Գլխավոր տեղեկություն
Համար
N 633-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (24.05.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 23.05.2025
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
22.05.2025
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
23.05.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.05.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 մայիսի 2025 թվականի N 633-Լ

 

«ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 16-Ի ՀՕ-23-Ն ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» 2024 թվականի հունվարի 16-Ի ՀՕ-23-Ն օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի (Պ-1050-11.04.2025-ՊԱ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությանը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան

 

23.05.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

«ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 16-Ի ՀՕ-23-Ն ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ (Պ-1050-11.04.2025-ՊԱ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» 2024 թվականի հունվարի 16-ի ՀՕ-23-Ն օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթով (Պ-1050-11.04.2025-ՊԱ-011/0) առաջարկվում է.

1) սահմանել 24 ամսից պակաս ժամկետով պարտադիր զինվորական ծառայություն անցնելու հնարավորություն՝ 1 ամիս ժամկետով ծառայություն անցնելու դեպքում՝ 20 միլիոն դրամ, և 6 ամիս ժամկետով ծառայություն անցնելու դեպքում՝ 15 միլիոն դրամ պետական բյուջե վճարելու պայմանով.

2) պարտադիր զինվորական ծառայություն անցնելու սահմանային առավելագույն տարիքը 27-ի փոխարեն սահմանել 37 տարեկանը.

3) մինչև 18 տարին լրանալը կամ զորակոչային տարիքում ՀՀ քաղաքացիություն ստացած և մինչև ՀՀ քաղաքացիություն ստանալն այլ պետությունում զինվորական ծառայություն չանցած կամ 1 տարուց պակաս ժամկետով ծառայություն անցած քաղաքացիների համար ՀՀ զինված ուժերում օրենքով սահմանված 24-ամսյա ծառայության ժամկետը փոխարինել 12-ամսյա ժամկետով ծառայությամբ, ինչպես նաև այդ ժամկետով ծառայության չզորակոչվելու դիմաց նախատեսել 2,5 միլիոն դրամ պետական բյուջե վճարելու պարտականություն.

4) մինչև 16 տարին լրանալը (զինվորական հաշվառման տարիքը լրանալը) ՀՀ քաղաքացիությունից դուրս գալու համար արական սեռի քաղաքացիների կողմից դիմում ներկայացնելու պետական տուրքի գումարը սահմանել 15 միլիոն դրամ.

5) Քրեական օրենսգրքում պատասխանատվություն սահմանել զորակոչից կամ վարժական հավաքից խուսափելու հիմքով քրեական վարույթ հարուցված այն քաղաքացիների վերաբերյալ, ովքեր հրաժարվում են նշանակված փորձաքննություն անցնելուց կամ հետազոտման համար նմուշ տալուց:

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ստորև ներկայացնում է նախագծերի վերաբերյալ իր առաջարկություններն ու դիտողությունները:

 

I. «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ.

1. Նախագծի 1-ին հոդվածի 1-ին մասի «ա» կետում առաջարկում ենք «6 ամիս» բառերը փոխարինել «4 ամիս» բառերով, «15 միլիոն» բառերը փոխարինել «18 միլիոն» բառերով, իսկ «20 միլիոն» բառերը փոխարինել «24 միլիոն» բառերով:

