Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-196
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (02.05.2011-14.10.2019)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2001.08.01/24(156) Հոդ.543
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
26.06.2001
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
19.07.2001
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.08.2001

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2001 թվականի հունիսի 26-ին

 

ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ

 

Գ Լ ՈՒ Խ  1.

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

ՀՈԴՎԱԾ 1. Ֆիզիկական կուլտուրան ազգային մշակույթի մի մասն է: Արդար խաղի, հարգանքի և համագործակցության վրա հիմնված սպորտը դիտվում է որպես ժողովուրդների մերձեցման, խաղաղության և բարեկամության հաստատման ու ամրապնդման միջոց:

Սույն oրենքը կարգավորում և սահմանում է ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառի պետական քաղաքականության սկզբունքները, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի համակարգի կազմակերպական-իրավական ու ֆինանսատնտեսական հիմքերը, ինչպես նաև այն սկզբունքները, որոնք պետք է պահպանվեն միջազգային մարզական շարժմանն ինտեգրվելու համար։

(1-ին հոդվածը խմբ. 11.06.04 ՀՕ-110-Ն, 10.06.09 ՀՕ-151-Ն)

 

Հոդված 2. ՕՐԵՆՔՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.

ա) ֆիզիկական կուլտուրա` մարդու առողջ ապրելակերպի և ֆիզիկական կատարելագործման համար հասարակության կողմից ստեղծված և օգտագործվող հոգևոր ու նյութական արժեքների ամբողջություն.

բ) ֆիզիկական դաստիարակություն` բնակչության առողջության ամրապնդմանը, աշխատունակության բարձրացմանը և երկարակեցությանը, ֆիզիկապես կոփված ու բարոյապես կայուն սերնդի ձևավորմանն ուղղված կազմակերպված գործընթաց.

գ) ֆիզկուլտուրայի շարժում` բնակչության ֆիզիկական կուլտուրայի մակարդակի բարձրացմանը, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացմանը նպատակաուղղված պետական և հասարակական կազմակերպությունների ու քաղաքացիների գործունեություն.

դ) սպորտ` ֆիզիկական կուլտուրայի բաղկացուցիչ մաս, պատմականորեն առաջացած` մարդկանց մրցակցական գործունեության և մրցումների նախապատրաստման հատուկ մասնագիտական մարզումների գործընթաց.

ե) Հայաստանի Հանրապետության հավաքական թիմ` մարզաձևի լավագույն մարզիկներով, մարզիչ-մանկավարժներով, գիտնականներով, բժիշկներով և այլ մասնագետներով համալրված թիմ, որը նախապատրաստվում և Հայաստանի Հանրապետության պետական դրոշի ներքո մասնակցում է միջազգային մարզական միջոցառումներին.

զ) սիրողական սպորտ` մարզական զանգվածային գործունեություն, ֆիզիկական դաստիարակության բաղկացուցիչ մաս, ըստ նախասիրության` տարբեր մարզաձևերում շնորհալի և հեռանկարային անհատներին ի հայտ բերելու միջոց.

է) պրոֆեսիոնալ սպորտ` սպորտի բնագավառում շահույթ հետապնդող գործունեություն, որին մասնակցում են պրոֆեսիոնալ մարզական կազմակերպությունները (լիգաներ, ակումբներ, թիմեր), սպորտը որպես մասնագիտություն ընտրած մարզիկները.

ը) օլիմպիական շարժում` սպորտի զարգացմանը, մարդու հոգևոր և ֆիզիկական կատարելությանը, միջազգային սպորտային փոխհամագործակցությանը նպատակաուղղված հասարակական շարժում.

թ) ֆիզկուլտուրային, մարզական չափորոշիչներ` ֆիզիկական վարժությունների համալիր առաջադրանքներ, որոնց կատարման արդյունքներով բացահայտվում են բնակչության տարբեր տարիքային և առողջական խմբերի ֆիզիկական պատրաստականության մակարդակն ու առողջական վիճակը.

ժ) ուսումնամարզական ծրագրեր` ֆիզկուլտուրային, մարզական չափորոշիչներին համապատասխան մշակված տարբեր մակարդակների և ուղղվածության ծրագրեր, որոնց հիման վրա կազմակերպվում է ուսումնամարզական գործընթացը.

ժա) մարզիչ-մանկավարժ` ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում ուսումնական ծրագրով մարզական, մանկավարժական գործունեություն իրականացնող մասնագիտական կրթություն ունեցող անձ.

ժբ) մարզիկ (մարզուհի)` որևէ մարզաձևով կանոնավոր զբաղվող և տվյալ մարզաձևից մարզական կարգ ունեցող անձ:

(2-րդ հոդվածը լրաց. 10.06.09 ՀՕ-151-Ն)

 

ՀՈԴՎԱԾ 21.  ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ և ՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին օրենսդրությունը բաղկացած է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունից, սույն օրենքից, այլ օրենքներից և իրավական ակտերից:

Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:

(21-րդ հոդվածը լրաց. 11.06.04 ՀՕ-110-Ն)

 

Հոդված 3.

ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ և ՍՊՈՐՏԻ ԲՆԱԳԱՎԱՌԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառի օրենսդրության խնդիրներն են`

ա) Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ ամրագրված` պետության կողմից ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացմանը նպաստելու իրավական մեխանիզմների ստեղծումը.

բ) ֆիզիկական կուլտուրայի և սպորտի համակարգի գործառնության և զարգացման համար իրավական երաշխիքների ապահովումը.

գ) ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ազգային համակարգի կառավարման իրավասությունների բաշխումն ու տարանջատումը, գործառույթների կանոնակարգումը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, մարզական հասարակական կազմակերպությունների, միությունների և ընկերությունների միջև.

դ) այդ բնագավառի իրավաբանական և ֆիզիկական անձանց իրավունքների, պարտականությունների, պատասխանատվության սահմանումն ու փոխհարաբերությունների իրավական կարգավորումը:

 

Հոդված 4. Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում պետական քաղաքականությունը

 

Պետությունը նպաստում և աջակցում է Հայաստանի Հանրապետությունում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացմանը:

Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում պետական քաղաքականությունն իրականացվում է տարեկան ծրագրի միջոցով: Տարեկան ծրագիրը Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում պետական բյուջեի նախագծի կազմում, որի ֆինանսավորման գումարն արտացոլվում է պետական բյուջեի ծախսերում:

(4-րդ հոդվածը խմբ. 18.04.03 ՀՕ-540-Ն, լրաց. 10.06.09 ՀՕ-151-Ն)

 

Հոդված 5.

ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ և ՍՊՈՐՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

 

Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում պետական քաղաքականության սկզբունքներն են`

ա) բնակչության առողջության ամրապնդումը, անհատի ներդաշնակ զարգացումը, աշխատունակության բարձրացումն ու երկարակեցության ապահովումը.

բ) տարիքային և սոցիալական տարբեր խմբերի անձանց համար ֆիզիկական դաստիարակության անընդհատությունը և ֆիզիկական կուլտուրայով ու սպորտով զբաղվելու մատչելիությունը.

գ) հայրենիքի պաշտպանությանը պատրաստ երիտասարդության ֆիզիկական պատրաստականության ապահովումը.

դ) բարձրակարգ մարզիկների պատրաստումը, միջազգային մրցասպարեզներում Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի և մարզիկների մասնակցության ապահովումը.

ե) պետական ծրագրի միջոցով Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ազգային համակարգի կատարելագործումը.

զ) մարզիկների շրջանում արդար խաղի գաղափարի ամրապնդումը, մրցակցի հանդեպ հարգանքի, ազնիվ վերաբերմունքի ոգով դաստիարակումը, օլիմպիզմի գաղափարների, մարզական էթիկայի կանոնների պահպանումը և սպորտում դոպինգ օգտագործելու, ֆիզիկական և բարոյական կոպտության դեմ պայքարը:

(5-րդ հոդվածը լրաց. 10.06.09 ՀՕ-151-Ն)

 

Հոդված 6.

ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ և ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ

 

Հայաստանի Հանրապետությունում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման պետական երաշխիքներն են`

ա) ֆիզիկական կուլտուրայով և սպորտով զբաղվելու, այդ բնագավառը որպես մասնագիտություն ընտրելու, ֆիզկուլտուրային և օլիմպիական շարժմանը մասնակցելու մարդկանց հավասար իրավունքների ապահովումը.

բ) բնակչության ֆիզիկական դաստիարակության ապահովումը, «Ֆիզիկական կուլտուրա» առարկայի պարտադիր դասավանդումն ուսումնական բոլոր հաստատություններում` ուսումնառության ամբողջ ընթացքում.

գ) Հայաստանի Հանրապետության առաջնությունների, համահայկական խաղերի անցկացման, օլիմպիական խաղերին, աշխարհի ու Եվրոպայի առաջնություններին, համաշխարհային ունիվերսիադաներին, միջազգային և այլ մրցաշարերին Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի ու մարզիկների նախապատրաստման և մասնակցության ֆինանսավորումը` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված միջոցների հաշվին.

դ) աջակցությունը մանկապատանեկան մարզադպրոցների ցանցի ընդլայնմանը, դրանց նյութատեխնիկական բազայի ամրապնդմանը.

ե) այդ բնագավառի համար կադրերի պատրաստման, վերապատրաստման ապահովումը, բնակչության ֆիզիկական դաստիարակության և բարձրագույն նվաճումների` սպորտի հիմնահարցերին վերաբերող գիտական հետազոտությունների նպատակային ֆինանսավորումը.

զ) աջակցությունը ֆիզկուլտուրային-առողջարարական, մարզական և ուսումնական բազաների պահպանմանն ու նպատակային օգտագործմանը, նոր ուսումնամարզական բազաների կառուցմանը.

է) մարզական գույքի արտադրության և ֆիզիկական կուլտուրայի ու սպորտի բնագավառում այլ տնտեսական գործունեության խթանումը.

ը) մարզական գործունեության ընթացքում պրոֆեսիոնալ մարզիկների հաշմանդամ դառնալու դեպքում սոցիալական պաշտպանության ապահովումը:

(6-րդ հոդվածը լրաց. 10.06.09 ՀՕ-151-Ն)

 

Հոդված 7. ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ և ՍՊՈՐՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը`

ա) հաստատում է ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառի պետական քաղաքականության հայեցակարգը.

բ) (կետն ուժը կորցրել է 18.04.03 ՀՕ-540-Ն)

գ) սահմանում է ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում պետական պատվերի տեղադրման կարգը.

դ) հաստատում է ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառի նորմատիվ ակտերը.

ե) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված այլ լիազորություններ:

(7-րդ հոդվածը փոփ. 18.04.03 ՀՕ-540-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  2.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ

ԵՎ ՍՊՈՐՏԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ

 

Հոդված 8. Հայաստանի Հանրապետության ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ և ՍՊՈՐՏԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

 

Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ազգային համակարգը պետական կառավարման լիազորված մարմնի, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների համապատասխան ստորաբաժանումների ամբողջությունն է: Այդ համակարգի մասն են կազմում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառի հետևյալ հասարակական կազմակերպությունները`

ա) Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն.

բ) մարզաձևերի ազգային ֆեդերացիաները.

գ) այլ մարզական հասարակական կազմակերպությունները, միությունները և ընկերությունները:

 

Հոդված 9. Հայաստանի Հանրապետության ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ և ՍՊՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՄԱՐՄՆԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կառավարման լիազորված մարմինը`

ա) իրականացնում է բնագավառի միասնական պետական քաղաքականությունը և զարգացման ռազմավարությունը.

բ) համադասում է պետական և տարեկան ծրագրերի մշակման գործընթացը: Մշակում և Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում այդ ծրագրերով նախատեսված պետական պատվերների տեղադրման կարգը.

գ) համադասում է բնակչության շրջանում տարվող ֆիզկուլտուրային-առողջարարական, մարզական աշխատանքները, Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի համալրման գործընթացը.

դ) շահագրգիռ նախարարությունների, գերատեսչությունների, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի, այլ մարզական կազմակերպությունների հետ մշակում և հաստատում է ֆիզկուլտուրային, մարզական չափորոշիչները: Մշակում և Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառի նորմատիվ ակտերը.

ե) Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների հետ կազմում և հաստատում է նախադպրոցական և դպրոցական տարիքի երեխաների, սովորող երիտասարդության և ուսանողների ֆիզիկական դաստիարակության պետական ծրագրերը.

զ) իրականացնում է այդ բնագավառի գիտամեթոդական ապահովումը, կազմակերպում է ֆիզկուլտուրային կադրերի, այդ թվում` մարզիչ-մանկավարժների պատրաստումը և վերապատրաստումը.

է) համագործակցում է ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառի հասարակական կազմակերպությունների հետ.

ը) Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի և օլիմպիական մարզաձևերի ազգային ֆեդերացիաների ներկայացմամբ հաստատում է օլիմպիական խաղերի նախապատրաստման քառամյա փուլային ծրագիրը, հանրապետական մարզական և հանրային միջոցառումների օրացուցային պլանը.

թ) աջակցում է հաշմանդամների շրջանում ֆիզկուլտուրային և մարզական ծրագրերի իրականացմանը.

ժ) իր իրավասության սահմաններում կնքում է միջազգային պայմանագրեր.

ժ.1) տարածքային կառավարման մարմինների հետ համատեղ կազմակերպում է ոլորտի տարածքային քաղաքականության իրականացումը.

ժ.2) ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառի վաստակաշատ անձանց առաջարկում է ներկայացնել պետական պարգևների, մրցանակների և կոչումների.

ժ.3) շնորհում է մարզական կարգեր, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառի լավագույն աշխատողներին և կազմակերպություններին պարգևատրում է մեդալներով, մրցանակներով ու դիպլոմներով.

ժ.4) միջազգային միջոցառումներում առավել բարձր արդյունքների հասած մարզիկներին արժանացնում է «Սպորտի վաստակավոր վարպետ» կոչման.

ժ.5) ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառի վաստակաշատ անձանց արժանացնում է «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պատվավոր աշխատող» կոչման։

ժա) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված այլ լիազորություններ:

(9-րդ հոդվածը լրաց. 10.06.09 ՀՕ-151-Ն, փոփ. 14.04.11 ՀՕ-88-Ն)

 

Հոդված 9.1. Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում պետական կառավարման մարմինների լիազորությունները

 

Առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազորված մարմինը`

ա) օժանդակում է ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառի պետական կառավարման լիազորված մարմնին մարզական բժշկության կադրերի վերապատրաստման, ինչպես նաև մարզական բժշկության նպատակային ծրագրերի իրականացման գործում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով օժանդակում է ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառի պետական կառավարման լիազորված մարմնին դոպինգի դեմ պայքարի միջոցառումները իրականացնելիս.

գ) սահմանում է հանրակրթական ուսումնական հաստատությունների «Ֆիզիկական կուլտուրա» առարկայի դասավանդման համար դպրոցականներին բժշկական համապատասխան խմբերի դասելու չափորոշիչը.

դ) ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառի պետական կառավարման լիազորված մարմնի հետ համատեղ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կազմակերպում է մարզիկների առողջական վիճակի նախնական և պարբերական բժշկական զննություններ.

ե) ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կառավարման լիազորված մարմնի, աշխատանքի և սոցիալական հարցերի բնագավառի պետական կառավարման լիազորված մարմնի հետ աջակցում է հաշմանդամների հիմնախնդիրներով զբաղվող մարզական հասարակական կազմակերպություններին:

Արդարադատության բնագավառի պետական կառավարման լիազորված մարմինը, համագործակցելով ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կառավարման լիազորված մարմնի հետ, մշակում է ֆիզկուլտուրային, առողջարարական ծրագրեր և ապահովում դրանց իրականացումը ազատազրկման վայրերում:

Կրթության բնագավառի պետական կառավարման լիազորված մարմինը`

ա) կազմակերպում է նախադպրոցական և դպրոցական տարիքի երեխաների, սովորողների ֆիզիկական զարգացման և ֆիզիկական պատրաստվածության տվյալների ընդհանրացումն ու վերլուծումը: Ուսումնական հաստատությունում «Ֆիզիկական կուլտուրա» առարկան և արտադասարանական մարզական խմբում դասավանդող անձի մասնագիտական կրթությունը պարտադիր է.

բ) կազմակերպում է ուսումնական հաստատություններում մանուկների, երիտասարդների, այդ թվում՝ հաշմանդամների ֆիզիկական ունակությունների զարգացումը.

գ) կազմակերպում է ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ուսումնական հաստատությունների նյութատեխնիկական բազայի կատարելագործումն ու զարգացումը, ընդլայնում մանկապատանեկան մարզադպրոցների ցանցը.

դ) կազմակերպում է ազգային, միջազգային մարզական միջոցառումներ ու մրցումներ սովորողների համար.

ե) ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կառավարման լիազորված մարմնի հետ մշակում և հաստատում է ուսումնական հաստատությունների արտաուսումնական մարզական խմբերի գործունեության կարգը.

զ) ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կառավարման լիազորված մարմնի հետ համատեղ սահմանում է մարզական ուղղվածության դասարան ստեղծելու կարգը:

Պաշտպանության բնագավառի պետական կառավարման լիազորված մարմինը`

ա) կազմակերպում է զինվորականների ընդհանուր և հատուկ ֆիզիկական պատրաստականությունը.

բ) աջակցում է զինծառայող մարզիկներին մարզվելու և մրցումներին մասնակցելու համար, նպաստում ժամկետային զինվորական ծառայության մեջ գտնվող՝ Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերում ընդգրկված ուժեղագույն մարզիկների մարզական վարպետության հետագա կատարելագործմանը մարզական վաշտում:

Աշխատանքի և սոցիալական հարցերի բնագավառի պետական կառավարման լիազորված մարմինը`

ա) աջակցում է հաշմանդամություն ունեցող անձանց համար ֆիզկուլտուրայի և սպորտի ծրագրերի մշակման ու իրականացման աշխատանքներին.

բ) կազմակերպում է բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններում (մանկատուն, գիշերօթիկ դպրոց, տուն-ինտերնատ) ֆիզիկական կուլտուրայով և սպորտով զբաղվելու անհրաժեշտ պայմաններ:

Ոստիկանության և ազգային անվտանգության բնագավառների պետական կառավարման լիազորված մարմինները`

ա) կազմակերպում են ոստիկանության և ազգային անվտանգության ծառայողների ընդհանուր և հատուկ մասնագիտական ֆիզիկական պատրաստվածությունը.

բ) աջակցում են իրենց լավագույն մարզիկներին մարզվելու և մրցումներին մասնակցելու համար.

գ) նպաստում են Հայաստանի Հանրապետության ոստիկանության և ազգային անվտանգության ծառայության զորքերում ժամկետային ծառայության մեջ գտնվող՝ Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերում ընդգրկված ուժեղագույն մարզիկների մարզական վարպետության հետագա կատարելագործմանը` ըստ ծառայության վայրի:

(9.1-րդ հոդվածը լրաց. 10.06.09 ՀՕ-151-Ն)

 

Հոդված 10. Հայաստանի Հանրապետության ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ և ՍՊՈՐՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ

 

Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում տարածքային կառավարման մարմինները`

ա) մշակում և հաստատում են իրենց տարածքում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման առաջնային ուղղությունները, հսկողություն են իրականացնում տարածքում պետական ծրագրերի իրագործման ուղղությամբ.

բ) համադասում են մանկապատանեկան մարզադպրոցների, հանրակրթական դպրոցների, մարզական հերթափոխի պատրաստման, մարզաձևերի զարգացման և Ֆիզիկական կուլտուրայի ու սպորտի նյութատեխնիկական բազայի ամրապնդման գործընթացը.

գ) աջակցում են մարզական կազմակերպությունների հանրապետական առաջնություններին, միջազգային մրցումներին մարզի և համայնքների մարզիկների ու թիմերի մասնակցությանը.

դ) իրականացնում են Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված այլ լիազորություններ:

(10-րդ հոդվածը խմբ. 10.06.09 ՀՕ-151-Ն) 

 

Հոդված 11. Հայաստանի Հանրապետության ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԴԵՐԸ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ և ՍՊՈՐՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ

 

Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում տեղական ինքնակառավարման մարմինները նպաստում են`

ա) համայնքի տարածքում պետական ծրագրերի իրագործմանը.

բ) նախադպրոցական, դպրոցական, արտադպրոցական և այլ ուսումնական հաստատություններում ֆիզիկական կուլտուրայի ուսուցման գործընթացին.

գ) համայնքների բնակչության շրջանում ֆիզկուլտուրային-առողջարարական և մարզական միջոցառումների կազմակերպմանը.

դ) Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի նյութատեխնիկական բազայի ստեղծման, բարելավման և հետագա ամրապնդման գործընթացին.

ե) մանկապատանեկան մարզադպրոցների ցանցի ընդլայնմանը և մարզաձևերի զարգացմանը:

(11-րդ հոդվածը փոփ. 10.06.09 ՀՕ-151-Ն)

 

Հոդված 12. ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԿՈՄԻՏԵՆ

 

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն (այսուհետ` ՀԱՕԿ) գլխավորում է օլիմպիական շարժումը երկրում:

Հայաստանի Հանրապետության Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կառավարման լիազորված մարմնի և օլիմպիական մարզաձևերի ազգային ֆեդերացիաների հետ ՀԱՕԿ-ը մշակում և իրագործում է բարձրագույն նվաճումների` սպորտի զարգացման միասնական քաղաքականությունը:

ՀԱՕԿ-ը գործում է Միջազգային օլիմպիական կոմիտեի խարտիային, իր կանոնադրությանը և Հայաստանի Հանրապետության օրենքներին համապատասխան:

ՀԱՕԿ-ն իրականացնում է Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի և մարզիկների մասնակցությունն օլիմպիական խաղերին ու Միջազգային օլիմպիական կոմիտեի հովանու ներքո անցկացվող մյուս միջոցառումներին:

Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերը և մարզիկներն օլիմպիական խաղերին և Միջազգային օլիմպիական կոմիտեի հովանու ներքո անցկացվող մրցումներին մասնակցում են Հայաստանի Հանրապետության պետական դրոշի ներքո:

Օլիմպիական շարժման և բարձրագույն նվաճումների` սպորտի զարգացման հարցերում ՀԱՕԿ-ը համադասում է հասարակական մարզական կազմակերպությունների աշխատանքները:

ՀԱՕԿ-ը մարզաձևերի ազգային ֆեդերացիաների և շահագրգիռ կազմակերպությունների ներկայացմամբ մշակում է օլիմպիական խաղերի նախապատրաստման քառամյա փուլային ծրագիրը:

ՀԱՕԿ-ը Միջազգային օլիմպիական կոմիտեի խորհրդանիշների, նշանաբանների պահապանն է մեր երկրում: Հայաստանի օլիմպիական խորհրդանիշները գովազդային կամ այլ նպատակներով կարող են օգտագործվել միայն ՀԱՕԿ-ի թույլտվությամբ և պայմաններով:

ՀԱՕԿ-ն իր առջև դրված խնդիրներն իրականացնում է պետական բյուջեի նպատակային հատկացումների, ֆինանսական սեփական միջոցների և Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող այլ աղբյուրների հաշվին:

 

Հոդված 13. ՄԱՐԶԱՁևԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ՖԵԴԵՐԱՑԻԱՆԵՐԸ

 

Մարզաձևերի ազգային ֆեդերացիաները`

ա) մշակում և իրականացնում են մարզաձևերի զարգացման ծրագրեր, կազմակերպում են հանրապետական առաջնություններ, ուսանողական մարզական խաղեր, նախապատրաստում են Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերին և մարզիկներին` աշխարհի և Եվրոպայի առաջնություններին, համաշխարհային ունիվերսիադաներին և միջազգային մրցաշարերին մասնակցելու համար.

բ) քառամյա փուլային ծրագրով նախապատրաստում են Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերը` օլիմպիական խաղերին մասնակցելու համար:

 

Հոդված 14. ԱՅԼ ՄԱՐԶԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ընկերությունները և ակումբները

(վերնագիրը փոփ. 10.06.09 ՀՕ-151-Ն)

 

Այլ մարզական հասարակական կազմակերպությունները, միությունները, ընկերություններն ու ակումբներն իրականացնում են ֆիզկուլտուրային-առողջարարական, մարզական հանրային միջոցառումներ, ինչպես նաև մարզաձևերի զարգացման և մարզական հերթափոխի պատրաստման ծրագրեր:

(14-րդ հոդվածը փոփ. 10.06.09 ՀՕ-151-Ն, 14.04.11 ՀՕ-88-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  3.

 

ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ԲՆԱԳԱՎԱՌԻ

ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԻՄՔԵՐԸ

 

Հոդված 15. ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ և ՍՊՈՐՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ

 

Պետական ու համայնքային ենթակայության ֆիզկուլտուրային և մարզական կազմակերպության գործունեությունն ապահովելու նպատակով հիմնադիրը կազմակերպությանն է հանձնում շենքեր, շինություններ, մարզական և այլ անհրաժեշտ գույք, որոնք պետք է օգտագործվեն կանոնադրական խնդիրներն իրականացնելու նպատակով:

Ոչ պետական ֆիզկուլտուրային և մարզական կազմակերպությունների սեփականության ներքո կարող է գտնվել ցանկացած գույք, բացի գույքի այն տեսակներից, որոնք արգելված են Հայաստանի Հանրապետության օրենքներով:

 

Հոդված 16. ՖԻԶԿՈՒԼՏՈՒՐԱՅԻՆ և ՄԱՐԶԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ

 

Պետական բյուջեից ֆիզկուլտուրային և մարզական հասարակական կազմակերպությունների ֆինանսավորումն իրականացվում է պետական պատվերի տեղադրման, նպատակային ծրագրերի և դրամաշնորհների ձևով:

Ֆիզկուլտուրային և մարզական կազմակերպությունների ֆինանսավորման լրացուցիչ աղբյուրներն են`

ա) Հայաստանի Հանրապետության ու օտարերկրյա պետությունների իրավաբանական և ֆիզիկական անձանց կատարած ներդրումները.

բ) սեփական միջոցները, որոնք գոյանում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված գործունեության այլ ձևերից.

գ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող այլ միջոցները:

(16-րդ հոդվածը լրաց. 10.06.09 ՀՕ-151-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  4.

 

ՄԱՐԶԻԿՆԵՐԸ: ՄԱՐԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ

ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ

 

Հոդված 17. ՍԻՐՈՂԱԿԱՆ և ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ ՄԱՐԶԻԿՆԵՐԸ

 

Սիրողական մարզիկներ են համարվում այն անձինք, որոնք մրցումներին նախապատրաստվում և մասնակցում են սիրողական սկզբունքով:

Պրոֆեսիոնալ մարզիկներ են համարվում սպորտը որպես մասնագիտություն ընտրած անձինք, որոնք իրենց մարզական գործունեության համար վարձատրվում են:

Պրոֆեսիոնալ մարզիկի գործունեությունը կարգավորվում է ազգային ֆեդերացիաների և մարզական այլ կազմակերպությունների հետ կնքված պայմանագրերով:

 

Հոդված 18. ՄԱՐԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ և ՄԱՐԶԻԿՆԵՐԻ ՏԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՅԼ ՄԱՐԶԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Մարզական գործունեության մասին պայմանագիրը կնքվում է մարզիկի և մարզական կազմակերպության միջև:

Պայմանագիրը պետք է բովանդակի մարզիկի իրավունքները և պարտավորությունները, բժշկական, սոցիալական ապահովագրության, պայմանագրի ժամկետի երկարաձգման, պայմանագրի լուծման, մարզումների, միջոցառումների մասնակցության անհրաժեշտ պայմանների ստեղծման, նյութական ապահովման վերաբերյալ տեղեկատվություն, ինչպես նաև այլ պայմաններ:

Մարզիկների տեղափոխություններն այլ մարզական կազմակերպություններ կամ օտարերկրյա ակումբներ կարող են իրականացվել պայմանագրի ժամկետը լրանալու և (կամ) դրանում նախատեսված պարտավորությունների կատարման դեպքում:

Մարզական կազմակերպությունների փոխադարձ համաձայնության դեպքում մարզիկի տեղափոխությունը կարող է իրականացվել նաև մինչև պայմանագրի ժամկետը լրանալը:

Մարզիկների` կազմակերպությունից կազմակերպություն տեղափոխության կանոնները, տրանսֆերտային վճարումները, փոխհատուցումները, մարզիկին պատրաստող ակումբի շահերը կարգավորվում են պայմանագրերով` օրենսդրությանը համապատասխան:

Պետական պատվերով ֆինանսավորվող ֆիզկուլտուրային և մարզական կազմակերպություններում ընդգրկված մարզիկների և մարզիչների տեղափոխությունների կարգն այլ մարզական կազմակերպություններ սահմանում է Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կառավարման լիազորված մարմինը:

 

Հոդված 19. ՕՐԵՆՔԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ

 

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


Երևան
19 հուլիսի 2001 թ.
ՀՕ-196