Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (21.02.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.05.12-2025.05.25 Պաշտոնական հրապարակման օրը 13.05.2025
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
21.02.2025
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
21.02.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.02.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

Կոտայքի մարզի առաջին ատյանի

ընդհանուր իրավասության դատարան,

նախագահող դատավոր Հ. Ավագյան

 

ՀՀ վերաքննիչ քրեական դատարան,

ԿԴ/0092/01/23

նախագահող դատավոր՝

 Ռ. Մխիթարյան

դատավորներ՝

 Գ. Ստեփանյան

 Ն. Հովակիմյան

 

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),

 

նախագահությամբ`

Հ. Ասատրյանի

մասնակցությամբ դատավորներ`

Ս. ավետիսյանի

 

Հ. Գրիգորյանի

Լ. Թադևոսյանի

Ա. ՊՈՂՈՍՅԱՆԻ

 21 փետրվարի 2025 թվական

ք. Երևան

գրավոր ընթացակարգով քննության առնելով Սասուն Նաիրիկի Ղազարյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2024 թվականի ապրիլի 22-ի որոշման դեմ պաշտպան Ա.Մխիթարյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Վարույթի դատավարական նախապատմությունը.

1. 2022 թվականի հունիսի 7-ին ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ նաև՝ ՀՀ նախկին քրեական օրենսգիրք) 242-րդ հոդվածի 2-րդ մասով և 243.1-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է թիվ 20107322 քրեական գործը։

Նախաքննության մարմնի՝ 2022 թվականի հունիսի 7-ի որոշումներով կասկածյալ Սասուն Նաիրիկի Ղազարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել գրավ՝ 1.000.000 (մեկ միլիոն) ՀՀ դրամի չափով, և ստորագրություն չհեռանալու մասին։

Նախաքննության մարմնի՝ 2022 թվականի հունիսի 14-ի որոշմամբ Ս.Ղազարյանը ներգրավվել է որպես մեղադրյալ և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով և 243.1-րդ հոդվածի 2-րդ մասով։

2023 թվականի ապրիլի 7-ին Ս.Ղազարյանի նկատմամբ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով և 243.1-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է հանրային քրեական հետապնդում և նրան մեղադրանք է ներկայացվել։

2023 թվականի ապրիլի 20-ին քրեական վարույթը՝ հաստատված մեղադրական եզրակացությամբ, հանձնվել է Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ՝ նաև Առաջին ատյանի դատարան)։

2. Առաջին ատյանի դատարանը, արագացված վարույթի կիրառմամբ, 2023 թվականի սեպտեմբերի 5-ի դատավճռով Ս.Ղազարյանին մեղավոր է ճանաչել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով և նրա նկատմամբ պատիժ է նշանակել՝ ազատազրկում՝ 2 (երկու) տարի 6 (վեց) ամիս ժամկետով՝ զրկելով տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից՝ 2 (երկու) տարի ժամկետով։ Ս.Ղազարյանը մեղավոր է ճանաչվել նաև ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի 2-րդ մասով և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել՝ տուգանք՝ 300.000 (երեք հարյուր հազար) ՀՀ դրամի չափով։

ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի կարգով՝ Ս.Ղազարյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել՝ ազատազրկում՝ 2 (երկու) տարի 6 (վեց) ամիս ժամկետով՝ զրկելով տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից՝ 2 (երկու) տարի ժամկետով և տուգանք՝ 300.000 (երեք հարյուր հազար) ՀՀ դրամի չափով։

Վճռվել է նաև քաղաքացիական հայցը բավարարել և Սասուն Նաիրիկի Ղազարյանից հօգուտ տուժող Անի Գառնիկի Ստեփանյանի բռնագանձել 600.000 (վեց հարյուր հազար) ՀՀ դրամ:

3. Մեղադրյալ Ս.Ղազարյանի պաշտպան Ա.Մխիթարյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան) 2024 թվականի ապրիլի 22-ի որոշմամբ բողոքը մերժել է՝ Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի սեպտեմբերի 5-ի դատավճիռը թողնելով անփոփոխ։

4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ պաշտպան Ա.Մխիթարյանը ներկայացրել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2024 թվականի հոկտեմբերի 30-ի որոշմամբ ընդունվել է վարույթ և սահմանվել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ:

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ փաստարկներով.

5. Բողոքի հեղինակի պնդմամբ՝ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատական սխալ՝ նյութական և դատավարական իրավունքի խախտում։

Ըստ բողոքաբերի՝ ստորադաս դատարանները հաշվի չեն առել մեղադրյալ Ս.Ղազարյանի կողմից տուժողին անմիջապես օգնություն ցույց տալու, նրա կյանքը փրկելուն ուղղված գործողություններ կատարելու, մեղայականով ներկայանալու, ինքնախոստովանական ցուցմունքներ տալու, տուժողին պատճառված վնասը հատուցելու, հուղարկավորության ծախսերը հոգալու, մինչև Վերաքննիչ դատարանի կողմից վերաքննիչ բողոքի քննությունը տուժողին ևս 200.000 ՀՀ դրամի չափով օժանդակություն ցույց տալու, դրական բնութագրվելու, նախկինում դատապարտված չլինելու հանգամանքները, ինչպես նաև այն, որ մեղադրյալ Ս.Ղազարյանը 2020 թվականին որպես կամավորական մասնակցել է Արցախյան 44-օրյա պատերազմին և մինչև 2021 թվականը ծառայության մեջ է գտնվել։

5.1. Բողոք բերած անձը նշել է, որ ստորադաս դատարանը հաշվի չի առել իր կատարած արարքի նկատմամբ Ս.Ղազարյանի դրսևորած հոգեբանական վերաբերմունքը, որը փաստում է, որ վերջինս ստեղծված իրավիճակում որևէ կերպ չէր կարող պատկերացնել ավտովթարի հետևանքով նման վնաս պատճառելու հավանական հետևանքների առաջացման հնարավորությունը, ինչն էլ վկայում է մեղադրյալ Ս.Ղազարյանի կատարած արարքի նվազ հասարարական վտանգավորության մասին։

Բացի այդ, բողոք բերած անձը գտել է, որ արարքը ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածով որակելու համար անհրաժեշտ է, որ անձը ճանապարհային երթևեկության կանոնների խախտման նկատմամբ դրսևորի դիտավորություն, իսկ վրա հասած հետևանքի նկատմամբ՝ անզգուշություն։ Հետևաբար, ինքնավստահությամբ ճանապարհային երթևեկության կանոնները խախտելը, ըստ բողոքաբերի, չի կարող հիմք հանդիսանալ մեղադրյալ Ս.Ղազարյանի արարքը ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածով նախատեսված հանցակազմով որակելու համար։

5.2. Բողոք բերած անձը նշել է նաև, որ տուժողը քաղաքացիական հայց է ներկայացրել և որպես Գոռ Գևորգյանի հուղարկավորության ծախսերի պատճառով կրած վնաս պահանջել է 2.100.000 ՀՀ դրամ, իսկ մեղադրյալ Ս.Ղազարյանը հատուցել է 1.500.000 ՀՀ դրամը, ինչից հետո, հայցապահանջը նվազեցնելով, տուժողը կրկին պահանջել է հուղարկավորության հետ կապված գումար՝ առանց որևէ ապացույց ներկայացնելու, որ 1500.000 ՀՀ դրամը փոխհատուցելուց հետո, դեռևս առկա են հուղարկավորության հետ կապված, չփոխհատուցված ծախսեր։

6. Վերոշարադրյալի հիման վրա, բողոքաբերը խնդրել է բեկանել և փոփոխել Վերաքննիչ դատարանի որոշումը, մեղմացնել Ս.Ղազարյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը և պայմանականորեն չկիրառել այն՝ սահմանելով փորձաշրջան։

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

7. Սասուն Ղազարյանին ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով և 243.1-րդ հոդվածի 2-րդ մասով մեղադրանք է ներկայացվել այն բանի համար, որ «(…) նա, չունենալով տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք և գտնվելով հարբած (ոչ սթափ) վիճակում, վարել է տրանսպորտային միջոց ու խախտել է ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները և ճանապարհային երթևեկության կանոնները, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ:

Այսպես.

Սասուն Նաիրիկի Ղազարյանը, չունենալով տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք և գտնվելով ոչ սթափ վիճակում, (արտաշնչած օդի մեջ ալկոհոլի պարունակությունը կազմել է 1,092 մգ/լ, իսկ համաձայն թիվ 060897 ստուգաչափման վկայականի հնարավոր 10% սխալանքը հաշվի առնելով՝ Սասուն Ղազարյանի մոտ ալկոհոլի պարունակությունը կազմել է 0,9828 միլիգրամ, որը ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 126-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն՝ համարվում է ոչ սթափ վիճակ) վարելով փաստացի իրեն պատկանող «BMW X5 4.4 I» մակնիշի 85 GN 885 հաշվառման համարանիշի ավտոմեքենան, 2022 թվականի հունիսի 7-ին՝ ժամը 03:30-ի սահմաններում, Երևան-Սևան ավտոճանապարհի 26,8 կմ հատվածում՝ դեպի Երևան տանող ուղեմասում, 70-ից 80 կմ/ժամ արագությամբ երթևեկելիս, նկատել է իր աջ կողքով երթևեկող «FORD TRANSIT 2.0 TD» մակնիշի 91 RU 091 հաշվառման համարանիշի ավտոմեքենային, որից հետո երթևեկության անվտանգությունն ապահովելու համար պետք է հետևեր երթևեկության ուղղությամբ տիրող ճանապարհատրանսպորտային իրադրությանն ու իր վարած ավտոմեքենայի առջևից համընթաց՝ զուգահեռ կուրսային ուղղությամբ, ընթացքի ավելի դանդաղ արագությամբ երթևեկող «FORD TRANSIT 2.0 TD» մակնիշի 91 RU 091 հաշվառման համարանիշի ավտոմեքենայի առկայության տվյալ պայմաններում, երթևեկության անվտանգությունն ապահովելու, վթարային իրադրություն չստեղծելու և այդ ավտոմեքենայի հետ ընդհարման առաջացումը բացառելու համար, պետք է իր վարած ավտոմեքենայի ընթացքի արագությունը հավասարեցներ «FORD TRANSIT 2,0 TD» մակնիշի 91 RU 091 հաշվառման համարանիշի ավտոմեքենայի ընթացքի արագության մեծությանը և իր վարած ավտոմեքենայի ու «FORD TRANSIT 2.0 TD» մակնիշի 91 RU 091 հաշվառման համարանիշի ավտոմեքենայի միջև պահպաներ անվտանգությունն ապահովող այնպիսի միջտարածություն (դիստանցիա), որպեսզի հնարավորություն ունենար խուսափել այդ ավտոմեքենայի հետ բախումից, կամ էլ՝ առանց դրա, երթևեկության մյուս մասնակիցների համար անվտանգ մանևրումով շրջանցեր «FORD TRANSIT 2.0 TD» մակնիշի 91 RU 091 հաշվառման համարանիշի ավտոմեքենային՝ վերջինի նկատմամբ պահպանելով անվտանգությունն ապահովող միջկողային տարածություն, ինչի տեխնիկական հնարավորությունը ունեցել է, ինչը կատարելով, կխուսափեր տվյալ պատահարի առաջացումից: Դրա փոխարեն, իր վարած ավտոմեքենայի առջևից համընթաց՝ զուգահեռ կուրսային ուղղությամբ, ընթացքի ավելի դանդաղ արագությամբ երթևեկող «FORD TRANSIT 2.0 TD» մակնիշի 91 RU 091 հաշվառման համարանիշի ավտոմեքենայի առկայության տվյալ պայմաններում, ժամանակին կատարված համապատասխան միջոցներ չձեռնարկելով՝ այդ ավտոմեքենայի նկատմամբ անվտանգությունն ապահովող միջտարածություն (դիստանցիա) պահպանելու համար կամ այդ ավտոմեքենային անվտանգ մանևրումով շրջանցելու համար, իրականացրել է իր վարած ավտոմեքենայի ընթացքի ոչ պատշաճ և ոչ անվտանգ կառավարում, տեխնիկական տեսակետից ստեղծել է վթարային իրադրություն և հանցավոր ինքնավստահությամբ թույլ է տվել «Ճանապարհային երթևեկության կանոնները և տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող անսարքությունների և պայմանների ցանկը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության № 955-Ն որոշման 62-րդ և 67-րդ կետերի ու «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներին հակասող գործողություններ, իր այդ գործողություններով էլ պայմանավորել է տվյալ ճանապարհատրանսպորտային պատահարի առաջացումն՝ ինքն իրեն զրկելով այն կանխելու տեխնիկական հնարավորությունից, որից հետո բախվել է իր աջ կողքով ընթացող Գոռ Նորիկի Գևորգյանի կողմից վարած «FORD TRANSIT 2.0 TD» մակնիշի 91 RU 091 հաշվառման համարանիշի ավտոմեքենային, որը դուրս է եկել երթևեկելի մասից, բախվել է արգելապատնեշին և ընկել շուրջ 300 մետր խորությամբ ձորը, ինչի հետևանքով «FORD TRANSIT 2.0 TD» մակնիշի 91 RU 091 հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վարորդ Գոռ Նորիկի Գևորգյանը տեղում մահացել է, այն է՝ նրա մահը վրա է հասել տրավմատիկ և հեմոոագիկ շոկից՝ համակցված գանգուղեղային բաց բութ և կրծքավանդակի փակ բութ վնասվածքներ ստանալու հետևանքով (...)»1։

8. Առաջին ատյանի դատարանը, արագացված վարույթի կիրառմամբ, մեղադրյալ Ս.Ղազարյանին մեղավոր ճանաչելով ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով և 243.1-րդ հոդվածի 2-րդ մասով, արձանագրել է հետևյալը. «(…) Մեղադրյալ Սասուն Ղազարյանի նկատմամբ պատժի տեսակ և չափ ընտրելիս Դատարանը հաշվի է առնում կատարված հանցագործության՝ հանրության համար վտանգավորության աստիճանն ու բնույթը։

(…)

[Ք]ննարկելով Սասուն Ղազարյանի արարքները, հաշվի առնելով քրեական օրենսդրությամբ պահպանվող հասարակական հարաբերությունների` հանցանքի կատարման պահին ունեցած սոցիալական նշանակությունը, մեղքի ձևը և տեսակը, հանցագործության շարժառիթը, դրա կատարման եղանակը և հետևանքները՝ Դատարանը փաստում է, որ Սասուն Ղազարյանի կատարած հանցագործություններն օժտված են հանրության համար վտանգավորության բարձր աստիճանով։

Որպես Սասուն Ղազարյանի անձը դրականորեն բնութագրող տվյալ Դատարանը հաշվի է առնում այն, որ վերջինը նախկինում դատապարտված չի եղել, բնութագրվում է դրականորեն:

Դատարանը մեղադրյալ Սասուն Ղազարյանի պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանք է գնահատում այն, որ կատարած հանցանքների համար զղջացել է, փաստացի ընդունել է իր մեղքը և միջնորդել վարույթը քննել արագացված կարգով, դատական քննության փուլում 1500000 ՀՀ դրամ գումար է փոխանցել տուժողի իրավահաջորդին և հայտարարել է, որ քաղաքացիական հայցի մնացած մասը ևս ընդունում է:

Դատարանը ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության մասով մեղադրյալ Սասուն Ղազարյանի պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանք է դիտարկում հանցանքն ալկոհոլի ազդեցության տակ կատարելը։

(…)

Սասուն Ղազարյանի նկատմամբ պատժի տեսակ և չափ ընտրելիս, ինչպես նաև այն կրելու նպատակահարմարության հարցը լուծելիս Դատարանը հաշվի է առնում նրա կողմից կատարված ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության հանգամանքները, հանցագործության կատարման մեջ Սասուն Ղազարյանի մեղավորության աստիճանը, տեղի ունեցած ճանապարհատրասնպորտային պատահարին հանգեցրած՝ մեղադրյալի կողմից թույլ տրված ճանապարհային երթևեկության կանոնների խախտման բնույթը, հանցանքի կատարումից հետո դրսևորած վարքագիծը, ինչպես նաև հանրորեն վտանգավոր արարքի և դրա հետևանքների նկատմամբ նրա դրսևորած հոգեբանական վերաբերմունքը:

Տվյալ դեպքում, անհրաժեշտ է հաշվի առնել, որ Սասուն Ղազարյանը ավտոմեքենան վարել է հարբած վիճակում, չունենալով տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք, գործել է հանցավոր ինքնավստահությամբ (ինչն արձանագրված է նաև նրա մեղադրանքի նկարագրության մեջ և ինչի հետ վերջինը համաձայնել է՝ միջնորդելով կիրառել արագացված դատական քննության կարգ), այսինքն՝ նախատեսել է կամ առնվազն պարտավոր էր նախատեսել իր գործողությունների արդյունքում հանրության համար վտանգավոր հետևանքների առաջացման հնարավորությունը, սակայն առանց բավարար հիմքերի հույս է ունեցել, որ դրանք չեն առաջանա կամ կկանխվեն:

(…) Սասուն Ղազարյանի նկատմամբ վերջնական պատիժ պետք է սահմանել ազատազրկում՝ 2 տարի 6 ամիս ժամկետով՝ զրկելով տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից՝ 2 տարի ժամկետով և տուգանք՝ 300.000 ՀՀ դրամի չափով, ինչն անհրաժեշտ և բավարար է պատժի նպատակների իրագործումն ապահովելու համար:

(…)

Տվյալ դեպքում, հաշվի առնելով Սասուն Ղազարյանի կատարած արարքների բնույթն ու հանրային վտանգավորության աստիճանը, նրա անձը բնութագրող տվյալները, պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանքի առկայությունը, ինչպես նաև պատժի` սոցիալական արդարության վերականգնման և պատժի ենթարկված անձի ուղղվելու նպատակների իրացման հարցը՝ Դատարանը գտնում է, որ Սասուն Ղազարյանը պետք է կրի իր նկատմամբ նշանակված պատիժը, այն պայմանականորեն չկիրառելու հիմքերը բացակայում են և միայն ազատազրկման ձևով նշանակված պատիժը ռեալ կրելու պայմաններում է հնարավոր ապահովել պատժի նպատակները:

(…)

Դատարանն արձանագրում է նաև, որ նախնական դատական լսումների ընթացքում տուժողի իրավահաջորդ Անի Ստեփանյանի կողմից ներկայացվել է քաղաքացիական հայց, որով խնդրել է Սասուն Ղազարյանից հօգուտ իրեն բռնագանձել 2100000 ՀՀ դրամ՝ որպես Գոռ Գևորգյանի հուղարկավության հետ կապված ծախս։

Դատական քննության ընթացքում Սասուն Ղազարյանի կողմից Անի Ստեփանյանին է փոխանցվել 1500000 ՀՀ դրամ և մեղադրյալը հայտարարել է, որ քաղաքացիական հայցի մնացած մասը ևս ընդունում է ու պատրաստ է հետագայում այն վճարել, իսկ Անի Ստեփանյանը հայտարարել է, որ համապատասխան մասով նվազեցնում է իր հայցապահանջը։

Առկա պայմաններում, Դատարանը գտնում է, որ քաղաքացիական հայցը պետք է բավարարել և Սասուն Ղազարյանից հօգուտ Անի Ստեփանյանի բռնագանձել 600.000 ՀՀ դրամ (…)»2:

9. Վերաքննիչ դատարանն իր որոշմամբ արձանագրել է հետևյալը. «(…) ]նդրադառնալով հանցավոր ինքնավստահության բացակայության վերաբերյալ բողոքաբերի պնդմանը՝ Վերաքննիչ դատարանը հարկ է համարում փաստել, որ այն ոչ միայն հիմնազուրկ է, այլ նաև զուրկ է իրավական արժեքից, քանի որ ՍՂազարյանին մեղսագրվող արարքի՝ հանցավոր ինքնավստահությամբ դրսևորված լինելու հանգամանքը ներառված է հենց նրան ներկայացված մեղադրանքի փաստական նկարագրության մեջ, և տվյալ դեպքում կիրառվել է արագացված վարույթ։

Միևնույն ժամանակ, գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Առաջին ատյանի դատարան ներկայացված հայցադիմումով տուժող ԱՍտեփանյանը մեղադրյալ ՍՂազարյանի դեմ ներկայացրել է 2.100.000 ՀՀ դրամի պահանջ, որից 1500000 ՀՀ դրամը դատական քննության ընթացքում մեղադրյալը փոխանցել է տուժողին և հայտարարել, որ քաղաքացիական հայցի մնացած մասը ևս ընդունում է ու պատրաստ է հետագայում այն վճարել։ Իսկ տուժող ԱՍտեփանյանը հայտարարել է, որ համապատասխան մասով նվազեցնում է իր հայցապահանջը, որի արդյունքում էլ տուժողի կողմից ներկայացված քաղաքացիական հայցը՝ մեղադրյալ ՍՂազարյանից 600.000 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջով, Առաջին ատյանի դատարանը բավարարել է։

(…) Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ մեղադրյալ ՍՂազարյանի կատարած հանցանքի հանրային վտանգավորության աստիճանի, բնույթի, ճանապարհային երթևեկության կանոնների խախտման նկատմամբ նրա դրսևորած հոգեբանական վերաբերմունքի, հանցանքի կատարման կոնկրետ եղանակի, խախտված հասարակական հարաբերության կարևորության, տվյալ ոլորտներում պետության կողմից իրականացվող քրեական քաղաքականության, մեղադրյալի հետհանցավոր վարքագծի, նրա անձը բնութագրող տվյալների, պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքների և պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանքի առկայության փաստի համադրված վերլուծությունը հիմք չի տալիս հետևություն անելու առ այն, որ Առաջին ատյանի դատարանի կողմից մեղադրյալ ՍՂազարյանի նկատմամբ նշանակված պատիժը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 377-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով հանդիսանում է ակնհայտ խիստ լինելու հիմքով անարդարացի:

Նույն կերպ, վերը նշվածն իրական ու օբյեկտիվ հիմք չի տալիս նաև հանգելու այն հետևության, որ նշանակված պատիժը մեղադրյալ ՍՂազարյանի կողմից ռեալ (իրական) կրելու նպատակահարմարության, ինչպես նաև տուժողի՝ մեղադրյալից 600.000 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջով քաղաքացիական հայցը բավարարելու մասին Առաջին ատյանի դատարանի հետևությունները հիմնազուրկ ու այնպիսին են, որ կայացված դատական ակտը դարձրել են ոչ իրավաչափ:

Ինչ վերաբերում է 44-օրյա պատերազմին մեղադրյալի մասնակցության վերաբերյալ բողոքաբերի փաստարկին, ապա Վերաքննիչ դատարանը գտնում է, որ անկախ դրա իրական կամ ոչ իրական լինելու հանգամանքից, վերը շարադրվածի պայմաններում այն ինքնին չի կարող իրավաչափ հիմք հանդիսանալ հանգելու համար հետևության, որ տվյալ դեպքում պատժի նպատակների իրացվելիությունը հնարավոր է ապահովել մեղադրյալի նկատմամբ ստորադաս դատարանի կողմից նշանակվածից առավել մեղմ պատիժ նշանակելու կամ նրա կողմից առանց իրական պատիժ կրելու։

Վերաքննիչ դատարանը փաստում է, որ Առաջին ատյանի դատարանը համակցության մեջ պատշաճ ստուգման և գնահատման է ենթարկել ինչպես մեղադրյալի անձը բնութագրող տվյալները, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքները, այդպիսիք ծանրացնող հանգամանքի առկայության փաստը, այնպես էլ կատարած արարքի հանրության համար վտանգավորության աստիճանը, բնույթը, ճանապարհային երթևեկության կանոնների խախտման նկատմամբ նրա դրսևորած հոգեբանական վերաբերմունքը, հանցանքի կատարման կոնկրետ եղանակը, խախտված հասարակական հարաբերության կարևորությունն ու տվյալ ոլորտում պետության կողմից իրականացվող քրեական քաղաքականությունը, որի արդյունքում՝ արդարության և պատասխանատվության անհատականացման սկզբունքի երաշխավորման տեսանկյունից հիմնավորված ու իրավաչափ հետևության է հանգել մեղադրյալի նկատմամբ կոնկրետ պատժատեսակի և պատժաչափի ընտրության, ինչպես նաև նշանակված պատիժը նրա կողմից ռեալ կրելու միջոցով սույն գործով պատժի նպատակների իրացվելիությունն ապահովելու հարցում (…)»3:

 

Վճռաբեկ դատարանի հիմնավորումները և եզրահանգումը.

10. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ թեև սույն գործով բողոքաբերը, ըստ էության, բարձրացրել է Ս.Ղազարյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատժի արդարացիության և այն պայմանականորեն չկիրառելու հարցերը, այնուամենայնիվ, հաշվի առնելով, որ սույն վարույթով Վերաքննիչ դատարանի դատական ակտը հրապարակելուց հետո առերևույթ առաջացել է քրեական հետապնդումը բացառող հանգամանք, և ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 359-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ անհրաժեշտ է քննարկման առարկա դարձնել մեղադրյալ Ս.Ղազարյանի նկատմամբ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի 2-րդ մասով քրեական հետապնդումը` քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով, դադարեցնելու հարցը:

