Գլխավոր տեղեկություն
Համար
N 601-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (16.05.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.05.12-2025.05.25 Պաշտոնական հրապարակման օրը 15.05.2025
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
15.05.2025
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
15.05.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.05.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 մայիսի 2025 թվականի N 601-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 7-Ի N 384-Ն ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 20-Ի N 1219-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մարտի 7-ի «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի զինծառայողների բնակարանային ապահովության մասին» N 384-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածում՝

1) 6–րդ կետի 5-րդ ենթակետում «` տեղեկանք Կադաստրի կոմիտեի կողմից` բնակարանի կամ բնակելի տան տիրապետման ձևի մասին» բառերը փոխարինել «սեփականության իրավունքը հավաստող այլ փաստաթղթի պատճենը» բառերով.

2) ուժը կորցրած ճանաչել 6-րդ կետի 7-րդ ենթակետը.

3) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 6․1-ին կետով.

«6․1․ Բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող զինծառայողների բնակարանային հաշվառման նպատակով զինծառայողի և օրենքով սահմանված նրա ընտանիքի անդամների անվամբ Հայաստանի Հանրապետության տարածքում սեփականության իրավունքով բնակելի տարածության առկայության կամ այդպիսին չլինելու մասին, ինչպես նաև զինծառայողի և նրա ընտանիքի անդամների անվամբ վերջին 5 տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետության տարածքում սեփականության իրավունքով բնակելի տարածության օտարման վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվությունը սույն կարգի 1-ին կետում նշված համապատասխան մարմինը Կադաստրի կոմիտեից ստանում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով՝ էլեկտրոնային համակարգերի փոխգործելիության միջոցով: Սույն կարգի 1-ին կետում նշված համապատասխան մարմնի կողմից սույն կետով սահմանված տեղեկատվությունը ձեռք բերվելուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում այն թղթային տարբերակով՝ առձեռն, ներկայացվում է զինծառայողին, որն անմիջապես գրավոր ձևով հավաստում է, որ այդ տեղեկատվության հետ համաձայն է, և այն համապատասխանում է իրականությանը։ Զինծառայողի կողմից տեղեկատվության վերաբերյալ գրավոր ձևով անհամաձայնություն հայտնվելու դեպքում սույն կարգի 1-ին կետում նշված համապատասխան մարմինն իրավասու է 2 աշխատանքային օրվա ընթացքում դիմել Կադաստրի կոմիտե՝ տեղեկատվության հստակեցման նպատակով։».

4) ուժը կորցրած ճանաչել 15-րդ կետի 6-րդ ենթակետը.

5) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 15․2-րդ կետով.

«15․2․ Զինծառայողին և նրա ընտանիքի անդամներին սեփականության իրավունքով բնակարան կամ տնամերձ հողամաս տրամադրելու նպատակով զինծառայողի և նրա ընտանիքի անդամների անվամբ Հայաստանի Հանրապետության տարածքում սեփականության առկայության վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվությունը սույն կարգի 1-ին կետում նշված համապատասխան մարմինը Կադաստրի կոմիտեից ստանում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով՝ էլեկտրոնային համակարգերի փոխգործելիության միջոցով: Սույն կարգի 1-ին կետում նշված համապատասխան մարմնի կողմից սույն կետով սահմանված տեղեկատվությունը ձեռք բերվելուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում այն թղթային տարբերակով՝ առձեռն, ներկայացվում է զինծառայողի հաստատմանը, որն անմիջապես գրավոր ձևով հավաստում է, որ այդ տեղեկատվության հետ համաձայն է, և այն համապատասխանում է իրականությանը։ Զինծառայողի կողմից տեղեկատվության վերաբերյալ գրավոր ձևով անհամաձայնություն հայտնվելու դեպքում սույն կարգի 1-ին կետում նշված համապատասխան մարմինն իրավասու է 2 աշխատանքային օրվա ընթացքում դիմել Կադաստրի կոմիտե՝ տեղեկատվության հստակեցման նպատակով։»։

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հուլիսի 20-ի «Ծառայության վայրում ծառայողական բնակարանով չապահովելու դեպքում պայմանագրային զինծառայողներին ամսական դրամական հատուցում վճարելու կարգը և չափերը սահմանելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի նոյեմբերի 22-ի N 1321-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1219-Ն որոշման 1-ին կետով սահմանված հավելվածում՝

1) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 5․1-ին կետով․

«5․1․ Սույն կարգի 5-րդ կետի 1-ին և 3-րդ ենթակետերով սահմանված պայմանների առկայության վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվությունը սույն կարգի 2-րդ կետի 1-ին ենթակետում նշված համապատասխան մարմինները Կադաստրի կոմիտեից ստանում են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով՝ էլեկտրոնային համակարգերի փոխգործելիության միջոցով։ Սույն կարգի 2-րդ կետի 1-ին ենթակետում նշված համապատասխան մարմինների կողմից սույն կետով սահմանված տեղեկատվությունը ձեռք բերվելուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում այն թղթային տարբերակով՝ առձեռն, ներկայացվում է շահառուին, որն անմիջապես գրավոր ձևով հավաստում է, որ այդ տեղեկատվության հետ համաձայն է, և այն համապատասխանում է իրականությանը։ Շահառուի կողմից տեղեկատվության վերաբերյալ գրավոր ձևով անհամաձայնություն հայտնվելու դեպքում սույն կարգի 2-րդ կետի 1-ին ենթակետում նշված համապատասխան մարմիններն իրավասու են 2 աշխատանքային օրվա ընթացքում դիմել Կադաստրի կոմիտե՝ տեղեկատվության հստակեցման նպատակով։».

2) ուժը կորցրած ճանաչել 6-րդ կետի 3-րդ ենթակետը.

3) 11-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«11․ Սույն կարգի 5-րդ կետի 1-ին կամ 3-րդ ենթակետերով սահմանված պայմանների առկայության դեպքերում ամսական դրամական հատուցում ստանալու դիմումը մերժվում կամ ամսական դրամական հատուցման վճարումը դադարեցվում է։ Սույն կարգի 5-րդ կետի 1-ին կամ 3-րդ ենթակետերով նախատեսված հանգամանքների առկայության դեպքում այդ հանգամանքների ծագման օրվանից մինչև սույն կարգի 2-րդ կետի 1-ին ենթակետում նշված համապատասխան մարմինների կողմից սույն կարգի 5․1-ին կետով սահմանված կարգով Կադաստրի կոմիտեից անհրաժեշտ տեղեկատվությունն ստանալու օրը շահառուին վճարված ամսական դրամական հատուցման գումարները ենթակա են վերադարձման` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1092-րդ հոդվածի պահանջներին համապատասխան: Սույն կետի համաձայն՝ ամսական դրամական հատուցում ստանալու դիմումը մերժելու կամ ամսական դրամական հատուցման վճարումը դադարեցնելու վերաբերյալ 3-օրյա ժամկետում փոստային ծառայության միջոցով ծանուցվում է համապատասխանաբար դիմումատուին կամ շահառուին, ինչպես նաև վերջինիս առաջարկվում է մեկամսյա ժամկետում` միանվագ, կամ շահառուի ցանկությամբ` 12 ամիսը չգերազանցող ժամանակացույցով, մասերով վերադարձնել վճարված ամսական դրամական հատուցման ընդհանուր գումարը, որից շահառուի հրաժարվելու դեպքում այդ գումարի վերադարձն իրականացվում է դատական կարգով:»։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Մ. Գրիգորյան

 

Երևան

 

15.05.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 15 մայիսի 2025 թվական: