ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
քաղ. Երևան |
20 մայիսի 2025 թ. |
ՆՈՒՆԵ ԱԹՈՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 396-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 6-ՐԴ ԿԵՏԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանը՝ կազմով. | |
նախագահ` դատավորներ՝ |
Արման Դիլանյանի (նախագահող), Հրայր Թովմասյանի, Դավիթ Խաչատուրյանի, Երվանդ Խունդկարյանի, Հովակիմ Հովակիմյանի, Էդգար Շաթիրյանի, Սեդա Սաֆարյանի, |
մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակում)՝ | |
դիմողի՝ |
Նունե Աթոյանի (այսուհետ նաև` Դիմող) |
ներկայացուցիչ՝ |
փաստաբան Գենյա Պետրոսյանի, |
պատասխանողի՝ |
Ազգային ժողովի (այսուհետ սույն որոշման մեջ նաև՝ Պատասխանող), |
ներկայացուցիչ՝ |
Ազգային ժողովի աշխատակազմի իրավական ապահովման և սպասարկման բաժնի պետ Մարի Ստեփանյանի, |
համաձայն Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետի, 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 22 և 69-րդ հոդվածների,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Նունե Աթոյանի դիմումի հիման վրա՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 396-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգիրքը (այսուհետ նաև՝ Օրենսգիրք) Ազգային ժողովի կողմից ընդունվել է 2018 թվականի փետրվարի 9-ին, Հանրապետության նախագահի կողմից ստորագրվել՝ 2018 թվականի փետրվարի 27-ին և ուժի մեջ է մտել 2018 թվականի ապրիլի 9-ին:
Օրենսգրքի՝ «Վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելը» վերտառությամբ 396-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը սահմանում է.
«1. Վճռաբեկ բողոքը թողնվում է առանց քննության, եթե`
(…)
6) չեն վերացվել վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին որոշման մեջ նշված թերությունները, կամ բողոքը կրկին ներկայացնելու դեպքում թույլ են տրվել նոր խախտումներ.
(…)»:
Օրենսգրքի վերոնշյալ դրույթը չի փոփոխվել և (կամ) լրացվել:
Գործի քննության առիթը Նունե Աթոյանի՝ 2024 թվականի դեկտեմբերի 4-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:
Սահմանադրական դատարանի 2025 թվականի մայիսի 20-ի ՍԴԱՈ-75 աշխատակարգային որոշմամբ գործի վարույթը մասամբ՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 200-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի և 396-րդ հոդվածի 2-րդ մասի մասերով, կարճվել է:
Ուսումնասիրելով դիմումը, գործում առկա մյուս փաստաթղթերը, Պատասխանողի գրավոր բացատրությունը, վերլուծելով վիճարկվող և վերաբերելի օրինադրույթները՝ Սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
1. Գործի դատավարական նախապատմությունը
1.1. Էմմա Մնացականի Վարդանյանը 06.02.2015 թ. հայցադիմում է ներկայացրել Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ նաև` Դատարան) ընդդեմ Անժելա Աթոյանի՝ ժառանգատու Մանուշակ Աթոյանի ժառանգական գույք հանդիսացող Երևանի Արշակունյաց 36ա շենք 30 հասցեի բնակարանի ¼-րդ բաժնեմասի նկատմամբ Մարլեն Աթոյանի պարտադիր բաժնի իրավունքը ճանաչելու, Մարլեն Աթոյանին ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու, Էմմա Վարդանյանի կողմից ժառանգատու Մառլեն Աթոյանին պատկանող Երևանի Արշակունյաց 36ա շենք 30 հասցեի բնակարանի ¼-րդ բաժնեմասի նկատմամբ ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու, Անժելա Աթոյանի ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագիրն անվավեր ճանաչելու, դրա հիման վրա ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿԱ կողմից տրված հա. 0113187 անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայականն անվավեր ճանաչելու պահանջների մասին:
Դատարանի 06.02.2015 թ. որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ և նշանակվել քննության (թիվ ԵՇԴ/0331/02/15 քաղաքացիական գործ):
Դատարանի 29.05.2015 թ. վճռով Էմմա Մնացականի Վարդանյանի հայցն ընդդեմ Անժելա Աթոյանի՝ ժառանգատու Մանուշակ Աթոյանի ժառանգական գույք հանդիսացող Երևանի Արշակունյաց 36ա շենք 30 հասցեի բնակարանի ¼-րդ բաժնեմասի նկատմամբ Մարլեն Աթոյանի պարտադիր բաժնի իրավունքը ճանաչելու, Մարլեն Աթոյանին ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու, Էմմա Մնացականի Վարդանյանին ժառանգատու Մարլեն Աթոյանին պատկանող Երևանի Արշակունյաց 36ա շենք 30 հասցեի բնակարանի ¼-րդ բաժնեմասի նկատմամբ ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու, Անժելա Աթոյանի անվամբ տրված ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագիրն անվավեր ճանաչելու պահանջների մասին, մերժվել է, իսկ Անժելա Աթոյանի՝ ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿԱ կողմից 26.05.1999 թ. տրված հա. 0113187 անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայականն անվավեր ճանաչելու պահանջի մասին, կարճվել` վեճը դատարանում քննության ենթակա չլինելու հիմքով:
Վերոնշյալ վճիռը բողոքարկվել է վերաքննության և վճռաբեկության կարգով, թողնվել է անփոփոխ և մտել օրինական ուժի մեջ:
1.2. Վճռաբեկ դատարանը, քննելով Էմմա Վարդանյանի ներկայացուցիչ Գենյա Պետրոսյանի վճռաբեկ բողոքը՝ թիվ ԵՇԴ/0331/02/15 քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 25.11.2015 թ. «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը նոր հանգամանքով վերանայելու վերաբերյալ, 07.04.2017 թ. որոշել է. «1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Նոր հանգամանքի հիմքով վերանայել ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 25.11.2015 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը:
2. Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 11.09.2015 թվականի որոշման՝ Մարլեն Աթոյանի պարտադիր բաժնի իրավունքը Մանուշակ Աթոյանի ժառանգական գույքի՝ Երևանի Արշակունյաց փողոցի թիվ 36ա շենքի 30-րդ բնակարանի 1/4 բաժնի նկատմամբ ճանաչելու, Մարլեն Աթոյանին ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու, Էմմա Վարդանյանին այդ բաժնի նկատմամբ ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու և Անժելա Աթոյանին տրված ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագիրն անվավեր ճանաչելու պահանջների մասերով հայցը մերժելու մասին Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 29.05.2015 թվականի վճիռն օրինական ուժի մեջ թողնելու մասերը և այդ մասերով գործն ուղարկել Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության»:
1.3. Դատարանի 23.09.2017 թ. որոշմամբ թիվ ԵՇԴ/0331/02/15 քաղաքացիական գործն ընդունվել է վարույթ:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 11.04.2019 թ. որոշմամբ հիշատակված քաղաքացիական գործի վարույթը կասեցվել է մինչև գործով հայցվոր Էմմա Մնացականի Վարդանյանի իրավահաջորդության հարցի լուծումը:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 25.08.2020 թ. որոշմամբ թիվ ԵՇԴ/0331/02/15 քաղաքացիական գործի վարույթը վերսկսվել է, իսկ հայցվոր Էմմա Մնացականի Վարդանյանը փոխարինվել է նրա իրավահաջորդով՝ Նունե Մարլենի Աթոյանով:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը, քննելով քաղաքացիական գործն ըստ հայցի Նունե Մարլենի Աթոյանն ընդդեմ Անժելա Միխայելի Աթոյանի, Արփինե Սլավիկի Գևորգյանի և Վարազդատ Աշոտի Մաթևոսյանի՝ Էմմա Վարդանյանին Մարլեն Աթոյանին պատկանող ժառանգության՝ պարտադիր բաժնի (ք. Երևանի Արշակունյաց 36ա շենքի թիվ 30 բնակարանի ¼ բաժին) նկատմամբ, փաստացի տիրապետման եղանակով, ժառանգությունն ընդունած ժառանգ և այդ հիմքով վերջինիս սեփականության իրավունքը ճանաչելու, Նունե Աթոյանին Էմմա Վարդանյանին պատկանող բաժնի նկատմամբ, փաստացի տիրապետման եղանակով, ժառանգությունն ընդունած ժառանգ և այդ հիմքով վերջինիս սեփականության իրավունքը ճանաչելու, որպես հետևանք Անժելա Աթոյանին տրված ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագիրը և դրա հիման վրա կատարված իրավունքի պետական գրանցումը մասնակի՝ ¼ բաժնի մասով, 10.08.2016 թ. կնքված առուվաճառքի պայմանագիրը և դրա հիման վրա կատարված իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջների մասին. 11.03.2022 թ. վճռել է հայցը մերժել:
1.4. Վերաքննիչ քաղաքացիական դատարանը 24.01.2024 թ. որոշել է. «(...)Նունե Աթոյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը բավարարել մասնակի․ թիվ ԵՇԴ/0331/02/15 քաղաքացիական գործով ՀՀ, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի 11.03.2022 թվականի վճիռը մասնակի՝ Մարլեն Աթոյանի պարտադիր բաժնի իրավունքը Մանուշակ Աթոյանի ժառանգական գույքի՝ Երևանի Արշակունյաց փողոցի թիվ 36ա շենքի 30-րդ բնակարանի 1/4 բաժնի նկատմամբ ճանաչելու, Մարլեն Աթոյանին ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու, Էմմա Վարդանյանին այդ բաժնի նկատմամբ ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու, Նունե Աթոյանին այդ բաժնի նկատմամբ ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու և Անժելա Աթոյանին տրված ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագիրը մասնակի ¼ մասով անվավեր ճանաչելու պահանջների և դրանց նկատմամբ հաշվարկվող դատական ծախսերի մասով, բեկանել և համապատասխան մասով գործն ուղարկել նույն դատարան նոր քննության՝ սույն որոշմամբ սահմանված ծավալով»:
1.5. Վճռաբեկ դատարանը, քննելով ըստ Էմմա Վարդանյանի հայցի ընդդեմ Անժելա Աթոյանի, Արփինե Գևորգյանի և Վարազդատ Մաթևոսյանի՝ իրավունքը ճանաչելու, ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու ու ժառանգության իրավունքի վկայագիրն անվավեր ճանաչելու պահանջների մասին, քաղաքացիական գործով Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 24.01.2024 թ. որոշման դեմ Նունե Աթոյանի անունից բերված վճռաբեկ բողոքը քննության ընդունելու հարցը, 03.04.2024 թ. որոշել է վերադարձնել բերված վճռաբեկ բողոքը՝ արձանագրելով հետևյալը.
«Տվյալ դեպքում բողոք բերած անձը, որպես վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հիմք վկայակոչելով նաև բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ օրենքի միատեսակ կիրառության համար Վճռաբեկ դատարանի որոշման էական նշանակություն ունենալու հանգամանքը` պայմանավորված նաև իրավունքի զարգացման խնդրի առկայությամբ, վճռաբեկ բողոքում չի նշել, թե Վերաքննիչ դատարանի կիրառած նյութական կամ դատավարական իրավունքի կոնկրետ որ նորմերի կապակցությամբ է առկա իրավունքի զարգացման խնդիր, ինչպես նաև այդ հիմքի հիմնավորումը։
Բացի այդ, բողոք բերած անձը, որպես վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հիմք վկայակոչելով նաև մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտման առկայության հանգամանքը` պայմանավորված բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանի կողմից նյութական և դատավարական իրավունքի նորմերի այնպիսի խախտումներ թույլ տալու հանգամանքով, որոնք խաթարել են արդարադատության բուն էությունը, վճռաբեկ բողոքում չի նշել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետում նշված հիմքի հիմնավորումը:
(...)
Տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանի 24.01.2024 թվականի որոշման դեմ վճռաբեկ բողոք է ներկայացրել Նունե Աթոյանը, որի անունից որպես ներկայացուցիչ հանդես է եկել Գենյա Պետրոսյանը, մինչդեռ բողոքին կից չի ներկայացրել, ինչպես նաև քաղաքացիական գործում առկա չէ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 55-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված լիազորագիրը: Ինչ վերաբերում է քաղաքացիական գործում առկա՝ Նունե Աթոյանի կողմից Գենյա Պետրոսյանին տրված լիազորագրին (հատոր 5-րդ, գ․թ․ 166), ապա այն տրվել է 14.09.2020 թվականին երեք տարի ժամկետով, որի գործողության ժամկետը վճռաբեկ բողոքը ներկայացնելու պահի՝ 04.03.2024 թվականի դրությամբ դադարած է եղել։
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը ենթակա է վերադարձման:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 395-րդ հոդվածի 3-րդ մասով, սույն որոշմամբ սահմանում է հնգօրյա ժամկետ` վերը նշված թերությունները շտկելու և վճռաբեկ բողոքը կրկին ներկայացնելու համար:
Ինչ վերաբերում է վճռաբեկ բողոք բերելու բաց թողնված ժամկետը վերականգնելու և պետական տուրքի գծով արտոնություն սահմանելու վերաբերյալ միջնորդություններին, ապա այն Վճռաբեկ դատարանը տվյալ պահին քննության առարկա չի դարձնում` վճռաբեկ բողոք բերելու համար լիազորությունը հավաստող ապացույցի բացակայության պատճառաբանությամբ» (ընդգծումները՝ Սահմանադրական դատարանի):
1.6. Վճռաբեկ դատարանը, քննելով թիվ ԵՇԴ/0331/02/15 քաղաքացիական գործով Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 24.01.2024 թ. որոշման դեմ վճռաբեկ բողոք բերելու բաց թողնված ժամկետը վերականգնելու, պետական տուրքի գծով արտոնություն սահմանելու և Նունե Աթոյանի բերած վճռաբեկ բողոքը քննության ընդունելու հարցերը, 29.05.2024 թ. որոշել է.
