Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-188-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.06.2011-01.01.2018)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2011.07.20/44(847) Հոդ.922
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
25.05.2011
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
16.06.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.06.2011
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2018

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2011 թվականի մայիսի 25-ին

 

«ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի մայիսի 14-ի ՀՕ-118 օրենքի (այսուհետ` Օրենք) 7-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 16-րդ կետով.

«16) կոնցեսիոների (օպերատորի) կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափանիշների համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնի կողմից որպես կոնցեսիայի պայմանագիր որակված գործարքի պայմանների շրջանակներում կոնցեդենտին (շնորհատուին) պատկանող ենթակառուցվածքային ակտիվները, դրանց առանձին տարրերի վրա կատարված բարելավման արդյունքը կամ գնված կամ կառուցված կամ փոխարինված ենթակառուցվածքային ակտիվները (նյութական կամ ոչ նյութական), դրանց կազմում առանձին տարրերը կոնցեսիայի պայմանագրի գործողության ընթացքում կամ ավարտին կոնցեդենտին (շնորհատուին) սեփականության իրավունքով փոխանցելու գործառնությունները, ինչպես նաև կոնցեդենտին (շնորհատուին) կոնցեսիոն ծառայությունների մատուցումը:

Սույն օրենքի իմաստով`

ա) կոնցեդենտ (շնորհատու) է համարվում պետական կամ համայնքային մարմինը, որը որոշակի ժամանակահատվածով կոնցեսիոներին (օպերատորին) է տրամադրում հանրային ծառայությունների ենթակառուցվածքներ` դրանք շահագործելու և (կամ) սպասարկելու նպատակով.

բ) կոնցեսիոներ (օպերատոր) է համարվում իրավաբանական անձ հանդիսացող ռեզիդենտ կազմակերպությունը, որին կոնցեդենտի (շնորհատուի) կողմից տրամադրվում են հանրային ծառայությունների ենթակառուցվածքներ` հանրային ծառայություն մատուցելու և (կամ) այն բարելավելու նպատակով, և որը շահագործում և (կամ) սպասարկում է այդ ենթակառուցվածքները սահմանված ժամանակաշրջանի ընթացքում:»:

 

Հոդված 2. 26-րդ հոդվածի 2-րդ կետում «7 հոդվածի 3-րդ կետով» բառերը փոխարինել «7 հոդվածի 3-րդ և 16-րդ կետերով» բառերով:

 

Հոդված 3. 27-րդ հոդվածի վերջին պարբերությունում «7 հոդվածի 3-րդ կետով» բառերը փոխարինել «7 հոդվածի 3-րդ և 16-րդ կետերում» բառերով:

 

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

2011 թվականի հունվարի 1-ի դրությամբ ծառայությունների մատուցման գործող կոնցեսիոն համաձայնությունների շրջանակներում 2011 թվականի հունվարի 1-ից հետո ընկած ժամանակաշրջաններում կոնցեսիոների (օպերատորի) կողմից կոնցեդենտին (շնորհատուին) պատկանող ենթակառուցվածքային ակտիվների, դրանց առանձին տարրերի վրա կատարված բարելավման արդյունքը կամ գնված կամ կառուցված կամ փոխարինված ենթակառուցվածքային ակտիվները (նյութական կամ ոչ նյութական), դրանց կազմում առանձին տարրերը կոնցեսիայի պայմանագրի գործողության ընթացքում կամ ավարտին կոնցեդենտին (շնորհատուին) սեփականության իրավունքով փոխանցելու գործառնությունները, ինչպես նաև կոնցեդենտին (շնորհատուին) կոնցեսիոն ծառայությունների մատուցումը կհամարվեն ավելացված արժեքի հարկով հարկվող օբյեկտ չհամարվող գործարքներ, եթե այդ համաձայնությունները կոնցեսիոների (օպերատորի) և կոնցեդենտի (շնորհատուի) կողմից սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո` 90-օրյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափանիշների համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնի կողմից որակվեն որպես կոնցեսիայի պայմանագրեր:

2011 թվականի հունվարի 1-ի դրությամբ ծառայությունների մատուցման գործող կոնցեսիոն համաձայնությունների շրջանակներում կոնցեսիոների (օպերատորի) կողմից կոնցեդենտին (շնորհատուին) պատկանող ենթակառուցվածքային ակտիվների, դրանց առանձին տարրերի վրա կատարված բարելավման արդյունքը կամ գնված կամ կառուցված կամ փոխարինված ենթակառուցվածքային ակտիվները (նյութական կամ ոչ նյութական), դրանց կազմում առանձին տարրերը կոնցեսիայի պայմանագրի գործողության ընթացքում կամ ավարտին կոնցեդենտին (շնորհատուին) սեփականության իրավունքով փոխանցելու գործառնությունները մինչև 2011 թվականի հունվարի 1-ն ընկած ժամանակաշրջաններում, ինչպես նաև մինչև 2011 թվականի հունվարի 1-ն ընկած ժամանակաշրջաններում կոնցեդենտին (շնորհատուին) կոնցեսիոն ծառայությունների մատուցումը համարվում են ավելացված արժեքի հարկով հարկվող գործարքներ և հարկային պարտավորությունների վերահաշվարկներ չեն կատարվում:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան


2011 թ. հունիսի 16

Երևան

ՀՕ-188-Ն