ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 հունիսի 2023 թվականի N 1067-Ն
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԻ ԱՌԱՆՁԻՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԸՆՏԱՆԻՔԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿԸ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 147.1-ին հոդվածի 2-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել սոցիալական ծախսերի տեսակների առանձին ուղղությունները, ընտանիքի անդամների շրջանակը և սոցիալական ծախսերի փոխհատուցման առավելագույն չափերը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և կիրառվում է 2023 թվականի հունվարի 1-ից հետո ընկած ժամանակահատվածում մատուցված՝ առողջապահության և կրթության ծառայությունների համար 2023 թվականի հունվարի 1-ից հետո դուրս գրված հաշվարկային փաստաթղթերով (սույն որոշմամբ սահմանված՝ դասագրքերի վարձակալության նպատակով կատարված ծախսերի դեպքում՝ հարկային մարմին ներկայացված տեղեկատվությամբ) հիմնավորված՝ առողջապահության և կրթության ծառայությունների գծով կատարված ծախսերի մասով:
(2-րդ կետը լրաց. 30.04.25 N 510-Ն)
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
29.06.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ կառավարության 2023 թվականի հունիսի 29-ի N 1067-Ն որոշման |
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԻ ԱՌԱՆՁԻՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ԸՆՏԱՆԻՔԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՉԱՓԵՐ
1. Սույն հավելվածով կարգավորվում են սոցիալական ծախսերի տեսակների առանձին ուղղությունների, ընտանիքի անդամների շրջանակի և սոցիալական ծախսերի փոխհատուցման առավելագույն չափերի հետ կապված հարաբերությունները:
2. Հարկային օրենսգրքի (այսուհետ՝ օրենսգրքի) 156-րդ հոդվածի 4.1-ին մասով սահմանված ժամանակացույցի համաձայն՝ տվյալ հաշվետու տարվա համար հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն կրող ֆիզիկական անձի` սոցիալական ծախսերի փոխհատուցման իրավունքը ծագում է, եթե ֆիզիկական անձը հաշվետու հարկային տարվա համար դրան հաջորդող հարկային տարվա ընթացքում օրենսգրքի 53-րդ հոդվածով սահմանված կարգով հարկային մարմին է ներկայացրել եկամտային հարկի տարեկան հաշվարկը (հայտարարագիրը), բացառությամբ սույն կետի երկրորդ պարբերությամբ սահմանված դեպքի:
2024 թվականի հաշվետու տարվա մասով սոցիալական ծախսերի փոխհատուցման իրավունքը ծագում է, եթե ֆիզիկական անձը 2025 կամ 2026 թվականների ընթացքում օրենսգրքի 53-րդ հոդվածով սահմանված կարգով հարկային մարմին է ներկայացրել 2024 թվականի հաշվետու տարվա եկամտային հարկի տարեկան հաշվարկը (հայտարարագիրը)։
(2-րդ կետը լրաց. 13.02.25 N 157-Ն)
2․1․ Սոցիալական ծախսերի փոխհատուցման իրավունքը ծագում է, եթե սոցիալական ծախսերը կատարվել են անկանխիկ, բացառությամբ սույն հավելվածի 7-րդ կետի 3-րդ ենթակետում սահմանված՝ դասագրքերի վարձակալության նպատակով կատարված ծախսերի, որոնց մասով վճարում կատարված լինելու հանգամանքը հաշվի չի առնվում։
(2.1-ին կետը լրաց. 13.02.25 N 157-Ն)
2.2. Սոցիալական ծախսի փոխհատուցման իրավունքը ծագում է, եթե սոցիալական ծախսն անմիջականորեն կատարվել է հայտարարատու ֆիզիկական անձի կողմից, բացառությամբ սույն հավելվածի՝
1) 2.4-րդ կետով նախատեսված դեպքի, երբ սոցիալական ծախսը կարող է կատարվել նաև գործատուի կողմից.
2) 7-րդ կետի 3-րդ ենթակետով սահմանված՝ դասագրքերի վարձակալության նպատակով կատարված ծախսերի, որոնց մասով վճարում կատարված լինելու հանգամանքը հաշվի չի առնվում։
Սույն հավելվածի կիրառության իմաստով, սոցիալական ծախսը համարվում է հայտարարատու ֆիզիկական անձի կողմից անմիջականորեն կատարված, եթե վճարումը հիմնավորող փաստաթղթով որպես վճարող հանդիսանում է հայտարարատու ֆիզիկական անձը։
Սույն հավելվածի 2.4-րդ կետով նախատեսված դեպքում գործատուի՝ հայտարարատու հանդիսացող աշխատողից ապահովագրավճարի գծով կատարված ծախսերի դիմաց հատուցում ստանալու հանգամանքը հավաստվում է գործատուի կողմից ապահովագրական ընկերությանը տրվող տեղեկանքով։
(2.2-րդ կետը լրաց. 30.04.25 N 510-Ն)
2.3. Համայնքների պատվերով համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների կողմից մատուցվող՝ սույն հավելվածի 7-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերով սահմանված կրթական ծառայությունների մասով հաշվարկային փաստաթղթերը կարող են համայնքների անունից դուրս գրել համայնքային ոչ առևտրային կազմակերպությունները։
(2.3-րդ կետը լրաց. 30.04.25 N 510-Ն)
2.4. Եթե առողջության ապահովագրության փաթեթի ապահովագրական պայմանագրի համաձայն որպես ապահովադիր հանդես է եկել գործատուն` հայտարարատու հանդիսացող աշխատողի կամ վերջինիս ընտանիքի անդամների համար ապահովագրավճարի գծով կատարված ծախսերի դիմաց աշխատողից հատուցում ստանալու պայմանով, ապա սոցիալական ծախսի փոխհատուցման իրավունքը ծագում է հայտարարատու հանդիսացող աշխատողի մոտ` ապահովագրավճարի գծով կատարված ծախսերի դիմաց գործատուին տրամադրված հատուցման գումարի մասով: Սույն կետով սահմանված դեպքում ապահովագրական փաթեթի մասով հաշվարկային փաստաթուղթը ապահովագրական ընկերության կողմից դուրս է գրվում ապահովադիր անձի անունով՝ որպես սոցիալական ծախս կատարող նշելով հայտարարատու հանդիսացող աշխատողի տվյալները:
(2.4-րդ կետը լրաց. 30.04.25 N 510-Ն)
3. Հայտարարատու ֆիզիկական անձի կողմից անմիջականորեն (սույն հավելվածի 2.4-րդ կետով սահմանված դեպքում՝ գործատուի միջոցով) կատարված սոցիալական ծախսերի (բացառությամբ միջնակարգ (ընդհանուր, մասնագիտացված, հատուկ) կրթական ծրագրերի շրջանակում դասագրքերի վարձակալության նպատակով կատարված ծախսերի) հիմնավորման նպատակով դուրս գրված հաշվարկային փաստաթղթերում ֆիզիկական անձի հանրային ծառայությունների համարանիշի կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարի (այսուհետ՝ ՀԾՀ) առկայությունը պարտադիր է:
Միջնակարգ (ընդհանուր, մասնագիտացված, հատուկ) կրթական ծրագրերի շրջանակում դասագրքերի վարձակալության նպատակով կատարված սոցիալական ծախսերի հիմնավորման նպատակով հիմք է ընդունվում կրթության պետական կառավարման լիազոր մարմնի կողմից հարկային մարմնին տրամադրված՝ աշակերտների և նրանց ծնողներից մեկի վերաբերյալ տեղեկատվությունը (անուն, ազգանուն, ՀԾՀ): Աշակերտների ծնողներից մեկի վերաբերյալ անձնավորված տեղեկատվությունը (անուն, ազգանուն, ՀԾՀ) կրթության պետական կառավարման լիազոր մարմինն ստանում է բնակչության պետական ռեգիստրից: Յուրաքանչյուր հաշվետու տարվա մասով աշակերտների և նրանց ծնողներից մեկի վերաբերյալ անձնավորված տեղեկատվությունը հարկային մարմին է ներկայացվում մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա փետրվարի 1-ը ներառյալ: Հարկային մարմինը սույն կետով ներկայացված տեղեկատվությունը ներառում է հարկային մարմնի տեղեկատվական համակարգ տեղեկատվությունն ստանալուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում:
(3-րդ կետը լրաց. 13.02.25 N 157-Ն, փոփ. 30.04.25 N 510-Ն)
3.1. Ատամնաբուժական ծառայություններ մատուցելու իրավունք (համապատասխան լիցենզիա) ունեցող հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվությունը (հարկ վճարողի հաշվառման համարի՝ ՀՎՀՀ-ի և համապատասխան լիցենզիայի գործողության ժամկետների պարտադիր նշումով) առողջապահության պետական կառավարման լիազոր մարմնի կողմից ներկայացվում է հարկային մարմին։ Սույն կետով նախատեսված տեղեկատվությունը 2024 թվականի հաշվետու տարվա մասով հարկային մարմին է ներկայացվում մինչև 2025 թվականի ապրիլի 1-ը ներառյալ, իսկ 2025 թվականի հաշվետու տարվա մասով՝ մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա փետրվարի 1-ը ներառյալ: Ներկայացված տեղեկատվությունում կատարված փոփոխությունները (հարկ վճարողի հաշվառման համարի՝ ՀՎՀՀ-ի և համապատասխան լիցենզիայի գործողության ժամկետների պարտադիր նշումով) հարկային մարմին են ներկայացվում փոփոխությունը կատարելու օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում: Հարկային մարմինը սույն կետով ներկայացված տեղեկատվությունը ներառում է հարկային մարմնի տեղեկատվական համակարգ տեղեկատվությունը ստանալուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում:
(3.1-ին կետը լրաց. 13.02.25 N 157-Ն, խմբ. 30.04.25 N 510-Ն)
3.2. Կրթության պետական կառավարման լիազոր մարմնի կողմից սույն հավելվածի 7-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերով սահմանված կրթական ծրագրեր իրականացնող հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվությունը (հարկ վճարողի հաշվառման համարի՝ ՀՎՀՀ-ի և առկայության դեպքում համապատասխան լիցենզիայի կամ երաշխավորության գործողության ժամկետների պարտադիր նշումով) ներկայացվում է հարկային մարմին։ Սույն կետով նախատեսված տեղեկատվությունը յուրաքանչյուր հաշվետու տարվա մասով հարկային մարմին է ներկայացվում մինչև յուրաքանչյուր հաշվետու տարվան հաջորդող տարվա փետրվարի 1-ը ներառյալ, իսկ ներկայացված տեղեկատվությունում կատարված փոփոխությունները հարկային մարմին են ներկայացվում փոփոխությունը կատարելու օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում: Հարկային մարմինը սույն կետով ներկայացված տեղեկատվությունը ներառում է հարկային մարմնի տեղեկատվական համակարգ տեղեկատվությունը ստանալուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում:
(3.2-րդ կետը լրաց. 13.02.25 N 157-Ն, խմբ. 30.04.25 N 510-Ն)
3.3. Առողջության ապահովագրություն կատարելու իրավունք (համապատասխան լիցենզիա) ունեցող հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվությունը (հարկ վճարողի հաշվառման համարի՝ ՀՎՀՀ-ի և համապատասխան լիցենզիայի գործողության ժամկետների պարտադիր նշումով) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից ներկայացվում է հարկային մարմին՝ մինչև 2025 թվականի հունիսի 1-ը ներառյալ, իսկ ներկայացված տեղեկատվությունում կատարված փոփոխությունները (հարկ վճարողի հաշվառման համարի՝ ՀՎՀՀ-ի և համապատասխան լիցենզիայի գործողության ժամկետների պարտադիր նշումով) հարկային մարմին են ներկայացվում փոփոխությունը կատարելու օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում: Հարկային մարմինը սույն կետով ներկայացված տեղեկատվությունը ներառում է հարկային մարմնի տեղեկատվական համակարգ տեղեկատվությունը ստանալուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում։
(3.3-րդ կետը լրաց. 30.04.25 N 510-Ն)
4. Սոցիալական ծախսերի փոխհատուցման նպատակով հաշվարկային փաստաթղթում, բացի ծառայություն ստացող ֆիզիկական անձի կամ իր ընտանիքի անդամի տվյալներից, այդ թվում՝ ՀԾՀ-ից, պետք է ներառվեն նաև սոցիալական ծախսը կատարած ֆիզիկական անձի անձնական տվյալները, այդ թվում՝ ՀԾՀ-ն։
5. Սոցիալական ծախսերի փոխհատուցման նպատակով ֆիզիկական անձի ընտանիքի անդամներ են համարվում նրա ամուսինը, ծնողները և զավակները (որդեգրողներն ու որդեգրվածները): Ընտանիքի անդամ հանդիսանալը հիմնավորվում է հետևյալ փաստաթղթերով.
1) ամուսնու դեպքում՝ ամուսնության վկայական.
2) ծնողի դեպքում՝ ծնողի՝ անձը հաստատող փաստաթուղթ և հայտարարատուի ծննդյան վկայական.
3) զավակի դեպքում՝ ծննդյան վկայական.
4) որդեգրողի, որդեգրվածի դեպքում՝ որդեգրելու կամ որդեգրվելու համապատասխան հիմքը հաստատող փաստաթուղթ:
6. Առողջապահության գծով սոցիալական ծախսեր են համարվում Հայաստանի Հանրապետությունում գործող ապահովագրական ընկերություններից առողջության ապահովագրական փաթեթի, ինչպես նաև 2024 և 2025 թվականների հաշվետու տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետությունում ատամնաբուժական ծառայությունների ձեռքբերման ծախսերը: Օրենսգրքի 156-րդ հոդվածի 4.1-ին մասով սահմանված՝ տվյալ հաշվետու տարվա համար հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն կրող ֆիզիկական անձ հանդիսացող՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1691-Ն որոշմամբ սահմանված սոցիալական փաթեթի շահառուները և Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 27-ի N 375-Ն որոշման 1-ին կետով հաստատված N 1 հավելվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված՝ պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման ծառայություններ իրականացնող կազմակերպությունների աշխատողներն առողջության ապահովագրական փաթեթի գծով սոցիալական ծախսի փոխհատուցման իրավունքից կարող են օգտվել միայն սոցիալական փաթեթի շահառու և սույն կետով սահմանված կազմակերպությունների աշխատող չհամարվող ընտանիքի անդամների համար ապահովագրական փաթեթի ձեռքբերման ծախսերի մասով, իսկ ատամնաբուժական ծառայությունների գծով՝ նաև իրենց համար կատարված ծախսերի մասով:
(6-րդ կետը խմբ. 13.02.25 N 157-Ն, փոփ., լրաց. 30.04.25 N 510-Ն)
7. Կրթության գծով սոցիալական ծախսեր են համարվում՝
1) Հայաստանի Հանրապետությունում իրականացվող նախադպրոցական, տարրական (ընդհանուր, մասնագիտացված, հատուկ), հիմնական (ընդհանուր, մասնագիտացված, հատուկ), միջնակարգ (ընդհանուր, մասնագիտացված, հատուկ), նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական, բարձրագույն մասնագիտական և հետբուհական մասնագիտական կրթական ծրագրերի մասով կատարված ուսման վճարները.
2) երաժշտական, արվեստի, գեղարվեստի, պարարվեստի դպրոցների, արտադպրոցական կազմակերպությունների, կենտրոնների, մանկապատանեկան մարզադպրոցների և կրթության պետական կառավարման լիազոր մարմնի կողմից երաշխավորված այլ արտադպրոցական ծրագրերի, ինչպես նաև կրթության պետական կառավարման լիազոր մարմնի կողմից երաշխավորված ոչ ֆորմալ կրթական ծրագրերի միջոցով տրամադրվող կրթական ծառայությունների մասով կատարված ուսման վճարները:
Ծրագրերի երաշխավորված լինելու հանգամանքը 2024 թվականի հաշվետու տարվա մասով դիտարկվելու է հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ, իսկ հետագա հաշվետու տարիների մասով՝ կրթական ծառայությունները մատուցող անձի կողմից հաշվարկային փաստաթղթի դուրսգրման ամսաթվի դրությամբ.
3) միջնակարգ (ընդհանուր, մասնագիտացված, հատուկ) կրթական ծրագրերի շրջանակում դասագրքերի վարձակալության նպատակով կատարված ծախսերը։
(7-րդ կետը խմբ. 13.02.25 N 157-Ն)
8. Առանձին ուղղություններով սոցիալական ծախսերի փոխհատուցման առավելագույն չափեր են համարվում`
1) առողջապահության գծով սոցիալական ծախսի համար՝ տարեկան առավելագույնը 50.000 դրամը.
2) կրթության գծով սոցիալական ծախսի համար՝
ա․ դասագրքերի վարձակալության մասով յուրաքանչյուր աշակերտի համար տարեկան 3․000 դրամ,
բ․ ընդհանուր տարեկան առավելագույնը 100.000 դրամը:
(8-րդ կետը խմբ. 13.02.25 N 157-Ն)
9. Ֆիզիկական անձի՝ իր և իր ընտանիքի անդամների համար կատարված բոլոր ուղղություններով սոցիալական ծախսերի առավելագույն չափը կազմում է տարեկան 100.000 դրամ:
(հավելվածը լրաց., խմբ. 13.02.25 N 157-Ն, լրաց., փոփ., խմբ. 30.04.25 N 510-Ն)
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Ա. Հարությունյան |
29.06.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 հունիսի 2023 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
30.04.2025, N 510-Ն | 01.05.2025, N 1067-Ն | |
13.02.2025, N 157-Ն | 15.02.2025, N 1067-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|