«1. Վճռաբեկ բողոք բերելու բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին Նունե Աթոյանի միջնորդությունը բավարարել. վճռաբեկ բողոք բերելու բաց թողնված ժամկետը վերականգնել:
2. Մերժել պետական տուրքի գծով արտոնություն սահմանելու վերաբերյալ Նունե Աթոյանի միջնորդությունը:
3. Թիվ ԵՇԴ/0331/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 24․01․2024 թվականի որոշման դեմ Նունե Աթոյանի բերած վճռաբեկ բողոքը թողնել առանց քննության (...)» (ընդգծումները՝ Սահմանադրական դատարանի):
Սույն որոշմամբ արձանագրվել է. «Վճռաբեկ բողոք բերած անձը, սահմանված ժամկետում շտկելով վճռաբեկ բողոքում առկա թերությունները, 02.05.2024 թվականին փոստային առաքման եղանակով կրկին ներկայացրել է վճռաբեկ բողոք ու պատճառաբանելով, որ Վերաքննիչ դատարանի 24.01.2024 թվականի որոշումն ստացվել է 02.02.2024 թվականին, միջնորդել է վերականգնել վճռաբեկ բողոք բերելու համար բաց թողնված ժամկետը:
Հիմք ընդունելով վերը նշված հանգամանքները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ միջնորդությունը հիմնավոր է և հիմք է բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու համար:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 396-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն` վճռաբեկ բողոքը թողնվում է առանց քննության, եթե չեն վերացվել վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին որոշման մեջ նշված թերությունները, կամ բողոքը կրկին ներկայացնելու դեպքում թույլ են տրվել նոր խախտումներ:
Տվյալ դեպքում ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 03.04.2024 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշմամբ Նունե Աթոյանի նախկինում բերած վճռաբեկ բողոքը վերադարձվել է՝ սահմանելով ժամկետ թերությունները շտկելու և վճռաբեկ բողոքը կրկին ներկայացնելու համար:
Այժմ Նունե Աթոյանը, շտկելով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 03.04.2024 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշմամբ արձանագրված վերը նշված թերությունները, կրկին ներկայացրել է վճռաբեկ բողոք` այն ներկայացնելիս թույլ տալով նոր խախտում: Այսպես`
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 393-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` վճռաբեկ բողոքին կցվում է օրենքով սահմանված կարգով և չափով պետական տուրքը վճարած լինելը հավաստող փաստաթղթի բնօրինակը կամ համապատասխան գանձապետական հաշվին փոխանցումը հավաստող համապատասխան ծածկագիրը՝ տրամադրված վճարահաշվարկային կազմակերպության կողմից (...): Այն դեպքերում, երբ օրենքով նախատեսված է պետական տուրքի վճարման գծով արտոնություն, ապա վճռաբեկ բողոքին կցվում է կամ բողոքում ներառվում է դրա վերաբերյալ միջնորդությունը, եթե բողոք բերողն օրենքի ուժով ազատված չէ պետական տուրք վճարելու պարտականությունից։ (...):
Տվյալ դեպքում բողոք բերած անձը, վճռաբեկ բողոքին չկցելով օրենքով սահմանված կարգով և չափով պետական տուրքի վճարած լինելը հավաստող փաստաթղթի բնօրինակը կամ համապատասխան գանձապետական հաշվին փոխանցումը հավաստող համապատասխան ծածկագիրը՝ տրամադրված վճարահաշվարկային կազմակերպության կողմից ու միջնորդելով պետական տուրքի վճարման գծով սահմանել արտոնություն, չի հիմնավորել համապատասխան արտոնությունը սահմանելու «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածում նշված հիմքի առկայությունը` իր համապատասխան գույքային դրությունը, ուստի հարուցված միջնորդությունը ենթակա է մերժման:
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը պետք է թողնել առանց քննության» (ընդգծումները՝ Սահմանադրական դատարանի):
2. Դիմողի դիրքորոշումները
Դիմողը, ներկայացնելով թիվ ԵՇԴ/0331/02/15 քաղաքացիական գործի դատավարական նախապատմությունը, նշում է, որ Վճռաբեկ դատարանի կողմից՝ վճռաբեկ բողոքը կրկին ներկայացնելիս որպես նոր խախտում թույլ տալու և բողոքն առանց քննության թողնելու հիմք է դիտարկվել պետական տուրքի վճարման գծով արտոնություն կիրառելու միջնորդությունը Վճռաբեկ դատարանի կողմից մերժվելու հանգամանքն այն դեպքում, երբ այն առաջին անգամ քննության առարկա է դարձել Վճռաբեկ դատարանի կողմից՝ վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու որոշմամբ (նույն միջնորդությունը ներառված է եղել նաև առաջին անգամ ներկայացված վճռաբեկ բողոքում, որին Վճռաբեկ դատարանը, սակայն, որոշել է չանդրադառնալ վճռաբեկ բողոքը վերադարձնելու որոշմամբ և առաջին անգամ այն քննարկման առարկա է դարձրել վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու որոշմամբ):
Դիմողի համոզմամբ՝ Վճռաբեկ դատարանը, առաջին անգամ քննության առարկա դարձնելով պետական տուրքի գծով արտոնություն սահմանելու վերաբերյալ միջնորդությունը, միայն բողոքը կրկին ներկայացնելուց հետո՝ վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու մասին որոշմամբ, զրկել է անձին՝ իր կողմից ներկայացված պետական տուրքի վճարման գծով արտոնություն կիրառելու վերաբերյալ միջնորդությունը մերժվելու դեպքում պետական տուրք վճարելու և Վճռաբեկ դատարան համապատասխան բողոք ներկայացնելու հնարավորությունից՝ «դիտարկելով ներկայացված միջնորդության մերժումը որպես Դիմողի կողմից նոր խախտում թույլ տալու հիմք (...), հետևաբար՝ զրկելով Դիմողին դատարանի մատչելիության իրավունքից Սահմանադրության 78-րդ հոդվածով սահմանված համաչափության սկզբունքի պահանջների ակնհայտ խախտմամբ»:
Դիմողը գտնում է, որ վիճարկվող նորմին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը «(…) հանգեցրել է Վճռաբեկ դատարանի կողմից ինքն իրեն այնպիսի իրավասություն վերապահելուն, որը հնարավորություն է տալիս վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու վերաբերյալ որոշմամբ չպատճառաբանել ներկայացված պետական տուրքի վճարման գծով միջնորդությունը մերժելու և բողոքն առանց քննության թողնելու մասին որոշումը (…)»։ Նման պայմաններում, Դիմողի գնահատմամբ, Օրենսգրքի վերոնշյալ դրույթներին իրավակիրառ պրակտիկայում տրվել է այնպիսի մեկնաբանություն, որը զրկել է անձին իր գույքային դրությունը հաստատող ապացույցների ներկայացված լինելու պայմաններում՝ իր միջնորդությունը մերժելու և պատճառաբանված որոշում ստանալու իրավունքից։
Դիմողն արձանագրում է, որ կրկին ներկայացված բողոքով վերջինիս կողմից շտկվել են Վճռաբեկ դատարանի կողմից մատնանշված բոլոր թերությունները, իսկ պետական տուրքի վճարման գծով արտոնության կիրառման միջնորդությունը նույն բովանդակությամբ, առանց փոփոխության պահպանվել է վերստին ներկայացված բողոքում, սակայն Վճռաբեկ դատարանը վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու որոշմամբ, առանց որևիցե պատճառաբանության, մերժել է ներկայացված միջնորդությունը՝ դիտարկելով այն Դիմողի կողմից բողոքը կրկին ներկայացնելիս նոր խախտում թույլ տալու և բողոքն առանց քննության թողնելու հիմք։
Ամփոփելով ողջ վերոգրյալը՝ Դիմողը խնդրում է. «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 396-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը՝ դրան դատական պրակտիկայում տրված մեկնաբանությամբ ճանաչել ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասին, 63-րդ հոդվածի 1-ին մասին, 78-րդ և 80-րդ հոդվածներին հակասող և անվավեր»:
3. Պատասխանողի դիրքորոշումները
Ազգային ժողովը (այսուհետ նաև՝ Պատասխանող), մեջբերելով Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի ու 63-րդ հոդվածի 1-ին մասի իրավակարգավորումները, ինչպես նաև դրանց վերաբերյալ Սահմանադրական դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները և համադրելով դրանք Օրենսգրքի 395 և 396-րդ հոդվածներով նախատեսված իրավակարգավորումների հետ, գտնում է. «(...) վճռաբեկ վարույթի առաջացումը կախված է մի կողմից՝ անձի մոտ վճռաբեկ բողոքարկման իրավունքի առկայությունից, մյուս կողմից՝ այդ իրավունքի իրացման դատավարական օրենքով սահմանված կարգից: Սա նշանակում է, որ վճռաբեկ վարույթի հարուցման համար բավարար չէ ունենալ բողոքարկման իրավունք, անհրաժեշտ է նաև սահմանված կարգով այն իրացնել»:
Պատասխանողը պնդում է. «Արդար դատաքննության իրավունքը չի սահմանափակվում միայն գործի հիմքում դրված փաստերի և օրենքների վրա, այլ ներառում է նաև ընթացակարգային սխալների ուղղումը, որոնք կարող են խաթարել դատաքննության արդարությունը»: Ըստ Պատասխանողի՝ օրենսդիրն այդ նպատակով սահմանել է բողոքը դատարանի կողմից վերադարձնելու, բողոքաբերի կողմից թույլ տրված սխալներն ուղղելու և նորից ներկայացնելու իրավական հնարավորություն, ինչը կոչված է ապահովելու դատարանի մատչելիության իրավունքի գործնական իրացումը:
Մեջբերելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ նաև՝ ՄԻԵԴ) առանձին դիրքորոշումները՝ Պատասխանողն արձանագրում է, որ օրենսդիրը սահմանել է պետական տուրքի գծով արտոնություն սահմանելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու դեպքում դիմումը վերադարձնելու կարգը՝ հնարավորություն տալով Դիմողին շտկելու բողոքում առկա թերությունները և կրկին ներկայացնելու վճռաբեկ բողոքը:
Մեջբերելով Օրենսգրքի 395-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված կարգավորումը՝ Պատասխանողը նշում է, որ Վճռաբեկ դատարանի համար օրենսդիրը պարտականություն է սահմանել բողոքը վերադարձնելու դեպքում նշել «առկա թերությունները»: Վերջինս, ըստ Պատասխանողի, ելնելով իրավակարգավորման նպատակից, ակնհայտորեն ընդգրկում է բողոքում առկա բոլոր թերությունները նշելու դատարանի պարտականությունը:
Պատասխանողի համոզմամբ՝ այն դեպքում, երբ վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին որոշման մեջ նշված թերությունները չեն վերացվում, վճռաբեկ բողոքը, Օրենսգրքի 396-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն, թողնվում է առանց քննության: Այսինքն՝ օրենսդիրը, սահմանափակելով անձի վճռաբեկ բողոք ներկայացնելու արդյունավետ հնարավորությունը, միևնույն ժամանակ ապահովում է այնպիսի ընթացակարգեր, որոնք կնպաստեն գործերի արդյունավետ և ողջամիտ ժամկետում քննությանը:
Պատասխանողն արձանագրում է, որ Դիմողը չէր կարող կանխորոշել, որ իր կողմից ներկայացված միջնորդությունը մերժվելու էր, և, միաժամանակ, դա որակվելու էր որպես բողոքը կրկին ներկայացնելու դեպքում թույլ տրված նոր խախտում: Ավելին, Պատասխանողը նշում է, որ պետական տուրքի մասով արտոնություն սահմանելու վերաբերյալ միջնորդություն ներկայացնելն ինքնին խախտում չէ, հետևաբար՝ բոլոր դեպքերում այն մերժվելու դեպքում անձը պետք է ունենա բողոքը կրկին ներկայացնելու հնարավորություն:
Եզրափակելով Պատասխանողը գտնում է, որ Դիմողի կողմից բարձրացված հարցը ենթադրում է ոչ թե վիճարկվող դրույթի սահմանադրականության գնահատում, այլ Վճռաբեկ դատարանի կողմից կայացված դատական ակտերի իրավաչափության ստուգում:
Ողջ վերոգրյալի լույսի ներքո Պատասխանողը խնդրում է. «Նունե Աթոյանի դիմումի հիման վրա՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 200-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, 396-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի և նույն հոդվածի 2-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը կարճել կամ սույն գործով ընդունել որոշում՝ վիճարկվող դրույթները Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելու մասին»:
4. Գործի շրջանակներում պարզման ենթակա հանգամանքները
Սույն գործով սահմանադրաիրավական վեճի շրջանակներում Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ հարցադրմանը.
- արդյո՞ք վիճարկվող դրույթը՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 396-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը՝ իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանությամբ, որի համաձայն՝ վիճարկվող դրույթի իմաստով նոր խախտում է դիտարկվում վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին որոշման մեջ չնշված այն ենթադրյալ թերությունը, որն առկա է եղել վճռաբեկ բողոքն առաջին անգամ դատարան ներկայացնելիս՝ հանգեցնելով վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելուն՝ առանց տվյալ ենթադրյալ թերությունը շտկելու հնարավորություն ընձեռելու, համապատասխանում է Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասով ամրագրված՝ անձի՝ արդյունավետ դատական պաշտպանության իրավունքին:
5. Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումները
5.1. Սահմանադրության՝ «Դատական պաշտպանության իրավունքը և մարդու իրավունքների պաշտպանության միջազգային մարմիններ դիմելու իրավունքը» վերտառությամբ 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝
«1. Յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք»:
Արդյունավետ դատական պաշտպանության իրավունքի արժեբանական հիմքում ընկած է մարդու իրավունքների և ազատությունների՝ դատական կարգով պաշտպանության սահմանադրահեն գաղափարը, ուստի՝ խնդրո առարկա սահմանադրական իրավունքը հանդես է գալիս որպես այլ հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանությանը միտված ուրույն սահմանադրական իրավունք-երաշխիք, որը թույլ չի տալիս դրանք վերածել երևութական արժեքների: Այս առումով հիշյալ սահմանադրական իրավունքի իրացման մեկնակետը դատարանի մատչելիության իրավունքի երաշխավորումն է:
Սահմանադրական դատարանն իր մի շարք որոշումներում բացահայտել է արդյունավետ դատական պաշտպանության իրավունքի երաշխավորման համատեքստում դատարանի մատչելիության իրավունքի սահմանադրաիրավական բովանդակությունը՝ նշելով.
- «Անձի դատական պաշտպանության սահմանադրական իրավունքից ածանցվում է պետության պոզիտիվ պարտականությունը՝ ապահովել այն թե՛ նորմաստեղծ, թե՛ իրավակիրառման գործունեություն իրականացնելիս։ Դա ենթադրում է, մի դեպքում, օրենսդրի պարտականությունը՝ լիարժեք դատական պաշտպանության հնարավորություն և մեխանիզմներ ամրագրել օրենքներում, մյուս կողմից, իրավակիրառողի պարտականությունը՝ առանց բացառությունների քննարկման ընդունել անձանց՝ օրինական կարգով իրենց ուղղված դիմումները, որոնցով նրանք հայցում են իրավական պաշտպանություն իրենց իրավունքների ենթադրյալ խախտումներից։
Ակնհայտ է, որ առաջին հերթին այս պահանջը վերաբերում է դատարաններին, քանի որ այդ մարմիններն են, որ օժտված են իրավական պաշտպանության համապարփակ լիազորություններով:
(...)
(...) Այլ է իրավիճակը վերադաս դատական ատյաններում, որոնցում դիմումի թույլատրելիության պահանջները կարող են ավելի խիստ լինել։ Սակայն այս ատյաններում ևս դիմումների ընդունումը դատարանի վարույթ չի կարող իրականացվել կամայականորեն» (2007 թվականի նոյեմբերի 28-ի ՍԴՈ-719 որոշում),
- «(...) դատավարական որևէ առանձնահատկություն կամ ընթացակարգ չի կարող խոչընդոտել կամ կանխել դատարան դիմելու իրավունքի արդյունավետ իրացման հնարավորությունը, իմաստազրկել [2005թ. փոփոխություններով] ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածով երաշխավորված իրավունքը կամ դրա իրացման արգելք հանդիսանալ» (2015 թվականի դեկտեմբերի 22-ի ՍԴՈ-1249 որոշում),
- «Դատարան դիմելու` անձի իրավունքի իրացման երաշխավորումն իրավական առաջնահերթ նախապայման է անձի սահմանադրական իրավունքներն ու ազատությունները դատական կարգով պաշտպանելու համար» (2016 թվականի մարտի 10-ի ՍԴՈ-1257 որոշում):
Այսպիսով՝ արդյունավետ դատական պաշտպանության իրավունքի բաղադրատարր հանդիսացող դատարանի մատչելիության իրավունքը հիմնաքարային սահմանադրական իրավունք է, որը հնարավորություն է ընձեռում անձին դիմելու դատարան՝ հայցելով իր իրավունքների և ազատությունների արդյունավետ պաշտպանություն: Ուստի՝ դատարանի մատչելիության իրավունքը կոչված է ապահովելու յուրաքանչյուրի՝ իր իրավունքների և ազատությունների ենթադրյալ խախտումները վերացնելուն ուղղված համապատասխան դատական ընթացակարգեր նախաձեռնելու ռեալ (իրական) իրավական հնարավորություն: Դատարանի մատչելիության իրավունքը պետք է երաշխավորվի դատական բոլոր ատյաններում. այս գաղափարը պետք է ուղենշային լինի նաև իրավակիրառ պրակտիկայի զարգացման շրջանակներում:
5.2. Վերոգրյալի համատեքստում անդրադառնալով վճռաբեկ բողոքի հիման վրա Վճռաբեկ դատարանի կողմից դատական ակտերի վերանայմանը՝ Սահմանադրական դատարանն արձանագրում է հետևյալը.
Վճռաբեկ դատարանի սահմանադրական կարգավիճակը բացահայտվում է Սահմանադրության 171-րդ հոդվածում, համաձայն որի՝ Հայաստանի Հանրապետությունում բարձրագույն դատական ատյանը, բացառությամբ սահմանադրական արդարադատության ոլորտի, Վճռաբեկ դատարանն է, որը դատական ակտերն օրենքով սահմանված լիազորությունների շրջանակում վերանայելու միջոցով ապահովում է օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունը, ինչպես նաև վերացնում է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտումները։
Այսպիսով՝ Վճռաբեկ դատարանի հիմնարար սահմանադրական առաքելությունն է ապահովել օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունը, որն ուղղված է, ի թիվս այլնի, ապահովելու դատական ակտերի արդարացիությունը, կանխատեսելիությունը և որոշակիությունը: Վճռաբեկության կարգով բողոքարկումը բնութագրվում է որոշակի նպատակային նշանակությամբ, որից և բխում են վերջինիս համապատասխան գործառութային առանձնահատկությունները։ Մասնավորապես՝ Վճռաբեկ դատարանը դատական ակտերն օրենքով սահմանված լիազորությունների շրջանակներում վերանայելու միջոցով.
1) ապահովում է օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունը,
2) վերացնում է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտումները:
Վճռաբեկ դատարանի սահմանադրական կարգավիճակի, վերջինով պայմանավորված՝ գործառութային լիազորությունների, բողոքաբերների համար, ինպես նաև իրավակիրառ պրակտիկայի զարգացման առումով Վճռաբեկ դատարանի դատական ակտերի կարևորության բացահայտման տեսանկյունից հատկանշական է Սահմանադրական դատարանի 2007 թվականի ապրիլի 9-ի ՍԴՈ-690 որոշումը: Նշյալ որոշմամբ Սահմանադրական դատարանը, մասնավորապես, արձանագրել է.
«(...) ՀՀ վճռաբեկ դատարանի արդարադատական գործառույթը վճռաբեկության կարգով օրենքի միատեսակ կիրառությունն ապահովելն է, այսինքն.
այն պետք է առաջին հերթին իրականացվի օրենքների և դրանց կատարումն ապահովող նորմատիվ այլ այնպիսի ակտերի իրավական բովանդակության մեկնաբանմամբ, որոնք ստորադաս դատարանների կողմից կիրառվել են (կամ չեն կիրառվել) դրանց տարաբնույթ իրավաընկալման արդյունքում,
վճռաբեկության կարգով սահմանադրական իր վերահսկողական գործառույթի իրականացմամբ, ստորադաս դատարանների դատական ակտերը վերանայելիս և դատական սխալներն ուղղելիս վճռաբեկ դատարանը բացառապես պետք է լուծի իրավունքի իրացման հարցեր,
որպես սահմանադրորեն նախատեսված շրջանակներում բարձրագույն դատական ատյան` վճռաբեկ դատարանը, իր լիազորություններին համապատասխան, կոչված է երաշխավորելու ընդհանուր իրավասության և մասնագիտացված բոլոր դատարաններում մարդու իրավունքների ու ազատությունների դատական պաշտպանության արդյունավետ միջոցների, արդարության, հավասարության պայմաններում և ողջամիտ ժամկետում դատաքննության` անձի սահմանադրական իրավունքների անմիջական գործադրումը,
վճռաբեկ դատարանի սահմանադրական գործառույթից է անմիջականորեն բխում ոչ միայն ընդհանուր և մասնագիտացված ստորադաս դատարանների թույլ տված դատական սխալներն իր իրավասության շրջանակներում ուղղելը, այլև այդ դատարանների կողմից կիրառված նորմատիվ ակտերի (դրանց դրույթների) միասնական ընկալման վերաբերյալ իրավական դիրքորոշում արտահայտելը:
(...)
(...) ՀՀ վճռաբեկ դատարանի գործունեության` օրենքով նախանշված նպատակները պայմանավորված են այդ մարմնի սահմանադրաիրավական կարգավիճակով։ Օրենքի միատեսակ կիրառությունը, ճիշտ մեկնաբանությունն ապահովելը` որպես նաև իրավունքի զարգացմանը նպաստելու միջոցներ, կառուցակարգային փոխկապակցված գործառույթներ են, հետապնդում են իրավաչափ նպատակներ և երաշխիք են վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանների դատական ակտերը վերանայելու ընթացակարգային լիազորությունների իրականացման համար։ Այդպիսի երաշխիք է նաև դատական ակտերի բողոքարկման ինստիտուտը` նյութական և ընթացակարգային օրենսդրական այնպիսի կարգավորմամբ, որն ապահովի անձի իրավունքների ու ազատությունների դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ և լիարժեք իրականացում»:
Հիշյալ որոշմամբ Սահմանադրական դատարանը նշել է նաև, որ «(...) նախապայմանների խստացումը չպետք է տեղի ունենա անհամաչափ՝ անձանց համար ստեղծելով իրավունքների պաշտպանության խոչընդոտներ: Բացի դրանից, վերաքննիչ կամ վճռաբեկ բողոքները վարույթ ընդունելու հարցում դատարանները պետք է ունենան ոչ թե հայեցողական անսահմանափակ ազատություն, այլ՝ օրենսդրորեն նախատեսված, հստակ, և անձանց համար միակերպ ընկալելի հիմքերով, բողոքը վարույթ ընդունելու կամ մերժելու իրավունք և պարտականություն»:
Առաջնորդվելով վերոնշյալ դիրքորոշմամբ՝ Սահմանադրական դատարանը վերահաստատում է, որ վճռաբեկ բողոք ներկայացրած անձն իրավունք ունի ակնկալելու Վճռաբեկ դատարանի՝ օրենսդրական կանոնների մեկնաբանման արդյունքում առաջադրած բողոքի ընդունելիության կանխատեսելի գործնական չափանիշներ ու պահանջներ (տե՛ս Սահմանադրական դատարանի 2023 թվականի դեկտեմբերի 19-ի ՍԴՈ-1707 որոշումը)։
Սահմանադրական դատարանն իր մեկ այլ՝ 2015 թվականի մարտի 3-ի ՍԴՈ-1192 որոշման շրջանակներում, արձանագրել է.
«Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանների դատական ակտերը վերանայելու լիազորությունների իրականացման համար, ի թիվս այլնի, կարևոր երաշխիք է նաև դատական ակտերի բողոքարկման ինստիտուտը՝ նյութական և ընթացակարգային օրենսդրական այնպիսի կարգավորմամբ, որն ապահովի անձի իրավունքների ու ազատությունների դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ և լիարժեք իրականացումը: Նշված համատեքստում սահմանադրական դատարանը կարևորում է դատական ակտերի բողոքարկման ինստիտուտի համակարգային ամբողջականությունը և կիրառման արդյունավետությունն ապահովող կառուցակարգային ու օրենսդրական համապատասխան երաշխիքների առկայությունը, ինչն անհրաժեշտ է դատական պաշտպանության իրավունքի իրացման լիարժեքությունն ինչպես այլ, այնպես էլ վճռաբեկ վարույթում գնահատելու առումով:
(…) Վճռաբեկ բողոքի ընդունելիության պայմանները սահմանելիս պետք է գերակայեն վճռաբեկ դատարանի մատչելիության և արդյունավետ բողոքարկման իրավունքի ապահովման երաշխիքները: Վճռաբեկ դատարանի՝ որպես ընդհանուր իրավասության դատարանների համակարգում բարձրագույն մարմնի կառուցակարգային կարգավիճակը չի կարող խոչընդոտել օրենքով նրան վերապահված իրավասության լիարժեք իրականացմանը և այդ բողոքարկման իրավունքի արդյունավետ իրացմանը, եթե ստեղծվում են դրա համար անհրաժեշտ նաև իրավական ու կառուցակարգային երաշխիքներ»:
Սահմանադրական դատարանի 2017 թվականի ապրիլի 18-ի ՍԴՈ-1363 որոշման մեջ արձանագրված է.
- «ՄԻԵԴ-ը բազմաթիվ վճիռներում նշել է, որ վճռաբեկ դատարան տրվող գանգատին ներկայացվող պահանջները կոչված են ապահովելու արդարադատության լավագույն կառավարում, սակայն ազգային դատարանների կողմից գանգատների ձևակերպման նկատմամբ չափազանց ձևական մոտեցումը վճռաբեկ գանգատների ընդունման հարցում կարող է հանգեցնել դատարանի մատչելիության իրավունքի խախտման: Վճռաբեկ գանգատի՝ հստակ ձևակերպված չլինելու հիմքով վարույթ չընդունելը, ըստ ՄԻԵԴ-ի, կարող է հանգեցնել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի խախտման (Case of Reichman v. France, application no. 50147/11, 12/07/2016)»,
- «(…) ՄԻԵԴ-ի նախադեպային իրավունքից հետևում է, որ պետք է խուսափել ավելորդ ձևականությունից, «բայց միաժամանակ չլինել չափազանց ճկուն, որպեսզի վճռաբեկ գանգատին ներկայացվող պահանջները չդառնան անիմաստ» (Case of Dumitru Gheorghe v. Romania, application 33883/06, 12/04/2016)»:
ՄԻԵԴ-ը իր նախադեպային պրակտիկայում հայտնել է, որ Գերագույն դատարաններ դիմելու սահմանափակումների համաչափության վերաբերյալ որոշում կայացնելիս Դատարանը հատուկ ուշադրություն է դարձնում երեք չափանիշների՝ (i) սահմանափակման կանխատեսելիությանը, (ii) այն հարցին, թե ով պետք է կրի դատավարության ընթացքում թույլ տրված սխալների անբարենպաստ հետևանքները (նույն տեղում, §§ 90-95), և (iii) արդյոք վիճարկվող սահմանափակումները կարող են համարվել «չափազանց ֆորմալիստական» (Case of Willems and Gorjon v. Belgium, nos. 74209/16 and 3 others, § 80, 21/09/2021), Case of Vachik Karapetyan and others v. Armenia, nos. 15736/16) and 2 others, § 87, 15/05/ 2025:
Այսպիսով՝ հաշվի առնելով Վճռաբեկ դատարանի սահմանադրաիրավական առաքելությունը՝ Սահմանադրական դատարանը վերահաստատում է, որ վերջինիս է վերապահված նաև ստորադաս դատարանների համար ուղղորդող և կանխորոշիչ նշանակություն ունեցող մեկնաբանություններ տալու սահմանադրաիրավական գործառույթը, որի՝ Սահմանադրությանը համահունչ կենսագործումը մարդու հիմնական իրավունքների և ազատությունների երաշխավորման գրավականն է:
5.3. Ողջ վերոգրյալի լույսի ներքո անդրադառնալով Օրենսգրքի 396-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությանը՝ Սահմանադրական դատարանն արձանագրում է.
Օրենսգրքի 396-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու հիմքերի սպառիչ ցանկը, որի 6-րդ կետի համաձայն՝ վճռաբեկ բողոքն առանց քննության է թողնվում նաև այն դեպքում, երբ չեն վերացվել վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին որոշման մեջ նշված թերությունները, կամ բողոքը կրկին ներկայացնելու դեպքում թույլ են տրվել նոր խախտումներ:
Տվյալ դեպքում օրենսդիրը վճռաբեկ բողոք բերած անձին տվել է վերադարձված բողոքում առկա թերությունները վերացնելու և կրկին (առանց նոր թերությունների) ներկայացնելու իրավական հնարավորություն: Նշվածից ակնհայտ է դառնում, որ թերությունները վերացնելու համար վերադարձված վճռաբեկ բողոքը կրկին ներկայացնելու համար բողոք բերած անձի համար գործում են ոչ միայն ժամկետային, այլև քանակական սահմանափակումներ: Ուստի՝ օրենքով նախատեսված դեպքերում անձի կողմից համապատասխան դատավարական գործողության կատարման իրավունքը կարող է կախվածության մեջ դրվել օրենքով սահմանված նաև այլ, մասնավորապես՝ քանակական պայմաններից. կրկին ներկայացված վճռաբեկ բողոքը նոր թերություններով բերված լինելու դեպքում, թողնվում է առանց քննության*: Համապատասխան քանակական սահմանափակումների նախատեսումն օրենսդրի կողմից կոչված է երաշխավորելու/կանխելու վճռաբեկ բողոք ներկայացնելու իրավունքի չարաշահումները, ինչպես նաև համապատասխան ժամկետների արհեստական երկարաձգումները:
Ուսումնասիրելով թիվ ԵՇԴ/0331/02/15 քաղաքացիական գործով կայացված դատական ակտերը՝ Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Վճռաբեկ դատարանը 03.04.2024 թ. որոշմամբ վերադարձրել է վճռաբեկ բողոքը՝ նշելով.
Ինչպես հետևում է սույն որոշման 1.6-րդ կետում շարադրված գործի դատավարական նախապատմությունից՝ Վճռաբեկ դատարանի 29.05.2024 թ. վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու մասին որոշման հիմք է հանդիսացել Վճռաբեկ դատարանի կողմից պետական տուրքի գծով արտոնություն սահմանելու վերաբերյալ միջնորդությունը մերժելը, և, միաժամանակ, բողոքը կրկին ներկայացնելիս դա որպես թույլ տրված նոր խախտում որակելը:
5.4. Պետական տուրք վճարելու սահմանադրական պարտականությունը դիտարկելով դատարան դիմելու սահմանադրական իրավունքի իրացման հնարավորության հետ սերտ կապի մեջ՝ Սահմանադրական դատարանը 2010 թվականի մայիսի 25-ի ՍԴՈ-890 որոշմամբ փաստել է. «Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ դատարաններում պետական տուրք վճարելու սահմանադրական պարտականության կատարումը սերտորեն առնչվում է անձի` դատարան դիմելու սահմանադրական իրավունքի իրացման հնարավորության հետ` սահմանադրական դատարանը հարկ է համարում ընդգծել, որ դատարաններում պետական տուրք վճարելու պարտականությունը չի հետապնդում դատարան դիմելու սահմանադրական իրավունքից անձին զրկելու նպատակ: Օրենսդիրը կարգավորելով դատարաններում պետական տուրքի գանձման հետ կապված իրավահարաբերությունները` կաշկանդված է քաղաքացիական իրավունքների ու ազատությունների պաշտպանության սահմանադրական սկզբունքներով, մասնավորապես, դատարանի մատչելիության սկզբունքի երաշխավորման պարտականությամբ: Ուստի օրենսդրի պարտականությունն է երաշխավորել պատշաճ հավասարակշռություն, մի կողմից, դատարաններում պետական տուրք գանձելու` պետության օրինավոր շահի, դատարաններում պետական տուրք վճարելու` անձի սահմանադրական պարտականության և, մյուս կողմից` դատարանների միջոցով իր իրավունքները պաշտպանելու` դիմողի օրինավոր շահի միջև: Հետևաբար, այդպիսի հավասարակշռության ապահովումը հետապնդում է սահմանադրաիրավական նպատակ»:
2018 թվականի հուլիսի 10-ի ՍԴՈ-1423 որոշմամբ Սահմանադրական դատարանը, ելնելով պետական տուրքի՝ օրենքով որոշված իրավական բովանդակությունից և նպատակային նշանակությունից, գտել է, որ «(…) պետական տուրք վճարելու պարտականության սահմանումը նպատակ է հետապնդում, նախ՝ որոշակիորեն փոխհատուցել պետության կողմից հանրային ծառայություններ մատուցելու, այդ թվում` արդարադատության իրականացման հետ կապված ծախսերը, իսկ վերջինիս դեպքում նաև՝ մասամբ նախականխել ակնհայտ անհիմն հայցադիմումների հոսքը՝ նպաստելով թե՛ արդարադատության իրականացման արդյունավետության բարձրացմանը և թե՛ դատարան դիմելու իրավունքի իրացման հնարավոր շահարկման կանխարգելմանը»:
Սահմանադրական դատարանի 2022 թվականի հուլիսի 1-ի ՍԴՈ-1655 որոշման համաձայն՝ «(…) դատարանում պետական տուրքի վճարումից ազատելու, պետական տուրքի վճարումը հետաձգելու և պետական տուրքի գծով այլ արտոնություններն ունեն հավասարակշռող ազդեցություն և ինքնին միտված են երաշխավորելու անձանց դատական պաշտպանության իրավունքի իրացումը՝ հաշվի առնելով անձանց սոցիալական դրությունը, ֆինանսական հնարավորությունների բացակայությունը և այլն: Արտոնությունների համակարգի ճկունությունը հնարավորություն է ընձեռում երաշխավորելու այն անձանց իրավունքները, որոնք զրկված են գույքային դրության պատճառով արդարադատություն հայցելու հնարավորությունից: Պետական տուրքի գանձման և դատարանի մատչելիության իրավունքի ապահովման հավասարակշռության գործում ընդգծելի է իրավակիրառ մարմինների՝ տվյալ դեպքում՝ դատարանների դերը: Այս մարմիններին օրենսդրությամբ ընձեռված է մեծ հայեցողություն՝ համապատասխան իրավիճակում չսահմանափակելու անձի դատական պաշտպանության իրավունքը՝ վերջինիս գույքային հնարավորության բացակայությամբ պայմանավորված»:
Հաշվի առնելով վերոգրյալը՝ Սահմանադրական դատարանը փաստում է, որ պետական տուրք վճարելու սահմանադրական պարտականությունն արդեն իսկ հանդիսանում է դատական պաշտպանության իրավունքի իրացման բավական զգալի նախապայման, իսկ պետական տուրքի գծով արտոնություններն ունեն հավասարակշռող ազդեցություն և ինքնին միտված են երաշխավորելու անձանց դատական պաշտպանության իրավունքի իրացումը, ուստի՝ դատարանի կողմից առաջին անգամ պետական տուրքի գծով արտոնություն սահմանելու մասին միջնորդության մերժումը չի կարող անմիջապես զրկել անձին իր իրավունքների դատական պաշտպանության սահմանադրական երաշխիքից: Հակառակ իրավիճակը դուրս է պետական տուրքի գծով արտոնություն սահմանելու մասին միջնորդություն ներկայացնելու իրավական հնարավորության ողջ տրամաբանությունից:
Բացի դրանից, վիճարկվող դրույթի նման մեկնաբանությունը, այսինքն՝ երբ դատարանների կողմից նոր խախտում է դիտարկվում և, ըստ այդմ՝ կիրառվում է վիճարկվող դրույթով նախատեսված՝ բողոքն առանց քննության թողնելու, այլ ոչ թե բողոքը կրկին վերադարձնելու դատավարական գործիքը բոլոր այն դեպքերի համար, երբ սկզբնական բողոքը վերադարձնելու վերաբերյալ դատարանի որոշման մեջ անդրադարձ չի լինում սկզբնական բողոքում առկա վերադարձման բոլոր հիմքերին, ձևավորվում է անհավասար մոտեցում դատավարական միևնույն կարգավիճակ ունեցող սուբյեկտների նկատմամբ: Մասնավորապես՝ մի սուբյեկտի պարագայում (երբ սկզբնական բողոքը վերադարձնելու վերաբերյալ դատարանի որոշման մեջ անդրադարձ է կատարվում սկզբնական բողոքում առկա վերադարձման բոլոր հիմքերին) պետտուրքից ազատելու վերաբերյալ միջնորդությունը մերժվելուց հետո բողոքը վերադարձվում է բողոքաբերին՝ այն շտկելու և կրկին դատարան ներկայացնելու հնարավորությամբ, իսկ մյուսի դեպքում (երբ սկզբնական բողոքը վերադարձնելու վերաբերյալ դատարանի որոշման մեջ անդրադարձ չի լինում սկզբնական բողոքում առկա վերադարձման բոլոր հիմքերին)՝ նույն միջնորդությունը, ըստ էության, առաջին անգամ քննվում և մերժվում է՝ առանց բողոքը վերադարձնելու և ըստ այդմ՝ բողոքաբերին այդ թերությունը շտկելու և այն կրկին դատարան ներկայացնելու հնարավորություն ընձեռելու: Սահմանադրական դատարանի գնահատմամբ՝ նշված տարբերակված մոտեցումը զուրկ է որևէ իրավաչափ հիմքից, և նախորդիվ նկարագրված իրավիճակներից վերջինում հայտնված սուբյեկտն առհասարակ անհամաչափորեն զրկվում է արդյունավետ դատական պաշտպանության իրավունքից:
Վճռաբեկ դատարանին վճռաբեկ բողոքը վերադարձնելու իրավասություն վերապահելն իրավական գործուն մեխանիզմ է` ուղղված ներկայացված բողոքում առկա թերությունները, մասնավորապես՝ պետական տուրքի առնչությամբ մատնանշելուն, իսկ հաջորդիվ՝ բողոքաբերի կողմից դրանք շտկելուն/վերացնելուն՝ դրանով իսկ ապահովելով անձի՝ Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքից ածանցվող՝ սահմանված կարգով և ժամկետում վճռաբեկ բողոք ներկայացնելու իրավունքը՝ երաշխավորելով վճռաբեկ ատյանի մատչելիության իրավական հնարավորությունը:
Մասնավորապես՝ Օրենսգրքի 393-րդ հոդվածը սահմանում է, որ վճռաբեկ բողոքին կցվում է օրենքով սահմանված կարգով և չափով պետական տուրքը վճարած լինելը հավաստող փաստաթղթի բնօրինակը կամ համապատասխան գանձապետական հաշվին փոխանցումը հավաստող համապատասխան ծածկագիրը։ Այն դեպքերում, երբ օրենքով նախատեսված է պետական տուրքի վճարման գծով արտոնություն, ապա վճռաբեկ բողոքին կցվում է կամ բողոքում ներառվում է դրա վերաբերյալ միջնորդությունը, եթե բողոք բերողն օրենքի ուժով ազատված չէ պետական տուրք վճարելու պարտականությունից։
Օրենսգրքի 395-րդ հոդվածի ուժով վճռաբեկ բողոքը վերադարձվում է, եթե, ի թիվս այլնի, դատարանը մերժել է պետական տուրքի գծով արտոնություն սահմանելու վերաբերյալ միջնորդությունը:
Այսպիսով, Սահմանադրական դատարանը փաստում է, որ առկա իրավակարգավորումները՝ իրենց համակարգային ամբողջության մեջ, ինչպես նաև դատական պրակտիկան զարգացել են այն տրամաբանությամբ, որ դատարանի կողմից առաջին անգամ պետական տուրքի գծով արտոնություն սահմանելու վերաբերյալ միջնորդության մերժումը տվյալ փուլում անձին չի զրկում դատական պաշտպանության իրավունքից: Մասնավորապես՝ հաշվի առնելով այն, որ դատարանի կողմից առաջին անգամ նշված միջնորդության մերժումը հանդիսանում է վճռաբեկ բողոքը վերադարձնելու (այլ ոչ դրա վարույթ ընդունելը մերժելու, կամ այն առանց քննության թողնելու) հիմք, նման պարագայում անձն իրավասու է շտկելու առկա թերությունը և վճռաբեկ բողոքը կրկին ներկայացնելու: Մասնավորապես՝ վերջինս օժտված է իր ընտրությամբ կամ կրկին նման միջնորդություն ներկայացնելու (առավել հիմնավոր և/կամ նոր ապացույցներով), կամ, առհասարակ, պետական տուրքը վճարելու հնարավորությամբ:
Տվյալ դեպքում, թիվ ԵՇԴ/0331/02/15 քաղաքացիական գործով կայացված դատական ակտերի ուսումնասիրությունը վկայում է, որ պետական տուրքի գծով արտոնություն սահմանելու մասին միջնորդությունը Վճռաբեկ դատարանի կողմից առաջին անգամ քննության առարկա է դարձել կրկին ներկայացված վճռաբեկ բողոքի ընդունելիության հարցը որոշելիս, ինչի արդյունքում միջնորդությունը մերժվել է, իսկ կրկին ներկայացված վճռաբեկ բողոքը՝ թողնվել առանց քննության: Այնինչ, Սահմանադրական դատարանը հարկ է համարում արձանագրել, որ դատարանի կողմից պետական տուրքի գծով արտոնություն սահմանելու վերաբերյալ միջնորդությունը մերժելն Օրենսգրքի 395-րդ հոդվածի իմաստով վճռաբեկ բողոքը վերադարձնելու ինքնուրույն հիմք է:
Հաշվի առնելով վերոգրյալը՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ դատարանի կողմից պետական տուրքի գծով արտոնություն սահմանելու վերաբերյալ միջնորդության անհիմն լինելը չէր կարող մեկնաբանվել որպես կրկին ներկայացված վճռաբեկ բողոքում առկա նոր թերություն և հիմք հանդիսանալ այդ հիմքով վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու համար՝ հանգեցնելով Դիմողի՝ դատարանի մատչելիության իրավունքի խախտման՝ հաշվի առնելով նաև, որ Դիմողին սույն ենթադրյալ թերությունը շտկելու որևէ իրավական հնարավորություն չի ընձեռվել:
Միևնույն ժամանակ, Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Օրենսգրքի 395-րդ հոդվածով նախատեսված իրավակարգավորումների ուժով՝ օրենսդիրը չի բացառել նաև այնպիսի իրավիճակ, երբ արդեն իսկ վերադարձված և կրկին ներկայացված վճռաբեկ բողոքում կարող են ի հայտ գալ վերադարձման հիմք հանդիսացող այլ թերություններ:
Այսպես՝ Սահմանադրական դատարանն իր՝ 2017 թվականի ապրիլի 18-ի ՍԴՈ-1363 որոշման շրջանակներում, անդրադառնալով նախկին՝ 1998 թվականի խմբագրությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 233-րդ հոդվածի 2-րդ մասի և 233.1-րդ հոդվածի 1-ին մասի սահմանադրականության հարցին, նշել է, որ «(…) վերադարձված բողոքը կրկին ներկայացվելուց հետո հայտնաբերված նոր թերությունները ոչ բոլոր դեպքերում է, որ կարող են թույլ տրված լինել բողոքաբերի մեղքով, և այդ պարագայում բողոքն առանց քննության թողնելը կարող է անարդարացիորեն զրկել բողոքաբերին դատական պաշտպանության իր իրավունքների լիարժեք իրականացման հնարավորությունից»:
Վերահաստատելով վերոնշյալ որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումները՝ Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ բոլոր այն թերությունները, որոնք առկա են եղել վճռաբեկ բողոքը ներկայացնելու (առաջին անգամ դատարան մուտք անելու) պահի դրությամբ, սակայն Վճռաբեկ դատարանը վճռաբեկ բողոքի ընդունելիության հարցը որոշելիս դրանց անդրադարձ չի կատարել, Օրենսգրքի վիճարկվող դրույթի իմաստով որպես նոր խախտում մեկնաբանվել չեն կարող:
Անդրադառնալով սույն գործին՝ Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ վիճարկվող դրույթը թիվ ԵՇԴ/0331/02/15 քաղաքացիական գործով Դիմողի նկատմամբ կայացված դատական ակտերի շրջանակներում կիրառվել է վերոգրյալից տարբերվող մեկնաբանությամբ. սույն պարագայում պետական տուրքի գծով արտոնություն սահմանելու մասին Դիմողի միջնորդությունը մերժելը և այդ հիմքով վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելը՝ առանց տվյալ ենթադրյալ թերությունը շտկելու հնարավորության ընձեռման, զրկել է անձին վճռաբեկության կարգով բողոք ներկայացնելու իրավունքից՝ հանգեցնելով վերջինիս արդյունավետ դատական պաշտպանության իրավունքի խախտման:
Այսպիսով, Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 396-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը համապատասխանում է Սահմանադրությանն այն մեկնաբանությամբ, որի համաձայն՝ բոլոր այն թերությունները, որոնք առկա են եղել վճռաբեկ բողոքը ներկայացնելու (առաջին անգամ դատարան մուտք անելու) պահի դրությամբ, սակայն Վճռաբեկ դատարանը վճռաբեկ բողոքի վերադարձման հարցը որոշելիս դրանց անդրադարձ չի կատարել, նշյալ դրույթի իմաստով որպես նոր խախտում մեկնաբանվել չեն կարող, հետևաբար՝ դրանց նկատմամբ պետք է կիրառվի ոչ թե վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու, այլ այն կրկին վերադարձնելու դատավարական գործիքը:
Սահմանադրական դատարանը հարկ է համարում նաև արձանագրել, որ անձի արդյունավետ դատական պաշտպանության իրավունքը երաշխավորելու և վճռաբեկ ատյանի մատչելիությունն ապահովելու տեսանկյունից խնդրահարույց է ոչ թե այն, որ կրկին ներկայացված վճռաբեկ բողոքը թողնվել է առանց քննության, քանի որ մերժվել է պետական տուրքի մասով արտոնություն կիրառելու մասին միջնորդությունը, այլ այն, որ մինչ այդ՝ վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին որոշման մեջ, Վճռաբեկ դատարանն այդ միջնորդությանն ըստ էության չի անդրադարձել: Այլ կերպ՝ խնդրահարույց պրակտիկան չէր առաջանա, եթե վճռաբեկ բողոքը վերադարձնելու վերաբերյալ որոշմամբ Վճռաբեկ դատարանն ըստ էության անդրադառնար տվյալ բողոքի վերադարձման բոլոր հիմքերին, կամ վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու վերաբերյալ որոշումը կայացվեր կրկին ներկայացված բողոքներում տեղ գտած վերադարձման ենթակա այն հիմքերի առնչությամբ միայն, որոնց վերաբերյալ ըստ էության անդրադարձ էր կատարել բողոքի վերադարձի վերաբերյալ առաջին որոշման մեջ:
Վճռաբեկ դատարանի կողմից իրավակիրառական նման պրակտիկայի զարգացումը, առհասարակ, բավական արդյունավետ գործիք կլիներ ինչպես արդյունավետ դատական պաշտպանության անձի իրավունքի երաշխավորման, այնպես էլ դատարանի և դատավարության մասնակիցների ռեսուրսների խնայողության տեսանկյունից:
Ելնելով գործի քննության արդյունքներից և հիմք ընդունելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետը, 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետը, 170-րդ հոդվածի 1-ին և 4-5-րդ մասերը, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 69-րդ հոդվածները՝ Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 396-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը համապատասխանում է Սահմանադրությանն այն մեկնաբանությամբ, որի համաձայն՝ վճռաբեկ բողոքի բոլոր այն թերությունները, որոնք առկա են եղել վճռաբեկ բողոքն առաջին անգամ ներկայացնելիս և ի սկզբանե հանդիսացել են վճռաբեկ բողոքը վերադարձնելու հիմք, սակայն վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին որոշման մեջ դրանց անդրադարձ չի կատարվել, նշյալ դրույթի իմաստով նոր խախտումներ չեն:
2. «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն՝ Դիմողի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով ենթակա է վերանայման՝ օրենքով սահմանված կարգով՝ նկատի ունենալով, որ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 396-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը Դիմողի նկատմամբ կիրառվել է սույն որոշման մեջ նշված մեկնաբանությունից տարբերվող մեկնաբանությամբ:
3. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
_____________________
* Նման սահմանափակում գործում է ոչ միայն վճռաբեկ, այլ նաև վերաքննիչ բողոքների նկատմամբ: Մասնավորապես՝ Օրենսգրքի 371-րդ հոդվածը, սահմանելով վերաքննիչ բողոքը վերադարձնելու հիմքերի սպառիչ ցանկը, 5-րդ մասով սահմանում է. «(...) Կրկին ներկայացված վերաքննիչ բողոքում առկա խախտումները վերացնելու համար նոր ժամկետ չի տրվում»։
Նախագահող |
Ա. Դիլանյան |
20 մայիսի 2025 թվականի ՍԴՈ-1783 |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 մայիսի 2025 թվական: