Գլխավոր տեղեկություն
Համար
N 571-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (16.05.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
15.05.2025
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
15.05.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.05.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 մայիսի 2025 թվականի N 571-Ա

 

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Պետական գույքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետը, 22-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը և 4-րդ մասը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 15-ի N 587-Ն որոշման 1-ին հավելվածով հաստատված կարգի 8-րդ կետի պահանջները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին (այսուհետ՝ կոմիտե) ամրացված, պետական սեփականություն հանդիսացող, մարզ Արարատ, համայնք Արտաշատ, գյուղ Մխչյան, Մ. Մաշտոցի փողոց 28 անասնաշենք հասցեում գտնվող՝ շուկայական արժեքին մոտարկված 104 564 102.25 ՀՀ դրամ կադաստրային արժեքով (որում ներառված հատկացված հողամասի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը՝ 70 756 166 ՀՀ դրամ), 1198․59 քառ. մետր մակերեսով շենք-շինությունները (տարածքում առկա է ինքնակամ կառուցված 99 քառ․ մետր շինություն, որը ներկայացվել է «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2021 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-397-Ն օրենքի 2-րդ հոդվածով սահմանված ժամկետների ավարտից հետո), ինչպես նաև դրա զբաղեցրած, օգտագործման և սպասարկման համար հատկացված՝ 2.45043 հեկտար մակերեսով հողամասը (այսուհետ՝ գույք, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 10022025-03-0014 վկայական) օտարել դասական աճուրդով:

2. Սահմանել, որ՝

1) աճուրդով օտարման ենթակա գույքի վաճառքի նվազագույն մեկնարկային գինը 2025 թվականի մարտի 20-ի դրությամբ գույքի գնահատված շուկայական արժեքի 100 տոկոսի չափով 105 600 000 ՀՀ դրամ է (որում ներառված հատկացված հողամասի գնահատված շուկայական արժեքը՝ 78 300 000 ՀՀ դրամ).

2) աճուրդում հաղթող ճանաչված մասնակիցը (այսուհետ՝ գնորդ) իր կողմից առաջարկված գինը վճարում է աճուրդի արդյունքների մասին արձանագրությունը ստորագրելու օրվանից հետո 3 (երեք) աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության արժույթով.

3) գնորդը պարտավոր է վճարել նաև՝

ա․ գույքի արժեքի որոշման ծառայությունների վճարը՝ 608 687․80 ՀՀ դրամը (ներառյալ ավելացված արժեքի հարկը), որը ենթակա է վճարման աճուրդի արդյունքների մասին արձանագրությունը ստորագրելու օրվանից հետո 3 (երեք) աշխատանքային օրվա ընթացքում՝ «Գույքի գնահատման և աճուրդի կենտրոն» ՊՈԱԿ-ի համապատասխան հաշվին և չի համարվում գույքի վաճառքի գնի մաս,

բ․ պայմանագրի նոտարական վավերացման և գույքային իրավունքների պետական գրանցման համար օրենքով սահմանված գումարներն ու տուրքերը։

3. Կոմիտեի նախագահին՝

1) առաջին աճուրդը կազմակերպել և անցկացնել սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում.

2) աճուրդի անցկացման օրվանից առնվազն 15 օր առաջ կոմիտեի պաշտոնական և Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների http://www.azdarar.am պաշտոնական ինտերնետային կայքերում ու մամուլում տեղադրել ընդհանուր տեղեկություններ գույքի, աճուրդի անցկացման պայմանների մասին.

3) առաջին աճուրդի ժամանակ չվաճառված գույքի վաճառքի նպատակով մինչև 2027 թվականի մարտի 19-ը կազմակերպել հերթական աճուրդներ՝ առանց գույքի վաճառքի մեկնարկային գնի նվազեցման.

4) սույն որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետով և 3-րդ ենթակետի «ա» պարբերությամբ նախատեսված վճարումներն իրականացնելուց հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել գույքի օտարման պայմանագիր.

5) սույն կետի 4-րդ ենթակետով նախատեսված պայմանագրի կնքումից հետո երկամսյա ժամկետում գնորդի հետ իրականացնել գույքի հանձնման-ընդունման աշխատանքները։

4. Գնորդի կողմից սույն որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետով և 3-րդ ենթակետի «ա» պարբերությամբ սահմանված ժամկետում վճարումները չկատարելու դեպքում աճուրդը համարվում է չկայացած, ու գույքը վաճառելու նպատակով կազմակերպվում է նոր աճուրդ նույն պայմաններով՝ առանց գույքի վաճառքի մեկնարկային գնի նվազման։

5. Գույքի վաճառքի առաջարկված գնի 70 տոկոսն ուղղվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, իսկ 30 տոկոսը` համապատասխան համայնքի ֆոնդային բյուջե` ըստ գույքի գտնվելու վայրի։

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Մ. Գրիգորյան

 

Երևան

 

15.05.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան