Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-185
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (28.04.2012-20.10.2012)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1998.01.11/1
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
26.12.1997
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
09.01.1998
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.01.1998

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է Ազգային ժողովի կողմից
26 դեկտեմբերի 1997թ.

ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Գ Լ ՈՒ Խ  1

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1.

Օրենքի կարգավորման առարկան

1. Սույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետությունում տեղական տուրքերի և վճարների հասկացությունը, տեղական տուրք և վճար վճարողներին, տեղական տուրքերի և վճարների սահմանման, դրանց գանձման կարգն ու պայմանները, կարգավորում է տեղական տուրքերի և վճարների հետ կապված այլ հարաբերություններ:

2. Տեղական ինքնակառավարման մարմինների և (կամ) նրանց հիմնադրած ձեռնարկությունների կողմից քաղաքացիաիրավական պայմանագրերին համապատասխան գանձվող վճարների հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության այլ օրենքներով և իրավական ակտերով:

Հոդված 2.

Տեղական տուրքի հասկացությունը

Տեղական տուրքը տեղական ինքնակառավարման մարմինների` օրենքով սահմանված լիազորությունների իրականացման դիմաց սույն օրենքով սահմանված կարգով և չափով համայնքի բյուջե գանձվող պարտադիր գանձույթ է: Սույն օրենքով սահմանված առանձին դեպքերում տեղական տուրքը կարող է գանձվել պարբերաբար:

Հոդված 3.

Տեղական վճարի հասկացությունը

Տեղական վճարը տեղական ինքնակառավարման մարմինների` օրենքով սահմանված լիազորությունների իրականացմամբ պայմանավորված գործողությունների համար սույն օրենքով սահմանված կարգով և չափով համայնքի բյուջե գանձվող պարտադիր գանձույթ է:

Գ Լ ՈՒ Խ  2

ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔ ԵՎ (ԿԱՄ) ՎՃԱՐ ՎՃԱՐՈՂՆԵՐԸ, ՆՐԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 4.

Տեղական տուրք և (կամ) վճար վճարողները

Տեղական տուրք և (կամ) վճար վճարող են համարվում սույն օրենքի 7 հոդվածում նշված լիազորությունների իրականացման դիմաց և 8 հոդվածում նշված գործողությունների համար վճարող ֆիզիկական և իրավաբանական անձինք, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունները:

Հոդված 5.

Տեղական տուրք և (կամ) վճար վճարողների իրավունքները

Տեղական տուրք և (կամ) վճար վճարողներն իրավունք ունեն`

ա) պահանջել տեղական տուրք և (կամ) վճար գանձող մարմնից` կատարելու տուրքի և (կամ) վճարի հաշվարկ, ինչպես նաև վերահաշվարկ.

բ) գանգատարկել տեղական տուրք և (կամ) վճար գանձող մարմնի կամ պաշտոնատար անձանց գործողությունները.

գ) ստանալ տեղական տուրքը և (կամ) վճարը վճարելու մասին տեղեկանք.

դ) օրենքով սահմանված դեպքերում հետ պահանջել և ստանալ վերադարձման ենթակա տեղական տուրքի և (կամ) վճարի գումարը:

Հոդված 6.

Տեղական տուրք և (կամ) վճար վճարողների պարտականությունը

Տեղական տուրք և (կամ) վճար վճարողները պարտավոր են տեղական տուրքի և (կամ) վճարի գանձմամբ գործողություններ իրականացնող մարմիններ կամ պաշտոնատար անձանց ներկայացնել տեղական տուրքի և (կամ) վճարի վճարումը հիմնավորող փաստաթղթերը կամ դրանց պատճենները:

Գ Լ ՈՒ Խ  3

ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ

Հոդված 7.

Տեղական տուրքերի տեսակները

Հայաստանի Հանրապետության համայնքներում կարող են սահմանվել տեղական տուրքերի հետևյալ տեսակները`

ա) համայնքի վարչական տարածքում շենքերի, շինությունների, քաղաքաշինական այլ օբյեկտների (այդ թվում` ոչ հիմնական) շինարարության, վերակառուցման, ուժեղացման, վերականգնման, արդիականացման, բարեկարգման աշխատանքները (բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված` շինարարության թույլտվություն չպահանջող դեպքերի) իրականացնելու նպատակով շինարարության թույլտվության, իսկ ոչ հիմնական շինությունների մասով` տեղադրման թույլտվության համար.

բ) համայնքի վարչական տարածքում շենքերի, շինությունների, քաղաքաշինական այլ օբյեկտների քանդման թույտվության համար.

գ) համայնքի տարածքում ոգելից խմիչքների և (կամ) ծխախոտի արտադրանքի վաճառքի, իսկ հանրային սննդի օբյեկտներում` ոգելից խմիչքների և (կամ) ծխախոտի արտադրանքի իրացման թույլտվության համար.

դ) համայնքի տարածքում բացօթյա առևտուր կազմակերպելու թույլտվության համար.

ե) համայնքի տարածքում` առևտրի, հանրային սննդի, զվարճանքի, շահումով խաղերի և վիճակախաղերի կազմակերպման օբյեկտներին, բաղնիքներին (սաունաներին) և խաղատներին ժամը 24.00-ից հետո աշխատելու թույլտվության համար.

զ) համաքաղաքային կանոններին համապատասխան Երևան քաղաքի և քաղաքային համայնքների տարածքում ընտանի կենդանիներ պահելու թույլտվության համար.

է) համայնքային կանոններին (Երևանում համաքաղաքային կանոններին) համապատասխան համայնքի տարածքում արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար.

ը) համայնքի արխիվից փաստաթղթերի պատճեններ և կրկնօրինակներ տրամադրելու համար.

թ) համայնքի տարածքում մարդատար տաքսու (բացառությամբ երթուղային տաքսիների) ծառայություն իրականացնելու թույլտվության համար.

ժ) համայնքի տարածքում թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մանրածախ առուվաճառքի թույլտվության համար.

ժա) համայնքի տարածքում հեղուկ վառելիքի, տեխնիկական հեղուկների, հեղուկացված գազերի մանրածախ առևտրի կետերում հեղուկ վառելիքի, տեխնիկական հեղուկների, հեղուկացված գազերի վաճառքի թույլտվության համար.

ժբ) համայնքի ավագանու կողմից սահմանված` համայնքային սեփականությունը հանդիսացող ընդհանուր օգտագործման փողոցներում կազմակերպված վճարովի ավտոկայանատեղերում ավտոտրանսպորտային միջոցը կամ դրա կցորդը կայանելու համար: Սույն ենթակետով սահմանված տեղական տուրքի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են օրենքով:

(7-րդ հոդվածը խմբ. 08.07.05 ՀՕ-170-Ն, լրաց. 23.05.06 ՀՕ-90-Ն, խմբ., լրաց. 27.02.07 ՀՕ-133-Ն, փոփ. 26.12.08 ՀՕ-24-Ն, խմբ., լրաց. 23.06.11 ՀՕ-224-Ն, փոփ. 20.03.12 ՀՕ-41-Ն)

Հոդված 8.

Տեղական վճարների տեսակները

Հայաստանի Հանրապետության համայնքներում կարող են սահմանվել տեղական վճարների հետևյալ տեսակները`

ա) համայնքի տարածքում շինարարության կամ շինության արտաքին տեսքը փոփոխող վերակառուցման աշխատանքներ կատարելու հետ կապված տեխնիկատնտեսական պայմաններ մշակելու և հաստատելու, ավարտված շինարարության շահագործումը փաստագրելու համար` տեղական ինքնակառավարման մարմնի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար.

բ) տեղական ինքնակառավարման մարմինների տնօրինության և օգտագործման տակ գտնվող հողերը հատկացնելու, հետ վերցնելու և վարձակալության տրամադրելու դեպքերում անհրաժեշտ չափագրական և այլ նման աշխատանքների համար` տեղական ինքնակառավարման մարմնի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար.

գ) տեղական ինքնակառավարման մարմինների կողմից մրցույթներ և աճուրդներ կազմակերպելու հետ կապված ծախսերի փոխհատուցման համար` մասնակիցներից վճար.

դ) տեղական ինքնակառավարման մարմինների կողմից աղբահանությունը կազմակերպելու համար` աղբահանության վճար.

ե) շինարարական և խոշոր եզրաչափի աղբի հավաքման և փոխադրման համար տեղական ինքնակառավարման մարմինների կողմից տրամադրվող թույլտվության վճար:

(8-րդ հոդվածը փոփ. 07.10.03 ՀՕ-14-Ն, լրաց. 23.06.11 ՀՕ-242-Ն)

Գ Լ ՈՒ Խ  4

ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ

Հոդված 9.

Տեղական տուրքերի դրույքաչափերի սահմանումը

1. Տեղական տուրքերի դրույքաչափերը, սույն օրենքով նախատեսված դրույքաչափերի սահմաններում, սահմանում է համայնքի ավագանին` համայնքի ղեկավարի ներկայացմամբ` համայնքի տարեկան բյուջեն հաստատելուց առաջ: (նախադասությունը հանվել է 26.12.08 ՀՕ-24-Ն) 

2. Համայնքի տարածքում բոլոր վճարողների համար սահմանվում են տեղական տուրքերի միասնական դրույքաչափեր:

3. Ընթացիկ տարվա համար տեղական տուրքի դրույքաչափերի փոփոխություն չի կարող կատարվել:

(9-րդ հոդվածը փոփ. 26.12.08 ՀՕ-24-Ն)

Հոդված 10.

Տեղական տուրքերի դրույքաչափերը

1. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված ճարտարապետաշինարարական նախագծին համապատասխան` նոր շենքերի, շինությունների (ներառյալ` ոչ հիմնական) շինարարության (տեղադրման) թույլտվության համար տեղական տուրքը սահմանվում է`

հիմնական օբյեկտների համար`

ա) մինչև 300 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող անհատական բնակելի, այդ թվում` այգեգործական (ամառանոցային) տների, ինչպես նաև մինչև 200 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հասարակական և արտադրական նշանակության օբյեկտների համար` մինչև 15000 դրամ.

բ) սույն կետի «ա» ենթակետով չնախատեսված օբյեկտների համար`

բա) 201-ից մինչև 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար` մինչև 30000 դրամ,

բբ) 501-ից մինչև 1000 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար` մինչև 50000 դրամ,

բգ) 1001 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար` մինչև 70000 դրամ.

ոչ հիմնական շինությունների տեղադրման համար`

գ) մինչև 20 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար` մինչև 3000 դրամ,

դ) 20 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար` մինչև 5000 դրամ:

2. Համայնքի վարչական տարածքում շենքերի, շինությունների, քաղաքաշինական այլ օբյեկտների վերակառուցման, ուժեղացման, վերականգնման, արդիականացման, աշխատանքների (բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված` շինարարության թույլտվություն չպահանջվող դեպքերի) համար, եթե սահմանված կարգով հաստատված ճարտարապետաշինարարական նախագծով`

ա) չի նախատեսվում կցակառույցների, վերնակառույցների, շենքի գաբարիտային չափերն ընդլայնող այլ կառույցների (այդ թվում` ստորգետնյա) հետևանքով օբյեկտի ընդհանուր մակերեսի ավելացում կամ սենքերի գործառական նշանակության փոփոխություն` մինչև 3000 դրամ.

բ) բացի օբյեկտի վերակառուցման, ուժեղացման, վերականգնման կամ արդիականացման աշխատանքներից, նախատեսվում է նաև կցակառույցների, վերնակառույցների, շենքի գաբարիտային չափերն ընդլայնող այլ կառույցների (այդ թվում` ստորգետնյա) հետևանքով օբյեկտի ընդհանուր մակերեսի ավելացում կամ սենքերի գործառական նշանակության փոփոխություն, ապա, բացի սույն կետի «ա» ենթակետով սահմանված դրույքաչափի, կիրառվում են նաև նոր շինարարության համար սույն հոդվածի 1-ին կետով սահմանված նորմերը` օբյեկտի ընդհանուր մակերեսի ավելացման կամ սենքերի գործառական նշանակության փոփոխության մասով.

գ) նախատեսվում է միայն կցակառույցների, վերնակառույցների, շենքի գաբարիտային չափերն ընդլայնող այլ կառույցների (այդ թվում` ստորգետնյա) շինարարություն կամ սենքերի գործառական նշանակության փոփոխություն, ապա, սույն օրենքի իմաստով, այն համարվում է նոր շինարարություն, որի նկատմամբ կիրառվում են նոր շինարարության համար սույն հոդվածի 1-ին կետով սահմանված նորմերը:

3. Համայնքի վարչական տարածքում շենքերի, շինությունների, քաղաքաշինական այլ օբյեկտների քանդման թույլտվության համար տեղական տուրքը սահմանվում է մինչև 5000 դրամ:

4. Համայնքի տարածքում տեղական տուրքը սահմանվում է`

1) ոգելից խմիչքի վաճառքի թույլտվության համար` հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում` յուրաքանչյուր եռամսյակի համար` 0-ից 17.500 դրամ.

2) ծխախոտի արտադրանքի վաճառքի թույլտվության համար` հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում` յուրաքանչյուր եռամսյակի համար` 1.500-ից 17.500 դրամ:

5. Համայնքի տարածքում`

ա) բացօթյա առևտուր կազմակերպելու թույլտվության համար տեղական տուրքը սահմանվում է յուրաքանչյուր օրվա համար` 350 դրամ.

բ) հեղուկ վառելիքի, տեխնիկական հեղուկների, հեղուկացված գազերի մանրածախ առևտրի կետերում հեղուկ վառելիքի, տեխնիկական հեղուկների, հեղուկացված գազերի վաճառքի թույլտվության համար տեղական տուրքը ընթացիկ տարվա համար սահմանվում է 150 000-200 000 դրամ:

51 . Սույն օրենքի 7-րդ հոդվածի «ժ» ենթակետով նախատեսված թույլտվության համար տեղական տուրքը սահմանվում է յուրաքանչյուր տարվա համար 50.000 դրամ:

6. Համայնքի տարածքում` առևտրի, հանրային սննդի, զվարճանքի, շահումով խաղերի և վիճակախաղերի կազմակերպման օբյեկտները, բաղնիքները (սաունաները), խաղատները ժամը 24.00-ից հետո աշխատելու թույլտվության համար` տեղական տուրքը ընթացիկ տարվա համար սահմանվում է`

ա) առևտրի օբյեկտների համար` 25 000-50 000 դրամ.

բ) հանրային սննդի և զվարճանքի օբյեկտների համար` 50 000-100 000 դրամ.

գ) բաղնիքների (սաունաների) համար` 200 000-500 000 դրամ.

դ) խաղատների կազմակերպման համար` 500 000-1 000 000 դրամ.

ե) շահումով խաղերի կազմակերպման համար` 250 000-500 000 դրամ.

զ) վիճակախաղերի կազմակերպման համար` 100 000-150 000 դրամ:

7. Համաքաղաքային կանոններին համապատասխան Երևան քաղաքի և քաղաքային համայնքների տարածքում ընտանի կենդանիներ պահելու թույլտվության համար` տեղական տուրքը ընթացիկ տարվա համար սահմանվում է` 0-5 000 դրամ:

8. Համայնքի տարածքում յուրաքանչյուր ամսվա համար արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար մեկ քառակուսի մետրի տեղական տուրքը սահմանվում է՝

ա) ալկոհոլային սպիրտի պարունակությունը մինչև 20 ծավալային տոկոս արտադրանք գովազդող արտաքին գովազդի համար` 1000-2000 դրամ.

բ) թունդ ալկոհոլային (սպիրտի պարունակությունը 20 և ավելի ծավալային տոկոս) արտադրանք գովազդող արտաքին գովազդի համար` 2500-3500 դրամ.

գ) այլ արտաքին գովազդի համար` 500-1500 դրամ.

դ) մինչև 2006 թվականի հոկտեմբերի 1-ը` ծխախոտի արտաքին գովազդի համար` 3000-5000 դրամ.

ե) դատարկ գովազդային վահանակների համար՝ 700 դրամ:

9. Համայնքի արխիվից փաստաթղթերի պատճեններ և կրկնօրինակներ տրամադրելու համար տեղական տուրքը ընթացիկ տարվա համար սահմանվում է 0-10 000 դրամ:

10. Համայնքի տարածքում մարդատար տաքսու (բացառությամբ երթուղային տաքսիների) ծառայություն իրականացնելու թույլտվության համար տեղական տուրքը ընթացիկ տարվա համար սահմանվում է 0-10 000 դրամ:

11. Սույն հոդվածով (բացառությամբ 1-ին, 2-րդ և 3-րդ կետերի) սահմանված դրույքաչափերի վերին սահմանները քաղաքային համայնքներում կարող են լինել 1.5, իսկ Երևան քաղաքում՝ 1.75 անգամ ավելի:

111. Սույն հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով սահմանված դրույքաչափերը Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ընդգրկված սահմանամերձ, լեռնային և բարձրլեռնային համայնքներում հաշվարկվում են 0.3, գյուղական այլ համայնքներում` 0.5, քաղաքային այլ համայնքներում` 1.0, իսկ Երևան քաղաքում` 5.0 գործակիցների կիրառմամբ:

(10-րդ հոդվածը փոփ. 11.11.98 ՀՕ-260, խմբ. 20.05.02 ՀՕ-348-Ն, խմբ., լրաց. 08.07.05 ՀՕ-170-Ն, խմբ. 16.12.05 ՀՕ-36-Ն, փոփ., լրաց., խմբ. 21.03.06 ՀՕ-38-Ն, լրաց. 23.05.06 ՀՕ-90-Ն, լրաց., խմբ. 27.02.07 ՀՕ-133-Ն, խմբ. 08.04.08 ՀՕ-29-Ն, փոփ. 26.12.08 ՀՕ-24-Ն)

 

Հոդված 11.

Տեղական վճարի դրույքաչափերի սահմանումը

1. Տեղական վճարի դրույքաչափը համայնքի ղեկավարի ներկայացմամբ սահմանում է համայնքի ավագանին` տվյալ գործողությունն իրականացնելու համար անհրաժեշտ նվազագույն ծախսերի չափով:

2. Համայնքի տարածքում բոլոր վճարողների համար սահմանվում են տեղական վճարների միասնական դրույքաչափեր:

3. Ընթացիկ տարվա համար տեղական վճարի դրույքաչափերի փոփոխություն չի կարող կատարվել:

Գ Լ ՈՒ Խ  5

ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԵՎ (ԿԱՄ) ՎՃԱՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ԳԱՆՁՄԱՆ ԿԱՐԳԸ

Հոդված 12.

Տեղական տուրքի և (կամ) վճարի հաշվարկումը և գանձումը

Տեղական տուրք և (կամ) վճար գանձող մարմինների պաշտոնատար անձինք տեղական տուրքի կամ վճարի հաշվարկն իրականացնում և տեղական տուրքը կամ վճարը գանձում են նախքան այդ լիազորությունների կամ գործողությունների իրականացումը` ելնելով սույն օրենքին համապատասխան սահմանված տեղական տուրքի կամ վճարի դրույքաչափերից:

Հոդված 13.

Արտոնությունները

Տեղական տուրքի և (կամ) տեղական վճարի արտոնություններ համայնքի ղեկավարի ներկայացմամբ կարող է սահմանել համայնքի ավագանին` տեղական տուրք կամ վճար վճարողի փոխարեն համայնքի բյուջեից վճարելով տեղական տուրքը կամ տեղական վճարը:

Հոդված 14.

Տեղական տուրքի և (կամ) տեղական վճարի ավել մուծված գումարները վերադարձնելը

1. Տեղական տուրքի և (կամ) տեղական վճարի ավել մուծված գումարները ենթակա են վերադարձման` տեղական տուրք և (կամ) վճար վճարողի դիմումի հիման վրա` դիմումը տալուն հաջորդող 30 օրվա ընթացքում:

2. Տեղական տուրքը և (կամ) վճարը ենթակա է վերադարձման` մասնակի կամ լրիվ, եթե`

ա) տեղական տուրքը և (կամ) վճարը վճարվել է ավելի, քան սահմանել է համայնքի ավագանին.

բ) տեղական տուրք կամ վճար գանձող մարմինները մերժել են համապատասխան գործողությունների կատարումը կամ վճարողներին վերադարձրել են նրանց դիմումները:

Գ Լ Ո Ւ Խ  6

ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 15.

Սույն օրենքը խախտելու համար պատասխանատվությունը

Սույն օրենքի խախտումն առաջացնում է պատասխանատվություն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Հոդված 16.

Տեղական տուրքը կամ վճարը հաշվարկելու և գանձելու պատասխանատվությունը

Տեղական տուրքը կամ վճարը ճիշտ հաշվարկելու, ժամանակին գանձելու պատասխանատվությունը դրվում է տեղական տուրք կամ վճար գանձող համապատասխան մարմնի կամ պաշտոնատար անձանց վրա:

Հոդված 17.

Տեղական տուրքերը և վճարները հաշվարկելու և գանձելու կարգը պահպանելու նկատմամբ հսկողությունը

Տեղական տուրքերը և վճարները հաշվարկելու և գանձելու կարգի պահպանման նկատմամբ հսկողությունն իրականացնում է համայնքի ղեկավարը:

Հոդված 18.

Տեղական տուրքերը կամ վճարները գանձելիս համապատասխան պաշտոնատար անձանց գործողությունների գանգատարկումը

1. Տեղական տուրքերը կամ վճարները գանձելիս համապատասխան պաշտոնատար անձանց գործողությունները կարող են գանգատարկվել այն մարմնին, որին անմիջականորեն ենթարկվում են այդ անձինք, կամ դատարան:

2. Վերադասության կարգով գանգատները քննության են առնվում և դրանց առթիվ որոշումներ են ընդունվում գանգատը ստացվելու օրվանից ոչ ուշ` հնգօրյա ժամկետում:

Գ Լ ՈՒ Խ  7

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 19.

Տեղական տուրքերը և վճարները վճարելու արժույթը

Տեղական տուրքերը և վճարները վճարվում են Հայաստանի Հանրապետությունում պաշտոնապես շրջանառության մեջ գտնվող դրամով:

Հոդված 20.

Տեղական տուրքը կամ վճարը սահմանելու վերաբերյալ որոշումների գանգատարկումը

Տեղական տուրքը կամ վճարը սահմանելու վերաբերյալ համայնքի ավագանու որոշումները կարող են գանգատարկվել դատարան:

 

Հոդված 201. Համայնքի անդամներին տեղական տուրքերի և վճարների վերաբերյալ իրազեկումը

1. Համայնքի ղեկավարն ապահովում է տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերի, վճարման կարգի և ժամկետների, ամսվա ընթացքում տեղական տուրքերի և վճարների յուրաքանչյուր տեսակի մասով փաստացի ստացված եկամուտների, ինչպես նաև համայնքի ավագանու կողմից սահմանված արտոնություններ ստացած անձանց և համապատասխան գումարների վերաբերյալ իրազեկումը:

2. Իրազեկման այլ միջոցների թվում համայնքի ղեկավարն ապահովում է իր գտնվելու վարչական շենքում, մուտքից ներս գտնվող առավել տեսանելի վայրում գտնվող ցուցատախտակների վրա իր կողմից հաստատված` սույն հոդվածի 1-ին կետով սահմանված տեղեկությունները պարունակող տեղեկանքների հրապարակումը:

3. Համայնքի ղեկավարը տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերի, դրանց վճարման կարգի և ժամկետների վերաբերյալ տեղեկանքը հրապարակում է ոչ ուշ, քան համապատասխան իրավական ակտերն ուժի մեջ մտնելուց 10 աշխատանքային օրվա ընթացքում:

4. Համայնքի ղեկավարն ամսվա ընթացքում ստացված տեղական տուրքերի և վճարների գումարների, ինչպես նաև համայնքի ավագանու կողմից սահմանված արտոնություններ ստացած անձանց և համապատասխան գումարների վերաբերյալ տեղեկանքը հրապարակում է ոչ ուշ, քան տվյալ ամսվան հաջորդող ամսվա 10-ը ներառյալ:

(201-րդ հոդվածը լրաց. 20.05.02 ՀՕ-348-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  8

ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 21.

Օրենքի ուժի մեջ մտնելը

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

Հոդված 22.

1998 թվականի համար տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերի փոփոխությունները

Սույն օրենքի 9 հոդվածի 3-րդ կետը և 11 հոդվածի 3-րդ կետը չեն տարածվում 1998 թվականի համար սահմանվող տեղական տուրքերի և վճարների վրա:

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Լ. Տեր-Պետրոսյան


Երևան
9 հունվարի 1998 թ.
ՀՕ-185