ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
քաղ. Երևան |
20 մայիսի 2025 թ. |
ԱՐՄԵՆ ԱՎԱԳՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 418-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 1-ԻՆ ԵՎ 2-ՐԴ ԿԵՏԵՐԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Սահմանադրական դատարանը՝ կազմով. | |
նախագահ` դատավորներ՝ |
Արման Դիլանյանի (նախագահող), Հրայր Թովմասյանի, Դավիթ Խաչատուրյանի, Երվանդ Խունդկարյանի, Հովակիմ Հովակիմյանի, Էդգար Շաթիրյանի, Սեդա Սաֆարյանի, |
մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակում)՝ | |
դիմողի՝ |
Արմեն Ավագյանի (այսուհետ՝ Դիմող) |
ներկայացուցիչ՝ |
փաստաբան Լուսինե Գրիգորյանի, |
պատասխանող՝ |
Ազգային ժողովի (այսուհետ՝ Պատասխանող) |
ներկայացուցիչ՝ |
Ազգային ժողովի աշխատակազմի իրավական ապահովման և սպասարկման բաժնի պետ Մարի Ստեփանյանի, |
համաձայն Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետի, 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 22 և 69-րդ հոդվածների,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Արմեն Ավագյանի դիմումի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգիրքը (այսուհետ՝ Օրենսգիրք) Ազգային ժողովի կողմից ընդունվել է 2018 թվականի փետրվարի 9-ին, Հանրապետության նախագահի կողմից ստորագրվել` 2018 թվականի փետրվարի 27-ին և ուժի մեջ է մտել 2018 թվականի ապրիլի 9-ին:
Օրենսգրքի՝ «Նոր երևան եկած հանգամանքներով դատական ակտի վերանայման հիմքերը» վերտառությամբ 418-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերը սահմանում են.
«1. Նոր երևան եկած հանգամանքները հիմք են դատական ակտի վերանայման համար, եթե`
1) բողոք բերած անձն ապացուցում է, որ այդ հանգամանքները գոյություն են ունեցել գործի լուծման պահին, հայտնի չեն եղել և չէին կարող հայտնի լինել բողոք բերած գործին մասնակցող անձին ու դատարանին, և այդ հանգամանքները գործի լուծման համար ունեն էական նշանակություն.
2) դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով հաստատված` վկայի սուտ ցուցմունքները, փորձագետի ակնհայտ կեղծ եզրակացությունը, թարգմանչի ակնհայտ սխալ թարգմանությունը, գրավոր կամ իրեղեն ապացույցների կեղծված լինելը հանգեցրել են ապօրինի կամ չհիմնավորված դատական ակտ կայացնելուն.»:
Օրենսգրքի վիճարկվող դրույթները չեն փոփոխվել/լրացվել:
Գործի քննության առիթը Դիմողի՝ 2025 թվականի հունվարի 9-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է։
Ուսումնասիրելով դիմումը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Պատասխանողի գրավոր բացատրությունը, ինչպես նաև վերլուծելով Օրենսգրքի վերաբերելի դրույթները՝ Սահմանադրական դատարանը պարզեց.
Գործի դատավարական նախապատմությունը
1. Կարեն Սավզյանը 2016 թվականի հուլիսի 14-ին դիմում է ներկայացրել Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ՝ Դատարան)՝ Դիմողին սնանկ ճանաչելու պահանջով։
2. Դատարանի 2016 թվականի օգոստոսի 22-ի վճռով Դիմողը ճանաչվել է սնանկ: Դատարանի 2017 թվականի մայիսի 5-ի որոշմամբ հաստատվել է Դիմողի սնանկության գործով պահանջների վերջնական ցուցակը։
3. Դիմողի սնանկության գործով կառավարիչ Հայկ Կոշեցյանը (այսուհետ նաև՝ Կառավարիչ) 2017 թվականի մայիսի 15-ին միջնորդություն է ներկայացրել Դատարան` պարտապանին պատկանող գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու թույլտվության մասին, որը Դատարանի 2017 թվականի մայիսի 22-ի որոշմամբ բավարարվել է։
4. 2021 թվականի հունիսի 17-ին Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնի ավագ քննիչի որոշմամբ (այսուհետ՝ Որոշում) թիվ 09172219 քրեական գործով վարույթը կարճվել է և որոշվել՝ Հայկ Աղասու Կոշեցյանի նկատմամբ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 349-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդում չիրականացնել՝ վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով: Սույն որոշմամբ, ի թիվս այլնի, նշվել է.
«(...) ԵԱՔԴ/0231/04/16 սնանկության գործի շրջանակներում սնանկության գործով կառավարիչ Հայկ Կոշեցյանը, պարտավորված լինելով «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի պահանջների պահպանմամբ պարտատերերի ժողով անցկացնելու և դրան կից արձանագրություն կազմելու, կազմել է ժողովին կից կեղծ արձանագրություն (...):
(...)
Բացի այդ, ԵԱՔԴ/0231/04/16 սնանկության գործի շրջանակներում սնանկության գործով կառավարիչ Հայկ Կոշեցյանը (...) կազմել և հետագայում Արմեն Ավագյանի և Վահե Մելքոնյանի ստորագրությանն է ներկայացրել 24.03.2017թ. թվագրմամբ կեղծ գույքագրման ակտ (...)»:
5. Դիմողի ներկայացուցիչը Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարան (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) է ներկայացրել վերաքննիչ բողոք Դատարանի 2017 թվականի մայիսի 22-ի որոշման դեմ՝ որպես նոր երևան եկած հանգամանք վկայակոչելով Որոշմամբ արձանագրված այն հանգամանքը, որ Հայկ Կոշեցյանը, թիվ ԵԱՔԴ/0231/04/16 սնանկության գործի շրջանակներում հանդիսանալով սնանկության գործով կառավարիչ, կեղծել է ապացույցներ ու ներկայացրել Դատարանին։
6. Վերաքննիչ դատարանը 2021 թվականի հոկտեմբերի 8-ի որոշմամբ վերաքննիչ բողոքն ընդունել է վարույթ:
7. 2021 թվականի հոկտեմբերի 25-ին Վերաքննիչ դատարանը թիվ ԵԱՔԴ/0231/04/16 սնանկության գործով որոշել է Դիմողի վերաքննիչ բողոքը բավարարել՝ վերացնելով Դատարանի 2017 թվականի մայիսի 22-ի «Պարտապանին պատկանող գույքի վաճառքը հրապարակային սակարկություններով իրականացնելու վերաբերյալ կառավարչի միջնորդությունը բավարարելու մասին» որոշումը` հարցն ուղարկելով Սնանկության դատարան՝ նոր քննության:
8. Վերաքննիչ դատարանը 2021 թվականի հոկտեմբերի 25-ի որոշմամբ արձանագրել է. «(...) 17.06.2021 թվականի քրեական գործով վարույթը կարճելու մասին որոշմամբ հաստատված է համարվել, որ Հայկ Կոշեցյանը, թիվ ԵԱՔԴ/0231/04/16 սնանկության գործի շրջանակներում հանդիսանալով սնանկության գործով կառավարիչ, կեղծել է ապացույցներ և ներկայացրել թիվ ԵԱՔԴ/0231/04/16 սնանկության գործը քննած դատարանին, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ առկա են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերը, քանի որ թե՛ բողոք բերող անձին և թե՛ Դատարանին հայտնի չեն եղել սնանկության գործով կառավարչի կողմից կեղծ փաստաթղթեր կազմելու հանգամանքները, որոնք տվյալ գործի լուծման համար ունեցել են էական նշանակություն»:
9. Վերաքննիչ դատարանի 2021 թվականի հոկտեմբերի 25-ի որոշման դեմ վճռաբեկ բողոքներ են ներկայացրել Կառավարիչը և «Ամերիաբանկ» փակ բաժնետիրական ընկերությունը։
10. Վճռաբեկ դատարանի 2022 թվականի հունվարի 5-ի որոշմամբ Վերաքննիչ դատարանի 2021 թվականի հոկտեմբերի 25-ի որոշման դեմ Կառավարչի ներկայացրած վճռաբեկ բողոքը թողնվել է առանց քննության։
11. Վճռաբեկ դատարանի 2022 թվականի մայիսի 18-ի որոշմամբ Վերաքննիչ դատարանի 2021 թվականի հոկտեմբերի 25-ի որոշման դեմ «Ամերիաբանկ» փակ բաժնետիրական ընկերության կողմից ներկայացված վճռաբեկ բողոքն ընդունվել է վարույթ։
12. Վճռաբեկ դատարանը 2024 թվականի հուլիսի 4-ի որոշմամբ բավարարել է «Ամերիաբանկ» փակ բաժնետիրական ընկերության վճռաբեկ բողոքը՝ արձանագրելով, որ «(...) վերաքննիչ բողոքում նշված հանգամանքը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի իմաստով չէր կարող որակվել որպես «նոր երևան եկած հանգամանք», քանի որ գրավոր կամ իրեղեն ապացույցների կեղծված լինելու արդյունքում ապօրինի կամ չհիմնավորված դատական ակտ կայացնելու հանգամանքն օրենսդիրը նախատեսել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, և այդ հիմքով դատական ակտը վերանայելու համար անհրաժեշտ պայման է նախատեսել դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով այդ հանգամանքները հաստատված լինելը, մինչդեռ տվյալ դեպքում առկա է նախաքննական մարմնի որոշում, որը հանդիսանալով ինքնուրույն դատավարական փաստաթուղթ, չի կարող նույնացվել անձի մեղավորությունը հաստատող մեկ այլ դատավարական փաստաթղթի` դատավճռի հետ։
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը չէր կարող ղեկավարվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և հիմք ընդունելով նախաքննական մարմնի որոշումը՝ վերացնել Դատարանի 22.05.2017 թվականի «Պարտապանին պատկանող գույքի վաճառքը հրապարակային սակարկություններով իրականացնելու վերաբերյալ կառավարչի միջնորդությունը բավարարելու մասին» որոշումն ու հարցն ուղարկել Սնանկության դատարան՝ նոր քննության»:
13. Վերաքննիչ դատարանը 2024 թվականի սեպտեմբերի 10-ի որոշմամբ Դիմողի ներկայացուցչի վերաքննիչ բողոքը մերժել է և Դատարանի 2017 թվականի մայիսի 22-ին կայացրած՝ «Պարտապանին պատկանող գույքի վաճառքը հրապարակային սակարկություններով իրականացնելու վերաբերյալ կառավարչի միջնորդությունը բավարարելու մասին» որոշումը թողել օրինական ուժի մեջ։
14. Վերաքննիչ դատարանի 2024 թվականի սեպտեմբերի 10-ի որոշման դեմ Դիմողի կողմից ներկայացվել է վճռաբեկ բողոք։
15. Վճռաբեկ դատարանը 2024 թվականի հոկտեմբերի 30-ի որոշմամբ մերժել է Վերաքննիչ դատարանի 2024 թվականի սեպտեմբերի 10-ի որոշման դեմ Դիմողի ներկայացրած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը։
Դիմողի դիրքորոշումները
16. Դիմողը, ներկայացնելով բարձրացված հարցադրման կապակցությամբ ներպետական իրավակարգավորումները, Սահմանադրական դատարանի և Վճռաբեկ դատարանի համապատասխան իրավական դիրքորոշումները, գտնում է, որ վիճարկվող նորմին Վճռաբեկ դատարանի կողմից տրված նեղ, նորմի սահմանադրաիրավական բովանդակությունից չբխող մեկնաբանումը հակասում է Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասին, 63-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերին՝ հաշվի առնելով Սահմանադրության 1-ին, 3, 75 և 80-րդ հոդվածների պահանջներն այնքանով, որքանով վիճարկվող նորմը՝ որպես նոր երևան եկած հանգամանք, չի նախատեսում դատավճռից տարբերվող այլ դատավարական փաստաթղթերով հաստատված հանգամանքներ:
17. Դիմողը նշում է, որ վիճարկվող դրույթներին տրված «(...) նեղ մեկնաբանման պայմաններում ստացվում է, որ եթե հանցագործության փաստի առկայությունը չի հաստատվել օրինական ուժի մեջ մտած դատավճռով, ապա առկա չէ Օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կամ 2-րդ կետերի ուժով դատական ակտի վերանայման հիմք, քանի որ ըստ Վճռաբեկ դատարանի, գրավոր կամ իրեղեն ապացույցների կեղծված լինելու արդյունքում ապօրինի կամ չհիմնավորված դատական ակտ կայացնելու հանգամանքն օրենսդիրը նախատեսել է ոչ թե Օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, այլ 2-րդ կետով, որն էլ պահանջում է պարտադիր դատավճռի առկայություն:
(...) Քրեադատավարական օրենսդրությունը կոնկրետ հիմքերի առկայության դեպքում պահանջում է կայացնել քրեական վարույթը կարճելու մասին որոշում և բացառում է դատավճիռ կայացնելու իրավական ու իրական հնարավորությունը ու այս պայմաններում Դիմողը և նրա նման տուժած անձիք հնարավորություն չեն ունենում վերականգնել իրենց խախտված իրավունքները և կրում են օրենքով չնախատեսված և իրենց վարքագծով չպայմանավորված ծանր բեռ, իսկ որոշ դեպքերում նաև՝ անդառնալի հետևանք»:
18. Դիմողը գտնում է, որ Վճռաբեկ դատարանի կողմից քննարկվող նորմին տրված գնահատականը հակադրվում է իրավունքի գերակայության կարևոր բաղադրատարր հանդիսացող և Սահմանադրությամբ ուղղակիորեն նախատեսված՝ Դիմողի արդար դատական քննության և դատական պաշտպանության իրավունքներին: Այլ կերպ ասած՝ վիճարկվող իրավանորմին տրված մեկնաբանությունը բավարար չափով և հստակությամբ չի ծառայում արդար դատաքննությանը, քանի որ դատական ակտի վերանայման ինստիտուտի ներդրումն ուղղված է կեղծ, անարժանահավատ ապացույցների հիմքով կայացված դատական ակտի վերացմանը և դատավարության մասնակիցների խախտված իրավունքների վերականգնմանը:
19. Ըստ Դիմողի՝ երբ քրեական վարույթն իրականացնող մարմնի միջոցով պարզվում է, որ գրավոր ապացույցը կեղծված է, ապա անթույլատրելի է դատական ակտի վերանայումը մերժելը միայն այն պատճառաբանությամբ, որ գրավոր ապացույցի կեղծված լինելը հաստատել է քննիչը՝ քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշմամբ, այլ ոչ թե դատարանը՝ դատավճռով:
20. Դիմողը եզրահանգում է, որ Օրենսգրքի վիճարկվող 418-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերին Վճռաբեկ դատարանի կողմից տրված մեկնաբանությունը հակասում է Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասին, 63-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերին՝ հաշվի առնելով նաև Սահմանադրության 1-ին, 3, 75 և 80-րդ հոդվածների պահանջներն այնքանով, որքանով դրանով չի ապահովվում նոր երևան եկած հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայման հնարավորություն այն դեպքում, երբ քրեական գործի շրջանակներում հաստատվել է գրավոր ապացույցի կեղծված լինելը, հանցագործության համար մեղադրվող անձն ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքը, և միայն վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով կարճվել է քրեական գործը, և վաղեմության ժամկետն ավարտված լինելու հիմքով առկա չէ օրինական ուժի մեջ մտած դատավճիռ։
21. Դիմողը խնդրում է «(…) ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերին ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից տրված մեկնաբանությունը ճանաչել Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի և 63-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերին պահանջներին հակասող և անվավեր՝ այնքանով, որքանով այն չի ապահովվում նոր երևան եկած հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայման հնարավորություն այն դեպքում, երբ քրեական գործի շրջանակներում հաստատվել է հանցագործության փաստի առկայությունը, իսկ եթե Բարձր Դատարանը կգա եզրահանգման, որ ՀՀ վճռաբեկ դատարանը իր լիազորությունների շրջանակում չի կարող նման լայն մեկնաբանություն տալ նորմին և նման մեկնաբանություն տալու արդյունքում կստանձնի օրենսդրի լիազորություններ՝ այդ կերպ խախտելով իշխանության ճյուղերի միջև առկա սահմանադրական հավասարակշռումը, ապա խնդրում ենք Բարձր դատարանին վերը նշված նույն հիմնավորումներով արձանագրել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերի ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի և 63-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերի պահանջներին հակասող և անվավեր՝ այնքանով, որքանով օրենսդիրը չի նախատեսել վարույթ իրականացնող մարմնի կողմից հաստատված հանցագործության փաստի առկայությունը, որպես նոր երևան եկած հանգամանք» (ընդգծումը՝ Դիմողի)։
Պատասխանողի դիրքորոշումները
22. Պատասխանողը, ներկայացնելով Սահմանադրական դատարանի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վերաբերելի իրավական դիրքորոշումները, ինչպես նաև Օրենսգրքի վիճարկվող դրույթը, նշում է. «(...) Օրենսգրքի 418-րդ հոդվածը մեկնաբանելիս պետք է ելնել նորմի կարգավորիչ նպատակից: Օրենսգրքի 418-րդ հոդվածը վերաբերում է ոչ պատշաճ իրականացված արդարադատության ուղղմանը: Այս նորմի նպատակն է ապահովել, որ իրավական սխալները կամ թերությունները ուղղվեն՝ գործով ճշմարտությունը բացահայտելու և անձի խախտված իրավունքները վերականգնելու միջոցով, որը կհանգեցնի գործի ճիշտ և հիմնավորված լուծմանը: Այսպիսով, նորմը վերաբերում է ոչ միայն դատավարական սխալներին, այլ ավելի խորությամբ նպատակ ունի վերականգնել մարդու իրավունքները, եթե դրանք որևէ պատճառով խախտվել են:
(...)
Հիմք ընդունելով այն, որ Օրենսգրքի 418-րդ հոդվածը ուղղված է արդարադատության և մարդու իրավունքների պաշտպանության նպատակներին, նրա լայն մեկնաբանությունը ոչ միայն անհրաժեշտ է, այլև կենսական կարևորություն ունի, որպեսզի օրենքի իրացման ընթացքում ապահովվի այնպիսի արդարադատություն, որը հաշվի է առնում ոչ միայն օրենքի բառացի պահանջները, այլ նաև արդարադատության և մարդու իրավունքների հիմնարար սկզբունքները» (ընդգծումը՝ Պատասխանողի):
23. Պատասխանողը գտնում է, որ վիճարկվող իրավակարգավորումների «(...) նեղ մեկնաբանության արդյունքում, անձը ոչ միայն զրկվում է ոչ պատշաճ արդարադատություն իրականացվելու հետևանքով իր խախտված իրավունքները վերականգնելու հնարավորությունից, այլև կեղծ ապացույցների վրա հիմնված դատական ակտը շարունակում է օրինական ուժի մեջ մնալ՝ միայն այն մեկնաբանությամբ, որ դատավարական բավարար գործիքակազմ «առկա չէ», ինչը նշանակում է, որ դատական ակտը շարունակելու է մնալ օրինական ուժի մեջ՝ առանց վերանայման հնարավորության, ինչն էլ կասկածի տակ է դնում դրա հիմնավորվածությունը և օրինականությունը»:
24. Պատասխանողն արձանագրում է, որ «(…) թեև Օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում նախատեսվել է որպես դատական ակտի վերանայման առանձին հիմք, այդուհանդերձ դա չի բացառում դատական ակտը Օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով վերանայելու հնարավորությունը։ Հակառակ դեպքում կստացվի մի իրավիճակ, երբ առկա է գրավոր կամ իրեղեն ապացույցները կեղծված լինելու հանգամանք, որը, սակայն, չի հաստատվել դատարանի օրինական ուժի մեջ մտած դատական ակտով (…), որի արդյունքում անձը կարող է զրկվել իր դատական պաշտպանության իրավունքից, ինչը հակասում է արդար դատաքննության սկզբունքներին»:
25. Ըստ Պատասխանողի՝ «(…) նոր երևան եկած հանգամանքների հիման վրա դատական ակտի վերանայման հնարավորության ապահովումը, մասնավորապես, երբ հաստատվում է գրավոր ապացույցների կեղծումը, էական նշանակություն ունի դատական գործընթացի ամբողջականությունը պահպանելու համար։ Եթե անգամ մեղադրյալն ընդունել է մեղադրանքը, և գործը կարճվել է վաղեմության ժամկետը լրանալու պատճառով, և առկա չէ դատավճռով հաստատված փաստաթղթերի կեղծված լինելու հանգամանք, ապա ապացույցների կեղծումը կասկածի տակ է դնում դատաքննության արդարությունը և վճռի հիմնավորվածությունը»։
26. Պատասխանողը պնդում է, որ «(…) օրենսդիրը 418-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով մեղքի կամ մեղավորության դատավճռով հաստատված լինելու պահանջ չի սահմանել։
(…) Օրենսգրքի 418-րդ հողվածը մեկնաբանելիս պետք է առաջնորդվել այն սկզբունքից, որ այդ նորմը ունի «նորոգիչ» բնույթ՝ ոչ պատշաճ իրականացված գործի քննությունը շտկելու, արդարադատությունը շտկելու, անձի խախտված իրավունքները վերականգնելու արդյունավետ հնարավորություն։ Վճռաբեկ դատարանի կողմից նշված նորմին դրա նպատակից չբխող, ինչպես նաև անձի արդար դատաքննության իրավունքի և արդյունավետ դատական պաշտպանության իրավունքի էությունից չբխող մեկնաբանության արդյունքում սահմանափակվել է անձի սահմանադրորեն երաշխավորված հիմնարար իրավունքները» (ընդգծումը՝ Պատասխանողի)։
27. Պատասխանողը նաև նշում է, որ «(…) Օրենսգրքի 418-րդ հոդվածը հանդիսանում է մարդու խախտված իրավունքները վերականգնելու նշանակալի երաշխիք, հետևաբար` վիճարկվող դրույթն իր իրավակարգավորիչ դերով և հետապնդվող նպատակներով սահմանադրականության խնդիր չի հարուցում՝ այն սահմանում է արդար և արդյունավետ դատաքննություն իրականացնելու և անձանց խախտված իրավունքները պաշտպանելու հնարավորությունը։ Վիճարկվող նորմերին Վճռաբեկ դատարանի կողմից տրված մեկնաբանությունը, գտնում ենք, որ սահմանադրականության տեսանկյունից խնդրահարույց է»։
28. Պատասխանողը խնդրում է սույն գործով ընդունել որոշում՝ վիճարկվող դրույթը Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելու մասին:
Գործի շրջանակներում պարզման ենթակա հանգամանքները
29. Սահմանադրական դատարանը նախևառաջ արձանագրում է, որ սույն դիմումում բարձրացված հանգամանքները, ըստ էության, վերաբերում են Օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետին, ուստի՝ Սահմանադրական դատարանը չի անդրադառնում նույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետին: Վերոգրյալի հաշվառմամբ՝ սույն գործով վիճարկվող նշյալ դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության՝ Սահմանադրությանը համապատասխանությունը գնահատելու համար Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ, մասնավորապես, հետևյալ հարցադրմանը.
- արդյո՞ք Օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետին իրավակիրառ պրակտիկայում տրված այն մեկնաբանությունը, որի համաձայն՝ մինչդատական վարույթում քննիչի, իրավասու դատախազի համապատասխան որոշումը (համապատասխանաբար՝ քրեական վարույթը կարճելու, քրեական հետապնդումը դադարեցնելու և այլն), որում ամրագրված են քաղաքացիական/սնանկության գործի լուծման համար էական նշանակություն ունեցող և օրինական ուժի մեջ մտած դատական ակտի կայացման հիմքում ընկած՝ իրականությանը չհամապատասխանող գրավոր կամ իրեղեն ապացույցների առկայությունը վկայող հանգամանքները, որոնք գոյություն են ունեցել տվյալ գործի լուծման պահին, հայտնի չեն եղել և չէին կարող հայտնի լինել բողոք բերած գործին մասնակցող անձին ու դատարանին, Օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի իմաստով չի կարող որակվել որպես «նոր երևան եկած հանգամանք»՝ հաշվի առնելով Օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված իրավակարգավորումը, որը դատական ակտը վերանայելու համար անհրաժեշտ պայման է նախատեսում դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով հաստատված՝ գրավոր կամ իրեղեն ապացույցների կեղծված լինելը, ապահովում է քաղաքացիական դատավարության շրջանակներում նոր երևան եկած հանգամանքով օրինական ուժի մեջ մտած դատական ակտի վերանայման միջոցով անձի՝ Սահմանադրության 61 և 63-րդ հոդվածների 1-ին մասերով երաշխավորված համապատասխանաբար՝ արդյունավետ դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքների արդյունավետ իրացման հնարավորությունը:
Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումները
30. Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է.
«Յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք»:
31. Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասն ամրագրում է.
«Յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք»:
32. Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Սահմանադրության 61 և 63-րդ հոդվածների 1-ին մասերով երաշխավորված վերոնշյալ երկու հիմնական իրավունքներն օժտված են մեկ միասնական սահմանադրաիրավական առաքելությամբ և գտնվում են փոխադարձ օրգանական կապի մեջ:
33. Սահմանադրական դատարանն արձանագրում է նաև, որ միայն դատական պաշտպանության իրավունքի գործադրմամբ է հնարավոր հասնել արդար դատաքննության իրավունքի կենսագործմանը, և, միաժամանակ, միայն գործի արդարացի քննության պայմաններում է ապահովվում դատական պաշտպանության իրավունքի կենսական հատկանիշը՝ արդյունավետությունը։
34. Այս համատեքստում Սահմանադրական դատարանը գտնում է, որ արդյունավետ դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքները ենթադրում են նաև դատական ակտի վերանայման իրավունքի կենսագործմանը միտված համապատասխան օրենսդրական երաշխիքների առկայություն, քանզի ուժի մեջ մտած դատական ակտերի վերանայման ինստիտուտը, այդ թվում՝ նոր երևան եկած հանգամանքների հիմքով, գործուն երաշխիք է մարդու խախտված իրավունքների վերականգնմանը միտված իրավական գործիքակազմի համալիրում: Ընդ որում՝ հարկ է նկատի ունենալ, որ այս առումով առանցքային է ոչ միայն պատշաճ օրենսդրական կառուցակարգերի ամրագրումը, այլև դրանց՝ Սահմանադրությանը համահունչ մեկնաբանություն հաղորդելը, քանզի միայն այդ պայմաններում կարող է երաշխավորվել սույն ինստիտուտի նպատակային նշանակությամբ կենսագործումը:
35. Ուժի մեջ մտած դատական ակտերի վերանայման ինստիտուտի, այդ թվում՝ նոր երևան եկած հանգամանքների հիմքով, որպես մարդու խախտված իրավունքները վերականգնելու բացառիկ արդարադատական գործիքակազմի սահմանադրաիրավական բովանդակության բացահայտմանը Սահմանադրական դատարանը հանգամանորեն անդրադարձել է իր մի շարք որոշումներում (ՍԴՈ-701, ՍԴՈ-709, ՍԴՈ-751, ՍԴՈ-758, ՍԴՈ-767, ՍԴՈ-833, ՍԴՈ-872, ՍԴՈ-935, ՍԴՈ-1049, ՍԴՈ-1114, ՍԴՈ-1222, ՍԴՈ-1712 և այլն): Մասնավորապես՝ 2015 թվականի հունիսի 26-ի ՍԴՈ-1222 որոշմամբ Սահմանադրական դատարանը, անդրադառնալով նոր երևան եկած հանգամանքի սահմանադրաիրավական բնույթին և դրա հիմքով օրինական ուժի մեջ մտած դատական ակտի վերանայման ինստիտուտի իրավական բովանդակությանը, նշել է.
