Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-229
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (09.04.2011-09.04.2018)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2001.10.31/33(165) Հոդ.800
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
26.09.2001
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
19.10.2001
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.10.2001

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2001 թվականի սեպտեմբերի 26-ին

 

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՊԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ

 

Գ Լ ՈՒ Խ  1.

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

ՀՈԴՎԱԾ 1.

ՕՐԵՆՔԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՐԿԱՆ

 

Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետությունում քաղաքական ապաստանի իրավունք ստանալու հիմքերը, կարգը, այդպիսի իրավունք ստանալու դիմումը մերժելու, տրված իրավունքը դադարեցնելու պայմանները, ինչպես նաև դրանց հետ առնչվող այլ հարաբերություններ:

 

ՀՈԴՎԱԾ 2.

ՕՐԵՆՔԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԸ

 

1. Սույն օրենքի գործողությունը տարածվում է օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց վրա, ովքեր իրենց քաղաքացիության կամ մշտական բնակության երկրում իրականացնում են հասարակական-քաղաքական գործունեություն, հայտնի են հասարակայնությանը և, սույն օրենքով սահմանված կարգով դիմել են Հայաստանի Հանրապետությունում քաղաքական ապաստանի իրավունք ստանալու համար կամ արդեն ստացել են այդպիսի իրավունք:

2. Օրենքի գործողությունը չի տարածվում օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց վրա, ովքեր Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռք են բերել փախստականի կամ օրենքով սահմանված որևէ կացության կարգավիճակ:

 

ՀՈԴՎԱԾ 3.

«ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՊԱՍՏԱՆ» ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

 

1. Քաղաքական ապաստանը, սույն օրենքով սահմանված կարգով, օտարերկրյա քաղաքացուն կամ քաղաքացիություն չունեցող անձին (այսուհետ` օտարերկրյա քաղաքացի) տրված Հայաստանի Հանրապետությունում առանձնահատուկ կացություն է, որը նպատակ ունի այդպիսի կարգավիճակ ստացած օտարերկրյա քաղաքացուն Հայաստանի Հանրապետության տարածքում պաշտպանել այն քաղաքական հետապնդումներից, որին նա ենթարկվել է իր քաղաքացիության կամ մշտական բնակության երկրում, և որին նա կենթարկվեր այդ երկրում, եթե նրան Հայաստանի Հանրապետությունում ապաստան չտրամադրվեր:

2. Համաձայն սույն օրենքի` «քաղաքական հետապնդում» հասկացություն ասելով նկատի է առնվում օտարերկրյա քաղաքացու նկատմամբ այդ երկրի պետական մարմինների կամ վերջիններիս թողտվությամբ` այդ երկրի հասարակական-քաղաքական կազմակերպությունների կողմից իրականացվող ֆիզիկական, հոգեբանական կամ որևէ այլ ճնշումը, որն անհատապես ուղղված է այդ անձի քաղաքական համոզմունքների փոփոխմանը, այդ երկրի կամ այլ պետության պետական մարմինների կամ գործիչների գործողությունների դեմ այդ անձի արտահայտած հրապարակային քննադատական ելույթների կանխմանը, որոնք բացառապես առնչվում են ճնշման ենթարկվող անձի քաղաքական համոզմունքների և արտահայտած կարծիքների` միջազգային իրավունքի նորմերով հռչակված` մարդու իրավունքների և ազատությունների դրսևորման հետ:

3. Քաղաքական հետապնդում չի դիտվում այն գործողությունը, որն օտարերկրյա պետությունը, նրա իրավասու մարմինները և համապատասխան միջազգային կազմակերպություններն իրականացնում են օտարերկրյա այն քաղաքացու նկատմամբ, որը կատարել է միջազգային իրավունքի սկզբունքներին հակասող կամ քաղաքական բնույթ չունեցող քրեորեն հետապնդելի արարք:

 

Գ Լ ՈՒ Խ  2.

 

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՊԱՍՏԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԴԻՄԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՈՐՈՇՈՒՄ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

ՀՈԴՎԱԾ 4.

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՊԱՍՏԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔ ՀԱՅՑՈՂԸ և ՆՐԱ ՄՈՒՏՔԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

1. Քաղաքական ապաստանի իրավունք հայցող (այսուհետ` հայցող) է համարվում այն օտարերկրյա քաղաքացին, որը սույն օրենքով սահմանված կարգով գրավոր դիմում է ներկայացրել` Հայաստանի Հանրապետությունում քաղաքական ապաստանի իրավունք ստանալու համար:

2. Հայցողի մուտքը Հայաստանի Հանրապետություն կատարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված կարգով:

3. Հայցողին ժամանակավոր կացարանով և կենցաղային այլ պայմաններով ապահովելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

 

ՀՈԴՎԱԾ 5.

