ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2011 թվականի նոյեմբերի 30-ին
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 195.1-ին հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 195.1. |
«Բնակչության պետական ռեգիստրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը խախտելը |
1. Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս վեց ամսից ավելի ժամկետով բնակության մեկնող կամ վեց ամսից ավելի ժամկետով բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացու կողմից այդ մասին օրենսդրությամբ սահմանված ժամկետում Հայաստանի Հանրապետության համապատասխան դիվանագիտական ներկայացուցչությանը կամ հյուպատոսական հիմնարկին գրավոր չտեղեկացնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի եռապատիկի չափով:
2. Բնակչության պետական ռեգիստրում ընդգրկվելու համար Հայաստանի Հանրապետության բնակչի, ինչպես նաև 16 տարին չլրացած կամ դատարանի վճռով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչված անձի օրինական ներկայացուցչի կողմից օրենքով սահմանված կարգով և ժամկետներում համապատասխան տեղական ռեգիստրին մշտական բնակության վայրի (կացարանի) հասցեն, ինչպես նաև օրենքով պահանջվող այլ անհատական հաշվառման տվյալները չտրամադրելը կամ կեղծ տվյալներ տրամադրելը կամ մշտական բնակության վայրը (կացարանը) փոխելիս նոր բնակության վայրի (կացարանի) հասցեն օրենքով սահմանված ժամկետում չհայտնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի եռապատիկի չափով:
3. Լիազորված պետական մարմինների իրավասու պաշտոնատար անձանց կողմից ռեգիստր վարող մարմնին անհատական հաշվառման տվյալները սահմանված ժամկետներում և կարգով չտրամադրելը, ոչ լրիվ ծավալով տրամադրելը, թերի տրամադրելը կամ բնակչի անհատական հաշվառման տվյալների փոփոխության դեպքում նոր տվյալները չտրամադրելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով:»:
Հոդված 2. Օրենսգրքի 196-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 196. |
Անձնագիրը կամ նույնականացման քարտը դիտավորությամբ փչացնելը |
Անձնագիրը կամ նույնականացման քարտը դիտավորությամբ փչացնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:»:
Հոդված 3. Օրենսգրքի 195-րդ, 197-րդ և 198.2-րդ հոդվածները ճանաչել ուժը կորցրած:
Հոդված 4. Օրենսգրքի 198-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 198. |
Առանց նույնականացման քարտի կամ անձնագրի աշխատանքի ընդունելը |
1. Գործատուի կողմից առանց նույնականացման քարտի կամ անձնագրի Հայաստանի Հանրապետության քաղաքացուն աշխատանքի ընդունելը`
առաջացնում է տուգանքի նշանակում գործատուի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:
2. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված տուգանքի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, նույն խախտումը կրկնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում գործատուի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:
3. Սույն հոդվածի իմաստով անձնագիր է համարվում մինչև «Նույնականացման քարտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն ուժի մեջ մտնելը Հայաստանի Հանրապետության քաղաքացուն տրված վավերական անձնագիրը:»:
Հոդված 5. Օրենսգրքի 199-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 199. |
Ուրիշի անձնագիրը կամ նույնականացման քարտը (անձնագիրը) ապօրինի վերցնելը կամ գրավ ընդունելը |
Ուրիշի անձնագիրը կամ նույնականացման քարտը (անձնագիրը) ապօրինի վերցնելը, ինչպես նաև դրանք գրավ ընդունելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:»:
Հոդված 6. Օրենսգրքի 224-րդ հոդվածում`
1) 1-ին մասը «200» թվից առաջ լրացնել «195.1-196, 199,» թվերով.
2) 2-րդ մասի 1-ին կետի «200 հոդվածով» բառերը փոխարինել «199, 200 հոդվածներով» բառերով.
3) 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ կետով.
«4) սույն օրենսգրքի 195.1-196 հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների համար` անձնագրային և վիզաների վարչության պետը, պետի տեղակալը, անձնագրային և վիզաների վարչության տարածքային անձնագրային ծառայությունների պետերը (ղեկավարները):»:
Հոդված 7.
Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2012 թվականի հունիսի 1-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2011 թ. դեկտեմբերի 21 |