Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 37712/13
Տիպ
Վճիռ ընդդեմ Հայաստանի
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.03.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում 29.05.2024
Ընդունող մարմին
Մարդու իրավունքների եվրոպական դատարան
Ընդունման ամսաթիվ
26.03.2024
Ստորագրող մարմին
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
26.03.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.03.2024

Ներմուծեք նկարագրությունը_15382

ՉՈՐՐՈՐԴ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ

 

ՊՈՂՈՍՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ

 

(գանգատ թիվ 37712/13)

 

ՎՃԻՌ

 

ՍՏՐԱՍԲՈՒՐԳ

 

26 մարտի 2024 թ.

 

Սույն վճիռը վերջնական է, սակայն կարող է ենթարկվել խմբագրական փոփոխությունների։

 

Պողոսյանն ընդդեմ Հայաստանի գործով,

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (Չորրորդ բաժանմունք), հանդես գալով Կոմիտեի հետևյալ կազմով՝

Թիմ Այքը [Tim Eicke]` Նախագահ,

Արմեն Հարությունյան [Armen Harutyunyan],

Անա Մարիա Գեռա Մարտինս [Ana Maria Guerra Martins]` դատավորներ,

և Վալենտին Նիկոլեսկու [Valentin Nicolescu]՝ Բաժանմունքի քարտուղարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար,

հաշվի առնելով՝

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի (Կոնվենցիա) 34-րդ հոդվածի համաձայն 1949 թվականին ծնված Հայաստանի քաղաքացի տիկին Թամարա Պողոսյանի (դիմումատու) կողմից ընդդեմ Հայաստանի Հանրապետության՝ 2013 թվականի հունիսի 3-ին Դատարան ներկայացված գանգատը (թիվ 37712/13), որին ներկայացրել է Երևանում գործող իրավաբան պրն Ե. Աբելյանը,

Կոնվենցիայի 10-րդ հոդվածի համաձայն գանգատի մասով Հայաստանի կառավարությանը (Կառավարություն)՝ ի դեմս լիազոր ներկայացուցիչ, Միջազգային իրավական հարցերով Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ պրն Ե. Կիրակոսյանի, ծանուցելու և գանգատը մնացած մասով անընդունելի ճանաչելու վերաբերյալ որոշումը,

կողմերի դիտարկումները,

2024 թվականի մարտի 5-ին անցկացնելով դռնփակ խորհրդակցություն,

կայացրեց հետևյալ վճիռը, որն ընդունվեց նույն օրը.

 

ԳՈՐԾԻ ԱՌԱՐԿԱՆ

 

1. Գործը վերաբերում է դիմումատուի դեմ զրպարտության վերաբերյալ վարույթին և բարձրացնում է Կոնվենցիայի 10-րդ հոդվածի համաձայն խնդիրներ։

2. Տվյալ ժամանակահատվածում դիմումատուն զբաղեցրել է «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամի (հիմնադրամ) գործադիր տնօրենի պաշտոնը:

3. 2010 թվականի ապրիլի 19-ին նա հանդիպել է Սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆ.Զ.-ին նրա աշխատասենյակում։ Նա պնդել է, որ Ֆ.Զ.-ն իրեն տեղեկացրել է, որ Կառավարության 2010 թվականի ապրիլի 8-ի որոշմամբ նախարարությանը վստահվել է մի ծրագրի իրականացում, որը ներառում է չորս համաժողովների կազմակերպման աշխատանքներ. նախապատրաստական աշխատանքները պետք է իրականացվեին հիմնադրամի միջոցների հաշվին։ Նա նաև տեղեկացրել է, որ չորս համաժողովներից առաջինը պետք է տեղի ունենար 2010 թվականի ապրիլի 25-26-ը։ Առաջին համաժողովի մեկնարկին քիչ ժամանակ էր մնացել և հիմնադրամը ծանրաբեռնված էր այլ գործունեությամբ, նախապատրաստական աշխատանքների մեծ մասն արդեն կատարվել էր մեկ այլ սուբյեկտի՝ մասնավոր ընկերության կողմից, որի հետ հիմնադրամը պետք է պայմանագիր կնքեր, և որը պետք է իրականացներ նաև մնացած երեք համաժողովների նախապատրաստական աշխատանքները։ Այնուհետև Ֆ.Զ.-ն դիմել է նրան հիմնադրամի անունից կնքելու երկու պայմանագիր, մեկը՝ նախարարության, մյուսը՝ մասնավոր ընկերության հետ, համաձայն որի՝ հիմնադրամը պետք է բոլոր չորս համաժողովների նախապատրաստական աշխատանքները փոխանցեր ընկերությանը։ Դիմումատուն պնդել է, որ ինքը պատասխանել է. «Ներեցեք, բայց դուք հասկանու՞մ եք, թե ինչ եք առաջարկում: Սա փողերի լվացման դասական սխեմա է»։ Նա նաև պնդել է, որ հրաժարվել է ստորագրել պայմանագրերը, սակայն փակուղուց դուրս գալու համար համաձայնել է ստանալ դրանք պաշտոնական գրությամբ և ի պատասխան ներկայացնել հիմնադրամի առաջարկություններն ու մեկնաբանությունները։ Այնուհետև Ֆ.Զ.-ն նրան տվել է երկու պայմանագիր` իր կողմից ստորագրված և 2010 թվականի ապրիլի 19-ով թվագրված գրությամբ, որտեղ գրված է եղել հետևյալը.

 

«Ձեզ ենք ներկայացնում [Կառավարության 2010 թվականի ապրիլի 8-ի որոշմամբ] հաստատված ծրագրի նախատեսված պայմանագրի նախագիծը, որը պետք է ստորագրվի Սփյուռքի նախարարության և [հիմնադրամի] միջև։

Խնդրում ենք մեկ օրվա ընթացքում ներկայացնել պայմանագրի վերաբերյալ ձեր կարծիքը (առաջարկություններն ու մեկնաբանությունները)»։

 

4. Դիմումատուն 2010 թվականի ապրիլի 20-ին գրություն է ուղարկել Ֆ.Զ.-ին, որտեղ ներկայացված էր իր առաջարկություններն ու մեկնաբանությունները՝ «երկու պայմանագրերի և դրանց կից հավելվածների» վերաբերյալ [2010 թվականի ապրիլի 19-ի գրություն]: Իր գրության մեջ նա, ի թիվս այլնի, պնդում էր, որ աշխատանքը երրորդ կողմին փոխանցելը կհանգեցնի լրացուցիչ ծախսերի՝ հաշվի առնելով, որ այն շահույթ հետապնդող ընկերություն է: 2010 թվականի ապրիլի 21-ի մեկ այլ գրությամբ դիմումատուն առաջարկել է Ֆ.Զ.-ին առաջին համաժողովը բացառել պայմանագրից՝ մասնավորապես նշելով այն փաստը, որ դրա հետ կապված նախապատրաստական աշխատանքների մեծ մասն իրականում ավարտվել է, և հրաժարվել է որևէ պատասխանատվություն ստանձնել դրա համար: 2010 թվականի ապրիլի 22-ին նա դիմել է Ֆ.Զ.-ին տեղեկատվություն տրամադրելու այդ օրվա դրությամբ առաջին համաժողովի շրջանակներում կատարված աշխատանքների մասին:

5. 2010 թվականի ապրիլի 22-ին դիմումատուն հիմնադրամի անունից պայմանագիր է կնքել նախարարության հետ՝ պարտավորվելով դրամաշնորհի դիմաց իրականացնել չորս համաժողովների նախապատրաստական աշխատանքները։ Նա պնդել է, որ դա երեք օրվա բուռն քննարկումների արդյունք է, և որ հիմնադրամն առաջին համաժողովի նախապատրաստական աշխատանքներն իրականացրել է միայն այնքանով, որքանով մասնավոր ընկերությունը չէր իրականացրել:

6. 2010 թվականի ապրիլի 27-ին դիմումատուն գրությամբ դիմել է Սփյուռքի նախարարին, որում, հղում կատարելով իր 2010 թվականի ապրիլի 21-ի գրությանը, նշել է, որ նախարարության հետ կնքված պայմանագրի հավելվածները, մասնավորապես՝ նախապատրաստական աշխատանքների տեխնիկական բնութագիրը և ծախսերի նախահաշիվը չեն համապատասխանում Կառավարության 2010 թվականի ապրիլի 8-ի որոշմանը: Այսպիսով, «նշված պայմանագրի կատարումն ապահովելու համար» նա դիմել է նախարարին տրամադրելու համապատասխան տվյալներ առաջին համաժողովի նախապատրաստական աշխատանքներն իրականացրած մասնավոր ընկերության վերաբերյալ՝ նշելով կատարված աշխատանքները։ Այս փաստաթղթերն ստանալուց հետո հիմնադրամը ծառայությունների մատուցման համապատասխան պայմանագրեր է կնքել նախապատրաստական աշխատանքն իրականացրած «ընկերությունների» հետ։

7. 2010 թվականի նոյեմբերի 9-ին դիմումատուն ներկայացրել է Ֆ.Զ.-ին առաջին համաժողովի շրջանակներում կատարված ծախսերի հաշվետվությունը: Այդ հաշվետվությունից կարելի է հասկանալ, որ հիմնադրամն ավարտել է առաջին համաժողովի նախապատրաստական աշխատանքների միայն որոշ մասը։

8. 2011 թվականի ապրիլի 7-ին դիմումատուն հարցազրույց է տվել «Ազատություն» ռադիոկայանին՝ հետևյալ բովանդակությամբ.

 

«Աշխատակազմի ղեկավարի աշխատասենյակում էինք, որն ասաց. «Տիկին Պողոսյան, կարո՞ղ եք այս երկու պայմանագրերը ստորագրել»։ Ես հարցրեցի. «Այս ի՞նչ պայմանագրեր են»։ Նա պատասխանեց. «Տիկին Պողոսյան, ժամանակի սուղ լինելը և Ձեր զբաղվածությունը հաշվի առնելով ՝ մենք արդեն հանձնարարել ենք այս ծրագրի իրականացումը, մասնավորապես՝ համաժողովի նախապատրաստական աշխատանքներն այլ ընկերության, որն արդեն իրականացվել է, և դուք ոչինչ չունեք անելու։ Խնդրում ենք ստորագրել այս պայմանագիրը, որպեսզի համաժողովի նախապատրաստական աշխատանքների հետ կապված Ձեր գործառույթները փոխանցվեն այս ընկերությանը»: Ես ասացի. «Ներողություն, բայց դուք հասկանու՞մ եք, թե ինչ եք առաջարկում։ Սա փողերի լվացման դասական սխեմա է»։ Ես, Կառավարության որոշման համաձայն, պատասխանատու անձ եմ։ Ես ի՞նչ իրավունք ունեմ չկատարելու Կառավարության որոշումը: Ես դրա համար նույնիսկ պատճառ չունեմ: Ինչու՞ պետք է դա անեմ։ Եթե ժամանակին տեղեկացված լինեի, կասեի, կանեմ դա, թե՝ ոչ»։

 

9. 2011 թվականի ապրիլի 14-ին Ֆ.Զ.-ն դիմումատուի դեմ քաղաքացիական հայց է ներկայացրել Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատարան (Վարչական շրջանի դատարան)՝ պնդելով, որ «Ազատություն» ռադիոկայանին տրված նրա հարցազրույցը պարունակել է իր պատիվն ու արժանապատվությունն արատավորող զրպարտչական արտահայտություններ և պահանջել դրանց հերքում և 2 000 000 ՀՀ դրամի չափով վնասի հատուցում։ Նա պնդել է, որ ինքը երբեք չի խնդրել դիմումատուից ստորագրել երկու պայմանագրերը, ինչպես վերջինս պնդում էր, և դիմումատուն երբեք փողերի լվացման վերաբերյալ իրենց հանդիպման ժամանակ որևէ հայտարարություն չի հնչեցրել:

10. 2011 թվականի մայիսի 19-ին դիմումատուն ի պատասխան ներկայացրել է իր դիտարկումները՝ շարադրելով իրադարձություններն իր տեսանկյունից և պնդելով, որ նա օգտվել է արտահայտվելու ազատության իր իրավունքից: Ի պաշտպանություն իր բողոքների՝ նա, ի թիվս այլնի, ներկայացրել է Ֆ.Զ.-ի և Սփյուռքի նախարարի հետ իր նամակագրությունը (տե՛ս 4-րդ և 6-րդ պարբերությունները), 2010 թվականի նոյեմբերի 9-ի ֆինանսական հաշվետվությունը, ինչպես նաև ենթադրաբար Ֆ.Զ.-ի կողմից 2010 թվականի ապրիլի 19-ին իրեն ուղարկված երկու պայմանագրերի նախագծերը, որոնցից մեկը պետք է ստորագրվեր նախարարության և հիմնադրամի միջև, իսկ մյուսը` հիմնադրամի և որոշակի մասնավոր ընկերության միջև, ըստ որի վերջինս պետք է իրականացներ չորս համաժողովների հետ կապված կազմակերպչական բոլոր աշխատանքները։

11. Նրանց դիտարկումներում Կառավարությունն անդրադարձել է Ֆ.Զ.-ի Վարչական շրջանի դատարան ներկայացրած լրացուցիչ փաստաթղթերին, համաձայն որոնց ժամանակի սուղ լինելու պատճառով առաջին համաժողովի նախապատրաստական աշխատանքների մի մասն իրականացվել է հովանավորի միջոցով, բայց ոչ երրորդ կողմի, որին անդրադարձել էր դիմումատուն։ Ֆ.Զ.-ն նաև պնդել է, որ դիմումատուի՝ 2010 թվականի ապրիլի 20-ի գրության մեջ նշված երկու պայմանագրերը պարզապես իր կողմից տրամադրված նույն պայմանագրի երկու օրինակներն էին, և նրանց հանդիպումից մեկ տարի անց նրա հարցազրույց տալու պատճառն այն էր, որ իր հարաբերությունները նախարարության հետ վատթարացել էին, և նրա պաշտոնը հիմնադրամում անկայուն էր։

12. 2012 թվականի հունիսի 29-ին Վարչական շրջանի դատարանը Ֆ.Զ.-ի հայցը մասնակի բավարարել է՝ պարտավորեցնելով դիմումատուին հերքում հրապարակել «Ազատություն» ռադիոկայանի միջոցով և վճարել 106,000 ՀՀ դրամ վնասի և դատական ծախսերի դիմաց՝ մնացած մասով մերժելով վնասի հատուցման հայցը։ Վարչական շրջանի դատարանը գտել է, որ «Ներողություն, բայց դուք հասկանու՞մ եք, թե ինչ եք առաջարկում։ Սա փողերի լվացման դասական սխեմա է» հայտարարությունները նպատակ են հետապնդել վարկաբեկելու Ֆ.Զ.-ի պատիվն ու արժանապատվությունը։ Մասնավորապես դիմումատուի այն պնդումները, որ Ֆ.Զ.-ի 2010 թվականի ապրիլի 19-ի գրությունը՝ մեկի փոխարեն երկու պայմանագրով ուղեկցվող, անհիմն էր, քանի որ սույն գրության մեջ հիշատակված էր միայն մեկ պայմանագիր, որը պետք է կնքվեր նախարարության և հիմնադրամի միջև։ Հայցվորը հանրային պաշտոնյա էր և գործադիր իշխանության ներկայացուցիչ, հետևաբար դիմումատուի իրականությանը չհամապատասխանող հայտարարությունները սպառնալիք էին ներկայացնում հասարակության մեջ նրա դիրքին։ Վարչական շրջանի դատարանը նաև մերժել է դիմումատուի այն փաստարկը, որ նրա հայտարարություններն արժեքային դատողություն են:

13. 2012 թվականի դեկտեմբերի 5-ին Վերաքննիչ քաղաքացիական դատարանը մերժել է վերոնշյալ գործով դիմումատուի վերաքննիչ բողոքը և հաստատել վարչական շրջանի դատարանի հիմնավորումները: Մասնավորապե Վերաքննիչ դատարանը մերժել է դիմումատուի ներկայացրած բոլոր ապացույցները՝ որպես անբավարար՝ նշելով, որ նա չի կարողացել ապացուցել իր ներկայացրած պայմանագրում նշված մասնավոր ընկերության գոյությունը (տե՛ս վերը նշված 10-րդ պարբերությունը), որը ենթադրաբար ներգրավված է եղել համաժողովի նախապատրաստական աշխատանքներում, կամ երկրորդ պայմանագիրը, ըստ որի՝ հիմնադրամը պետք է այս ընկերությանը հանձներ բոլոր չորս համաժողովների նախապատրաստական աշխատանքների իրականացումը։

14. 2013 թվականի հունվարի 30-ին Վճռաբեկ դատարանը դիմումատուի վճռաբեկ բողոքը հայտարարել է անընդունելի՝ հիմքերի բացակայության պատճառով։

 

ԴԱՏԱՐԱՆԻ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ

 

ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 10-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ

 

15. Դատարանը նշում է, որ սույն բողոքը ո՛չ ակնհայտ անհիմն է, ո՛չ էլ անընդունելի Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ կետի «ա» ենթակետում նշված որևէ այլ հիմքով: Հետևաբար այն պետք է հայտարարվի ընդունելի։

16. Կողմերը չեն վիճարկել, որ եղել է միջամտություն դիմումատուի՝ ազատ արտահայտվելու իրավունքին, որը նախատեսված էր օրենքով և հետապնդում էր «այլոց հեղինակությունը կամ իրավունքները պաշտպանելու» իրավաչափ նպատակ։ Մնում է պարզել՝ արդյոք միջամտությունը «անհրաժեշտ է եղել ժողովրդավարական հասարակությունում»։

17. Ազատ արտահայտվելու իրավունքին միջամտության անհրաժեշտությունը գնահատելու վերաբերյալ Դատարանի նախադեպային ընդհանուր սկզբունքները ամփոփվել են Բեդատն ընդդեմ Շվեյցարիայի գործում [Bռdat v. Switzerland [GC]] ([ՄՊ], թիվ 56925/08, կետեր 48-49, 52 և 54, 2016 մարտի 29), ի թիվս շատ այլ վճիռների։ Դատարանը պետք է հավաստիանա, թե արդյոք վերևում ամփոփված համապատասխան չափանիշները կիրառվել են սույն գործում։

18. Նախ, Դատարանը նկատում է, որ ներպետական դատարանները չեն կարողացել որոշել, թե տվյալ հայտարարությունները որքանով կարող են նպաստել հանրային շահի քննարկմանը, մինչդեռ դա կարևոր է, մի կողմից՝ դիմումատուի արտահայտման ազատության իրավունքի միջև արդար հավասարակշռություն հաստատելու համար, մյուս կողմից` հայցվորի՝ իր անձնական կյանքի իրավունքը հարգելու համար (համեմատե՛լ Ֆալզոնն ընդդեմ Մալթայի գործը, թիվ 45791/13, կետ 58, 2018 թվականի մարտի 20):

19. Ավելին, Դատարանը մշտապես վճռել է, որ «հրատապ սոցիալական կարիք»-ի առկայությունը գնահատելիս, որը կարող էր արդարացնել միջամտությունն արտահայտման ազատության իրագործմանը, անհրաժեշտ է զգուշորեն տարբերակում կատարել փաստերի և արժեքային դատողությունների միջև (Կումպանան և Մազարեն ընդդեմ Ռումինիայի գործը [ՄՊ], թիվ 33348/96, կետ 98, ՄԻԵԿ 2004-XI) [Cumpǎnǎ and Mazǎre v. Romania [GC]]: Այնուամենայնիվ, ներպետական դատարանները նման տարբերակում չեն իրականացրել և անվերապահորեն համարել են դիմումատուի հայտարարությունները փաստի հաստատում՝ չներկայացնելով նման եզրակացության համար որևէ պատճառ, և բավարար չափով չեն անդրադարձել այն փաստին, որ նրա՝ «Ներողություն, բայց դուք հասկանու՞մ եք, թե ինչ եք առաջարկում։ Սա փողերի լվացման դասական սխեմա է» պնդումները նրա կարծիքի արտահայտումն են։ Ավելին, նրանք պարզապես գնահատել են, թե արդյոք նրա կողմից արված արտահայտությունը կարող էր վնաս հասցնել հայցվորի անհատականության իրավունքին և հեղինակությանը: Այնուամենայնիվ, ներպետական դատարանների գործառույթներից չէ նման վարույթի դեպքում պատասխանողին ուղղորդել, թե իր իրավունքը կիրառելիս նա քննադատելու ինչ ոճ պետք է որդեգրեր՝ անկախ նրանից, թե որքան սուր կարող են լինել տվյալ դիտարկումները (տե՛ս համապատասխան փոփոխություններով՝ Մատալասն ընդդեմ Հունաստանի գործը [Matalas v. Greece], թիվ 1864/18, կետ 50, 2021 թվականի մարտի 25):

20. Դատարանը գտնում է, որ ողջամիտ չափորոշիչներով փաստացի պնդումների էականորեն ճշմարիտ լինելն ապացուցելու պահանջը չի հակասում Կոնվենցիայի 10-րդ հոդվածին, և գտնում է, որ դիմումատունները բավարար ջանքեր չեն գործադրել նման պաշտպանությունը հիմնավորելու համար: Այնուամենայնիվ, այն նաև գտնում է, որ այն դեպքում, երբ դիմումատուն հստակորեն ներգրավված է կարևոր հարցի շուրջ հանրային բանավեճում, նրանից չպետք է պահանջվի ավելի խիստ չափանիշ, քան պատշաճ ջանասիրությունը: Միևնույն ժամանակ, երբ հայտարարությունն արժեքային դատողություն է, միջամտության համաչափությունը կարող է կախված լինել վիճարկվող հայտարարության համար բավարար փաստական հիմքերի առկայությունից, քանի որ նույնիսկ արժեքային դատողությունը կարող է չափազանց շատ լինել, եթե այն փաստացի հիմք չունի դա հիմնավորելու համար (տե՛ս Վոյչուկն ընդդեմ Լեհաստանի[Wojczuk v. Poland ] թիվ 52969/13, կետ 74, 2021 թվականի դեկտեմբերի 9, Ազադլիքը և Զայիդովն ընդդեմ Ադրբեջանի գործերը [Azadliq and Zayidov v. Azerbaijan թիվ 20755/08, կետ 35, 2022 թվականի հունիսի 30): Սույն գործում ներպետական դատարանները, ըստ երևույթին, վիճարկվող հայտարարությունների ճշմարտացիության ապացուցման բեռն ուղղակիորեն դրել են դիմումատուի վրա: Մասնավորապես դատարանները հիմնվել են բացառապես Ֆ.Զ.-ի՝ 2010 թվականի ապրիլի 19-ի գրության վրա, որը վերաբերում էր պայմանագրից մեկին, և մերժել դիմումատուի ներկայացված բոլոր ապացույցները՝ համարելով անբավարար, սակայն առանց բացատրելու, թե ինչու, թեև իր նամակագրության մեջ դիմումատուն վկայակոչում էր «երկու պայմանագրերը», երրորդ ընկերության առկայությունը և աշխատանքի անօգուտ փոխանցումը մասնավոր ընկերությանը (տե՛ս վերը նշված 4-րդ և 6-րդ պարբերությունները): Թեև Դատարանը չի կարող գնահատել դիմումատուի պնդումների ճշմարտացիությունը, քանի որ այդ խնդիրը վստահված է համապատասխան ներպետական մարմիններին, այնուամենայնիվ, հաշվի առնելով վերը նշվածը՝ գտնում է, որ դիմումատուի ապացույցների և փաստարկների մերժումը համապատասխան և բավարար պատճառաբանումներով հիմնավորված չէ: Հետևաբար դիմումատուին բավարար հնարավորություն չի տրամադրվել իր գործը վիճարկելու և իր պնդումներն ապացուցելու համար: Ավելին, հայցվորի կողմից իր լրացուցիչ պնդումներում բերված փաստարկներից և ոչ մեկը (տե՛ս վերը նշված 11-րդ պարբերությունը) չի հայտնվել դիմումատուի ապացույցները մերժող ներպետական վճիռներում:

21. Նաև ներպետական դատարանները հաշվի չեն առել կամ չեն վերլուծել այլ համապատասխան նկատառում, ինչպիսին է հայցվորի կարգավիճակը (համեմատե՛լ վերը նշված Ֆալզոնի [Falzon] գործը, կետ 58): Նրանք մասնավորապես ընդգծել են Ֆ.Զ.-ի՝ որպես հանրային պաշտոնյայի կարգավիճակը, որպեսզի եզրակացնեին, որ իր հեղինակության վրա հարձակումն ավելի լուրջ էր։ Վերջինիս առնչությամբ Դատարանը նշում է, որ վիճարկվող արտահայտությունների թիրախ հանդիսացող Ֆ.Զ.-ն, որը ժամանակին զբաղեցնում էր նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնը, եղել է հանրային կարևոր գործառույթներ ունեցող պետական պաշտոնյա։ Այսպիսով, նա չի կարող հավասարվել սովորական մասնավոր անձի, այլ ավելի շուտ՝ հանրային գործչի։ Այնուամենայնիվ, ներպետական դատարաններն այս տեսանկյունից հաշվի չեն առել վերջինիս՝ որպես հանրային գործչի կարգավիճակն ու համբավի չափը, ինչպես նաև այն, որ Դատարանի նախադեպային իրավունքին համապատասխան՝ թույլատրելի քննադատության սահմաններն այնպիսի հանրային գործիչների նկատմամբ, ինչպիսին Ֆ.Զ.-ն է, ավելի ընդարձակ են, քան մասնավոր անձանց նկատմամբ:

22. Հաշվի առնելով վերը շարադրվածը՝ Դատարանը գտնում է, որ ներպետական դատարանները չեն կարողացել արդար հավասարակշռություն ապահովել դիմումատուի արտահայտման ազատության և Ֆ.Զ.-ի իրավունքների և շահերի միջև, կիրառել ստանդարտներ, որոնք համապատասխանում են 10-րդ հոդվածում ամփոփված սկզբունքներին՝ վստահելու համապատասխան փաստերի ընդունելի գնահատմանը և իրենց որոշումները համապատասխան և բավարար հիմքերի վրա հիմնելու համար: Կառավարության հայտարարություններում այլ բան չի նշվում։ Դատարանը եզրակացնում է, որ ապացուցված չէ, որ դիմումատուի արտահայտվելու ազատության իրավունքի միջամտությունը «անհրաժեշտ էր ժողովրդավարական հասարակությունում»։

23. Հետևաբար տեղի է ունեցել Կոնվենցիայի 10-րդ հոդվածի խախտում։

 

ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 41-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՈԻՄԸ

 

24. Դիմումատուն ոչ նյութական վնասի դիմաց պահանջել է 25,000 եվրո։ Նա նաև պահանջել է 20,000 եվրո՝ որպես հատուցում դատարանում կրած ծախսերի և ծախքերի համար։

25. Կառավարությունը վիճարկել է այս պահանջները։

26. Դատարանը դիմումատուին տրամադրում է 1,200 եվրո՝ որպես ոչ նյութական վնասի հատուցում՝ գումարած դիմումատուից գանձման ենթակա ցանկացած հարկ։

27. Հաշվի առնելով իր տրամադրության տակ գտնվող փաստաթղթերը՝ Դատարանը ողջամիտ է համարում 986 եվրո շնորհել բոլոր պահանջների մասով կրած ծախսերի համար՝ գումարած դիմումատուից գանձման ենթակա ցանկացած հարկ։

 

ԱՅՍ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՄԲ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԻԱՁԱՅՆ՝

 

1. Հայտարարում է Կոնվենցիայի 10-րդ հոդվածի մասով գանգատն ընդունելի.

2. Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 10-րդ հոդվածի խախտում.

3. Վճռում է, որ՝

ա) պատասխանող պետությունը երեք ամսվա ընթացքում պետք է դիմումատուին վճարի հետևյալ գումարները, որոնք պետք է փոխարկվեն պատասխանող պետության արժույթով՝ վճարման օրվա դրությամբ գործող փոխարժեքով՝

i) ոչ նյութական վնասի դիմաց՝ 1 200 եվրո (հազար երկու հարյուր եվրո)՝ գումարած գանձման ենթակա ցանկացած հարկ,

ii) ծախսերի և ծախքերի դիմաց՝ 986 եվրո (ինը հարյուր ութսունվեց եվրո)՝ գումարած դիմումատուին վճարվող գումարից գանձման ենթակա բոլոր հարկերը.

բ) վերոնշյալ եռամսյա ժամկետի ավարտից հետո՝ մինչև վճարման օրը, պետք է հաշվարկվի վերոնշյալ գումարների նկատմամբ պարզ տոկոսադրույք՝ չկատարման ժամանակահատվածում Եվրոպական կենտրոնական բանկի կողմից սահմանված՝ լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքի չափով՝ գումարած երեք տոկոսային կետ։

4. Մերժում է դիմումատուի՝ արդարացի փոխհատուցման պահանջի մնացած մասը։

 

Կատարված է անգլերենով և գրավոր ծանուցվել է 2024 թվականի մարտի 26-ին՝ համաձայն Դատարանի կանոնակարգի 77-րդ կանոնի 2-րդ և 3-րդ կետերի։

 

Թիմ Այքը՝

Վալենտին Նիկոլեսկու՝

 

 

Նախագահ

Քարտուղարի տեղակալի

ժամանակավոր պաշտոնակատար

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան