ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է Ազգային Ժողովի կողմից
Հանրապետության Նախագահի
առարկություններով և առաջարկություններով
3 փետրվարի 1997 թ.
ՄԱՐԴՈՒ ԻՄՈՒՆԱՅԻՆ ԱՆԲԱՎԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՎԻՐՈՒՍԻՑ ԱՌԱՋԱՑԱԾ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՄԱՍԻՆ
Սույն օրենքը սահմանում է մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման, ախտորոշման և հսկողության իրականացման կարգը, ինչպես նաև մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման կազմակերպական, իրավական, տնտեսական և ֆինանսական հիմունքները:
Գ Լ ՈՒ Խ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. |
Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները |
Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.
մարդու իմունային անբավարարության վիրուս (այսուհետ՝ ՄԻԱՎ)` վիրուս, որն ախտահարում է մարդու իմունային համակարգը և հանգեցնում իմունային անբավարարության համախտանիշի առաջացմանն ու զարգացմանը.
ՄԻԱՎ-ի վարակ` երկարատև ընթացքով քրոնիկ վարակիչ հիվանդություն, որի հարուցիչը ՄԻԱՎ-ն է.
ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշ (այսուհետ` ՁԻԱՀ)` հիվանդություն, որը զարգանում է ՄԻԱՎ-ով վարակված մարդկանց մեջ, համարվում է ՄԻԱՎ-ի վարակի վերջին փուլը, բնորոշվում է իմունային համակարգի գործունեության խաթարմամբ, որի հետևանքով օրգանիզմը դառնում է անպաշտպան զանազան վարակիչ և ուռուցքային հիվանդությունների նկատմամբ.
ՄԻԱՎ-ով վարակված անձ` մարդ, որի օրգանիզմում հայտնաբերվել են մարդու իմունային անբավարարության վիրուսը կամ վիրուսի նկատմամբ առաջացած հակամարմինները: ՄԻԱՎ-ով վարակված անձը, չունենալով համախտանիշի արտաքին նշաններ, համարվում է վարակի աղբյուր.
ՁԻԱՀ-ով հիվանդ` մարդ, որն ունի մարդու իմունային անբավարարության վիրուսով պայմանավորված իմունային համակարգի խոր ախտահարում և դրա հետևանքով առաջացած ախտաբանական դրսևորումներ:
(1-ին հոդվածը խմբ. 19.03.09 ՀՕ-63-Ն)
Հոդված 2. |
ՁԻԱՀ-ի կանխարգելման ծառայությունը |
Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելումն իրականացնում են պետական և տեղական ինքնակառավարման մարմինները` օրենքով սահմանված կարգով իրենց վերապահված լիազորությունների շրջանակներում, ինչպես նաև առողջապահական, կրթական և այլ կազմակերպություններ (անկախ կազմակերպական-իրավական ձևից) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրենց վերապահված իրավասությունների սահմաններում:
Հայաստանի Հանրապետության բնակչության ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման և մոնիթորինգի նպատակով Հայաստանի Հանրապետությունում գործում է ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնը (այսուհետ՝ ՁԻԱՀ-ի ԿՀԿ):
ՄԻԱՎ-ի վարակի կանխարգելման միջոցառումների անցկացման և հատկացված միջոցների արդյունավետ օգտագործման համար լիազորված պետական մարմինը մշակում է պետական նպատակային ծրագիր, որը հաստատում է կառավարությունը:
ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի գործին կարող են մասնակցել ֆիզիկական և իրավաբանական անձինք (այդ թվում` օտարերկրյա քաղաքացիները, քաղաքացիություն չունեցող անձինք, օտարերկրյա և միջազգային կազմակերպությունները), բարեգործները (ֆիզիկական և իրավաբանական անձինք, այդ թվում` օտարերկրյա քաղաքացիները, քաղաքացիություն չունեցող անձինք, օտարերկրյա և միջազգային բարեգործական կազմակերպությունները):
(2-րդ հոդվածը խմբ. 11.10.00 ՀՕ-92, 19.03.09 ՀՕ-63-Ն)
Հոդված 3. |
Սույն օրենքի գործողության ոլորտը |
Սույն օրենքը տարածվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց (այսուհետև` անձինք), ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների (անկախ սեփականության ձևից) վրա:
Հոդված 4. |
Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորությունները ՁԻԱՀ-ի կանխարգելման բնագավառում |
Հայաստանի Հանրապետության կառավարությունը`
ա) պարբերաբար տեղեկացնում է բնակչությանը ՁԻԱՀ-ի կանխարգելման միջոցառումների մասին.
բ) իրականացնում է ՁԻԱՀ-ի համաճարակային հսկողություն` Հայաստանի Հանրապետության տարածքում լիազորված պետական մարմինների միջոցով.
գ) հաստատում է Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ-ով վարակված անձանց և ՁԻԱՀ-ով հիվանդների որակյալ մասնագիտացված բժշկական օգնության և սպասարկման նպատակային ծրագրերը.
դ) պայմաններ է ստեղծում ՁԻԱՀ-ի գիտական և գործնական հետազոտությունների համար.
ե) իրականացնում է դեռահասների բարոյական և սեռական դաստիարակությանն ուղղված միջոցառումներ, այդ թվում` ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելմանը վերաբերող թեմատիկ հարցերը կրթական ծրագրերում ընդգրկելու միջոցով.
զ) ստեղծում է պայմաններ ՁԻԱՀ-ի կանխարգելման բնագավառի կադրերի պատրաստման համար.
է) Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան տեղեկատվություն է փոխանակում ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի տարածվածության մասին.
ը) հաստատում է ՄԻԱՎ-ով վարակված օտարերկրյա քաղաքացիների` բուժման նպատակով Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու կարգը.
թ) մշակում և իրականացնում է Հայաստանի Հանրապետության տարածքում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ ձեռնարկվող միջգերատեսչական միջոցառումները` ՄԻԱՎ-ի վարակի կանխարգելման վերաբերյալ պետական նպատակային ծրագրի շրջանակներում.
ժ) ապահովում է ՄԻԱՎ-ի վարակի հայտնաբերման նպատակով կատարվող բժշկական հետազոտությունների մատչելիությունը, այդ թվում` ՄԻԱՎ-ի վերաբերյալ անանուն հետազոտությունը, որը զուգորդվում է նախաթեսթային և հետթեսթային խորհրդատվության տրամադրման հետ: Նախաթեսթային և հետթեսթային խորհրդատվության տրամադրման կարգը սահմանում է լիազորված պետական մարմինը:
(4-րդ հոդվածը լրաց. 09.02.00 ՀՕ-32, 19.03.09 ՀՕ-63-Ն)
Հոդված 5. |
ՁԻԱՀ-ի կանխարգելման և բուժման ծրագրերի ֆինանսավորումը |
ՁԻԱՀ-ի կանխարգելման և բուժման ծրագրերի պետական ֆինանսավորումը դիտվում է որպես առաջնային` ելնելով հասարակության, ինչպես նաև անձանց կյանքի և առողջության անվտանգության ապահովման անհրաժեշտությունից:
ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման, ՄԻԱՎ-ով վարակված անձանց բուժման և սոցիալական պաշտպանվածության ֆինանսավորումը իրականացվում է պետական բյուջեի միջոցների հաշվին` պետական նպատակային ծրագրերի շրջանակներում, ինչպես նաև օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին:
(5-րդ հոդվածը լրաց. 11.10.00 ՀՕ-92, խմբ. 19.03.09 ՀՕ-63-Ն)
Հոդված 6. |
ՄԻԱՎ-ով վարակված անձանց իրավունքների և ազատությունների պաշտպանության երաշխիքները |
Անձի ՄԻԱՎ-ով վարակված լինելու փաստը չի կարող հիմք հանդիսանալ նրա իրավունքների և ազատությունների սահմանափակման համար` բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:
Հոդված 7. |
Օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց` Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու պայմանները |
(7-րդ հոդվածն ուժը կորցրել է 19.03.09 ՀՕ-63-Ն)
Հոդված 8. |
ՄԻԱՎ-ով վարակված օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց բուժումը |
(Վերնագիրը խմբ. 19.03.09 ՀՕ-63-Ն)
Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց օրգանիզմում ՄԻԱՎ-ի հայտնաբերման դեպքում նրանց բուժումը կազմակերպվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
ՄԻԱՎ-ով վարակված օտարերկրյա քաղաքացիները, ինչպես նաև քաղաքացիություն չունեցող անձինք բուժման նպատակով մուտք են գործում Հայաստանի Հանրապետություն՝ համաձայն օրենքով սահմանված կարգի:
(8-րդ հոդվածը լրաց. 09.02.00 ՀՕ-32, խմբ. 19.03.09 ՀՕ-63-Ն)
Հոդված 9. |
Միջազգային պայմանագրերը |
Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսվում է սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:
Գ Լ ՈՒ Խ 2
ՄԻԱՎ-Ի ՀԱՅՏՆԱԲԵՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԿԱՏԱՐՎՈՂ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ԿԱՐԳԸ
Հոդված 10. |
Լաբորատոր հետազոտությունները |
ՄԻԱՎ-ի հայտնաբերմանն ուղղված լաբորատոր հետազոտությունները կատարվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լիցենզավորված առողջապահական ձեռնարկություններում (անկախ սեփականության ձևից):
ՄԻԱՎ-ի լաբորատոր հետազոտության դրական արդյունքների դեպքում ՁԻԱՀ-ի ԿՀԿ-ի կողմից պարտադիր կարգով կատարվում է կրկնակի հետազոտություն:
ՄԻԱՎ-ի հայտնաբերման լաբորատոր հետազոտությունները կամավոր են և անանուն` բացառությամբ սույն օրենքի 11 հոդվածով նախատեսված դեպքերի:
Այն անձինք, որոնց պետք է ներարկեն արյուն, արյան բաղադրամասեր կամ կենսաբանական հեղուկներ, փոխպատվաստեն օրգաններ և հյուսվածքներ, կարող են պահանջել դրանց կրկնակի լաբորատոր հետազոտություն` ՄԻԱՎ-ի հայտնաբերման նպատակով:
ՄԻԱՎ-ի վերաբերյալ լաբորատոր հետազոտությունը զուգորդվում է նախաթեսթային և հետթեսթային խորհրդատվությամբ:
Մինչև 14 տարեկան երեխաների հետազոտությունը կատարվում է օրենքով սահմանված կարգով նրանց օրինական ներկայացուցիչների դիմումով կամ համաձայնությամբ, իսկ 14-18 տարեկան երեխաներինը` նրանց դիմումով կամ համաձայնությամբ, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:
(10-րդ հոդվածը լրաց. 19.03.09 ՀՕ-63-Ն)
Հոդված 11. |
ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտության ենթակա խմբերը |
(Վերնագիրը խմբ. 19.03.09 ՀՕ-63-Ն)
Պարտադիր բժշկական խորհրդատվության և հետազոտության ենթակա են՝
ա) արյան, կենսաբանական հեղուկների, հյուսվածքների և օրգանների դոնորները.
բ) ՄԻԱՎ-ի վարակ ունեցող մայրերից ծնված երեխաները:
Բուժաշխատողների կողմից ՄԻԱՎ-ի վերաբերյալ խորհրդատվություն և հետազոտություն տրամադրվում է՝
ա) հղի կանանց.
բ) սեռավարակակիրներին.
գ) թմրամոլներին.
դ) ազատազրկման վայրերում գտնվողներին:
Բնակչության բոլոր խմբերն իրավունք ունեն ստանալու ՄԻԱՎ-ի վերաբերյալ կամավոր խորհրդատվություն և հետազոտություն:
Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմինը սահմանում է սույն հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերով սահմանված խորհրդատվության և հետազոտության կարգերը:
(11-րդ հոդվածը փոփ. 11.10.00 ՀՕ-92, խմբ. 19.03.09 ՀՕ-63-Ն)
Գ Լ ՈՒ Խ 3
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԲԵՐՈՒՄՈՎ ՄԻԱՎ-ՈՎ ՎԱՐԱԿՎԵԼՈՒ ՎՏԱՆԳԻՆ ԵՆԹԱԿԱ ԱՆՁԱՆՑ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 12. |
ՄԻԱՎ-ով վարակվելու վտանգին ենթակա անձանց սոցիալական պաշտպանվածությունն աշխատանքի բնագավառում |
Ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների ՄԻԱՎ-ով վարակված անձանց ախտորոշումն ու բուժումն ապահովող աշխատողների, ինչպես նաև այն աշխատողների համար, որոնց աշխատանքը կապված է ՄԻԱՎ պարունակող նյութերի հետ, սահմանվում է
ա) հավելավճար աշխատավարձի նկատմամբ.
բ) կրճատված աշխատանքային օր.
գ) լրացուցիչ վարձատրություն.
դ) լրացուցիչ արձակուրդ:
Վերոհիշյալ արտոնությունները տալու պայմանները և կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Առողջապահական կազմակերպությունները պարտավոր են ապահովել ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտություն անցնող, ՄԻԱՎ-ով վարակված անձանց, ինչպես նաև բուժաշխատողների պարտականությունների կատարման համար անվտանգության անհրաժեշտ միջոցները և պայմանները` լիազորված պետական մարմնի սահմանած կարգով:
(12-րդ հոդվածը խմբ. 11.10.00 ՀՕ-92, 19.03.09 ՀՕ-63-Ն, փոփ. 03.10.11 ՀՕ-257-Ն)
Հոդված 13. |
Բժշկական օգնություն և սպասարկում ստանալիս կամ ցուցաբերելիս ՄԻԱՎ-ով վարակված անձանց պատճառված վնասի փոխհատուցման իրավունքը |
Բժշկական օգնություն և սպասարկում ստանալիս կամ ցուցաբերելիս ՄԻԱՎ-ով վարակվելու դեպքում անձինք իրավունք ունեն պատճառված վնասի փոխհատուցման` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Գ Լ ՈՒ Խ 4
ՄԻԱՎ-ՈՎ ՎԱՐԱԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԵՎ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 14. |
ՄԻԱՎ-ով վարակված անձանց իրավունքները |
ՄԻԱՎ-ով վարակված անձինք իրավունք ունեն`
ա) ստանալ հետազոտության արդյունքների մասին գրավոր տեղեկություններ.
բ) ստանալ ոչ խտրական վերաբերմունք.
գ) պահանջել բժշկական գաղտնիության պահպանում` բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերի.
դ) շարունակել աշխատել` բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված դեպքերի.
ե) ստանալ համապատասխան խորհրդատվություն, ծանոթանալ ՄԻԱՎ-ի տարածումը բացառող նախազգուշական միջոցառումներին:
ՄԻԱՎ-ով վարակված անձինք առանց իրենց գրավոր համաձայնության չեն կարող լինել գիտական փորձերի և հետազոտությունների օբյեկտ:
Հոդված 15. |
ՄԻԱՎ-ով վարակված երեխաների և նրանց ծնողների (օրինական ներկայացուցիչների) իրավունքները |
ՄԻԱՎ-ով վարակված մինչև 18 տարեկան երեխաներն օգտվում են մինչև 18 տարեկան հաշմանդամ երեխաների համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված իրավունքներից:
ՄԻԱՎ-ով վարակված երեխայի ծնողները (օրինական ներկայացուցիչները) իրավունք ունեն`
ա) երեխայի հետ գտնվել հիվանդանոցում, այդ ժամկետում ազատվելով աշխատանքից, և ստանալ երեխայի և իրենց համար սահմանված նպաստները.
բ) օգտվել տարեկան արձակուրդից իրենց հարմար ժամանակ:
ՄԻԱՎ-ով վարակված երեխային խնամելու նպատակով աշխատանքից ազատվելու ժամանակահատվածը հաշվառվում է աշխատանքային ստաժում:
(15-րդ հոդվածը փոփ. 19.03.09 ՀՕ-63-Ն)
Հոդված 16. |
ՄԻԱՎ-ով վարակված անձի պարտականությունները |
ՄԻԱՎ-ով վարակված անձը կամ նրա օրինական ներկայացուցիչը պարտավոր է իրականացնել ՄԻԱՎ-ի տարածումը բացառող լիազորված պետական մարմնի կողմից հաստատված նախազգուշական միջոցառումները:
(16-րդ հոդվածը փոփ. 19.03.09 ՀՕ-63-Ն)
Գ Լ ՈՒ Խ 5
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 17. |
Պատասխանատվությունը սույն օրենքը խախտելու համար |
Սույն օրենքը խախտող անձինք, ինչպես նաև ձեռնարկությունները, հիմնարկները և կազմակերպությունները պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Հոդված 18. |
Օրենքի ուժի մեջ մտնելը |
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Հայաստանի Հանրապետության |
Լ. Տեր-Պետրոսյան |
|