ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 ապրիլի 2025 թվականի N 501-Ա
ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏԱՐԱԾՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 688-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1․ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի տնօրինության` Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքի Զորավար Անդրանիկի 3 հասցեում գտնվող շենքի 1-ին հարկից` 20 300 000 դրամ գնահատված շուկայական արժեքով, 148.06 քառ. մետր մակերեսով տարածքը (2018 թվականի փետրվարի 26-ին գրանցված սեփականության իրավունքի գրանցման վկայական N 26022018-11-0035, այսուհետ՝ տարածք) 10 տարի ժամկետով` անհատույց օգտագործման իրավունքով հանձնել «Հայաստանի Հանրապետության Երկրապահ կամավորականների միություն» հասարակական կազմակերպությանը (գրանցման համար՝ 03Ա054927, այսուհետ` կազմակերպություն) իր կողմից ներկայացված ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման նպատակով:
2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում կազմակերպության հետ կնքել սույն որոշման 1-ին կետում նշված տարածքի անհատույց օգտագործման մասին պայմանագիր (այսուհետ` պայմանագիր)` պայմանագրում նախատեսելով, որ`
1) կազմակերպությունը պարտավոր է պայմանագիրն ուժի մեջ մտնելուց հետո մեկ տարվա ընթացքում կատարել 11 000 000 դրամի ներդրումներ՝ համաձայն իր կողմից ներկայացված ծրագրի.
2) կազմակերպությունը պարտավոր է իր կողմից ներկայացված ծրագրով նախատեսված աշխատանքների կատարումը հավաստող համապատասխան փաստաթղթերը ներկայացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտե՝ յուրաքանչյուր հաշվետու տարվա ավարտից հետո 15 աշխատանքային օրյա ժամկետում.
3) սույն կետի 1-ին ենթակետով սահմանված ներդրումային պարտավորությունները չկատարելու կամ մինչև 50 % կատարելու դեպքում կազմակերպությունը 6 ամսվա ընթացքում պարտավոր է կատարել տվյալ ժամանակահատվածի համար նախատեսված, բայց չկատարած ներդրումներն ամբողջությամբ՝ միաժամանակ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարելով տուգանք՝ չկատարված ներդրումների գումարի 15 (տասնհինգ) տոկոսի չափով.
4) սահմանված ժամկետում նախատեսված ներդրումները 50 կամ ավելի տոկոսով կատարելու, բայց ամբողջությամբ չկատարելու դեպքում կազմակերպությունը 4 ամսվա ընթացքում պարտավոր է կատարել տվյալ ժամանակահատվածի համար նախատեսված և չկատարած ներդրումներն ամբողջությամբ` միաժամանակ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարելով տուգանք՝ չկատարած ներդրումների գումարի 10 (տասը) տոկոսի չափով.
5) սույն որոշման 2-րդ կետի 3-րդ և 4-րդ ենթակետերով սահմանված պարտավորություններից որևէ մեկը չկատարելու դեպքում` կազմակերպության հետ կնքված պայմանագիրը ենթակա է լուծման, ընդ որում, պայմանագրի լուծման դեպքում կազմակերպության կողմից ներդրված գումարները հատուցման կամ վերադարձման ենթակա չեն:
3. Սահմանել, որ պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման` կազմակերպության միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
30.04.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |