Գլխավոր տեղեկություն
Համար
N 222
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
ՀՀԿՈ 1993/5, մայիս 1993
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
12.05.1993
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

  

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

12 մայիսի 1993 թ. N 222

Քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ (ՕՀՊՀ) ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր օգտակար հանածոների պաշարների հանձնաժողովի (ՕՀՊՀ) ժամանակավոր կանոնադրությունը (կցվում է):

2. Ստեղծել ՕՀՊՀ-ի 3 հոգուց բաղկացած աշխատակազմ և սահմանել ՕՀՊՀ-ի պահպանման ծախսերը` 1043,8 հազ. ռուբլի, այդ թվում աշխատողների աշխատանքի վարձատրության 1993 թ. ֆոնդը` 362,4 հազ. ռուբլի:

ՕՀՊՀ-ի պահպանման ծախսերը կատարել հանրապետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության ընդերքի պետական վարչությանը`

ա) նախկին «Հայգունմետ» երկրաբանահետախուզական տրեստի ազատած տարածությունից (Կոմիտասի պողոտա, N 49) ՕՀՊՀ-ին հատկացնել երկու աշխատասենյակ.

բ) մեկամսյա ժամկետում առաջարկություններ ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարություն` վարչության կանոնադրության մեջ սույն որոշումից բխող համապատասխան փոփոխություններ կատարելու մասին:

4. Հայաստանի Հանրապետության նախարարություններին, պետական վարչություններին, հիմնարկներին, ձեռնարկություններին (անկախ սեփականության ձևից)` սույն որոշումից բխող համապատասխան փոփոխություններ կատարել իրենց կանոնադրությունների մեջ:

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության

վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության

կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ

ԿԱՌԱՎԱՐիչ

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ է
ՀՀ կառավարության 1993 թվականի
մայիսի 12-ի  N 222 որոշմամբ

 

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ (ՕՀՊՀ)

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր օգտակար հանածոների պաշարների հանձնաժողովը (այսուհետև` ՕՀՊՀ) կոչված է պաշտպանելու պետության շահերը ընդերքի երկրաբանական ուսումնասիրման, պահպանման և ռացիոնալ օգտագործման բնագավառներում:

2. ՕՀՊՀ-ը մասնակցում է հանրապետության էկոնոմիկայի հաշվեկշռված զարգացմանը նպաստող երկրաբանահետախուզական աշխատանքների առաջնային ուղղությունների հիմնավորման և հանքահումքային բազայի  օպտիմալ օգտագործման ծրագրերի մշակմանը:

 

II. ՕՀՊՀ-ի հիմնական խնդիրները և ֆունկցիաները

 

3. ՕՀՊՀ-ի հիմնական խնդիրներն են`

ա) երկրաբանահետախուզական աշխատանքների բոլոր փուլերում օգտակար հանածոների հանքավայրերի արդյունաբերական գնահատման նյութերի քննարկումը և լավորակության (կոնդիցիաների) գնահատանքային, ժամանակավոր ու մշտական չափագծերի (պարամետրերի) հաստատումը.

բ) հանքավայրերի մանրազնին և շահագործական հետախուզման արդյունքներով ընդերքում օգտակար հանածոների պաշարների հաշվարկման նյութերի քննարկումը և այդ պաշարների հաստատումը.

գ) արդյունաբերական նշանակությունը կորցրած օգտակար հանածոների հանքավայրերի պաշարների դուրսգրումը.

դ) հանրապետության հանքահումքային բազայի վերաբերյալ տվյալների տեղեկատվական (ինֆորմացիոն) բանկի ստեղծման, մշտական համալրման և ճշգրտման ուղղությամբ աշխատանքների իրականացումը.

ե) օգտակար հանածոների հանքավայրերի պաշարների դասակարգման, տարբեր հանքատեսակների նկատմամբ այդ դասակարգման կիրառման հրահանգների մշակման աշխատանքների կոորդինացումը և նշված հրահանգների հաստատումը.

զ) օգտակար հանածոների հանքավայրերի արդյունաբերական գնահատման մեթոդական ու հրահանգչական փաստաթղթերի մշակման աշխատանքների կոորդինացումը և դրանց հաստատումը.

է) ընդերքի մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության կիրառման փորձի ընդհանրացումը և այդ օրենսդրության կատարելագործման վերաբերյալ առաջարկությունների մշակումը:

4. Իր վրա դրված խնդիրների կատարման համար ՕՀՊՀ-ն իրավունք ունի`

ա) իր կողմից իրականացվող փորձաքննություններին ներգրավելու բարձր որակավորում ունեցող մասնագետների (փորձագետների).

բ) երկրաբանահետախուզական աշխատանքներ կատարող իրավաբանական ու ֆիզիկական անձանցից պահանջելու ՕՀՊՀ-ի հետ նախօրոք համաձայնեցված` օգտակար հանածոների հանքավայրերի պաշարների հաշվարկման և արդյունաբերական գնահատման նյութերի ներկայացման տարեկան ժամկետացանկը (գրաֆիկը).

գ) հանքավայրերի պաշարների հաշվարկման և արդյունաբերական գնահատման նյութերի անլիարժեքության և անորակության դեպքում դրանք վերադարձնելու լրամշակման` տալով լրացուցիչ աշխատանքների կատարման և նշված թերությունների վերացման վերաբերյալ հանձնարարականներ.

դ) հանքավայրերի արդյունաբերական գնահատման նյութերի քննարկման արդյունքներով տնտեսական աննպատակահարմարության կամ այլ հիմնավոր նկատառումներով պահանջելու այդ օբյեկտներում դադարեցնել հետագա երկրաբանահետախուզական աշխատանքները:

 

III. ՕՀՊՀ-ի աշխատանքի կազմակերպումը

 

5. ՕՀՊՀ-ի աշխատանքները ղեկավարում է հանձնաժողովի նախագահը:

ՕՀՊՀ-ի նախագահը, նրա տեղակալը և հանձնաժողովի անհատական կազմը հաստատվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:

6. ՕՀՊՀ-ի նախագահը պատասխանատվություն է կրում հանձնաժողովի վրա դրված խնդիրների ու ֆունկցիաների կատարման համար, սահմանում է իր տեղակալի և հանձնաժողովի անդամների պարտականությունները և պատասխանատվության աստիճանը:

7. ՕՀՊՀ-ն իր պարբերաբար անցկացվող նիստերում, շահագրգիռ նախարարությունների, պետական վարչությունների և գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ, քննարկում է իր իրավասությանը վերաբերող հարցերն ու խնդիրները և ընդունում որոշումներ:

8. ՕՀՊՀ-ի նիստը իրավազոր է, եթե մասնակցում է հանձնաժողովի անդամների  ընդհանուր թվի առնվազն 2/3-ը:

9. ՕՀՊՀ-ի նիստերում որոշումներն ընդունվում են նիստին մասնակցած անդամների ձայների պարզ մեծամասնությամբ:

10. Եթե ՕՀՊՀ-ի առանձին անդամներ համաձայն չեն ընդունված որոշմանը, ապա նրանց հատուկ կարծիքները նշվում են նիստի արձանագրությունում: Եթե ՕՀՊՀ-ի անդամների ընդհանուր թվից առնվազն 1/3-ն ունի հատուկ կարծիք, ապա ընդունված որոշումը կարող է գանգատարկվել Հայաստանի Հանրապետության կառավարություն:

11. ՕՀՊՀ-ի` իր իրավասության սահմաններում ընդունած որոշումները պարտադիր են կատարման Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում երկրաբանահետախուզական և հանքարդյունահանման աշխատանքներ կատարող ձեռնարկությունների, հիմնարկությունների և կազմակերպությունների համար:

12. ՕՀՊՀ-ն իրավաբանական անձ է, ունի Հայաստանի Հանրապետության պետական զինանշանի պատկերով և իր անվամբ կնիք:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան