ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2024 թվականի մայիսի 22-ին
«ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» 2001 թվականի հոկտեմբերի 23-ի ՀՕ-248 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ մասով․
«3․ Արհեստագործական և միջին մասնագիտական կրթական ծրագիր իրականացնող ուսումնական հաստատության իրավական կարգավիճակի, դրա ստեղծման, գործունեության, վերակազմակերպման և լուծարման կարգի, կառավարման մարմինների, դրանց ձևավորման և լիազորությունների, գույքի օգտագործման ու ֆինանսատնտեսական հարաբերությունների, ինչպես նաև պետական կառավարման համակարգի մարմինների հետ փոխհարաբերությունների առանձնահատկությունները սահմանվում են «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենքով։ Սույն օրենքի դրույթները տարածվում են մասնագիտական կրթության և ուսուցման համակարգի վրա, եթե այլ բան սահմանված չէ «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենքով:»։
Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.1-ին մասով.
«5.1. Օրենքով չարգելված ձեռնարկատիրական գործունեության տեսակների շրջանակում մասնագիտական ուսումնական հաստատությունը կարող է հիմնադրի որոշմամբ միայնակ կամ համագործակցությամբ ստեղծել տնտեսական ընկերություն կամ դառնալ դրա մասնակից՝ լիցենզավորված կրթական ծրագրերի որակավորումներին և զբաղմունքին համապատասխան, ինչպես նաև աշխատանքի վրա հիմնված ուսումնառության մոդելով գործնական աշխատանքային ուսուցման շրջանակներում մատուցել ծառայություն, իրականացնել արտադրություն, արտադրանքի իրացում և վաճառք:»։
Հոդված 3. Օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասի երկրորդ պարբերության երրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Վարձակալության հանձնված գույքի վարձակալական վճարներից ստացված դրամական միջոցներն ամբողջությամբ ուղղվում են պետական բյուջե, բացառությամբ այն դեպքերի և չափի, երբ մասնագիտական ուսումնական հաստատության և գործատուների հետ համագործակցության պայմանագրի հիմքով տվյալ վարձակալված տարածքն օգտագործվում է կրթական ծրագրի շրջանակում աշխատանքի վրա հիմնված ուսումնառության մոդելով գործնական աշխատանքային ուսուցում անցնելու և սահմանված որոշակի աշխատանք կատարելու նպատակով։»։
Հոդված 4. Օրենքի 16-րդ հոդվածի 7-րդ մասն ուժը կորցրած ճանաչել։
Հոդված 5. Օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի առաջին նախադասությունից հանել «կամ միջին մասնագիտական» բառերը։
Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հոդված 7. Մինչև սույն օրենքի 2-րդ հոդվածով Օրենքի 3-րդ հոդվածի 5.1-ին մասով նախատեսված պահանջների սահմանումը մասնագիտական ուսումնական հաստատությունները կարող են կրթության պետական կառավարման լիազոր մարմնի սահմանած փորձարարական կարգով միայնակ կամ համագործակցությամբ ստեղծել տնտեսական ընկերություն կամ դառնալ դրա մասնակից՝ իրենց մասնագիտություններին համապատասխան։
|
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
|
2024 թ. հունիսի 13 Երևան ՀՕ-253-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 հունիսի 2024 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|