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՊԱՍՏԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԴԻՄԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

1. Օտարերկրյա պետություններում գտնվող օտարերկրյա քաղաքացիները Հայաստանի Հանրապետությունում քաղաքական ապաստանի իրավունք ստանալու համար դիմումը կարող են ներկայացնել այդ պետությունում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններ և հյուպատոսական հիմնարկներ:

2. Հայաստանի Հանրապետություն մուտք գործած օտարերկրյա քաղաքացիները Հայաստանի Հանրապետությունում քաղաքական ապաստանի իրավունք ստանալու դիմումը ներկայացնում են Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմին (այսուհետ` լիազոր պետական մարմին):

3. Սույն հոդվածի 1-ին կետով նախատեսված դեպքում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունը կամ հյուպատոսական հիմնարկն օտարերկրյա քաղաքացու դիմումը և անհրաժեշտ մյուս փաստաթղթերը ստանալուց հետո` տասնօրյա ժամկետում, դրանք Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջոցով ուղարկում է լիազոր պետական մարմին:

4. Հայցողի վերաբերյալ իրավասու պետական մարմինների եզրակացություններն ստանալուց հետո լիազոր պետական մարմինը մեկամսյա ժամկետում հայցողի դիմումի և դրան առնչվող բոլոր փաստաթղթերի հիման վրա կազմում է առաջարկություն և ներկայացնում Հայաստանի Հանրապետության Նախագահին:

Առաջարկությունը կազմվում է դիմումի կապակցությամբ գործում առկա հանգամանքների շարադրման սկզբունքով` առանձին մատնանշելով դիմումը բավարարելու և մերժելու` սույն օրենքով նախատեսված հիմքերը:

5. Դիմումի հիման վրա լիազոր պետական մարմինը կազմում է անձնական գործ:

6. Դիմումի ձևը, դրան կցվող փաստաթղթերի ցանկը և լիազոր պետական մարմնում բացված գործը կազմելու և վարելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

(5-րդ հոդվածը 27.10.17 ՀՕ-150-Ն օրենքի փոփոխություններով ուժի մեջ կմտնի նորընտիր Հանրապետության Նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը:)

 

ՀՈԴՎԱԾ 6.

ԴԻՄՈՒՄԻՆ ԸՆԹԱՑՔ ՉՏԱԼԸ և ԴԻՄՈՒՄԸ ՄԵՐԺԵԼԸ

 

1. Հայաստանի Հանրապետությունում քաղաքական ապաստան ստանալու վերաբերյալ հայցողի դիմումին ընթացք չի տրվում, եթե պարզվում է, որ նա Հայաստանի Հանրապետությունում ստացել է փախստականի կամ օրենքով սահմանված որևէ կացության կարգավիճակ, որոնք սահմանված կարգով չեն վերացվել, ինչպես նաև, եթե դիմումին կցված չեն սույն օրենքի 5-րդ հոդվածի 6-րդ կետով նախատեսված կարգով հաստատված անհրաժեշտ փաստաթղթերը, բացառությամբ այն դեպքերի, երբ դրանց մի մասի բացակայությունը արգելք չէ դիմումի վերաբերյալ ըստ էության որոշում ընդունելու համար:

2. Լիազոր պետական մարմինը դիմումին ընթացք չի կարող տալ, եթե պարզվում է`

ա) հայցողը որևէ օրինական կացության կարգավիճակ (այդ թվում` ապաստան) է ստացել այլ պետության կողմից.

բ) հայցողին հետապնդում են Հայաստանի Հանրապետության իրավասու պետական մարմինները` նրա տարածքում կամ նրա դեմ հանցագործություն կատարելու փաստով.

գ) հայցողի նկատմամբ նրա քաղաքացիության կամ մշտական բնակության երկրում որևէ քաղաքական հետապնդում չի իրականացվում, կամ նրան այդ պետությունը հետապնդում է բացառապես քրեական պատասխանատվություն առաջացնող արարք կամ որևէ այլ իրավախախտում կատարելու համար:

3. Օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունները և հյուպատոսական հիմնարկները նույնպես կարող են մերժել հայցողների` իրենց ներկայացրած դիմումները, եթե հայտնի են սույն հոդվածի 2-րդ կետով նախատեսված հիմքերը: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջոցով լիազոր պետական մարմինը տասնօրյա ժամկետում տեղեկացվում է մերժման մասին:

4. Սույն հոդվածով նախատեսված կարգով մերժում ստացած հայցողը մերժումն ստանալուց հետո` տասնօրյա ժամկետում, կարող է բողոքարկել Հայաստանի Հանրապետության Նախագահին:

5. Բողոքն ստանալուց հետո` 10-օրյա ժամկետում, դրա վերաբերյալ իր կարծիքի շարադրմամբ, լիազոր պետական մարմինը բողոքը և դրան առնչվող մյուս փաստաթղթերը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության Նախագահին:

(6-րդ հոդվածը 27.10.17 ՀՕ-150-Ն օրենքի փոփոխություններով ուժի մեջ կմտնի նորընտիր Հանրապետության Նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը:)

 

ՀՈԴՎԱԾ 7.

ԴԻՄՈՒՄԻ և ԲՈՂՈՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՈՐՈՇՈՒՄ ԸՆԴՈՒՆԵԼԸ

 

1. Լիազոր պետական մարմինը, անհրաժեշտ փաստաթղթերի հետ, դիմումը (սույն օրենքի 5-րդ հոդված) ներկայացնում է Հայաստանի Հանրապետության Նախագահին, որը փաստաթղթերն ստանալուց հետո` մեկամսյա ժամկետում, որոշում է ընդունում հայցողին Հայաստանի Հանրապետությունում քաղաքական ապաստանի իրավունք տալու կամ մերժելու վերաբերյալ:

Այն դեպքում, երբ դիմումի քննարկումը պահանջում է լրացուցիչ ուսումնասիրություն, որոշման ընդունումը կարող է երկարաձգվել մինչև 3 ամիս:

2. Քաղաքական ապաստանի իրավունքը տրվում է մեկ տարի ժամկետով, որը լիազոր պետական մարմնի ներկայացմամբ և Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից կարող է երկարաձգվել յուրաքանչյուր անգամ մեկ տարի ժամկետով, բացառությամբ այդ իրավունքը դադարեցնելու համար սույն օրենքով նախատեսված հիմքերի առկայության դեպքերի:

3. Հայաստանի Հանրապետության ոստիկանության բնագավառում լիազորված պետական կառավարման մարմինը, Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով, քաղաքական ապաստանի իրավունք ստացածին տալիս է կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ:

4. Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից դիմումը մերժելու որոշման դեպքում օտարերկրյա քաղաքացին կրկին կարող է դիմել` նոր երևան եկած հանգամանքների առկայության դեպքում:

Նոր երևան եկած հանգամանքներ են համարվում հայցողի կողմից իր նկատմամբ քաղաքական հետապնդում իրականացնելու վերաբերյալ այնպիսի փաստաթղթեր ներկայացնելը, որոնք ներկայացված չեն եղել սկզբնական դիմումի հետ, և որոնք սույն օրենքով բավարար են համարվում երկրորդ անգամ դիմումին ընթացք տալու համար` մերժման հիմքերի բացակայության պատճառով:

5. Եթե սույն օրենքի 6-րդ հոդվածով նախատեսված կարգով դիմումը մերժվել է, և հայցողը սահմանված ժամկետում չի բողոքարկել մերժման որոշումը, ապա նա երկրորդ անգամ կարող է դիմել` սույն օրենքով սահմանված ընդհանուր հիմունքներով:

6. Սույն հոդվածի դրույթները գործում են նաև սույն օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ կետով նախատեսված բողոքի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից որոշում ընդունվելու դեպքում:

7. Հայաստանի Հանրապետությունում քաղաքական ապաստանի իրավունք ստանալու կամ մերժելու վերաբերյալ որոշման մասին հայցողը գրավոր տեղեկացվում է որոշումն ընդունվելուց հետո` հնգօրյա ժամկետում:

(7-րդ հոդվածը փոփ. 03.03.11 ՀՕ-67-Ն)

(7-րդ հոդվածը 27.10.17 ՀՕ-150-Ն օրենքի փոփոխություններով ուժի մեջ կմտնի նորընտիր Հանրապետության Նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը:)

 

Գ Լ ՈՒ Խ  3.

 

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՊԱՍՏԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔ ՍՏԱՑԱԾ ԱՆՁԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ

 

ՀՈԴՎԱԾ 8.

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՊԱՍՏԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔ ՍՏԱՑԱԾ ԱՆՁԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ

 

Սույն օրենքով սահմանված կարգով քաղաքական ապաստանի իրավունք ստացած անձի իրավունքների և պարտականությունների նկատմամբ գործում է «Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա քաղաքացիների իրավական վիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով` Հայաստանի Հանրապետությունում կացության ժամանակավոր կարգավիճակ ստացած անձի իրավական ռեժիմը:

(8-րդ հոդվածը 27.10.17 ՀՕ-150-Ն օրենքի փոփոխությամբ ուժի մեջ կմտնի նորընտիր Հանրապետության Նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը:)

 

ՀՈԴՎԱԾ 9.

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՊԱՍՏԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔ ՍՏԱՑԱԾ ԱՆՁԻՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՑԱՐԱՆՈՎ ԱՊԱՀՈՎԵԼԸ

 

1. Քաղաքական ապաստանի իրավունք ստացած անձն իր նախաձեռնությամբ կարող է սեփականության կամ այլ իրավունքով ձեռք բերել բնակտարածություն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

2. Բնակտարածություն ձեռք բերելու սեփական հնարավորություններ չունենալու դեպքում քաղաքական ապաստանի իրավունք ստացած անձին ժամանակավոր կացարանով ապահովում է լիազոր պետական մարմինը` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով և պայմաններով:

 

Գ Լ ՈՒ Խ  4.

 

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՊԱՍՏԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ

 

ՀՈԴՎԱԾ 10.

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՊԱՍՏԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ

 

1. Քաղաքական ապաստանի իրավունքը դադարում է այդ իրավունքն ստացած անձի դիմումի հիման վրա:

2. Քաղաքական ապաստանի իրավունքը կարող է լիազոր պետական մարմնի միջնորդությամբ դադարել նաև, եթե`

ա) լրացել է քաղաքական ապաստանի իրավունքի գործողության ժամկետը, և անձը չի դիմել դա երկարաձգելու համար, կամ վերացել են այն պայմանները, որոնք քաղաքական ապաստանի իրավունք տալու հիմք են հանդիսացել.

բ) քաղաքական ապաստանի իրավունք ստացած անձը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռք է բերել Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն.

գ) մշտական բնակության է մեկնել որևէ օտարերկրյա պետություն կամ ստացել է որևէ օտարերկրյա պետության քաղաքացիություն.

դ) Հայաստանի Հանրապետության օրենքով դատավճիռ է արձակվել քաղաքական ապաստանի իրավունք ստացած անձի նկատմամբ, որն օրինական ուժի մեջ է մտել, կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան` քրեական հետապնդման նպատակով հանձնվել է օտարերկրյա պետության իրավասու մարմիններին, այդ թվում` այն պետությանը, որի քաղաքացին է նա համարվում կամ որտեղ մշտական բնակության վայր է ունեցել` նախքան քաղաքական ապաստանի իրավունք ստանալը.

ե) լիազոր պետական մարմին չի ներկայացրել իր նկատմամբ քաղաքական հետապնդումը շարունակելու հանգամանքը հաստատող փաստաթղթեր կամ տեղեկություններ.

զ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռք է բերել փախստականի կամ օրենքով նախատեսված որևէ կացության կարգավիճակ:

(10-րդ հոդվածը 27.10.17 ՀՕ-150-Ն օրենքի փոփոխությամբ ուժի մեջ կմտնի նորընտիր Հանրապետության Նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը:)

 

ՀՈԴՎԱԾ 11.

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՊԱՍՏԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

1. Սույն օրենքի 10-րդ հոդվածով նախատեսված հիմքերի առկայության դեպքում, համապատասխան փաստաթղթերի հիման վրա, լիազոր պետական մարմինն առաջարկություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության Նախագահին քաղաքական ապաստանի իրավունքի դադարեցման վերաբերյալ` նշելով դրա հիմքերը կամ դրդապատճառները:

2. Քաղաքական ապաստանի իրավունքի դադարեցման դեպքում այդ իրավունքից զրկված օտարերկրյա քաղաքացին Հայաստանի Հանրապետության տարածքում կարող է մնալ օրենքով սահմանված այլ օրինական հիմքերի առկայության դեպքում: Այդպիսի հիմքերի բացակայության դեպքում նա ենթակա է Հայաստանի Հանրապետությունից վտարման` օրենքով սահմանված կարգով:

(11-րդ հոդվածը 27.10.17 ՀՕ-150-Ն օրենքի փոփոխությամբ ուժի մեջ կմտնի նորընտիր Հանրապետության Նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը:)

 

ՀՈԴՎԱԾ 12.

ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԻ ԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

Սույն օրենքի պահանջները խախտող անձինք պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:

 

ՀՈԴՎԱԾ 13.

ՕՐԵՆՔԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ

 

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


Երևան
 19 հոկտեմբերի 2001 թ.
ՀՕ-229

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
16.12.2022, ՀՕ-467-Ն 25.03.2023, ՀՕ-229
27.10.2017, ՀՕ-150-Ն 09.04.2018, ՀՕ-229
03.03.2011, ՀՕ-67-Ն 09.04.2011, ՀՕ-229
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան