Գլխավոր տեղեկություն
Համար
N 567-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (13.05.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.05.12-2025.05.25 Պաշտոնական հրապարակման օրը 12.05.2025
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
08.05.2025
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
12.05.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.05.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

8 մայիսի 2025 թվականի N 567-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 2036-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող սերուցքային կարագի նկատմամբ սակագնային արտոնություն կիրառելու, ներմուծման բաշխման կարգը, մեկանգամյա և գլխավոր լիցենզիաների ձևերը հաստատելու մասին» N 2036-Ն որոշման N 1 հավելվածում (այսուհետ՝ հավելված) կատարել հետևյալ լրացումները՝

1) հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 16.1-ին, 16․2-րդ, 16․3-րդ, 16.4-րդ, 16․5-րդ և 16․6-րդ կետերով.

«16.1. Հայտատուները 2025 թվականի մայիսի 13-ից մինչև մայիսի 16-ը իրավունք ունեն հրաժարվելու իրենց հատկացված ներմուծման թույլատրելի ծավալից՝ ամբողջությամբ՝ սույն կարգի 31-րդ կետի 4-րդ ենթակետի համաձայն։ Հայտատուները 2025 թվականի մայիսի 13-ից մինչև մայիսի 16-ը իրավունք ունեն մասնակի հրաժարվելու իրենց հատկացված ներմուծման թույլատրելի ծավալից։ Այն դեպքում, երբ հայտատուն հրաժարվում է իրեն հատկացված ներմուծման թույլատրելի ծավալից մասնակի, տրամադրված լիցենզիայի գործողությունը դադարեցվում է և 2 աշխատանքային օրվա ընթացքում տրամադրվում է նոր լիցենզիա, որտեղ նշվում է իրեն հատկացված ներմուծման նոր թույլատրելի ծավալը։ Հայտատուին հատկացված ծավալից հրաժարվելու մասին դիմումը ներկայացվում է լիազոր մարմին էլեկտրոնային եղանակով (էլեկտրոնային հասցեն` secretariat@mineconomy.am), փոստային առաքմամբ կամ առձեռն։ Էլեկտրոնային եղանակով դիմելու դեպքում դիմումն անհրաժեշտ է ներկայացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով՝ էլեկտրոնային թվային ստորագրությամբ:

16․2․ Ներմուծման թույլատրելի ծավալի չբաշխված քանակությունից ներմուծման նոր թույլատրելի ծավալ ստանալու համար հայտատուները 2025 թվականի մայիսի 19-ից մինչև մայիսի 23-ը լիազոր մարմին են ներկայացնում հայտ՝ սույն կարգի 19-րդ կետի պահանջներին համապատասխան, ինչպես նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2024 թվականի նոյեմբերի 29-ի N 106 որոշմամբ նախատեսված՝ արտոնության տրամադրման պայմանների պահպանումը հավաստող փաստաթուղթ։

16․3․ Սույն կարգի 16․1-ին կետի համաձայն՝ չբաշխված ներմուծման թույլատրելի ծավալը լիազոր մարմնի կողմից բաշխվում է`

1) պատմական գնորդների համար` սույն կարգի 8-րդ կետի պահանջներին համապատասխան.

2) արտաքին տնտեսական գործունեության այլ մասնակիցների միջև` հավասարաչափ, բայց ոչ ավելի, քան իր կողմից խնդրարկված ծավալը։

16․4․ Սույն կարգի 16․2-րդ կետի պահանջներին համապատասխան հայտ ներկայացրած արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների միջև ներմուծման թույլատրելի ծավալը բաշխվում է` լիազոր մարմին ներմուծման համար արտաքին տնտեսական գործունեության մասնակցի կողմից դիմում-հայտ ներկայացվելու ժամկետի ավարտից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:

16․5․ Լիազոր մարմինը՝

1) 16․1-ին կետում նշված ժամկետի ավարտից հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում մաքսային ոլորտի լիազոր մարմնին է տրամադրում տեղեկատվություն՝ սույն որոշման 16․1-ին կետում նշված հայտատուների վերաբերյալ՝ նշելով արտաքին տնտեսական գործունեության մասնակցի անվանումը (անուն, ազգանունը), ՀՎՀՀ-ն, լիցենզիայի համարը, տրման ամսաթիվը, ինչպես նաև արտաքին տնտեսական գործունեության մասնակցի՝ սկզբնական ծավալի, հրաժարված ծավալի և վերջնական (ճշտված) ծավալի վերաբերյալ տեղեկատվությունը․

2) սույն կարգի 16․4-րդ կետում նշված ժամկետի ավարտից հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում մաքսային ոլորտի լիազոր մարմնին է տրամադրում ամփոփ տեղեկատվություն խնդրո առարկա արտոնությունից օգտվելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 19-ի N 2036-Ն որոշման ընդունման օրվանից սկսած՝ լիցենզավորված բոլոր արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների անվանման (անուն, ազգանուն), ՀՎՀՀ-ի, լիցենզիայի համարի և ծավալի, արտոնության սկզբնական ծավալի, հրաժարված ծավալի (առկայության դեպքում), վերջնական (ճշտված) ծավալների վերաբերյալ։ 2025 թվականի մայիսի 13-ից մինչև մաքսային ոլորտի լիազոր մարմնին սույն ենթակետով նախատեսված տեղեկատվության ներկայացման օրը, սույն որոշմամբ սահմանված արտոնությամբ ձևակերպումներ չեն իրականացվում։

16.6. Հայտատուն մաքսային ոլորտի լիազոր մարմին է ներկայացնում լիազոր մարմնից ստացված լիցենզիան:»։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

12.05.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 12 մայիսի 2025 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան