Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-186-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (04.07.2011-07.01.2012)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2011.06.24/39(842) Հոդ.920
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
26.05.2011
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
16.06.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.07.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2011 թվականի մայիսի 26-ին

 

2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 1-Ի ԴՐՈՒԹՅԱՄԲ ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՉՆԵՐԿԱՅԱՑՐԱԾ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԻՑ ՀԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1.

Օրենքի գործողության ոլորտը

 

Սույն օրենքը տարածվում է այն կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի, ինչպես նաև պետական կամ պետական բաժնեմաս ունեցող կազմակերպությունների (այսուհետ` հարկ վճարող) վրա, որոնք 2008 թվականի հունվարի 1-ի դրությամբ հարկային օրենսդրությամբ սահմանված կարգով հարկային մարմին չեն ներկայացրել որևէ հաշվետվություն, հաշվարկ կամ հայտարարագիր (այսուհետ` հաշվետվություն) և հարկային մարմնում առկա փաստաթղթերի համաձայն չունեն գույք ու հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով պարտավորություններ կամ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի համաձայն չեն վերագրանցվել, չունեն գույք և հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով պարտավորություններ:

 

Հոդված 2. Հարկ վճարողների լուծարման (պետական հաշվառումից հանելու) կարգը

 

1. Սույն օրենքի 1-ին հոդվածում նշված հարկ վճարողների ցանկը և հարկային մարմնի կողմից վերահսկվող պարտավորությունների բացակայության մասին տեղեկանքը հարկային մարմինը մինչև 2011 թվականի հուլիսի 15-ը Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ներկայացնում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն (այսուհետ` պետական ռեգիստր): Հարկային մարմինը սույն մասով սահմանված ժամկետում պետական ռեգիստր է ներկայացնում նաև հարկային մարմնում հաշվառված այն կազմակերպությունների ցանկը, որոնց հիմնադիր կազմակերպությունները լուծարված են:

2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված ցանկերը պետք է պարունակեն կազմակերպության անվանումը (անհատ ձեռնարկատիրոջ դեպքում՝ անունը և ազգանունը), հարկային մարմնին հայտնի կամ պետական ռեգիստրում նշված` կազմակերպության գտնվելու վայրը (անհատ ձեռնարկատիրոջ դեպքում` բնակության հասցեն), հարկ վճարողի հաշվառման համարը:

3. Պետական ռեգիստրը հարկային մարմնի կողմից սույն հոդվածի 1-ին մասում նշված ցանկերը ստանալուց հետո` մինչև 2011 թվականի սեպտեմբերի 15-ը, ուղարկում է ծանուցում պետական ռեգիստրում կազմակերպությունների գտնվելու վայրի կամ անհատ ձեռնարկատիրոջ բնակության վայրի կամ պետական ռեգիստրին հայտնի կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ հասցեով: Ծանուցումը համարվում է պատշաճ տրված, եթե այն հանձնվել է կազմակերպության ներկայացուցչին կամ անհատ ձեռնարկատիրոջը կամ վերջինիս ներկայացուցչին: Եթե նշված հասցեներում կազմակերպության ներկայացուցչին կամ անհատ ձեռնարկատիրոջը հնարավոր չէ գտնել, ապա պետական ռեգիստրը ծանուցումն ուղարկում է Հայաստանի Հանրապետության գերատեսչական նորմատիվ ակտերի տեղեկագրում հրապարակման, որը ևս տեղեկագրի հրապարակման օրվանից համարվում է պատշաճ տրված ծանուցում: Ծանուցումները հանձնելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը: Սույն մասում նշված ցանկերը պետական ռեգիստրը հրապարակում է նաև իր պաշտոնական ինտերնետային կայքում և 3000-ից ավելի տպաքանակ ունեցող մամուլում:

4. Սույն հոդվածի 1-ին մասում նշված ցանկերը սահմանված կարգով պետական ռեգիստրի կողմից հրապարակվելուց հետո` երկու ամսվա ընթացքում, դրանում ընդգրկված հարկ վճարողների պատասխանատու պաշտոնատար անձինք (տնօրեն, կառավարիչ և այլն) պարտավոր են պետական ռեգիստր ներկայացնել տեղեկանք` ֆիզիկական անձանց, կազմակերպությունների, հիմնարկների և պետական կառավարման մարմինների նկատմամբ ստանձնած պարտավորությունների և սեփականության իրավունքով իրենց պատկանող գույքի մասին: Սույն մասով սահմանված ժամկետում պարտավորությունների և գույքի վերաբերյալ տեղեկանք չներկայացնելու դեպքում համարվում է, որ տվյալ հարկ վճարողը պարտավորություն և գույք չունի, իսկ կազմակերպության գործունեության դադարեցումից կամ անհատ ձեռնարկատիրոջը պետական հաշվառումից հանելուց հետո նրանց անվամբ հայտնաբերված գույքի հետ կապված խնդիրները լուծվում են օրենսդրությամբ սահմանված կարգով: Սույն մասով սահմանված ժամկետում հարկ վճարողները կարող են պետական ռեգիստր ներկայացնել գործունեությունը վերսկսելու կամ վերագրանցվելու մասին հայտարարություն, որի ներկայացման դեպքում պետական ռեգիստրը տվյալ հարկ վճարողին հանում է սույն հոդվածի 1-ին մասում նշված ցանկերից: Սույն մասով սահմանված ժամկետում տվյալ հարկ վճարողները, ինչպես նաև նրանց պարտատերերը կամ այլ պետական կառավարման մարմինները կարող են պետական ռեգիստր ներկայացնել առարկություններ: Սույն մասով սահմանված ժամկետում տեղեկանքի կամ առարկության բացակայության դեպքում պետական ռեգիստրը երեք ամսվա ընթացքում գրանցում է կազմակերպության գործունեության դադարեցում կամ հանում է անհատ ձեռնարկատիրոջը պետական հաշվառումից:

5. Եթե սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված ժամկետում սահմանված կարգով պետական ռեգիստրի կողմից հրապարակված ցանկերում ընդգրկված հարկ վճարողների պարտատերերից ստացվում է առարկություն, ապա պետական ռեգիստրը պարտավոր է օրենքով սահմանված կարգով մեկամսյա ժամկետում հայց ներկայացնել դատարան տվյալ կազմակերպության լուծարման կամ անհատ ձեռնարկատիրոջը պետական հաշվառումից հանելու վերաբերյալ:

 

Հոդված 3. Սույն օրենքի 2-րդ հոդվածով սահմանված` անհատ ձեռնարկատերերին պետական հաշվառումից հանելու կամ կազմակերպությունների լուծարման դեպքում մեկ ամսվա ընթացքում պետական ռեգիստրը տեղեկատվություն է տրամադրում հարկային մարմնին` հարկ վճարողին հարկային հաշվառումից հանելու նպատակով:

 

Հոդված 4. Սույն օրենքով սահմանված կարգով և հիմքով լուծարման ենթակա կազմակերպությունների և պետական հաշվառումից հանելու ենթակա անհատ ձեռնարկատերերի նկատմամբ հարկային հաշվետվություն չներկայացնելու համար վարչական վարույթ չի հարուցվում, իսկ հարուցված վարչական վարույթները ենթակա են կարճման:

 

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան


2011 թ. հունիսի 16

Երևան

ՀՕ-186-Ն

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
08.12.2011, ՀՕ-328-Ն 07.01.2012, ՀՕ-186-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան