Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (21.02.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.05.12-2025.05.25 Պաշտոնական հրապարակման օրը 13.05.2025
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
21.02.2025
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
21.02.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.02.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

Երևան քաղաքի առաջին ատյանի

ընդհանուր իրավասության դատարան,

նախագահող դատավոր՝ Ա. Դանիբեկյան

ԵԱՔԴ/0046/01/17

 

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարան,

նախագահող դատավոր՝

 Լ. Հովհաննիսյան  

Դատավորներ՝

 Ս. Համբարձումյան

 

 Ռ. Պապոյան

 

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),

 

նախագահությամբ`

Հ. ԱՍԱՏՐՅԱՆԻ

մասնակցությամբ դատավորներ`

Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

 

Հ. ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

 

 

Լ. Թադևոսյանի

Ա. ՊՈՂՈՍՅԱՆԻ

21 փետրվարի 2025 թվական

ք. Երևան

գրավոր ընթացակարգով քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2023 թվականի նոյեմբերի 10-ի որոշման դեմ դատապարտյալ Գեորգի Սաֆարյանի և նրա պաշտպան Ա.Ջուվանովայի բացառիկ վերանայման վճռաբեկ բողոքները,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Վարույթի դատավարական նախապատմությունը.

1. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ՝ նաև Առաջին ատյանի դատարան)` 2022 թվականի հունիսի 28-ի դատավճռով Գեորգի Գրիշայի Սաֆարյանը մեղավոր է ճանաչվել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ նաև ՀՀ նախկին քրեական օրենսգիրք) 104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով և դատապարտվել ազատազրկման՝ 10 (տասը) տարի ժամկետով։

Պատժի ժամկետին հաշվակցվել է Ռուսաստանի Դաշնությունում 2015 թվականի ապրիլի 13-ից մինչև հուլիսի 10-ը արգելանքի տակ գտնվելու ժամանակահատվածը՝ 2 (երկու) ամիս 27 (քսանյոթ) օրը՝ թողնելով կրելու ազատազրկում՝ 9 (ինը) տարի 9 (ինը) ամիս 3 (երեք) օր ժամկետով։ Պատժի կրման սկիզբը հաշվվել է 2016 թվականի փետրվարի 9-ից։

2. Առաջին ատյանի դատարանի հիշյալ դատավճռի դեմ Գեորգի Սաֆարյանը և նրա պաշտպան Թ.Բաղդասարյանը ներկայացրել են վերաքննիչ բողոքներ, որոնք ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան)՝ 2023 թվականի նոյեմբերի 10-ի որոշմամբ մերժվել են, իսկ Առաջին ատյանի դատարանի՝ 2022 թվականի հունիսի 28-ի դատավճիռը՝ թողնվել օրինական ուժի մեջ։

3. Վերաքննիչ դատարանի հիշյալ որոշման դեմ Գեորգի Սաֆարյանը և վերջինիս պաշտպան Ա.Ջուվանովան բերել են վճռաբեկ բողոքներ, որոնք Վճռաբեկ դատարանի՝ 2024 թվականի ապրիլի 17-ի որոշմամբ վարույթ ընդունելը մերժվել է։

4. Դատապարտյալ Գ.Սաֆարյանը բացառիկ վերանայման բողոք է ներկայացրել Վերաքննիչ դատարան: Վերաքննիչ դատարանի՝ 2024 թվականի նոյեմբերի 15-ի որոշմամբ վարույթի հարուցումը մերժվել է։

5. Դատապարտյալ Գ.Սաֆարյանը և նրա պաշտպան Ա.Ջուվանովան բերել են բացառիկ վերանայման վճռաբեկ բողոքներ, որոնց հիման վրա Վճռաբեկ դատարանի՝ 2024 թվականի դեկտեմբերի 18-ի որոշմամբ հարուցվել է բացառիկ վերանայման վարույթ և սահմանվել դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ։

 

Վճռաբեկ բողոքների հիմքերը, փաստարկները և պահանջը.

Վճռաբեկ բողոքները քննվում են հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ փաստարկներով.

6. Դատապարտյալ Գեորգի Սաֆարյանը ներկայացված բողոքում նշել է, որ Առաջին ատյանի դատարանը, նախնական կալանքի տակ գտնվելու ժամկետը մեկ օրը մեկուկես օրվա դիմաց չհաշվակցելով, այսինքն՝ անձի վիճակն այլ կերպ բարելավող քրեական օրենքին հետադարձ ուժ չտալով, թույլ է տվել քրեական օրենքի ոչ ճիշտ կիրառում, ինչը հիմք է դատավճիռը բեկանելու համար։

 Մասնավորապես, բողոքաբերը փաստել է, որ ձերբակալվել է 2015 թվականի ապրիլի 13-ին՝ Ռուսաստանի Դաշնության Նովոկուզնեցկ քաղաքում և մինչ օրս անընդմեջ գտնվում է կալանքի տակ։ Վերջինիս կարծիքով՝ Առաջին ատյանի դատարանը ոչ իրավաչափորեն պատժի ժամկետի մեջ չի հաշվակցել իր՝ կալանքի տակ գտնվելու յոթ ամիս ժամանակահատվածը՝ նշելով, որ այդ յոթ ամիսը նա կալանքի մեջ է գտնվել՝ Ռուսաստանի Դաշնության քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի խախտման համար նախատեսված սանկցիայով։

Միևնույն ժամանակ, բողոք բերած անձն ընդգծել է, որ մեկ օրը մեկուկես օրվա դիմաց հաշվակցելու դեպքում, 2015 թվականի ապրիլի 13-ից մինչև 2024 թվականի ապրիլի 17-ը կալանքի տակ գտնվելու եղած ժամանակահատվածը՝ 9 (ինը) տարի 4 (չորս) օրը, համապատասխանում է 13 (տասներեք) տարի 6 (վեց) ամիս և 6 (վեց) օրվան, որին գումարելով նաև 2024 թվականի ապրիլի 17-ից մինչև վերոնշյալ բողոքի վերաբերյալ որոշման կայացման օրը կալանքի տակ գտնվելու ժամկետը՝ առնվազն 6 (վեց) ամիսը, ստացվում է, որ 14 տարուց ավել է, ինչ ինքը գտնվում է կալանքի տակ։

7. Վերոշարադրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է ամբողջությամբ կամ մասնակի բեկանել Առաջին ատյանի դատարանի՝ 2022 թվականի հունիսի 28-ի դատավճիռը, կիրառել 2003 թվականի ապրիլի 18-ից մինչև 2004 թվականի հուլիսի 24-ը գործող ՀՀ քրեական օրենսգրքի 69-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված դրույթը՝ կալանքի սկիզբը հաշվելով 2015 թվականի ապրիլի 13-ից, և որոշում կայացնել իրեն անհապաղ ազատ արձակելու մասին։

8. Պաշտպան Ա.Ջուվանովան իր ներկայացրած վճռաբեկ բողոքում նշել է, որ Գ.Սաֆարյանը մինչև դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը կալանքի տակ է եղել 2016 թվականի «հունվարի» 9-ից մինչև 2024 թվականի ապրիլի 17-ը, այսինքն՝ 8 (ութ) տարի 3 (երեք) ամիս 8 (ութ) օր ժամկետով։ Բողոքաբերի կարծիքով՝ Գեորգի Սաֆարյանի նախնական կալանքի տակ գտնվելու մեկ օրը պետք է հաշվել մեկուկես օրվա դիմաց, որպիսի պարագայում ստացվում է, որ վերջինս մոտ 12 (տասներկու) տարի 3 (երեք) ամիս գտնվել է կալանքի տակ, ինչն ավելին է, քան իր նկատմամբ նշանակված պատիժը, ուստի Գեորգի Սաֆարյանը պետք է անհապաղ ազատ արձակվի։

9. Վերոշարադրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է բեկանել Առաջին ատյանի դատարանի՝ 2022 թվականի հունիսի 28-ի դատավճիռը և այն անփոփոխ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի՝ 2023 թվականի նոյեմբերի 10-ի որոշումը, և գործն ուղարկել ստորադաս դատարան՝ նոր քննության։

 

Վճռաբեկ բողոքների քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

10. Գեորգի Գրիշայի Սաֆարյանը դատապարտվել է ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով՝ հետևյալ արարքի համար. «(…) «[Ն]ա, հանցավոր համաձայնության գալով ընկերների՝ Արթուր Թադևոսյանի, Վահան Կուրղինյանի և Արման Պետրոսյանի հետ՝ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Հայկ Աբրահամյանի դրամական միջոցները հափշտակելու շահադիտական դրդումներով՝ դիտավորությամբ, ապօրինաբար կյանքից զրկել են վերջինիս: Այսպես՝ Գեորգի Սաֆարյանը, ընկերների՝ Արթուր Թադևոսյանի, Վահան Կուրղինյանի և Արման Պետրոսյանի հետ նախապես Գեղամ Մախմուրյանից տեղեկանալով, որ վերջինիս ծանոթ՝ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Հայկ Աբրահամյանը 1995 թվականի հունվարին, ասֆալտի գործարան հիմնելու նպատակով Իրանից իր հետ Հայաստան է բերել խոշոր գումար, որոշել են սպանել վերջինիս և հափշտակել նշված գումարը: Այդ նպատալով, հանցավոր խմբի անդամները պայմանավորվել են Գեորգի Սաֆարյանի կողմից բերված, գործով չպարզված, դեղնավուն թունավոր նյութը գարեջրի մեջ լուծելով մատուցել Հայկ Աբրահամյանին, սպանել նրան, որից հետո հափշտակել նրա գույքը և հավասարապես բաժանել միմյանց միջև:

Իրենց հանցավոր մտադրությունն իրականացնելու նպատակով հանցակիցները 1995 թվականի հունվարի 26-ին ժամը 19:30-ի սահմաններում, հանդիպել են Երևանի Մետրոպոլիտենի Երիտասարդական կայարանի մոտ, որտեղ Գեղամ Մախմուրյանը կամովին հրաժարվել է հանցագործությանը մասնակցելուց, պատճառաբանելով, որ վախենում է, և հեռացել է: Նույն օրը՝ ժամը 20:30-ի սահմաններում Գեորգի Սաֆարյանը, Արթուր Թադևոսյանը և Արման Պետրոսյանը գնացել են Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի (…) շենքի բակ, որտեղ Վահան Կուրղինյանը պայմանավորվածության համաձայն, իրավապահ մարմինների աշխատակիցների հայտնվելու դեպքում սուլելու միջոցով նրանց տեղյակ պահելու նպատակով մնացել է շենքի բակում, իսկ հանցակիցները Հայկ Աբրահամյանին տեսակցելու և նրա հետ զվարճանալու պատրվակով մուտք են գործել նույն շենքի վերջինիս (…) բնակարան:

Բնակարանում՝ Գեորգի Սաֆարյանը, նախապես գարեջրի տարայում ներարկիչով ներմղված, չպարզված բաղադրության թունավոր նյութով պատրաստված գարեջուրը հրամցրել է Հայկ Աբրահամյանին, ով սակայն չի մահացել և շուրջ 10 րոպե անց քնել է: Տեսնելով, որ Հայկ Աբրահամյանը չի մահացել, Արթուր Թադևոսյանը բռնել է տուժողի ոտքերից, Արման Պետրոսյանը՝ որովայնի հատվածից, որից հետո Գեորգի Սաֆարյանը իր հետ նախապես վերցված երկու կողմերից փայտյա բռնակներով հարմարեցված մետաղյա լարով խեղդամահ է արել նրան: Հավաստիանալով, որ Հ.Աբրահամյանը մահացել է, հանցակիցները բնակարակից հափշտակել են ընդհանուրը՝ 1.512.000 ՀՀ դրամին համարժեք ԱՄՆ դոլար և տարբեր ապրանքեր ու ժամը 4-ի սահմաններում՝ հեռացել (…)»1:

11. Առաջին ատյանի դատարանը 2022 թվականի հունիսի 28-ի դատավճռով արձանագրել է հետևյալը. «(...) Գեորգի Սաֆարյանի կատարած արարքը հանդիսանում է մարդու կյանքի դեմ ուղղված առավել վտանգավոր հանցանք, որը դասվում է առանձնապես ծանր հանցագործությունների շարքին: Հանցանքը կատարելու ժամանակ գործող քրեական օրենքով տվյալ արարքի կատարման համար ազատազրկումից բացի նախատեսված էր նաև բացառիկ պատժամիջոց՝ մահապատիժ, իսկ ներկայումս գործող ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի սանկցիայի համաձայն՝ այն պատժվում է նաև ցմահ ազատազրկմամբ: Թե´ հանցանքը կատարելու ժամանակ և թե´ ներկայումս գործող քրեական օրենքի համաձայն՝ հանցագործության ծանրությամբ պայմանավորված, համապատասխան արարքների կատարման դեպքում վաղեմության ժամկետի կիրառման հարցի լուծումն օրենսդիրը վերապահել է դատարանի հայեցողությանը:

Քննարկելով Գեորգի Սաֆարյանի նկատմամբ վաղեմության ժամկետի կիրառման հնարավորության հարցը, դատարանը հաշվի է առնում նրա կատարած հանցագործության հանրային վտանգավորության բնույթն ու աստիճանը՝ նաև դրա կատարման հանգամանքների տեսանկյունից: Այդ թվում՝ դատարանը հաշվի է առնում արարքի և դրա հետևանքների նկատմամբ ամբաստանյալի դրսևորած հոգեբանական վերաբերմունքը, հանցագործության կատարման շարժառիթը (հանցանքն ուղղակի՝ վաղօրոք ծագած դիտավորությամբ, շահադիտական դրդումներով կատարելը), հանցագործության կատարման եղանակը, ինչպես նաև այն կատարելիս Գեորգի Սաֆարյանի դերը, որպիսի հանգամանքներն իրենց համակցության մեջ վկայում են վերջինիս կատարած արարքի առավել բարձր հանրային վտանգավորության մասին:

Բացի այդ, հանցանքը կատարելու պահից տևական ժամանակ անցած լինելու պայմաններում անձին քրեական պատասխանատվության ենթարկելու նպատակահարմարության հարցը լուծելիս դատարանը կարևորում է նաև ամբաստանյալի հետհանցավոր վարքագիծը: Մասնավորապես դատարանը գտնում է, որ հանցանքը կատարելուց հետո դրսևորած վարքագիծը՝ ի թիվս այլնի, նշանակություն ունի ժամանակի ընթացքում արարքի և այն կատարած անձի վտանգավորության նվազման հանգամանքը գնահատելու համար: Նշվածի լույսի ներքո անդրադառնալով հանցանքը կատարելուց հետո Գեորգի Սաֆարյանի դրսևորած վարքագծին, դատարանն արձանագրում է, որ վերջինս տևական ժամանակ՝ մինչև ձերբակալվելը, թաքնվել է քննությունից՝ օգտագործելով այլ անձի անվամբ կեղծ անձնագիր (որի համար դատապարտվել է ՌԴ իրավասու դատարանի կողմից), չի ընդունել մեղքը և չի զղջացել կատարածի համար, որպիսի պարագայում դատարանը հիմքեր չունի հետևության հանգելու, որ ամբաստանյալի կատարած արարքի և նրա անձի հանրային վտանգավորությունը նվազել է: Տվյալ պարագայում՝ քրեական պատժի նպատակների, այդ թվում՝ սոցիալական արդարության վերականգման համատեքստում, դատարանը հնարավոր չի համարում կիրառել վաղեմության ժամկետը և գտնում, որ իր կատարած հանցագործության համար Գեորգի Սաֆարյանը ենթակա է պատժի:

Գեորգի Սաֆարյանի նկատմամբ պատիժ նշանակելիս դատարանը փաստում է, որ ամբաստանյալի նկատմամբ կարող է նշանակվել միայն որոշակի ժամկետով ազատազրկումը՝ նկատի ունենալով ինչպես վաղեմության ժամկետի անցած լինելու, այնպես էլ այն հանգամանքը, որ հանցանքը կատարելու պահին գործող քրեական օրենքով նախատեսված չէր ցմահ ազատազրկում պատժատեսակը: Միևնույն ժամանակ դատարանն արձանագրում է, որ գործող ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված որոշակի ժամկետով ազատազրկման ձևով պատիժը խստացվել է՝ հանցանքը կատարելու ժամանակ գործող օրենքով համապատասխան արարքի համար սահմանված նույն պատժատեսակի համեմատ: Հետևաբար, հիմք ընդունելով, որ պատիժը խստացնող օրենքը չի կարող ունենալ հետադարձ ուժ և տարածվել մինչ այդ օրենքի ուժի մեջ մտնելը հանցանք կատարած անձանց վրա, Գեորգի Սաֆարյանի նկատմամբ ազատազրկման ձևով պատիժը պետք է նշանակվի 1986 թվականի հունվարի 29-ի խմբագրությամբ 1961 թվականի ՀՀ քրեական օրենսգրքի 99-րդ հոդվածի սանկցիայի սահմաններում (այն է՝ ութից տասնհինգ տարի ժամկետով)։

(...)

Գեորգի Սաֆարյանը 2 (երկու) ամիս 27 (քսանյոթ) օր՝ 2015 թվականի ապրիլի 13-ից մինչև 2015 թվականի հուլիսի 10-ն ընկած ժամանակահատվածում, Ռուսաստանի Դաշնությունում գտնվել է կալանքի տակ՝ սույն քրեական գործի շրջանակներում նրա նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման կապակցությամբ: 2015 թվականի հուլիսի 10-ին Գեորգի Սաֆարյանը ժամանակավորապես ազատվել է իր նկատմամբ կիրառված հանձնման նպատակով կալանքից՝ ՌԴ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերի հատկանիշներով հարուցված մեկ այլ քրեական գործի շրջանակներում նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում ընտրելու պատճառաբանությամբ: Այնուհետև՝ Ռուսաստանի Դաշնության իրավասու դատարանի դատավճռով ՌԴ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 3-րդ մասով 1 (մեկ) տարի 8 (ութ) ամիս ժամկետով ուղղիչ աշխատանքների ձևով պատժի դատապարտվելուց հետո Գեորգի Սաֆարյանի նկատմամբ 2016 թվականի փետրվարի 9-ին կրկին կիրառվել է հանձնման նպատակով կալանք և նա Ռուսաստանի Դաշնությունում գտնվել է կալանքի տակ մինչև 2016 թվականի դեկտեմբերի 23-ը: ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության էտապավորման խմբի ուղեկցությամբ 2016 թվականի դեկտեմբերի 23-ին Մոսկա-Երևան չվերթով Հայաստանի Հանրապետություն ժամանելիս Գեորգի Սաֆարյանը Երևան քաղաքի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից բերման է ենթարկվել ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Նոր Նորքի բաժին և նույն օրը ընդունվել է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ, որտեղ կալանքի տակ է գտնվում առ այսօր:

Վերոգրյալի հաշվառմամբ Գեորգի Սաֆարյանի նկատմամբ նշանակված ազատազրկման ձևով պատժի ժամկետին ՀՀ քրեական օրենսգրքի 69-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով սահմանված կարգով պետք է հաշվակցել սույն քրեական գործի շրջանակներում վերջինիս նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման կապակցությամբ Ռուսաստանի Դաշնությունում և Հայաստանի Հանրապետությունում կալանքի տակ գտնվելու վերոնշյալ ժամանակահատվածները: Մասնավորապես, պատժի ժամկետին պետք է հաշվակցել 2015 թվականի ապրիլի 13-ից մինչև 2015 թվականի հուլիսի 10-ն ընկած ժամանակահատվածում ՌԴ-ում կալանքի տակ գտնվելու 2 (երկու) ամիս 27 (քսանյոթ) օր ժամկետը, թողնելով կրելու ազատազրկում՝ 9 (ինը) տարի 9 (ինը) ամիս 3 (երեք) օր ժամկետով, և հաշվի առնելով, որ 2016 թվականի փետրվարի 9-ից մինչ օրս ամբաստանյալն անընդմեջ գտնվում է անազատության մեջ՝ պատժի կրման սկիզբը հաշվել նշված օրվանից (...2:

12. Վերաքննիչ դատարանի՝ 2023 թվականի նոյեմբերի 10-ի որոշման համաձայն՝ «(...) Պատիժ նշանակելիս հանցավորի նկատմամբ անհատական մոտեցումն անհրաժեշտ է, որպեսզի դատարանը պատժի տեսակն ու չափը ընտրելիս համոզվի, որ դրանով կհասնի պատժի վերը նշված նպատակներին, որոնք փոխկապակցված և փոխհամաձայնեցված են (մեկ նպատակը ենթադրում է մյուսները և յուրաքանչյուրի ինքնուրույն իրականացումն օժանդակում է մյուսներին)։ Այսինքն` պատժի նպատակներին հասնելու երաշխիք է հանցագործություն կատարած անձի նկատմամբ արդարացի, արարքի ծանրությանը և հասարակական վտանգավորությանը համապատասխան պատիժ նշանակելը։

(...)

Այսինքն, դատարանը պետք է բացահայտի կատարված կոնկրետ հանցանքի առանձնահատուկ հատկանիշները, որոնք կարող են ազդել հանրության համար վտանգավորության աստիճանի վրա (հանցագործության կատարման եղանակը, հանցավոր մտադրության իրականացման աստիճանը, վնասի չափը և այլն)։

Դատարանը հանրության համար վտանգավորության բնույթը որոշելու ժամանակ պետք է պարզի և հաշվի առնի նաև պաշտպանվող հասարակական հարաբերության սոցիալական նշանակությունը հանցանքի կատարման պահին։

(...)

Վերաքննիչ դատարանը հանգում է հետևության, որ Առաջին ատյանի դատարանն իրենց համակցության մեջ օբյեկտիվ ստուգման ու գնահատման ենթարկելով ամբաստանյալ Գեորգի Սաֆարյանի անձը, նրա պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքը, արարքի հանրության համար վտանգավորության աստիճանը և բնույթը, եկել է ճիշտ եզրահանգման, որ ամբաստանյալ Գեորգի Սաֆարյանի ուղղվելը հնարավոր չէ առանց պատիժը կրելու, ուստի նա պետք է կրի իր նկատմամբ նշանակված պատիժը, որի միջոցով միայն կարելի է հասնել ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածով նախատեսված պատժի նպատակներին (...3։

 

Վճռաբեկ դատարանի հիմնավորումները և եզրահանգումը.

13. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. իրավաչա՞փ են արդյոք բողոքաբերների փաստարկներն առ այն, որ դատապարտյալ Գեորգի Սաֆարյանի նախնական կալանքի տակ գտնվելու ժամկետը վերջնական պատժի ժամկետին պետք է հաշվակցել՝ մեկ օրը հաշվելով մեկուկես օրվա դիմաց։

14 Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 7-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Ոչ ոք չպետք է մեղավոր ճանաչվի որևէ գործողության կամ անգործության համար, որը, կատարման պահին գործող ներպետական կամ միջազգային իրավունքի համաձայն, քրեական հանցագործություն չի համարվել։ Չի կարող նաև նշանակվել ավելի ծանր պատիժ, քան այն, որը կիրառելի է եղել քրեական հանցագործության կատարման պահին»։

ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Արարքի հանցավորությունը և պատժելիությունը որոշվում են դա կատարելու ժամանակ գործող քրեական օրենքով»:

ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 13-րդ հոդվածի համաձայն՝ «1. Արարքի հանցավորությունը վերացնող, պատիժը մեղմացնող կամ հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենքը հետադարձ ուժ ունի, այսինքն՝ տարածվում է մինչև այդ օրենքն ուժի մեջ մտնելը համապատասխան արարք կատարած անձանց, այդ թվում՝ այն անձանց վրա, ովքեր կրում են պատիժը կամ կրել են դա, սակայն ունեն դատվածություն (…)»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 401-րդ հոդվածի համաձայն՝ «1. Բացառիկ վերանայման վարույթներն են՝

(…)

2) հիմնարար խախտման հիմքով վարույթը.

(…)

2. Բացառիկ վերանայման ենթակա են՝

1) օրինական ուժի մեջ մտած դատավճիռը (…)

(…)

3) սույն մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված դատական ակտերի վերանայման արդյունքով վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարանի կայացրած և օրինական ուժի մեջ մտած որոշումը»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 403-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Հիմնարար խախտման հիմքով բողոք կարող է բերվել միայն հօգուտ տվյալ մեղադրյալի՝ հետևյալ հիմքերով (…) 2.1) մեղադրյալին վերագրվող հանցագործության համար նշանակվել է օրենքով չնախատեսված պատժատեսակ կամ պատժաչափ, կամ նրա նկատմամբ նշանակված պատիժը սխալ է հաշվարկվել, կամ խախտվել են Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 74-րդ և 75-րդ հոդվածներով սահմանված կանոնները (…)»:

141 Վճռաբեկ դատարանն իր նախադեպային իրավունքի շրջանակներում բազմիցս անդրադարձել է ժամանակի ընթացքում քրեական օրենքի գործողության մեխանիզմին և քրեական օրենքը հետադարձ ուժով կիրառելու առանձնահատկություններին՝ ընդգծելով, որ ժամանակի ընթացքում քրեական օրենքի գործողության և քրեական օրենքի հետադարձ ուժի կառուցակարգերը ճիշտ կիրառելու համար ելակետային նշանակություն ունի հանցավոր արարքի կատարման պահը:

Մասնավորապես, քրեական օրենքի իմաստով` հանցանքը կատարելու պահ է համարվում հանրության համար վտանգավոր գործողությունը (անգործությունը) իրականացնելու ժամանակը՝ անկախ հետևանքների վրա հասնելու պահից, հետևաբար իրավասու մարմինը հանցանք կատարած անձի նկատմամբ քրեական օրենքի այս կամ այն նորմի կիրառելիության հարցը լուծելիս պետք է ղեկավարվի հանցավոր արարքի (գործողության կամ անգործության) փաստացի կատարման պահի և քրեական օրենքի ուժի մեջ մտնելու պահի համադրմամբ` անկախ այն հանգամանքից, թե երբ է իրականացվում վարույթը և վարույթն իրականացնելու պահին կիրառման ենթակա օրենքը գործում է, թե ոչ: Նշված կանոնը՝ որպես կամայական մեղադրման, դատապարտման և պատժման դեմ ուղղված արդյունավետ երաշխիք, «չկա հանցագործություն և պատիժ, եթե այն սահմանված չէ օրենքով» (nullum crimen, nulla poena sine lege) սկզբունքի անկյունաքարն է, և դրանից ցանկացած շեղում, բացառությամբ քրեական օրենքի հետադարձ ուժի կանոնի, կհանգեցնի միջազգային և ներպետական իրավանորմերի պահանջների խախտման:

Ժամանակի ընթացքում քրեական օրենքի գործողության վերը նշված ընդհանուր կանոնից միակ բացառությունը քրեական օրենքի հետադարձության կանոնն է, որը ենթադրում է, որ հանցավոր արարքի փաստացի կատարումից հետո ընդունված, հանցանք կատարած անձի համար բարենպաստ հետևանքներ առաջացնող նոր օրենքը պետք է տարածվի տվյալ անձի վրա, ընդ որում, որևէ նշանակություն չունի՝ մեղմացնող օրենքին հետադարձ ուժ տալու հարցը լուծելիս այն գործում է, թե արդեն իսկ կորցրել է իր իրավաբանական ուժը։ Իրավաբանական ուժը կորցրած քրեական օրենքը մինչ այդ ծագած հասարակական հարաբերությունների նկատմամբ կիրառելի է այնքանով, որքանով բարենպաստ հետևանքներ է առաջացնում հանցանք կատարած անձի համար4։

15. 1961 թվականին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 43-րդ հոդվածի համաձայն՝ «[Դ]ատարանը նախնական կալանքը պատժի ժամկետի մեջ հաշվում է ազատազրկման կամ կարգապահական գումարտակ (...) ուղարկման դատապարտելիս մեկ օրը մեկ օրվա դիմաց (...)»:

2003 թվականի օգոստոսի 1-ից գործողության մեջ դրված ՀՀ քրեական օրենսգրքի 69-րդ հոդվածի համաձայն՝ «(…) 3 Մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը կալանքի տակ պահելու ժամկետը հաշվակցվում է ազատազրկման, կարգապահական գումարտակում պահելու ձևով նշանակված պատժին՝ մեկ օրը հաշվելով մեկուկես օրվա դիմաց (...)։

4. Մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը կալանքի տակ պահելու կամ այլ պետությունում կատարած հանցանքի համար դատարանի դատավճռով ազատազրկման ձևով նշանակված պատիժը կրելու ժամանակ սույն օրենսգրքի 16-րդ հոդվածի հիման վրա անձին հանձնելու դեպքում մեկ օրը հաշվարկվում է մեկ օրվա դիմաց (…)»:

«ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-97-Ն օրենքի ընդունումից հետո (ուժի մեջ է մտել 2004 թվականի հուլիսի 24-ին) հիշյալ հոդվածի 3-րդ մասը վերաձևակերպվել է հետևյալ կերպ՝ «Մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը կալանքի տակ պահելու ժամկետը հաշվակցվում է ազատազրկման, կարգապահական գումարտակում պահելու ձևով նշանակված պատժին՝ մեկ օրը հաշվելով մեկ օրվա դիմաց (…)»:

15.1. Մեջբերված իրավական նորմերի վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանը Վաղարշակ Գալոյանի վերաբերյալ որոշման շրջանակներում արձանագրել է, որ 2003 թվականի օգոստոսի 1-ից գործողության մեջ դրված ՀՀ քրեական օրենսգրքի 69-րդ հոդվածի 3-րդ մասը հանդիսացել է հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենք, քանի որ նախատեսել է նախնական կալանքը պատժի ժամկետին հաշվակցելու առավել բարենպաստ կարգ, քան գործել է մինչ այդ: Հետևաբար, դրա գործողությունը տարածվում է մինչև այդ օրենքն ուժի մեջ մտնելը հանցանք կատարած անձանց վրա, անկախ նրանից, թե երբ է սկսվել այդ անձանց նկատմամբ քրեական հետապնդումը: Միևնույն ժամանակ, 2003 թվականի օգոստոսի 1-ից գործողության մեջ դրված ՀՀ քրեական օրենսգրքի 69-րդ հոդվածի 3-րդ մասը գործել է մինչև 2004 թվականի հուլիսի 24-ը, որից հետո «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-97-Ն օրենքով այն ենթարկվել է փոփոխության, և սահմանվել է նախնական կալանքը պատժի ժամկետին հաշվակցելու այնպիսի կարգ, ինչպիսին գործել է նախքան 2003 թվականի ապրիլի 18-ի ՀՀ քրեական օրենսգրքի ընդունումը: Այսինքն՝ տեղի է ունեցել անձի վիճակը վատթարացնող օրենսդրական փոփոխություն, որը քրեական օրենքի հետադարձության կանոնի համաձայն՝ չի կարող տարածվել մինչ այդ փոփոխությունը հանցանք կատարած անձանց վրա:

Արդյունքում Վճռաբեկ դատարանը փաստել է, որ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը կալանքի տակ պահելու ժամկետը նշանակված պատժին՝ մեկ օրը մեկուկես օրվա դիմաց հաշվակցելու վերաբերյալ դրույթը գործել է 2003 թվականի օգոստոսի 1-ից մինչև 2004 թվականի հուլիսի 24-ը, այդ օրենքն իր բնույթով հանդիսացել է անձի վիճակն այլ կերպ բարելավող, հետևաբար դրա ներգործության տակ են ընկնում ոչ միայն այն անձինք, որոնք հանցանք են կատարել օրենքի գործողության ընթացքում, այլև նրանք, ովքեր համապատասխան արարք են կատարել մինչև այդ օրենքի ընդունումը: Ուստի, մինչև 2004 թվականի հուլիսի 24-ը հանցանք կատարած անձանց նախնական կալանքի տակ գտնվելու ժամկետը վերջնական պատժի ժամկետին պետք է հաշվակցվի` մեկ օրը հաշվելով մեկուկես օրվա դիմաց, անկախ այն հանգամանքից, թե երբ են նրանք գտնվել կալանքի տակ, և այդ ընթացքում նշված օրենքը գործել է, թե ոչ5։

16. Ընդհանրացնելով սույն որոշման 14-15.1-րդ կետերում մեջբերված իրավանորմերը և դրանց վերաբերյալ արտահայտված իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ 2003 թվականի օգոստոսի 1-ից գործողության մեջ դրված ՀՀ քրեական օրենսգրքի 69-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված՝ նախնական կալանքի տակ գտնվելու ժամկետը վերջնական պատժի ժամկետին հաշվակցելու վերաբերյալ կանոնը՝ մեկ օրը մեկուկես օրվա դիմաց, հանդիսացել է միջանկյալ բարենպաստ քրեական օրենք։ Ընդ որում, թեև ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 13-րդ հոդվածով միջանկյալ քրեական օրենքին հետադարձ ուժ տալու վերաբերյալ որևէ կարգավորում նախատեսված չէր, այնուամենայնիվ Վճռաբեկ դատարանն իր նախադեպային իրավունքի շրջանակներում ամրագրել և հետևողականորեն զարգացրել էր հանցավորությունը վերացնող, պատիժը մեղմացնող կամ հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող միջանկյալ քրեական օրենքին ևս հետադարձ ուժ տալու անհրաժեշտության վերաբերյալ գաղափարը, որպիսին արդեն իսկ իր ուղղակի ամրագրումը ստացավ 2022 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի շրջանակներում (այսուհետ՝ նաև ՀՀ գործող քեական օրենսգիրք)։ Մասնավորապես, ՀՀ գործող քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ հանցանք կամ քրեական օրենսդրությամբ նախատեսված արարք կատարելուց հետո ուժի մեջ մտած, սակայն մինչև իրավասու մարմնի կողմից եզրափակիչ դատավարական ակտը կայացնելն ուժը կորցրած միջանկյալ քրեական օրենսդրությունը հետադարձ ուժով կիրառվում է սույն հոդվածով նախատեսված չափանիշներին համապատասխան։

17 Սույն վարույթի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ՝

- Գեորգի Սաֆարյանը դատապարտվել է ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով՝ այն բանի համար, որ նա, հանցավոր համաձայնության գալով ընկերների` Արթուր Թադևոսյանի, Վահան Կուրղինյանի և Արման Պետրոսյանի հետ, Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Հայկ Աբրահամյանի դրամական միջոցները հափշտակելու շահադիտական դրդումներով, դիտավորությամբ, ապօրինաբար կյանքից զրկել են վերջինիս6։

- Առաջին ատյանի դատարանը 2022 թվականի հունիսի 28-ի դատավճռով Գեորգի Սաֆարյանին մեղավոր է ճանաչել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով, և նրա նկատմամբ պատիժ է նշանակել ազատազրկում՝ 10 (տասը) տարի ժամկետով։ Նույն դատավճռով պատժի ժամկետին հաշվակցվել է Գեորգի Սաֆարյանի՝ Ռուսաստանի Դաշնությունում՝ 2015 թվականի ապրիլի 13-ից մինչև 2015 թվականի հուլիսի 10-ն արգելանքի տակ գտնվելու ժամանակահատվածը՝ 2 (երկու) ամիս 27 (քսանյոթ) օրը՝ թողնելով կրելու ազատազրկում՝ 9 (ինը) տարի 9 (ինը) ամիս 3 (երեք) օր ժամկետով, իսկ պատժի կրման սկիզբը հաշվվել է 2016 թվականի փետրվարի 9-ից:

Ընդ որում, Առաջին ատյանի դատարանի դատավճռում Գեորգի Սաֆարյանի նախնական կալանքի տակ գտնվելու ժամկետը մեկ օրը մեկուկես օրվա դիմաց նշանակված պատժի ժամկետին հաշվակցելու վերաբերյալ որևէ անդրադարձ չի կատարվել7։

- Վերաքննիչ դատարանը, Առաջին ատյանի դատարանի դատավճիռն օրինական ուժի մեջ թողնելով, արձանագրել է, որ Առաջին ատյանի դատարանի կողմից ամբաստանյալ Գեորգի Սաֆարյանի նկատմամբ նշանակված ինչպես պատիժը, այնպես էլ պատժաչափն արդարացի են և համապատասխանում են ամբաստանյալի կատարած հանցագործության ծանրությանը և նրա անձին8։

- Վճռաբեկ դատարանը 2024 թվականի ապրիլի 17-ին որոշում է կայացրել Վերաքննիչ դատարանի՝ 2023 թվականի նոյեմբերի 10-ի որոշման դեմ ամբաստանյալ Գեորգի Սաֆարյանի և նրա պաշտպան ԱՋուվանովայի վճռաբեկ բողոքները վարույթ ընդունելը մերժելու մասին9:

- Առաջին ատյանի դատարանի՝ 2022 թվականի հունիսի 28-ի դատավճիռն օրինական ուժի մեջ է մտել 2024 թվականի ապրիլի 17-ին։

18. Սույն որոշման նախորդ կետում մեջբերված փաստական տվյալները գնահատելով սույն որոշման 14-16-րդ կետերում մեջբերված իրավանորմերի և արտահայտված իրավական դիրքորոշումների համատեքստում՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ 2003 թվականի օգոստոսի 1-ից գործողության մեջ դրված ՀՀ քրեական օրենսգրքի 69-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված կարգավորումն առ այն, որ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը կալանքի տակ պահելու ժամկետը հաշվակցվում է ազատազրկման ձևով նշանակված պատժին՝ մեկ օրը հաշվելով մեկուկես օրվա դիմաց, դատապարտյալ Գեորգի Սաֆարյանի համար հանդիսացել է միջանկյալ բարենպաստ քրեական օրենք, որին պետք է հետադարձ ուժ տրվեր։ Այսպես՝ Գեորգի Սաֆարյանն իրեն մեղսագրված հանցավոր արարքը կատարել է 1995 թվականի հունվարի 26-ին, այսինքն՝ մինչև «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-97-Ն օրենքի ընդունումը, որն ուժի մեջ է մտել 2004 թվականի հուլիսի 24-ին, հետևաբար վերջինիս նախնական կալանքի տակ եղած ժամկետը՝ 2016 թվականի դեկտեմբերի 23-ից մինչև 2024 թվականի ապրիլի 17-ը, ենթակա է եղել հաշվակցման նրա նկատմամբ նշանակված պատժին՝ մեկ օրը հաշվելով մեկուկես օրվա դիմաց։

Ինչ վերաբերում է 2015 թվականի ապրիլի 13-ից մինչև 2015 թվականի հուլիսի 10-ը, ինչպես նաև 2016 թվականի փետրվարի 9-ից մինչև 2016 թվականի դեկտեմբերի 23-ն ընկած ժամանակահատվածում Գեորգի Սաֆարյանի՝ Ռուսաստանի Դաշնությունում կալանքի տակ գտնվելուն, ապա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նախնական կալանքի տակ գտնվելու նշված ժամանակահատվածը ենթակա է հաշվակցման Գեորգի Սաֆարյանի նկատմամբ նշանակված պատժին՝ մեկ օրը հաշվելով մեկ օրվա դիմաց, քանի որ 2003 թվականի օգոստոսի 1-ից գործողության մեջ դրված ՀՀ քրեական օրենսգրքի 69-րդ հոդվածի 4-րդ մասը սահմանում է, որ «Մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը կալանքի տակ պահելու կամ այլ պետությունում կատարած հանցանքի համար դատարանի դատավճռով ազատազրկման ձևով նշանակված պատիժը կրելու ժամանակ սույն օրենսգրքի 16-րդ հոդվածի հիման վրա անձին հանձնելու դեպքում մեկ օրը հաշվարկվում է մեկ օրվա դիմաց»:

19. Անդրադառնալով Գեորգի Սաֆարյանի վճռաբեկ բողոքում ներկայացված այն փաստարկին, որ Առաջին ատյանի դատարանը 2022 թվականի հունիսի 28-ի դատավճռում վերջնական պատժի ժամկետին չի հաշվակցել իր՝ Ռուսաստանի Դաշնությունում 2015 թվականի հուլիսի 10-ից մինչև 2016 թվականի փետրվարի 9-ը կալանքի տակ գտնվելու ժամանակահատվածը, Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ Առաջին ատյանի դատարանն իր դատական ակտում իրավամբ արձանագրել է, որ Գեորգի Սաֆարյանը 2015 թվականի ապրիլի 13-ից մինչև 2015 թվականի հուլիսի 10-ն ընկած ժամանակահատվածում՝ 2 (երկու) ամիս 27 (քսանյոթ) օրը, Ռուսաստանի Դաշնությունում գտնվել է կալանքի տակ՝ սույն քրեական գործի շրջանակներում նրա նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման կապակցությամբ, մինչդեռ 2015 թվականի հուլիսի 10-ին ժամանակավորապես ազատվել է իր նկատմամբ կիրառված հանձնման նպատակով կալանքից՝ ՌԴ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերի հատկանիշներով հարուցված մեկ այլ քրեական գործի շրջանակներում նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում ընտրելու պատճառաբանությամբ: Այնուհետև՝ Գեորգի Սաֆարյանի նկատմամբ 2016 թվականի փետրվարի 9-ին կրկին կիրառվել է հանձնման նպատակով կալանք, և նա Ռուսաստանի Դաշնությունում գտնվել է կալանքի տակ մինչև 2016 թվականի դեկտեմբերի 23-ը10:

20. Այսպիսով, ընդհանրացնելով սույն որոշման 18-19-րդ կետերում կատարված վերլուծությունը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքաբերների փաստարկներն առ այն, որ դատապարտյալ Գեորգի Սաֆարյանի նախնական կալանքի տակ գտնվելու ժամկետը վերջնական պատժի ժամկետին պետք է հաշվակցել՝ մեկ օրը հաշվելով մեկուկես օրվա դիմաց, իրավաչափ են։

21. Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով թույլ է տրվել ՀՀ քրեական դատավարության 403-րդ հոդվածի 2-րդ մասի 2.1-րդ կետով նախատեսված հիմնարար խախտում, այն է՝ Գեորգի Սաֆարյանի վիճակն այլ կերպ բարելավող օրենքին՝ 2003 թվականի օգոստոսի 1-ից գործողության մեջ դրված ՀՀ քրեական օրենսգրքի 69-րդ հոդվածի 3-րդ մասին, ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 13-րդ հոդվածով սահմանված կարգով հետադարձ ուժ չի տրվել, ինչի արդյունքում մեղադրյալին վերագրվող հանցագործության համար նրա նկատմամբ նշանակված պատիժը սխալ է հաշվարկվել, ինչը հիմք է Գեորգի Սաֆարյանի վերաբերյալ ՀՀ Վճռաբեկ դատարանի՝ 2024 թվականի ապրիլի 17-ի որոշումը վերանայելու և ստորադաս դատարանների դատական ակտերը մասնակիորեն բեկանելու համար։

Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ դատապարտյալ Գեորգի Սաֆարյանի՝ 2016 թվականի դեկտեմբերի 23-ից մինչև 2024 թվականի ապրիլի 17-ը նախնական կալանքի տակ գտնվելու ժամկետը՝ 7 (յոթ) տարի 3 (երեք) ամիս 25 (քսանհինգ) օրը, նրա նկատմամբ նշանակված պատժին հաշվակցելու դեպքում՝ մեկ օրը հաշվելով մեկուկես օրվա դիմաց, ինչպես նաև հաշվի առնելով, որ Գեորգի Սաֆարյանի պատժի ժամկետի սկիզբը հաշվարկվում է 2016 թվականի փետրվարի 9-ից, ստացվում է, որ այն ավելին է, քան նրա նկատմամբ նշանակված պատիժը՝ 9 (ինը) տարի 9 (ինը) ամիս 3 (երեք) օր ժամկետով ազատազրկումը, ուստի Գեորգի Սաֆարյանի կողմից պատիժը պետք է համարել կրած և նրան անհապաղ ազատ արձակել11։

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 34-րդ, 162-րդ, 264-րդ, 281-րդ, 361-րդ, 363-րդ և 407-408-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. ՀՀ Վճռաբեկ դատարանի՝ 2024 թվականի ապրիլի 17-ի որոշումը հիմնարար խախտման հիմքով վերանայել։

2. Բացառիկ վերանայման արդյունքում դատապարտյալ Գեորգի Գրիշայի Սաֆարյանի վերաբերյալ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2022 թվականի հունիսի 28-ի դատավճիռը և այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2023 թվականի նոյեմբերի 10-ի որոշումը մասնակիորեն բեկանել։

3 Գեորգի Գրիշայի Սաֆարյանի՝ 2016 թվականի դեկտեմբերի 23-ից մինչև 2024 թվականի ապրիլի 17-ը նախնական կալանքի տակ գտնվելու ժամկետը՝ 7 (յոթ) տարի 3 (երեք) ամիս 25 (քսանհինգ) օրը, հաշվակցելով նրա նկատմամբ նշանակված՝ 9 (ինը) տարի 9 (ինը) ամիս 3 (երեք) օր ժամկետով ազատազրկման ձևով պատժին՝ մեկ օրը հաշվելով մեկուկես օրվա դիմաց, պատիժը համարել կրած ու Գեորգի Սաֆարյանին անհապաղ ազատ արձակել։

4. Ստորադաս դատարանների դատական ակտերը մնացած մասով թողնել օրինական ուժի մեջ:

Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը:

 

_________________

1 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 3-րդ, թերթեր 249-252։

2 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 12-րդ, թերթեր 82-103։

3 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 15-րդ, թերթեր 4-73։

4 Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի՝ Գասպար Պողոսյանի գործով 2011 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ ԳԴ1/0013/01/11, Վաղարշակ Գալոյանի գործով 2013 թվականի հոկտեմբերի 18-ի թիվ ԵԷԴ/0008/15/13 որոշումները։

5 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Վաղարշակ Գալոյանի գործով 2013 թվականի հոկտեմբերի 18-ի թիվ ԵԷԴ/0008/15/13 որոշման 20-21-րդ կետերը։

6 Տե՛ս սույն որոշման 10-րդ կետը։

7 Տե՛ս սույն որոշման 11-րդ կետը։

8 Տե՛ս սույն որոշման 12-րդ կետը։

9 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 16-րդ, թերթեր 118-122։

10 Տե՛ս սույն որոշման 11-րդ կետը։

11 Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի՝ Միքայել Հովհաննիսյանի և Սվետլանա Կարապետյանի գործով 2025 թվականի փետրվարի 7-ի թիվ ԵԱՔԴ/0054/11/12 որոշումը։

 

Նախագահող`

Հ. Ասատրյան

Դատավորներ`

Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆ

Հ. ԳՐԻԳՈՐՅԱՆ

Լ. Թադևոսյան

Ա. ՊՈՂՈՍՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 13 մայիսի 2025 թվական: