Գլխավոր տեղեկություն
Համար
ԲԴԽ-19-Ո-Կ-2
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (17.04.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.05.12-2025.05.25 Պաշտոնական հրապարակման օրը 15.05.2025
Ընդունող մարմին
Բարձրագույն դատական խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
17.04.2025
Ստորագրող մարմին
Բարձրագույն դատական խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
17.04.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.04.2025

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

ԲԴԽ-19-Ո-Կ-2

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ԱՇՈՏ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ`

ՀԵՏԵՎՅԱԼ ԿԱԶՄՈՎ՝

 

 

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ

Ա. Աթաբեկյանի

մասնակցությամբ՝

անդամներ


 

 

Ա. Դանիելյանի

Կ. Թումանյանի

Ե. Թումանյանցի

Մ. ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ

Էդ. Հովհաննիսյանի

Ք. ՄԿՈՅԱՆԻ

ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և

կարգապահական հարցերի հանձնաժողովի նախագահ

Հ. ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԻ

ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և

կարգապահական հարցերի հանձնաժողովի անդամ

Է. ԳՅՈՒՐՋՅԱՆԻ

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր

իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր

Ա. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության

քաղաքացիական դատարանի դատավորի ներկայացուցիչ

Կ. ՀԱԿՈԲՅԱՆԻ

քարտուղարությամբ՝

Շ. ՄԵՍՐՈՊՅԱՆԻ

 

2025 թվականի ապրիլի 17-ին

 ք. Երևան

 

դռնբաց նիստում, քննության առնելով ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի (այսուհետ նաև՝ Հանձնաժողով)՝ «Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությամբ Բարձրագույն դատական խորհրդին դիմելու մասին» 2025 թվականի փետրվարի 11-ի թիվ N-Կ-8/2024 որոշումը և կից ներկայացված փաստաթղթերը.

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1 Գործի նախապատմությունը

Կարգապահական վարույթ հարուցելու առիթ է հանդիսացել ՀՀ ԱՆ «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն Սերգեյ Խաչատրյանի (այսուհետ նաև՝ Հաղորդում ներկայացրած անձ) կողմից 05082024 թվականին ներկայացված հաղորդումը՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի (այսուհետ նաև՝ Դատարան) դատավոր Աշոտ Հովհաննիսյանի (այսուհետ նաև՝ Դատավոր) նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու մասին։

Հանձնաժողովի 02122024 թվականի N-Կ-8/2024 որոշմամբ Դատավորի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ, իսկ 13012025 թվականի N-Կ-8/2024 որոշմամբ հարուցված կարգապահական վարույթի ժամկետը երկարաձգվել է։

Հանձնաժողովը 11022025 թվականի թիվ N-Կ-8/2024 որոշմամբ միջնորդություն է ներկայացրել Բարձրագույն դատական խորհուրդ (այսուհետ նաև՝ Խորհուրդ)՝ Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ:

Խորհրդի 07.03.2025 թվականի որոշմամբ նշանակվել է դատական նիստ:

Խորհրդի 07.04.2025 թվականի որոշմամբ դատական նիստի մի մասն անցկացվել է դռնփակության ռեժիմով:

07.04.2025 թվականին կայացած նիստում գործի քննությունն ավարտվել է, իսկ 17.04.2025 թվականին նշանակվել է դատական ակտի հրապարակման օր:

 

2 Վարույթ հարուցած մարմնի դիրքորոշումը

Վարույթ հարուցած մարմինը, վկայակոչելով Սահմանադրության 25-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը, 27-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը, 61-րդ հոդվածի 1-ին մասը, 63-րդ հոդվածի 1-ին մասը, 75-րդ հոդվածը, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ նաև՝ Կոնվենցիա) 5-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետը, 6-րդ հոդվածի 1-ին մասը, 13-րդ հոդվածը, Միավորված ազգերի կազմակերպության «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիայի 17-րդ հոդվածը, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև՝ Օրենսգիրք) 2-րդ հոդվածը, 8-րդ հոդվածի 1-ին մասը, 20-րդ հոդվածի 1-ին մասը, 21-րդ հոդվածի 1-ին մասը, 23-րդ հոդվածի 1-ին մասը, 66-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերը, 67-րդ հոդվածի 1-ին մասը, 70-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերը, Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 1-ին հոդվածի 1-ին մասը, 121-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերը, 2-րդ մասի 2-րդ կետը, 122-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, 124-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերը, 125-րդ հոդվածի 1-ին մասը, 127-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը, 235-րդ հոդվածի 1-ին մասը, 236-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը, 267-րդ հոդվածի 1-ին մասը, 270-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերը, 270.1-րդ հոդվածը, «Հոգեբուժական օգնության և սպասարկման մասին» օրենքի 24-րդ հոդվածի 1-5-րդ մասերը, ինչպես նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ նաև՝ Եվրոպական դատարան) մի շարք դատական ակտերով (տե՛ս Վարբանովն ընդդեմ Բուլղարիայի թիվ 31365/96 գործով 05.10.2000 թվականի վճիռը, կետ 45, Լուբերտին ընդդեմ Իտալիայի թիվ 9019/80 գործով 23.02.1984 թվականի վճիռը, կետ 28, R.L. and M.-J.D. ընդդեմ Ֆրանսիայի թիվ 44568/98 գործով 19.05.2004 թվականի վճիռը, կետ 128, М.Տ. ընդդեմ Խորվաթիայի թիվ 75450/12 գործով 19.02.2015 թվականի վճիռը, կետ 114, X. ընդդեմ Ֆինլանդիայի թիվ 34806/04 գործով 03.07.2012 թվականի վճիռը, կետը 148, Թ.Ա-ն ընդդեմ Հայաստանի թիվ 2648/22 գործով 06.02.2024 թվականի վճիռը, կետ 21, «Պայքար և Հաղթանակ ՍՊԸ-ն» ընդդեմ Հայաստանի թիվ 21638/03 գանգատով 02.06.2007 թվականի վճիռը, կետ 44), Սահմանադրական դատարանի 28.11.2007 թվականի թիվ ՍԴՈ-719, 10.03.2016 թվականի թիվ ՍԴՈ-1257, Վճռաբեկ դատարանի 03.08.2016 թվականի թիվ ԵՄԴ/3384/02/15 քաղաքացիական գործով, 17.09.2018 թվականի թիվ ԱՐԴ/4208/02/16 քաղաքացիական գործով կայացրած որոշումներով արտահայտած դիրքորոշումները, նշել է, որ վերոգրյալ իրավակարգավորումների և դրանց վերաբերյալ արտահայտված դիրքորոշումների համակարգային վերլուծությունից հետևում է, որ պետությունը Սահմանադրության 3-րդ հոդվածով ստանձնած պարտավորությունների շրջանակներում պարտականություն է կրում ապահովել նաև անձի ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության, անձնական ազատության սահմանադրական իրավունքների արդյունավետ իրացումը, ինչպես նաև՝ զերծ մնալ դրանց խախտումներից, իսկ այդ իրավունքների խախտման դեպքում ապահովել իրավական պաշտպանության արդյունավետ միջոցներ։

Հանձնաժողովը միևնույն ժամանակ նշել է որ, ինչպես Սահմանադրությամբ, այնպես էլ վավերացված միջազգային պայմանագրերով երաշխավորված է անձի դատական պաշտպանության իրավունքը, որի ապահովման համար ստեղծվել են համապատասխան դատական մարմիններ, որոնց թվին են դասվում նաև առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանները. Հայաստանի Հանրապետությունում գործում է 11 առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը և մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության 9 դատարան։

Քաղաքացիադատավարական օրենսդրությունը հայցային վարույթի կարգով քննվող գործերից զատ նախատեսել է դատավարության այդ տեսակի շրջանակներում քննվող որոշակի խումբ գործեր (հատուկ վարույթի կարգով քննվող գործեր), որոնք գործի քննության ընդհանուր կանոններից բացի քննվում են առանձնահատուկ ընթացակարգային կանոններով։ Ելնելով անձի ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության, անձնական ազատության հիմնարար իրավունքների սահմանափակման սահմանադրական երաշխիքների ապահովման հրամայականից՝ օրենսդիրը Քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված հատուկ վարույթի կարգով քննվող գործերի շարքին է դասել նաև անձին հոգեբուժական կազմակերպություն ոչ հոժարակամ հոսպիտալացման ենթարկելու վերաբերյալ գործերը՝ դրանք կանոնակարգելով նշված օրենսգրքի 35-րդ գլխի 266-270.2-րդ հոդվածներով։ Թեև, որպես հատուկ վարույթի կարգով քննվող գործ, այստեղ բացակայում է կողմերի միջև նյութաիրավական վեճը, սակայն, նշված վարույթն անմիջականորեն ուղղված է դիմումի քննության ելքով շահագրգռված հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց սահմանադրական հիմնարար իրավունքների երաշխավորմանն ու դրանց ոչ իրավաչափ սահմանափակումների կանխմանը։ Ըստ այդմ, քաղաքացին հոգեբուժական կազմակերպություն ոչ հոժարակամ հոսպիտալացման կարող է ենթարկվել դատական կարգով՝ այն հոգեբուժական կազմակերպության գործադիր մարմնի դիմումով, որտեղ քաղաքացին գտնվում կամ բուժվում է։ Խոցելի խմբի ներկայացուցիչների անձնական ազատության սահմանափակման հանգեցնող հատուկ վարույթի գործով օրենսդիրը նախատեսել է ինչպես դիմումին, այդ թվում՝ այն ներկայացնելու ժամկետներին վերաբերող առանձին պահանջներ, այնպես էլ գործը վարույթ ընդունելու և քննելու առնչությամբ առանձնահատուկ կարգավորումներ, մասնավորապես՝ սահմանելով գործը վարույթ ընդունելու հարցը լուծելու մեկօրյա, իսկ դիմումի քննության համար դատական նիստ նշանակելու հնգօրյա ժամկետ՝ դիմումը վարույթ ընդունելու օրվանից, դիմումի քննությանը հոգեբուժական կազմակերպության ներկայացուցչի, ոչ հոժարակամ հոսպիտալացման ենթակա անձի և նրա ներկայացուցչի պարտադիր մասնակցության կանոններ։ Դիմումի քննության արդյունքներով այն բավարարվելու դեպքում քաղաքացին կարող է հոգեբուժական կազմակերպություն ոչ հոժարակամ հոսպիտալացվել առավելագույնը վեց ամիս ժամկետով։

Միևնույն ժամանակ, կանխատեսելով դատարանի վճռով սահմանված ժամկետից շուտ ապաքինվելու հնարավորությունը, օրենսդիրը նախատեսել է քաղաքացուն հոգեբուժական կազմակերպություն ոչ հոժարակամ հոսպիտալացման ենթարկելու վերաբերյալ դատարանի վճիռը վերացնելու ընթացակարգ։ Մասնավորապես, օրենսդիրը հոգեբուժական կազմակերպության գործադիր մարմնի համար ուղղակի պարտականություն է նախատեսել հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի մոտ մինչև վեցամսյա ժամկետի լրանալը ոչ հոժարակամ բուժման օրենքով սահմանված հիմքերը վերանալու դեպքում դիմել դատարան՝ անձին հոգեբուժական կազմակերպություն ոչ հոժարակամ հոսպիտալացման ենթարկելու վերաբերյալ դատարանի վճիռը վերացնելու պահանջով։ Այլ կերպ ասած, դատարանի վճռով սահմանված կամ առավելագույնը վեց ամիս ժամկետից շուտ հոգեբուժական կազմակերպություն ոչ հոժարակամ հոսպիտալացման ենթարկված անձի ապաքինման, այսինքն՝ ոչ հոժարակամ բուժման օրենքով սահմանված հիմքերը վերանալու հարցը ենթակա է քննարկման միայն դատական կարգով։ Այս մեկնաբանությունն ուղղակիորեն բխում է Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 270.1 հոդվածի 1-ին մասի և «Հոգեբուժական օգնության և սպասարկման մասին» օրենքի 24-րդ հոդվածի կարգավորումներից, մասնավորապես՝ այս հոդվածների մեկնաբանությունից ակնհայտ է, որ քաղաքացուն հոգեբուժական հիվանդանոցային ոչ հոժարակամ բուժման ենթարկելու վերաբերյալ դատարանի վճռով սահմանված ժամկետից շուտ անձի ապաքինվելն այն նախապայմանն է, որի ուժով ծագում է հոգեբուժարանի պարտականությունը սույն հոդվածով սահմանված կարգով դիմելու դատարան՝ քաղաքացուն հոգեբուժական կազմակերպություն ոչ հոժարակամ հոսպիտալացման ենթարկելու վերաբերյալ վճիռը վերացնելու մասին։ Այս մասին առկա է նաև օրինական ուժի մեջ մտած վճռով հաստատված հետևյալ մեկնաբանությունը, համաձայն որի՝ «կիրառելի նորմերի բովանդակությունից հետևում է, որ անձին ոչ հոժարակամ հոսպիտալացման ենթարկելու վերաբերյալ դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռի առկայության, ոչ հոժարակամ հոսպիտալացման համար օրենքով սահմանված առավելագույն ժամկետը լրացած չլինելու և անձի (ում նկատմամբ նշանակվել է ոչ հոժարակամ հոսպիտալացում) մոտ ոչ հոժարակամ հոսպիտալացման համար օրենքով սահմանված հիմքերը վերանալու դեպքում, օրենսդիրը հոգեբուժական կազմակերպության գործադիր մարմնի համար սահմանել է ոչ հոժարակամ հոսպիտալացման ենթարկելու վերաբերյալ դատարանի վճիռը վերացնելու պահանջով վճիռ կայացրած դատարանին դիմելու պարտավորություն» (տե´ս, Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի թիվ ՍԴ/1534/02/23 գործով 22.06.2023 թվականի վճիռը)։

Ընդ որում, դատական պրակտիկայի ուսումնասիրությունը ևս վկայում է, որ բոլոր դեպքերում ապաքինման փաստի ուժով քաղաքացին հոգեբուժական հաստատությունից սահմանված ժամկետից ավելի վաղ ազատ է արձակվում՝ բացառապես Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 270.1 հոդվածի 1-ին մասի հիմքով ներկայացված դիմումը դատարանի կողմից վճռով բավարարվելու արդյունքում։ Սա նշանակում է նաև, որ հոգեբուժական հաստատությունը չի կարող առանց դատական վերահսկողության և դատարանի վճռի՝ զուտ քաղաքացու ապաքինման ուժով դադարեցնել հարկադիր բուժումը՝ հաշվի առնելով ոչ միայն վերը շարադրված կարգավորումներից բխող՝ այդ փաստը միայն դիմումի քննության արդյունքում դատական կարգով հաստատվելու հիմքով, այլ նաև՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Դատարանը դրա հիման վրա պետք է գնահատի նաև քաղաքացուն ոչ հոժարակամ հոսպիտալացնելու օրենքով սահմանված մյուս պայմանի առկայությունը՝ քաղաքացու հանրային վտանգավորության աստիճանը և այլ ուշադրության արժանի հանգամանքներ։

Դրանից բացի, քաղաքացիադատավարական օրենսդրությունը նախատեսել է նաև տարածքային ընդդատության կանոններ՝ սահմանելով, որ քաղաքացուն հոգեբուժական կազմակերպություն ոչ հոժարակամ հոսպիտալացման ենթարկելու վերաբերյալ գործն ընդդատյա է հոգեբուժական կազմակերպության գտնվելու վայրի առաջին ատյանի դատարանին, իսկ քաղաքացուն հոգեբուժական կազմակերպություն ոչ հոժարակամ հոսպիտալացման ենթարկելու վերաբերյալ վճիռը վերացնելու մասին դիմումը պետք է ներկայացվի այն դատարան, որը նախկինում վճիռ է կայացրել քաղաքացուն հոգեբուժական հիվանդանոցային ոչ հոժարակամ բուժման ենթարկելու վերաբերյալ։ Ավելին, Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 270.1-րդ հոդվածի բովանդակությունից հետևում է, որ քաղաքացուն հոգեբուժական կազմակերպություն ոչ հոժարակամ հոսպիտալացման ենթարկելու վերաբերյալ վճիռը վերացնելու մասին դիմումը պետք է ներկայացնի այն բժշկական կազմակերպությունը, որտեղ բուժվում է տվյալ քաղաքացին՝ կցելով հոգեբուժական հանձնաժողովի եզրակացությունը։ Նշված դիմումին ներկայացվող այլ հատուկ պահանջներ օրենսդիրը չի նախատեսել։

Ընդ որում, օրենսդիրը քաղաքացուն ոչ հոժարակամ հոսպիտալացնելու և հետագայում այդպիսի դիմումը բավարարելու մասին վճիռը վերացնելու մասին դիմումների քննության ընդդատության հարցում որդեգրել է հետևյալ մոտեցումները, մասնավորապես՝ առաջինի դեպքում դիմումը ներկայացվում է բժշկական հաստատության գտնվելու վայրի դատարան, երկրորդի դեպքում՝ այն դատարան, որի կայացրած վճռով դիմումը բավարարվել է։ Հիմնականում այս դատարանները նույնանում են, սակայն չի բացառվում, որ հոգեբուժական հաստատությունն իր գտնվելու վայրը փոփոխի, ուստի հետագայում, այնուամենայնիվ, հարկ է լինելու վճռի վերացման դիմումը ներկայացնել ոչ թե այդ հաստատության այդ պահին գտնվելու վայրի դատարան, այլ այն դատարան, որը, գտնվելով այդ հաստատության նախկին գտնվելու վայրում, կայացրել է ոչ հոժարակամ հոսպիտալացնելու և հետագայում այդպիսի դիմումը բավարարելու մասին վճիռը։ Եվ հենց այս իմաստով է օրենսդիրը սահմանել վճռի վերացման վերաբերյալ ընդդատության այլ կանոն, քան նախատեսված է եղել ոչ հոժարակամ հոսպիտալացնելու և հետագայում այդպիսի դիմումի քննության համար՝ անկախ այն հանգամանքից, որ դատարանները՝ կախված հոգեբուժական հաստատության գտնվելու վայրի փոփոխության հանգամանքից և վճիռ կայացրած դատարանից, բացառիկ դեպքերում կարող են տարբերվել։

Վերոգրյալի հիման վրա Հանձնաժողովն ընդգծել է, որ վերը շարադրված կանոնները և դրանց մեկնաբանությունները վերաբերում են դիմումների քննության ընդդատության կանոններին, ուստի դրանք որևէ ողջամիտ մեկնաբանությամբ չեն կարող վերաբերել միևնույն դատարանի դատավորներին՝ որպես առանձին դատարանների, և Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 270.1 հոդվածի 3-րդ մասի մեկնաբանությունից որևէ կերպ չի կարող բխել, որ խոսքը ոչ թե դատարանի, այլ՝ կոնկրետ դատավորի մասին է։

Միաժամանակ Հանձնաժողովն ընդունել է, որ դատավորն արդարադատություն իրականացնում է որպես դատարան, սակայն դատարանն արդարադատություն իրականացնում է ոչ թե դատավորի, այլ՝ այդ դատարանի դատավորների միջոցով, հետևաբար եթե խոսքն ընդդատության կանոնի մասին է, այսինքն՝ դիմումը քննող դատարանի մասին է, ապա որպես պատշաճ դատարան կարող է հանդես գալ այդ դատարանի ցանկացած դատավոր, այլ ոչ թե՝ կոնկրետ դատավորը, քանի դեռ դատավարական նորմերով այլ բան սահմանված չէ։

Վկայակոչելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ և 4-րդ մասերը՝ Հանձնաժողովը նշել է, որ նշված նորմերը կիրառելով Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 267-րդ հոդվածի և 270.1 հոդվածի մասի ընդդատության վերաբերյալ կանոնների նկատմամբ՝ ակնհայտ է, որ թեև օրենսդիրն օգտագործում է տարբեր բառեր ու արտահայտություններ, սակայն դրանք արտահայտում են միևնույն միտքը, իսկ վերը նշված հոդվածի 2-րդ մասը վերաբերում է այն դեպքերին, երբ միևնույն միտքն արտահայտելիս օրենքում կիրառվում են միևնույն բառերը, տերմինները կամ բառակապակցությունները։ Սա նշանակում է, որ նշված հոդվածի 1-ին մասը վերաբերում է այն դեպքերին, երբ արդեն իսկ օրենքում կիրառվել են նույն բառերը, տերմինները կամ բառակապակցությունները, որպիսի իրավիճակ քննարկվող դեպքում առկա չէ։ Ավելին՝ նույն հոդվածի 4-րդ մասը չի բացառում միևնույն բառերը, տերմինները կամ բառակապակցությունները տարբեր իմաստներով կրկնվելու հնարավորությունը։

Ընդ որում, սահմանադրական օրենքի և դատավարությունը կարգավորող օրենսդրական ակտերի իրավանորմերի բովանդակությունից ակնհայտ է, որ արդարադատություն իրականացվում է դատարանների կողմից, իսկ դատավորն արդարադատության գործառույթ իրականացնելիս հանդես է գալիս որպես դատարան։ Նշվածից բխում է, որ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 270.1-րդ հոդվածով նախատեսված «քաղաքացուն հոգեբուժական հիվանդանոցային ոչ հոժարակամ բուժման ենթարկելու վերաբերյալ նախկինում վճիռ կայացրած դատարան» եզրույթը համապատասխանում է Օրենսգրքի 2-րդ և 23-րդ հոդվածների իրավակարգավորումներով նախատեսված «դատարան» եզրույթի բովանդակությանը, այն է՝ Հայաստանի Հանրապետությունում արդարադատության իրականացնող առաջին ատյանի ընդհանուր իրավասության, վերաքննիչ և վճռաբեկ դատարաններին, այլ ոչ թե քաղաքացիական գործի քննություն իրականացնող դատավորին։

Հանձնաժողովը հարկ է համարել նշել, որ օրենսդիրը Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 2701-րդ հոդվածով նախատեսված հատուկ վարույթի շրջանակներում քաղաքացուն հոգեբուժական կազմակերպություն ոչ հոժարակամ հոսպիտալացման ենթարկելու վերաբերյալ վճիռը վերացնելու դիմումը վարույթ ընդունելու, վերադարձնելու կամ վարույթ ընդունումը մերժելու առանձին կարգավորումներ չի նախատեսել, որպիսի պայմաններում այդ դատավարական հարաբերությունների նկատմամբ ընթացակարգային առումով կիրառելի են նաև ընդհանուր կանոններ նախատեսող Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 125-րդ, 126-րդ և 127-րդ հոդվածների կարգավորումները։ Այս առնչությամբ, հայցադիմումը (դիմումը) վերադարձնելու և դրա ընդունումը մերժելու դեպքերն սպառիչ թվարկված են քաղաքացիադատավարական օրենսդրությամբ և միայն օրենքով նախատեսված այս կամ այն հիմքի առկայությունը կարող է դատարանի կողմից հայցադիմումը (դիմումը) վերադարձնելու կամ դրա ընդունումը մերժելու հիմք հանդիսանալ, իսկ այդպիսի հիմքերի բացակայությունն ուղղակիորեն պարտավորեցնում է առաջին ատյանի դատարանին վարույթ ընդունել ներկայացված հայցադիմումը (դիմումը)։

Հանձնաժողովը նշել է, որ այս տեսանկյունից, հաշվի առնելով, որ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 1-ին հոդվածի ուժով նշված օրենսգիրքը սահմանում է նաև մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում և Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանում քաղաքացիական գործերով դատավարության իրականացման կարգը, ելնելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 2-րդ և 6-րդ հոդվածների կարգավորումներից, ինչպես նաև Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 121-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված հայցադիմումին ներկայացվող ձևական պահանջից առ այն, որ դրանում պետք է պարտադիր նշվի դատարանի անվանումը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 41-րդ հոդվածով սահմանված կարգով մեկնաբանելով Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 267-րդ հոդվածի 1-ին մասի և 270.1-րդ հոդվածի 3-րդ մասի դրույթները, հարկ է համարել նշել, որ օրենսդիրը, նշված հատուկ վարույթի կարգով քննվող դիմումների ներկայացման համար պարտադիր է համարել բացառապես դատարանի անվանումը նշելու պահանջը, որը որևէ կերպ չի կարող նույնացվել դատավորի անուն-ազգանունը նշելու պահանջի հետ։

Հանձնաժողովը հարկ է համարել անդրադառնալ նաև Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 127-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի կիրառելիության հարցին՝ ընդգծելով, որ այս հոդվածի համապատասխան նորմի պահանջը վերաբերում է ոչ թե իրավակիրառողի ընտրությամբ որոշված ցանկացած ձևի ու բովանդակության պահանջներին, այլ՝ կոնկրետ սույն օրենսգրքով հայցադիմումի ձևին, բովանդակությանը և կից փաստաթղթերին ներկայացվող պահանջներին, իսկ այդպիսի պահանջներ սահմանված են բացառապես սույն օրենսգրքի 121-րդ և 122-րդ հոդվածներով։ Ըստ էության հայցադիմումի (դիմումի) ձևի և բովանդակության կապակցությամբ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 121-րդ և 122-րդ հոդվածները, իսկ հատուկ վարույթի կարգով քննվող առանձին գործերով նաև համապատասխան հոդվածները (տվյալ դեպքում՝ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 268-րդ հոդվածը) հստակ սահմանում են հայցադիմումի «ձև» և «բովանդակություն» պահանջների շրջանակը։

Հետևաբար, եթե կիրառվում է Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 127-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը, ապա պետք է թույլ տրված խախտումը նախատեսված լինի Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 121-րդ և (կամ) 122-րդ հոդվածներով, և եթե այս հոդվածների պահանջների խախտում թույլ չի տրվել, ապա հայցադիմումը ենթակա չէ վերադարձման հայցադիմումի ձևին, բովանդակությանը և կից փաստաթղթերին ներկայացվող պահանջների խախտման հիմքով։

Այսպիսով, Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 35-րդ գլխով նախատեսված հատուկ վարույթի կարգով քննող գործի շրջանակներում ներկայացված դիմումը վարույթ ընդունելու փուլում դատարանը պարտավոր է գնահատման առարկա դարձնել այն հարցերը, թե արդյո՞ք դիմումը ներկայացվել է Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 121-րդ, 122-րդ և 270.1-րդ հոդվածների պահանջների պահպանմամբ, արդյո՞ք առկա է նույն օրենսգրքի 126-րդ, 127-րդ և 270.1-րդ հոդվածներով նախատեսված որևէ հիմք (հիմքեր)։ Հատկանշական է, որ առաջին ատյանի դատարանը որևէ հայեցողություն չունի օրենքին համապատասխանող դիմումին ընթացք տալու կամ չտալու հարցում, այսինքն՝ ցանկացած դեպքում, երբ դատարան է ներկայացվել հայցադիմումի ձևին և բովանդակությանը բավարարող հայց (դիմում), դատարանը պարտավոր է այն ընդունել վարույթ և ըստ էության քննել՝ առանց որևէ բացառության։

Վերոգրյալ իրավական նորմերի և նշված փաստերի համակարգային վերլուծության արդյունքում Հանձնաժողովը, անդրադառնալով կարգապահական վարույթի համար էական նշանակություն ունեցող հանգամանքներին, փաստել է, որ թիվ ԵԴ2/2506/02/24 քաղաքացիական գործով Դատարանի 11.04.2024 թվականի վճռով բավարարվել է «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ-ի դիմումը՝ քաղաքացի Սասուն Օհանեսի Հակոբյանին հոգեբուժական կազմակերպություն ոչ հոժարակամ հոսպիտալացման ենթարկելու վերաբերյալ, այն է՝ վճռվել է վերջինիս ենթարկել ոչ հոժարակամ հոսպիտալացման «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ-ում՝ մինչև ապաքինվելը, բայց ոչ ավել, քան վեց ամիս։ Այսինքն՝ ըստ էության, Դատարանը վճռել է Սասուն Օհանեսի Հակոբյանին հոգեբուժական կազմակերպություն ոչ հոժարակամ հոսպիտալացման ենթարկել ոչ հոժարակամ բուժման առավելագույն վեց ամիս ժամկետով, որպիսի պայմաններում Սասուն Հակոբյանը ենթակա էր հոգեբուժական հիվանդանոցային ոչ հոժարակամ բուժման մինչև 11.10.2024 թվականը, քանի դեռ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 270.1-րդ հոդվածով սահմանված կարգով կայացված վճիռը վերացնելու խնդրանքի մասին դիմումով դատարան դիմելու համար առկա չէին վերջինիս ապաքինման վերաբերյալ բավարար տեղեկություններ (նման դիմում ներկայացնելու համար անհրաժեշտ փաստական հիմք)։

«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ-ն 07.06.2024 թվականին էլեկտրոնային համակարգի միջոցով դիմում է ներկայացրել Դատարան՝ քաղաքացուն հոգեբուժական կազմակերպություն ոչ հոժարակամ հոսպիտալացման ենթարկելու վերաբերյալ 11.04.2024 թվականի թիվ ԵԴ2/2506/02/24 վճիռը վերացնելու պահանջի մասին (թիվ ԵԴ2/4487/02/24 քաղաքացիական գործ), որը 10.06.2024 թվականին մակագրվել է Դատավորին, իսկ 12.06.2024 թվականի որոշմամբ վերադարձվել է։ Հետագայում Հաղորդում ներկայացրած անձը 2024 թվականի հունիսի 13-ին, 18-ին և 22-ին կրկին դիմումներ է ներկայացրել Դատարան՝ քաղաքացի Սասուն Օհանեսի Հակոբյանին հոգեբուժական կազմակերպություն ոչ հոժարակամ հոսպիտալացման ենթարկելու վերաբերյալ 11.04.2024 թվականի թիվ ԵԴ2/2506/02/24 վճիռը վերացնելու պահանջի մասին, որոնք Դատավորի համապատասխանաբար 2024 թվականի հունիսի 14-ի, հունիսի 19-ի և հունիսի 25-ի որոշումներով վերադարձվել են (թիվ ԵԴ2/4627/02/24, թիվ ԵԴ2/4743/02/24 և թիվ ԵԴ2/4975/02/24 քաղաքացիական գործեր)։ Հիշյալ դիմումները վերադարձվել են միևնույն պատճառաբանությամբ, մասնավորապես՝ բացառապես այն հիմնավորմամբ, որ թիվ ԵԴ2/2506/02/24 վճիռը չի կայացրել այն դատարանը (դատավորը), որին ներկայացվել է դիմումը։ Դատարանը գտել է, որ դիմողը պարտավոր էր դիմումը ներկայացնել թիվ ԵԴ2/2506/02/24 գործի շրջանակներում, իսկ նման դիմում ներկայացնելու հնարավորությունն էլ պարտավոր է ապահովել էլեկտրոնային համակարգն սպասարկող ընկերությունը։

Այս տեսանկյունից, Հանձնաժողովն անհրաժեշտ է համարել արձանագրել, ըստ դիմումին կից ներկայացված եզրակացության՝ Սասուն Հակոբյանը փաստացի ապաքինվել է 06.06.2024 թվականին, որպիսի փաստը հիմք էր վերջինիս վերաբերյալ թիվ ԵԴ2/2506/02/24 քաղաքացիական գործով 11.04.2024 թվականին կայացված վճիռը վերացնելու վերաբերյալ դիմում ներկայացնելու համար, ինչն էլ Հաղորդում ներկայացրած անձի կողմից կատարվել է 07.06.2024 թվականին՝ համապատասխան դիմում ներկայացնելով Դատարան։ Թիվ ԵԴ2/4487/02/24 քաղաքացիական գործով նշված դիմումը Դատավորի 12.06.2024 թվականի որոշմամբ վերադարձվելուց հետո Հաղորդում ներկայացրած անձը ևս երեք նույնաբովանդակ դիմում է ներկայացրել Դատարան, որոնք բոլորն էլ մակագրվել են Դատավորին և կրկին վերադարձվել են։ Հետագայում Հաղորդում ներկայացրած անձը թիվ ԵԴ2/4975/02/24 քաղաքացիական գործով Դատարանի 25.06.2024 թվականի որոշման դեմ ներկայացրել է վերաքննիչ բողոք, որը, սակայն, մերժվել է Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 21.08.2024 թվականի որոշմամբ՝ այդպիսով ուժի մեջ թողնելով Դատարանի որոշումը։

Այնուհետև, Հաղորդում ներկայացրած անձը 26.08.2024 թվականին կրկին դիմում է ներկայացրել Դատարան՝ Սասուն Օհանեսի Հակոբյանի վերաբերյալ կայացված թիվ ԵԴ2/2506/02/24 քաղաքացիական գործով 11.04.2024 թվականի վճիռը վերացնելու վերաբերյալ՝ ներկայացնելով այն թիվ ԵԴ2/2506/02/24 քաղաքացիական գործի շրջանակներում։ Հիշյալ դիմումը մակագրվել է Դատարանի դատավոր Լ. Սաղոյանին, 30.08.2024 թվականի վճռով բավարարվել է, և Դատարանի 11.04.2024 թվականի վճիռը վերացվել է, որից հետո Սասուն Հակոբյանը Դատարանի դահլիճից տուն է գնացել դուրս գրվելով «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ-ից։

Այսպիսով, Հանձնաժողովը կարգապահական վարույթի հարուցման փուլում հաստատված փաստական հանգամանքների հիման վրա արձանագրել է, որ թիվ ԵԴ2/2506/02/24 քաղաքացիական գործով 11.04.2024 թվականի վճռով ոչ հոժարակամ հոսպիտալացման ենթարկված Սասուն Հակոբյանը 07.06.2024 թվականի դրությամբ ապաքինված լինելու, վերջինիս բուժող բժշկական կազմակերպության կողմից Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 270.1-րդ հոդվածով սահմանված դիմում ներկայացնելու հիմքերի առկայության, ինչպես նաև ապաքինման ու առհասարակ դիմումի հիմնավոր լինելու փաստը նույն դատարանի դատավոր Լ. Սաղոյանի 30.08.2024 թվականի օրինական ուժի մեջ մտած վճռով հաստատված լինելու պայմաններում փաստացի «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ-ից դուրս է գրվել միայն 30.08.2024 թվականին՝ այդպիսով շուրջ 85 օր շարունակելով գտնվել հոգեբուժական կազմակերպությունում։ Ավելին, ամբողջ ընթացքում՝ 07.06.2024 թվականից մինչև 30.08.2024 թվականը, Սասուն Հակոբյանը շարունակել է ստանալ դեղորայքային բուժում, որպիսի փաստը հաստատվել է հոգեբուժական հաստատության կողմից տրված տեղեկանքով։

Այս տեսանկյունից, Հանձնաժողովը հատկապես ընդգծել է, որ Հաղորդում ներկայացրած անձի կողմից 2024 թվականի հունիսի 7-ին, հունիսի 13-ին, հունիսի 18-ին և հունիսի 22-ին էլեկտրոնային եղանակով Դատարան ներկայացված բոլոր դիմումները Դատավորի համապատասխանաբար 2024 թվականի հունիսի 12-ի, հունիսի 14-ի, հունիսի 19-ի, հունիսի 25-ի որոշումներով վերադարձվել են միևնույն պատճառաբանություններով՝

1. Թիվ ԵԴ2/2506/02/24 վճիռը չի կայացրել այն դատարանը (դատավորը), որին ներկայացվել է սույն դիմումը, այսինքն՝ դիմողը պարտավոր էր սույն դիմումը ներկայացնել թիվ ԵԴ2/2506/02/24 գործի շրջանակներում,

2. Նման դիմում ներկայացնելու հնարավորությունը պարտավոր է ապահովել էլեկտրոնային համակարգն սպասարկող ընկերությունը։

Բոլոր որոշումները կայացվել են հետևյալ իրավական հիմքով։ Իրավական հիմքում դրվել են բացառապես հետևյալ դատավարական նորմերը.

1. Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 127-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետ։

2Նույն օրենսգրքի 270-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասեր։

Տվյալ դեպքում Հանձնաժողովի համոզմամբ այդպիսի հիմքով դիմումը վերադարձնելու դատավարական օրենքով սահմանված հիմք նախատեսված չէ, քանի որ սույն միջնորդությամբ վերը ներկայացված պատճառաբանություններից ելնելով՝ ակնհայտ է, որ ներկայացված դիմումի նկատմամբ որոշման մեջ վկայակոչված Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 127-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը կիրառելու համար անհրաժեշտ պայմանները բացակայել են, մասնավորապես՝ դիմումը ներկայացվել է հայցադիմումի (դիմումի) ձևի և բովանդակության կապակցությամբ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 121-րդ, 122-րդ, 268-րդ հոդվածների պահանջների պահպանմամբ, իսկ որոշումներով արձանագրված՝ դիմումը վճիռ կայացրած դատավորի կողմից նույն գործի շրջանակներում քննվելու հիմքը՝ այս հոդվածներով սահմանված պահանջների հետ ընդհանրապես կապ չունի։ Ավելին՝ որոշումներից ոչ մեկով անդրադարձ չի արվել կամ առնվազն դիրքորոշում չի արտահայտվել Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 127-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետից բխող՝ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 121-րդ, 122-րդ, 268-րդ հոդվածների նորմերի կիրառելիության վերաբերյալ, և ըստ էության որոշումներում չկա որևէ անդրադարձ դիմումի ձևին ու բովանդակությանը՝ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 121-րդ, 122-րդ, 268-րդ հոդվածների համատեքստում։ Ասվածից հետևում է, որ որոշման իրավական հիմքում դրված Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 127-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը կիրառելու հիմք առկա չէր։ Հետևաբար Հանձնաժողովը գտել է, որ թվարկված հոդվածների պահանջների խախտման բացակայության պայմաններում դիմումները Դատավորի կողմից վերադարձվել են ոչ օրենքով սահմանված հիմքով։

Հետևաբար թիվ ԵԴ2/4487/02/24, թիվ ԵԴ2/4627/02/24, թիվ ԵԴ2/4743/02/24 և թիվ ԵԴ2/4975/02/24 քաղաքացիական գործերով Հաղորդում ներկայացրած անձի կողմից Դատարան ներկայացված դիմումները համապատասխանել են Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 121-րդ, 122-րդ և 270.1-րդ հոդվածով նախատեսված պահանջներին, ուստի ենթակա էին վարույթ ընդունման և ըստ էության քննության։

Հանձնաժողովը սույն միջնորդությամբ վկայակոչված նորմերի, իրավական դիրքորոշումների և դրանց վերաբերյալ կատարված իրավական վերլուծությունների հիման վրա փաստել է, որ Դատարանի 11.04.2024 թվականի թիվ ԵԴ2/2506/02/24 վճիռը վերացնելու՝ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 270.1-րդ հոդվածով ներկայացված դիմումն ընդդատյա էր այն կայացրած առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանին, տվյալ դեպքում՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանին, և Հաղորդում ներկայացրած անձը, չունենալով օրենքով կամ այլ իրավական ակտերով սահմանված այլ պարտականություն, դիմումն իրավացիորեն ներկայացրել է հենց թիվ ԵԴ2/2506/02/24 քաղաքացիական գործով 11.04.2024 թվականի վճիռը կայացրած դատարան։ Հաղորդում ներկայացրած անձը թիվ ԵԴ2/4487/02/24, թիվ ԵԴ2/4627/02/24, թիվ ԵԴ2/4743/02/24 և թիվ ԵԴ2/4975/02/24 քաղաքացիական գործերով դիմումները ներկայացնելիս, որպես դրանց ձևին ներկայացվող պահանջ, պարտականություն է կրել, բացի Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 2701-րդ հոդվածով նախատեսված պահանջների, պահպանել նաև դիմումի նկատմամբ սույն օրենսգրքով հայցադիմումի ձևին, բովանդակությանը և կից փաստաթղթերին ներկայացվող նույն օրենսգրքի 121-րդ և 122-րդ հոդվածներով սահմանված կիրառելի պահանջները, օրինակ՝ Դատարանի անվանումը, որն էլ նշել է։ Միևնույն ժամանակ, Դատարանի անվանումը նշելու պահանջը որևէ կերպ չի կարող նույնացվել Դատավորի անուն-ազգանունը նշելու կամ որևէ այլ, օրինակ՝ դիմումը նույն գործի շրջանակներում ներկայացնելու պարտականության հետ։

Բացի այդ Հանձնաժողովի համոզմամբ առկա չեն եղել նաև Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 270.1-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերից բխող պայմանները։

Այսպես, Դատավորը նշել է, որ թիվ ԵԴ2/2506/02/24 վճիռը չի կայացրել այն դատարանը (դատավորը), որին ներկայացվել է սույն դիմումը, այսինքն՝ դիմողը պարտավոր էր սույն դիմումը ներկայացնել թիվ ԵԴ2/2506/02/24 գործի շրջանակներում։ Այսինքն՝ Դատավորն ըստ էության կիրառել է Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 270.1-րդ հոդվածի 3-րդ մասը, որի համաձայն՝ սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դիմումները ներկայացվում են այն դատարան, որը նախկինում վճիռ է կայացրել քաղաքացուն հոգեբուժական հիվանդանոցային ոչ հոժարակամ բուժման ենթարկելու վերաբերյալ։

Սույն միջնորդությամբ Հանձնաժողովն արդեն իսկ մանրամասն վերլուծության է ենթարկել այս նորմի բովանդակությունը՝ արձանագրելով, որ այս կանոնը վերաբերում է վճիռը վերացնելու դիմումների ներկայացման տարածքային ընդդատության կանոններին, ուստի այն չի կարող վերաբերել միևնույն դատարանի կոնկրետ դատավորի, առավել ևս՝ նրա կողմից քննված գործի շրջանակին։ Այս տրամաբանությամբ ստացվում է, որ դատավորի բացակայության (արձակուրդ, ժամանակավոր անաշխատունակություն և այլն) պայմաններում դիմումները չեն կարող քննվել, ավելին՝ գործի շրջանակներում դիմումի քննության վերաբերյալ կարգը վերաբերում է գործավարական կանոններին, որպիսիք բացակայում են։ Ակնհայտ է, որ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 270.1-րդ հոդվածի 3-րդ մասը փաստում է նման դիմումների՝ դատարանին ընդդատյա լինելու մասին։

Հետևաբար Դատավորի համար պետք է պարզ լիներ, որ կարգավորումը չէր կարող վերաբերել միևնույն դատարանի դատավորներին՝ որպես առանձին դատարանների, ուստի Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 270.1-րդ հոդվածի 3-րդ մասի մեկնաբանությունից որևէ կերպ չի կարող բխել, որ խոսքը ոչ թե դատարանի, այլ՝ կոնկրետ դատավորի մասին է։ Միաժամանակ Հանձնաժողովն ընդգծել է, որ դատավորն արդարադատություն իրականացնում է որպես դատարան, սակայն դատարանն արդարադատություն իրականացնում է ոչ թե դատավորի, այլ՝ այդ դատարանի դատավորների միջոցով, հետևաբար եթե խոսքն ընդդատության կանոնի մասին է, այսինքն՝ դիմումը քննող դատարանի մասին է, ապա որպես պատշաճ դատարան կարող է հանդես գալ այդ դատարանի ցանկացած դատավոր, այլ ոչ թե՝ կոնկրետ դատավորը, քանի դեռ դատավարական նորմերով այլ բան սահմանված չէ, իսկ այս դեպքում դատավորի մասով օրենսգիրքն այլ բան չի սահմանել։

Բացի այդ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի համակարգային վերլուծությունը ցույց է տալիս, որ օրենսգիրքն օգտագործում է ինչպես «դատարան», այնպես էլ «դատավոր» եզրույթները, ինչն էլ նշանակում է, որ Դատավորի համար պետք է ակնհայտ լիներ, որ «դատարան» եզրույթն օգտագործելիս խոսքը դատարանի մասին է, այլ ոչ թե՝ դատավորի, և խոսքն ընդդատության մասին է, այլ ոչ թե՝ նույն դատարանի դատավորների միջև գործերի կամ դիմումների բաշխման։ Հատկանշական է, որ, օրինակ՝ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 189-րդ հոդվածի համաձայն՝ գործն ըստ էության լուծելու դեպքում առաջին ատյանի դատարանը կայացնում է վճիռ, այսինքն՝ այս նորմում օգտագործվում է «դատարան» եզրույթը, իսկ 3-րդ մասի համաձայն՝ «վճիռը կայացնում է գործը քննած դատավորը։ Գործը քննած դատավորը կնքում է վճռի յուրաքանչյուր էջը և ստորագրում է վճռի եզրափակիչ մասը», այսինքն՝ այս նորմում օգտագործվում է «դատավոր» եզրույթը։ «Դատավոր» եզրույթը Քաղաքացիական դատավարության օրենսգիրքն օգտագործում է նաև մի շարք այլ հոդվածներում, մասնավորապես՝ նույն օրենսգրքի 20-րդ, 26-րդ, 27-րդ հոդվածներում, 5-րդ գլխում, 94-րդ, 119.5-րդ, 119.7-րդ, 119.11-րդ, 124-րդ, 127-րդ, 142-րդ, 144-րդ, 153-րդ, 155.2-րդ, 156-րդ, 159-րդ, 179-րդ, 183-րդ հոդվածներում։

Վերոգրյալի հիման վրա Հանձնաժողովը գտել է, որ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 270.1-րդ հոդվածի 3-րդ մասում ձևակերպված «սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դիմումները ներկայացվում են այն դատարան» արտահայտությունը՝ հատկապես «դատարան» եզրույթը, որևէ ողջամիտ տրամաբանությամբ ու մեկնաբանության որևէ կանոնի կիրառմամբ չէր կարող ընկալվել ու կիրառվել «դիմումը պետք է ներկայացվեր վճիռ կայացրած դատավորին այդ գործի շրջանակներում» կերպով։

Վերը նշած եզրահանգումը բխում է նաև այն հանգամանքից, որ կարգապահական վարույթի շրջանակներում ձեռք բերված նյութերի ուսումնասիրությամբ չեն հայտնաբերվել թև՛ 1998 թվականին ընդունված Քաղաքացիական դատավարության օրենսգրքի, թև՛ 2018 թվականին ընդունված Քաղաքացիական դատավարության օրենսգրքի կիրառման շրջանակներում առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարաններ ներկայացված քաղաքացուն ոչ հոժարակամ հոսպիտալացման ենթարկելու վերաբերյալ վճիռը վերացնելու դիմումը նույն հիմքով (նույն դատավորի կողմից նույն գործի շրջանակներում քննվելու) վերադարձնելու մասին, այսինքն՝ նորմին նման մեկնաբանություն տալու մասին թիվ ԵԴ2/4487/02/24, թիվ ԵԴ2/4627/02/24, թիվ ԵԴ2/4743/02/24, թիվ ԵԴ2/4975/02/24 գործերով կայացված դատական ակտերից բացի այլ դատական ակտեր։

Ընդ որում, բացի Սասուն Հակոբյանի վերաբերյալ ներկայացված դիմումից (խոսքն առաջին անգամ այս անձի վերաբերյալ թիվ ԵԴ2/4487/02/24 քաղաքացիական գործով ներկայացված դիմումի մասին է), Հաղորդում ներկայացրած նույն անձը նույն օրը՝ 07.06.2024 թվականին, դիմում (էլեկտրոնային) է ներկայացրել նույն դատարան՝ մեկ այլ քաղաքացու հոգեբուժական կազմակերպությունում ոչ հոժարակամ հոսպիտալացման ենթարկելու վերաբերյալ թիվ ԵԴ2/3064/02/24 վճիռը վերացնելու մասին։ Նշված դիմումը ներկայացվել է առանձին դիմումով և առանձին վարույթով։ Այդ գործին շնորհվել է թիվ ԵԴ2/4482/02/24 հերթական համարը։ Նշված դիմումը մակագրվել է դատավոր Ե. Եսոյանին։ Դատարանի կողմից 11.06.2024 թվականին կայացվել է «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲ ընկերության տնօրեն Սերգեյ Խաչատրյանի՝ Տիգրան Արայիկի Եղիազարյանին հոգեբուժական կազմակերպությունում ոչ հոժարակամ հոսպիտալացման ենթարկելու վերաբերյալ 26.04.2024 թվականի թիվ ԵԴ2/3064/02/24 վճիռը վերացնելու մասին դիմումը վարույթ ընդունելու մասին որոշում՝ ղեկավարվելով Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 199-րդ, 200-րդ և 2701-րդ հոդվածներով, 35-րդ գլխի կանոններով, իսկ 13.06.2024 թվականին նշանակվել է դիմումի քննության օր։

Բացի այդ վերը նշված եզրահանգումը հաստատել է նաև Մարդու իրավունքների պաշտպանն իր՝ Հանձնաժողովին ուղղված 31.01.2025 թվականի թիվ 01/143/533-2025 գրությամբ, որտեղ վերջինս համապատասխան հիմնավորումներով ևս նշել է հետևյալի մասին «նշվածից բխում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 270.1-րդ հոդվածով նախատեսված «քաղաքացուն հոգեբուժական հիվանդանոցային ոչ հոժարակամ բուժման ենթարկելու վերաբերյալ նախկինում վճիռ կայացրած դատարան» եզրույթը համապատասխանում է ՀՀ դատական օրենսգրքի 2-րդ և 23-րդ հոդվածների իրավակարգավորումներով նախատեսված «դատարան» եզրույթի բովանդակությանը, այն է՝ Հայաստանի Հանրապետությունում արդարադատության իրականացնող առաջին ատյանի ընդհանուր իրավասության, վերաքննիչ և վճռաբեկ դատարաններին, այլ ոչ թե քաղաքացիական գործի քննություն իրականացնող դատավորին»։

Ամբողջ վերոգրյալից հետևում է, որ, նախ՝ Դատավորը չուներ դիմումը վերադարձնելու Քաղաքացիական դատավորության օրենսգրքով սահմանված հիմք, քանի որ ինչպես բացակայել են որոշումներում կիրառված նույն օրենսգրքի 127-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի կիրառման հիմքերը, այնպես էլ առկա չի եղել նույն օրենսգրքի 35-րդ գլխի հոդվածներով սահմանված որևէ այլ հիմք, մասնավորապես՝ նույն օրենսգրքի 268-րդ հոդվածով սահմանված՝ դիմումը վերադարձնելու հատուկ հիմք։

Հետևաբար Դատավորն իրավասու չէր կայացնել դիմումը վերադարձնելու մասին որոշումներ։

Ընդ որում, Դատավորի կողմից կիրառված նույն օրենսգրքի 270.1-րդ հոդվածի 3-րդ մասի խախտումն անգամ դիմումը վերադարձնելու հիմք չէր, քանի որ այդպիսի հիմք նախատեսված չէր ինչպես Քաղաքացիական դատավորության օրենսգրքի ընդհանուր նորմերով, այնպես էլ նույն օրենսգրքի 35-րդ գլխի հատուկ նորմերով։

Միաժամանակ Հանձնաժողովն ընդգծել է, որ Քաղաքացիական դատավորության օրենսգրքի 270.1-րդ հոդվածի 3-րդ մասը դիմումի ներկայացման տարածքային ընդդատության կանոն է, որի խախտման դեպքում դիմումը ենթակա է վերադարձման նույն օրենսգրքի 127-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով, որպիսի նորմ կայացված որոշումներում ոչ միայն չի կիրառվել, այլև Դատավորն իր բացատրությամբ ևս ընդունում է, որ խնդիրը դիմումի քննության տարածքային ընդդատության մեջ չէ։

Ավելին՝ Քաղաքացիական դատավորության օրենսգրքի 270.1-րդ հոդվածի 3-րդ մասի նորմը որևէ ողջամիտ տրամաբանությամբ ու մեկնաբանության որևէ կանոնի կիրառմամբ չէր կարող ընկալվել ու կիրառվել որպես նույն դատարանի տարբեր դատավորների կողմից քննված գործերի շրջանակներում դիմումը ներկայացնելու պարտադիր պահանջ։

Նման պայմաններում Հանձնաժողովը եկել է այն համոզման, որ Դատավորն ակնհայտորեն խախտել է Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 121-րդ, 122-րդ, 125-րդ, 127-րդ, 270.1-րդ հոդվածները:

Հանձնաժողովը սույն կարգապահական վարույթի համար էական նշանակություն ունեցող հանգամանքների տեսանկյունից հատկապես կարևոր է համարել նշել, որ Դատավորը դիմումները վերադարձնելու մասին որոշումները պատճառաբանելիս նշել է նաև, որ դիմումը թիվ ԵԴ2/2506/02/24 քաղաքացիական գործի շրջանակներում ներկայացնելու հնարավորությունը պարտավոր է ապահովել էլեկտրոնային համակարգն սպասարկող ընկերությունը։ Նման պայմաններում, Հանձնաժողովը փաստել է, որ ընթացակարգային, հատկապես՝ տեխնիկական որևէ պահանջ չպետք է հանգեցնի դատական պաշտպանության հիմնարար իրավունքի սահմանափակման և դրա հետևանքով՝ նաև այլ հիմնարար իրավունքների խախտման, ըստ այդմ՝ թիվ ԵԴ2/2506/02/24 քաղաքացիական գործով 11.04.2024 թվականի վճիռը վերացնելու դիմումը նշված գործի շրջանակներում ներկայացնելու տեխնիկական հնարավորության բացակայությունը չէր կարող սահմանափակել «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ-ի կողմից թիվ ԵԴ2/2506/02/24 քաղաքացիական գործով Դատարանի 11.04.2024 թվականի վճիռը վերացնելու դիմումի ներկայացման իրավունքը։ Դատավորը պետք է առաջնորդվեր հոգեբուժական հաստատությունում պահվող քաղաքացու հիմնարար իրավունքների գերակայությամբ, և այս հիմնարար արժեքների հաշվին տեխնիկական խնդիրների կարևորումը ժողովրդավարական և իրավական պետության մեջ անհանդուրժելի է։

Հետևաբար, ստացվում է, որ Դատավորը խիստ ձևական նկատառումով սահմանափակել է Հաղորդում ներկայացրած անձի կողմից հոգեբուժական հաստատությունում գտնվող անձի շահերի պաշտպանության նպատակով դատարան դիմելու իրավունքի իրացումը՝ առաջնորդվելով ոչ թե դիմողի և հատկապես հոգեբուժական հաստատությունում գտնվող անձի օրինական շահերի և իրավունքների պաշտպանության գերակայությամբ, այլև՝ այդ շահերի պաշտպանությունն ապահովող ընթացակարգային (տեխնիկական) խնդիրների կարևորությամբ, այն դեպքում, երբ միևնույն գործի շրջանակներում դիմումը քննելու պարտադիր պահանջ դատավարական օրենքով նախատեսված չէ։

Այսպիսով, կարգապահական վարույթի հարուցման փուլում հայտնի հանգամանքների համատեքստում և այս պայմաններում Հանձնաժողովը փաստել է, որ Դատավորը, պարտականություն ունենալով վարույթ ընդունել թիվ ԵԴ2/4487/02/24, թիվ ԵԴ2/4627/02/24, թիվ ԵԴ2/4743/02/24 և թիվ ԵԴ2/4975/02/24 քաղաքացիական գործերով ներկայացված դիմումները և չունենալով դրանք վերադարձնելու դատավարական օրենքով սահմանված հիմք, այնուամենայնիվ, դիմումները թվով 4 անգամ վերադարձրել է Քաղաքացիական դատավարության օրենսգրքով չնախատեսված հիմքով՝ դրանով իսկ հրաժարվելով քննել իր իրավասությանը վերապահված հարցը, ինչն էլ իր հերթին հանգեցրել է Դատարանի օրինական ուժի մտած դատական ակտի հիման վրա հոգեբուժական կազմակերպությունում պահվող և 07.06.2024 թվականի դրությամբ ապաքինված Սասուն Օհանեսի Հակոբյանի՝ ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության, անձնական ազատության հիմնարար իրավունքների տևական խախտման։

Վերոգրյալից հետևում է, որ Դատավորն ակնհայտորեն խախտել է Սահմանադրության 25-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի, 27-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, 61-րդ հոդվածի 1-ին մասի, 63-րդ հոդվածի 1-ին մասի, 75-րդ հոդվածի, Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետի, 6-րդ հոդվածի 1-ին մասի, 13-րդ հոդվածի, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները։

Միևնույն ժամանակ Հանձնաժողովը գտել է, որ նյութաիրավական և դատավարական նորմերի խախտումները հանգեցրել են նաև Դատավորի վարքագծի կանոնների խախտման՝ հաշվի առնելով, որ Դատավորը, փաստորեն, չի քննել և չի լուծել օրենքով իր իրավասությանը վերապահված հարցը, արդյունքում՝ առանց արդարադատության շահերին վնասելու՝ ողջամիտ ժամկետում չի քննել և չի լուծել օրենքով իրեն՝ որպես Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի իրավասությանը Օրենսգրքի 23-րդ հոդվածով, Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 18-րդ և 270.1-րդ հոդվածներով վերապահված հարցը։ Նման պայմաններում Դատավորն ակնհայտորեն խախտել է Օրենսգրքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերով սահմանված վարքագծի կանոնները։

Այսպիսով, Հանձնաժողովը գտնել է, որ ամբողջ վերոշարադրյալի համատեքստում հերքվում են Դատավորի բացատրությամբ բերված բոլոր պնդումներն առ այն, որ դիմումը վերադարձնելու որոշում կայացնելու արարքի մեջ բացակայում է իր մեղքը։

Այդուհանդերձ, Հանձնաժողովը, վարույթի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ ընթացքն ապահովելու համար, ամեն դեպքում հարկ է համարել առանձին-առանձին անդրադառնալ բացատրությամբ մեջբերված բոլոր փաստարկներին: Այսպես.

1 Դատավորն իր բացատրությամբ նշել է, որ բժշկական կազմակերպությունը, լինելով օրինական ուժի մեջ մտած դատական ակտի հասցեատեր, չի կատարել թիվ ԵԴ2/2506/02/24 գործով կայացված և օրինական ուժի մեջ մտած վճռով սահմանված պարտավորությունը, այն է՝ Սասուն Օհանեսի Հակոբյանին անհապաղ 07.06.2024 թվականին դուրս չի գրել։ Ստացվում է, որ կոնկրետ դեպքում բացակայել է վճիռը վերացնելու մասին դիմում ներկայացնելու անհրաժեշտությունը։ Հետևաբար այդ դիմումն անգամ կարող էր մերժվել առարկայազուրկ լինելու պատճառով։ Ըստ Դատավորի՝ Հանձնաժողովը նույնպես այն համոզմանն է, որ եթե կոնկրետ ժամկետ սահմանված չէ, ապա վճիռը վերացնելու դիմում ներկայացնելու անհրաժեշտությունը բացակայում է։ Այդպիսով, Դատավորը հետևություն է կատարել, որ Սասուն Օհանեսի Հակոբյանն ապաքինվելուց հետո 85 օր մնացել է հոգեբուժական կազմակերպությունում ոչ թե Դատավորի կողմից դիմումը վերադարձնելու արդյունքում, այլ դիմողի՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտը չկատարելու հետևանքով։

Այս կապակցությամբ Հանձնաժողովը նախևառաջ ընդգծել է, որ Հանձնաժողովի համոզման վերաբերյալ Դատավորի պատկերացումները սխալ են։ Հանձնաժողովը մեկ անգամ ևս փաստում է, որ թիվ ԵԴ2/2506/02/24 քաղաքացիական գործով Դատարանը, 11.04.2024 թվականի վճռով բավարարելով «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ-ի դիմումը՝ քաղաքացի Սասուն Հակոբյանին հոգեբուժական կազմակերպություն ոչ հոժարակամ հոսպիտալացման ենթարկելու վերաբերյալ, վճռել է վերջինիս ենթարկել ոչ հոժարակամ հոսպիտալացման «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ-ում՝ մինչև ապաքինվելը, բայց ոչ ավել, քան վեց ամիս: Նման պայմաններում, ելնելով նաև սույն միջնորդությամբ վերը ներկայացված իրավակարգավորումներից և իրավական վերլուծություններից՝ Հանձնաժողովն ընդգծել է, որ հոգեբուժական կազմակերպությունում ոչ հոժարակամ հոսպիտալացման ենթարկված և դատարանի վճռով սահմանված ժամկետից շուտ ապաքինված անձին հնարավոր է դուրս գրել հոգեբուժական կազմակերպությունից բացառապես դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռը մեկ այլ վճռով վերացվելու դեպքում։

Նման մեկնաբանությունից տարբերվող ցանկացած այլ մեկնաբանություն կհանգեցնի օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի պարտադիրության հիմնարար դրույթի բուն էության խաթարման, քանզի հոգեբուժական կազմակերպությունը, տվյալ դեպքում՝ «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ-ն, որպես դատական ակտի հասցեատեր, Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածի 5-րդ մասի հիմքով ուղղակի պարտականություն է կրել պարտադիր կատարել քաղաքացուն հոգեբուժական կազմակերպություն ոչ հոժարակամ հոսպիտալացնելու դատական ակտի պահանջը։ Այլ կերպ ասած Սասուն Հակոբյանի՝ թիվ ԵԴ2/2506/02/24 քաղաքացիական գործով Դատարանի 11.04.2024 թվականի վճռով սահմանված ժամկետից շուտ ապաքինվելը, այսինքն՝ ոչ հոժարակամ բուժման ենթարկելու օրենքով սահմանված հիմքերը վերանալն ուղղակի փաստական հիմք էին «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ-ի կողմից նշված վճիռը վերացնելու մասին Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 270.1-րդ հոդվածով սահմանված կարգով դիմում ներկայացնելու համար, և ինքնին առանց դատական վերահսկողության արդյունքում կայացված նոր՝ վճիռը վերացնելու մասին վճռի, իրավաբանորեն հնարավոր չէր արձանագրել վերջինիս վերջնականապես ապաքինման փաստը, ավելին՝ դատական քննության ժամանակ գնահատվում է ոչ միայն քաղաքացու ապաքինվելու փաստը, այլև՝ առկա վիճակով հանրությանը հնարավոր վտանգ ներկայացնելու հավանականությունը, իսկ հոգեբուժական հաստատությունն այս փաստերը վերջնականապես գնահատելու իրավասությամբ օժտված չէ։ Ավելին՝ տարիներ շարունակ ձևավորվել է կայուն դատական պրակտիկա առ այն, որ ապաքինման դեպքում վճիռը վերացվում է բացառապես դատական կարգով՝ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 270.1-րդ հոդվածի կանոններով դիմում ներկայացնելու և դրա քննության արդյունքում նոր վճիռ կայացվելու միջոցով, հակառակ պրակտիկայի մասին տեղեկություններ վարույթի ընթացքում չեն հայտնաբերվել։

Այս կապակցությամբ Հանձնաժողովն ուշադրության արժանի է համարել այն հանգամանքը, որ Դատավորի նշված փաստարկները հերքվում են ոչ միայն այս կապակցությամբ դատարանների կողմից կայացված բազմաթիվ վճիռներով, այլև՝ հենց թիվ ԵԴ2/2506/02/24 քաղաքացիական գործով Դատարանի ապրիլի 11-ի վճիռը վերացնելու դիմումը Դատարանի 30.08.2024 թվականի վճռով բավարարվելու փաստի ուժով։ Ավելին, Հանձնաժողովն ընդգծել է, որ սույն կարգապահական վարույթի շրջանակներում Հանձնաժողովին հայտնի դատական ակտերի ուսումնասիրությունը ևս վկայում է, որ բոլոր նման դեպքերում հոգեբուժական կազմակերպություն ոչ հոժարակամ հոսպիտալացման ենթարկված քաղաքացին դատարանի վճռով սահմանված ժամկետից շուտ ապաքինվելու դեպքում (այդ թվում նաև՝ մինչև ապաքինվելը, բայց ոչ ավել, քան վեց ամիս ժամկետով հոսպիտալացման ենթարկվելու դեպքերում) իրավաչափորեն դուրս է գրվել հոգեբուժական կազմակերպությունից միայն դատարանի համապատասխան վճիռը վերացվելուց հետո (օրինակ՝ թիվ ԵԴ2/6955/02/24, թիվ ԵԴ2/6495/02/24, թիվ ԵԴ2/6148/02/24, ԵԴ2/5655/02/24, թիվ ԳԴ/0041/02/24, թիվ ՍԴ/0397/02/24 և այլ քաղաքացիական գործերով վճիռները)։

Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ եզրակացությունը՝ դա դեռ չի նշանակում, որ քաղաքացին ապաքինվել է, ապա Հանձնաժողովը նախևառաջ ընդգծել է, որ Դատավորին վերագրվել է արդար դատաքննության իրավունքի և իրեն վերապահված հարցի լուծման դատավարական ու վարքագծային կանոնների խախտումներ, քանի որ Դատավորը վարույթ չի ընդունել այն դիմումը, որը վերադարձնելու օրինական հիմքեր չեն եղել, երկրորդ՝ Դատարանի 30.08.2024 թվականի վճիռը հրապարակման պահից մտել է օրինական ուժի մեջ և չի վերացվել, ինչն առնվազն փաստում է դիմումի առարկայազուրկ լինելու կամ այն գուցե բավարարման ենթակա չլինելու կամ քաղաքացու իրականում ապաքինված չլինելու վերաբերյալ Դատավորի փաստարկների անհիմն լինելու մասին, մասնավորապես՝ արդեն իսկ առկա օրինական ուժի մեջ մտած դատական ակտով փաստվել է, որ եթե Դատավորը չվերադարձներ դիմումները, ապա այն հիմնավոր էր ու ենթակա էր լինելու բավարարման։ Այս դեպքում որպես դատարան հանդես է եկել Դատավորը, թե մեկ այլ դատավոր, ներպետական օրենսդրության և միջազգային իրավունքի տեսանկյունից այլևս որևէ նշանակություն չունի։

Ինչ վերաբերում է Դատավորի այն փաստարկին, որ Հաղորդում ներկայացրած անձը դիմումը կարող էր ներկայացնել նյութական եղանակով՝ հիմքում դնելով Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 119.1-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված բացառությունը, Հանձնաժողովն այն անհիմն է համարել, քանզի այդպիսի պարտականություն տվյալ դեպքում Հաղորդում ներկայացրած անձը չուներ (անձի վրա կարող է դրվել միայն օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված պարտականություն)՝ հիմք ընդունելով դիմումը վերադարձնելու մասին օրինական հիմքերի բացակայության մասին վերը շարադրված վերլուծություններն ու եզրահանգումները, որոնց հիման վրա Հանձնաժողովը փաստել է, որ դիմումը ենթակա էր վարույթ ընդունման։ Ավելին, «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ-ն փորձել է կատարել ինչպես «Հոգեբուժական օգնության և սպասարկման մասին» օրենքով, այնպես էլ Քաղաքացիական դատավարության օրենսգրքով իր վրա դրված պարտականությունը, և օրենքով սահմանված այլ ելք չունենալով՝ վերաքննության կարգով բողոքարկել է թիվ ԵԴ2/4975/02/24 քաղաքացիական գործով Դատարանի 25.06.2024 թվականի որոշումը։

Միևնույն ժամանակ, Հանձնաժողովը հատկապես կարևորել է այն հանգամանքը, որ նախկինում առկա միասնական դատական պրակտիկայի բացակայության պայմաններում, երբ քաղաքացուն հոգեբուժական կազմակերպություն ոչ հոժարակամ հոսպիտալացման ենթարկելու վերաբերյալ դիմումներն առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների կողմից մուտքագրվել են ինչպես քաղաքացուն հոգեբուժական կազմակերպություն ոչ հոժարակամ հոսպիտալացման ենթարկելու դիմումի վերաբերյալ քննված գործի շրջանակներում՝ որպես տվյալ գործի շրջանակներում ներկայացված դիմում, այնպես էլ՝ որպես նոր դիմումի հիման վրա կազմված գործ, «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ-ն ողջամտորեն կարող էր ակնկալել, որ թիվ ԵԴ2/2506/02/24 քաղաքացիական գործով Դատարանի 11.04.2024 թվականի վճիռը վերացնելու մասին առանձին գործի շրջանակներում իրավասու դատարան ներկայացված դիմումը ևս ենթակա էր վարույթ ընդունման Դատարանի կողմից, ինչպիսի ակնկալիքն առնվազն կարող էր ձևավորվել նույն օրը մուտքագրված մեկ այլ նույնանման դիմումը նույն դատարանի մեկ այլ դատավորի կողմից վարույթ ընդունվելու որոշմամբ։

2 Դատավորն իր բացատրությամբ նշել է, որ նման կոճակ կամ հնարավորություն նախատեսված է Համակարգում այդ տեսակ վարույթների համար և հոգեբուժական կազմակերպություններն այդ եղանակով ներկայացնում են վճիռը վերացնելու դիմումներ, սույն դեպքում նույնպես, դիմողը վերացման պահանջը ներկայացրել է այդ եղանակով, նշված պնդումները հաստատվում են Համակարգը սպասարկող ընկերության կողմից տրված պատասխանով։

Մինչդեռ, Հանձնաժողովը սույն կարգապահական վարույթի համար էական նշանակություն ունեցող փաստերի հիման վրա հարկ է համարել փաստել, որ «Մեյսիս Ինֆորմեյշն Սիսթեմս» ՍՊԸ-ի տնօրեն Արմեն Մանուկյանն իր 19.12.2024 թվականի թիվ ԴԴԱ-8.2 98852/24 գրությամբ հայտնել է, որ «էլեկտրոնային դատավարություն» համակարգում ոչ հոժարակամ հոսպիտալացման ենթարկելու վճիռը վերացնելու դիմում ներկայացնելու հնարավորությունը նախատեսված է նույն գործով «Լրացուցիչ վճիռ կայացնելու մասին» կոճակի միջոցով, ըստ կատարված ուսումնասիրությունների՝ համակարգում 5 գործի շրջանակներում ներկայացվել է միջնորդություն վճիռը վերացնելու վերաբերյալ բովանդակությամբ (դիմողի կողմից ընտրվել է «Միջնորդություն այլ» կամ «Լրացուցիչ վճիռ կայացնելու մասին դիմում» տեսակի միջնորդությունները)։

Այս տեսանկյունից, Հանձնաժողովը կարևոր է համարել նշել, որ «լրացուցիչ վճիռը» Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 196-րդ հոդվածով նախատեսված դատավարական ինստիտուտ է և օրենսդիրը հստակ սահմանել է նշված վճիռը կայացնելու սպառիչ հիմքերը, որպիսիք չեն կարող նույնացվել նույն օրենսգրքի 270.1-րդ հոդվածով սահմանված դիմումի հետ, ավելին, այն, որպես այդպիսին, չի կարող դիտարկվել որպես գործին մասնակցող անձանց միջնորդություն, քանի որ այն համարվում է նույն օրենսգրքի 270.1-րդ հոդվածով սահմանված կարգով ներկայացված դիմում, ավելին՝ դիմումի հիման վրա կայացվում է վճիռ, իսկ միջնորդության քննության արդյունքում կայացվում է որոշում։ Այլ հարց է, որ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանները քննության առարկա են դարձրել էլեկտրոնային համակարգի նշված կոճակների միջոցով ներկայացված դիմումները՝ գուցե որպես այլընտրանք, սակայն դա չի նշանակում, որ դա այն հնարավորությունն էր, որից պարտադիր կերպով պետք է օգտվեր Հաղորդում ներկայացրած անձը։

Ավելին՝ Դատական դեպարտամենտի ղեկավար Նաիրի Գալստյանն իր 03.02.2025 թվականի թիվ ԴԴ-1 Ե-648 գրությամբ տեղեկացրել է, որ Դատարան մուտք եղած փաստաթղթերի (այդ թվում՝ հայցադիմում, դիմում) ստացման, գրանցման, հաշվառման կարգը սահմանվող «ՀՀ դատարանների գործավարության կանոնները հաստատելու մասին» ԴՆԽ թիվ 23-Լ որոշման Հավելված 1-ով, որում, առկա չեն քաղաքացուն հոգեբուժական կազմակերպություն ոչ հոժարակամ հոսպիտալացման ենթարկելու վերաբերյալ դատարանի վճիռը վերացնելու վերաբերյալ դիմումները, այդ թվում նաև՝ էլեկտրոնային համակարգի միջոցով ներկայացված դիմումներն առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարաններ հանձնելու, դրանք դատարանում ստացվելու, մուտքագրելու հարաբերությունները կարգավորող գործավարության առանձին կանոններ։ Միաժամանակ նշել է, որ առկա չէ Բարձրագույն դատական խորհրդի որոշում կամ այլ նորմատիվ կարգավորում՝ նշված դիմումները նույն քաղաքացիական գործի շրջանակներում ներկայացվելու կամ առանձին դիմումով ներկայացվելու վերաբերյալ։

Նման պայմաններում, Հանձնաժողովն արձանագրել է, որ Դատավորի այն պնդումը, որ էլեկտրոնային համակարգում այդ տեսակ վարույթների համար նախատեսված է նման կոճակ կամ հնարավորություն, առնվազն փաստարկված չէ։ Ավելին, Դատավորն իր բացատրությամբ նշել է, որ իր օգնականն առաջարկել է «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ-ի ներկայացուցչին կապնվել Համակարգը սպասարկող ընկերության հետ, որպեսզի օգնեն և (կամ) այդ կոճակը տվյալ գործով ավելացնեն, ինչն առավել քան փաստում է, որ դիմումների վերադարձման հիմքում ընկած է եղել ձևական (ընթացակարգային) բնույթ ունեցող պահանջ, առավել ևս, որ հոգեբուժական կազմակերպությունը, որպես գործին մասնակցող անձ, էլեկտրոնային համակարգը սպասարկող ընկերության հետ կապվելու և առկա տեխնիկական խնդիրները վերացնելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու դատավարական պարտականություն չունի, և այդպիսի օրինական պահանջի բացակայության պայմաններում պարտավոր էր գործել օրինականության դաշտում։ Ավելին, դատական պաշտպանության իրավունքի ինքնուրույն բաղադրիչի՝ դատարան դիմելու իրավունքի արդյունավետ իրացման համար անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգեր և ընթացակարգեր ապահովելու պարտականությունը կրում է պետությունը, և եթե չկան այդպիսիք կամ թերի են, ապա դա չի կարող մեկնաբանվել կամ ընդունվել ի վնաս քաղաքացու, առավել ևս՝ հանգեցնել քաղաքացու հիմնարար իրավունքների խախտման կամ առնվազն այդ իրավունքների խախտման վտանգ ստեղծել։

3 Անդրադառնալով Դատավորի բացատրությամբ բերված այն պնդմանը, որ ի վերջո դիմողը թիվ ԵԴ2/4975/02/24 գործով դիմումը վերադարձնելու մասին որոշումը բողոքարկել է վերաքննության կարգով, իսկ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշմամբ վերաքննիչ բողոքը մերժվել է և այդ դիմումը ներկայացվել է նույն՝ թիվ ԵԴ2/2506/02/24 գործի շրջանակներում՝ Հանձնաժողովը հարկ է համարել արձանագրել, որ այս կապակցությամբ առկա են էական հանգամանքներ, որոնց բացահայտումը սույն որոշմամբ արգելված է օրենքով, ուստի այս հանգամանքները կներկայացվեն Բարձրագույն դատական խորհրդում՝ վարույթի այս մասը գաղտնիության ռեժիմի ապահովման պայմաններում իրականացվելու պայմաններում։

Բացի այդ Հանձնաժողովը հարկ է համարել նշել, որ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշումը ենթակա չէր բողոքարկման վճռաբեկության կարգով, ուստի այս հանգամանքն ինքնին բացառում է եռաստիճան համակարգի միջոցով ենթադրյալ խախտման վերականգնումը։ Ավելին՝ խոսքն այնպիսի ակնհայտ խախտումների մասին է, որը հանգեցրել է միանգամից երեք հիմնարար առանցքային իրավունքների արդար դատաքննության, անձի անձնական ազատության, ինչպես նաև վատ վերաբերմունքից զերծ մնալու իրավունքների խախտման։ Նման պայմաններում միայն վերաքննության կարգով բողոքարկման ենթակա օրինական ուժի մեջ մտած դատական ակտի առկայությունն ինքնին կարգապահական պատասխանատվությունը բացառող հանգամանք չէ։

Ինչ վերաբերում է «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ-ի կողմից նույն դիմումը հետագայում թիվ ԵԴ2/2506/02/24 գործի շրջանակներում ներկայացնելու փաստարկին, ապա Հանձնաժողովը փաստել է, որ «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ-ն, Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 270.1-րդ հոդվածով նախատեսված իր պարտականությունն իրականացնելու և հոգեբուժական հիվանդանոցային ոչ հոժարակամ բուժման ենթարկված Սասուն Օհանեսի Հակոբյանի շահերի ապահովման տեսանկյունից, Դատարան ներկայացված նախկին բոլոր դիմումները Դատավորին մակագրվելու և նույն հիմքով ոչ օրենքով սահմանված հիմքով վերադարձվելու պայմաններում, ստեղծված իրավիճակից դուրս գալու և հարցին լուծում տալու համար այլ ելք չունենալով հանդերձ դիմել է այլընտրանքային տարբերակին՝ առաջնորդվելով քաղաքացու իրավունքների գերակայության սկզբունքով։

Վերը նշվածի կապակցությամբ Հանձնաժողովը հարկ է համարել կրկին ընդգծել, որ վարույթի հարուցման և սույն որոշման հիմքում ոչ թե դրվել է այն հանգամանքը, որ դիմումը պետք է ներկայացվեր նույն վարույթով կամ առանձին վարույթով, այլ՝ երկու տարբերակով էլ դիմումի ներկայացման դեպքում այն պետք է ընդունվեր վարույթ, քանի որ այդ հիմքով դիմումը վերադարձնելու հիմք առկա չէ։ Այսինքն՝ այն հանգամանքը, որ հետագայում դիմումը ներկայացվել է այս տարբերակով, ինքնին չի կարող փաստել, որ դիմումը պետք է ներկայացվեր այդ տարբերակով և Հաղորդում ներկայացրած անձն ուներ այդպիսի պարտականություն։ Փաստ է, որ երկու դեպքում էլ Դատարանը պետք է գործեր օրինականության շրջանակներում և երկու եղանակներից մեկով ներկայացված դիմումները պետք է ընդուներ վարույթ՝ առանց Հաղորդում ներկայացրած անձին լրացուցիչ պահանջներով ծանրաբեռնելու և առանց քաղաքացու հիմնարար իրավունքներին ոչ իրավաչափ միջամտելու։

4 Դրանից բացի, Հանձնաժողովը, քննարկման առարկա դարձնելով Դատավորի բացատրությամբ նշված պնդումներն առ այն, որ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 270.1-րդ հոդվածի 3-րդ մասը հստակ սահմանում է, որ դիմումը պետք է ներկայացվի այն դատարանին, այսինքն՝ հենց այն նույն գործով, որով կայացվել է հոսպիտալացման վճիռը, Հանձնաժողովն իրեն մեղադրել է սեփական ընկալմամբ նորմի մեկնաբանման համար, Հանձնաժողովն անհրաժեշտ է համարել արձանագրել հատկապես հետևյալը.

Ըստ էության, Դատավորի բացատրությամբ բերված փաստարկներից և մեկնաբանություններից հետևում է, որ հարուցված կարգապահական վարույթի շրջանակներում անվիճելի է այն փաստը, որ թիվ ԵԴ2/2506/02/24 քաղաքացիական գործով Դատարանի 11.04.2024 թվականի վճիռը վերացնելու դիմումը ենթակա էր քննության Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի կողմից, թերևս վիճելի է մնում, «նախկինում վճիռ կայացրած դատարան» եզրույթը «նախկինում վճիռ կայացրած դատավոր» եզրույթի հետ նույնացվելու հանգամանքը։ Այս առումով արդեն իսկ Հանձնաժողովն արտահայտել է իր դիրքորոշումը՝ համարելով, որ Քաղաքացիական դատավորության օրենսգրքի 270.1 հոդվածի 3-րդ մասի նորմը որևէ ողջամիտ տրամաբանությամբ ու մեկնաբանության որևէ կանոնի կիրառմամբ չէր կարող ընկալվել ու կիրառվել որպես նույն դատարանի տարբեր դատավորների կողմից քննված գործերի շրջանակներում դիմումը ներկայացնելու պարտադիր պահանջ։

Այս տեսանկյունից, Հանձնաժողովն առաջին հերթին, ուշադրության արժանի է համարել այն հանգամանքը, որ Դատավորը թիվ ԵԴ2/4487/02/24, թիվ ԵԴ2/4627/02/24, թիվ ԵԴ2/4743/02/24 և թիվ ԵԴ2/4975/02/24 քաղաքացիական գործերով դիմումները վերադարձնելիս կիրառել է Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 127-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը և 270.1-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերը, ուստի, կատարված մեկնաբանությունները պետք է բխեն կոնկրետ դատական ակտերում կիրառված նորմերի բովանդակությունից։ Ընդ որում, անձի միանգամից մի քանի հիմնարար իրավունքներին առնչվելու դեպքում, ցանկացած մեկնաբանություն նախևառաջ պետք է ելնի Սահմանադրության 3-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով նախատեսված՝ մարդու և քաղաքացու հիմնական իրավունքները և ազատությունները հարգելու ու պաշտպանելու հանրային իշխանության պարտականության և դրանցով սահմանափակված լինելու հրամայականներից, և եթե թվարկված նորմերն ակնհայտորեն հիմք չէին հանդիսանում դիմումները վերադարձնելու համար և առկա չէին դիմումները վերադարձնելու կիրառելի նորմեր, ապա որևէ մեկնաբանության մասին խոսք լինել չի կարող, քանի որ մեկնաբանություն կարող էր տրվել կիրառելի իրավանորմերի շուրջ, առավել ևս, երբ կոնկրետ դիմումը վերադարձնելու մասին Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 127-րդ և 268-րդ հոդվածների վերաբերյալ դատական ակտերում մեկնաբանություններ արված չեն։

Միևնույն ժամանակ Հանձնաժողովն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ Դատավորը ներկայացրել է ոչ թե նորմերի մեկնաբանություններ, այլ՝ եզրահանգումներ։ Մասնավորապես՝ Դատական ակտերում նշվել են հետևյալի մասին. «Թիվ ԵԴ2/2506/02/24 վճիռը չի կայացրել այն դատարանը (դատավորը), որին ներկայացվել է սույն դիմումը, այսինքն՝ դիմողը պարտավոր էր սույն դիմումը ներկայացնել թիվ ԵԴ2/2506/02/24 գործի շրջանակներում։ Նման դիմում ներկայացնելու հնարավորությունը պարտավոր է ապահովել էլեկտրոնային համակարգն սպասարկող ընկերությունը»: Հանձնաժողովի համոզմամբ, դատական ակտերում հիշատակված նորմերը փաստացի չեն մեկնաբանվել, իսկ դատական ակտի կազմման մասին Քաղաքացիական դատավարության օրենսգրքի նորմերի պահանջները պարտադիր են համարում նորմի մեկնաբանության դեպքում դրանք դատական ակտերում արտացոլելը՝ որպես դատական ակտի պատճառաբանվածության երաշխիք և դատական իշխանության հեղինակության կարևոր ցուցիչ։ Այս դեպքում Դատավորը սահմանափակվել է նորմերի վկայակոչմամբ ու լոկ միայն եզրահանգումներով, իսկ Հանձնաժողովը նշել է, որ գնահատում է ոչ թե բացատրություններով լրացուցիչ ներկայացված նոր փաստարկները, այլ դատական ակտում տեղ գտած նորմի մեկնաբանությունների մասին Դատավորի դիրքորոշումները, որոնք այս դեպքում բացակայում են։ Հետևաբար՝ նորմի մեկնաբանության վերաբերյալ փաստարկները միայն այս իմաստով հիմնավոր չեն։

Թեև Հանձնաժողովն արդեն իսկ ներկայացրել է Դատավորի եզրահանգումները մեկնաբանությունը հերքող բավարար հիմնավորումներ, այդուհանդերձ, անհրաժեշտ է համարել նաև նշել, որ քաղաքացիադատավարական օրենսդրությունն առանձին դեպքերում օգտագործում է «դատավոր» եզրույթը՝ դրանով իսկ հստակ տարանջատելով և հստակեցնելով այն դեպքերը, երբ խոսքը կարող է գնալ ոչ թե դատարանի, այլ՝ հենց դատավորի մասին։ Մասնավորապես, Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 20-րդ հոդվածի 4-րդ մասը, 26-րդ հոդվածի 8-րդ մասը, 27-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 8-րդ, 9-րդ մասերը, 5-րդ գլուխը, 94-րդ հոդվածի 5-րդ մասը, 119.5-րդ հոդվածի 7-րդ և 8-րդ մասերը, 119.7-րդ հոդվածի 3-րդ, 4-րդ, 5-րդ մասերը, 119.11-րդ հոդվածի 1-ին մասը, 124-րդ և 127-րդ հոդվածները, 142-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը, 144-րդ հոդվածը, 153-րդ հոդվածի 2-րդ և 5-րդ մասերը, 155.2-րդ հոդվածը, 156-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետը, 159-րդ հոդվածի 2.1-րդ մասը, 179-րդ հոդվածի 1-ին մասը, 183-րդ հոդվածի 7-րդ մասը, 189-րդ հոդվածի 3-րդ մասն օգտագործում են «դատավոր» եզրույթը։ Նշվածը ենթադրում է, որ եթե օրենսդիրը նպատակ ունենար նախատեսելու, որ քաղաքացուն հոգեբուժական հիվանդանոցային ոչ հոժարակամ բուժման ենթարկելու վերաբերյալ դատարանի վճիռը վերացնելու դիմումը ներկայացվում է վճիռը կայացրած դատավորին, ապա, ըստ էության, կկիրառեր նույն օրենսգրքում արդեն իսկ օգտագործված «դատավոր» բառը, ինչպես օրինակ՝ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 189-րդ հոդվածի 3-րդ մասը, որտեղ վճիռը կայացնելու համար գործածվել է «գործը քննած դատավոր» բառակապակցությունը։ Միևնույն ժամանակ, Հանձնաժողովը գտել է, որ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 2-րդ մասից հետևում է, որ տվյալ դեպքում դատարանը գործում է գործը միանձնյա քննող այդ դատարանի յուրաքանչյուր դատավորի միջոցով, իսկ այն դեպքերում, երբ օրենսդիրը կիրառել է «դատավոր» հասկացությունը, ապա խոսքը կարող է վերաբերել բացառապես տվյալ դատարանի դատավորին։

Դրանից բացի, Հանձնաժողովը, քննարկելով տվյալ իրավիճակը դատական մեկնաբանություն հանդիսանալու և այդպիսով դատավարական նորմի խախտման բացակայության մասին Դատավորի բացատրությամբ բերված փաստարկը, հարկ է համարել հատկապես արձանագրել հետևյալը.

Հանձնաժողովը նշել է, որ Օրենսգրքի 142-րդ հոդվածի 9-րդ մասի մեկնաբանությունից հետևում է, որ օրենսդիրն արդարադատություն կամ որպես դատարան՝ օրենքով նախատեսված այլ լիազորություններ իրականացնելիս օրենքի մեկնաբանության բոլոր դեպքերում Դատավորին չի ազատում կարգապահական պատասխանատվությունից, քանի որ նորմի մեջ օգտագործում է նաև «ինքնին» բառը, որի բովանդակությունը փոփոխում է նորմի իմաստը հանգեցնելով այն մեկնաբանության, որ անգամ նորմի մեկնաբանության որոշ դեպքերում Դատավորը կարող է ենթարկվել կարգապահական պատասխանատվության, եթե առկա լինեն այլ՝ ուշադրության արժանի, էական ու ծանրակշիռ հանգամանքներ։

Այդպիսի հանգամանքների մասին նշվել է սույն միջնորդության մեջ, մասնավորապես՝ այդպիսի հանգամանքներ են.

Նախ՝ Դատավորը, կիրառած նորմի մեկնաբանություն չի շարադրել դատական ակտերում՝ բավարարվելով զուտ նորմերի վկայակոչմամբ ու իր եզրահանգումներով, երկրորդ՝ առկա չի եղել կոնկրետ այդ գործի փաստերի նկատմամբ կիրառելի պատշաճ նորմ, որը կարող էր ենթարկվել մեկնաբանության, երրորդ՝ առկա չի եղել որևէ այլ դատական ակտով այդ նորմին տրված նույնպիսի մեկնաբանություն, չորրորդ՝ նախկինում առկա էր այդպիսի դիմումների քննության կայուն և հստակ ձևավորված դատական պրակտիկա՝ և՛ առանձին գործով, և՛ նույն գործի շրջանակներում քննության առնվելու մասին, հինգերորդ՝ Քաղաքացիական դատավորության օրենսգրքի 270.1-րդ հոդվածի 3-րդ մասի նորմը որևէ ողջամիտ տրամաբանությամբ ու մեկնաբանության որևէ կանոնի կիրառմամբ չէր կարող ընկալվել ու կիրառվել որպես նույն դատարանի տարբեր դատավորների կողմից քննված գործերի շրջանակներում դիմումը ներկայացնելու պարտադիր պահանջ։

Դատավորի առաջ քաշած տրամաբանությամբ ստացվում է, որ Դատավորը նորմի ցանկացած մեկնաբանության դեպքում ազատված է պատասխանատվությունից, որպիսի մոտեցումը հակասում է դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու նպատակներին ու այս ինստիտուտի էությանը։ Այս դեպքում, երբ Դատավորի մեկնաբանությունները հայտնի չեն եղել դատական ակտերի հասցեատերերին ու հետագայում՝ նաև Հանձնաժողովին, առկա չի եղել դիմումը վերադարձնելու կոնկրետ դեպքի նկատմամբ կիրառելի պատշաճ նորմ և դիմումը պետք է ընդունվեր վարույթ, Հանձնաժողովն օբյեկտիվորեն փաստել է, որ նման փաստական հանգամանքներում Դատավորն ազատված չէ կարգապահական պատասխանատվությունից։

Վերոգրյալի հիման վրա Հանձնաժողովը գտել է, որ Օրենսգրքի 142-րդ հոդվածի 9-րդ մասի երաշխիքը Դատավորի նկատմամբ կիրառելու հիմքեր չկան։

Վկայակոչելով Բարձրագույն դատական խորհրդի 07.06.2021 թվականի թիվ ԲԴԽ-29-Ո-Կ-11 և 07.12.2021 թվականի թիվ ԲԴԽ-64-Ո-Կ-16 որոշումներով արտահայտած դիրքորոշումները՝ վերոշարադրյալի համատեքստում և, հաշվի առնելով, որ Օրենսգրքի 142-րդ հոդվածի 9-րդ մասում օրենսդիրը կիրառել է «ինքնին» բառը, Հանձնաժողովը գտել է, որ կարգապահական պատասխանատվությունից անձեռնմխելիության դեպքում խոսք կարող է լինել միայն դատարանի ողջամիտ մեկնաբանության մասին, բացի այդ, հատկապես դատավարական իրավունքի նորմերի մեկնաբանությունը կարող է թույլատրելի համարվել բացառապես անձի սահմանադրական իրավունքների իրացումը երաշխավորելու համար լրացուցիչ երաշխիքներ տրամադրելու, այսինքն՝ անձի սահմանադրական իրավունքների առավել մեծ պաշտպանությունն ապահովելու պարագայում, և ոչ բնավ հակառակ դեպքում։

Այս տեսանկյունից, Հանձնաժողովը հարկ է համարել անդրադառնալ նաև կարգապահական վարույթի շրջանակներում Հանձնաժողովին հայտնի դատական պրակտիկայի ուսումնասիրության արդյունքներին։

Այսպես, մինչև 02.02.2024 թվականը, երբ քաղաքացուն հոգեբուժական կազմակերպություն ոչ հոժարակամ հոսպիտալացման ենթարկելու վերաբերյալ դիմումները ներկայացվել են նյութական եղանակով, դրանք առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների կողմից «Դատական համակարգ» տեղեկատվական համակարգչային ծրագիր մուտքագրվել են ինչպես քաղաքացուն հոգեբուժական կազմակերպություն ոչ հոժարակամ հոսպիտալացման ենթարկելու դիմումի վերաբերյալ քննված գործի շրջանակներում՝ որպես միջնորդություն (օրինակ՝ թիվ ԵԷԴ/10560/02/21, թիվ ԵԷԴ/9680/02/21, թիվ ԵԷԴ/5293/02/21, թիվ ԵԷԴ/4704/02/21, թիվ ԵԷԴ/3780/02/21, թիվ ԵԷԴ/0230/02/21, թիվ ԵԷԴ/35604/02/20, թիվ ԵԷԴ/35145/02/20, թիվ ԵԷԴ/32862/02/20, թիվ ԵԷԴ/32423/02/20, թիվ ԵԷԴ/23610/02/19 քաղաքացիական գործեր), այնպես էլ՝ որպես նոր գործ (օրինակ՝ թիվ ԵԷԴ/34651/02/21, թիվ ԵԷԴ/28535/02/21, թիվ ԵԷԴ/13175/02/21, թիվ ԵԷԴ/10641/02/21, թիվ ԵԷԴ/10013/02/21 քաղաքացիական գործեր)։ Ընդ որում, Սյունիքի մարզի և Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարաններում հիմնականում վճիռը վերացնելու մասին դիմումները քննվում են առանձին վարույթով։

Հատկանշական է, որ 02.02.2024 թվականից հետո ևս քաղաքացուն հոգեբուժական կազմակերպություն ոչ հոժարակամ հոսպիտալացման ենթարկելու վերաբերյալ էլեկտրոնային համակարգի միջոցով ներկայացված դիմումները մուտքագրվել են ինչպես քաղաքացուն հոգեբուժական կազմակերպություն ոչ հոժարակամ հոսպիտալացման ենթարկելու դիմումի վերաբերյալ քննված գործի շրջանակներում, այնպես էլ՝ առանձին՝ որպես նոր դատական գործ։ Ավելին, որպես առանձին գործ ներկայացված Հանձնաժողովին հայտնի բոլոր՝ թիվ ԵԴ2/4899/02/24, թիվ ԵԴ2/4860/02/24, թիվ ԵԴ2/4851/02/24, թիվ ԵԴ2/4486/02/24, թիվ ԵԴ2/4482/02/24, թիվ ԵԴ2/4446/02/24, թիվ ԵԴ2/4411/02/24, թիվ ԵԴ2/4062/02/24, թիվ ԵԴ2/1136/02/24, թիվ ԵԴ2/1109/02/24, թիվ ԵԴ2/10872/02/24, թիվ ԵԴ2/6321/02/24, թիվ ԵԴ2/5701/02/24, թիվ ԵԴ2/10872/02/24, թիվ ԳԴ/0454/02/24, թիվ ԳԴ/0198/02/24, թիվ ՍԴ/0397/02/24 քաղաքացիական գործերով դիմումներն ընդունվել են վարույթ առաջին ատյանի ընդհանուր իրավասության տարբեր դատարանների կողմից։

Ինչ վերաբերում է թիվ ԵԴ2/7681/02/24, թիվ ԵԴ2/1198/02/24, թիվ ԵԴ2/5517/02/24 քաղաքացիական գործերով դիմումները վերադարձնելուն, ապա դրանք վերադարձվել են բոլորովին այլ հիմքերով (դիմողը հրաժարվել է դիմումից, դիմողը թույլ է տվել դիմումի ձևի ու բովանդակության խախտում և այլն), իսկ թիվ ԵԴ2/3090/02/24 քաղաքացիական գործով դիմումի ընդունումը մերժվել է այն պատճառաբանությամբ, որ ոչ հոժարակամ հոսպիտալացման ժամկետը երկարաձգելու ձևակերպմամբ պահանջը չի կարող քննվել քաղաքացիական դատավարության կարգով, որպիսի հիմքը քննարկվող խնդրի հետ կապ չունի։ Ավելին, անդրադառնալով Դատավորի կողմից մատնանշված թիվ ԵԷԴ/2268/02/21 քաղաքացիական գործով դիմումը և կից փաստաթղթերը վերադարձնելու մասին 01.02.2021 թվականի որոշմանը՝ Հանձնաժողովն արձանագրել է, որ այս դատական ակտով դիմումը վերադարձվել է կրկին այլ հիմքով, մասնավորապես հոժարակամ բուժումը դադարեցնելու վերաբերյալ գործերը հատուկ վարույթի կարգով չքննվելու հիմքով (հարկ է ուշադրություն դարձնել, որ այս դեպքում ևս դիմումը ներկայացվել էր այլ՝ թիվ ԵԷԴ/34767/02/20 քաղաքացիական գործով վճիռը վերացնելու մասին) ավելին՝ դիմումը կրկին ներկայացվելուց հետո այն, այնուամենայնիվ, նույն դատավորի կողմից ընդունվել է վարույթ, ավելին՝ ներկայացված դիմումը բավարարվել է, այսինքն՝ ամեն դեպքում ապահովվել են քաղաքացուն երաշխավորված իրավունքները։

Այդպիսով, կարգապահական վարույթի շրջանակներում ձեռք բերված նյութերի ուսումնասիրությամբ չեն հայտնաբերվել թե´ 1998 թվականին ընդունված Քաղաքացիական դատավարության օրենսգրքի, թե´ 2018 թվականին ընդունված Քաղաքացիական դատավարության օրենսգրքի շրջանակներում առանձին գործի շրջանակներում առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարաններ ներկայացված քաղաքացուն ոչ հոժարակամ հոսպիտալացման ենթարկելու վերաբերյալ վճիռը վերացնելու դիմումը նույն հիմքով վերադարձնելու մասին թիվ ԵԴ2/4487/02/24, թիվ ԵԴ2/4627/02/24, թիվ ԵԴ2/4743/02/24, թիվ ԵԴ2/4975/02/24 գործերով կայացված դատական ակտերից բացի այլ դատական ակտեր։

5 Ինչ վերաբերում է «ձև» եզրույթի ստուգաբանական բովանդակության վերաբերյալ Դատավորի կողմից բերված պնդումներին, ապա դրանք ամբողջությամբ հերքվում են սույն միջնորդությամբ Հանձնաժողովի կատարած իրավական վերլուծություններով առ այն հայցադիմումի «ձև» ու «բովանդակություն» հասկացությունների նշանակությունը հստակ բացահայտված են Քաղաքացիական դատավարության օրենսգրքով, և դրանք բացի Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 121-րդ, 122-րդ և 268-րդ հոդվածներով սահմանված բովանդակություններից, իրավաբանորեն այլ կերպ ընկալվել չեն կարող։

6 Ինչ վերաբերում է Դատավորի այն փաստարկներին, որոնք վերաբերում են այն հանգամանքին, որ վճռի վերացման նման դիմումները չեն քննվում հատուկ վարույթի դիմումների քննության կարգով, ապա Հանձնաժողովը հարկ է համարել ընդգծել, որ ինչպես դատական պրակտիկան, այնպես էլ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 35-րդ գլխի կարգավարումներից հետևում է, որ խոսքը ոչ թե միջնորդության, այլ՝ դիմումի մասին է, որի վերաբերյալ սահմանված է քննության հստակ կարգ, ավելին՝ դիմումի քննությունն ամփոփվում է վճռով, ինչը ևս մեկ անգամ փաստում է դիմումի նկատմամբ հատուկ վարույթի ընթացակարգերի կիրառման մասին։

Միաժամանակ Հանձնաժողովն ընդգծել է, որ, եթե Դատավորը գտնում է, որ այն ենթակա չէր քննության հատուկ վարույթի կարգով, ապա այդ դեպքում պետք է կայացվեր դիմումի ընդունումը մերժելու մասին որոշում, այնինչ, դիմումը վերադարձնելով բոլորովին այլ նորմերի կիրառմամբ, Դատավորն ըստ էության կողմին ընձեռել էր այն կրկին ներկայացնելու հնարավորություն։

Ավելին, Հանձնաժողովն ընդգծել է, որ կարգապահական վարույթի համար էական են եղել դատական ակտերի պատճառաբանությունները, իսկ այդպիսի պատճառաբանություններ ու դիմումները վերադարձնելու հիմքեր դատական ակտերը չեն բովանդակել, ուստի փաստարկը խնդրին վերաբերելի չէ առհասարակ։

Ընդ որում, իր իսկ բացատրություններում Դատավորը քննարկում է հատուկ վարույթի առանձնահատկությունները և ներկայացնում է այդ վարույթի վերաբերյալ իր մոտեցումները, սակայն մյուս կողմից պնդում է, որ վճիռը վերացնելու դիմումը հատուկ վարույթի կարգով քննության ենթակա դիմում չէ։

Դատավորը նշել է, որ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-րդ հոդվածով նման վարույթի տեսակ սահմանված չէ, այնինչ Հանձնաժողովը համաձայն չէ այս դիտարկման հետ, քանի որ այս հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն՝ դատարանը հատուկ վարույթի կարգով քննում է անձին հոգեբուժական կազմակերպություն ոչ հոժարակամ հոսպիտալացման ենթարկելու վերաբերյալ գործերը, իսկ օրենսգրքի 35-րդ գլուխը կոչվում է «քաղաքացուն հոգեբուժական կազմակերպություն ոչ հոժարակամ հոսպիտալացման ենթարկելու վերաբերյալ գործերի վարույթ»։ Այս գլխում կարգավորված են ինչպես քաղաքացուն հոգեբուժական կազմակերպություն ոչ հոժարակամ հոսպիտալացման ենթարկելու դիմումի, այնպես էլ քաղաքացուն հոգեբուժական կազմակերպություն ոչ հոժարակամ հոսպիտալացման ենթարկելու դիմումի հիման վրա կայացված վճիռը վերացնելու դիմումի ներկայացման հարաբերությունները։ Ասվածից ակնհայտ է, որ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի իմաստով հատուկ վարույթով քննվում են նաև «քաղաքացուն հոգեբուժական կազմակերպություն ոչ հոժարակամ հոսպիտալացման ենթարկելու վերաբերյալ գործերի վարույթ» անվանմամբ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 35-րդ գլխի 270.1-րդ հոդվածով սահմանված կարգով ներկայացվող դիմումները։ Այս մասին է վկայում նաև ձևավորված դատական պրակտիկան, որը մինչ օրս, հատկապես՝ մարզային դատարաններում շարունակվում է։

Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ հենց նման վարույթի տեսակ նախատեսված չլինելու պատճառով էլ Արդարադատության նախարարությունը նախաձեռնել է փոփոխություններ կատարել Քաղաքացիական դատավարության օրենսգրքում, մասնավորապես՝ 28.10.2024 թվականի թիվ N/30.2/43484-2024 գրությամբ նաև ՀՀ դատավորներին է ներկայացրել «Քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագծի փաթեթը, որով արդեն նախատեսվում է, որ դատարանը 35-րդ գլխով սահմանված կարգով քննում է նաև այդ գործերը, ապա Հանձնաժողովն ընդգծել է, որ. նախ՝ ինքնին նման նախագծի առկայությունը հիմք չէ փաստելու, որ փոփոխությունը կատարվում է հենց այդ նպատակով, քանի որ փոփոխությունները կատարվում են նաև դատական պրակտիկայում առկա անորոշությունները վերացնելու համար, իսկ այս դեպքում նման գործերը քննվում են և՛ նույն գործի շրջանակներում, և՛ առանձին, ուստի հարկ է հստակեցնել և որոշակիացնել դատական պրակտիկան, երկրորդ՝ այդ փոփոխությունը միայն այս հարցին չի վերաբերում և հիմնականում նպատակաուղղված է այլ անձանց, այդ թվում քաղաքացուն ևս վճիռը վերացնելու դիմում ներկայացնելու հնարավորություն ընձեռելուն, որպիսի պայմաններում օրենքով սահմանվելու է հատուկ ընթացակարգ, երրորդ՝ խոսքը նախագծի մասին է, այլ ոչ թե օրենքի, ինչը նշանակում է, որ նախագիծը դեռևս քննարկման փուլում է, և դեռ պարզ չէ դրա ընթացքը, ուստի այն իրավական նշանակություն ունենալ չի կարող։

Այսպիսով, վերոշարադրյալի հաշվառմամբ և նման պայմաններում Հանձնաժողովը մեկ անգամ ևս փաստել է, որ բացակայում է քաղաքացուն հոգեբուժական հիվանդանոցային ոչ հոժարակամ բուժման ենթարկելու վերաբերյալ դատարանի վճիռը վերացնելու՝ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 270.1-րդ հոդվածով սահմանված դիմումը նույն գործի շրջանակներում նույն դատավորին ներկայացնելու իրավական հիմքը՝ այդպիսով չհամաձայնելով բացատրությամբ Դատավորի ներկայացրած և վերը շարադրված փաստարկների հետ։

Ամփոփելով վերը նշված փաստերը՝ Հանձնաժողովը գտել է, որ քննարկվող դեպքում առկա են Սահմանադրության 25-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի, 27-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, 61-րդ հոդվածի 1-ին մասի, 63-րդ հոդվածի 1-ին մասի, 75-րդ հոդվածի, Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետի, 6-րդ հոդվածի 1-ին մասի, 13-րդ հոդվածի, Օրենսգրքի 8-րդ հոդվածի 1-ին մասի, Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 121-րդ, 122-րդ, 125-րդ, 127-րդ, 270.1-րդ հոդվածների, ինչպես նաև Օրենսգրքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերի դրույթների խախտման հատկանիշներ։

Հանձնաժողովն ընդգծել է, որ կախված իրավախախտման հետևանքից, այն տարաբնույթ անդրադարձ կարող է ունենալ պետության իրավակարգի գործառնական խնդիրների լուծման վրա։ Այն բոլոր դեպքերում, երբ իրավունքի խախտումն առաջ չի բերում որևէ սուբյեկտիվ իրավունքից զրկում կամ դրա սահմանափակում, ինչպես նաև իրավունքի սուբյեկտի մոտ չի առաջացնում օրենքով չնախատեսված պարտականություններ կամ այդպիսիք առաջանալու հնարավորություն, ապա իրավունքի նման խախտումը զանցակազմի նյութական բաղադրիչի առկայության պայմաններում Օրենսգրքի 142-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով կարող է որակվել որպես նվազ կարևորություն ունեցող և դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմք չհանդիսացող, թեկուզև այն առերևույթ պարունակել է կարգապահական խախտում համարվող արարքի հատկանիշներ։

Վերը շարադրված վերլուծությունների համատեքստում Հանձնաժողովը վարույթի բազմակողմանի և օբյեկտիվ քննությունը երաշխավորելու նպատակով հարկ է համարել պարզել, թե արդյոք առկա են Դատավորի օգտին վկայող հանգամանքներ, թե՝ ոչ։ Այսպես,

1 Սույն որոշմամբ Դատավորին վերագրված խախտումների քանակը (խոսքը բազմաթիվ օրենսդրական, սահմանադրական և միջազգային նորմերի խախտման մասին է), դրանց բնույթն ու նշանակությունը (խոսքը միանգամից մի քանի հիմնարար իրավունքի խախտման մասին է) Հանձնաժողովի համոզմամբ էական են արձանագրելու, որ, ի թիվս այլնի, դա արդեն իսկ հեղինակազրկել է դատական իշխանությունը։

2 Դատավորի կողմից թույլ տրված խախտումները թվով 4 անգամ կրկնելու և ընթացքում իր իսկ խախտումը չուղղելու հանգամանքը Հանձնաժողովը համարում է դատական իշխանությունը հեղինակազրկող երևույթ, քանի որ Դատավորը, տեսնելով, որ ամեն դեպքում Հաղորդում ներկայացրած անձի մոտ չի ստացվում էլեկտրոնային եղանակով որևէ այլ կերպ դիմումը դատարան ներկայացնել, պետք է առաջնորդվեր քաղաքացու հիմնարար իրավունքների գերակայությամբ՝ անտեսելով էլեկտրոնային համակարգի հնարավոր խնդիրները։ Հանձնաժողովի համոզմամբ, այս իրավիճակում 2- րդ, 3-րդ կամ 4-րդ անգամ դիմումը կրկին ներկայացվելու պայմաններում Դատավորն ամեն դեպքում ուներ հնարավորություն իր իրավասության սահմաններում լուծելու հարցը՝ դիմումը վարույթ ընդունելով և քննելով ըստ էության՝ անկախ այն հանգամանքից, թե ինչ որոշումներ էր այդ հարցով կայացրել օրեր առաջ, քանի որ արդարադատության գերնպատակն ի վերջո քաղաքացու իրավունքների ու հիմնարար ազատությունների պաշտպանությունն է։

3 17.10.2024 թվականի թիվ 1899/24 գրությամբ Հաղորդում ներկայացրած անձը հայտնել է, որ թիվ ԵԴ2/4487/02/24, թիվ ԵԴ2/4627/02/24, թիվ ԵԴ2/4743/02/24, թիվ ԵԴ2/4975/02/24 դատական գործերով անցնող անձը, տվյալ դեպքում քաղաքացի Սասուն Օհանեսի Հակոբյանն է, ով նշված գործերով դիմումները ներկայացնելուց հետո հոգեբուժական կազմակերպությունում գտնվել է սկսած 07.06.2024 թվականից մինչև 30.08.2024 թվականը։ Սասուն Օհանեսի Հակոբյանը հոգեբուժական կազմակերպությունից դուրս է գրվել 30.08.2024 թվականին՝ հոգեբուժական կազմակերպություն ոչ հոժարակամ հոսպիտալացման ենթարկելու մասին Դատարանի 11.04.2024 թվականի թիվ ԵԴ2/2506/02/24 վճիռը վերացնելու մասին 30.08.2024 թվականի՝ դատարանի կողմից կայացված թիվ ԵԴ2/2506/02/24 վճռի հիման վրա։

Այսինքն՝ այս հաշվարկով ստացվում է, որ դիմումը Դատավորի կողմից դիմումները վարույթ չընդունվելու և չքննվելու պատճառով քաղաքացին հոգեբուժական հաստատությունում փաստացի շարունակել է մնալ մոտ 2 ամիս 24 օր (այս եզրահանգման հիմքում դրված է նաև այն հանգամանքը, որ դատարանի 30.08.2024 թվականի վճռով հաստատվել է, որ ներկայացված դիմումը եղել է հիմնավոր)։ Ընդ որում, եթե հաշվի առնվի, որ դիմումը վարույթ ընդունվելուց հետո այն դեռ պետք է քննվեր ու վճիռ կայացվեր, ապա այս հաշվարկից կարող ենք նվազեցնել մոտավորապես 10 օր (սա բավականին երկար ժամանակահատված է, օրինակ՝ նույն քաղաքացու վերաբերյալ վճիռը դատավոր Լ. Սաղոյանի վճռով կայացվել է դիմումը մակագրվելուց 4 օր հետո)։ Արդյունքում՝ Հանձնաժողովը փաստել է, որ առնվազն 2 ամիս, 2 շաբաթ Ս. Հակոբյանը գտնվել է անազատության մեջ, որն էլ համարվում է վերջինիս արդար դատաքննության իրավունքի, անձնական ազատության, ինչպես նաև վատ վերաբերմունքից զերծ մնալու իրավունքների խախտումների տևողությունը։ Այս առումով ևս ակնհայտ է, որ դատական իշխանությունը հեղինակազրկվել է։

Միաժամանակ Հանձնաժողովն ընդգծել է, որ հոգեբուժական հաստատությունում քաղաքացու տևական ժամանակ մնալն ուղղակիորեն կապված է Դատավորի գործողությունների հետ, քանի որ Դատարանի 30.04.2024 թվականի վճռի առկայության պայմաններում Հանձնաժողովն այլևս հաստատապես արձանագրում է, որ եթե դիմումները չվերադարձվեին ու ընդունվեին վարույթ և քննվեին, ապա այն բավարարվելու էր՝ հիմնավոր լինելու հիմքով, և քաղաքացին ազատ էր արձակվելու։ Ընդ որում, ցանկացած դեպքում հետևանքների ռիսկը կրում է Դատավորը, ով նախքան որևէ դատավարական գործողություն կատարելը պետք է կանխատեսեր իր գործողություններից և օրենքից բխող հնարավոր բոլոր բացասական հետևանքները և պետք է գիտակցեր դրանց ծանրության աստիճանը։

4 24.01.2025 թվականին ստացվել է Հաղորդում ներկայացրած անձի դիմումը, որով ի լրումն Հանձնաժողովի 08.10.2024 թվականի թիվ ԴԴ-Ե-7768 գրության հիման վրա ներկայացված փաստաթղթերի՝ իրենց կողմից ներկայացված հաղորդման հիման վրա հարուցված թիվ N-Կ-8/2024 կարգապահական վարույթի լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի ուսումնասիրությունն ապահովելու և հնարավորության սահմաններում դրան աջակցելու նպատակով, միևնույն ժամանակ հաշվի առնելով թիվ N-Կ-8/2024 կարգապահական վարույթի գաղտնիության հանգամանքը, ներկայացվել է 06.06.2024 թվականից մինչև 30.08.2024 թվականը (առաջին անգամ վճիռը վերացնելու համար դատարան դիմելուց հետո մինչև դուրսգրումը) Սասուն Հակոբյանի՝ հոգեբուժական բաժանմունքում գտնվելու ամբողջ ընթացքում ստացած դեղորայքի վերաբերյալ տեղեկանք՝ հիվանդության պատմագրից, ինչպես նաև բուժվող բժշկի կողմից վերջինիս ապրումների, հույզերի և հոգեկան վիճակի վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն։

Հաղորդում ներկայացրած անձը տեղեկացրել է, որ նշված դեպքի հետ կապված Սասուն Հակոբյանի մայրը, դիմում-բողոք է ներկայացրել ՄԻՊ աշխատակազմին՝ հայտնելով, որ իր որդին անհիմն պահվում է «ՀԱՊԱԿ» ՓԲԸ-ում և հոգեբուժարանի անձնակազմը պնդում է, որ չունի իրավական մեխանիզմներ անձին դուրս գրելու՝ առանց դատարանի համապատասխան որոշման։ Դիմում-բողոքով բարձրացված հարցը գտնվել է ՄԻՊ անմիջական ուշադրության ներքո, հարուցվել է վարույթ և այն նույնիսկ իրավական ու ոլորտի հետ առնչություն ունեցող անձանց շրջանակներում քննարկման առարկա է դարձվել։ Մասնավորապես, Ծաղկաձորում սեպտեմբերի 27-28-ն անցկացվել է «Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց ոչ հոժարակամ բուժման ենթարկելու, ինչպես նաև նրանց նկատմամբ բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ կիրառելու դատավարական ընթացակարգերում առաջացող խնդիրները» թեմայով քննարկում։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «ՀԱՊԱԿ» ՓԲԸ-ն ՄԻՊ աշխատակազմում հարուցված վարույթի շրջանակներում կողմ չի հանդիսանում և չունի նշված վարույթի նյութերը ՄԻՊ աշխատակազմից ստանալու իրավական հնարավորություն, միևնույն ժամանակ, հիմք ընդունելով հարուցված կարգապահական վարույթի գաղտնիությունը, Հաղորդում ներկայացրած անձը միջնորդել է կարգապահական վարույթի լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի ուսումնասիրությունն ապահովելու նպատակով դիմել ՄԻՊ աշխատակազմ և ստանալ Սասուն Հակոբյանի վերաբերյալ հարուցված վարույթի ամբողջ նյութերը։

Ըստ Հաղորդում ներկայացրած անձի կողմից Հանձնաժողովում 24.01.2025 թվականին ստացված դիմումին կից տրամադրված 24.01.2025 թվականի տեղեկանքի՝ Սասուն Օհանեսի Հակոբյանը «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ-ում թիվ ԵԴ2/2506/02/24 քաղաքացիական գործով Դատարանի 11.04.2024 թվականի վճռի հիման վրա ոչ հոժարակամ բուժում է ստացել 11.04.2024 թվականից մինչև 30.08.2024 թվականը։ Վերջինիս հոգեկան վիճակն ստացած բուժման ընթացքում 06.06.2024 թվականից կարգավորվել է, ակտիվ հոգեախտանիշները կորցրել են իրենց ակտուալությունը, վտանգավորությունն իր և շրջապատի համար վերացել է, քննադատական ունակություններն իր հոգեկան վիճակի նկատմամբ վերականգնվել են։ 06.06.2024 թվականից մինչև 30.08.2024 թվականը (առաջին անգամ վճիռը վերացնելու համար դատարան դիմելուց հետո մինչև դուրսգրումը) Սասուն Հակոբյանը հոգեբուժական բաժանմունքում գտնվելու ամբողջ ընթացքում՝ գրեթե երեք ամիս, շարունակել է ստանալ դեղորայքային բուժում։

Ամեն անգամ, երբ դատարանը հետ է վերադարձրել «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ-ի դիմումը, Սասուն Հակոբյանը տխրել է, անհանգստացել, որ չի կարող դուրս գրվել հիվանդանոցից, փորձել է հետաքրքրվել, դիմել իրավաբանի խորհրդակցության, տեղեկացված լինել ամեն մանրուքով, ներգրավված է եղել գործընթացի մեջ և ամեն օր սպասել է դատարանի պատասխանին։

Վերը շարադրված փաստերից հետևում է, որ քաղաքացին անընդհատ գտնվել է անհանգիստ վիճակում, ունեցել է օրինական սպասելիք, որ օրենքով սահմանված կարգով, ինչպես մյուս քաղաքացիների վերաբերյալ դիմումները, իրենը ևս կստանա պատշաճ ընթացք, սակայն տևական ժամանակ չի ստացել իր հարցի պատասխանը՝ կրելով հոգեբանական որոշակի ցավ։

Բացի այդ հաստատվել է, որ այդ ընթացքում քաղաքացին շարունակել է ստանալ դեղորայքային բուժում, ինչը ևս կարող էր ազդել վերջինիս առողջական և հոգեկան վիճակի վրա։

Վերը շարադրված փաստերը ևս հիմք են փաստելու, որ դատական իշխանությունը հեղինակազրկվել է։

5 Մարդու իրավունքների պաշտպանը Ս. Հակոբյանի ազատության իրավունքի խախտման կապակցությամբ դեռևս 28.09.2024 թվականին սույն կարգապահական վարույթի առիթ հանդիսացած արարքների վերաբերյալ հանդես է եկել «Շուրջ երեք ամիս, առանց ստացիոնար բուժման անհրաժեշտության հիմնավորվածության, անձը պահվել է հոգեբուժական կազմակերպությունում, առերևույթ խախտվել է նրա անձնական ազատության իրավունքը» խորագրով հայտարարությամբ հաստատված է համարել, որ վերոնշյալ իրավական հիմքերի բացակայության պայմաններում անձին հոգեբուժական կազմակերպությունում պահելը կարող է հանգեցնել Կոնվենցիայով նախատեսված անձնական ազատության իրավունքի խախտման:

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Հանձնաժողովում 03.02.2024 թվականին ստացված իր՝ 31.01.2025 թվականի թիվ 01/143/533-2025 գրությամբ հայտնել է, որ «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ-ի նախկին բուժառու Սասուն Հակոբյանի մայրը՝ Էվոն Արնովեդին, 17.06.2024 թվականին Պաշտպանին ներկայացված բողոքով հայտնել է, որ Դատարանը 11.04.2024 թվականին վճիռ է կայացրել որդուն ոչ ավելի, քան վեց ամիս ժամկետով հոգեբուժական կազմակերպությունում ոչ հոժարակամ հոսպիտալացման և բուժման ենթարկելու վերաբերյալ։

Է. Արնովեդիի տեղեկացմամբ՝ 06.06.2024 թվականին հոգեբուժական հանձնաժողովային զննությամբ արձանագրվել է, որ Ս. Հակոբյանի հոգեկան առողջության վիճակում առկա է դրական դինամիկա և վերջինս այլևս հոգեբուժական հիվանդանոցային բուժման կարիք չունի։

(...) Փաստացի Ս. Հակոբյանը շարունակել է մոտ 2 ամիս 24 օր պահվել անազատության մեջ՝ հոգեբուժական կազմակերպությունում, այն պարագայում, երբ հոգեբուժական հանձնաժողովն արձանագրել է, որ այլևս Ս. Հակոբյանը ստացիոնար բուժման անհրաժեշտություն չունի։

Ավելին, այդ ընթացքում Ս. Հակոբյանի մայրը՝ Էվոն Արնովեդին, պարբերաբար ահազանգել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ՝ հայտնելով իր մտահոգությունը 44-օրյա մարտական գործողությունների ընթացքում գանգուղեղային վնասվածք ստացած որդու հոգեբուժական հաստատությունում տևական ժամանակ առանց դրա անհրաժեշտության պահելու, և դրանով իսկ վերջինիս մոտ հոգեբանական լարվածություն ստեղծելու կապակցությամբ։

(...) համաձայն սույն գործի փաստական հանգամանքների՝ դեռևս 07.06.2024 թվականի հոգեբուժական-հանձնաժողովային զննությամբ արձանագրվել է, որ Ս. Հակոբյանի առողջության վիճակում առկա է դրական դինամիկա և չունի հիվանդանոցային բուժման անհրաժեշտություն, սակայն դատարանի կողմից հոգեբուժական կազմակերպության դիմումը վերադարձնելու պարագայում մոտ երեք ամիս առանց բավարար իրավական հիմքերի պահվել է հոգեբուժական կազմակերպությունում անազատության մեջ, ինչը ՄԻԵԴ-ի իրավական դիրքորոշումների լույսի ներքո հանգեցրել է պետության պոզիտիվ պարտականությունների և անձի այնպիսի հիմնարար իրավունքների խախտման, ինչպիսիք են անձնական ազատության, ինչպես նաև վատ վերաբերմունքից զերծ մնալու իրավունքները։

Թեև «Մարդու իրավունքների պաշտպանի» մասին սահմանադրական օրենքի 24-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված իրավակարգավորման ուժով Պաշտպանն իրավասու չէ միջամտելու դատական վարույթին կամ դատավորների լիազորությունների իրականացմանը կոնկրետ գործով, այնուամենայնիվ հաշվի առնելով մարդու իրավունքների տեսանկյունից նշված պրակտիկայի հետևանքների լրջությունը՝ Մարդու իրավունքների պաշտպանը Ս. Հակոբյանի ազատության իրավունքի խախտման կապակցությամբ դեռևս 28.09.2024 թվականին հանդես է եկել հրապարակային հայտարարությամբ։

Վերը շարադրված փաստական տեղեկություններից հետևում է, որ մարդու իրավունքների պաշտպանության իրականացման առաքելությամբ զբաղվող Մարդու իրավունքների պաշտպանը ևս արձանագրել, դատապարտել ու բացասական է համարել քաղաքացու թվարկված հիմնարար իրավունքների խախտմամբ պայմանավորված Դատավորի կայացրած դատական ակտերի արդյունքում առաջացած հետևանքները։ Ընդ որում, տրամադրված տեղեկություններից հաստատվել է, որ բացասական հետևանքները տարածվել են նաև քաղաքացու մոր նկատմամբ, ով պարբերաբար ահազանգել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ՝ հայտնելով իր մտահոգությունը 44-օրյա մարտական գործողությունների ընթացքում գանգուղեղային վնասվածք ստացած որդու հոգեբուժական հաստատությունում տևական ժամանակ առանց դրա անհրաժեշտության պահելու, և դրանով իսկ վերջինիս մոտ հոգեբանական լարվածություն ստեղծելու կապակցությամբ։ Արդյունքում, Դատավորի կողմից թույլ տրված խախտումները հանգեցրել են ոչ միայն քաղաքացու հիմնարար իրավունքների տևական խախտման, այլև չեն արդարացրել դատական իշխանության հետ կապված ինչպես այդ քաղաքացու, այնպես էլ նրա ճակատագրով հետաքրքրված ծնողի օրինական սպասելիքները՝ պատճառելով որոշակի հոգեբանական տառապանք կամ ցավ։

Վերը նշվածներն, անշուշտ, իրենց հերթին ընդգծում են ինչպես խախտման առկայությունն ու ակնհայտ լինելը, այնպես էլ դրա հետևանքով դատական իշխանության հեղինակազրկումը։

Ամբողջ վերոգրյալի հիման վրա Հանձնաժողովն ընդգծել է, որ Դատավորի կողմից թույլ տրված խախտումները չունեն նվազ կարևոր նշանակություն, ավելին՝ վերը թվարկված փաստերն իրենց համակցության մեջ վկայում են ոչ միայն դատական իշխանության, այլև Դատավորի բարձր դերի հեղինակազրկման մասին, որի պարագայում դատական իշխանության նկատմամբ հասարակության վստահությունն առնվազն վտանգվել է, ուստի Հանձնաժողովը գտել է, որ առկա չէ Օրենսգրքի 142-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված հիմքը։

Անդրադառնալով Դատավորի կողմից թույլ տրված կարգապահական խախտման մեղքի ձևին՝ Հանձնաժողովն անհրաժեշտ է համարել արձանագրել հետևյալը.

Վկայակոչելով Օրենսգրքի 142-րդ հոդվածի 1-ին, 4-րդ, 5-րդ մասերը, 147-րդ հոդվածի 5-րդ մասը, 148-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հանձնաժողովը նշել է, որ Դատավորի կողմից թույլ տրված կարգապահական խախտման նկատմամբ վերջինիս հոգեբանական վերաբերմունքը և ըստ այդմ՝ մեղքի ձևը գնահատելու համար ելակետային է համարում վերջինիս բացատրությամբ հայտնված տեղեկություններն առ այն, Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-րդ հոդվածը սահմանում է հատուկ վարույթի կարգով քննվող այն գործերի սպառիչ ցանկը, որում առկա չէ «Քաղաքացուն հոգեբուժական կազմակերպություն ոչ հոժարակամ հոսպիտալացման ենթարկելու վերաբերյալ վճիռը վերացնելու» վարույթի տեսակ։ Հենց նման վարույթի տեսակ նախատեսված չլինելու պատճառով էլ Արդարադատության նախարարությունը նախաձեռնել է փոփոխություններ կատարել Քաղաքացիական դատավարության օրենսգրքում, մասնավորապես՝ 28.10.2024 թվականի թիվ N/30.2/43484-2024 գրությամբ նաև ՀՀ դատավորներին է ներկայացրել «Քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագծի փաթեթը, որով արդեն նախատեսվում է, որ դատարանը 35-րդ գլխով սահմանված կարգով քննում է նաև այդ գործերը։

Ըստ Դատավորի՝ վերոգրյալը վկայում է այն մասին, որ Հանձնաժողովի պնդումները չունեն իրավական հիմնավորում և չեն բխում գոյություն ունեցող իրավակարգավորումներից։ Հետևաբար այդ պնդումները չեն կարող լինել միանշանակ և այդպիսի պատճառաբանությամբ ունենալ կյանքի իրավունք։ Ինչպես նաև Համակարգն սպասարկող ընկերության և Դատական դեպարտամենտի կողմից տրված տեղեկատվությամբ, մի կողմից հերքվում է Հանձնաժողովի դիրքորոշումը, իսկ մյուս կողմից հաստատվում է, որ քաղաքացուն հոգեբուժական հիվանդանոցային ոչ հոժարակամ բուժման ենթարկելու վերաբերյալ դատարանի վճիռը վերացնելու դիմումները պրակտիկայում ներկայացվում են և՛ որպես առանձին վարույթ, և՛ նույն գործի շրջանակներում, որպիսի պրակտիկայի առկայությունը պայմանավորված է նրանով, որ Քաղաքացիական դատավարության օրենսգիրքն այդ հարցը չի կարգավորել և դիմողները վերացման դիմումները երկու եղանակով էլ ներկայացնում են։

Դատավորի վերը նշված փաստարկների համատեքստում Հանձնաժողովն ակնհայտ է համարել, որ Դատավորը չնայած ծանոթ է եղել քաղաքացուն հոգեբուժական հիվանդանոցային ոչ հոժարակամ բուժման ենթարկելու վերաբերյալ դատարանի վճիռը վերացնելու դիմումներն առանձին վարույթի շրջանակներում ներկայացնելու առնչությամբ ձևավորված դատական պրակտիկային՝ այդպիսով նաև քաջածանոթ լինելով դրանք առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների կողմից վարույթ ընդունվելու և քննվելու վերաբերյալ առկա դատական պրակտիկային, սակայն դատական ակտերում ներկայացրել է իր թվացյալ իրավաչափ եզրահանգումները։ Այսինքն՝ Դատավորը չի գիտակցել իր վարքագծի ոչ իրավաչափ բնույթը, թեև տվյալ իրադրությունում ակնհայտորեն կարող էր և պարտավոր էր կայացնել դիմումը վարույթ ընդունելու մասին որոշում։

Այսպիսով, Հանձնաժողովը գտել է, որ Դատարանի դատավոր Աշոտ Հովհաննիսյանը թույլ է տվել վերը շարադրված իրավունքի նորմերի և դատավորի վարքագծի կանոնների խախտումներ, որոնք վերջինս կատարել է կոպիտ անփութությամբ։

Միաժամանակ Հանձնաժողովը, հարգելով Դատավորի կարգավիճակն ու գիտակցելով վերջինիս հեղինակությունը բարձր պահելու իր պարտականությունը, ընդգծել է, որ Դատավորի վերաբերյալ սույն որոշմամբ արձանագրված պնդումները, դիրքորոշումները և այլն, այդ թվում՝ խախտումների մասին եզրահանգումները, արվել են իր լիազորությունների շրջանակներում և զուտ իր դատողությունների արդյունքում՝ վարույթի համար էական փաստերի գնահատման և իրավունքի նորմերի մեկնաբանության սեփական ընկալման արդյունքների համաձայն՝ հաշվի առնելով, որ խախտումները Դատավորի կողմից թույլ տրված լինելու փաստը կարող է վերջնականապես հաստատել բացառապես Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը քննող դատարանը՝ Բարձրագույն դատական խորհուրդը։

Նշանակված դատական նիստում Հանձնաժողովի ներկայացուցիչները պնդել են ներկայացված միջնորդությունը:

 

3 Դատավորի դիրքորոշումը հարուցված կարգապահական վարույթի վերաբերյալ.

Դատավորը հարուցված կարգապահական վարույթի ընթացքում Հանձնաժողովում 21.01.2025 թվականին ստացված գրավոր բացատրությամբ հայտնել է, որ քաղաքացու 85 օր հոգեբուժական կազմակերպությունում մնալը որևէ պատճառահետևանքային կապի մեջ չէ իր կողմից դիմումը վերադարձնելու հետ։

Դատավորը նախևառաջ փաստել է, որ չնայած այն հանգամանքին, որ քաղաքացուն հոգեբուժական կազմակերպությունից դուրս գրելը դատական վերահսկողության հարց է և նման դիմումի առկայությունն ինքնին չի ենթադրում, որ այն հիմնավոր է և բավարարման ենթակա, այնուամենայնիվ հարկ է համարել քննարկման առարկա դարձնել Հանձնաժողովի կողմից կատարված պնդման իրավաչափության հարցը։

Բացատրությամբ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 270-րդ, 270.1– րդ հոդվածների նորմերի կարգավորումից հետևություն է կատարել, որ այն դեպքում, երբ դատարանն անձին ենթարկել է ոչ հոժարակամ հոսպիտալացման կոնկրետ ժամկետով և մինչև այդ ժամկետը լրանալն այդ անձն ապաքինվում է, ապա միայն այդ դեպքում է բժշկական կազմակերպությունը պարտավոր վճիռը վերացնելու դիմում ներկայացնել դատարան, իսկ մնացած բոլոր դեպքերում պարտավոր է անհապաղ անձին դուրս գրել։ Այսինքն՝ եթե դատարանը չի սահմանել հարկադիր բուժման կոնկրետ ժամկետ, ապա բժշկական կազմակերպությունը քաղաքացու ապաքինվելու դեպքում առանց դատարան դիմելու պետք է հիվանդին դուրս գրի։ Թիվ ԵԴ2/2506/02/24 գործով կայացված և օրինական ուժի մեջ մտած վճռով Սասուն Օհանեսի Հակոբյանը ենթարկվել է ոչ հոժարակամ հոսպիտալացման՝ մինչև ապաքինվելը, բայց ոչ ավել քան վեց ամիս։ Այսինքն՝ մինչև ապաքինվելը, այլ ոչ թե կոնկրետ ժամկետով։

Դատավորը նշել է, որ վարույթում առկա նյութերը փաստում են, որ դեռևս 07.06.2024 թվականից առկա է եղել հոգեբուժական հանձնաժողովի եզրակացություն, համաձայն որի՝ Սասուն Օհանեսի Հակոբյանն ապաքինվել է։ Այսինքն՝ բժշկական կազմակերպությունը պարտավոր էր անհապաղ դուրս գրել Սասուն Օհանեսի Հակոբյանին։ Մինչդեռ դուրս է գրել միայն 30.08.2024 թվականին։ Բժշկական կազմակերպությունը, լինելով օրինական ուժի մեջ մտած դատական ակտի հասցեատեր, չի կատարել թիվ ԵԴ2/2506/02/24 գործով կայացված և օրինական ուժի մեջ մտած վճռով սահմանված պարտավորությունը, այն է՝ Սասուն Օհանեսի Հակոբյանին անհապաղ 07.06.2024 թվականին դուրս չի գրել։ Ստացվում է, որ կոնկրետ դեպքում բացակայել է վճիռը վերացնելու մասին դիմում ներկայացնելու անհրաժեշտությունը։ Հետևաբար այդ դիմումն անգամ կարող էր մերժվել առարկայազուրկ լինելու պատճառով։ Ընդ որում, նման դիրքորոշում ունի նաև Հանձնաժողովը։ Մասնավորապես՝ վերլուծելով վերաբերելի նորմերը Հանձնաժողովը հանգել է այն հետևության, որ օրենսդիրը վճիռը վերացնելու ընթացակարգը նախատեսել է այն կանխատեսմամբ, որ հնարավոր է դատարանի վճռով սահմանված ժամկետից շուտ ապաքինում, որը, ինչպես նշվեց, սույն դեպքում բացակայել է։ Այսինքն՝ Հանձնաժողովը նույնպես այն համոզմանն է, որ եթե կոնկրետ ժամկետ սահմանված չէ, ապա վճիռը վերացնելու դիմում ներկայացնելու անհրաժեշտությունը բացակայում է։ Այդպիսով, Դատավորը հետևություն է կատարել, որ Սասուն Օհանեսի Հակոբյանն ապաքինվելուց հետո 85 օր մնացել է հոգեբուժական կազմակերպությունում ոչ թե Դատավորի կողմից դիմումը վերադարձնելու արդյունքում, այլ դիմողի՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտը չկատարելու հետևանքով։

 Ըստ բացատրության՝ թիվ ԵԴ2/4487/02/24 գործով դիմումը ներկայացվել է 07.06.2024 թվականին, թիվ ԵԴ2/4627/02/24 գործով դիմումը ներկայացվել է 13.06.2024 թվականին, թիվ ԵԴ2/4743/02/24 գործով դիմումը ներկայացվել է 18.06.2024 թվականին, թիվ ԵԴ2/4975/02/24 գործով դիմումը ներկայացվել է 22.06.2024 թվականին, հաշվի առնելով հարցի կարևորությունը, ներկայացված դիմումները Համակարգում հասանելի դառնալուց անմիջապես հետո՝ նույն օրերին՝ համապատասխանաբար 12.06.2024 թվականին, 14.06.2024 թվականին, 19.06.2024 թվականին և 25.06.2024 թվականին Դատավորի հանձնարարությամբ օգնականն անմիջապես կապ է հաստատել հոգեբուժական կազմակերպության ներկայացուցիչ Չիլինգարյանի հետ՝ խնդրելով, որ հետևեն Համակարգում առկա ծանուցմանը և հնարավորինս արագ դիմումը ներկայացնեն թիվ ԵԴ2/2506/02/24 գործով։ Չիլինգարյան ազգանունով կինը պատասխանել է, որ Համակարգին հասանելիություն առկա է միայն տնօրենի համակարգչով, սակայն տնօրենը տեղում չէ և թույլ չի տալիս օգտվել իր համակարգչից։ Չիլինգարյանն օգնականին է փոխանցել իր անձնական հեռախոսահամարը, որով օգնականը և Չիլինգարյանը եղել են կապի մեջ։ Մասնավորապես՝ օգնականը փորձել է օգնելով բացատրել (Համակարգը նոր գործարկված լինելու և թերություններով աշխատելու պայմաններում դատարաններում ստիպված ձևավորվել է նման պրակտիկա), թե ինչպես պետք է ներկայացվի դիմումը, Համակարգում առկա որ դաշտով։ Ըստ Չիլինգարյանի՝ չեն կարողացել գտնել այդ կոճակը։ Օգնականը նաև իրազեկել է, որ Համակարգը նոր է և աշխատում է բազմաթիվ թերություններով, շատ գործերով անգամ դատավորների մոտ են բացակայում տարբեր կոճակներ ու դրանից ելնելով՝ առաջարկել է կապնվել Համակարգը սպասարկող ընկերության հետ, որպեսզի օգնեն և/կամ այդ կոճակը տվյալ գործով ավելացնեն։ Բացի այդ, Դատավորի հանձնարարությամբ օգնականը Չիլինգարյանին փոխանցել է, որ եթե տվյալ գործով Համակարգում չկա նման կոճակ ու Համակարգը սպասարկող ընկերությունը չի կարողանում արագ ավելացնել այն, ապա դիմումը կարող են ներկայացնել նյութական եղանակով՝ հիմքում դնելով Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 119.1-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված բացառությունը։ Մինչդեռ հոգեբուժական կազմակերպության տնօրենը, օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը կատարելու փոխարեն, համառորեն շարունակել է Համակարգի միջոցով ներկայացնել նոր դիմումներ այն պարագայում, երբ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-րդ հոդվածով նման վարույթի տեսակ սահմանված չէ։ Այսինքն՝ դիմող կողմը չի կատարել օրինական ուժի մեջ մտած դատական ակտի պահանջը։ Ավելին՝ դիմող կողմը, ունենալով հնարավորություն դիմումը ներկայացնել նյութական եղանակով, չի օգտվել անգամ իր այդ իրավունքից և քաղաքացուն շարունակել է պահել հոգեբուժական կազմակերպությունում։

 Բացատրությամբ Դատավորը հայտնել է, որ ի վերջո դիմողը թիվ ԵԴ2/4975/02/24 գործով դիմումը վերադարձնելու մասին որոշումը բողոքարկել է վերաքննության կարգով։ Ընդ որում, Վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշմամբ վերաքննիչ բողոքը մերժվել է և այդ դիմումը ներկայացվել է նույն՝ թիվ ԵԴ2/2506/02/24 գործի շրջանակներում։ Այս համատեքստում չենք կարող անուշադրության մատնել Հանձնաժողովի որոշման մեջ տեղ գտած ձևակերպումները, որոնք, փաստորեն, կասկածի տակ են դնում օրինական ուժի մեջ ակտերը։ Նման ձևակերպումները, ըստ Դատավորի, հեղինակազրկում են դատավորի հեղինակությունը։

 Փաստորեն, թիվ ԵԴ2/2506/02/24 գործով կայացված վճիռը վերացնելու դիմումն ի սկզբանե՝ սկսած 07.06.2024 թվականից, հնարավոր էր և պետք է ներկայացվեր հենց նույն գործով, սակայն դիմողը Քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կանոնների պահպանմամբ դիմումը ներկայացրել է միայն 26.08.2024 թվականին, այսինքն՝ Սասուն Օհանեսի Հակոբյանի ապաքինվելուց 81 օր հետո։ Ստացվում է, որ հոգեբուժական կազմակերպության տնօրենի կողմից իր պարտականությունները պատշաճ և բարեխիղճ չկատարելու պատճառով ըստ դիմողի՝ ապաքինված անձը 81 օր մնացել է հարկադիր բուժման մեջ, ընդ որում, այն պայմաններում, երբ ի վերջո դիմող կողմը նոր դիմում չի էլ ներկայացրել և փաստացի շտկել է դատարանների կողմից արձանագրված խախտումները։

 Դատավորը հարկ է համարել նշել, որ թիվ ԵԴ2/4487/02/24, թիվ ԵԴ2/4627/02/24, թիվ ԵԴ2/4749/02/24 և թիվ ԵԴ2/4975/02/24 գործերով Համակարգից արված էկրանակադրերից մի դեպքում հաստատվում է, որ դիմող կողմը Համակարգում այդ գործերով կայացված ակտերի մասին ծանուցվել է իր օգնականի հեռախոսազանգի միջոցով իրազեկվելուց անմիջապես հետո, իսկ մյուս դեպքում, երբ որևէ մեկը հատուկ չի խնդրել լինել ուշադիր՝ օրեր կամ շաբաթներ հետո։

 Բացի այդ, ըստ Դատավորի՝ Վերաքննիչ քաղաքացիական դատարանում վերաքննիչ բողոքն օրերով մակագրված չլինելը, ծրագրերի խափանված լինելը, վերաքննության ժամկետները և այլ հանգամանքներ որևէ պարագայում չեն կարող վերագրվել իրեն և դեռ մի բան էլ ավելին՝ այդ ժամանակահատվածը դիտարկել որպես իր կողմից կայացված որոշման հետևանք։ Դեռ հակառակը՝ ինքը դիմումները վերադարձրել է իրեն հասանելի դառնալու պահից անմիջապես հետո, որով հիմնավորվում է ոչ թե իր կողմից խախտում թույլ տալը, այլ՝ հարցի կարևորության ընկալումն ու դրա արագ լուծումը։

 Ինչ վերաբերում է Հանձնաժողովի որոշման մեջ ընդգծված այն պնդմանը, որ առնվազն ընդունել է, որ այդ պահին թերևս տեխնիկապես ապահովված չէ թիվ ԵԴ2/2506/02/24 քաղաքացիական գործով 11.04.2024 թվականի որոշումը վերացնելու դիմում ներկայացնելու հնարավորությունը, ապա Դատավորը փաստել է, որ նման պնդումը զուրկ է որևէ հիմնավորումից, քանի որ ինքը նման պնդում չի արել։ Իսկ տեղ գտած ձևակերպումը վերաբերել է նրան, որ դիմող կողմը նման կոճակի բացակայության դեպքում պետք է դիմի Համակարգն սպասարկող ընկերությանը։ Բացի այդ, նման կոճակ կամ հնարավորություն նախատեսված է Համակարգում այդ տեսակ վարույթների համար և հոգեբուժական կազմակերպություններն այդ եղանակով ներկայացնում են վճիռը վերացնելու դիմումներ։ Ավելին՝ սույն դեպքում նույնպես, դիմողը վերացման պահանջը ներկայացրել է այդ եղանակով, նշված պնդումները հաստատվում են Համակարգը սպասարկող ընկերության կողմից տրված պատասխանով։

 Ըստ բացատրության՝ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-րդ հոդվածը սահմանում է հատուկ վարույթի կարգով քննվող այն գործերի սպառիչ ցանկը, որում առկա չէ «Քաղաքացուն հոգեբուժական կազմակերպություն ոչ հոժարակամ հոսպիտալացման ենթարկելու վերաբերյալ վճիռը վերացնելու» վարույթի տեսակ։ Հենց նման վարույթի տեսակ նախատեսված չլինելու պատճառով էլ Արդարադատության նախարարությունը նախաձեռնել է փոփոխություններ կատարել Քաղաքացիական դատավարության օրենսգրքում, մասնավորապես՝ 28.10.2024 թվականի թիվ N/30.2/43484-2024 գրությամբ նաև ՀՀ դատավորներին է ներկայացրել «Քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագծի փաթեթը, որով արդեն նախատեսվում է, որ դատարանը 35-րդ գլխով սահմանված կարգով քննում է նաև այդ գործերը։

 Դատավորը գտել է, որ վերոգրյալը վկայում է այն մասին, որ Հանձնաժողովի պնդումները չունեն իրավական հիմնավորում և չեն բխում գոյություն ունեցող իրավակարգավորումներից։ Հետևաբար, այդ պնդումները չեն կարող լինել միանշանակ և այդպիսի պատճառաբանությամբ ունենալ կյանքի իրավունք։

 Ըստ բացատրության՝ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-րդ հոդվածը չի նախատեսում ոչ միայն քննարկվող վարույթի տեսակով գործերի քննության կարգ, այլ նաև այլ դիմումներ ևս, որոնք դատական պրակտիկայում քննվում են նույն գործի քննության շրջանակներում։ Այդպիսիք են, օրինակ, քաղաքացուն անհայտ բացակայող ճանաչելու մասին վճիռը վերացնելու դիմումները, քաղաքացուն մահացած ճանաչելու մասին վճիռը վերացնելու դիմումները, երեխայի որդեգրման հաստատման մասին վճիռը վերացնելու դիմումները, դատական պրակտիկայում նույն գործի շրջանակներում են քննվում նաև «Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքով նախատեսված պաշտպանական որոշումը վերացնելու դիմումները։

 Այսպիսով, Դատավորը գտել է, որ ամբողջ վերոգրյալի, ինչպես նաև Համակարգն սպասարկող ընկերության և Դատական դեպարտամենտի կողմից տրված տեղեկատվությամբ, մի կողմից հերքվում է Հանձնաժողովի դիրքորոշումը, իսկ մյուս կողմից հաստատվում է, որ քաղաքացուն հոգեբուժական հիվանդանոցային ոչ հոժարակամ բուժման ենթարկելու վերաբերյալ դատարանի վճիռը վերացնելու դիմումները պրակտիկայում ներկայացվում են և՛ որպես առանձին վարույթ, և՛ նույն գործի շրջանակներում, որպիսի պրակտիկայի առկայությունը պայմանավորված է նրանով, որ Քաղաքացիական դատավարության օրենսգիրքն այդ հարցը չի կարգավորել և դիմողները վերացման դիմումները երկու եղանակով էլ ներկայացնում են։

 Դրանից բացի, Հանձնաժողովի՝ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 127-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը դիմումի վարույթ ընդունելության հարցի լուծման համար կիրառելի նորմ չլինելու վերաբերյալ դիրքորոշումը Դատավորի մոտ առաջացրել է եթե ոչ տարակուսանք կամ զարմանք, ապա առնվազն հարցեր։ Մասնավորապես՝ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 121-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ դիմումի նկատմամբ տարածվում են հայցադիմումի համար սահմանված պահանջները (...): Այսինքն՝ Հանձնաժողովի պնդումը հերքվում է նշված իրավակարգավորմամբ, իսկ դատարանը պարտավոր է վերադարձնելու հիմքերի առկայության պայմաններում վերադարձնել դիմումը։

 Ինչ վերաբերում է Հանձնաժողովի այն դիրքորոշմանը, որ եթե ներկայացված դիմումը դիտարկվեր տվյալ գործով դիմում, ապա 25.03.2021 թվականի թիվ ԲԴԽ-16-Ն-6 որոշման հիմքով կհանձնվեր նույն դատավորին, ապա հարկ է նշել, որ վկայակոչված որոշումը սույն դեպքի հետ աղերս չունի, քանի որ այս դեպքում դիմումը ներկայացվել է Համակարգի միջոցով և դիմողն ինքն է ներկայացրել նոր դիմում՝ որպես նոր քաղաքացիական գործ։ Հետևաբար նշված որոշման կիրառման հնարավորությունը բացակայել է։

 Անդրադառնալով Հանձնաժողովի այն փաստարկին, որ պրակտիկայում առկա են դիմումներ, որոնք ստացվել են որպես նոր քաղաքացիական գործեր, և տարբեր դատավորներ դրանք ընդունել են վարույթ և քննել են՝ Դատավորը գտել է, որ նման պրակտիկա գոյություն ունենալն ինքնին չի վկայում այն մասին, որ առկա են այդպիսի կարգավորումներ։ Պրակտիկայում առկա են նաև հակառակ դեպքերը, օրինակ՝ Համակարգի միջոցով ներկայացված թիվ ԵԴ2/7681/02/24, թիվ ԵԴ2/1198/02/24 և թիվ ԵԴ/23090/02/24 քաղաքացիական գործով դատավորը մերժել է դիմումի ընդունումը նման վարույթի տեսակ նախատեսված չլինելու պատճառաբանությամբ։ Բացի այդ, առկա են նաև նյութական եղանակով ներկայացված դիմումներ, որոնք ստացվել են որպես նոր քաղաքացիական գործեր, և դրանք նույնպես վերադարձվել են նույն պատճառաբանությամբ, օրինակ՝ թիվ ԵԴ/2268/02/21 քաղաքացիական գործով։ Հատկանշական է, որ պրակտիկայում գերակշռում են այն դեպքերը, երբ վճռի վերացման դիմումները ներկայացվել են նույն գործի շրջանակներում, օրինակ՝ հենց նույն Համակարգի միջոցով ներկայացված՝ թիվ ԵԴ2/6955/02/24, թիվ ԵԴ2/6495/02/24, թիվ ԵԴ2/6148/02/24, թիվ ԵԴ2/5655/02/24 և թիվ ԵԴ2/5504/02/24 քաղաքացիական գործերով, նյութական եղանակով ներկայացված՝ թիվ ԵԴ/10560/02/21, թիվ ԵԴ/9680/02/21, թիվ ԵԴ/5293/02/21, թիվ ԵԴ/4704/02/21, թիվ ԵԴ/3780/02/21, թիվ ԵԴ/0230/02/21, թիվ ԵԴ/35604/02/20, թիվ ԵԴ/35145/02/20, թիվ ԵԴ/32862/02/20, ԵԴ/23610/02/19, թիվ ԵԴ2/0315/02/23, թիվ ԵԴ2/2326/02/23, թիվ ԵԴ2/5925/02/23 քաղաքացիական գործերով։ Ընդ որում, այս ցանկը կարելի է անվերջ թվարկել։ Ստացվում է, որ Հանձնաժողովի պնդումն առնվազն չի համապատասխանում իրականությանը, քանի որ դատական պրակտիկայում առկա են երկու դեպքերն էլ, իսկ դրա պատճառ է հանդիսանում այն, որ Քաղաքացիական դատավարության օրենսգրքում առկա կարգավորումները դատավորների մոտ առաջացնում են տարբեր ընկալումներ, ուստի չի կարող խոսք գնալ իր կողմից դատավարական նորմի խախտման մասին։

 Դատավորը հարկ է համարել նաև պարզել ձև եզրույթի ստուգաբանական բովանդակությունը։ Այսպես, ըստ Էդուարդ Աղայանի բացատրական բառարանի՝ «ձև» բառը բացատրվում է նաև՝ տարբերակ, եղանակ, կարգ, իսկ ըստ Աշոտ Սուքիասյանի հոմանիշների բառարանի՝ «ձև» բառն ունի հետևյալ հոմանիշները՝ եղանակ, կերպ, կարգ։ Փաստորեն, Քաղաքացիական դատավարության օրենսգրքում նախատեսված՝ դիմումի ներկայացման ձևը նշանակում է նաև դիմումի ներկայացման կարգ ու եղանակ։ Դատավորը դիմումը վերադարձրել է այն պատճառաբանությամբ, որ այն չի ներկայացվել օրենքով նախատեսած եղանակով՝ կարգով, այն է՝ նույն գործի շրջանակներում։ Հետևաբար, իր կողմից դիմումը վերադարձնելը բխում է Քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգավորումներից և արտահայտում է այդ նորմի օբյեկտիվ մեկնաբանությունը։

 Դատավորն անհիմն է համարել Հանձնաժողովի այն դիրքորոշումը, որ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 270.1-րդ հոդվածի 3-րդ մասը՝ որպես դիմումի ներկայացման ձև ու բովանդակություն չի նախատեսել դատավորի անունը նշելու պարտականություն այն պատճառաբանությամբ, որ դրա ձևակերպումն էականորեն տարբերվում է նույն օրենսգրքի 267-րդ հոդվածով սահմանված՝ ընդդատության մասին ձևակերպումից։ Մասնավորապես՝ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 267-րդ հոդվածը սահմանում է, որ քաղաքացուն հոգեբուժական կազմակերպություն ոչ հոժարակամ հոսպիտալացման ենթարկելու մասին դիմումն ընդդատյա է հոգեբուժական կազմակերպության գտնվելու վայրի դատարանին։ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 270.1-րդ հոդվածի 3-րդ մասը հռչակում է, որ քաղաքացուն հոգեբուժական կազմակերպություն ոչ հոժարակամ հոսպիտալացման ենթարկելու վերաբերյալ վճիռը վերացնելու մասին դիմումները ներկայացվում են այն դատարան, որը նախկինում վճիռ է կայացրել քաղաքացուն հոգեբուժական հիվանդանոցային ոչ հոժարակամ բուժման ենթարկելու վերաբերյալ։ Այսինքն՝ ի տարբերություն Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 267-րդ հոդվածի, օրենսգրքի 270.1-րդ հոդվածի 3-րդ մասում խոսք չի կարող գնալ ընդդատության մասին։ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 270.1-րդ հոդվածի 3-րդ մասը հստակ սահմանում է, որ դիմումը պետք է ներկայացվի այն դատարանին, այսինքն՝ հենց այն նույն գործով, որով կայացվել է հոսպիտալացման վճիռը։ Հետևաբար վճիռը վերացնելու պահանջը ենթակա չէ քննության նոր գործի շրջանակներում, այն, որ օրենսդիրը Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 267-րդ հոդվածով և նույն օրենսգրքի 270.1-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանել է այլ պահանջներ և նախատեսել է այլ կարգավորումներ, այն է՝ քաղաքացուն հոգեբուժական կազմակերպություն ոչ հոժարակամ հոսպիտալացման ենթարկելու վերաբերյալ վճիռը վերացնելու մասին դիմումները պետք է ներկայացվեն այն նույն դատարանին, որը նախկինում վճիռ է կայացրել քաղաքացուն հոգեբուժական հիվանդանոցային ոչ հոժարակամ բուժման ենթարկելու վերաբերյալ։ Փաստորեն, սույն դեպքում առկա է եղել Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 127-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված դիմումը վերադարձնելու հիմք, քանի որ դիմողը վճիռը վերացնելու դիմումը չի ներկայացրել նույն գործի շրջանակներում։

 Վերը նշված փաստերի և վերլուծությունների հիման վրա Դատավորն ակնհայտ է համարել, որ Հանձնաժողովն իրեն մեղադրել է սեփական ընկալմամբ նորմի մեկնաբանման համար։ Հղում կատարելով Սահմանադրական դատարանի թիվ ՍԴՈ- 1452 որոշմանը՝ Դատավորը նշել է, որ բացատրության մեջ արված վերլուծությունները, բերված օրինակները, դատական պրակտիկայում առկա տարբեր մոտեցումները վկայում են այն մասին, որ գործ ունենք դատական մեկնաբանության հետ, որպիսի պայմաններում չի կարող խոսք գնալ իր կողմից դատավարական նորմի խախտման մասին, ուստի արարքի մեջ բացակայում է իր մեղքը։

 Դատավորը բացատրությանը կցել է Դատական դեպարտամենտի ղեկավար Ն. Գալստյանի 08.01.2025 թվականի թիվ ԴԴ-1-Ե-41 գրության, «Մեյսիս Ինֆորմեյշն Սիսթեմս» ՍՊԸ-ի տնօրեն Արմեն Մանուկյանի գրության, Արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Ա. Հարությունյանի 28.10.2024 թվականի թիվ N/30.2/43484-2024 գրության պատճենները, cabinet.court.am կայքէջից կատարված լուսանկարների, թիվ ԵԴ/2268/02/21, թիվ ԵԴ2/0315/02/23, թիվ ԵԴ2/2326/02/23, թիվ ԵԴ2/5925/02/23 քաղաքացիական գործերի՝ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից ներբեռնված էլեկտրոնային քարտերը։

 Հարուցված կարգապահական վարույթի շրջանակներում Հանձնաժողովում 31.01.2025 թվականին ստացված ի լրումն բացատրությանը Դատավորը կցել է Դատական դեպարտամենտից ստացված թիվ ԵԴ2/1198/02/24, թիվ ԵԴ2/7681/02/24, թիվ ԵԴ2/3090/02/24 քաղաքացիական գործերով դատական ակտերի օրինակները, ինչպես նաև՝ թիվ ԵԴ2/6495/02/24 քաղաքացիական գործի՝ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից ներբեռնված էլեկտրոնային քարտը։

 Դատավորը Խորհրդին ներկայացրած պատասխանով մասնավորապես նշել է.

 1Նախևառաջ՝ Դատավորն արձանագրել է, որ իր նկատմամբ հարուցված կարգապահական վարույթով (սույն կետում այսուհետ՝ Կարգապահական վարույթ) Դատավորին մեղսագրվող ենթադրյալ արարքը, ըստ Հանձնաժողովի, հանգում է հետևյալին. Դատավորը, պարտականություն ունենալով վարույթ ընդունել թիվ ԵԴ2/4487/02/24, ԵԴ2/4627/02/24, ԵԴ2/4743/02/24, ԵԴ2/4975/02/24 քաղաքացիական գործերով Հաղորդում ներկայացրած անձի կողմից ներկայացված՝ քաղաքացուն հոգեբուժական կազմակերպություն ոչ հոժարակամ հոսպիտալացման ենթարկելու վերաբերյալ վճիռը վերացնելու մասին դիմումները և չունենալով դրանք վերադարձնելու՝ դատավարական օրենքով սահմանված հիմք, այնուամենայնիվ նշված 4 դիմումները վերադարձրել է Քաղաքացիական դատավարության օրենսգրքով չնախատեսված հիմքով՝ դրանով իսկ հրաժարվելով քննել իր իրավասությանը վերապահված հարցը, ինչն էլ իր հերթին հանգեցրել է հոգեբուժական կազմակերպությունում պահվող և 07.06.2024 թվականին ապաքինված Սասուն Օհանեսի Հակոբյանի՝ ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության, անձնական ազատության հիմնարար իրավունքների խախտման։

 Փաստորեն, Կարգապահական վարույթով Դատավորին վերագրվող կարգապահական իրավախախտման օբյեկտիվ կողմը, ըստ Հանձնաժողովի, դրսևորվել է արդարադատություն կամ որպես դատարան՝ օրենքով նախատեսված այլ լիազորություններ իրականացնելիս թիվ ԵԴ2/4487/02/24, ԵԴ2/4627/02/24, ԵԴ2/4743/02/24, ԵԴ2/4975/02/24 քաղաքացիական գործերով ներկայացված դիմումներն առերևույթ ոչ իրավաչափ կերպով (այն է՝ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 121-րդ, 122-րդ, 125-րդ, 127-րդ և 270.1-րդ հոդվածների խախտմամբ) վերադարձնելով։

 2. Դատավորը գտել է, որ Կարգապահական վարույթով իրեն վերագրվող ենթադրյալ արարքը չի կարող որակվել որպես կարգապահական իրավախախտում և հանգեցնել կարգապահական պատասխանատվության, քանի որ թիվ ԵԴ2/4487/02/24, ԵԴ2/4627/02/24, ԵԴ2/4743/02/24, ԵԴ2/4975/02/24 քաղաքացիական գործերով ներկայացված դիմումները վերադարձնելը ոչ այլ ինչ է, քան արդարադատություն կամ որպես դատարան՝ օրենքով նախատեսված այլ լիազորություններ իրականացնելիս օրենքի մեկնաբանության, փաստերի և ապացույցների գնահատման արդյունք։

 Օրենսգրքի 142-րդ հոդվածի 9-րդ մասով սահմանված երաշխիքը կիրառելի է Դատավորի նկատմամբ հետևյալ հիմնավորումներով.

 2.1. «Հոգեբուժական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքի՝ «Ոչ հոժարակամ հոսպիտալացման հիմքը և կարգը» վերտառությամբ 24-րդ հոդվածի վերլուծությունից հետևում է, որ անձին հոգեբուժական կազմակերպություն ոչ հոժարակամ հոսպիտալացումը կատարվում է բացառապես դատարանի՝ հոգեբուժական կազմակերպության գործադիր մարմնի դիմումի հիման վրա կայացված վճռով և առավելագույնը 6 ամիս ժամկետով։ Նշված դիմումի հիման վրա հարուցված քաղաքացիական գործի շրջանակում դատարանն ստուգում է անձին հոգեբուժական կազմակերպություն ոչ հոժարակամ հոսպիտալացման հիմքերի առկայությունը և կայացնում է դիմումը բավարարելու կամ մերժելու մասին վճիռ։ Դիմումը բավարարելու մասին վճիռը հիմք է քաղաքացուն հոգեբուժական կազմակերպություն ոչ հոժարակամ հոսպիտալացնելու համար՝ առավելագույնը վեց ամիս ժամկետով։

 Միևնույն ժամանակ, օրենսդիրը «Հոգեբուժական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքի հենց այդ նույն 24-րդ հոդվածի 5-րդ մասում ամրագրել է, որ եթե մինչև այդ վեցամսյա ժամկետի լրանալը հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի մոտ ոչ հոժարակամ բուժման հիմքերը վերանում են, ապա հոգեբուժական կազմակերպության գործադիր մարմինը դիմում է դատարան՝ անձին հոգեբուժական կազմակերպություն ոչ հոժարակամ հոսպիտալացման ենթարկելու վերաբերյալ դատարանի վճիռը վերացնելու պահանջով։

 Նույնաբովանդակ իրավակարգավորումներ են սահմանված նաև Քաղաքացիական դատավարության օրենսգրքով (270.1-րդ հոդվածի 1-ին մաս)։

 2.2. Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-րդ հոդվածը, սպառիչ կերպով թվարկելով հատուկ վարույթի կարգով քննվող գործերի տեսակները, դրանց շարքում նախատեսել է անձին հոգեբուժական կազմակերպություն ոչ հոժարակամ հոսպիտալացման ենթարկելու վերաբերյալ գործերը, որի ընթացակարգը սահմանված է նույն օրենսգրքի՝ «Քաղաքացուն հոգեբուժական կազմակերպություն ոչ հոժարակամ հոսպիտալացման ենթարկելու վերաբերյալ գործերի վարույթը» վերտառությամբ 35-րդ գլխի 266-270.2-րդ հոդվածներով։ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-րդ հոդվածով և 35-րդ գլխով ամրագրված իրավադրույթների համադրված վերլուծությունից հետևում է, որ քաղաքացուն հոգեբուժական կազմակերպություն ոչ հոժարակամ հոսպիտալացման ենթարկելու վերաբերյալ վճիռը վերացնելու ինստիտուտը ներառված է քաղաքացուն հոգեբուժական կազմակերպություն ոչ հոժարակամ հոսպիտալացման ենթարկելու վերաբերյալ գործերի վարույթի շրջանակում։ Այլ կերպ ասած՝ օրենսդիրը չի նախատեսել քաղաքացիական դատավարության կարգով քննվող առանձին հատուկ վարույթ՝ քաղաքացուն հոգեբուժական կազմակերպություն ոչ հոժարակամ հոսպիտալացման ենթարկելու վերաբերյալ վճիռը վերացնելու վերաբերյալ։

 2.3. Փաստորեն, քաղաքացուն հոգեբուժական կազմակերպություն ոչ հոժարակամ հոսպիտալացման ենթարկելու վերաբերյալ վճիռը վերացնելու հարցի լուծումը կատարվում է քաղաքացուն հոգեբուժական կազմակերպություն ոչ հոժարակամ հոսպիտալացման ենթարկելու վերաբերյալ հատուկ վարույթի շրջանակում։

 Ուստի ամենևին էլ պատահական չէ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 270.1-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված այն իրավակարգավորումը, որ քաղաքացուն հոգեբուժական կազմակերպություն ոչ հոժարակամ հոսպիտալացման ենթարկելու վճիռը վերացնելու վերաբերյալ դիմումները ներկայացվում են այն դատարան, որը նախկինում վճիռ է կայացրել քաղաքացուն հոգեբուժական հիվանդանոցային ոչ հոժարակամ բուժման ենթարկելու վերաբերյալ։

 Այս իրավակարգավորման նպատակը ոչ միայն քաղաքացուն հոգեբուժական կազմակերպություն ոչ հոժարակամ հոսպիտալացման ենթարկելու վճիռը վերացնելու վերաբերյալ դիմումների քննության առարկայական ընդդատության սահմանումն է, այլ նաև այդ դիմումների քննության և լուծման արդյունավետության ապահովումն է։

 2.4. Բանն այն է, որ քաղաքացուն հոգեբուժական կազմակերպություն ոչ հոժարակամ հոսպիտալացման ենթարկելու վճիռը վերացնելու վերաբերյալ դիմումը կարող է արդյունավետ քննվել և լուծվել միայն այն դեպքում, եթե դիմումը քննող դատավորն իր տիրապետման ներքո ունի քաղաքացուն հոգեբուժական կազմակերպություն ոչ հոժարակամ հոսպիտալացման ենթարկելու վճիռը և այն կայացնելու համար հիմք հանդիսացած փաստական հանգամանքները։ Ինչպես 11.022025 թվականի թիվ N-Կ-8/2024 որոշմամբ իրավացիորեն նկատել է Հանձնաժողովը, քաղաքացուն հոգեբուժական կազմակերպություն ոչ հոժարակամ հոսպիտալացման ենթարկելու վճիռը վերացնելու վերաբերյալ դիմումի դատական քննության ժամանակ գնահատվում է ոչ միայն քաղաքացու ապաքինվելու փաստը, այլև առկա վիճակով հանրությանը հնարավոր վտանգ ներկայացնելու հավանականությունը1։

 Իսկ քաղաքացուն հոգեբուժական կազմակերպություն ոչ հոժարակամ հոսպիտալացման ենթարկելու վճիռը և այն կայացնելու համար հիմք հանդիսացած փաստական հանգամանքները կարող են հայտնվել համապատասխան վճիռը վերացնելու դիմումը քննող դատավորի տիրապետման ներքո միայն այն դեպքում, եթե քաղաքացուն հոգեբուժական կազմակերպություն ոչ հոժարակամ հոսպիտալացման ենթարկելու վճիռը վերացնելու վերաբերյալ դիմումը քննվում է քաղաքացուն հոգեբուժական կազմակերպություն ոչ հոժարակամ հոսպիտալացման ենթարկելու վերաբերյալ նույն գործի շրջանակում՝ որպես հատուկ վարույթով քննվող այդ գործի տրամաբանական շարունակություն։