2. Նախագծի 2-րդ հոդվածով նախատեսվող փոփոխությամբ քաղաքացիների զորակոչի ենթակա առավելագույն տարիքը նախատեսվում է դարձնել մինչև 37 տարեկանը լրանալը: Առաջարկում ենք զորակոչի սահմանային տարիքը սահմանել մինչև 32 տարին լրանալը՝ նկատի ունենալով, որ պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում ստացած և ՀՀ կառավարության 2019 թվականի փետրվարի 15-ի N 89-Ն որոշմամբ պարտադիր զինվորական ծառայությունից ազատվող քաղաքացիների համար ասպիրանտուրայի կրթական ծրագրի ավարտելուց հետո նախատեսվում է սահմանել ՀՀ-ում 3 տարի աշխատելու պարտադիր պայման՝ օտարերկրյա լավագույն բուհերում մասնագիտություն ստացած ՀՀ քաղաքացիների ներուժը ՀՀ-ում օգտագործելու համար, որից հետո միայն սահմանել պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու հնարավորություն: Այս առումով 28 տարեկանի օրենսդրական սահմանումը տարիքային առումով այդ հնարավորությունը չի ընձեռում, հետևաբար առաջարկվող փոփոխությամբ 28 տարեկանից հետո կլինի 3 տարվա պայմանագրային պարտավորության համար սահմանված ժամանակ, և այն լրանալուց հետո միայն քաղաքացին կկարողանա դիմել պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու համար:

3. Նախագծի 2-րդ հոդվածով առաջարկում ենք լրացում կատարել նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի (այսուհետ՝ օրենք) 19-րդ հոդվածի 4-րդ մասում հետևյալ բովանդակությամբ՝ «ժամկետները» բառից հետո լրացնել «, սույն օրենքի 5-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով սահմանված 24 ամսից պակաս ժամկետով պարտադիր զինվորական ծառայություն անցնելու դիմում ներկայացնելու իրավունք ունեցող քաղաքացիների առավելագույն քանակը և դիմումների ներկայացման կարգը» բառերով:

4. Նախագծի 3-րդ հոդվածով օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետից հետո լրացվող նախադասությունն առաջարկում ենք նախատեսել առանձին մասի տեսքով՝ նկատի ունենալով, որ այն իմաստային առումով հնարավոր չէ նախատեսել օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի բովանդակության մեջ, քանի որ նշված մասը նախատեսում է, որ շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատվում է այն քաղաքացին, որը .... :

5. Նախագծի 5-րդ հոդվածում «երկրորդ և երրորդ նախադասություններում» բառերն առաջարկում ենք փոխարինել «ամբողջ տեքստում» բառերով՝ ինկորպորացման հետ կապված հետագա խնդիրներից խուսափելու նպատակով:

6. Նախագծի 8-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի «կետով» բառից առաջ անհրաժեշտ է լրացնել «մասի 1-ին» բառերը, իսկ «փոփոխված Օրենքի 5-րդ հոդվածի 4-րդ մաս» բառերն անհրաժեշտ է հանել: Նույն դիտողությունը վերաբերում է նաև 8-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի «կետի» բառին:

7. Նախագծի 8-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետում առաջարկում ենք ներառել նաև այն քաղաքացիներին, որոնք օրենքն ուժի մեջ մտնելու պահին արդեն իսկ դիմած կլինեն օրենքով սահմանված կարգով տարկետում ստանալու համար: Նշվածի կապակցությամբ հայտնում ենք, որ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտի գործողությունը տարածվում է դրա ուժի մեջ մտնելուց հետո գործող հարաբերությունների վրա, եթե այլ բան նախատեսված չէ Սահմանադրությամբ, օրենքով կամ տվյալ նորմատիվ իրավական ակտով: Սահմանադրության 73-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքները և այլ իրավական ակտերը հետադարձ ուժ չունեն: Այս նորմերն ըստ էության ամրագրում են իրավական ակտի՝ ժամանակի մեջ գործողության կանոնները («Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենք, հոդված 28): Եթե որևիցե իրավական ակտ սահմանում է նշված կանոնների համեմատ այլ՝ հակասող կարգավորում, ապա դրանք չեն կարող կիրառվել: Ըստ ՀՀ սահմանադրական դատարանի որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշման՝ անձի իրավական վիճակը վատթարացնող նորմերի հետադարձ ուժի արգելման սկզբունքը՝ իրավական անվտանգության սկզբունքի հետ մեկտեղ, կոչված է ապահովելու լեգիտիմ ակնկալիքների հանդեպ հարգանքը:

8. Նախագծի 8-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝

«Սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ 27 տարին լրացած և Օրենքի կամ 2021 թվականի հունվարի 1-ին ուժը կորցրած «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կամ «Այլընտրանքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ բոլորը միասին՝ օրենքներ) պահանջների խախտմամբ շարքային կազմի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայություն չանցած արական սեռի քաղաքացիները, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետում նշված արական սեռի քաղաքացիների՝ մինչև 37 տարին լրանալը, իսկ պահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայություն չանցած արական սեռի քաղաքացիները՝ մինչև 45 տարին լրանալը, կարող են իրենց ցանկությամբ զորակոչվել շարքային կազմի կամ պահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայության՝ 24 ամիս ժամկետով, կամ 12 ամիս ժամկետով՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարելով երկու միլիոն հինգ հարյուր հազար Հայաստանի Հանրապետության դրամ, կամ 6 ամիս ժամկետով՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարելով հինգ միլիոն Հայաստանի Հանրապետության դրամ, կամ 1 ամիս ժամկետով՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարելով ութ միլիոն Հայաստանի Հանրապետության դրամ, եթե չունեն օրենքով սահմանված՝ շարքային կազմի կամ պահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատման կամ զորակոչից տարկետման հիմք, կամ պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայության չզորակոչվել՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարելով տասնհինգ միլիոն Հայաստանի Հանրապետության դրամ: Սույն մասով նախատեսված օրենքների խախտմամբ շարքային կազմի կամ պահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայություն չանցած և համապատասխանաբար 27 կամ 35 տարին լրանալուց հետո օրենքով սահմանված՝ շարքային կազմի կամ պահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատման կամ զորակոչից տարկետման հիմք ունեցող քաղաքացիները չեն կարող զորակոչվել պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայության և պարտավոր են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարել տասնհինգ միլիոն Հայաստանի Հանրապետության դրամ»:

Սույն մասի իմաստով օրենքների պահանջների խախտմամբ պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայություն չանցած է համարվում Հայաստանի Հանրապետության այն քաղաքացին, որի նկատմամբ շարքային կազմի կամ պահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայության հայտարարված զորակոչից խուսափելու համար օրենքով սահմանված կարգով հարուցված է քրեական հետապնդում, կամ որը «Պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ զինվորական հաշվառման կանգնելու համար դիմել է 27 տարին լրանալուց հետո:

Այս առումով հարկ ենք համարում նշել, որ նախագծի 8-րդ հոդվածի 3-րդ մասում խնդրահարույց կարող են լինել առաջին նախադասությամբ նախատեսվող դրույթները՝ հետևյալ նկատառումներով: Մասնավորապես՝ դրանում հստակ նշված է՝ «... Օրենքի կամ 2021 թվականի հունվարի 1-ին ուժը կորցրած «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կամ «Այլընտրանքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ բոլորը միասին՝ օրենքներ) պահանջների խախտմամբ շարքային կազմի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայություն չանցած արական սեռի քաղաքացիները», մինչդեռ երրորդ նախադասությամբ նախագծի հեղինակը պարզաբանում է, թե «սույն մասի իմաստով՝ օրենքների պահանջների խախտմամբ պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայություն չանցած» ձևակերպման մեջ որ դեպքերն են մտնում՝ «Սույն մասի իմաստով օրենքների պահանջների խախտմամբ պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայություն չանցած է համարվում Հայաստանի Հանրապետության այն քաղաքացին, որի նկատմամբ շարքային կազմի կամ պահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայության հայտարարված զորակոչից խուսափելու համար օրենքով սահմանված կարգով հարուցված է քրեական հետապնդում, կամ որը, «Պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն, զինվորական հաշվառման կանգնելու համար դիմել է 27 տարին լրանալուց հետո»: «Սույն մասի իմաստով՝ օրենքների պահանջների խախտմամբ պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայություն չանցած» ձևակերպման նման մեկնաբանությամբ կստեղծվի մի իրավիճակ, երբ 8-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսվող իրավունքից կկարողանան օգտվել միայն արական սեռի այն քաղաքացիները, որոնց 8-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված տարիքը լրացած է, և վերջիններիս նկատմամբ շարքային կազմի կամ պահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայության հայտարարված զորակոչից խուսափելու համար օրենքով սահմանված կարգով հարուցված է քրեական հետապնդում: Այսինքն՝ այս խմբից կարող են դուրս մնալ 8-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված՝ տարիքը լրացած այն քաղաքացիները, որոնց նկատմամբ պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայության հայտարարված զորակոչից խուսափելու համար դեռևս օրենքով սահմանված կարգով քրեական հետապնդում չի հարուցվել, և վերջիններս 8-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսվող իրավունքից օգտվելու համար պետք է սպասեն, մինչև իրենց նկատմամբ օրենքով սահմանված կարգով քրեական հետապնդում հարուցվի:

9. Նախագծի 8-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված՝ «.... 27 կամ 35 տարին լրանալուց հետո Օրենքով սահմանված՝ շարքային կազմի կամ պահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատման կամ զորակոչից տարկետման հիմք ունեցող քաղաքացիները չեն կարող զորակոչվել պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայության և պարտավոր են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարել տասնհինգ միլիոն Հայաստանի Հանրապետության դրամ:» ձևակերպման առնչությամբ հարկ ենք համարում անդրադառնալ հետևյալ իրավակարգավորումներին:

Օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ սույն օրենքի 21-րդ հոդվածով սահմանված պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու հիմք չունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրվում է`

1) առողջական վիճակի պատճառով.

2) ընտանեկան պայմաններից ելնելով:

Օրենքի 17-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ քաղաքացու բժշկական փորձաքննության արդյունքներով տրվում է քաղաքացու առողջական վիճակի վերաբերյալ եզրակացություն, որը կազմված է ներածական, նկարագրական, պատճառաբանական և եզրափակիչ մասերից։ Եզրակացությունն առնվազն ներառում է քաղաքացու առողջական վիճակի ամփոփ նկարագրությունը, քաղաքացու պիտանիության աստիճանը զինվորական ծառայությանը, նրա առողջական վիճակին հակացուցված զինվորական ծառայության պայմանները, եզրակացության բողոքարկման կարգն ու ժամկետները: Քաղաքացու առողջական վիճակի վերաբերյալ եզրակացության մեջ, կախված զինվորական ծառայությանը քաղաքացու պիտանիության աստիճանից և բժշկական փորձաքննության նպատակից, նշվում են`

1) պիտանի է զինվորական ծառայության համար.

2) պիտանի է ռազմաուսումնական հաստատությունում ուսանելու համար.

3) սահմանափակումով պիտանի է զինվորական ծառայության համար.

4) ժամանակավորապես ոչ պիտանի է զինվորական ծառայության համար.

5) ոչ պիտանի է զինվորական ծառայության համար.

6) ոչ պիտանի է ռազմաուսումնական հաստատությունում ուսանելու համար.

7) կարիք ունի բուժման.

8) ենթակա է կանչվելու վարժական հավաքի.

9) ենթակա չէ կանչվելու վարժական հավաքի:

Օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության հայտարարված զորակոչից քաղաքացուն առողջական վիճակի պատճառով տարկետում տրվում է`

1) բուժման կարիք ունենալու կամ

2) զինվորական ծառայության համար ժամանակավորապես ոչ պիտանի ճանաչվելու դեպքերում:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ առողջական վիճակի պատճառով բուժման կարիք ունեցող քաղաքացուն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրվում է երեք անգամ` մինչև մեկ տարի ժամանակով: Երրորդ անգամ տրված տարկետման ժամկետը լրանալուց հետո քաղաքացին բժշկական փորձաքննության արդյունքներով կամ ճանաչվում է պիտանի զինվորական ծառայության համար, կամ սահմանափակումով պիտանի զինվորական ծառայության համար և զորակոչվում է պարտադիր զինվորական ծառայության, կամ ճանաչվում է զինվորական ծառայության համար ոչ պիտանի և ազատվում է պարտադիր զինվորական ծառայությունից:

Վերոգրյալ կարգավորումներից ակնհայտ է դառնում, որ քաղաքացու՝ տարկետման հիմք ունենալու հանգամանքը կարող է որոշվել բացառապես բժշկական փորձաքննության արդյունքների հիման վրա, բացի այդ, տարկետման հիմք ունենալու հանգամանքը դեռևս չի բացառում քաղաքացու՝ զինվորական ծառայության համար ոչ պիտանի լինելու և օրենքով սահմանված կարգով պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու հանգամանքը՝ առանց նախագծով նախատեսված տասնհինգ միլիոն դրամը վճարելու:

Օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն տրվող տարկետումների վերաբերյալ հարկ ենք համարում անդրադառնալ հետևյալ կարգավորումներին.

Օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության հայտարարված զորակոչից ընտանեկան պայմաններից ելնելով տարկետում տրվում է այն քաղաքացուն, որն ունի`

1) 65 տարին լրացած կամ ֆունկցիոնալության խորը աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող կամ ֆունկցիոնալության ծանր աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող (ֆունկցիոնալության գնահատման ինքնասպասարկման բաղադրիչի ծանր կամ խորը սահմանափակումների դեպքում) կամ դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ ճանաչված ծնողներ (միայնակ ծնող), եթե ծնողները (միայնակ ծնողը)`

ա. չունեն այլ զավակ կամ

բ. ունեն այլ զավակ, որն անչափահաս է կամ ունի հաշմանդամություն կամ դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով ճանաչված է անգործունակ կամ գտնվում է պարտադիր զինվորական ծառայության մեջ.

2) առանց մոր մեծացող երեխա.

3) երկու կամ ավելի երեխա, բացառությամբ որդեգրված երեխաների.

4) երկրորդ երեխայով կամ առնվազն զույգ երեխայով վեցամսյա հղիության մեջ գտնվող կին.

5) մինչև 18 տարեկան կամ 18 տարեկանից բարձր, բայց ֆունկցիոնալության խորը աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող կամ ֆունկցիոնալության ծանր աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող (ֆունկցիոնալության գնահատման ինքնասպասարկման բաղադրիչի ծանր կամ խորը սահմանափակումների դեպքում) կամ դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ ճանաչված քույր կամ եղբայր, եթե չկա վերջիններիս ընտանիքի անդամ համարվող այլ անձ, կամ կա այդպիսի անձ, որը, սակայն, ունի հաշմանդամություն կամ դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով ճանաչված է անգործունակ, կամ տարիքային աշխատանքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրացած անձ է:

Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «բ» ենթակետով նախատեսված դեպքում քաղաքացուն տարկետում տրվում է մինչև նրա ծնողների կամ միայնակ ծնողի այլ զավակի 18 տարին լրանալու կամ պարտադիր զինվորական ծառայությունից արձակվելու օրը, 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված դեպքում` մինչև երկրորդ երեխայի կամ առնվազն զույգ երեխաների ծննդյան օրը, իսկ 1-ին մասի 5-րդ կետով նախատեսված՝ մինչև 18 տարեկան քույր կամ եղբայր ունենալու դեպքում՝ մինչև քրոջ կամ եղբոր 18 տարին լրանալու օրը: Սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված մյուս դեպքերում քաղաքացուն տարկետում տրվում է մինչև նրա 27 տարին լրանալու օրը: Եթե 27 տարին լրանալու օրվա դրությամբ քաղաքացին չի կորցրել ստացած տարկետման իրավունքը, ապա 27 տարին լրանալու հիման վրա ազատվում է պարտադիր զինվորական ծառայությունից:

Վերոգրյալից ակնհայտ է դառնում, որ օրենքը արդեն իսկ նախատեսել է զինվորական ծառայությունից ազատվելու կարգավորում այն անձանց համար, որոնք 27 տարին լրանալու օրվա դրությամբ ունեն տարկետման իրավունք՝ առանց տասնհինգ միլիոն դրամ վճարելու:

10. Նախագծի 8-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի համաձայն՝ նախագծի 3-րդ հոդվածի գործողությունը տարածվում է նաև մինչև նախագծի ուժի մեջ մտնելը 18 տարին լրացած և նախագիծն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած արական սեռի քաղաքացիների վրա: Վերոնշյալ դրույթները որոշակի տարընկալման տեղիք են տալիս, եթե դրանք տարածվում են 18 տարին լրացած և նախագիծն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած արական սեռի ՀՀ քաղաքացիների նկատմամբ, քանի որ այդ պարագայում հնարավոր են իրավիճակներ, երբ մինչև սույն նախագծի ուժի մեջ մտնելը 18 տարի լրացած քաղաքացին խուսափել է հերթական զորակոչից, իսկ ուժի մեջ մտնելուց հետո ընդամենը 2,5 մլն ՀՀ դրամ վճարելով կազատվի ծառայությունից, այն դեպքում, երբ ծառայությունից ազատվելու համար նախագծի 1-ին հոդվածով նախատեսված վճարման ենթակա գումարների չափերն ավելի բարձր են: Այն դեպքում, երբ նախագծի դրույթները վերաբերում են այն ՀՀ քաղաքացիներին, որոնք մինչև ՀՀ քաղաքացիություն ստանալն ունեցել են այլ պետության քաղաքացիություն, ապա առաջարկվում է հստակ նշել այդ հանգամանքը նախագծի 8-րդ հոդվածում՝ իրավակիրառ պրակտիկայում հետագա տարընկալման տեղիք չտալու համար:

Վերոգրյալի հիման վրա նախագծի 8-րդ հոդվածի՝ անցումային հարաբերություններ կարգավորող 2-րդ և 3-րդ մասերը լրացուցիչ քննարկման և հստակեցման կարիք ունեն:

 

II. «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» 2024 թվականի հունվարի 16-ի ՀՕ-23-Ն օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ.

1. Նախագծի 2-րդ հոդվածի «հաջորդող» բառից առաջ անհրաժեշտ է լրացնել «օրվան» բառը՝ նկատի ունենալով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները:

 

III. «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ.

1. Օրենքի նախագծով նախատեսվում է մինչև 18 տարեկան արական սեռի քաղաքացիների՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը փոխելու համար սահմանված տուրքի սահմանաչափերը բարձրացնել 600 անգամ՝ գործող 25000 ՀՀ դրամը դարձնելով 15 մլն ՀՀ դրամ: Նախագծի ընդունման անհրաժեշտությունը հիմնավորվում է նրանով, որ մինչև 18 տարին լրանալը ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելով մեծ թվով քաղաքացիներ խուսափում են պարտադիր զինվորական ծառայությունից, ուստի 15 մլն ՀՀ դրամը սահմանելով օրենսդիրն այն համապատասխանեցնում է 27 տարին լրացած և պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած ՀՀ քաղաքացիների համար քրեական պատասխանատվությունից ազատվելու համար սահմանված գումարին:

Անդրադառնալով նախագծի հիմնավորմանը՝ հարկ ենք համարում նշել, որ համաձայն «Պետական տուրքի մասին» օրենքի 2-րդ հոդվածի՝

«Հայաստանի Հանրապետությունում պետական տուրքը պետական մարմինների լիազորությունների իրականացմամբ պայմանավորված` սույն օրենքով սահմանված ծառայությունների կամ գործողությունների համար ֆիզիկական և իրավաբանական անձանցից, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկություններից Հայաստանի Հանրապետության պետական և (կամ) համայնքների բյուջեներ մուծվող օրենքով սահմանված պարտադիր գանձույթ է»:

Տվյալ իրավական նորմի բովանդակային վերլուծությունից հետևում է, որ պետական տուրքը սահմանված պարտադիր գանձույթ է, որը պայմանավորված է համապատասխան ոլորտներում պետական մարմինների լիազորությունների իրականացմամբ, և դրա փոփոխումը չի կարող նպատակ հետապնդել մեկ այլ ոլորտում (տվյալ դեպքում՝ զինվորական ծառայության) հանցագործությունները կանխելու նպատակ:

Այս առումով գտնում ենք, որ զինվորական ծառայությունից խուսափելու դեպքերը կանխելու նպատակով, քաղաքացիություն փոխելու համար պետական տուրքի նման չափի բարձրացումը՝ խնդրահարույց է և չի բխում «Պետական տուրքի մասին» օրենքի 2-րդ հոդվածի հիմքում դրած նպատակներից:

Վերոգրյալի հիման վրա, հաշվի առնելով, որ ՀՀ քաղաքացիությունը փոխելու համար պետական տուրքի տարբերակված դրույքաչափ սահմանելու կառուցակարգը խնդրահարույց է, առաջարկվում է այն փոխարինել հանրային իրավական դրամական պարտավորությամբ: Ըստ այդմ՝ առաջարկում ենք նախագծի փոխարեն «Պաշտպանության մասին» օրենքի 21-րդ հոդվածում կատարել լրացում՝ հետևյալ բովանդակությամբ.

«Պաշտպանության մասին» օրենքի 21-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 3.1-ին մասով՝

«3.1. Մինչև զինվորական հաշվառման վերցվելը 16 տարին չլրացած արական սեռի քաղաքացիները սույն օրենքի ուժով Հայաստանի Հանրապետության նկատմամբ ունեն 15 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամ գումարի չափով հանրային իրավական դրամական պարտավորություն: Սույն մասով նախատեսված պարտավորությունն իրավահաջորդության կարգով չի փոխանցվում և դադարում է քաղաքացուն զինվորական հաշվառման վերցնելու փաստի ուժով կամ հօգուտ պետական բյուջեի վճարմամբ՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից դուրս գալու դեպքում:»:

2. 2025 թվականի հունվարի 22-ի «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-5-Ն օրենքի 4-րդ հոդվածի համաձայն՝ պաշտոնական հրապարակման օրը ներառող ամսվան հաջորդող յոթերորդ ամսվա սկզբից (2025 թվականի սեպտեմբերի 1-ից) փոփոխության է ենթարկվելու նախագծով փոփոխվող հոդվածը, ուստի անհրաժեշտ է չեղյալ ճանաչել վերոնշված օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը՝ համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 38.1-ին հոդվածի 1-ին մասի պահանջների:

3. Նախագծի 2-րդ հոդվածով նախատեսված օրենքն ուժի մեջ է մտնելու ժամկետին (պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից)՝ հարկ ենք համարում նշել, որ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտն ընդունելու իրավասություն ունեցող մարմինը պարտավոր է նախատեսել նորմատիվ իրավական ակտի ուժի մեջ մտնելու ավելի ուշ ողջամիտ ժամկետ, եթե ակտով սահմանվում են այնպիսի իրավակարգավորումներ, որոնց համար անհրաժեշտ է հիմնավոր ժամանակահատված, որը հնարավորություն կտա հասցեատիրոջն իր վարքագիծը համապատասխանեցնելու սահմանված պահանջներին, կամ սահմանված իրավակարգավորումները վատթարացնում են անձի իրավական վիճակը:

Վերոգրյալ կարգավորումները համադրելով նախագծում նախատեսված նորմի ուժի մեջ մտնելու ժամկետի հետ՝ անհրաժեշտ է սահմանել նորմատիվ իրավական ակտի ուժի մեջ մտնելու ավելի ուշ ողջամիտ ժամկետ:

Ամփոփելով վերոգրյալը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը գտնում է, որ նախագծերի փաթեթը ներկայացված առաջարկությունների և դիտողությունների հիման վրա լրամշակման կարիք ունի:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան