Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-171-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (19.07.2012-01.12.2012)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2012.07.18/34(908) Հոդ.845
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
22.06.2012
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
12.07.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.07.2012
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.12.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2012 թվականի հունիսի 22-ին

 

«ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ԷԿՈՀԱՄԱԿԱՐԳԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ, ՎԵՐԱՐՏԱԴՐՄԱՆ ԵՎ OԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՏԱՐԵԿԱՆ ՈՒ ՀԱՄԱԼԻՐ ԾՐԱԳՐԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ OՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի դեկտեմբերի 14-ի ՀO-276 օրենքը (այսուհետ` Oրենք) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.2-րդ հոդվածով.

 

«Հոդված 2.2. Հաստատել 2012 թվականին Սևանա լճից ջրի բացթողումների տարեկան առավելագույն չափաքանակի փոփոխության վերաբերյալ ժամանակավոր ծրագիրը (Հավելված 31 -ը կցվում է)։»։

 

Հոդված 2. Oրենքով հաստատված ծրագիրը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6.4-րդ կետով.

 

«6.4. 2012 թվականին Սևանա լճից ջրի բացթողնման տարեկան առավելագույն չափաքանակ սահմանել մինչև 320 մլն մ3 ։»։

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և գործում է մինչև 2012 թվականի դեկտեմբերի 1-ը։

 

«Հավելված 31

 

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԾՐԱԳԻՐ

 

2012 ԹՎԱԿԱՆԻՆ ՍԵՎԱՆԱ ԼՃԻՑ ՋՐԻ ԲԱՑԹՈՂՈՒՄՆԵՐԻ ՏԱՐԵԿԱՆ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՉԱՓԱՔԱՆԱԿԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1. Ներածություն

 

2012 թվականին Սևանա լճից ջրի բացթողումների տարեկան առավելագույն չափաքանակի փոփոխության վերաբերյալ ժամանակավոր ծրագիրը (այսուհետ` Ծրագիր) մշակված է համաձայն «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով հաստատված ծրագրի 6.1-ին կետի 2-րդ պարբերության դրույթների։

Ծրագրում ներառված են տնտեսական խիստ անհրաժեշտության, ինչպես նաև չնախատեսված արտակարգ իրավիճակների դեպքում պետական քաղաքականության իրականացման հիմնական առաջնային ուղղությունները և անհրաժեշտ միջոցառումները։

Ծրագիրը նպատակաուղղված է 2012 թվականին Սևան-Հրազդան էներգետիկ-իրիգացիոն համակարգից սնվող ոռոգման համակարգերի իշխման տակ գտնվող հողատարածքների ոռոգումն իրականացնելու նպատակով անհրաժեշտ ջրաքանակ ապահովելու, ինչպես նաև ոռոգման ջրի արդյունավետ մատակարարման ապահովման հիմք ստեղծելուն։

Ծրագիրը մշակված է` ելնելով հանրապետությունում ստեղծված եղանակային և բնակլիմայական պայմաններից։

 

2. Ներկա վիճակի վերլուծությունը

 

Ոռոգման սեզոնը 2012 թվականին սկսվեց ապրիլ ամսին, որը վերջին երեք տարիների համար աննախադեպ երևույթ էր, և պատկերը որոշակի առանձնահատկություններով նման է 2008 թվականին ստեղծված իրավիճակին: Տեղումների երկարատև անբավարարության կամ իսպառ բացակայության, օդի բարձր ջերմաստիճանի և հարաբերական ցածր խոնավության պայմաններում ապրիլ ամսից սկսած` հանրապետությունում առկա էին սակավաջրության հետ կապված երևույթները։

Կայուն ջրամատակարարումը հնարավոր եղավ իրականացնել հետևողական և համակարգված գործողությունների շնորհիվ, այդ թվում` ս.թ. մայիսի 2-ից մինչև հունիսի 14-ը Սևանա լճից վերցվել է 76.87 մլն մ3 ջրաքանակ, որոշ դոտացիոն ջրամբարներից (մասնավորապես Ազատի և Ապարանի) ջրի ժամանակից շուտ բացթողումների հաշվին, որոնք և դարձան ջրաքանակի դեֆիցիտի ծածկման հիմնական աղբյուրները։

2001-2012թթ. ընթացքում Սևանա լճից Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշումների հիման վրա ոռոգման նպատակով ջրաքանակ հիմնականում բաց է թողնվել հունիսի առաջին տասնօրյակից սկսած (բացառությամբ 2008 թվականի)։

Նմանատիպ աննախադեպ պատկեր է նաև ոռոգման սեզոնում ռազմավարական և դոտացիոն նշանակություն ունեցող Ապարանի և Ազատի ջրամբարներում։ Մասնավորապես 13.06.2012թ. դրությամբ Ապարանի ջրամբարի լցվածությունը կազմել է 31.81 մլն մ3 , որը 2011 թվականի նույն ժամանակահատվածի նկատմամբ պակաս է 59.32 մլն մ3 -ով, իսկ Ազատի ջրամբարի լցվածությունը 13.06.2012թ. դրությամբ կազմել է 60.57 մլն մ3 , որը 2011 թվականի նույն ժամանակահատվածի նկատմամբ պակաս է 9.51 մլն մ3 -ով։

2012 թվականի ընթացքում առկա են Սևանա լճի ջրային բացասական հաշվեկշռի հնարավոր ռիսկեր:

 

3. Ծրագրի հիմնական նպատակը և առաջնային խնդիրները

 

Ծրագրի հիմնական նպատակն է Սևան-Հրազդան էներգետիկ-իրիգացիոն համակարգից սնվող ոռոգման համակարգերի իշխման տակ գտնվող ոռոգելի հողատարածքների ոռոգումն իրականացնելու նպատակով անհրաժեշտ ջրաքանակի ապահովումը, ինչպես նաև ամբողջական ջրամատակարարման համար համապատասխան պայմանների ստեղծումը։

Այդ նպատակին հասնելու համար անհրաժեշտ առաջնային հիմնական խնդիրներն են`

- 2012 թվականին Սևանա լճից ջրի բացթողնման տարեկան առավելագույն չափաքանակի փոփոխության իրականացումը` առավելագույնը սահմանելով մինչև 320 մլն մ3 .

- որոշ ջրանցքների համար դոտացիոն ջրամբարներում կուտակված (Ապարանի և Ազատի ջրամբարներ) ջրի արդյունավետ օգտագործումը.

- Սևանա լճից բաց թողնված ջրի արդյունավետ օգտագործումը.

- հաշվետվության և վերահսկողության ապահովումը.

- օրենսդրական դաշտի ապահովումը։

 

4. Ծրագրի իրականացումն ապահովող միջոցառումները

 

Նկատի ունենալով փաստացի առկա վիճակը և եղանակային կանխատեսումները` ձեռնարկվել են համապատասխան աշխատանքներ` համակարգի բարձր պատրաստվածության ապահովման, խորքային պոմպերը և պոմպակայանները լրիվ դրվածքային արտադրողականությամբ պատրաստ վիճակում պահելու, ջրի կորուստների նվազեցման համար պահանջվող աշխատանքների իրականացման, ջրի վերցման և ջրի տրման կետերում հաշվառման մեխանիզմների կատարելագործման, ջրամբարներում ջրի կուտակման լրացուցիչ աշխատանքների իրականացման, ջրանցքներում ջրի բաշխման շուրջօրյա աշխատանքների կազմակերպման և այլ ուղղություններով։

Վերը նշված աշխատանքների իրականացմանը զուգընթաց` կպահանջվի Սևանա լճից լրացուցիչ ջրառ։ Սևան-Հրազդան էներգետիկ-իրիգացիոն համակարգից սնվող ոռոգման համակարգերի իշխման տակ գտնվող ոռոգելի հողատարածքների (համաձայն ջրօգտագործողների ընկերությունների տված հայտերի) մակերեսը կազմում է շուրջ 39.14 հազ. հա, որոնց ոռոգման ջրի ծավալը, ըստ պահանջարկի, համակարգերի գլխամասերում և Հրազդան գետի հունի լվացման նպատակով Աղբյուրակի ջրամբարից մինչև Երևանյան լիճը գետի հունով բաց թողնվող ջրի ծավալը կկազմեն շուրջ 517.0 մլն մ3 ։ Նշված ծավալի ջրի կանխատեսումային պահանջարկը նախատեսվում է ապահովել Հրազդան գետով, Ազատի և Ապարանի ջրամբարներով, Մխչյանի և Ռանչպար-Արևշատի պոմպակայանների համակարգով, ինչպես նաև Սևանա լճից բաց թողնվող ջրաքանակով` պահանջարկի և նշված ջրային համակարգերից հնարավոր ջրառի տարբերությունը (հաշվի առնելով նաև Սևան-Հրազդան համակարգի դերիվացիայի ջրանցքներում ֆիլտրացիոն կորուստները` 7 %-ի չափով) փոխհատուցելու նպատակով։

Հաշվի առնելով վերը նշվածները, ինչպես նաև կանխատեսվող եղանակային պայմանները, 2012 թվականին գյուղատնտեսական մշակաբույսերի ոռոգումն ապահովելու նպատակով Սևանա լճից բաց թողնվող առավելագույն ջրաքանակը կկազմի 320 մլն մ3 ։

 

5. Ծրագրի իրականացման ընթացքի նկատմամբ հսկողությունը

 

«Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով հաստատված ծրագրի 6.1-ին կետով նախատեսված` Սևանա լճից ջրի բացթողումների տարեկան առավելագույն չափաքանակից (170 մլն մ3) ավել բացթողումը պետք է իրականացվի Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշումներով` ջրային համակարգերի կառավարման լիազորված պետական մարմնի ներկայացրած երկշաբաթյա կանխատեսումային առաջարկությունների հիման վրա։

Ջրային համակարգերի կառավարման լիազորված պետական մարմինը յուրաքանչյուր տասնօրյակը մեկ Հայաստանի Հանրապետության կառավարություն պետք է ներկայացնի համապատասխան հաշվետվություն «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով հաստատված ծրագրի 6.1-ին կետով նախատեսված` Սևանա լճից ջրի բացթողումների տարեկան առավելագույն չափաքանակից (170 մլն մ3) ավել բաց թողնված ջրաքանակի վերաբերյալ։

Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովը սույն ծրագրի գործողության ընթացքում իրականացնում է փորձագիտական հետազոտություններ, որոնց արդյունքները ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությանը։»։

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2012 թ. հուլիսի 12

Երևան

ՀՕ-171-Ն

 

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան