ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
քաղ. Երևան |
20 մայիսի 2025 թ. |
2025 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 18-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ ԴԻՄԱԿԱՅՈՒՆ ԵՎ ՆԵՐԱՌԱԿԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՀԱՏՎԱԾԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՀԱՄԱՐ ԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ ՄԻՋՈՑՆԵՐԻՑ ՎԱՐԿԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Սահմանադրական դատարանը՝ կազմով. | |
դատավորներ՝ |
Արման Դիլանյանի (նախագահող), Հրայր Թովմասյանի, Դավիթ Խաչատուրյանի, Երվանդ Խունդկարյանի, Հովակիմ Հովակիմյանի, Էդգար Շաթիրյանի, Սեդա Սաֆարյանի, |
մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)՝
Կառավարության ներկայացուցիչ` Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Ք. Ղալեչյանի,
համաձայն Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետի, 169-րդ հոդվածի 3-րդ մասի, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի, 40 և 74-րդ հոդվածների,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2025 թվականի մարտի 18-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև դիմակայուն և ներառական ճանապարհային հատվածի բարելավման ծրագրի համար Ասիական զարգացման բանկի միջոցներից վարկի տրամադրման մասին» համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Կառավարությունն իր` 2025 թվականի ապրիլի 30-ի N 509-Ա որոշմամբ հավանություն է տվել 2025 թվականի մարտի 18-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև դիմակայուն և ներառական ճանապարհային հատվածի բարելավման ծրագրի համար Ասիական զարգացման բանկի միջոցներից վարկի տրամադրման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ Կառավարության օրենսդրական նախաձեռնությանը և որոշել է նշված համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու նպատակով դիմել Սահմանադրական դատարան:
Գործի քննության առիթը Կառավարության՝ 2025 թվականի մայիսի 2-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է։
Ուսումնասիրելով սույն գործով Կառավարության ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով վերոնշյալ համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը՝ Սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
1. «Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև դիմակայուն և ներառական ճանապարհային հատվածի բարելավման ծրագրի համար Ասիական զարգացման բանկի միջոցներից վարկի տրամադրման մասին» համաձայնագիրը (այսուհետ՝ Համաձայնագիր) ստորագրվել է 2025 թվականի մարտի 18-ին՝ տարածաշրջանային շարժունակությունը բարելավելու և հասանելիությունը բարձրացնելու նպատակով:
2. Դիմումին կից ներկայացված՝ Համաձայնագրի վավերացման նպատակահարմարության վերաբերյալ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տեղեկանք-հիմնավորման համաձայն՝ Հայաստանի Հանրապետության համար առաջնահերթություն համարվող Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի 4-րդ հերթի Սիսիան-Քաջարան շուրջ 60 կմ նոր ճանապարհահատվածի (ներառյալ՝ Բարգուշատի թունելը) ներդրումային ծրագիրը նախատեսվում է իրականացնել ըստ 3 ենթահատվածների՝
● 27.12 կմ երկարությամբ Հյուսիսային ենթահատված, կմ0+000 փ կմ27+125,
● 8.65 կմ երկարությամբ Բարգուշատի թունելի ենթահատված, կմ27+125 փ կմ35+775,
● 24.25 կմ երկարությամբ Հարավային ենթահատված, կմ35+775 փ կմ60+022 (այսուհետ՝ Ծրագիր):
3. Համաձայնագիրն ունի չորս հավելված` Հավելված 1. «Ծրագրի նկարագրությունը», Հավելված 2. «Մարման ժամանակացույցը», Հավելված 3. «Վարկային միջոցների հատկացումը և առհանումը» և Հավելված 4. «Ծրագրի իրականացումը»:
4. Համաձայն Համաձայնագրի I հոդվածի 1.01 բաժնի՝ Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ կամ Վարկատու)՝ 2022 թվականի հունվարի 1-ի՝ Սովորական գործառնությունների վարկավորման կանոնների (Վարկավորման կանոններ) բոլոր դրույթները Համաձայնագրի նկատմամբ կիրառելի են նույն ուժով և գործողությամբ այնպես, ինչպես եթե դրանք ամբողջությամբ ձևակերպված լինեին Համաձայնագրում, այնուամենայնիվ, Համաձայնագրի I հոդվածի 1.02 բաժնով նախատեսված փոփոխություններով:
5. Ծրագիրը ներառում է՝
ա. կլիմային և աղետներին դիմակայուն ճանապարհային կոմունիկացիաների բարելավում` 27,1 կիլոմետր (կմ) երկարությամբ երկու գոտի ունեցող նոր ճանապարհի կառուցում` դանդաղ երթևեկության համար նախատեսված վերընթաց ուղիներով, կամուրջներով և թունելներով, կլիմային դիմակայուն շինարարության մեթոդների, կանաչ ճանապարհների սկզբունքների և շահագործման ու սպասարկման լավագույն փորձի ներդրում, և կայանատեղիների ու հանգստի գոտիների բարեկարգման հայեցակարգի մշակում՝ էլեկտրոնային լիցքավորման կայաններով և ավտոբուսի կանգառներով, որը ներառում է գենդերային և ներառական նախագծման առանձնահատկություններ, և կայանատեղիների և հանգստի գոտիների կառուցում. և
բ. ՃԴՀ-ի (Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի օգոստոսի 6-ի թիվ 1298-Ա որոշման համաձայն ստեղծված «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամ կամ դրա՝ ԱԶԲ-ի համար ընդունելի ցանկացած իրավահաջորդ) կարողությունների բարելավում` ընդլայնելով ՃԴՀ-ի գիտելիքները խոշոր նախագծերի մշակման և իրականացման վերաբերյալ, բարձրացնելով ՃԴՀ-ի գիտելիքները կամուրջների կառավարման համակարգի ստեղծման և ճանապարհների սպասարկման գործում, բարելավելով մարդկային ռեսուրսների կառավարման գործելակերպը՝ աջակցելու տեխնիկական պաշտոններում կին անձնակազմի աշխատանքի ընդունմանը, պահպանմանը և առաջխաղացմանը, և կազմակերպելով ստաժավորման ծրագրեր՝ տեխնիկական մասնագիտացմամբ կին ուսանողների կամ վերջին շրջանավարտների համար՝ աջակցելու կանանց ներկայացվածությանը ճանապարհային ենթակառուցվածքների նախագծման, կառուցման և շահագործման գործում:
6. Համաձայնագրի նախաբանի «Գ» կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունը դիմել է նաև Եվրոպական ներդրումային բանկին (ԵՆԲ) վարկ ստանալու խնդրանքով, և ակնկալվում է, որ Հայաստանի Հանրապետության և ԵՆԲ-ի միջև կնքվելիք վարկային համաձայնագրով (ԵՆԲ-ի վարկային համաձայնագիր) ԵՆԲ-ն Վարկառուին կտրամադրի իննսունինը միլիոն եվրո (99,000,000 եվրո) (ԵՆԲ վարկ) գումարի չափով վարկ՝ Ծրագրի ծախսերի մի մասի համաֆինանսավորման նպատակներով։
7. Համաձայն Համաձայնագրի նախաբանի «Բ» կետի և VII հոդվածի 7.01 բաժնի՝ Ծրագիրն իրականացնելու են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը (ՏԿԵՆ)` որպես կատարման գործակալություն, և ՃԴՀ-ն` որպես Ծրագրի իրականացման գրասենյակ, իսկ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարը՝ Վարկավորման կանոնների 12.02-ի բաժնի նպատակներով նշանակվում է որպես Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ:
8. ԱԶԲ-ն համաձայնում է ԱԶԲ-ի սովորական կապիտալ միջոցներից Հայաստանի Հանրապետությանը տրամադրել երկու հարյուր երեսունվեց միլիոն (236,000,000) եվրո վարկ (այսուհետ՝ Վարկ), ընդ որում՝ նշված գումարը կարող է ժամանակ առ ժամանակ փոխարկվել արժույթի փոխարկման միջոցով` Համաձայնագրի 2.06 բաժնի դրույթների համաձայն: Վարկի մայր գումարի մարման ժամկետը 12.5 տարի է, իսկ արտոնյալ ժամանակահատվածը՝ մինչև 2036 թվականի դեկտեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածն է, որը Վարկի մայր գումարի մարման առաջին ամսաթիվն է: Վարկի մայր գումարի մարումն ավարտվում է 2048 թվականի դեկտեմբերի 15-ին: Ծրագիրն ակնկալվում է ավարտել մինչև 2033 թվականի դեկտեմբերի 31-ը: Վարկի փակման օրը 2034 թվականի հունիսի 30-ն է կամ այնպիսի այլ ամսաթիվ, որը ժամանակ առ ժամանակ պետք է համաձայնեցվի Հայաստանի Հանրապետության և ԱԶԲ-ի միջև:
9. Հայաստանի Հանրապետությունը Համաձայնագրով ստանձնում է, մասնավորապես, ներքոնշյալ պարտավորությունները.