 Դատավորը փաստել է, որ քաղաքացուն հոգեբուժական կազմակերպություն ոչ հոժարակամ հոսպիտալացման ենթարկելու վճիռը վերացնելու վերաբերյալ դիմումի քննությունը և լուծումը կարող է ապահովել և երաշխավորել տվյալ քաղաքացու հիմնարար իրավունքների իրացումը և դրանց արդյունավետ դատական պաշտպանությունը միայն այն դեպքում, եթե տվյալ դիմումի քննությունը տեղի ունենա այն նույն քաղաքացիական գործի շրջանակում, որով կայացվել է քաղաքացուն հոգեբուժական կազմակերպություն ոչ հոժարակամ հոսպիտալացման ենթարկելու վերաբերյալ վճիռը։ Միայն այդ պարագայում է հնարավոր համադրել քաղաքացուն հոգեբուժական կազմակերպություն ոչ հոժարակամ հոսպիտալացումը վերացնելու հիմքերը համադրել այդ քաղաքացուն ոչ հոժարակամ հոսպիտալացման ենթարկելու փաստական հիմքերի հետ։ Ըստ այդմ՝ միայն այդ պարագայում է հնարավոր պարզել քաղաքացուն հոգեբուժական կազմակերպություն ոչ հոժարակամ հոսպիտալացման ենթարկելու վճիռը վերացնելու դիմումի հիմնավորվածությունը և որոշում կայացնել այն մերժելու կամ բավարարելու մասին։

 Հակառակ պարագայում, այսինքն՝ այն դեպքում, եթե քաղաքացուն հոգեբուժական կազմակերպություն ոչ հոժարակամ հոսպիտալացման ենթարկելու վճիռը վերացնելու վերաբերյալ դիմումը քննվում է քաղաքացուն հոգեբուժական կազմակերպություն ոչ հոժարակամ հոսպիտալացման ենթարկելու վերաբերյալ գործից անջատ՝ որպես առանձին քաղաքացիական գործ, ապա համապատասխան վճիռը վերացնելու դիմումը քննող դատավորը չի կարող ունենալ այն գործիքակազմը, փաստական տվյալները և նյութերը, որոնք անհրաժեշտ են իրեն հանձնված հարցը արդյունավետ քննելու և լուծելու համար։ Այլ կերպ ասած՝ քաղաքացուն հոգեբուժական կազմակերպություն ոչ հոժարակամ հոսպիտալացման ենթարկելու վճիռը վերացնելու վերաբերյալ դիմումն այդ վճռի ընդունմանն ուղղված դատական գործից անջատ՝ որպես առանձին քաղաքացիական գործ, քննելը և լուծելը կարող է վնաս հասցնել արդարադատության շահերին։

 25Ավելին՝ քաղաքացուն հոգեբուժական կազմակերպություն ոչ հոժարակամ հոսպիտալացման ենթարկելու վճիռը վերացնելու վերաբերյալ դիմումի քննության շրջանակում դատարանը սեփական նախաձեռնությամբ ապացույց ձեռք բերելու լիազորությամբ օժտված չէ։ Եթե քաղաքացուն հոգեբուժական կազմակերպություն ոչ հոժարակամ հոսպիտալացման ենթարկելու վճիռը վերացնելու վերաբերյալ դիմումը քննվում է քաղաքացուն հոգեբուժական կազմակերպություն ոչ հոժարակամ հոսպիտալացման ենթարկելու վերաբերյալ գործից անջատ՝ որպես առանձին քաղաքացիական գործ, ապա դատարանը չի կարող սեփական նախաձեռնությամբ ձեռք բերել նախկինում քննված գործի նյութերը և դրանք դնել իր դատական ակտի հիմքում, քանի որ դատարանի կողմից սեփական նախաձեռնությամբ ձեռք բերված ապացույցները տվյալ դեպքում համարվում են օրենքի խախտմամբ ձեռք բերված ապացույցներ, իրավաբանական ուժ չունեն և չեն կարող դրվել դատական ակտի հիմքում։

 2.6. Քաղաքացուն հոգեբուժական կազմակերպություն ոչ հոժարակամ հոսպիտալացման ենթարկելու վճիռը վերացնելու վերաբերյալ դիմումների քննությունը կարգավորող օրենսդրական սուղ կանոնները ոչ միայն և ոչ այնքան նպատակաուղղված են սոսկ այդ դիմումների քննության առարկայական ընդդատության կանոնների սահմանմանը, այլ նշված դիմումների լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննության միջոցով «կշեռքի նժարին» դրված երկու հակադիր շահերի միջև ողջամիտ հավասարակշռության հաստատմանը։ Բանն այն է, որ քաղաքացուն հոգեբուժական կազմակերպություն ոչ հոժարակամ հոսպիտալացման ենթարկելու վերաբերյալ վճիռը վերացնելուն ուղղված գործի շրջանակում դատարանը պարտավոր է առաջնորդվել մի կողմից՝ մարդու անձնական ազատության, հոգեկան ու ֆիզիկական անձեռնմխելիության իրավունքների, իսկ մյուս կողմից՝ շրջապատի և հասարակության համար հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանցից բխող հնարավոր վտանգների կանխարգելման անհրաժեշտությանն ուղղված հանրային շահի միջև ողջամիտ հավասարակշռությունն ապահովելու անհրաժեշտությամբ։ Իսկ նշված երկու բարիքների միջև ողջամիտ հավասարակշռությունն ապահովելու խնդրի լուծումը հնարավոր է միայն այն դեպքում, եթե քաղաքացուն հոգեբուժական կազմակերպություն ոչ հոժարակամ հոսպիտալացման ենթարկելու վերաբերյալ վճիռը վերացնելուն ուղղված գործի շրջանակում դատարանը հնարավորություն ունենա ձևավորելու իր ներքին համոզմունքը վերը նշված հարցերի վերաբերյալ։ Դա էլ իր հերթին հնարավոր է միայն այն դեպքում, եթե քաղաքացուն հոգեբուժական կազմակերպություն ոչ հոժարակամ հոսպիտալացման ենթարկելու վճիռը վերացնելու վերաբերյալ դիմումի քննությունը տեղի ունենա այն նույն քաղաքացիական գործի շրջանակում, որով կայացվել է քաղաքացուն հոգեբուժական կազմակերպություն ոչ հոժարակամ հոսպիտալացման ենթարկելու վերաբերյալ վճիռը։

 2.7. Ելնելով վերոգրյալից՝ Դատավորը գտել է, որ քաղաքացուն հոգեբուժական կազմակերպություն ոչ հոժարակամ հոսպիտալացմանն առնչվող հարաբերությունները կարգավորող իրավադրույթները կարող են ողջամտորեն մեկնաբանվել այնպես, որ քաղաքացուն հոգեբուժական կազմակերպություն ոչ հոժարակամ հոսպիտալացման ենթարկելու վերաբերյալ վճիռը վերացնելու վերաբերյալ դիմումը չի կարող քննվել և լուծվել առանձին վարույթի կամ առանձին քաղաքացիական գործի շրջանակում, այն ենթակա է քննության և լուծման տվյալ քաղաքացուն հոգեբուժական կազմակերպություն ոչ հոժարակամ հոսպիտալացման ենթարկելու վերաբերյալ քաղաքացիական գործի շրջանակում՝ որպես այդ վարույթի տրամաբանական շարունակություն։

 Թիվ ԵԴ2/4487/02/24, ԵԴ2/4627/02/24, ԵԴ2/4743/02/24, ԵԴ2/4975/02/24 քաղաքացիական գործերով ներկայացված դիմումները վերադարձնելու հիմքում Դատավորը դրել է Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 121-րդ, 122-րդ, 125-րդ, 127-րդ և 270.1-րդ հոդվածների հենց այն մեկնաբանությունը, որ քաղաքացուն հոգեբուժական կազմակերպություն ոչ հոժարակամ հոսպիտալացման ենթարկելու վերաբերյալ վճիռը վերացնելու վերաբերյալ դիմումը ենթակա է վերադարձման, եթե այն ներկայացվել է ոչ թե քաղաքացուն հոգեբուժական կազմակերպություն ոչ հոժարակամ հոսպիտալացման ենթարկելու վերաբերյալ նույն քաղաքացիական գործի շրջանակում, այլ առանձին քաղաքացիական գործով։ Դատավարական նորմերի նման մեկնաբանությունը ողջամտորեն կարող է գոյություն ունենալ, ինչը, սակայն, անտեսվել է Հանձնաժողովի կողմից։

 2.8. Դատավորի՝ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 121-րդ, 122-րդ, 125-րդ, 127-րդ և 270.1-րդ հոդվածների մեկնաբանությունը, որն ընկած է թիվ ԵԴ2/4487/02/24, ԵԴ2/4627/02/24, ԵԴ2/4743/02/24, ԵԴ2/4975/02/24 քաղաքացիական գործերով ներկայացված դիմումները վերադարձնելու հիմքում, կարող է ողջամտորեն գոյություն ունենալ նաև այն հիմնավորմամբ, որ դատական պրակտիկայում առկա են բազմաթիվ դեպքեր, երբ քաղաքացուն հոգեբուժական կազմակերպություն ոչ հոժարակամ հոսպիտալացման ենթարկելու վերաբերյալ վճիռը վերացնելու վերաբերյալ դիմումները քննվել և լուծվել են ոչ թե առանձին քաղաքացիական գործի տեսքով, այլ քաղաքացուն հոգեբուժական կազմակերպություն ոչ հոժարակամ հոսպիտալացման ենթարկելու դիմումի վերաբերյալ նախկինում քննված գործի շրջանակում։ Այս փաստն ընդունել է նաև Հանձնաժողովը2։

 2.9. Դատավորի՝ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 121-րդ, 122-րդ, 125-րդ, 127-րդ և 270.1-րդ հոդվածների մեկնաբանության ողջամտության մասին է վկայում նաև այն, որ այդ մեկնաբանության հետ համաձայնել է նաև վերադաս դատական ատյանը՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտով։

 Այսպես՝ թիվ ԵԴ2/4975/02/24 քաղաքացիական գործով Հաղորդում ներկայացրած անձի դիմումը վերադարձնելու մասին Դատավորի կողմից 25.06.2024 թվականին կայացված որոշումը բողոքարկվել է վերաքննության կարգով։ Վերաքննիչ քաղաքացիական դատարանը 21.08.2024 թվականի որոշմամբ մերժել է այդ դատական ակտի դեմ Հաղորդում ներկայացրած անձի կողմից բերված վերաքննիչ բողոքը և Դատավորի կողմից 25.06.2024 թվականին կայացված որոշումը թողել է օրինական ուժի մեջ։ Վերաքննիչ քաղաքացիական դատարանն իր որոշման հիմքում դրել է այն պատճառաբանությունը, որ Հաղորդում ներկայացրած անձը քաղաքացուն հոգեբուժական կազմակերպություն ոչ հոժարակամ հոսպիտալացման ենթարկելու վերաբերյալ դատարանի վճիռը վերացնելու մասին դիմումը պետք է ներկայացներ թիվ ԵԴ2/2506/02/24 քաղաքացիական գործով՝ վճիռը կայացրած դատարանին, այլ ոչ թիվ ԵԴ2/2506/02/24 քաղաքացիական գործից անջատ։

 Դատավորը փաստել է, որ թիվ ԵԴ2/4975/02/24 քաղաքացիական գործով Վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից վերը նշված պատճառաբանություններով 21.08.2024 թվականին կայացված և օրինական ուժի մեջ մտած որոշման առկայության պայմաններում Հանձնաժողովը չէր կարող գնահատական տալ Դատավորի՝ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 121-րդ, 122-րդ, 125-րդ, 127-րդ և 270.1-րդ հոդվածների մեկնաբանության իրավաչափությանը կամ ողջամտությանը։ Այս համատեքստում Դատավորը տեղին է համարել հիշատակել Խորհրդի 23.06.2022 թվականի թիվ ԲԴԽ-43-Ո-Կ-9 որոշմամբ արտահայտված այն իրավական դիրքորոշումը, որ նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի խախտումները պետք է քննության առարկա դարձվեն բողոքարկման համապատասխան ընթացակարգերի միջոցով, իսկ Բարձրագույն դատական խորհուրդն այդպիսի հիմքով դատավորին կարող է ենթարկել կարգապահական պատասխանատվության այն դեպքում, երբ դատական ակտը համապատասխան խախտման մասով չի բողոքարկվել մինչդեռ տվյալ դեպքում դատական ակտի հիմնավորվածությունը հաստատվել է Վերաքննիչ քաղաքացիական դատարանի օրինական ուժի մեջ մտած որոշմամբ3։

 2.10. Ամփոփելով վերոգրյալը՝ Դատավորը գտել է, որ Կարգապահական վարույթով իրեն վերագրվող ենթադրյալ արարքը չի կարող որակվել որպես կարգապահական իրավախախտում և հանգեցնել կարգապահական պատասխանատվության, քանի որ թիվ ԵԴ2/4487/02/24, ԵԴ2/4627/02/24, ԵԴ2/4743/02/24, ԵԴ2/4975/02/24 քաղաքացիական գործերով ներկայացված դիմումները վերադարձնելու մասին որոշումները Դատավորի կողմից օրենքի մեկնաբանության արդյունք են։ Հանձնաժողովն անտեսել է, որ արդարադատություն կամ որպես դատարան՝ օրենքով նախատեսված այլ լիազորություններ իրականացնելիս օրենքի մեկնաբանությունը դատավորի «մենաշնորհն» է, իսկ դրա համար դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելը ոչ միայն ուղղակիորեն արգելված է Օրենսգրքի 142-րդ հոդվածի 9-րդ մասով, այլ նաև հակասում է Օրենսգրքի 141-րդ հոդվածի 2-րդ մասով ամրագրված՝ օրինականության, դատական գործունեությանը չմիջամտելու, դատավորի էլ դատարանի անկախությունը հարգելու և հեղինակությունը բարձր պահելու սկզբունքներին։

 3. Դատավորը գտել է, որ Կարգապահական վարույթով իրեն վերագրվող ենթադրյալ արարքը չի կարող որակվել որպես կարգապահական իրավախախտում և հանգեցնել կարգապահական պատասխանատվության, քանի որ թիվ ԵԴ2/4487/02/24, ԵԴ2/4627/02/24, ԵԴ2/4743/02/24, ԵԴ2/4975/02/24 քաղաքացիական գործերով ներկայացված դիմումները վերադարձնելիս իր կողմից նյութական կամ դատավարական իրավունքի նորմի կամ դատավորի վարքագծի կանոնների խախտում թույլ չի տրվել։

 3.1. Դատավորը փաստել է, որ թիվ ԵԴ2/4487/02/24, ԵԴ2/4627/02/24, ԵԴ2/4743/02/24, ԵԴ2/4975/02/24 քաղաքացիական գործերով ներկայացված դիմումները վերադարձնելու մասին որոշումներն իրավաչափ դատական ակտեր են։ Այդ դատական ակտերը կայացվել են Օրենսգրքի և Քաղաքացիական դատավարության օրենսգրքի կիրառելի իրավակարգավորումների պահանջների պահպանմամբ։

 3.2. Այսպես՝ Օրենսգրքի 2-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի, 3-րդ հոդվածի 1-ին մասի, Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի բովանդակությունից հետևում է, որ առաջին ատյանի դատարանում գործը միանձնյա քննող դատավորը գործում է որպես դատարան։ Հետևաբար, վճիռ կայացրած դատավորը համարվում է վճիռ կայացրած դատարան։ Իսկ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 270.1-րդ հոդվածի 3-րդ մասից ուղղակիորեն բխում է, որ քաղաքացուն հոգեբուժական կազմակերպություն ոչ հոժարակամ հոսպիտալացման ենթարկելու վերաբերյալ վճիռը վերացնելու մասին դիմումը ներկայացվում է այն դատարան, որը վճիռ է կայացրել քաղաքացուն հոգեբուժական հիվանդանոցային ոչ հոժարակամ բուժման ենթարկելու վերաբերյալ։ Այսինքն՝ դիմումը ներկայացվում է վճիռը կայացրած դատավորին։

 Եթե քաղաքացուն հոգեբուժական կազմակերպություն ոչ հոժարակամ հոսպիտալացման ենթարկելու վերաբերյալ վճիռը վերացնելու մասին դիմումը չի ներկայացվում քաղաքացուն հոգեբուժական հիվանդանոցային ոչ հոժարակամ բուժման ենթարկելու վերաբերյալ նախկին (հիմնական) քաղաքացիական գործի շրջանակում՝ քաղաքացուն հոգեբուժական հիվանդանոցային ոչ հոժարակամ բուժման ենթարկելու վերաբերյալ վճիռը կայացրած դատարանին, ապա առաջանում է Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 270.1-րդ հոդվածի 3-րդ մասի խախտում։ Իսկ քաղաքացուն հոգեբուժական կազմակերպություն ոչ հոժարակամ հոսպիտալացման ենթարկելու վերաբերյալ վճիռը վերացնելու մասին դիմում ներկայացրած անձի կողմից Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 270.1-րդ հոդվածի 3-րդ մասի խախտում թույլ տրված լինելը բավարար է՝ նույն օրենսգրքի 127-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված հիմքով դիմումը վերադարձնելու համար։

 3.3. Այսպիսով, վերադարձնելով թիվ ԵԴ2/4487/02/24, ԵԴ2/4627/02/24, ԵԴ2/4743/02/24, ԵԴ2/4975/02/24 քաղաքացիական գործերով ներկայացված դիմումները՝ Դատավորը կայացրել է իրավաչափ դատական ակտեր։

 Ասվածը հաստատվում է նաև թիվ ԵԴ2/4975/02/24 քաղաքացիական գործով Վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից 21.08.2024 թվականին կայացված և օրինական ուժի մեջ մտած որոշմամբ։

 Ավելին՝ Կարգապահական վարույթի նյութերից հետևում է, որ տվյալ դեպքում Սասուն Հակոբյանին հոգեբուժական կազմակերպություն ոչ հոժարակամ հոսպիտալացման ենթարկելու վերաբերյալ վճիռը վերացնելու մասին դիմումը, ի վերջո, քննվել է և լուծվել է ոչ թե առանձին դիմումով հարուցված քաղաքացիական գործի, այլ Սասուն Հակոբյանին հոգեբուժական կազմակերպություն ոչ հոժարակամ հոսպիտալացման ենթարկելու վերաբերյալ հիմնական քաղաքացիական գործի (թիվ ԵԴ2/2506/02/24) շրջանակում։

 Ուստի Հանձնաժողովի այն եզրահանգումը, որ թիվ ԵԴ2/4487/02/24, ԵԴ2/4627/02/24, ԵԴ2/4743/02/24, ԵԴ2/4975/02/24 քաղաքացիական գործերով ներկայացված դիմումները վերադարձվել են ոչ օրենքով սահմանված հիմքով, անհիմն է։

 3.4. Ամփոփելով վերոգրյալը՝ Դատավորը գտել է, որ տվյալ դեպքում բացակայում է իրեն կարգապահական պատասխանատվության ենթարկելու՝ Օրենսգրքի 142-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված հիմքը. թիվ ԵԴ2/4487/02/24, ԵԴ2/4627/02/24, ԵԴ2/4743/02/24, ԵԴ2/4975/02/24 քաղաքացիական գործերով ներկայացված դիմումները վերադարձնելիս Դատավորի կողմից նյութական կամ դատավարական իրավունքի որևէ նորմի կամ դատավորի վարքագծի կանոնների խախտում առհասարակ թույլ չի տրվել։

 4. Դատավորը գտել է, որ ինքը ենթակա չէ կարգապահական պատասխանատվության, քանի որ Կարգապահական վարույթով իրեն վերագրվող ենթադրյալ արարքի և դրա հետևանքների նկատմամբ Դատավորի մեղքը բացակայում է։

 4.1. Հանձնաժողովը գտել է, որ Դատավորի կողմից նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի և դատավորի վարքագծի կանոնների ենթադրյալ խախտումները կատարվել են կոպիտ անփութությամբ։ Սակայն Դատավորի ենթադրյալ արարքը չի կարող համարվել կոպիտ անփութությամբ կատարված, քանի որ Դատավորը տվյալ իրավիճակում ակնհայտորեն չէր կարող և պարտավոր չէր գիտակցել թիվ ԵԴ2/4487/02/24, ԵԴ2/4627/02/24, ԵԴ2/4743/02/24, ԵԴ2/4975/02/24 քաղաքացիական գործերով ներկայացված դիմումները վերադարձնելու (վարույթ չընդունելու) ոչ իրավաչափ բնույթը։ Նշված դատողության համար Դատավորը հիմք է ընդունել հետևյալ իրողությունները.

 4.1.1. Թիվ ԵԴ2/2506/02/24 քաղաքացիական գործով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի (դատավոր՝ Գ. Վարդանյան) 11.04.2024 թվականի վճռի բովանդակությունից տառացիորեն բխում է, որ Սասուն Օհանեսի Հակոբյանը ենթարկվել է հոգեբուժական կազմակերպություն ոչ հոժարակամ հոսպիտալացման ոչ թե որոշակի ժամկետով, այլ որոշակի պայմանով, այն է՝ մինչև իր ապաքինվելը։ Փաստորեն, նշված վճռի համաձայն՝ Սասուն Օհանեսի Հակոբյանի՝ հոգեբուժական կազմակերպությունից դուրս գրվելու հիմք հանդիսացող իրավաբանական փաստը վերջինիս ապաքինումն է։ Այսինքն՝ թիվ ԵԴ2/2506/02/24 քաղաքացիական գործով կայացված վճռով սահմանված պայմանի՝ Սասուն Օհանեսի Հակոբյանի ապաքինման, առաջացումն ինքնին բավարար էր վերջինիս հոգեբուժական կազմակերպությունից դուրս գրվելու համար՝ առանց այդ վճիռը վերացնելու անհրաժեշտության։

 Այլ կերպ ասած՝ թիվ ԵԴ2/2506/02/24 քաղաքացիական գործով կայացված վճռից տառացիորեն հետևում է, որ Սասուն Օհանեսի Հակոբյանի ապաքինվելը և դրա հիման վրա վերջինիս՝ հոգեբուժական կազմակերպությունից դուրս գրվելը պայմանավորած չէ (չպետք է պայմանավորված լիներ) Դատավորի կողմից թիվ ԵԴ2/4487/02/24, ԵԴ2/4627/02/24, ԵԴ2/4743/02/24, ԵԴ2/4975/02/24 քաղաքացիական գործերով ներկայացված դիմումները վերադարձվելու հանգամանքով։

 Հետևաբար, թիվ ԵԴ2/2506/02/24 քաղաքացիական գործով կայացված վճռի եզրափակիչ մասում տեղ գտած ձևակերպումների և Սասուն Օհանեսի Հակոբյանի ապաքինված լինելու պայմաններում Դատավորը չի գիտակցել և ողջամտորեն չէր կարող գիտակցել, որ թիվ ԵԴ2/4487/02/24, ԵԴ2/4627/02/24, ԵԴ2/4743/02/24, ԵԴ2/4975/02/24 քաղաքացիական գործերով ներկայացված դիմումները վերադարձնելը կարող է հանգեցնել Սասուն Օհանեսի Հակոբյանի՝ հոգեբուժական կազմակերպություն ոչ հոժարակամ հոսպիտալացման շարունակմանը։

 4.1.2. Դատավորը տվյալ դեպքում չի գիտակցել և ողջամտորեն չէր կարող գիտակցել, որ հոգեբուժական կազմակերպությունում Սասուն Օհանեսի Հակոբյանի դեղորայքային բուժումը կարող էր շարունակվել նաև նրա ապաքինվելուց հետո։ Եթե հոգեբուժական կազմակերպությունը գտնում էր, որ Սասուն Օհանեսի Հակոբյանը ապաքինվել է, ապա հենց այդ փաստի ուժով պարտավոր էր ոչ թե շարունակել, այլ դադարեցնել վերջինիս դեղորայքային բուժումը՝ չսպասելով դատարանների կողմից համապատասխան դատական ակտերի կայացմանը։ Ավելին՝ Դատավորը տվյալ դեպքում չի գիտակցել և ողջամտորեն չէր կարող գիտակցել, որ հոգեբուժական կազմակերպությունում Սասուն Օհանեսի Հակոբյանը «տխրել է», «անընդհատ գտնվել է անհանգիստ վիճակում», «կրել է հոգեբանական որոշակի ցավ»։

 Սասուն Օհանեսի Հակոբյանի առողջական և հոգեկան վիճակին վերաբերող այդ հանգամանքների առաջացումն առհասարակ չի կարող մեղսագրվել Դատավորին, քանի որ Դատավորը տվյալ դեպքում պարզապես որոշում է կայացրել քաղաքացուն հոգեբուժական կազմակերպություն ոչ հոժարակամ հոսպիտալացման ենթարկելու վերաբերյալ վճիռը վերացնելու մասին դիմումի ընդունելիության վերաբերյալ՝ ելնելով դատավարական նորմերի իր սեփական մեկնաբանությունից։

 4.1.3. Դատավորը չի գիտակցել և ողջամտորեն չէր կարող գիտակցել, որ Սասուն Հակոբյանին հոգեբուժական կազմակերպություն ոչ հոժարակամ հոսպիտալացման ենթարկելու վերաբերյալ վճիռը վերացնելու մասին առաջին դիմումը վերադարձվելուց հետո Հաղորդում ներկայացրած անձը ևս երեք անգամ կներկայացնի նույն դիմումը՝ առանց Դատավորի կողմից մատնանշված սխալը շտկելու։ Դա հանգեցրել է այնպիսի իրավիճակի, որ Դատավորը, մեկ անգամ հայտնելով խնդրո առարկա դիմումի ընդունելիության վերաբերյալ իր դիրքորոշումը, հաջորդիվ ներկայացված մյուս երեք դիմումների մասով այլևս կաշկանդված է եղել իր առաջին դատական ակտով հայտնած դիրքորոշմանը և ստիպված կայացրել է նույնաբովանդակ դատական ակտեր նաև մյուս երեք դիմումների կապակցությամբ։

 4.1.4. Քաղաքացուն հոգեբուժական կազմակերպություն ոչ հոժարակամ հոսպիտալացման ենթարկելու վերաբերյալ վճիռը վերացնելու ինստիտուտի վերաբերյալ անորոշ օրենսդրական կարգավորումների և երկակի դատական պրակտիկայի առկայության պայմաններում Դատավորը չի գիտակցել և ողջամտորեն չէր կարող գիտակցել, որ վերադարձը ոչ իրավաչափ է։ Դատավորը պարտավոր չէր շեղվել դատավարական նորմերի սեփական մեկնաբանությունից և վարույթ ընդունել քաղաքացուն հոգեբուժական կազմակերպություն ոչ հոժարակամ հոսպիտալացման ենթարկելու վերաբերյալ վճիռը վերացնելու մասին այն դիմումը, որը, ըստ Դատավորի մեկնաբանության, ենթակա էր քննության քաղաքացուն հոգեբուժական կազմակերպություն ոչ հոժարակամ հոսպիտալացման ենթարկելու վերաբերյալ հիմնական քաղաքացիական գործի շրջանակում։

 4.2. Այսպիսով, Դատավորը եզրահանգել է, որ ինքը ենթակա չէ կարգապահական պատասխանատվության, քանի որ Դատավորը տվյալ իրավիճակում ակնհայտորեն չէր կարող և պարտավոր չէր գիտակցել Կարգապահական վարույթով իրեն վերագրվող ենթադրյալ արարքի և դրա հետևանքների ոչ իրավաչափ բնույթը։ Այսինքն՝ տվյալ դեպքում Դատավորի մեղքը (կոպիտ անփութությունը) բացակայում է։

 5. Ամփոփելով վերոգրյալը՝ Դատավորը հանգել է այն եզրակացության, որ Դատավորը թույլ չի տվել այնպիսի արարք, որը կարող է հիմք հանդիսանալ վերջինիս կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար. Դատավորը չի խախտել նյութական կամ դատավարական իրավունքի որևէ նորմ կամ դատավորի վարքագծի որևէ կանոն։ Դատավորը թույլ չի տվել այնպիսի արարք, որը կարող է հեղինակազրկել դատական իշխանությանը։ Միաժամանակ Դատավորը սույն պատասխանի հիմքում դրել է նաև բոլոր այն փաստարկները, հիմնավորումները, վերլուծություններն ու դատողությունները, որոնք նշված են Կարգապահական վարույթի շրջանակում իր կողմից Հանձնաժողովին ներկայացված բացատրության մեջ։

 

 4. Հարուցված կարգապահական վարույթի համար էական նշանակություն ունեցող հանգամանքները.

 4.1) Թիվ ԵԴ2/2506/02/24 քաղաքացիական գործով Դատարանը (դատավոր՝ Գ. Վարդանյան) 11.04.2024 թվականի վճռով բավարարել է «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ-ի դիմումը՝ քաղաքացի Սասուն Օհանեսի Հակոբյանին հոգեբուժական կազմակերպություն ոչ հոժարակամ հոսպիտալացման ենթարկելու վերաբերյալ՝ վճռելով վերջինիս ենթարկել ոչ հոժարակամ հոսպիտալացման «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ-ում՝ մինչև ապաքինվելը, բայց ոչ ավել, քան վեց ամիս։

 4.2) «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ-ն 07.06.2024 թվականին դիմում (էլեկտրոնային) է ներկայացրել Դատարան՝ քաղաքացուն հոգեբուժական կազմակերպությունում ոչ հոժարակամ հոսպիտալացման ենթարկելու վերաբերյալ 11.04.2024 թվականի թիվ ԵԴ2/2506/02/24 վճիռը վերացնելու պահանջի մասին։ Դիմումը 10.06.2024 թվականին մակագրվել է Դատավորին, 12.06.2024 թվականի որոշմամբ վերադարձվել է այն պատճառաբանությամբ, որ թիվ ԵԴ2/2506/02/24 վճիռը չի կայացրել այն դատարանը (դատավորը), որին ներկայացվել է սույն դիմումը։ Այսինքն՝ դիմողը պարտավոր էր սույն դիմումը ներկայացնել թիվ ԵԴ2/2506/02/24 գործի շրջանակներում, իսկ նման դիմում ներկայացնելու հնարավորությունն էլ պարտավոր է ապահովել էլեկտրոնային համակարգն սպասարկող ընկերությունը։ Որպես իրավական հիմք որոշմամբ վկայակոչվել են Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 270.1-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերը, 199-րդ, 200-րդ հոդվածները, ինչպես նաև 11-րդ գլուխը (թիվ ԵԴ2/4487/02/24 քաղաքացիական գործ)։

 4.3) «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ-ն, հիմք ընդունելով ՀԱՊԱԿ տնօրենի կողմից ստեղծված հոգեբուժական հանձնաժողովի եզրակացությունն առ այն, որ քաղաքացի Սասուն Օհանեսի Հակոբյանն իր ներկայի հոգեկան վիճակով իր և շրջապատի համար վտանգ չի ներկայացնում, ակտիվ հոգեախտանիշները կորցրել են իրենց ակտուալությունը, քննադատական ունակությունները վերականգնվել են, 13.06.2024 թվականին դիմում (էլեկտրոնային) է ներկայացրել Դատարան՝ միջնորդելով Դատարանին վերացնել ոչ հոժարակամ հոսպիտալացման ենթարկելու վերաբերյալ 11.04.2024 թվականի թիվ ԵԴ2/2506/02/24 վճիռը։ Դիմումը 13.06.2024 թվականին մակագրվել է Դատավորին, 14.06.2024 թվականի որոշմամբ վերադարձվել է այն պատճառաբանությամբ, որ թիվ ԵԴ2/2506/02/24 վճիռը չի կայացրել այն դատարանը (դատավորը), որին ներկայացվել է սույն դիմումը։ Այսինքն՝ դիմողը պարտավոր էր սույն դիմումը ներկայացնել թիվ ԵԴ2/2506/02/24 գործի շրջանակներում, իսկ նման դիմում ներկայացնելու հնարավորությունն էլ պարտավոր է ապահովել էլեկտրոնային համակարգն սպասարկող ընկերությունը: Որպես իրավական հիմք որոշմամբ վկայակոչվել են Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 127-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը, 270.1-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերը, 199-րդ, 200-րդ հոդվածները, ինչպես նաև 11-րդ գլուխը (թիվ ԵԴ2/4627/02/24 քաղաքացիական գործ)։

 4.4) «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ-ն, հիմք ընդունելով հոգեբուժական հանձնաժողովի եզրակացությունն առ այն, որ քաղաքացի Սասուն Օհանեսի Հակոբյանը ստացել է բուժում, հոգեկան վիճակը կայունացել է և, որ իր ներկա հոգեվիճակով վտանգ չի ներկայացնում իր և շրջապատի համար, 18.06.2024 թվականին դիմում (էլեկտրոնային) է ներկայացրել Դատարան՝ խնդրելով վերացնել հոգեբուժական կազմակերպությունում ոչ հոժարակամ հոսպիտալացման ենթարկելու վերաբերյալ 11.04.2024 թվականի թիվ ԵԴ2/2506/02/24 վճիռը։ Դիմումը 18.06.2024 թվականին մակագրվել է Դատավորին, 19.06.2024 թվականի որոշմամբ վերադարձվել է այն պատճառաբանությամբ, որ թիվ ԵԴ2/2506/02/24 վճիռը չի կայացրել այն դատարանը (դատավորը), որին ներկայացվել է սույն դիմումը։ Այսինքն՝ դիմողը պարտավոր էր սույն դիմումը ներկայացնել թիվ ԵԴ2/2506/02/24 գործի շրջանակներում, իսկ նման դիմում ներկայացնելու հնարավորությունն էլ պարտավոր է ապահովել էլեկտրոնային համակարգն սպասարկող ընկերությունը։ Որպես իրավական հիմք որոշմամբ վկայակոչվել են Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 127-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը, 270.1-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերը, 199-րդ, 200-րդ հոդվածները, ինչպես նաև 11-րդ գլուխը (թիվ ԵԴ2/4743/02/24 քաղաքացիական գործ)։

 4.5) «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ-ն, հիմք ընդունելով ՀԱՊԱԿ-ի տնօրենի կողմից ստեղծված հոգեբուժական հանձնաժողովի եզրակացությունն առ այն, որ քաղաքացի Սասուն Օհանեսի Հակոբյանի հոգեկան վիճակը բարելավվել է, իր ներկայի հոգեկան վիճակում իր և շրջապատի համար վտանգ չի ներկայացնում, 22.06.2024 թվականին դիմում (էլեկտրոնային) է ներկայացրել Դատարան՝ միջնորդելով վերացնել Դատարանի՝ Սասուն Օհանեսի Հակոբյանին ոչ հոժարակամ հոսպիտալացման և բուժման ենթարկելու վերաբերյալ 11.04.2024 թվականի թիվ ԵԴ2/2506/02/24 վճիռը։ Դիմումը 24.06.2024 թվականին մակագրվել է Դատավորին, 25.06.2024 թվականի որոշմամբ վերադարձվել է այն պատճառաբանությամբ, որ թիվ ԵԴ2/2506/02/24 վճիռը չի կայացրել այն դատարանը (դատավորը), որին ներկայացվել է սույն դիմումը։ Այսինքն՝ դիմողը պարտավոր էր սույն դիմումը ներկայացնել թիվ ԵԴ2/2506/02/24 գործի շրջանակներում, իսկ նման դիմում ներկայացնելու հնարավորությունն էլ պարտավոր է ապահովել էլեկտրոնային համակարգն սպասարկող ընկերությունը։ Որպես իրավական հիմք որոշմամբ վկայակոչվել են Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 127-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը, 270.1-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերը, 199-րդ, 200-րդ հոդվածները, ինչպես նաև 11-րդ գլուխը (թիվ ԵԴ2/4975/02/24 քաղաքացիական գործ)։

 4.6) «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ-ն թիվ ԵԴ2/4975/02/24 քաղաքացիական գործով Դատարանի 25.06.2024 թվականի որոշման դեմ ներկայացրել է վերաքննիչ բողոք, և Վերաքննիչ քաղաքացիական դատարանը (նախագահող դատավոր՝ Մ. Հարթենյան), քննելով վերաքննիչ բողոքը, 21.08.2024 թվականի որոշմամբ մերժել է այն՝ Դատարանի որոշումը թողնելով օրինական ուժի մեջ։ Վերաքննիչ քաղաքացիական դատարանը նշված որոշմամբ գտել է, որ «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ-ն քաղաքացուն հոգեբուժական կազմակերպություն ոչ հոժարակամ հոսպիտալացման ենթարկելու վերաբերյալ դատարանի վճիռը վերացնելու մասին դիմումը պետք է ներկայացներ թիվ ԵԴ2/2506/02/24 քաղաքացիական գործով՝ վճիռը կայացրած դատարանին, այլ ոչ թիվ ԵԴ2/2506/02/24 քաղաքացիական գործից անջատ։

 4.7) «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ-ն 26.08.2024 թվականին թիվ ԵԴ2/2506/02/24 քաղաքացիական գործով դիմում (էլեկտրոնային) է ներկայացրել Դատարան՝ Սասուն Օհանեսի Հակոբյանին ոչ հոժարակամ հոսպիտալացման ենթարկելու վերաբերյալ վճիռը վերացնելու պահանջի մասին, որը վերաբաշխվել է դատավոր Լիլիթ Սաղոյանին և 29.08.2024 թվականին ընդունվել է վարույթ։

30.08.2024 թվականի վճռով Դատարանը, նախագահությամբ դատավոր՝ Լ. Սաղոյանի, դռնբաց դատական նիստում քննելով «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ-ի դիմումը, բավարարել է այն, վերացրել է Դատարանի 11.04.2024 թվականի վճիռը՝ սահմանելով, որ վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։ Դատարանը նշված վճիռը կայացնելիս հիմք է ընդունել «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ-ի կողմից ներկայացված բժշկական հանձնաժողովի եզրակացությունը՝ հաշվի առել, որ գործով առկա փաստական հանգամանքները վկայում են այն մասին, որ Սասուն Օհանեսի Հակոբյանին դատարանի վճռով ոչ հոժարակամ հոսպիտալացման ենթարկվելուց հետո ստացել է համապատասխան բուժում, իր ներկայիս հոգեկան վիճակով իր և շրջապատի համար վտանգ չի ներկայացնում, ոչ հոժարակամ բուժման կարիք չունի։

4.8) Հաղորդում ներկայացրած անձը 17.10.2024 թվականի թիվ 1899/24 գրությամբ հայտնել է, որ թիվ ԵԴ2/4487/02/24, թիվ ԵԴ2/4627/02/24, թիվ ԵԴ2/4743/02/24, թիվ ԵԴ2/4975/02/24 դատական գործերով անցնող անձը, տվյալ դեպքում քաղաքացի Սասուն Օհանեսի Հակոբյանն է, ով նշված գործերով դիմումները ներկայացնելուց հետո հոգեբուժական կազմակերպությունում գտնվել է սկսած 07.06.2024 թվականից մինչև 30.08.2024 թվականը։ Սասուն Օհանեսի Հակոբյանը հոգեբուժական կազմակերպությունից դուրս է գրվել 30.08.2024 թվականին՝ հոգեբուժական կազմակերպություն ոչ հոժարակամ հոսպիտալացման ենթարկելու մասին Դատարանի 11.04.2024 թվականի թիվ ԵԴ2/2506/02/24 վճիռը վերացնելու մասին 30.08.2024 թվականի՝ դատարանի կողմից կայացված թիվ ԵԴ2/2506/02/24 վճռի հիման վրա։

4.9) 24.01.2025 թվականին ստացվել է Հաղորդում ներկայացրած անձի դիմումը, որով ի լրումն Հանձնաժողովի 08.10.2024 թվականի թիվ ԴԴ-Ե-7768 գրության հիման վրա ներկայացված փաստաթղթերի՝ իրենց կողմից ներկայացված հաղորդման հիման վրա հարուցված թիվ N-Կ-8/2024 կարգապահական վարույթի լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի ուսումնասիրությունն ապահովելու և հնարավորության սահմաններում դրան աջակցելու նպատակով, միևնույն ժամանակ հաշվի առնելով թիվ N-Կ-8/2024 կարգապահական վարույթի գաղտնիության հանգամանքը, ներկայացվել է 06.06.2024 թվականից մինչև 30.08.2024 թվականը (առաջին անգամ վճիռը վերացնելու համար դատարան դիմելուց հետո մինչև դուրսգրումը) Սասուն Հակոբյանի՝ հոգեբուժական բաժանմունքում գտնվելու ամբողջ ընթացքում ստացած դեղորայքի վերաբերյալ տեղեկանք՝ հիվանդության պատմագրից, ինչպես նաև բուժվող բժշկի կողմից վերջինիս ապրումների, հույզերի և հոգեկան վիճակի վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն։

Հաղորդում ներկայացրած անձը տեղեկացրել է, որ նշված դեպքի հետ կապված Սասուն Հակոբյանի մայրը, դիմում-բողոք է ներկայացրել ՄԻՊ աշխատակազմին՝ հայտնելով, որ իր որդին անհիմն պահվում է «ՀԱՊԱԿ» ՓԲԸ-ում և հոգեբուժարանի անձնակազմը պնդում է, որ չունի իրավական մեխանիզմներ անձին դուրս գրելու՝ առանց դատարանի համապատասխան որոշման։ Դիմում-բողոքով բարձրացված հարցը գտնվել է ՄԻՊ անմիջական ուշադրության ներքո, հարուցվել է վարույթ և այն նույնիսկ իրավական ու ոլորտի հետ առնչություն ունեցող անձանց շրջանակներում քննարկման առարկա է դարձվել։ Մասնավորապես, Ծաղկաձորում սեպտեմբերի 27-28-ն անցկացվել է «Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց ոչ հոժարակամ բուժման ենթարկելու, ինչպես նաև նրանց նկատմամբ բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ կիրառելու դատավարական ընթացակարգերում առաջացող խնդիրները» թեմայով քննարկում։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «ՀԱՊԱԿ» ՓԲԸ-ն ՄԻՊ աշխատակազմում հարուցված վարույթի շրջանակներում կողմ չի հանդիսանում և չունի նշված վարույթի նյութերը ՄԻՊ աշխատակազմից ստանալու իրավական հնարավորություն, միևնույն ժամանակ, հիմք ընդունելով հարուցված կարգապահական վարույթի գաղտնիությունը, Հաղորդում ներկայացրած անձը միջնորդել է կարգապահական վարույթի լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի ուսումնասիրությունն ապահովելու նպատակով դիմել ՄԻՊ աշխատակազմ և ստանալ Սասուն Հակոբյանի վերաբերյալ հարուցված վարույթի ամբողջ նյութերը։

4.10) Ըստ Հաղորդում ներկայացրած անձի կողմից Հանձնաժողովում 24.01.2025 թվականին ստացված դիմումին կից տրամադրված 24.01.2025 թվականի տեղեկանքի՝ Սասուն Օհանեսի Հակոբյանը «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ-ում թիվ ԵԴ2/2506/02/24 քաղաքացիական գործով Դատարանի 11.04.2024 թվականի վճռի հիման վրա ոչ հոժարակամ բուժում է ստացել 11.04.2024 թվականից մինչև 30.08.2024 թվականը։ Վերջինիս հոգեկան վիճակն ստացած բուժման ընթացքում կարգավորվել է, ակտիվ հոգեախտանիշները կորցրել են իրենց ակտուալությունը, վտանգավորությունն իր և շրջապատի համար վերացել է, քննադատական ունակություններն իր հոգեկան վիճակի նկատմամբ վերականգնվել են։ 06.06.2024 թվականից մինչև 30.08.2024 թվականը (առաջին անգամ վճիռը վերացնելու համար դատարան դիմելուց հետո մինչև դուրսգրումը) Սասուն Հակոբյանը հոգեբուժական բաժանմունքում գտնվելու ամբողջ ընթացքում՝ գրեթե երեք ամիս, շարունակել է ստանալ դեղորայքային բուժում։ Ամեն անգամ, երբ դատարանը հետ է վերադարձրել «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ-ի դիմումը, Սասուն Հակոբյանը տխրել է, անհանգստացել, որ չի կարող դուրս գրվել հիվանդանոցից, փորձել է հետաքրքրվել, դիմել իրավաբանի խորհրդակցության, տեղեկացված լինել ամեն մանրուքով, ներգրավված է եղել գործընթացի մեջ և ամեն օր սպասել է դատարանի պատասխանին, ունեցել է իրատեսական պլաններ ապագայի նկատմամբ։

4.11) Դատավորի՝ 19.12.2024 թվականի թիվ ԴԴԱ-8.2 98852/24 գրությանն ի պատասխան «Մեյսիս Ինֆորմեյշն Սիսթեմս» ՍՊԸ-ի տնօրեն Արմեն Մանուկյանը տեղեկացրել է, որ «էլեկտրոնային դատավարություն» համակարգում ոչ հոժարակամ հոսպիտալացման ենթարկելու վճիռը վերացնելու դիմում ներկայացնելու հնարավորությունը նախատեսված է նույն գործով «Լրացուցիչ վճիռ կայացնելու մասին» կոճակի միջոցով, որը նախատեսված է տվյալ տեսակի բոլոր գործերով։

Ըստ կատարված ուսումնասիրություններից պարզվել է, որ համակարգում 5 գործի շրջանակներում (ԵԴ2/6955/02/24, ԵԴ2/6495/02/24, ԵԴ2/6148/02/24, ԵԴ2/5655/02/24, ԵԴ2/5504/02/24) ներկայացվել է միջնորդություն վճիռը վերացնելու վերաբերյալ բովանդակությամբ (դիմողի կողմից ընտրվել է «Միջնորդություն այլ» կամ «Լրացուցիչ վճիռ կայացնելու մասին դիմում» տեսակի միջնորդությունները)։

Առկա են ոչ հոժարակամ հոսպիտալացման ենթարկելու վճիռը վերացնելու (երկարաձգելու) վերաբերյալ 21 հայցադիմում, որոնք ներկայացվել են որպես առանձին վարույթ։ Վերը նշվածներից վերադարձվել են 7-ը (ԵԴ2/7681/02/24, ԵԴ2/4975/02/24, ԵԴ2/4743/02/24, ԵԴ2/4627/02/24, ԵԴ2/4487/02/24, ԵԴ2/1198/02/24, ԵԴ2/5517/02/24), իսկ ԵԴ2/3090/02/24 գործով հայցադիմումը մերժվել է։ Մնացած 13 հայցադիմումներն ընդունվել են վարույթ (ԵԴ2/4899/02/24, ԵԴ2/4860/02/24, ԵԴ2/4851/02/24, ԵԴ2/4486/02/24, ԵԴ2/4482/02/24, ԵԴ2/4446/02/24, ԵԴ2/4411/02/24, ԵԴ2/4062/02/24, ԵԴ2/1136/02/24, ԵԴ2/1109/02/24, ԵԴ2/10872/02/24, ԵԴ2/6321/02/24, ԵԴ2/5701/02/24)։

4.12) Բացի Սասուն Հակոբյանի վերաբերյալ ներկայացված դիմումից (խոսքն առաջին անգամ այս անձի վերաբերյալ թիվ ԵԴ2/4487/02/24 քաղաքացիական գործով ներկայացված դիմումի մասին է), Հաղորդում ներկայացրած նույն անձը նույն օրը՝ 07.06.2024 թվականին, դիմում (էլեկտրոնային) է ներկայացրել Դատարան՝ մեկ այլ քաղաքացու հոգեբուժական կազմակերպությունում ոչ հոժարակամ հոսպիտալացման ենթարկելու վերաբերյալ թիվ ԵԴ2/3064/02/24 վճիռը վերացնելու մասին։ Նշված դիմումը ներկայացվել է առանձին դիմումով և առանձին վարույթով։ Այդ գործին շնորհվել է թիվ ԵԴ2/4482/02/24 հերթական համարը։ Նշված դիմումը մակագրվել է դատավոր Ե.Եսոյանին։ Դատարանի կողմից 10.06.2024 թվականին կայացվել է «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ տնօրեն Սերգեյ Խաչատրյանի՝ քաղաքացուն հոգեբուժական կազմակերպությունում ոչ հոժարակամ հոսպիտալացման ենթարկելու վերաբերյալ 26.04.2024 թվականի թիվ ԵԴ2/3064/02/24 վճիռը վերացնելու մասին դիմումը վարույթ ընդունելու մասին որոշում, իսկ 13.06.2024 թվականին նշանակվել է դիմումի քննության օր։

4.13) Դատական դեպարտամենտի ղեկավար Նաիրի Գալստյանն իր 03.02.2025 թվականի թիվ ԴԴ-1 Ե-648 գրությամբ տեղեկացրել է, որ « (…) Գրությամբ նշված 1-ին հարցադրման առնչությամբ տեղեկացվում է, որ դատարան մուտք եղած փաստաթղթերի (այդ թվում՝ հայցադիմում, դիմում) ստացման, գրանցման, հաշվառման կարգը սահմանված է «ՀՀ դատարանների գործավարության կանոնները հաստատելու մասին» ԴՆԽ թիվ 23-Լ որոշման Հավելված 1-ով, որում, առկա չեն քաղաքացուն հոգեբուժական կազմակերպություն ոչ հոժարակամ հոսպիտալացման ենթարկելու վերաբերյալ դատարանի վճիռը վերացնելու վերաբերյալ դիմումները, այդ թվում նաև՝ էլեկտրոնային համակարգի միջոցով ներկայացված դիմումներն առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարաններ հանձնելու, դրանք դատարանում ստացվելու, մուտքագրելու հարաբերությունները կարգավորող գործավարության առանձին կանոններ։

Միաժամանակ հարկ է նշել, որ առկա չէ Բարձրագույն դատական խորհրդի որոշում կամ այլ նորմատիվ կարգավորում՝ նշված դիմումները նույն քաղաքացիական գործի շրջանակներում ներկայացվելու կամ առանձին դիմումով ներկայացվելու վերաբերյալ։

Գրությամբ ներկայացված 2-րդ հարցադրման վերաբերյալ հարկ է նշել, որ Դատական դեպարտամենտի կողմից ՀՀ դատարանների գործունեության վերաբերյալ դատական վիճակագրությունը (ըստ դատարանների և ըստ դատավորների) վարվում է «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 19-րդ հոդվածով և ՀՀ կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի թիվ 1542-Ն որոշմամբ սահմանված պահանջներին համապատասխան։

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ տեղեկացվել է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 270.1-րդ հոդվածի ուժի մեջ մտնելուց հետո մինչև օրս Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարաններ քաղաքացուն հոգեբուժական կազմակերպություն ոչ հոժարակամ հոսպիտալացման ենթարկելու վերաբերյալ դատարանի վճիռը վերացնելու դիմումների քանակի մասին սպառիչ տեղեկատվություն տրամադրել հնարավոր չէ, քանի որ նշված գործերով Դատական դեպարտամենտի կողմից առանձին դատական վիճակագրություն կամ որևէ այլ հաշվառում չի վարվում։

Ինչ վերաբերում է վերը նշված ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարաններ քաղաքացուն հոգեբուժական կազմակերպություն ոչ հոժարակամ հոսպիտալացման ենթարկելու վերաբերյալ դատարանի վճիռը վերացնելու բոլոր դատական գործերի համարների տրամադրմանը, հարկ է նշել, որ Դատական դեպարտամենտը դատական գործերի էլեկտրոնային քարտերի ուսումնասիրությունը կատարում և դրանց վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվությունը ստանում է «Դատական համակարգ» տեղեկատվական համակարգչային ծրագրի միջոցով, որը ներկայումս հագեցված չէ այն անհրաժեշտ որոնողական գործիքակազմով, որն անհրաժեշտ է քննարկման առարկա բոլոր դատական գործերի համարները վեր հանելու համար։

Նշված գործընթացն ավելի խնդրահարույց է դարձնում նաև այն հանգամանքը, որ քաղաքացուն հոգեբուժական կազմակերպություն ոչ հոժարակամ հոսպիտալացման ենթարկելու վերաբերյալ դիմումները Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների կողմից «Դատական համակարգ» տեղեկատվական համակարգչային ծրագիր մուտքագրվել են ինչպես քաղաքացուն հոգեբուժական կազմակերպություն ոչ հոժարակամ հոսպիտալացման ենթարկելու դիմումի վերաբերյալ քննված գործի շրջանակներում, որպես միջնորդություն (օրինակ՝ թիվ ԵԴ/10560/02/21, թիվ ԵԴ/9680/02/21, թիվ ԵԴ/5293/02/21, թիվ ԵԴ/4704/02/21, թիվ ԵԴ/3780/02/21, թիվ ԵԴ/0230/02/21, թիվ ԵԴ/35604/02/20, թիվ ԵԴ/35145/02/20, թիվ ԵԴ/32862/02/20, թիվ ԵԴ/32423/02/20, թիվ ԵԷԴ/23610/02/19 քաղաքացիական գործեր), այնպես էլ, որպես նոր գործ (օրինակ՝ թիվ ԵԴ/34651/02/21, թիվ ԵԴ/28535/02/21, թիվ ԵԴ/13175/02/21, թիվ ԵԴ/10641/02/21, թիվ ԵԴ/10013/02/21 քաղաքացիական գործեր)։

Այդուհանդերձ, հաշվի առնելով քննարկման առարկա հարցի վերաբերյալ տեղեկատվության տրամադրման կարևորությունը՝ Դատական դեպարտամենտի կողմից ձեռնարկվել են որոշակի միջոցներ՝ ակնկալվող տեղեկատվության հավաքագրման ուղղությամբ։ Մասնավորապես՝ «Դատական համակարգ» տեղեկատվական համակարգչային ծրագրի որոնողական գործիքների միջոցով կատարվել են ուսումնասիրություններ և վեր հանվել 2024 թվականի փետրվարի 2-ից հետո քաղաքացուն հոգեբուժական կազմակերպություն ոչ հոժարակամ հոսպիտալացման ենթարկելու վերաբերյալ դատարանի վճիռը վերացնելու վերաբերյալ դիմումներով թիվ ԵԴ2/10872/02/24, թիվ ԳԴ/0454/02/24, թիվ ԳԴ/0198/02/24 և թիվ ՍԴ/0397/02/24 քաղաքացիական գործերը, որոնց շրջանակներում կայացված դատական ակտերի օրինակները կցվում են։(:

Միևնույն ժամանակ, գրությանը կցվել են 22 քաղաքացիական գործերով կայացված դատական ակտերի օրինակները և Դատական դեպարտամենտի կենտրոնական մարմնում 23.12.2024 թվականին մուտքագրված Դատարանի դատավոր Աշոտ Հովհաննիսյանի 16.12.2024 թվականի թիվ ԴԴԱ-8.2 Ե-98213/24 գրության պատճենը։

4.14) Մարդու իրավունքների պաշտպանը Ս. Հակոբյանի ազատության իրավունքի խախտման կապակցությամբ դեռևս 28.09.2024 թվականին սույն կարգապահական վարույթի առիթ հանդիսացած արարքների վերաբերյալ հանդես է եկել «Շուրջ երեք ամիս, առանց ստացիոնար բուժման անհրաժեշտության հիմնավորվածության, անձը պահվել է հոգեբուժական կազմակերպությունում, առերևույթ խախտվել է նրա անձնական ազատության իրավունքը» խորագրով հայտարարությամբ։

 

5. Հարուցված կարգապահական վարույթի շրջանակներում էական նշանակություն ունեցող իրավական հարցադրումները

Հաշվի առնելով Հանձնաժողովի կողմից միջնորդությունում բերված փաստարկներն ու հիմնավորումները և դրանց դեմ Դատավորի կողմից ներկայացված պատասխանը՝ Խորհուրդը Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարցը լուծելու համար էական է համարում անդրադառնալ հետևյալ հարցադրումներին.

5.1 արդյո՞ք Դատավորի կողմից անձին ոչ հոժարակամ հոսպիտալացման ենթարկելու վերաբերյալ վճիռը վերացնելու մասին դիմումները վերադարձվելով, թույլ է (են) տրվել դատավարական իրավունքի նորմի (նորմերի) խախտում (խախտումներ),

5.2 արդյո՞ք դատավարական իրավունքի նորմի (նորմերի) ենթադրյալ խախտումը (խախտումները) կատարվել է (են) դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ,

5.3 արդյո՞ք Դատավորի կողմից թույլ տրված դատավարական իրավունքի նորմի (նորմերի) ենթադրյալ խախտումը (խախտումները) հանգեցրել է (են) դատավորի վարքագծի կանոնի խախտման:

 

 6. Խորհրդի պատճառաբանությունները և եզրահանգումները

 Քննարկելով Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը, լսելով վարույթ հարուցող մարմնի ներկայացուցիչների, Դատավորի և վերջինիս ներկայացուցչի դիրքորոշումները, ուսումնասիրելով կարգապահական վարույթի նյութերը և հետազոտելով ապացույցները՝ Խորհուրդը գտնում է, որ ներկայացված միջնորդությունը ենթակա է բավարարման՝ հետևյալ պատճառաբանությամբ.

 Սահմանադրության 173-րդ հոդվածի համաձայն՝ Բարձրագույն դատական խորհուրդն անկախ պետական մարմին է, որը երաշխավորում է դատարանների և դատավորների անկախությունը:

 Սահմանադրության 175-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարց քննարկելու, ինչպես նաև Դատական օրենսգրքով սահմանված այլ դեպքերում Բարձրագույն դատական խորհուրդը հանդես է գալիս որպես դատարան, իսկ 4-րդ մասի համաձայն՝ Բարձրագույն դատական խորհրդի այլ լիազորությունները և գործունեության կարգը սահմանվում են Դատական օրենսգրքով:

 Սահմանադրության 175-րդ և Օրենսգրքի 89-րդ հոդվածներով սահմանվում են Բարձրագույն դատական խորհրդի լիազորությունները, որոնք ամբողջությամբ ուղղված են դատական իշխանության կազմակերպմանը և բնականոն գործունեության ապահովմանը:

 Խորհուրդն արձանագրում է, որ դատավորի, դատարանի և դատական իշխանության անկախության վերաբերյալ իրավական կարգավորումներն ամրագրված են ինչպես ներպետական օրենսդրությամբ, այնպես էլ միջազգային իրավական փաստաթղթերով, ընդ որում դատավորի անկախության վերաբերյալ իրավական կարգավորումների ընդհանուր իրավական բովանդակության էությունը կայանում է նրանում, որ դատավորի անկախությունը հանդիսանում է ոչ միայն նրա իրավունքը, այլ հասարակության` օրինական և հիմնավորված արդարադատության իրականացման ապահովման երաշխիքը:

 Խորհուրդը հարկ է համարում նշել, որ դատավորի անկախության երաշխիքներն ապահովող գործիքակազմում կարևոր տեղ է զբաղեցնում դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու ինստիտուտը:

 Խորհուրդն իր սահմանադրական առաքելության հաշվառմամբ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու լիազորությունը պետք է իրականացնի այնպես, որպեսզի չվտանգի դատավորի և դատարանի անկախության սահմանադրական պահանջը, ինչպես նաև ապահովի դատավորի կողմից բացառապես իր լիազորությունների շրջանակներում գործելու օրենսդրական պահանջը՝ միաժամանակ երաշխավորելով դատավորի անձեռնմխելիությունը կարգապահական պատասխանատվությունից՝ դատարանի օրենքով վերապահված լիազորությունները բարեխղճորեն մեկնաբանելու դեպքում:

 Օրենսգրքի 142-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերի համաձայն` դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերն են`

 1) արդարադատություն կամ որպես դատարան` օրենքով նախատեսված այլ լիազորություններ իրականացնելիս նյութական կամ դատավարական իրավունքի նորմի խախտումը, որը կատարվել է դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ.

 2) դատավորի կողմից սույն օրենսգրքով սահմանված` դատավորի վարքագծի կանոնները խախտելը, բացառությամբ սույն օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով սահմանված կանոնի, որը կատարվել է դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ:

 Խորհուրդն արձանագրում է, որ Հանձնաժողովի կողմից կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդության հիման վրա Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը քննության է առնում Օրենսգրքի 152-րդ հոդվածում ամրագրված դրույթի պահանջներին համապատասխան, այն է` «Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննությունը Բարձրագույն դատական խորհրդում կատարվում է միայն դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը լուծելու համար միջնորդություն ներկայացնելու մասին որոշմամբ նշված կարգապահական խախտման սահմաններում»:

 Այդ կապակցությամբ Բարձրագույն դատական խորհրդի իրավական հետազոտման առարկան սահմանափակվում է միջնորդությամբ ներկայացված հիմքերի և հիմնավորումների շրջանակներում:

 Խորհուրդը հարկ է համարում արձանագրել, որ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 143-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքի առկայության ապացուցման պարտականությունը կրում է կարգապահական վարույթը հարուցած մարմինը: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ կարգապահական խախտման համար դատավորը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ սույն օրենսգրքով սահմանված կարգով՝ Խորհրդի՝ կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին որոշմամբ: Դատավորի կողմից կատարված կարգապահական խախտման վերաբերյալ չփարատված կասկածները մեկնաբանվում են դատավորի օգտին:

 Վերը նշված հոդվածի մեկնաբանությունից բխում է, որ տվյալ դեպքում վարույթ հարուցող մարմինն է կրում դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերի առկայությունն ապացուցելու պարտականությունը: Վարույթն իրականացնող մարմնի կողմից պետք է ձեռք բերվեն ապացույցներ, որոնք իրենց համակցության մեջ բավարար կլինեն Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու և վերջինիս մեղքը հաստատելու համար: Այսինքն, գործով ձեռք բերված ապացույցների ոչ բավարար լինելու, դրանց հակասականության կամ բացակայության պայմաններում վարույթ հարուցող մարմինը պետք է կրի այդ պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու բոլոր անբարենպաստ հետևանքները:

 Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք, իսկ 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

 Սահմանադրական դատարանն իր 10.03.2016 թվականի թիվ ՍԴՈ-1257 որոշմամբ արձանագրել է. «(…) Դատարան դիմելն անձի իրավունքն է, որի իրացումն օրենքով նախատեսված իրավական գործընթաց է, պայմանավորված չէ դատական կամ հանրային իշխանության այլ մարմնի հայեցողությամբ, և որի իրացմամբ առաջացած իրավական հետևանքները պարտադիր են ինչպես դիմող անձի, դատավարության մյուս մասնակիցների, այնպես էլ դատարանի համար, քանի որ, ինչպես վկայում է դատավարական օրենսդրության (ՀՀ քաղաքացիական, քրեական և վարչական դատավարության օրենսգրքերի) համապատասխան նորմերի ուսումնասիրությունը, անձի հայցադիմումին հաջորդում են ընթացակարգային նորմերով կարգավորվող հասարակական հարաբերություններ, որոնց շրջանակներում իրացվում են փոխադարձ իրավունքներ ու պարտականություններ: Անձի հայցադիմումն ընդունելու կամ ընդունումը մերժելու դեպքում դատարանը պարտավոր է կայացնել անհրաժեշտ հիմնավորումներով դատական ակտ, որը պարտադիր է դիմողի և դատավարության այլ մասնակիցների համար: (…)»:

 Օրենսգրքի 8-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանների գործունեությունը պետք է կազմակերպվի այնպես, որ ապահովվի յուրաքանչյուրի իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանությունը՝ օրենքի հիման վրա ստեղծված անկախ և անաչառ դատարանի կողմից գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության միջոցով:

 Օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավորի վարքագծի կանոնները սահմանվում են սույն օրենսգրքով և պարտադիր են բոլոր դատավորների համար: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դատավորի վարքագծի կանոնների նպատակն է դատավորի և սույն հոդվածի 2-րդ մասում նշված անձանց կողմից վարքագծի կանոնները պահպանելու միջոցով նպաստել դատարանի անկախության ու անաչառության ապահովմանը, ինչպես նաև դատարանի նկատմամբ վստահության և հարգանքի ձևավորմանը:

 Օրենսգրքի 67-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավորը պարտավոր է պահպանել սույն օրենսգրքով սահմանված վարքագծի կանոնները: Վարքագծի կանոնները չպահպանելը սույն օրենսգրքով սահմանված դեպքերում և կարգով կարող է հանգեցնել դատավորի կարգապահական պատասխանատվության:

 Օրենսգրքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերը համապատասխանաբար սահմանում են, որ ի պաշտոնե գործելիս դատավորը պարտավոր է՝ քննել և լուծել օրենքով իր իրավասությանը վերապահված հարցերը, բացառությամբ այն դեպքերի, երբ առկա են ինքնաբացարկ հայտարարելու հիմքեր, առանց արդարադատության շահերին վնասելու` ողջամիտ ժամկետում և նվազագույն դատական ծախսերի կատարմամբ քննել և լուծել օրենքով իր իրավասությանը վերապահված հարցերը:

 Կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` «1. Յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք: (...)»:

 Կոնվենցիայի 13-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք, ում սույն Կոնվենցիայով ամրագրված իրավունքներն ու ազատությունները խախտվում են, ունի պետական մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք, նույնիսկ եթե խախտումը կատարել են ի պաշտոնե գործող անձինք:

 Մարդու իրավունքների եվրոպական դատարանն արձանագրել է, որ Կոնվենցիայի 13-րդ հոդվածը երաշխավորում է ներպետական օրենսդրության մեջ իրավական պաշտպանության այնպիսի միջոցի առկայությունը, որը հնարավոր է դարձնում Կոնվենցիայով նախատեսված իրավունքների ու ազատությունների պաշտպանությունը (տե՛ս, Rotaru c. Roumanie [GC], 2000, § 67): 

 Նշված կոնվենցիոն պահանջից ակնհայտ է դառնում, որ պետության պոզիտիվ պարտականություններից է հանդիսանում իրավունքի սուբյեկտի համար նախատեսել այնպիսի իրավական մեխանիզմներ, որոնք թույլ կտան նրան, իր կարգավիճակին համապատասխան, իրացնել իրավունքի արդյունավետ միջոցներ:

 Խորհուրդը ևս արձանագրում է, որ դատական պաշտպանության իրավունքը ենթադրում է նախևառաջ խախտված կամ վիճարկվող իրավունքների պաշտպանության և վերականգնման պահանջով դատարան դիմելու անձի իրավունքը, իսկ մյուս կողմից դատարանի պարտականությունը քննելու գործը և կայացնելու օրինական ու հիմնավորված որոշում: Խախտված իրավունքների պաշտպանության պահանջով յուրաքանչյուր շահագրգիռ անձ իրավունք ունի դիմելու դատարան, ընդ որում քաղաքացիական շրջանառության մասնակիցները առաջին ատյանի դատարան են դիմում հայցադիմում (դիմում) ներկայացնելու միջոցով:

 Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 121-րդ հոդվածով սահմանված են հայցադիմումին ներկայացվող պահանջները, մասնավորապես, հայցադիմումը ներկայացվում է գրավոր՝ սույն օրենսգրքի 16-րդ հոդվածի 2-րդ մասում նշված պահանջների պահպանմամբ: Հայցադիմումը պետք է լինի ընթեռնելի:

 Նույն հոդվածի 2-րդ մասով սահմանված է, թե ինչ պետք է պարտադիր նշվի ներկայացվող հայցադիմումում: Մասնավորապես, հայցադիմումում պարտադիր նշվում են`

 1) դատարանի անվանումը, որին ներկայացվում է հայցադիմումը,

 2) հայցվորի անունը (անվանումը), հաշվառման (գտնվելու) վայրի հասցեն, ծանուցման հասցեն (եթե այն տարբերվում է հաշվառման (գտնվելու) վայրի հասցեից), այդ թվում` հայցվոր քաղաքացու անձը հաստատող փաստաթղթի տվյալները (այսուհետ՝ անձնագրային տվյալներ), հայցվոր իրավաբանական անձի պետական գրանցման համարը, նրա ներկայացուցչի անունը, անձնագրային տվյալները, ծանուցման հասցեն, իսկ եթե հայցը ներկայացրել է դրա իրավունքն ունեցող պաշտոնատար անձը՝ նաև այդ անձի անունը, պաշտոնը,

 3) պատասխանողի անունը (անվանումը), հաշվառման (գտնվելու) վայրի հասցեն, իսկ հաշվառման վայր չունենալու դեպքում՝ բնակվելու վայրի հասցեն,

 4) գործին մասնակցող այլ անձանց անունը (անվանումը), նրանց հաշվառման (գտնվելու) վայրի հասցեն, իսկ հաշվառման վայր չունենալու դեպքում՝ բնակվելու վայրի հասցեն,

 5) այն փաստերը, որոնց վրա հիմնվում են հայցապահանջները,

 6) դրամական պահանջի դեպքում` պահանջվող կամ վիճարկվող գումարի չափը և հաշվարկը,

 7) պատասխանողին ուղղված նյութաիրավական պահանջը (պահանջները), իսկ մի քանի պատասխանողների դեմ հայցադիմում ներկայացնելիս հայցվորի` նրանցից յուրաքանչյուրին ուղղված պահանջը (պահանջները), եթե այն համիրավ չէ,

 8) հայցադիմումին կից ներկայացվող փաստաթղթերի և ապացույցների ցանկը. (․․․

 Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ դիմումի նկատմամբ տարածվում են հայցադիմումի համար սահմանված պահանջները, եթե այլ բան նախատեսված չէ սույն օրենսգրքով, կամ այլ բան չի բխում համապատասխան վարույթի էությունից:

 Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հայցադիմումը ներկայացվելուց հետո` յոթնօրյա ժամկետում, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի, առաջին ատյանի դատարանը կայացնում է որոշում`

 1) հայցադիմումը վարույթ ընդունելու մասին.

 2) հայցադիմումի ընդունումը մերժելու մասին.

 3) հայցադիմումը վերադարձնելու մասին:

 Նույն օրենսգրքի 127-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված է, որ առաջին ատյանի դատարանը, ի թիվս այլ դեպքերի, վերադարձնում է հայցադիմումը, եթե (…) 3) չեն պահպանվել սույն օրենսգրքով հայցադիմումի ձևին, բովանդակությանը և կից փաստաթղթերին ներկայացվող պահանջները:

 Քաղաքացիական գործով հայցի հարուցման համար անհրաժեշտ է, որ հայցադիմումը ներկայացված լինի օրենքով սահմանված պահանջներին համապատասխան: Ուստի դատավորը հայցադիմումը վարույթ ընդունելու որոշում է կայացնում միայն այն դեպքում, եթե հայցադիմումն ընդունելիս ստուգում և պարզում է, որ հայցվորը հայց հարուցելու իրավունք ունի, այսինքն՝ երբ առկա են հայց հարուցելու իրավունքի նախադրյալները, և հայցվորը պահպանել է այն հարուցելու (դատարան դիմելու) օրենքով սահմանված կարգը, այլ կերպ ասած, պահպանվել են հայցադիմումի գրավոր ձևին և բովանդակությանը ներկայացվող պահանջները: Հակառակ դեպքում՝ այդ պահանջների չպահպանումը հիմք է հայցադիմումը վերադարձնելու համար:

 Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը հատուկ վարույթներն իրականացնում է սույն օրենսգրքով նախատեսված գործի քննության ընդհանուր կանոնների համաձայն, այն հատուկ կանոնների պահպանմամբ, որոնք սահմանված են սույն ենթաբաժնի դրույթներով:

 Նույն օրենսգրքի 236-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն՝ դատարանը հատուկ վարույթի կարգով քննում է հետևյալ գործերը. 7) անձին հոգեբուժական կազմակերպություն ոչ հոժարակամ հոսպիտալացման ենթարկելու վերաբերյալ գործերը:

 Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 270-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դիմումի քննության արդյունքներով առաջին ատյանի դատարանը կայացնում է դիմումը բավարարելու կամ մերժելու մասին վճիռ, որն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դիմումը բավարարելու մասին վճիռը հիմք է քաղաքացուն հոգեբուժական կազմակերպություն ոչ հոժարակամ հոսպիտալացնելու համար` առավելագույնը վեց ամիս ժամկետով:

 Միաժամանակ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 35-րդ գլխի 270.1-րդ հոդվածով նախատեսված է քաղաքացուն հոգեբուժական կազմակերպություն ոչ հոժարակամ հոսպիտալացման ենթարկելու վերաբերյալ դատարանի վճիռը վերացնելու ընթացակարգը: Այսպես,

 1. Քաղաքացուն հոգեբուժական հիվանդանոցային ոչ հոժարակամ բուժման ենթարկելու վերաբերյալ դատարանի վճռով սահմանված ժամկետից շուտ անձի ապաքինվելու դեպքում այն բժշկական կազմակերպության դիմումով, որտեղ բուժվում է տվյալ քաղաքացին, հոգեբուժական հանձնաժողովի եզրակացության հիման վրա դատարանը վճիռ է կայացնում քաղաքացուն հոգեբուժական կազմակերպություն ոչ հոժարակամ հոսպիտալացման ենթարկելու վերաբերյալ վճիռը վերացնելու մասին:

 2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դիմումը բավարարելու մասին դատարանի վճիռը հրապարակման պահից մտնում է օրինական ուժի մեջ:

 3. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դիմումները ներկայացվում են այն դատարան, որը նախկինում վճիռ է կայացրել քաղաքացուն հոգեբուժական հիվանդանոցային ոչ հոժարակամ բուժման ենթարկելու վերաբերյալ:

 Վերը նշված նորմերի ընդհանուր վերլուծության հիման վրա Խորհուրդն արձանագրում է, որ օրենսդիրը սահմանել է հայցադիմումի ձևին և բովանդակությանը ներկայացվող (հայցադիմումում պարտադիր նշման ենթակա) կոնկրետ պահանջներ, որոնք օրենքով այլ բան նախատեսված չլինելու պարագայում կիրառելի են նաև հատուկ վարույթով ներկայացվող դիմումների նկատմամբ։ Ընդ որում, հատուկ վարույթով ներկայացվող առանձին դիմումների համար օրենքով սահմանվել են նաև հայցադիմումի (դիմումի) ձևին և բովանդակությանը ներկայացվող ընդհանուր պահանջներից զատ այլ ձևական պահանջներ։ Այդպիսի օրինակ է Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածով նախատեսված կանոնը 1. Իրավաբանական նշանակություն ունեցող փաստի հաստատման վերաբերյալ դիմումում պետք է նշվի, թե ինչ նպատակի համար է դիմողին անհրաժեշտ տվյալ փաստի հաստատումը, ինչպես նաև բերվեն դիմողի կողմից պատշաճ փաստաթղթեր ստանալու կամ կորցրած փաստաթղթերը վերականգնելու անհնարինությունը հաստատող ապացույցներ: 2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված պահանջը չկատարելու դեպքում դատարանը սույն օրենսգրքի 127-րդ հոդվածով սահմանված կարգով վերադարձնում է դիմումը:

 Հիմք ընդունելով վերոգրյալը՝ Խորհուրդը փաստում է, որ կոնկրետ վարույթին վերաբերող հատուկ նորմերով այլ բան սահմանված չլինելու պարագայում գործում է այն կանխավարկածը, որ հայցադիմումում (դիմումում) պետք է պարտադիր նշվեն դրա ձևին և բովանդակությանը ներկայացվող ընդհանուր կոնկրետ պայմանները, ինչը չկատարելու դեպքում նոր միայն կարող է ծագել հայցադիմումը (դիմումը) վերադարձնելու դատարանի լեգիտիմ իրավունքը։

 «Հոգեբուժական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ ոչ հոժարակամ բուժումը կարող է տևել ոչ ավելի, քան վեց ամիս: (…) Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ մինչև սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված վեցամսյա ժամկետի լրանալը հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի մոտ ոչ հոժարակամ բուժման օրենքով սահմանված հիմքերը վերանալու դեպքում հոգեբուժական կազմակերպության գործադիր մարմինը դիմում է դատարան` անձին հոգեբուժական կազմակերպություն ոչ հոժարակամ հոսպիտալացման ենթարկելու վերաբերյալ դատարանի վճիռը վերացնելու պահանջով:

 Խորհուրդն արձանագրում է, որ դատարանի վճռով սահմանված ժամկետից շուտ ոչ հոժարակամ բուժում ստացող անձի ապաքինվելու դեպքում բժշկական կազմակերպությունը, որտեղ բուժվում է տվյալ քաղաքացին, դիմում է քաղաքացուն հոգեբուժական հիվանդանոցային ոչ հոժարակամ բուժման ենթարկելու վերաբերյալ վճիռ կայացրած դատարանին վերջինիս կողմից կայացված վճիռը վերացնելու պահանջով, և նշված դիմումի օրենքով սահմանված պահանջների պահպանմամբ ներկայացված լինելու դեպքում այն վարույթ ընդունվելու, ապա դատարանի կողմից դիմումի բավարարման մասին վճիռ կայացվելուց հետո է միայն դադարեցվում քաղաքացու ոչ հոժարակամ հոսպիտալացումը: Այսինքն, քաղաքացուն հոգեբուժական կազմակերպություն ոչ հոժարակամ հոսպիտալացման ենթարկելու վերաբերյալ վճիռը վերացնելու հարցի քննությունը պատվիրակված է բացառապես դատարանին և առանց վերջինի դատական ակտի անհնարին է քաղաքացուն հոգեբուժական հիվանդանոցային ոչ հոժարակամ բուժման փաստացի դադարեցումը: Ավելին, օրենսդիրը մասնավորեցրել է նաև նման դիմումների ընդդատությունը, այն է՝ դիմումը պետք է ներկայացվի այն դատարան, որը նախկինում կայացրել է քաղաքացուն հոգեբուժական հիվանդանոցային ոչ հոժարակամ բուժման ենթարկելու վերաբերյալ վճիռը:

 Օրենսգրքի 20-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը քննում է դատական կարգով քննության ենթակա բոլոր գործերը, բացառությամբ մասնագիտացված դատարանների ենթակայությանը վերապահված գործերի:

 Նույն օրենսգրքի 21-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներն ունեն քաղաքացիական կամ քրեական մասնագիտացում: Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավորներն ունեն քաղաքացիական, իսկ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավորները՝ քրեական մասնագիտացում:

 Միաժամանակ նույն օրենսգրքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված է, որ ի թիվս մարզերում գործող դատարանների Հայաստանի Հանրապետությունում գործում են Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը՝ առնվազն 35 դատավորի թվակազմով, և Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ առնվազն 30 դատավորի թվակազմով:

 Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածի համաձայն՝ հայցը ներկայացվում է պատասխանողի հաշվառման (գտնվելու) վայրի, իսկ քաղաքացու՝ հաշվառման վայր չունենալու դեպքում` բնակության վերջին հայտնի վայրի առաջին ատյանի դատարան, եթե այլ բան սահմանված չէ սույն օրենսգրքով կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

 Վերոգրյալի լույսի ներքո Խորհուրդը հարկ է համարում արձանագրել, որ թեև դատավորն արդարադատությունն իրականացում է որպես դատարան, սակայն տվյալ դեպքում քաղաքացուն հոգեբուժական կազմակերպություն ոչ հոժարակամ հոսպիտալացման ենթարկելու վերաբերյալ վճիռը վերացնելու մասին դիմումը «վճիռը կայացրած դատարան» ներկայացնելու պայման սահմանելով, օրենսդիրը բնավ նկատի չունի վճիռը կայացրած կոնկրետ դատավորին, քանի որ ըստ էության խոսքը վերաբերում է հատուկ վարույթի կարգով տվյալ գործերով ներկայացվող դիմումների ընդհանուր տարածքային ընդդատությանը, որպիսի հարցը որոշվում է դատարանով, այլ ոչ թե կոնկրետ դատավորով:

 Քննարկվող պարագայում թիվ ԵԴ2/2506/02/24 քաղաքացիական գործով Դատարանը (դատավոր՝ Գ. Վարդանյան) 11.04.2024 թվականի վճռով բավարարել է «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ-ի դիմումը՝ քաղաքացի Սասուն Օհանեսի Հակոբյանին հոգեբուժական կազմակերպություն ոչ հոժարակամ հոսպիտալացման ենթարկելու վերաբերյալ վճռելով վերջինիս ենթարկել ոչ հոժարակամ հոսպիտալացման «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ-ում՝ մինչև ապաքինվելը, բայց ոչ ավել, քան վեց ամիս։

 Հետագայում «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ-ն 07.06.2024 թվականին էլեկտրոնային համակարգի միջոցով դիմում է ներկայացրել Դատարան՝ քաղաքացուն հոգեբուժական կազմակերպություն ոչ հոժարակամ հոսպիտալացման ենթարկելու վերաբերյալ 11.04.2024 թվականի թիվ ԵԴ2/2506/02/24 վճիռը վերացնելու պահանջի մասին (թիվ ԵԴ2/4487/02/24 քաղաքացիական գործ), որը 10.06.2024 թվականին մակագրվել է Դատավորին, իսկ 12.06.2024 թվականի որոշմամբ վերադարձվել է։ Հաղորդում ներկայացրած անձը 2024 թվականի հունիսի 13-ին, 18-ին և 22-ին կրկին դիմումներ է ներկայացրել Դատարան՝ նշված վճիռը վերացնելու պահանջի մասին, որոնք Դատավորի համապատասխանաբար 2024 թվականի հունիսի 14-ի, հունիսի 19-ի և հունիսի 25-ի որոշումներով վերադարձվել են (թիվ ԵԴ2/4627/02/24, թիվ ԵԴ2/4743/02/24 և թիվ ԵԴ2/4975/02/24 քաղաքացիական գործեր)։ Հիշյալ դիմումները վերադարձվել են միևնույն պատճառաբանություններով, մասնավորապես՝ Դատարանը, վկայակոչելով Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 127-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը (միայն թիվ ԵԴ2/4487/02/24 քաղաքացիական գործով դիմումը վերադարձնելու մասին որոշման մեջ տվյալ հոդվածը վկայակոչված չէ), 270.1-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերը, արձանագրել է. «Տվյալ դեպքում թիվ ԵԴ2/2506/02/24 վճիռը չի կայացրել այն դատարանը (դատավորը), որին ներկայացվել է սույն դիմումը։ Այսինքն՝ դիմողը պարտավոր էր սույն դիմումը ներկայացնել թիվ ԵԴ2/2506/02/24 գործի շրջանակներում, իսկ նման դիմում ներկայացնելու հնարավորությունն էլ պարտավոր է ապահովել Համակարգն սպասարկող ընկերությունը։ Վերը նշվածի հիման վրա՝ Դատարանն արձանագրում է, որ դիմումը ենթակա է վերադարձման: (…) »:

Խորհուրդը հարկ է համարում արձանագրել, որ օրենսդրի կողմից հատուկ վարույթի շրջանակներում քաղաքացուն հոգեբուժական կազմակերպություն ոչ հոժարակամ հոսպիտալացման ենթարկելու վերաբերյալ վճիռը վերացնելու դիմումը վարույթ ընդունելու, վերադարձնելու կամ վարույթ ընդունումը մերժելու առանձին կարգավորումներ չի նախատեսել, ուստի տվյալ պարագայում այդ դատավարական հարաբերությունների նկատմամբ ընթացակարգային առումով կիրառելի են ընդհանուր կանոններ նախատեսող՝ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 121-րդ, 125-րդ, 126-րդ և 127-րդ հոդվածների կարգավորումները։

Խորհուրդը փաստում է, որ Դատավորը «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ կողմից 07.06.2024 թվականին, 13.06.2024 թվականին, 18.06.2024 թվականին և 22.06.2024 թվականին ներկայացված դիմումները վերադարձրել է Քաղաքացիական դատավարության օրենսգրքով չնախատեսված հիմքով, այն է՝ Դատավորը կայացրած որոշումներով (բացի 12.06.2024 թվականին կայացրած որոշման այդ որոշմամբ անգամ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 127-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը վկայակոչված չէ) դիմումների վերադարձման հիմքում դրել է օրենսգրքի 127-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը, մինչդեռ հայցադիմումի ձևին և բովանդակությանն առնչվող պահանջները սահմանված են նույն օրենսգրքի 121-րդ հոդվածով, որպիսի նորմն այդ որոշումներում ընդհանրապես չի նշվել և վերլուծվել այն պարագայում, երբ 127-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի հիմքով դիմումը վերադարձնելու մասին որոշում կայացնելիս դատարանը պարտավոր է պարտադիր կերպով հղում կատարել նաև 121-րդ հոդվածին և փաստարկել, թե այդ նորմով սահմանված՝ դիմումի ձևին և բովանդակությանը ներկայացվող կոնկրետ որ պահանջը չի նշվել դիմումում։ Ուստի Խորհրդի գնահատմամբ դիմումը վերադարձնելու մասին որոշումներով արձանագրված՝ դիմումները վճիռ կայացրած դատարանի (դատավորի) կողմից նույն գործի շրջանակներում քննվելու եզրահանգումն այդ հոդվածներով սահմանված պահանջների հետ ընդհանրապես կապ չունի, իսկ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 270.1-րդ հոդվածի 3-րդ մասը որևէ ողջամիտ տրամաբանությամբ և մեկնաբանության որևէ կանոնի կիրառմամբ չէր կարող ընկալվել և կիրառվել որպես վճիռ կայացրած դատարանի (դատավորի) կողմից նույն գործի շրջանակներում դիմումը ներկայացնելու պարտադիր պահանջ։ Ընդ որում, հաղորդում ներկայացրած անձը, պահպանելով Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 270.1-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջը, դիմումներն իրավաչափ կերպով ներկայացրել է թիվ ԵԴ2/2506/02/24 քաղաքացիական գործով 11.04.2024 թվականին վճիռ կայացրած՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի համաձայն` դատարանի մատչելիության իրավունքն արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ մասն է: Այնուամենայնիվ, այդ իրավունքը բացարձակ չէ և կարող է ենթարկվել սահմանափակումների: Այդ սահմանափակումները թույլատրվում են, քանի որ մատչելիության իրավունքն իր բնույթով պահանջում է պետության կողմից որոշակի կարգավորումներ: Այս առումով պետությունը որոշակի հայեցողական լիազորություն ունի: Դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը պետք է իրականացվի այնպես, որ այն չխախտի կամ զրկի անձին մատչելիության իրավունքից այնպես կամ այն աստիճան, որ խախտվի այդ իրավունքի բուն էությունը: Դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը չի կարող համատեղելի լինել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի հետ, եթե այն իրավաչափ նպատակ չհետապնդի և եթե չլինի ողջամիտ հարաբերակցություն ձեռնարկվող միջոցների և հետապնդվող նպատակների միջև համաչափության առումով (տե´ս Ashingdane v. The United Kingdom, թիվ 8225/78 գանգատով Եվրոպական դատարանի 28.05.1985 թվականի վճիռը, կետ 57):

Եվրոպական դատարանը մեկ այլ վճռով նշել է, որ պետությունը դատարան դիմելու իրավունքից օգտվելու համար կարող է սահմանել որոշակի պայմաններ, «...պարզապես պետության կողմից կիրառված սահմանափակումները չպետք է այն կերպ կամ այն աստիճանի սահմանափակեն անձի դատարանի մատչելիության իրավունքը, որ վնաս հասցվի այդ իրավունքի բուն էությանը: Բացի այդ, սահմանափակումը 6-րդ հոդվածի 1-ին կետին չի համապատասխանի, եթե այն իրավաչափ նպատակ չի հետապնդում, և եթե կիրառված միջոցների ու հետապնդվող նպատակի միջև չկա համաչափության ողջամիտ հարաբերակցություն» (տե´ս Khalfaoui v. France, թիվ 34791/97 գանգատով Եվրոպական դատարանի 14.03.2000 թվականի վճիռը, կետ 36):

Եվրոպական դատարանը նշել է նաև, որ դատարանի մատչելիությունն օրենսդրական կարգավորումների առարկա է, և դատարանները պարտավոր են կիրառել դատավարական համապատասխան կանոնները՝ խուսափելով ինչպես գործի արդարացի քննությանը խոչընդոտող ավելորդ ձևականություններից (ֆորմալիզմից), այնպես էլ չափազանց ճկուն մոտեցումից, որի դեպքում օրենքով սահմանված դատավարական պահանջները կկորցնեն իրենց նշանակությունը: Ըստ Եվրոպական դատարանի՝ դատարանի մատչելիության իրավունքը խաթարվում է այն դեպքում, երբ օրենսդրական նորմերը դադարում են ծառայել իրավական որոշակիության և արդարադատության պատշաճ իրականացման նպատակներին ու խոչընդոտում են անձին հասնել իրավասու դատարանի կողմից իր գործի ըստ էության քննությանը (տե՛ս Dumitru Gheorghe v. Romania, թիվ 33883/06 գանգատով Եվրոպական դատարանի 12.04.2016 թվականի վճիռը, կետ 28):

Անդրադառնալով սահմանադրորեն երաշխավորված անձի դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրացման իրավական խնդրին` Սահմանադրական դատարանն իր 28.11.2007 թվականի թիվ ՍԴՈ-719 որոշման մեջ իրավական դիրքորոշում է արտահայտել այն մասին, որ հայցը կամ դիմումը դատարան իրավական պաշտպանության այն միջոցներն են, որոնցով հիմնական իրավունքների, այդ թվում` դատական պաշտպանության իրավունքի կրող հանդիսացող ֆիզիկական կամ իրավաբանական անձը պաշտպանվում է իր իրավունքների տարաբնույթ խախտումներից, որոնք կարող են կատարվել ինչպես հանրային իշխանության, այնպես էլ մասնավոր անձանց կողմից: Իշխանության ոտնձգություններից անձի պաշտպանվելու ամենաարդյունավետ միջոցը դատարան դիմելու նրա իրավունքն է, որը Հայաստանի Հանրապետությունում, ինչպես և բոլոր այլ իրավական պետություններում ունի սահմանադրական (հիմնարար) իրավունքի բնույթ:

Բացի այդ, Սահմանադրական դատարանը, մի շարք որոշումներում (տե´ս ՍԴՈ-652, ՍԴՈ-690, ՍԴՈ-719, ՍԴՈ-765, ՍԴՈ-844, ՍԴՈ-873, ՍԴՈ-890, ՍԴՈ-932, ՍԴՈ-942, ՍԴՈ-1037, ՍԴՈ-1052, ՍԴՈ-1115, ՍԴՈ-1127, ՍԴՈ-1190, ՍԴՈ-1192, ՍԴՈ-1196, ՍԴՈ-1197, ՍԴՈ-1220, ՍԴՈ-1222, ՍԴՈ-1257, ՍԴՈ-1289) կարևորելով իրավակարգավորման մի շարք սկզբունքներ, նաև արձանագրել է, որ`

- դատավարական որևէ առանձնահատկություն կամ ընթացակարգ չի կարող խոչընդոտել կամ կանխել դատարան դիմելու իրավունքի արդյունավետ իրացման հնարավորությունը, իմաստազրկել Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը կամ դրա իրացման արգելք հանդիսանալ,

- ընթացակարգային որևէ առանձնահատկություն չի կարող մեկնաբանվել որպես ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված` դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակման հիմնավորում,

-դատարանի մատչելիությունը կարող է ունենալ այնպիսի սահմանափակումներ, որոնք չեն խաթարում այդ իրավունքի բուն էությունը,

- դատարան դիմելիս անձը չպետք է ծանրաբեռնվի ավելորդ ձևական պահանջներով,

- իրավական որոշակիության ապահովման պահանջից ելնելով` դատարանի մատչելիության իրավունքի իրացման համար անհրաժեշտ որոշակի իմպերատիվ նախապայմանի առկայությունն ինքնին չի կարող դիտվել որպես Սահմանադրությանը հակասող: Այլ հարց է, որ նման նախապայմանը պետք է լինի իրագործելի, ողջամիտ և չհանգեցնի իրավունքի էության խախտման:

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ Խորհուրդն արձանագրում է, որ Դատավորը, չունենալով հոգեբուժական կազմակերպության կողմից ներկայացված՝ անձին ոչ հոժարակամ հոսպիտալացման ենթարկելու վերաբերյալ վճիռը վերացնելու դիմումը վերադարձնելու օրենսդրական հիմք, այնուամենայնիվ մի քանի անգամ վարույթ չի ընդունել և ձևական նկատառումով վերադարձրել է համապատասխան դիմումները՝ խախտելով Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 121-րդ, 125-րդ, 127-րդ և 270.1-րդ հոդվածների պահանջները և անհարկի սահմանափակել է անձի՝ դատարան դիմելու իրավունքի արդյունավետ իրացման հնարավորությունը և Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը:

Միաժամանակ Խորհուրդը հարկ է համարում արձանագրել, որ եթե առկա են նյութական և/կամ դատավարական իրավունքի նորմերի խախտումներ, ապա դրանք պետք է քննության առարկա դարձվեն բողոքարկման համապատասխան ընթացակարգերի միջոցով, իսկ Խորհուրդն այդպիսի հիմքով դատավորին կարող է ենթարկել կարգապահական պատասխանատվության այն դեպքում, երբ դատական ակտը համապատասխան խախտման մասով չի բողոքարկվել (տես, դատավոր Լիզա Գրիգորյանի վերաբերյալ գործով Խորհրդի 23062022 թվականի թիվ ԲԴԽ-43-Ո-Կ-9 որոշումը)։

Ուստի վերոգրյալի լույսի ներքո Խորհուրդը Դատավորի գործողությունները ոչ իրավաչափ է գնահատում 12.06.2024 թվականի, 14.06.2024 թվականի և 19.06.2024 թվականի դատական ակտերի շրջանակներում՝ հաշվի առնելով, որ 25.06.2024 թվականի որոշումը բողոքարկվել է և մնացել է օրինական ուժի մեջ։

Վերոնշյալ հիմնավորումների ամփոփմամբ Խորհուրդը փաստում է, որ Դատավորը, Հաղորդում ներկայացրած անձի կողմից դիմումները վերադարձնելով, չի քննել և լուծել օրենքով իր իրավասությանը վերապահված հարցը, ինչն էլ իր հերթին հանգեցրել է Օրենսգրքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերով նախատեսված՝ առանց արդարադատության շահերին վնասելու` ողջամիտ ժամկետում և նվազագույն դատական ծախսերի կատարմամբ օրենքով իր իրավասությանը վերապահված հարցերը քննելու և լուծելու վարքագծի կանոնների խախտում՝ դրանով իսկ դրսևորելով դատական իշխանությունը վարկաբեկող, ինչպես նաև դատական իշխանության անկախության և անաչառության վերաբերյալ հանրության վստահությունը նվազեցնող վարքագիծ:

Խորհուրդը, անդրադառնալով Դատավորի կողմից թույլ տրված խախտման արդյունքում վրա հասած հետևանքին, արձանագրում է, որ Հաղորդում ներկայացրած անձի կողմից առաջին դիմումը ներկայացնելու օրվանից՝ 07.06.2024 թվականից ոչ հոժարակամ հոսպիտալացման ենթարկված անձն ապաքինված է եղել, ինչը և առհասարակ դիմումի հիմնավոր լինելու փաստը հաստատվել են նույն դատարանի 30.08.2024 թվականի՝ օրինական ուժի մեջ մտած վճռով, ինչպես նաև առկա են եղել հոգեբուժական կազմակերպության կողմից Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 270.1-րդ հոդվածով սահմանված դիմում ներկայացնելու հիմքերը, որպիսի պայմաններում Խորհուրդը փաստում է, որ Դատավորը սահմանափակել է հոգեբուժական կազմակերպության՝ իր մոտ գտնվող անձի շահերի պաշտպանության նպատակով դատարան դիմելու իրավունքը, ինչի հետևանքով ապաքինված անձը տևական ժամանակահատված՝ առնվազն 13 օր (առաջին որոշումը Դատավորը կայացրել է 12062024 թվականին, վերջին որոշումը՝ 25062024 թվականին), շարունակել է անհիմն մնալ հոգեբուժական հաստատությունում, որն էլ հանգեցրել է վերջինիս արդար դատաքննության և անձնական ազատության իրավունքների խախտման:

 Սույն կարգապահական վարույթի փաստական հանգամանքների և կատարված իրավական վերլուծության համադրման արդյունքում Խորհուրդը, անդրադառնալով Դատավորի արարքին և մեղքի ձևին, հարկ է համարում արձանագրել հետևյալը.

 Օրենսգրքի 142-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` սույն գլխի իմաստով` արարքը համարվում է դիտավորությամբ կատարված, եթե դատավորը գիտակցել է իր վարքագծի ոչ իրավաչափ բնույթը: Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն` սույն գլխի իմաստով` արարքը համարվում է կոպիտ անփութությամբ կատարված, եթե դատավորը չի գիտակցել իր վարքագծի ոչ իրավաչափ բնույթը, թեև տվյալ իրադրությունում ակնհայտորեն կարող էր և պարտավոր էր դա անել:

 Վերը նշված իրավանորմերի տրամաբանությունից բխում է, որ օրենսդրի կողմից արդարադատություն կամ որպես դատարան` օրենքով նախատեսված այլ լիազորություններ իրականացնելիս նյութական կամ դատավարական իրավունքի նորմի խախտման վարքագծի առումով առանձնացվել են մեղքի դրսևորման երկու ձևեր` դիտավորություն և կոպիտ անփութություն:

 Խորհուրդն արձանագրում է, որ դատավորի կարգապահական պատասխանատվության տեսանկյունից մեղքը դատավորի վերաբերմունքն է իր կողմից կատարված արարքի նկատմամբ:

 Միաժամանակ որոշելու համար Դատավորի մեղքի ձևը՝ Խորհուրդը գտնում է, որ Դատավորին վերագրվող խախտումները դրսևորվել են կոպիտ անփութությամբ, քանի որ սույն վարույթի շրջանակներում չի հիմնավորվել, որ Դատավորը դիմումները վերադարձնելու մասին որոշումները կայացնելիս դիտավորություն է ունեցել սահմանափակելու անձի վերոհիշյալ իրավունքները, այլ միայն չի գիտակցել իր վարքագծի ոչ իրավաչափ բնույթը, թեև տվյալ իրադրությունում ակնհայտորեն կարող էր և պարտավոր էր դա անել։

 Խորհուրդը փաստում է, որ դատավորի նկատմամբ կիրառվող կարգապահական տույժը պետք է համաչափ լինի կատարված խախտմանը:

 Կարգապահական տույժ կիրառելիս Խորհուրդը հաշվի է առնում խախտման բնույթը և հետևանքները, դիտավորությունը կամ կոպիտ անփութությունը, դատավորի անձը, առկա տույժերը և ուշադրության արժանի այլ հանգամանքներ:

 Խորհուրդն արձանագրում է նաև, որ կարգապահական պատասխանատվության հարցի քննության պահին Դատավորը չի ունեցել կարգապահական տույժ:

 Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 6-րդ մասով, 142-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով, 149-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, 154-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով և 155-րդ հոդվածով՝ Խորհուրդը,

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1 ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի միջնորդությունը՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Աշոտ Հովհաննիսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, բավարարել: Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Աշոտ Հովհաննիսյանին հայտարարել նկատողություն:

2 Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է:

 

_________________

1 Տե՛ս Հանձնաժողովի 11.02.2025 թվականի թիվ N-Կ-8/2024 որոշման 55-րդ էջը։

2 Տե՛ս Հանձնաժողովի 11․02․2025 թվականի թիվ N-Կ-8/2024 որոշման 56-րդ և 64-րդ էջերը։

3 Տես ըստ հետևյալ ինտերնետային հղման՝

https://court.am/storage/uploads/files/bdx-disciplinary-proceedings/iynKcpmnbCz6HN9KV9ZMaVmrSFGVYd7VfLAf0CZG.pdf

 

 

 

Բարձրագույն դատական

խորհրդի նախագահ`

Ա. Աթաբեկյան

Անդամներ`

ՀաՏՈՒԿ ԿԱՐԾԻՔ

ՀաՏՈՒԿ ԿԱՐԾԻՔ

 

 

 

Ա. Դանիելյան

Կ. Թումանյան

Ե. Թումանյանց

Մ. ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Էդ. Հովհաննիսյան

Ք. ՄԿՈՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 15 մայիսի 2025 թվական: