Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-137-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (23.05.2011-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2011.05.13/27(830) Հոդ.656
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
12.04.2011
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
06.05.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.05.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2011 թվականի ապրիլի 12-ին

 

«ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության 2000 թվականի նոյեմբերի 6-ի ՀՕ-112 օրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածում`

 

1) 1-ին մասից հանել «և տեղական ինքնակառավարման», ինչպես նաև «նպատակաուղղված» բառերը.

2) 2-րդ մասի «այն դեպքերի, երբ այդ իրավունքներն օգտագործվում են մրցակցության կանխման, սահմանափակման կամ արգելման նպատակով» բառերը փոխարինել «սույն օրենքով նախատեսված դեպքերի» բառերով:

 

Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասում`

 

1) «ապրանքային շուկա» հասկացությունը «ապրանքային շուկա`» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով) որոշմամբ սահմանված`» բառերով.

2) «ապրանքային շուկայի ապրանքատեսակային սահման» հասկացությունը «ապրանքային շուկայի ապրանքատեսակային սահման`» բառերից հետո լրացնել «Հանձնաժողովի որոշմամբ սահմանված`» բառերով.

3) «ապրանքային շուկայի աշխարհագրական սահման» հասկացությունը «ապրանքային շուկայի աշխարհագրական սահման`» բառերից հետո լրացնել «Հանձնաժողովի որոշմամբ սահմանված`» բառերով.

4) «ձեռքբերում» հասկացությունից հետո լրացնել հետևյալ պարբերությամբ.

«պետական մարմին` պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմին, պետության կամ համայնքի հիմնարկ, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ.».

5) «տնտեսվարող սուբյեկտ» հասկացության «ֆիզիկական անձ (այդ թվում` անհատ ձեռնարկատեր)» բառերը փոխարինել «արտոնագրային վճար վճարող, անհատ ձեռնարկատեր» բառերով, իսկ «անձանց խումբ» բառերից հետո լրացնել «, առևտրային ցանց» բառերով.

6) «տնտեսվարող սուբյեկտ» հասկացությունը լրացնել հետևյալ նախադասությամբ.

«Սույն օրենքով նախատեսված համակենտրոնացման դեպքում տնտեսվարող սուբյեկտ է համարվում նաև ֆիզիկական անձը.».

7) «տնտեսվարող սուբյեկտ» հասկացությունից հետո լրացնել հետևյալ պարբերություններով.

«առևտրային օբյեկտ` գույքային համալիր (հողամաս, շենք, կառույց), որն օգտագործվում է իրացման ոլորտում ապրանքները վերջնական սպառողին հասցնելու համար.

առևտրային ցանց` երկու կամ ավելի առևտրային օբյեկտների համախումբ, որոնք գտնվում են ընդհանուր կառավարման ներքո կամ գործում են միևնույն առևտրային նշանի կամ անհատականացման այլ միջոցի ներքո.

տնտեսական պայմաններ (գործոններ)` ապրանքի ձեռքբերման, արտադրության, իրացման (ծառայության մատուցման, աշխատանքի կատարման) հետ կապված ծախսեր, հարկեր, տուրքեր, պարտադիր վճարներ.

գնի չհիմնավորված բարձրացում` տնտեսվարող սուբյեկտի կողմից որոշակի ժամանակահատվածում ապրանքի և (կամ) դրա փոխադարձ փոխարինելի ապրանքների գնի` տնտեսական պայմանների (գործոնների) առկայությամբ չպայմանավորված բարձրացում.

գնի չհիմնավորված իջեցում` տնտեսվարող սուբյեկտի կողմից որոշակի ժամանակահատվածում ապրանքի և (կամ) դրա փոխադարձ փոխարինելի ապրանքների գնի` տնտեսական պայմանների (գործոնների) առկայությամբ չպայմանավորված իջեցում.

գնի չհիմնավորված պահպանում` տնտեսվարող սուբյեկտի կողմից որոշակի ժամանակահատվածում ապրանքի և (կամ) դրա փոխադարձ փոխարինելի ապրանքների գնի պահպանումը (ներառյալ` այդ գնի մինչև հինգ տոկոս փոփոխությունը) այն դեպքում, երբ որոշակի տնտեսական պայմանների (գործոնների) առկայությունը կարող էր հանգեցնել կամ պետք է հանգեցներ ավելի ցածր կամ ավելի բարձր գնի սահմանման.».

8) «անձանց խումբ» հասկացությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«անձանց խումբ՝ իրավաբանական և (կամ) ֆիզիկական այնպիսի անձանց խումբ, որոնք գործում են համաձայնեցված` ելնելով ընդհանուր տնտեսական շահերից, և (կամ) որոնց նկատմամբ բավարարվում է հետևյալ պայմաններից առնվազն մեկը՝

- կազմակերպությունը և ֆիզիկական կամ իրավաբանական անձը, եթե այդ ֆիզիկական կամ իրավաբանական անձն այդ կազմակերպությունում իր մասնակցության և (կամ) պայմանագրի հիման վրա օրենսդրությամբ սահմանված կարգով իրավունք ունի ուղղակի կամ անուղղակի կերպով տնօրինելու (այդ թվում՝ առուվաճառքի, լիազորագրային կառավարման, համատեղ գործունեության պայմանագրի, հանձնարարության կամ այլ գործարքների միջոցով) կազմակերպության կանոնադրական կապիտալի կամ փայաբաժնի կեսից ավելին,

- կազմակերպությունները, եթե միևնույն ֆիզիկական կամ իրավաբանական անձն այդ կազմակերպություններում իր մասնակցության և (կամ) պայմանագրի հիման վրա օրենսդրությամբ սահմանված կարգով իրավունք ունի ուղղակի կամ անուղղակի կերպով տնօրինելու (այդ թվում՝ առուվաճառքի, լիազորագրային կառավարման, համատեղ գործունեության պայմանագրի, հանձնարարության կամ այլ գործարքների միջոցով) կազմակերպությունների կանոնադրական կապիտալի կամ փայաբաժնի կեսից ավելին,

- կազմակերպությունը և ֆիզիկական կամ իրավաբանական անձը, եթե այդ ֆիզիկական կամ իրավաբանական անձը կազմակերպության հիմնադիր փաստաթղթերի կամ պայմանագրի հիման վրա կամ այլ ձևով հնարավորություն է ստանում կանխորոշելու այդ կազմակերպության կողմից ընդունվող որոշումները (այդ թվում՝ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու պայմանները) և (կամ) տալու այդ կազմակերպության կողմից պարտադիր կատարման ենթակա հանձնարարականներ,

- կազմակերպությունները, եթե միևնույն ֆիզիկական կամ իրավաբանական անձը կազմակերպության հիմնադիր փաստաթղթերի կամ պայմանագրի հիման վրա կամ այլ ձևով հնարավորություն է ստանում կանխորոշելու այդ կազմակերպությունների կողմից ընդունվող որոշումները (այդ թվում՝ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու պայմանները) և (կամ) տալու այդ կազմակերպությունների կողմից պարտադիր կատարման ենթակա հանձնարարականներ,

- կազմակերպությունը և ֆիզիկական կամ իրավաբանական անձը, եթե այդ ֆիզիկական կամ իրավաբանական անձի առաջարկությամբ ընտրվել կամ նշանակվել է այդ կազմակերպության միանձնյա գործադիր մարմինը և (կամ) կոլեգիալ գործադիր մարմնի կազմի կեսից ավելին և (կամ) ընտրվել է այդ կազմակերպության կառավարման մարմնի կազմի կեսից ավելին,

- կազմակերպությունները, եթե միևնույն ֆիզիկական կամ իրավաբանական անձի առաջարկությամբ ընտրվել կամ նշանակվել են այդ կազմակերպությունների միանձնյա գործադիր մարմինները և (կամ) կոլեգիալ գործադիր մարմինների կազմերի կեսից ավելին և (կամ) ընտրվել է այդ կազմակերպությունների կառավարման մարմինների կազմերի կեսից ավելին,

