Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-138-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (23.05.2011-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2011.05.13/27(830) Հոդ.657
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
12.04.2011
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
06.05.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.05.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2011 թվականի ապրիլի 12-ին

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության 2000 թվականի մայիսի 17-ի ՀՕ-60 օրենքի (այսուհետ` Օրենք) 1-ին հոդվածի 3-րդ մասում`

 

1) իններորդ պարբերությունը լրացնել հետևյալ նախադասությամբ. «Տնտեսվարող սուբյեկտի ներկայացրած տեղեկատվության արժանահավատության և (կամ) փաստացի գործունեության բացահայտման և (կամ) Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի որոշման կատարման նկատմամբ վերահսկողության նպատակով հսկիչ գնումներ կարող է իրականացնել նաև Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը:».

2) տասնմեկերորդ պարբերության 2-րդ կետը, ինչպես նաև Օրենքի հավելված 2-ի վերնագիրը «հսկիչ գնումների» բառերից առաջ լրացնել «հարկային մարմնի կողմից» բառերով.

3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին կետով.

«2.1) Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական Հանձնաժողովի կողմից հսկիչ գնումների անցկացման կարգը` համաձայն հավելված 2.1-ի.».

4) տասներկուերորդ պարբերությունը լրացնել հետևյալ նախադասությամբ. «Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի` սույն կետի իններորդ պարբերությամբ սահմանված ուսումնասիրությունների արդյունքներն օգտագործվում են տնտեսվարող սուբյեկտի կողմից «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի խախտման հարցի քննարկման նպատակով:»:

 

Հոդված 2. Օրենքի 1-ին հոդվածի 4-րդ մասի «օրենքի խախտման փաստերի քննարկման կապակցությամբ ընդունված որոշման հիման վրա ներկայացված փաստաթղթերի և այլ տեղեկատվության հավաստիության» բառերը փոխարինել «տնտեսվարող սուբյեկտի ներկայացրած տեղեկատվության արժանահավատության և (կամ) փաստացի գործունեության բացահայտման և (կամ) Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի որոշման կատարման նկատմամբ վերահսկողության» բառերով:

 

Հոդված 3. Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասը վերջին պարբերությունից առաջ լրացնել հետևյալ պարբերությունով.

 

«Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված կամ գրանցված կազմակերպություններում` օրենքով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի իրավասությանը վերապահված հարցադրումներով ստուգման անհրաժեշտության դեպքում միջնորդությամբ դիմում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ, որն օրենքով սահմանված կարգով նշված կազմակերպություններում իրականացնում է ստուգում, որի արդյունքներով կազմված եզրակացությունը տրամադրում է Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին:»:

 

Հոդված 4. Օրենքը լրացնել 2.1-ին հավելվածով.

 

 

 «Հավելված 2.1
«Հայաստանի Հանրապետությունում
 ստուգումների կազմակերպման
և անցկացման մասին» Հայաստանի
 Հանրապետության օրենքի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈՂՄԻՑ ՀՍԿԻՉ ԳՆՈՒՄՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

1.1. Uույն կարգով սահմանվում է «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերում Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով) կողմից տնտեսվարող սուբյեկտի ներկայացրած տեղեկատվության արժանահավատության և (կամ) տնտեսվարող սուբյեկտի փաստացի գործունեության բացահայտմանը և (կամ) Հանձնաժողովի որոշման կատարման նկատմամբ վերահսկողությանն ուղղված հսկիչ գնումների իրականացման կարգը:

1.2. Հանձնաժողովի կողմից իրականացվող հսկիչ գնում է համարվում ապրանքի գնի, որակի, քանակի, այլ բնութագրերի, տնտեսվարող սուբյեկտի փաստացի գործողությունների կամ վարքագծի բացահայտման նպատակով Հանձնաժողովի իրականացրած ուսումնասիրությունը:

1.3. Հսկիչ գնում իրականացնելու համար հիմք են հանդիսանում`

ա) Հանձնաժողովի համապատասխան աշխատակցի` Հանձնաժողովի նախագահին ուղղված զեկուցագիրը հսկիչ գնում իրականացնելու վերաբերյալ,

բ) սահմանված կարգով երրորդ անձից ստացված տեղեկությունները:

1.4. Հսկիչ գնումն իրականացվում է Հանձնաժողովի նախագահի հրամանի հիման վրա, որտեղ նշվում են հսկիչ գնում կատարելու հիմքերը, նպատակը, տնտեսվարող սուբյեկտի տվյալները (անվանումը, գտնվելու վայրը), հսկիչ գնում իրականացնելու վայրը, ժամկետները և Հանձնաժողովի` հսկիչ գնում իրականացնող պաշտոնատար անձի (անձանց) տվյալները (անունը, ազգանունը, պաշտոնը)` վավերացված Հանձնաժողովի կնիքով: Ընդ որում, հսկիչ գնումն այլ անձի միջոցով (անձի գրավոր համաձայնությամբ) իրականացնելու դեպքում հրամանում նշվում են նաև այդ անձի տվյալները (ֆիզիկական անձի դեպքում` անձնագրային տվյալները, իրավաբանական անձի դեպքում` հարկ վճարողի հաշվառման համարը, անվանումը, գտնվելու վայրը):

1.5. Հսկիչ գնումից հետո հրամանը ներկայացվում է տնտեսվարող սուբյեկտի ղեկավարին կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին:

1.6. Հսկիչ գնման արդյունքում կազմվում է Հանձնաժողովի սահմանած ձևով արձանագրություն` երկու օրինակից: Արձանագրության մեջ նշվում են հրամանի համարը, ամսաթիվը, արձանագրության կազմման վայրը, հսկիչ գնման իրականացման վայրը, ժամանակը, հսկիչ գնումն իրականացնող պաշտոնատար անձի (անձանց) անունը, ազգանունը, պաշտոնը, հսկիչ գնումն այլ անձի միջոցով կատարելու դեպքում նաև այդ անձի տվյալները, տնտեսվարող սուբյեկտի տվյալները (անվանումը, գտնվելու վայրը), ստացված արդյունքները: Արձանագրությունն ստորագրում են հսկիչ գնում կատարող անձինք և տնտեսվարող սուբյեկտի անունից ապրանքներ վաճառող, ծառայություններ մատուցող և (կամ) դրամական հաշվարկ կատարող աշխատողը: Արձանագրության մեկ օրինակը հանձնվում է տնտեսվարող սուբյեկտի ղեկավարին կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին, որն առարկություններ ունենալու դեպքում դրանք ներկայացնում է գրավոր:

2. Հանձնաժողովի կողմից իրականացվող հսկիչ գնումները ֆինանսավորվում են պետական բյուջեով Հանձնաժողովի համար նախատեսված միջոցների հաշվին, իսկ հսկիչ գնումների արդյունքում ձեռք բերված ապրանքների տնօրինման կարգը հաստատում է Հանձնաժողովը:»:

 

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան


2011 թ. մայիսի 6

Երևան

ՀՕ-138-Ն

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան