Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-249-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (22.10.2011-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2011.10.12/56(859) Հոդ.1407
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
14.09.2011
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
03.10.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.10.2011

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2011 թվականի սեպտեմբերի 14-ին

 

«ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Մթնոլորտային օդի պահպանության մասին» Հայաստանի Հանրապետության 1994 թվականի հոկտեմբերի 11-ի ՀՕ-121 օրենքի (այսուհետ` Օրենք) 1-ին հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 1. 

«Մթնոլորտային օդի պահպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կարգավորման առարկան 

 

«Մթնոլորտային օդի պահպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի առարկան մթնոլորտային օդի մաքրության ապահովման, մթնոլորտային օդի վրա վնասակար ներգործությունների նվազեցման ու կանխման բնագավառում հասարակական հարաբերությունների կարգավորումն է:

Հայաստանի Հանրապետությունում մթնոլորտային օդի պահպանության հարցերը կարգավորվում են սույն օրենքով, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով և Հայաստանի Հանրապետության իրավական այլ ակտերով:»:

 

Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

 «Հոդված 2. 

Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

 

Օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.

1) մթնոլորտ` երկիր մոլորակը շրջապատող գազային թաղանթ, որի ստորին սահմանը շփվում է երկրի ջրային և ցամաքային մակերեսին և տարածվում մինչև մերձերկրային տիեզերական տարածություն.

2) մթնոլորտային օդ` բնական միջավայրի բաղադրամաս, որը մթնոլորտը կազմող գազերի բնական խառնուրդ է և գտնվում է բնակելի, արտադրական և այլ տեսակի շենքերից դուրս.

3) վնասակար ներգործություն` մթնոլորտային օդի վրա վնասակար նյութերի արտանետումների և վնասակար ֆիզիկական ներգործություն.

4) աղտոտող (վնասակար) նյութ` քիմիական կամ կենսաբանական նյութ կամ այդպիսի նյութերի խառնուրդ, որն առկա է մթնոլորտային օդում, և որը որոշակի կոնցենտրացիաների դեպքում վնասակար ազդեցություն է ունենում մարդու առողջության և շրջակա միջավայրի վրա.

5) մթնոլորտային օդի աղտոտում` մթնոլորտային օդ թափանցած կամ այնտեղ առաջացած աղտոտող (վնասակար) նյութեր, որոնք հանգեցնում են մթնոլորտային օդում այդ նյութերի բնական մակարդակի գերազանցման.

6) մթնոլորտային օդի վրա վնասակար ֆիզիկական ներգործություն` աղմուկի, վիբրացիայի, իոնիզացնող ճառագայթման, ջերմային և այլ ֆիզիկական գործոնների վնասակար ազդեցություն, որի հետևանքով կարող են փոփոխվել մթնոլորտային օդի ջերմային, էներգետիկական, ալիքային, ռադիոակտիվ և այլ ֆիզիկական հատկությունները` ազդելով մարդու առողջության և շրջակա միջավայրի վրա.

7) օդերևութաբանական անբարենպաստ պայմաններ` օդերևութաբանական պայմաններ, որոնք նպաստում են վնասակար նյութերի կուտակմանը մթնոլորտի գետնամերձ շերտում.

8) արտանետման աղբյուր` տեխնոլոգիական սարքավորում կամ օբյեկտ, որից վնասակար (աղտոտող) նյութն անջատվում և արտանետվում (թափանցում) է մթնոլորտային օդ.

9) արտանետման անշարժ աղբյուր` որոշակի տարածքում ամրակայված անփոփոխ տարածական դիրքով կազմակերպված և անկազմակերպ արտանետման աղբյուր.

10) արտանետման շարժական աղբյուր` տարածական տեղադիրքը փոփոխող արտանետման աղբյուր.

11) մթնոլորտային օդի մոնիթորինգ (դիտանց)` մթնոլորտային օդի վիճակի, նրա բաղադրության և նրանում կատարվող բնական երևույթների, ինչպես նաև մթնոլորտային օդի աղտոտվածության, մթնոլորտի վրա ֆիզիկական ներգործությունների դիտարկման, գնահատման և ուսումնասիրության գործընթաց.

12) մթնոլորտային օդն աղտոտող նյութերի սահմանային թույլատրելի կոնցենտրացիա (խտություն)` մթնոլորտային օդում աղտոտող առանձին նյութի այն առավելագույն կոնցենտրացիան, որը չգերազանցելու դեպքում այդ նյութը ուղղակիորեն կամ անուղղակիորեն ներգործելիս բացասական ազդեցություն չի գործում մարդու առողջության և բնական ու մարդածին շրջակա միջավայրի վրա սույն օրենքի իմաստով.

13) սահմանային թույլատրելի արտանետում` արտանետում, որի հետևանքով արտանետված աղտոտող (վնասակար) նյութի գետնամերձ կոնցենտրացիան չի գերազանցում տվյալ նյութի սահմանային թույլատրելի կոնցենտրացիան.

14) մթնոլորտային օդի վրա սահմանային թույլատրելի վնասակար ֆիզիկական ներգործության նորմատիվ` նորմատիվ, որի դեպքում վնասակար ֆիզիկական ներգործությունը չի հանգեցնում մթնոլորտային օդի վրա ֆիզիկական վնասակար ներգործության սահմանային թույլատրելի մակարդակի գերազանցման.

15) մթնոլորտային օդի վրա ֆիզիկական վնասակար ներգործությունների սահմանային թույլատրելի մակարդակ` մթնոլորտային օդի վրա վնասակար ֆիզիկական ներգործության այն առավելագույն մակարդակը, որի դեպքում այդ ներգործությունը բացասական ազդեցություն չի գործում մարդու առողջության և շրջակա միջավայրի վրա.

16) լավագույն հասանելի տեխնոլոգիա` գիտատեխնիկական ժամանակակից նվաճումների վրա հիմնված արտադրական տեխնոլոգիական լուծումներ, գործընթացներ և ռեժիմներ, որոնք հաստատել են իրենց գործնական կիրառելիությունը, և որոնց կիրառումը նպաստում է բնական ռեսուրսների խնայողաբար օգտագործմանը և շրջակա միջավայրի վրա (մթնոլորտ, ջրային օբյեկտներ, հողային ծածկույթ, կենսոլորտ) վնասակար ներգործության նվազեցմանը.

17) մթնոլորտի և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործություն` մթնոլորտի բնական վիճակի, եղանակի, դրանում ընթացող պրոցեսների բնական ընթացքը փոփոխելու նպատակով իրականացվող արհեստական ներգործություն, որը կատարվում է համապատասխան համակարգերի, կայանքների, սարքերի, քիմիական ռեագենտների և այլ տեխնիկական միջոցների օգտագործմամբ.

18) օդի պահանջվող օգտագործում` մաքուր օդի այն ծավալը, որն անհրաժեշտ է աղտոտող նյութերի արտանետումները մինչև սահմանային թույլատրելի կոնցենտրացիաների մակարդակը նոսրացնելու համար.

19) աղտոտման աղբյուրների խումբ` որոշակի տարածքում տեղաբաշխված մեկից ավելի անշարժ աղբյուրներ, որոնցից արտանետվող վնասակար նյութերի վերադրման հետևանքով մթնոլորտի գետնամերձ շերտում ձևավորվում է միասնական աղտոտում:»:

 

Հոդված 3. Օրենքի 5-րդ հոդվածից հանել «- մթնոլորտային օդի վիճակի դիտանցի (մոնիթորինգի) կազմակերպումը, - մթնոլորտային օդի պահպանության կարգի սահմանումը, - մթնոլորտային օդի աղտոտման համար վարձի սահմանումը,» բառերը:

 

Հոդված 4. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.1-ին և 5.2-րդ հոդվածներով.

 

«Հոդված 5.1. 

Լիազորված մարմինների իրավասությունները մթնոլորտային օդի պահպանության բնագավառում

 

Մթնոլորտային օդի պահպանության բնագավառում լիազորված մարմինների իրավասություններն են`

մթնոլորտային օդի պահպանության ոլորտում Հայաստանի Հանրապետության պետական քաղաքականության մշակումը,

մթնոլորտային օդն աղտոտող նյութերի սահմանային թույլատրելի կոնցենտրացիաների վերաբերյալ առաջարկությունների ներկայացումը,

արտանետումներ կատարելու հայտ ներկայացրած կազմակերպություններին մթնոլորտային օդն աղտոտող նյութերի սահմանային թույլատրելի արտանետումների չափաքանակների տրամադրումը,

մթնոլորտային օդի պահպանության նորմատիվամեթոդական փաստաթղթերի ձևավորումը,

մթնոլորտային օդն աղտոտող նյութերի և արտանետումների պետական հաշվառումը,

մթնոլորտային օդի վիճակի մոնիթորինգի (դիտանցի) կազմակերպումը և վարումը,

իր իրավասությունների սահմաններում միջազգային համագործակցության իրականացումը,

օրենքով սահմանված այլ լիազորությունների իրականացումը:

 

Հոդված 5.2.

Տարածքային կառավարման պետական մարմինների իրավասությունները մթնոլորտային օդի պահպանության բնագավառում

 

Մթնոլորտային օդի պահպանության բնագավառում տարածքային կառավարման պետական մարմինների իրավասություններն են`

մարզերի բնապահպանական ծրագրերի կազմում մթնոլորտային օդի պահպանության բաղադրիչի մշակումը և իրականացման ապահովումը,

մարզերի ազդակիր համայնքներում միջհամայնքային համագործակցության կազմակերպումը,

օդերևութաբանական անբարենպաստ պայմաններում մարդու կյանքի ու առողջության սպառնալիքների վերացմանն ուղղված միջոցառումների իրականացումը:»:

 

Հոդված 5. Օրենքի 9-րդ հոդվածի երկրորդ պարբերությունն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 6. Օրենքի 13-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 13.

Մթնոլորտային օդն աղտոտող նյութերի սահմանային թույլատրելի արտանետումների և մթնոլորտային օդի վրա ֆիզիկական վնասակար ներգործությունների սահմանային թույլատրելի նորմատիվները սահմանելու սկզբունքը

 

Մթնոլորտային օդն աղտոտող նյութերի սահմանային թույլատրելի արտանետումների և մթնոլորտային օդի վրա սահմանային թույլատրելի ֆիզիկական վնասակար ներգործությունների նորմատիվները սահմանվում են այնպես, որ, հաշվի առնելով տվյալ տարածաշրջանի զարգացման հեռանկարները, տվյալ տարածքից և այլ տարածքներից աղտոտող նյութերի արտանետումները և ֆիզիկական վնասակար ներգործությունները չհանգեցնեն մթնոլորտային օդում աղտոտվող նյութերի սահմանային թույլատրելի կոնցենտրացիաների և ֆիզիկական վնասակար ներգործությունների սահմանային թույլատրելի մակարդակների գերազանցման:

Սահմանային թույլատրելի արտանետումների նորմատիվները սահմանվում են այն արտանետման աղբյուրների կամ դրանց խմբերի համար, որոնց արտանետումների առավելագույն նախագծային ցուցանիշների հիման վրա հաշվարկված օդի պահանջվող օգտագործումը մեկ տարում գերազանցում է երկու միլիարդ խորանարդ մետր չափանիշը կամ վայրկյանում գերազանցում է երկու հազար խորանարդ մետր չափանիշը:

Արգելվում են մթնոլորտի և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործությունները, որոնց համար սահմանված չեն համապատասխան նորմատիվներ:

Մթնոլորտի և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործություններն իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:»:

 

Հոդված 7. Օրենքի 14-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 14.

Աղտոտման անշարժ աղբյուրներից մթնոլորտային օդն աղտոտող նյութերի արտանետումների կարգավորումը

 

Աղտոտման անշարժ աղբյուրներից մթնոլորտային օդն աղտոտող նյութերի սահմանային թույլատրելի արտանետումների նորմատիվները ընդունվում կամ մերժվում են լիազորված մարմնի կողմից` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով` աղտոտման անշարժ աղբյուրներ ունեցող կազմակերպությունների կողմից դիմելու օրվանից 30 օրվա ընթացքում: Սույն կետով սահմանված ժամկետում լիազորված մարմնի կողմից պատասխան չտրվելու դեպքում մթնոլորտային օդն աղտոտող նյութերի սահմանային թույլատրելի արտանետումների նորմատիվը համարել ընդունված:»:

 

Հոդված 8. Օրենքի 15-րդ հոդվածը «աշխատանքը» բառից հետո լրացնել «հետևողականորեն բարելավել տեխնոլոգիական պրոցեսները` ներդնելով լավագույն հասանելի տեխնոլոգիաներ» բառերով և հոդվածից «(մոնիտորինգ)» բառը հանել:

 

Հոդված 9. Օրենքի 16-րդ հոդվածում «իրավունք ունեն սահմանափակելու, ընդհատելու կամ արգելելու» բառերը փոխարինել «օրենսդրությամբ սահմանված կարգով կարող են սահմանափակել, ընդհատել կամ արգելել» բառերով:

 

Հոդված 10. Օրենքի 14-րդ, 16-րդ, 19-րդ, 34-րդ, 39-րդ և 41-րդ հոդվածներում «հատկապես լիազորված պետական» բառերը, իսկ 21-րդ և 30-րդ հոդվածներում «հատկապես լիազորված» բառերը փոխարինել «լիազոր» բառով:

 

Հոդված 11. Օրենքի 20-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 20.

Միջոցառումների իրականացում կանխատեսվող օդերևութաբանական անբարենպաստ պայմաններում կամ մթնոլորտային օդի այնպիսի վիճակի դեպքում, որը սպառնում է մարդկանց առողջությանն ու կյանքին

 

Կանխատեսվող օդերևութաբանական անբարենպաստ պայմաններում, երբ մթնոլորտային օդում սպասվում է աղտոտող նյութերի քանակի մեծացում, մթնոլորտային օդն աղտոտող օբյեկտներ ունեցող կազմակերպությունները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կատարում են արտանետումների նվազեցման միջոցառումներ:

Եթե օդերևութաբանական անբարենպաստ պայմաններում մթնոլորտային օդն աղտոտող նյութերի արտանետումների և մթնոլորտային օդի վիճակի վրա այլ վնասակար ներգործությունների անբարենպաստ զուգորդության հետևանքով առանձին շրջաններում սպառնալիք է առաջանում մարդկանց կյանքի և առողջության համար, ապա մթնոլորտային օդն աղտոտող օբյեկտներ ունեցող կազմակերպությունները և շրջակա միջավայրի աղտոտման նկատմամբ հսկողության և վերահսկողության ծառայությունները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում են մարդու կյանքի ու առողջության սպառնալիքների վերացմանը նպատակաուղղված ազդարարման ու արձագանքման միջոցառումներ:»:

 

Հոդված 12. Օրենքի 40-րդ հոդվածում «իսկ կողմերի անհամաձայնության դեպքում` դատարանը կամ պետական արբիտրաժը» բառերը փոխարինել «իսկ անհամաձայնեցման դեպքում` դատարանը» բառերով:

 

Հոդված 13. Օրենքի 4-րդ, 6-8-րդ, 33-րդ և 38-րդ հոդվածներն ուժը կորցրած ճանաչել:

 

 Հոդված 14. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան


 2011 թ. հոկտեմբերի 3
Երևան
ՀՕ-249-Ն