ՉՈՐՐՈՐԴ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ
Ա.Պ.-Ն ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ
(գանգատ թիվ 58737/14)
Վ Ճ Ի Ռ
|
Հոդված 3 (նյութաիրավական) ● Դրական պարտավորությունները ● Պետության կողմից մտավոր հետամնացություն ունեցող տասնչորս տարեկան աշակերտի նկատմամբ իր պետական դպրոցի ուսուցչի՝ նույն ժամանակ նաև պաշտոնատար անձի կողմից գործադրված սեռական բռնությունից չպաշտպանելը ● Անչափահասների նկատմամբ սեռական բռնության դեպքերի կանխարգելման, հայտնաբերման և դրանց մասին հաղորդում ներկայացնելու, ինչպես նաև երեխաների հետ առնչվող մարդկանց վերապատրաստելու նպատակով համապատասխան օրենսդրական և կարգավորող շրջանակի բացակայությունը ● Պետական դպրոցի տնօրինության կողմից դիմումատուին սեռական բռնությունից պատշաճ կերպով պաշտպանելու համար համապատասխան միջոցներ չձեռնարկելը
Հոդված 8 ● Մասնավոր կյանքը ● Հանրությանը հասանելի դատական ակտերի պաշտոնական առցանց տվյալների բազայում դիմումատուի լրիվ անվան ու հասցեի, ինչպես նաև այն դատական որոշումների ամբողջական տեքստերի հրապարակումը, որոնցով կարճվել են սեռական բռնության ենթարկվելու առնչությամբ կրած վնասների փոխհատուցման վերաբերյալ քաղաքացիական հայցը՝ չնայած այդ տեղեկությունները չհրապարակելու նրա հատուկ պահանջին ● Սեռական բռնության հետ ուղղակիորեն կապված և դրա հետևանք հանդիսացող քաղաքացիական հայցը ● Տեղեկությունների հրապարակումը դիմումատուին և նրա ընտանիքին թողել է տևական անորոշության մեջ, որ նա կարող էր նույնականացվել որպես սեռական հանցագործության զոհ ● «Օրենքով նախատեսված» կարգով չիրականացված միջամտությունը:
Հոդված 13 (+ հոդված 3) ● Կրած ոչ նյութական վնասի փոխհատուցման պահանջի անհնարինության հետևանքով իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի բացակայությունը
Պատրաստվել է քարտուղարության կողմից: Չի պարտավորեցնում Դատարանին։ |
ՍՏՐԱՍԲՈՒՐԳ
18 հունիսի 2024թ.
Սույն վճիռը վերջնական է դառնում Կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված դեպքերում։ Այն կարող է ենթարկվել խմբագրական փոփոխությունների։
Ա. Պ.-ն ընդդեմ Հայաստանի գործով,
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (Չորրորդ բաժանմունք), հանդես գալով Պալատի հետևյալ կազմով՝
Գաբրիել Կուչկո-Ստադլմայեր [Gabriele Kucsko-Stadlmayer]՝ Նախագահ,
Թիմ Այքը [Tim Eicke],
Ֆարիս Վեհաբովիչ [Faris Vehabović],
Բրանկո Լուբարդա [Branko Lubarda],
Արմեն Հարությունյան [Armen Harutyunyan],
Անա Մարիա Գեռա Մարտինս [Ana Maria Guerra Martins],
Էն Լուիզ Բորման [Anne Louise Bormann]՝ դատավորներ,
և Անդրեա Տամիետտի [Andrea Tamietti]՝ Բաժանմունքի քարտուղար,
հաշվի առնելով՝
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի (Կոնվենցիա) 34-րդ հոդվածի համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի տկն Ա.Պ.-ի (դիմումատու) կողմից ընդդեմ Հայաստանի Հանրապետության՝ 2014 թվականի օգոստոսի 19-ին Դատարան ներկայացված գանգատը (թիվ 58737/14),
Կոնվենցիայի 3-րդ, 8-րդ և 13-րդ հոդվածների համաձայն բողոքների մասին Հայաստանի Հանրապետության կառավարությանը (Կառավարություն) ծանուցելու և գանգատը մնացած մասով անընդունելի հայտարարելու որոշումը, դիմումատուի անունը չհրապարակելու վերաբերյալ որոշումը, կողմերի դիտարկումները, 2023 թվականի նոյեմբերի 21-ին, 2023 թվականի դեկտեմբերի 5-ին և 2024 թվականի մայիսի 28-ին անցկացնելով դռնփակ խորհրդակցություն,
կայացրեց հետևյալ վճիռը, որն ընդունվեց նշված վերջին ամսաթվին։
ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
1. Գործը վերաբերում է Կոնվենցիայի 3-րդ հոդվածի համաձայն պետական դպրոցում ուսուցչի (որը նաև պաշտոնատար անձ էր) կողմից սեռական բռնության ենթարկված դիմումատուի՝ մտավոր հետամնացություն ունեցող անձի ներկայացրած բողոքին, որը տվյալ գործում խնդրո առարկա իրադարձությունների պահին եղել է անչափահաս: Գործը վերաբերում է նաև հանրությանը հասանելի դատական ակտերի պաշտոնական առցանց տվյալների բազայում դիմումատուի կողմից ներկայացված վնասի հատուցման պահանջի մասով քաղաքացիական հայցի մանրամասների (այդ թվում՝ նրա լրիվ անվան) հրապարակմանը, այն նաև վերաբերում է դիմումատուի նկատմամբ վատ վերաբերմունքի համար պետությունից փոխհատուցում պահանջելու համար որևէ իրավական հնարավորություն չունենալուն՝ հարցեր բարձրացնելով Կոնվենցիայի համապատասխանաբար 8-րդ և 13-րդ հոդվածներով:
ՓԱՍՏԵՐԸ
2. Դիմումատուն ծնվել է 1997 թվականին և բնակվում է Հայաստանի գյուղերից մեկում։ Նա իրավական օգնություն է ստացել, և նրան ներկայացրել է Երևանում գործող իրավաբան պրն Կ. Մեժլումյանը։
3. Կառավարությունը ներկայացրել է Կառավարության լիազոր ներկայացուցիչ պրն Գ. Կոստանյանը, իսկ այնուհետև՝ Միջազգային իրավական հարցերով Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ պրն Ե. Կիրակոսյանը։
4. Կողմերի կողմից ներկայացված գործի փաստերը և Դատարան ներկայացված փաստաթղթերից բխող հանգամանքները կարող են ամփոփվել հետևյալ կերպ.
I. գործի նախապատմությունը
5. Դիմումատուն ի ծնե ունեցել է թեթև աստիճանի մտավոր հետամնացություն։
6. Խնդրո առարկա իրադարձությունների ժամանակ դիմումատուն տասնչորս տարեկան էր: Նա սովորում էր տեղական պետական դպրոցի իններորդ դասարանում, որտեղ այդ պահի դրությամբ համայնքի ղեկավար և 49 տարեկան ամուսնացած տղամարդ Ա.Ղ.-ն աշխատում էր որպես ֆիզկուլտուրայի ուսուցիչ։
II. Քննությունը
7. 2012 թվականի փետրվարի 23-ին դիմումատուի մայրը՝ Է.Պ.-ն, հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ոստիկանություն՝ Ա.Ղ.-ի կողմից դպրոցի դասասենյակում դիմումատուի նկատմամբ սեռական բռնություն գործադրելու վերաբերյալ։
8. Նույն օրը քննիչը դիմումատուից և Ն.Մ.-ից (նույն դպրոցի տասներկուերորդ դասարանի աշակերտ) վերցրել է բացատրություն:
9. Մասնավորապես դիմումատուն պատմել է Ա.Ղ.-ի կողմից իրեն բռնաբարելու երեք առանձին դեպքի մասին, որոնցից վերջինը տեղի է ունեցել նախորդ օրը (այսինքն՝ 2012 թվականի փետրվարի 22-ին): Այդ դեպքից անմիջապես հետո նա կատարվածի մասին պատմել է իր դասարանի մի քանի աղջիկների, որոնցից մեկն այնուհետև հայտնել է այդ մասին իր դասարանի ուսուցիչ Կ.Հ.-ին։
10. Իր բացատրության մեջ Ն.Մ.-ն նշել է, որ Ա.Ղ.-ն հարգված չի եղել դպրոցի աշակերտների կամ ընդհանրապես գյուղացիների շրջանում, քանի որ նա ունեցել է անամոթ «կնամոլի» համբավ (կնամոլ բառը հայերենում ավելի բացասական իմաստ ունեցող բառ է, քան անգլերեն համարժեքը, բառացի թարգմանվում է «կնոջից կախվածություն ունեցող»):
Փետրվարի սկզբին, ըստ Ն.Մ.-ի, դիմումատուի դասարանի հետ ֆիզկուլտուրայի համատեղ դասի ժամանակ Ա.Ղ.-ն դասասենյակից դուրս է եկել դիմումատուի հետ միասին, որը վերադարձել է մոտավորապես քսան կամ քսանհինգ րոպե անց: Նրա դասընկերները դիմումատուից փորձել են պարզել կատարվածը, սակայն Ա.Ղ.-ն վերադարձել է դասարան, և նրանք դադարել են դիմումատուին հարցեր տալ: Իմանալով Ա.Ղ.-ի վատ համբավի մասին և կասկածելով, որ նա դիմումատուին կանչել է «ինչ որ անպարկեշտ» նպատակով, աշակերտները որոշել են հետևել իրադարձությունների զարգացմանը, այդ թվում՝ պլանավորելով տեսանկարահանել այն ամենը, ինչին կարող էին ականատես լինել:
Մոտ երեք շաբաթ անց՝ 2012 թվականի փետրվարի 22-ին, Ն.Մ.-ն իր դասղեկ (միևնույն ժամանակ մաթեմատիկայի ուսուցիչ) Ա.Ս.-ի հետ ներկա է եղել մաթեմատիկայի դասին: Իր դասարանից երկու աղջիկ ուշացումով եկել են և Ն.Մ.-ին հայտնել, որ Ա.Ղ.-ն դիմումատուին իր դասի ընթացքում դուրս է կանչել: Ենթադրելով, որ Ա.Ղ.-ն դիմումատուին կանչել է նրա հետ սեռական հարաբերություն ունենալու նպատակով, աշակերտները որոշել են իրականացնել իրենց ծրագիրը՝ տեսանկարահանել ամբողջ ընթացքը։ Ա.Ս.-ից ստանալով դասասենյակից դուրս գալու թույլտվություն՝ Ն.Մ.-ն գնացել է դիմումատուի դասասենյակ, սակայն տեսնելով, որ Ա.Ղ.-ն այնտեղ մենակ է, վերադարձել է: Քիչ անց աշակերտներից մեկը հայտնել է, որ Ա.Ղ.-ն դիմումատուի հետ բակից վերադառնում է դպրոց: Ն.Մ-ն մեկ անգամ ևս թույլտվություն է խնդրել և դուրս եկել դասասենյակից։ Նա մեկ այլ դասարանի աշակերտից խնդրել է իրեն բջջային հեռախոս տրամադրել, որպեսզի տեսանկարահանի, և մոտեցել է դիմումատուի դասասենյակին: Ն.Մ.-ն փորձել է տեսանկարահանել դռան անցքից, սակայն չի կարողացել: Նայելով անցքից՝ նա տեսել է, թե ինչպես է Ա.Ղ.-ն քաշում դիմումատուին դեպի իրեն և դիպչում նրա հետույքին: Դիմումատուն դիմադրել է: Տեսածից սարսափած Ն.Մ.-ն վերադարձել է իր դասասենյակ և խնդրել է Ա.Ս.-ին և աշակերտներին գնալ ու բացել դիմումատուի դասասենյակի դուռը՝ տեսնելու, թե ինչ է անում Ա.Ղ.-ն նրա հետ: Սակայն նրան ոչ ոք չի հետևել։ Նա գնացել է դպրոցի տնօրենի մոտ, սակայն վերջինս տեղում չի եղել։ Նա գնացել է մեկ այլ դասասենյակ, որտեղ դասավանդում էր Ն.Գ.-ն: Նա Ն.Գ.-ին հայտնել է, որ Ա.Ղ.-ն դիմումատուի հետ մենակ է դասասենյակում, և խնդրել է նրան գնալ իր հետ և բացել դուռը: Ն.Գ.-ն նույնպես հրաժարվել է՝ ուղղորդելով նրան գնալ դպրոցի տնօրենի (Ս.Մ.), իր դասարանի ղեկավարի (Ա.Ս.) կամ դիմումատուի դասարանի ղեկավարի (Կ.Հ.-ի) մոտ: Ն.Մ.-ն այնուհետև գնացել է մեկ այլ դասասենյակ, որտեղ նա խնդրել է Հ.Բ.-ին (պատմության ուսուցիչ) և այդ դասարանի աշակերտներին գնալ և տեսնել, թե ինչ է Ա.Ղ.-ն անում դիմումատուի հետ: Նրանք նույնպես հրաժարվել են գնալ նրա հետ։ Երբ Ն.Մ.-ն դուրս է եկել դասասենյակից, նա տեսել է, թե ինչպես է Ա.Ղ.-ն դուրս գալիս այն դասասենյակից, որտեղ նա եղել է դիմումատուի հետ: Դասաժամերի միջև հաջորդ ընդմիջմանը Ն.Մ.-ն տեսել է դիմումատուին միջանցքում: Նա «թույլ և տկար վիճակում» է եղել: Գրեթե բոլորը տեսել են դիմումատուին այդ վիճակում, այդ թվում՝ նրա դասղեկ Կ.Հ.-ն, որը դիմումատուին տարել է իր դասասենյակ:
11. 2012 թվականի փետրվարի 24-ին դիմումատուի մայրիկի բողոքի հիման վրա (տե՛ս վերը նշված 7-րդ պարբերությունը) քրեական վարույթ է հարուցվել նախկին Քրեական օրենսգրքի 142-րդ հոդվածով (հին ՔՕ, ուժի մեջ է մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը, տե՛ս ստորև՝ 70-րդ պարբերությունը):
12. Փետրվարի վերջին՝ տարբեր օրերի, հարցաքննվել են դիմումատուն և մի շարք վկաներ։
13. Դիմումատուի մայրը՝ Է.Պ.-ն, ի թիվս այլնի, հայտնել է, որ Ա.Ղ.-ն գյուղում հայտնի էր որպես «անամոթ ու անբարոյական կնամոլ»։ Մոտ յոթ ամիս առաջ նա Ա.Ղ.-ին խնդրել էր իրեն օգնել սոցիալական ապահովության նպաստ ստանալու հարցում: 2012 թվականի փետրվարի 23-ին դիմումատուն և իր երկրորդ դուստրը լացակումած վերադարձել են դպրոցից և ասել, որ Ա.Ղ.-ն ոչ պատշաճ կերպով դիպել է դիմումատուին: Դիմումատուն ասել է, որ մոտավորապես երեք շաբաթ առաջ Ա.Ղ.-ն դասասենյակում դիպչել է իր կրծքերին և խնդրել է բռնել նրա առնանդամը, որից հետո ինքը լացել ու փախել է: Նա նաև մանրամասներ է հայտնել Է.Պ.-ին նախորդ օրվա (2012 թվականի փետրվարի 22) դեպքերից։ Դիմումատուի կողմից իր նկատմամբ Ա.Ղ.-ի պահվածքի մասին պատմելուց հետո նրանց հարազատներից ոմանք եկել են իրենց տուն՝ իրավիճակը քննարկելու համար։ Այնուհետև Է.Պ.-ն նույն օրը՝ ուշ երեկոյան, հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ոստիկանություն (տե՛ս վերևում՝ 7-րդ պարբերությունը):
14. Որպես վկա հարցաքննության ժամանակ Ն.Մ.-ն հիմնականում վերահաստատել է նույն ցուցմունքը, որը նա տվել էր ավելի վաղ (տե՛ս վերեում՝ 10-րդ պարբերությունը): Նա հավելել է, որ երբ ինքը վազելով վերադարձել է իր դասասենյակ՝ Ա.Ս.-ին և իր համադասարանցիներին կատարվածի մասին զգուշացնելու համար, ինքը նույնիսկ հրել է Ա.Ս.-ին դասասենյակից դուրս։ Ապա Ա.Ս.-ն գնացել է դիմումատուի դասասենյակի ուղղությամբ, սակայն վերադարձել է առանց դուռը բացելու։ Ն.Մ.-ն խնդրել է բացել դուռը, սակայն Ա.Ս.-ն նույնիսկ չի մոտեցել դռանը: Ընդմիջման ժամանակ նա պատմել է Կ.Հ.-ին կատարվածի մասին։ Ինչից հետո Կ.Հ.-ն մոտեցել է դիմումատուին և ուղեկցել նրան իր դասասենյակ:
15. Ա.Ս.-ն (տե՛ս վերևում՝ 10-րդ պարբերությունը) նշել է, որ ինքը Ն.Մ.-ի դասղեկն է: Ինքը դիմումատուին ճանաչում է դեռևս իրենց գյուղից՝ որպես զուսպ անձնավորության, առանձնապես ոչ այնքան խոսկան, համեստ և խեղճ: Ինքը հրաժարվել է նկարագրել Ա.Ղ.-ի բնավորությունը՝ ասելով, որ նա չի շփվել ուսուցչական կազմի հետ։ Ինքը հայտնել է, որ 2012 թվականի փետրվարի 22-ին Ն.Մ.-ն շատ հուզված է եղել, երբ վերադարձել է դասասենյակ։ Նա նույնիսկ փորձել է իրեն ֆիզիկապես դուրս հրել դասասենյակից: Քանի որ Ն.Մ.-ն հստակ չի ասել, թե ինչու է անհանգիստ, Ա.Ս.-ն մտածել է, որ կռիվ է եղել։ Նա դուրս է եկել դասասենյակից և տեսնելով, որ միջանցքում ամեն ինչ խաղաղ է, վերադարձել է դասասենյակ։ Հետո նրանք (այսինքն՝ նա և աշակերտները) տեսել են դիմումատուին բակում՝ երերալիս։ Նա աշակերտներին ասել է, որ միջանցքում աղմուկ չի եղել, ինչին նրանք պատասխանել են, որ «դրա» ժամանակ երբեք աղմուկ չի լինում։ Նա զարմացած հարցրել է, թե ինչ է պատահել, և աշակերտները նրան բացատրել են, որ Ա.Ղ.-ն միայնակ է եղել դիմումատուի հետ, և ինչ-որ բան է պատահել։ Ա.Ս.-ն այնուհետև պարզել է, որ Ն.Մ.-ն նույն հարցով դիմել է նաև ուսուցիչներ Հ.Բ.-ին, Ն.Գ.-ին և Կ.Հ.-ին։
16. Հ.Բ.-ն (տե՛ս վերևում՝ 10-րդ պարբերությունը), ի թիվս այլնի, նշել է, որ Ա.Ղ.-ն գյուղում հայտնի է եղել որպես «կնամոլ»։ 2022 թվականի փետրվարի 22-ին Ն.Մ.-ն մտել է իր դասասենյակ հուզված վիճակում և խնդրել է նրան գնալ իր հետ: Չհասկանալով, թե կոնկրետ ինչ է կատարվում, նա մնացել է իր տեղում։ Երբ նա փորձել է պարզաբանել, թե ինչ է կատարվում, Ն.Մ.-ն ասել է, որ նա գնա և տեսնի, թե Ա.Ղ.-ն ինչ է անում: Այնուհետև նա Ն.Մ.-ին ասել է, որ Ա.Ղ.-ի հետ լավ հարաբերություններ չունի և չի հետևել նրան:
17. Մ.Հ.-ն (աշակերտ, որը 2012 թվականի փետրվարի 22-ի առավոտյան եղել է Հ.Բ.-ի դասասենյակում. տե՛ս վերևում՝ 16-րդ պարբերությունը) քննիչին հայտնել է, որ Ն.Մ.-ն իրեն հարցրել է, թե արդյոք կարող է վերցնել իր բջջային հեռախոսը, որպեսզի տեսաձայնագրի Ա.Ղ.-ին և դիմումաատուին, որոնք, ըստ Ն.Մ.-ի, այդ պահին միայնակ են եղել։ Դրանից կարճ ժամանակ անց Ն.Մ.-ն վերադարձել է դասասենյակ և խնդրել է Հ.Բ.-ին և աշակերտներին գնալ ու տեսնել, թե ինչ է Ա.Ղ.-ն անում տասնչորս տարեկան դիմումատուի հետ: Ն.Մ.-ն շատ հուզված էր և աղաչում էր Հ.Բ.-ին գնալ իր հետ, սակայն Հ.Բ.-ն չի արել դա:
18. Քննության ընթացքում Ն.Մ.-ի մայրը հայտնել է, որ իրենք ստացել են անանուն հեռախոսային սպառնալիքներ և սպառնալիքներ Ա.Ղ.-ի հարազատների կողմից (երրորդ անձանց միջոցով)՝ նպատակ ունենալով համոզել Ն.Մ.-ին հետ վերցնել իր տված ցուցմունքները: Ուստի նա վախենում էր իր դստեր անվտանգության համար։
19. 2012 թվականի մարտին՝ չպարզված ամսաթվի, հարցաքննվել է Գ.Պ.-ն (դիմումատուի հորեղբայրը): Նա մասնավորապես հայտնել է, որ Ա.Ղ.-ն «անամոթ» և «անբարոյական» մարդ է, որը գյուղում «կնամոլի» համբավ ունի։ Նա նաև ֆիզկուլտուրայի ուսուցիչ է և խիստ, կոպիտ ու գռեհիկ է աշակերտների նկատմամբ, որոնք վախենում են նրանից։ 2012 թվականի փետրվարի 23-ին Գ.Պ.-ն եղբորորդուց տեղեկացել է, որ գյուղում շշուկներ են պտտվում այն մասին, որ Ա.Ղ.-ն ձեռք է գցել դիմումատուին: Այդ լսելով՝ նա գնացել է եղբոր (դիմումատուի հայրը) տուն։ Նրանք Ա.Ղ.-ին կանչել են դիմումատուի տուն՝ նրանից կատարվածը պարզելու նպատակով: Առանց նույնիսկ հարցնելու, թե ինչ է պատահել, Ա.Ղ.-ն մտել է դիմումատուի ննջասենյակ և բռնել է դիմումատուին, թափահարել և բղավել նրա վրա։ Երեխան սկսել է դողալ: Նրանք դուրս են բերել Ա.Ղ-ին և ասել, որ եթե նա իսկապես ոչինչ չի արել երեխային, ուրեմն կարող է գնալ և ոստիկանություն կանչել։ Մոտ երկու ժամ անցել է, սակայն նա չի վերադարձել (ո՛չ ոստիկանների հետ, ո՛չ էլ առանց ոստիկանների): Տեղեկանալով, որ Ա.Հ.-ն (դպրոցի ավագ ուսուցիչ) տանն է, Գ.Պ.-ն, իր որդին և եղբորորդին գնացել են նրա տուն և հարցրել՝ արդյոք տեղյակ են դպրոցում կատարվածի մասին։ Ա.Հ.-ն հարցրել է, թե արդյոք այդ հարցը վերաբերում է դիմումատուին, և երբ Գ.Պ.-ն դրական պատասխան է տվել, նա ասել է, որ վաղուց տեղյակ է այդ մասին, և որ «չեն ուզում աղմուկ բարձրացնել», քանի որ «Ա.Ղ.-ի հետ գործ չեն ուզում ունենալ»։ Այդ զրույցից հետո Գ.Պ.-ն ահազանգել է ոստիկանություն, որը ժամանել է և դիմումատուին տարել ոստիկանության բաժին։ Հաջորդ օրը դիմումատուն հաղորդում է ներկայացրել առ այն, որ Ա.Ղ.-ն վերջին երեք ամիսների ընթացքում բռնություն է գործադրել իր նկատմամբ:
Գ.Պ.-ի որդուն հարցաքննելիս նա կատարվածի վերաբերյալ նույնաբովանդակ ցուցմունք է տվել:
20. 2012 թվականի մարտի 6-ին Ա.Ղ.-ին մեղադրանք է առաջադրվել ծանրացնող հանգամանքներով բռնաբարության համար՝ հին ՔՕ 138-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (տե՛ս ստորև՝ 67-րդ պարբերությունը):
21. Քննության ընթացքում դիմումատուն ենթարկվել է դատաբժշկական փորձաքննության, ինչպես նաև դատահոգեբուժական և դատահոգեբանական փորձաքննության։
22. Դատահոգեբուժական և դատահոգեբանական փորձաքննության արդյունքների հիման վրա կազմված եզրակացությունը ցույց է տվել, որ դիմումատուն ունեցել է թերզարգացած մտավոր ունակություններ և եղել է դյուրազգաց, ինչն այդ իրավիճակում կարող էր ազդել նրա վարքագծի վրա: Դիմումատուն եղել է տագնապած ու վախեցած և կատարվածի մասին խոսելիս շփել է ձեռքերն ու լաց եղել: Դիմումատուի հոգեբանական վիճակի, ինչպես նաև նրա մտավոր և որպես անձ զարգացման մակարդակի պատճառով նա ընկալել է իր հետ կատարվածի միայն մակերեսային կողմը, սակայն ոչ այդ գործողությունների բնույթն ու նշանակությունը:
23. 2012 թվականի մարտի 13-ին Ա.Ղ.-ի և Ն.Մ.-ի միջև իրականացվել է առերեսում, որի ընթացքում առաջինը հերքել է երկրորդի կողմից տրված ցուցմունքը՝ ճշտելով, թե ինչու Ն.Մ.-ն չի մտել դասասենյակ, որտեղ ինքն ու դիմումատուն միասին են եղել։ Ն.Մ.-ն պատասխանել է, որ պատճառը Ա.Ղ.-ի կտրուկ բնավորությունն է: Նա վախեցել էր, նույնիսկ տղամարդ ուսուցիչն էր (այսինքն՝ Հ.Բ.-ն, տե՛ս վերևում՝ 16-րդ պարբերությունը) վախեցել, բացի այդ, նա ցանկացել էր դպրոցում բոլորի աչքի առաջ բացահայտել նրան։
24. Նույն օրն Ա.Ղ.-ին առաջադրված մեղադրանքը փոփոխվել է, և նրան մեղադրանք է առաջադրվել ծանրացնող հանգամանքներով բռնաբարության և «անառակաբարո գործողությունների» համար՝ հին ՔՕ 138-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 142-րդ հոդվածի 2-րդ մասով (տե՛ս ստորև՝ 67-րդ և 70-րդ պարբերությունները): Քննիչը պարզել է հետևյալը.
«... [Ա.Ղ.-ն], օգտվելով այն հանգամանքից, որ եղել է համայնքի ղեկավար ... և [դպրոցի ուսուցիչ] ու աշակերտների շրջանում ունեցել է խստապահանջ ուսուցչի համբավ... 2011 թվականի նոյեմբերի վերջին ... հրահանգել է [դիմումատուին] գնալ իր մոտ՝ գյուղապետարանի շենք, որտեղ, օգտվելով աղջկա [հարգալից] վերաբերմունքից, որպես համայնքի ղեկավար և ուսուցիչ սկսել է շոյել նրան [մարմնի ինտիմ հատվածները]... իսկ հետո, ուժ գործադրելով... և սպառնալով սպանել նրան, եթե [դիմումատուն] աղմուկ բարձրացնի, բռնաբարել է...
Ավելին, 2012 թվականի հունվարի 10-ին և 2012 թվականի փետրվարի սկզբին ... ֆիզկուլտուրայի դասին, [օգտվելով] ուսուցչի իր լիազորություններից, [Ա.Ղ.-ն] հրահանգել է [դիմումատուին] իր հետ գնալ [դատարկ] դասասենյակ... որտեղ նա, հաղթահարելով նրա դիմադրությունը, նույն կերպ սեռական հարաբերություն է ունեցել [դիմումատուի] հետ։
Արդյունքում, 2012 թվականի փետրվարի 22-ին ... [Ա.Ղ.-ն ... ազատել է աշակերտներին ֆիզկուլտուրայի դասից և կանչել է [դիմումատուին] դասասենյակ, որտեղ շոյել է նրան [մարմնի ինտիմ հատվածները] ։......Այնուամենայնիվ նկատելով, որ ինչ-որ մեկը հետևում է իրեն դռան անցքից, դադարեցրել է իր գործողությունները և խնդրել [դիմումատուին] վերադառնալ իր դասընկերների մոտ»:
25. 2012 թվականի մարտի 16-ին նույն դպրոցի նախկին աշակերտ Ա.Մ.-ն, որը 2011 թվականի հունիսին (այսինքն՝ սովորականից մեկ տարի շուտ) ավարտել է տասնմեկերորդ դասարանը, ոստիկանությունում հայտնել է, որ Ա.Ղ.-ին վաղուց է ճանաչում որպես իրենց համայնքի ղեկավար և ֆիզկուլտուրայի ուսուցիչ։ Երբ Ա.Մ.-ն սովորել է տասներորդ դասարանում, Ա.Ղ.-ն սկսել է ակտիվորեն շփման եզրեր փնտրել իր հետ, օրինակ՝ մնացել է իր հետ դասասենյակում, երբ շրջապատում ոչ ոք չի եղել, զրուցել է իր հետ (այդ թվում՝ մասնավոր կյանքի մասին) և այլն։ Մի օր՝ 2010 թվականի մայիսին, Ա.Ղ.-ն նրա համար զգեստ է գնել և խոստովանել, որ սիրահարվել է նրան: Ա.Մ.-ն սկզբում մերժել է նրան՝ ասելով, որ մինչև ամուսնանալը չի ցանկանում սեռական հարաբերություն ունենալ, սակայն Ա.Ղ.-ն համոզել է նրան, որ ամեն ինչ կկարգավորվի, և նա կարող է ամուսնանալ նույնիսկ կուսությունը կորցնելուց հետո: Դրանից հետո նրա հետ ունեցել է սեռական հարաբերություն։ Դրանից հետո նրանք հաճախ են հանդիպել և ի վերջո՝ 2011 թվականի հունվարին, երբ Ա.Մ.-ն սովորում էր տասնմեկերորդ դասարանում, հղիացել է Ա.Ղ.-ից: Նրանք շարունակել են հանդիպել գրեթե մինչև նրա հղիության ավարտը (մոտավորապես 2011 թվականի սեպտեմբերին): Նա նշել է, որ նախկինում այդ մասին չի հայտնել Ա.Ղ.-ին, քանի որ վախեցել է, բայց հիմա նա պարզապես ցանկանում է ճշմարտությունը հայտնել իր հետ կատարվածի վերաբերյալ:
26. 2012 թվականի մարտի 26-ին հարցաքննվել է դպրոցի տնօրեն Ս.Մ.-ն (տե՛ս վերևում՝ 10-րդ պարբերությունը): Նա, ի թիվս այլնի, նշել է, որ դիմումատուն սահմանափակ մտավոր կարողություններ է ունեցել և հաճախ շփվել է՝ գլուխը շարժելով կամ շատ կարճ արտահայտություններ արտաբերելով: Աշակերտները ենթարկվել են Ա.Ղ.-ին և նույնիսկ վախեցել նրանից։ 2022 թվականի փետրվարի 22-ին Կ.Հ.-ն (տե՛ս վերևում՝ 9-րդ պարբերությունը) և Ա.Հ.-ն (տե՛ս վերևում՝ 19-րդ պարբերությունը) եկել են նրա աշխատասենյակ՝ նշելով, որ Ա.Ղ.-ի և դիմումատուի միջև «ինչ-որ բան» է պատահել, բայց նրանք չեն իմացել, թե կոնկրետ ինչ: Նա կանչել է դիմումատուին, որը հստակ ոչինչ չի ասել: Դրանից հետո նա կանչել է Ն.Մ.-ին, որը հայտնել է, որ դռան անցքից տեսել է Ա.Ղ.-ին և դիմումատուին դասասենյակի պատի մոտ կանգնած: Ըստ Ս.Մ.-ի՝ Ն.Մ.-ն ոչինչ չի պատմել նրան այդ դեպքի մասին: Հաջորդ օրը Ս.Մ.-ն տեղեկացել է, որ դիմումատուն խոստովանել է, որ Ա.Ղ.-ն սեռական հարաբերություն է ունեցել իր հետ, ինչը հաստատվել է դատաբժշկական փորձաքննությամբ։
27. Դիմումատուի դասղեկ Կ.Հ.-ն, հարցաքննվելով որպես վկա (տե՛ս վերևում՝ 9-րդ, 10-րդ և 14-րդ պարբերությունները), նշել է, ի թիվս այլնի, որ 2012 թվականի փետրվարի 18-ին՝ շաբաթ օրը դասերից հետո, իրեն է մոտեցել Ն. Մ.-ն՝ ասելով, որ նա իր դասարանի աշակերտներից մեկի մասին ասելիք ունի Կ.Հ.-ին: Այնուհետև Ն.Մ.-ն հայտնել է, որ Ա.Ղ.-ի և դիմումատուի միջև ինչ-որ բան է կատարվում: Երբ Կ.Հ.-ն խնդրել է մանրամասնել, Ն.Մ.-ն հայտնել է, որ Ա.Ղ.-ն ինչ-որ ինտիմ հարաբերությունների մեջ է դիմումատուի հետ: Կ.Հ.-ն հայտնել է, որ ինքը զարմացած է և չի հավատում Ն.Մ.-ի խոսքերին, ասել է Ն.Մ.-ին, որ թեև ինքը չի հասկանում ասվածի լրջությունը, ամեն դեպքում Ն.Մ.-ն ճիշտ է վարվել, որ պատմել է իրեն այդ մասին: Ապա Կ.Հ.-ն ասել է Ն.Մ.-ին, որ ինքը կփորձի պարզել այդ հարցի ճշմարտացիությունը և իր ուշադրությունը կսևեռի դրան։ 2012 թվականի փետրվարի 22-ին՝ չորեքշաբթի օրը, Ն.Մ.-ն այդ օրվա առաջին դասի ընդմիջման ժամանակ մոտեցել է իրեն՝ ասելով, որ այն նույն հարցի վերաբերյալ ասելիք ունի, ինչի մասին պատմել է նախորդ շաբաթ օրը, և խնդրել է Կ.Հ.-ին գնալ և տեսնել, թե դիմումատուն ինչ վիճակում է այդ պահին։ Այնուհետև Կ.Հ.-ն գնացել է իր դասասենյակ և տեսել է դիմումատուին՝ դռան մոտ անշարժ կանգնած: Նա դիմումատուին հարցրել է, թե ինչ է պատահել, սակայն նա չի պատասխանել։ Այնուհետև նա դիմումատուին թողել է դասասենյակում միայնակ և դուրս գալով դասարանից՝ հանդիպել է ավագ ուսուցիչ Ա.Հ.-ին (տե՛ս վերևում՝ 19-րդ պարբերությունը), որը իրեն ասել է, որ Ա.Ղ.-ն իր աշակերտի հետ կապված «խնդիր» ունի, որը պետք է պարզաբանվի: Նրանք միասին գնացել են դպրոցի տնօրենի մոտ, որտեղ Կ.Հ.-ն «նույն բանն է» ասել տնօրենին, որն այնուհետև ցանկություն է հայտնել խոսել դիմումատուի հետ: Կ.Հ.-ն դիմումատուին ուղեկցել է տնօրենի աշխատասենյակ, այնուհետև վերադարձել իր դասասենյակ՝ դասապրոցեսը շարունակելու նպատակով: Դասերի վերջում նա խնդրել է մյուս աշակերտներին հեռանալ և զրուցել է դիմումատուի հետ: Դիմումատուն պատասխանել է նրա հարցերին, երբ Կ.Հ.-ն խոսել է այլ թեմաների մասին, սակայն լռել է, երբ խոսել է Ա.Ղ.-ի մասին, դեմքի տարօրինակ արտահայտությամբ նայել է մի կետի: Այնուհետև Կ.Հ.-ն դիմումատուին հարցրել է, թե արդյոք նա կցանկանա, որ որևէ տղամարդ իրեն «մոտենա», նա պատասխանել է՝ «ոչ»: Այնուհետև Կ.Հ.-ն դիմումատուին հարցրել է, թե արդյոք նա ցանկանում է, որ Կ.Հ.-ն պաշտպանի իրեն, և դիմումատուն պատասխանել է «այո»։ Ապա Կ.Հ.-ն դիմումատուին բացատրել է, որ եթե որևէ մեկը ցանկանա մոտենալ իրեն կամ վնասել, նա չպետք է թույլ տա, պետք է գոռա և վախեցնի այդ անձին՝ տալով Կ.Հ.-ի անունը: Այնուհետև նա դիմումատուին տուն է ուղարկել: Հաջորդ օրը Կ.Հ.-ն տեղեկացել է, որ Ա.Ղ.-ի նկատմամբ քրեական գործ է հարուցվել։ Դրանից հետո դիմումատուի ծնողների հետ զրույցից նա տեղեկացել է, որ Ա.Ղ.-ն բռնաբարել է դիմումատուին:
28. 2012 թվականի հուլիսի 17-ին գործն ուղարկվել է Մարզային դատարան՝ ըստ էության քննության համար։ Մեղադրական եզրակացության համապատասխան մասերն ունեն հետևյալ բովանդակությունը.
«...... [Ա.Ղ.-ն դպրոցի անձնակազմի կողմից բնութագրվել է որպես խիստ ուսուցիչ, [և] անբարոյական մարդ... [որը դրսևորում է] անամոթ վարքագիծ, ինչի արդյունքում աշակերտները վախենում են նրանից և չեն համարձակվում հակառակվել նրան ...
2011 թվականի նոյեմբերի վերջին [Ա.Ղ.-ն] հրահանգել է [դիմումատուին] դասերից հետո գնալ գյուղապետարանի շենք։ Դասերից հետո [դիմումատուն] գնացել է գյուղապետարանի շենք...: [Ա.Ղ.-ն], սպառնալով, որ կսպանի [դիմումատուին], եթե նա աղմուկ բարձրացնի... բռնի կերպով սեռական հարաբերություն է ունեցել նրա հետ...
2012 թվականի հունվարի 10-ին... [Ա.Ղ.-ն] թույլ է տվել աշակերտներին գնալ բակ խաղալու, սակայն հրահանգել է [դիմումատուին] մնալ դասասենյակում, ... Նա աշակերտների հեռանալուց հետո փակել է դասասենյակի դուռը,..., սպառնացել է ծեծել [դիմումատուին], եթե նա աղմուկ բարձրացնի... և սեռական հարաբերություն է ունեցել նրա հետ...
... 2012 թվականի փետրվարի սկզբին ... [Ա.Ղ.-ն] կրկին սեռական հարաբերություն է ունեցել [դիմումատուի] հետ [դիմումատուի դասասենյակում]՝ տասներկուերորդ դասարանի հետ ֆիզկուլտուրայի համատեղ դասի ընթացքում ...
Ավագ դասարանի մի քանի աշակերտներ, նկատելով [Ա.Ղ.-ի] և [դիմումատուի] [միասին միայնակ] հաճախակի ժամանակ անցկացնելու դեպքերը և իմանալով [Ա.Ղ.-ի] «կնամոլ» համբավի մասին, [Ն.Մ.-ի] նախաձեռնությամբ որոշել են պարզել նրանց [այդ] արարքի պատճառները...
2012 թվականի փետրվարի 22-ին՝ ... նկատելով, որ ինչ-որ մեկը հետևում է [իրենց]... [Ա.Ղ.-ն] դադարեցրել է իր գործողությունները և կարգադրել է [դիմումատուին] միանալ իր դասընկերներին:
[Ն.Մ.-ն], ցանկանալով, որ ուսուցիչներն ու աշակերտները վկա լինեն տեղի ունեցածին, անմիջապես հայտնել է նրանց այդ մասին, սակայն վերջիններս խուսափել են [դրանից], բերել տարբեր պատճառաբանություններ և չեն գնացել։
... [Ա.Ղ.]-ն չի ընդունել [ինչ-որ բանում] իրեն առաջադրված մեղադրանքը և պնդել է, որ ... ինքը խնդրել է [դիմումատուին] դուրս գալ դասասենյակից, որպեսզի խնդրի նրան տեղեկացնել իր մայրիկին՝ հաջորդ օրը գյուղապետարանի շենք գնալու [և] իր հետ [վերը նշված սոցիալական ապահովության նպաստ ստանալու համար] անհրաժեշտ փաստաթղթերը տանելու մասին... 2012 թվականի փետրվարի 22-ին, երբ աշակերտները գնացել են բակ խաղալու, նա կանչել է [դիմումատուին] և հարցրել, թե արդյոք մայրիկի սոցիալական ապահովության հարցը լուծվել է...
[Ա.Ղ.-ի] փաստարկներն անհիմն են...»:
III. Դատաքննությունը
29. Մարզային դատարանը դատաքննությունն իրականացրել է դռնփակ դատական նիստում:
30. Դատաքննության ընթացքում ցուցմունք են տվել մի շարք վկաներ, այդ թվում՝ դպրոցի աշակերտները, ուսուցիչներից ոմանք և տնօրենը:
31. Ն.Մ.-ն հիմնականում վերահաստատել է իր կողմից ավելի վաղ ներկայացված իրադարձությունների նկարագրությունը (տե՛ս վերևում՝ 10-րդ և 14-րդ պարբերությունները)՝ տրամադրելով որոշ լրացուցիչ տվյալներ: Նա մասնավորապես նշել է հետևյալը.
«...
Հասկանալով, որ ոչինչ չեմ կարող անել և վախենալով ինքս բացել դուռը՝ ես գնացի իմ դասասենյակ: Ես մտա դասասենյակ և անմիջապես դիմեցի [Ա.Ս.]-ին, և երեխաները միանգամից հասկացան, թե ինչ է կատարվում: Ես բացատրեցի [իմ մտահոգությունները Ա.Ս.-ին] և խնդրեցի [Ա.Ս.]-ին բացել դուռը [այն դասասենյակի, որտեղ առանձնացել էին Ա.Ղ.-ն և դիմումատուն] և տեսնել, թե ինչ է անում մեր համայնքի ղեկավարն այնտեղ: [Ա.Ս.]-ն և աշակերտները դուրս եկան սենյակից և շարժվեցին դեպի դուռը. հետո [Ա.Ս.]-ն գլխով շարժում արեց, որով ասում էր, որ դա մեր գործը չէ, և մենք հեռացանք: Հետո, երբ բոլորը վերադարձան դասասենյակ, և տեսնելով, որ ոչ ոք ոչինչ չի ձեռնարկում, ես գնացի տնօրենի աշխատասենյակ և տեսնելով, որ նա այնտեղ չէ, շտապեցի [Ն.Գ.]-ի մոտ: Այս միջադեպից օրեր առաջ ես տեղեկացրել էի [Ն.Գ.]-ին, որ ... ունեմ այդպիսի կասկածներ և խնդրել էի [Ն.Գ.]-ին ոչ ոքի չասել, որպեսզի մենք կարողանայինք տեսաձայնագրություն [կատարել]: [Ն.Գ.]-ն ինձ խորհուրդ տվեց խոսել տնօրենի կամ դիմումատուի դասղեկի հետ: Տեսնելով, որ Ն.Գ.-ն ևս չի գալիս ... ես գնացի տասնմեկերորդ դասարանցիների դասասենյակ, որտեղ [Հ.Բ.]-ն դաս էր վարում: Ես նրան բացատրեցի, որ [Ա.Ղ.]-ն անբարոյական արարքներ է կատարում. նա ասաց, որ չի ցանկանում այդ մարդու հետ որևէ գործ ունենալ, [քանի որ] բախում է ունեցել նրա հետ, և չեկավ [ինձ հետ] ...
Ամբողջ դպրոցը հասկացավ, թե ինչ էր տեղի ունեցել ... Հետո դասամիջոցին ես հանդիպեցի [Կ.Հ.]-ին և նրան պատմեցի, թե ինչ եմ տեսել: Դրանից հետո ավագ դասարանների աշակերտները [սկսեցին բոյկոտել Ա.Ղ.]-ի դասերը: Մի քանի օր անց երեխաները բողոքի ակցիա կազմակերպեցին, հետո ամբողջ գյուղը իմացավ, թե ինչով էր զբաղված [Ա.Ղ.]-ն դպրոցի տարածքում:
Ն.Մ.-ին, ի թիվս այլնի, տրվել են հետևյալ հարցերը, որոնց նա պատասխանել է հետևյալը.
«...
[Դատախազ]. Երբ դուք խնդրեցիք [Ա.Ս.]-ին դուրս գալ [Ձեզ հետ դուրս գալ դասասենյակից] նա ի՞նչ ասաց:
[Պատասխան]. Մենք դռանը մոտեցանք ոտքի մատների վրա. [Ա.Ս.]-ն մատը դրեց շրթունքին՝ մեզ լռեցնելու համար և ասաց, որ դա մեզ չի վերաբերում. մենք հեռացանք, ես հասկացա, թե ինչ էր տեղի ունենում:
...
[Պաշտպան]. Տնօրենը վկայել է, որ Ձեզ հրավիրել է իր աշխատասենյակ՝ պարզելու, թե ինչ էր կատարվում [Ա.Ղ.]-ի և [դիմումատուի] միջև:
[Ն.Մ.]. Որքան հիշում եմ, այդպիսի բան չի եղել:
...
[Պաշտպան]. Երբ դա տեսաք, ինչու՞ մյուս ուսուցիչներին ոչինչ չասացիք:
[Ն.Մ.]. Ես գնացել և ասել եմ նրանց գալ և տեսնել, թե ինչ է անում համայնքի ղեկավարը տասնչորս տարեկան երեխայի հետ:
[Պաշտպան]. Իսկ ինչու՞ նրանք չեկան:
[Ն.Մ.]. Կարծում եմ, որ նրանք հասկացել էին [թե իրականում ինչ է կատարվում]: Կարծում եմ` [Ն.Գ.]-ն շատ լավ տեղյակ էր, և դա էր պատճառը, որ նա չեկավ:
...»
32. Դատաքննության ընթացքում Ա.Ս.-ի կողմից տրված ցուցմունքի վերաբերելի մասերը (տե՛ս վերևում՝ 15-րդ պարբերությունը) ունեն հետևյալ բովանդակությունը.
«... Ես չէի գիտակցում, թե ինչ է կատարվում ...
[Դատախազ]. Դուք չգիտեի՞ք, թե ինչու է [Ն.Մ.]-ն կանչում Ձեզ:
[Ա.Ս.]. Ոչ, [Ն.Մ.]-ն ոչ մի կոնկրետ բան չէր ասել: Մտածեցի կռիվ է եղել. մտածեցի, որ դա վերաբերում է [ոմն ուսուցչի, որը նույն անունն ուներ, ինչ դիմումատուն]:
...
[Դատախազ]. Եթե [Ն.Մ.]-ն ասած լիներ, որ [Ա.Ղ.]-ն և [դիմումատուն] անբարոյական արարքներ են կատարում, ի՞նչ կանեիք այդ դեպքում: Ի՞նչ քայլ կձեռնարկեիք:
[Ա.Ս.]. Չեմ կարող ասել:
...
[Նախագահող դատավոր]. Ասացիք, որ երեխաները Ձեզ հասկացրել են, որ ինչ-որ բան է կատարվել. ասացիք, որ ոչինչ չեք հասկացել, նույնիսկ մտածել եք, որ դա վերաբերում է ուսուցիչներից մեկին [որը նույն անունն էր կրում, ինչ դիմումատուն]։
[Ա.Ս.]. Երբ դուրս գնացի և հետո վերադարձա դասասենյակ, ասացի [երեխաներին], որ չանհանգստանան. [դրսում] խաղաղ է, և ձայներ չեն լսվում ..., ինչին [աշակերտները] պատասխանեցին, որ «դրա» ժամանակ ձայն չի լսվում:
[Նախագահող դատավոր]. Իսկ ինչու՞ չգնացիք ստուգելու, թե որտեղ են [Ա.Ղ.]-ն և դիմումատուն:
[Ա.Ս.]. Դե, երբ պատուհանից տեսա, որ [դիմումատուն] հեռացել է [դասասենյակից], էլ ինչու՞ գնայի: Նրանք այլևս միասին չէին:
[Նախագահող դատավոր]. Ձեր մինչդատական վարույթի ընթացքում տրված ցուցմունքում նշել եք, որ [դիմումատուն] երերալով էր քայլում, սակայն այժմ չեք նշում [այդ փաստը] ...
[Ա.Ս.]. Ես սխալ էի նկատել. երբ ասացի, որ նա «քայլում է երերալով», ի նկատի ունեի, որ [դիմումատուն] հենվել էր պատին ...»։
33. Հ.Բ.-ն (տե՛ս վերևում՝ 16-րդ պարբերությունը) դատաքննություն իրականացնող դատարանին հայտնել է, որ ինքը ասել է Ն.Մ.-ին, որ Ա.Ղ.-ի հետ իր հարաբերությունները վատ են և հրաժարվել է ուղեկցել նրան, երբ վերջինս խնդրել է այդ մասին. նա միայն հետագայում է իմացել, որ «նրանք» (այսինքն, Ա.Ղ.-ն և դիմումատուն) «մենակ են եղել սենյակում»:
34. Դպրոցի տնօրեն Ս.Մ.-ն (տե՛ս վերևում 26-րդ պարբերությունը) ցուցմունք է տվել առ այն, որ 2012 թվականի փետրվարի 22-ին նա առաջին դասաժամ է ունեցել: Իր սովորության համաձայն՝ նա մոտեցել է պատուհանին. այնտեղից նա տեսել է, որ իններորդ դասարանցիները դրսում են, հավաքվել են դպրոցի բակում: Նա շատ է զարմացել, քանի որ նրանց մոտ ֆիզկուլտուրայի դաս էր: Ուստի անմիջապես դուրս է եկել պարզելու, թե ինչ է կատարվում, քանի որ գիտեր, որ իններորդ դասարանցիների դասը պետք է վարեր Ա.Ղ.-ն: Ս.Մ.-ն բացել է իր դասասենյակի դուռը և տեսել է, որ Ա.Ղ.-ն դուրս է գալիս ուսուցչանոցից, ուստի հարցրել է նրան, ինչու են աշակերտները վազվզում դրսում, արդյոք նրանք «փախել» են դասից: Ա.Ղ.-ն պատասխանել է, որ աշակերտները խնդրել են դուրս գնալ, ուստի նա թույլատրել է նրանց գնալ և ասել է, որ շուտով կմիանա նրանց բակում: Իրավիճակը հստակեցնելով՝ Ս.Մ.-ն շարունակել է իր դասը: Երկրորդ դասից հետո՝ ընդմիջման ժամանակ, երբ Ս.Մ.-ն արդեն վերադարձել էր իր աշխատասենյակ, ավագ դպրոցի ուսուցիչ Ա.Հ.-ն (տե՛ս վերևում՝ 19-րդ պարբերությունը) և իներորդ դասարանի դասղեկ Կ.Հ.-ն (տե՛ս վերևում՝ 9-րդ պարբերությունը) եկել են Ս. Մ.-ի աշխատասենյակ և նրան ասել, որ ինչ-որ բան է տեղի ունեցել Ա.Ղ.-ի և դիմումատուի միջև, բայց թե կոնկրետ ինչ՝ չգիտեն: Նա փորձել էլ պարզել դա դիմումատուից, սակայն անընդունակ լինելով արտաբերելու պատշաճ խոսք՝ նա ի պատասխան Ս.Մ.-ի հարցերին պարզապես գլխով էր անում: Այդ ժամանակ Ս.Մ.-ն ասել է, որ Ն.Մ.-ն տեղյակ է տեղի ունեցածից, ուստի Ս.Մ.-ն Ն. Մ.-ին հրավիրել է իր աշխատասենյակ: Վերջինս նրան պատմել է, որ դիմումատուի դասասենյակի դռան անցքից տեսել է Ա.Ղ.-ին և դիմումատուին պատի մոտ կանգնած և անմիջապես մոտեցել է ուսուցիչներից մի քանիսին՝ խնդրելով նրանց գնալ դասասենյակ և ականատես լինել կատարվածին, սակայն նրանք մերժել են. այդ ընթացքում դիմումատուն արդեն հեռացել էր տվյալ դասասենյակից: Հաջորդ օրը Ս.Մ.-ն լսել է, այսինքն՝ դա արդեն տարածվել էր ամբողջ դպրոցով և ողջ գյուղով մեկ, որ «նրանք» ինչ-որ բան են տեսել, թե կոնկրետ ինչ՝ նա դեռ չգիտեր: Լուրեր էին պտտվում, որ Ա.Ղ.-ն և դիմումատուն հարաբերությունների մեջ են, և որ Ա.Ղ.-ն սեռական հարաբերություններ է ունենում դիմումատուի հետ: Սրա ճիշտ կամ սխալ լինելը նա ոչ կարող էր հաստատել և ոչ էլ հերքել:
Դատախազի այն հարցին, թե արդյոք Ս.Մ.-ն չի փորձել պարզել Ն.Մ.-ից, թե ինչ պատճառով է նա դիմել մյուս ուսուցիչներին, որ հետևեն իրեն, Ս.Մ.-ն պատասխանել է. «Միգուցե, որպեսզի նրանք գային և տեսնեին, որ նրանք կանգնած են պատի մոտ»:
Երբ նախագահող դատավորը պահանջել է, որ նա նկարագրի Ա.Ղ.-ին, Ս.Մ.-ն ասել է. «Նա մի փոքր [հուզական առումով] անկայուն է, սակայն մարդկային է. Հիմա տուժողները նրա թշնամիներն են, ճի՞շտ է: Բայց եթե նրանց որևէ բան պատահի, նրանք օգնության կարիք ունենան, [Ա.Ղ.-ն] առաջինը նրանց օգնության կհասնի: Նա այդ տեսակ լավ մարդ է»:
35. Դատաքննության ընթացքում Ա.Մ.-ն (տես վերևում՝ 25-րդ պարբերությունը) նույնպես վկայություն է տվել՝ գլխավորապես վերահաստատելով իր նախկինում արված հայտարարությունը և բացատրելով, որ ինքը իշխանության մարմիններին ավելի վաղ չի մոտեցել, քանի որ Ա.Ղ.-ն ազատության մեջ էր գտնվում, և նա վախեցել է. միջադեպից հետո նա դիմումատուի հետ գնացել է ոստիկանություն: Նա նաև նշել է, որ նախքան դատական նիստերի դահլիճ մտնելը նրան սպառնացել է Ա.Ղ.-ի որդին:
36. Է.Պ-ն` դիմումատուի մայրը (տես վերևում՝ 13-րդ պարբերությունը), ի թիվս այլնի, նշել է, որ 2012 թվականի սկզբում մի օր նրա դուստրերը (դիմումատուն և նրա քույրը) դպրոցից տուն են եկել լաց լինելով՝ ասելով, որ դպրոցում խոսում էին այն մասին, որ դիմումատուն և Ա.Ղ.-ն «միասին» են: Է.Պ-ն պատրաստվել է գնալ ուսմասվարի (Ա.Հ.-ի) տուն (տե՛ս վերևում՝ 19-րդ պարբերությունը), սակայն դիմումատուի քեռիները եկել են նրանց տուն և դիմումատուին հարցրել, թե ինչ է պատահել դպրոցում: Դիմումատուն նրանց ամեն բան պատմել է, և նրանք Ա.Ղ.-ին կանչել են իրենց տուն: Ա.Ղ.-ի հեռանալուց մոտ երկու ժամ հետո նրանք զանգահարել են՝ ճշտելու, թե արդյոք նա վերադառնում է, որ պարզեն, թե ինչ է պատահել. նա չի հայտնվել, ուստի նրանք զանգահարել են ոստիկանություն: Մեկ օր հետո Ա.Ղ.-ի կինը և մայրը եկել են նրանց տուն. կինը շատ կոպիտ է եղել դիմումատուի հետ: Այնուհետև մեկ այլ օր Ա.Ղ.-ի մայրը եկել է նրանց տուն՝ ձեռքին մի մեծ փայտ, և սպառնացել է նրանց: Մեկ ամիս հետո Ա.Ղ.-ի աներորդին եկել է իրենց տուն՝ ընտանիքին առաջարկելով գումար, որպեսզի նրանք հետ վերցնեն հանցագործության մասին իրենց հաղորդումը. Է.Պ-ն մերժել է: Ի պատասխան դատախազի կողմից առաջադրված հարցին՝ Է.Պ-ն պատասխանել է, որ ինքը անձամբ է զբաղվել վերոնշյալ սոցիալական ապահովության նպաստի հարցերով: Ցանկացած դեպքում արդեն մի տարի էր, ինչ ընտանիքը չէր ստանում որևէ սոցիալական աջակցություն, քանի-որ ըստ Է.Պ-ի՝ Ա.Ղ.-ն դադարեցրել էր դրա տրամադրումը:
37. 2012 թվականի սեպտեմբերի 4-ին՝ դեռևս դատաքննության ընթացքում, մի առցանց թերթում, որտեղ հետևողականորեն լուսաբանվում էր դիմումատուի գործը, հրապարակվել էր «Մայրը ասել է, որ սպանել է իր երեխային. պնդում է, որ նրա հայրը [Ա.Ղ.]-ն է» վերնագրով հոդվածը. հոդվածում Ա.Մ.-ն ներկայացված էր որպես երեխայի մայրը (տե՛ս վերևում՝ 25-րդ և 35-րդ պարբերությունները): Այդ հոդվածի հրապարակումից հետո հետապնդում իրականացնող մարմինը գործը քննող դատարանից պահանջել է տրամադրել Ա.Մ.-ի կողմից դատաքննությունից առաջ և հետո տրված համապատասխան ցուցմունքների արձանագրությունները:
38. 2012 թվականի սեպտեմբերի 10-ին ոստիկանությունը սկսել է Ա.Ղ.-ի վերաբերյալ գործի քննությունը՝ ՔՕ-ի հին տարբերակի 140-րդ հոդվածի շրջանակներում (Անձին սեքսուալ բնույթի գործողություններ կատարելուն հարկադրելը. տե՛ս ստորև՝ 70-րդ պարբերությունը): Այնուհետև 2012 թվականի սեպտեմբերի 16-ին ոստիկանությունը սկսել է Ա.Մ.-ի նորածին երեխայի սպանության փաստով հարուցված գործի քննությունը, և մեղադրանքներ են առաջադրվել Ա.Ղ.-ին և Ա.Ա.-ին (նույն գյուղից մի կին):
39. 2013 թվականի հունվարի 21-ի որոշմամբ քննիչը դադարեցրել է Ա.Ղ.-ի նկատմամբ քրեական հետապնդումը: Որոշման մեջ մասնավորապես նշվել է հետևյալը.
«...քննության ընթացքում ... [Ա.Ղ.]-ին մեղադրանք է առաջադրվել ... [Ա.Մ.]-ին սեքսուալ բնույթի գործողություններ կատարելուն հարկադրելու և նորածին երեխայի սպանությունը կազմակերպելու համար, այդ գործողությունները կատարվել են հետևյալ կերպ.
... [Ա.Մ.]-ին շանտաժի ենթարկելով [գողության համար նրան քրեական պատասխանատվության ենթարկելու սպառնալիքի միջոցով] ... [Ա.Ղ.]-ն հարկադրել է 15 տարեկան [Ա.Մ.]-ին պարբերաբար սեռական հարաբերություններ ունենալ իր հետ, որի արդյունքում [Ա.Մ.]-ն հղիացել է [նրանից] 2011 թվականին:
Չկարողանալով համոզել [Ա.Մ.]-ին ընդհատել իր հղիությունը, [Ա.Ղ.]-ն կազմակերպել է [նրա] նորածնի սպանությունը:
2011 թվականի հոկտեմբերի 8-ին ... հետևելով [Ա.Ղ.]-ի հրահանգներին ... բուժքույր [Ա.Ա.]-ն և նրա դուստրը գնացել են [Ա.Մ.]-ի տուն ...որտեղ, կատարելով [Ա.Ղ.]-ի նախկինում տրված հրահանգները, [Ա.Ա.]-ն նորածին երեխային տարել է հարակից այգին և ... խեղդելու միջոցով սպանել նրան:
2012 թվականի հոկտեմբերի 16-ին ... մեղադրյալի [Ա.Ղ.-ի] նկատմամբ կիրառվել է կալանք խափանման միջոցը:
Ամբողջական, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում հավաքագրված ապացույցներով [Ա.Ա.-ի] կողմից [Ա.Ղ.-ի] հրահանգների հիման վրա [Ա.Մ.-ի] նորածին երեխայի սպանությունը և [Ա.Ղ.-ի] կողմից [Ա.Մ.-ի] բռնաբարությունը հերքվել են. համապատասխանաբար 2013 թվականի հունվարի 21-ին որոշում է կայացվել դադարեցնելու ... [Ա.Ա.-ի և Ա.Ղ.-ի հետապնդումը]: Նույն օրը [Ա.Ղ.-ին] մեղադրանք է առաջադրվել [Ա.Մ.-ին] սեքսուալ բնույթի գործողություններ կատարելուն հարկադրելու համար:
... ուժի մեջ մտած ... [Համաներման ակտի] հիման վրա,[ես] որոշել եմ ... դադարեցնել [Ա.Ղ.-ի] հետապնդումը...»։
40. 2013 թվականի փետրվարի 27-ին մարզային դատարանը, մեղադրանքներում նկարագրված փաստերը (տե՛ս վերևում՝ 20-րդ, 24-րդ և 28-րդ պարբերությունները) համարելով ապացուցված, Ա.Ղ.-ին մեղավոր է ճանաչել անչափահասի բռնաբարության մեջ՝ համարելով դա մեկ (շարունակական) հանցագործություն՝ բռնաբարության համար մեղադրանքի բոլոր երեք կետերով, ինչպես նաև անչափահասի նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու մեջ՝ համաձայն համապատասխանաբար ՔՕ-ի հին տարբերակի 138-րդ հոդվածի, 2-րդ կետի 3-րդ ենթակետի և 142-րդ հոդվածի 1-ին կետի (տե՛ս ստորև՝ 67-րդ և 70-րդ պարբերությունները). նա դատապարտվել է ութ տարի ազատազրկման:
41. Մարզային դատարանի որոշումը բողոքարկվել է դիմումատուի և Ա.Ղ.-ի կողմից: Ինչ վերաբերում է դիմումատուի բողոքին, դրանում մասնավորապես վիճարկվել է, որ չնայած հաստատված է համարվել այն, որ Ա.Ղ.-ն երեք անգամ բռնաբարել է դիմումատուին երեք տարբեր դեպքերում (տարբեր վայրերում և ժամանակ), գործը քննող դատարանը նրան մեղավոր է ճանաչել բռնաբարության միայն մեկ կետով:
42. 2013 թվականի մայիսի 14-ին Վերաքննիչ քրեական դատարանն անփոփոխ է թողել Մարզային դատարանի վճիռը՝ գլխավորապես վերահաստատելով մեղադրական փաստերի նկարագրությունը և դատաքննության ժամանակ հետազոտված ապացույցները:
43. Մարզային դատարանի վճիռը անփոփոխ է թողնվել վերջին ատյանում՝ Վճռաբեկ դատարանի 2013 թվականի հուլիսի 15-ի որոշմամբ: Այդ որոշումը դիմումատուին է ուղարկվել 2013 թվականի հուլիսի 17-ին:
44. Դատական գործերի հանրային առցանց տեղեկատվական բազան (ԴատաԼեքս), որը պաշտոնական տվյալների բազա է, որտեղ պարբերաբար հրապարակվում են դատարանի որոշումները, դատական գործի վերաբերյալ մանրամասն տվյալներ չի պարունակում: Այնտեղ պարզապես նշվում է գործի համարը (Ա.Ղ.-ի անվան հետ միասին). այն նշվում է որպես դռնփակ անցկացվող դատական վարույթ:
IV. Վնասի հատուցման պահանջ
45. 2014 թվականի փետրվարի 17-ին պատճառված ոչ նյութական վնասի համար դիմումատուի հոր անունից պետության (ի դեմս Ֆինանսների նախարարության) դեմ ներկայացվել է 60,000,000 ՀՀ դրամ գումարի չափով հատուցման քաղաքացիական հայց:
Մարզային դատարանի վճռի հետ կապված` նշվել է (տե՛ս վերևում՝ 40-րդ պարբերությունը), որ հաստատվել է, որ Ա.Ղ.-ն, չարաշահելով իր իշխանությունը որպես գյուղի վարչական ղեկավար և դպրոցի ուսուցիչ, 2011 թվականի նոյեմբերի և 2012 թվականի փետրվարի միջև ընկած ժամանակահատվածում չորս անգամ սեռական ոտնձգություն է կատարել դիմումատուի նկատմամբ: Ավելին, այդ ոտնձգությունը կատարվել է գյուղապետարանի վարչական շենքում Ա.Ղ.-ի աշխատանքային ժամերի ընթացքում և դպրոցում դասի ժամերին, որտեղ նա պարտավոր էր պաշտպանել դիմումատուի անվտանգությունն ու լավագույն շահերը:
Անդրադառնալով Դատարանի նախադեպային իրավունքին և երեխաների իրավունքների և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների վերաբերյալ համապատասխան ներպետական և միջազգային իրավական գործիքներին՝ հաստատվել է, որ չնայած միջազգային գործիքներով, այդ թվում՝ Երեխայի իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի 19-րդ հոդվածի շրջանակներում երեխաներին բռնությունից, այդ թվում՝ սեռական բռնությունից պաշտպանելու համար բոլոր համապատասխան օրենսդրական, վարչական, սոցիալական և կրթական միջոցները ձեռնարկելու իր ստանձնած պարտավորություններին (տե՛ս ստորև՝ 78-րդ պարբերությունը)` պետությունը պետական դպրոցներում և հանրային մարմիններում չի ստեղծել երեխաների (և հատկապես հաշմանդամ երեխաների) պաշտպանության անհրաժեշտ գործիքակազմ և մեխանիզմներ:
Նշվել է, որ անչափահասների նկատմամբ սեռական բնույթի հանցանքների թիվն ավելացել է, և որ սոցիալապես անապահով խմբերի պատկանող երեխաները ամենահաճախն են դառնում այդ հանցագործությունների զոհերը: Այդպիսի երեխա էր դիմումատուն, որն ուներ մտավոր հաշմանդամություն, և որի ընտանիքը ծայրահեղ աղքատ էր, և որը բռնության էր ենթարկվել մի վայրում, որտեղ նա պետք է ամենաշատը պաշտպանված լիներ, և մի անձի կողմից, որը առաջին հերթին պետք է նրան պաշտպաներ նմանատիպ բռնությունից:
Ավելին, հղում կատարելով Դատարանի համապատասխան նախադեպային իրավունքին և Սահմանադրության 6-րդ հոդվածին (տե՛ս ստորև՝ 52-րդ պարբերությունը)` պնդել են, որ Պետությունն ունի միջազգային պարտավորություն կրած վնասի հատուցում վճարելու այն անձանց, որոնք ենթարկվել են Կոնվենցիայի 3-րդ հոդվածին հակասող վերաբերմունքի: Դիմումատուն ապրում էր փոքր գյուղում, որի բնակիչները առավելապես պահպանողական հայացքներ ունեն, որտեղ սեռական բռնության զոհերի նկատմամբ առկա է բացասական վերաբերմունք, և որտեղ բոլորը տեղյակ են, թե ինչ է պատահել նրա հետ: Արդյունքում նա նույնիսկ ավելի ստորացված և նվաստացված էր զգում:
Վերջապես, խնդրել էին գործը քննել դռնփակ, և որ վարույթի վերաբերյալ որևէ տեղեկատվություն (այդ թվում՝ դիմումատուի անունը) չհրապարակվի ԴատաԼեքսում (տե՛ս վերևում՝ 44-րդ պարբերությունը)՝ հաշվի առնելով այն փաստը, որ գործը վերաբերում էր սեռական հանցագործության զոհ դարձած անչափահասի մասնավոր կյանքին:
46. 2014 թվականի փետրվարի 19-ին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանը մերժեց դիմումատուի հայցը՝ դրա ձևի և բովանդակության վերաբերյալ դատավարական պահանջները չպահպանելու հիմքով: Որոշման պատճառաբանական մասը շարադրված էր հետևյալ կերպ.
«[Դիմումատուի ներկայացուցիչը] հայց է ներկայացրել Հայաստանի Հանրապետության դեմ՝ ի դեմս Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության՝ պահանջելով ոչ նյութական վնասի հատուցում:
Ուսումնասիրելով հայցը և օժանդակ նյութերը՝ [ես] համարում եմ, որ հայցը պետք է մերժվի, [Քաղաքացիական դատավարության օրենսգրքի համապատասխան հոդվածների] համաձայն ...
Հայցը բովանդակային առումով տարբեր օրենքների և դրանց մեկնաբանությունների ցանկ է:
Հայցում նշված չեն այն հանգամանքները, որոնք ընկած են դրա հիմքում, հայցը հիմնավորող ապացույցները և հայցվող գումարի հաշվարկը ...»։
47. Դիմումատուի անունից ներկայացվել է բողոք, որով պնդում էին, որ հայցում, ըստ էության, անդրադարձ է կատարվել դրա հիմքերին, ինչպես նաև նշվել են հայցը հիմնավորող ապացույցները, մասնավորապես՝ Մարզային դատարանի 2013 թվականի փետրվարի 27-ի վճիռը (տե՛ս վերևում՝ 40-րդ պարբերությունը):
48. 2014 թվականի մարտի 28-ին Վերաքննիչ քաղաքացիական դատարանը մերժել է դիմումատուի վերաքննիչ բողոքը՝ համարելով, որ ստորադաս դատարանը պետք է հրաժարվեր նրա քաղաքացիական հայցը վարույթ ընդունելուց: Այդ որոշման համապատասխան մասերը շարադրված են հետևյալ բովանդակությամբ.
«[Դիմումատուի իրավական ներկայացուցիչը] հայց է ներկայացրել ... Հայաստանի Հանրապետության դեմ՝ պահանջելով ոչ նյութական վնասի հատուցում՝ 60,000,000 [ՀՀ դրամ] գումարի չափով:
...
2. Բողոքի հիմքերը, փաստարկները և [ստորադաս դատարանի որոշումը անվավեր ճանաչելու] պահանջը
...
[Մարզային դատարանի] որոշումը անհիմն է. այն [դիմումատուին] զրկում է դատական պաշտպանության իր իրավունքից. ...հետևաբար որոշումը պետք է անվավեր ճանաչվի՝ հաշվի առնելով այն փաստը, որ հայցում նշված են դրա հիմքերը ...
Հայցում նշվել են դրա հիմքում ընկած ապացույցները, մասնավորապես՝ [Մարզային դատարանի] 2013 թվականի փետրվարի 27-ի վճիռը, որն ուժի մեջ է մտել ...
...
3. [Վերաքննիչ դատարանի] վճռի հիմնավորումները և եզրակացությունները
...
[Դիմումատուի ներկայացուցիչը] հղում է կատարել մի շարք իրավական դրույթների, մասնավորապես՝ [Երեխայի իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի 3-րդ, 19-րդ, 23-րդ հոդվածներին, [Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի] 5-րդ, 7-րդ, 16-րդ և 17-րդ հոդվածներին, [Հայաստանի] Սահմանադրության 3-րդ, 6-րդ, 14-րդ, 16-րդ, 18-րդ, 19-րդ հոդվածներին, [Երեխայի իրավունքների մասին օրենքի] 3-րդ և 9-րդ բաժիններին, ... [Հանրակրթության մասին օրենքի] 20-րդ և 22-րդ բաժիններին ... [և] [Կոնվենցիայի] 3-րդ հոդվածին ...
հաշվի առնելով վերոնշյալը՝ [Վերաքննիչ դատարանը] դիտարկում է, որ [դիմումատուն] չի կարող ոչ նյութական վնասի հատուցում պահանջել, քանի որ Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը չի նախատեսում ոչ նյութական վնասի հատուցում [վճարում]: Հետևաբար, հաշվի առնելով այս հանգամանքները, [Մարզային դատարանը] պետք է հայցը մերժելու փոխարեն պարզապես հրաժարվեր այն վարույթ ընդունելուց ...
... համարելով, որ ո՛չ [Քաղաքացիական օրենսգիրքը], ոչ ցանկացած այլ իրավական գործիքակազմ չեն նախատեսում ոչ նյութական վնասի հատուցում, անհրաժեշտ է կայացնել նոր դատական որոշում և հրաժարվել հայցը ընդունելուց ...»։
49. Վերաքննիչ դատարանի որոշումը կայացնելուց հետո պարզվել է, որ դիմումատուի լրիվ անունը և հասցեն, ինչպես նաև նրա վնասի հատուցման պահանջի շրջանակներում կայացված դատական որոշումները (տե՛ս վերևում՝ 46-րդ և 48-րդ պարբերությունները) հրապարակվել են ԴատաԼեքսում:
50. Դիմումատուի անունից (իր փաստաբանի կողմից) ներկայացվել է Վճռաբեկ բողոք՝ պնդելով, որ հատուցման հայցը քննության ընդունելու մերժումը (այն հիմքով, որ ազգային օրենսդրությամբ չի երաշխավորվում ոչ նյութական վնասի հատուցման իրավունքը) չի համապատասխանում, ի թիվս այլնի, Կոնվենցիայի 3-րդ և 13-րդ հոդվածների և Սահմանադրության 6-րդ հոդվածի պահանջներին (տե՛ս ստորև՝ 52-րդ պարբերությունը): Ավելին, հայցի վերաբերյալ տեղեկությունները (այդ թվում՝ ստորադաս դատարանների որոշումների տեքստերը, որոնք պարունակել են դիմումատուի լրիվ անունը) հրապարակվել են ԴատաԼեքսում՝ չնայած այդ տեղեկությունների չհրապարակման մասին ներկայացված կոնկրետ պահանջի (տե՛ս վերջում՝ 45-րդ պարբերությունը):
51. 2014 թվականի ապրիլի 30-ի որոշմամբ Վճռաբեկ դատարանը որոշման դեմ վճռաբեկ բողոքը ճանաչել է անընդունելի՝ հիմքերի բացակայության պատճառով:
ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՇՐՋԱՆԱԿԸ
I. ներպետական իրավունքը եվ գործելակերպը
Ա. 1995 թվականի Սահմանադրությունը (2005 թվականի նոյեմբերի 27-ին ներկայացված փոփոխություններից հետո)
52. Նշված ժամանակահատվածում գործող Սահմանադրության համապատասխան դրույթները նախատեսում են.
Հոդված 3
«Մարդը, նրա արժանապատվությունը, հիմնական իրավունքները և ազատությունները բարձրագույն արժեքներ են:
Պետությունն ապահովում է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանությունը՝ միջազգային իրավունքի սկզբունքներին ու նորմերին համապատասխան:
Պետությունը սահմանափակված է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներով և ազատություններով՝ որպես անմիջականորեն գործող իրավունք»:
Հոդված 6
«Սահմանադրությունն ունի բարձրագույն իրավաբանական ուժ, և նրա [սահմանված] նորմերը գործում են անմիջականորեն:
Օրենքները պետք է համապատասխանեն Սահմանադրությանը: Այլ իրավական գործիքները պետք է համապատասխանեն Սահմանադրությանը և օրենքներին:
Օրենքներն ուժի մեջ են մտնում Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում հրապարակվելուց հետո: Այլ նորմատիվ իրավական ակտերն ուժի մեջ են մտնում օրենքով սահմանված կարգով հրապարակվելուց հետո:
Միջազգային պայմանագրերն ուժի մեջ են մտնում միայն վավերացվելուց կամ հաստատվելուց հետո: Միջազգային պայմանագրերը Հայաստանի Հանրապետության իրավական համակարգի բաղկացուցիչ մասն են: Եթե վավերացված միջազգային պայմանագրում սահմանվում են այլ նորմեր, քան նախատեսված են օրենքներով, ապա կիրառվում են պայմանագրի այդ նորմերը: Սահմանադրությանը հակասող միջազգային պայմանագրերը չեն կարող վավերացվել:
...»
Հոդված 17
«Ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգումների, ինչպես նաև անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի:
...»
Հոդված 38
«...
Հիմնական ընդհանուր կրթությունը պարտադիր է, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի: Օրենքով կարող է սահմանվել պարտադիր կրթության ավելի բարձր մակարդակ:
Միջնակարգ կրթությունը պետական և ուսումնական հաստատություններում անվճար է:
Բարձրագույն ուսումնական հաստատությունների ինքնավարության սկզբունքները որոշվում են օրենքով:
Ուսումնական հաստատությունների ստեղծման և գործունեության կարգը սահմանվում է օրենքով:
...»
Բ. Երեխայի իրավունքների մասին օրենքը
53. 1996 թվականի մայիսի 29-ին ընդունված և 1996 թվականի հունիսի 27-ին ուժի մեջ մտած Երեխայի իրավունքների մասին օրենքի 3-րդ հոդվածով նախատեսվում է, որ երեխայի իրավունքների պաշտպանությունն իրականացնում են լիազորված պետական և տեղական ինքնակառավարման մարմինները: Պետությունը համապատասխան մարմինների միջոցով համագործակցում է երեխայի իրավունքների պաշտպանությանը նպաստող անձանց և հասարակական միավորումների հետ:
54. 9-րդ հոդվածով նախատեսվում է, որ ուրաքանչյուր երեխա ունի ամեն տեսակի (ֆիզիկական, հոգեկան և այլ) բռնությունից պաշտպանության իրավունք: Պետությունն ու նրա համապատասխան մարմիններն իրականացնում են երեխայի պաշտպանությունը ցանկացած բռնությունից, շահագործումից, անառակությունից և նրա իրավունքների և օրինական շահերի այլ ոտնահարումից:
Գ. Հանրակրթության մասին օրենքը
55. 2009 թվականի հուլիսի 10-ին ընդունված և 2009 թվականի օգոստոսի 15-ից գործող Հանրակրթության մասին օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսվում է, որ Հայաստանի կառավարությունը պետք է սահմանի պետական կրթության ոլորտի նվազագույն թույլատրելի չափորոշիչները:
56. 7-րդ հոդվածի 11-րդ մասով նախատեսվում է, որ դպրոցի կողմից ցանկացած հանրակրթական ծրագրի իրականացումը (այդ թվում՝ նախադպրոցական) կրթության համար պատասխանատու պետական լիազոր մարմնի կողմից (տվյալ ժամանակահատվածում՝ կրթության նախարարությունը) տրվող լիցենզիայով լիցենզավորման ենթակա գործունեություն է:
57. 9-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսվում է, որ պետությունը՝ ի դեմս Հայաստանի կառավարության, հիմնադրում է պետական ուսումնական հաստատություններ: Բոլոր պետական ուսումնական հաստատությունների օրինակելի կանոնադրությունը հաստատում է Հայաստանի կառավարությունը: Ոչ պետական ուսումնական հաստատության կանոնադրությունը հաստատում է հիմնադիրը՝ հիմք ընդունելով կառավարության հաստատած օրինակելի կանոնադրությունը (9-րդ հոդվածի 5-րդ մաս):
58. 20-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսվում է, որ սովորողն իրավունք ունի պաշտպանված լինելու ցանկացած ֆիզիկական և հոգեբանական ճնշումներից, շահագործումից, մանկավարժական և այլ աշխատողների այնպիսի գործողություններից կամ անգործությունից, որով խախտվում են սովորողի իրավունքները, կամ ոտնձգություն է արվում նրա պատվին ու արժանապատվությանը.
59. 22-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսվում է, որ կրթական ծրագրի կատարման նպատակով ուսումնական հաստատությունները պետք է ապահովեն, inter alia, դրա համար անվտանգ և ապահով պայմաններ, բնականոն աշխատանքային ռեժիմ, բժշկական օգնություն, սովորողների ֆիզիկական զարգացման ու առողջության ամրապնդման համար անհրաժեշտ պայմաններ:
60. 24-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսվում է, որ մանկավարժական աշխատողների պաշտոնների անվանացանկը, դրանց նկարագիրը, որակավորման տարակարգերը, աշխատանքի ընդունման, աշխատանքից ազատման, կենսաթոշակների նշանակման, բժշկական զննության կազմակերպման կարգերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Պետական ուսումնական հաստատությունում ուսուցչի թափուր տեղ առաջանալու դեպքում այն համալրվում է մրցութային հիմունքներով՝ համաձայն կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած մրցույթի օրինակելի կարգի և տվյալ ուսումնական հաստատության կանոնադրության (24-րդ հոդվածի 3-րդ մաս):
61. 26-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսվում է, որ տվյալ ուսումնական հաստատությունում զբաղեցրած պաշտոնի նկարագրին ուսուցչի համապատասխանության որոշման նպատակով պետությունը (յուրաքանչյուր հինգ տարին մեկ) իրականացնում է ուսուցչի հերթական ատեստավորում:
62. 32-րդ հոդվածով սահմանվում են հանրակրթության բնագավառում տեղական ինքնակառավարման մարմնի իրավասությունները: Այնտեղ մասնավորապես նշվում է, որ յուրաքանչյուր համայնքի ղեկավար աջակցում է համայնքի տարածքում պետական կրթական քաղաքականության իրականացմանը, իրականացնում է դպրոցական տարիքի երեխաների հաշվառումը և ապահովում է նրանց ընդգրկումն ուսումնական հաստատություն:
63. 33-րդ հոդվածի համաձայն՝ ուսումնական հաստատության գործունեության վերահսկողությունն իրականացնում են հիմնադիրը, կրթության պետական կառավարման լիազորված մարմինը, ինչպես նաև օրենքով նախատեսված պետական կառավարման այլ մարմիններ:
64. 35-րդ հոդվածի 1-ին մասում նշվում է, որ ուսումնական հաստատության ֆինանսական միջոցները գոյանում են պետական բյուջեից և օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներից: Ոչ պետական ուսումնական հաստատությունը պետական բյուջեի միջոցներից ֆինանսավորվում է կառավարության սահմանած պահանջներին և չափանիշներին համապատասխանելու դեպքում (35-րդ հոդվածի 3-րդ մաս):
Դ. Հանրային ծառայության մասին օրենքը (չի գործում)
65. Հանրային ծառայության մասին օրենքի (ուժի մեջ է եղել 2011 թվականի հունիսի 17-ից 2020 թվականի հունվարի 1-ը) 3-րդ հոդվածի 1-ին մասում նշվում է, որ տվյալ ժամանակահատվածում «հանրային ծառայությունը» ընդգրկում է պետական ծառայությունը, համայնքային ծառայությունը, պետական և համայնքային պաշտոնները։
66. 4-րդ հոդվածի 3-րդ մասով՝ համայնքի ղեկավարի պաշտոնը Հանրային ծառայության մասին օրենքի իմաստով համարվում է քաղաքական պաշտոն: 4-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով քաղաքական պաշտոնը պետական պաշտոնի տեսակ է. այդ պաշտոնը զբաղեցնող անձը փոփոխվում է քաղաքականության բնագավառում փոփոխությունների դեպքում՝ բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:
Ե. Քրեական օրենսդրություն
67. Տվյալ ժամանակահատվածում 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված և մինչև 2022 թվականի հուլիսի 1-ն ուժի մեջ գտնվող ՔՕ-ի հին տարբերակի 138-րդ հոդվածով քրեականացվել է բռնաբարությունը, որը 138-րդ հոդվածի առաջին մասով սահմանվել է որպես «տղամարդու սեռական հարաբերություն կնոջ հետ՝ նրա կամքին հակառակ, վերջինիս կամ այլ անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով կամ կնոջ անօգնական վիճակն օգտագործելով ...»:
138-րդ հոդվածի 2-րդ մասով ավելի խիստ պատիժ է նախատեսվում (չորսից տասը տարի ազատազրկում) առանձնակի դաժանությամբ, այդ թվում՝ անչափահասի նկատմամբ կատարված բռնաբարության դեպքում (138-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետ):
138-րդ հոդվածի 3-րդ մասով էլ ավելի խիստ պատիժ է նախատեսվում (ութից տասնհինգ տարի ազատազրկում) տասնչորս տարին չլրացած անձին բռնաբարելու դեպքում:
Սույն գործի իրադարձությունները տեղի ունենալուց հետո մի շարք լրացումներ են կատարվել 138-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով սահմանված ծանրացնող հանգամանքների ցանկում. այդ լրացումները ներառում են անչափահասի բռնաբարությունը ծնողի, ուսուցչի, կրթական կամ բժշկական հաստատության աշխատակցի կամ այն անձի կողմից, որի վրա է դրված տուժողի դաստիարակության կամ բուժման պարտականությունը (138-րդ հոդվածի 3-րդ մաս):
68. 139-րդ հոդվածով քրեականացվում են «բռնության գործադրմամբ կատարվող սեքսուալ բնույթի գործողությունները» և դրանք համարվում են ծանրացնող հանգամանքներ, որոնցով առավել խիստ պատիժ է սահմանվում տուժողի անչափահաս լինելու դեպքում:
69. Քրեական օրենսգրքի հին տարբերակով «անչափահաս» եզրույթը չի սահմանվում, թեև գործնականում հասկանալի է, որ այն վերաբերում է քաղաքացիական իրավունքով սահմանված չափահաս տարիքը, այսինքն՝ տասնութ տարին չլրացած բոլոր անձանց:
70. ՔՕ-ի հին տարբերակի 142-րդ հոդվածի 1-ին մասով (ներկա պահին գործող) քրեականացվել է տասնվեց տարին չլրացած անձի նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելը՝ 140-րդ հոդվածով (Սեքսուալ բնույթի գործողություններին հարկադրելը) և 141-րդ հոդվածով (Սեքսուալ բնույթի գործողություններ կատարելը տասնվեց տարին չլրացած անձի հետ) նախատեսված հանցանքների հատկանիշների բացակայության դեպքում: 142-րդ հոդվածի 2-րդ մասով առավել խիստ պատիժ է նախատեսվում այն դեպքում, երբ նույն հանցանքն ուղեկցվել է բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով:
Զ. Հատուցում ստանալու իրավունքը
71. Քաղաքացիական օրենսգրքի համապատասխան դրույթները (տվյալ ժամանակահատվածում գործող), որոնք վերաբերում են վնասի համար քաղաքացիական պատասխանատվությանը և վնասի համար հատուցում տրամադրելու պարտավորությանը, նախատեսում են հետևյալը:
72. Համաձայն 17-րդ հոդվածի 1-ին մասի՝ անձը, որի իրավունքը խախտվել է, կարող է պահանջել իրեն պատճառված վնասների լրիվ հատուցում, եթե վնասների հատուցման ավելի պակաս չափ նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով։
«Վնասներ» են՝ i) իրավունքը խախտված անձի ծախսերը, որ նա կատարել է կամ պետք է կատարի խախտված իրավունքը վերականգնելու համար, և ii) նրա գույքի կորուստը կամ վնասվածքը (իրական վնաս), այդ թվում՝ եկամտի կորուստը (17-րդ հոդվածի 2-րդ մաս):
73. 18-րդ հոդվածով նախատեսվում է, որ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կամ դրանց պաշտոնատար անձանց ապօրինի գործողությունների (անգործության) հետևանքով քաղաքացուն կամ իրավաբանական անձին պատճառված վնասը հատուցում է Հայաստանի Հանրապետությունը կամ համապատասխան համայնքը:
74. 2014 թվականի նոյեմբերի 1-ից 17-րդ հոդվածի 2-րդ մասի (տե՛ս վերևում՝ 72-րդ պարբերությունը) քաղաքացիական վնասի տեսակների ցանկում ներառվել է ոչ նյութական վնասը, որի հատուցումը կարող է պահանջվել քաղաքացիական դատավարության շրջանակներում:
Արդյունքում Քաղաքացիական օրենսգիրքը լրացվել է նոր դրույթներով՝ 162.1 և 1087.2 հոդվածներով (համապատասխան դրույթների ամբողջական նկարագրության համար տե՛ս Բոթոյանն ընդդեմ Հայաստանի [Botoyan v. Armenia] գործը, թիվ 5766/17, §§ 52 և 57, 2022 թվականի փետրվարի 8), որոնցով կարգավորվում է Հայաստանի Սահմանադրությամբ և Կոնվենցիայով երաշխավորված որոշ իրավունքների խախտման համար պետությունից ոչ նյութական վնասի հատուցում պահանջելու ընթացակարգը:
Մինչև 2015 թվականի դեկտեմբերի 30-ին հետագա փոփոխությունները կատարվելը (ուժի մեջ են մտել 2016 թվականի հունվարի 1-ին), ոչ նյութական վնասի հատուցում պետությունից կարող էր պահանջվել, եթե դատական որոշմամբ հաստատվել էր, որ անձի՝ Կոնվենցիայի 2-րդ, 3-րդ և 5-րդ հոդվածով երաշխավորված իրավունքները խախտվել են, ինչպես նաև սխալ դատապարտման դեպքերում: 2016 թվականի հունվարի 1-ին ուժի մեջ մտած փոփոխությունների արդյունքում ոչ նյութական վնասի հատուցում պետությունից կարող է պահանջվել մի շարք այլ իրավունքների խախտում հայտնաբերվելու դեպքում։
Է. Սահմանադրությանը Քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ մասի համապատասխանության մասին Սահմանադրական դատարանի 2013 թվականի նոյեմբերի 5-ի որոշումը
75. Սահմանադրական դատարանն իր 2013 թվականի նոյեմբերի 5-ի որոշման մեջ Քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ մասը (տե՛ս վերևում՝ 72-րդ պարբերությունը) համարել է Սահմանադրությանը անհամապատասխան այնքանով, որքանով ոչ նյութական վնասը չի դիտել որպես քաղաքացիական վնասի տարատեսակ և չի ապահովել ոչ նյութական վնասի հատուցման հնարավորություն` արգելելով անձի` դատարանի մատչելիության և արդար դատաքննության իրավունքների արդյունավետ իրացումը, միաժամանակ խոչընդոտելով Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորությունների բարեխիղճ կատարումը:
Սահմանադրական դատարանը նշել է, որ Քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ մասի իրավական ուժը կորցնելու վերջնաժամկետը 2014 թվականի հոկտեմբերի 1-ն էր:
Ը. Մարդու իրավունքների պաշտպանի (Օմբուդսմեն) Հայաստանի Հանրապետության կողմից Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայով և 2013-2022 թվականների դրան կից արձանագրություններով ստանձնած իր պարտավորությունների կատարման վերաբերյալ արտահերթ զեկույցը
76. 2023 թվականին Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է արտահերթ զեկույց Հայաստանի կողմից Երեխայի իրավունքների մասին Միավորված ազգերի կազմակերպության կոնվենցիայի և դրան կից արձանագրությունների իրականացման վերաբերյալ (տե՛ս ստորև՝ 77-րդ պարբերությունը) և Երեխայի իրավունքների հարցերով կոմիտեի առաջարկությունները 2013-2022 թվականներն ընկած ժամանակահատվածի վերաբերյալ (այդ թվում՝ դրա թիվ 13 Ընդհանուր մեկնաբանության մեջ արտացոլված առաջարկությունները` տե՛ս ստորև՝ 79-րդ պարբերությունը): Այդ զեկույցի համապատասխան մասերն ունեն հետևյալ բովանդակությունը (ծանոթագրությունները բաց են թողնվել).
«2. Որևէ տեսակի բռնության չենթարկվելու՝ երեխայի իրավունքը
... [Մարդու իրավունքների պաշտպանի] անձնակազմի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ծնողները պատշաճ կերպով տեղեկացված չեն իրենց երեխաների իրավունքների պաշտպանության մեխանիզմների մասին և չգիտեն, թե որ մարմնին պետք է դիմեն այն դեպքում, երբ նրանց երեխան դպրոցում ենթարկվել է վատ վերաբերմունքի:
... երեխաները հաճախ չգիտեն, որ իրենց նկատմամբ որևէ տեսակի բռնություն, այդ թվում՝ ուսուցիչների կողմից, արգելված է: Սա նշանակում է, որ երեխաները պատշաճ կերպով տեղեկացված չեն բռնությունից պաշտպանվելու իրենց իրավունքի մասին: Երեխաները նշել են, որ դպրոցում բռնության և վատ վերաբերմունքի դեպքում տեղեկությունների փոխանցման արդյունավետ ընթացակարգեր առկա չեն ...
...
Առաջարկություններ
...
- ձևակերպել ակնհայտորեն երաշխավորված իրավական և գործնական ընթացակարգեր երեխաների համար` նրանց նկատմամբ գործադրված բռնության մասին անձամբ զեկուցելու և [այդպիսի բռնությունից] պաշտպանված լինելու նպատակով:
...
- ուսումնասիրել բռնության դեպքերը կրթական համակարգում և ստեղծել նախադպրոցական կրթության հաստատություններում և դպրոցներում երեխաների նկատմամբ կամ երեխաների միջև բռնության կասկածելի դեպքերի կանխման, հայտնաբերման և զեկուցման ընթացակարգ:
- մշտապես բարձրացնել երեխաների՝ իրենց իրավունքների մասին իրազեկությունը նախադպրոցական կրթության հաստատություններում և դպրոցներում...»։
II. միջազգային իրավունք
Ա. Միավորված ազգերի կազմակերպություն
1. Երեխայի իրավունքների մասին կոնվենցիա
77. 1989 թվականի նոյեմբերի 20-ին Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունված՝ Երեխայի իրավունքների մասին Միավորված ազգերի կազմակերպության կոնվենցիան միջազգային իրավունքով պարտադիր իրավաբանական ուժ ունի Մասնակից պետությունների, այդ թվում՝ Եվրոպայի խորհրդի բոլոր անդամ պետությունների համար (տե՛ս Սյոդերմանն ընդդեմ Շվեդիայի [ՄՊ], [SՓderman v. Sweden [GC]], թիվ 5786/08, § 51, ՄԻԵԴ 2013 թվական): Հայաստանն այս կոնվենցիային միացել է 1993 թվականի սեպտեմբերի 23-ին։
78. Այդ կոնվենցիայի համապատասխան հոդվածներն ունեն հետևյալ բովանդակությունը.
Հոդված 19
«1. Մասնակից պետությունները ձեռնարկում են անհրաժեշտ բոլոր օրենսդրական, վարչական, սոցիալական և կրթական միջոցները՝ պաշտպանելու երեխային ծնողների, օրինական խնամակալների կամ երեխայի մասին հոգ տանող ցանկացած այլ անձի կողմից ֆիզիկական կամ հոգեկան բռնության բոլոր ձևերից, վիրավորանքից կամ չարաշահումից, հոգատարության բացակայությունից կամ անուշադրությունից, կոպիտ վերաբերմունքից կամ շահագործումից, ներառյալ՝ սեռական չարաշահումը:
2. Պաշտպանության այդպիսի միջոցներն անհրաժեշտության դեպքում ներառում են սոցիալական ծրագրերի մշակման արդյունավետ ընթացակարգեր՝ նպատակ ունենալով անհրաժեշտ աջակցություն տրամադրել երեխային և այն անձանց, որոնք հոգ են տանում նրա մասին, ինչպես նաև երեխայի նկատմամբ դաժան վերաբերմունքի՝ վերը նշված դեպքերը կանխարգելելու և բացահայտելու, դրանց մասին տեղեկացնելու, քննարկման հանձնելու, քննելու, բուժելու և այդ առթիվ հետագա միջոցներ ձեռնարկելու այլ ձևերի իրականացման, այդ թվում, ըստ անհրաժեշտության՝ դատական գործ հարուցելու համար»:
Հոդված 23
«1. Մասնակից պետություններն ընդունում են, որ մտավոր կամ ֆիզիկական խեղումներով երեխան պետք է ապրի լիարժեք և արժանավայել կյանքով այնպիսի պայմաններում, որոնք ապահովում են նրա արժանապատվությունը, նպաստում են ինքնավստահությանը և դյուրացնում են նրա ակտիվ մասնակցությունը հասարակական կյանքին:
2. Մասնակից պետությունները ճանաչում են խեղումներով երեխայի՝ հատուկ խնամքի իրավունքը, խրախուսում և ռեսուրսների առկայության դեպքում դրա իրավունքն ունեցող երեխային և նրա խնամքի համար պատասխանատու անձանց՝ այդպիսի պահանջ ստանալու դեպքում ցույց են տալիս այնպիսի օգնություն, որը համապատասխանում է երեխայի վիճակին, ծնողների կամ նրա նկատմամբ խնամք տանող այլ անձանց դրությանը:
3. Ճանաչելով խեղումներով երեխայի հատուկ կարիքները՝ սույն հոդվածի 2-րդ կետով նախատեսված օգնությունը տրամադրվում է հնարավորին անվճար՝ հաշվի առնելով ծնողների կամ երեխային խնամող այլ անձանց ֆինանսական միջոցները, և նպատակ ունի հաշմանդամություն ունեցող երեխայի համար ապահովել կրթության, մասնագիտական պատրաստության, առողջապահական ծառայությունների, առողջության վերականգնման ծառայությունների, աշխատանքային գործունեության նախապատրաստվելու, հանգստի միջոցներից օգտվելու հնարավորության մատչելիությունը, որը կհանգեցնի երեխային առավել լիակատար սոցիալական կյանքում ընդգրկելուն և նրա անհատականության զարգացմանը, ներառյալ՝ մշակութային և հոգևոր զարգացմանը:
4. Մասնակից պետությունները միջազգային համագործակցության ոգով նպաստում են խեղումներով երեխաների կանխարգելիչ առողջապահական, բժշկական, հոգեբանական և ֆունկցիոնալ բուժման բնագավառներում համապատասխան տեղեկատվության փոխանակմանը, ներառյալ՝ վերականգնման, հանրակրթական և մասնագիտական պատրաստության մեթոդների մասին տեղեկատվության տարածումը և դրանց մատչելիությունը՝ այս բնագավառներում մասնակից պետություններին իրենց կարողություններն ու հմտությունները կատարելագործելու և փորձն ընդլայնելու հնարավորություն տալու նպատակով: Այդ կապակցությամբ հատուկ ուշադրություն պետք է դարձվի զարգացող երկրների կարիքներին»:
Հոդված 34
«Մասնակից պետությունները պարտավորվում են երեխային պաշտպանել սեռական շահագործման բոլոր ձևերից և սեռական չարաշահումից: Այդ նպատակով Մասնակից պետությունները մասնավորապես ներպետական, երկկողմ և բազմակողմ մակարդակներով ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ միջոցները, որպեսզի կանխարգելեն՝
ա) երեխային ցանկացած ապօրինի սեռական գործունեության դրդելը կամ հարկադրելը,
բ) շահագործման նպատակով երեխաներին պոռնկության մեջ կամ այլ ապօրինի սեռական պրակտիկայում օգտագործելը,
գ) շահագործման նպատակով երեխաներին պոռնոգրաֆիայի և պոռնոգրաֆիկ նյութերի մեջ օգտագործելը:
79. Երեխայի իրավունքների հարցերով կոմիտեն իր 2011 թվականի ապրիլի 18-ի թիվ 13 Ընդհանուր մեկնաբանության մեջ Կոնվենցիայի 19-րդ հոդվածի վերաբերյալ կատարել է հետևյալ դիտարկումները (ծանոթագրությունները բաց են թողնվել):
4. «Բռնություն» եզրույթի սահմանումը: Սույն Ընդհանուր մեկնաբանության իմաստով «բռնություն» նշանակում է «ֆիզիկական կամ հոգեկան բռնության բոլոր ձևերը, վիրավորանքը կամ չարաշահումը, հոգատարության բացակայությունը կամ անուշադրությունը, կոպիտ վերաբերմունքը կամ շահագործումը, ներառյալ՝ սեռական ոտնձգությունը, ինչպես նշված է Կոնվենցիայի 19-րդ հոդվածի 1-ին կետում ...
25. Սեռական ոտնձգությունը և շահագործումը: Սեռական ոտնձգությունը և շահագործումը ներառում են՝
ա) երեխային ցանկացած ապօրինի կամ հոգեբանորեն վնասակար սեռական գործունեության դրդելը կամ հարկադրելը,
...
32. Երեխայի իրավունքների ինստիտուցիոնալ և համակարգային խախտումները: Պետության՝ բռնության բոլոր ձևերից երեխաների պաշտպանության համար պատասխանատու, բոլոր մակարդակներում գործող մարմինները կարող են ուղղակիորեն կամ անուղղակիորեն վնաս պատճառել՝ չունենալով Կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների իրականացման արդյունավետ միջոցներ: Այդ բացթողումները ներառում են օրենսդրություն չընդունելը կամ այն չվերանայելը և այլ դրույթների, օրենքների և այլ կարգավորումների ոչ պատշաճ իրականացումը և նյութական, տեխնիկական և մարդկային ռեսուրսների ոչ բավարար տրամադրումը և երեխաների նկատմամբ բռնությունը հայտնաբերելու, կանխելու և դրան արձագանքելու ոչ բավարար կարողությունները ...
...
36. Բռնություն կատարած անձինք: ... Ավելին, երեխաները բռնության ենթարկվելու վտանգի տակ են շատ միջավայրերում, որտեղ մասնագետները և պետական գործիչները հաճախ են չարաշահել իրենց լիազորությունները երեխաների նկատմամբ, ինչպիսիք են օրինակ՝ դպրոցները, տուն-ինտերնատները, ոստիկանության բաժանմունքները կամ արդարադատության հաստատությունները: Այս բոլոր պայմաններն ընդգրկված են 19-րդ հոդվածի շրջանակում, որը չի սահմանափակվում անձնական համատեքստում միայն խնամակալների կողմից կատարված բռնության հետ կապված հարցերով:
...
39. «Բոլոր համապատասխան ...միջոցները»: «Համապատասխան» եզրույթը վերաբերում է Կառավարության բոլոր ոլորտներն ընդգրկող միջոցառումների լայն շրջանակին, որոնք պետք է կիրառվեն և լինեն արդյունավետ՝ բռնության բոլոր ձևերը կանխելու և դրանց արձագանքելու համար...
40. Օրենսդրական միջոցառումները վերաբերում են թե օրենսդրությանը, այդ թվում՝ բյուջեին, և թե կիրարկման և իրականացման միջոցառումներին: Դրանք ներառում են ազգային, շրջանային և մարզային օրենքները և բոլոր համապատասխան կարգավորումները, որոնցով սահմանվում են շրջանակները, համակարգերը, մեխանիզմները և համապատասխան մարմինների և իրավասու աշխատակիցների դերերն ու պարտականությունները:
19-րդ հոդվածի 2-րդ մասով, ի թիվս այլնի, սահմանվում է բռնությունը հայտնաբերելու և դրա մասին զեկուցելու, այն քննելու և դատական գործ հարուցելու միջոցներ ձեռնարկելու պարտավորությունը. ինչ վերաբերում է բռնությունը հայտնաբերելու և դրա մասին զեկուցելու պարտավորությանը, Կոմիտեն նշել է հետևյալը.
46. Կանխարգելումը: Կոմիտեն ամենավճռական կերպով ընդգծում է, որ երեխայի պաշտպանությունը պետք է սկսվի բռնության բոլոր ձևերի պրոակտիվ կանխմամբ, ինչպես նաև բռնության բոլոր ձևերի բացահայտ արգելմամբ: Պետությունները պարտավոր են ձեռնարկել բոլոր միջոցառումները, որոնք անհրաժեշտ են, որ երեխաների խնամքի, ուղղորդման և դաստիարակության համար պատասխանատու չափահասները հարգեն և պաշտպանեն երեխաների իրավունքները ...
47. Կանխարգելիչ միջոցառումները ներառում են, բայց չեն սահմանափակվում հետևյալով.
...
դ) մասնագետների և հաստատությունների համար (Կառավարություն և քաղաքացիական հասարակություն)՝
i) կանխարգելման հնարավորությունների բացահայտում և փորձարարական հետազոտությունների և տվյալների հավաքագրման հիման վրա քաղաքականության և գործելակերպի մասին իրազեկում,
ii) մասնակցային գործընթացի միջոցով երեխայի պաշտպանության իրավունքահեն քաղաքականությունների և ընթացակարգերի և մասնագիտական էթիկայի կանոնագրքերի և խնամքի ստանդարտների ներդրում:
...
48. Բացահայտումը: Սա ներառում է առանձին անհատների կամ երեխաների և խնամակալների խմբերի համար ռիսկի գործոնների բացահայտումը (նպատակային կանխարգելիչ նախաձեռնություններ սկսելու) և փաստացի վատ վերաբերմունքի նշանների բացահայտումը (հնարավորինս վաղ պատշաճ միջամտություն իրականացնելու համար): Սա պահանջում է, որ երեխաների հետ շփվող բոլոր անձինք իրազեկ լինեն բռնության բոլոր տեսակներին առնչվող ռիսկի գործոնների և դրանց նշանների մասին, ստանան բացատրություններ, թե ինչպես պետք է մեկնաբանել այդ նշանները, և ունենան անհրաժեշտ գիտելիք, կամք և կարողություն` համապատասխան գործողություն ձեռնարկելու համար (ներառյալ արտակարգ իրավիճակի դեպքում պաշտպանության ապահովումը): Երեխաներին պետք է ընձեռվեն առաջացող խնդիրներին արձագանքելու հնարավորինս շատ հնարավորություններ` նախքան դրանց կրիտիկական վիճակի հասնելը, իսկ չափահասները պետք է հասկանան և աշխատեն այդ խնդիրները լուծելու ուղղությամբ, նույնիսկ եթե երեխան բացահայտ օգնության չի դիմել: Հատուկ զգոնություն է անհրաժեշտ, երբ հարցը վերաբերում է երեխաների մարգինալացված խմբերին, որոնց առանձնապես խոցելի են դարձնում իրենց հաղորդակցման այլընտրանքային մեթոդները, իրենց սահմանափակ շարժունակությունը և (կամ) սուբյեկտիվորեն ընկալվող այն տեսակետը, որ նրանք անգործունակ են, ինչպես հաշմանդամություն ունեցող երեխաների դեպքում: Պետք է նախատեսել ողջամիտ հարմարանքներ, որպեսզի նրանք մյուսների հետ հավասար կարողանան հաղորդակցվել և ազդարարել իրենց խնդիրների մասին:
49. Հաշվետվություններ ներկայացնելը: Կոմիտեն հետևողականորեն առաջարկում է բոլոր Մասնակից պետություններին երեխաների, նրանց ներկայացուցիչների և այլ անձանց համար մշակել երեխաների նկատմամբ բռնության մասին զեկուցման անվտանգ, լայնորեն լուսաբանվող, կոնֆիդենցիալ և մատչելի աջակցության մեխանիզմներ ...
50. Քննարկման հանձնելը: Զեկույցը ստացող անձը պետք է հստակ ուղղորդում և ուսուցում ստանա այն մասին, թե երբ և ինչպես պետք է հարցը քննարկման հանձնել այն մարմին, որը պատասխանատու է պատասխանները համակարգելու համար ...»:
2. Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին Միավորված ազգերի կազմակերպության կոնվենցիան
80. 2006 թվականի դեկտեմբերի 13-ին Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունված՝ Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիան միջազգային իրավունքով պարտադիր իրավական ուժ ունի Մասնակից պետությունների, այդ թվում՝ Հայաստանի համար, որը Կոնվենցիային է միացել 2010 թվականի սեպտեմբերի 22-ին: Դրա համապատասխան մասերը շարադրվել են հետևյալ բովանդակությամբ.
Հոդված 7. Հաշմանդամություն ունեցող երեխաները
«1. Մասնակից պետությունները ձեռնարկում են անհրաժեշտ բոլոր միջոցները` ապահովելու համար հաշմանդամություն ունեցող երեխաների` մարդու իրավունքներից և հիմնարար ազատություններից մյուս երեխաների հետ հավասար հիմունքներով օգտվելը։
2. Հաշմանդամություն ունեցող երեխաներին վերաբերող բոլոր գործողություններում երեխայի բարձրագույն շահերը համարվում են առաջնահերթ:
3. Մասնակից պետությունները հաշմանդամություն ունեցող երեխաներին ապահովում են իրենց վերաբերող հարցերի շուրջ կարծիքներն ազատ արտահայտելու իրավունքով, նրանց տեսակետներին տրվում է տարիքին ու հասունությանը համապատասխան կշիռ մյուս երեխաներին հավասար հիմունքներով, և այդ իրավունքն իրականացնելու համար տրամադրվում է հաշմանդամությանն անհրաժեշտ ու տարիքին համապատասխան աջակցություն»։
Հոդված 16. Շահագործումից, բռնությունից և դաժան վերաբերմունքից ազատումը
«1. Մասնակից պետությունները ձեռնարկում են օրենսդրական, վարչական, սոցիալական, կրթական և այլ համապատասխան միջոցներ` շահագործման, բռնության կամ դաժան վերաբերմունքի բոլոր ձևերից հաշմանդամություն ունեցող անձանց պաշտպանելու համար ինչպես տանը, այնպես էլ դրսում` հաշվի առնելով նաև հարցի գենդերային կողմերը:
2. Մասնակից պետությունները պետք է նաև համապատասխան միջոցներ ձեռնարկեն` կանխելու համար շահագործման, բռնության կամ դաժան վերաբերմունքի բոլոր ձևերը` հաշմանդամություն ունեցող անձանց, նրանց ընտանիքներին ու խնամակալներին ապահովելով մասնավորապես գենդերային և տարիքային առանձնահատկություններով պայմանավորված աջակցությամբ և օժանդակությամբ, ինչպես նաև նրանց տրամադրելով տեղեկատվություն, ուսուցանելով` ինչպես խուսափել շահագործման, բռնության կամ դաժան վերաբերմունքի երևույթներից, սահմանել դրանք և հայտնել նման դեպքերի մասին: Մասնակից պետությունները պետք է ապահովեն, որ պաշտպանական ծառայությունները համապատասխանեն տարիքային, սեռային և հաշմանդամության հետ կապված առանձնահատկություններին:
...
5. Մասնակից պետությունները կիրարկում են արդյունավետ օրենսդրություն և իրականացնում ռազմավարություն, այդ թվում` կանանց ու երեխաներին վերաբերող օրենսդրություն և ռազմավարություն, որպեսզի ապահովվեն հաշմանդամություն ունեցող անձանց դեմ կիրառված շահագործման, բռնության և դաժան վերաբերմունքի ցանկացած դեպքի բացահայտումը, հետաքննումը, անհրաժեշտության դեպքում` նաև դատապարտումը»:
Բ. Եվրոպայի խորհուրդ
1. Լանցարոտեի կոնվենցիա
81. 2007 թվականի հուլիսի 12-ին ընդունված՝ Սեռական շահագործումից և սեռական բռնությունից երեխաներին պաշտպանելու մասին Եվրոպայի խորհրդի կոնվենցիան (Լանցարոտեի կոնվենցիա) դրա կողմերին պարտադրում է ձեռնարկել անհրաժեշտ օրենսդրական կամ այլ միջոցներ՝ կանխելու երեխաների սեռական շահագործման և սեռական բռնության բոլոր ձևերը: Լանցարոտեի կոնվենցիան Հայաստանի կողմից ստորագրվել է 2010 թվականի սեպտեմբերի 29-ին: Այն Հայաստանի կողմից վավերացվել է 2020 թվականի սեպտեմբերի 7-ին և ուժի մեջ է մտել 2021 թվականի հունվարի 1-ին: Դրա համապատասխան մասերը շարադրվել են հետևյալ բովանդակությամբ.
Գլուխ II. Կանխարգելիչ միջոցառումներ
Հոդված 4. Սկզբունքները
«Յուրաքանչյուր Կողմ ձեռնարկում է անհրաժեշտ օրենսդրական կամ այլ միջոցառումներ՝ կանխարգելելու համար երեխաների նկատմամբ սեռական շահագործման և սեռական բռնության բոլոր տեսակի դրսևորումները և պաշտպանելու համար երեխաներին»:
Հոդված 5. Երեխաների հետ աշխատող անձանց աշխատանքի հավաքագրումը, ուսուցումը և իրազեկության մակարդակի բարձրացումը
«1. Յուրաքանչյուր Կողմ ձեռնարկում է անհրաժեշտ օրենսդրական կամ այլ միջոցառումներ՝ բարձրացնելու համար երեխաների հետ կանոնավոր կերպով շփումներ ունեցող անձանց իրազեկության մակարդակը երեխաների պաշտպանության և նրանց իրավունքների երաշխավորման հարցերում՝ կրթության, առողջապահության, սոցիալական պաշտպանության, դատական և իրավապահ ոլորտներում, ինչպես նաև այն ոլորտներում, որոնք կապված են սպորտի, մշակույթի և ազատ ժամանակի կազմակերպման հետ:
2. Յուրաքանչյուր Կողմ ձեռնարկում է անհրաժեշտ օրենսդրական կամ այլ միջոցառումներ՝ ապահովելու համար, որ 1-ին կետում նշված անձինք ունենան բավարար գիտելիքներ՝ երեխաների նկատմամբ սեռական շահագործման և սեռական բռնության դրսևորման վերաբերյալ ...
...»։
Գլուխ IV. Պաշտպանական միջոցառումներ և օգնություն տուժողներին
Հոդված 12. Սեռական շահագործման կամ սեռական բռնության վերաբերյալ կասկածների մասին տեղեկացնելը
«...
2. Յուրաքանչյուր Կողմ ձեռնարկում է անհրաժեշտ օրենսդրական կամ այլ միջոցառումներ՝ խրախուսելու համար ցանկացած անձի, որը տեղյակ է կամ հիմնավոր կասկածներ ունի երեխաների նկատմամբ սեռական շահագործման կամ սեռական բռնության մասին, այդ փաստերի մասին հայտնելու իրավասու մարմիններին:
...»։
Հոդված 13. Օգնության տեղեկատվական ծառայությունները
«Յուրաքանչյուր Կողմ ձեռնարկում է անհրաժեշտ օրենսդրական կամ այլ միջոցառումներ՝ խրախուսելու կամ աջակցելու համար այնպիսի տեղեկատվական ծառայությունների ստեղծմանը, ինչպիսիք են օրինակ` հեռախոսային կամ ինտերնետային օգնության գծերը, որոնք տրամադրում են խորհրդատվություն՝ նույնիսկ ապահովելով գաղտնիությունը կամ անանունությունը»:
Գլուխ VI. Նյութական քրեական իրավունքը
Հոդված 18. Սեռական բռնությունը
«1 Յուրաքանչյուր Կողմ ձեռնարկում է անհրաժեշտ օրենսդրական կամ այլ միջոցառումներ՝ քրեական պատասխանատվություն սահմանելու հետևյալ միտումնավոր գործողությունների համար.
ա) սեռական բնույթի գործողություններով զբաղվելը երեխայի հետ, որը, համաձայն ազգային օրենսդրության համապատասխան դրույթների, դեռևս չի հասել օրենքով սահմանված տարիքի` նման գործողություններով զբաղվելու համար,
բ) երեխայի հետ սեռական բնույթի գործողություններով զբաղվելը, երբ՝
- գործադրվում են հարկադրանք, ուժ, կամ սպառնալիքներ, կամ
- չարաշահվում է երեխայի նկատմամբ ունեցած վստահության, իշխանության կամ ազդեցության ճանաչված կարգավիճակը, այդ թվում և ընտանիքի ներսում, կամ
- չարաշահվում է երեխայի առանձնապես անպաշտպան վիճակը, մասնավորապես` սահմանափակ մտավոր կամ ֆիզիկական ունակությունների կամ կախվածության մեջ գտնվելու հանգամանքներում:
...»:
Հոդված 28. Ծանրացնող հանգամանքները
«Յուրաքանչյուր Կողմ ձեռնարկում է օրենսդրական կամ այլ միջոցառումներ՝ ապահովելու համար, որպեսզի ստորև նշված հանգամանքները, եթե դրանք արդեն իսկ չեն հանդիսանում հանցանքի բաղկացուցիչ տարրեր, համաձայն ներքին օրենսդրության համապատասխան դրույթների, դիտարկվեն որպես ծանրացնող հանգամանքներ` սույն Կոնվենցիայով սահմանված իրավախախտումների համար պատիժը որոշելու ժամանակ՝
...
գ) հանցանքը կատարվել է առանձնապես խոցելի տուժողի նկատմամբ.
դ) հանցանքը կատարել է ընտանիքի անդամի, երեխայի հետ ապրող անձի կամ իր իշխանությունը չարաշահող անձի կողմից.
...»։
Հոդված 31. Պաշտպանության ընդհանուր միջոցառումները
«Յուրաքանչյուր Կողմ ձեռնարկում է անհրաժեշտ օրենսդրական կամ այլ միջոցառումներ պաշտպանելու տուժողների իրավունքներն ու շահերը` ներառյալ որպես վկաներ՝ նրանց հատուկ կարիքները քննության և քրեական դատավարության բոլոր փուլերում, մասնավորապես՝
...
ե) պաշտպանելով նրանց մասնավոր կյանքի անձեռնմխելիությունը, ինքնությունը և համբավը, ինչպես նաև ներպետական իրավունքին համապատասխան՝ ձեռնարկելով միջոցներ՝ կանխելու հանրության շրջանում այնպիսի տեղեկատվության տարածումը, որոնք կարող են հանգեցնել նրանց նույնականացմանը,
...»։
2. Լանցարոտեի կոնվենցիայի բացատրական զեկույցը
82. Լանցարոտեի կոնվենցիայի բացատրական զեկույցը պարունակում է հետևյալ դիտողությունները:
Հոդված 5. Երեխաների հետ աշխատող անձանց աշխատանքի հավաքագրումը, վերապատրաստումը և իրազեկության մակարդակի բարձրացումը
«54. 1-ին և 2-րդ կետերի նպատակն է ապահովել, որ այն անձինք, որոնք կանոնավոր կերպով շփվում են երեխաների հետ, երեխաների իրավունքների և դրանց պաշտպանության վերաբերյալ բավարար չափով իրազեկ լինեն, ինչպես նաև երեխաների սեռական շահագործման և սեռական բռնության վերաբերյալ համապատասխան գիտելիքներ ունենան: Այդ դրույթում թվարկվում են ներգրավված անձանց կատեգորիաները. նրանք, ովքեր երեխաների հետ աշխատում են կրթության, առողջապահության, սոցիալական պաշտպանության, դատական և իրավապահ ոլորտներում, ինչպես նաև նրանք, ովքեր երեխաների հետ շփվում են սպորտի, մշակույթի և ժամանցի ոլորտներում ...
...
56. 2-րդ կետով նաև պահանջվում է, որ երեխաների հետ կանոնավոր շփումներ ունեցող անձինք ունենան համապատասխան գիտելիք և լինեն իրազեկ՝ ճանաչելու սեռական շահագործման և սեռական բռնության դեպքերը, ինչպես նաև երեխաների պաշտպանության համար պատասխանատու ծառայություններին հաղորդում ներկայացնելու հնարավորություն ցանկացած այնպիսի իրավիճակի մասին, որի դեպքում ողջամիտ հիմքեր կան ենթադրելու, որ երեխան, 12-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված կարգով, տուժել է սեռական շահագործումից կամ սեռական բռնության զոհ է: Հարկ է նշել, որ այդ դրույթով վերապատրաստման որևէ հատուկ պարտավորություն չի նախատեսվում: «Համապատասխան գիտելիք» ունենալը կարող է ենթադրել երեխաների հետ շփվող անձանց վերապատրաստում կամ տեղեկությունների այլ եղանակով տրամադրում, որպեսզի սեռական շահագործման կամ սեռական բռնության զոհ դարձած երեխաները հնարավորինս շուտ հայտնաբերվեն, սակայն Կողմերն իրենք են որոշում, թե ինչպես դա իրագործել։
...»։
Հոդված 12. Սեռական շահագործման կամ սեռական բռնության վերաբերյալ կասկածների մասին տեղեկացնելը
«...
91. 2-րդ կետի համաձայն՝ Կողմերից պահանջվում է խրախուսել ցանկացած անձի, ով տեղյակ է կամ կասկածներ ունի երեխաների նկատմամբ սեռական շահագործման կամ սեռական բռնության մասին, այդ մասին հաղորդելու իրավասու մարմիններին: Յուրաքանչյուր Կողմի պատասխանատվությունն է որոշել այն իրավասու մարմիններին, որոնց այդպիսի կասկածների մասին կարող է հաղորդվել։ Այդ իրավասու մարմինների շրջանակը չպետք է սահմանափակվի երեխաների պաշտպանությամբ զբաղվող ծառայություններով կամ համապատասխան սոցիալական ծառայություններով: «Բարեխղճության սկզբունքի վրա հիմնված» կասկածի պահանջը նպատակաուղղված է չար մտադրությամբ բացառապես մտացածին կամ կեղծ փաստերի մասին հաղորդելու լիազորության իրավունք վերապահող դրույթի կիրառումը կանխարգելելուն»:
Հոդված 18. Սեռական բռնությունը
«...
120. Երկրորդ, 1-ին կետի «բ» ենթակետով քրեականացվում է այն փաստը, երբ անձը երեխայի հետ զբաղվել է սեռական բնույթի գործողություններով՝ անկախ երեխայի տարիքից՝ գործադրելով հարկադրանք, ուժ կամ սպառնալիք, կամ երբ այդ անձը չարաշահել է երեխայի վստահությունը, նրա նկատմամբ իշխանության կամ ազդեցության ընդունված դիրքը, կամ երբ բռնությունը կատարվել է՝ օգտվելով երեխայի առանձնապես խոցելի վիճակից:
...
123. Երկրորդ ենթակետը վերաբերում է երեխայի վստահության, նրա նկատմամբ իշխանության կամ ազդեցության՝ ընդունված դիրքը չարաշահելուն: Սա կարող է վերաբերել, օրինակ, այն իրավիճակներին, երբ երեխայի հետ հաստատվել են վստահության վրա հիմնված հարաբերություններ, երբ հարաբերություններն առաջանում են մասնագիտական գործունեության համատեքստում (հաստատություններում խնամքի ծառայություններ մատուցողները, ուսուցիչները, բժիշկները և այլն), կամ այլ հարաբերություններ, երբ, օրինակ, առկա է անհավասար ֆիզիկական, տնտեսական, կրոնական կամ սոցիալական իշխանություն:
...
126. Երրորդ ենթակետը վերաբերում է այն դեպքերին, երբ բռնությունը կատարվել է՝ օգտվելով երեխայի առանձնապես խոցելի վիճակից, մասնավորապես՝ մտավոր կամ ֆիզիկական հաշմանդամության կամ կախյալ վիճակից։ Հաշմանդամությունը ներառում է ֆիզիկական և զգայական խանգարումները, մտավոր հաշմանդամությունը և աուտիզմը, ինչպես նաև հոգեկան խանգարումներ ունեցող երեխաներին... «Կախյալ վիճակ» եզրույթը ներառում է նաև այն իրավիճակները, երբ երեխան չունի այլ իրական կամ ընդունելի այլընտրանք, քան բռնությանը հնազանդվելը: Այդ իրավիճակների պատճառները կարող են լինել ֆիզիկական, հուզական, ընտանեկան, սոցիալական կամ տնտեսական վիճակը, ինչպես օրինակ՝ ոչ կայուն կամ անօրինական վարչական կարգավիճակը, տնտեսապես կախյալ կամ անկայուն առողջական վիճակը ...»։
Հոդված 28. Ծանրացնող հանգամանքները
«...
198. Երրորդ ծանրացնող հանգամանքն այն է, երբ հանցանքը կատարվել է առանձնապես անպաշտպան վիճակում գտնվող զոհի նկատմամբ: Խոցելի վիճակում գտնվելու օրինակներն ընդգրկում են այն դեպքերը, երբ երեխան ֆիզիկական հաշմանդամություն, մտավոր հաշմանդամություն կամ սոցիալական շփումների բարդույթ ունի ...
199. Չորրորդ ծանրացնող հանգամանքը վերաբերում է այն դեպքերին, երբ իրավախախտումը կատարվել է այն անձի կողմից, որը չարաշահել է իր իշխանությունը ... Երեխայի նկատմամբ իշխանություն ունեցող անձ նշանակում է ցանկացած անձ, որը երեխայի նկատմամբ գտնվում է գերակա դիրքում՝ ներառյալ, օրինակ, ուսուցիչը, գործատուն, տարիքով ավելի մեծ հարազատ քույրը կամ եղբայրը կամ ավելի մեծ այլ երեխա։
...»։
Հոդված 31. Պաշտպանության ընդհանուր միջոցառումները
«...
222. Հոդվածում թվարկվում են մի շարք դատավարական կանոններ, որոնք մշակվել են 31-րդ հոդվածով սահմանված ընդհանուր սկզբունքների իրականացման համար. զոհերի՝ լսելի լինելու, ապացույցներ ներկայացնելու, իրենց մասնավոր կյանքի անձեռնմխելիությունը, ինքնությունը և համբավը պաշտպանելու և վրեժխնդրության ու կրկնակի վիկտիմիզացիայի ցանկացած ռիսկից պաշտպանված լինելու հնարավորությունը։ Մշակողները ցանկացել են ընդգծել, որ զոհի ինքնության, համբավի և մասնավոր կյանքի պաշտպանությունն առնչվում է հանրամատչելի դառնալու ռիսկին, և որ այդ պահանջները չպետք է խոչընդոտեն, որ այդ տեղեկությունները բացահայտվեն ընթացիկ դատական վարույթի համատեքստում՝ երկու կողմերի՝ լսվելու իրավունքի վերաբերյալ սկզբունքները և քրեական հետապնդման ընթացքում պաշտպանության կողմի անկապտելի իրավունքները պահպանելու նպատակով։
...»։
3. Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն
83. 2001 թվականի հոկտեմբերի 31-ին Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն ընդունել է «Սեռական շահագործումից երեխաների պաշտպանության մասին» Rec(2001)16 առաջարկությունը: III հոդվածի 32-րդ կետը (Ընդհանուր քրեական իրավունք, դատավարություն և հարկադրանքի միջոցներ) շարադրված է հետևյալ կերպ.
«Ապահովել դատական, հաշտարարության և վարչական վարույթների ընթացքում գրությունների գաղտնիությունը և սեռական շահագործման զոհ դարձած երեխաների մասնավոր կյանքի նկատմամբ հարգանքը»:
ԻՐԱՎՈՒՆՔԸ
I. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 3-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ
84. Դիմումատուն բողոքել է, որ իր ուսուցչի կողմից (որը գյուղի վարչական ղեկավարն էր) սեռական բռնության զոհ է դարձել, և որ պետությունը չի պաշտպանել նրան բռնությունից: Նա հիմնվել է Կոնվենցիայի 3-րդ հոդվածի վրա, որն ունի հետևյալ բովանդակությունը.
«Ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգումների կամ անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի»։
Ա. Բողոքի շրջանակը
85. Դատարանը նախևառաջ նկատում է, որ սույն գործի առնչությամբ չի առաջացել որևէ հարց, թե արդյոք իշխանությունները կատարել են դիմումատուի կրած բռնության արդյունավետ քննություն իրականացնելու իրենց դատավարական պարտավորությունը, և դիմումատուն ևս հակառակը չի պնդել (համեմատի՛ր mutatis mutandis և Կոնվենցիայի 8-րդ հոդվածի համատեքստում՝ Ա-ն, Բ-ն և Ս.-ն ընդդեմ Լատվիայի, թիվ 30808/11, §§ 114, 162 և 165-74, 2016 թվականի մարտի 31):
Դիմումատուի` Դատարան ներկայացրած բողոքը վերաբերում է մասնավորապես պաշտոնատար անձի և պետական դպրոցի ուսուցչի կողմից նրան բռնության ենթարկելուն և պետության կողմից նրան բռնությունից չպաշտպանելուն (տե՛ս վերևում՝ 84-րդ պարբերությունը և ստորև՝ 101-րդ պարբերությունը): Հետևաբար, հաշվի առնելով սույն գործի հանգամանքները և համապատասխան նախադեպային իրավունքի սկզբունքները (տե՛ս մասնավորապես ստորև՝ 104-107-րդ պարբերությունները), Դատարանը անհրաժեշտ է համարում քննել դիմումատուի դժգոհությունները Կոնվենցիայի 3-րդ հոդվածով պետության ստանձնած՝ երեխաներին և հատկապես հաշմանդամություն ունեցող երեխաներին պետական կրթության համատեքստում վատ վերաբերմունքից, օրինակ՝ սեռական բռնությունից պաշտպանելու դրական պարտավորությունների տեսանկյունից: Դրանով Դատարանը համապատասխանաբար քննում է այդպիսի վերաբերմունքից երեխաներին պատշաճ կերպով պաշտպանելու իր դրական պարտավորության մասով պատասխանող պետության պատասխանատվության հարցը (տե՛ս mutatis mutandis, Սյոդերմանն ընդդեմ Շվեդիայի, [ՄՊ], Söderman v. Sweden [GC], թիվ 5786/08, § 51, ՄԻԵԴ 2013 թվական և Օ՛Քիֆն ընդդեմ Իռլանդիայի [ՄՊ], O’Keeffe v. Ireland [GC], թիվ 35810/09, § 168, ՄԻԵԴ 2014 թվական (քաղվածքներ)):
Բ. Ընդունելիությունը
1. Վեցամսյա ժամկետի պահպանումը
ա) Կողմերի փաստարկները
86. Կառավարությունը պնդել է, որ Կոնվենցիայի 3-րդ հոդվածով դիմումատուի բողոքի առնչությամբ վեցամսյա ժամկետը պետք է հաշվարկվի՝ սկսած Ա.Ղ.-ի նկատմամբ քրեական վարույթի շրջանակում կայացված վերջնական որոշման ամսաթվից: Մասնավորապես խնդրո առարկա քրեական գործը դադարեցվել է Վճռաբեկ դատարանի 2013 թվականի հուլիսի 15-ի որոշմամբ, և համապատասխան որոշումն ուղարկվել է 2013 թվականի հուլիսի 17-ին (տե՛ս վերևում՝ 43-րդ պարբերությունը), մինչդեռ դիմումատուն իր գանգատը ներկայացրել է 2014 թվականի օգոստոսի 19-ին, այսինքն՝ 2014 թվականի ապրիլի 30-ին իր հատուցման հայցի վերաբերյալ քաղաքացիական վարույթի ավարտից հետո (տե՛ս վերևում՝ 51-րդ պարբերությունը)՝ այդպիսով չպահպանելով վեցամսյա ժամկետը:
87. Կառավարությունը պնդել է, որ Կոնվենցիայի 3-րդ հոդվածի համաձայն դիմումատուի ներկայացրած բողոքը քննվել է և հասցեագրվել այն քրեական գործի շրջանակում, որի արդյունքում Ա.Ղ.-ն դատապարտվել է, մինչդեռ նրա քաղաքացիական հայցը վերաբերվել է միայն հատուցման հետ կապված խնդիրներին: Նրանք պնդել են, որ դիմումատուի կողմից նախաձեռնված քաղաքացիական վարույթը չէր կարող և չպետք է դիտարկվեր որպես իրավական պաշտպանության արդյունավետ միջոց, քանի որ նրա հայցը դատապարտված է եղել ձախողման՝ հաշվի առնելով այդ պահին գործող ներպետական օրենսդրության վիճակը, որի շրջանակներում առկա չէր ոչ նյութական վնասի համար հատուցման հայց ներկայացնելու որևէ իրավական հնարավորություն: Հաշվի առնելով i) Պողոսյանը և Բաղդասարյանն ընդդեմ Հայաստանի [Poghosyan and Baghdasaryan v. Armenia] (թիվ 22999/06, § 47, ՄԻԵԴ 2012) գործով Դատարանի եզրակացությունն այն մասին, որ տվյալ ժամանակահատվածում ներպետական իրավունքի շրջանակներում հնարավոր չի եղել ոչ նյութական վնասի դիմաց հատուցում պահանջելը, և ii) Սահմանադրական դատարանի 2013 թվականի նոյեմբերի 5-ի որոշումը (տե՛ս վերևում՝ 75-րդ պարբերությունը), որոնցից երկուսն էլ նախորդել էին դիմումատուի կողմից 2014 թվականի փետրվարի 17-ին քաղաքացիական հայցի ներկայացմանը (տե՛ս վերևում՝ 45-րդ պարբերությունը)՝ դիմումատուին պետք է որ պարզ լիներ, որ նրա քաղաքացիական հայցը հաջողության հասնելու ողջամիտ հեռանկարներ չուներ:
88. Դիմումատուն պնդել է, որ պետության դեմ վնասների հատուցման իր հայցը (տես վերևում՝ 45-րդ պարբերությունը), որը վերաբերել է քրեական գործով քննության եզրակացություններին, ուղղակիորեն հիմնված է եղել Կոնվենցիայի 3-րդ հոդվածով իր բողոքի վրա: Իր հայցում, վկայակոչելով համապատասխան ազգային և միջազգային իրավունքը, հստակ նշվել է, որ պետությունը չի կատարել իր պարտավորությունները, քանի որ դիմումատուն բռնության է ենթարկվել մի վայրում, որտեղ նրան պետք է պաշտպանեին այդպիսի վերաբերմունքից և մի անձի կողմից, որը պետք է ապահովեր այդպիսի պաշտպանությունը:
89. Ավելին, Սահմանադրության 6-րդ հոդվածի հիման վրա (տե՛ս վերևում՝ 52-րդ պարբերությունը), նախնական հայցում և հետագա բողոքներում պնդում է արվել, որ ներպետական դատարանները կաշկանդված չեն ներպետական իրավունքով, քանի որ վավերացված միջազգային կոնվենցիաները (այդ թվում՝ սույն Կոնվենցիան և որպես հետևանք՝ Դատարանի նախադեպային իրավունքը) ենթակա են եղել ուղղակի կիրառման ներպետական իրավակարգի շրջանակնեում և նույն հոդվածի համաձայն՝ գերակայում են ներպետական իրավական դրույթների նկատմամբ՝ դրանց հետ ցանկացած հակասության դեպքում: Համապատասխանաբար, դիմումատուն վստահ է եղել, որ իր հայցի հաջողության համար գոյություն է ունեցել ողջամիտ իրավական հնարավորություն, և ցանկություն է եղել օգտագործելու այն՝ նախքան գանգատը Դատարան ներկայացնելը պետությանը դիմումատուին փոխհատուցում տրամադրելու հնարավորություն տալով:
բ) Դատարանի գնահատականը
90. Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված վեցամսյա ժամկետի նպատակն է խթանել իրավական որոշակիությունը՝ ապահովելով, որ Կոնվենցիայով սահմանված հարցեր առաջացնող գործերը քննվեն ողջամիտ ժամկետներում, և որ հնարավոր չլինի մշտապես բողոքարկել նախկին որոշումները: Այն նախանշում է Կոնվենցիայի մարմինների կողմից իրականացվող վերահսկողության ժամանակային սահմանները, ինչպես նաև և՛ անհատներին, և՛ պետական մարմիններին ազդարարում է այն ժամկետը, որից դուրս այդպիսի վերահսկողությունն այլևս հնարավոր չէ (տե՛ս Սաբրի Գյունեշն ընդդեմ Թուրքիայի [ՄՊ] [Sabri Güneş v. Turkey [GC]], թիվ 27396/06, §§ 28-31, 2012 թվականի հունիսի 29):
91. Իրավական պաշտպանության ներպետական միջոցները սպառելու վերաբերյալ 35-րդ հոդվածի 1-ին կետի պահանջները և վեցամսյա ժամկետը սերտորեն կապված են, քանի որ դրանք ներկայացվում են ոչ միայն նույն հոդվածում, այլև մեկ նախադասությամբ, որի քերականական կառուցվածքը ենթադրում է այդպիսի կապ: Ուստի, որպես կանոն, վեցամսյա ժամկետը սկսվում է իրավական պաշտպանության ներպետական միջոցները սպառելու գործընթացում վերջնական որոշում կայացվելու ամսաթվից: 35-րդ հոդվածի 1-ին կետը չի կարող մեկնաբանվել այնպես, որ դիմումատուից պահանջվի իր բողոքի մասին հայտնել Դատարանին, նախքան այդ հարցի առնչությամբ նրա դիրքորոշումը վերջնականապես ներպետական մակարդակով կհստակեցվի, հակառակ դեպքում կխախտվի սուբսիդիարության սկզբունքը։ Այնուամենայնիվ, այս դրույթը թույլ է տալիս հաշվի առնել միայն ստանդարտ և արդյունավետ իրավական պաշտպանության միջոցները, քանի որ դիմումատուն չի կարող երկարաձգել Կոնվենցիայով սահմանված խիստ ժամկետը՝ անտեղի կամ սխալ բողոքներ ներկայացնելով այն մարմիններին կամ հաստատություններին, որոնք չունեն Կոնվենցիայի շրջանակներում քննվող բողոքի համար իրավական պաշտպանության արդյունավետ միջոցներ առաջարկելու իրավասություն կամ լիազորություն: Այստեղից հետևում է, որ եթե դիմումատուն դիմում է այնպիսի միջոցի, որն ի սկզբանե դատապարտված է ձախողման, ապա այդ բողոքարկման որոշումը չի կարող հիմք լինել վեցամսյա ժամկետը հաշվարկելու համար (տե՛ս Լեկիչն ընդդեմ Սլովենիայի [ՄՊ] [Lekić v. Slovenia [GC]], թիվ 36480/07, § 65, 2018 թվականի դեկտեմբերի 11):
92. Կառավարությունը պնդել է, որ Կոնվենցիայի 3-րդ հոդվածի շրջանակներում դիմումատուի բողոքի մասով վեցամսյա ժամկետը հաշվարկելու նպատակով պետք է հաշվի առնել Ա.Ղ.-ի նկատմամբ հարուցված քրեական վարույթի վերջնական որոշման ամսաթիվը (տե՛ս վերևում՝ 86-րդ և 87-րդ պարբերությունները): Այնուամենայնիվ, ներկայացնելով այդ պնդումը՝ Կառավարությունը բացատրություն չի տվել, թե ինչպիսի փոխհատուցում առկայության դեպքում կարող էր տրամադրվել դիմումատուին վարույթի ընթացքում (որը վերաբերում էր Ա.Ղ.-ի անհատական քրեական պատասխանատվության որոշմանը) Կոնվենցիայի մասով նրա բողոքների կապակցությամբ (տե՛ս վերևում՝ 84-րդ պարբերությունը և ստորև՝ 101-րդ պարբերությունը): Այս առնչությամբ Դատարանը նկատում է, որ Կառավարությունը չի նշել որևէ ներպետական իրավական ընթացակարգ, որով դիմումատուն կկարողանա պետությունից պահանջել վնասի հատուցում Ա.Ղ.-ի նկատմամբ հարուցված վարույթի շրջանակներում:
93. Կառավարությունը պնդել է նաև, որ հաշվի առնելով տվյալ ժամանակահատվածում ոչ նյութական վնասի դիմաց հատուցում պահանջելու իրավական հնարավորության բացակայությունը՝ Պողոսյանի և Բաղդասարյանի գործով (վերևում հիշատակված) Դատարանի վճռին և Սահմանադրական դատարանի 2013 թվականի նոյեմբերի 5-ի որոշմանը (տե՛ս վերևում՝ 75-րդ պարբերությունը) համահունչ, դիմումատուի համար պետք է ակնհայտ դառնար, որ պետության դեմ հարուցված նրա քաղաքացիական հայցը հաջողության ողջամիտ հեռանկար չուներ (տե՛ս վերևում՝ 72-րդ, 74-րդ և 87-րդ պարբերությունները): Դատարանը չի կիսում այս տեսակետը հետևյալ պատճառներով:
94. Դատարանը բազմիցս վճռել է, որ բռնաբարությունից և սեռական բռնությունից արդյունավետ պաշտպանությունը պահանջում է քրեաիրավական բնութի միջոցների ձեռնարկում (տե՛ս, ի թիվս շատ այլ վճիռների, Մ.Ս.-ն ընդդեմ Բուլղարիայի [M.C. v. Bulgaria], թիվ 39272/98, § 186, ՄԻԵԴ 2003XII)): Այն համապատասխանաբար մերժել է անընդունելիության մասին պնդումները, երբ քրեական գործով արդյունավետ քննության բացակայության պայմաններում պատասխանող պետությունը իրավական պաշտպանության միջոցների սպառման համատեքստում առաջարկել է քաղաքացիական միջոցներ (տե՛ս, օրինակ՝ Ռ. Բ.-ն ընդդեմ Էստոնիայի [R.B. v. Estonia], թիվ 22597/16, § 65, 2021 թվականի հունիսի 22՝ հետագա հղումներով): Սույն գործում, այնուամենայնիվ, քրեաիրավական պաշտպանության միջոցը դիմումատուի համար իրապես նպաստավոր ելք է ունեցել, քանի որ Ա.Ղ.-ի նկատմամբ արդյունավետ քրեական հետապնդում է իրականացվել, և կայացվել է մեղադրական դատավճիռ (տե՛ս վերևում՝ 20-րդ և 40-րդ պարբերությունները): Իրոք, Դատարանում դիմումատուի կողմից ներկայացված դժգոհությունները, ինչպես արդեն նշվել է (տե՛ս վերևում՝ 85-րդ պարբերությունը), չեն վերաբերում իր նկատմամբ գործադրված բռնության արդյունավետ քննությանը, այլ վերաբերում են այդ բռնության առնչությամբ պետության պատասխանատվությանը (տե՛ս ստորև՝ 101-րդ պարբերությունը՝ այդ կապակցությամբ դիմումատուի կողմից բերված փաստարկների համար):
95. Ավելին, դիմումատուն դիմել է քաղաքացիական դատարանների օգնությանը՝ ձգտելով հատուցում ստանալ պետությունից այն կոնկրետ ժամանակահատվածում, երբ ներպետական օրենսդրության մեջ ոչ նյութական վնասի հատուցման հարցի շուրջ առկա էր անորոշություն: Մասնավորապես նա իր քաղաքացիական հայցը ներկայացրել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարան 2014 թվականի փետրվարի 17-ին, այսինքն՝ այն բանից հետո, երբ Սահմանադրական դատարանը Քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ մասը ճանաչել էր հակասահմանադրական, քանի որ այն չէր նախատեսում ոչ նյութական վնասի հատուցում պահանջելու հնարավորություն (տե՛ս վերևում՝ 45-րդ և 75-րդ պարբերությունները), և քանի որ այն նախկինում ճանաչվել էր Կոնվենցիայով Հայաստանի ստանձնած պարտավորություններին հակասող (տե՛ս վերևում հիշատակված՝ Պողոսյանը և Բաղդասարյանը, [Poghosyan and Baghdasaryan], §§ 46-48), սակայն նախքան 2014 թվականի նոյեմբերի 1-ին օրենսդրական փոփոխությունների կատարումը (տես վերևում՝ 74-րդ պարբերությունները), որով հստակ նախատեսվում էր Կոնվենցիայի որոշ իրավունքների խախտման համար պետությունից ոչ նյութական վնասի հատուցման պահանջ ներկայացնելու հնարավորություն (համեմատի՛ր, mutatis mutandis, Նանա Մուրադյանն ընդդեմ Հայաստանի, [Nana Muradyan v. Armenia], թիվ 69517/11, §§ 101-11, 2022 թվականի ապրիլի 5, որտեղ Դատարանը քննել է նոր ներկայացված քաղաքացիաիրավական պաշտպանության միջոցի արդյունավետությունը Կոնվենցիայի 2-րդ հոդվածի համատեքստում): Հաշվի առնելով այդ հանգամանքները, և չնայած վիճարկվող իրավական դրույթը դեռևս ուժի մեջ էր դիմումատուի կողմից իր քաղաքացիական հայցը ներկայացնելու պահին (տե՛ս վերևում վերջում՝ 75-րդ պարբերությունը)՝ Դատարանի կարծիքով՝ նրա համար ողջամտությունից դուրս չի եղել ակնկալելը, որ ներպետական դատարանները չեն կիրառի իրավական դրույթ, որն արդեն հակաահմանադրական է ճանաչվել, և որը նաև ճանաչվել է Կոնվենցիայի 13-րդ հոդվածի պահանջներին հակասող (տե՛ս վերևում հիշատակված՝ Պողոսյանի և Բաղդասարյանի [Poghosyan and Baghdasaryan] գործը, §§ 46-48):
96. Բացի այդ, Սահմանադրության 6-րդ հոդվածի համաձայն՝ այն ձևակերպմամբ, որն ուժի մեջ էր այդ ժամանակ (տե՛ս վերևում՝ 52-րդ պարբերությունը), և որին անդրադարձ էր կատարվել դիմումատուի հայցում միջազգային իրավունքի համապատասխան դրույթների հետ միասին (տե՛ս վերևում՝ 45-րդ պարբերությունը), վավերացված միջազգային կոնվենցիաները գերակայել են դրանց հակասող ներպետական իրավական դրույթների նկատմամբ:
97. Դատարանը նկատել է, որ իր հայցում դիմումատուն բարձրացրել է Կոնվենցիայի մասով իր բողոքը և հղում է կատարել համապատասխան և կիրառելի ներպետական և միջազգային օրենքների դրույթներին (այդ թվում՝ Սահմանադրության 6-րդ հոդվածին) փաստելու համար, որ ներպետական դատարանները նրա հայցը բավարարելու ամուր իրավական հիմք ունեին՝ նրա (Կոնվենցիայի 3-րդ հոդվածով երաշխավորված) իրավունքների խախտումը ընդունելու և նրան ոչ նյութական վնասի հատուցում շնորհելու միջոցով (տե՛ս վերևում՝ 45-րդ պարբերությունը): Իսկապես, ինչպես պնդել է դիմումատուն (տե՛ս վերևում՝ 88-րդ և 89-րդ պարբերությունները), նա համարել է, որ նրա հայցի հաջողության համար առկա է իրական հնարավորություն, և նա ցանկանում էր պետությանը հնարավորություն ընձեռել կարգավորելու հարցն իր սեփական իրավական համակարգի միջոցով (տե՛ս, ի թիվս այլ վճիռների,Վուչկովիչը և այլք ընդդեմ Սերբիայի (նախնական առարկություն) [ՄՊ] [Vučković and Others v. Serbia (preliminary objection) [GC]], թիվ 17135/11 և ևս 29-ը, § 70, 2014 թվականի մարտի 25)՝ նախքան գանգատը Դատարան ներկայացնելը:
98. Հաշվի առնելով վերոնշյալը և ելնելով սույն գործի կոնկրետ հանգամանքներից՝ ներառյալ այն կոնկրետ ժամանակահատվածը, որի ընթացքում տեղի էր ունեցել համապատասխան քաղաքացիական վարույթը, Դատարանը համարում է, որ ի սկզբանե պարզ չէր, որ պետության նկատմամբ ներկայացված հատուցման հայցը դիմումատուի դեպքում անարդյունավետ կլինի: Նաև ուշադրություն դարձնելով այն փաստին, որ հաշվի առնելով դրա արդյունավետության վերաբերյալ կասկածները՝ տվյալ իրավական պաշտպանության միջոցը պետք է կիրառվի, Դատարանը չի կարող մեղադրել դիմումատուին այն բանի համար, որ վերջինս փորձել է սպառել այն (տե՛ս mutatis mutandis, Սերվենկան ընդդեմ Չեխիայի Հանրապետության, [Červenka v. the Czech Republic], թիվ 62507/12, § 121, 2016 թվականի հոկտեմբերի 13):
99. Դատարանը նշում է, որ պետության դեմ հարուցված քաղաքացիական վարույթներում վերջնական որոշումը կայացվել է 2014 թվականի ապրիլի 30-ին (տե՛ս վերևում՝ 51-րդ պարբերությունը), և որ դիմումատուն իր բողոքը ներկայացրել է 2014 թվականի օգոստոսի 19-ին, այսինքն՝ վեցամսյա ժամկետը պահպանելու կանոնին համապատասխան։ Հետևաբար Դատարանը մերժում է նաև վեցամսյա ժամկետի կանոնը չպահպանելու մասով Կառավարության առարկությունը։
2. Անընդունելիության այլ հիմքեր
100. Դատարանը նշում է, որ այս բողոքը ո՛չ ակնհայտ անհիմն է, ո՛չ էլ անընդունելի Կոնվենցիայի 35-րդ հոդվածում նշված որևէ այլ հիմքով։ Հետևաբար այն պետք է ճանաչվի ընդունելի։
Գ. Ըստ էության քննությունը
1. Կողմերի փաստարկները
101. Դիմումատուն պնդել է, որ նա սեռական բռնության զոհ է դարձել պաշտոնատար անձի կողմից (այն գյուղի վարչական ղեկավարը, որտեղ նա ապրել է, և պետական դպրոցում նրա ուսուցիչը). այդ անձն օգտվել է i) իր մասնագիտական հեղինակության և հասարակության մեջ իր զբաղեցրած դիրքով նրա վրա ունեցած ազդեցությունից և ii) որպես թերզարգացած մտավոր կարողություններ ունեցող՝ նրա առանձնապես խոցելի դիրքից: Ավելին, բռնությունը տեղի է ունեցել գյուղի վարչական շենքում աշխատանքային ժամերի ընթացքում, երբ Ա.Ղ.-ն պաշտոնավարել է որպես համայնքի ղեկավար, և պետական դպրոցում դասի ժամերին: Պետությունը չի ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ և չի ապահովել երաշխիքներ՝ պաշտպանելու երեխաներին վատ վերաբերմունքից, այդ թվում՝ նրանց ֆիզիկական անձեռնմխելիության լուրջ խախտումներից:
102. Կառավարությունը պնդել է, որ Ա.Ղ.-ն խստորեն պատժվել է իր անբարո արարքների համար: Միևնույն ժամանակ նրա գործողությունները չպետք է վերապահվեն պետությանը, քանի որ նա չի գործել ի պաշտոնե:
2. Դատարանի գնահատականը
ա) Ընդհանուր սկզբունքներ
103. Երեխաներին վատ վերաբերմունքից պաշտպանելու վերաբերյալ համապատասխան սկզբունքները վերջերս ամփոփ ներկայացվել են Իքսը և այլք ընդդեմ Բուլղարիայի գործում [ՄՊ], [X and Others v. Bulgaria] ([GC], թիվ 22457/16, §§ 176-83, 2021 թվականի փետրվարի 2. տե՛ս նաև վերևում հիշատակված՝ Օ՛Քիֆի գործը, §§ 144-46 և 148-49՝ կրթական կոնկրետ միջավայրում երեխաներին պաշտպանելու առնչությամբ):
104. Մասնավորապես Կոնվենցիայի 3-րդ հոդվածին հակասող վերաբերմունքից պաշտպանության դրական պարտավորությունը ներառում է առաջին՝ պաշտպանության օրենսդրական և կարգավորման մեխանիզմի ներդրման պարտավորությունը. երկրորդ՝ որոշակի հստակ սահմանված հանգամանքներում այդ դրույթին հակասող վերաբերմունքի ենթարկվելու ռիսկից կոնկրետ անհատներին պաշտպանելու համար օպերատիվ միջոցների ձեռնարկումը. և երրորդ՝ այդպիսի վերաբերմունք ցուցաբերելու փաստարկելի պնդման առնչությամբ արդյունավետ քննություն իրականացնելու պարտավորությունը (տե՛ս վերևում հիշատակված՝ Իքսն և այլք ընդդեմ Բուլղարիայի, § 178)։
105. Օ՛Քիֆի գործում (վերևում հիշատակված, § 145) Դատարանը նկատել է, որ պաշտպանության դրական պարտավորությունը հատկապես կարևորվում է այնպիսի կարևոր հանրային ծառայությունների մատուցման համատեքստում, ինչպիսին է հիմնական կրթությունը, որտեղ դպրոցի ղեկավարությունը պարտավոր է պաշտպանել աշակերտների, մասնավորապես՝ փոքր տարիքի աշակերտների առողջությունը և բարեկեցությունը, որոնք առանձնապես խոցելի են և գտնվում են այդ ղեկավարության բացառիկ հսկողության ներքո։ Ավելին, հաշվի առնելով 3-րդ հոդվածով երաշխավորված իրավունքների հիմնարար բնույթը և երեխաների առանձնապես խոցելի բնույթը՝ ղեկավարության անկապտելի պարտավորությունն է վատ վերաբերմունքից նրանց պաշտպանության ապահովումը՝ հատկապես հիմնական կրթության համատեքստում, ըստ անհրաժեշտության՝ հատուկ միջոցներ և երաշխիքներ ընդունելու միջոցով (նույն տեղում, § 146):
106. Բացի այդ, Դատարանն ընդգծել է այն երեխաներին պաշտպանելու հատուկ կարևորությունը, որոնք էլ ավելի խոցելի են հաշմանդամության պատճառով (տե՛ս Իքսը և Իգրեկն ընդդեմ Նիդեռլանդների, [X and Y v. the Netherlands], 1985 թվականի մարտի 26, §§ 21-30, շարք Ա թիվ 91, որտեղ Դատարանը գտել է, որ մտավոր հաշմանդամություն ունեցող դեռահասի նկատմամբ սեռական նկրտումները քրեականացնող օրենսդրության բացակայությունը նշանակում է, որ պետությունը չի կատարել զոհի՝ 8-րդ հոդվածի համաձայն ունեցած իրավունքները պաշտպանելու դրական պարտավորությունը և հաշմանդամ երեխաների համար նախատեսված հաստատության համատեքստում և Կոնվենցիայի 2-րդ հոդվածի շրջանակներում նրանց պաշտպանելու կարևորությունը, Նենչևան և այլք ընդդեմ Բուլղարիայի, [Nencheva and Others v. Bulgaria], թիվ 48609/06, §§ 106-16 և 119-20, 2013 թվականի հունիսի 18):
107. Երեխաների բռնաբարության և նրանց նկատմամբ սեռական բռնության և նմանատիպ ծանր արարքների զսպման արդյունավետ միջոցների ապահովումը հնարավոր է միայն իրավապահ մեխանիզմներով ամրապնդվող՝ քրեական իրավունքի արդյունավետ դրույթների առկայության պայմաններում: Կարևոր է նշել, որ երեխայի նկատմամբ սեռական բռնության բնույթն այնպիսին է, որ հատկապես այն դեպքերում, երբ բռնարարը երեխայի նկատմամբ վերադաս դիրք ունի, համապատասխան քրեական օրենսդրության արդյունավետ իրականացման համար հիմնարար նշանակություն ունի բացահայտման և զեկուցման կիրառելի մեխանիզմների առկայությունը (տե՛ս Սյոդերմանի, § 82, և Օ՛Քիֆի, § 148, գործերը՝ հետագա հղումներով, երկուսն էլ հիշատակված են վերևում): Քրեաիրավական արդյունավետ նորմեր ունենալու պարտավորությունը բխում է նաև այլ միջազգային փաստաթղթերից, ինչպես օրինակ՝ Երեխայի իրավունքների մասին Միավորված ազգերի կազմակերպության կոնվենցիայի 19-րդ և 34-րդ հոդվածները և Լանցարոտեի կոնվենցիայի VI գլուխը («Նյութական քրեական իրավունքը» վերնագրով) (տե՛ս վերևում՝ 77-78-րդ և 81-րդ պարբերությունները, տե՛ս նաև Իքսը և այլք ընդդեմ Բուլղարիայի, § 179, և Ա-ն, Բ-ն և Ս-ն ընդդեմ Լատվիայի, § 148, երկուսն էլ հիշատակված են վերևում):
108. Դատարանը նաև նկատել է, որ անհրաժեշտ է ցույց տալ, որ «եթե չլիներ» պետության անգործությունը, ապա վատ վերաբերմունքը տեղի չէր ունենա: Ողջամտորեն մատչելի միջոցներ չձեռնարկելը, որոնք կարող էին ելքը փոխելու կամ վնասը մեղմելու իրական հեռանկար ապահովել, բավարար է պետությանը պատասխանատվության ենթարկելու համար (տե՛ս վերևում հիշատակված՝ Օ՛Քիֆը, § 149 և Ի-ն և այլք ընդդեմ Միացյալ Թագավորության, թիվ 33218/96, § 99, 2002 թվականի նոյեմբերի 26):
109. Ինչ վերաբերում է օպերատիվ պաշտպանական միջոցներ ձեռնարկելու դրական պարտավորության բովանդակությանը (տե՛ս վերևում՝ 104-րդ պարբերությունը), ապա 3-րդ հոդվածի համաձայն՝ որոշակի հանգամանքներում պետությունից կարող է պահանջվել զոհերին կամ հնարավոր զոհերին վատ վերաբերմունքից պաշտպանելու օպերատիվ միջոցների ձեռնարկում: Այնուամենայնիվ, այս դրական պարտավորությունը պետք է մեկնաբանվի այնպես, որ իշխանությունների վրա անհնար կամ անհամաչափ բեռ չդրվի՝ հաշվի առնելով մարդկային վարքի անկանխատեսելի բնույթը և այն աշխատանքային ընտրությունները, որոնք պետք է կատարվեն առաջնահերթությունների և ռեսուրսների առումով: Այդպիսով, վատ վերաբերմունքի հետ կապված ռիսկերից ոչ բոլորի դեպքում իշխանությունները կկատարեն ռիսկի նյութականացումը կանխելու համար միջոցներ ձեռնարկելու Կոնվենցիայի պահանջը: Այնուամենայնիվ, պահանջվող միջոցները պետք է առնվազն ապահովեն արդյունավետ պաշտպանություն, մասնավորապես երեխաների և այլ խոցելի անձանց համար պետք է ներառեն ողջամիտ քայլեր կանխելու վատ վերաբերմունքի այն դեպքերը, որոնց մասին իշխանությունները տեղյակ են եղել կամ պարտավոր էին տեղյակ լինել: Այսպիսով, վատ վերաբերմունքի հետ կապված ռիսկերից ոչ բոլորի դեպքում են իշխանությունները կատարում ռիսկի նյութականացումը կանխելու համար միջոցներ ձեռնարկելու Կոնվենցիայի պահանջը (տե՛ս Օ՛Քիֆը, § 144՝ հետագա հղումներով, և Իքսը և այլք ընդդեմ Բուլղարիայի, §§ 181-83, երկուսն էլ հիշատակված են վերևում):
բ) Այս սկզբունքների կիրառումը սույն գործում
110. Դատարանը նկատում է, որ դիմումատուն առանձնապես խոցելի իրավիճակում էր, եթե հաշվի առնենք նրա համեմատաբար երիտասարդ տարիքը և հաշմանդամությունը (տե՛ս վերևում՝ 5-րդ և 6-րդ պարբերությունները)։ Հետևաբար սեռական բռնությունը և բռնությունը, որին նա ենթարկվել էր, անկասկած, բավական լուրջ էին, որպեսզի դրանց վրա տարածվեր Կոնվենցիայի 3-րդ հոդվածը (տե՛ս օրինակ՝ և mutatis mutandis (համապատասխան փոփոխություններով), Կ. Ա. Ս.-ն և Կ. Ս.-ն ընդդեմ Ռումինիայի, [C.A.S. and C.S. v. Romania], թիվ 26692/05, § 73, 2012 թվականի մարտի 20. Մ.Ս.-ն ընդդեմ Բուլղարիայի, [M.C. v. Bulgaria], § 148, և Իքսը և այլք ընդեմ Բուլղարիայի, § 193, երկուսն էլ հիշատակված են վերևում):
111. Կառավարությունը փաստացիորեն առաջարկել է ազատել պետությանը Կոնվենցիայով ստանձնած իր պարտավորություններից, քանի որ Ա.Ղ.-ն չի գործել ի պաշտոնե: Հետևաբար նրանք պնդել են, որ Ա.Ղ.-ի գործողությունները չպետք է ուղղակիորեն վերապահել պետությանը՝ հաշվի առնելով այն փաստը, որ նրա նկատմամբ իրականացվել է քրեական հետապնդում, և նա դատապարտվել է (տե՛ս վերևում՝ 102-րդ պարբերությունը)՝ նույնիսկ չնայած նրան, որ 8-րդ հոդվածի համաձայն դիմումատուի բողոքի վերաբերյալ իրենց դիտարկումներում նրանք անդրադարձել էին «պետական պաշտոնատար անձի և դպրոցի ուսուցչի կողմից դիմումատուին բռնաբարելու և անպարկեշտ կերպով վիրավորելու վերաբերյալ հաստատված փաստին» (տե՛ս ստորև՝ 147-րդ պարբերությունը):
112. Ինչպես արդեն նշվել է վերևում՝ 85-րդ պարբերությունում, հաշվի առնելով սույն գործի հանգամանքները և նախադեպային իրավունքի կիրառելի սկզբունքները (տե՛ս վերևում՝ 104-107-րդ պարբերությունները)՝ Դատարանը առավել նպատակահարմար է գտնում քննել դիմումատուի բողոքները Կոնվենցիայի 3-րդ հոդվածով երեխաներին և հատկապես հաշմանդամություն ունեցող երեխաներին սեռական բռնությունից պաշտպանության մասով պետության ստանձնած դրական պարտավորության տեսանկյունից՝ պետական կրթության համատեքստում, քան նույն համատեքստում վատ վերաբերմունքի համար ուղղակիորեն պատասխանատվություն վերապահելու տեսանկյունից (համեմատիր Վ.Կ.-ն ընդդեմ Ռուսաստանի, [V.K. v. Russia], թիվ 68059/13, §§ 173-84, 2017 թվականի մարտի 7, որը վերաբերում է պետական նախադպրոցական հաստատությունում ուսուցիչների ցուցաբերած վատ վերաբերմունքին. տե՛ս նաև Կոնվենցիայի 8-րդ հոդվածի համատեքստում Ֆ.Օ.-ն ընդդեմ Խորվաթիայի [F.O. v. Croatia}, թիվ 29555/13, § 89, 2021 թվականի ապրիլի 22, որը վերաբերում է պետական դպրոցի ուսուցչի կողմից խոսքային բռնությանը)։
113. Այսպիսի հանգամանքներում Դատարանը նկատում է, որ ինչպես արդեն նշվել է վերևում՝ 85-րդ պարբերությունում, սույն գործով հարց չի առաջանում Կոնվենցիայի 3-րդ հոդվածի համաձայն այդ դրույթին հակասող վերաբերմունք ցուցաբերելու մասով արդյունավետ քննություն իրականացնելու՝ պետության դրական «դատավարական» պարտավորության վերաբերյալ: Իրոք, Ա.Ղ.-ի գործողությունների մասին իրավապահ մարմիններին հաղորդել էր դիմումատուի մայրը 2012 թվականի փետրվարի 23-ին, այսինքն՝ 2012 թվականի փետրվարի 22-ին տեղի ունեցած՝ դպրոցի միջադեպի հաջորդ օրը (տե՛ս վերևում՝ 7-րդ և 31-րդ, 34-րդ պարբերությունները), և իրավապահ մարմիններն անհապաղ արձագանքել էին դիմումատուի՝ լրջորեն բռնության ենթարկված լինելու մասին բողոքին այն ներկայացնելու հաջորդ օրը՝ քրեական վարույթ հարուցելու միջոցով (տե՛ս վերևում՝ 11-րդ պարբերությունը): Հարուցված քրեական վարույթի արդյունքում Ա.Ղ.-ի նկատմամբ իրականացվել է հետապնդում, և նա դատապարտվել է (տե՛ս վերևում՝ 20-րդ, 24-րդ և 40-րդ պարբերությունները): Ուստի Դատարանը կանցնի այն հարցի ուսումնասիրությանը, թե արդյոք պատասխանող պետությունը կատարել է Կոնվենցիայի 3-րդ հոդվածով ստանձնած իր դրական «նյութաիրավական» պարտավորությունները, մասնավորապես՝ պաշտպանության օրենսդրական և կարգավորիչ մեխանիզմ ներդնելու պարտավորությունը և (որոշակի հստակ սահմանված հանգամանքներում) այդ դրույթին հակասող վերաբերմունք ցուցաբերելու ռիսկի ենթարկվելուց առանձին անհատների պաշտպանելու համար օպերատիվ միջոցներ ձեռնարկելու պարտավորությունը (տե՛ս վերևում հիշատակված՝ Իքսը և այլք ընդդեմ Բուլղարիայի, § 178):
i) Համապատասխան օրենսդրական և կարգավորող շրջանակներ կիրառելու պարտավորության վերաբերյալ
114. Դատարանը դիտարկում է, որ Ա.Ղ.-ն, որը դիմումատուի ուսուցիչն էր, և որը միևնույն ժամանակ եղել է նաև պետական պաշտոն զբաղեցնող անձ (տե՛ս վերևում՝ 55-57-րդ և 60-64-րդ պարբերություններում պետական մակարդակով կրթության կազմակերպման վերաբերյալ համապատասխան կանոնակարգերը, տե՛ս նաև «Համայնքի ղեկավարի» պաշտոնի նկարագրությունը 65-րդ և 66-րդ պարբերություններում), մեղադրվում է (անչափահասի) նկատմամբ ծանրացնող հանգամանքներով բռնաբարության, ինչպես նաև անչափահասի նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու մեջ՝ համաձայն ՔՕ-ի 138-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի և 142-րդ հոդվածի 1-ին մասի (տե՛ս վերևում՝ 40-րդ, 67-րդ և 70-րդ պարբերությունները)։
115. Դատարանը նշում է, որ դիմումատուն կասկածի տակ չի դրել պատասխանող պետության ներպետական իրավունքում երեխաների նկատմամբ սեռական բռնությունը կանխարգելելուն և պատժելուն ուղղված քրեական օրենսդրության առկայությունը: Այն նկատում է, որ նախկինում գործող ՔՕ-ը քրեական պատասխանատվություն է նախատեսում անչափահասների նկատմամբ սեռական բռնության դեպքում՝ այդ թվում բռնաբարությունը, «սեքսուալ բնույթի բնռի գործողությունները» և «անառակաբարո գործողությունները» (տե՛ս վերևում՝ 67-րդ, 68-րդ և 70-րդ պարբերությունները): Նախկինում գործող ՔՕ-ն սահմանել է ավելի ծանր պատիժ այն դեպքում, երբ տվյալ բռնաբարությունը կատարվել է անչափահասի նկատմամբ, և նույնիսկ ավելի ծանր պատիժ, եթե այն կատարվել է տասնչորս տարին չլրացած անձի նկատմամբ (138-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասեր, տե՛ս վերևում՝ 67-րդ պարբերությունը), «սեքսուալ բնույթի բռնի գործողությունները» հանգեցրել են նաև ավելի ծանր պատժի, եթե տուժողը եղել է անչափահաս (տե՛ս վերևում՝ 68-րդ պարբերությունը), անչափահասի նկատմամբ անառակաբարո գործողությունների համար նախկինում գործող ՔՕ-ի 142-րդ հոդվածով նախատեսված էր առանձին հանցագործություն (տե՛ս վերևում՝ 70-րդ պարբերությունը): Քննարկվող դրույթները, ըստ երևույթին, վերաբերում են դիմումատուի կողմից սույն գործով բողոքարկված գործողություններին (տե՛ս, mutatis mutandis, վերևում հիշատակված՝ Իքսը և այլք ընդդեմ Բուլղարիայի, § 194):
116. Դատարանը վերահաստատում է, որ պետություններն ունեն իրենց խնամքի և հսկողության տակ գտնվող երեխաների նկատմամբ պաշտպանության ավելի մեծ պարտականություն, հատկապես այն երեխաների նկատմամբ, որոնք գտնվում են առանձնապես խոցելի վիճակում հաշմանդամության պատճառով (տե՛ս վերևում՝ 105-րդ և 106-րդ պարբերությունները՝ համապատասխան նախադեպային իրավունքի ամփոփման համար): Սույն սկզբունքի լույսի ներքո Դատարանը պետք է այնուհետև որոշի, թե արդյոք պատասխանող պետության մնացած օրենքները և կանոնակարգերը (մասնավորապես՝ վատ վերաբերմունքի դեպքերը կանխելու, հայտնաբերելու և զեկուցելու մեխանիզմները) պետական դպրոց հաճախող երեխաներին (հատկապես հաշմանդամություն ունեցող երեխաներին) արդյունավետորեն պաշտպանում են սեռական բռնության ռիսկից (տե՛ս, mutatis mutandis, վերևում հիշատակված՝ Սյոդերմանի գործը, § 89 և Օ՛Քիֆի գործը, § 152):
117. Հիմքեր չկան ենթադրելու, որ նախքան իրական դեպքեր պատահելը գործադրվել է որևէ մեխանիզմ՝ ապահովելու համար կրթական հաստատություններում բռնության (այդ թվում՝ սեռական բռնության) կանխարգելումը, հայտնաբերումը և հաղորդումը (համեմատե՛ք և հակադրե՛ք վերևում հիշատակված՝ Իքսը և այլք ընդդեմ Բուլղարիայի գործի հետ, § 195), նման ընթացակարգերը հիմնարար են քրեական օրենքների կատարումն ապահովելու, նման վատ վերաբերմունքը կանխարգելելու և հետևաբար ավելի լայն իմաստով՝ պետության՝ պաշտպանության մասով դրական պարտավորությունը կատարելու համար (տե՛ս վերևում՝ Օ՛Քիֆի գործը, § 162): Իհարկե, Երեխայի իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայով Հայաստանի կողմից ստանձնած պարտավորությունների կատարման վերաբերյալ իր հրատապ զեկույցում, որն ընդգրկում է 2013 թվականից 2022 թվականն ընկած ժամանակահատվածը, Մարդու իրավունքների պաշտպանը նշել է նման մեխանիզմների բացակայության մասին և իշխանություններին խորհուրդ է տվել դպրոցներում ստեղծել ընթացակարգեր՝ վատ վերաբերմունքի դեպքերի կանխարգելման, բացահայտման և հաղորդման համար (տե՛ս վերևում՝ 76-րդ պարբերությունը): Իր զեկույցում Մարդու իրավունքների պաշտպանը նշել է նաև, որ ո՛չ ծնողները, ո՛չ երեխաները չեն իմացել, թե ում կամ որ մարմնին պետք է դիմեն վատ վերաբերմունքի արժանանալու դեպքում, և այն, որ երեխաները Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչներին հայտնել են դպրոցներում վատ վերաբերմունքի արժանանալու դեպքում բողոքներ ներկայացնելու արդյունավետ ուղիների բացակայության մասին (նույն տեղում):
118. Սույն գործի փաստերը ցույց են տալիս, Դատարանի կարծիքով, որևէ պաշտպանիչ մեխանիզմի իսպառ բացակայության հետևանքները, մասնավորապես՝ այն մեխանիզմների բացակայության հետևանքները, որոնց միջոցով պետք է հայտնաբերել և հայտնել բռնության դեպքերի մասին:
119. Իսկապես, ըստ վկաների կողմից (այդ թվում՝ աշակերտների, ուսուցիչների և այն դպրոցի տնօրենի կողմից, որը դիմումատուն հաճախել է) 2022 թվականի փետրվարի 22-ի դեպքի մասով տրված ցուցմունքների՝ նրանցից ոչ ոք տեղյակ չի եղել, թե ինչ գործողություններ պետք է ձեռնարկել բռնության իրավիճակի բախվելիս, առավել ևս, որ նման իրավիճակ իրականում տեղի է ունեցել դպրոցի տարածքում՝ դասաժամին (տե՛ս, օրինակ, վերևում՝ Ն.Մ.-ի դասղեկ Ա.Ս.-ի՝ դատաքննության ժամանակ տրված ցուցմունքը 32-րդ պարբերությունում, որը բացահայտ հայտարարել է, որ ինքը «վստահ չէր», թե ինչ գործողություններ պետք է ձեռնարկեր, եթե Ն.Մ.-ն բացահայտորեն հայտներ, որ դիմումատուի նկատմամբ հենց այդ պահին սեքսուալ բնույթի բռնի գործողություն էր կատարվում)։
120. Ոչինչ չի ենթադրում, որ ուսուցիչները և պատասխանատու անձինք, այդ թվում՝ տնօրենը և դիմումատուի դասարանի ղեկավարը (տե՛ս վերևում՝ 10-րդ պարբերությունը) հրահանգներ են ստացել երեխաների նկատմամբ բռնությունը բացահայտելու եղանակների վերաբերյալ: Նաև հիմքեր չկան ենթադրելու, որ ուսուցիչները և տնօրենը ստացել են հստակ ցուցումներ և անցել են վերապատրաստում, թե ինչ անել կամ ուր դիմել բռնության մասին հաղորդում ստանալուց հետո (տե՛ս այս մասով Երեխայի իրավունքների կոմիտեի թիվ 13 Ընդհանուր մեկնաբանության 49-րդ և 50-րդ կետերը (տե՛ս վերևում հիշատակված՝ 79-րդ պարբերությունը), ինչպես նաև Լանցարոտեի կոնվենցիայի 4-րդ, 5-րդ, 12-րդ և 13-րդ հոդվածները և դրա բացատրական զեկույցը՝ վերևում հիշատակված 81-րդ և 82-րդ պարբերություններում)։ Նույն կերպ, հիմքեր չկան ենթադրելու, որ եղել են հատուկ մեխանիզմներ կամ երաշխիքներ այն երեխաների համար (օրինակ՝ դիմումատուի համար), որոնք նույնիսկ ավելի խոցելի են եղել բռնության և շահագործման ենթարկվելու տեսանկյունից՝ իրենց հաշմանդամության պատճառով (տե՛ս Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի համապատասխան դրույթները՝ վերևում հիշատակված 80-րդ պարբերությունում, և Երեխայի իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի 23-րդ հոդվածը՝ վերևում հիշատակված 78-րդ պարբերությունում):
121. Արդյունքում, ստանալով հաղորդումներ (2012թ. փետրվարի 18-ին և 22-ին, համապատասխանաբար տե՛ս 27-րդ, 31-րդ պարբերությունները վերջում, վերևում՝ 32-րդ և 33-րդ պարբերությունները) մտավոր հաշմանդամություն ունեցող առանձնապես խոցելի անչափահաս դիմումատուի նկատմամբ կասկածելի, և այնուհետև արդեն փաստացի բռնության մասին, ուսուցիչներին, ըստ երևույթին, ոչ մի հրահանգ և (կամ) ուղեցույց չի տրվել, թե ինչպես արձագանքել և ինչ գործողություններ ձեռնարկել` այդպիսով չկարողանալով որևէ գործողություն ձեռնարկել այդ հաղորդումների հետ կապված (կա՛մ փետրվարի 18-ին, կա՛մ դրանից հետո՝ 2012թ. փետրվարի 22-ին): Բացի այդ, տնօրենը, որն այդ մասին տեղեկացվել է 2012 թվականի փետրվարի 22-ին, ոչ միայն որևէ պաշտոնական գործողություն չի ձեռնարկել, այլ նույնիսկ համապատասխան մարմիններին և (կամ) անչափահասի ընտանիքին չի հաղորդել բռնության մասին։ Փաստացի, ընտանիքն այդ հարցի մասին դպրոցի կողմից տեղեկացվելու փոխարեն կատարվածի մասին տեղեկացել է միայն հաջորդ օրը, քանի որ դպրոցում և ամբողջ գյուղում սկսել են բամբասանքներ շրջանառվել, որ դիմումատուն կապի մեջ է եղել է Ա.Ղ.-ի հետ (տե՛ս վերևում՝ մասնավորապես՝ 13-րդ և 19-րդ պարբերությունները)։ Այսպիսով, նրա ընտանիքը, բացարձակապես անտեղյակ լինելով նախորդ օրը տեղի ունեցած իրադարձություններից, դիմումատուին, ըստ երևույթին, ինչպես միշտ դպրոց է ուղարկել հաջորդ օրը (տե՛ս վերևում՝ 13-րդ պարբերությունը), մինչդեռ որևէ հիմք չկա ենթադրելու, որ դպրոցի ղեկավարության կողմից որևէ պաշտոնական գործողություններ են իրականացվել Ա.Ղ.-ի դեմ, որը, ըստ երևույթին, շարունակել է իր ուսուցչական գործունեությունը 2012 թվականի փետրվարի 22-ի միջադեպից հետո (տե՛ս վերևոնշյալ 31-րդ պարբերությունում Ն.Մ.-ի ցուցմունքը՝ վերջում, այն մասին, որ 2012 թվականի փետրվարի 22-ի իրադարձություններից հետո ավագ դասարանների աշակերտները բոյկոտել են Ա.Ղ.-ի դասերը): Դատարանն այս առնչությամբ վերահաստատում է, որ անհրաժեշտ չէ ցույց տալ, որ «եթե» պետության կողմից չլիներ անգործություն, ապա վատ վարքագիծը չէր դրսևորվի։ Հեշտ հասանելի միջոցներ չձեռնարկելը, որոնք կարող են արդյունքը փոխելու կամ պատճառված վնասը մեղմելու իրական հետևանքներ ունենալ, բավարար է պետության համար պատասխանատվություն առաջացնելու համար (տե՛ս վերևում՝ 108-րդ պարբերությունում բերված նախադեպային իրավունքը): Կ.Հ.-ի կողմից 2012 թվականի փետրվարի 18-ի պնդումներից հետո հնարավոր կլիներ կանխել դիմումատուի նկատմամբ բռնության հետագա դեպքերը (այդ թվում՝ այն բռնությունը, որը տեղի է ունեցել 2012 թվականի փետրվարի 22-ին, ուսանողների և մասնավորապես՝ Ն.Մ.-ի ջանքերի շնորհիվ եղել է վերջին դեպքը): Միևնույն ժամանակ, ողջամտության սահմաններում ակնկալվում էր, որ 2012 թվականի փետրվարի 22-ի հաղորդման վերաբերյալ պատշաճ արձագանքը և հետագա միջոցառումները՝ ահազանգ ստացած ուսուցիչների և հետագայում տնօրենի կողմից, գոնե «նվազագույնի կհասցնեին վնասը», որն արդեն կրել էր դիմումատուն (տե՛ս, mutatis mutandis, վերևում հիշատակված՝ Է.-ն և այլք, § 100):
