ՉՈՐՐՈՐԴ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ
ՎԱՐՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ
(գանգատ թիվ 48998/14)
Վ Ճ Ի Ռ
Հոդված 2 (Նյութաիրավական և դատավարական) • Դրական պարտավորությունները • Կյանքը • Պարտադիր զինվորական ծառայություն իրականացնող զորակոչիկի կյանքն արդյունավետորեն պաշտպանելու համար միջոցներ չձեռնարկելը, որն իբր ինքնասպանություն է գործել՝ դաժան նվաստացման, բուլինգի և ֆիզիկական վատ վերաբերմունքի ֆոնին • Զինվորական ծառայության ընթացքում վատ վերաբերմունքից պաշտպանվելու և ինքնասպանությունը կանխելու համար հատուկ միջոցների բացակայությունը • Ներպետական իշխանությունների կողմից մահվան հանգամանքների մասով արդյունավետ քննություն չիրականացնելը Հոդված 13 (+ հոդված 2) • Իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի բացակայությունը • Երեխայի կյանքի կորստի հետևանքով կրած ոչ նյութական վնասի հատուցման պահանջի իրավական անհնարինությունը Պատրաստվել է քարտուղարության կողմից։ Դատարանի համար պարտադիր ուժ չունի։ |
ՍՏՐԱՍԲՈՒՐԳ
4 հունիսի 2024 թ.
Սույն վճիռը վերջնական է դառնում Կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված դեպքերում։ Այն կարող է ենթարկվել խմբագրական փոփոխությունների։
Վարյանն ընդդեմ Հայաստանի գործով,
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (Չորրորդ բաժանմունք), հանդես գալով Պալատի հետևյալ կազմով՝
Գաբրիել Կուչկո-Ստադլմայեր [Gabriele Kucsko-Stadlmayer]՝ Նախագահ,
Թիմ Այքը [Tim Eicke],
Բրանկո Լուբարդա [Branko Lubarda],
Արմեն Հարությունյան [Armen Harutyunyan],
Անա Մարիա Գեռա Մարտինս [Ana Maria Guerra Martins],
Էն Լուիս Բորմանն [Anne Louise Bormann],
Սեբաստիան Ռադուլեցու [Sebastian Răduleţu]` դատավորներ,
և Անդրեա Տամիետտի [Andrea Tamietti]՝ Բաժանմունքի քարտուղար,
հաշվի առնելով՝
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի (Կոնվենցիա) 34-րդ հոդվածի համաձայն Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքացի պրն Վանո Վարյանի (դիմումատու) կողմից ընդդեմ Հայաստանի Հանրապետության՝ 2014 թվականի հունիսի 27-ին Դատարան ներկայացված գանգատը (թիվ 48998/14),
Հայաստանի Հանրապետության կառավարությանը (Կառավարություն) դիմումատուի որդու նկատմամբ վատ վերաբերմունքի, մահվան, քննության ենթադրյալ անհամապատասխանության և պետությունից ոչ նյութական վնասի համար փոխհատուցում ստանալու պահանջի անհնարինության վերաբերյալ նրա բողոքների մասին ծանուցելու և գանգատը մնացած մասով անընդունելի հայտարարելու մասին որոշումը,
կողմերի դիտարկումները,
2024 թվականի մայիսի 14-ին անցկացնելով դռնփակ խորհրդակցություն,
կայացրեց հետևյալ վճիռը, որն ընդունվեց նույն օրը.
ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
1. Գործը վերաբերում է դիմումատուի որդու՝ զինվորական ծառայության ընթացքում ենթադրաբար ինքնասպանության հետևանքով մահվանը և հետագա քննությանը։ Գործում բարձրացված են հարցեր հիմնականում Կոնվենցիայի 2-րդ և 13-րդ հոդվածների շրջանակներում։
ՓԱՍՏԵՐԸ
2. Դիմումատուն ծնվել է 1966 թվականին և ապրում է Աբովյանում։ Նա իրավական օգնություն է ստացել, և նրան ներկայացրել է Վանաձորում գործող իրավաբան տկն Ա. Չատինյանը և Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ պրն Ա. Սաքունցը:
3. Կառավարությունը ներկայացրել է Կառավարության լիազոր ներկայացուցիչ պրն Գ. Կոստանյանը, իսկ այնուհետև՝ Միջազգային իրավական հարցերով Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ պրն Ե. Կիրակոսյանը։
4. Գործով փաստերը կարելի է ամփոփել հետևյալ կերպ:
I. գործի նախապատմությունը
5. 2011 թվականին դիմումատուի որդին՝ 18-ամյա Տ. Վարյանը, զորակոչվել է Հայաստանի Հանրապետության բանակ:
6. Դիմումատուն պնդել է, որ իր որդին պիտանի է ճանաչվել միայն ոչ մարտական ծառայության համար՝ հաշվի առնելով նրա առողջական վիճակը: Կառավարությունը վիճարկել է դա՝ նշելով, որ Տ. Վարյանը ճանաչվել է մարտական ծառայությանը պիտանի։ Այդ կապակցությամբ նրանք ներկայացրել են զինվորական կոմիսարիատից ստացված՝ Տ.Վարյանի անձնական գործի պատճենը, որից երևում է, որ զորակոչի ընթացքում իրականացված բուժզննումների արդյունքում նրա մոտ ախտորոշվել է միտրալ փականի պրոլապս՝ առաջացնելով միտրալ փականի անբավարարություն (սրտի վիճակ, երբ որոշակի քանակությամբ արյուն հոսում է սխալ ճանապարհով, քանի որ սրտի ձախ կողմում գտնվող երկու խորշերի միջև գտնվող փականի փեղկերը հարթ կամ հավասար չեն փակվում սրտի կծկման ժամանակ): Տվյալ անձնական գործում առկա է Կենտրոնական բժշկական հանձնաժողովի՝ նրան մարտական ծառայության համար պիտանի ճանաչելու մասին որոշումը։
7. Դրանից հետո Տ. Վարյանը ծառայության է նշանակվել Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի թիվ 38862 զորամասում (Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում (ԼՂՀ) գտնվող զորամաս)։
8. 2012 թվականի փետրվարի 29-ին Տ.Վարյանին գտել են մահացած՝ ստորին ծնոտին հասցված հրազենային վնասվածքով, որը հասցվել է իրեն կցված ինքնաձիգով։
II. Դիմումատուի որդու մահվան գործով քննությունը
9. 2012 թվականի փետրվարի 29-ին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության քննչական ծառայության երրորդ կայազորի քննչական բաժինը (Մարտակերտ, Լեռնային Ղարաբաղ) որոշել է քրեական վարույթ հարուցել Տ. Վարյանի մահվան գործով։ Որոշման մեջ, որքանով վերաբերելի է սույն գործին, նշված էր հետևյալը.
«2012 թվականի փետրվարի 29-ին՝ ժամը 22։00-ի սահմաններում, [Տ. Վարյանը], ... հենակետում հերթապահության ժամանակ ...., իրեն կցված ... ինքնաձիգով կրակել է իր ստորին ծնոտին և ստացված հրազենային վնասվածքի հետևանքով տեղում մահացել է ...»:
10. Նույն ամսաթվին քննիչն իրականացրել է դեպքի վայրի զննություն և տեղում այն լուսանկարել դիակի հետ միասին։ Համապատասխան զեկուցագրի համաձայն՝ Տ. Վարյանի դին հայտնաբերվել է զորամասի հրամանատարական դիտակետում՝ հատակին։ Ինքնաձիգն ուղղված է եղել նրա բերանին՝ բերանի և փողաբերանի միջև մոտ 2 սմ հեռավորությամբ, իսկ կոթը հենած է եղել հատակին։ Բերանից և ականջի խոռոչից դեռևս արյունահոսություն է եղել, ատամները (հատկապես առջևի) կոտրված են եղել, քթի խոռոչում մակարդված արյուն է եղել, քթի կամրջի վրա ուղղահայաց վնասվածք է եղել, կզակի տակ և գլխի թագի ճակատային մասում վերքեր են եղել։ Ինքնաձիգի կողքին հայտնաբերվել է մետաղյա պարկուճ։ Քննիչն առգրավել է ինքնաձիգը և պարկուճը՝ անվտանգության նկատառումներից ելնելով ինքնաձիգի վրա ամրացնելով ապահովիչը։
11. Նույն ամսաթվին քննիչը դիահերձում է նշանակել։ Համապատասխան որոշման մեջ նշված էր, որ Տ. Վարյանն ինքնասպանություն է գործել, և որ, inter alia (ի թիվս այլնի), անհրաժեշտ էր պարզել նրա մարմնի վրա վնասվածքների առկայությունը, վնասվածքների հրազենային հատկանիշներն ու դրանց թիվը, և այն, թե արդյոք նա կարող էր դա (կամ դրանք) պատճառել ինքն իրեն:
Ա. Վկաների հարցաքննությունը
12. Նույն օրը քննիչը հարցաքննել է կրտսեր սերժանտ Է.Ս.-ին և շարքային Ռ.Ա.-ին (երկուսն էլ զորակոչիկներ), որոնք ավագ լեյտենանտ Հ.Հ.-ի հրամանով Տ. Վարյանի հետ հենակետում հերթապահության են եղել։
13. Իր ցուցմունքում կրտսեր սերժանտ Է.Ս.-ն հաստատել է, ի թիվս այլնի, որ 2011 թվականի դեկտեմբերի վերջին, երբ ինքը, շարքային Ռ.Ա.-ն և Տ. Վարյանը միասին հերթապահել են, Տ. Վարյանը կեղտոտել է զուգարանը, ինչի հետևանքով այն օգտագործելն անհնար է դարձել։ Այնուհետև ավագ լեյտենանտ Հ.Հ.-ն հայհոյել է Տ.Վարյանին և հարվածել նրա կրծքավանդակին, ինչի հետևանքով վերջինս ընկել է մահճակալին։ Ավագ լեյտենանտ Հ.Հ.-ն նաև ստիպել է Տ. Վարյանին ստորագրել գրավոր պարտավորություն, որ մեկ շաբաթվա ընթացքում զուգարանի համար նոր փոս էր փորելու։ Ավագ լեյտենանտ Հ.Հ.-ն պահել է այդ թուղթը և սպառնացել, որ ցույց կտա այն զորամասի հրամանատարին, եթե Տ.Վարյանը չկատարի պարտավորությունը։ 2012 թվականի փետրվարի 28-ի երեկոյան ավագ լեյտենանտ Հ.Հ.-ն կրկին հայհոյել է Տ. Վարյանին և հարվածել նրան։ Այնուհետև ավագ լեյտենանտ Հ.Հ.-ն Տ. Վարյանից պահանջել է հաջորդ օրը շարունակել փորել նոր զուգարանի փոսը։ Կրտսեր սերժանտ Է.Ս.-ն և շարքային Ռ.Ա.-ն այնուհետև մեկ ժամով թողել են Տ.Վարյանին և ավագ լեյտենանտ Հ.Հ.-ին՝ փայտ կտրելու համար: 2012 թվականի փետրվարի 29-ի առավոտյան ժամը 9։10-ի սահմաններում ավագ լեյտենանտ Հ.Հ.-ն բարձրացել է հենակետ՝ Տ. Վարյանին տեսնելու, և վերադարձել մոտ հինգ րոպե անց։ Այնուհետև առավոտյան ժամը 9։50-ի սահմաններում Է.Ս.-ն գնացել է հենակետ և հայտնաբերել դիակը։ Այդ պահին ավագ լեյտենանտ Հ.Հ.-ն սպառնացել է նրան և շարքային Ռ.Ա.-ին և ասել, որ ոչ ոքի չպատմեն նախորդ գիշերվա կատարվածի մասին։
14. Շարքային Ռ.Ա.-ն հայտնել է, որ Տ.Վարյանը խնդիրներ է ունեցել կրտսեր սերժանտ Է.Ս.-ի և ավագ լեյտենանտ Հ.Հ.-ի հետ։ Նա նույնպես ցուցմունք է տվել, որ 2012 թվականի փետրվարի 28-ի երեկոյան վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ կրտսեր սերժանտ Է.Ս.-ն մեկ անգամ հարվածել է Տ. Վարյանին, իսկ ավագ լեյտենանտ Հ.Հ.-ն, որը ծանր վիրավորանք է հասցրել Տ. Վարյանին, նույնպես փորձել է հարվածել նրան, սակայն շարքային Ռ.Ա.-ն նրան թույլ չի տվել դա անել։ Ժամը 21-ի սահմաններում շարքային Ռ.Ա.-ն վերադարձել է կացարան և տեսել, որ Տ. Վարյանը շատ դժբախտ տեսք ունի։ Հարցին, թե ինչու, Տ. Վարյանը միայն ասել է, որ ոչինչ չի եղել։ Շարքային Ռ.Ա.-ն այնուհետև փորձել է ավագ լեյտենանտ Հ.Հ.-ից իմանալ, թե ինչ է տեղի ունեցել, որն ասել է, որ ոչինչ չի եղել և ամեն ինչ կարգին է։ Շարքային Ռ.Ա.-ն նաև հայտնել է, որ Տ.Վարյանը 2012 թվականի փետրվարի 29-ի ժամը 08։00-ից 10։00-ն հերթապահել է հենակետում: Ավագ լեյտենանտ Հ.Հ.-ն ժամը 9:10-ի սահմաններում գնացել է հենակետ և մոտ 10 րոպե անց վերադարձել։ Շարքային Ռ.Ա.-ն այնուհետև ժամը 9։30-ի սահմաններում մեկ կրակոց է լսել, բայց կարծել է, թե դա պարզապես մեկ այլ հենակետում իրականացվող վարժանքին մասնակցող զինծառայողներն են։ Ժամը 10-ին կրտսեր սերժանտ Է.Ս.-ն գնացել է հենակետ և հայտնաբերել դիակը։ Մինչև դեպքի մասին հայտնելը շարքային Ռ.Ա.-ն, կրտսեր սերժանտ Է.Ս.-ն ու ավագ լեյտենանտ Հ.Հ.-ն ստորագրել են անվտանգության կանոնների վերաբերյալ փաստաթղթերը, որոնք մի քանի օր չէին ստորագրել։ Ավագ լեյտենանտ Հ.Հ.-ն շարքային Ռ.Ա.-ին և կրտսեր սերժանտ Է.Ս.-ին խնդրել է ասել, որ Տ. Վարյանը կարոտել էր իր ընտանիքին։ Շարքային Ռ.Ա.-ն հավելել է, որ Տ. Վարյանին շատ են ծաղրել, այն աստիճան, որ նա գերադասել է հերթապահել իրեն ծաղրող զինծառայողներից հեռու լինելու համար։ Տ. Վարյանը ցերեկային ժամերին ակտիվ հերթապահություն էր անում, մաքրություն էր անում, ընդմիջում էր անում միայն գիշերը, օրեր շարունակ անընդմեջ շարունակվող իրավիճակ էր դա։ Շարքային Ռ.Ա.-ն նաև նկարագրել է այն դրվագը, երբ Տ. Վարյանի նկատմամբ վատ վերաբերմունք է ցուցաբերվել զուգարանի պատճառով (տե՛ս վերևում՝ 13-րդ պարբերությունը), և 2011 թվականի նոյեմբերին տեղի ունեցած միջադեպը, երբ ավագ լեյտենանտ Հ.Հ.-ն ոտքով հարվածել էր Տ. Վարյանի գլխին ու վիրավորել նրան այն բանից հետո, երբ նրան քնած էր գտել հերթափոխի ժամանակ։ Եվ վերջապես, շարքային Ռ.Ա.-ն պատմել է, որ 2012 թվականի փետրվարի 21-ին կամ 22-ին բանակի խոհարար, կրտսեր սերժանտ Գ.Մ.-ն ծեծի է ենթարկել և վիրավորել Տ. Վարյանին՝ խոհանոցը բավականաչափ արագ չմաքրելու համար:
15. Քննության ընթացքում հարցաքննվել են մի շարք զինծառայողներ, այդ թվում՝ սպաներ և զորակոչիկներ։ Նրանցից ոչ մեկը չի հայտնել, որ Տ. Վարյանը երբևէ փորձել է ինքն իրեն վնասել կամ այդպիսի բան անելու մասին որևէ միտք է հայտնել:
16. 2012 թվականի մարտի 1-ին քննիչը կրկին հարցաքննել է կրտսեր սերժանտ Է.Ս.-ին և շարքային Ռ.Ա.-ին։ Այդ առիթով կրտսեր սերժանտ Է.Ս.-ն լրացում է կատարել իր նախորդ ցուցմունքի մեջ (տե՛ս վերևում՝ 13-րդ պարբերությունը)՝ ասելով, որ 2012 թվականի փետրվարի 27-ին ինքը հրել է Տ. Վարյանին և նրա հետ վեճի է բռնվել՝ ափսեները լվանալու հետ կապված։ Շարքային Ռ.Ա.-ն իր ցուցմունքում նաև հավելել է, որ 2012 թվականի փետրվարի 27-ին կրտսեր սերժանտ Է.Ս.-ն հարվածել է Տ. Վարյանին և հայհոյել սպասքի պատճառով։ Նա նաև հավելել է, որ 2011 թվականի նոյեմբերին ավագ լեյտենանտ Հ.Հ.-ն ծեծի է ենթարկել Տ. Վարյանին այն պատճառով, որ վերջինս հրաժարվել է իր գոտին ավագ լեյտենանտ Հ.Հ.-ին տալ, որը ցանկացել է դրանից մի փոքր կտոր կտրել։ Շարքային Ռ.Ա.-ն և կրտսեր սերժանտ Է.Ս.-ն այնտեղ են եղել, բայց այդ դեպքի մասին չեն հայտնել որևէ վերադաս սպայի: Շարքային Ռ.Ա.-ն վիճարկել է կրտսեր սերժանտ Է.Ս.-ի ցուցմունքն այն մասին, որ 2012 թվականի փետրվարի 28-ի երեկոյան ավագ լեյտենանտ Հ.Հ.-ն հարվածել է Տ. Վարյանին (տե՛ս վերևում՝ 13-րդ պարբերությունը) և վերահաստատել է իր ավելի վաղ ցուցմունքն այն մասին, որ նա կանխել է դրա տեղի ունենալը (տե՛ս վերևում՝ 14-րդ պարբերությունը):
17. Նույն ամսաթվին ավագ լեյտենանտ Հ.Հ.-ն հարցաքննվել է որպես վկա։ Նա, ի թիվս այլ հարցերի, նշել է, որ Տ.Վարյանը հաճախ է հերթապահել կրտսեր սերժանտ Է.Ս.-ի և շարքային Ռ.Ա.-ի փոխարեն։ Ավագ լեյտենանտ Հ.Հ.-ն հենց ինքը և մնացած բոլորն անընդհատ ծաղրում էին Տ. Վարյանին, քանի որ նա դանդաղաշարժ էր ու միամիտ։ Զինծառայողները նրան մականուններ էին կպցնում, հայհոյում էին ու շահագործում նրան՝ իր միամտության պատճառով, այդ թվում՝ ստիպելով նրան մաքրություն անել, նույնիսկ եթե նա հերթապահության չէր լինում։ Ավագ լեյտենանտ Հ.Հ.-ն խոստովանել է, որ ինքը նույնպես որոշակի պատասխանատվություն է կրում Տ. Վարյանի ինքնասպանության համար։ Ինչ վերաբերում է մասնավորապես Տ. Վարյանի մահվան օրվան, նա հայտնել է, որ արթնացել է ժամը 09։20-ի սահմաններում, իրեն ասել են, որ Տ. Վարյանին չեն կարողանում գտնել։ Դրանից անմիջապես հետո կրտսեր սերժանտ Է.Ս.-ն գնացել է հենակետ և մեկ րոպե անց վերադարձել՝ ասելով, որ Տ. Վարյանն ինքնասպանություն է գործել։ Սկզբում նա մտածել է, որ կրտսեր սերժանտ Է.Ս.-ն կատակում է, բայց երբ Է.Ս.-ն կրկնել է իր ասածը, Հ.Հ.-ն անմիջապես գնացել է հենակետ, որտեղ հայտնաբերել է Տ. Վարյանին՝ գետնին պառկած, նրա գլուխը, պարանոցը և աջ ուսը արյան մեջ։ Երբ նրան խնդրել են մեկնաբանել շարքային Ռ.Ա.-ի ցուցմունքը (տե՛ս վերևում՝ 14-րդ պարբերությունը), որ նա հենակետ է գնացել այդ օրը առավոտյան ժամը 9։10-ի սահմաններում, ավագ լեյտենանտ Հ.Հ.-ն հերքել է, որ այդպիսի բան է եղել՝ պնդելով, որ ինքը հենակետ է բարձրացել ժամը 10։00-ի սահմաններում, երբ իրեն հայտնել են, որ Տ. Վարյանն այնտեղ ինքնասպանություն է գործել։
18. Նույն ամսաթվին ավագ սերժանտ Վ.Ն.-ն հարցաքննվել է։ Նա պնդել է, որ տեղյակ է եղել 2011 թվականի նոյեմբերին տեղի ունեցած միջադեպի մասին, երբ ավագ լեյտենանտ Հ.Հ.-ն գոտու պատճառով վատ վերաբերմունք էր դրսևորել Տ. Վարյանի նկատմամբ (տե՛ս վերևում՝ 16-րդ պարբերությունը):
19. 2012 թվականի մարտի 2-ին քննիչը դատամատնահետքաբանական և դատաձգաբանական փորձաքննություն է նշանակել։ Կառավարության կողմից տրամադրված համապատասխան որոշման պատճենն անընթեռնելի է։
20. 2012 թվականի մարտի 3-ին քննիչը հարցաքննել է ավագ լեյտենանտ Հ.Հ.-ին՝ որպես գործով կասկածյալ։ Որպես իր նախորդ ցուցմունքի լրացում (տե՛ս վերևում՝ 17-րդ պարբերությունը) նա նշել է, որ դիակը հայտնաբերելուց հետո որոշել է այնպես անել՝ ասես ինքնասպանություն գործելիս Տ. Վարյանը հերթապահության է եղել, որպեսզի խուսափի հենակետում նրա լինելու մասով բացատրություն տալուց, այն դեպքում, երբ նա չպետք է հերթապահության լիներ: Քանի որ Տ. Վարյանը եղել է առանց սաղավարտի, գոտու կամ փամփշտատուփի համար նախատեսված պայուսակի, Հ.Հ.-ն վերադարձել է կացարան և նշված իրերը տարել հենակետ։ Այնուհետև նա այրել է հենակետում հերթապահության ժամերին վերաբերող զինվորական փաստաթղթերը և նոր փաստաթղթեր կազմել, ըստ որոնց՝ Տ. Վարյանը մարտական հերթապահություն է իրականացրել հենակետում առավոտյան ժամը 8։00-ից մինչև 10։00-ն։ Դրանից հետո նա շարքային Ռ.Ա.-ին և կրտսեր սերժանտ Է.Ս.-ին տվել է փաստաթղթեր, որոնք բովանդակել են անվտանգության կանոնները, որոնց պետք է ենթարկվել հերթապահություն իրականացնելիս, որպեսզի նրանք ստորագրեն իրենց անուններից, իսկ Տ. Վարյանի փոխարեն ստորագրել էր հենց ինքը։ Ժամը 10։00-ի սահմաններում նա ռադիոյով կապ է հաստատել զորամասի հրամանատարի հետ և հայտնել մահվան մասին։
21. Նույն ամսաթվին կրտսեր սերժանտ Է.Ս.-ն կրկին հարցաքննվել է (տե՛ս վերևում՝ 13-րդ և 16-րդ պարբերությունները) որպես վկա: Նա մասնավորապես նշել է, որ դեպքի օրը ավագ լեյտենանտ Հ.Հ.-ն մեկ անգամ չէ, որ գնացել է հենակետ, իսկ մահվան մասին հայտնել է դիակը հայտնաբերելուց մոտ երեսուն-քառասուն րոպե անց միայն։ Նա նաև նշել է, որ ստել է այն մասին, որ ինքն ու շարքային Ռ.Ա.-ն նախորդ երեկո նրանց թողել են հենակետում՝ փայտ կտրելու համար (տե՛ս վերևում՝ 13-րդ պարբերությունը): Իրականում ինքն ու շարքային Ռ.Ա.-ն անձնական գործերով գնացել էին մեկ այլ հենակետ։ Կրտսեր սերժանտ Է.Ս.-ն նույնպես հավելել է, որ ավագ լեյտենանտ Հ.Հ.-ն հաճախ էր ոչ պատշաճ զրույցներ ունենում Տ.Վարյանի հետ, որոնց ժամանակ Հ.Հ.-ն ծաղրում էր նրան, քանի որ Տ. Վարյանն իրեն ասել էր, որ երբևէ աղջկա հետ չէր եղել:
22. Նույն օրը քննիչը հարցաքննել է զորամասի խոհարար կրտսեր սերժանտ Գ.Մ.-ին (տե՛ս վերևում՝ 14-րդ պարբերությունը) որպես վկա։ Կրտսեր սերժանտ Գ.Մ.-ն հայտնել է, որ փետրվարի 15-ից 20-ն ընկած ժամանակահատվածում ինքը բռնել է Տ. Վարյանին և հարվածել՝ խոհանոցում իր պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար։ Նա նաև խոսել է 2012 թվականի հունվարի 25-ից 27-ն ընկած ժամանակահատվածում մի դրվագի մասին, երբ ականատես է եղել, թե ինչպես է ավագ լեյտենանտ Հ.Հ.-ն հայհոյում Տ. Վարյանին և հարվածում նրան, քանի որ երբ Հ.Հ.-ն խնդրել է Տ. Վարյանին գնալ իր գլխարկը բերելու, վերջինս պատասխանել է, որ ինքը չի կարող դա անել միանգամից, քանի որ ձեռքերը մաքուր չեն: Դրանից հետո ավագ լեյտենանտ Հ.Հ.-ն դուրս է եկել խոհանոցից, իսկ Տ. Վարյանը լացել է։ Կրտսեր սերժանտ Գ.Մ.-ն այդ դեպքի մասին չէր հայտնել և չէր հիշում, որ Տ. Վարյանն այդ միջադեպի հետևանքով որևէ տեսանելի վնասվածք ունենար։
23. Նույն ամսաթվին կատարվել է առերեսում կրտսեր սերժանտ Է.Ս.-ի և շարքային Ռ.Ա.-ի միջև, որի ընթացքում վերջինս համաձայնել է, որ 2012 թվականի փետրվարի 28-ի երեկոյան ավագ լեյտենանտ Հ.Հ.-ն նույնպես հարվածել է Տ. Վարյանին (տե՛ս վերևում՝ 14-րդ և 16-րդ պարբերություններում գործի վերաբերյալ Ռ.Ա.-ի նախկին ցուցմունքը): Շարքային Ռ.Ա.-ն պնդել է, որ 2012 թվականի փետրվարի 27-ին և 28-ին կրտսեր սերժանտ Է.Ս.-ն մի քանի անգամ հարվածել է Տ. Վարյանին։ Նա նաև հայտնել է, որ 2012 թվականի փետրվարի 29-ի առավոտյան ժամը 9։00-ի սահմաններում ավագ լեյտենանտ Հ.Հ.-ն գնացել է հենակետ։ Շարքային Ռ.Ա.-ն ժամը 9։20-ի սահմաններում կրակոց է լսել, իսկ կրտսեր սերժանտ Է.Ս.-ն դիակը հայտնաբերել է առավոտյան ժամը 9։50-ի սահմաններում։
24. 2012 թվականի մարտի 4-ին կատարվել է առերեսում շարքային Ռ.Ա.-ի և ավագ լեյտենանտ Հ.Հ.-ի միջև, որի ընթացքում վերջինս հերքել է, որ ինքը 2012 թվականի փետրվարի 29-ի առավոտյան ժամը 9-ի սահմաններում հենակետ է գնացել։
25. Նույն ամսաթվին կատարվել է առերեսում կրտսեր սերժանտ Է.Ս.-ի և ավագ լեյտենանտ Հ.Հ.-ի միջև, որի ընթացքում Է.Ս.-ն նաև նշել է, որ 2012 թվականի փետրվարի 29-ի առավոտյան ժամը 9-ի սահմաններում Հ.Հ.-ն գնացել է հենակետ և վերադարձել մոտ տասը րոպե անց։ Իր հերթին ավագ լեյտենանտ Հ.Հ.-ն հերքել է, որ Տ. Վարյանը 2011 թվականի դեկտեմբերին կամ 2012 թվականի փետրվարի 28-ի երեկոյան ծեծի է ենթարկվել զուգարանի պատճառով (տե՛ս վերևում՝ 13-րդ, 16-րդ և 23-րդ պարբերությունները):
26. 2012 թվականի մարտի 5-ին ստորաբաժանման հրամանատարության սպա, կապիտան Ա.Հ.-ն հարցաքննվել է և, ի թիվս այլնի, նշել, որ Տ. Վարյանը եղել է փոքրահասակ, ֆիզիկապես թերզարգացած և նույնիսկ թույլ: Նա նաև միամիտ էր, և նրա ծառայակիցները սովորաբար կատակում էին նրա հետ։ Ավագ լեյտենանտ Հ.Հ.-ն չէր կարողանում պատշաճ կերպով ղեկավարել անձնակազմը, և մարտական հերթապահությունը չէր կազմակերպվում այնպես, ինչպես հարկն էր։ Այնուամենայնիվ, կապիտան Ա.Հ.-ն որևէ հստակ տեղեկություն չի ունեցել, և քանի որ իրեն հայտնել են, որ ամեն ինչ լավ է, նա որևէ միջոց չի ձեռնարկել պարզելու, թե իրականում ինչ է կատարվում։ Նա հայտնել էր ավագ լեյտենանտ Հ.Հ.-ի կողմից իր պարտականությունները կատարելու հարցում թերանալու մասին, սակայն իր վերադասն այդ կապակցությամբ որևէ միջոց չէր ձեռնարկել։ Կապիտան Ա.Հ.-ի կարծիքով՝ զինծառայողները պարզապես կատակում էին Տ. Վարյանի հետ, այլ ոչ թե ծաղրում նրան։
Բ. Ավագ լեյտենանտ Հ.Հ.-ին, կրտսեր սերժանտ Է.Ս.-ին և կրտսեր սերժանտ Գ.Մ.-ին առաջադրված մեղադրանքները
27. 2012 թվականի մարտի 6-ին ավագ լեյտենանտ Հ.Հ.-ին մեղադրանք է առաջադրվել իշխանությունը չարաշահելու (նախկին Քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մաս. տե՛ս ստորև՝ 54-րդ պարբերությունը) և մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելու համար (նախկին Քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 1-ին մաս. տե՛ս ստորև՝ 53-րդ պարբերությունը):
28. Նույն ամսաթվին ավագ լեյտենանտ Հ.Հ.-ն հարցաքննվել է որպես մեղադրյալ։ Նա խոստովանել է, որ 2011 թվականի նոյեմբերին ծեծի է ենթարկել Տ. Վարյանին՝ հերթապահության ժամանակ քնելու համար, և որ նույն ամսին կրկին ծեծել է նրան գոտու պատճառով (տե՛ս վերևում՝ 16-րդ պարբերությունը՝ այդ մասով շարքային Ռ.Ա.-ի տված ցուցմունքը): Նա հերքել է, որ գլխարկի պատճառով խոհանոցում վիճել է Տ. Վարյանի հետ (տե՛ս վերևում՝ 22-րդ պարբերությունը՝ այդ մասով կրտսեր սերժանտ Գ. Մ.-ի տված ցուցմունքը), ինչպես նաև որ վիրավորել և վատ է վերաբերվել Տ. Վարյանին՝ վերջինիս կողմից զուգարանը պատահաբար կեղտոտելու պատճառով (տե՛ս վերևում՝ 13-րդ պարբերությունը): Նա խոստովանել է, որ դեպքի նախորդ օրը՝ 2012 թվականի փետրվարի 28-ի երեկոյան, հայհոյել է Տ. Վարյանին, սակայն հերքել է, որ այդ օրը հարվածել է նրան։
29. 2012 թվականի մարտի 7-ին կրտսեր սերժանտ Է.Ս.-ին մեղադրանք է առաջադրվել զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելու համար (նախկին Քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 1-ին մաս. տե՛ս ստորև՝ 52-րդ պարբերությունը): Նույն օրը նա հարցաքննվել է որպես մեղադրյալ և, ի թիվս այլնի, կրկնել է իր նախորդ ցուցմունքը (տե՛ս վերևում՝ 13-րդ պարբերությունը), որ ավագ լեյտենանտ Հ.Հ.-ն կացարան դուրս է եկել հենակետ գնալու համար՝ նախքան մարմինը հայտնաբերելը։
30. 2012 թվականի մարտի 12-ին կրտսեր սերժանտ Գ.Մ.-ին մեղադրանք է առաջադրվել իշխանությունը չարաշահելու համար (նախկին Քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մաս, տե՛ս ստորև՝ 54-րդ պարբերությունը): Նույն ամսաթվին նա հարցաքննվել է որպես մեղադրյալ և խոստովանել, որ 2012 թվականի փետրվարի 21-ին, երբ Տ. Վարյանը խոհանոցում հերթապահում էր, ինքը հարվածել է նրան՝ մաքրությունը չավարտելու համար (տե՛ս շարքային Ռ. Ա.-ի ցուցմունքը, որն ամփոփված է վերևում՝ 14-րդ պարբերության վերջում):
31. 2012 թվականի մարտի 19-ին դիմումատուն վարույթում ճանաչվել է մահացածի իրավահաջորդ։ Նույն օրը նա ծանոթացել է քննիչի՝ դատաբժշկական փորձաքննություններ նշանակելու վերաբերյալ որոշումներին (տե՛ս վերևում՝ 11-րդ և 19-րդ պարբերությունները):
Գ. Դիահերձման եզրակացությունը և դատաբժշկական մյուս ապացույցները
32. 2012 թվականի մարտի 22-ին քննիչը նշանակել է դատակենսաքիմիական փորձաքննություն՝ պարզելու, թե արդյոք դեպքի վայրում հայտնաբերված Տ. Վարյանի ինքնաձիգի վրա արյան հետքեր եղել են, թե՝ ոչ, և եթե այո, ապա արդյոք դրանք համապատասխանել են Տ. Վարյանի արյան խմբին։
33. 2012 թվականի ապրիլի 2-ին ստացվել է դիահերձման եզրակացությունը (տե՛ս վերևում՝ 11-րդ պարբերությունը)։ Դրանում մասնավորապես նշվում էր, որ Տ.Վարյանի մահը վրա է հասել գլխին հասցված ծակող հրազենային վնասվածքի հետևանքով գլխուղեղի ֆունկցիայի խանգարման պատճառով. հրազենային վերքի մուտքը տեղակայված է եղել կզակի տակի հատվածում, իսկ ելքային վերքը՝ գլխի հետևի մասում՝ ճակատի հետևում։ Գանգի, կզակի և բերանի շրջանում մի շարք վնասվածքներ վերագրվել են հրազենային վնասվածքի։ Մարմնի վրա հայտնաբերվել են նաև հետևյալ վնասվածքները՝ քթի մեջքի մակերեսային վերքեր և քթին մոտ գտնվող աջ և ձախ կոպերի հատվածներում վերքեր, որոնք մահվանից կարճ ժամանակ (վայրկյաններ) առաջ հասցվել են ամուր, բութ առարկայով (կամ առարկաներով), և որոնք անմիջականորեն կապ չեն ունեցել մահվան հետ։
34. 2012 թվականի օգոստոսի 15-ին ձգաբանական և դատաբժշկական փորձագետների հանձնաժողովը եկել է համատեղ եզրակացության, ըստ որի, inter alia, Տ. Վարյանի մարմնին հասցված հրազենային վնասվածքը կարող էր պատճառված լինել իր կամ այլ անձի կողմից։
35. 2012 թվականի օգոստոսի 24-ին ավագ լեյտենանտ Հ.Հ.-ին առաջադրված մեղադրանքները փոփոխվել են և նրան մեղադրանք է առաջադրվել նախկին Քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 2-րդ մասով (տե՛ս ստորև՝ 55-րդ պարբերությունը)՝ պաշտոնեական դիրքը խիստ չարաշահելու համար, և մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելու համար (նախկին Քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 1-ին մաս. տե՛ս ստորև՝ 53-րդ պարբերությունը):
36. 2012 թվականի սեպտեմբերին՝ չպարզված ամսաթվի, քննիչը հարցաքննել է դիահերձումն իրականացրած դատաբժշկական փորձագետին (տե՛ս վերևում՝ 11-րդ և 33-րդ պարբերությունները): Փորձագետին ցույց են տվել դեպքի վայրի զննության ընթացքում արված լուսանկարները (տե՛ս վերևում՝ 10-րդ պարբերությունը) և հարցրել, մասնավորապես, թե արդյոք Տ. Վարյանի մարմնի վրա առկա ոչ հրազենային վնասվածքները ստացվել են կրակոցից առաջ, թե հետո, և եթե հետո, ապա արդյոք դրանք կարող էին առաջանալ կրակոցից, թե ինքնաձիգի շարժումից։ Ի պատասխան՝ փորձագետը նշել է, որ հաշվի առնելով վնասվածքների տեղակայումը և բնույթը՝ դրանք, ամենայն հավանականությամբ, ստացվել են կրակոցից հետո՝ փամփուշտի շեղման հետևանքով։
37. 2012 թվականի նոյեմբերի 15-ին փորձագետների հանձնաժողովը, որին հանձնարարվել էր Տ. Վարյանի նկատմամբ անցկացնել հետմահու դատահոգեբուժական փորձաքննություն, տվել է իր եզրակացությունը։ Փորձագետների եզրակացության համապատասխան հատվածներն ունեն հետևյալ բովանդակությունը.
«... Տ.Վարյանը հոգեկան որևէ խանգարմամբ չի տառապել։ Իր ծառայակիցների կողմից մշտական նվաստացումների, բռնությունների, վիրավորանքների և ստորացումների հետևանքով... [նրա մահը] վրա հասնելու պահին նա ունեցել է հոգեկան գործունեության ժամանակավոր խանգարում, որն ուղեկցվել է հուսահատությամբ [և] ցածր ինքնագնահատականով... որն էլ եղել է նրա ինքնասպանության պատճառը...
Եզրակացություններ՝
...
[կրտսեր սերժանտ Գ. Մ.]-ի հետ վեճը և Տ. Վարյանի նկատմամբ [Գ.Մ.-ի] գործողություններն ընկճել են նրան, բայց միայն այդ երևույթները դժվար թե նրան ինքնասպանության հասցնեին։
[կրտսեր սերժանտ Է.Ս.]-ի հետ վեճը և Տ. Վարյանի նկատմամբ [Է.Ս.-ի] գործողություններն ընկճել են նրան, բայց միայն այդ երևույթները դժվար թե նրան ինքնասպանության հասցնեին։
[Ավագ լեյտենանտ Հ.Հ.]-ի կողմից Տ. Վարյանի հասցեին հնչեցված արտահայտություններն ու նրա նկատմամբ կիրառված բռնությունն իրականում կարող էին վերջինիս դրդել ինքնասպանության։
[Կրտսեր սերժանտ Գ.Մ.-ի], [կրտսեր սերժանտ Է.Ս.-ի] և [ավագ լեյտենանտ Հ.Հ.-ի] գործողությունները համատեղ Տ. Վարյանին դրդել են ինքնասպանության»։
Դ. Մեղադրական եզրակացությունը
38. 2013 թվականի հունվարի 14-ին գործն ուղարկվել է Սյունիքի մարզային դատարան՝ այն ըստ էության քննելու համար։ Մեղադրական եզրակացության համապատասխան մասերն ունեն հետևյալ բովանդակությունը.
«... 2011 թվականի նոյեմբերին... [ավագ լեյտենանտ Հ.Հ.-ն] ... ոտքով հարվածել է շարքային [Տ. Վարյանի] գլխին` հենակետում հերթապահության ժամանակ քնելու համար ...
