ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2011 թվականի մայիսի 26-ին
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 40.1-ից 40.7-րդ հոդվածները` ըստ հերթական համարի, շարադրել Օրենսգրքի 5-րդ գլխում:
Հոդված 2. Օրենսգրքի 40.1-ին հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 40.1. | Քվեարկության օրը կամ դրան նախորդող օրը նախընտրական քարոզչություն կատարելը |
Քվեարկության օրը կամ դրան նախորդող օրը նախընտրական քարոզչություն կատարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից մինչև հիգհարյուրապատիկի չափով:
Նույն արարքը տեղամասային կենտրոնի շենքի ներսում, մուտքի մոտ կամ շենքի շուրջը բանավոր կամ գրավոր ձևով, երաժշտության կամ պատկերավոր միջոցների օգնությամբ, ստորագրությունների հավաքմամբ` ընտրողների կամաարտահայտման վրա ներազդելու միջոցով կատարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից մինչև վեցհարյուրապատիկի չափով:
Նույն արարքը զանգվածային լրատվության միջոցներով կատարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` լրատվական գործունեություն իրականացնողի նկատմամբ` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից մինչև յոթհարյուրապատիկի չափով:»:
Հոդված 3. Օրենսգրքի 40.2-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 40.2. | Ընտրական հանձնաժողովի անդամի կողմից քվեարկության արդյունքների արձանագրությունը չստորագրելը |
Ընտրական հանձնաժողովի անդամի կողմից քվեարկության արդյունքների արձանագրությունը չստորագրելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև երեքհարյուրապատիկի չափով:»:
Հոդված 4. Օրենսգրքի 40.4-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 40.4. |
Ընտրական փաստաթղթերի պարկը տեղամասային ընտրական հանձնաժողովում սահմանված կարգով չփակելը |
Ընտրական փաստաթղթերի պարկը տեղամասային ընտրական հանձնաժողովում սահմանված կարգով չփակելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից մինչև հինգհարյուրապատիկի չափով:»:
Հոդված 5. Օրենսգրքի 40.7-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 40.7. |
Զանգվածային լրատվության միջոցներով նախընտրական քարոզչության իրականացման համար օրենքով սահմանված կարգը խախտելը |
Զանգվածային լրատվության միջոցներով, բացառությամբ կուսակցությունների հիմնադրած մամուլի միջոցների, թեկնածուների, կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) նախընտրական քարոզչության իրականացման համար հավասար պայմաններ` եթերաժամ կամ ծավալ, սակագին և այլն չապահովելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` լրատվական գործունեություն իրականացնողի նկատմամբ` նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից մինչև վեցհարյուրապատիկի չափով:
Նախընտրական քարոզչության իրականացման համար օրենքով սահմանված ժամանակահատվածում հեռուստառադիոընկերությամբ (հեռուստաընկերությամբ կամ ռադիոընկերությամբ) հեռարձակվող լրատվական հաղորդումներում թեկնածուների, կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) կողմից իրականացվող նախընտրական քարոզչության վերաբերյալ ակնհայտ կողմնակալ և (կամ) գնահատականներով տեղեկատվություն ներկայացնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` լրատվական գործունեություն իրականացնողի նկատմամբ` նվազագույն աշխատավարձի վեցհարյուրապատիկից մինչև ութհարյուրապատիկի չափով:
Օրենքով սահմանված կարգով որպես թեկնածու գրանցվելուց հետո` մինչև ընտրությունների ավարտն ընկած ժամանակահատվածը, հեռուստառադիոընկերությունների աշխատակիցների կողմից հեռուստառադիոընկերությամբ (հեռուստաընկերությամբ կամ ռադիոընկերությամբ) ընտրությունները լուսաբանելը և (կամ) հեռուստառադիոհաղորդում (հեռուստահաղորդում կամ ռադիոհաղորդում) վարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` լրատվական գործունեություն իրականացնողի նկատմամբ` նվազագույն աշխատավարձի վեցհարյուրապատիկից մինչև ութհարյուրապատիկի չափով:
Նախընտրական քարոզչության իրականացման համար օրենքով սահմանված ժամանակահատվածում նախընտրական քարոզչությանը վերաբերող հեռուստառադիոհաղորդումները (հեռուստահաղորդումները կամ ռադիոհաղորդումները) ապրանքների կամ ծառայությունների գովազդով ընդմիջելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` լրատվական գործունեություն իրականացնողի նկատմամբ` նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից մինչև հինգհարյուրապատիկի չափով:»:
Հոդված 6. Օրենսգրքի 5-րդ գլուխը լրացնել հետևյալ բովանդակությամբ 40.8-րդ, 40.9-րդ, 40.10-րդ, 40.11-րդ և 40.12-րդ հոդվածներով.
«Հոդված 40.8. |
Նախընտրական քարոզչություն կատարելու իրավունք չունեցող անձանց կողմից նախընտրական քարոզչություն կատարելը և քարոզչական նյութեր տարածելը |
Նախընտրական քարոզչության իրականացման համար օրենքով սահմանված ժամանակահատվածում նախընտրական քարոզչություն կատարելու իրավունք չունեցող անձանց կողմից նախընտրական քարոզչություն կատարելը և ցանկացած բնույթի քարոզչական նյութ տարածելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով:
Հոդված 40.9. |
Թեկնածուների, կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) վարկանիշների վերաբերյալ սոցիոլոգիական հարցումների հրապարակման համար օրենքով սահմանված կարգը խախտելը |
Նախընտրական քարոզչության իրականացման համար օրենքով սահմանված ժամանակահատվածում թեկնածուների, կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) վարկանիշների վերաբերյալ սոցիոլոգիական հարցում հրապարակելիս դրանում օրենքով նախատեսված տեղեկությունները չնշելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` ֆիզիկական անձանց նկատմամբ` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով, հարցում իրականացնող կազմակերպության նկատմամբ` նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից մինչև հինգհարյուրապատիկի չափով:
Քվեարկության օրվան նախորդող 7 օրվա ընթացքում, ներառյալ` քվեարկության օրը` մինչև ժամը 20.00-ն, թեկնածուների, կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) վերաբերյալ սոցիոլոգիական հարցման արդյունքներ հրապարակելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` ֆիզիկական անձանց նկատմամբ` նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից մինչև հինգհարյուրապատիկի չափով, հարցում իրականացնող կազմակերպության նկատմամբ` նվազագույն աշխատավարձի վեցհարյուրապատիկից մինչև ութհարյուրապատիկի չափով:
Հոդված 40.10. | Թեկնածուների, կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) կողմից ընտրողներին դրամ, սննդամթերք, արժեթղթեր, ապրանքներ տալը (խոստանալը) կամ ծառայություններ մատուցելը (խոստանալը) |
Նախընտրական քարոզչության իրականացման համար օրենքով սահմանված ժամանակահատվածում թեկնածուների, կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) կողմից անձամբ կամ նրանց անունից բարեգործության անվան տակ կամ որևէ այլ եղանակով ընտրողներին անհատույց կամ արտոնյալ պայմաններով դրամ, սննդամթերք, արժեթղթեր, ապրանքներ տալը (խոստանալը) կամ ծառայություններ մատուցելը (խոստանալը), եթե դրա համար քրեական պատասխանատվություն նախատեսված չէ`
առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի հազարապատիկից մինչև երկուհազարապատիկի չափով:
Բարեգործության հետ միաժամանակ նախընտրական քարոզչություն իրականացնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկից մինչև երկուսուկեսհազարապատիկի չափով:
Հոդված 40.11. | Անանուն քարոզչական տպագիր նյութեր տարածելը |
Նախընտրական քարոզչության իրականացման համար օրենքով նախատեսված ժամանակահատվածում քարոզչական տպագիր նյութի պատվիրատուի, տպագրող կազմակերպության և տպաքանակի վերաբերյալ տեղեկություններ չպարունակող քարոզչական տպագիր նյութեր տարածելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև հինգհարյուրապատիկի չափով:
Հոդված 40.12. | Քարոզչական պաստառները պոկելը, պատռելը կամ դրանց վրա գրառումներ կատարելը |
Նախընտրական քարոզչության իրականացման համար օրենքով նախատեսված ժամանակահատվածում քարոզչական պաստառներ փակցնելու համար առանձնացված տեղերում փակցված քարոզչական պաստառները դիտավորյալ պոկելը, պատռելը կամ դրանց վրա գրառումներ կատարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև հարյուրապատիկի չափով:»:
Հոդված 7. Օրենսգրքի 223-րդ հոդվածում`
1) 1-ին մասի 1-ին կետի «40.1, 40.3-40.7» թվերը փոխարինել «40.1-40.4, 40.6- 40.12» թվերով.
2) 1-ին մասի 2-րդ կետի «40.2» թիվը հանել:
Հոդված 8. Օրենսգրքի 254-րդ հոդվածում`
1) 1-ին մասի 1-ին կետի «40.1, 40.3, 40.4, 40.6 և 40.7» թվերը փոխարինել «40.1- 40.4, 40.6-40.11» թվերով.
2) 1-ին մասի 2-րդ կետը «օրենսգրքի» բառից հետո լրացնել «40.12,» թվով.
3) 2-րդ մասի «40.2,» թիվը հանել:
Հոդված 9. Օրենսգրքի 267-րդ հոդվածի 2-րդ մասում «40.1, 40.3-40.6» թվերը փոխարինել «40.1-40.4, 40.6-40.12» թվերով:
Հոդված 10. Օրենսգրքի 277-րդ հոդվածի 2-րդ մասում «40.1, 40.3-40.6» թվերը փոխարինել «40.1- 40.4, 40.6- 40.12» թվերով:
Հոդված 11. Օրենսգրքի 294-րդ հոդվածի 1-ին մասի «40.1, 40.3-40.6» թվերը հանել:
Հոդված 12. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2011 թ. հունիսի 14 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|