122. Հաշվի առնելով վերոգրյալը՝ Դատարանը գտնում է, որ պատասխանող պետությունը չի ապահովել դպրոց հաճախող երեխաներին (մասնավորապես՝ հաշմանդամություն ունեցող երեխաներին) սեռական բռնության վտանգից արդյունավետ պաշտպանություն՝ օրենքների և կանոնակարգերի շրջանակի ընդունման և իրականացման միջոցով, որոնք ուղղված են նման բռնությունների կանխարգելմանը, հայտնաբերմանը և հաղորդմանը, ինչպես նաև երեխաների հետ շփման մեջ գտնվող աշխատողների վերապատրաստում՝ խախտելով այդ մասով Կոնվենցիայի 3-րդ հոդվածից բխող պարտավորությունները։
ii) Կանխարգելիչ օպերատիվ միջոցներ ձեռնարկելու պարտավորության վերաբերյալ
123. Դատարանը նշում է, որ քրեական գործով ներպետական քննությամբ պարզվել է, որ դիմումատուն սեռական բռնության է ենթարկվել Ա.Ղ.-ի (իր ուսուցչի և տվյալ ժամանակահատվածում պաշտոնատար անձի) կողմից առաջին անգամ 2011 թվականի նոյեմբերին, երբ վերջինս բռնաբարել է նրան գյուղապետարանի շենքում։ Բռնությունը շարունակվել է հաջորդ երեք ամիսների ընթացքում (այսինքն՝ մինչև 2012 թվականի փետրվարը) դպրոցի շենքում, որտեղ տեղի է ունեցել բռնաբարության ևս 2 դեպք, որոնց հաջորդել է 2012 թվականի փետրվարի 22-ին կրկին դպրոցի շենքում տեղի ունեցած անպարկեշտ բռնության դեպքը (տե՛ս վերևում՝ 24-րդ պարբերությունը):
124. Ինչպես Դատարանը նկատել է վերոնշյալ 110-րդ պարբերության մեջ, սույն գործով դիմումատուն գտնվում էր առանձնապես խոցելի վիճակում: Այն նշում է այս կապակցությամբ, որ այն ժամանակ տասնչորս տարեկան դիմումատուն, թեև իր մյուս հասակակիցների հետ հաճախել է պետական դպրոց, այնուամենայնիվ, ուներ մտավոր հաշմանդամություն (տե՛ս վերևում՝ 5-րդ և 6-րդ պարբերությունները): Ըստ քրեական դատավարության ընթացքում տրված փորձագիտական հոգեբանական եզրակացության՝ նա մտավոր զարգացման մակարդակի պատճառով չի կարողացել հասկանալ սեռական բռնության իմաստը, որին ենթարկվել է։ Նույն եզրակացությամբ նշվում է նաև, որ դիմումատուն անհանգստությունից և վախից շփում էր իր ձեռքերը և լաց էր լինում, երբ նրան հարցնում էին այն բռնության մասին, որին ենթարկվել էր (տե՛ս վերևում՝ 22-րդ պարբերությունը):
125. Հաշվի առնելով այդ հանգամանքները՝ Դատարանը գտնում է, որ Կոնվենցիայի 3-րդ հոդվածով մարմինների վրա դրված կանխարգելիչ օպերատիվ միջոցներ ձեռնարկելու պարտավորությունը սույն գործում մեծացել է և պահանջել է տվյալ մարմիններից ցուցաբերել հատուկ զգոնություն (մանկատանը պահվող երեխաների անվտանգությունը, առողջությունն ու բարեկեցությունն ապահովելու մարմինների ավելի մեծ պարտականության առնչությամբ տե՛ս վերևում ՝ mutatis mutandis, Իքսը և այլք ընդդեմ Բուլղարիայի, § 197)։ Հետևաբար անհրաժեշտ է պարզել, թե արդյոք տվյալ դեպքում պատասխանող պետության դպրոցի ղեկավարությունն իմացել է կամ պետք է իմանար 3-րդ հոդվածին հակասող վերաբերմունքին արժանանալու՝ դիմումատուի համար առկա իրական և անմիջական ռիսկի առկայության մասին, և եթե այդպես է, արդյոք նրանք ձեռնարկել են հնարավոր բոլոր միջոցները, որոնք ողջամտորեն կարող էին ակնկալվել նրանցից՝ այդ ռիսկից խուսափելու համար (տե՛ս վերևում՝ 109-րդ պարբերությունում մեջբերված նախադեպային իրավունքը):
126. Դատարանը հատկապես կարևորում է այն փաստը, որ սույն գործով խնդրո առարկա բռնությունը տեղի է ունեցել վստահության և հեղինակության հարաբերությունների համատեքստում (տե՛ս վերևում ՝ Ա-ն, Բ-ն և Գ-ն ընդդեմ Լատվիայի [A, B and C v. Latvia], § 161), որը բխում է Ա.Ղ.-ի՝ մանկավարժի և այն գյուղի գյուղապետարանի ղեկավարի պաշտոնը զբաղեցնելուց, որտեղ ապրում են դիմումատուն և նրա ընտանիքը։
127. Դատարանը նշում է, որ ներպետական քննության և դատաքննության ընթացքում հարցաքննված մի շարք վկաներ, այդ թվում՝ աշակերտները, ուսուցիչները և գյուղի մյուս բնակիչները հայտարարել են, որ Ա.Ղ.-ն գյուղում ուներ «անամոթ կնամոլի» համբավ (տե՛ս, օրինակ, վերևում՝ 10-րդ, 13-րդ, 16-րդ և 19-րդ պարբերությունները)։ Փաստացի, ինչպես Ն.Մ.-ն բացատրել է իր կողմից տրված նախնական ցուցմունքում, Ա.Ղ.-ի ունեցած «վատ համբավի» պատճառով է, որ երեխաները միանգամից նրան են կասկածել դիմումատուի նկատմամբ «վատ բաներ» անելու մեջ և որոշել են հետամուտ լինել այդ հարցին (տե՛ս վերևում՝ 10-րդ պարբերությունը):
128. Դատարանն այնուհետև նշում է, որ քննության ընթացքում իր կողմից տրված վկայի ցուցմունքում Կ.Հ.-ն (դիմումատուի դասղեկը) նշել է, որ 2012 թվականի փետրվարի 18-ին Ն.Մ.-ն հատուկ մոտեցել է նրան դասերից հետո և բարձրաձայնել նրա կասկածներն այն մասին, որ Ա.Ղ.-ն դիմումատուի հետ եղել է ինտիմ հարաբերությունների մեջ (տե՛ս վերևում՝ 27-րդ պարբերությունը):
129. Բացի այդ, դատաքննության ժամանակ իր տված ցուցմունքի մեջ Ն.Մ-ն դատարանին հայտնել է, որ ինքը նաև Ն.Գ.-ին (մեկ այլ ուսուցչի) տեղեկացրել է Ա.Ղ.-ի վերաբերյալ իր կասկածների մասին (տե՛ս վերևում՝ 31-րդ պարբերությունը)։ Դատարանն այս կապակցությամբ դիտարկում է, որ Ն.Գ. -ն չի հարցաքննվել ո՛չ նախաքննության, ո՛չ էլ դատաքննության ընթացքում։ Հետևաբար այն ավելի քիչ ապացուցողական արժեք է տալիս Ն.Մ.-ի այս պնդմանը՝ համեմատած Կ.Հ.-ի կողմից ցուցմունքում արված այն հայտարարության հետ, որ 2012 թվականի փետրվարի 22-ի միջադեպից մի քանի օր առաջ իրեն ահազանգել են Ա.Ղ.-ի կողմից դիմումատուի նկատմամբ գործադրված հնարավոր բռնության մասին (տե՛ս վերևում՝ 27-րդ և 128-րդ պարբերությունները): Նույն կերպ, հաշվի առնելով, որ չի հարցաքննվել նաև ավագ ուսուցիչ Ա.Հ.-ն, հնարավոր չէ ճշգրտել Գ.Պ.-ի (դիմումատուի մորեղբոր) և նրա որդու կողմից տրված ցուցմունքները, համաձայն որոնց, երբ նրանց խնդրել են բացատրել, թե ինչ է տեղի ունեցել դիմումատուի հետ դպրոցում, Ա.Հ.-ն նշել է, որ իրենք այդ մասին վաղուց գիտեին և որ «չեն ցանկացել աղմուկ բարձրացնել», քանի որ չեն ցանկացել Ա.Ղ.-ի հետ «գործ ունենալ» (տե՛ս վերևում՝ 19-րդ պարբերությունը)։
130. Ամեն դեպքում Դատարանը հաստատված է համարում այն, որ առնվազն մեկ ուսուցիչ՝ Կ.Հ.-ն՝ դիմումատուի դասղեկը (այսինքն՝ այն անձը, որն անմիջականորեն պատասխանատու է իր դասարանի համար, որը պետք է ավելի լավ ծանոթ լիներ դիմումատուի առանձնապես խոցելի լինելուն), նախազգուշացում է ստացել այն մասին, որ հնարավոր է՝ դիմումատուն բռնության է ենթարկվել Ա.Ղ.-ի կողմից դեռևս 2012 թվականի փետրվարի 18-ին։ Սրանից հետևում է, որ ամենաուշը այդ ամսաթվին առաջացել է դիմումատուին պաշտպանելու դպրոցի ղեկավարության դրական պարտավորությունը (տե՛ս վերևում՝ 109-րդ պարբերությունում բերված նախադեպային իրավունքի սկզբունքները): Այնուամենայնիվ, հիմքեր չկան ենթադրելու, որ Կ.Հ.-ն՝ դիմումատուի դասղեկը, հաշվի է առել նման լուրջ մտահոգությունները (տե՛ս վերևում՝ 27-րդ և 128-րդ պարբերությունները), որոնք ավելի շատ վերաբերում էին մտավոր հետամնացությամբ առանձնապես խոցելի աշակերտին (տե՛ս վերևում՝ 22-րդ պարբերությունը): Փաստորեն Կ.Հ.-ն պնդել է, որ չի հավատում Ն.Մ.-ին և նույնիսկ կշտամբել է վերջինիս՝ իր արած հայտարարությունների լրջությունը չգիտակցելու համար։ Նա չի նշել, որ տեղյակ է պահել տնօրենին և (կամ) մյուս ուսուցիչներից որևէ մեկին (տե՛ս վերևում՝ 27-րդ պարբերությունը):
131. Դատարանը նշում է ոչ միայն սեռական բռնության կանխարգելման և հայտնաբերման, այլև անչափահասներին սեռական բռնությունից պաշտպանելու անհրաժեշտության համատեքստում հաղորդելու կարևորությունը, հատկապես, երբ բռնություն գործադրողը երեխայի նկատմամբ ունի վերադաս դիրք (տե՛ս վերևում՝ 105-րդ և 107-րդ պարբերություններում սահմանված նախադեպային իրավունքի սկզբունքները, տե՛ս նաև Երեխայի իրավունքների հարցերով կոմիտեի թիվ 13 Ընդհանուր մեկնաբանության 46-50-րդ կետերը, որոնք հիշատակված են վերոնշյալ 79-րդ պարբերությունում, տե՛ս, ի լրումն, Լանցարոտեի կոնվենցիայի 4-րդ, 5-րդ և 12-րդ հոդվածները և դրա Բացատրական զեկույցը վերևում հիշատակված 81-րդ և 82-րդ պարբերություններում)։
Այդ կապակցությամբ Դատարանը հաջորդիվ կուսումնասիրի այն ձևը, որով դպրոցի ղեկավարությունը (այդ թվում՝ ուսուցիչները և տնօրենը) կարգավորել է ամբողջ իրավիճակը 2012 թվականի փետրվարի 22-ին, երբ նրանք նախազգուշացում են ստացել դիմումատուի նկատմամբ գործադրված փաստացի բռնությունների մասին, այսինքն՝ այն պահին, երբ կրկին առաջացել է դպրոցի ղեկավարության՝ դիմումատուին պաշտպանելու պարտականությունը (տե՛ս վերևում՝ 130-րդ պարբերությունը), և դրանից հետո:
132. Այս առումով Դատարանը նշում է, որ Ն.Մ.-ն, որը, ըստ երևույթին, սարսափահար և շատ հուզված էր այն ամենից, ինչին ականատես էր եղել, մոտեցել է առնվազն երեք ուսուցչի՝ հորդորելով նրանց գնալ իր հետ՝ բացելու դիմումատուի դասասենյակի դուռը (ինչը նա վախենում էր ինքնուրույն անել), որ տեսնեին, թե ինչ է կատարվում այնտեղ, սակայն այդ ուսուցիչներից ոչ մեկը չի գնացել նրա հետ (տե՛ս վերևում՝ 10-րդ, 15-րդ, 16-րդ և 31-րդ պարբերությունները, տե՛ս նաև վերևում՝ այդ օրվա համապատասխան ուսուցիչների վարքագծի վերաբերյալ մեղադրանքի կողմի նկարագրությունը 28-րդ պարբերությունում):
133. Առաջին մարդը, որին մոտեցել է Ն.Մ.-ն, իր դասղեկ Ա.Ս.-ն էր։ Ն.Մ.-ն վազելով հետ է գնացել իր դասասենյակ և խնդրել Ա.Ս.-ին գնալ իր հետ՝ տեսնելու, «թե ինչ էր Ա.Ղ.-ն անում» դիմումատուի հետ։ Ըստ երևույթին, Ն.Մ.-ն անգամ հրելով Ա.Ս.-ին դասասենյակից դուրս է հանել, սակայն համաձայն Ն.Մ.-ի ցուցմունքի՝ Ա.Ս.-ն աշակերտներին հրելով ասել է, որ դա նրանց գործը չէ և հետ է գնացել իր դասասենյակ՝ առանց դուռը բացելու (տե՛ս վերևում՝ 10-րդ և 31-րդ պարբերությունները): Իր նախնական ցուցմունքում Ա.Ս.-ն պնդել է, որ Ն.Մ.-ն իր պնդումներում կոնկրետ չի եղել, և որ նա (այսինքն՝ Ա.Ս.-ն) մտածել է, որ ծեծկռտուք է տեղի ունեցել (տե՛ս վերևում՝ 15-րդ պարբերությունը)։ Գործը քննող դատարանում ցուցմունք տալիս Ա.Ս.-ն պնդել է, որ ինքը մտածել է, որ Ն.Մ.-ն մեկ այլ ուսուցչի մասին է խոսել, որն ուներ նույն անունը, ինչ դիմումատուն։ Հատկանշական է, սակայն, որ նա նաև պնդել է, որ ինքը «վստահ չէ», թե ինչ կաներ, եթե Ն.Մ.-ն բացահայտորեն ասեր, որ Ա.Ղ.-ի և դիմումատուի միջև ինչ-որ անբարոյական կապ կա (տե՛ս վերևում՝ 32-րդ պարբերությունը):
134. Երկրորդ ուսուցիչը, որին մոտեցել է Ն.Մ.-ն, Ն.Գ.-ն էր, որին, ըստ առաջին ցուցմունք տվող անձի, նա վստահել էր իր կասկածներն այն մասին, որ դիմումատուն Ա.Ղ.-ի կողմից բռնության է ենթարկվել օրեր առաջ (տե՛ս վերևում՝ 31-րդ և 128-րդ պարբերությունները): Ն.Մ.-ն բացատրել է Ն.Գ.-ին, որ Ա.Ղ.-ն դասասենյակում մենակ է եղել դիմումատուի հետ և խնդրել է նրան գնալ իր հետ ու բացել դուռը, սակայն Ն.Գ.-ն չի համաձայնել։
135. Դրանից հետո Ն.Մ.-ն գնացել է մեկ այլ դասասենյակ, որտեղ Հ.Բ.-ն էր դասավանդում։ Ըստ Ն.Մ.-ի կողմից տրված ցուցմունքի՝ նա խնդրել է Հ.Բ.-ին գնալ իր հետ՝ տեսնելու, թե ինչ է Ա.Ղ.-ն անում դիմումատուի հետ. նա Հ.Բ.-ին ասել է, որ Ա.Ղ.-ն «վատ բաներ» է անում, սակայն Հ.Բ.-ն (որն իր հետագա ցուցմունքում Ա.Ղ.-ին նկարագրել է որպես կնամոլ՝ տե՛ս վերևում՝ 16-րդ պարբերությունը) չի համաձայնել՝ ասելով, որ Ա.Ղ.-ի հետ կոնֆլիկտի մեջ է (տե՛ս վերևում՝ 10-րդ և 31-րդ պարբերությունները): Համաձայն նույն դեպքերի մասին Հ.Բ.-ի տված ցուցմունքի՝ Ն.Մ.-ն իրեն խնդրել էր գալ և տեսնել, թե ինչ է անում Ա.Ղ.-ն, և որ նա միայն դրանից հետո է իմացել, որ Ա.Ղ.-ն և դիմումատուն «սենյակում մենակ են եղել» (տե՛ս վերևում՝ 16-րդ և 33-րդ պարբերությունները)։ Հատկանշական է, որ Մ.Հ.-ն, որը եղել է Հ.Բ.-ի դասարանի աշակերտներից մեկը, քննության ընթացքում պնդել է, որ Ն.Մ.-ն Հ.Բ.-ին ասել է գնալ նրա հետ՝ տեսնելու, թե ինչ էր անում Ա.Ղ.-ն տասնչորս տարեկան դիմումատուի հետ (տե՛ս վերևում՝ 17-րդ պարբերությունը), ցուցմունք, որով հաստատվում էր Ն.Մ.-ի պնդումը (տրված ի պատասխան դատաքննության ընթացքում պաշտպանի հարցերին), համաձայն որի՝ նա ասել էր ուսուցիչներին. «տեսե՛ք, թե ինչ է անում համայնքի ղեկավարը տասնչորս տարեկան երեխայի հետ» (տե՛ս վերևում՝ 31-րդ պարբերությունը):
136. Այսպիսով, նույնիսկ այն ժամանակ, երբ ուսուցիչները տեղեկացվել են, որ դիմումատուն իսկապես բռնության է ենթարկվել դասաժամերի ընթացքում, նրանք չեն ձեռնարկել որևէ նշանակալի գործողություն՝ անմիջապես չեն միջամտել, հետագայում չեն հսկել դիմումատուին և (կամ) չեն տեղեկացրել նրա դասղեկին կամ տնօրենին այդ հաղորդման մասին։
137. Փաստորեն, կրկին Ն.Մ.-ն ընդմիջման ժամանակ մոտեցել է դիմումատուի դասղեկին՝ Կ.Հ.-ին, և տեղեկացրել նրան այդ խնդրի մասին (տե՛ս վերևում՝ 27-րդ պարբերությունը): Սակայն, նույնիսկ այն ժամանակ միակ գործողությունը, որը Կ.Հ.-ն և Ս.Մ.-ն (տնօրենը, որին այդ ընթացքում տեղեկացրել էին) ձեռնարկել են, դիմումատուի հետ խոսելն էր, որը անչափահաս էր և ուներ մտավոր հաշմանդամություն և հաղորդակցման հետ կապված դժվարություններ, և որը վերջերս էր ենթարկվել բռնության, ինչպես նաև նրան տուն էին ուղարկել՝ առանց նույնիսկ իր ծնողներին տեղեկացնելու տվյալ միջադեպի մասին (տե՛ս վերևում՝ 26-րդ, 27-րդ և 121-րդ պարբերությունները): Դեռևս անհասկանալի է՝ արդյոք Ս.Մ.-ն խոսել է նաև Ն.Մ.-ի հետ, ինչպես վերջինս պնդում էր (տե՛ս վերևում՝ 26-րդ և 34-րդ պարբերությունները)՝ հաշվի առնելով, որ Ն.Մ.-ն այդ հանդիպման մասին ոչինչ չի նշել իր կողմից այլ կերպ բավականին մանրամասն տրված ցուցմունքում (տե՛ս վերևում՝ 10-րդ և 14-րդ պարբերությունները), և հաշվի առնելով, որ Ն.Մ.-ն, ըստ էության, դատարանում հերքել է, որ երբևէ նման հանդիպում է տեղի ունեցել (տե՛ս վերևում՝ 31-րդ պարբերությունը): Ամեն դեպքում, հիմքեր չկան ենթադրելու, որ Ս.Մ.-ն առնվազն խոսել է Ա.Ղ.-ի հետ կա՛մ այդ օրը, կա՛մ դրանից հետո՝ միջադեպի մասին հետաքրքրվելու համար, հիմքեր չկան նաև ենթադրելու, որ նա որևէ պաշտոնական գործողություն է ձեռնարկել` իրավիճակը պարզաբանելու և (կամ) այն համապատասխան մարմինների ուշադրությանը ներկայացնելու համար: Ավելին, ըստ Ս.Մ.-ի սեփական ցուցմունքի՝ նա «լսել է» հաջորդ օրը, որ «դիմումատուն խոստովանել է, որ Ա.Ղ.-ն սեռական հարաբերություն է ունեցել իր հետ» (տե՛ս վերևում` 26-րդ պարբերությունը, տես նաև վերևում՝ 34-րդ պարբերությունը` կապված դատաքննության ընթացքում Ս.Մ.-ի կողմից այն հիշատակմանը, թե ինչ են «խոսում» գյուղում Ա.Ղ.-ի և դիմումատուի միջև եղած «հարաբերության» մասին):
138. 2012 թվականի փետրվարի 23-ին (երբ դեպքը դարձավ գյուղում խոսակցության առարկա) որևէ տեղեկության, առավել ևս դպրոցի կողմից որևէ աջակցության բացակայության պայմաններում դիմումատուի ընտանիքի անդամները փորձել են պարզել, թե ինչ է տեղի ունեցել նախորդ օրը դպրոցում՝ կատարելով իրենց սեփական հարցումները՝ նախ մոտենալով անձամբ Ա.Ղ.-ին, իսկ հետո՝ ավագ ուսուցիչ Ա.Հ.-ին (տե՛ս վերևում՝ 19-րդ և 36-րդ պարբերությունները), այնուհետև երեկոյան դիմել են ոստիկանություն, երբ դիմումատուի մայրը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել (տե՛ս վերևում՝ 7-րդ և 13-րդ պարբերությունները):
139. Դատարանը չպետք է ենթադրի, թե արդյոք դիմումատուի դասղեկի կողմից նրա՝ բռնության ենթարկվելու ռիսկի վերաբերյալ նախնական հաղորդումը (տե՛ս վերևում, մասնավորապես՝ 27-րդ պարբերությունը), ուսուցիչների հետագա դժկամությունը՝ դիմումատուի նկատմամբ իրական վատ վերաբերմունքի մասին հաղորդումների հիման վրա գործողություն ձեռնարկելու մասով, ինչպես նաև տնօրենի կողմից միջադեպի օրը և դրանից հետո որևէ գործողություն չկատարելը եղել են այն պատճառով, որ Ա.Ղ.-ն ոչ միայն իրենց գործընկերն էր, այլ նաև գյուղապետը՝ մարդ, որը, ըստ երևույթին, գյուղում իշխանություն ուներ (հաշվի առնելով քրեական վարույթի ամբողջ ընթացքում վկաների և դիմումատուի ընտանիքի վրա գործադրվող ճնշման չափը. տե՛ս վերևում՝ 18-րդ, 35-րդ և 36-րդ պարբերությունները)։ Միևնույն ժամանակ Դատարանն այդ առնչությամբ դիտարկում է, որ բացի Հ.Բ.-ից (որը, ըստ երևույթին, Ա.Ղ.-ի հետ անձնական խնդիր է ունեցել, տե՛ս վերևում՝ 16-րդ պարբերությունը) Ա.Ղ.-ի մյուս գործընկերները (որոնք հարցաքննվել են քրեական գործով վարույթի շրջանակներում) կա՛մ նկարագրել են նրան դրական լույսի ներքո, կա՛մ բոլորովին զերծ են մնացել նրան որևէ հատկանիշ վերագրելուց (տե՛ս վերևում՝ ուսուցիչ Ա.Ս.-ի և տնօրեն Ս.Մ.-ի ցուցմունքները համապատասխանաբար 15-րդ և 34-րդ պարբերություններում)։ Հատկանշական է, որ տնօրենն իր նախաքննական ցուցմունքում նշել է, որ «սեռական հարաբերություն» է տեղի ունեցել Ա.Ղ.-ի և դիմումատուի միջև (որը, ըստ նրա, հաստատվել է դատաբժշկական փորձաքննությամբ, տե՛ս վերևում՝ 26-րդ պարբերությունը), այնուամենայնիվ, գործը քննող դատարանում, ըստ երևույթին, երբ Ա.Ղ.-ն ներկա է գտնվել դատարանի դահլիճում, նա ընդհակառակը, անդրադարձել է «պտտվող լուրերին» և նրան, ինչին «ականատես» են եղել (որի մասին նա չի իմացել, տե՛ս վերևում՝ 34-րդ պարբերությունը): Գործը քննող դատարանում տնօրենը Ա.Ղ.-ին նկարագրել է նաև որպես «մարդասեր» և «լավ» մարդ, որը ցանկացել է օգնել դիմումատուին և նրա ընտանիքին, թեև նրանք «թշնամիներ» էին նրա համար (տե՛ս վերևում՝ 34-րդ պարբերությունը): Տնօրենի նման տեսակետն ու վերաբերմունքը հակասում են դպրոցի ղեկավարության աշակերտներին ընդհանրապես վատ վերաբերմունքից պաշտպանելու պարտականությանը (տե՛ս վերևում՝ 105-րդ պարբերությունում ամփոփված համապատասխան նախադեպային իրավունքի սկզբունքները, տե՛ս նաև՝ mutatis mutandis, վերևում հիշատակված՝ Ֆ.Օ.-ն ընդդեմ Խորվաթիայի [F.O. v. Croatia], § 93), ինչպես նաև նրա՝ որպես պետական ծառայողի դերին, որը պատասխանատու է դպրոցի ընդհանուր գործունեության համար, և որ ամենակարևորն է, սույն գործի նպատակներով՝ աշակերտների անվտանգությանը (այդ թվում՝ հատկապես մանկավարժական անձնակազմի կողմից սխալ գործողություններից նրանց պաշտպանությանը. տե՛ս վերևում ՝ 58-րդ պարբերությունը):
140. Ընդհանուր առմամբ, ինչպես ցույց է տրվել վերևում, դիմումատուի դասարանի ուսուցիչը 2012 թվականի փետրվարի 18-ին, այսինքն՝ 2012 թվականի փետրվարի 22-ին կրկին բռնության ենթարկվելուց չորս օր առաջ իմացել է, որ դիմումատուն հնարավոր է՝ բռնության է ենթարկվել Ա.Ղ.-ի կողմից։ Այդ հավանականությանը պետք է անդրադարձ կատարվեր՝ նվազագույնը տեղեկացնելով դպրոցի տնօրինությանը և (կամ) մյուս ուսուցիչներին, ինչը, ինչպես նշված է վերը նշված 130-րդ պարբերությունում, չի կատարվել: Ավելին, մյուս ուսուցիչները նույնպես չեն կարողացել համապատասխան արձագանքել 2012 թվականի փետրվարի 22-ի հետագա հաղորդմանն առ այն, որ պարզվել է, որ բռնության դեպքն այլևս ոչ թե հավանական էր, այլ փաստ (տե՛ս վերևում` 136-րդ պարբերությունը):
iii) Եզրակացություն
141. Հաշվի առնելով վերոգրյալը՝ Դատարանը գտնում է, որ պատասխանող պետությունը չի կատարել իր դրական պարտավորությունը՝ պաշտպանելու դիմումատուին՝ տվյալ ժամանակահատվածում մտավոր հաշմանդամություն ունեցող անչափահաս աղջկան, սեռական բռնությունից, որին նա ենթարկվել էր պետական դպրոցում աշակերտ եղած ժամանակ, ավելին, մի մարդու կողմից, որը նաև տվյալ ժամանակահատվածում եղել է պաշտոնատար անձ։ Այդ պարտավորությունը չի կատարվել՝ հաշվի առնելով, որ պետությունը չի ապահովել անչափահասների նկատմամբ սեռական բռնության դեպքերը կանխարգելելու, բացահայտելու և հաղորդելու համապատասխան օրենսդրական և կարգավորող շրջանակ (տե՛ս վերևում՝ 122-րդ պարբերությունը), և հաշվի առնելով, որ պետական դպրոցի մարմինները չեն ձեռնարկել համապատասխան միջոցներ՝ համապատասխան կերպով դիմումատուին պաշտպանելու այն սեռական բռնությունից, որի զոհն է դարձել նա (տե՛ս վերևում՝ 130-րդ, 136-րդ և 140-րդ պարբերությունները):
142. Հետևաբար տեղի է ունեցել Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում։
II. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 8-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ
143. Դիմումատուն բողոքել է, որ խախտվել է իր մասնավոր կյանքի նկատմամբ հարգանքի իրավունքը՝ ԴատաԼեքսում հրապարակման հետևանքով (որում ներառված է եղել իր լրիվ անունը և հասցեն), վնասի հատուցման առնչությամբ իր քաղաքացիական հայցի վերաբերյալ։ Նա հիմնվել է Կոնվենցիայի 8-րդ հոդվածի վրա, որի համապատասխան մասն ունի հետևյալ բովանդակությունը.
«1. Յուրաքանչյուր ոք ունի իր ... մասնավոր կյանքի ... նկատմամբ հարգանքի իրավունք:
2. Չի թույլատրվում պետական մարմինների միջամտությունն այդ իրավունքի իրականացմանը, բացառությամբ այն դեպքերի, երբ դա նախատեսված է օրենքով և անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում` ի շահ պետական անվտանգության, հասարակական կարգի կամ երկրի տնտեսական բարեկեցության, ինչպես նաև անկարգությունների կամ հանցագործությունների կանխման, առողջության կամ բարոյականության պաշտպանության կամ այլ անձանց իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով»։
Ա. Ընդունելիությունը
144. Դատարանը նշում է, որ սույն բողոքը ո՛չ ակնհայտ անհիմն է, ո՛չ էլ անընդունելի Կոնվենցիայի 35-րդ հոդվածում նշված որևէ այլ հիմքով։ Հետևաբար այն պետք է ճանաչվի ընդունելի։
Բ. Ըստ էության քննությունը
1. Կողմերի փաստարկները
ա) Դիմումատուն
145. Դիմումատուն պնդել է, որ սեռական բռնությունը, որի զոհն էր ինքը դարձել, անխուսափելիորեն եղել է իր կյանքի ցավալի և ողբերգական դրվագը, ինչին պետք է հնարավորինս զգուշորեն վերաբերվել։ Հետևաբար նախ՝ նրա քաղաքացիական հայցի հետ մեկտեղ ներկայացված դիմումում (տե՛ս վերևում՝ 45-րդ պարբերությունը՝ վերջում) և այնուհետև վճռաբեկ բողոքում, որը ներկայացվել էր ԴատաԼեքսում նրա պահանջի վերաբերյալ մանրամասների հրապարակումից հետո (տե՛ս վերևում՝ 49-րդ և 50-րդ պարբերությունները), պահանջվել էր, որ դատարանները բացառեն հանրության հասանելիությունը քաղաքացիական գործով վարույթին և ձեռնպահ մնան նրա քաղաքացիական հայցի վերաբերյալ որևէ տեղեկություն (որը վերաբերում էր նրա մասնավոր կյանքի ինտիմ ասպեկտներին) հանրությանը համացանցում հասանելի դարձնելուց։ Սակայն դատարանները, այնուամենայնիվ, հրապարակել են այդ տեղեկությունները. նրանք այդպիսով անհիմն կերպով միջամտել են նրա մասնավոր կյանքին և նվաստացրել դիմումատուին և նրա ծնողներին, որոնք մշտապես վախի մեջ են եղել, որ ցանկացած պահի համացանցի միջոցով ինչ-որ մեկին կարող է հայտնի դառնալ դիմումատուի կյանքում կատարված այդ ողբերգական դրվագը, ինչը պարունակում էր երկարաժամկետ ռիսկի գործոն և չուներ ժամանակային սահմանափակում։
146. Հրապարակված տեղեկությունները, այդ թվում՝ դիմումատուի անունը և այն գյուղի անունը, որտեղ նա ապրել է, օրինական ներկայացուցիչ ունենալու փաստը (այսինքն այն, որ նա անչափահաս է) և այն, որ նա պետությունից պահանջել է ոչ նյութական վնասի փոխհատուցում, բավական էր, որ նա, ով տեղեկանար դիմումատուի գործի մասին լրատվամիջոցների միջոցով, կարողանար ճանաչել նրան:
բ) Կառավարությունը
147. Կառավարությունը պնդել է, որ դիմումատուի մասնավոր կյանքի նկատմամբ հարգանքի իրավունքին որևէ միջամտություն չի եղել։ Այս առնչությամբ նրանք նշել են, որ ԴատաLեքսում հրապարակված տեղեկություններում ներառվել են միայն նրա անունն ու հասցեն, ոչ նյութական վնասի փոխհատուցման համար պահանջվող գումարը և գործով կայացված դատարանի որոշումները: Ըստ Կառավարության՝ հրապարակված տեղեկություններում ոչինչ չի նշվել այն մասին, որ դիմումատուն սեռական բռնության է ենթարկվել Ա.Ղ.-ի կողմից, որի անունը նույնիսկ չի հիշատակվել դատարանի հրապարակված որոշումներում: Դիմումատուի պահանջի հիմքերը (այսինքն՝ հաստատված փաստը, որ դիմումատուն բռնաբարության է ենթարկվել և նրա հանդեպ անպարկեշտ բռնություն է կատարել պետական պաշտոնյան և դպրոցի ուսուցիչը) նույնպես չեն հրապարակվել տվյալ առցանց հարթակում։
148. Ավելին, թեև ճիշտ է, որ նշված է եղել Ա.Ղ.-ի դեմ հարուցված քրեական գործի հղումային համարը, այնուամենայնիվ, այն փաստը, որ դատաքննությունն անցկացվել է դռնփակ, նշանակում է, որ ԴատաLեքսում քրեական գործով վարույթի վերաբերյալ այլ տեղեկություններ չեն գտնվել։
149. Այսպիսով, Կառավարության պնդմամբ դիմումատուի կողմից ներկայացված քաղաքացիական հայցի վերաբերյալ վիճարկվող մանրամասների հրապարակումը, հետևաբար, միջամտություն չի եղել նրա մասնավոր կյանքի նկատմամբ հարգանքի իրավունքին, քանի որ հրապարակված տեղեկությունների բովանդակությունն այնպիսին չի եղել, որ հնարավոր լիներ ճանաչել նրան որպես սեռական բռնության զոհ:
2. Դատարանի գնահատականը
ա) Արդյո՞ք եղել է որևէ միջամտություն դիմումատուի մասնավոր կյանքի նկատմամբ հարգանքի իրավունքին
150. Դատարանը ի սկզբանե նշում է, որ դիմումատուի անունից ներկայացված քաղաքացիական հայցը (որը տվյալ պահին անչափահաս էր. տե՛ս վերևում 6-րդ պարբերությունը) ուղղակիորեն կապված էր այն սեռական բռնության հետ, որին նա ենթարկվել էր, և դրա հետևանքն էր (տե՛ս վերևում՝ 45-րդ պարբերությունը): Դատարաններից մասնավորապես պահանջվել է հայցը քննել դռնփակ և չհրապարակել դրա մանրամասները՝ հաշվի առնելով գործի բնույթը և այն փաստը, որ դիմումատուն, որը դարձել է սեռական բռնության զոհ, անչափահաս էր (նույն տեղում):
151. Ըստ երևույթին, երբևէ դատավարական որոշում չի կայացվել դիմումատուի անունից ներկայացված վերոհիշյալ պահանջի վերաբերյալ, որպեսզի վարույթը չկատարվի դռնբաց: Փաստորեն, հաշվի առնելով, որ դատարաններն ըստ էության հրաժարվել են քննել պահանջի էությունը տվյալ քաղաքացիական դատավարության ընթացքում, ըստ երևույթին, փաստացի դատալսումներ չեն անցկացվել: Միևնույն ժամանակ, չնայած գործի վերաբերյալ տեղեկությունները չհրապարակելու կոնկրետ պահանջին՝ դիմումատուի լրիվ անունը և հասցեն վարույթի ընթացքում ընդունված դատական որոշումների ամբողջական տեքստերի հետ միասին, այնուամենայնիվ, հասանելի են դարձել ԴատաԼեքսում (տե՛ս վերևում՝ 46-րդ, 48-րդ, 49-րդ և 51-րդ պարբերությունները):
152. Կառավարությունը, ըստ էության, պնդել է, որ չի եղել որևէ միջամտություն դիմումատուի մասնավոր կյանքի նկատմամբ հարգանքի իրավունքին, քանի որ հրապարակված տեղեկությունները (այդ թվում՝ համապատասխան դատական որոշումները) որևէ կոնկրետ տեղեկություններ չեն պարունակել այն փաստի մասին, որ դիմումատուն ենթարկվել է սեռական բռնության (տե՛ս վերևում՝ 147-149-րդ պարբերությունները):
153. Դատարանը վերահաստատում է, որ «մասնավոր կյանք» հասկացությունը լայն եզրույթ է (սպառիչ սահմանման ենթակա չէ), որն ընդգրկում է անձի ֆիզիկական և հոգեբանական ամբողջականությունը և հետևաբար կարող է ներառել անձի ինքնության բազմաթիվ ասպեկտներ, օրինակ՝ անուն կամ տարրեր, որոնք վերաբերում են անձի՝ իր սեփական արտաքինի գաղտնիության իրավունքին (տե՛ս՝ Աքսել Սպրինգեր ԱԳ-ն ընդդեմ Գերմանիայի [ՄՊ] [Axel Springer AG v. Germany] [GC], թիվ 39954/08, § 83, 2012 թվականի փետրվարի 7, և Վիսենթ Դել Կամպոն ընդդեմ Իսպանիայի [Vicent Del Campo v. Spain], թիվ 25527/13, § 36, 2018 թվականի նոյեմբերի 6, հաջորդող հղումների հետ միասին)։ Այն ընդգրկում է անձնական տեղեկություններ, որոնք անհատները կարող են իրավաչափորեն ակնկալել, որ չպետք է հրապարակվեն առանց իրենց համաձայնության (տե՛ս վերևում հիշատակված՝ Աքսել Սպրինգեր ԱԳ-ն ընդդեմ Գերմանիայի, § 83 և դրանում հիշատակված հղումները):
154. Ավելին, առանձնապես խոցելի են այն անձինք, որոնք չունեն գործունակություն, օրինակ՝ երեխաները, ուստի Կոնվենցիայի 8-րդ հոդվածով և այլ դրույթներով պետության համար սահմանվում է երիտասարդ անձանց առանձնահատուկ խոցելիությունը հաշվի առնելու դրական պարտավորություն (տե՛ս որպես վերջին վճիռ, [I.V.Ț. v. Romania], թիվ 35582/15, § 46, 2022 թվականի մարտի 1)։
155. Ավելին, Դատարանն ընդգծել է հանցագործության զոհերի, հատկապես բռնության և սեռական բռնության ենթարկված անչափահաս զոհերի ինքնության պաշտպանության առանձնահատուկ կարևորությունը (տե՛ս մասնավորապես «Kurier Zeitungsverlag und Druckerei GmbH»-ն ընդդեմ Ավստրիայի [Kurier Zeitungsverlag und Druckerei GmbH v. Austria], թիվ 3401/07, § 53, 2012 թվականի հունվարի 17): Նման մոտեցումը համահունչ է համապատասխան միջազգային իրավական փաստաթղթերի պահանջներին, այդ թվում՝ Լանցարոտեի կոնվենցիայի 31-րդ հոդվածին (տե՛ս վերևում՝ 81-րդ պարբերությունը, տե՛ս վերևում նաև 82-րդ պարբերությունում հիշատակված բացատրական զեկույցը) և Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի Rec(2001)16 առաջարկությանը (տե՛ս վերևում՝ 83-րդ պարբերությունը, տե՛ս նաև վերևում հիշատակված՝ «Kurier Zeitungsverlag und Druckerei GmbH» գործը, § 53):
156. Դատարանը նշում է, որ ինչպես արդեն նշվել է վերևում՝ 151-րդ պարբերությունում, ներպետական դատարանները որոշում չեն կայացրել այն պահանջի վերաբերյալ, որով դիմումատուն՝ իր հաշմանդամության պատճառով առանձնապես խոցելի անչափահասը, որը դարձել է սեքսուալ բնույթի ծանր հանցագործության զոհ, խնդրել է, որ իր՝ տվյալ հանցագործության հետ կապված քաղաքացիական հայցը քննվի դռնփակ։ Արդյունքում պատճառները, եթե այդպիսիք կան, որոնցով արգելվում է դիմումատուի՝ իր ինքնությունը և այլ անձնական տվյալներ չհրապարակելու պահանջը, մնում են անհայտ: Ի վերջո, ԴատաԼեքսում հրապարակվել են ոչ միայն դիմումատուի անունը և հասցեն (համեմատե՛ք Ջ.Ս.-ն ընդդեմ Միացյալ Թագավորության (որոշում) [J.S. v. the United Kingdom], թիվ 445/10, § 71, 2015 թվականի մարտի 3, որտեղ Դատարանը մերժել է ուսուցչի նկատմամբ վատ վերաբերմունք դրսևորելու մեջ մեղադրվող անչափահասի բողոքը, որը վերաբերում էր մեղադրանքի կողմի հրապարակած մամուլի հաղորդագրությունում անչափահասի մասին տեղեկությունների հրապարակմանը, որտեղ չի նշվել նրա անունը, տարիքը կամ այլ անձնական տվյալներ), այլ նաև վարույթում կայացված դատական որոշումներն ամբողջությամբ վերբեռնվել են ԴատաԼեքսում (տե՛ս վերևում՝ 49-րդ և 151-րդ պարբերությունները, համեմատե՛ք նաև Յ.-ն ընդդեմ Թուրքիայի (որոշում) [Y. v. Turkey], թիվ no. 648/10, § 82, 2015 թվականի փետրվարի 17, որտեղ այն փաստը, որ դիմումատուի ինքնությունը և ՄԻԱՎ-ի նկատմամբ դրական կարգավիճակը բացահայտվել են դատարանի որոշմամբ, որը չի հրապարակվել կամ հայտնի դարձել որևէ այլ ձևով և հասանելի չի եղել հանրությանը, ինքնին չի համարվել դիմումատուի մասնավոր կյանքի նկատմամբ հարգանքի իրավունքի խախտում):
157. Դատարանն այնուհետև նշում է, որ քաղաքացիական գործերով վարույթների համատեքստում կայացված որոշումներից առնվազն մեկը, այսինքն՝ այն որոշումը, որը կայացվել է 2014 թվականի մարտի 28-ին Վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից (տե՛ս վերևում՝ 48-րդ պարբերությունը), պարունակում է մի շարք մանրամասներ, որոնք վերաբերում են ինչպես դիմումատուի պահանջի հիմքերին, այնպես էլ նախկին պետական պաշտոնյա Ա.Ղ.-ի դեմ հարուցված քրեական գործին, որն առնվազն հայտնի էր տվյալ տարածաշրջանում տեղի մակարդակով։ Մասնավորապես այդ որոշումը պարունակում էր Ա.Ղ.-ին դատապարտող որոշման ամսաթիվը, ներպետական գործի հղումային համարը և որ ամենակարևորն է՝ բոլոր միջազգային կոնվենցիաներին կատարված հղումները և ներպետական այն դրույթները, որոնց վրա հիմնված է եղել դիմումատուի պահանջը (նույն տեղում): Մասնավորապես նրանք վկայակոչել են Երեխայի իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի 19-րդ և 23-րդ հոդվածները և Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի 16-րդ հոդվածը (տե՛ս վերևում հիշատակված՝ 78-րդ և 80-րդ պարբերությունները), որոնք բոլորը վերաբերում էին վատ վերաբերմունքից (այդ թվում սեռական բռնությունից) երեխաների պաշտպանությանը, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող երեխաների իրավունքներին և վատ վերաբերմունքից նրանց պաշտպանությանը։
158. Հաշվի առնելով այդ հանգամանքները, թեև վիճարկվող հրապարակման մեջ բացահայտ չի նշվել, որ դիմումատուն ենթարկվել է սեռական բռնության, այնուամենայնիվ, դժվար կլինի պնդել, որ հաշվի առնելով դիմումատուի պահանջի բոլոր այն մանրամասները, որոնք այն պարունակում է (տե՛ս վերևում ՝ 156-րդ և 157-րդ պարբերությունները), հնարավոր չէր գոնե ընդհանուր պատկերացում կազմել, որ դիմումատուն (հաշմանդամություն ունեցող անչափահասը) ենթարկվել է ինչ-որ վատ վերաբերմունքի այնպիսի հանգամանքներում, որոնք կարող են պետության համար պատասխանատվություն առաջացնել: Ի վերջո, ինչպես պնդում է դիմումատուն (տե՛ս վերևում՝ 145-րդ պարբերությունը), տվյալ տեղեկությունների բացահայտումը դիմումատուին և նրա ընտանիքին գցել է տևական անորոշության մեջ, որ դիմումատուն կարող է նույնականացվել որպես սեռական բնույթի հանցագործության զոհ, ինչը, անկասկած, շատ ավելի տրավմատիկ է մի մարդու համար, որն ապրել է մի գյուղում, որտեղ գերակշռել են ավանդական մոտեցումները (տե՛ս վերևում՝ 45-րդ պարբերությունը):
159. Հաշվի առնելով վերոնշյալ գործոնները՝ Դատարանը գտնում է, որ դիմումատուի ինքնության (այդ թվում՝ նրա լրիվ անունն ու հասցեն) բացահայտումը` զուգորդված 2014 թվականի մարտի 28-ի Վերաքննիչ քաղաքացիական դատարանի՝ ԴատաԼեքսում (որը հանրությանը հասանելի առցանց հարթակ է) որոշման հրապարակմամբ (տե՛ս վերևում` 48-րդ պարբերությունը), հանգեցրել է միջամտության՝ դիմումատուի մասնավոր կյանքի նկատմամբ հարգանքի իրավունքին, ինչպես երաշխավորված է Կոնվենցիայի 8-րդ հոդվածի 1-ին կետով (տե՛ս, mutatis mutandis, վերևում հիշատակված՝ Վիսենթ Դել Կամպոյի գործը, § 42):
բ) Արդյո՞ք միջամտությունը հիմնավորված էր
160. Վերոնշյալ միջամտությունը կառաջացնի Կոնվենցիայի 8-րդ հոդվածի խախտում, եթե ցույց չտրվի, որ այն եղել է «օրենքով նախատեսված» և հետապնդել է 2-րդ կետում նշված մեկ կամ մի քանի իրավաչափ նպատակներ և եղել է «անհրաժեշտ ժողովրդավարական հասարակությունում»՝ այդ նպատակներն իրագործելու համար:
161. Դատարանը վերահաստատում է, որ «օրենքով նախատեսված» արտահայտությունը ոչ միայն պահանջում է ներպետական օրենսդրությանը համապատասխանություն, այլև վերաբերում է այդ օրենսդրության որակին՝ պահանջելով, որ այն համապատասխանի օրենքի գերակայությանը (տե՛ս, ի թիվս այլ վճիռների, Թեյլոր-Սաբորին ընդդեմ Միացյալ Թագավորության [Taylor-Sabori v. the United Kingdom], թիվ 47114/99, § 18, 2002 թվականի հոկտեմբերի 22):
162. Դատարանը դիտարկում է, որ Կառավարությունը չի նշել տվյալ միջամտության իրավական հիմքը: Եվ քանի որ այդպես է, և ոչ մի իրավական հիմք չի վկայակոչվել նաև ներպետական դատարանների կողմից (տե՛ս մասնավորապես հարցը բարձրացնող դիմումատուի վճռաբեկ բողոքը և Վճռաբեկ դատարանի համապատասխան որոշումը վերևում հիշատակված 50-րդ և 51-րդ պարբերություններում), Դատարանը չի կարող չվճռել, որ ԴատաԼեքսում վիճարկվող տեղեկությունների հրապարակումը չի եղել «օրենքով նախատեսված»՝ Կոնվենցիայի 8-րդ հոդվածի իմաստով (տե՛ս mutatis mutandis, Մոկյուտն ընդդեմ Լիտվայի [Mockutė v. Lithuania], թիվ 66490/09, § 104, 2018 թվականի փետրվարի 27):
163. Այդ դեպքում Դատարանից չի պահանջվում որոշել, թե արդյոք միջամտությունը հետապնդել է իրավաչափ նպատակ, և եթե այդպես է, արդյոք այն եղել է հետապնդվող նպատակին համաչափ (տե՛ս, mutatis mutandis, Ռադուն ընդդեմ Մոլդովայի Հանրապետության [Radu v. the Republic of Moldova], թիվ 50073/07, § 31, 2014 թվականի ապրիլի 15, և վերևում հիշատակված՝ Մոկյուտը, § 105):
164. Հետևաբար տեղի է ունեցել Կոնվենցիայի 8-րդ հոդվածի խախտում։
III. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 13-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ
165. Ի վերջո, դիմումատուն բողոքել է, որ իրեն հասանելի չեն եղել ոչ նյութական վնասի փոխհատուցում պահանջելու միջոցներ: Նա հիմնվել է Կոնվենցիայի 13-րդ հոդվածի վրա, որն ունի հետևյալ բովանդակությունը.
«Յուրաքանչյուր ոք, ում սույն Կոնվենցիայով ամրագրված իրավունքներն ու ազատությունները խախտվում են, ունի պետական մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք, նույնիսկ եթե խախտումը կատարել են ի պաշտոնե գործող անձինք»:
Ա. Ընդունելիությունը
166. Դատարանը նշում է, որ սույն բողոքը կապված է Կոնվենցիայի 3-րդ հոդվածի համաձայն դիմումատուի քննվող բողոքի հետ և հետևաբար պետք է համանման ձևով համարվի ընդունելի:
Բ. Ըստ էության քննությունը
167. Դիմումատուն պնդել է, որ պետության դեմ իր փոխհատուցման պահանջի մերժումը խախտել է իրավական պաշտպանության արդյունավետ ներպետական միջոցի իր իրավունքը, որը երաշխավորված է Կոնվենցիայի 13-րդ հոդվածով:
168. Կառավարությունը պնդել է, որ դիմումատուին հասանելի է եղել պատշաճ հատուցում: Մասնավորապես Ա.Ղ.-ն ենթարկվել է հետապնդման և դատապարտվել այն իրավախախտումների համար, որոնք կատարել է դիմումատուի նկատմամբ: Միևնույն ժամանակ ներպետական դատարանների կողմից դիմումատուի՝ ոչ նյութական վնասի համար պետությունից փոխհատուցման պահանջի մերժումը համահունչ էր տվյալ պահին գործող օրենսդրության վիճակին:
169. Ինչպես Դատարանը բազմիցս նշել է, Կոնվենցիայի 13-րդ հոդվածով երաշխավորվում է ներպետական մակարդակով իրավական պաշտպանության միջոցի հասանելիությունը՝ Կոնվենցիայով սահմանված իրավունքների և ազատությունների էությունն ապահովելու նպատակով՝ անկախ այն բանից, թե ինչ եղանակով են դրանք ապահովված ներպետական իրավակարգում։ Այսպիսով, 13-րդ հոդվածով պահանջվում է իրավական պաշտպանության ներպետական միջոցի տրամադրում, որը հնարավորություն կտա գործ ունենալ «փաստարկելի պնդման» էության հետ և տրամադրել դատական պաշտպանության արդյունավետ միջոց, թեև Պայմանավորվող պետություններին ընձեռված է հայեցողության որոշակի շրջանակ այն բանի վերաբերյալ, թե ինչպես պետք է կատարեն Կոնվենցիայով նախատեսված իրենց պարտավորությունները սույն դրույթի համաձայն։ 13-րդ հոդվածով սահմանված պարտավորության շրջանակը նաև տարբերվում է՝ դիմումատուի կողմից Կոնվենցիայի համաձայն ներկայացված բողոքի բնույթից կախված։ Այդուհանդերձ, 13-րդ հոդվածով պահանջվող իրավական պաշտպանության միջոցը պետք է «արդյունավետ» լինի ինչպես գործնականում, այնպես էլ օրենքով (տե՛ս, ի թիվս այլ աղբյուրների, Այդինն ընդդեմ Թուրքիայի [Aydın v. Turkey], 1997 թվականի սեպտեմբերի 25, § 103, Վճիռների և որոշումների մասին զեկույցներ 1997-VI).
170. Այն դեպքում, երբ վտանգված են այնպիսի հիմնարար նշանակություն ունեցող իրավունքներ, ինչպիսիք են 3-րդ հոդվածով պաշտպանվող իրավունքները, և եթե խոսքը գնում է իշխանությունների կողմից անձանց այլոց արարքներից չպաշտպանելու մասին, ապա 13-րդ հոդվածով պահանջվում է, որ տուժողներին հասանելի լինի պետական պաշտոնյաների կամ մարմինների ցանկացած պատասխանատվություն սահմանելու համար մեխանիզմ այն գործողությունների կամ անգործության համար, որոնք ենթադրում են Կոնվենցիայով նախատեսված նրանց իրավունքների խախտում, և ավելին, որ խախտման հետևանքով առաջացած ոչ նյութական վնասի փոխհատուցումը սկզբունքորեն պետք է լինի հասանելի իրավական պաշտպանության միջոցների շրջանակի մի մասը (տե՛ս Զ.-ն և այլք ընդդեմ Միացյալ Թագավորության [ՄՊ] [Z and Others v. the United Kingdom][GC], թիվ 29392/95, § 109,ՄԻԵԴ 2001-V, և վերևում հիշատակված՝ Պողոսյանը և Բաղդասարյանը [Poghosyan and Baghdasaryan], § 46):
171. Դատարանն արդեն գտել է, որ պատասխանող պետությունը չի կատարել իր դրական պարտավորությունը՝ պաշտպանելու դիմումատուին Կոնվենցիայի 3-րդ հոդվածին հակասող վերաբերմունքից (տե՛ս վերևում՝ 141-րդ պարբերությունը): Այս առումով դիմումատուի բողոքը, հետևաբար, «փաստարկելի» է 13-րդ հոդվածի նպատակներով (տե՛ս, mutatis mutandis, և Կոնվենցիայի 2-րդ հոդվածի համաձայն, Փոլը և Օդրի Էդվարդսն ընդդեմ Միացյալ Թագավորության [Paul and Audrey Edwards v. the United Kingdom], թիվ 46477/99, § 98, ՄԻԵԴ 2002-II):
172. Դատարանը դիտակում է, որ Կառավարությունը չի մատնանշել որևէ առկա իրավական մեխանիզմ, որով դիմումատուն կարող էր սահմանել պետության որևէ պատասխանատվություն (տե՛ս վերևում՝ 168-րդ պարբերությունը):
173. Դատարանն այնուհետև նշում է, որ Պողոսյանի և Բաղդասարյանի գործով (վերևում հիշատակված) գտել է, որ վատ վերաբերմունքի հետևանքով կրած ոչ նյութական վնասի փոխհատուցում պահանջելու հնարավորության բացակայությունը տվյալ պահին հակասում էր Կոնվենցիայի 13-րդ հոդվածի պահանջներին (նույն տեղում, §§ 47-48):
174. Դատարանն արդեն իսկ գտել է, որ հաշվի առնելով ներպետական օրենսդրության վիճակն այն ժամանակ, երբ դիմումատուն հարուցել է խնդրո առարկա վարույթը՝ ի սկզբանե չէր պարզվել, որ պետության դեմ փոխհատուցման պահանջն անարդյունավետ է լինելու նրա դեպքում (տե՛ս վերևում՝ 98-րդ պարբերությունը): Այնուամենայնիվ, ներպետական դատարանները, որոնց կոչ է արվել քննելու ոչ նյութական վնասի փոխհատուցման պահանջի վերաբերյալ դիմումատուի քաղաքացիական հայցն այն բանից հետո, երբ կայացվել է պետության դեմ ներկայացված՝ Պողոսյանի և Բաղդասարյանի գործով (վերևում հիշատակված) Դատարանի վճիռը և ընդունվել է Սահմանադրական դատարանի 2013 թվականի նոյեմբերի 5-ի որոշումը (տե՛ս վերևում՝ 75-րդ պարբերությունը), դեռևս հրաժարվել են այդ հայցն ընդունել քննության՝ պատճառաբանելով, որ փոխհատուցման այդ տեսակը նախատեսված չէ ներպետական օրենսդրությամբ (տե՛ս վերևում՝ 48-րդ և 51-րդ պարբերությունները, տե՛ս նաև վերոնշյալ 72-74-րդ պարբերություններում ներպետական օրենսդրությամբ նախատեսված համապատասխան դրույթների ամփոփումը):
175. Այս ֆոնի վրա Դատարանը գտնում է, որ տվյալ իրադարձությունների պահին իրավական իրավիճակը նման է եղել Պողոսյանի և Բաղդասարյանի գործով դիտարկված իրավիճակին, և հետևաբար որևէ պատճառ չի տեսնում սույն գործում այդ որոշման մեջ տեղ գտած եզրակացություններից շեղվելու համար։
176. Հետևաբար տեղի է ունեցել Կոնվենցիայի 13-րդ հոդվածի խախտում։
IV. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 41-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՈԻՄԸ
177. Կոնվենցիայի 41-րդ հոդվածի համաձայն՝
«Եթե Դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի կամ դրան կից արձանագրությունների խախտում, իսկ համապատասխան Բարձր պայմանավորվող կողմի ներպետական իրավունքն ընձեռում է միայն մասնակի հատուցման հնարավորություն, ապա Դատարանը որոշում է, անհրաժեշտության դեպքում, տուժած կողմին արդարացի փոխհատուցում տրամադրել»։
Ա. Վնասը
178. Դիմումատուն պահանջել է ընդհանուր 120,200 եվրո (EUR)՝ որպես ոչ նյութական վնասի հատուցում։
179. Կառավարությունը վիճարկել է նրա պահանջը։
180. Դատարանը, կատարելով իր գնահատումն արդարության սկզբունքի հիման վրա և հաշվի առնելով գործի կոնկրետ հանգամանքները, դիմումատուին շնորհում է 32 000 եվրո՝ որպես ոչ նյութական վնասի հատուցում՝ գումարած գանձման ենթակա ցանկացած հարկ։
Բ. Ծախսերը և ծախքերը
181. Դատարանը դիմումատուին տրամադրել է իրավաբանական օգնություն (տե՛ս վերևում՝ 2-րդ պարբերությունը), և լրացուցիչ ծախսերի կամ ծախքերի համար փոխհատուցում ստանալու փորձ չի արվել: Հետևաբար Դատարանը պարտավոր չէ այս մասով որևէ որոշում կայացնել։
ԱՅՍ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՄԲ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԻԱՁԱՅՆ՝
1. Հայտարարում է գանգատն ընդունելի.
2. Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում.
3. Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 8-րդ հոդվածի խախտում.
4. Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 13-րդ հոդվածի խախտում.
5. Վճռում է, որ՝
ա) պատասխանող պետությունը վճիռը Կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան վերջնական դառնալու օրվանից երեք ամսվա ընթացքում պետք է ոչ նյութական վնասի դիմաց դիմումատուին վճարի 32 000 եվրո (երեսուներկու հազար եվրո), որը պետք է փոխարկվի պատասխանող պետության արժույթով՝ վճարման օրվա դրությամբ գործող փոխարժեքով՝ գումարած գանձման ենթակա ցանկացած հարկ,
բ) վերը նշված եռամսյա ժամկետի ավարտից հետո՝ մինչև վճարման օրը, պետք է հաշվարկվի վերոնշյալ գումարի նկատմամբ պարզ տոկոսադրույք՝ չկատարման ժամանակահատվածում Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած՝ լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքի չափով՝ գումարած երեք տոկոսային կետ.
6. Մերժում է դիմումատուի՝ արդարացի փոխհատուցման պահանջի մնացած մասը։
Կատարված է անգլերենով և գրավոր ծանուցվել է 2024 թվականի հունիսի 18-ին՝ համաձայն Դատարանի կանոնակարգի 77-րդ կանոնի 2-րդ և 3-րդ կետերի։
|
Անդրեա Տամիետտի |
Գաբրիել Կուչկո-Ստադլմայեր |
|
Քարտուղար |
Նախագահ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|