...
Բացի այդ, նաև 2011 թվականի նոյեմբերին [ավագ լեյտենանտ Հ.Հ.-ն] ... վիճաբանել է [Տ. Վարյանի] հետ՝ զուգարանի համար փոս փորելու հրամանին [վերջինիս կողմից] չենթարկվելու պատճառով, որի ընթացքում հայհոյել է [Տ. Վարյանին] և բռունցքով երեք անգամ հարվածել նրա կրծքավանդակին...
...
Այդ գործողությունների արդյունքում [Տ. Վարյանը] կրակել է ինքն իրեն...
... 2012 թվականի փետրվարի 29-ին՝ ժամը 10:00-ի սահմաններում... [կրտսեր սերժանտ Է.Ս.-ն] գնացել է հենակետ և տեսել շարքային [Տ. Վարյանին] գետնին` արյունահոսող գլխով, հրացանը՝ կրծքին: Կացարան վերադառնալով՝ նա [ավագ լեյտենանտ Հ.Հ.-ին] հայտնել է, որ շարքային [Տ. Վարյանը] ինքնասպանություն է գործել։ [Ավագ լեյտենանտ Հ.Հ.-ն] գնացել է հենակետ և վերադառնալուց հետո շարքային [Տ. Վարյանի] զինվորական սաղավարտն ու նրա գոտին (որին ամրացված էր պահեստային փամփշտատուփերով պայուսակը) տարել է հենակետ, որպեսզի տպավորություն ստեղծվի, թե [Տ. Վարյանն] ինքնասպանություն գործելիս հերթապահության է եղել... Այնուհետև [ավագ լեյտենանտ Հ.Հ.-ն] այրել է մարտական հենակետում [հերթապահության ժամերին վերաբերող] փաստաթղթերն ու դրանց փոխարեն կազմել նոր փաստաթղթեր, համաձայն որոնց՝ շարքային [Տ. Վարյանը] ժամը 08։00-ից մինչև 10։00-ն հերթապահել է. [ավագ լեյտենանտ Հ.Հ.-ն], [կրտսեր սերժանտ Է.Ս.-ն] և [շարքային Ռ.Ա.-ն] ստորագրել են [նոր կազմված փաստաթղթերը] ու ստորագրել են [Տ. Վարյանի] փոխարեն ... [ավագ լեյտենանտ Հ.Հ.]-ն այնուհետև ասել է, որ ... [կրտսեր սերժանտ Է.Ս.-ն] և ... [շարքային Ռ.Ա.-ն] բոլորին ասեն, որ շարքային [Տ. Վարյանը] ունեցել է ընտանեկան խնդիրներ, ինչի պատճառով էլ ինքնասպանություն է գործել…
2012 թվականի փետրվարի 27-ին... [կրտսեր սերժանտ Է.Ս.-ն] ... ստորացրել է շարքային [Տ. Վարյանին] և բռունցքով հարվածել նրա կրծքավանդակին... Բացի այդ, 2012 թվականի փետրվարի 28-ին ... [կրտսեր սերժանտ Է.Ս.-ն] ... ստորացրել է շարքային [Տ. Վարյանին] և առանց որևէ հիմնավորման՝ բռունցքով հարվածել է նրա կրծքին։
2012 թվականի փետրվարի 21-ին... [կրտսեր սերժանտ Գ.Մ.-ն] ստորացրել է [Տ. Վարյանին] և բռունցքով երեք անգամ հարվածել նրա կրծքավանդակին…»:
III. Դիմումատուի որդու մահվան հանգամանքների ՄԱՍՈՎ Ծառայողական քննությունը
39. 2012 թվականի փետրվարի 29-ին՝ այդ միջադեպի օրը (տե՛ս վերևում՝ 8-րդ պարբերությունը), Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի հրամանատարը հանձնարարել է իրականացնել Տ. Վարյանի մահվան հանգամանքների ծառայողական քննություն։ Այդ նպատակով ստեղծվել է հատուկ հանձնաժողով (ծառայողական հանձնաժողով)։
40. Չպարզված ամսաթվին ծառայողական հանձնաժողովը, ծառայողական քննության արդյունքների հիման վրա, զեկույց է ներկայացրել Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի հրամանատարին։ Զեկույցի համապատասխան մասերն ունեն հետևյալ բովանդակությունը.
«... Ըստ նախնական տեղեկությունների՝ [Տ. Վարյանը] ինքնասպանություն է գործել։
... Շարքային [Տ. Վարյանը] բնութագրվում է դրական... որպես կարգապահ և բարեխիղճ զինծառայող: Նա բանակ է զորակոչվել զինծառայողների պիտանելիությունը որոշող հիվանդությունների ցանկի 26-րդ կետի «դ» ենթակետով [սրտանոթային հիվանդություններ] և 17-րդ կետի «բ» ենթակետով [ֆիզիկական թերզարգացածություն] [Պաշտպանության նախարարի 2010 թվականի փետրվարի 26-ի թիվ 175 հրամանի թիվ 1 հավելվածի 26-րդ կետի «դ» ենթակետ և 17-րդ կետի «բ» ենթակետ]... կանոնավոր բժշկական զննումների ժամանակ [նա] որևէ գանգատ չի ունեցել:
[Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության] երրորդ կայազորի քննչական բաժնի կողմից մեկնարկած գործի քննությունն ընթացքի մեջ է։
Միջադեպից մոտ երկու ամիս առաջ շարքային [Տ. Վարյանը] [կրտսեր սերժանտ Է.Ս.]-ի կողմից նկատողություն է ստացել և ստորացվել՝ հենակետում հերթապահություն իրականացնելու ժամանակ քնելու համար…
Նույն ժամանակահատվածում... [Տ. Վարյանը] մթության պատճառով կեղտոտել է ... զուգարանը, ինչի արդյունքում նրան նվաստացրել է ... [կրտսեր սերժանտ Է.Ս.-ն]։ Վերջինիս ակտիվ մասնակցությամբ և [ավագ լեյտենանտ Հ.Հ.-ի] հրամանի համաձայն՝ ... շարքային [Տ. Վարյանը] սկսել է մեկ այլ տարածքում զուգարանի փոս փորել։
[Դեպքից երկու օր առաջ] ... [կրտսեր սերժանտ Է.Ս.-ն] ստորացրել է [Տ. Վարյանին] հենակետը բավարար չափով մաքուր չպահելու համար ... [և] բռունցքով հարվածել է նրա կրծքավանդակին ու ստիպել նորից մաքրել տարածքը:
Փետրվարի 28-ին՝ ժամը 21։00-ի սահմաններում... [ավագ լեյտենանտ Հ.Հ.-ն ստորացրել է Տ. Վարյանին]։ Ի պատասխան սպառնալիքների՝ շարքային [Տ. Վարյանը] ոչինչ չի ասել։ Շարունակելով վիճաբանությունը՝ [ավագ լեյտենանտ Հ.Հ.-ն] հավելել է, որ նրա [ավագ լեյտենանտ Հ.Հ.-ի] մեղքով է, որ [շարքային Տ. Վարյանը] մինչ այդ չի ավարտել զուգարանի փոսը փորելը և պահանջել է, որ հաջորդ օրը շարունակի փորել ...
Ըստ [կրտսեր սերժանտ Է.Ս.-ի] և [շարքային Ռ.Ա.-ի] տված ցուցմունքների՝ 2012 թվականի փետրվարի 29-ի առավոտյան ժամը 9։00-ի սահմաններում, այսինքն՝ դեպքի օրը, ... [ավագ լեյտենանտ Հ.Հ.-ն] գնացել է հենակետ, որտեղ շարքային [Տ. Վարյանը] հերթապահում էր, և տասը րոպե անց վերադարձել է կացարան: Մոտավորապես տասը-տասնհինգ րոպե անց կրակոց է լսվել։ Բոլորը բարձրացել են հենակետ և հայտնաբերել շարքային [Տ. Վարյանի] մարմինը։ Այնուհետև... [ավագ լեյտենանտ Հ.Հ.-ն] անձնակազմին հրամայել է ոչ մեկին չպատմել շարքային [Տ. Վարյանի] ինքնասպանությանը նախորդող դեպքերի մասին և ասել, որ նա ինքնասպանություն է գործել մի աղջկա պատճառով, որին նա հավանում էր… Ըստ [ավագ լեյտենանտ Հ.Հ.-ի] հաղորդման՝ դեպքի օրն ինքը հենակետ չի գնացել ...
Պարզվել է, որ [Տ. Վարյանը] հեղինակություն չի ունեցել, նրան հաճախ են ծաղրել ու նվաստացրել։ [Այդ գործում] հատկապես ակտիվ էր [կրտսեր սերժանտ Է.Ս.-ն]։
...
Ծառայողական քննությամբ բացահայտվել են հետևյալ թերությունները.
- ... [ավագ լեյտենանտ Հ.Հ.-ն] չի կարողացել կազմակերպել մարտական հերթապահությունը՝ թողնելով, որ այն [կազմակերպվի] առանց վերահսկողության։ Նրա անգործության հետևանքով զինծառայողների շրջանում գլուխ է բարձրացրել հանցավոր վարքագիծը. [Տ. Վարյանի] ինքնասպանության մեջ հատկապես զգալի է [կրտսեր սերժանտ Է.Ս.-ի] և [շարքային Ռ.Ա.-ի] մեղավորության աստիճանը։
- Սահմանված հերթապահությունը հաճախ չէր պահպանվում, և շարքային [Տ. Վարյանը] հերթապահում էր ... [կրտսեր սերժանտ Է.Ս.-ի] և ... [շարքային Ռ.Ա.-ի] փոխարեն ...
- Զորամասի հրամանատարությունը բացասաբար է բնութագրում [ավագ լեյտենանտ Հ.Հ.-ին], սակայն նա երբևէ նկատողություն չի ստացել…
...
Հետևյալ [գործոնները] նպաստել են [Տ. Վարյանի] ինքնասպանությանը.
- լինելով բնականից թույլ ու անինքնավստահ՝ նա ընկել է ստորաբաժանումում «հեղինակություն» ունեցող զինծառայողների ազդեցության տակ և դարձել բռնության զոհ…
- [կրտսեր սերժանտ Է.Ս.-ի] կողմից ստորացումն ու նկատողությունը հենակետում քնելու համար.
- մշտական նվաստացումներն ու [կրտսեր սերժանտ Է.Ս.-ի] կողմից հնչած հայհոյանքները ....
- [պարտականությունների] անարդար բաշխումը, որի արդյունքում [Տ. Վարյանին] անընդհատ ծանր ֆիզիկական աշխատանք էր հանձնարարվում ....
- [վերոնշյալ գործոնների հետևանքով] [Տ. Վարյանի] հեղինակազրկվելը, ինչն էլ հանգեցրել է սեփական կյանքին վերջ տալու որոշմանը…
Միջադեպը տեղի է ունեցել ... զորամասի հրամանատարության վատ վերահսկողության արդյունքում ... զինծառայողները ղեկավարվում են փողոցային կանոններով, և պատահում են զինծառայողների նվաստացման և ստորացման դեպքեր ... որոշ գործեր համարվում են ամոթալի և անարժանապատիվ, ինչը հանգեցնում է «ուժեղների և թույլերի» օրենքի գերակայությանը, [այնպես, որ], որպես կանոն, այդ տեսակի աշխատանքները կատարում են «թույլերը»։
41. 2012 թվականի մարտի 13-ին Հայաստանի պաշտպանության նախարարը ծառայողական քննության արդյունքների հիման վրա (տե՛ս վերևում՝ 40-րդ պարբերությունը) հրաման է արձակել, համաձայն որի դեպքի առնչությամբ զորամասի հրամանատարին, նրա տեղակալին և զորամասի հրետանու պետին նկատողություն է տրվել։ Զորամասի հրետանու պետը տեղափոխվել է ռեզերվ։ Զեկույցի համապատասխան մասերն ունեն հետևյալ բովանդակությունը.
«[Տ. Վարյանը] զորակոչվել է [Պաշտպանության նախարարի 2010 թվականի փետրվարի 26-ի թիվ 175 հրամանի թիվ 1 հավելվածի] 26-րդ կետի «դ» ենթակետի և 17-րդ կետի «բ» ենթակետի հիման վրա...
... միջադեպը հնարավոր էր կանխել, եթե՝
...
3) «Ինքնասպանության և ինքնավնասման դեպքերի կանխարգելման ... խումբը» կոնկրետ կանխարգելիչ աշխատանքներ իրականացներ զինծառայողների հետ.
...
6) զինծառայողների միջև բախումներն ու համակրանքի բացակայությունը կանխվեին հենակետում վերադաս սպայի կողմից, և այդ մասին զեկուցվեր հրամանատարությանը.
...
9) ... [Տ. Վարյանը] ծառայակիցների և նրա անմիջական հրամանատարի կողմից մշտական բռնությունների չենթարկվեր…
10) համապատասխան պաշտոնյաները ժամանակին քննեին [Տ. Վարյանի] ֆիզիկապես թույլ, ինքնամեկուսացված և անինքնավստահ լինելու հանգամանքը ու կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկեին.
11) տիրեր պատշաճ բարոյական մթնոլորտ և զինծառայողները չղեկավարվեին ոչ կանոնադրական ու փողոցային բարքերով. չլինեին զինծառայողների նվաստացման և ստորացման դեպքեր. ... և առօրյա աշխատանքները միայն «թույլ» զինծառայողներին չհանձնարարվեին…»:
IV. Դատաքննությունը
Ա. Առաջին ատյանի դատարանում դատաքննությունը
42. Չպարզված ամսաթվին Լեռնային Ղարաբաղի Ստեփանակերտ քաղաքում գտնվող Սյունիքի մարզային դատարանում (Մարզային դատարան) մեկնարկել է ավագ լեյտենանտ Հ.Հ.-ի և կրտսեր սերժանտներ Է.Ս.-ի և Գ.Մ.-ի նկատմամբ հարուցված գործի դատաքննությունը:
43. Դատաքննության ընթացքում մեղադրողը միջնորդել է կրտսեր սերժանտ Գ.Մ.-ի նկատմամբ առաջադրված մեղադրանքը (տե՛ս վերևում՝ 30-րդ պարբերությունը) վերաորակել ըստ նախկին Քրեական օրենսգրքի վերջերս ընդունված 358.1 հոդվածի 2-րդ մասի (տե՛ս ստորև՝ 51-րդ պարբերությունը):
44. Դատաքննության ընթացքում դիմումատուն պնդել է, որ իր որդու մահվան հանգամանքների քննությունն արդյունավետ չի եղել, քանի որ նրա մահվան հանգամանքները պատշաճ կերպով չեն հաստատվել: Դիմումատուն մասնավորապես պնդել է, որ չի պարզվել, որ իր որդին իսկապես ինքնասպանություն է գործել, այլ ոչ թե սպանվել է այլ անձի կամ անձանց կողմից: Բացի այդ, զգալի անհամապատասխանություններ են եղել ծառայողական քննությանը հաջորդած զեկույցում հաստատված փաստերի (տե՛ս վերևում՝ 40-րդ պարբերությունը) և մեղադրական եզրակացության մեջ նկարագրված իրադարձությունների վարկածի միջև (տե՛ս վերևում՝ 38-րդ պարբերությունը):
45. 2013 թվականի օգոստոսի 6-ին Մարզային դատարանն ավագ լեյտենանտ Հ.Հ.-ին մեղավոր է ճանաչել ըստ մեղադրանքի (տե՛ս վերևում՝ 35-րդ պարբերությունը) և դատապարտել նրան չորս տարի վեց ամիս ժամկետով ազատազրկման: Կրտսեր սերժանտներ Է.Ս.-ն և Գ.Մ.-ն նույնպես մեղավոր են ճանաչվել ըստ մեղադրանքի (տե՛ս վերևում՝ 29-րդ և 43-րդ պարբերությունները) և երկուսն էլ դատապարտվել են չորս ամիս ժամկետով ազատազրկման: Ավագ լեյտենանտ Հ.Հ.-ն և կրտսեր սերժանտներ Է.Ս.-ն և Գ.Մ.-ն բոլորը հրաժարվել են դատաքննության ընթացքում ցուցմունք տալուց: Մարզային դատարանը հաստատված է համարել մեղադրական եզրակացության մեջ նկարագրված փաստերը (տե՛ս վերևում՝ 38-րդ պարբերությունը): Այն մասնավորապես եզրակացրել է, որ Տ. Վարյանի նկատմամբ ավագ լեյտենանտ Հ.Հ.-ի կողմից դրսևորված վարքագիծն ու գործողություններն անզգուշությամբ առաջացրել են վերջինիս ինքնասպանությունը, որ կրտսեր սերժանտ Է.Ս.-ն փետրվարի 27-ին և 28-ին Տ. Վարյանի նկատմամբ դաժան վերաբերմունք է դրսևորել ե՛ւ բանավոր, ե՛ւ ֆիզիկապես, և որ կրտսեր սերժանտ Գ.Մ.-ն փետրվարի 21-ին Տ. Վարյանին ենթարկել է բանավոր և ֆիզիկական բռնության (տե՛ս վերևում՝ 38-րդ պարբերությունը):
Բ. Դիմումատուի բողոքները
46. Դիմումատուն բողոք է ներկայացրել՝ պնդելով, մասնավորապես, որ վարույթով չեն բացահայտվել Տ.Վարյանի մահվան բոլոր հանգամանքները կամ պատժվել դրա մեղավորները, այդ թվում՝ զորամասի հրամանատարական կազմը։ Դիմումատուն մանրամասնորեն հիմնավորել է, որ քննության ընթացքում չեն հաստատվել մահվան հետ կապված մի շարք կարևոր փաստեր, ինչպիսիք են, inter alia, դիակի գտնվելու վայրն ու մահվան ժամը: Նա վերստին նշել է իր այն փաստարկը, որ էական հակասություններ կան ծառայողական քննության զեկույցի և քրեական գործով քննության ընթացքում փաստերի հաստատման եղանակի միջև (տե՛ս վերևում` 44-րդ պարբերությունը):
47. 2013 թվականի հոկտեմբերի 28-ին Վերաքննիչ քրեական դատարանն անփոփոխ է թողել Մարզային դատարանի դատավճիռը։ Ինչ վերաբերում է դիմումատուի կողմից իր բողոքում բերված փաստարկներին, ապա Վերաքննիչ դատարանը նշել է հետևյալը.
«Քրեական գործի նախաքննության և դատաքննության ընթացքում հաստատվել է, որ Տ. Վարյանի մահը վրա է հասել ինքնասպանության, այլ ոչ թե սպանության հետևանքով. ձեռնարկվել են բոլոր հնարավոր քննչական և դատավարական միջոցառումները՝ հանցագործությունը բացահայտելու համար, մեղավորները ենթարկվել են քրեական պատասխանատվության և պատժի»։
48. Դիմումատուն այդ որոշման դեմ վճռաբեկ բողոք է ներկայացրել՝ բերելով իր նախկին բողոքում հնչեցրած փաստարկներին համանման փաստարկներ:
49. 2013 թվականի դեկտեմբերի 27-ին Վճռաբեկ դատարանը դիմումատուի վճռաբեկ բողոքը հայտարարել է անընդունելի՝ հիմքերի բացակայության պատճառով։
ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ շրջանակը
I. Քրեական օրենսգիրք
50. Նախկին Քրեական օրենսգրքի համապատասխան դրույթները (ուժի մեջ՝ մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը) հետևյալն էին.
51. 358.1 հոդվածի 2-րդ մասով սահմանվում էր, որ զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ ստորադասին ծեծելը կամ նրա նկատմամբ այլ բռնություն գործադրելը կամ դա գործադրելու սպառնալիքը ստորադասի նկատմամբ պատժվում է զինվորական ծառայության մեջ սահմանափակմամբ` մեկից երեք տարի ժամկետով, կամ կալանքով` մեկից երեք ամիս ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը հինգ տարի ժամկետով:
52. 359-րդ հոդվածի 1-ին մասով սահմանվում էր, որ զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջև ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում, որն արտահայտվել է ծաղրուծանակի ենթարկելով կամ հալածելով կամ ծեծելով կամ այլ բռնի գործողություններ կատարելով, պատժվում է կարգապահական գումարտակում պահելով՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:
53. 365-րդ հոդվածի 1-ին մասով սահմանվում էր, որ Հայաստանի Հանրապետության վրա անակնկալ հարձակումը ժամանակին հայտնաբերելու և դրան դիմակայելու կամ Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովմանն ուղղված մարտական հերթապահության կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը, եթե այդ արարքը վնաս է պատճառել, պատժվում է կարգապահական գումարտակում պահելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ զինվորական ծառայության մեջ սահմանափակմամբ` մեկից երկու տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
54. 375-րդ հոդվածի 1-ին մասով սահմանվում էր, որ պետի կամ պաշտոնատար անձի կողմից իշխանությունը կամ պաշտոնեական դիրքը չարաշահելը, իշխանազանցությունը կամ պաշտոնեական լիազորությունների սահմանն անցնելը, ինչպես նաև իշխանության անգործությունը, եթե այդ արարքները կատարվել են շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով, և եթե դրանք էական վնաս են պատճառել՝ պատժվում էին ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով:
55. 375-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ վերոնշյալ արարքները, որոնք անզգուշությամբ նյութական ծանր հետևանքներ են առաջացրել, պատժվում են ազատազրկմամբ՝ երեքից յոթ տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:
II. Քրեական դատավարության օրենսգիրք
56. Նախկին Քրեական դատավարության օրենսգրքի համապատասխան դրույթները (ուժի մեջ՝ մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը) հետևյալն էին.
57. 114-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ փորձագետը կարող էր հարցաքննվել իր տված եզրակացության պարզաբանման կապակցությամբ: Փորձագետի հարցաքննության արձանագրությունը չէր կարող փոխարինել փորձագետի եզրակացությանը (114-րդ հոդվածի 3-րդ մաս):
58. 252-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, եթե փորձագետի եզրակացությունը բավարար չափով պարզ չէր, ուներ բացեր, որոնք լրացնելու համար չէին պահանջվում լրացուցիչ հետազոտություններ կամ անհրաժեշտություն էր առաջանում ճշտելու փորձագետի կողմից կիրառված մեթոդները և հասկացությունները, քննիչն իրավունք ուներ հարցաքննելու փորձագետին` վկաներին հարցաքննելու համար կիրառվող կանոններին համապատասխան:
III. Փոխհատուցում ստանալու իրավունքը
59. Վնասի հատուցման մասով ներպետական իրավունքի՝ տվյալ ժամանակ գործող համապատասխան դրույթները շարադրված են Միրզոյանն ընդդեմ Հայաստանի [Mirzoyan v. Armenia] (թիվ 57129/10, §§ 46-50, 2019 թվականի մայիսի 23) գործում։
IV. «ՀՀ զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենք
60. «ՀՀ զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքը (Ներքին ծառայության կանոնագիրք), որն ընդունվել է 1996 թվականի դեկտեմբերի 3-ին, Հայաստանի զինված ուժերում զինվորական ծառայությունը կարգավորող հիմնական իրավական փաստաթուղթն է (տե՛ս նաև Հովհաննիսյանը և Նազարյանն ընդդեմ Հայաստանի [Hovhannisyan and Nazaryan v. Armenia] գործը, թիվ 2169/12 և թիվ 29887/14, § 86, 2022 թվականի նոյեմբերի 8):
61. Ներքին ծառայության կանոնագրքի 6-րդ հոդվածով նախատեսվում է, որ զինծառայողները գտնվում են պետության պաշտպանության տակ: Նրանց կյանքը, առողջությունը, պատիվն ու արժանապատվությունը պահպանվում են օրենքով։ Զինծառայողին անվանարկելը, սպառնալիքը, բռնությունը կամ ոտնձգությունը նրա կյանքի, առողջության, ունեցվածքի նկատմամբ և զինծառայողի վրա դրված պարտականությունների կատարմանը խոչընդոտող այլ գործողություններ, ինչպես նաև նրա իրավունքների ոտնահարումը առաջացնում են ՀՀ օրենսդրությամբ սահմանված պատասխանատվություն:
62. 11-րդ հոդվածով նախատեսվում է, որ զինծառայողները զինվորական ծառայության պարտականությունները կատարելիս, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև ծառայությունից դուրս ունեն զենք պահելու, կրելու, գործադրելու և օգտագործելու իրավունք: Զենքը պահելու, կրելու կանոնները և գործադրելու կարգը սահմանվում են սույն Ներքին ծառայության կանոնագրքով: Այնուհետև 11-րդ հոդվածում թվարկվում են այն հատուկ դեպքերը, երբ զինծառայողները որպես ծայրահեղ միջոց իրավունք ունեն զենք գործադրելու, այդ թվում՝ այլ զինծառայողների և քաղաքացիական անձանց կյանքին կամ առողջությանը սպառնացող հարձակումից պաշտպանելու համար։
63. 12-րդ հոդվածում նշվում է, ի թիվս այլնի, որ զենքի գործադրմանը պետք է նախորդի նախազգուշացում՝ բացառությամբ հատուկ դեպքերի (նույն հոդվածով սահմանված): Զենք գործադրելու և օգտագործելու դեպքում զինծառայողը պարտավոր է ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները՝ շրջապատի քաղաքացիների անվտանգության ապահովման համար, իսկ անհրաժեշտության դեպքում` տուժածներին ցույց տալ անհետաձգելի բուժօգնություն:
V. Պաշպանության նախարարի՝ 2010 թվականի փետրվարի 26-ի թիվ 175 հրաման (ՀՀ պաշտպանության նախարարի 2010 թՎԱԿԱՆի փետրվարի 26-ի թիվ 175 հրամանը զինապարտների բժշկական եվ զինծառայողների ռազմաբժշկական փորձաքննության կարգը հաստատելու մասին)
64. Սույն հրամանը, որը դադարել է գործել 2013 թվականի հունիսի 11-ից, սահմանում էր, inter alia, պարտադիր զինվորական ծառայության զորակոչվող անձանց՝ զինվորական ծառայության համար նրանց պիտանիությունը որոշելու նպատակով բժշկական փորձաքննության կարգը։ Դրանում, ի թիվս այլ հարցերի, նշվում էր, որ համապատասխան փորձաքննությունները բժշկական և ռազմաբժշկական հանձնաժողովների կողմից պետք է իրականացվեին հրամանի հավելվածներին համապատասխան (2-րդ կետ): Զորակոչիկների վերաբերյալ Կենտրոնական բժշկական հանձնաժողովի որոշումները վերջնական էին (29-րդ կետ)։ Կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի գործառույթները, ի թիվս այլ հարցերի, ներառում էին ենթակա փորձաքննության մարմինների եզրակացությունները հաստատելու կամ մերժելու վերաբերյալ որոշում կայացնելը, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում՝ զինծառայողների և զորակոչի ենթակա անձանց փորձաքննության վերաբերյալ որոշումներ ընդունելը։
65. Այդ հրամանի թիվ 1 հավելվածով սահմանվում էր հիվանդությունների և ֆիզիկական թերությունների ընդարձակ ցանկ՝ համապատասխան բժշկական և ռազմաբժշկական հանձնաժողովների կողմից կայացվող համապատասխան որոշումներով։ Թիվ 1 հավելվածի 17-րդ կետի «բ» ենթակետում նշվում էր, որ ֆիզիկական թերզարգացման դեպքում, եթե անհատի քաշը 45 կգ-ից ավելի է և հասակը 150 սմ-ից բարձր է, նա պիտանի է զինվորական ծառայության։ Նշված հրամանի թիվ 1 հավելվածի 26-րդ կետը վերաբերում էր սրտին և սրտի հետ կապված տարբեր հիվանդություններին: 26-րդ կետի «դ» ենթակետի համաձայն՝ այն անձինք, որոնք ունեին այնպիսի վիճակ, որը չէր առաջացնում հեմոդինամիկայի (արյան շրջանառության) խանգարումներ, պիտանի էին ոչ շարային ծառայության։
իրավունքը
I. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 2-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ
66. Դիմումատուն բողոք է ներկայացրել պարտադիր զինվորական ծառայության ընթացքում իր որդու մահվան կապակցությամբ և պնդել, որ մարմիններն այդ հարցի առնչությամբ արդյունավետ քննություն չեն իրականացրել։ Նա հիմնվել է Կոնվենցիայի 2-րդ հոդվածի վրա, որի համապատասխան մասն ունի հետևյալ բովանդակությունը.
«1. Յուրաքանչյուրի կյանքի իրավունքը պաշտպանվում է օրենքով»:
Ա. Ընդունելիությունը
1. Իրավազորությունը
67. Կառավարությունը պնդել է, որ Հայաստանի իրավազորությունը պետք է ընդունվեր «պետական իշխանական գործառույթների և վերահսկողության» բացառման հիմքով, քանի որ բողոքարկվող բոլոր ակտերը վերագրվել են Հայաստանի իշխանություններին: Մասնավորապես Տ.Վարյանի մահվան հանգամանքների, ինչպես նաև դրան հաջորդած դատական գործի քննությունն իրականացրել են Հայաստանի Հանրապետության իշխանությունները։
68. Դիմումատուն պնդել է, որ բողոքարկվող հարցերը Հայաստանի իրավազորության շրջանակներում էին։
69. Դատարանը նշում է, որ նախկինում քննել է Հայաստանի իրավազորության հարցը Լեռնային Ղարաբաղում զինվորական ծառայության ընթացքում մահվան դեպքերով այլ գործերով և գտել, որ Կոնվենցիայի 1-ին հոդվածի նպատակներով Հայաստանի և նշված տարածքում զինվորական ծառայություն իրականացնող անձանց միջև իրավազորության առումով կապ կա (տե՛ս Մուրադյանն ընդդեմ Հայաստանի [Muradyan v. Armenia] գործը, թիվ 11275/07, § 123-127, 2016 թվականի նոյեմբերի 24, Նանա Մուրադյանն ընդդեմ Հայաստանի [Nana Muradyan v. Armenia] գործը, թիվ 69517/11, §§ 86-92, 2022 թվականի ապրիլի 5, Դիմաքսյանն ընդդեմ Հայաստանի [Dimaksyan v. Armenia] գործը, թիվ 29906/14, §§ 43 և 44, 2023 թվականի հոկտեմբերի 17, Հովհաննիսյանն ու Կարապետյանն ընդդեմ Հայաստանի [Hovhannisyan and Karapetyan v. Armenia] գործը, թիվ 67351/13, §§ 59-63, 2023 թվականի հոկտեմբերի 17, որոնք վերաբերում են Լեռնային Ղարաբաղում պարտադիր զինվորական ծառայության ժամանակ զորակոչիկների մահվան դեպքերին, և համեմատի՛ր Միրզոյանն ընդդեմ Հայաստանի [Mirzoyan v. Armenia] գործի հետ, թիվ 57129/10, §§ 55-56, 2019 թվականի մայիսի 23, որը վերաբերում է Լեռնային Ղարաբաղում պարտադիր զինվորական ծառայության ընթացքում զորակոչիկի սպանությանը)։
70. Դիմումատուի որդին մահացել է 2012 թվականի փետրվարի 29-ին «ԼՂՀ»-ում գտնվող զորամասում (տե՛ս վերևում՝ 7-րդ և 8-րդ պարբերությունները): Դատարանը նշում է, որ գործի փաստերը տեղի են ունեցել նախքան Լեռնային Ղարաբաղի պատերազմի հետևանքով երկրում տիրող իրավիճակի փոփոխությունը, որն ավարտվել է 2020 թվականի նոյեմբերի 10-ին, երբ Ադրբեջանը գրավել է հարակից բոլոր տարածքները և «ԼՂՀ»-ի մի մասը, և երբ ռուս խաղաղապահները տեղակայվել են տարածքում (տե՛ս վերևում նշված Նանա Մուրադյանի գործը, § 91) և 2023 թվականի սեպտեմբերին երկրում տիրող իրավիճակի հետագա փոփոխությամբ՝ պայմանավորված Լեռնային Ղարաբաղի իննամսյա շրջափակմամբ, Ադրբեջանի հետագա գործողություններով և Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության արտագաղթով։ Հետևաբար Դատարանը սույն գործում չի գտնում որևէ առանձնահատուկ հանգամանք, որն իրեն կստիպեր շեղվել վերևում՝ 69-րդ պարբերությունում նշված գործերով իր կայացրած եզրակացություններից: Հետևաբար Դատարանը գտնում է, որ սույն գործով Կոնվենցիայի 1-ին հոդվածի նպատակների համար իրավազորության կապ է եղել Հայաստանի և դիմումատուի մահացած որդու միջև այն հիմքով, որ նշված ժամանակահատվածում Հայաստանն արդյունավետ վերահսկողություն է իրականացրել Լեռնային Ղարաբաղի և հարակից տարածքների նկատմամբ (տե՛ս, օրինակ, Դիմաքսյանի գործը, § 44, և Հովհաննիսյանի ու Կարապետյանի գործը, § 62, որոնք երկուսն էլ նշված են վերևում):
2. Ներպետական իրավական պաշտպանության միջոցները չսպառելը և վեցամսյա ժամկետի կանոնը չպահպանելը
71. Ի պատասխան դիմումատուի դիտարկումների՝ 2017 թվականի հոկտեմբերի 11-ի իր հետագա դիտարկումներում Կառավարությունը պնդել է, որ նա չի սպառել Կոնվենցիայի 2-րդ և 3-րդ հոդվածներով իր բողոքների մասով պաշտպանության ներպետական միջոցները: Մասնավորապես Կառավարությունը պնդել է, որ դիմումատուն չի ներկայացրել ոչ նյութական վնասի հատուցման քաղաքացիական հայց, և եթե նա համարեր, որ դա արդյունավետ պաշտպանության միջոց չէ, ապա պետք է իր դիմումը ներկայացներ ծառայողական քննության արդյունքների հրապարակման օրվանից վեց ամսվա ընթացքում։ Այդ կապակցությամբ Կառավարությունը պնդել է, որ վեցամսյա ժամկետի հաշվարկման մեկնարկային կետը պետք է լինի 2012 թվականի մարտի 13-ը (տե՛ս վերևում՝ 41-րդ պարբերությունը):
72. Դատարանը նշում է, որ Դատարանի Կանոնակարգի 55-րդ կանոնի համաձայն, անընդունելիության վերաբերյալ ցանկացած միջնորդություն պետք է արվի պատասխանող Պայմանավորվող կողմի կողմից, այնքանով, որքանով առարկության բնույթն ու հանգամանքները դա թույլ են տալիս, գանգատի ընդունելիության վերաբերյալ իր գրավոր կամ բանավոր դիտարկումներում: Կառավարության կողմից գործի ընդունելիության վերաբերյալ իր նախնական դիտարկումներում այդպիսի առարկություններ ներկայացնելու մասով ցանկացած բացթողում կարող է հանգեցնել նրան, որ Դատարանը կարող է եզրակացնել, որ Կառավարությունը զրկվել է այդ առարկությունները վարույթի ավելի ուշ փուլում ներկայացնելու հնարավորությունից (տե՛ս Խլաիֆիան և այլք ընդդեմ Իտալիայի [ՄՊ] [Khlaifia and Others v. Italy [GC]] գործը, թիվ 16483/12, §§ 51-54, 2016 թվականի դեկտեմբերի 15):
73. Այս գանգատի ընդունելիության և ըստ էության քննության վերաբերյալ 2017 թվականի ապրիլի 11-ի իր դիտարկումներում Կառավարությունն առարկություն է ներկայացրել Կոնվենցիայի 13-րդ հոդվածի համաձայն դիմումատուի բողոքի առնչությամբ ներպետական իրավական պաշտպանության միջոցները չսպառելու վերաբերյալ (տե՛ս ստորև՝ 138-րդ պարբերությունը), մինչդեռ Դիմումատուի կողմից Կոնվենցիայի 2-րդ և 3-րդ հոդվածներով նախատեսված՝ իր բողոքների մասով ներպետական իրավական պաշտպանության միջոցները չսպառելու և վեցամսյա ժամկետը չպահպանելու հարցն առաջին անգամ բարձրաձայնվել է 2017 թվականի հոկտեմբերի 11-ի՝ Կառավարության հետագա դիտարկումներում, որոնք ներկայացվել են ի պատասխան դիմումատուի դիտարկումների (տե՛ս վերևում՝ 71-րդ պարբերությունը):
74. Դատարանը նշում է, որ Կառավարությունը նախկինում այդպիսի առարկություններ է ներկայացրել բանակում մահվան դեպքերի վերաբերյալ այլ գործերով (տե՛ս, օրինակ, վերևում հիշատակված՝ Նանա Մուրադյանի գործը, § 101, Հովհաննիսյանն ու Նազարյանն ընդդեմ Հայաստանի գործը, թիվ 2169/12 և թիվ 29887/14, § 92, 2022 թվականի նոյեմբերի 8, և վերևում հիշատակված՝ Հովհաննիսյանի և Կարապետյանի գործը, § 64): Այնուամենայնիվ, Կառավարությունը չի բացատրել, թե ինչու սույն գործով իր առարկությունները չեն բարձրացվել գանգատի ընդունելիության վերաբերյալ իր առաջին գրավոր դիտարկումներում, և որևէ բացատրություն չի տրվել առարկությունները բարձրացնելու հարցն ուշացնելու համար: Դատարանը չի գտնում որևէ բացառիկ հանգամանք, որը կարող է Կառավարությանն ազատել ընդունելիության վերաբերյալ ժամանակին առարկություն ներկայացնելու իր պարտականությունից:
75. Դատարանը վերահաստատում է, որ այն դեպքում, երբ պատասխանող կառավարությունը գործի մասին ծանուցվել է, իր ընդունված գործելակերպն այն է, որ գանգատն անընդունելի չի հայտարարվում ներպետական իրավական պաշտպանության միջոցները չսպառելու համար, քանի դեռ Կառավարությունն իր դիտարկումներում չի բարձրացրել այդ հարցը (տե՛ս Յ.-ն ընդդեմ Լատվիայի [Y v. Latvia] գործը, թիվ 61183/08, § 40, 2014 թվականի հոկտեմբերի 21, հետագա հղումների հետ միասին): Հաշվի առնելով այն փաստը, որ Կառավարությունը ժամանակին չի ներկայացրել իր նախնական առարկությունները (տե՛ս վերևում՝ 74-րդ պարբերությունը), նա զրկվել է առարկություն ներկայացնելու հնարավորությունից այն մասին, որ դիմումատուն չի սպառել Կոնվենցիայի 2-րդ և 3-րդ հոդվածներով նախատեսված՝ բողոքների առնչությամբ ներպետական իրավական պաշտպանության միջոցները (տե՛ս, համապատասխան փոփոխություններով՝ Ստանևն ընդդեմ Բուլղարիայի [ՄՊ] [Stanev v. Bulgaria [GC]] գործը, թիվ 36760/06, §§ 195-196, ՄԻԵԴ 2012թ., և վերևում հիշատակված՝ Խլաիֆիան և այլք ընդդեմ Իտալիայի գործը, §§ 53-54): Հետևաբար Կառավարության առարկությունը պետք է մերժվի: Մյուս կողմից՝ թեև Կառավարությունը վեցամսյա ժամկետի կիրառման մասով առարկություն չի ներկայացրել սույն գործի ընդունելիության և ըստ էության քննության վերաբերյալ դիտարկումների առաջին փուլում (տե՛ս վերևում՝ 73-րդ պարբերությունը), Դատարանը կարող է և իրականում նույնիսկ իր նախաձեռնությամբ պետք է կիրառի Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված վեցամսյա ժամկետի կանոնը, քանի որ դա հանրային քաղաքականություն է (տե՛ս, համապատասխան փոփոխություններով՝ Մերաբիշվիլին ընդդեմ Վրաստանի [ՄՊ] [Merabishvili v. Georgia [GC]] գործը, թիվ 72508/ 13, § 247, 2017 թվականի նոյեմբերի 28՝ հետագա հղումներով): Ասվածը հաշվի առնելով և այնքանով, որքանով Կառավարությունը պնդել է, որ Կոնվենցիայի 2-րդ և 3-րդ հոդվածների համաձայն՝ դիմումատուի բողոքների առնչությամբ վեցամսյա ժամկետը պետք է հաշվարկվեր 2012 թվականի մարտի 13-ից՝ այն օրվանից, երբ Պաշտպանության նախարարի հրամանն ընդունվել էր՝ խնդրո առարկա միջադեպի վերաբերյալ ծառայողական քննության արդյունքում կարգապահական տույժեր կիրառելով՝ (տե՛ս վերևում՝ 41-րդ պարբերությունը)՝ Դատարանը նկատում է, որ այն վերջերս ուսումնասիրել է, թե արդյոք Պաշտպանության նախարարի կողմից տրված այդպիսի հրամանները կարող են բանակում մահվան ելքով դեպքերի մասով համարվել որպես «վերջնական որոշում»՝ Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 1-ին կետի իմաստով, և եզրակացրել է, որ դրանք չեն կարող համարվել վերջնական (տե՛ս Աշոտ Մալխասյանն ընդդեմ Հայաստանի [Ashot Malkhasyan v. Armenia] գործը, թիվ 35814/14, §§ 69-71, 2022 թվականի հոկտեմբերի 11, վերևում հիշատակված՝ Հովհաննիսյանի և Նազարյանի գործը, §§ 95-99, և Հովհաննիսյանի և Կարապետյանի գործը, § 67): Դատարանն այս գործում այդ եզրահանգումից շեղվելու որևէ պատճառ չի տեսնում։ Ավելին, այն հիմքեր չունի համարելու, որ Տ. Վարյանի մահվան հանգամանքների վերաբերյալ քրեական վարույթը եղել է անարդյունավետ պաշտպանության միջոց՝ Կոնվենցիայի 2-րդ և 3-րդ հոդվածներով նախատեսված՝ դիմումատուի բողոքների մասով: Դատարանն այս կապակցությամբ նկատում է, որ այդ վարույթով վերջնական որոշումը կայացվել է Վճռաբեկ դատարանի կողմից 2013 թվականի դեկտեմբերի 27-ին (տե՛ս վերևում՝ 49-րդ պարբերությունը), և որ դիմումատուն իր բողոքը ներկայացրել է 2014 թվականի հունիսի 27-ին, այսինքն՝ վեցամսյա ժամկետի պահանջի պահպանմամբ։ Ուստի Դատարանը համարում է, որ գանգատը ժամկետից ուշ չի ներկայացվել:
3. Անընդունելիության այլ հիմքեր
76. Դատարանը նշում է, որ սույն բողոքը ո՛չ ակնհայտ անհիմն է, ո՛չ էլ անընդունելի Կոնվենցիայի 35-րդ հոդվածում նշված որևէ այլ հիմքով։ Հետևաբար այն պետք է հայտարարվի ընդունելի։
Բ. Ըստ էության քննությունը
1. Կողմերի փաստարկները
ա) Դիմումատուն
77. Դիմումատուն պնդել է, որ իր որդին ինքնասպանություն է գործել պետական իշխանության մարմինների բացառիկ հսկողության ներքո պարտադիր զինվորական ծառայություն իրականացնելիս, որոնք, ըստ նրա պնդման, չեն պաշտպանել նրա կյանքի իրավունքը՝ խախտելով Կոնվենցիայի 2-րդ հոդվածը։
78. Դիմումատուն նաև պնդել է, որ իր որդու նկատմամբ շարունակաբար ցուցաբերվել է ֆիզիկական և հոգեբանական բնույթի վատ վերաբերմունք, որի հետևանքով նա ինքնասպանություն է գործել։ Ավելին, զորամասում կարգապահություն չի եղել, որի հետևանքով պատշաճ ձևով չի կազմակերպվել զինվորական պարտականությունների կատարումը և ստեղծվել է այնպիսի անառողջ միջավայր, որ թե՛ ծառայակիցները և թե՛ վերադաս սպաները օգտվել են Տ. Վարյանին պարբերաբար ծաղրելու և նվաստացնելու հնարավորությունից։ Բացի այդ, չնայած դիմումատուի որդին ճանաչվել է միայն ոչ մարտական ծառայության համար պիտանի (տե՛ս վերևում՝ 6-րդ պարբերությունը), նա իրականացրել է հերթապահություն մարտական հենակետում, հաճախ՝ իր ծառայակիցների փոխարեն, և պարտադրաբար կատարել է ծանր ֆիզիկական աշխատանք։ Արդյունքում իր որդին ենթարկվել է ծանր ֆիզիկական և հոգեբանական ճնշման, որն էլ կարող էր լինել նրա՝ հերթապահության ժամանակ քուն մտնելու պատճառ։ Դա եղել է ևս մեկ պատրվակ նրա նկատմամբ վատ վերաբերմունք ցուցաբերելու համար։
79. Ինչ վերաբերում է գործի քննությանը, ապա դիմումատուն պնդել է, որ քննությամբ չեն պարզվել նրա որդու մահվան իրական հանգամանքները և չեն բացահայտվել բոլոր պատասխանատուները։ Առաջադրված միակ վարկածը եղել է ինքնասպանությունը։ Անտեսվել են մի շարք կարևոր կետեր, այդ թվում՝ այն փաստը, որ չնայած միայն ոչ մարտական ծառայության համար պիտանի ճանաչված լինելուն՝ Տ. Վարյանին հանձնարարվել է ծանր ֆիզիկական աշխատանք։ Արդյունքում այն անձինք, որոնք ներգրավել են նրան այդ աշխատանքներում, չեն բացահայտվել և պատասխանատվության չեն ենթարկվել։
բ) Կառավարությունը
80. Կառավարությունը պնդել է, որ ինչպես հաստատել են քննության ընթացքում հարցաքննված բոլոր վկաները, Տ. Վարյանը երբեք չի խոսել ինքնասպանություն գործելու մասին և երբեք չի դրսևորել անհանգստացնող նշաններ (տե՛ս վերևում՝ 15-րդ պարբերությունը)։ Նրանք հղում են կատարել Տ. Վարյանի՝ զորակոչի ժամանակ իրականացված բժշկական զննություններին, որոնք ի հայտ չեն բերել որևէ հոգեբանական խնդիր, ինչպես նաև նրա զինվորական ծառայության ընթացքում կազմված անձնական հատկանիշների մասին անձնական բնութագրերին, որտեղ Տ. Վարյանը նկարագրվել է որպես բարեխիղճ և պատասխանատու ծառայող, որը չի ունեցել վատ սովորություններ։
81. Թեև ենթադրաբար Տ. Վարյանի ինքնասպանության պատճառ են դարձել ավագ լեյտենանտ Հ.Հ.-ի և կրտսեր սերժանտ Է.Ս.-ի և Գ.Մ.-ի գործողությունները, ինքնասպանություն գործելու որոշումը կայացվել է արագ և ակնթարթորեն, հետևաբար զորամասի հրամանատարական կազմը չգիտեր և չէր կարող իմանալ այդ ռիսկի մասին։
82. Վկայակոչելով նախկին Քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 1-ին մասը և 375-րդ հոդվածի 1-ին մասը (տե՛ս վերևում՝ 52-րդ և 54-րդ պարբերությունները) և Ներքին ծառայության կանոնագրքի 6-րդ հոդվածը (տե՛ս վերևում՝ 61-րդ պարբերությունը)՝ Կառավարությունը պնդել է, որ համապատասխան ներպետական կարգավորումներով նախատեսված է արդյունավետ իրավակիրառ մեխանիզմ՝ կյանքի իրավունքի խախտումները կանխելու, նախականխելու և պատժելու համար, ինչպես նաև կանխարգելիչ և պատժիչ միջոցառումներ՝ զինծառայողի անվտանգությունը և պաշտպանությունն ապահովելու համար։
83. Անդրադառնալով գործի քննությանը՝ Կառավարությունը պնդել է, որ դրա ընթացքը եղել է արագ, անկախ, պատշաճ և տուժող կողմին հասանելի։
84. Ինչ վերաբերում է մասնավորապես քննության պատշաճ ընթացքին, Կառավարությունը հղում է կատարել վկաների մեծաթիվ հարցաքննություններին (տե՛ս, օրինակ, վերևում՝ 13-18-րդ, 20-22-րդ և 26-րդ պարբերությունները) և մի քանի առերեսումներին, որոնք իրականացվել են մեղադրյալների (ավագ լեյտենանտ Հ.Հ. և կրտսեր սերժանտներ Է.Ս. և Գ.Մ.) և հիմնական վկա շարքային Ռ.Ա.-ի ցուցմունքներում առկա անհամապատասխանությունների վրա լույս սփռելու նպատակով (տե՛ս վերևում՝ 23-25-րդ պարբերությունները), ինչպես նաև իրականացված բազմաթիվ դատաբժշկական փորձաքննություններին (տե՛ս, օրինակ, վերևում՝ 19-րդ, 32-րդ և 37-րդ պարբերությունները)։
85. Ինչ վերաբերում է մասնավորապես Տ. Վարյանի մարմնի վրա հայտնաբերված ոչ հրազենային վնասվածքներին, ապա Կառավարությունը ներկայացրել է դիահերձումն իրականացրած դատաբժշկական փորձագետի այն հարցաքննության արձանագրությունը (տե՛ս վերևում՝ 36-րդ պարբերությունը), որի ընթացքում նա նշել է, որ դիահերձման արձանագրության մեջ նկարագրված ոչ հրազենային վնասվածքները պատճառվել են հրազենը քթին և գանգի հիմքին պահելու հետևանքով։
86. Ի վերջո, ինչ վերաբերում է դատաբժշկական և դատաձգաբանական փորձաքննությանը, որի շրջանակներում պարզվել է, որ Տ. Վարյանի հրազենային վնասվածքը կարող էր հասցված լինել իր իսկ կողմից կամ մեկ այլ անձի կողմից (տե՛ս վերևում՝ 34-րդ պարբերությունը), ապա Կառավարությունը պնդել է, որ հիմք ընդունելով հավաքված բոլոր ապացույցների համակցությունը՝ քննությամբ հաստատվել է, որ Տ. Վարյանը կատարել է ինքնասպանություն։ Հաշվի առնելով հրազենային վնասվածքի տեղակայվածությունը և այն փաստը, որ մարմնի վրա չեն հայտնաբերվել այլ վնասվածքներ, Կառավարությունը միանգամայն անհավանական է համարել, որ որևէ մեկը կարող էր Տ. Վարյանին կրակել այդքան մոտ տարածությունից՝ առանց նրա կողմից դրսևորվող որևէ դիմադրության։
2. Դատարանի գնահատականը
ա) Ընդհանուր սկզբունքները
i) Նյութաիրավական հայեցակետը
87. Դատարանը վերահաստատում է, որ 2-րդ հոդվածը, որով պաշտպանվում է կյանքի իրավունքը, համարվում է Կոնվենցիայի ամենահիմնարար դրույթներից մեկը։ 3-րդ հոդվածի հետ միասին այն ևս սահմանում է Եվրոպայի խորհրդի ժողովրդավարական հասարակությունների հիմնարար արժեքներից մեկը: Կոնվենցիայի՝ որպես անձի պաշտպանության փաստաթղթի խնդիրներից և նպատակից ելնելով՝ անհրաժեշտ է 2-րդ հոդվածը մեկնաբանել և կիրառել այնպես, որ դրանում սահմանված երաշխիքները լինեն գործուն ու արդյունավետ (տե՛ս, ի թիվս այլ վճիռների, ՄըքՔենը և այլք ընդդեմ Միացյալ Թագավորության [McCann and Others v. the United Kingdom], 1995 թվականի սեպտեմբերի 27, §§ 146-147, շարք Ա, թիվ 324):
88. 2-րդ հոդվածի 1-ին կետի առաջին նախադասությամբ պետության համար սահմանվում է ոչ միայն անձին դիտավորությամբ և ապօրինաբար կյանքից զրկելուց զերծ մնալու, այլ նաև իր իրավազորության շրջանակներում գտնվող անձանց կյանքը պաշտպանելու նպատակով համապատասխան միջոցառումներ ձեռնարկելու պարտավորություն (տե՛ս Էլ.Սի.Բի.-ն ընդդեմ Միացյալ Թագավորության [L.C.B. v. the United Kingdom], 1998 թվականի հունիսի 9, § 36, Վճիռների և որոշումների մասին զեկույցներ 1998-III): Այնուամենայնիվ, դրական պարտավորությունը պետք է մեկնաբանվի այնպես, որ իշխանությունների վրա չափից ավելի մեծ բեռ չդրվի, մասնավորապես՝ հաշվի առնելով մարդկային վարքի անկանխատեսելի բնույթը (տե՛ս Քինանն ընդդեմ Միացյալ Թագավորության [Keenan v. the United Kingdom], թիվ 27229/95, §§ 89-90, ՄԻԵԴ 2001-III):
89. Պարտադիր զինվորական ծառայություն անցնող անձանց համատեքստում Դատարանը նախկինում առիթ է ունեցել նշելու, որ ինչպես կալանքի տակ պահվող անձանց դեպքում, ժամկետային զինծառայողները նույնպես գտնվում են պետական իշխանությունների բացառիկ հսկողության ներքո, քանի որ բացառապես պետական իշխանություններն են ամբողջությամբ կամ մեծ մասամբ տեղյակ բանակում տեղի ունեցող դեպքերից, և վերջիններիս վրա է դրված նրանց պաշտպանելու պարտականությունը (տե՛ս Բեքերն ընդդեմ Թուրքիայի [Beker v. Turkey], թիվ 27866/03, §§ 41-42, 2009 թվականի մարտի 24, Մոսենձն ընդդեմ Ուկրաինայի [Mosendz v. Ukraine], թիվ 52013/08, § 92, 2013 թվականի հունվարի 17, Մալիկ Բաբաևն ընդդեմ Ադրբեջանի [Malik Babayev v. Azerbaijan], թիվ 30500/11, § 66, 2017 թվականի հունիսի 1, վերևում հիշատակված՝ Նանա Մուրադյանի գործը, § 120, և վերևում հիշատակված՝ Հովհաննիսյանի և Նազարյանի գործը, § 117, հաջորդող հղումների հետ միասին):
90. Նույն համատեքստում Դատարանի կողմից հետագայում կայացված վճիռներում այն նշել է, որ պետության առաջնային պարտականությունն է ներդնել կյանքին կամ ֆիզիկական անձեռնմխելիությանը սպառնացող այն վտանգի աստիճանին հարմարեցված կանոններ, որը կարող է առաջանալ՝ պայմանավորված ոչ միայն ռազմական գործողությունների և օպերացիաների բնույթով, այլև մարդկային գործոնով, որն առաջ է գալիս այն ժամանակ, երբ պետությունը որոշում է սովորական քաղաքացիներին զորակոչել զինվորական ծառայության: Այդպիսի կանոններով պետք է պահանջվի ձեռնարկել գործնական միջոցներ, որոնք ուղղված են ժամկետային զինծառայողներին զինվորական կյանքին ներհատուկ վտանգներից արդյունավետորեն պաշտպանելուն, և պատշաճ ընթացակարգեր այն թերությունները և սխալները հայտնաբերելու համար, որոնք այդ առնչությամբ կարող են առաջանալ տարբեր մակարդակներում պատասխանատուների կողմից (տե՛ս Կիլինչը և այլք ընդդեմ Թուրքիայի [Kılınç and Others v. Turkey], թիվ 40145/98, § 41, 2005 թվականի հունիսի 7, և վերևում հիշատակված՝ Մոսենձի գործը, § 91):
91. Ավելին, պետություններից պահանջվում է պայմանագրային զինծառայողների շրջանում ապահովել բարձր մասնագիտական չափանիշներ, որոնց գործողությունները և անգործությունը, մասնավորապես՝ պայմանագրային զինծառայողների նկատմամբ, կարող են որոշակի հանգամանքներում առաջ բերել պետության պատասխանատվությունը, inter alia, 2-րդ հոդվածի նյութաիրավական հայեցակետով (տե՛ս, մասնավորապես, Աբդուլլահ Յիլմազն ընդդեմ Թուրքիայի [Abdullah Yılmaz v. Turkey], թիվ 21899/02, §§ 56-57, 2008 թվականի հունիսի 17, և վերևում հիշատակված՝ Նանա Մուրադյանի գործը, § 122, տե՛ս նաև, mutatis mutandis (համապատասխան փոփոխություններով), Ստոյանովին ընդդեմ Բուլղարիայի [Stoyanovi v. Bulgaria], թիվ 42980/04, § 61, 2010 թվականի նոյեմբերի 9):
92. Այս առնչությամբ հարկ է նշել, որ կյանքին սպառնացող ոչ բոլոր պնդվող ռիսկերի դեպքում կարող է ենթադրվել իշխանությունների կողմից Կոնվենցիայի՝ այդ ռիսկի նյութականացումը կանխելու համար անհապաղ միջոցներ ձեռնարկելու պահանջի կատարում: Դատարանը պետք է քննի, թե արդյոք իշխանություններն այդ ժամանակ գիտեին կամ պետք է իմանային կոնկրետ անձի կյանքին սպառնացող իրական և անմիջական վտանգի առկայության մասին, և եթե այո, արդյո՞ք նրանք չեն ձեռնարկել միջոցներ իրենց լիազորությունների շրջանակում, ինչը ողջամտության տեսանկյունից կարող էր ակնկալվել այդ վտանգից խուսափելու համար (տե՛ս վերևում հիշատակված՝ Քինանի գործը, §§ 89 և 93, Սահինկուսուն ընդդեմ Թուրքիայի [Şahinkuşu v. Turkey], թիվ 38287/06, § 58, 2016 թվականի հունիսի 21, և Կուրտն ընդդեմ Ավստրիայի [Kurt v. Austria [GC]], թիվ 62903/15, § 158, 2021 թվականի հունիսի 15)։
93. Ինչ վերաբերում է մասնավորապես ինքնասպանության ռիսկերին, ապա Դատարանը նախկինում հաշվի է առել մի շարք գործոններ՝ պարզելու համար, թե արդյոք իշխանությունները գիտեին կամ պետք է իմանային, որ կոնկրետ անձի կյանքին սպառնում էր իրական և անմիջական վտանգ՝ առաջացնելով համապատասխան կանխարգելիչ միջոցներ ձեռնարկելու պարտականությունը։ Այս գործոնները սովորաբար ներառում են հոգեկան առողջության հետ կապված խնդիրների պատմությունը, հոգեկան վիճակի ծանրությունը, ինքնասպանության կամ ինքնավնասման նախկին փորձերը, ինքնասպանության մտքերը կամ սպառնալիքները և ֆիզիկական կամ հոգեկան խանգարման նշանները (Ֆերնանդես դե Օլիվեիրան ընդդեմ Պորտուգալիայի [ՄՊ] [Fernandes de Oliveira v. Portugal [GC]], թիվ 78103/14, § 115, 2019 թվականի հունվարի 31, և դրանում արված հղումները): Վերոհիշյալ Ֆերնանդես դե Օլիվեիրայի գործով հաստատված սկզբունքները, որոնք վերաբերում էին պետական հոգեբուժարանում ստացիոնար բուժում անցնող հոգեկան հիվանդություն ունեցող անձի ինքնասպանությանը, հավասարապես կիրառվում են կալանքի տակ գտնվող անձանց, ինչպես նաև ժամկետային զինծառայողների նկատմամբ (տե՛ս Բոյչենկոն ընդդեմ Ռուսաստանի [Boychenko v. Russia], թիվ 8663/08, § 80, 2021 թվականի հոկտեմբերի 12, հաջորդող հղումների հետ միասին, և վերևում հիշատակված՝ Հովհաննիսյանի և Նազարյանի գործը, § 121):
94. Համաձայն Դատարանի նախադեպային իրավունքի՝ պետությունը պատասխանատվություն է կրում այն տուժողների մահվան համար, որոնց ինքնասպանության են դրդել նրանց զինվորական ղեկավարները՝ ծաղրուծանակի ենթարկելով և վատ վերաբերմունք ցուցաբերելով (տե՛ս վերևում հիշատակված՝ Բոյչենկոյի գործը, § 80, և վերևում հիշատակված՝ Հովհաննիսյանի և Նազարյանի գործը, § 122)։
95. Ի վերջո, ապացույցները գնահատելիս Դատարանը կիրառում է «ողջամիտ կասկածից վեր» ապացուցողական չափանիշը։ Այնուամենայնիվ, այդպիսի ապացույցը կարող է բխել բավականաչափ հիմնավորված, պարզ և համահունչ եզրահանգումների համաժամանակյա առկայությունից կամ նմանատիպ անհերքելի փաստերի կանխավարկածից: Այն դեպքերում, երբ խնդրահարույց իրադարձություններն ամբողջությամբ կամ մեծ մասամբ գտնվում են պետական իշխանության մարմինների իմացության տիրույթում, ինչպես օրինակ՝ իրենց վերահսկողության ներքո կալանքի տակ կամ բանակում գտնվող անձանց դեպքում, կալանավորման կամ ծառայության ընթացքում առաջացած վնասվածքների և մահվան հետ կապված՝ ի հայտ կգան փաստերի մասին լուրջ կանխավարկածներ։ Եվ բնականաբար, բավարար և համոզիչ բացատրություն տրամադրելու ապացուցման բեռը կարող է դիտվել որպես պետական իշխանության մարմինների պարտականություն (տե՛ս, ի թիվս շատ այլ վճիռների, Անգուելովան ընդդեմ Բուլղարիայի [Anguelova v. Bulgaria], թիվ 38361/97, §§ 109-111, ՄԻԵԴ 2002-IV, վերևում հիշատակված՝ Նանա Մուրադյանի գործը, § 123)։
ii) Դատավարական հայեցակետը
96. Կյանքի իրավունքը պաշտպանելու, ինչպես նաև դրանից զրկվելու դեպքի վերաբերյալ պատշաճ տեղեկություններ ներկայացնելու պարտավորության համար անուղղակիորեն պահանջվում է որոշակի արդյունավետ պաշտոնական քննության իրականացում, եթե հիմք կա կարծելու, որ անձին կասկածելի հանգամանքներում հասցվել են կյանքին սպառնացող վնասվածքներ, նույնիսկ այն դեպքում, երբ մահ առաջացրած ոտնձգությունը կատարելու մեջ կասկածվող անձը պետական պաշտոնյա չէ (տե՛ս Մուսթաֆա Թունջը և Ֆեջիրե Թունջն ընդդեմ Թուրքիայի [ՄՊ] [Mustafa Tunç and Fecire Tunç v. Turkey [GC]] , թիվ 24014/05, § 171, 2015 թվականի ապրիլի 14, հաջորդող հղումների հետ միասին): Այդպիսի քննության հիմնական նպատակը կյանքի իրավունքը պաշտպանող ներպետական օրենսդրության արդյունավետ կիրարկման ապահովումն է: Նույն չափանիշները կիրառվում են նաև պարտադիր զինվորական ծառայության ընթացքում մահվան դեպքերով, այդ թվում՝ ժամկետային զինծառայողների ինքնասպանությունների դեպքերով իրականացվող քննության նկատմամբ (տե՛ս վերևում հիշատակված՝ Մալիկ Բաբաևի գործը, § 79, և դրանում մեջբերված գործերը, ինչպես նաև վերևում հիշատակված՝ Նանա Մուրադյանի գործը, § 124)։
97. Քննությունը պետք է արդյունավետ լինի այն իմաստով, որ այն պետք է հնարավորություն տա պարզելու փաստական հանգամանքները և հնարավորության դեպքում ի հայտ բերելու ու պատժելու մեղավորներին (տե՛ս վերևում հիշատակված՝ Մուսթաֆա Թունջի և Ֆեջիրե Թունջի գործը, § 172): Այն պետք է նաև լինի բազմակողմանի, ինչը նշանակում է, որ իշխանությունները պետք է լրջորեն փորձեն պարզել տեղի ունեցածը և չպետք է հիմնվեն հապճեպ կամ անհիմն եզրակացությունների վրա՝ քննությունն ավարտելու կամ դրանք իրենց որոշումների համար որպես հիմք ընդունելու համար (տե՛ս Մոկանուն և այլք ընդդեմ Ռումինիայի [ՄՊ] [Mocanu and Others v. Romania [GC]], թիվ 10865/09 և 2 այլ, § 325, ՄԻԵԴ 2014, և Էլ-Մասրին ընդդեմ Մակեդոնիայի նախկին Հարավսլավական Հանրապետության [ՄՊ] [El‑Masri v. the former Yugoslav Republic of Macedonia [GC]], թիվ 39630/09, § 183, ՄԻԵԴ 2012)։ Այս համատեքստին բնորոշ է անհապաղ և ողջամիտ ժամկետում գործելու պահանջը (տե՛ս Ալ-Սկեինին և այլք ընդդեմ Միացյալ Թագավորության [ՄՊ] [Al-Skeini and Others v. the United Kingdom [GC]], թիվ 55721/07, § 167, ՄԻԵԴ 2011)։
98. Արդյունավետ քննություն իրականացնելու պարտավորությունը ոչ թե արդյունքների հասնելու, այլ միջոց կիրառելու պարտավորություն է. պետական իշխանության մարմինները պետք է ձեռնարկեն հնարավոր բոլոր ողջամիտ միջոցները՝ ձեռք բերելու համար տվյալ դեպքի վերաբերյալ ապացույցներ, ներառյալ, inter alia, վկաների ցուցմունքներ, փորձաքննության արդյունքներ և անհրաժեշտության դեպքում՝ դիակի դատաբժշկական փորձաքննություն, որի միջոցով հնարավոր է ստանալ վնասվածքի ամբողջական և ճշգրիտ պատկերը և կլինիկական եզրակացությունների, այդ թվում՝ մահվան պատճառների օբյեկտիվ վերլուծությունը: Քննության արդյունավետությունը, սակայն, չի կարող գնահատվել միայն կազմված արձանագրությունների, հարցաքննված վկաների կամ կատարված այլ քննչական գործողությունների թվով։ Քննության արդյունքները պետք է հիմնված լինեն համապատասխան բոլոր բաղադրիչների բազմակողմանի, օբյեկտիվ և անկողմնակալ վերլուծության վրա: Քննության համար ակնհայտորեն անհրաժեշտ միջոցները պատշաճ կերպով չձեռնարկելը էականորեն խոչընդոտում է գործի փաստական հանգամանքները պարզելու և հնարավորության դեպքում՝ մեղավորներին ի հայտ բերելու՝ նախաքննության մարմնի հնարավորությունը և կարող է հակասել արդյունավետության պահանջվող չափանիշին (տե՛ս վերևում հիշատակված՝ Մուրադյանի գործը, § 135, հաջորդող հղումների հետ միասին, և Նանա Մուրադյանի գործը, § 126)։
99. Բացի այդ, քննությունը պետք է այնքանով հասանելի լինի տուժողի մերձավորին, որքանով դա անհրաժեշտ է նրա օրինական շահերը պաշտպանելու համար։ Նաև պետք է լինի քննության հանրային վերահսկողության բավարար տարր, որի աստիճանը կարող է գործից գործ տարբեր լինել (տե՛ս Հյու Ջորդանն ընդդեմ Միացյալ Թագավորության [ Hugh Jordan v. the United Kingdom], թիվ 24746/94, § 109, 2001 թվականի մայիսի 4)։
100. Ի վերջո, քննության բավականաչափ արդյունավետ լինելու հարցը պետք է գնահատվի համապատասխան բոլոր փաստերի հիման վրա, ինչպես նաև հաշվի առնելով նախաքննության մարմնի աշխատանքի գործնական հանգամանքները: Քննության արդյունավետության նվազագույն շեմը բավարարող վերահսկողության բնույթը և աստիճանը կախված են կոնկրետ գործի հանգամանքներից (տե՛ս, ի թիվս այլ վճիռների, վերևում հիշատակված՝ Մուրադյանի գործը, § 136, հաջորդող հղումների հետ միասին, և Նանա Մուրադյանի գործը, §127)։
բ) Այս սկզբունքների կիրառումը սույն գործով
i) Նյութաիրավական հայեցակետը
101. Դիմումատուի որդին՝ Տ. Վարյանը, եղել է ժամկետային զինծառայող, որը իշխանության մարմինների հսկողության և պատասխանատվության ներքո պարտադիր զինվորական ծառայություն անցնելիս մահացել է (տե՛ս վերևում՝ 89-րդ պարբերության մեջ մեջբերված նախադեպային իրավունքը)։
102. Ներպետական վարույթների շրջանակներում (տե՛ս վերևում՝ 44-րդ և 46-րդ պարբերությունները), ինչպես նաև Դատարան ներկայացրած իր գանգատում դիմումատուն ակնհայտորեն կասկածի տակ է դրել իշխանության մարմինների այն եզրահանգումը, ըստ որի՝ իր որդին կատարել է ինքնասպանություն։ Այնուամենայնիվ, իր նկատառումներում թեպետ դիմումատուն շարունակել է բողոքել, որ քննությամբ չեն պարզվել իր որդու մահվան հանգամանքները և պնդել է, որ միակ առաջադրված վարկածը եղել է ինքնասպանությունը (տե՛ս վերևում՝ 79-րդ պարբերությունը), նա բացահայտորեն բողոքել է, որ իր որդին կատարել է ինքնասպանություն՝ գտնվելով իշխանության մարմինների բացառիկ հսկողության ներքո և նրա նկատմամբ շարունակաբար դրսևորված վատ վերաբերմունքի հետևանքով (տե՛ս վերևում՝ 77-րդ և 78-րդ պարբերությունները), և չի ներկայացրել որևէ կոնկրետ փաստարկ, որով ըստ էության կվիճարկվեր քննության այն եզրակացությունը, որ նրա որդին գործել է ինքնասպանություն (ի հակադրություն դրա՝ Այվազյանն ընդդեմ Հայաստանի [Ayvazyan v. Armenia], թիվ 56717/08, § 87, 2017 թվականի հունիսի 1, և վերևում հիշատակված՝ Նանա Մուրադյանի գործը, § 129, և որպես համեմատություն՝ վերևում հիշատակված՝ Հովհաննիսյանի և Նազարյանի գործը, § 132)։
103. Դատարանը նշում է, որ քննության իրականացման գործընթացում առկա են եղել մի շարք լուրջ թերություններ, ինչի հետևանքով չեն պարզաբանվել Տ. Վարյանի մահվան մի շարք կարևոր հանգամանքներ, այդ թվում, ի թիվս այլնի, նրա մարմնի վրա մի շարք չպարզաբանված ոչ հրազենային վնասվածքների առկայությունը, ինչպես նաև դեպքի օրը տեղի ունեցած իրադարձությունների նկարագրության մասով ծառայողական քննության եզրակացության և քրեական գործով քննության եզրահանգումների միջև փաստացի անհամապատասխանությունները (տե՛ս ստորև՝ 122-126-րդ պարբերությունները)։
104. Այնուամենայնիվ, Դատարան ներկայացված նյութը թույլ չի տալիս «ողջամիտ կասկածից վեր» չափանիշով (տե՛ս վերևում՝ 95-րդ պարբերության մեջ մեջբերված նախադեպային իրավունքը) հաստատել այն վարկածը, որ Տ. Վարյանի կյանքը դիտավորյալ են խլել (ի հակադրություն դրա՝ վերևում հիշատակված՝ Բեկերի գործը, §§ 45-54, և Լապշինն ընդդեմ Ադրբեջանի [Lapshin v. Azerbaijan], թիվ 13527/18, §§ 110-20, 2021 թվականի մայիսի 20, տե՛ս նաև, mutatis mutandis Միժիգարովան ընդդեմ Սլովակիայի [Mižigárová v. Slovakia], թիվ 74832/01, § 89, 2010 թվականի դեկտեմբերի 14)։ Այսպիսով, Տ. Վարյանի սպանության վերաբերյալ ցանկացած պնդում կրում է բացառապես ենթադրական բնույթ (տե՛ս, mutatis mutandis, Դուրդուն ընդդեմ Թուրքիայի [Durdu v. Turkey], թիվ 30677/10, §§ 59-61, 2013 թվականի սեպտեմբերի 3, վերևում հիշատակված՝Նանա Մուրադյանի գործը, §§ 130-31, և վերևում հիշատակված` Հովհաննիսյանի և Նազարյանի գործը, §§ 134-31):
105. Համաձայն քննության (թե՛ քրեական գործով և թե՛ ծառայողական) եզրահանգումների և ավագ լեյտենանտ Հ.Հ.-ին և կրտսեր սերժանտ Է.Ս.-ին և Գ.Մ.-ին առաջադրված մեղադրանքների (տե՛ս վերևում՝ 29-րդ, 30-րդ և 35-րդ պարբերությունները)՝ Տ. Վարյանը գործել է ինքնասպանություն նրա վերադասների և ծառայակիցների կողմից շարունակաբար դրսևորված վատ վերաբերմունքի և ոտնձգությունների հետևանքով (տե՛ս, մասնավորապես, վերևում՝ 38-րդ, 40-րդ, 41-րդ և 45-րդ պարբերությունները)։
106. Կառավարությունը պնդել է, որ չնայած ներպետական մակարդակում անցկացված քննությունների եզրահանգումների՝ իշխանության մարմինները չպետք է պատասխանատվության ենթարկվեն Տ. Վարյանի մահվան համար, քանի որ նրա մոտ չի դրսևորվել որևէ նշան, որ նա կարող էր որոշել վերջ դնել իր կյանքին (տե՛ս վերևում՝ 80-րդ և 81-րդ պարբերությունները)։
107. Դատարանը, այնուամենայնիվ, վերահաստատում է, որ բանակում ինքնասպանության դեպքերով նախկինում գտել է, որ պետությունը պատասխանատվություն է կրում այն տուժողների մահվան համար, որոնց դրդել են ինքնասպանության՝ զինվորական ծառայության ընթացքում ծաղրուծանակի ենթարկելով և վատ վերաբերմունք ցուցաբերելով (տե՛ս վերևում՝ 94-րդ պարբերության մեջ մեջբերված նախադեպային իրավունքը, տե՛ս նաև վերևում հիշատակված՝ Հովհաննիսյանի և Նազարյանի գործը, § 135)։
108. Ավելին, ներպետական իշխանություններից պահանջվում է ձեռնարկել գործնական միջոցներ, որոնք ուղղված են ժամկետային զինծառայողներին զինվորական կյանքին ներհատուկ վտանգներից արդյունավետորեն պաշտպանելուն, և պատշաճ ընթացակարգեր այն թերությունները և սխալները հայտնաբերելու համար, որոնք այդ առնչությամբ կարող են առաջանալ տարբեր մակարդակներում պատասխանատուների կողմից։ Իշխանություններից նաև պահանջվում է պայմանագրային զինծառայողների շրջանում ապահովել բարձր մասնագիտական չափանիշներ՝ ժամկետային զինծառայողներին պաշտպանելու նպատակով (տե՛ս վերևում՝ 90-րդ և 91-րդ պարբերություններում մեջբերված նախադեպային իրավունքը):
109. Դատարանն այս առնչությամբ նշում է, որ ներպետական մակարդակում իրականացված քննության ընթացքում ձեռք բերված ապացույցներով (ինչպես նաև ծառայողական քննության եզրահանգումներով) հաստատվել է Տ. Վարյանին իր վերադասների և ծառայակիցների կողմից դաժանաբար նվաստացնելու, ծաղրուծանակի ենթարկելու և ֆիզիկական բնույթի վատ վերաբերմունք ցուցաբերելու, այդ թվում՝ բռնություն գործադրելու և ֆիզիկական շահագործման ենթարկելու կրկնվող դեպքերի մի ամբողջ շղթա, ինչը ճանաչվել է որպես նրա կողմից ինքնասպանություն գործելու պատճառ (տե՛ս վերևում՝ 37-րդ, 40-րդ և 41-րդ պարբերությունները)։ Մասնավորապես ավագ լեյտենանտ Հ.Հ.-ն՝ Տ. Վարյանի վերադասը, հայհոյանքներ է հնչեցրել նրա հասցեին և հարվածել է նրան մի քանի անգամ այնպիսի անհիմն պատրվակներով, ինչպիսիք են, օրինակ, Հ.Հ.-ի գլխարկը անմիջապես չբերելը կամ մեկ այլ դեպքում՝ նրա գոտին չտալը (տե՛ս վերևում՝ 16-րդ, 18-րդ և 22-րդ պարբերությունները)։ Ավագ լեյտենանտ Հ.Հ.-ն նաև նվաստացրել է Տ. Վարյանին, ի թիվս այլնի, ստիպելով նրան կատարել լրացուցիչ աշխատանք, ինչպես օրինակ՝ զուգարանի համար փոս փորելը (տե՛ս վերևում՝ 13-րդ և 14-րդ պարբերությունները), և նրան վրդովվեցնելու նպատակով նրա սեռական կյանքի վերաբերյալ անպարկեշտ կատակներ անելով (տե՛ս վերևում՝ 21-րդ պարբերությունը)։ Տ. Վարյանի նկատմամբ վատ վերաբերմունք է ցուցաբերել նաև կրտսեր սերժանտ Գ.Մ.-ն (տե՛ս վերևում՝ 14-րդ և 22-րդ պարբերությունները), մեկ այլ ժամկետային զինծառայող, որի ենթական եղել է Տ. Վարյանը, ինչի մասին վկայում են նրան առաջադրված մեղադրանքները (տե՛ս վերևում՝ 51-րդ և 43-րդ պարբերությունները), և բազմիցս՝ կրտսեր սերժանտ Է.Ս.-ն, որը ևս եղել է ժամկետային զինծառայող (տե՛ս վերևում՝ 14-րդ և 16-րդ պարբերությունները)։
110. Դատարանը նաև նշում է, որ կողմերի միջև վիճելի է եղել Տ. Վարյանին բանակ զինակոչելիս մարտական կամ ոչ մարտական ծառայության համար պիտանի ճանաչելու փաստը (տե՛ս վերևում՝ 6-րդ պարբերությունը)։ Այս առնչությամբ այն նկատում է, որ զորակոչի գործընթացի շրջանակներում իրականացված պարտադիր բժշկական զննության ընթացքում Տ. Վարյանի մոտ ախտորոշվել է կոնկրետ սրտային պաթոլոգիա (միտրալ փականի արտանկում, որն առաջացնում է միտրալ հետհոսք), և որ Կառավարության կողմից տրամադրված նրա անձնական գործում առկա չէ Կենտրոնական բժշկական հանձնաժողովի այն որոշումը, որով Տ. Վարյանը ճանաչվել է մարտական ծառայության համար պիտանի (տե՛ս վերևում՝ 6-րդ պարբերությունը)։ Միաժամանակ դիմումատուն իր գանգատի մեջ և հետագայում Դատարանում բերված իր փաստարկներում պնդել է, որ իր որդին զորակոչվել է ոչ մարտական ծառայության (տե՛ս վերևում՝ 78-րդ պարբերությունը), մինչդեռ ծառայողական քննությանը վերաբերող փաստաթղթերում, մասնավորապես՝ ծառայողական հանձնաժողովի արձանագրության և 2012 թվականի մարտի 13-ին Պաշտպանության նախարարության կողմից արձակված որոշման մեջ արտացոլված է այն փաստը, որ Տ. Վարյանը զորակոչվել է 26-րդ կետի «դ» ենթակետով և 17-րդ կետի «բ» ենթակետով (Պաշտպանության նախարարի 2010 թվականի փետրվարի 26-ի թիվ 175 հրամանի թիվ 1 հավելված. տե՛ս վերևում՝ 40-րդ և 41-րդ պարբերությունները)։ Դատարանը այս առնչությամբ նշում է, որ իր հետագա նկատառումներում Կառավարությունը ներառել է տվյալ ժամանակահատվածում գործող և, ի թիվս այլնի, զորակոչից առաջ բժշկական զննության իրականացման կարգը կարգավորող թիվ 175 որոշմանը հղում, որի թիվ 1 հավելվածում՝ 26-րդ կետի «դ» ենթակետում, նշվում է, որ այն անձինք, որոնց մոտ ախտորոշվել է տվյալ փաստաթղթում նշված սրտային պաթոլոգիան, պիտանի են միայն ոչ մարտական ծառայության համար (տե՛ս վերևում՝ 65-րդ պարբերությունը)։ Չնայած նույն որոշման մեջ նշվում է, որ Կենտրոնական բժշկական հանձնաժողովի որոշումները զինակոչիկների վերաբերյալ վերջնական են, դրանում նաև նշվում է, որ Կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովը որոշումներ է ընդունում ստորադաս փորձաքննական մարմինների եզրակացությունների հաստատման կամ մերժման, ինչպես նաև, ըստ անհրաժեշտության, զինծառայողներին և զինապարտներին փորձաքննության ենթարկելու վերաբերյալ (տե՛ս վերևում՝ 64-րդ պարբերությունը)։
111. Այս հանգամանքներում, հաշվի առնելով, որ դիմումատուն չի ներկայացրել որևէ պարզաբանում կամ բացատրություն, այդ թվում՝ առ այն, թե արդյոք բողոքարկվել է Կենտրոնական բժշկական հանձնաժողովի՝ Տ. Վարյանին մարտական ծառայության համար պիտանի ճանաչելու մասին որոշումը, Դատարանը չի կարող վերջնականապես արձանագրել, որ Տ. Վարյանը զորակոչվել է միայն ոչ մարտական ծառայություն իրականացնելու։
112. Ամեն դեպքում չի վիճարկվում այն փաստը, որ Տ. Վարյանը եղել է ֆիզիկապես թերզարգացած (չնայած ակնհայտորեն ոչ այնքան, որ ճանաչվեր մարտական ծառայության համար ոչ պիտանի՝ 2010 թվականի փետրվարի 26-ի թիվ 175 հրամանի թիվ 1 հավելվածի 17-րդ կետի «բ» ենթակետի համաձայն. տե՛ս վերևում՝ 65-րդ պարբերությունը), կամ այն փաստը, որ նրա մոտ առկա է եղել սրտային պաթոլոգիա, որով պայմանավորված՝ նա հավանաբար դառնում էր մարտական ծառայության համար ոչ պիտանի։ Այնուհանդերձ, նույնիսկ եթե ենթադրենք, որ Տ. Վարյանը իսկապես զորակոչվել է մարտական ծառայության, Պաշտպանության նախարարի 2012 թվականի մարտի 13-ին արձակված հրամանի մեջ նշվում է, որ միջադեպը կարող էր կանխվել, եթե «համապատասխան պաշտոնյաները ժամանակին քննեին Տ. Վարյանի՝ ֆիզիկապես թույլ լինելու հանգամանքը ...» (տե՛ս վերևում՝ 41-րդ պարբերությունը): Դատարանն այս առնչությամբ նկատում է, որ ինչպես պարզվել է քննությունների ընթացքում, Տ. Վարյանն այլ զինծառայողների փոխարեն մի քանի հերթափոխով իրականացրել է ակտիվ զինվորական ծառայություն, նրան ստիպել են անել մաքրության մեծ մասը և հազվադեպ տրամադրել են մի քանի օր տևողությամբ հանգիստ։ Բացի այս ֆիզիկական ծանրաբեռնվածությունից՝ ընդհանուր առմամբ ընդունվել է, որ զինծառայողները, այդ թվում՝ նրա անմիջական վերադասը՝ ավագ լեյտենանտ Հ.Հ.-ն մշտապես ծաղրուծանակի են ենթարկել Տ. Վարյանին՝ բռնություն գործադրելով և ծաղրելով, անվանարկելով նրան և այլն, այնքան, որ նա նախընտրել է շարունակաբար հերթապահություն իրականացնել, միայն թե խուսափեր այդ կերպ իր հետ վարվողներից (տե՛ս, մասնավորապես, վերևում՝ 14-րդ և 17-րդ պարբերությունները)։
113. Դատարանը նշում է, որ Տ. Վարյանի վերադասներից առնվազն երկուսը (ավագ լեյտենանտ Հ.Հ.-ից բացի, որը ակնհայտորեն եղել է Տ. Վարյանի նկատմամբ ցուցաբերված վատ վերաբերմունքի ամենաակտիվ մասնակիցներից մեկը) տարբեր չափով տեղեկացված են եղել բռնության մասին, սակայն ակնհայտորեն չեն զեկուցել դրա մասին իրենց վերադասներին և ոչ էլ միջոցներ են ձեռնարկել ինքնուրույն դրա դեմ պայքարելու համար։ Մասնավորապես ավագ սերժանտ Վ.Ն.-ը նշել է, որ տեղեկացել է դեպքի մասին 2011 թվականի նոյեմբերին, երբ ավագ լեյտենանտ Հ.Հ.-ն ծեծել է Տ. Վարյանին (տե՛ս վերևում՝ 18-րդ պարբերությունը), իսկ կապիտան Ա.Հ.-ն բացահայտ ընդունել է, որ նա չի ձեռնարկել միջոցներ՝ իրականում տեղի ունեցածը պարզելու համար պարզապես այն պատճառով, որ նրան զեկուցել են, որ ամեն ինչ կարգին է, և նա համարել է, որ ծառայակիցները պարզապես կատակներ են արել, այլ ոչ թե ծաղրել են Տ. Վարյանին։ Կապիտան Ա.Հ.-ն չի զեկուցել ավագ լեյտենանտ Հ.Հ.-ի կողմից իր պարտականությունները չկատարելու մասին իր վերադասին, որն էլ չի ձեռնարկել որևէ քայլ՝ այդ առնչությամբ ներկայացված բողոքի մասով (տե՛ս վերևում՝ 26-րդ պարբերությունը)։
114. Դեպքի օրվա և նախորդող երկու օրերին տեղի ունեցած իրադարձությունների առնչությամբ Դատարանը նշում է հետևյալը:
115. 2012 թվականի փետրվարի 27-ին, այսինքն՝ դեպքից երկու օր առաջ, Տ. Վարյանի նկատմամբ ևս մեկ անգամ վատ վերաբերմունք է դրսևորվել, այս անգամ կրտսեր սերժանտ Է.Ս.-ի կողմից, որը ստորացրել և հարվածել է նրան՝ (տե՛ս վերևում՝ 16-րդ պարբերությունը) ափսեները լվանալու վերաբերյալ տարաձայնության պատճառով (կամ մաքրության պատճառով՝ համաձայն հանձնաժողովի արձանագրության. տե՛ս վերևում՝ 40-րդ պարբերությունը)։ Տ. Վարյանի հանդեպ վատ վերաբերմունք էր դրսևորվել նաև դեպքին նախորդող գիշերը։ Մասնավորապես 2012 թվականի փետրվարի 28-ի երեկոյան, թե՛ կրտսեր սերժանտ Է.Ս.-ն և թե՛ ավագ լեյտենանտ Հ.Հ.-ն ստորացրել և ֆիզիկական բռնության են ենթարկել Տ. Վարյանին ևս մեկ անգամ, ինչը, ըստ շարքային Ռ.Ա.-ի, ըստ երևույթին, շատ է վշտացրել նրան (տե՛ս վերևում՝ 14-րդ պարբերությունը): Որևէ բան առնվազն առկա նյութերում չի վկայում այն մասին, որ այլ նշանակալից դեպք է տեղի ունեցել այս իրադարձությունների միջև եւ հաջորդ առավոտյան, երբ Տ. Վարյանը հայտնաբերվել է մահացած։
116. Ամփոփելով կարող ենք ասել, որ Դատարան ներկայացված նյութերը, այդ թվում, ի թիվս այլնի, հետմահու իրականացված հոգեբուժական փորձաքննության արձանագրությունը (տե՛ս վերևում՝ 37-րդ պարբերությունը), ծառայողական հանձնաժողովի արձանագրությունը և Պաշտպանության նախարարի 2012 թվականի մարտի 13-ի հրամանը (տե՛ս վերևում՝ 40-րդ և 41-րդ պարբերությունները), ինչպես նաև քրեական գործով ներպետական դատարանների եզրահանգումները (տե՛ս մասնավորապես վերևում՝ 45-րդ պարբերությունը), ավելի քան բավարար են եզրակացնելու համար, որ Տ. Վարյանը դարձել է իր անմիջական վերադասների (ավագ լեյտենանտ Հ.Հ.) և ծառայակիցների (կրտսեր սերժանտ Գ.Մ. և Է.Ս.) կողմից կատարված ծանր և երկարաժամկետ բռնության զոհ, և որ որևէ միջոց չի ձեռնարկվել նրան այդ բռնությունից արդյունավետորեն պաշտպանելու համար, որը, ինչպես նախկինում ընդունվել է, դարձել է նրա կողմից ինքնասպանություն գործելու պատճառ։
117. Կառավարությունը հղում է կատարել Ներքին ծառայության կանոնագրքի 6-րդ հոդվածին (տե՛ս վերևում՝ 61-րդ պարբերությունը, Ներքին ծառայության կանոնագրքի 11-րդ և 12-րդ հոդվածների համար տե՛ս նաև վերևում՝ 62-րդ և 63-րդ պարբերությունները) պնդելու համար, որ ներպետական օրենսդրությամբ նախատեսված են, ի թիվս այլնի, պաշտպանության արդյունավետ միջոցներ՝ զինծառայողների անվտանգությունը և պաշտպանվածությունն ապահովելու համար (տե՛ս վերևում՝ 82-րդ պարբերությունը)։ Դատարանը նշում է սակայն, որ Ներքին ծառայության կանոնագրքի որևէ մեջբերված դրույթ ոչ միայն չի վերաբերում զինվորական ծառայության ընթացքում ցուցաբերվող վատ վերաբերմունքից պաշտպանության կոնկրետ միջոցառումներին, այլև ինքնասպանության դեպքերի կանխմանն ուղղված միջոցառումներին, ինչպես օրինակ՝ հոգեբանական աջակցության տրամադրումը։ Դատարանը նախկինում՝ զինվորական ծառայության ընթացքում ենթադրյալ ինքնասպանության մեկ այլ գործով գտել է, որ տվյալ ժամանակահատվածում Հայաստանի զինված ուժերում չի գործել հոգեբանական գնահատման և աջակցության համակարգ, այդ թվում՝ նախնական և հետագա հոգեբանական հետազոտության, ինքնասպանության դեպքերի կանխման և հոգեբանական աջակցության տրամադրման մասով (տե՛ս վերևում հիշատակված՝ Հովհաննիսյանի և Նազարյանի գործը, §§ 139-144)։ Ի վերջո, Դատարանն այս առնչությամբ նշում է, որ Պաշտպանության նախարարն իր 2012 թվականի մարտի 13-ի հրամանի մեջ հիշատակել է «Ինքնասպանության և ինքնավնասման դեպքերի կանխարգելման խումբը» (տե՛ս վերևում՝ 41-րդ պարբերությունը)։ Չնայած կողմերի փաստարկներում առկա չի եղել որևէ տեղեկություն՝ զինված ուժերում այդ խմբի կարգավիճակի և դերի մասին, Դատարանը նշում է, որ ցանկացած պարագայում նույն հրամանի մեջ նշված է եղել, որ խումբը չի կատարել «զինծառայողների հետ կոնկրետ կանխարգելիչ աշխատանք» (նույն տեղում)։ Ամեն դեպքում Կառավարության փաստարկներում կամ Դատարան ներկայացված նյութերում որևէ բան չի փաստում այն մասին, որ հոգեբանական աջակցություն է տրամադրվել Տ. Վարյանին, որը, ըստ զինվորական մարմինների, եղել է «ֆիզիկապես թույլ, ինքնամեկուսացված և անինքնավստահ», հետևաբար գտնվել է խոցելի վիճակում (տե՛ս վերևում՝ 40-րդ և 41-րդ պարբերությունները, և տե՛ս, mutatis mutandis, վերևում հիշատակված՝ Հովհաննիսյանի և Նազարյանի գործը, § 144)։
118. Հաշվի առնելով այս բոլոր նկատառումները՝ Դատարանը եզրակացնում է, որ տվյալ դեպքում իշխանության մարմինները չեն կատարել իրենց հսկողության ներքո գտնվելու ընթացքում Տ. Վարյանի կյանքի իրավունքը պաշտպանելու իրենց դրական պարտավորությունը։
119. Հետևաբար տեղի է ունեցել Կոնվենցիայի 2-րդ հոդվածի խախտում` նյութաիրավական հայեցակետի մասով:
ii) Դատավարական հայեցակետը
120. Դատարանը նախևառաջ նշում է, որ Պաշտպանության նախարարության քննչական ծառայությունն իր սեփական նախաձեռնությամբ քննություն է սկսել դեպքի օրը, այսինքն՝ 2012 թվականի փետրվարի 29-ին (տե՛ս վերևում՝ 8-րդ և 9-րդ պարբերությունները)։ Քրեական գործով քննությունը, որի հետևանքով հետապնդում է իրականացվել, և դատապարվել է Տ. Վարյանի վերադասը՝ ավագ լեյտենանտ Հ.Հ.-ն, և կրտսեր սերժանտներ Գ.Մ.-ն և Է.Ս.-ն, կատարվել է շատ արագ՝ դեպքի օրվանից առնվազն մեկ տարվա ընթացքում, այսինքն՝ մոտավորապես 2013 թվականի հունվարին (տե՛ս վերևում՝ 9-րդ և 38-րդ պարբերությունները), իսկ դատավարությունն ավարտվել է 2013 թվականի օգոստոսին (տե՛ս վերևում՝ 45-րդ պարբերությունը), այսինքն՝ մեղադրական ակտը կազմվելուց առնվազն յոթ ամիս հետո։ Հետևաբար Դատարանը գտնում է, որ քննությունն իրականացվել է անհրաժեշտ բարեխղճությամբ, և այն անհիմն չի ձգձգվել։
121. Ելնելով վերոնշյալից՝ Դատարանը վերահաստատում է, որ այսպիսի քննությունները պետք է լինեն բազմակողմանի, ինչը նշանակում է, որ իշխանության մարմինները պետք է լրջորեն փորձեն պարզել տեղի ունեցածը և չպետք է հիմնվեն հապճեպ կամ անհիմն եզրակացությունների վրա՝ քննությունն ավարտելու կամ դրանք իրենց որոշումների համար որպես հիմք ընդունելու համար (տե՛ս վերևում՝ 97-րդ պարբերությունում մեջբերված նախադեպային իրավունքը):
122. Դատարանը նկատում է, որ չնայած ձեռնարկված բոլոր միջոցառումներին, որոնք նշել է Կառավարությունը (տե՛ս մասնավորապես վերևում՝ 84-րդ պարբերությունը)՝ քննությամբ չի բացահայտվել Տ. Վարյանի մահվան մի քանի կարևոր հանգամանքներ։
123. Մասնավորապես որևէ պատշաճ բացատրություն չի տրվել ոչ հրազենային վնասվածքների բնույթի և ծագման առնչությամբ, որոնք հայտնաբերվել են դիահերձման ընթացքում և տեսանելի են եղել դեպքի վայրի զննության ընթացքում արված լուսանկարներում (տե՛ս վերևում՝ 10-րդ, 33-րդ և 36-րդ պարբերությունները), այդ թվում՝ քթի արմատին և երկու կոպերին առկա վերքերը։ Համաձայն դիահերձման արձանագրության՝ այս վնասվածքները հասցվել են կոշտ, բութ առարկայով (կամ առարկաներով) Տ. Վարյանի մահվանից կարճ ժամանակ առաջ և ուղղակիորեն կապված չեն մահվան պատճառի հետ (տե՛ս վերևում՝ 33-րդ պարբերությունը)։ Կառավարությունն այս առնչությամբ հղում է կատարել դիահերձումն իրականացրած դատաբժշկական փորձագետի կողմից դիահերձման արձանագրության տրամադրումից հետո անցկացված հարցաքննության ընթացքում տրված ցուցմունքին, որով նա, ըստ էության, հրաժարվել է դրանում արձանագրված իր այն եզրակացությունից, որ տվյալ ոչ հրազենային վնասվածքները հասցվել են մահվանից կարճ ժամանակ առաջ (տե՛ս վերևում՝ 36-րդ պարբերությունը)։ Դատարանը նախևառաջ նկատում է, որ տվյալ ժամանակահատվածում գործող քրեական դատավարության իրավունքի համաձայն՝ դատաբժշկական փորձագետը կարող է հարցաքննվել միայն իր եզրակացությունը պարզաբանելու կամ կիրառված մեթոդները կամ օգտագործված մեթոդաբանությունը պարզաբանելու համար։ Սակայն փորձագետի հարցաքննության արձանագրությունը չի կարող փոխարինել նրա եզրակացությանը (տե՛ս վերևում՝ 57-րդ և 58-րդ պարբերությունները)։ Երկրորդ, տվյալ դատաբժշկական փորձագետն անձամբ կատարել է դիահերձումը, արձանագրել է համապատասխան վնասվածքները և հայտնել է իր պաշտոնական կարծիքը, որ դրանք հասցվել են մինչև մահը վրա հասնելը։ Այսպիսի հանգամանքներում նույն փորձագետի կողմից կտրականապես այլ կարծիք հայտնելն իր արձանագրությունը տրամադրելուց մոտ հինգ ամիս հետո՝ քննիչի կողմից նրան ցույց տրված լուսանկարների հիման վրա (տե՛ս վերևում՝ 33-րդ և 36-րդ պարբերությունները), դժվար թե կարելի է համարել այն ոչ հրազենային վնասվածքների պատշաճ բացատրությունը, որոնք առկա են եղել մարմնի վրա, երբ այն հայտնաբերվել է։
124. Ավելին, համաձայն կրտսեր սերժանտ Է.Ս.-ի և շարքային Ռ.Ա.-ի՝ 2012 թվականի փետրվարի 29-ի առավոտյան տեղի ունեցած իրադարձությունների նկարագրության (տե՛ս, inter alia, վերևում՝ 13-րդ, 14-րդ և 21-րդ պարբերությունները)՝ նկարագրություն, որը երկուսն էլ շարունակել են պնդել ավագ լեյտենանտ Հ.Հ.-ի հետ իրենց համապատասխան առերեսումների ընթացքում (տե՛ս վերևում՝ 24-րդ և 25-րդ պարբերությունները), Հ.Հ.-ն գնացել է հենակետ Տ. Վարյանի մարմինն այնտեղ հայտնաբերվելուց կարճ ժամանակ առաջ. փաստ, որը միայն նա է հերքել քննության ընթացքում, ինչպես նաև ծառայողական քննության ընթացքում (տե՛ս վերևում՝ 17-րդ և 40-րդ պարբերությունները)։ Սակայն նախաքննության մարմինը ոչ միայն չի փորձել պարզաբանել հարցը, այլև այս կարևոր բաղադրիչը լիովին դուրս է թողնվել մեղադրական եզրակացության մեջ շարադրված իրադարձությունների նկարագրությունից (տե՛ս վերևում՝ 38-րդ պարբերությունը)։
125. Ավելին, չնայած ծառայողական քննության արձանագրությունը, որը պարունակել է Տ. Վարյանի մահվան հանգամանքների առնչությամբ մի շարք փաստացի եզրահանգումներ, դրան նախորդող իրադարձությունները և զինծառայակիցների միջև առկա անառողջ միջավայրի և ոչ կանոնադրական հարաբերությունների ընդհանուր գնահատականը (տե՛ս վերևում՝ 40-րդ պարբերությունը) ըստ էության ներառվել է քրեական գործի նյութերում, նախաքննության մարմինների կողմից պարզված իրադարձությունների տարբերակի և ծառայողական քննության հանձնաժողովի կողմից պարզված իրադարձությունների տարբերակի միջև առկա են եղել մի շարք զգալի անհամապատասխանություններ, որոնց վերաբերյալ պարզաբանումներ չեն տրվել և ոչ էլ անդրադարձ է կատարվել մեղադրական եզրակացության մեջ (տե՛ս վերևում՝ 38-րդ պարբերությունը)։ Օրինակ՝ համաձայն ծառայողական հանձնաժողովի արձանագրության՝ Տ. Վարյանի նկատմամբ ցուցաբերված վատ վերաբերմունքի որոշ դրվագներ, այդ թվում՝ հերթապահության ընթացքում քուն մտնելու և զուգարանի համար պարտադրաբար փոս փորելու մասով, վերագրվել են կրտսեր սերժանտ Է.Ս.-ին (տե՛ս վերևում՝ 40-րդ պարբերությունը), մինչդեռ քրեական գործով քննության ընթացքում նույն դրվագները վերագրվել են ավագ լեյտենանտ Հ.Հ.-ին (տե՛ս վերևում՝ 38-րդ պարբերությունը)՝ առանց որևէ կոնկրետ բացատրության։ Ավելին, համաձայն ծառայողական հանձնաժողովի արձանագրության՝ կրակոցը լսելուն պես բոլորը (ենթադրաբար հիշյալ երեք ծառայողները) գնացել են հենակետ և հայտնաբերել են մարմինը (տե՛ս վերևում ՝ 40-րդ պարբերությունը), մինչդեռ համաձայն մեղադրական ակտի՝ կրտսեր սերժանտ Է.Ս.-ն է հայտնաբերել մարմինը, որից հետո ավագ լեյտենանտն ուղևորվել է հենակետ, և մեղադրական եզրակացության մեջ առկա չէ որևէ նշում, որ լսվել է կրակոց (տե՛ս վերևում՝ 38-րդ պարբերությունը)՝ չնայած շարքային Ռ.Ա.-ն նշել է դա իր՝ 2012 թվականի փետրվարի 29-ի ցուցմունքի մեջ (տե՛ս վերևում՝ 14-րդ պարբերությունը)։
126. Ի վերջո, Դատարանը նկատում է, որ 2012 թվականի օգոստոսի 15-ի իրենց համատեղ փորձագիտական եզրակացության մեջ ձգաբանական և դատաբժշկական փորձագետների հանձնաժողովը նշել է, որ Տ. Վարյանի հրազենային վիրավորումը կարող էր նաև հասցված լինել մեկ այլ անձի կողմից (տե՛ս վերևում՝ 34-րդ պարբերությունը)։ Այնուհանդերձ, քննության ընթացքում, ըստ էության, այս վարկածը որևէ տրամաբանական զարգացում չի ունեցել։
127. Դատարանն այս առնչությամբ վերահաստատում է, որ քննության արդյունավետությունը չի կարող գնահատվել միայն կազմված զեկույցների, հարցաքննված վկաների կամ ձեռնարկված այլ քննչական միջոցառումների թվով։ Քննության եզրակացությունները պետք է հիմնված լինեն բոլոր համապատասխան բաղադրիչների բազմակողմանի, օբյեկտիվ և անկողմնակալ վերլուծության վրա (տե՛ս վերևում՝ 98-րդ պարբերությունում մեջբերված նախադեպային իրավունքը), ինչը, ինչպես ցույց է տրվել վերևում՝ 122-126-րդ պարբերություններում, չի եղել Տ. Վարյանի մահվան հանգամանքների քննության դեպքում։
128. Այս համատեքստում Դատարանը լուրջ կասկածներ ունի քրեական գործով ներպետական քննության պատշաճ կերպով իրականացման վերաբերյալ: Այսպիսով, այն գտնում է, որ սույն գործով իրականացված քննությունը չի եղել բավականաչափ բազմակողմանի, ինչի հետևանքով լիովին չեն բացահայտվել Տ. Վարյանի մահվան հանգամանքները։
129. Հաշվի առնելով վերը նշված եզրահանգումը, որ Տ. Վարյանի մահվան հանգամանքների քննությունը բավականաչափ բազմակողմանի չի եղել, Դատարանը եզրակացնում է, որ ներպետական իշխանությունները սույն գործով արդյունավետ քննություն չեն իրականացրել:
130. Հետևաբար տեղի է ունեցել Կոնվենցիայի 2-րդ հոդվածի խախտում՝ դատավարական հայեցակետի մասով:
131. Այս եզրահանգմամբ անհրաժեշտություն չկա ուսումնասիրելու քննության մնացյալ հայեցակետերը (տե՛ս, mutatis mutandis, Մագնիտսկին և այլք ընդդեմ Ռուսաստանի [Magnitskiy and Others v. Russia], թիվ 32631/09 և 53799/12, § 272, 2019 թվականի օգոստոսի 27, և Անահիտ Մկրտչյանն ընդդեմ Հայաստանի [Anahit Mkrtchyan v. Armenia], թիվ 3673/11, § 101, 2020 թվականի մայիսի 7), այդ թվում՝ դրա անկախությունը և հանրային վերահսկողության մակարդակը։
II. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 3-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ
132. Դիմումատուն բողոք է ներկայացրել առ այն, որ պարտադիր զինվորական ծառայություն իրականացնելու ընթացքում իր որդու նկատմամբ ցուցաբերվել է թե՛ ֆիզիկական և թե՛ հոգեբանական բռնություն նրա վերադասների և ծառայակիցների կողմից։ Նա հիմնվել է Կոնվենցիայի 3-րդ հոդվածի վրա, որն ունի հետևյալ բովանդակությունը.
«Ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգումների կամ անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի»։
133. Կառավարությունը պնդել է, որ դիմումատուի՝ Կոնվենցիայի 3-րդ հոդվածով ներկայացված բողոքը, ըստ էության, եղել է 2-րդ հոդվածով ներկայացված բողոքի կրկնությունը։ Ամեն դեպքում վերաբերմունքը, որի վերաբերյալ բողոք է ներկայացվել, պետք է դիտարկվի բանակում կյանքի առանձնահատկությունների լույսի ներքո. համատեքստ, որտեղ Կոնվենցիայի 3-րդ հոդվածին հակասող վերաբերմունքի շեմը, ըստ Կառավարության, եղել է համեմատաբար բարձր։ Դիմումատուի որդին եղել է կրտսեր սերժանտներ Է.Ս.-ի և Գ.Մ.-ի տարեկիցը, և նրանք գտնվել են միմյանց հետ լավ հարաբերությունների մեջ։
134. Դիմումատուն պնդել է իր այն բողոքը, որ իր որդին զինվորական ծառայության ընթացքում դարձել է պարբերաբար ցուցաբերված վատ վերաբերմունքի և նվաստացման զոհ։
135. Դատարանը նշում է, որ այս բողոքը կապված է 2-րդ հոդվածի համաձայն քննվող բողոքի հետ և պետք է հետևաբար նույնպես հայտարարվի ընդունելի:
136. Հաշվի առնելով Կոնվենցիայի 2-րդ հոդվածի մասով արված եզրահանգումները (տե՛ս վերևում՝ 109-րդ, 112-րդ և 116-րդ պարբերությունները)՝ Դատարանը համարում է, որ կարիք չկա ուսումնասիրելու այն հարցը, թե արդյոք սույն գործով տեղի է ունեցել Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում (տե՛ս, mutatis mutandis, վերևում հիշատակված՝ Մուրադյանի գործը, § 161, հաջորդող հղումների հետ միասին)։
III. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 13-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ
137. Դիմումատուն բողոքել է, որ ներպետական իշխանություններն իր որդու մահվան գործով արդյունավետ քննություն չեն իրականացրել, և որ ներպետական օրենսդրության համաձայն նրա կորստի հետևանքով կրած ոչ նյութական վնասի համար պետությունից փոխհատուցում պահանջելու հնարավորություն չի եղել: Նա հիմնվել է Կոնվենցիայի 13-րդ հոդվածի վրա, որն ունի հետևյալ բովանդակությունը.
«Յուրաքանչյուր ոք, ում սույն Կոնվենցիայով ամրագրված իրավունքներն ու ազատությունները խախտվում են, ունի պետական մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք, նույնիսկ եթե խախտումը կատարել են ի պաշտոնե գործող անձինք»:
138. Կառավարությունը պնդել է, որ 2012 թվականի փետրվարի 29-ին տեղի ունեցած դեպքի քննությունը եղել է բազմակողմանի և արդյունավետ, և դրա արդյունքում հայտնաբերվել և պատժվել են Տ. Վարյանի մահվան համար պատասխանատուները։
Ինչ վերաբերում է ոչ նյութական վնասի հատուցման պահանջի անհնարինության վերաբերյալ դիմումատուի բողոքին, ապա Կառավարությունը պնդել է, որ տվյալ ժամանակահատվածում օրենքը ոչ նյութական վնասի հատուցում չէր նախատեսում: Միաժամանակ դիմումատուն ներպետական վարույթի ընթացքում չի պահանջել որևէ վնասի փոխհատուցում և (կամ) չի դիմել Սահմանադրական դատարան՝ տվյալ ժամանակահատվածում գործող քաղաքացիական իրավունքի համապատասխան դրույթների սահմանադրականությունը վիճարկելու համար։ Հետևաբար այս բողոքի մասով նա չի սպառել ներպետական իրավական պաշտպանության միջոցները։
139. Դիմումատուն պնդել է իր բողոքն առ այն, որ իր որդու մահվան հանգամանքների քննությունը չի եղել արդյունավետ, և որ ոչ նյութական վնասի համար պետությունից փոխհատուցում պահանջելու հնարավորություն չի եղել, քանի որ տվյալ ժամանակահատվածում գործող ներպետական օրենսդրությամբ չի նախատեսվել այդպիսի հնարավորություն:
140. Դատարանը գտնում է, որ Կառավարության՝ ներպետական իրավական պաշտպանության միջոցները չսպառելու վերաբերյալ առարկությունը (տե՛ս վերևում՝ 138-րդ պարբերությունը) սերտորեն կապված է դիմումատուի՝ Կոնվենցիայի 13-րդ հոդվածով ներկայացված բողոքի այն էական հիմքի հետ, որ ներպետական օրենսդրության համաձայն իր որդու կորստի հետևանքով կրած ոչ նյութական վնասի համար պետությունից փոխհատուցում պահանջելու հնարավորություն չի եղել։ Հետևաբար այն գտնում է, որ Կառավարության առարկությունը պետք է միացվի դիմումատուի՝ նույն դրույթով ներկայացված բողոքի ըստ էության քննությանը։
141. Դատարանը նշում է, որ Կոնվենցիայի 13-րդ հոդվածով ներկայացված դիմումատուի բողոքները ո՛չ ակնհայտորեն անհիմն են, ո՛չ էլ անընդունելի Կոնվենցիայի 35-րդ հոդվածում նշված որևէ այլ հիմքով։ Հետևաբար դրանք պետք է հայտարարվեն ընդունելի։
142. Դատարանը վերահաստատում է, որ 13-րդ հոդվածն անկախ գոյություն ունենալ չէր կարող. այն պարզապես լրացնում է Կոնվենցիայի և դրա արձանագրությունների նյութաիրավական մյուս դրույթները (տե՛ս Զավոլոկան ընդդեմ Լատվիայի [Zavoloka v. Latvia], թիվ 58447/00, § 35 (ա), 2009 թվականի հուլիսի 7): Այն կարող է միայն կիրառվել Կոնվենցիայի կամ արձանագրությունների մեկ կամ մեկից ավելի հոդվածների հետ համատեղ կամ դրանց լույսի ներքո, որոնց կապակցությամբ առկա է եղել ենթադրյալ խախտում: 13-րդ հոդվածը հիմք ընդունելու համար դիմումատուն պետք է ներկայացնի փաստարկելի պնդում Կոնվենցիայի մեկ այլ դրույթով ևս (տե՛ս, օրինակ, Ուոլթերն ընդդեմ Իտալիայի (որոշում) [Walter v. Italy (dec.)], թիվ 18059/06, 2006 թվականի հուլիսի 11)։
143. Անդրադառնալով Կոնվենցիայի 2-րդ հոդվածի դատավարական հայեցակետի հետ կապված իր եզրահանգումներին (տե՛ս վերևում՝ 128-130-րդ պարբերությունները), Դատարանը համարում է, որ սույն գործով անհրաժեշտ չէ քննել, թե արդյոք տեղի է ունեցել նաև Կոնվենցիայի 13-րդ հոդվածի խախտում՝ դիմումատուի որդու մահվան գործով քննության ենթադրյալ անարդյունավետության մասով (տե՛ս, mutatis mutandis, վերևում հիշատակված՝ Մուրադյանի գործը, § 161 և Անահիտ Մկրտչյանի գործը, § 105):
144. Ինչ վերաբերում է դիմումատուի բողոքին, որ Հայաստանի օրենսդրությամբ չեն նախատեսվում իր որդու մահվան հետևանքով կրած ոչ նյութական վնասի հատուցում պահանջելու միջոցներ (տե՛ս վերևում՝ 59-րդ պարբերությունում նշված՝ տվյալ ժամանակահատվածում գործող համապատասխան ներպետական կարգավորումները), Դատարանը նշում է, որ այն նախկինում գտել է, որ ցանկացած անձի երեխայի կյանքի կորստի հետևանքով կրած ոչ նյութական վնասի հատուցման համար տվյալ ժամանակահատվածում դիմելու հնարավորություն տվող օրենսդրական դրույթների բացակայությամբ խախտվում է Կոնվենցիայի 13-րդ հոդվածի պահանջները (տե՛ս վերևում հիշատակված՝ Միրզոյանի գործը, §§ 79-83, և վերևում հիշատակված՝ Հովհաննիսյանի և Կարապետյանի գործը, § 146): Դատարանը սույն գործով այլ եզրահանգում անելու որևէ պատճառ չի տեսնում։
145. Ինչ վերաբերում է Կառավարության այն փաստարկին, որ դիմումատուն ներպետական վարույթի շրջանակներում չի պահանջել որևէ վնասի փոխհատուցում (տե՛ս վերևում՝ 138-րդ պարբերությունը), Դատարանը նկատում է, որ դիմումատուն մասնավորապես բողոք է ներկայացրել այնպիսի ներպետական իրավական դրույթների բացակայության հետ կապված, որոնք հնարավորություն կտային նրան իր որդու կյանքի իրավունքի խախտման հետևանքով կրած կորստի համար պետությունից պահանջելու ոչ նյութական վնասի հատուցում (տե՛ս վերևում՝ 137-րդ և 139-րդ պարբերությունները)։ Հաշվի առնելով տվյալ ժամանակահատվածում ոչ նյութական վնասի հատուցում պահանջելու հնարավորություն տվող իրավական դրույթների բացակայությունը (տե՛ս վերևում՝ 144-րդ պարբերությունը), պարզ չէ, թե դիմումատուն ինչ արդյունք (առկայության դեպքում) կարող էր ունենալ, եթե նա, այնուհանդերձ, ներպետական վարույթի շրջանակներում դիմեր ոչ նյութական վնասի հատուցման համար։
Ինչ վերաբերում է այն պնդմանը, որ դիմումատուն կարող էր դիմել Սահմանադրական դատարան՝ տվյալ ժամանակահատվածում գործող քաղաքացիական իրավունքի համապատասխան դրույթների սահմանադրականությունը վիճարկելու համար (տե՛ս վերևում՝ 138-րդ պարբերությունը), ապա Դատարանը նախկինում վճռել է, որ իրավական պաշտպանության սահմանադրական միջոցը, որպես կանոն, չի համարվում ներպետական իրավական պաշտպանության միջոց, որը պետք է սպառվեր՝ հաշվի առնելով Հայաստանի սահմանադրական դատարանի դատական դերի առանձնահատկությունները (տե՛ս Վոլոդյա Ավետիսյանն ընդդեմ Հայաստանի [Volodya Avetisyan v. Armenia], թիվ 39087/15, § 33, 2022 թվականի մայիսի 3, և դրանում մեջբերված նախադեպային իրավունքը)։
146. Հաշվի առնելով վերոնշյալ նկատառումները՝ Դատարանը մերժում է Կառավարության առարկությունը՝ ներպետական իրավական պաշտպանության միջոցները չսպառելու մասով, և գտնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 13-րդ հոդվածի խախտում՝ դիմումատուի կողմից՝ իր որդու կյանքի իրավունքի խախտման հետևանքով կրած ոչ նյութական վնասի համար հատուցում պահանջելու իրավական հնարավորության բացակայության մասով։
IV. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 41-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ
147. Կոնվենցիայի 41-րդ հոդվածի համաձայն՝
«Եթե Դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի կամ դրան կից արձանագրությունների խախտում, իսկ համապատասխան Բարձր պայմանավորվող կողմի ներպետական իրավունքն ընձեռում է միայն մասնակի հատուցման հնարավորություն, ապա Դատարանը որոշում է անհրաժեշտության դեպքում տուժած կողմին արդարացի փոխհատուցում տրամադրել»:
Ա. Վնասը
148. Դիմումատուն պահանջել է 70 000 եվրո՝ որպես ոչ նյութական վնասի հատուցում։
149. Կառավարությունը դիմումատուի պահանջը համարել է անհիմն և չափազանցված։
150. Դատարանը, կատարելով իր գնահատումն արդարության սկզբունքի հիման վրա և հաշվի առնելով գործի կոնկրետ հանգամանքները, դիմումատուին շնորհում է 30 000 եվրո՝ որպես ոչ նյութական վնասի հատուցում։
Բ. Ծախսերը և ծախքերը
151. Դիմումատուին տրամադրվել է իրավաբանական օգնություն (տե՛ս վերևում՝ 2-րդ պարբերությունը), և լրացուցիչ ծախսերի կամ ծախքերի համար փոխհատուցում ստանալու փորձ չի արվել: Հետևաբար Դատարանից չի պահանջվում այս մասով որևէ որոշում կայացնել։
ԱՅՍ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՄԲ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԻԱՁԱՅՆ՝
1․ Հայտարարում է գանգատն ընդունելի.
2․ Միացնում է Կառավարության՝ դիմումատուի կողմից 13-րդ հոդվածով ներկայացված նրա բողոքի մասով ներպետական իրավական պաշտպանության միջոցները չսպառելու մասին առարկությունն ըստ էության քննությանը և մերժում է այն.
3․ Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 2-րդ հոդվածի խախտում՝ դրա նյութաիրավական հայեցակետի մասով.
4․ Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 2-րդ հոդվածի խախտում՝ դրա դատավարական հայեցակետի մասով.
5․ Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 13-րդ հոդվածի խախտում՝ դիմումատուի կողմից՝ իր որդու կյանքի իրավունքի խախտման հետևանքով կրած ոչ նյութական վնասի համար հատուցում պահանջելու իրավական հնարավորության բացակայության մասով.
6․ Վճռում է, որ չկա անհրաժեշտություն քննելու, թե արդյոք տեղի է ունեցել Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում՝ դիմումատուի որդու մահվան նկատմամբ ցուցաբերված վատ վերաբերմունքի մասով.
7․ Վճռում է, որ չկա անհրաժեշտություն քննելու, թե արդյոք տեղի է ունեցել Կոնվենցիայի 13-րդ հոդվածի խախտում՝ դիմումատուի որդու մահվան գործով քննության ենթադրյալ անարդյունավետության մասով.
8․ Վճռում է, որ՝
ա) պատասխանող պետությունը վճիռը Կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան վերջնական դառնալու օրվանից երեք ամսվա ընթացքում պետք է ոչ նյութական վնասի դիմաց դիմումատուին վճարի 30 000 եվրո (երեսուն հազար եվրո), որը պետք է փոխարկվի պատասխանող պետության արժույթով՝ վճարման օրվա դրությամբ գործող փոխարժեքով՝ գումարած գանձման ենթակա ցանկացած հարկ,
բ) վերը նշված եռամսյա ժամկետի ավարտից հետո մինչև վճարման օրը պետք է հաշվարկվի վերոնշյալ գումարի նկատմամբ պարզ տոկոսադրույք՝ չկատարման ժամանակահատվածում Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած՝ լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքի չափով՝ գումարած երեք տոկոսային կետ.
9․ Մերժում է դիմումատուի՝ արդարացի փոխհատուցման պահանջի մնացած մասը։
Կատարված է անգլերենով և գրավոր ծանուցվել է 2024 թվականի հունիսի 4-ին՝ համաձայն Դատարանի կանոնակարգի 77-րդ կանոնի 2-րդ և 3-րդ կետերի։
Անդրեա Տամիետտի՝ |
Գաբրիել Կուչկո-Ստադլմայեր՝ |
Քարտուղար |
Նախագահ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|