցության գոտում լանդշաֆտների պահպանությունն իրականացվում է կառավարության սահմանած կարգով:

 

ՀՈԴՎԱԾ 30. ՍևԱՆԱ ԼՃԻ ԷԿՈՀԱՄԱԿԱՐԳԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈՒՄ

 

Արտակարգ իրավիճակներում կառավարությունը, սույն օրենքով սահմանված կարգով, կարող է Ազգային ժողովի քննարկմանը ներկայացնել Սևանա լճի էկոհամակարգի պահպանության ժամանակավոր ծրագիր, որը հաստատվում է համապատասխան օրենքի ընդունմամբ:

 

ՀՈԴՎԱԾ 31. ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ

 

Սույն օրենքի պահանջների խախտումն առաջացնում է պատասխանատվություն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

ՀՈԴՎԱԾ 32. ՕՐԵՆՔԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ

 

 Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


Երևան
14 հունիսի 2001 թ.
ՀՕ-190