9.1. պարբերաբար` յուրաքանչյուր տարվա հունիսի 15-ին և դեկտեմբերի 15-ին՝ ԱԶԲ-ին վճարել տոկոսներ, որոնք հաշվարկվում են առհանված և չվճարված Վարկի մայր գումարի դիմաց՝ տոկոսների հաշվեգրման յուրաքանչյուր ժամանակահատվածի համար սահմանված այն դրույքաչափով, որը հավասար է հետևյալ գումարին` Եվրիբոր, 0.60%՝ Վարկավորման կանոնների 3.02 բաժնով սահմանված կարգով, հանած 0.10%-ը՝ Վարկավորման կանոնների 3.03 բաժնով սահմանված կարգով, և ըստ մարման ժամկետների ապահովագրավճար` [0.30%]-ի չափով, ինչպես նախատեսված է Վարկավորման կանոնների 3.03 բաժնով (հոդված II, բաժիններ 2.02 և 2.04),
9.2. սկսած Համաձայնագրի կնքման 60-րդ օրվանից՝ վճարել տարեկան 0.15%-ի չափով պարտավորավճար, որը հաշվեգրվում է Վարկի ամբողջ գումարի վրա (հանած պարբերաբար առհանվող գումարները) (հոդված II, բաժին 2.03),
9.3. սկսած 2036 թվականի դեկտեմբերի 15-ից մինչև 2048 թվականի դեկտեմբերի 15-ը՝ յուրաքանչյուր տարվա հունիսի 15-ին և դեկտեմբերի 15-ին, մարել Վարկային հաշվից առհանված վարկի մայր գումարը 4.000000% մասնաբաժիններով (հոդված II, բաժիններ 2.04 և 2.05, Հավելված 2, կետ 1),
9.4. վարկային միջոցները Ծրագրի կատարման գործակալության համար հասանելի դարձնել ԱԶԲ-ին գոհացնող պայմաններով և ապահովել, որ Ծրագրի կատարման գործակալությունն այդ միջոցներն օգտագործի Ծրագրի ծախսերը ֆինանսավորելու նպատակով՝ Համաձայնագրում սահմանված դրույթների համաձայն (հոդված III, բաժին 3.01),
9.5. վարկային միջոցներն առհանել Համաձայնագրի 3-րդ հավելվածի դրույթների համաձայն, ընդ որում՝ նշված հավելվածը կարող է ժամանակ առ ժամանակ փոփոխվել՝ ԱԶԲ-ի և Հայաստանի Հանրապետության միջև ձեռք բերված համաձայնությամբ (հոդված III, բաժին 3.02),
9.6. բացառությամբ այն դեպքերի, երբ ԱԶԲ-ն այլ որոշում է կայացնում, իրականացնել կամ ապահովել Վարկի միջոցներից ֆինանսավորման ենթակա ծախսային հոդվածներով կատարվող գնումները՝ Համաձայնագրի 4-րդ հավելվածի դրույթների համաձայն (հոդված III, բաժին 3.03),
9.7. Ծրագիրն իրականացնելիս և Ծրագրի օբյեկտները շահագործելիս կատարել Համաձայնագրի 4-րդ հավելվածով սահմանված պարտավորությունները կամ ապահովել դրանց կատարումը (հոդված IV, բաժին 4.01),
9.8. ապահովել, որ Ծրագրի կատարման գործակալությունը՝ Ծրագրի համար վարի առանձին հաշիվներ և գրառումներ, Ծրագրի համար պատրաստի տարեկան ֆինանսական հաշվետվություններ՝ ԱԶԲ-ի համար ընդունելի՝ ֆինանսական հաշվետվությունների ստանդարտների համաձայն, ինչպես նաև ԱԶԲ-ի համար ընդունելի աուդիտի ստանդարտների համաձայն ապահովի այդ ֆինանսական հաշվետվությունների տարեկան աուդիտն այնպիսի անկախ աուդիտորների կողմից, որոնց որակավորումները, փորձը և տեխնիկական առաջադրանքն ընդունելի են ԱԶԲ-ի համար, և որպես յուրաքանչյուր այդպիսի աուդիտի մաս ապահովի, որ աուդիտորները պատրաստեն զեկույց, որը ներառում է աուդիտորական եզրակացություն(ներ)ը ֆինանսական հաշվետվությունների և վարկային միջոցների օգտագործման վերաբերյալ և Ծրագրի կառավարման մասին գրություն (որտեղ սահմանվում են աուդիտի ընթացքում բացահայտված՝ Ծրագրի ներքին հսկողության հետ կապված թերությունները, եթե առկա են), և յուրաքանչյուր համապատասխան հարկաբյուջետային տարվա ավարտից հետո ոչ ուշ, քան 6 ամսվա ընթացքում ԱԶԲ-ին տրամադրի այդ աուդիտի ենթարկված ֆինանսական հաշվետվությունների պատճենները, աուդիտորական եզրակացությունը և կառավարման մասին գրությունը՝ բոլորն անգլերենով, և այդ փաստաթղթերի և դրանց աուդիտի վերաբերյալ ցանկացած տեղեկություն, որն ԱԶԲ-ն կարող է ժամանակ առ ժամանակ ողջամտորեն պահանջել, և ի լրումն վերոնշյալ տարեկան աուդիտի ենթարկված ֆինանսական հաշվետվությունների՝ ապահովել, որ Ծրագրի կատարման գործակալությունը տրամադրի իր տարեկան ֆինանսական հաշվետվությունները՝ կազմված ԱԶԲ-ի համար ընդունելի՝ ֆինանսական հաշվետվությունների ստանդարտների համաձայն, ինչպես նաև ապահովի ԱԶԲ-ի կողմից ընդունելի աուդիտի ստանդարտների համաձայն այդ ֆինանսական հաշվետվությունների տարեկան աուդիտն այնպիսի անկախ աուդիտորների կողմից, որոնց որակավորումները, փորձը և տեխնիկական առաջադրանքն ընդունելի են ԱԶԲ-ի համար, և որպես յուրաքանչյուր այդպիսի աուդիտի մաս ապահովի, որ աուդիտորները պատրաստեն զեկույց, որը ներառում է աուդիտորական եզրակացություն(ներ)ը ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ, և համապատասխան մարմնի կողմից աուդիտի ենթարկված ֆինանսական հաշվետվությունների և աուդիտորական եզրակացության (եզրակացությունների) պատճենները հաստատվելուց հետո ոչ ուշ, քան 1 ամսվա ընթացքում ԱԶԲ-ին տրամադրի այդ պատճենները՝ բոլորն անգլերենով, և այդ փաստաթղթերի և դրանց աուդիտի վերաբերյալ ցանկացած տեղեկություն, որն ԱԶԲ-ն կարող է ժամանակ առ ժամանակ ողջամտորեն պահանջել (հոդված IV, բաժին 4.02, «ա» և «գ»),
9.9. ապահովել, որ Ծրագրի կատարման գործակալությունն ԱԶԲ-ի պահանջով վերջինիս հնարավորություն ընձեռի Համաձայնագրի IV հոդվածի 4.02 բաժնի «ա» (iii) և «գ» (ii) ենթաբաժինների համաձայն նշանակված աուդիտորների հետ քննարկել Ծրագրի ֆինանսական հաշվետվությունները և Ծրագրի կատարման գործակալության գործունեությունը և դրա ֆինանսական խնդիրներն այնքանով, որքանով դրանք առնչվում են Ծրագրին, և ապահովել, որ Ծրագրի կատարման գործակալությունը թույլատրի և պահանջի այդ աուդիտորների ցանկացած ներկայացուցչի մասնակցությունն ԱԶԲ-ի պահանջով իրականացվող այդպիսի քննարկումներին այն պայմանով, որ այդ քննարկումներն անցկացվեն միայն Ծրագրի կատարման գործակալության լիազորված աշխատակցի ներկայությամբ, եթե Ծրագրի կատարման գործակալությունն այլ համաձայնություն չի տվել (հոդված IV, բաժին 4.02, «դ»),
9.10. ԱԶԲ-ի ներկայացուցիչներին հնարավորություն ընձեռել ստուգելու Ծրագիրը, Ապրանքները, Աշխատանքները և Ծառայությունները, ինչպես նաև ցանկացած համապատասխան գրառում և փաստաթուղթ (հոդված IV, բաժին 4.03),
9.11. եթե Վարկի մայր գումարի առաջին վճարման օրվա դրությամբ վարկային միջոցներն ամբողջությամբ առհանված չեն, ապա վերադարձնել Վարկի մայր գումարի առաջին վճարման օրվա դրությամբ վարկային միջոցների առհանման չափով այդ օրվա դրությամբ առհանված և չվճարված գումարը՝ Համաձայնագրի 2-րդ հավելվածի 1-ին կետի համաձայն (Հավելված 2, կետ 2, ենթակետ «ա»),
9.12. եթե Վարկի մայր գումարի առաջին վճարման օրվա դրությամբ վարկային միջոցներն ամբողջությամբ առհանված չեն, ապա Վարկի մայր գումարի առաջին վճարման օրվանից հետո ցանկացած առհանված գումար վերադարձնել այդ առհանմանը հաջորդող՝ Վարկի մայր գումարի յուրաքանչյուր վճարման օրը՝ ԱԶԲ-ի կողմից սահմանված գումարների չափով՝ յուրաքանչյուր այդպիսի առհանման գումարը բազմապատկելով կոտորակով, որի համարիչը Համաձայնագրի 2-րդ հավելվածի 1-ին կետի աղյուսակում նշված՝ վարկի մայր գումարի տվյալ վճարման օրվա դրությամբ սկզբնական վճարման մասնաբաժինն է (Սկզբնական վճարման մասնաբաժին), իսկ հայտարարը՝ այդ օրը կամ դրանից հետո ընկնող՝ վարկի մայր գումարի վճարման օրերի մնացած բոլոր Սկզբնական վճարման մասնաբաժինների ընդհանուր գումարն է. ընդ որում, մարման ենթակա այդ գումարները, ըստ անհրաժեշտության, ճշգրտվում են Համաձայնագրի 2-րդ հավելվածի 4-րդ կետում նշված ցանկացած այնպիսի գումար նվազեցնելու նպատակով, որի նկատմամբ կիրառվում է Արժույթի փոխարկումը (Հավելված 2, կետ 2, ենթակետ «բ»),
9.13. Վարկի մայր գումարի ցանկացած վճարման օրը միայն վճարման ենթակա մայր գումարները հաշվարկելու նպատակներով վարկի մայր գումարի ցանկացած վճարման օրվան նախորդող 2 օրացուցային ամիսների ընթացքում կատարված առհանումները համարել առհանման օրվան հաջորդող՝ վարկի մայր գումարի երկրորդ վճարման օրվա դրությամբ առհանված և չվճարված, և մարել առհանման օրվան հաջորդող՝ վարկի մայր գումարի երկրորդ վճարման օրվանից սկսած մայր գումարի յուրաքանչյուր վճարման օրը (Հավելված 2, կետ 3),
9.14. բացառությամբ այն դեպքերի, երբ ԱԶԲ-ն այլ համաձայնության է գալիս, Վարկի միջոցները մասհանել Աղյուսակում նշված յուրաքանչյուր ծախսային հոդվածի համար առհանման տոկոսի հիման վրա (Հավելված 3, կետ 2),
9.15. բացառությամբ ԱԶԲ-ի կողմից համաձայնեցված այլ դեպքերի՝ վարկային միջոցները մասհանել Վարկի մասհանումների ձեռնարկի համաձայն (Հավելված 3, կետ 4),
9.16. չհակասելով Համաձայնագրի որևէ այլ դրույթի՝ Վարկային հաշվից առհանումներ չկատարել, քանի դեռ չեն տրամադրվել ձևի և բովանդակության առումով ԱԶԲ-ի համար բավարար ապացույցներ, որոնք հաստատում են Բարգուշատի թունելի կառուցման ֆինանսավորումը (Հավելված 3, կետ 5):
10. Վարկավորման կանոնների 10.01 բաժնի «զ» կետի նպատակներով Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու լրացուցիչ պայման են՝ ԵՆԲ վարկային համաձայնագրի պատշաճ ձևակերպումն ու տրամադրումը և այն ուժի մեջ մտնելուն նախորդող բոլոր պայմանների (բացի Համաձայնագիրն ուժի մեջ մտնելը պահանջող պայմանից) կատարումը (հոդված VI, բաժին 6.01):
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետով, 170-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 74-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. 2025 թվականի մարտի 18-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև դիմակայուն և ներառական ճանապարհային հատվածի բարելավման ծրագրի համար Ասիական զարգացման բանկի միջոցներից վարկի տրամադրման մասին» համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը:
2. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
Նախագահող |
Ա. Դիլանյան |
20 մայիսի 2025 թվականի ՍԴՈ-1781 |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 21 մայիսի 2025 թվական:
ՀԱՏՈՒԿ ԿԱՐԾԻՔ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԿՈՂՄԻՑ «2025 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 18-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ ԴԻՄԱԿԱՅՈՒՆ ԵՎ ՆԵՐԱՌԱԿԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՀԱՏՎԱԾԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՀԱՄԱՐ ԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ ՄԻՋՈՑՆԵՐԻՑ ՎԱՐԿԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾՈՎ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 20-ԻՆ ԿԱՅԱՑՎԱԾ ՍԴՈ-1781 ՈՐՈՇՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանը, դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննելով «2025 թվականի մարտի 18-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև դիմակայուն և ներառական ճանապարհային հատվածի բարելավման ծրագրի համար Ասիական զարգացման բանկի միջոցներից վարկի տրամադրման մասին» համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը, 2025 թվականի մայիսի 20-ի ՍԴՈ-1781 որոշմամբ որոշել է, որ 2025 թվականի մարտի 18-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև դիմակայուն և ներառական ճանապարհային հատվածի բարելավման ծրագրի համար Ասիական զարգացման բանկի միջոցներից վարկի տրամադրման մասին» համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը:
Համաձայն չլինելով Սահմանադրական դատարանի 2025 թվականի մայիսի 20-ի ՍԴՈ-1781 որոշմանը՝ Սահմանադրական դատարանի դատավոր Ե. Խունդկարյանս շարադրում եմ դրա վերաբերյալ իմ հատուկ կարծիքը։
Նախքան հատուկ կարծիքի պատճառաբանություններին անդրադառնալը՝ հարկ եմ համարում նշել, որ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 62-րդ հոդվածի 2-րդ մասի բովանդակությունից հետևում է, որ Սահմանադրական դատարանի կողմից որոշումներ և եզրակացություններն ընդունելիս քվեարկությանը մասնակցելը և Սահմանադրական դատարանի համապատասխան որոշման կամ եզրակացության ընդունմանը կողմ կամ դեմ քվեարկելը Սահմանադրական դատարանի դատավորի պարտականությունն է։
Հաշվի առնելով միջազգային պայմանագրերում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու վերաբերյալ գործերի քննության արդյունքում Սահմանադրական դատարանի կողմից ընդունվող որոշումների (դրանցում արտահայտվող իրավական դիրքորոշումների) նշանակությունը միջազգային պայմանագրերի վավերացման գործընթացի, ինչպես նաև իրավաստեղծ և իրավակիրառ պրակտիկայի համար՝ հանրությանը պետք է հասանելի լինեն այդպիսի գործով ընդունված որոշմանը Սահմանադրական դատարանի դատավորի անհամաձայնության պատճառները, իսկ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 62-րդ հոդվածի 10-րդ մասով սահմանված է Սահմանադրական դատարանի դատավորի՝ ընդունված որոշումից տարբերվող դիրքորոշումը պաշտոնապես ներկայացնելու մեկ եղանակ՝ հատուկ կարծիք շարադրելը։ Հետևաբար կարծում եմ, որ նշված գործերի քննության արդյունքում համապատասխան որոշման ընդունմանը դեմ քվեարկելու փաստից ուղղակիորեն բխում է հատուկ կարծիք ներկայացնելու՝ իմ՝ որպես Սահմանադրական դատարանի դատավորի պարտականությունը, ինչով էլ պայմանավորված ներկայացնում եմ իմ հատուկ կարծիքը։
Հարկ եմ համարում նշել, որ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի՝ «Միջազգային պայմանագրում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության որոշումը» վերտառությամբ 74-րդ հոդվածի 6-րդ մասում նշված որոշումներից որևէ մեկն ընդունելու համար անհրաժեշտ է օրենքով սահմանված կարգով Սահմանադրական դատարան ներկայացված դիմում։ Հակառակ դեպքում, եթե առկա չէ թույլատրելի եղանակով ներկայացված դիմում կամ այն չի համապատասխանում օրենքով սահմանված պահանջներին, ապա Սահմանադրական դատարանն իրավասու չէ ըստ էության որոշում ընդունել միջազգային պայմանագրում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցի վերաբերյալ։
Ինչպես վերը նշվեց, Սահմանադրական դատարանն իր 2025 թվականի մայիսի 20-ի ՍԴՈ-1781 որոշմամբ 2025 թվականի մարտի 18-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև դիմակայուն և ներառական ճանապարհային հատվածի բարելավման ծրագրի համար Ասիական զարգացման բանկի միջոցներից վարկի տրամադրման մասին» համաձայնագրում ամրագրված պարտավորությունները ճանաչել է Սահմանադրությանը համապատասխանող։ Հարկ եմ համարում ընդգծել, որ սույն հատուկ կարծիքի շրջանակներում նշված որոշմանը բովանդակային առումով անդրադառնալն անհրաժեշտ չեմ համարում, քանի որ այդ որոշմանն իմ անհամաձայնության հիմքում ընկած է թույլատրելի եղանակով ներկայացված, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով դիմումին ներկայացվող պահանջներին բավարարող դիմումի բացակայությունը, որպիսի պայմաններում կարծում եմ, որ Սահմանադրական դատարանն իրավասու չէր սույն գործով ըստ էության որոշում ընդունել՝ անկախ այդ որոշման բովանդակությունից։
Այսպես՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքը սահմանում է դիմումին ներկայացվող պահանջները և Սահմանադրական դատարան դիմումի ներկայացման եղանակը։ Միաժամանակ նշված օրենքում ամրագրված իրավանորմերի բովանդակությունից հետևում է, որ Սահմանադրական դատարանում գործերի քննության միակ հնարավոր առիթը դիմումն է, որը պետք է ներկայացվի իրավասու անձի կողմից, համապատասխանի «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով դիմումին ներկայացվող պահանջներին և ներկայացված լինի թույլատրելի եղանակով։
«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի իրավակարգավորումները (22-րդ հոդվածի 1-ին մաս, 24-րդ հոդվածի 1-ին մաս, 46-րդ հոդվածի 2-րդ մաս, 74-րդ հոդվածի 1-ին մաս, 88-րդ հոդվածի 6-րդ մաս) թույլ են տալիս կատարել հետևյալ դատողությունները.
- մինչև Ազգային ժողովի կողմից միջազգային պայմանագրի վավերացումը դրանում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցով Սահմանադրական դատարան դիմելու իրավասությունը վերապահված է Կառավարությանը.
- այդ հարցով Սահմանադրական դատարան ներկայացվող դիմումը պետք է լինի իրավասու անձի կողմից ստորագրված.
- այդ հարցով դիմումը կարող է թղթային եղանակով ներկայացվել Սահմանադրական դատարան առանց նախապայմանների.
- այդ հարցով դիմումը կարող է էլեկտրոնային եղանակով ներկայացվել Սահմանադրական դատարան միայն այն դեպքում, երբ Սահմանադրական դատարանում առկա են համապատասխան տեխնիկական հնարավորություններ։
Վերահաստատելով միջազգային պայմանագրերում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու վերաբերյալ գործերով Սահմանադրական դատարանի կողմից կայացված որոշումների (օրինակ՝ ՍԴՈ-1581, ՍԴՈ-1620, ՍԴՈ-1622, ՍԴՈ-1674, ՍԴՈ-1676, ՍԴՈ-1706, ՍԴՈ-1734, ՍԴՈ-1746 և այլն) կապակցությամբ իմ կողմից ներկայացված՝ հատուկ կարծիքներում արտահայտված դիրքորոշումները՝ գտնում եմ, որ գործող իրավակարգավորումների պայմաններում Սահմանադրական դատարանում համապատասխան տեխնիկական հնարավորությունների առկայությունը և դրանով պայմանավորված՝ էլեկտրոնային եղանակով դիմումներ ընդունելու, դրանց հիման վրա գործեր քննելու Սահմանադրական դատարանի իրավասությունը պետք է հավաստվեն Սահմանադրական դատարանի համապատասխան իրավական ակտով։ Այսինքն՝ Սահմանադրական դատարան դիմող հնարավոր սուբյեկտները (դրա իրավունքն ունեցող անձինք) Սահմանադրական դատարանի համապատասխան իրավական ակտից պետք է իրազեկվեն, որ Սահմանադրական դատարանում առկա են էլեկտրոնային եղանակով դիմումներ ընդունելու համապատասխան տեխնիկական հնարավորություններ, ինչպես նաև տեղեկանան էլեկտրոնային այն հարթակի մասին, որով Սահմանադրական դատարանն ընդունելու է էլեկտրոնային եղանակով ներկայացվող դիմումները, և միայն այդ պայմաններում անձինք կարող են էլեկտրոնային եղանակով դիմումներ ներկայացնել Սահմանադրական դատարան։
Ասվածի հիմքում ընկած է այն հանգամանքը, որ առանց համապատասխան իրավական հիմքի հնարավոր չէ միանշանակ եզրահանգում կատարել այն մասին, թե Սահմանադրական դատարանում առկա են արդյոք էլեկտրոնային եղանակով դիմումներ ընդունելու համապատասխան տեխնիկական հնարավորություններ, իսկ նման եզրահանգման հիմքում պետք է ընկած լինի Սահմանադրական դատարանի համապատասխան իրավական ակտը, որում պետք է նշված լինի էլեկտրոնային այն հարթակը, որի միջոցով դիմումների ներկայացումը Սահմանադրական դատարանը համարելու է ընդունելի, ինչպես նաև տեղեկատվական տեխնոլոգիաների տեխնիկական միջոցների այն գործիքակազմը, որի միջոցով Սահմանադրական դատարանում իրականացվելու է էլեկտրոնային փաստաթղթում առկա էլեկտրոնային ստորագրության իսկության ստուգումը։ Դրա միջոցով Սահմանադրական դատարան դիմող անձանց համար հստակ և կանխատեսելի կլինի ոչ միայն այն, թե Սահմանադրական դատարանի կողմից որ հարթակի միջոցով են ընդունվում էլեկտրոնային եղանակով ներկայացվող դիմումները, այլև այն, թե տեղեկատվական տեխնոլոգիաների տեխնիկական միջոցների ինչ գործիքակազմով է Սահմանադրական դատարանում պարզվում ստացված դիմումի՝ իրավասու անձի կողմից ստորագրված լինելու հանգամանքը։
Քննարկվող դեպքում սույն գործի նյութերում առկա է թղթային տարբերակով դիմում, որի վրա առկա չէ դիմողի ստորագրություն։
Նկատի ունենալով, որ սույն գործի նյութերում առկա դիմումի թղթային օրինակում բացակայում է որևէ ստորագրություն և Սահմանադրական դատարանի կողմից գործի քննության առիթ համարված դիմումի վրա առկա է միայն նշում՝ էլեկտրոնային ստորագրությամբ հաստատված լինելու մասին, հարկ եմ համարում անդրադառնալ Սահմանադրական դատարան էլեկտրոնային փաստաթղթի ձևով դիմում ներկայացնելու հարցին։
Ելնելով միջազգային պայմանագրերում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու վերաբերյալ գործերով Սահմանադրական դատարանի կողմից կայացված որոշումների (օրինակ՝ ՍԴՈ-1581, ՍԴՈ-1620, ՍԴՈ-1622, ՍԴՈ-1674, ՍԴՈ-1676, ՍԴՈ-1706, ՍԴՈ-1734, ՍԴՈ-1746 և այլն) կապակցությամբ իմ կողմից ներկայացված՝ հատուկ կարծիքներում վկայակոչված՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի և «Էլեկտրոնային փաստաթղթի և էլեկտրոնային թվային ստորագրության մասին» օրենքի վկայակոչված իրավական նորմերի վերլուծությունից՝ կարելի է արձանագրել, որ էլեկտրոնային թվային ստորագրությամբ պաշտպանված, էլեկտրոնային փաստաթուղթ համարվող դիմումն ունի նույն իրավական նշանակությունը, ինչն ունի իրավասու անձի կողմից ձեռագիր ստորագրված դիմումը հետևյալ պայմանների միաժամանակյա առկայության դեպքում.
- հաստատվել է էլեկտրոնային թվային ստորագրության իսկությունը, այսինքն՝ առկա է էլեկտրոնային թվային ստորագրության ստուգման տվյալների և միջոցների կիրառման հնարավորություն և կիրառման դրական արդյունք, որը նույնականացնում է ստորագրող անձին.
- չկան բավարար ապացույցներ այն մասին, որ փաստաթուղթը փոփոխվել կամ կեղծվել է այն պահից, երբ այն հաղորդվել և (կամ) տրվել է պահպանության, բացառությամբ այն դարձունակ փոփոխությունների, որոնք անհրաժեշտ և անխուսափելի են այդ էլեկտրոնային փաստաթղթի հաղորդման և (կամ) պահպանման համար:
Ընդ որում, էլեկտրոնային ստորագրությունը կարող է էլեկտրոնային փաստաթղթին տալ իրավական նշանակություն այն դեպքում, երբ էլեկտրոնային ստորագրությունը տեսողական դիտման համար մատչելի տեսքով և ընկալման համար հասկանալի ձևով արտահայտվում է ցուցասարքի (դիսփլեյի) էկրանին, թղթի կամ էլեկտրոնային կրիչից տարբերվող որևէ այլ նյութական առարկայի վրա։
Վերոգրյալի հաշվառմամբ կարծում եմ, որ էլեկտրոնային փաստաթղթաշարժի համակարգի միջոցով դիմումների ներկայացումն ընդունելի համարելու պայմաններում անգամ սույն դեպքում գործի քննության առիթ համարված դիմումին կարող էր տրվել դիմողի («Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով նրա անունից հանդես եկող իրավասու անձի) ձեռագիր ստորագրությամբ ամրագրված փաստաթղթի նշանակություն միայն վերը նշված պայմանների միաժամանակյա առկայության դեպքում, քանի որ միայն այդ դեպքում հնարավոր կլիներ արձանագրել, որ դիմումն իսկապես ստորագրվել է դիմողի («Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով նրա անունից հանդես եկող իրավասու անձի) կողմից։ Մինչդեռ Սահմանադրական դատարանում էլեկտրոնային թվային ստորագրության իսկությունը ստուգելու տեխնիկական հնարավորությունների առկայության մասին իրավական ակտի բացակայության պայմաններում, ինչպես նաև սույն գործի նյութերում առկա դիմումի վրա որևէ ստորագրության բացակայության պայմաններում, կարծում եմ, որ ներկայացված դիմումը պետք է համարվեր իրավասու անձի կողմից չստորագրված, ուստի պետք է վրա հասնեին «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 26-րդ հոդվածով նախատեսված հետևանքները, այն է՝ դիմողը պետք է եռօրյա ժամկետում Սահմանադրական դատարանի աշխատակազմի կողմից տեղեկացվեր դիմումի՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 24-րդ հոդվածին անհամապատասխանության մասին, ինչի արդյունքում դիմողը նաև կկարողանար օգտվել դիմումը «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի պահանջներին համապատասխանեցնելու օրենսդրական հնարավորությունից։
Միաժամանակ, եթե Սահմանադրական դատարանը համարել է, որ սույն դեպքում առկա է էլեկտրոնային թվային ստորագրությամբ պաշտպանված էլեկտրոնային փաստաթուղթ, որն ունի նույն իրավական նշանակությունը, ինչն ունի անձի ձեռագիր ստորագրությամբ ամրագրված փաստաթուղթը, ապա կարծում եմ, որ նման եզրահանգում կատարելու համար սույն գործում առնվազն պետք է առկա լիներ Սահմանադրական դատարանի աշխատակազմի կողմից կազմված փաստաթուղթ այն մասին, որ տվյալ դեպքում իսկապես առկա է էլեկտրոնային թվային ստորագրությամբ պաշտպանված էլեկտրոնային փաստաթուղթ, և Սահմանադրական դատարանի աշխատակազմը ստուգել է ստորագրության իսկությունը՝ պարզելով, որ այդ փաստաթուղթը ստորագրվել է դիմողի («Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով նրա անունից հանդես եկող իրավասու անձի) կողմից։ Մինչդեռ սույն գործում նման փաստաթղթի բացակայության պայմաններում անհասկանալի է, թե ինչպես է սույն գործի քննության առիթ համարված դիմումին տրվել դիմողի («Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով նրա անունից հանդես եկող իրավասու անձի) ձեռագիր ստորագրությամբ ամրագրված փաստաթղթի նշանակություն, այլ կերպ՝ ներկայացված փաստաթուղթն ինչ հիմքով է համարվել իրավասու անձի կողմից ստորագրված։
Ամփոփելով վերոգրյալը՝ կարծում եմ, որ սույն գործով առկա չէ թույլատրելի եղանակով ներկայացված, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով դիմումին ներկայացվող պահանջներին բավարարող դիմում, որպիսի պայմաններում Սահմանադրական դատարանն իրավասու չէր սույն գործով ընդունել ըստ էության որոշում։ Միաժամանակ հարկ եմ համարում ընդգծել, որ տվյալ դեպքում նաև առկա չէին ինչպես գործի քննությունը մերժելու, այնպես էլ գործի վարույթը կարճելու հիմքեր։ Կարծում եմ, որ տվյալ դեպքում սահմանադրական դատավարության կողմը չի կարող զրկվել սահմանադրական արդարադատություն ստանալու իրավունքից, քանի որ Սահմանադրական դատարանի աշխատակազմի կողմից նրան պետք է տրամադրվեր օրենքով սահմանված ժամկետը՝ առկա թերությունները շտկելու և դիմումը «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի պահանջներին համապատասխանեցնելու համար։
Դատավոր` «23» մայիսի 2025 թ. |
Ե. Խունդկարյան
|
Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 մայիսի 2025 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|