ՀԻՆԳԵՐՈՐԴ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ
ՆԱՐԱՅԱՆԸ ԵՎ ԱՅԼՔ ԸՆԴԴԵՄ ԱԴՐԲԵՋԱՆԻ
(գանգատներ թիվ 54363/17 և երկու այլ գանգատ)
Դատարանի կանոնների 81-րդ կանոնի համաձայն Դատարանի այս որոշումը խմբագրվել է 2024 թվականի հունվարի 17-ին
ՎՃԻՌ
Հոդված 2 (նյութաիրավական և դատավարական հայեցակետեր) • Կյանքի իրավունք • Արդյունավետ քննություն • Հոդված 1 • Պետությունների իրավազորությունը • Ադրբեջանի զինված ուժերի՝ որպես պատասխանող պետության գործակալ գործող զինծառայողի կողմից Հայաստանի տարածքում երեք հայ զինծառայողների սպանությունը • Prima facie (առերևույթ) ապացույցներ հաստատելը • Պատասխանող պետության կողմից դեպքերի բավարար և համոզիչ բացատրություն չներկայացնելը • Միայն երկու զինծառայողների առնչությամբ Կոնվենցիայի համաձայն իրավազորության առումով կապը հաստատելը • Ուղիղ հարձակման պայմաններում ֆիզիկական ուժ գործադրած և նրանց կյանքի նկատմամբ վերահսկողություն իրականացրած անձը • Պատասխանող պետությանը վերագրվող՝ ուժի ապօրինի կիրառումը • Քննություն չիրականացնելը
Պատրաստվել է քարտուղարության կողմից: Պարտադիր չէ Դատարանի համար: |
ՍՏՐԱՍԲՈՒՐԳ
19 դեկտեմբերի 2023 թ.
Սույն վճիռը վերջնական է դառնում Կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված դեպքերում։ Այն կարող է ենթարկվել խմբագրական փոփոխությունների։
Նարայանը և այլք ընդդեմ Ադրբեջանի գործով,
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (Հինգերորդ բաժանմունք), հանդես գալով Պալատի հետևյալ կազմով՝
Գեորգես Ռավարանի [Georges Ravarani]՝ Նախագահ,
Կարլո Ռանզոնի [Carlo Ranzoni],
Ստեֆանի Մուրու-Վիկստրյոմ [Stéphanie Mourou-Vikström],
Լետիֆ Հուսեյնով [Lətif Hüseynov],
Մարիա Էլոսեգի [Maria Elósegui],
Էրիկ Վեններստրյոմ [Erik Wennerström],
Մաթիաս Գայոմար [Mattias Guyomar]՝ դատավորներ,
և Վիկտոր Սոլովեյչիկ [Victor Soloveytchik]՝ Բաժանմունքի քարտուղար,
հաշվի առնելով
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի (Կոնվենցիա) 34-րդ հոդվածի համաձայն Հայաստանի Հանրապետության տասը քաղաքացիների (դիմումատուներ) կողմից ընդդեմ Ադրբեջանի Հանրապետության՝ 2017 թվականի հուլիսի 29-ին Դատարան ներկայացված գանգատները (թիվ 54363/17, 54364/17 և 54365/17).
գանգատների վերաբերյալ Ադրբեջանի Հանրապետության կառավարությանը (պատասխանող Կառավարություն) ծանուցելու մասին որոշումը,
Պատասխանող Կառավարության կողմից ներկայացված դիտարկումները և դիմումատուների կողմից ի պատասխան ներկայացված դիտարկումները,
Հայաստանի կառավարության կողմից ներկայացված մեկնաբանությունները, որոնց Բաժանմունքի նախագահի կողմից շնորհվել է միջամտելու թույլտվություն,
2023 թվականի սեպտեմբերի 19-ին և նոյեմբերի 21-ին անցկացնելով դռնփակ խորհրդակցություն,
կայացրեց հետևյալ վճիռը, որն ընդունվեց նշված վերջին օրը.
ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
1. Գործը վերաբերում է Կnնվենցիայի 2-րդ, 13-րդ և 14-րդ հոդվածների ենթադրյալ խախտումներին՝ կապված դիմումատուների ազգականների սպանության հետ, որը կատարվել է Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող Չինգիզ Գուրբանովի կողմից, որը, հանդես գալով որպես Ադրբեջանի պետական գործակալ, ենթադրաբար հատել է սահմանը և կրակ բացել:
ՓԱՍՏԵՐԸ
2. Դիմումատուների ցուցակը և նրանց գանգատների համապատասխան կարևոր մանրամասները շարադրված են հավելվածում։ Նրանց ի սկզբանե Դատարանում ներկայացրել է պարոն Արտակ Զեյնալյանը, այնուհետև Երևանում գործող իրավաբան պրն Արա Ղազարյանը1:
3. Պատասխանող Կառավարությունը ներկայացրել է Կառավարության լիազոր ներկայացուցիչ պրն Չ. Ասգարովը։
I. Գործի նախապատմությունը
4. 2016 թվականի դեկտեմբերի 29-ին Ադրբեջանի և Հայաստանի սահմանին զինծառայողների միջև տեղի են ունեցել բախումներ։ Կռվի ժամանակ սպանվել են երեք հայ զինծառայող (դիմումատուների ազգականները՝ տե՛ս ստորև՝ 8-րդ պարբերությունը) և մեկ ադրբեջանցի զինծառայող (տե՛ս ստորև՝ 13-րդ պարբերությունը)։ Նրանց մարմինները հայտնաբերվել են Տավուշի մարզի Չինարի գյուղի մոտակայքում (տե՛ս նաև Գուրբանովն ընդդեմ Հայաստանի [Gurbanov v. Armenia], թիվ 7432/17):
5. 2017 թվականի հունվարի 9-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տարածել են հետևյալ հայտարարությունը.
«Բաքուն և Երևանը շարունակում են միմյանց մեղադրել 2016 թվականի դեկտեմբերի 29-ին հայ-ադրբեջանական սահման ներխուժելու փորձի մեջ, որը հանգեցրել է մարդկային զոհերի: Հայաստանի զինված ուժերը շարունակում են պահել մարտական գործողությունների ընթացքում զոհված ադրբեջանցի զինծառայողի դին:
Հրադադարի ռեժիմի խախտումներն անընդունելի են և հակասում են կողմերի ստանձնած պարտավորություններին, որոնք կրում են ուժ չկիրառելու լիակատար պատասխանատվություն: Համանախագահները հորդորում են Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդներին խստորեն կատարել 2016 թվականին Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում կայացած գագաթնաժողովների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունը, այդ թվում՝ հնարավորինս կարճ ժամկետում ԵԱՀԿ քննչական մեխանիզմի ստեղծման պարտավորությունը:
Համանախագահները նաև հորդորում են Աստրախանի 2010 թվականի գագաթնաժողովի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին համապատասխան անհապաղ վերադարձնել աճյունները՝ հաշվի առնելով այս խնդրի բացառապես մարդասիրական բնույթը: Մենք կոչ ենք անում կողմերին դադարեցնել երկկողմ մեղադրանքները և ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերն իրադրությունը կայունացնելու ուղղությամբ»:
6. 2017 թվականի հունվարի 11-ի հայտարարության մեջ այն ժամանակ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդն ասել է.
«[Մ]ենք մտահոգված ենք հակամարտության մարդասիրական ասպեկտներով»: Ես տեղյակ եմ, որ դեկտեմբերի 29-ին հրադադարի խախտումների արդյունքում եղել են մարդկային զոհեր, և որ Հայաստանի զինված ուժերը մինչ այժմ շարունակում են պահել մարտերում զոհված ադրբեջանցի զինծառայողի դին: Հորդորում եմ կողմերին հարգել հրադադարը և լիովին սատարում եմ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կոչը՝ Աստրախանի 2010 թվականի գագաթնաժողովի ժամանակ ձեռք բերված պայմանավորվածություններին համապատասխան անհապաղ վերադարձնել աճյունները՝ հաշվի առնելով այս խնդրի մարդասիրական բնույթը»։
II. Գործի հանգամանքները
7. Գործի փաստական հանգամանքները վիճարկվել են։ Դրանք կարող են ամփոփ ներկայացվել հետևյալ կերպ։
Ա. Դիմումատուների կողմից ներկայացված փաստերը
8. Դիմումատուները, որոնք ՀՀ քաղաքացիներ են, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայողներ և Տավուշի մարզի Չինարի գյուղի մոտակայքում գտնվող Բիթլիսի մարտական դիրքում 2016 թվականի դեկտեմբերի 29-ին հերթապահություն իրականացնելու ժամանակ սպանված Էդգար Նարայանի, Էրիկ Աբովյանի և Շավարշ Մելիքյանի ծնողները և (կամ) քույրերն ու եղբայրներն են (տե՛ս հավելվածը)։
9. Հայաստանի քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում 2016 թվականի դեկտեմբերի 29-ին հարուցվել է քրեական գործ։ Նույն օրը քննիչը զննել է դեպքի վայրը և կազմել արձանագրություն։ Քննության ընթացքում բերվել են լրացուցիչ ապացույցներ, մասնավորապես՝ վկաների ցուցմունքներ և դատական փորձաքննությունների եզրակացություններ:
10. Այդ ապացույցների հիման վրա Հայաստանի Հանրապետության քննչական մարմինները պարզել են, որ 2016 թվականի դեկտեմբերի 29-ի առավոտյան Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող Չինգիզ Գուրբանովը հատել է Հայաստանի Հանրապետության տարածքի սահմանը և շարժվել դեպի Բիթլիս։
11. Համապատասխան դեպքերի ժամանակ Բիթլիսի մարտական դիրքում գտնվել են ինը հայ զինծառայողներ, այդ թվում՝ վերոնշյալ դիմումատուների երեք ազգականները։ Դեպքին հանգեցրած իրադարձությունների վերաբերյալ հարցաքննվել են հինգ զինծառայողներ: Նրանց համընկնող ցուցմունքների համաձայն՝ առավոտյան ժամը 8:30-ի սահմաններում (առավոտյան ժամը 8:20-ի հերթափոխից մի քանի րոպե անց) պրն Նարայանը լքել է Բիթլիսի խրամատի կացարանը՝ մոտ 20 մետր հեռավորության վրա գտնվող զուգարան գնալու համար, իսկ մարտական դիրքի խոհարար պրն Աբովյանը գնացել է մարտական դիրքից մոտ 40 մետր հեռավորության վրա գտնվող ջրի բաքերից ջուր բերելու։ 5-10 րոպեի միջակայքում արձակվել է մի քանի կրակոց, իսկ ավելի ուշ պարզվել է, որ հենց այդ կրակոցներից են սպանվել պրն Նարայանը և պրն Աբովյանը: Դեպքի վայրում արված լուսանկարներում, որոնք կցվել են դեպքի վայրի զննության արձանագրություններին, երևում է, որ պրն Նարայանը սպանվել է զուգարանից օգտվելիս, իսկ պրն Աբովյանը սպանված պառկած է ջրի բաքերի կողքին: Երկուսն էլ զինված չեն եղել, չեն կրել զրահաբաճկոններ կամ զինվորական կոշիկներ (իրականում պրն Աբովյանը եղել է հողաթափերով)։
12. Քիչ անց զինծառայող Օ.Հ.-ն ահազանգել է դեպքի մասին։ Պրն Մելիքյանը, որը եղել է մարտական դիրքի ավագը, զինծառայողներ Գ.Ս.-ի և Հ.Ս.-ի ուղեկցությամբ հագել է զինվորական համազգեստը, դուրս եկել կացարանից և ճանապարհի աջ և ձախ կողմերով համապատասխանաբար շարժվել կրակոցների ձայնի ուղղությամբ՝ արդեն ընկած զինծառայողներին պաշտպանելու համար: Քանի որ մառախուղի պատճառով տեսանելիությունը խիստ ցածր է եղել, պրն Մելիքյանը, առանց կոնկրետ մեկին թիրախավորելու, մի քանի անգամ («մի քանի» կամ «մեկ կամ երկու») արձակել է մեկական կրակոց, որից հետո «մոտ տարածությունից» (զինծառայող Տ.Ս.-ի գնահատմամբ կրակոցն արձակվել է 60-70 մետր հեռավորությունից) արձակվել է ավտոմատ կրակոց պրն Մելիքյանի գլխի ուղղությամբ: Նա ընկել է ձախ կողմի վրա։ Ականատեսները նաև հայտնել են, որ մարտական հենակետի մոտ՝ «ճանապարհի աջ կողմում», նկատվել է ոչ հայկական զինվորական համազգեստ կրող մի անձ: Մոտ մեկ ժամ տևող փոխհրաձգությունից հետո, որի ընթացքում ժամանել են հայկական օգնական ուժեր, մյուս կողմի կրակոցները դադարել են:
13. Երեք հայ զինծառայողների դիերը հայտնաբերվել են գետնին՝ պրն Գուրբանովի մարմնի հետ միասին, որը կրում էր ադրբեջանական զինվորական համազգեստ: Մարտական հենակետից մոտ 70 մետր հեռավորության վրա հայտնաբերված պրն Գուրբանովի մարմնի կողքին հայտնաբերվել է հրացան, սպառազինության պահեստային փամփշտատուփեր և կրակած պարկուճներ: Պրն Աբովյանի մարմինը հայտնաբերվել է պրն Գուրբանովի մարմնից մոտ 40 մետր հեռավորության վրա՝ մարտական հենակետի ուղղությամբ, պրն Նարայանի մարմինը հայտնաբերվել է պրն Աբովյանի մարմնից մոտ 4 մետր հեռավորության վրա՝ զուգարանի ուղղությամբ մոտ 30 սմ հեռավորության վրա գտնվող հողաթմբի վրա, և վերջապես, պրն Մելիքյանի մարմինը հայտնաբերվել է դեպի զուգարան տանող աստիճաններից մոտ 8 մետր հեռավորության վրա, ճանապարհի ձախ կողմում։
14. Երեք հայ զինծառայողների մարմինների դատաբժշկական փորձաքննություններն սկսվել են 2016 թվականի դեկտեմբերի 30-ին և ավարտվել են 2017 թվականի մարտի 1-ին, 25-ին և 3-ին տրամադրված եզրակացություններով: Բժշկական եզրակացություններում նշվել է, որ երեք զինծառայողները մահացել են կրծքավանդակի և պարանոցի (պրն Նարայան), որովայնի, կրծքավանդակի և աջ ոտքի (պրն Աբովյան) և գլխի (պրն Մելիքյան) հրազենային վնասվածքներից: Պրն Գուրբանովի կրած հրացանի դատական փորձաքննության 2017 թվականի մայիսի 3-ի եզրակացության համաձայն՝ մահացու կրակոցներն արձակվել են այդ հրացանից:
15. Պրն Գուրբանովի մարմինը նույնպես փորձաքննության է ենթարկվել, առաջին անգամ՝ 2016 թվականի դեկտեմբերի 29-ին: Մոտակա հայկական քաղաքի դատաբժիշկ Մ.Դ.Հ.-ի և երկու ընթերակաների ներկայությամբ այդ դեպքի առթիվ կազմված՝ դիակի փորձաքննության եզրակացության համաձայն՝ խոշտանգումների կամ վատ վերաբերմունքի հետքեր չեն հայտնաբերվել: 2017 թվականի հունվարի 14-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի դատաբժշկության հարցերով համակարգող Մ.Վ.-ի ներկայությամբ կրկին իրականացվել է դիակի փորձաքննություն: Այդ օրը կազմված եզրակացության մեջ նշվել է, որ խոշտանգումների հետքեր չեն հայտնաբերվել։ Մ.Վ.-ն հաստատել է այդ եզրահանգումները։
16. Վերոնշյալ երկու դատական փորձաքննությունների հիման վրա (տե՛ս վերևում՝ 15-րդ պարբերությունը) 2017 թվականի հունվարի 9-ին, 18-ին և 30-ին տրվել են պրն Գուրբանովի դիակի վրա սեռական բռնության և ալկոհոլային կամ թմրամիջոցների թունավորման հետքերի բացակայության վերաբերյալ համապատասխանաբար լրացուցիչ կենսաբանական, քիմիական և քրեագիտական եզրակացություններ: 2017 թվականի փետրվարի 22-ին տրամադրվել են դատաբժշկական փորձաքննության վերջնական եզրակացությունները, որոնք հաստատում են, որ պրն Գուրբանովը մահացել է հրազենային վնասվածքների, մասնավորապես՝ կրծքավանդակի և որովայնի ձախ առաջնային, ինչպես նաև ձախ ուսի վերին հատվածների վնասվածքների հետևանքով:
17. 2018 թվականի մայիսի 4-ին հայ փորձագետները չորս զոհված զինծառայողների՝ փամփուշտների տեսակի և մուտքի և ելքի անցքերի դասավորության հիման վրա կազմել են լրացուցիչ դատաբժշկական և դատաձգաբանական փորձաքննության եզրակացություն, որն իրականացվել է նրանց վնասվածքների՝ հագուստի հետքերին համապատասխանությունը պարզելու նպատակով։ Եզրակացության արդյունքները հաստատել են այն, ինչը հաստատվել էր դատական փորձաքննության նախորդ եզրակացություններում, մասնավորապես այն, որ զինծառայողների վնասվածքները եղել են հրազենային, որոնց բնույթը, դասավորությունը և հետագծերը հիմնականում համապատասխանել են զինծառայողների հագուստի և (կամ) սաղավարտների վրա առկա հետքերին:
18. Ըստ դիմումատուների՝ Ադրբեջանն ընդունել է, որ իր զինծառայող պրն Գուրբանովը սպանել է հայ զինծառայողների։ Այնուամենայնիվ, Ադրբեջանի իշխանությունները որևէ կոնկրետ քննություն չեն իրականացրել սպանությունների հանգամանքների վերաբերյալ, ինչպես նաև երբևէ չեն կատարել դեպքի վայրի զննություն: Ավելին, 2017 թվականի փետրվարի 7-ին Ադրբեջանը մեծարել է այդ գործողությունները՝ ի թիվս այլնի՝ պրն Գուրբանովին հետմահու շնորհելով Ադրբեջանի ազգային հերոսի կոչում և նրա պատվին անվանակոչելով փողոց։
Բ. Պատասխանող Կառավարության կողմից ներկայացված փաստերը
19. 2016 թվականի դեկտեմբերի 29-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տարածել է մամուլի հաղորդագրություն, որտեղ ասվել է, որ այդ առավոտ «Հայաստանի զինված ուժերի հետախուզական խումբը դարանակալվել է ադրբեջանահայկական պետական սահմանը խախտելու ժամանակ»։ Մարտի արդյունքում ադրբեջանցի զինծառայող պրն Գուրբանովը հայտարարվել է անհետ կորած, և ներկայումս ընթանում են նրա որոնողական աշխատանքները:
20. Պատասխանող Կառավարությունը պնդել է, որ նույն օրը կատարվել է «դեպքի վայրի» զննություն (մանրամասները չեն հստակեցվել), և հայտնաբերվել է զինծառայողին պատկանող կորած փամփշտատուփը՝ ներսում քսանյոթ փամփուշտ: Դատարանին չի ներկայացվել այդ զննությունը հավաստող որևէ հաշվետվություն կամ այլ փաստաթուղթ:
21. 2017 թվականի հունվարի 18-ին Ադրբեջանի զինվորական դատախազությունը Հայաստանի զինված ուժերի կողմից պրն Գուրբանովի սպանության փաստով սկսել է քրեական գործով նախաքննություն:
22. 2017 թվականի հունվարի 18-ին պայմանականորեն Ֆինդիք կոչվող ադրբեջանական զորամասի հրամանատարի երդմամբ տրված գրավոր ցուցմունքների համաձայն՝ անվտանգության նկատառումներից ելնելով՝ անորոշ ժամանակով արգելվել է մուտքը Ֆինդիքի տարածք տրանսպորտային միջոցով կամ ոտքով և տարածքի ցանկացած զննություն, քանի որ այն գտնվել հակառակորդի առաջնագծում:
23. Հետևաբար անհնար է եղել զննել տարածքը։ Պատասխանող Կառավարությունը պնդել է, որ կատարվել են դատաբժշկական և դատաձգաբանական փորձաքննություններ, և լսել են տասը վկաների (տե՛ս նաև ստորև՝ 26-րդ պարբերությունը): Վկաները գրեթե նույն ձևակերպումներով հայտնել են, որ սահմանի երկու կողմերում տեղակայված երկու մարտական հենակետերի միջև չեզոք գոտում ականապատ դաշտ է եղել. դեպքի ժամանակ, մասնավորապես՝ վաղ առավոտյան, եղանակը եղել է մառախլապատ և անձրևոտ, ուստի տեսանելիությունն ինչ-որ չափով եղել է սահմանափակ. հնարավոր է, որ իրենց դիրքի վրա հարձակման ժամանակ «թշնամու դիվերսիոն խումբը» սակրավորների միջոցով իրականացնելիս է եղել ականազերծում, և պրն Գուրբանովը նկատել է «թշնամու դիվերսիոն խումբը» և կրակ բացել նրանց վրա՝ «հերոսաբար պայքարելով հետ է մղել հարձակումը», սակայն հավանաբար գերեվարվել է իր ատրճանակը վերալիցքավորելիս։ Խրամատում, որից նա կրակել է, արյան հետքեր չեն եղել, ինչը, ամենայն հավանականությամբ, նշանակել է, որ «դիվերսիոն խումբը» նրան վերցրել է կենդանի և սպանել իրենց դիրքում, այնուհետև տարածել է տեղեկություններ՝ պնդելով, որ մենք հարձակվել ենք նրանց վրա»: Բացի այդ, վկաները հայտնել են, որ որքանով որ իրենք կարող էին տեսնել, այդ տարածքում զոհվածների մարմիններ չեն եղել, և որ «ամենայն հավանականությամբ հակառակորդի դիվերսիոն խմբին հաջողվել է դիակները տանել իրենց հետ»:
24. Նախաքննությունը հանգել է այն եզրակացության, որ 2016 թվականի դեկտեմբերի 29-ին, առավոտյան ժամը 7-ի սահմաններում, Թովուզում (Ադրբեջանի շրջան) տեղակայված զորամասի ավագ հրաձիգ պրն Գուրբանովը մարտական դիրքի դիտակետում իրականացնելիս է եղել հերթապահություն, երբ Հայաստանի զինված ուժերի դիվերսիոն-հետախուզական խումբը հատել է սահմանը, խախտել հրադադարի ռեժիմը և հարձակվել դիտակետի վրա։ Նա կրակ է բացել և տասնհինգ-քսան րոպե տևած փոխհրաձգությունից հետո հայ զինծառայողները բռնել են նրան Հայաստանի տարածքում և առգրավել նրա զենքը, որտեղ նա սպանվել է առավոտյան ժամը 8:40-ի սահմաններում:
25. 2017 թվականի ապրիլի 13-ին նախաքննությունը կասեցվել է, քանի որ հնարավոր չի եղել պարզել սպանության համար պատասխանատու անձի (անձանց) ինքնությունը:
26. Փաստերի մասին վերոնշյալ վարկածը հիմնավորելու համար պատասխանող Կառավարությունն ապացույցներ է ներկայացրել քրեական գործով նախաքննության համապատասխան նյութերից՝ ադրբեջանցի քննիչի կողմից տպագրված և այնուհետև վկաների կողմից իրենց ստորագրություններով հաստատված տասը վկաների ցուցմունքների պատճենները, տեղում զննություն իրականացնելու անհնարինության մասին երդմամբ տրված գրավոր ցուցմունքների պատճենները (տե՛ս վերևում՝ 22-րդ պարբերությունը) և համապատասխանաբար նախաքննություն սկսելու և այն կասեցնելու վերաբերյալ որոշումների պատճենները (տե՛ս վերևում 21-րդ և 25-րդ պարբերությունները)։
27. Ինչ վերաբերում է պրն Գուրբանովին հետմահու պարգևատրելուն, ապա պատասխանող Կառավարությունը պնդել է, որ այն չի շնորհվել հայ զինվորների սպանության համար, այլ պրն Գուրբանովի պարգևատրումը կատարվել է ադրբեջանական մարտական դիրքի վրա հարձակումը տապալելու և հայկական դիվերսիոն խմբի ներխուժումն Ադրբեջանի տարածք կանխելու համար: Պարգևատրումը կատարելիս Ադրբեջանի Հանրապետության նախագահ Ի. Ալիևը նկարագրել է, թե ինչպես է պրն Գուրբանովը «կռվել մինչև վերջին շունչը, սպանել ներխուժողներից մի քանիսին և նահատակվել»2:
ԻՐԱՎՈՒՆՔԸ
28. Դիմումատուները Կոնվենցիայի 2-րդ հոդվածի համաձայն բողոք են ներկայացրել պրն Նարայանի, պրն Աբովյանի և պրն Մելիքյանի մահվան առնչությամբ: Նրանք պնդել են, որ երեք զինծառայողները սպանվել են ապօրինաբար, քանի որ այդ ժամանակ զինված հակամարտություն չի եղել, և զինծառայողները որևէ մեկի համար որևէ վտանգ չեն ներկայացրել: Հետևաբար նրանց մահը չի եղել այնպիսի ուժի գործադրման հետևանքով, որը «բացարձակապես անհրաժեշտ» էր: Դիմումատուները պնդել են, որ տեղի է ունեցել նաև 2-րդ հոդվածով սահմանված դատավարական պարտավորությունների խախտում, քանի որ Ադրբեջանը չի իրականացրել պրն Գուրբանովի կողմից կատարված սպանությունների քննություն: Կոնվենցիայի 14-րդ հոդվածի համաձայն, 2-րդ հոդվածի համակցությամբ, նրանք նաև բողոքել են այն մասին, որ սպանությունները եղել են ատելության հիմքով կատարված հանցագործություններ, և որ թե՛ սպանությունները, թե՛ քննություն չիրականացնելը եղել են հայ զոհերի նկատմամբ էթնիկ ատելության հետևանք, ինչը ենթադրաբար Ադրբեջանի կողմից լայնորեն քարոզվող քաղաքականություն է։ Եվ վերջապես, դիմումատուները պնդել են, որ ի խախտումն Կոնվենցիայի 13-րդ հոդվածի՝ Ադրբեջանում ենթադրյալ խախտումների առնչությամբ իրավական պաշտպանության հասանելի միջոց առկա չի եղել, որը կարող էր մատչելի լինել և արդյունավետորեն կիրառվել հայերի համար:
I. ԳԱՆԳԱՏՆԵՐԻ ՄԻԱՑՈՒՄԸ
29. Հաշվի առնելով գանգատների առարկաների նույնաբովանդակությունը՝ Դատարանը նպատակահարմար է գտնում դրանք միացնելու վերաբերյալ որոշում կայացնել (Դատարանի կանոնակարգի 42-րդ կանոնի 1-ին կետ)։
II. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 38-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ
30. Դատարանը նկատում է, որ 2018 թվականի մարտի 15-ին պատասխանող Կառավարությանը սույն գանգատների մասին ծանուցելիս այն հստակ պահանջել է, որ պատասխանող Կառավարությունը տրամադրի գործին վերաբերող բոլոր համապատասխան տեղեկությունները և փաստաթղթերն ազգային բոլոր փաստաթղթերի անգլերեն թարգմանությունների հետ միասին:
31. Պատասխանող Կառավարությունը տրամադրել է մի քանի վկաների ցուցմունքների և երդմամբ տրված գրավոր ցուցմունքների պատճեններ, որոնք հաստատում են սահմանին մոտ գտնվող ադրբեջանական մարտական դիրքում տեղում զննություն իրականացնելու անհնարինությունը, ինչպես նաև որոշումներ՝ նախ սկսելու, ապա երեք ամսից էլ քիչ անց պրն Գուրբանովի մահվան փաստով քրեական գործով քննությունը կասեցնելու մասին (տես վերևում՝ 26-րդ պարբերությունը): Որևէ այլ փաստաթուղթ, մասնավորապես՝ դատաբժշկական կամ դատաձգաբանական փորձաքննությունների եզրակացությունների պատճենները, որոնք ենթադրաբար կազմվել են նախաքննության ընթացքում (տե՛ս վերևում՝ 23-րդ պարբերությունը), կամ դեպքի վայրի զննության արձանագրությունները (տե՛ս վերևում՝ 20-րդ պարբերությունը) չեն տրամադրվել, և ոչ էլ տրվել է որևէ բացատրություն այդ փաստաթղթերի բացակայության վերաբերյալ:
32. Դիմումատուները բողոքել են, որ պատասխանող Կառավարությունը չի տրամադրել գործի քննության ամբողջական նյութերը, ինչպես նշված է վերևում, այդ թվում՝ պրն Գուրբանովի կողմից օգտագործված գնդացրի փամփշտատուփի և սպառազինության զննության վերաբերյալ որևէ արձանագրություն (տես վերևում՝ 20-րդ պարբերությունը): Նրանք նաև նշել են, որ վկաների ցուցմունքների անգլերեն թարգմանությունների որոշ պարբերություններ բացակայել են ադրբեջաներեն բնօրինակ տեքստում, ինչը հարցեր է առաջացրել փաստաթղթերի իսկության վերաբերյալ:
33. Վերոնշյալը վկայում է այն մասին, որ պատասխանող Կառավարության կողմից չեն կատարվել Կոնվենցիայի 38-րդ հոդվածի պահանջները, հետևյալ բովանդակությամբ.
«Դատարանը գործն ուսումնասիրում է կողմերի ներկայացուցիչների հետ միասին և անհրաժեշտության դեպքում իրականացնում է քննություն, որի արդյունավետ իրականացման համար գործին առնչվող Բարձր պայմանավորվող կողմերն ապահովում են անհրաժեշտ բոլոր պայմանները»:
34. Դատարանը վերահաստատում է, որ Կոնվենցիայի 34-րդ հոդվածով նախատեսված անհատական գանգատներ ներկայացնելու համակարգի արդյունավետ գործունեության համար խիստ կարևոր է, որ պետությունները տրամադրեն բոլոր անհրաժեշտ միջոցները՝ գանգատների պատշաճ և արդյունավետ քննության իրականացումը հնարավոր դարձնելու համար: Այս պարտավորության համաձայն՝ պայմանավորվող պետություններից պահանջվում է Դատարանին տրամադրել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ անկախ նրանից, թե այն իրականացնում է փաստահավաք քննություն, թե կատարում է գանգատների ուսումնասիրության հետ կապված իր ընդհանուր պարտականությունները: Կառավարության կողմից իր տրամադրության տակ գտնվող ցանկացած այդպիսի տեղեկություն առանց բավարար բացատրության չներկայացնելը կարող է ոչ միայն հանգեցնել դիմումատուների պնդումների հիմնավորվածության վերաբերյալ եզրահանգումների, այլ նաև կարող է բացասաբար անդրադառնալ պատասխանող պետության կողմից Կոնվենցիայի 38-րդ հոդվածով սահմանված իր պարտավորությունների կատարման մակարդակի վրա (տե՛ս Մակուչյանը և Մինասյանն ընդդեմ Ադրբեջանի և Հունգարիայի [Makuchyan and Minasyan v. Azerbaijan and Hungary], թիվ 17247/13, § 224, 2020 թվականի մայիսի 26):
35. Անդրադառնալով սույն գործին՝ Դատարանը նկատում է, որ դիմումատուների կողմից Կոնվենցիայի 38-րդ հոդվածի համաձայն ներկայացված բողոքը վերաբերում է պատասխանող Կառավարության կողմից Ադրբեջանի իշխանությունների կողմից իրականացված քրեական գործով քննությանը վերաբերող որոշ փաստաթղթեր ենթադրաբար չներկայացվելուն, ինչպես նաև այն հանգամանքին, որ նրանք ենթադրաբար չեն ներկայացրել բացատրություններ որպես վկաների ցուցմունքների բնօրինակը ներկայացվող տարբերակի և դրանց անգլերեն թարգմանության միջև անհամապատասխանությունների վերաբերյալ։
36. Ինչ վերաբերում է պատասխանող Կառավարության կողմից ներկայացված փաստաթղթերի իսկությանը, ապա Դատարանը, որն ինքն է սահմանում իր սեփական ընթացակարգը և իր կանոնները, ունի լիակատար ազատություն գնահատելու իրեն ներկայացված յուրաքանչյուր ապացույցի ոչ միայն թույլատրելիությունն ու վերաբերելիությունը, այլ նաև ապացուցողական արժեքը: Հետևաբար Դատարանը համարում է, որ այնքանով, որքանով պատասխանող Կառավարությունը փորձել է հիմնվել իր տրամադրած փաստաթղթերի վրա, որոնցով բացահայտվում է, որ առկա են անհամապատասխանություններ ադրբեջաներեն և անգլերեն տարբերակների միջև, Դատարանը համապատասխան եզրահանգումներ կանի այդ անհամապատասխանությունների վերաբերյալ բացատրություններ չներկայացնելու հանգամանքից: Այն, թե որքանով է Դատարանը հիմնվում ներպետական քննության շրջանակում ձեռք բերված ապացույցների և ներպետական վարույթի շրջանակում հաստատված փաստերի վրա, կախված կլինի ներպետական քննության ընթացքի որակից և տվյալ վարույթի մանրամասնությունից և հետևողականությունից (տե՛ս համապատասխան փոփոխություններով (mutatis mutandis) Կարտերն ընդդեմ Ռուսաստանի [Carter v. Russia], 20914/07, §§ 94 և 97-98, 2021 թվականի սեպտեմբերի 21)։
37. Բացի այդ, հաշվի առնելով սույն գործով և նմանատիպ գործերով փաստերի հաստատման հետ կապված դժվարությունները և Կոնվենցիայով նախատեսված վարույթների շրջանակում պատասխանող պետության կողմից համագործակցելու կարևորությունը՝ Դատարանն ընդգծում է, որ Ադրբեջանի իշխանությունների կողմից լրացուցիչ այնպիսի փաստաթղթեր չներկայացնելը, որոնք կարող էին օգնել սույն գանգատի պատշաճ և արդյունավետ քննության անցկացման հարցում, ենթադրելով, որ այդ փաստաթղթերը փաստացի գոյություն ունեն, Դատարանին իրավունք կտար եզրահանգումներ անելու դիմումատուների պնդումների հիմնավորվածության վերաբերյալ (ի հակադրություն՝ Բեկիրսկին ընդդեմ Բուլղարիայի [Bekirski v. Bulgaria], թիվ 71420/01, § 116, 2010 թվականի սեպտեմբերի 2)։
38. Այս կապակցությամբ Դատարանը, այնուամենայնիվ, նշում է, որ չնայած պատասխանող Կառավարության կողմից վիճարկվող փաստաթղթերին արված հիշատակումներին (դեպքի վայրի զննության արձանագրություն և դատաբժշկական և դատաձգաբանական եզրակացություններ, տե՛ս վերևում՝ 20-րդ և 23-րդ պարբերությունները)՝ պատասխանող պետության իշխանությունները ներպետական մակարդակում անցկացված քրեական վարույթի կամ Դատարանում անցկացվող վարույթի ընթացքում չեն հիմնվել որևէ կոնկրետ փաստական տեղեկության վրա, որը ենթադրաբար պարունակվել է այդ փաստաթղթերում:
39. Հետևաբար Դատարանը համարում է, որ առաջին հայացքից, բացի պատասխանող Կառավարության կողմից արված հիշատակումներից (տե՛ս վերևում՝ 20-րդ և 23-րդ պարբերությունները), չկա որևէ այլ նշում այն մասին, որ Դատարան ներկայացված փաստաթղթերից բացի Ադրբեջանի կողմից իրականացված քրեական գործով վարույթում իսկապես ներկայացվել է որևէ լրացուցիչ ապացույց: Այսպիսով, պատասխանող պետությունը կարծես թե չի կատարել անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու պահանջի խախտում (տե՛ս, mutatis mutandis, Խաշիևը և Ակաևան ընդդեմ Ռուսաստանի [Khashiyev and Akayeva v. Russia], թիվ 57942/00 և 57945/00, § 139, 2005 թվականի փետրվարի 24)։ Ավելին, Դատարանը համարում է, որ դիմումատուների բողոքի հիմնական կետերն ավելի շուտ վերաբերում են Ադրբեջանի իշխանությունների կողմից իրականացված քրեական գործով քննության մանրամասնության բացակայությանը և ի վերջո արդյունավետության բացակայությանը, և դրանք հարցեր են, որոնք կքննարկվեն պատասխանող պետության կողմից Կոնվենցիայի 2-րդ հոդվածով սահմանված իր դատավարական պարտավորությունները չկատարելու վերաբերյալ դիմումատուների բողոքի առնչությամբ (տե՛ս ստորև՝ 124-126-րդ պարբերությունները)։
40. Եզրափակելով, չի կարելի ասել, որ պատասխանող Կառավարությունը սույն գործով չի համագործակցել Դատարանի հետ և այդպիսով չի կատարել Կոնվենցիայի 38-րդ հոդվածի պահանջները:
III. ԻՐԱՎԱԶՈՐՈՒԹՅՈՒՆԸ
Ա. Կողմերի փաստարկները
1. Պատասխանող Կառավարությունը
41. Պատասխանող Կառավարությունը պնդել է, որ դիմումատուների ազգականները չեն գտնվել պատասխանող պետության իշխանության կամ արդյունավետ վերահսկողության ներքո և հետևաբար իրավազորության ներքո՝ նրանց արտատարածքային որևէ գործողության արդյունքում:
42. Նախ՝ դիմումատուները չեն ներկայացրել փաստերի իրենց վարկածը հաստատող որևէ ապացույց, համաձայն որի՝ Հայաստանի այն տարածքում, որտեղ իրենց ազգականներն անցել են զինվորական ծառայություն, եղել է ադրբեջանական ռազմական ներկայություն։ Այսպիսով, կարելի է ենթադրել, որ չորս զինծառայողների (մեկ ադրբեջանցի և երեք հայ) մարմինները դուրս են բերվել Ադրբեջանից և տեղափոխվել Հայաստանի տարածք՝ «շոու բեմադրելու» նպատակով:
43. Բացի այդ, նույնիսկ եթե հայ զինծառայողների մարմիններում հայտնաբերված փամփուշտներն արձակվել են պրն Գուրբանովին պատկանող ատրճանակ-գնդացրից, ոչ մի ապացույց չի եղել առ այն, որ նա է եղել այն անձը, որն արձակել է դրանք. հնարավոր է, որ հայ զինծառայողն ատրճանակը վերցրել է պրն Գուրբանովից նրա մահից հետո և այնուհետև դրանով կրակել է մյուս հայ զինծառայողների վրա: Այս սցենարն արժանահավատ էր՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ զինված միջադեպն ընդհանուր առմամբ ամենայն հավանականությամբ բխել է հայկական կողմի շահերից, որը ցանկացել է այդ ժամանակ ընթացող խաղաղության շուրջ բանակցությունների շրջանակներում ԵԱՀԿ Մինսկի խմբին ստիպել գործարք կնքել:
44. Բոլոր դեպքերում Ադրբեջանի իշխանությունների կողմից հարուցված քրեական գործով քննության արդյունքում չի հայտնաբերվել որևէ ապացույց, որը կհաստատեր այն գաղափարը, որ Ադրբեջանը թույլատրել կամ հրամայել է պրն Գուրբանովին կամ որևէ այլ ադրբեջանցի զինծառայողի հատել սահմանը և հարձակվել հայկական մարտական դիրքերի վրա:
45. Հաշվի առնելով վերը նշվածը՝ պատասխանող Կառավարությունը պնդել է, որ սույն գործի փաստերն Ադրբեջանի իրավազորության շրջանակում չեն:
2. Դիմումատուները
46. Դիմումատուները պնդել են, որ Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող պրն Գուրբանովը համապատասխան ժամանակահատվածում ընթացող զինված հակամարտության բացակայության պայմաններում հատել է Հայաստանի սահմանը և հանդես գալով որպես Ադրբեջանի պետական գործակալ՝ կրակ է բացել դիմումատուների ազգականների վրա, որոնք եղել են հայ զինծառայողներ: Դրան ականատես են եղել Բիթլիսի մարտական դիրքի հայ զինծառայողները, որոնք վկայություն են տվել այն մասին, որ մոտակայքում տեսել են ոչ հայկական զինվորական համազգեստ կրող մի մարդու: Ադրբեջանցի զինծառայողը մոտ տարածությունից կրակել է երեք հայ զինծառայողների վրա՝ նրանց վերցնելով իր ֆիզիկական հսկողության տակ: Դեպքի ժամանակ երեք զինծառայողներից երկուսը եղել են անզեն և սպանվել են այն պահին, երբ չեն գտնվել ակտիվ զինվորական ծառայության մեջ, իսկ երրորդը սպանվել է իր դիրքում ինքնապաշտպանություն իրականացնելիս: Պրն Գուրբանովի դիակը, ինչպես և երեք հայ զինծառայողների դիակները հայտնաբերվել են Հայաստանի տարածքում:
47. Գործի փաստական հիմքը բացատրելու նպատակով պատասխանող Կառավարության առաջարկած սցենարները, որոնցով Հայաստանի զինված ուժերը մեղադրվել են սպանության տեսարանը բեմադրելու և սեփական զինծառայողներին սպանելու մեջ (տե՛ս վերևում՝ 41-րդ և 43-րդ պարբերությունները), արժանահավատ չեն եղել և խիստ վիրավորական են եղել: Ավելին, Ադրբեջանի կողմից իրականացված քրեական գործով քննության ընթացքում չի կատարվել դեպքի վայրի որևէ զննություն, ինչն այդ սցենարները թողել է առանց որևէ ապացույցով հիմնավորման։
48. Նույն կերպ դիմումատուները վիճարկել են պատասխանող Կառավարության կողմից ներկայացված տասը վկաների ցուցմունքների իսկությունն ու արժանահավատությունը, քանի որ դրանք կարծես թե մեծ մասամբ բառացիորեն նույնական են եղել, նույնիսկ ունեցել են քերականական նույն կառուցվածքն ու նախադասությունների հաջորդականությունը, նույն մանրամասներով և արտահայտություններով, որոնցով նկարագրվել է, թե ինչ են ենթադրաբար տեսել վկաները, և այս ամենը ցույց է տալիս, որ ցուցմունքները փաստացի պատճենվել են մեկը մյուսից։ Բացի այդ, ցուցմունքների անգլերեն թարգմանությունների որոշ պարբերություններ բացակայել են ադրբեջաներեն բնօրինակ տեքստում։ Այդ կասկածելի ապացույցները Դատարանը չէր կարող օգտագործել գործը քննելիս:
49. Եվ հակառակը, Հայաստանի կողմից իրականացված քրեական գործով քննությունը լայնածավալ ապացույցների համակցության հիման վրա (տե՛ս վերևում՝ 10-17-րդ պարբերությունները) պարզել է, որ հայ զինծառայողները կրակոցից սպանվել են Հայաստանի տարածքում, ադրբեջանցի զինծառայողին պատկանող ատրճանակ-գնդացրով, ընդ որում, մարմինների դիրքն ու դատական փորձաքննության արդյունքները բավարար են եղել ցույց տալու համար, թե կոնկրետ որտեղ են արձակվել կրակոցները, և այնուհետև վրա է հասել մահը։
50. Հետևաբար դիմումատուները պնդել են, որ ենթադրյալ խախտումներն Ադրբեջանի՝ 1-ին հոդվածով սահմանված արտատարածքային իրավազորության ներքո են:
3. Հայաստանի կառավարությունը՝ ներգրավված երրորդ կողմ
51. Հայաստանի կառավարությունը լիովին համամիտ էր դիմումատուների՝ հարցի վերաբերյալ դիրքորոշման հետ։ Այն ընդգծել է, որ տվյալ պետության տարածքից դուրս գործող պետական գործակալների կողմից ուժի գործադրումը կարող է հանգեցնել նրան, որ անձը հայտնվի այդ պետության իշխանությունների վերահսկողության և հետևաբար այդ պետության իրավազորության ներքո՝ Կոնվենցիայի 1-ին հոդվածի իմաստով (մեջբերել է Ալ–Սկեինին և այլք ընդդեմ Միացյալ Թագավորության [ՄՊ] [Al‑Skeini and Others v. the United Kingdom[GC] ], թիվ 55721/07, § 136, ՄԻԵԴ 2011)։
52. Այդ կապակցությամբ նրանք նշել են, որ պատասխանող պետության ենթադրությունները 2016 թվականի դեկտեմբերի 29-ի առավոտյան տեղի ունեցած դեպքերի զարգացման վերաբերյալ եղել են անհեթեթ և որևէ ապացույցով չհիմնավորված: Պրն Գուրբանովի մարմնի վրա չի եղել պայքարի որևէ հետք, որը կարող էր առաջանալ անձին առևանգելու և անխուսափելիորեն որոշակի դիմադրություն ցուցաբերելու դեպքում, չի հայտնաբերվել հայկական զորախմբի կողմից ենթադրյալ սահմանային ներխուժման որևէ հետք, և հայ զինծառայողները սպանվել են շատ մոտ տարածությունից, ինչն ավելի հավանական է դարձնում այն փաստը, որ փոխհրաձգությունը տեղի է ունեցել Հայաստանի տարածքում, որտեղ հայտնաբերվել էին բոլոր չորս մարմինները:
53. Հետևաբար Հայաստանի կառավարությունը պնդել է, որ ապացուցման բեռը, որ սույն գործի փաստերն իրականում չեն գտնվում Ադրբեջանի իրավազորության ներքո, կրում է պատասխանող Կառավարությունը:
54. Այնուամենայնիվ, Ադրբեջանի իշխանությունների կողմից իրականացված քննությունը եղել է անարդյունավետ, և այդ քննության ընթացքում ներկայացված ապացույցները եղել են ոչ արժանահավատ, եթե ոչ՝ կեղծ, ինչպես օրինակ՝ վկաներից վերցված ցուցմունքների դեպքում, քանի որ դրանք պարունակել են բազմաթիվ պարբերություններ, որոնք բառ առ բառ կրկնել են միմյանց: Այդ ապացույցները բավարար չեն եղել Հայաստանի կողմից իրականացված քննության այն արդյունքները հերքելու համար, համաձայն որոնց՝ հայ զինծառայողների սպանությունը կատարվել է զինծառայող պրն Գուրբանովի կողմից, որը գործել է որպես Ադրբեջանի պետական գործակալ: Դա նաև հիմնավորվել է այն փաստով, որ պրն Գուրբանովին հետմահու շնորհվել է Ադրբեջանի ազգային հերոսի կոչում, ինչը վկայում է այն մասին, որ նրա գործողությունները հովանավորվել և խրախուսվել են Ադրբեջանի իշխանությունների կողմից, և հետևաբար Ադրբեջանի իշխանությունների համար առաջանում է պատասխանատվություն՝ Կոնվենցիայի 1-ին հոդվածի նպատակներով։
Բ. Դատարանի գնահատականը
55. Կոնվենցիայի 1-ին հոդվածն ունի հետևյալ բովանդակությունը.
«Բարձր պայմանավորվող կողմերն իրենց իրավազորության ներքո գտնվող յուրաքանչյուրի համար ապահովում են այն իրավունքներն ու ազատությունները, որոնք սահմանված են Կոնվենցիայի I բաժնում»:
56. Դատարանը ցանկանում է սկսել՝ նշելով, որ համապատասխան դեպքերը տեղի են ունեցել ոչ թե բռնազավթված տարածքում, այլ առնչվել են Հայաստանի և Ադրբեջանի պետությունների միջև սահմանը հատելու միջոցով ներխուժմանը և այնուհետև դիմումատուների ազգականների սպանությանը, որը ենթադրաբար կատարվել է Ադրբեջանի պետական գործակալ զինծառայող պրն Գուրբանովի կողմից: Գործով փաստերը բարձրացնում են Ադրբեջանի արտատարածքային իրավազորության հարցը։
57. Իրավազորության իրականացումը Պայմանավորվող պետության համար անհրաժեշտ պայման է պատասխանատվության ենթարկվելու համար դրան վերագրվող այն գործողությունների կամ անգործության համար, որոնք հանգեցնում են Կոնվենցիայով սահմանված իրավունքների և ազատությունների խախտման հետ կապված պնդմանը։ Չնայած պետության՝ 1-ին հոդվածով սահմանված իրավազորությունն առաջնայնորեն կրում է տարածքային բնույթ, Դատարանն իր նախադեպային իրավունքում ճանաչել է մի շարք բացառիկ հանգամանքներ, որոնք կարող են հիմք հանդիսանալ, որ Պայմանավորվող պետությունն իրականացնի իրավազորությունն իր իսկ տարածքային սահմաններից դուրս։ Յուրաքանչյուր գործում այն հարցը, թե արդյոք առկա են բացառիկ հանգամանքներ, որոնք պահանջում և արդարացնում են Դատարանի եզրահանգում առ այն, որ պետությունն իրավազորությունն իրականացրել է արտատարածքային եղանակով, պետք է որոշվի՝ հաշվի առնելով կոնկրետ փաստերը (տե՛ս Կարտերի գործը՝ վերևում հիշատակված, § 124)։
58. Արտատարածքային իրավազորության իրականացումը կարգավորող երկու հիմնական չափորոշիչներն են պետության կողմից իր տարածքից դուրս գտնվող տարածքի նկատմամբ «արդյունավետ վերահսկողության» իրականացումը (իրավազորության տարածական մոտեցում) և «պետական իշխանական գործառույթների և վերահսկողության իրականացումը» անհատների նկատմամբ (իրավազորության անձնական մոտեցում) (տե՛ս Ալ-Սկեինին և այլք ընդդեմ Միացյալ Թագավորության՝ վերևում հիշատակված, §§ 133-40, և Վրաստանն ընդդեմ Ռուսաստանի (II) [ՄՊ] [Georgia v. Russia (II) [GC]], թիվ 38263/08, §§ 115, 2021 թվականի հունվարի 21)։ Սույն գործով վերաբերելի է այս չափորոշիչներից երկրորդը։
59. Ավելին, ինչ վերաբերում է պետության իրավազորության սահմաններից դուրս առաջացած մահվան դեպքը քննելու դատավարական պարտավորությանը, ապա Դատարանը վերջերս ամփոփել է համապատասխան սկզբունքները Մակուչյանի և Մինասյանի գործում (վերևում հիշատակված, § 48, մեջբերելով Գյուզելյուրթլուն և այլք ընդդեմ Կիպրոսի և Թուրքիայի [ՄՊ] [Güzelyurtlu and Others v. Cyprus and Turkey [GC]], թիվ 36925/07, §§ 178-90, 2019 թվականի հունվարի 29), որտեղ այն մասնավորապես նշել է.
«[Ե]թե Պայմանավորվող պետությունում իր իրավազորության սահմաններից դուրս տեղի ունեցած մահվան դեպքի առնչությամբ իր ներպետական օրենսդրության համաձայն քննություն չի սկսվել, կամ վարույթ չի հարուցվել, ապա Դատարանը պետք է որոշի, թե արդյոք որևէ դեպքում կարող է հաստատվել իրավազորության մասով կապ, որպեսզի 2-րդ հոդվածով սահմանված դատավարական պարտավորությունն սկսի գործել այդ պետության նկատմամբ: Թեև 2-րդ հոդվածով սահմանված դատավարական պարտավորությունը սկզբունքորեն առաջանում է միայն այն Պայմանավորվող պետության նկատմամբ, որի իրավազորության ներքո պետք է հայտնաբերվեր հանգուցյալը մահվան պահին, տվյալ գործի «առանձնահատկությունները» կարդարացնեն այս մոտեցումից շեղումը՝ Ռանցևի գործով մշակված սկզբունքներին համապատասխան, §§ 243-44։ Այնուամենայնիվ, Դատարանը չի համարում, որ այն պետք է in abstracto (վերացական ձևով) սահմանի, թե որ «առանձնահատկություններն» են պայմանավորում իրավազորության առումով կապի առկայությունը 2-րդ հոդվածի համաձայն քննություն իրականացնելու դատավարական պարտավորության առնչությամբ, քանի որ այդ հատկություններն անպայմանորեն կախված կլինեն յուրաքանչյուր գործի կոնկրետ հանգամանքներից և կարող են զգալիորեն տարբերվել տարբեր գործերի դեպքում»:
60. Ելնելով վերոգրյալից և հաշվի առնելով դիմումատուների՝ սույն գործով ձևակերպված բողոքները պատասխանող պետության դեմ՝ Դատարանը համարում է, որ իրավազորության հարցը, որը սերտորեն կապված է տվյալ արարքները պատասխանող պետությանը վերագրելու հարցի հետ, պետք է պարզվի ի սկզբանե քննելով հետևյալ տարրերը. նախ՝ թե արդյոք մահացու կրակոցներն իսկապես արձակվել են պրն Գուրբանովի կողմից, ինչպես պնդում են դիմումատուները, և եթե այո, ապա երկրորդ՝ թե արդյոք տվյալ պահին բոլոր երեք զոհերը գտնվել են իր իշխանության և վերահսկողության ներքո (իրավազորության անձնական մոտեցում), և վերջապես, թե արդյոք նա այդ կրակոցների ժամանակ գործել է որպես Ադրբեջանի պետական գործակալ: Այդ տարրերը հաստատվելու դեպքում Դատարանը կարող է պատշաճ կերպով շարունակել համարել, որ եթե այն ունի իրավազորություն 2-րդ հոդվածի նյութաիրավական հայեցակետի շրջանակներում, ապա դա ենթադրում է իրավազորություն դատավարական հայեցակետի շրջանակներում ևս (տե՛ս Գյուզելյուրթլուն և այլք գործը՝ վերևում հիշատակված, § 188, և Վրաստանն ընդդեմ Ռուսաստանի (II) գործը՝ վերևում հիշատակված, §§ 328-30)։
61. Այդ հարցերը փոխկապակցված են դիմումատուների պնդումների էության հետ և կքննարկվեն փոխկապակցված բողոքներին զուգահեռ (տե՛ս, mutatis mutandis, Ռազվոզժաևն ընդդեմ Ռուսաստանի և Ուկրաինայի [Razvozzhayev v. Russia and Ukraine] և Ուդալցովն ընդդեմ Ռուսաստանի [Udaltsov v. Russia], թիվ 75734/12 և 2 այլ գործեր, § 161, 2019 թվականի նոյեմբերի 19, և Մակուչյանի և Մինասյանի գործը՝ վերևում հիշատակված, § 52)։
62. Այնքանով, որքանով դիմումատուների կողմից Կոնվենցիայի 13-րդ և 14-րդ հոդվածների համաձայն ներկայացված բողոքները սերտորեն կապված են վերոգրյալի հետ, իրավազորության հարցի վերաբերյալ համապատասխան եզրակացության վրա կազդեն նաև Կոնվենցիայի 2-րդ հոդվածի համաձայն այդ մասով Դատարանի եզրահանգումները:
IV. Վեց ամիսԸ
63. Պատասխանող Կառավարությունը պնդել է, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ դիմումատուները համարել են, որ իրենց ազգականների սպանության մասով հասանելի չեն իրավական պաշտպանության արդյունավետ միջոցներ, նրանք պետք է 2016 թվականի դեկտեմբերի 29-ին տեղի ունեցած մահվան դեպքերից հետո վեց ամսվա ընթացքում դիմած լինեին Դատարան: Այնուամենայնիվ, Դատարանը գանգատներն ստացել է 2017 թվականի հուլիսի 11-ին, այսինքն՝ վեցամսյա ժամկետը լրանալուց հետո:
64. Դիմումատուները նշել են, որ իրենք գանգատները փոստով ուղարկել են ժամանակին, մասնավորապես՝ 2017 թվականի հունիսի 29-ին:
65. Ուսումնասիրելով դիմումատուների կողմից ներկայացված նյութերը՝ Դատարանը նշում է, որ նրանց համապատասխան գանգատների ձևաթղթերը պարունակող ծրարների վրա առկա է Հայաստանի Երևան քաղաքի փոստային բաժանմունքի դրոշմակնիք՝ թվագրված 2017 թվականի հունիսի 29-ով: Հարցի վերաբերյալ իր երկարամյա նախադեպային իրավունքի համաձայն (տե՛ս, ի թիվս շատ այլ վճիռների, Վասիլիաուսկասն ընդդեմ Լիտվայի [ՄՊ] [Vasiliauskas v. Lithuania [GC]], թիվ 35343/05, § 117, ՄԻԵԴ 2015)՝ Դատարանը փոստային դրոշմակնիքի վրա դրված ամսաթիվը համարում է գանգատների ներկայացման ամսաթիվը՝ չնայած այն հանգամանքին, որ Դատարանի քարտուղարությունը կարող է դրանք ստանալ ավելի ուշ (տե՛ս վերևում՝ 63-րդ պարբերությունը): Հետևաբար գանգատները ներկայացվել են Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված ժամկետում, և ըստ այդմ, պատասխանող Կառավարության առարկությունը պետք է մերժվի:
V. Իրավական պաշտպանության ներպետական միջոցների սպառումը
Ա. Կողմերի փաստարկները
1. Պատասխանող Կառավարությունը
66. Պատասխանող Կառավարությունը պնդել է, որ դիմումատուներն իրենց ազգականների մահվան վերաբերյալ իրենց բողոքները չեն ուղղել Ադրբեջանի իշխանություններին, որոնք կարող էին այդ փաստի առթիվ սկսել քրեական գործով քննություն՝ իրենց ազգային քրեական դատավարության օրենսգրքի դրույթներին համապատասխան, որով, ի թիվս այլնի, հանցավոր արարքից տուժողների համար նախատեսվում էր քննությանն ակտիվորեն մասնակցելու և ներգրավվելու իրավունք։
67. Ադրբեջանի կողմից իրականացված քրեական գործով քննությամբ նաև պարզվել է, որ Հայաստանի զինված ուժերի ծառայողները հարձակվել են պետական սահմանին մոտ գտնվող ադրբեջանական մարտական դիրքի վրա, և դիմումատուները հակառակն ապացուցող ցանկացած ապացույց պետք է ներկայացրած լինեին Ադրբեջանի կողմից իրականացված քրեական վարույթին, և այն, որ նրանք դա չեն արել, նշանակել է, որ ազգային մարմինները հնարավորություն չեն ունեցել իրավիճակը կարգավորելու իրենց սեփական իրավական համակարգի միջոցով։
68. Եվ վերջապես, պատասխանող Կառավարությունը հերքել է որևէ այնպիսի գործելակերպի առկայությունը, որը խոչընդոտում է Հայաստանի քաղաքացիների կողմից հեռախոսով կամ համացանցով քրեական գործով քննությանը ներգրավված համապատասխան ազգային մարմինների հետ կապ հաստատելը. անշուշտ, դիմումատուներն այս մասով չեն հիմնավորել իրենց պնդումները (տե՛ս ստորև՝ 70-րդ պարբերությունը)։
2. Դիմումատուները
69. Դիմումատուները նշել են, որ Ադրբեջանում իրենց հասանելի չեն եղել իրավական պաշտպանության արդյունավետ միջոցներ։ Նրանք հղում են կատարել Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի [Sargsyan v. Azerbaijan գործով Դատարանի կողմից արված եզրակացություններին ([ՄՊ], թիվ 40167/06, §§ 117 և 119, ՄԻԵԴ 2015)։
70. Բացի այդ, Լեռնային Ղարաբաղի չկարգավորված հակամարտության պատճառով Ադրբեջանում իրավական պաշտպանության որևէ հնարավոր միջոցից օգտվելու կամ դրան մասնակցելու հայերի փորձերի առումով եղել են դիվանագիտական և գործնական բնույթի խոչընդոտներ (բացակայել են փոստային ծառայությունները, Հայաստանի քաղաքացիների համար հասանելի չեն եղել փաստաբանների պալատի կամ քրեական գործերով քննչական մարմինների համապատասխան կայքէջերը, և հնարավոր չի եղել հեռախոսազանգեր կատարել Հայաստանից դեպի Ադրբեջան)։
3. Հայաստանի կառավարությունը՝ ներգրավված երրորդ կողմ
71. Հայաստանի կառավարությունը նաև հղում է կատարել Սարգսյանի գործին (վերևում հիշատակված) և պնդել, որ երկու երկրների միջև Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտության համատեքստում Հայաստանի քաղաքացիների համար Ադրբեջանում դժվար է եղել ստանալ մատչելիություն իրավական պաշտպանության միջոցներին: Սարգսյանի գործով Դատարանի վճիռը կայացվելուց հետո ոչինչ չէր փոխվել։ Բացի այդ, պատասխանող պետությունը չի մատնանշել որևէ կոնկրետ ներպետական դրույթ, որի վրա դիմումատուները պետք է հիմնվեին իրենց բողոքները քննելու պահանջը ներկայացնելիս: Հետևաբար Ադրբեջանը չի կատարել դիմումատուների համար իրավական պաշտպանության այնպիսի միջոցի հասանելիությունն ապացուցելու բեռը, որով հնարավոր կլիներ Կոնվենցիայի համաձայն ներկայացված իրենց բողոքների մասով փոխհատուցում տրամադրել և հաջողության հասնելու ողջամիտ հեռանկարներ ապահովել:
Բ. Դատարանի գնահատականը
72. Սույն գործով դիմումատուներին հասանելի իրավական պաշտպանության ներպետական միջոցների արդյունավետության վերաբերյալ պատասխանող պետության փաստարկները գնահատելիս Դատարանը կանդրադառնա Սարիբեկյանը և Բալյանն ընդդեմ Ադրբեջանի [Saribekyan and Balyan v. Azerbaijan] գործում (թիվ 35746/11, §§ 45-48, 2020 թվականի հունվարի 30) նշված իր սկզբունքային բնույթի եզրահանգումներին: Այդ գործում Դատարանը հղում է կատարել Մեծ Պալատի կողմից քննված Սարգսյանի գործին (վերևում հիշատակված, § 117) և ևս մեկ անգամ հաստատել է, որ հայաստանցի կամ ադրբեջանցի անձը զգալի գործնական դժվարություններ կունենար մյուս երկրում դատական վարույթ հարուցելու և իրականացնելու հարցում. ավելին, պատասխանող Կառավարությունը չի ներկայացրել ներպետական գործի կամ իրավական պաշտպանության միջոցի որևէ օրինակ, որը ցույց կտար, որ դիմումատուների իրավիճակում հայտնված անձինք կարողացել են փոխհատուցում պահանջել Հայաստանի իշխանությունների միջոցով:
73. Նույն կերպ սույն գործով Դատարանը համարում է, որ արդարադատության իրականացման համակարգի պատշաճ գործունեության գործնական խոչընդոտները պետք է դիտարկվեն որպես էական գործոն հակամարտության մեջ ներգրավված երկրներից ցանկացածի քաղաքացիների կողմից իրենց բողոքները մյուս երկրի իշխանություններին ներկայացնելու հնարավոր փորձերի համար՝ չնայած երկու կողմերի ներպետական մարմինների հնարավոր բարի կամքի դրսևորմանը:
74. Ավելին, պատասխանող Կառավարությունը չի ներկայացրել որևէ կոնկրետ օրինակ, որը կարող է ցույց տալ, թե ինչպես են Քրեական դատավարության օրենսգրքում շարադրված ընդհանուր բնույթի ներպետական դրույթները հանդիսանում իրավական պաշտպանության այնպիսի միջոց, որը դիմումատուների կողմից պետք է օգտագործվեր Ադրբեջանի իշխանությունների առջև իրավական պաշտպանության միջոցների սպառման նպատակով՝ կապված իրենց ազգականների մահվան դեպքերի անհրաժեշտ քննության վերաբերյալ իրենց կոնկրետ բողոքների հետ:
75. Հետևաբար Դատարանը համարում է, որ իրավական պաշտպանության ներպետական միջոցների սպառման վերաբերյալ պատասխանող Կառավարության առարկությունը (տե՛ս վերևում՝ 66-րդ պարբերությունը) պետք է մերժվի (տե՛ս, mutatis mutandis, Սարիբեկյանի և Բալյանի գործը՝ վերևում հիշատակված, § 48):
VI. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 2-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ
76. Դիմումատուները բողոքել են այն մասին, որ պրն Գուրբանովը, գործելով որպես Ադրբեջանի իշխանությունների գործակալ, ապօրինաբար կյանքից զրկել է իրենց ազգականներին՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդ ժամանակ ընթացքի մեջ զինված հակամարտություն չի եղել, և հետևաբար նրանց մահը «բացարձակապես անհրաժեշտ» ուժի գործադրման հետևանք չի եղել, և որ պատասխանող պետությունը չի իրականացրել սպանությունների արդյունավետ քննություն: Դիմումատուները հիմնվել են Կոնվենցիայի 2–րդ հոդվածի վրա, որն ունի հետևյալ բովանդակությունը.
«1. Յուրաքանչյուրի կյանքի իրավունքը պաշտպանվում է օրենքով: Ոչ մեկին չի կարելի դիտավորությամբ զրկել կյանքից այլ կերպ, քան ի կատարումն դատարանի կայացրած դատավճռի` այն հանցագործության համար, որի կապակցությամբ օրենքով նախատեսված է այդ պատիժը:
2. Կյանքից զրկելը չի համարվում սույն հոդվածի խախտում, եթե այն հետևանք է ուժի գործադրման, ինչը բացարձակապես անհրաժեշտ է՝
ա) ցանկացած անձի անօրինական բռնությունից պաշտպանելու համար,
բ) օրինական ձերբակալում իրականացնելու կամ օրինական հիմքերով կալանավորված անձի փախուստը կանխելու համար,
գ) խռովությունը կամ ապստամբությունը ճնշելու նպատակով օրենքին համապատասխան գործողություն ձեռնարկելու համար»։
Ա. Կողմերի փաստարկները
1. Պատասխանող Կառավարությունը
77. Պատասխանող Կառավարությունը պնդել է, որ հայ զինծառայողների սպանությունը տեղի է ունեցել պետական սահմանին զինված հակամարտության թեժ պահին: Իսկապես, Հայաստանի իշխանություններն այդ դեպքերի ժամանակ իրենք են հայտարարել, որ «Հայաստանի զինված ուժերը մարտեր են վարել Ադրբեջանի զինված ուժերի հետ, վարվել է դիպուկահար և ականանետային կրակ»3:
78. Բացի այդ, զինված միջադեպը հրահրվել է Հայաստանի զինված ուժերի կողմից, որոնք ռազմական խումբ են ուղարկել ադրբեջանական մարտական հենակետի վրա հարձակվելու համար՝ սպանելով զինծառայող պրն Գուրբանովին և հետագայում պահելով նրա մարմինը գրեթե քառասուն օր՝ նախքան այն ընտանիքին վերադարձնելը:
79. Եվ վերջապես, պատասխանող Կառավարությունը նշել է, որ դիմումատուների պնդումները մեծապես հիմնված են եղել Հայաստանի իշխանությունների կողմից ներկայացված քննչական նյութերի վրա: Այնուամենայնիվ, պատասխանող պետությանը երբևէ հասանելի չեն եղել այդ նյութերը, կամ այն հնարավորություն չի ունեցել վիճարկել այդ ապացույցների ճշմարտացիությունը կամ արժանահավատությունը:
2. Դիմումատուները
80. Դիմումատուները պնդել են, որ իրենց ազգական երեք զինծառայողների սպանության մեջ բացակայել է «բացարձակ անհրաժեշտության» տարրը, որը Կոնվենցիայի 2-րդ հոդվածով սահմանված որոշ հանգամանքներում արդարացնում է կյանքից զրկելը։
81. Նախ, ընդհանուր առմամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև համապատասխան ժամանակահատվածում չի եղել զինված հակամարտություն, թեև փոխհրաձգությունը սրվելու դեպքում կարող էր հանգեցնել զինված հակամարտության։
82. Երկրորդ, այն հատուկ հանգամանքները, որոնցում առաջացել է այդ երեք զինծառայողների մահը, վկայել են այն մասին, որ դիմումատուների ազգականների նկատմամբ ուժի գործադրումը, որը հանգեցրել է նրանց մահվան, չի եղել «բացարձակապես անհրաժեշտ» այդ հանգամանքներում: Մասնավորապես պրն Նարայանը և պրն Աբովյանը սպանվել են, երբ նրանք գտնվել են զորամասից դուրս՝ իրենց զինվորական ծառայության հետ կապ չունեցող պատճառներով, չեն եղել զինված և չեն կրել զինվորական համազգեստ, իսկ պրն Մելիքյանը սպանվել է փոխհրաձգության ժամանակ, երբ փորձել է պաշտպանել այն երկու զինծառայողներին, որոնք արդեն սպանված են եղել մի զինծառայողի կողմից, որը հետագայում նույնականացվել է որպես պրն Գուրբանով:
83. Եվ վերջապես, դիմումատուները պնդել են, որ Ադրբեջանի իշխանությունները նույնիսկ չեն փորձել պատշաճ կերպով քննել իրենց ազգականների մահվան հանգամանքները։
3. Հայաստանի կառավարությունը՝ ներգրավված երրորդ կողմ
84. Հայաստանի կառավարությունը պնդել է, որ սույն գործում ադրբեջանական դիվերսանտները, որոնք խաղաղ ժամանակ գործել են Ադրբեջանի անունից, իրենց վերադասների հրամանով ապօրինաբար հատել են Հայաստանի սահմանը և հարձակվել են չզինված հայ զինծառայողների վրա: Այսպիսով, սույն գործում չի պահպանվել բացարձակ անհրաժեշտության չափանիշի պահանջը:
85. Ավելին, պատասխանող Կառավարության փաստարկները չեն հիմնավորվել քրեական գործով քննության ընթացքում ներկայացված ապացույցներով, որը, ինչպես պնդել են Ադրբեջանի իշխանությունները, իրականացվել է, և որը բոլոր դեպքերում արդյունավետ չի եղել:
Բ. Դատարանի գնահատականը
1. Կոնվենցիայի 2-րդ հոդվածով սահմանված նյութաիրավական պարտավորությունը
86. Ինչպես արդեն նշվել է վերևում (57-58-րդ պարբերություններում), իրավազորության անձնական մոտեցմանը վերաբերող դեպքերում պետությունը կարող է նաև պատասխանատվության ենթարկվել այն անձանց կոնվենցիոն իրավունքների և ազատությունների խախտման համար, որոնք մեկ այլ պետության տարածքում են, սակայն, ինչպես պարզվել է, օրինական կամ ապօրինի կերպով գտնվում են նախորդ պետության իշխանության և վերահսկողության ներքո՝ այդ երկրում գործող իր գործակալների միջոցով (տե՛ս Օկալանն ընդդեմ Թուրքիայի [ՄՊ][Öcalan v. Turkey [GC]], թիվ 46221/99, § 91, ՄԻԵԴ 2005-IV, և Իսսան և այլք ընդդեմ Թուրքիայի [Issa and Others v. Turkey], թիվ 31821/96, § 71, 2004 թվականի նոյեմբերի 16)։ Այս մոտեցումը ներառում է նաև մեկուսի և կոնկրետ բռնարարքներ, որոնք պարունակում են մոտ լինելու տարրեր (տե՛ս Ուկրաինան և Նիդեռլանդներն ընդդեմ Ռուսաստանի (որոշում) [ՄՊ] [Ukraine and the Netherlands v. Russia (dec.) [GC]], թիվ 8019/16 և 2 այլ գործեր, § 570, 2022 թվականի նոյեմբերի 30) և կիրառվել է մի շարք գործերում, այդ թվում՝ Իսահակը և այլք ընդդեմ Թուրքիայի (որոշում) [Isaak and Others v. Turkey] գործում, թիվ 44587/98, 2006 թվականի սեպտեմբերի 28), Պադը և այլք ընդդեմ Թուրքիայի (որոշում) [Pad and Others v. Turkey (dec.)], թիվ 60167/00, 2007 թվականի հունիսի 28), Էնդրիուն ընդդեմ Թուրքիայի [Andreou v. Turkey (dec.)], թիվ 45653/99, 2008 թվականի հունիսի 3) և Սոլոմուն և այլք ընդդեմ Թուրքիայի [Solomou and Others v. Turkey] (թիվ 36832/97, §§ 48-51, 2008 թվականի հունիսի 24)։ Այդ գործերում պատասխանող պետության զինված ուժերի կամ ոստիկանության կողմից անձանց նկատմամբ ներխուժումների պատճառով վերահսկողությունը և կոնկրետ անձանց թիրախավորումը բավարար է եղել այդ անձանց «իր գործակալների միջոցով պատասխանող պետության հսկողության և (կամ) արդյունավետ վերահսկողության ներքո առնելու համար» (տե՛ս Կարտերի գործը՝ վերևում հիշատակված, § 127)։
87. Անդրադառնալով սույն գործին, հաշվի առնելով այն փաստը, որ ադրբեջանցի զինծառայողի կողմից ենթադրաբար սպանված՝ դիմումատուների ազգականների մարմինները հայտնաբերվել են Հայաստանի տարածքում, Դատարանին մնում է պարզել, թե արդյոք Ադրբեջանը կարող է պատասխանատվության ենթարկվել դիմումատուների ազգականների կյանքի իրավունքի ենթադրյալ խախտման համար՝ իրավազորության անձնական մոտեցմանը համապատասխան, եթե պարզվի, որ դա կիրառելի է՝ հաշվի առնելով գործի հանգամանքները (տե՛ս նաև վերևում՝ 60-րդ պարբերությունը):
88. Վերևում՝ 58-րդ և 86-րդ պարբերություններում, ամփոփ ներկայացված Դատարանի նախադեպային իրավունքը հաշվի առնելով, և ինչպես արդեն նշվել է վերևում՝ 60-րդ պարբերությունում, սույն գործով իրավազորության հարցը կախված է հետևյալ երկու փոխկապակցված հարցերի պատասխաններից՝ i) արդյոք սպանությունը կարող է հավասարեցվել ֆիզիկական ուժի գործադրմանը և ուղիղ հարձակման պայմաններում մարդկանց նկատմամբ վերահսկողության իրականացումը, և ii) արդյոք սպանությունները կատարվել են մի անձի կողմից, որը հանդիսացել է պետության գործակալ: Դատարանը կհաստատի փաստերը՝ ելնելով գործի նյութերում առկա ապացույցներից (տե՛ս Կարտերի գործը՝ վերևում հիշատակված, § 150)։
ա) Փաստերի հաստատումը
89. Դատարանը նախևառաջ վերահաստատում է, որ կյանքի իրավունքի ենթադրյալ խախտմանը վերաբերող գործերով ապացույցները գնահատելիս այն որդեգրել է «ողջամիտ կասկածից վեր» ապացուցման չափանիշը: Դատարանի կողմից քննվող վարույթների դեպքում ապացույցների գնահատման համար կանխորոշված բանաձևեր գոյություն չունեն: Այն ընդունում է այնպիսի եզրակացություններ, որոնք իր կարծիքով հիմնավորվում են բոլոր ապացույցների, այդ թվում՝ փաստերի կամ կողմերի կողմից ներկայացվող փաստարկների արդյունքում առաջ եկած եզրահանգումների անկախ գնահատմամբ (տե՛ս, ի թիվս շատ այլ վճիռների, Կարտերի գործը՝ վերևում հիշատակված, § 151)։
90. Բացի այդ, կողմերի վարքագիծը դատարանի կողմից ապացույցներ ձեռք բերելու ջանքերի նկատմամբ ևս կարող է լինել այնպիսի տարր, որն անհրաժեշտ է հաշվի առնել (տե՛ս Իլաշկուն և այլք ընդդեմ Մոլդովայի և Ռուսաստանի [ՄՊ][ Ilaşcu and Others v. Moldova and Russia [GC]], թիվ 48787/99, § 26, ՄԻԵԴ 2004-VII)։ Այս կապակցությամբ Դատարանը վճռել է, որ բոլոր այն դեպքերում, երբ պետությունը պետական մարմիններին օբյեկտիվորեն վերագրվող պատճառներով չի կարող պարզել գործի ճշգրիտ հանգամանքները, պատասխանող Կառավարության խնդիրն է բավարար և համոզիչ կերպով բացատրել դեպքերի հաջորդականությունը և ներկայացնել ծանրակշիռ ապացույցներ, որոնք կարող են հերքել դիմումատուի պնդումները (տե՛ս Տագաևան և այլք ընդդեմ Ռուսաստանի [Tagayeva and Others v. Russia], թիվ 26562/07 և 6 այլ գործեր, § 586, 2017 թվականի ապրիլի 13)։
91. Դատարանը գտել է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 2-րդ հոդվածի խախտում, երբ ներկայացվել են prima facie ապացույցներ այն մասին, որ անձը սպանվել է պետական գործակալի կողմից, և որ Կառավարությունը դեպքերի վերաբերյալ չի ներկայացրել որևէ այլ բավարար և համոզիչ բացատրություն: Դատարանը նաև գտել է, որ կարող է հետևություններ անել՝ ելնելով քննության վերաբերյալ փաստաթղթերի նկատմամբ Կառավարության վարքագծից (տե՛ս, օրինակ, Խաշիևի և Ակաևայի գործը՝ վերևում հիշատակված, § 139, և վերևում՝ 34-րդ պարբերությունը)։
92. Սույն գործով, թեև կողմերը վիճարկում են դիմումատուների ազգականների մահվան հանգամանքները, ուղղակիորեն կամ անուղղակիորեն անվիճելի է այն հանգամանքը, որ նրանք մահացել են հրազենային վնասվածքներից, և որ մահացու կրակոցներն արձակվել են պրն Գուրբանովի հրացանից (տե՛ս վերևում՝ 14-րդ պարբերությունը), և որ բոլոր մարմինները, այդ թվում՝ պրն Գուրբանովի մարմինը, հայտնաբերվել են Հայաստանի տարածքում՝ Բիթլիսի մարտական դիրքից ոչ հեռու (տե՛ս վերևում՝ 13-րդ պարբերությունը)։
93. Ինչ վերաբերում է հայ զինծառայողների վրա կրակած հնարավոր անձի ինքնությունը պարզելուն, ապա Դատարանն ի գիտություն է ընդունում փաստերի վերաբերյալ կողմերի հակասական վարկածները և, որն ամենակարևորն է, նրանց համապատասխան պնդումների օգտին ներկայացված ապացույցները:
94. Այսպիսով, մի կողմից դիմումատուների պնդումներն այն մասին, որ իրենց ազգականները սպանվել են ադրբեջանցի զինծառայող պրն Գուրբանովի կողմից, որը մտել է Հայաստանի տարածք և հարձակվել հայկական ռազմաբազայի վրա, հիմնվել են 2016 թվականի դեկտեմբերի 29-ի դեպքերի վերաբերյալ Հայաստանի իշխանությունների կողմից իրականացված քրեական գործով քննության արդյունքների վրա, որի ընթացքում ներկայացվել են մի շարք ապացույցներ, որոնք հաստատում են փաստերի իրենց վարկածը: Այդ իշխանությունները եզրակացրել են, որ պրն Նարայանը, պրն Աբովյանը և պրն Մելիքյանը մահացել են հրազենային մահացու վնասվածքներից, ընդ որում, մահացու կրակոցներն արձակվել են պրն Գուրբանովի հրացանից (տե՛ս վերևում՝ 14-րդ և 17-րդ պարբերությունները)։
95. Քանի որ չկան Հայաստանի իշխանությունների կողմից ներպետական մակարդակում իրականացված քննության որակի վերաբերյալ կասկածներ ունենալու ակնհայտ հիմքեր, Դատարանը համարում է, որ չի կարող անտեսել երեք հայ զինծառայողների սպանության հետ կապված այդ քննության արդյունքները բացառապես այն պատճառով, որ պատասխանող պետության իշխանությունները ներգրավված չեն եղել ընթացակարգում: Ըստ այդմ, Դատարանը գտնում է, որ Հայաստանի իշխանությունների կողմից իրականացված քննության արդյունքները պետք է համարվեն արժանահավատ և հետևաբար ընդունվեն որպես ապացույց, թեև ինչպես ցանկացած այլ ապացույց, դրանք կարող են հերքվել հակառակ կողմի կողմից ներկայացված ծանրակշիռ և համոզիչ ապացույցներով (տե՛ս Կարտերի գործը՝ վերևում հիշատակված, § 110): Նույն կերպ դիմումատուների պնդումներն այն մասին, որ իրենց ազգականները սպանվել են պրն Գուրբանովի կողմից արձակված կրակոցներից, կհամարվեն ճշգրիտ, քանի դեռ գործի նյութերում առկա այլ ապացույցներ չեն հանգեցնի այլ եզրակացության:
96. Այդ կապակցությամբ Ադրբեջանի իշխանություններն առաջ են քաշել երկու սցենար այն մասին, թե ինչպես կարող էին զարգանալ պրն Գուրբանովի մահվան հետ կապված դեպքերը՝ մի կողմից, և պրն Նարայանի, պրն Աբովյանի և պրն Մելիքյանի մահվան հետ կապված դեպքերը՝ մյուս կողմից. երկու սցենարներն էլ հակասում են դիմումատուների փաստերի վարկածին։
97. Պատասխանող պետության կողմից առաջարկված՝ պրն Գուրբանովի մահվան հանգամանքները բացատրող սցենարի համաձայն՝ հայկական դիվերսանտների խումբը նախ հատել է Ադրբեջանի սահմանը և կրակ բացել, այնուհետև առևանգել է պրն Գուրբանովին և սպանել նրան Հայաստանի տարածքում (տե՛ս վերևում՝ 19-րդ, 24-րդ և 42-րդ պարբերությունները)։
98. Հաշվի առնելով սույն գործով պատասխանող Կառավարության կողմից ներկայացված ապացույցները, որոնք սկզբունքորեն չեն ներառել տեղում կատարված զննության որևէ արձանագրություն (տե՛ս վերևում՝ 20-րդ և 22-րդ պարբերությունները), Դատարանը համարում է, որ այս սցենարը չի համապատասխանում հավաստիության պահանջին, քանի որ բացակայում են համապատասխան փաստերի հիմնավորումները, ինչպես օրինակ՝ այս տարածքում ոտնահետքերի կամ մարմինների տեղափոխման հետքերի առկայությունը կամ, իսկապես, զինվորական անձնակազմի մեծ կամ փոքր խմբի կողմից սահմանը հատելու որևէ իրեղեն ապացույց: Ավելին, ՀՀ քննչական մարմինների կողմից չեզոք փորձագետ-դիտորդի մասնակցությամբ կազմված դատական փորձաքննության եզրակացությունների համաձայն (տե՛ս վերևում՝ 15-16-րդ պարբերությունները)՝ պրն Գուրբանովի մարմնի վրա չեն հայտնաբերվել բռնության, մարմինը քարշ տալու կամ որևէ ֆիզիկական ուժ գործադրելու հետքեր, որոնք կարող էին հայտնաբերվել այն դեպքում, եթե նրան առևանգեին կամ որևէ այլ կերպ ստիպեին հատել սահմանը և մտնել Հայաստանի տարածք: Վերջապես, ադրբեջանցի վկաների ցուցմունքները, որոնք ներառել են էապես նույնական տարրեր (տե՛ս վերևում՝ 23-րդ և 26-րդ պարբերությունները), հաճախ եղել են պարզապես պնդումներ կամ ենթադրություններ այն մասին, թե ինչ կարող էր տեղի ունեցած լինել, և չեն ընդգրկել հայ դիվերսանտների խմբի կողմից զինծառայողի առևանգման և մարմինների տեղափոխման վերաբերյալ պնդումների ամբողջ շրջանակը. ամեն դեպքում, հաստատող ապացույցների բացակայության պայմաններում դրանք չեն կարող համարվել բավարար համոզիչ (տե՛ս, mutatis mutandis, Բենզերը և այլք ընդդեմ Թուրքիայի [Benzer and Others v. Turkey], թիվ 23502/06, § 168, 2013 թվականի նոյեմբերի 13)։
99. Հետևաբար Դատարանը գտնում է, որ փաստերի այն վարկածը, որի համաձայն մի խումբ հայ զինծառայողներ ներխուժել են Ադրբեջանի տարածք և այնուհետև պրն Գուրբանովին իր կամքին հակառակ տարել Հայաստան, որտեղ սպանել են նրան, չի հաստատվում դեպքերի պատշաճ և համոզիչ բացատրություն համարվող բավարար ապացույցներով, որոնք կարող են հերքել դիմումատուների հակառակի մասին պնդումներն առ այն, որ պրն Գուրբանովն է մտել է Հայաստանի տարածք և հարձակվել հայկական մարտական դիրքի վրա (տե՛ս վերևում՝ 43-րդ պարբերությունը)։
100. Դիմումատուների ազգականների մահվան հանգամանքների վերաբերյալ պատասխանող պետության սցենարի համաձայն՝ Հայաստանի իշխանությունները հավանաբար բեմադրել են դեպքերը և ադրբեջանցի զինծառայողին սպանելուց հետո նրա ատրճանակով սպանել են նաև իրենց սեփական զինծառայողներին:
101. Գործին առնչվող ապացույցների բացակայության պայմաններում Դատարանը չի կարող չընդունել, որ այս բացատրությունը ոչ միայն խիստ սպեկուլյատիվ է, այլև խիստ անհավանական՝ հաշվի առնելով հիմնականում չորս զինծառայողների մահվան իրական հանգամանքները: Իսկապես, Հայաստանի իշխանությունների կողմից իրականացված քննությունը ցույց է տվել, որ 2016 թվականի դեկտեմբերի 29-ի վաղ առավոտյան պրն Գուրբանովի կողմից կատարված անսպասելի հարձակումն անակնկալի է բերել հայկական կողմին. պրն Նարայանն ու պրն Աբովյանը սպանվել են, մեկը՝ զուգարանից օգտվելիս, իսկ երկրորդը՝ ջրի բաքը լցնել փորձելիս, երկուսն էլ եղել են անզեն և քաղաքացիական հագուստով, պրն Մելիքյանը սպանվել է գլխի շրջանում արձակված կրակոցից՝ այն բանից հետո, երբ ինքը, փորձելով տեսողական բացահայտել և չեզոքացնել կրակողին, առանց կոնկրետ մեկին թիրախավորելու արձակել է մի քանի կրակոց (տե՛ս 12-13-րդ և 46-րդ պարբերությունները՝ վերևում հիշատակված): Այս եզրահանգումները հաստատվում են դատաբժշկական և դատաձգաբանական եզրակացություններով, ինչպես նաև տեղում կատարված զննությամբ, որտեղ նկարագրվել է սպանության վայրը, այդ թվում՝ պահեստային փամփշտատուփի գտնվելու վայրը, մարմինների միջև հեռավորությունը և մահվան պահին նրանց դիրքը։
102. Ավելին, այդ սցենարն ուղղակիորեն հակասում է բարձրագույն պետական պաշտոնյայի՝ Ադրբեջանի նախագահի հայտարարություններին, որը հրապարակայնորեն հայտարարել է, որ պրն Գուրբանովը սպանել է մի քանի հայ զինծառայողների (անվանելով նրանց «ներխուժողներ»), ինչի համար նրան հետմահու պարգևատրել են և շնորհել ազգային հերոսի կոչում (տե՛ս վերևում՝ 27-րդ պարբերությունը): Սա միայն հաստատում է Դատարանի եզրակացությունն այն մասին, որ պատասխանող Կառավարության վարկածը փաստերի մասին, որի համաձայն երեք հայ զինծառայողները կարող էին սպանվել հայկական բանակի այլ զինծառայողների կողմից, ամբողջությամբ սպեկուլյատիվ է:
103. Այս հանգամանքներում Դատարանը պետք է վերահաստատի, որ որոշակի եզրակացության հանգելու համար անհրաժեշտ փաստերի համոզիչ լինելու աստիճանը և ապացուցման բեռի բաշխումն անքակտելիորեն կապված են փաստերի առանձնահատկությունների, արված պնդումների բնույթի և Կոնվենցիայով սահմանված քննարկվող իրավունքի հետ (տե՛ս Ուկրաինան ընդդեմ Ռուսաստանի (Ղրիմի վերաբերյալ) (որոշում) [ՄՊ] [Ukraine and the Netherlands v. Russia (dec.) [GC]], թիվ 20958/14 և 38334/18, § 257, 2020 թվականի դեկտեմբերի 16)։
104. Այսպիսով, հաշվի առնելով կողմերի ներկայացրած կամ չներկայացրած փաստաթղթային և այլ ապացույցները՝ Դատարանը համարում է, որ ընդհանուր առմամբ Ադրբեջանի իշխանությունները չեն ներկայացրել բավարար և համոզիչ բացատրություն այն մասին, թե իրականում ինչպես է տեղի ունեցել 2016 դեկտեմբերի 29-ի միջադեպը, որը կարող է կասկածի տակ առնել իշխանությունների կողմից ներկայացված դեպքերի շարադրանքը։ Բացի այդ, պատասխանող Կառավարությունը չի ներկայացրել համոզիչ փաստարկներ, որոնք կարող են կասկածի տակ դնել դիմումատուների կողմից ներկայացված դեպքերի վարկածի և դա հաստատող՝ ներկայացված ապացույցների արժանահավատությունը (տե՛ս Ուկրաինան ընդդեմ Ռուսաստանի (Ղրիմի վերաբերյալ) գործը՝ վերևում հիշատակված, § 328)։ Միակ ողջամիտ հետևությունը, որը կարելի է անել այս հանգամանքներում, այն է, որ դիմումատուների պնդումներն այս առումով ըստ էության ճշգրիտ են (տե՛ս, mutatis mutandis, Ուկրաինան և Նիդեռլանդներն ընդդեմ Ռուսաստանի [Ukraine and the Netherlands v. Russia]՝ վերևում հիշատակված, § 610):
105. Դրանից հետևում է, որ հաշվի առնելով ապացուցման չափանիշը, որը սովորաբար օգտագործվում է պարզելու համար, թե արդյոք կան փաստական հիմքեր ապօրինի սպանության մասին պնդելու համար, մասնավորապես՝ «ողջամիտ կասկածից վեր» ապացույցներ, Դատարանը հաստատված է համարում, որ դիմումատուների ազգականները՝ երեք հայ զինծառայողները, սպանվել են այն զենքով, որը պատկանել է պրն Գուրբանովին, այն ժամանակ, երբ նա որպես Ադրբեջանի զինծառայող գտնվել է Հայաստանի տարածքում. ավելին, նրանցից երկուսը, մասնավորապես՝ պրն Նարայանը և պրն Աբովյանը, եղել են չզինված և անակնկալի են եկել, երբ կրակել են նրանց վրա, մինչդեռ երրորդը՝ զինծառայող պրն Մելիքյանը, սպանվել է, երբ փորձել է բացահայտել թշնամու կողմից կրակոցն արձակող անձին և հետ մղել Գուրբանովի հարձակումը (տե՛ս վերևում՝ 101-րդ պարբերությունը):
բ) Արդյոք պրն Գուրբանովը գործադրել է ֆիզիկական ուժ և իրականացրել է վերահսկողություն դիմումատուների ազգականների կյանքի նկատմամբ ուղիղ հարձակման պայմաններում
106. Ինչպես շարադրված է վերը նշված 88-րդ պարբերությունում, Դատարանի գնահատականը նախ կանդրադառնա այն հարցին, թե արդյոք դիմումատուների ազգականների սպանությունը հավասարազոր է ուղիղ հարձակման պայմաններում ֆիզիկական ուժի գործադրմանը և կյանքի նկատմամբ վերահսկողության իրականացմանը:
107. Դատարանը վերահաստատում է իր վերոնշյալ եզրահանգումներն առ այն, որ ողջամիտ կասկածից վեր է համարել այն փաստը, որ պրն Գուրբանովն է այն անձը, որի արձակած կրակոցներից սպանվել են դիմումատուների ազգականները: Ինչպես արդեն նշվել է վերևում, երեք հայ զինծառայողները մահացել են հրազենային վնասվածքներից, ընդ որում, մահացու կրակոցներն արձակվել են պրն Գուրբանովի հրացանից, որը հայտնաբերվել է նրա մարմնի կողքին զենքի փամփշտատուփի հետ միասին: Ավելին, մարմինների դիրքը և հրազենային կրակոցի հետքերը, որոնք առկա են նրանց հագուստի և (կամ) սաղավարտների վրա, հաստատել են այս եզրակացությունը (տե՛ս վերևում՝ 9-17-րդ պարբերությունները):
108. Պրն Նարայանի և պրն Աբովյանի դեպքում, որոնք անակնկալի են եկել իրենց վրա արձակված կրակոցներից, և հետևաբար, անկասկած, նրանք չէին կարող որևէ բան ձեռնարկել իրավիճակից խուսափելու համար, կարելի է հեշտությամբ եզրակացնել, որ նրանք գտնվել են պրն Գուրբանովի ֆիզիկական հսկողության ներքո, որը վերահսկողություն է իրականացրել իրենց կյանքի նկատմամբ (տե՛ս, mutatis mutandis Կարտերի գործը՝ վերևում հիշատակված, § 160 և վերևում՝ 86-րդ պարբերությունում հիշատակված հղումները): Մնում է պարզել, թե արդյոք նույն եզրակացությունը կարելի է անել երրորդ զինծառայողի՝ պրն Մելիքյանի դեպքում, որն ինքն է իր ատրճանակից կրակ բացել թշնամու ուղղությամբ, սակայն կարճ ժամանակ անց սպանվել է (տե՛ս վերևում՝ 101-րդ պարբերությունը): Հետևաբար խնդիրն այն է, թե արդյոք այս կոնկրետ հանգամանքներում կարելի է վստահորեն եզրակացնել, որ մոտ տարածության տարրից բացի եղել են նաև այլ հատկանիշներ, որոնք վկայում են այն մասին, որ պրն Գուրբանովն արդյունավետ վերահսկողություն է իրականացրել պրն Մելիքյանի նկատմամբ:
109. Իր գնահատման մեջ Դատարանը պետք է ևս մեկ անգամ հիմնվի 2016 թվականի դեկտեմբերի 29-ին տեղի ունեցած միջադեպին հանգեցրած դեպքերի վերաբերյալ կողմերի ներկայացրած փաստաթղթային և այլ ապացույցների վրա, միևնույն ժամանակ նաև հաշվի առնի այդ դեպքերի վերաբերյալ դիմումատուների պնդումները, որոնք Դատարանը գտել է, որ մեծապես ճշգրիտ են (տե՛ս վերևում՝ 104-րդ պարբերությունը): Ելնելով վերոնշյալից՝ Դատարանը նշում է այն հատուկ հանգամանքները, որոնց պայմաններում սպանվել է պրն Մելիքյանը, մասնավորապես՝ մոտ 60-70 մ հեռավորությունից (տե՛ս վերևում՝ 12-րդ պարբերությունը), մառախուղի և հորդառատ անձրևի պատճառով սահմանափակ տեսանելիության պայմաններում (տե՛ս վերևում՝ 12-րդ և 23-րդ պարբերությունները) և, որ կարևոր է, կարճատև փոխհրաձգության ժամանակ, այլ ոչ թե որպես առանձին ընտրված անզեն թիրախ, ինչպես դա եղել է պրն Նարայանի և պրն Աբովյանի դեպքում: Հետևաբար Դատարանը համարում է, որ չկան բավարար համոզիչ նյութեր, որոնք թույլ կտան նրան հաստատել տարածքայնության սկզբունքից բացառության առկայությունը, որի համաձայն՝ կողմ պետությունների գործողությունները, որոնք կատարվել են կամ հանգեցնում են հետևանքների իրենց տարածքներից դուրս, կարող են համարվել Կոնվենցիայի 1-ին հոդվածի իմաստով իրավազորության իրականացում: Ավելի կոնկրետ, այն հատուկ հանգամանքները, որոնց պայմաններում սպանվել է պրն Մելիքյանը, մասնավորապես, երբ նա փորձել է սեփական զենքով թշնամու վրա կրակելու միջոցով հետ մղել հարձակումը, բավարար հիմք չեն ստեղծում՝ պարզելու համար, թե արդյոք մի զինծառայող վերահսկողություն է իրականացրել մյուս զինծառայողի կյանքի նկատմամբ այնպես, որ դա հստակ հավասարազոր լինի ուղիղ հարձակման պայմաններում ֆիզիկական ուժի գործադրման և վերահսկողության իրականացման դրսևորմանը:
110. Նշելով նաև, որ պրն Մելիքյանի վերաբերյալ չկան հատուկ դատավարական հանգամանքներ, որոնք Կոնվենցիայի համաձայն կարող էին առաջացնել իրավազորության առումով կապ (տե՛ս վերևում՝ 59-րդ պարբերությունը և, mutatis mutandis, Հ.Ֆ.-ն և այլք ընդդեմ Ֆրանսիայի [ՄՊ][H.F. and Others v. France [GC]], թիվ 24384/19 և 4234/20, § 196, 2022 թվականի սեպտեմբերի 14), Դատարանն իր նախադեպային իրավունքին համապատասխան (տե՛ս վերևում՝ 58-րդ և 86-րդ պարբերությունները) եզրակացնում է, որ պրն Գուրբանովի կատարած արարքը, այսինքն՝ պրն Մելիքյանի սպանությունը, պատասխանող պետության իրավազորության շրջանակում չէ:
111. Հետևաբար այդ կապակցությամբ ներկայացված բողոքները պետք է համարվեն Կոնվենցիայի դրույթների հետ անհամատեղելի և ոչ ընդունելի՝ Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ կետերի համաձայն:
112. Այդուհանդերձ, ինչ վերաբերում է պրն Նարայանին և պրն Աբովյանին, ապա, եթե պրն Գուրբանովի կատարած արարքը վերագրելի էր պատասխանող պետությանը, Դատարանը գտնում է, որ այն կարող էր լինել այդ պետության իրավազորության շրջանակում:
գ) Արդյոք պրն Գուրբանովը գործել է որպես պետական գործակալ
113. Հաշվի առնելով պրն Գուրբանովի կողմից կատարված արարքի վերաբերյալ պատասխանող պետության իրավազորության մասին վերոնշյալ եզրակացությունները (տե՛ս 109-րդ, 110-111-րդ պարբերությունները)՝ Դատարանն այնուհետև կքննի այն հարցը, թե արդյոք պրն Գուրբանովը պրն Նարայանին և պրն Աբովյանին մահացու կրակոցներ հասցնելիս գործել է որպես պատասխանող պետության գործակալ:
114. Արտատարածքային արտադատական թիրախային սպանության դեպքում այն պետության իշխանությունները, որի տարածքում այն կատարվել է, սահմանափակված են իրենց հնարավոր պատասխան գործողություններում: Նրանք կարող են և, եթե հանգամանքները թույլ են տալիս, պետք է բացահայտեն հանցագործությունը կատարած անձանց և այն տարրերը, որոնք նրանց կապում են սպանության համար ենթադրաբար պատասխանատու պետության հետ: Հենց այդպես էլ վարվել են Հայաստանի իշխանությունները տվյալ գործով։ Դատարանը գտնում է, որ սպանությունները կատարած անձի ինքնությունը պարզելը և պատասխանող պետության իշխանությունների հետ նրա կապը նշելը (տե՛ս վերևում՝ 14-րդ և 54-րդ պարբերությունները) հաստատում են համոզիչ prima facie ապացույցներն այն մասին, որ սույն գործով քննվող դեպքերի ժամանակ պրն Գուրբանովը գործել է որպես Ադրբեջանի իշխանությունների գործակալ (տե՛ս Կարտերի գործը՝ վերևում հիշատակված, § 165):
115. Թեև չեն եղել ուղղակի ապացույցներ առ այն, որ պարոն Գուրբանովին կամ մեկ այլ ադրբեջանցի զինծառայողի տրվել է սահմանը հատելու և հայկական մարտական դիրքի վրա հարձակվելու թույլտվություն կամ հրաման, ցանկացած տեղեկություն, որը կարող էր հերքել հայաստանյան կողմի ներկայացրած փաստերի վարկածը, ամբողջությամբ կամ մեծ մասամբ կլիներ Ադրբեջանի իշխանությունների բացառիկ իմացության շրջանակներում, որոնք, ինչպես ակնկալվել է, պետք է իրականացնեին դեպքերի մանրակրկիտ քննություն, բացահայտեին գործողության մեջ ներգրավված անձանց և վերլուծեին պրն Գուրբանովի վարքագիծը:
116. Պատասխանող պետության իշխանությունները, սակայն, չեն ձեռնարկել լուրջ փորձեր՝ պարզելու պրն Գուրբանովի մահվան հետ կապված փաստերը (տե՛ս վերևում՝ ադրբեջանցի զինծառայողի սպանության փաստով պատասխանող պետության կողմից հարուցված քննությունը նկարագրող 21-26-րդ պարբերությունները) կամ հերքելու այն եզրակացությունները, որոնց հանգել են Հայաստանի իշխանությունները միջադեպին հանգեցրած դեպքերի վերաբերյալ (տե՛ս վերևում՝ 52-54-րդ պարբերությունները):
117. Հետևաբար Դատարանը պետք է վերահաստատի իր վերոնշյալ եզրահանգումները՝ ընդգծելով, որ հաշվի առնելով ծանրակշիռ ապացույցների վրա հիմնված համոզիչ հակափաստարկների բացակայությունը՝ պետք է եզրակացնել, որ պրն Գուրբանովը, լինելով ադրբեջանական զինվորական համազգեստով և կրելով բանակի ծառայողական զենքը, մահացու կրակ է արձակել պրն Նարայանի և պրն Աբովյանի վրա՝ գտնվելով Հայաստանի տարածքում: Դատարանը վերահաստատում է, որ այդ պահին պրն Գուրբանովը եղել է Ադրբեջանի զինված ուժերի ակտիվ զինծառայող և իր ծառայողական պարտականությունները կատարելիս գործել է որպես զինծառայող (ի հակադրություն վերևում հիշատակված Մակուչյանի և Մինասյանի գործի, § 111): Մասնավորապես, եթե նույնիսկ ենթադրենք, որ նա չի մասնակցել պլանավորված գործողությանը, այլ ներգրավվել է ինքնաբուխ առաջացած հետապնդման գործողություններում, կիրառելի են նույն նկատառումները (ի հակադրություն Լեոնիդիսն ընդդեմ Հունաստանի [Leonidis v. Greece], թիվ 43326/05, § 58, 2009 թվականի հունվարի 8)։ Ավելին, պրն Գուրբանովի գործողությունները, որոնք հանգեցրել են հայ զինծառայողների մահվան, հետմահու մեծարվել են Ադրբեջանի իշխանությունների կողմից, որոնք այդ արարքի համար նրան հռչակել են ազգային հերոս (տե՛ս վերևում՝ 27-րդ պարբերությունը):
118. Նշելով պատասխանող Կառավարության կողմից պետության ներգրավվածության մասին prima facie ապացույցները չհերքվելը՝ Դատարանը չի կարող չգալ այն եզրակացության, որ պրն Գուրբանովը եղել է պետական գործակալ, և որ երկու հայ զինծառայողների մահվան հանգեցրած իր գործողություններն իրականացնելիս նա օգտվել է այդ դիրքից։ Այս հանգամանքներում այն գործողությունները, որոնց դեմ ներկայացվել է բողոք, կարող են վերագրվել պատասխանող պետությանը, որը պատասխանատվություն է կրում նրա վարքագծի համար: Հետևաբար դիմումատուների բողոքներն այդ մասով պետք է հայտարարվեն ընդունելի։
դ) 2-րդ հոդվածի նյութաիրավական հայեցակետի շրջանակներում արված եզրակացությունները
119. Դատարանն արդեն քննել և հաստատել է այն անհրաժեշտ տարրերը, որոնք թույլ են տալիս նրան եզրակացնել, որ պրն Գուրբանովը ֆիզիկական վերահսկողություն է իրականացրել պրն Նարայանի և պրն Աբովյանի կյանքի նկատմամբ և հետևաբար արդյունավետորեն վերահսկողություն է իրականացրել նրանց նկատմամբ (տես վերևում՝ 109-րդ և 110-112-րդ պարբերությունները): Այդ հիմքով և հաշվի առնելով վերևում՝ 88-րդ պարբերության մեջ շարադրված հարցերին ի պատասխան արված իր եզրահանգումները՝ Դատարանն ընդունել է, որ դիմումատուների ազգականներին սպանելիս պրն Գուրբանովը հանդես է եկել որպես պատասխանող պետության գործակալ, և որ նա գործադրել է ֆիզիկական ուժ և վերահսկողություն է իրականացրել նրանց կյանքի նկատմամբ, ինչը բավարար է Կոնվենցիայի 1-ին հոդվածի նպատակներով պատասխանող պետության հետ իրավազորության առումով կապ հաստատելու համար:
120. Դատարանը վերահաստատում է, որ Կոնվենցիայի 2-րդ հոդվածը, որով երաշխավորվում է կյանքի իրավունքը, և սահմանվում են այն հանգամանքները, որոնց պարագայում կյանքից զրկելը կարող է արդարացվել, համարվում է Կոնվենցիայի ամենահիմնարար դրույթներից մեկը։ 2-րդ հոդվածով սահմանված պաշտպանության կարևորությունը հաշվի առնելով՝ Դատարանը պետք է առավել մանրակրկիտ քննության ենթարկի կյանքից զրկելու վերաբերյալ բողոքները (տե՛ս Վելիկովան ընդդեմ Բուլղարիայի [Velikova v. Bulgaria], թիվ 41488/98, § 68, ՄԻԵԴ 2000-VI)։
121. Պատասխանող Կառավարությունը փորձել է պնդել, որ դիմումատուների ազգականների սպանությունները կատարվել են ինքնապաշտպանության նպատակով այն ժամանակ, երբ պրն Գուրբանովը պաշտպանել է ադրբեջանական ռազմական բազան սահմանը հատելու միջոցով ներխուժած հայ զինծառայողների խմբի հարձակումից:
122. Այդուհանդերձ, հաշվի առնելով իր եզրահանգումները (տե՛ս վերևում՝ 116-118-րդ պարբերությունները) այն մասին, որ չկան պատասխանող պետության փաստերի վարկածը հաստատող ապացույցներ, և լրացուցիչ այնպիսի փաստարկների բացակայության պարագայում, որոնք կհիմնավորեին 2-րդ հոդվածի երկրորդ պարբերության մեջ նշված բացառություններից որևէ մեկի կիրառելիությունը՝ որպես պատասխանող պետության գործակալ գործած պրն Գուրբանովի կողմից պրն Նարայանի և պրն Աբովյանի սպանությունն արդարացնելու համար, Դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել այդ հոդվածի նյութաիրավական հայեցակետի խախտում։
2. Կոնվենցիայի 2-րդ հոդվածով սահմանված դատավարական պարտավորությունները
123. Ինչպես Դատարանը վճռել է Ալ-Սկեինին և այլք գործում (վերևում հիշատակված, §§ 163-67) և հետագայում վերահաստատել է Ջալուդի գործում (վերևում հիշատակված, § 186)՝
«163. Պետության գործակալների կողմից կամայական սպանությունների ընդհանուր իրավական արգելքը գործնականում անարդյունավետ կլիներ, եթե գոյություն չունենար պետական մարմինների կողմից մահացու ուժի գործադրման իրավաչափությունը վերանայելու ընթացակարգ: Այս դրույթով սահմանված՝ կյանքի իրավունքը պաշտպանելու պարտավորությունը Կոնվենցիայի 1-ին հոդվածով սահմանված՝ «իրենց իրավազորության ներքո գտնվող յուրաքանչյուրի համար ապահովում են այն իրավունքներն ու ազատությունները, որոնք սահմանված են սույն Կոնվենցիայ[ի] ...» հիմնական պարտականության հետ համակցության մեջ ենթադրաբար պահանջում է, որ որևէ տեսակի արդյունավետ պաշտոնական քննություն իրականացվի այն դեպքերում, երբ անձինք սպանվել են, inter alios, պետական պաշտոնյաների կամ մասնավոր անձանց կողմից ուժի գործադրման արդյունքում (տե՛ս ՄըքՔանը և այլք ընդդեմ Միացյալ Թագավորության [McCann and Others v. the United Kingdom], 1995 թվականի սեպտեմբերի 27, § 161[, շարք Ա թիվ 324]): Այս պաշտոնական քննության հիմնական նպատակն է ապահովել ներպետական օրենսդրության արդյունավետ կիրարկումը, որով երաշխավորվում է կյանքի իրավունքը, և պետության լիազոր ներկայացուցիչների կամ մարմինների ներգրավվածությամբ գործերով ապահովել նրանց պատասխանատվությամբ տեղի ունեցող մահվան դեպքերի համար նրանց հաշվետու լինելը (տե՛ս Նաչովան և այլք ընդդեմ Բուլղարիայի [Nachova and Others v. Bulgaria], թիվ 43577/98 և 43579/98, § 110, ՄԻԵԴ 2005-VII)։ Այնուամենայնիվ, քննության շրջանակը պետք է նաև լինի բավականաչափ լայն, որպեսզի թույլ տա քննչական մարմիններին հաշվի առնել ոչ միայն պետական գործակալների գործողությունները, որոնք ուղղակիորեն գործադրել են մահացու ուժ, այլ նաև բոլոր առնչվող հանգամանքները, այդ թվում՝ այնպիսի հարցեր, ինչպիսիք են համապատասխան գործողությունների պլանավորումը և վերահսկողությունը, երբ դա անհրաժեշտ է որոշելու համար, թե արդյոք պետությունը կատարել է 2-րդ հոդվածով սահմանված՝ կյանքի պաշտպանության իր պարտավորությունը (տե՛ս, եզրակացությունով, ՄըքՔանի և այլոց գործը՝ վերևում հիշատակված, §§ 150 և 162, Հյու Ջորդանն ընդդեմ Միացյալ Թագավորության [Hugh Jordan v. the United Kingdom], թիվ 24746/94, § 128, 2001 թվականի մայիսի 4, ՄըքՔըրն ընդդեմ Միացյալ Թագավորության [McKerr v. the United Kingdom], թիվ 28883/95, §§ 143 և 151, ՄԻԵԴ 2001-III,Շանագանն ընդդեմ Միացյալ Թագավորության [Shanaghan v. the United Kingdom], թիվ 37715/97, §§ 100-25, 2001 թվականի մայիսի 4, Ֆինուքեյնն ընդդեմ Միացյալ Թագավորության [Finucane v. the United Kingdom], թիվ 29178/95, §§ 77-78, ՄԻԵԴ 2003‑VIII, Նաչովան և այլք՝ վերևում հիշատակված, §§ 114-15, և, mutatis mutandis, Ցեկովն ընդդեմ Բուլղարիայի [Tzekov v. Bulgaria], թիվ 45500/99, § 71, 2006 թվականի փետրվարի 23)»։
124. Անդրադառնալով սույն գործին՝ Դատարանը վերահաստատում է, որ գտել է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 2-րդ հոդվածի խախտում՝ կապված Ադրբեջանի պետական գործակալ պրն Գուրբանովի կողմից ուժի ապօրինի կիրառման հետ, որը հանգեցրել է հայ զինծառայողների մահվան, որոնք հանդիսացել են դիմումատուների ազգականները (տե՛ս վերևում՝ 122-րդ պարբերությունը): Դա նշանակում է, որ Ադրբեջանը Կոնվենցիայի 2-րդ հոդվածի համաձայն ունեցել է այդ դեպքերի արդյունավետ քննություն իրականացնելու պարտավորություն (տե՛ս վերևում՝ 60-րդ պարբերությունը և, mutatis mutandis, Ուկրաինան և Նիդեռլանդներն ընդդեմ Ռուսաստանի գործը՝ վերևում հիշատակված, § 916): Հետևաբար դիմումատուների բողոքներն այդ մասով պետք է հայտարարվեն ընդունելի։
125. Դատարանը, սակայն, նշում է, որ պատասխանող պետության իշխանությունները չեն հարուցել կամ իրականացրել դիմումատուների ազգականների մահվան հանգամանքների քննություն։ Այդ հարցը չի վիճարկվում կողմերի կողմից։
126. Հաշվի առնելով վերոնշյալը՝ Դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 2-րդ հոդվածի դատավարական հայեցակետի խախտում՝ կապված Ադրբեջանի իշխանությունների կողմից պրն Նարայանի և պրն Աբովյանի մահվան որևէ և առավել ևս արդյունավետ քննություն չիրականացնելու հետ:
VII. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 13-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ
127. Դիմումատուները բողոքել են, որ չեն ունեցել 2-րդ հոդվածով սույն գանգատում ներկայացված իրենց բողոքների մասով իրավական պաշտպանության արդյունավետ միջոցներ։ Նրանք հիմնվել են Կոնվենցիայի 13-րդ հոդվածի վրա, որն ունի հետևյալ բովանդակությունը.
«Յուրաքանչյուր ոք, ում սույն Կոնվենցիայով ամրագրված իրավունքներն ու ազատությունները խախտվում են, ունի պետական մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք, նույնիսկ եթե խախտումը կատարել են ի պաշտոնե գործող անձինք»։
Ա. Կողմերի փաստարկները
1. Պատասխանող Կառավարությունը
128. Պատասխանող Կառավարությունը պնդել է, որ դիմումատուները երբեք չեն դիմել Ադրբեջանի իշխանություններին՝ իրենց ազգականների մահվան փաստով քննություն սկսելու համար:
2. Դիմումատուները
129. Դիմումատուները հղում են կատարել իրավական պաշտպանության միջոցների սպառման հետ կապված պատասխանող Կառավարության առարկության առնչությամբ իրենց հայտարարություններին (տե՛ս վերևում՝ 69-70-րդ պարբերությունները)։ Նրանք ըստ էության պնդել են, որ Ադրբեջանի իշխանություններին դիմելու հնարավորությունը պատրանք էր և անիրատեսական։
3. Հայաստանի կառավարությունը՝ ներգրավված երրորդ կողմ
130. Հայաստանի կառավարությունը համաձայնել է դիմումատուների ներկայացրած փաստարկների հետ։
Բ. Դատարանի գնահատականը
131. Պրն Մելիքյանի ազգականների կողմից 13-րդ հոդվածի համաձայն ներկայացված բողոքի առնչությամբ և վերը շարադրված եզրահանգումների հաշվառմամբ (տե՛ս վերևում՝ 62-րդ և 111-րդ պարբերությունները) Դատարանը գտնում է, որ այն անհամատեղելի է Կոնվենցիայի դրույթների հետ և ընդունելի չէ Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ կետերի համաձայն:
132. Այնուամենայնիվ, դիմումատուների կողմից թիվ 54363/17 և 54364/17 գանգատներում ներկայացված համապատասխան բողոքի առնչությամբ Դատարանը վերահաստատում է իր վերոնշյալ եզրակացությունն այն մասին, որ Ադրբեջանում առկա չեն եղել իրավական պաշտպանության միջոցներ դիմումատուների իրավիճակում հայտնված անձանց համար (տե՛ս վերևում՝ 73-74-րդ պարբերությունները)։ Այնուամենայնիվ, Դատարանը հաշվի է առնում այն հիմնավորումները, որոնց հիման վրա այն գտել է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 2-րդ հոդվածի խախտում (տե՛ս վերևում՝ 118-րդ և 125-րդ պարբերությունները)։
133. Այս հանգամանքներում Դատարանը համարում է, որ թեև Կոնվենցիայի 13-րդ հոդվածով թիվ 54363/17 և 54364/17 գանգատներում ներկայացված բողոքը նույնպես ընդունելի է, կարիք չկա առանձին քննելու այն հարցը, թե արդյոք սույն գործով տեղի է ունեցել նաև այդ դրույթի խախտում (տե՛ս, mutatis mutandis, Սարիբեկյանի և Բալյանի գործը՝ վերևում հիշատակված, §§ 96-97)։
VIII. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 14-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 2-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ՀԵՏ ՀԱՄԱԿՑՈՒԹՅԱՄԲ
134. Դիմումատուները բողոքել են, որ Կոնվենցիայի վերոնշյալ խախտումներն առաջացել են էթնիկ ծագման և ազգային պատկանելիության վրա հիմնված խտրական վերաբերմունքի հետևանքով՝ ի խախտումն Կոնվենցիայի 14-րդ հոդվածի, որն ունի հետևյալ բովանդակությունը.
«Սույն Կոնվենցիայում շարադրված իրավունքներից և ազատություններից օգտվելն ապահովվում է առանց խտրականության, այն է՝ անկախ սեռից, ռասայից, մաշկի գույնից, լեզվից, կրոնից, քաղաքական կամ այլ համոզմունքից, ազգային կամ սոցիալական ծագումից, ազգային փոքրամասնությանը պատկանելուց, գույքային դրությունից, ծննդից կամ այլ դրությունից»:
Ա. Կողմերի փաստարկները
1. Պատասխանող Կառավարությունը
135. Պատասխանող Կառավարությունն այս առնչությամբ որևէ մեկնաբանություն չի ներկայացրել:
2. Դիմումատուները
136. Դիմումատուները պնդել են, որ իրենց ազգականների սպանությունները եղել են ատելության հիմքով կատարված հանցագործություններ, և որ թե՛ սպանությունները, թե՛ քննություն չիրականացնելը եղել են հայ զոհերի նկատմամբ էթնիկ ատելության հետևանք, ինչը ենթադրաբար Ադրբեջանի կողմից լայնորեն քարոզվող քաղաքականություն է։
3. Հայաստանի կառավարությունը՝ ներգրավված երրորդ կողմ
137. Հայաստանի կառավարությունը պնդել է, որ դիմումատուների ազգականները սպանվել են նրանց էթնիկ հայկական ծագման պատճառով, և որ նույն պատճառով պատասխանող պետությունը չի իրականացրել սպանությունների քննություն. ըստ էության, այս ամենը պետք է դիտարկվեր Ադրբեջանի իշխանությունների կողմից Հայաստանի նկատմամբ վարած ընդհանուր քաղաքականության ավելի լայն համատեքստում:
Բ. Դատարանի գնահատականը
138. Հաշվի առնելով վերոնշյալ եզրահանգումները (տե՛ս վերևում՝ 62-րդ և 111-րդ պարբերությունները)՝ Դատարանը գտնում է, որ պրն Մելիքյանի ազգականների կողմից 14-րդ հոդվածի համաձայն ներկայացված բողոքն անհամատեղելի է Կոնվենցիայի դրույթների հետ և ընդունելի չէ Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ կետերի համաձայն:
139. Այնուամենայնիվ, ինչ վերաբերում է դիմումատուների կողմից թիվ 54363/17 և 54364/17 գանգատներում ներկայացված համապատասխան բողոքին, Դատարանը նշում է, որ դիմումատուների՝ 14-րդ հոդվածի համաձայն ներկայացրած բողոքների էությունը մեծապես կապված է Ադրբեջանի և Հայաստանի միջև վաղեմի թշնամանքի և լարվածության ընդհանուր համատեքստի հետ: Այնքանով, որքանով այդ պնդումները դեռևս չեն դարձել 2-րդ հոդվածի ո՛չ նյութաիրավական, ո՛չ էլ դատավարական հայեցակետերի ընդունելիության և էության վերաբերյալ Դատարանի հիմնավորման առարկա (տե՛ս վերևում՝ 73-րդ, 95-րդ, 99-րդ, 101-րդ, 102-րդ, 116-րդ և 126-րդ պարբերությունները), Դատարանը գտնում է, որ թեև Կոնվենցիայի 14-րդ հոդվածի համաձայն ներկայացված թիվ 54363/17 և 54364/17 գանգատներում բերված բողոքը նույնպես ընդունելի է, կարիք չկա այդ բողոքի մասով կայացնել առանձին վճիռ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ սույն գանգատներում բարձրացված հիմնական իրավական հարցերին արդեն իսկ անդրադարձ է արվել (տե՛ս, mutatis mutandis, Խոջոյանը և Վարդանյանն ընդդեմ Ադրբեջանի [Khojoyan and Vardazaryan v. Azerbaijan], թիվ 62161/14, § 85, 2021 թվականի նոյեմբերի 4)։
IX. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 41-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՈԻՄԸ
140. Կոնվենցիայի 41-րդ հոդվածի համաձայն՝
«Եթե Դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի կամ դրան կից արձանագրությունների խախտում, իսկ համապատասխան Բարձր պայմանավորվող կողմի ներպետական իրավունքն ընձեռում է միայն մասնակի հատուցման հնարավորություն, ապա Դատարանը որոշում է անհրաժեշտության դեպքում տուժած կողմին արդարացի փոխհատուցում տրամադրել»։
Ա. Վնասը
141. Դիմումատուները յուրաքանչյուր գանգատի համար պահանջել են 30 000 եվրո, այսպիսով ընդհանուր՝ 90 000 եվրո՝ որպես նրանց ազգականների մահվան և այդ կապակցությամբ պատասխանող պետության կողմից քննություն չիրականացվելու պատճառով հասցված ոչ նյութական վնասի հատուցում։
142. Պատասխանող Կառավարությունը չի ընդունում պատասխանատվությունն այն խախտումների համար, որոնց դեմ դիմումատուները բողոք են ներկայացրել։
143. Դատարանը թիվ 54363/17 և 54364/17 գանգատներով դիմումատուներին ոչ նյութական վնասի դիմաց յուրաքանչյուր գանգատի համար շնորհում է 16 000 եվրո՝ գումարած գանձման ենթակա ցանկացած հարկ, ընդ որում, գումարները համապատասխան դիմումատուներին շնորհվում են միասին։
Բ. Ծախսերը և ծախքերը
144. Դիմումատուները յուրաքանչյուր գանգատի համար պահանջել են նաև 1 200 000 ՀՀ դրամ (մոտավորապես 2 780 եվրոյին համարժեք ՀՀ դրամ)՝ որպես հատուցում Դատարանում կրած ծախսերի և ծախքերի համար։ Յուրաքանչյուր գանգատի համար նրանք ներկայացրել են իրավաբանական ծառայությունների մատուցման պայմանագրեր, որոնց համաձայն նրանք պարտավոր են եղել վճարել այդ գումարը միայն Դատարանի կողմից իրենց օգտին վճիռ կայացվելու դեպքում:
145. Պատասխանող Կառավարությունն այս պահանջները համարել է չհիմնավորված:
146. Դատարանը նախկինում ճանաչել է ըստ արդյունքի վճարման մասին համաձայնագրերի վավերությունը՝ դատական ծախսերի համար շնորհումներ կատարելու համար (տե՛ս Մնացականյանն ընդդեմ Հայաստանի [Mnatsakanyan v. Armenia], թիվ 2463/12, § 101, 2020 թվականի դեկտեմբերի 6)։ Դատարանը որևէ պատճառ չի տեսնում սույն գործով այդ մոտեցումից շեղվելու համար։
147. Նաև նշելով, որ Դատարանի նախադեպային իրավունքի համաձայն՝ դիմումատուն ունի ծախսերի և ծախքերի հատուցման իրավունք միայն այնքանով, որքանով ապացուցվում է, որ դրանք փաստացի և անհրաժեշտաբար են կատարվել, և որ դրանց չափը եղել է ողջամիտ, Դատարանը ողջամիտ է համարում սույն գործով թիվ 54363/17 և 54364/17 գանգատներից յուրաքանչյուրի համար շնորհել 2 780 եվրո՝ որպես բոլոր մասերով կրած ծախսերի և ծախքերի հատուցում՝ գումարած դիմումատուներից գանձման ենթակա ցանկացած հարկ:
ԱՅՍ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՄԲ ԴԱՏԱՐԱՆԸ՝
1. Հայտարարում է թիվ 54363/17 և 54364/17 գանգատներն ընդունելի միաձայն, իսկ թիվ 54365/17 գանգատն անընդունելի՝ ձայների մեծամասնությամբ.
2. Վճռում է ձայների վեց կողմ և մեկ դեմ հարաբերակցությամբ, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 2-րդ հոդվածի խախտում պրն Նարայանի և պրն Աբովյանի մահվան մասով.
3. Վճռում է ձայների վեց կողմ և մեկ դեմ հարաբերակցությամբ, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 2-րդ հոդվածի խախտում պրն Նարայանի և պրն Աբովյանի մահվան փաստով քննություն չիրականացնելու մասով.
4. Վճռում է միաձայն, որ բողոքը Կոնվենցիայի 13-րդ հոդվածի համաձայն քննելու անհրաժեշտություն չկա.
5. Վճռում է միաձայն, որ բողոքը Կոնվենցիայի 14-րդ հոդվածի համաձայն քննելու անհրաժեշտություն չկա.
6. Վճռում է ձայների վեց կողմ և մեկ դեմ հարաբերակցությամբ, որ՝
ա) պատասխանող պետությունը վճիռը Կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան վերջնական դառնալու օրվանից երեք ամսվա ընթացքում պետք է դիմումատուին վճարի հետևյալ գումարները.
i) ոչ նյութական վնասի դիմաց՝ թիվ 54363/17 և 54364/17 գանգատների մասով 16 000 եվրո (տասնվեց հազար եվրո)՝ յուրաքանչյուր գանգատի համար, որը պետք է վճարվի համապատասխան դիմումատուներին միասին՝ գումարած գանձման ենթակա ցանկացած հարկ.
ii) ծախսերի և ծախքերի դիմաց՝ թիվ 54363/17 և 54364/17 գանգատների մասով 2 780 եվրո (երկու հազար յոթ հարյուր ութսուն եվրո)՝ յուրաքանչյուր գանգատի համար, որը պետք է վճարվի համապատասխան դիմումատուներին միասին՝ գումարած գանձման ենթակա ցանկացած հարկ.
բ) վերը նշված եռամսյա ժամկետի ավարտից հետո՝ մինչև վճարման օրը, պետք է հաշվարկվի վերոնշյալ գումարների նկատմամբ պարզ տոկոսադրույք՝ չկատարման ժամանակահատվածում Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած՝ լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքի չափով՝ գումարած երեք տոկոսային կետ.
7. Մերժում է ձայների հինգ կողմ և երկու դեմ հարաբերակցությամբ դիմումատուների՝ արդարացի փոխհատուցման պահանջի մնացած մասը։
Կատարված է անգլերենով և գրավոր ծանուցվել է 2023 թվականի դեկտեմբերի 19-ին՝ համաձայն Դատարանի կանոնակարգի 77-րդ կանոնի 2-րդ և 3-րդ կետերի։
_________________________
1 Խմբագրվել է 2024 թվականի հունվարի 17-ին՝ հետևյալ բովանդակությամբ՝ «Նրանց Դատարանում ներկայացրել է Երևանում գործող իրավաբան պրն Արա Ղազարյանը:»
2 «Իլհամ Ալիևը հանդիպել է Ադրբեջանի ազգային հերոս Չինգիզ Գուրբանովի ընտանիքի անդամների հետ», Ադրբեջանի Հանրապետության նախագահի պաշտոնական կայք։
3 «Ադրբեջանական ուժերը ՀՀ պետական սահմանին ձեռնարկել են դիվերսիոն ներթափանցման փորձ, հայկական զորքերը վարում են մարտեր», «ԱՐՄԵՆՊՐԵՍ» հայկական լրատվական գործակալություն:
Վիկտոր Սոլովեյչիկ՝ Գեորգես Ռավարանի՝ Քարտուղար Նախագահ
ՀԱՎԵԼՎԱԾ
Դիմումատուների ցուցակ.
Թիվ |
Գանգատ թիվ |
Ներկայացման ամսաթիվը |
Դիմումատուն Ծննդյան տարեթիվը Բնակության վայրը Ազգությունը Կապը հանգուցյալի հետ |
Ներկայացրել է |
1. |
54363/17 |
29 հունիսի 2017թ. |
Գրիգոր ՆԱՐԱՅԱՆ 1963 Երևան Հայ Հայր Փիրուզա ԲՈՅԱՋՅԱՆ 1972 Երևան Հայ Մայր Մարինե ՆԱՐԱՅԱՆ 1991 Երևան Հայ Քույր Արմինե ՆԱՐԱՅԱՆ 1993 Երևան Հայ Քույր |
ի սկզբանե ներկայացրել է Արտակ ԶԵՅՆԱԼՅԱՆԸ[1] Արա ՂԱԶԱՐՅԱՆ |
2. |
54364/17 |
29 հունիսի 2017թ. |
Գագիկ ԱԲՈՎՅԱՆ 1964 Ստեփանավան Հայ Հայր Ռուզաննա ԶԱՐԳԱՐՅԱՆ 1971 Ստեփանավան Հայ Մայր Արմեն ԱԲՈՎՅԱՆ 1998 Ստեփանավան Հայ Եղբայր |
ի սկզբանե ներկայացրել է Արտակ ԶԵՅՆԱԼՅԱՆԸ Արա ՂԱԶԱՐՅԱՆ |
3. |
54365/17 |
29 հունիսի 2017թ. |
Մելիքսեթ ՄԵԼԻՔՅԱՆ 1961 Աշոցք գյուղ Հայ Հայր Ռուզան(նա) ՊԵՏՐՈՍՅԱՆ 1959 Աշոցք գյուղ Հայ Մայր Նել(լ)ի ՄԵԼԻՔՅԱՆ 1991 Աշոցք գյուղ Հայ Քույր |
ի սկզբանե ներկայացրել է Արտակ ԶԵՅՆԱԼՅԱՆԸ Արա ՂԱԶԱՐՅԱՆ |
_______________________
1 Խմբագրվել է 2024 թվականի հունվարի 17-ին՝ Դիմումատուների շահերը Դատարանում ի սկզբանե ներկայացնում էր պրն Արտակ Զեյնալյանը
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|