- կազմակերպությունը և ֆիզիկական կամ իրավաբանական անձը, եթե այդ ֆիզիկական կամ իրավաբանական անձը իրականացնում է այդ կազմակերպության միանձնյա գործադիր մարմնի իրավասությունները,

- կազմակերպությունները, եթե միևնույն ֆիզիկական կամ իրավաբանական անձը իրականացնում է կազմակերպությունների միանձնյա գործադիր մարմինների իրավասությունները,

- կազմակերպությունները, որոնցում կոլեգիալ գործադիր մարմնի անդամների կեսից ավելին միևնույն ֆիզիկական անձինք են,

- ֆիզիկական և (կամ) իրավաբանական անձինք, որոնց կողմից շահագործվող առևտրային օբյեկտները գտնվում են ընդհանուր կառավարման ներքո կամ գործում են միևնույն առևտրային նշանի կամ անհատականացման այլ միջոցի ներքո,

- ֆիզիկական անձը, նրա ամուսինը, ծնողը, երեխան, եղբայրը, քույրը,

- ֆիզիկական և (կամ) իրավաբանական անձինք, որոնցից յուրաքանչյուրը սույն մասում նշված հիմքերից որևէ մեկով անձանց խումբ է կազմում միևնույն անձի հետ, ինչպես նաև այլ անձինք, որոնք սույն մասում նշված հիմքերից որևէ մեկով տվյալ անձանցից որևէ մեկի հետ անձանց խումբ են կազմում,

- կազմակերպությունը, ֆիզիկական և (կամ) իրավաբանական անձը, որոնք սույն մասում նշված հիմքերից որևէ մեկով կազմում են անձանց խումբ, եթե այդ անձինք կազմակերպությունում իրենց մասնակցության և (կամ) պայմանագրի հիման վրա օրենսդրությամբ սահմանված կարգով իրավունք ունեն ուղղակի կամ անուղղակի կերպով տնօրինելու (այդ թվում՝ առուվաճառքի, լիազորագրային կառավարման, համատեղ գործունեության պայմանագրի, հանձնարարության կամ այլ գործարքների միջոցով) այդ կազմակերպության կանոնադրական կապիտալի կամ փայաբաժնի կեսից ավելին:

Իրավաբանական և (կամ) ֆիզիկական անձանց խումբը սույն օրենքի իմաստով անձանց խումբ է համարվում Հանձնաժողովի որոշմամբ.».

9) «վարչական (իրավական) ակտի կամ այլ փաստաթղթի (այսուհետ սույն պարբերությունում` թղթակցություն) հանձնում» հասկացությունը լրացնել հետևյալ նախադասությամբ.

«Սույն պարբերությունում նշված վայրի կամ փոստային հասցեով ուղարկված թղթակցությունը համարվում է հասցեատիրոջը պատշաճ հանձնված, եթե հասցեատերը հրաժարվում է թղթակցությունը ստանալուց կամ թղթակցության ստացումը հավաստող փաստաթուղթը ստորագրելուց, կամ հասցեատիրոջ բացակայության պատճառով Հանձնաժողովի կողմից պատվիրված նամակով ուղարկված թղթակցությունն առնվազն երկու անգամ հետ է վերադարձվում.».

10) «փայաբաժին» հասկացությունից հետո լրացնել հետևյալ պարբերությամբ.

«դիտանցում` տնտեսվարող սուբյեկտի կողմից իրացվող կամ ձեռքբերվող ապրանքի գնի, որակի, քանակի, այլ բնութագրերի, տնտեսվարող սուբյեկտի փաստացի գործողությունների կամ վարքագծի բացահայտման նպատակով տնտեսվարող սուբյեկտի գործունեության վայրում (այդ թվում` առևտրի օբյեկտում) իրականացվող դիտարկում:»:

 

Հոդված 3. Օրենքի 5-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 5.   Հակամրցակային համաձայնությունները, դրանց արգելումը

 

1. Սույն օրենքի իմաստով հակամրցակցային համաձայնություններ են համարվում տնտեսվարող սուբյեկտների միջև կնքված այն գործարքները, նրանց համաձայնությունները, ուղղակի կամ անուղղակի համաձայնեցված գործողությունները կամ վարքագիծը, տնտեսվարող սուբյեկտների միավորումների ընդունած որոշումները (այսուհետ՝ համաձայնություններ), որոնք ուղղակի կամ անուղղակի հանգեցնում են կամ կարող են հանգեցնել մրցակցության սահմանափակմանը, կանխմանը կամ արգելմանը, բացառությամբ սույն հոդվածի 7-րդ մասով նախատեսված դեպքերի:

2. Հակամրցակցային համաձայնությունները կնքվում (կայացվում) են`

1) միևնույն ապրանքային շուկայում գործող հնարավոր կամ փաստացի մրցակից հանդիսացող տնտեսվարող սուբյեկտների միջև (հորիզոնական համաձայնություն).

2) որոշակի փոխկապակցվածություն ունեցող տարբեր ապրանքային շուկաներում գործող (մրցակից չհանդիսացող` տվյալ ապրանքի և (կամ) դրա փոխադարձ փոխարինելի ապրանքներ իրացնող ու ձեռք բերող) տնտեսվարող սուբյեկտների միջև (ուղղահայաց համաձայնություն).

3) տարբեր ապրանքային շուկաներում գործող տնտեսվարող սուբյեկտների միջև (խառը համաձայնություն):

3. Հորիզոնական հակամրցակցային համաձայնությունները վերաբերում են`

1) շուկան կամ մատակարարման աղբյուրները բաշխելուն կամ բաժանելուն` ըստ իրացման կամ ձեռքբերման ծավալի կամ ապրանքի տեսականու կամ իրացնողների կամ ձեռք բերողների խմբերի կամ տարածքային սկզբունքով կամ այլ եղանակով.

2) այլ տնտեսվարող սուբյեկտների շուկա մուտք գործելուն խոչընդոտելուն (շուկա մուտք գործելը սահմանափակելուն) կամ շուկայից նրանց դուրս մղելուն.

3) ապրանքների գների չհիմնավորված բարձրացմանը, իջեցմանը կամ պահպանմանը.

4) իրացման կամ ձեռքբերման գների, դրույքաչափերի, զեղչերի, հավելաճի, արտոնությունների կամ առևտրի այլ պայմանների համաձայնեցված ուղղակի կամ անուղղակի սահմանմանը, փոփոխմանը կամ պահպանմանը.

5) արտադրանքի, մատակարարման, տեխնիկական զարգացման կամ արդիականացման, ներմուծման, առևտրի կամ ներդրումների սահմանափակմանը կամ վերահսկմանը.

6) ի վնաս սպառողի շահերի ապրանքների ներկրմանը կամ արտադրության չհիմնավորված կրճատմանը կամ ապրանքները պահելու, փչացնելու, ոչնչացնելու միջոցով ապրանքային շուկայում պակասորդի ստեղծմանը կամ պահպանմանը.

7) պետական գնումների կամ մրցույթների կամ աճուրդների պայմանների կամ արդյունքների վերաբերյալ պայմանավորվածությանը կամ արդյունքների կեղծմանը (խեղաթյուրմանը).

8) առանց հիմնավոր պատճառի առևտրային գործունեությունը որևէ տնտեսվարող սուբյեկտի հետ կազմակերպելու պայմանավորվածությանը.

9) միևնույն ապրանք(ներ)ի համար անհավասար պայմաններ առաջարկելուն կամ կիրառելուն, որոնք հանգեցնում են կամ կարող են հանգեցնել տնտեսական մրցակցության սահմանափակմանը, կանխմանը կամ արգելմանը.

10) պայմանագրի կողմին, ներառյալ` առևտրի օբյեկտներին, լրացուցիչ պարտավորություններ պարտադրելուն, որոնք իրենց բնույթով կամ իրականացման տեսանկյունից չեն առնչվում պայմանագրի բուն առարկայի հետ.

11) այլ պայմանների, որոնք հանգեցնում են կամ կարող են հանգեցնել տնտեսական մրցակցության սահմանափակմանը, կանխմանը կամ արգելմանը:

4. Ուղղահայաց կամ խառը հակամրցակցային համաձայնությունները վերաբերում են`

1) ապրանքների իրացման սահմանափակումներին` տարածքային, գնային կամ այլ հատկանիշներից ելնելով.

2) ապրանքների գների չհիմնավորված բարձրացմանը, իջեցմանը կամ պահպանմանը.

3) այլ տնտեսվարող սուբյեկտներից (սուբյեկտներին) ապրանք ձեռք բերելուց (իրացնելուց) հրաժարվելուն.

4) միևնույն ապրանք(ներ)ի համար անհավասար պայմաններ առաջարկելուն կամ կիրառելուն, որոնք հանգեցնում են կամ կարող են հանգեցնել տնտեսական մրցակցության սահմանափակմանը, կանխմանը կամ արգելմանը.

5) գործարքներում այնպիսի դրույթ(ներ) սահմանելուն, որը (որոնք) իր(իրենց) բնույթով կամ իրականացման տեսանկյունից չի (չեն) առնչվում գործարքի բուն առարկայի հետ.

6) այլ պայմանների, որոնք հանգեցնում են կամ կարող են հանգեցնել տնտեսական մրցակցության սահմանափակմանը, կանխմանը կամ արգելմանը:

5. Հակամրցակցային համաձայնությունը համարվում է ապացուցված, եթե`

1) առկա է այդ մասին վկայող որևէ փաստական տվյալ (այդ թվում` ցանկացած գրավոր փաստաթուղթ կամ գրավոր այլ ապացույց, տեսագրություն կամ ձայնագրություն) կամ օրենքով չարգելված ցանկացած այլ ապացույց.

2) այդ մասին են վկայում տնտեսվարող սուբյեկտների` սույն հոդվածի 3-րդ և 4-րդ մասերում նշված գործողությունները կամ վարքագիծը:

6. Հակամրցակցային համաձայնություն կնքելը (կայացնելը) արգելվում է:

7. Հակամրցակցային չեն համարվում տնտեսվարող սուբյեկտների այն համաձայնությունները, որոնք ուղղված են նրանց մրցունակության ապահովմանը կամ բարձրացմանը, տեխնիկական կամ տնտեսական առաջընթացին, արտադրության խթանմանը, ապրանքների կատարելագործմանը, ապրանքների արտահանման խթանմանը, նպաստում են սպառողների շահերին:

8. Մինչև համաձայնություն կնքելը (կայացնելը), եզրակացություն ստանալու համար, տնտեսվարող սուբյեկտները կարող են դիմել Հանձնաժողովին:»:

 

Հոդված 4. Օրենքի 6-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 6. Մենաշնորհ կամ գերիշխող դիրքը

 

1. Սույն օրենքի իմաստով տնտեսվարող սուբյեկտն ապրանքային շուկայում համարվում է մենաշնորհ դիրք ունեցող, եթե որպես իրացնող կամ ձեռք բերող չունի մրցակից:

2. Տնտեսվարող սուբյեկտն ապրանքային շուկայում համարվում է գերիշխող դիրք ունեցող, եթե`

1) տվյալ ապրանքային շուկայում ունի շուկայական իշխանություն, մասնավորապես, որպես իրացնող կամ ձեռք բերող չի հանդիպում էական մրցակցության և (կամ) իր ֆինանսական կարողությունից կամ այլ հատկանիշներից ելնելով` հնարավորություն ունի որոշիչ ազդեցություն ունենալու տվյալ ապրանքային շուկայում ապրանքների շրջանառության ընդհանուր պայմանների վրա և (կամ) դուրս մղելու այլ տնտեսվարող սուբյեկտին տվյալ ապրանքային շուկայից և (կամ) խոչընդոտելու տվյալ ապրանքային շուկա մուտք գործելուն, կամ

2) որպես իրացնող կամ ձեռք բերող իրացման կամ ձեռքբերման ծավալներով գրավում է տվյալ շուկայի առնվազն մեկ երրորդը, կամ

3) ապրանքային շուկայում իրացման կամ ձեռքբերման առավել մեծ ծավալներ ունեցող երկու տնտեսվարող սուբյեկտներից յուրաքանչյուրը տվյալ ապրանքային շուկայում համարվում է գերիշխող դիրք ունեցող, եթե նրանք, որպես իրացնող կամ ձեռք բերող, իրացման կամ ձեռքբերման ծավալներով միասին գրավում են տվյալ շուկայի առնվազն մեկ երկրորդը, կամ

4) ապրանքային շուկայում իրացման կամ ձեռքբերման առավել մեծ ծավալներ ունեցող երեք տնտեսվարող սուբյեկտներից յուրաքանչյուրը տվյալ ապրանքային շուկայում համարվում է գերիշխող դիրք ունեցող, եթե նրանք, որպես իրացնող կամ ձեռք բերող, իրացման կամ ձեռքբերման ծավալներով միասին գրավում են տվյալ շուկայի առնվազն երկու երրորդը:

3. Սույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ կամ 4-րդ կետերով նախատեսված հիմքերից որևէ մեկով տնտեսվարող սուբյեկտ(ներ)ը գերիշխող դիրք ունեցող է(են) համարվում` հաշվի առնելով տվյալ ապրանքային շուկայի կառուցվածքի առանձնահատկություններն այդ շուկայում գործող տնտեսվարող սուբյեկտների բաժինների բաշխվածության վերաբերյալ:

Սույն հոդվածում նշված տնտեսվարող սուբյեկտ(ներ)ը կարող է (են) ներկայացնել տվյալ ապրանքային շուկայում իր(ենց) գերիշխող դիրքի առկայությունը բացառող ապացույցներ:

4. Տնտեսվարող սուբյեկտի մենաշնորհ կամ գերիշխող դիրքի, այդ թվում` շուկայական իշխանության որոշման կարգը և չափանիշները սահմանում է Հանձնաժողովը:

5. Առևտրային ցանցը համարվում է գերիշխող դիրք ունեցող, եթե հանդիսանում է չորս կամ ավելի առևտրային օբյեկտների համախումբ:

6. Տնտեսվարող սուբյեկտն ապրանքային շուկայում մենաշնորհ կամ գերիշխող դիրք ունեցող է համարվում Հանձնաժողովի որոշմամբ:

7. Մենաշնորհ կամ գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող սուբյեկտի լուծարման (պետական հաշվառումից հանելու) համար պարտադիր է Հանձնաժողովի կողմից տրամադրվող տեղեկանքն առ այն, որ Հանձնաժողովը չի առարկում տնտեսվարող սուբյեկտի լուծարմանը (պետական հաշվառումից հանելուն):»:

 

Հոդված 5. Օրենքի 7-րդ հոդվածում`

 

1. 2-րդ մասի`

1) «ա» կետից հանել «և (կամ) տարբերակված» բառերը.

2) «ե» կետը «կողմին» բառից հետո լրացնել «կամ պայմանագիր կնքել ցանկացող անձին» բառերով.

3) «է» կետը «համար» բառից հետո լրացնել «կամ որի հետևանքով այլ տնտեսվարող սուբյեկտը կարող էր մուտք չգործել շուկա կամ դուրս մղվել շուկայից կամ կատարել լրացուցիչ ծախսեր` շուկայից դուրս չմղվելու համար» բառերով.

4) լրացնել հետևյալ բովանդակությամբ «ժ» կետով.

«ժ) ապրանքի գնի չհիմնավորված բարձրացումը, իջեցումը կամ պահպանումը:».

2. լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ մասով.

«3. Բացի սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված գործողություններից (վարքագծից), առևտրային ցանցի կողմից գերիշխող դիրքի չարաշահում է համարվում նաև`

1) պայմանագրի կողմին պայմանների պարտադրումը, որոնք վերաբերում են`

ա) այլ տնտեսվարող սուբյեկտի հետ պայմանագիր կնքելու արգելքին,

բ) այլ տնտեսվարող սուբյեկտի հետ կնքվող պայմանագր(եր)ի վերաբերյալ տեղեկատվության տրամադրմանը,

գ) տնտեսվարող սուբյեկտից լրացուցիչ վճարի գանձմանը կամ այլ պայմանի պարտադրմանը, եթե մատակարարում իրականացվելու է նաև տվյալ առևտրային ցանցի մեջ մտնող նոր առևտրային օբյեկտին,

դ) տնտեսվարող սուբյեկտից լրացուցիչ վճարի գանձմանը կամ այլ պայմանի պարտադրմանը` կապված մատակարարվող ապրանք(ներ)ի տեսականու փոփոխության հետ,

ե) մատակարարված և առևտրային ցանցի սեփականությունը համարվող ապրանք(ներ)ի փչացման, վնասվածքի, կորստի կամ ոչնչացման դեպքում տնտեսվարող սուբյեկտի կողմից վնասների փոխհատուցմանը, բացառությամբ այն դեպքի, երբ դա տեղի է ունեցել վերջինիս մեղքով,

զ) տնտեսվարող սուբյեկտի կողմից այն ծախսերի փոխհատուցմանը, որոնք կապված չեն ապրանք(ներ)ի մատակարարման պայմանագրի կատարման կամ ապրանք(ներ)ի հետագա իրացման հետ,

է) այն ապրանք(ներ)ի վերադարձման պարտավորության սահմանմանը, որոնք չեն իրացվել որոշակի ժամանակահատվածի ընթացքում, բացառությամբ այն դեպքերի, երբ ապրանքների վերադարձման պահանջը սահմանված է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ,

ը) այլ հանգամանքների, որոնք պարունակում են սույն կետով սահմանված պայմանների էական տարրեր.

2) առանց գրավոր պայմանագիր կնքելու մատակարարում իրականացնելուն պարտադրելը:»:

 

Հոդված 6. Օրենքի 8-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 8. Տնտեսվարող սուբյեկտների համակենտրոնացման հասկացությունը

 

1. Տնտեսվարող սուբյեկտների համակենտրոնացում է համարվում`

1) տնտեսվարող սուբյեկտների միացումը.

2) տնտեսվարող սուբյեկտների միաձուլումը.

3) տնտեսվարող սուբյեկտի կողմից այլ տնտեսվարող սուբյեկտի ակտիվների ձեռքբերումը, եթե դրանց արժեքն ինքնին կամ ձեռք բերողին արդեն պատկանող ակտիվների արժեքի հետ միասին կազմում է այդ տնտեսվարող սուբյեկտի ակտիվների արժեքի 20 տոկոսը կամ ավելին.

4) տնտեսվարող սուբյեկտի կողմից այլ տնտեսվարող սուբյեկտի փայաբաժնի ձեռքբերումը, եթե դա ինքնին կամ ձեռք բերողին արդեն պատկանող փայաբաժնի հետ միասին կազմում է այդ տնտեսվարող սուբյեկտի կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալի 20 տոկոսը կամ ավելին.

5) տնտեսվարող սուբյեկտների ցանկացած միավորում, որի շնորհիվ մեկ տնտեսվարող սուբյեկտը կարող է ուղղակիորեն կամ անուղղակիորեն ազդել մեկ ուրիշի որոշումների կայացման կամ մրցունակության վրա:

2. Միացման մասնակիցներ են համարվում միացման ձևով վերակազմակերպվող տնտեսվարող սուբյեկտները:

3. Միաձուլման մասնակիցներ են համարվում միաձուլվող տնտեսվարող սուբյեկտները:

4. Ակտիվների ձեռքբերման դեպքում համակենտրոնացման մասնակիցներ են ակտիվներ իրացնող և ձեռք բերող տնտեսվարող սուբյեկտները:

5. Փայաբաժնի ձեռքբերման դեպքում համակենտրոնացման մասնակիցներ են փայաբաժին ձեռք բերող տնտեսվարող սուբյեկտը և այն տնտեսվարող սուբյեկտը, որի կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալում փայաբաժին է ձեռք բերվում:

6. Միավորման դեպքում համակենտրոնացման մասնակիցներ են միավորվող տնտեսվարող սուբյեկտները:

7. Սույն օրենքի իմաստով համակենտրոնացումը կայացվում է`

1) միևնույն ապրանքային շուկայում գործող (մրցակից հանդիսացող) տնտեսվարող սուբյեկտների միջև (հորիզոնական համակենտրոնացում).

2) որոշակի փոխկապակցվածություն ունեցող տարբեր ապրանքային շուկաներում գործող (մրցակից չհանդիսացող` տվյալ ապրանքի և (կամ) դրա փոխադարձ փոխարինելի ապրանքներ իրացնող ու ձեռք բերող) տնտեսվարող սուբյեկտների միջև (ուղղահայաց համակենտրոնացում).

3) տարբեր ապրանքային շուկաներում գործող տնտեսվարող սուբյեկտների միջև (խառը համակենտրոնացում):»:

 

Հոդված 7. Օրենքի 9-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 9.  Համակենտրոնացման հայտարարագրումը

 

1. Տնտեսվարող սուբյեկտների համակենտրոնացումը, մինչև գործողության մեջ դնելը, ենթակա է հայտարարագրման, եթե`

1) համակենտրոնացման մասնակիցների ակտիվների կամ հասույթի ընդհանուր արժեքը (չափը) կամ մասնակիցներից առնվազն մեկի ակտիվների կամ հասույթի արժեքը (չափը) դրա ստեղծմանը նախորդող վերջին ֆինանսական տարում գերազանցել է Հանձնաժողովի որոշմամբ սահմանված ակտիվների կամ հասույթ(ներ)ի արժեքը (չափը).

2) համակենտրոնացման մասնակիցներից առնվազն մեկը որևէ ապրանքային շուկայում ունի գերիշխող դիրք:

2. Համակենտրոնացման հայտարարագրում նշվում է համակենտրոնացման ձևը, նպատակը և մասնակիցներից յուրաքանչյուրի մասին հետևյալ տեղեկատվությունը՝

1) անունը (անվանումը), բնակվելու (գտնվելու) և գործունեության վայրը.

2) գործունեության տարեկան ֆինանսական հաշվետվությունները` հայտարարագրմանը նախորդող ֆինանսական տարվա վերջի դրությամբ, իսկ օրենքով սահմանված` ֆինանսական հաշվետվությունների աուդիտի պարտադիր անցկացման պահանջի առկայության դեպքում` նաև դրանց վերաբերյալ աուդիտորական եզրակացությունը: Եթե համակենտրոնացման մասնակիցներից որևէ մեկը գործունեությունը սկսել է տվյալ տարում, ապա նրա ֆինանսական հաշվետվությունները և դրանց վերաբերյալ աուդիտորական եզրակացությունը ներկայացվում են հայտարարագրմանը նախորդող ամսվա վերջի դրությամբ.

3) նախորդ տարվա ընթացքում իրացրած ապրանքների ծավալներն ըստ տեսականու, ինչպես նաև արտադրական կարողությունների նկարագիրը.

4) Հանձնաժողովի` համակենտրոնացման հայտարարագրման կարգը և հայտարարագրի ձևը հաստատելու մասին որոշմամբ սահմանված այլ փաստաթղթեր և տեղեկատվություն:

3. Համակենտրոնացման հայտարարագրման կարգը և հայտարարագրի ձևը սահմանում է Հանձնաժողովը:»:

 

Հոդված 8. Օրենքի 10-րդ հոդվածում`

 

1. 1-ին մասն ուժը կորցրած ճանաչել:

2. 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Հայտարարագրման ենթակա կամ տնտեսական մրցակցությունն էապես խոչընդոտող, այդ թվում` գերիշխող դիրքի հանգեցնող կամ գերիշխող դիրքն ամրապնդող համակենտրոնացումը թույլատրվում է Հանձնաժողովի որոշման հիման վրա, որը կարող է պարունակել նաև համակենտրոնացման մասնակցի (մասնակիցների) համար պարտադիր կատարման ենթակա պայմաններ և պարտավորություններ:»:

3. 3-րդ մասից հանել «կամ գերիշխող դիրքի հանգեցնող», ինչպես նաև «կամ համակենտրոնացմանը մասնակցելը» բառերը:

 

Հոդված 9. Օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«2. Սույն հոդվածի իմաստով շփոթության առաջացում է համարվում`

1) գրանցված ապրանքային կամ սպասարկման նշանին կամ արդյունաբերական նմուշին շփոթության աստիճանի նման չգրանցված ապրանքային կամ սպասարկման նշանի կամ արդյունաբերական նմուշի օգտագործումը.

2) առավել վաղ օգտագործվող չգրանցված ապրանքային կամ սպասարկման նշանին կամ արդյունաբերական նմուշին շփոթության աստիճանի նման չգրանցված ապրանքային կամ սպասարկման նշանի կամ արդյունաբերական նմուշի օգտագործումը.

3) գրանցված ապրանքային կամ սպասարկման նշանին կամ արդյունաբերական նմուշին նույնական ապրանքային կամ սպասարկման նշանի կամ արդյունաբերական նմուշի օգտագործումն առանց իրավատիրոջ համաձայնության.

4) ֆիրմային անվանմանը շփոթության աստիճանի նման ֆիրմային անվանման օգտագործումը կամ ֆիրմային անվանման ապօրինի օգտագործումը.

5) ապրանքի արտաքին տեսքի, օրինակ՝ ապրանքի փաթեթավորման, գույնի կամ այլ ոչ ֆունկցիոնալ բնութագրերի նկատմամբ շփոթություն առաջացնող գործողությունները կամ վարքագիծը.

6) քաղաքացիական շրջանառության մասնակիցների, ապրանքների, անհատականացման այլ միջոցների, օրինակ՝ գործարարության խորհրդանիշի, բառեր փոխարինող նշանների կամ տառերի, կարգախոսների նկատմամբ շփոթություն առաջացնող գործողությունները կամ վարքագիծը.

7) ապրանքների ներկայացման ձևերի, այդ թվում՝ գովազդի, ծառայողական հագուստի, ապրանքների մատուցման ոճի նկատմամբ շփոթություն առաջացնող գործողությունները կամ վարքագիծը.

8) հռչակավոր մարդկանց, գրականության, արվեստի կամ սպորտի հանրաճանաչ գործիչների, հանրաճանաչ այլ անձանց անունների, այլ տվյալների, պատկերների օգտագործումը, ստեղծագործությունների, դրանց անվանումների, տեքստերի կամ պատկերների ամբողջական կամ մասնակի արտատպումը, պատճենումը կամ այլ կերպ օգտագործումն առանց համապատասխան համաձայնության (թույլտվության):»:

 

Հոդված 10. Օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետևյալ նախադասությամբ. «Հասարակության մոլորեցում է համարվում նաև ապրանքի արտադրության կամ պահպանման ժամկետի, տվյալ ապրանքը արտադրող կամ ներկրող տնտեսվարող սուբյեկտի անվան (անվանման) կամ հասցեի կամ օրենսդրությամբ նախատեսված տվյալների կամ պայմանների վերաբերյալ նշումների բացակայությունը կամ օրենքին հակասող նշումների առկայությունը կամ գովազդի մեջ (գովազդման ընթացքում) կամ իրացման ընթացքում թերի, կեղծ կամ ոչ լիարժեք տվյալների (տեղեկությունների) նշումը կամ այնպիսի տվյալների (տեղեկությունների) բացակայությունը, որը սպառողին հնարավորություն չի տալիս ամբողջական պատկերացում կազմել գովազդվող ապրանքի վերաբերյալ կամ օրենքին հակասող գովազդը:»:

 

Հոդված 11. Օրենքի 5.1-ին գլխի վերնագիրը «ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ» բառից հետո լրացնել «, ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ՀԱԿԱՄՐՑԱԿՑԱՅԻՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ» բառերով:

 

Հոդված 12. Օրենքի 16.1-ին հոդվածի 1-ին մասի «կառավարության, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի, պետական կամ պետական մասնակցությամբ կազմակերպության» բառերը փոխարինել «պետական մարմնի կամ դրա պաշտոնատար անձի» բառերով:

 

Հոդված 13. Օրենքի 16.2-րդ հոդվածում`

 

1) առաջին պարբերությունից հանել «Հայաստանի Հանրապետության կառավարության,», ինչպես նաև «և տեղական ինքնակառավարման» բառերը.

2) երկրորդ պարբերությունը լրացնել հետևյալ նախադասությամբ. «Եթե պետական մարմինը համաձայն չէ իրավական ակտի վերաբերյալ Հանձնաժողովի փորձագիտական եզրակացության հետ, իսկ Հանձնաժողովի եզրակացության համաձայն` իրավական ակտը հնարավոր է բացասաբար անդրադառնա որևէ ապրանքային շուկայում տնտեսական մրցակցության վրա, ապա իրավական ակտի ընդունումը նախաձեռնող մարմինը պարտավոր է համապատասխան իրավական ակտն ընդունող մարմին ներկայացնել նաև իր դիրքորոշման հիմնավորումը:»:

 

Հոդված 14. Օրենքը լրացնել 16.3-րդ հոդվածով.

 

«Հոդված 16.3. Պետական մարմինների և դրանց պաշտոնատար անձանց հակամրցակցային գործողությունների կամ վարքագծի արգելումը

 

1. Պետական մարմնի կամ դրա պաշտոնատար անձի գործողությունները կամ վարքագիծը կամ ակտերը, որոնք սահմանափակում, կանխում կամ արգելում են տնտեսական մրցակցությունը, արգելվում են:

2. Պետական մարմնի կամ դրա պաշտոնատար անձի` տնտեսական մրցակցությունը սահմանափակող, կանխող կամ արգելող գործողություն կամ վարքագիծ է համարվում`

1) տնտեսվարող սուբյեկտ(ներ)ի նկատմամբ խտրական պայմանների սահմանումը և (կամ) կիրառումը.

2) ձեռնարկատիրական գործունեության արգելումը կամ սահմանափակումը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի.

3) տնտեսվարող սուբյեկտներին հրահանգներ, հանձնարարություններ, ցուցումներ, խորհուրդներ կամ հրամաններ տալը` կապված նրանց ձեռնարկատիրական գործունեության իրականացման հետ (ապրանքների, կնքվող գործարքների կամ այլ հարցերի վերաբերյալ), բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի.

4) սպառողների համար պարտականություն նախատեսելը, որով սահմանափակվում է ապրանքների ազատ ընտրության նրանց իրավունքը:

3. Պետական մարմնի կամ դրա պաշտոնատար անձի կողմից իր իրավասությունների սահմաններում իրականացված, օրինական նպատակ հետապնդող` սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված գործողությունները կամ վարքագիծը չպետք է համարվեն հակամրցակցային, բացառությամբ այն դեպքի, երբ առկա է այդ նպատակի իրագործման` տնտեսական մրցակցությունն ավելի պակաս սահմանափակող` օրենքով չարգելված այլ միջոց:»:

 

Հոդված 15. Օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասում`

 

1) երրորդ պարբերությունն ուժը կորցրած ճանաչել.

2) յոթերորդ պարբերությունը «համագործակցում է» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության,» բառերով, իսկ «միջազգային կազմակերպությունների հետ» բառերից հետո լրացնել «, նրանց հետ կնքում է իր իրավասությանն առնչվող հարցերի վերաբերյալ հուշագրեր, համագործակցության մասին այլ համաձայնագրեր, անհրաժեշտության դեպքում Հանձնաժողովի կողմից իրականացվող աշխատանքներում ներգրավում է մասնագետներ, փորձագետներ նշված մարմիններից և կազմակերպություններից` այդ մարմինների և կազմակերպությունների ղեկավարների գրավոր համաձայնությամբ» բառերով.

3) նախավերջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«- իրականացնում է միջոցառումներ` տնտեսական մրցակցությանն առնչվող հարցերի, այդ թվում` սույն օրենքի դրույթների մասին հանրությանն իրազեկելու ուղղությամբ.»:

 

Հոդված 16. Օրենքի 19-րդ հոդվածում`

 

1) 1-ին մասի «ա» կետի`

ա. երրորդ պարբերությունից հանել «կամ իրականացնելու կապակցությամբ հետազոտություն,», ինչպես նաև «և (կամ) դիտանցում» բառերը.

բ. վեցերորդ պարբերությունը «տնտեսվարող սուբյեկտների» բառերից հետո լրացնել «, պետական մարմինների և դրանց պաշտոնատար անձանց» բառերով.

գ. յոթերորդ պարբերությունից հանել «կամ տեղական ինքնակառավարման» բառերը, իսկ «ընդունված ակտերի» բառերից հետո լրացնել «, այլ փաստաթղթերի (կազմակերպված մրցույթների վերաբերյալ որոշումների, արձանագրությունների և այլն)՝» բառերով.

դ. ութերորդ պարբերությունը «օժանդակությունը» բառից հետո լրացնել «, պետական մարմինների, տնտեսվարող սուբյեկտների կամ դրանց պաշտոնատար անձանց հակամրցակցային գործողությունները կամ վարքագիծը» բառերով, իսկ «(լուծելու, դադարեցնելու),» բառերից հետո` «ակտերը ոչ իրավաչափ,» բառերով.

ե. իններորդ պարբերությունից հանել «և տեղական ինքնակառավարման», ինչպես նաև «վերաբերյալ» բառերը.

զ. լրացնել հետևյալ պարբերություններով.

«- տնտեսվարող սուբյեկտներին, պետական մարմիններին կամ դրանց պաշտոնատար անձանց` սույն օրենքի հնարավոր խախտումների վերաբերյալ զգուշացումներ տալու.

- պետական մարմինների և դրանց պաշտոնատար անձանց, ինչպես նաև տնտեսվարող սուբյեկտների կողմից սույն օրենքի դրույթների կիրառման վերաբերյալ խորհրդատվական բնույթ կրող ուղեցույցներ, այլ փաստաթղթեր հաստատելու վերաբերյալ.».

2) 1-ին մասի «գ» կետի «օրենքով սահմանված կարգով» և «հետազոտություն,» բառերը հանել, իսկ «ուսումնասիրություն» բառից հետո լրացնել «(այդ թվում` հսկիչ գնում)» բառերով.

3) 1-ին մասի «դ» կետից հանել «կամ տեղական ինքնակառավարման» բառերը.

4) 1-ին մասի «ե» կետը «գործողությունները» բառից հետո լրացնել «կամ վարքագիծը» բառերով.

5) 1-ին մասի «զ» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«զ) տալու նախազգուշացում` խախտումները շտկելու և (կամ) հետագայում բացառելու հանձնարարությամբ, նշանակելու տուգանք` խախտումները շտկելու և (կամ) հետագայում բացառելու և տուգանքը վճարելու հանձնարարությամբ` սահմանելով հանձնարարության կատարման ժամկետ.».

6) 1-ին մասի «է» կետը «պետական օժանդակության,» բառերից հետո լրացնել «դիտանցումների, հսկիչ գնումների արդյունքում ձեռք բերված ապրանքների տնօրինման,» բառերով.

7) 1.2-րդ մասում «հետազոտության,» բառը հանել, իսկ երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Սույն մասով նախատեսված որոշումների ընդունումը տնտեսվարող սուբյեկտներին չի ազատում փաստաթղթեր և այլ տեղեկատվություն ներկայացնելու պարտականությունից կամ դրանք սահմանված ժամկետում չներկայացնելու կամ սույն մասով սահմանված լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու համար սահմանված պատասխանատվությունից:».

8) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.3-րդ մասով`

«1.3. Էլեկտրոնային հաղորդակցության ապրանքային շուկաների սահմանների և այդ շուկաներում տնտեսվարող սուբյեկտների գերիշխող դիրքի առկայության հարցի քննարկման դեպքում Հանձնաժողովը խորհրդակցում է Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ:»:

 

Հոդված 17. Օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասում`

 

1) «բ» կետը «բնականոն գործունեությունը,» բառերից հետո լրացնել «այդ նպատակով Հանձնաժողովի անդամներին և իր կողմից նշանակվող աշխատակիցներին տալիս է հանձնարարականներ,» բառերով.

2) «է» կետը «հանդես գալու լիազորագրեր,» բառերից հետո լրացնել «ընդունում է հրամաններ, ներառյալ` ստուգում, ուսումնասիրություն (այդ թվում` հսկիչ գնում) կամ դիտանցում իրականացնելու վերաբերյալ հրամաններ,» բառերով:

 

Հոդված 18. Օրենքի 27-րդ հոդվածում`

 

1) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին կետով.

«3.1) մրցակցային իրավիճակի բարելավմանն ուղղված առաջարկների,».

2) 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին կետով.

«3.1) մրցակցային իրավիճակի բարելավմանն ուղղված առաջարկների իրականացման ընթացքի վերլուծությունը.».

3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ մասով.

«3. Հանձնաժողովի գործունեության տարեկան ծրագիրը և նախորդ տարվա գործունեության հաշվետվությունը հաստատվում են Հանձնաժողովի որոշմամբ:»:

 

Հոդված 19. Օրենքի 28-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 28. Պետական մարմինների, տնտեսվարող սուբյեկտների պարտականությունները հանձնաժողովին տեղեկատվություն տրամադրելու հարցում

 

1. Հանձնաժողովի նախագահի գրության կամ Հանձնաժողովի որոշման կամ օրենսդրությամբ սահմանված պահանջի հիման վրա պետական մարմինները, ինչպես նաև դրանց պաշտոնատար անձինք պարտավոր են սահմանված ժամկետում ներկայացնել օրենքով նախատեսված` Հանձնաժողովի լիազորությունների իրականացման համար անհրաժեշտ փաստաթղթեր և այլ տեղեկատվություն:

2. Հանձնաժողովի նախագահի գրության կամ Հանձնաժողովի որոշման կամ օրենսդրությամբ սահմանված պահանջի հիման վրա տնտեսվարող սուբյեկտները պարտավոր են սահմանված ժամկետում ներկայացնել օրենքով նախատեսված` Հանձնաժողովի լիազորությունների իրականացման համար անհրաժեշտ փաստաթղթեր և այլ տեղեկատվություն:

3. Հանձնաժողովի նախագահի գրությամբ կամ Հանձնաժողովի որոշմամբ անհրաժեշտ փաստաթղթեր և այլ տեղեկատվություն պահանջելիս Հանձնաժողովը տնտեսվարող սուբյեկտին տեղեկացնում է դրանք ներկայացնելու ժամկետների, ինչպես նաև սահմանված ժամկետում անհրաժեշտ փաստաթղթեր և այլ տեղեկատվություն չներկայացնելու կամ ոչ հավաստի կամ ոչ ամբողջական տեղեկատվություն ներկայացնելու իրավական հետևանքների մասին:

4. Գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող սուբյեկտները Հանձնաժողովի սահմանած կարգով պարտավոր են եռամսյա պարբերականությամբ ամսական կտրվածքով Հանձնաժողով ներկայացնել տեղեկատվություն ապրանքների մնացորդների, ձեռքբերումների, արտադրության և իրացման ցուցանիշների վերաբերյալ` բնեղեն և արժեքային արտահայտությամբ: Տեղեկատվությունը Հանձնաժողով ներկայացվում է մինչև եռամսյակին հաջորդող ամսվա 15-ը:»:

 

Հոդված 20. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 28.1-ին հոդվածով.

 

«Հոդված 28.1. Դիտանցումների իրականացումը, հանձնաժողովին վերապահված իրավունքների և պարտականությունների կատարմանը խոչընդոտելու անթույլատրելիությունը

 

1. Դիտանցում իրականացնելու վերաբերյալ հրամանում նշվում են դիտանցում իրականացնող մարմնի անվանումը, տնտեսվարող սուբյեկտ(ներ)ի լրիվ անուն(ներ)ը կամ անվանում(ներ)ը, դիտանցումն իրականացնող անձի (անձանց) պաշտոնը, անունը, ազգանունը, դիտանցման նպատակը, դիտանցման ժամանակահատվածը և իրավական հիմքերը: Դիտանցում իրականացնելու վերաբերյալ հրամանի պատճենը դիտանցումն սկսելուց առաջ հանձնվում է տնտեսվարող սուբյեկտին կամ տնտեսվարող սուբյեկտի ղեկավարին (փոխարինող անձին) կամ իրավասու այլ անձի (այսուհետ` տնտեսվարող սուբյեկտի ներկայացուցիչ): Դիտանցման արդյունքների վերաբերյալ, անհրաժեշտության դեպքում, Հանձնաժողովի ներկայացուցչի պահանջով, վերջինիս կողմից կազմվում է արձանագրություն, որը ստորագրում են Հանձնաժողովի և տնտեսվարող սուբյեկտի ներկայացուցիչները: Դիտանցման արդյունքների վերաբերյալ առարկություն ունենալու դեպքում տնտեսվարող սուբյեկտի ներկայացուցիչն այդ մասին նշում է կատարում արձանագրության մեջ: Եթե տնտեսվարող սուբյեկտի ներկայացուցիչը հրաժարվում է արձանագրությունն ստորագրել կամ այլ կերպ խոչընդոտում է դիտանցման իրականացմանը, ապա Հանձնաժողովի ներկայացուցիչն այդ մասին նշում է կատարում արձանագրության մեջ, որում նշվում են նաև դիտանցման իրականացմանը խոչընդոտած տնտեսվարող սուբյեկտի ներկայացուցչի անունը, ազգանունը, պաշտոնը:

2. Հանձնաժողովի նախագահի հրամանով դիտանցման կամ ուսումնասիրության (այդ թվում` հսկիչ գնման) կամ Հանձնաժողովի որոշմամբ կամ Հանձնաժողովի նախագահի հրամանով ստուգման իրականացմանը խոչընդոտելը դիտվում է որպես տնտեսվարող սուբյեկտի կողմից Հանձնաժողովին վերապահված իրավունքների կամ պարտականությունների կատարմանը խոչընդոտում և առաջացնում է սույն օրենքով սահմանված պատասխանատվություն:»:

 

Հոդված 21. Օրենքի 30-րդ հոդվածում`

 

1) 6-րդ մասի վերջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Ծանուցված անձանց չներկայանալը չի խոչընդոտում քննարկման անցկացմանը և որոշումների ընդունմանը:».

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 11-րդ և 12-րդ մասերով.

«11. Հարուցված վարչական վարույթի իրականացման ժամկետի ընթացքը կարող է կասեցվել տնտեսվարող սուբյեկտի, վերջինիս պաշտոնատար անձի կամ իրավասու այլ աշխատակցի բացակայության պատճառով սույն օրենքով նախատեսված թղթակցությունը հանձնելու անհնարինության, Հանձնաժողով փաստաթղթեր կամ այլ տեղեկատվություն չներկայացնելու կամ ոչ հավաստի կամ ոչ ամբողջական տեղեկություններ ներկայացնելու կամ վարույթի իրականացմանն այլ կերպ խոչընդոտելու կամ վարչական վարույթի իրականացումն անհնար դարձնող այլ հանգամանքների առկայության դեպքում: Վարչական վարույթը վերսկսվում է սույն մասով նախատեսված հանգամանքների վերացումից հետո:

12. Հանձնաժողովի կողմից հարուցված վարչական վարույթի ընթացքում սույն օրենքի խախտման փաստ չհայտնաբերվելու դեպքում վարույթը դադարեցվում է Հանձնաժողովի արձանագրային որոշմամբ:»:

 

Հոդված 22. Օրենքի 31-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 31. Հանձնաժողովի կողմից պատասխանատվության միջոցների, ինչպես նաև զգուշացում տալու իրավասությունը և կիրառման կարգը

 

1. Սույն օրենքի խախտման դեպքում Հանձնաժողովն իրավասու է իր որոշմամբ տալու նախազգուշացում կամ նշանակելու տուգանք:

2. Պատասխանատվության միջոց կիրառելիս Հանձնաժողովը հաշվի է առնում տվյալ իրավախախտման բնույթը, տևողությունը, իրավախախտման հնարավոր կամ փաստացի ազդեցությունը շուկայում մրցակցային իրավիճակի կամ սպառողների շահերի վրա, տվյալ տնտեսվարող սուբյեկտի կողմից սույն օրենքի խախտումների կրկնակիությունը, տնտեսվարող սուբյեկտի դիտավորության աստիճանը, տնտեսվարող սուբյեկտի կողմից իրավախախտում կատարելու շարժառիթները և հանգամանքները, տնտեսվարող սուբյեկտի վրա նշանակվող տուգանքի հնարավոր ազդեցությունը, տվյալ տնտեսվարող սուբյեկտի գործունեության ոլորտը և (կամ) պատմությունը:

Հակամրցակցային համաձայնության համար տուգանք նշանակելիս Հանձնաժողովը հաշվի է առնում նաև սույն օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հակամրցակցային համաձայնության տեսակը (հորիզոնական, ուղղահայաց, խառը):

3. Եթե սույն օրենքով նախատեսված են վարչական վարույթի իրականացման, վարչական ակտի ընդունման, ուժի մեջ մտնելու, բողոքարկման կամ հարկադիր կատարման այլ կարգ և ժամկետներ, քան այլ օրենքներով, ապա գործում են սույն օրենքի դրույթները:

4. Սույն օրենքի հնարավոր խախտումների կանխման նպատակով Հանձնաժողովն իրավասու է իր որոշմամբ տալու զգուշացում տնտեսվարող սուբյեկտների, պետական մարմինների կամ դրանց պաշտոնատար անձանց այն գործողությունների և (կամ) վարքագծի վերաբերյալ, որոնք կարող են հանգեցնել տնտեսական մրցակցության սահմանափակմանը, կանխմանը, արգելմանը կամ անբարեխիղճ մրցակցության գործողությանը կամ վնասել սպառողների շահերը:»:

 

Հոդված 23. Օրենքի 34-րդ հոդվածից հանել «իր կողմից անցկացվող հետազոտությունների հիման վրա», ինչպես նաև «և տեղական ինքնակառավարման» բառերը:

 

Հոդված 24. Օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասից հանել «և տեղական ինքնակառավարման» բառերը:

 

Հոդված 25. Օրենքի 36-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 36. Տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտումների համար նախատեսվող տուգանքի չափերը

 

1. Սույն օրենքը խախտելու համար տնտեսվարող սուբյեկտները, պետական մարմինները և դրանց պաշտոնատար անձինք կրում են պատասխանատվություն օրենքով սահմանված կարգով:

2. Հակամրցակցային համաձայնություն կնքելու (կայացնելու, այդ համաձայնությանը մասնակցելու) համար նշանակվող տուգանքի չափը կազմում է հինգ միլիոնից երկու հարյուր միլիոն դրամ:

Հակամրցակցային համաձայնություն կնքելու (կայացնելու, այդ համաձայնությանը մասնակցելու) միջոցով գների չհիմնավորված բարձրացման հետևանքով տնտեսվարող սուբյեկտի ստացած շահույթը (եկամուտը) Հանձնաժողովի որոշմամբ ենթակա է գանձման Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

Հանձնաժողովը կարող է որոշում ընդունել տնտեսվարող սուբյեկտի նկատմամբ պատասխանատվության միջոց չկիրառելու մասին, եթե տնտեսվարող սուբյեկտը, մինչև տվյալ համաձայնության առնչությամբ Հանձնաժողովի կողմից վարչական վարույթի հարուցումը, օրենքով սահմանված կարգով, իր նախաձեռնությամբ առաջինն է դիմում Հանձնաժողովին և կամովին պարտավորվում դադարեցնել այդ հակամրցակցային համաձայնությանն իր մասնակցությունը և հետագայում բացառել այն` միաժամանակ ներկայացնելով տվյալ հակամրցակցային համաձայնությանը վերաբերող այնպիսի ապացույց(ներ), որը (որոնք), ըստ Հանձնաժողովի, բավարար հիմք է(են) տվյալ հակամրցակցային համաձայնության վերաբերյալ վարչական վարույթ հարուցելու համար: Տնտեսվարող սուբյեկտը լիովին ազատվում է հակամրցակցային համաձայնություն կնքելու (կայացնելու, այդ համաձայնությանը մասնակցելու) համար նախատեսված պատասխանատվությունից, եթե Հանձնաժողովին տրամադրում է հետևյալ ապացույցները`

- դիմողի անվանումը և հասցեն,

- հակամրցակցային համաձայնությանը մասնակցող (մասնակցած) բոլոր տնտեսվարող սուբյեկտների անվանումները և այլ տեղեկություններ,

- հակամրցակցային համաձայնության մանրամասն նկարագրությունը, ներառյալ` դրա նպատակը, դրսևորման եղանակը, համաձայնության առարկա հանդիսացող ապրանքը, հակամրցակցային համաձայնության կնքման (կայացման) ամսաթիվը, տևողությունը, վայրը, այլ տվյալներ,

- բոլոր այն անձանց անունները, պաշտոնները, հասցեները, որոնք ներգրավված են, ներգրավված են եղել կամ կարող են ներգրավված լինել հակամրցակցային համաձայնության կնքման (կայացման) գործընթացում,

- հակամրցակցային համաձայնությանն առնչվող` դիմողի տրամադրության տակ գտնվող այլ ապացույցներ:

Հանձնաժողով դիմած տնտեսվարող սուբյեկտը չի կարող ազատվել սույն հոդվածով սահմանված պատասխանատվությունից, եթե նա չի կատարել հետևյալ պայմանները կամ դրանցից որևէ մեկը`

- տնտեսվարող սուբյեկտը դիմումը ներկայացնելու պահից սկսած Հանձնաժողովի կողմից իրականացվող վարչական վարույթի ընթացքում պատշաճ կերպով չի օժանդակում համաձայնության փաստի բացահայտմանը, մասնավորապես, չի ներկայացնում հակամրցակցային համաձայնությանն առնչվող` իր տրամադրության տակ գտնվող տեղեկատվությունը (ապացույցները) և (կամ) օպերատիվ կերպով չի տրամադրում դրանք, չի ապահովում իր աշխատակիցներից համապատասխան տեղեկատվություն ստանալու հնարավորության ընձեռումը: Դիմող տնտեսվարող սուբյեկտը պարտավոր է նաև ձեռնպահ մնալ հակամրցակցային համաձայնությանն առնչվող տեղեկատվության (ապացույցների) ոչնչացումից, կեղծումից, դրանց կամ իր դիմումում առկա տվյալների տարածումից, հրապարակումից` մինչև Հանձնաժողովի կողմից որոշման կայացումը կամ Հանձնաժողովի համաձայնությունը և այլն,

- տնտեսվարող սուբյեկտը դիմում ներկայացնելուց անմիջապես հետո չի դադարեցնում իր մասնակցությունը հակամրցակցային համաձայնությանը:

Սույն մասի երրորդ պարբերությունում սահմանված դեպքում Հանձնաժողով դիմած տնտեսվարող սուբյեկտի` սույն օրենքի խախտմամբ ստացած շահույթը (եկամուտը) Հանձնաժողովի որոշմամբ ենթակա է գանձման Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

3. Գերիշխող դիրքի չարաշահումն առաջացնում է տուգանքի նշանակում հինգ միլիոնից երկու հարյուր միլիոն դրամի չափով:

Գների չհիմնավորված բարձրացման միջոցով գերիշխող դիրքի չարաշահմամբ տնտեսվարող սուբյեկտի ստացած շահույթը (եկամուտը) Հանձնաժողովի որոշմամբ ենթակա է գանձման Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

4. Սույն օրենքով նախատեսված դեպքում համակենտրոնացումը չհայտարարագրելու կամ արգելված համակենտրոնացումը գործողության մեջ դնելու համար նշանակվող տուգանքի չափը կազմում է համակենտրոնացման մասնակից տնտեսվարող սուբյեկտի` համակենտրոնացմանը մասնակցելուն նախորդող տարվա հասույթի մինչև չորս տոկոս, բայց ոչ ավելի, քան հինգ հարյուր միլիոն դրամ: Նախորդ տարում 12 ամսից պակաս գործունեություն իրականացրած լինելու դեպքում սույն մասով նախատեսված իրավախախտման համար նշանակվող տուգանքի չափը կազմում է համակենտրոնացման մասնակից տնտեսվարող սուբյեկտի` համակենտրոնացմանը մասնակցելուն նախորդող, բայց ոչ ավելի, քան 12 ամսվա գործունեության ժամանակահատվածի հասույթի մինչև չորս տոկոս և չի կարող գերազանցել հինգ հարյուր միլիոն դրամը:

5. Անբարեխիղճ մրցակցության գործողության համար տնտեսվարող սուբյեկտի նկատմամբ նշանակվող տուգանքի չափը կազմում է տվյալ իրավախախտմանը նախորդող տարվա հասույթի մինչև մեկ տոկոս: Նախորդ տարում 12 ամսից պակաս գործունեություն իրականացրած լինելու դեպքում սույն մասով նախատեսված իրավախախտման համար նշանակվող տուգանքի չափը կազմում է տնտեսվարող սուբյեկտի` իրավախախտմանը նախորդող, բայց ոչ ավելի, քան 12 ամսվա գործունեության ժամանակահատվածի հասույթի մինչև մեկ տոկոս:

6. Արգելված պետական օժանդակություն ստանալու համար նշանակվող տուգանքի չափը կազմում է տնտեսվարող սուբյեկտի` իրավախախտմանը նախորդող տարվա հասույթի մինչև մեկ տոկոս, բայց ոչ ավելի, քան հարյուր միլիոն դրամ: Նախորդ տարում 12 ամսից պակաս գործունեություն իրականացրած լինելու դեպքում սույն մասով նախատեսված իրավախախտման համար նշանակվող տուգանքի չափը կազմում է տնտեսվարող սուբյեկտի` իրավախախտմանը նախորդող, բայց ոչ ավելի, քան 12 ամսվա գործունեության ժամանակահատվածի հասույթի մինչև մեկ տոկոս և չի կարող գերազանցել հարյուր միլիոն դրամը:

7. Տնտեսվարող սուբյեկտի կողմից Հանձնաժողովի նախագահի գրությամբ կամ Հանձնաժողովի որոշմամբ կամ օրենսդրությամբ սահմանված փաստաթղթեր կամ այլ տեղեկատվություն սահմանված ժամկետում չներկայացնելու կամ ոչ հավաստի կամ ոչ ամբողջական տեղեկություններ ներկայացնելու համար նշանակվող տուգանքի չափը կազմում է մինչև հինգ միլիոն դրամ:

8. Հանձնաժողովին, Հանձնաժողովի անդամին կամ աշխատակցին օրենսդրությամբ վերապահված իրավունքների կամ պարտականությունների կատարմանը խոչընդոտելու համար նշանակվող տուգանքի չափը կազմում է մինչև երկու միլիոն դրամ:

9. Տնտեսվարող սուբյեկտի կողմից Հանձնաժողովի որոշմամբ ամրագրված խախտումները սահմանված ժամկետում չշտկելու, որոշմամբ նախատեսված պայմանները, պարտավորությունները կամ հանձնարարությունները սահմանված ժամկետում չկատարելու համար նշանակվող տուգանքի չափը կազմում է մինչև հինգ միլիոն դրամ:»:

 

Հոդված 26. Օրենքի 37-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 27. Օրենքի 38-րդ հոդվածի երկրորդ պարբերության «(անգործությամբ)» բառը փոխարինել «կամ վարքագծով» բառերով, իսկ «և տեղական ինքնակառավարման» բառերը հանել:

 

Հոդված 28. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան


2011 թ. մայիսի 6

Երևան

ՀՕ-137-Ն

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան