Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-24-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (07.04.2012-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԵԻԱՏ 2012.04.14/6(37) Հոդ.287
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
27.02.2012
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
15.03.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.04.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2012 թվականի փետրվարի 27-ին

 

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 115-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

 «Հոդված 115. Երթևեկության կարգի պահպանման և անվտանգության կանոնների խախտումը երկաթուղային տրանսպորտում

 

1. Երկաթուղային գծերը, պաշտպանական անտառատնկարկները, ձնապաշտպան ցանկապատերը կամ գծային օբյեկտները վնասելը`

 առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:

2. Երկաթուղային գծերի վրա իրեր դնելը կամ հպակային ցանցի և (կամ) օդային գծերի հենարանների կամ հատուկ կառուցվածքների և (կամ) արհեստական կառույցների վրա բարձրանալը կամ նշանները, ցուցատախտակները, տեղեկատվության այլ կրիչները վնասելը, ծածկելը, հանելը, ինքնակամ տեղակայելը կամ չսահմանված տեղերով երկաթուղու գծերի վրայով երթևեկելը կամ անցնելը կամ երկաթուղու ազդանշանային, կապի կառուցվածքները կամ սարքերը վնասելը կամ վագոնների ոտնակների կամ տանիքների վրա երթևեկելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով:

3. Ուղևորային կառամատույցների կամ երկաթուղային շարժակազմի տակ մտնելը կամ վագոնների միջև ինքնակցիչ սարքվածքների վրայով անցնելը կամ ուղևորային կառամատույցի վրայից երկաթուղային գծերի վրա թռչելը`

առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:

4. Երկաթուղու անցումային լուսացույցի արգելող ազդանշանի ժամանակ երկաթուղային անցուղիներով անցնելը կամ երկաթուղային շարժակազմի երթևեկության համար խոչընդոտներ ստեղծելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանհինգապատիկի չափով:»:

 

Հոդված 2. Օրենսգրքի 116-րդ հոդվածի տեքստը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«1. Բեռնատար գնացքներով ինքնակամ երթևեկելը կամ մարդատար վագոնների ավտոմատացված դռների բացմանը, փակմանը խոչընդոտելը կամ վագոն նստելու և (կամ) վագոնից իջնելու ժամանակ այլ քաղաքացիների համար դիտավորյալ խոչընդոտ ստեղծելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:

2. Մետրոպոլիտենի գնացքների կամ երկաթուղային շարժակազմի ներքին սարքավորումները, ապակիները կամ նստատեղերը վնասելը, ինչպես նաև ներքին սարքավորումներից առանց անհրաժեշտության օգտվելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնհինգապատիկի չափով:

3. Գնացքների վագոնների պատուհաններից կամ դռներից աղբ կամ այլ առարկաներ դուրս նետելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:

4. Ուղևորային կառամատույցի կողմից կամ երկաթուղային կայարաններում հատուկ առանձնացված կամ հարմարեցված տեղերից բացի, այլ տեղերից վագոն նստելը և (կամ) վագոնից իջնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:

5. Առանց անհրաժեշտության (գնացքին, ուղևորներին և շրջապատին սպառնացող վտանգի բացակայության դեպքում) ինքնակամ կերպով վթարային կանգառ կատարելու համար նախատեսված բռնակի միջոցով գնացքը կանգնեցնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:»:

 

Հոդված 3. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 116.1-116.10-րդ հոդվածներով.

 

 «Հոդված 116.1. Ընդհանուր օգտագործման երկաթուղային տրանսպորտի ենթակառուցվածքի օգտագործման ռեժիմի վերաբերյալ տեղեկատվությունը առանց լիազոր մարմնի հետ համաձայնեցնելու հրապարակելը կամ լիազոր մարմնի հետ այդ տեղեկատվության համաձայնեցման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգը խախտելը կամ ոչ հավաստի տեղեկատվություն հրապարակելը

 

1. Ընդհանուր օգտագործման երկաթուղային տրանսպորտի ենթակառուցվածքի կառավարչի կամ սեփականատիրոջ կողմից ընդհանուր օգտագործման երկաթուղային տրանսպորտի ենթակառուցվածքի օգտագործման ռեժիմի վերաբերյալ տեղեկատվությունը առանց լիազոր մարմնի հետ համաձայնեցնելու հրապարակելը կամ լիազոր մարմնի հետ այդ տեղեկատվության համաձայնեցման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգը խախտելը կամ ոչ հավաստի տեղեկատվություն հրապարակելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:

2. Սույն հոդվածով նախատեսված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` տվյալ արարքի համար սույն հոդվածով սահմանված տուգանքի կրկնապատիկի չափով:

 

 Հոդված 116.2. Ընդհանուր օգտագործման երկաթուղային տրանսպորտի ենթակառուցվածքի կառավարչի կամ սեփականատիրոջ կամ ոչ ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերի օգտագործողների կողմից առավել վտանգավոր գոտիներում քաղաքացիների գտնվելու ժամանակ նրանց կյանքին կամ առողջությանը վնաս պատճառելը կանխելու միջոցառումներ չիրականացնելը

 

1. Ընդհանուր օգտագործման երկաթուղային տրանսպորտի ենթակառուցվածքի կառավարչի կամ սեփականատիրոջ կամ ոչ ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերի օգտագործողների կողմից`

1) առավել վտանգավոր գոտիներում համապատասխան լուսային, ձայնային ազդանշանների, նշանների, ցուցիչների, տեխնիկական միջոցների և (կամ) տեղեկատվության այլ կրիչների միջոցով անհրաժեշտ տեղեկատվություն չտեղակայելը կամ առավել վտանգավոր գոտիներում գտնվող քաղաքացիներին տեխնիկական միջոցների և (կամ) տեղեկատվության այլ կրիչների միջոցով համապատասխան սահմանափակումների և (կամ) դրանց փոփոխությունների մասին ժամանակին չտեղեկացնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով.

 2) ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերի և ոչ ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերի առավել վտանգավոր գոտիներում գտնվող քաղաքացիների համար նախատեսված կառամատույցները, հետիոտնային անցումները, թունելները, կամուրջները և այլ օբյեկտները տեխնիկապես սարքին և անվտանգ վիճակում չպահպանելը կամ առավել վտանգավոր գոտիներում վերակառուցման, շինարարական և նորոգման աշխատանքների կատարման տեղերում տեղերի նշումը և ցանկապատում չկատարելը.

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:

2. Սույն հոդվածով նախատեսված արարքները վարչական տույժի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` տվյալ արարքի համար սույն հոդվածով սահմանված տուգանքի կրկնապատիկի չափով:

 

 Հոդված 116.3. Ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերին ներկայացվող պահանջները խախտելը

 

1. Ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերը կամ երկաթուղային տրանսպորտի օբյեկտները երկաթուղու տեխնիկական շահագործման և երկաթուղային տրանսպորտի երթևեկության անվտանգության կանոնների խախտմամբ պահելը`

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:

2. Ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերի հատումը կառուցվող, նոր կամ վերակառուցված ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերին կամ ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերի գործարկումը մշտական շահագործման համար կամ գնացքների ժամանման և մեկնման, բեռների բեռնման, բեռնաթափման, տեսակավորման կամ պահպանման (այդ թվում` բեռնարկղերում) հետ կապված բոլոր կամ որոշ գործողությունների իրականացման նպատակով երկաթուղային կայարանների գործարկումն առանց լիազոր մարմնի համաձայնության իրականացնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով:

3. Ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերի, ինչպես նաև ցածր ծանրաբեռնվածության գծերի և ուղեմասերի փակումն ու ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերի անցումը ոչ ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերի կամ գնացքների ժամանման և մեկնման, ուղեբեռների, բեռների և բեռնածանրոցների ընդունման, հանձնման, բեռնման, բեռնաթափման, տեսակավորման կամ պահպանման (այդ թվում` բեռնարկղերում) հետ կապված բոլոր կամ որոշ գործողությունների դադարեցման նպատակով երկաթուղային կայարանների փակումն առանց համապատասխան թույլտվության իրականացնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկի չափով:

4. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգի խախտմամբ ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերի նախագծումը կամ կառուցումը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:

5. Ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերի, երկաթուղային շարժակազմի կամ բեռնարկղերի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված համապատասխան տեխնիկական վիճակը չապահովելը կամ բեռնատար վագոնների կամ բեռնարկղերի բեռնման ու բեռնաթափման աշխատանքները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

6. Սույն հոդվածով նախատեսված արարքները վարչական տույժ նշանակելու օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` տվյալ արարքի համար սույն հոդվածով սահմանված տուգանքի կրկնապատիկի չափով:

 

 Հոդված 116.4. Ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերը հատող ոչ ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերին ներկայացվող հիմնական պահանջները խախտելը

 

1. Ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերը հատող ոչ ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերի օգտագործողների կողմից այդ գծերի պահպանումը չապահովելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:

2. Ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերը հատող ոչ ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերի, բեռների բեռնման և բեռնաթափման, վագոնների, բեռնարկղերի մաքրման և լվացման համար նախատեսված սարքավորումների կառուցումը և վերակառուցումը, ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերը հատող ոչ ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերի ընդհանուր օգտագործման երկաթուղային գծանցի տեղի որոշումը կամ ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերին նոր կառուցվող կամ վերակառուցված ոչ ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերի հետ հատումն առանց լիազոր մարմնի հետ համաձայնեցման իրականացնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով:

3. Ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերը հատող ոչ ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերի օգտագործողների կողմից երկաթուղային տրանսպորտի շահագործման և երթևեկության անվտանգության պահանջները չպահպանելը, ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերը հատող ոչ ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերը, երկաթուղային շարժակազմը կամ բեռնարկղերը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված տեխնիկական վիճակին համապատասխան չպահպանելը կամ բեռնատար վագոնների և բեռնարկղերի բեռնման ու բեռնաթափման աշխատանքները սահմանված կարգով չկատարելը`

 առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

4. Ոչ ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերից դեպի ընդհանուր օգտագործման երկաթուղային գծեր և հակառակը երկաթուղային շարժակազմի գծանցման կարգի խախտումը`

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:

5. Սույն հոդվածով նախատեսված արարքները վարչական տույժ նշանակելու օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` տվյալ արարքի համար սույն հոդվածով սահմանված տուգանքի կրկնապատիկի չափով:

 

 Հոդված 116.5. Երկաթուղային տրանսպորտով վտանգավոր բեռների փոխադրման կանոնները խախտելը

 

1. Երկաթուղային տրանսպորտով վտանգավոր բեռների փոխադրման կանոնները խախտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:

2. Սույն հոդվածով նախատեսված արարքը վարչական տույժ նշանակելու օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` տվյալ արարքի համար սույն հոդվածով սահմանված տուգանքի կրկնապատիկի չափով:

 

 Հոդված 116.6. Ընդհանուր օգտագործման երկաթուղային տրանսպորտի ենթակառուցվածքի կառավարչի կամ սեփականատիրոջ կողմից երկաթուղային շարժակազմի այլ օպերատորների մուտքը խոչընդոտելը

 

Ընդհանուր օգտագործման երկաթուղային տրանսպորտի ենթակառուցվածքի կառավարչի կամ սեփականատիրոջ կողմից երկաթուղային շարժակազմի այլ օպերատորների մուտքը խոչընդոտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:

 

 Հոդված 116.7. Ընդհանուր օգտագործման երկաթուղային տրանսպորտի գործունեություն կազմակերպողների կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պարտականությունների խախտումը

 

1. Ընդհանուր օգտագործման երկաթուղային տրանսպորտի ենթակառուցվածքի կառավարչի կամ սեփականատիրոջ կամ փոխադրողների կամ բեռնառաքողների կամ փոխադրման գործընթացի այլ մասնակիցների կողմից երկաթուղային տրանսպորտի շահագործման կամ երթևեկության անվտանգությունը չապահովելը`

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:

2. Փոխադրողի կողմից ուղևորների համար տեսանելի վայրում իր կողմից մատուցվող ծառայությունների ցանկի և դրանց սակագների մասին անհրաժեշտ տեղեկատվություն չտեղադրելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:

3. Սույն հոդվածով նախատեսված արարքը վարչական տույժ նշանակելու օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` տվյալ արարքի համար սույն հոդվածով սահմանված տուգանքի կրկնապատիկի չափով:

 

 Հոդված 116.8. Երկաթուղու տեխնիկական շահագործման կանոնները խախտելը կամ ընդհանուր օգտագործման երկաթուղային տրանսպորտի ենթակառուցվածքից օգտվելու պայմանները խախտելը

 

1. Երկաթուղու տեխնիկական շահագործման կանոնները խախտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:

2. Ընդհանուր օգտագործման երկաթուղային տրանսպորտի ենթակառուցվածքից օգտվելու պայմանները խախտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

3. Սույն հոդվածով նախատեսված արարքները վարչական տույժ նշանակելու օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` տվյալ արարքի համար սույն հոդվածով սահմանված տուգանքի կրկնապատիկի չափով:

 

 Հոդված 116.9. Երկաթուղային տրանսպորտի գործունեության կազմակերպման լիցենզիայի պարտադիր պահանջները կամ պայմանները խախտելը

 

Երկաթուղային տրանսպորտի գործունեության կազմակերպման լիցենզիայի պարտադիր պահանջները կամ պայմանները խախտելը, եթե դրանք չեն առաջացրել «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պատասխանատվություն`

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:

 

 Հոդված 116.10. Երկաթուղային տրանսպորտի շահագործման կամ երթևեկության անվտանգության հիմնական պահանջները խախտելը

 

1. Վտանգավոր բեռների արտադրություն, բեռնում, փոխադրում, բեռնաթափում իրականացնող օբյեկտների և դրանց վրա տեղակայված շենքերի, շինությունների և կառույցների կամ ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերին կապի գծերի, էլեկտրահաղորդումների, նավթամուղների, գազամուղների կամ այլ վերգետնյա կամ ստորգետնյա կառույցների հատման վայրերի տեղակայումն ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված նվազագույն հեռավորությունից պակաս հեռավորության վրա`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով:

2. Կապի գծերի, էլեկտրահաղորդիչների, նավթամուղների, գազամուղների կամ ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերը հատող կամ այդ գծերի անմիջական հարևանությամբ գտնվող կառույցների սեփականատերերի կողմից նշված կառույցների շինարարության և շահագործման համար սահմանված նորմերը չպահպանելը կամ նշված օբյեկտների գործունեության անվտանգությունը չապահովելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:

3. Ընդհանուր օգտագործման երկաթուղային տրանսպորտի ենթակառուցվածքի կառավարչի կամ սեփականատիրոջ կամ ոչ ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերի օգտագործողների կամ փոխադրողների կողմից իրենց տեխնիկական և տեխնոլոգիական հնարավորությունների սահմաններում ունեցած վերականգնողական և հակահրդեհային միջոցների օգտագործմամբ տրանսպորտային պատահարների հետևանքների վերացմանը չմասնակցելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկի չափով:

4. Երկաթուղային գծերը ավտոմոբիլային ճանապարհների հետ հատման կարգը կամ երկաթուղային գծերի հատման կանոնները կամ երկաթուղային գծանցների շահագործման պայմանները կամ դրանց գործարկման կամ փակման կարգը խախտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

5. Երկաթուղային տրանսպորտում երթևեկության անվտանգության, տրանսպորտային միջոցների տեխնիկական շահագործման կամ փոխադրման գործընթացի հետ կապված այլ կանոնները խախտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:»:

 

Հոդված 4. Օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերում «հինգ տոկոսի» բառերը փոխարինել «տասնապատիկի» բառով:

 

Հոդված 5. Օրենսգրքի 136-րդ հոդվածի 1-ին մասում «երեք տոկոսի» բառերը փոխարինել «հնգապատիկի» բառով:

 

Հոդված 6. Օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Ընդհանուր օգտագործման երկաթուղային տրանսպորտով անտոմս երթևեկելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:»:

 

Հոդված 7. Օրենսգրքի 138-րդ հոդվածի 1-ին մասի «հինգ տոկոսից մինչև տասնհինգ տոկոսի» բառերը փոխարինել «հիսնապատիկից մինչև հարյուրապատիկի» բառերով, իսկ 2-րդ մասի «մինչև տասը տոկոսի չափով» բառերը` «երեսնապատիկից մինչև վաթսունապատիկի» բառերով:

 

Հոդված 8. Օրենսգրքի 224-րդ հոդվածում`

 

1) 1-ին մասի «115 հոդվածի առաջին, երկրորդ, չորրորդ և հինգերորդ մասերով» բառերը փոխարինել «115» թվով, «116-118» թվերը` «116, 117-118» թվերով, իսկ «135 հոդվածով, 136 հոդվածի երկրորդ և երրորդ մասերով, 137 հոդվածի երրորդ, չորրորդ և հինգերորդ մասերով, 138 հոդվածով (բացառությամբ ավտոմոբիլային տրանսպորտում կատարված խախտումների)» բառերը` «135, 136, 137, 138» թվերով.

2) 2-րդ մասի 1-ին կետի «115 հոդվածի առաջին, երկրորդ, չորրորդ և հինգերորդ մասերով» բառերը փոխարինել «115» թվով, «116-118» թվերը` «116, 117-118» թվերով, իսկ «135 հոդվածով, 136 հոդվածի երկրորդ և երրորդ մասերով, 137 հոդվածի երրորդ, չորրորդ և հինգերորդ մասերով, 138 հոդվածով (բացառությամբ ավտոմոբիլային տրանսպորտում կատարված խախտումների)» բառերը` «135, 136, 137, 138» թվերով:

 

Հոդված 9. Օրենսգրքի 226-րդ հոդվածի 1-ին մասից «115, 116 հոդվածներով» և «135 հոդվածի առաջին մասով, 136 հոդվածի առաջին մասով, 137 և 138 հոդվածներով» բառերը հանել:

 

Հոդված 10. Օրենսգրքի 227.1-ին հոդվածը «150.1-150.9» թվերից առաջ լրացնել «116.1-ին հոդվածով,» բառերով:

 

Հոդված 11. Օրենսգրքի 244.13-րդ հոդվածի 1-ին մասը «137.1-137.4» թվերից առաջ լրացնել «116.2-116.10-րդ,» բառերով:

 

Հոդված 12. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2012 թ. մարտի 15

Երևան

ՀՕ-24-Ն