11Սույն վարույթով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված առաջին իրավական հարցը հետևյալն է. արդյո՞ք Ս.Ղազարյանի նկատմամբ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի 2-րդ մասով քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման` քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Քրեական հետապնդում չպետք է հարուցվի, իսկ հարուցված քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման, եթե`

(…)

12) անձը Հայաuտանի Հանրապետության քրեական oրենuգրքի ընդհանուր կամ հատուկ մասի դրույթների ուժով ենթակա է ազատման քրեական պատաuխանատվությունից (…)»:

ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 19-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Ոչ մեծ ծանրության հանցագործություններ են համարվում դիտավորությամբ կատարված այն արարքները, որոնց համար սույն օրենսգրքով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում երկու տարի ժամկետով ազատազրկումը (...)»։

ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի համաձայն4` «1. Անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե հանցանքն ավարտված համարելու օրվանից անցել են հետևյալ ժամկետները.

1) երկու տարի՝ ոչ մեծ ծանրության հանցանքն ավարտված համարելու օրվանից. (…)

2. Վաղեմության ժամկետը հաշվարկվում է հանցանքն ավարտված համարելու օրվանից մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելու պահը (…)»։

ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելը կամ այդ անձի կողմից սթափության վիճակի զննություն անցնելուց հրաժարվելը կամ խուսափելը`

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ վեց ամսից մեկ տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երկու տարի ժամկետով»։

12. Մեջբերված նորմերի վերլուծությունից հետևում է, որ օրենսդիրը վաղեմության ժամկետն անցնելը դիտում է որպես քրեական հետապնդումը բացառող հանգամանք` սահմանելով, որ քրեական հետապնդում չպետք է հարուցվի, իսկ հարուցված քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման, եթե անցել են վաղեմության ժամկետները։

13. Սույն վարույթի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանքը կատարվել է 2022 թվականի հունիսի 7-ին5: Վերոնշյալ արարքը կատարելու մեջ Ս.Ղազարյանի մեղավորությունը հաստատող մեղադրական դատավճիռը կայացվել է 2023 թվականի սեպտեմբերի 5-ին, որը բողոքարկվել է Վերաքննիչ դատարան, իսկ Վերաքննիչ դատարանը բողոքի քննության արդյունքում որոշում է կայացրել 2024 թվականի ապրիլի 22-ին6: Նշված որոշման դեմ պաշտպան Ա.Մխիթարյանի ներկայացրած վճռաբեկ բողոքը Վճռաբեկ դատարանի վարույթ է ընդունվել 2024 թվականի հոկտեմբերի 30-ին7:

14 Սույն որոշման նախորդ կետում մեջբերված փաստական տվյալների վերլուծությունից երևում է, որ Ս.Ղազարյանին մեղսագրվող՝ ոչ մեծ ծանրության հանցանք հանդիսացող արարքի համար, ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված քրեական պատասխանատվության ենթարկելու երկամյա ժամկետը լրանալու օրվա դրությամբ, վերջինիս նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտած չի եղել։ Հետևաբար, անհրաժեշտ է Ս.Ղազարյանի նկատմամբ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի 2-րդ մասով քրեական հետապնդումը դադարեցնել՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու պատճառաբանությամբ։

15. Ինչ վերաբերում է ՍՂազարյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատժի և այն պայմանականորեն չկիրառելու հիմքերի բացակայության վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունների՝ ոչ հիմնավոր լինելու մասին բողոքաբերի փաստարկներին, ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՍՂազարյանի նկատմամբ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով պատիժ նշանակելիս և այն պայմանականորեն չկիրառելու նպատակահարմարության հարցը որոշելիս, ստորադաս դատարանները, համադրված վերլուծության և իրենց ամբողջության մեջ պատշաճ գնահատման ենթարկելով սույն գործի փաստական հանգամանքները, այդ թվում նաև՝ մեղադրյալի անձը բնութագրող տվյալները, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքները, պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքը, կատարված հանցագործության բնույթն ու վտանգավորության աստիճանը, հանցագործության արդյունքում վրա հասած հետևանքը, նրա նկատմամբ նշանակել են համաչափ պատիժ և հանգել են հիմնավոր հետևության, որ սույն գործով հնարավոր է հասնել պատժի նպատակների իրագործմանը՝ 2 (երկու) տարի 6 (վեց) ամիս ժամկետով ազատազրկման ձևով պատիժ նշանակելու և այն ռեալ (իրական) կրելու միջոցով:

16. Անդրադառնալով բողոքաբերի՝ սույն որոշման 5.1-րդ կետում մեջբերված փաստարկներին, հաշվի առնելով սույն քրեական գործի՝ արագացված վարույթի կիրառմամբ քննության հանգամանքը և ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 464.5-րդ հոդվածով նախատեսված իրավակարգավորմամբ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքաբերը զրկված է այդ հիմքով ստորադաս դատարանների դատական ակտերը բողոքարկելու հնարավորությունից։

17. Ինչ վերաբերում է բողոքաբերի՝ սույն որոշման 5.2-րդ կետում մեջբերված փաստարկին՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ մեղադրյալ Ս.Ղազարյանից 600.000 (վեց հարյուր հազար) ՀՀ դրամ բռնագանձելու պահանջով գույքային հայցը վերջինիս կողմից ընդունելու պայմաններում8 ստորադաս դատարանները հանգել են ճիշտ հետևության՝ գույքային հայցը բավարարելու և Ս.Ղազարյանից հօգուտ Ա.Ստեփանյանի 600.000 (վեց հարյուր հազար) ՀՀ դրամ բռնագանձելու վերաբերյալ։

18. Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ անհրաժեշտ է Ս.Ղազարյանի վերաբերյալ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի 2-րդ մասով Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի սեպտեմբերի 5-ի դատավճիռը և այն անփոփոխ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի՝ 2024 թվականի ապրիլի 22-ի որոշումը բեկանել, Ս.Ղազարյանի նկատմամբ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի 2-րդ մասով քրեական հետապնդումը դադարեցնել՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու պատճառաբանությամբ։

Միևնույն ժամանակ, Ս.Ղազարյանին պետք է թողնել կրելու ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով նշանակված 2 (երկու) տարի 6 (վեց) ամիս ժամկետով ազատազրկումը և 2 (երկու) տարի ժամկետով տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկումը։

Ստորադաս դատարանների դատական ակտերը մնացած մասով անհրաժեշտ է թողնել անփոփոխ։

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ, 31-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ, 361-րդ, 363-րդ և 385-387-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Սասուն Նաիրիկի Ղազարյանի վերաբերյալ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով և 243.1-րդ հոդվածի 2-րդ մասով Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2023 թվականի սեպտեմբերի 5-ի դատավճիռը և այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2024 թվականի ապրիլի 22-ի որոշումը մասնակիորեն՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի 2-րդ մասով, բեկանել:

2. Սասուն Նաիրիկի Ղազարյանի նկատմամբ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի 2-րդ մասով քրեական հետապնդումը դադարեցնել՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով:

3. Սասուն Նաիրիկի Ղազարյանին թողնել կրելու 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով նշանակված 2 (երկու) տարի 6 (վեց) ամիս ժամկետով ազատազրկումը և 2 (երկու) տարի ժամկետով տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկումը։

4. Ստորադաս դատարանների դատական ակտերը մնացած մասով թողնել անփոփոխ։

Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը:

______________________

1 Տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթեր 251-253։

2 Տե՛ս քրեական գործ, հատոր 2, թերթեր 128-140:

3 Տե՛ս քրեական գործ, հատոր 3, թերթեր 102-119:

4 Անձի վիճակը վատթարացնող օրենքին հետադարձ ուժ չտալու օրենսդրական պահանջի համաձայն՝ Ս․Ղազարյանի նկատմամբ կիրառելի է հանցավոր արարքը կատարելու պահին գործող` 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված՝ վաղեմության ժամկետն անցնելու հետևանքով քրեական պատասխանատվությունից ազատելու իրավական կարգավորումը:

5 Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը:

6 Տե՛ս սույն որոշման 2-րդ և 3-րդ կետերը:

7 Տե՛ս սույն որոշման 4-րդ կետը:

8 Տե՛ս ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 158-րդ հոդվածի 2-րդ մասը և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 61-րդ հոդվածի 5-րդ մասը։

 

Նախագահող`

Հ. Ասատրյան

Դատավորներ`

Ս. Ավետիսյան

Հ. Գրիգորյան

Լ. Թադևոսյան

Ա. ՊՈՂՈՍՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 13 մայիսի 2025 թվական: