Գլխավոր տեղեկություն
Համար
N 52
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (-28.03.1994)
Սկզբնաղբյուր
ՀՀԿՈ 1994/1-2, հունվար, փետրվար 1994
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
26.01.1994
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 հունվարի 1994 թ. N 52

Քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 1994 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵԻ ՀԱՇՎԻՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՎՈՂ ԿԱՊԻՏԱԼ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԾԱՎԱԼՆԵՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Ելնելով կենսաապահովման օբյեկտների անխափան գործունեության հիմնահարցերի լուծման համար շինարարության միասնական ինվեստիցիոն ծրագրի մշակման և հաստատման, նշված օբյեկտների անխափան աշխատանքի և առավելագույն ավտոնոմ ռեժիմի ապահովման, բնակչության զբաղվածության խնդրի լուծման անհրաժեշտությունից, ինչպես նաև 1994 թվականին կարևորագույն օբյեկտների շինարարությունը շարունակելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության 1994 թվականի բյուջեի հաշվին ֆինանսավորվող կապիտալ ներդրումների ծավալները, համաձայն N 1 հավելվածի, ինչպես նաև արտադրական նշանակության և սոցիալական ոլորտի օբյեկտների ցանկերը, համաձայն NN 2 և 3 հավելվածների:*)

2. Թույլատրել պատվիրատու նախարարություններին, պետական վարչություններին, գերատեսչություններին և տեղական կառավարման մարմիններին, մինչև 1994 թվականի շինարարության ինվեստիցիոն ծրագրի հաստատումը, շարունակել 1993 թվականի կապիտալ շինարարության ծրագրով նախատեսված կարևորագույն օբյեկտների շինարարությունը:

Պատվիրատու կազմակերպություններին` 5-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության հետ համաձայնեցնել 1994 թվականի բյուջեի հաշվին ֆինանսավորվող օբյեկտների շինարարության տիտղոսացուցակները և ներկայացնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն:

Առաջարկել ֆինանսավորվող բանկերին կապիտալ ներդրումների ֆինանսավորումն իրականացնել հաստատված տիտղոսացուցակներին համապատասխան:

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` 5-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն պատվիրատուների գծով կենտրոնացված կապիտալ ներդրումների 1993 թվականի սահմանաքանակների գերակատարման հետևանքով առաջացած կրեդիտորական պարտքերի մարման վերաբերյալ, իսկ մինչև 1994 թվականի փետրվարի 1-ը պատվիրատու կազմակերպություններին հատկացնել կանխավճար` կապիտալ ներդրումների սահմանաքանակների 25 տոկոսի չափով, համաձայն հաստատված տիտղոսացուցակների:

4. Թույլատրել պատգամավորների Երևանի, Գյումրիի, Վանաձորի, Ստեփանավանի քաղաքային և Սպիտակի ու Ամասիայի շրջանային խորհուրդների գործադիր կոմիտեներին, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության հետ համաձայնեցնելով, 1994 թվականին իրենց հատկացված ընդհանուր կապիտալ ներդրումների սահմաններում իրականացնել վթարային շենքերի քանդման և դրանց տարածքների մաքրման աշխատանքներ:

5. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը և ֆինանսների նախարարությանը` Ռուսաստանի Դաշնության կողմից աղետի գոտու վերականգնման աշխատանքների համար տրվող վարկն ստանալուն պես 15-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ աղետի գոտում իրականացվող բնակարանային և սոցիալական ոլորտի օբյեկտների շինարարությունն ինվեստիցիոն ծրագրում ընդգրկելու վերաբերյալ:

6. Պատգամավորների Վանաձորի քաղխորհրդի գործկոմին` նախապատրաստել քաղաքի կոյուղու մաքրման կայանի 1994 թվականի գործարկման նվազագույնը և հատկացված ընդհանուր կապիտալ ներդրումների սահմաններում նախատեսել համապատասխան միջոցներ:

7. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը` Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ ԱՄՆ-ից մարդասիրական օգնության կարգով ստացված հացահատիկի իրացումից գոյացած հասույթի հաշվին կառուցվող օբյեկտները շինարարության ինվեստիցիոն ծրագրում ընդգրկելու վերաբերյալ:

8. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը` 1994 թվականին սեփական միջոցների  հաշվին շարունակել «Զվարթնոց» օդանավակայանի վերակառուցման աշխատանքները, այն ընդգրկելով 1994 թվականի շինարարության ինվեստիցիոն ծրագրում:

9. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցության նախարարությանը` 1994 թվականին սեփական միջոցների հաշվին շարունակել Գյումրիի լոկոմոտիվային դեպոյի երկրորդ հերթի շինարարությունը:

10. Պատգամավորների Երևանի, Գյումրիի, Վանաձորի քաղխորհուրդների գործկոմներին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր «Հայբնակկոմտնտ» ՀՄ-ին` հատկացված ընդհանուր կապիտալ ներդրումների սահմաններում անհրաժեշտ միջոցներ նախատեսել գործող էլեկտրամատակարարման և ջրամատակարարման ցանցերի վերականգնման ու վերակառուցման համար:

11. Պատգամավորների Երևանի քաղխորհրդի գործկոմին` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր «Հայտրանսշին» տրեստի հետ համատեղ նախապատրաստել Հրազդան գետի կիրճի վրա կառուցվող Դավիթաշենի կամրջի գործարկման նվազագույնը (հաշվի առնելով 1994 թվականին տրանսպորտի երթևեկության բացումը)` հատկացված ընդհանուր կապիտալ ներդրումների սահմաններում նախատեսելով անհրաժեշտ միջոցներ:

12. Պատվիրատու կազմակերպություններին`

ա) մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն ներկայացնել առաջարկություն 1994 թվականի շինարարության ինվեստիցիոն ծրագրում չընդգրկված անավարտ շինարարության օբյեկտների` հատկացված ընդհանուր կապիտալ ներդրումների սահմաններում պահպանման և կոնսերվացման վերաբերյալ.

բ) 1994 թվականից սկսած նոր օբյեկտների շինարարության պատվերի տեղադրումն իրականացնել  Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի նոյեմբերի 16-ի «Շինարարության պատվերի տեղադրման մրցույթի կազմակերպման և անցկացման կարգի հաստատման մասին» N 572 որոշման համաձայն:

13. Հայաստանի Հանրապետության նախարարություններին, պետական վարչություններին, գերատեսչություններին, տեղական կառավարման մարմիններին` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն ներկայացնել այն օբյեկտների ցանկը (ձևը կցվում է), որոնց շինարարությունն անհրաժեշտ է առաջնահերթ կարգով իրականացնել 1994 թվականին` իրենց համակարգերի անխափան և արդյունավետ գործունեությունն ապահովելու համար, այդ թվում 1994 թվականի բյուջեի հաշվին ֆինանսավորվող օբյեկտներինը` ըստ սույն որոշմամբ հաստատված կապիտալ ներդրումների սահմանաքանակների:

14. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը և ֆինանսների նախարարությանը` 1993 թվականի կապիտալ շինարարության ծրագրի կատարման արդյունքների և պատվիրատուների առաջարկությունների հիման վրա մինչև 1994 թվականի մարտի 15-ը Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել 1994 թվականի շինարարության ինվեստիցիոն ծրագրի նախագիծը (կառուցվող արտադրական և սոցիալական ոլորտի օբյեկտների ցանկով)` պետական ֆինանսավորման բոլոր աղբյուրների ընդգրկումով:

______________

*) Հավելվածները չեն բերվում:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան


Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ

ԿԱՌԱՎԱՐԻՉ

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