«(…)
- նոր երևան եկած հանգամանքների հիմքով դատական ակտերի օրինականության և հիմնավորվածության ստուգումն իրավական լուրջ երաշխիք է անձի խախտված իրավունքները վերականգնելու, դատական սխալներն ուղղելու և գործով ճշմարտությունը բացահայտելու ուղղությամբ,
- այդ հանգամանքներն իրենց բնույթով այնպիսին են, որ չնայած օբյեկտիվորեն գոյություն են ունեցել գործով վերջնական դատական ակտի կայացման պահին, սակայն հայտնի չէին և(կամ) չէին կարող հայտնի լինել թե՛ գործին մասնակցող անձանց և թե՛ դատարանին, կամ հայտնի են եղել գործին մասնակցող անձանց, բայց նրանցից անկախ պատճառներով չեն ներկայացվել դատարան, կամ որոշ դեպքերում (ՀՀ քաղ. դատ. օր.-ի 204.32-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետ)՝ նորահայտ են,
- իրավասու անձի կողմից որպես նոր երևան եկած հանգամանքներ դատարան ներկայացված հիմնավորումները (տեղեկությունները, փաստարկները) առիթ են ուժի մեջ մտած դատական ակտի օրինականությունն ու հիմնավորվածությունը պատշաճ իրավական ընթացակարգով ուսումնասիրելու և իրավական անհրաժեշտ հիմնավորումների (ապացույցների) առկայության (այդ հանգամանքները որպես գործի լուծման համար էական նշանակություն ունեցող գնահատվելու) դեպքում հիմք են դատական ակտը վերանայելու (բեկանելու և գործն իրավասու դատարանի նոր քննությանն ուղարկելու) համար, այսինքն` այդպիսի քննության շրջանակներում իրավասու դատարանը նաև պետք է որոշի, թե որքանով են ներկայացված հանգամանքներն ազդել քննության առարկա գործի ելքի վրա և ինչպես պետք է վերականգնվեն անձի հնարավոր խախտված իրավունքները,
- դատավարական (քրեական, քաղաքացիական) օրենսդրությամբ օբյեկտիվորեն սահմանված չէ որպես «նոր երևան եկած» գնահատելի հանգամանք հանդիսացող փաստարկների, տեղեկությունների, ապացույցների սպառիչ անվանական ցանկը, ինչը յուրաքանչյուր գործով շահագրգիռ անձի կողմից այդպիսիք ներկայացվելու դեպքում դատարանի գնահատման (որոշման) խնդիրն է, միաժամանակ, օրենսդրության խնդիրն է չբացառել որպես «նոր երևան եկած» իրավաբանորեն գնահատելի որևէ հանգամանքի՝ իրավասու դատարանում քննության հնարավորությունը, եթե դրա՝ դատական ակտի հիմքում օբյեկտիվորեն հաշվի չառնելը հանգեցրել է անիրավաչափ, անհիմն որոշման կայացմանը, հետևաբար` նաև անձի իրավունքների խախտմանը,
- ուժի մեջ մտած դատական ակտը՝ վկայակոչված այս կամ այն (նախապես հայտնի կամ անհայտ) հանգամանքի հիմքով վերանայելու անհրաժեշտության իրավական հիմնավորման (ապացուցման) պարտականությունը կրում է այդպիսի վերանայում նախաձեռնած անձը,
- ուժի մեջ մտած դատական ակտերի վերանայումը` նոր երևան եկած հանգամանքներով, կատարվում է դատավարական համապատասխան ընթացակարգով, որի շրջանակներում իրավասու դատարանը կոչված է լուծելու արդարադատական հետևյալ հիմնական խնդիրները. գործով կայացված որոշման հիմքում չարտացոլված և նոր երևան եկած փաստական հանգամանքների (ապացույցների) ուսումնասիրում, իրավագնահատում և իրավական վեճի լուծման համար օրենսդրության համապատասխան նորմերի ընտրություն, դրանց մեկնաբանում ու կիրառում, որոնց հաջորդում են պարտադիր իրավական հետևանքներ, այդ թվում՝ անձի իրավունքների պաշտպանության հետ կապված»։
36. Սահմանադրական դատարանը 2024 թվականի հունվարի 23-ի ՍԴՈ-1712 որոշմամբ արձանագրել է, որ «(...) օրինական ուժի մեջ մտած դատական ակտի վերջնականության սկզբունքից բացառություն կարող է լինել միայն ծանրակշիռ հիմնավորումներով, քանի որ հիշյալ հիմնարար սկզբունքի իրավական արժեքը պայմանավորված է օրինական ուժի մեջ մտած դատական ակտով դրա հասցեատերերի համար ստեղծված իրավական վիճակի կայունությունն ապահովելու (դրանով իսկ իրավական որոշակիությունը երաշխավորելու) սահմանադրական հրամայականով։
Իր հիմնարար իրավական արժեքով հանդերձ` օրինական ուժի մեջ մտած դատական ակտի վերջնականության սկզբունքը բացարձակ չէ, և դրանից կարող է լինել բացառություն՝ օրենքով սահմանված հիմքերով և կարգով՝ արդարադատության այնպիսի թերության ուղղման նպատակով, որի բացահայտմամբ օրինական ուժի մեջ մտած դատական ակտն անհամատեղելի է դառնում արդար դատաքննության բուն էության հետ։
Սահմանադրական դատարանն արձանագրում է նաև, որ օրինական ուժի մեջ մտած դատական ակտի վերանայման իրավունքը պահանջում է օրենքով նախատեսված հանգամանքների և պայմանների առկայության պարագայում օրինական ուժի մեջ մտած դատական ակտի իրավաչափության ստուգման հնարավորություն, որի իրականացումը, միաժամանակ, չի կարող հանգեցնել վերջնական դատական ակտի՝ վերաքննության կամ վճռաբեկության ընդհանուր կարգով բողոքարկման քողարկված հնարավորության»։
37. Սահմանադրական դատարանը 2025 թվականի փետրվարի 11-ի ՍԴՈ-1769 որոշմամբ արձանագրել է.
«79. (...) օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի վերջնականության սկզբունքը չունի բացարձակ բնույթ, և դրանից հնարավոր են բացառություններ, եթե այդ սկզբունքից շեղումը պայմանավորված է էական և ծանրակշիռ հիմնավորումներով, Սահմանադրական դատարանը գտնում է, որ նման հիմնավորումներ են, մասնավորապես, այնպիսիք, որոնց անտեսումը կարող է բերել հիմնական իրավունքի կամ ազատության պաշտպանության շրջանակին վերաբերող իրավական վեճերով դրանց խախտումների նկատմամբ Սահմանադրության գերակայության սկզբունքի հետ անհամատեղելի հանդուրժողականության:
80. Սահմանադրական դատարանը շեշտում է, որ օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի վերջնականության սկզբունքից ցանկացած բացառություն պետք է ունենա այնպիսի ծանրակշիռ հիմնավորումներ, որոնց առկայությունն անհատական իրավունքի կամ ազատության պաշտպանության և արդարադատության համակարգի կայունության մրցակցող շահերի պայմաններում բացառում է որևէ կասկածի հնարավորությունն առ այն, որ օրինական ուժի մեջ մտած դատական ակտի վերջնականության սկզբունքից նահանջը կարող է արդարացված լինել»։
38. Վերոգրյալի համատեքստում Սահմանադրական դատարանը հարկ է համարում ընդգծել, որ օրինական ուժի մեջ մտած դատական ակտի վերանայումը կարող է իրականացվել դատական պաշտպանության իրավունքի կարևորագույն երաշխիքներից՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտի վերջնականության (res judicata) սկզբունքի հաղթահարմամբ, որն ածանցվում է իրավական որոշակիությունից` ապահովելով օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի որոշակիությունն ու դրանց իրավական հետևանքների կայունությունը։
39. Սահմանադրական դատարանը փաստում է, որ դատական ակտերի վերջնականության սկզբունքը բացարձակ չէ. Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, անդրադառնալով այս սկզբունքի նշանակությանը, արձանագրել է, որ res judicata սկզբունքից հնարավոր են շեղումներ, երբ դրա անհրաժեշտությունը պայմանավորված է այնպիսի էական, անհերքելի և անհաղթահարելի հանգամանքներով, ինչպիսիք են, օրինակ, արդարադատության այնպիսի թերության ուղղման անհրաժեշտությունը, որի բացահայտմամբ օրինական ուժի մեջ մտած դատական ակտն անհամատեղելի է դառնում արդար դատաքննության բուն էության հետ։
40. Մարդու իրավունքների եվրոպական դատարանը res judicata սկզբունքի հաղթահարումը թույլատրելի է համարել որոշակի հանգամանքների առկայության պարագայում. վերջնական դատական ակտի վերանայումն իրավունքի պաշտպանության արտակարգ միջոցով ու այնպիսի նոր կամ նոր ի հայտ եկած հանգամանքների կապակցությամբ, որոնք նախկինում հայտնի չեն եղել։ Սակայն նման վերանայումը, ըստ էության, չպետք է վերածվի վերջնական դատական ակտերի քողարկված բողոքարկման (Pravednaya v. Russia, Application no. 69529/01. FINAL, 30.03.2005, §§27-33; Ryabykh v. Russia, Application no. 52854/99, FINAL 03.12.2003, §52; Şamat v. Turkey, Application no. 29115/07, FINAL 22.06.2020, §62)։
41. Սահմանադրական դատարանը գտնում է, որ օրինական ուժի մեջ մտած դատական ակտը չի կարող դիտարկվել որպես սահմանադրահեն արդարադատության վերջնարդյունք, եթե ողջամիտ կասկածից վեր է, որ ի հայտ է եկել այնպիսի բացառիկ հանգամանք, որը հավաստում է դրա օրինականության, հիմնավորվածության և արդարության պահանջներին համահունչ կայացված չլինելը: Միևնույն ժամանակ, անթույլատրելի է սույն կառուցակարգի շղարշով օրինական ուժի մեջ մտած դատական ակտի՝ վերաքննության և վճռաբեկության կարգով բողոքարկումը: Հետևաբար՝ և՛ օրենսդիրը՝ համապատասխան իրավակարգավորումներ սահմանելիս, և՛ իրավակիրառը՝ դրանք կյանքի կոչելիս, պետք է առաջնորդվեն հիշատակյալ սահմանադրաիրավական հրամայականներով:
42. Սահմանադրական դատարանը փաստում է, որ Օրենսգրքի՝ «Դատական ակտերը նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով վերանայելու վարույթը» վերտառությամբ 6-րդ բաժնում արտացոլված համանուն 58-րդ գլխում սահմանվում են նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով վերանայման ենթակա դատական ակտերը, վերանայող դատարանը, համապատասխան բողոք ներկայացնելու իրավունք ունեցող անձանց շրջանակը, ինչպես նաև, ի շարս այլնի՝ նոր երևան եկած հանգամանքներով դատական ակտի վերանայման հիմքերը:
43. Այս առումով Սահմանադրական դատարանը վերահաստատում է, որ քաղաքացիական դատավարությունում նոր երևան եկած հանգամանքներով դատական ակտերի վերանայումը դատական ակտերի օրինականության և հիմնավորվածության ապահովմանն ուղղված նշանակալի իրավական մեխանիզմ է, որն առանցքային դեր է կատարում՝ նպաստելով արդարադատության սահմանադրաիրավական բովանդակության հետ անհամատեղելի դատական սխալների վերացմանը և անձանց խախտված իրավունքների վերականգնմանը՝ վերջնարդյունքում հանգեցնելով սահմանադրահեն արդարադատության իրականացմանը, որը հանրային վստահության շարունակական ամրապնդման գրավականն է:
44. Սահմանադրական դատարանը փաստում է, որ վիճարկվող իրավակարգավորումների դատավարական բովանդակության ու սահմանադրաիրավական առաքելության պատշաճ վերհանման անհրաժեշտությունն անառարկելիորեն պայմանավորում է քրեական հետապնդումը բացառող հանգամանքների հետ դրանց միասնության մեջ ուսումնասիրության անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով իրողությունն առ այն, որ, օրինակ, քրեական վարույթը (քրեական գործով վարույթը) կարող է ավարտվել նաև դրա՝ նախաքննության մարմնի կողմից կարճմամբ՝ չհանգուցալուծվելով օրինական ուժի մեջ մտած եզրափակիչ դատական ակտի (դատավճռի կամ այլ վերջնական որոշման) կայացմամբ:
45. Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ պետությունը՝ ի դեմս օրենսդիր մարմնի, իրավասու է սահմանել սահմանադրաիրավական արժեբանությանը համահունչ քրեական պատասխանատվությունից ազատելու վերաբերյալ կանոններ, ամրագրել քրեական հետապնդումը բացառող հանգամանքներ, սակայն չի կարող հրաժարվել տուժած անձանց իրավունքների և ազատությունների պաշտպանությունը երաշխավորելուց, նրանց արդարադատության մատչելիությունն ու պատճառված վնասի փոխհատուցումն ապահովելուց՝ նրանց իրավունքների իրացման համարժեք դատավարական երաշխիքների տրամադրմամբ: Ըստ այդմ՝ նշված անձանց իրավունքների և օրինական շահերի պաշտպանության նկատառումներից ելնելով՝ քրեական վարույթի՝ եզրափակիչ դատական ակտի (սույն պարագայում՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռի) կայացմամբ չհանգուցալուծվելու պատճառով չի կարող ինքնին բացառվել քաղաքացիական/սնանկության գործով կայացված արդարադատության սահմանադրաիրավական բովանդակության հետ անհամատեղելի դատական ակտերի վերանայման գործիքակազմի հնարավորությունը:
46. Այս համատեքստում Սահմանադրական դատարանը փաստում է, որ սույն գործով կիրառված 1998 թվականին ընդունված Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 32-րդ հոդվածի համաձայն՝ քրեական գործով վարույթն ավարտվում է`
1) քրեական գործով վարույթը կարճելու մասին որոշում կայացնելով.
2) գործով դատավճիռը կամ այլ վերջնական որոշումն ուժի մեջ մտնելով, եթե այն չի պահանջում դրա կատարման համար հատուկ միջոցների ձեռնարկում.
3) գործով դատավճիռը կամ այլ վերջնական որոշումն ի կատար ածելու մասին հաստատում ստանալով, եթե այն պահանջում է դրա կատարման համար հատուկ միջոցների ձեռնարկում:
47. 1998 թվականին ընդունված Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն՝ քրեական գործ չի կարող հարուցվել, և քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե անցել են վաղեմության ժամկետները: Նույն հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ սույն հոդվածի առաջին մասի 6-րդ և 13-րդ կետերում նշված հիմքերով գործի վարույթի կարճում և քրեական հետապնդման դադարեցում չի թույլատրվում, եթե դրա դեմ առարկում է մեղադրյալը: Այս դեպքում գործի վարույթը շարունակվում է սովորական կարգով:
48. Վերոգրյալ իրավանորմերի համակողմանի ուսումնասիրությունը թույլ է տալիս Սահմանադրական դատարանին փաստելու, որ վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով քրեական վարույթի շարունակությունն օրենսդիրը պայմանավորել է մեղադրյալի առարկությամբ:
49. Այս համատեքստում Սահմանադրական դատարանը փաստում է նաև, որ գործնականում չեն բացառվում իրավիճակներ, երբ քրեական վարույթի շրջանակներում փաստվեն անձի կողմից ոչ իրավաչափ վարքագծով պայմանավորված այնպիսի հանգամանքներ, որոնք գոյություն են ունեցել գործի լուծման պահին, հայտնի չեն եղել և չէին կարող հայտնի լինել բողոք բերած գործին մասնակցող անձին ու դատարանին, և այդ հանգամանքները գործի լուծման համար ունեն էական նշանակություն (ընդ որում՝ հիշատակված պահանջները բավարարելու հարցը յուրաքանչյուր գործով ենթակա է ստուգման և գնահատման իրավասու դատարանի կողմից):
50. Օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի վերլուծության արդյունքում Սահմանադրական դատարանը գտնում է, որ եթե, օրինակ, ապօրինի կամ չհիմնավորված դատական ակտ կայացնելուն հանգեցրած՝ իրականությանը չհամապատասխանող գրավոր կամ իրեղեն ապացույցների առկայությունը հավաստվել է նախաքննության մարմնի՝ քրեական վարույթը կարճելու որոշմամբ, ապա այն մեկնաբանությունը, թե նման փաստի հաստատումն ինքնին բացառում է Օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի փաստակազմի համատեքստում դրա գնահատումը, խնդրահարույց է։ Ուստիև՝ յուրաքանչյուր այդպիսի դեպքում՝ նման որոշման (այդ թվում՝ նախաքննական մարմնի որոշման) առկայության և համապատասխան բողոքի պայմաններում դատարանների բացառիկ իրավասությունն է գնահատման առարկա դարձնել այդ հանգամանքները՝ Օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասի փաստակազմի տարրերի համատեքստում՝ ինքնուրույնաբար գնահատելով նաև այն հարցերը, թե՝
1) արդյո՞ք նման որոշմամբ (այդ թվում՝ նախաքննության մարմնի որոշմամբ) փաստվող հանգամանքները հայտնի չեն եղել և չէին կարող հայտնի լինել բողոք բերած գործին մասնակցող անձին ու դատարանին (բացառելու համար վերանայման այս կառուցակարգի՝ դատական սխալների շտկման վերաքննության և վճռաբեկության կարգով իրականացվող կառուցակարգերի հետ միախառնումը), և
2) արդյո՞ք այդ հանգամանքները գործի լուծման համար ունեն էական նշանակություն։
51. Վերոգրյալը հիմք է տալիս Սահմանադրական դատարանին եզրահանգելու, որ մի կողմից՝ քրեադատավարական ընթացակարգերի բացակայությունը, մյուս կողմից՝ Օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը, ինքնին բացառում են ենթադրաբար ապօրինի կամ չհիմնավորված դատական ակտ կայացնելուն հանգեցրած՝ իրականությանը չհամապատասխանող գրավոր կամ իրեղեն ապացույցների առկայությունը մինչդատական վարույթում քննիչի, իրավասու դատախազի համապատասխան որոշմամբ (համապատասխանաբար քրեական վարույթը կարճելու, քրեական հետապնդումը դադարեցնելու և այլն) հավաստված լինելու պայմաններում նշված հանգամանքները դիտարկել Օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված փաստակազմի լույսի ներքո՝ անձին (քաղաքացիական դատավարության/սնանկության վարույթի համապատասխան մասնակցին) դնելով դատավարական անելանելիության վիճակում:
52. Սահմանադրական դատարանը գտնում է, որ նոր երևան եկած հանգամանքներով դատական ակտերի վերանայման ինստիտուցիոնալ և ընթացակարգային պայմանները պետք է համապատասխանեն դատական պաշտպանության և արդար դատաքննության սկզբունքներին, ապահովեն դատական ակտի արդարությունը և, միաժամանակ, իրավական որոշակիությունը, այդ թվում և՝ դրա օրինական ուժի և անհերքելիության ճանաչումը, առանց որի անհասանելի է հանրային և մասնավոր շահերի ողջամիտ հավասարակշռությունը:
53. Այս առումով Սահմանադրական դատարանը գտնում է, որ իրավակիրառ պրակտիկայում վիճարկվող նորմերին տրված մեկնաբանությունը հանգեցնում է օրինական ուժի մեջ մտած դատական ակտի օրինականությունը խաթարող բացառիկ հանգամանքների առկայության պայմաններում դրա՝ նոր երևան եկած հանգամանքների հիմքով վերանայման վարույթի անհնարինության, ինչն առաջ է բերում սահմանադրորեն ճանաչված արժեքների հավասարակշռության խախտման, քանզի անձը ոչ միայն զրկվում է իր խախտված իրավունքները վերականգնելու հնարավորությունից, այլև արդարադատության սահմանադրաիրավական էության հետ անհամատեղելի դատական ակտը շարունակում է օրինական ուժի մեջ մնալ՝ այն վերանայելու քրեադատավարական գործիքակազմի բացակայության հիմքով։
54. Սահմանադրական դատարանը հարկ է համարում նկատի ունենալ նաև այն հանգամանքը, որ վիճարկվող դրույթն անձի՝ դատական պաշտպանության իրավունքի իրականացման միակ կառուցակարգային հնարավորությունն է, որի արգելափակման պարագայում անձը, ըստ էության, զրկվում է իր հայցած դատական պաշտպանության հնարավորությունից, ինչն անհամատեղելի է արդյունավետ դատական պաշտպանության սահմանադրական իրավունքի հետ, որի լիարժեք իրականացման համար անհրաժեշտ է ոչ միայն համապատասխան կազմակերպաիրավական միջոցների ձևական-իրավական առկայությունը, այլ նաև իրավակիրառ հարթությունում դրանց սահմանադրաիրավական առաքելությանը համահունչ ընկալումը, մեկնաբանումն ու կիրառումը։
55. Սահմանադրական դատարանը գտնում է, որ դատավարական կառուցակարգերին չպետք է տրվի այնպիսի ձևապաշտական մեկնաբանություն, որը կխաթարի արդարադատության իրականացումը. իրավակիրառ մարմնի կողմից նորմի պատշաճ իմաստավորման պարագայում է հնարավոր ապահովել նորմով հետապնդվող սահմանադրական նպատակների անխափան իրացումն ու արդյունավետ դատական պաշտպանության իրական հասանելիությունը:
56. Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ դատավարական նորմերն իրավակիրառ պրակտիկայում չպետք է մեկնաբանվեն և կիրառվեն այնպես, որ հանգեցնեն դատավարական անելանելիության, իսկ դատավարական կառուցակարգերի այդօրինակ մեկնաբանումները հանգեցնեն նորմի սահմանադրաիրավական նշանակության ձևախեղմանն ու անձի՝ դատական պաշտպանության սահմանադրական իրավունքի խախտման։
57. Սահմանադրական դատարանը եզրահանգում է, որ թեև գրավոր կամ իրեղեն ապացույցների կեղծված լինելու հանգամանքն Օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսվել է որպես դատական ակտի վերանայման առանձին հիմք, այդուհանդերձ, դա չի բացառում դատական ակտն Օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով վերանայելու հնարավորությունը, եթե բողոք բերած անձը նշված հիմքով վարույթ հարուցելու պայմաններում ապացուցում է, որ գրավոր կամ իրեղեն ապացույցների՝ իրականությանը չհամապատասխանելու հանգամանքը գոյություն է ունեցել գործի լուծման պահին, հայտնի չի եղել և չէր կարող հայտնի լինել բողոք բերած գործին մասնակցող անձին ու դատարանին և գործի լուծման համար ունի էական նշանակություն, ընդ որում՝ նշված հանգամանքը կարող է նոր հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայման բողոք ներկայացնող անձի կողմից հիմնավորվել նաև նախաքննության մարմնի՝ քրեական վարույթը (քրեական գործի վարույթը) կարճելու մասին որոշմամբ:
58. Սահմանադրական դատարանը գտնում է, որ, դատավճռից բացի, քրեական վարույթի ընթացքում կայացվող այլ եզրափակիչ դատավարական ակտերով հաստատվող փաստերին նոր երևան եկած հանգամանքի կարգավիճակ տալը թույլ է տալիս վերսկսել քաղաքացիական վարույթը և դրա շրջանակներում կայացնել հիմնավորված և պատճառաբանված դատական ակտեր։ Ի տարբերություն դատավճռի, սակայն, որով հաստատված փաստական հանգամանքները նախադատելի են քաղաքացիական գործ քննող դատարանի համար և չեն ենթարկվում հետագա ապացուցման, դատավճռից բացի, քրեական վարույթի ընթացքում կայացվող այլ եզրափակիչ ակտերով հաստատվող փաստերը քննվում են քաղաքացիական գործով ձեռք բերված այլ ապացույցների հետ միասին։ Սահմանադրական դատարանի այս դիրքորոշումն ընդամենը չի զրկում դատարանին այդ հնարավորությունից՝ շահագրգիռ կողմի համար ապահովելով ոչ միայն քրեական վարույթի ընթացքում կայացվող այլ եզրափակիչ ակտերով հաստատվող փաստերը, այլ նաև հենց նման ակտերի կայացման փաստը որպես ապացույց դիտարկելը՝ գործով հիմնավորված և պատճառաբանված ակտ կայացնելու համար:
59. Սահմանադրական դատարանը եզրահանգում է, որ բոլոր դեպքերում վերոնշյալ պայմանների պահպանումը ենթակա է դատարանի կողմից ստուգման և գնահատման՝ դատական ակտը նոր երևան եկած հանգամանքներով վերանայելու մասին դիմումը քննելիս՝ հաշվի առնելով նաև վերանայման համար հիմք հանդիսացած հանգամանքի նշանակությունը, համապատասխան գործի փաստական հանգամանքները: Այլ կերպ ասած՝ խնդրո առարկա հանգամանքների գոյության բացահայտումը, դրանց՝ օրենսդրական պահանջները բավարարելու հարցի գնահատումն արդեն իրավասու դատարանի իրավասության տիրույթում են:
60. Սահմանադրական դատարանը կարևոր է համարում շեշտել, որ նախաքննության մարմնի խնդրո առարկա որոշումը չի կարող նույնացվել անձի մեղավորությունը հաստատող դատական ակտի` դատավճռի հետ: Այլ կերպ` այն չի կարող կրել մեղադրական դատավճռի կայացմամբ ծագող հետևանքներին բնորոշ հատկանիշներ:
61. Վերոնշյալ հանգամանքները գնահատելիս դատարանը պետք է օգտագործի այնպիսի ձևակերպումներ, որոնք իրենց բովանդակությամբ որևէ կերպ կասկածի տակ չեն դնի, չեն վտանգի և չեն խաթարի Սահմանադրության 66-րդ հոդվածով երաշխավորված անմեղության կանխավարկածի սահմանադրաիրավական բովանդակությունը:
62. Ամփոփելով վերոգրյալը՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ Օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը համապատասխանում է Սահմանադրությանն այն մեկնաբանությամբ, համաձայն որի՝ մինչդատական վարույթում քննիչի, իրավասու դատախազի համապատասխան որոշումը (համապատասխանաբար՝ քրեական վարույթը կարճելու, քրեական հետապնդումը դադարեցնելու և այլն), որում ամրագրված են քաղաքացիական/սնանկության գործի լուծման համար էական նշանակություն ունեցող և օրինական ուժի մեջ մտած դատական ակտի կայացման հիմքում ընկած իրականությանը չհամապատասխանող գրավոր կամ իրեղեն ապացույցների առկայությունը վկայող հանգամանքները, որոնք գոյություն են ունեցել տվյալ գործի լուծման պահին, հայտնի չեն եղել և չէին կարող հայտնի լինել բողոք բերած գործին մասնակցող անձին ու դատարանին, Օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի իմաստով պետք է դիտարկվեն որպես նոր երևան եկած հանգամանք, եթե որպես այդպիսին ստուգվել և գնահատվել են իրավասու դատարանի կողմից:
Ելնելով գործի քննության արդյունքներից և հիմք ընդունելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետը, 170-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 69-րդ հոդվածները՝ Սահմանադրական դատարանը որոշեց.
1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը համապատասխանում է Սահմանադրությանն այն մեկնաբանությամբ, որի համաձայն՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով կայացված եզրափակիչ դատավարական ակտերը հիմք են նոր երևան եկած հանգամանքի ուժով դատական ակտերը վերանայելու համար:
2. «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն՝ Դիմողի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով ենթակա է վերանայման՝ օրենքով սահմանված կարգով՝ նկատի ունենալով, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը Դիմողի նկատմամբ կիրառվել է սույն որոշման մեջ նշված մեկնաբանությունից տարբերվող մեկնաբանությամբ։
3. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
Նախագահող |
Ա. Դիլանյան |
20 մայիսի 2025 թվականի ՍԴՈ-1782 |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 մայիսի 2025 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|