Գլխավոր տեղեկություն
Համար
N 488-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.04.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.04.28-2025.05.11 Պաշտոնական հրապարակման օրը 25.04.2025
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
23.04.2025
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
25.04.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.04.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 ապրիլի 2025 թվականի N 488-Ն

 

ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՔԱՆԱԿԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Կենդանական աշխարհի մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի «գ3» կետով և 15-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել կենդանիների քանակի կարգավորման միջոցառումների անցկացման կարգը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

25.04.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ


Հավելված

ՀՀ կառավարության 2025 թվականի

ապրիլի 23-ի N 488-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՔԱՆԱԿԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կանոնակարգվում են Հայաստանի Հանրապետության տարածքում վայրի կենդանիների քանակի կարգավորման միջոցառումների անցկացման հետ կապված հարաբերությունները։

2. Կենդանիների քանակի կարգավորման միջոցառումների անցկացման համար հիմք են հանդիսանում՝

1) բնակչության համար վարակի կամ համաճարակային ներուժ ունեցող հիվանդությունների կանխարգելման անհրաժեշտությունը.

2) վայրի կամ ընտանի կենդանիների համաճարակային հիվանդությունների կանխարգելման անհրաժեշտությունը.

3) անասնապահությանը վնաս պատճառելու սպառնալիքի առաջացման կանխարգելման անհրաժեշտությունը.

4) կենդանական աշխարհի գոյություն ունեցող էկոլոգիական հավասարակշռության խախտման և բացասական ազդեցության կանխարգելման անհրաժեշտությունը։

3. Կենդանիների քանակի կարգավորմանը ենթակա են՝

1) վայրի կենդանիները, որոնք վնաս են հասցնում կամ կարող են վնաս հասցնել բնակչության առողջությանը կամ մարդկանց կյանքին.

2) վայրի կենդանիները, որոնք վնաս են հասցնում կամ կարող են վնաս հասցնել անասնապահությանը.

3) վայրի կենդանիների ինվազիվ տեսակները, որոնց ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետությունում կենդանական աշխարհի պահպանության, պաշտպանության, վերարտադրության և օգտագործման բնագավառներում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորված պետական լիազորված մարմինը (այսուհետ՝ լիազորված մարմին).

4) վայրի կենդանիները, որոնց քանակը կարող է խախտել էկոհամակարգերի էկոլոգիական հավասարակշռությունը.

5) վայրի կենդանիները, որոնք հանդիսանում են վայրի կամ ընտանի կենդանիների համաճարակային հիվանդությունների կրողներ և տարածողներ:

4. Վայրի կենդանիների քանակի կարգավորման միջոցառումների անցկացման համար հիմք է հանդիսանում «Կենդանական աշխարհի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի առաջին մասի «ա» կամ «բ» ենթակետերով սահմանված սուբյեկտներից որևէ մեկի կողմից տրամադրված հիմնավորումը:

5. Հայաստանի Հանրապետության տարածքում կենդանիների քանակի կարգավորման միջոցառումներ իրականացնելու իրավունք են ձեռք բերում լիազորված մարմնի հետ պայմանագիր կնքած որսի իրավունք ունեցող ֆիզիկական կամ իրավաբանական անձինք:

6. Յուրաքանչյուր կենդանատեսակի կենսաբանական կամ ֆիզիոլոգիական առանձնահատկություններով պայմանավորված՝ վայրի կենդանիների քանակի կարգավորման միջոցառումներն իրականացվում են որսորդության, ձկնորսության կամ հավաքի եղանակով:

 

2. ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՔԱՆԱԿԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

7. Հիմք ընդունելով սույն կարգի 2-րդ կետով սահմանված հիմքերը և «Կենդանական աշխարհի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասը Կառավարության որոշմամբ սահմանվում են Հայաստանի Հանրապետության տարածքում կենդանիների առանձին տեսակների քանակի կարգավորման միջոցառումները՝ հաշվի առնելով օրենքի 11-րդ հոդվածի առաջին մասի «ա» կամ «բ» ենթակետերով սահմանված սուբյեկտներից որևէ մեկի կողմից տրամադրված հիմնավորումը:

8. Վայրի կենդանիների առանձին տեսակների քանակը կարգավորող միջոցառումների անցկացնելու մասին Կառավարության որոշմամբ հստակ սահմանվում են՝

1) քանակի կարգավորման ենթակա կենդանիների տեսակի անվանումը.

2) կարգավորման ենթակա կենդանիների քանակը.

3) միջոցառումների իրականացման վայրը.

4) միջոցառումների իրականացման ժամկետը.

5) կենդանիների քանակի կարգավորման միջոցառման եղանակը (որսորդություն, ձկնորսություն, հավաք).

6) որսի թույլատրելի ձևերը, միջոցները, մեթոդները և գործիքները.

7) սույն կարգի 7-րդ կետով նշված հիմնավորումը.

8) պետական կամ չարգելված այլ միջոցներից կենդանիների քանակի կարգավորման միջոցառումն իրականացնող ֆիզիկական կամ իրավաբանական անձանց հատկացվող գումարի չափը, հատկացման կարգն ու պայմանները.

9) որսի ենթակա կենդանու և դրա արգասիքների պահպանման, հետագա օգտագործման կամ վերացման (թաղման, այրման, ախտահանման) վերաբերյալ միջոցառումները, դրույթները, կարգավորումները՝ ելնելով վայրի կենդանիների առանձին տեսակների կենսաբանական կամ ֆիզիոլոգիական առանձնահատկություններից, ինչպես նաև խնդրի լուծման անվտանգությունից.

10) վայրի կենդանիների առանձին տեսակների քանակի կարգավորման նպատակով իրականացված միջոցառման ապացույցների (տեսանկարահանման, ֆոտոնկարահանման, կենդանու արգասիքի) ներկայացման վերաբերյալ պահանջը։

9. Վայրի կենդանիների առանձին տեսակների քանակի կարգավորման միջոցառումների անցկացվում է լիազորված մարմնի հետ կնքված պայմանագրի (այսուհետ` պայմանագիր) հիման վրա` համաձայն N 2 ձևի։

10. Վայրի կենդանիների առանձին տեսակների քանակի կարգավորման նպատակով իրավաբանական կամ ֆիզիկական անձինք (այսուհետ՝ հայտատու) լիազորված մարմին են ներկայացնում պայմանագիր կնքելու մասին հայտ (այսուհետ՝ հայտ)՝ համաձայն N 1 ձևի, նշելով՝

1) իրավաբանական անձի դեպքում՝ անվանումը, պետական գրանցման համարը, գտնվելու վայրը, հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն.

2) ֆիզիկական անձի դեպքում՝ անունը, ազգանունը, անձնագրի տվյալները, փաստացի բնակության վայրը, հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն.

3) անհատ ձեռնարկատեր հանդիսացող ֆիզիկական անձի դեպքում՝ անունը, ազգանունը, անձնագրի տվյալները, փաստացի բնակության վայրը, հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն, պետական հաշվառման համարը.

4) կենդանիների քանակի կարգավորման միջոցառման անցկացման եղանակը՝ (որսորդություն, ձկնորսություն, հավաք).

5) որսամիջոցները և որսագործիքները.

6) կենդանու տեսակները.

7) կենդանու քանակը.

8) միջոցառման իրականացման ժամկետը.

9) միջոցառման իրականացման տարածքը (մարզը, համայնքը)։

11. Հայտին կից ներկայացվում են նաև՝

1) իրավաբանական անձի դեպքում՝ պետական գրանցման վկայականի պատճենը, միջոցառմանը մասնակցող ֆիզիկական անձանց կամ որսի իրավունք ունեցող անձանց ցանկը.

2) ֆիզիկական անձի դեպքում՝ անձը հաստատող փաստաթղթի պատճենը.

3) անհատ ձեռնարկատեր հանդիսացող ֆիզիկական անձի դեպքում՝ անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման քաղվածքի պատճենը, միջոցառմանը մասնակցող ֆիզիկական անձանց կամ որսի իրավունք ունեցող անձանց ցանկը.

4) միջոցառումը որսորդությամբ իրականացնելու դեպքում՝ զենք կրելու իրավունքը հավաստող փաստաթղթի և որսորդական վկայականի պատճենները:

12. Վայրի կենդանիների առանձին տեսակների քանակի կարգավորման միջոցառումներն անցկացնելու մասին Կառավարության որոշումն ուժի մեջ մտնելուց հետո լիազորված մարմինը հայտերի ընդունման գործընթացն սկսելու մասին 3 աշխատանքային օրվա ընթացքում կատարում է հրապարակային ծանուցում՝ տեղադրելով www.env.am պաշտոնական կայքէջում կամ www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների կայքէջում։

13. Հայտերը ներկայացվում են էլեկտրոնային եղանակով՝ սույն կարգի 12-րդ կետով սահմանված կայքէջում համապատասխան հայտարարությունը տեղադրելու օրվանից 15 աշխատանքային օրվա ընթացքում:

14. Լիազորված մարմինը հայտերը ներկայացնելու համար սահմանված ժամկետի ավարտից հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում ստուգում է փաստաթղթերի ամբողջականությունը, փաստաթղթերը թերի լինելու դեպքում տեղեկացնում է հայտատուին` հինգ աշխատանքային օրվա ընթացքում վերացնելու լիազորված մարմնի մատնանշած թերությունները:

15. Լիազորված մարմինը հայտերի գնահատման ժամանակ կարգավորման ենթակա կենդանիների առավելագույն քանակը հավասարաչափ բաշխում է սույն կարգով սահմանված պահանջները բավարարող իրավաբանական կամ ֆիզիկական անձանց հայտերով ներկայացված որսի իրավունք ունեցող անձանց քանակի վրա։

16. Քանակի բաշխման հաշվարկի ժամանակ որսի իրավունք ունեցող միևնույն անձի տվյալը հաշվարկվում է մեկ հայտատուի կողմից ներկայացված լինելու պարագայում։ Տարբեր հայտատուների կողմից որսի իրավունք ունեցող անձանց տվյալների համընկնման դեպքում այդ տվյալները չեն հաշվարկվում։

17. Լիազորված մարմինը հայտերը ներկայացնելու համար սահմանված ժամկետի ավարտից հետո տասնհինգ աշխատանքային օրվա ընթացքում կնքում է պայմանագիր կամ մերժում է հայտը:

18. Հայտի մերժման հիմք է հայտատուի կողմից փաստաթղթերում առկա թերությունների վերացման անհրաժեշտությամբ պայմանավորված լիազորված մարմնի կողմից տեղեկացրած թերությունները հինգ աշխատանքային օրվա ընթացքում շտկված չներկայացնելը:

 

3. ԱՅԼ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

19. Սույն կարգի 7-րդ կետով սահմանված՝ վայրի կենդանիների առանձին տեսակների քանակը կարգավորող միջոցառումների գործընթացը համակարգելու նպատակով ստեղծվում է մասնագիտական աշխատանքային խումբ (այսուհետ՝ աշխատանքային խումբ), որի անհատական կազմն ու աշխատակարգը հաստատում է լիազորված մարմինը:

 

Ձև N 1

 

Հ Ա Յ Տ

 

ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՔԱՆԱԿԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

1. Հայտատուի տվյալները

_______________________________________________________________________________

_______________________________________________________________________________

_______________________________________________________________________________

_______________________________________________________________________________

(իրավաբանական անձի անվանումը, պետական գրանցման համարը, գտնվելու վայրը, հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն (առկայության դեպքում) կամ ֆիզիկական անձի անունը, ազգանունը, անձնագրի տվյալները, փաստացի բնակության վայրը, հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն (առկայության դեպքում), անհատ ձեռնարկատեր հանդիսացող ֆիզիկական անձի դեպքում՝ նաև անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման համարը)

 

2. Կենդանիների քանակի կարգավորման միջոցառուման անցկացման եղանակը

______________________________________________________________________________

(որսորդություն, ձկնորսություն, հավաք)

 

3. Որսամիջոցները, որսագործիքները

______________________________________________________________________________

______________________________________________________________________________

 

4. Ֆիզիկական անձինք՝ որսորդական վկայականի և որսորդական զենք կրելու վկայականի համարները 

____________________________________________________ 

 

NN

ը/կ

Կենդանու

տեսակը

Քանակը

(հատ/կգ)

Միջոցառման

իրականացման

ժամկետը

Միջոցառման

իրականացման

տարածքը (մարզը,

համայնքը)

         
         
         

 

5. Հայտին կից պահանջվող փաստաթղթեր՝

1) իրավաբանական անձի դեպքում՝ պետական գրանցման վկայականի պատճենը, միջոցառմանը մասնակցող ֆիզիկական անձանց կամ որսի իրավունք ունեցող անձանց ցանկը,

2) ֆիզիկական անձի դեպքում՝ անձը հաստատող փաստաթղթի պատճենը.

3) անհատ ձեռնարկատեր հանդիսացող ֆիզիկական անձի դեպքում՝ անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման քաղվածքի պատճենները, միջոցառմանը մասնակցող ֆիզիկական անձանց կամ որսի իրավունք ունեցող անձանց ցանկը.

4) միջոցառումը որսորդությամբ իրականացնելու դեպքում՝ զենք կրելու իրավունքը հավաստող փաստաթղթի և որսորդական վկայականի պատճենները:

 

Հայտատու` ________________________________________________

(անունը, ազգանունը, ստորագրությունը)

 

Հայտը ներկայացնելու ամսաթիվը _______________________

 

Ձև N 2

 

ՊԱՅՄԱՆԱԳԻՐ N______

 

ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՔԱՆԱԿԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

ք. Երևան

«--» «--------» «20   »

 

Շրջակա միջավայրի նախարարությունը` կենդանիների քանակի կարգավորման միջոցառման անցկացման իրավունք տրամադրողը (այսուհետ` լիազորված մարմին), հանդես գալով Կառավարության անունից, ի դեմս` _______________________ մի կողմից,

(անունը, ազգանունը, պաշտոնը)

________________________________________________________________________________

(իրավաբանական անձի անվանումը, պետական գրանցման վկայականի համարը և գտնվելու վայրը կամ ֆիզիկական անձի անունը, ազգանունը, անձնագրային տվյալները և բնակության վայրը, իսկ անհատ ձեռնարկատեր հանդիսացող ֆիզիկական անձի դեպքում՝ նաև անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման համարը)

 

__________________________________ կենդանիներին քանակի կարգավորման միջոցառումն

իրականացնող (այսուհետ՝ հայտատու) ի դեմս` ___________________մյուս կողմից,

(անունը, ազգանունը)

կնքեցին սույն պայմանագիրը (այսուհետ` պայմանագիր) հետևյալի մասին։

 

1․ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ

 

1.1 Պայմանագրով լիազորված մարմինը հայտատուին իրավունք է վերապահում Հայաստանի Հանրապետության _______________________ տարածքում _____________________________ եղանակով (որսորդություն, ձկնորսություն, հավաք) ______________________________________  որսամիջոցներով որս իրականացնել՝

 

NN

ը/կ

Կենդանու

տեսակը

Քանակը

(հատ/կգ)

Միջոցառման

(որսորդություն,

ձկնորոսություն,

հավաք)

իրականացման

ժամկետը

Միջոցառման

իրականացման

տարածքը (մարզը,

համայնքը)

         
         
         

 

1.2 Վայրի կենդանիների քանակի կարգավորման միջոցառման իրականացման վերաբերյալ ապացույց` ______________________ ներկայացնել մինչև _______________ (ժամկետ):

 

1.3 Քաղաքացիական զենքով որս իրականացնելու դեպքում լրացնել` քաղաքացիական զենք կրելու վկայականների N __________________________ տրված __________________________________________________ կողմից

 

«____ » __________________ ______ թ.

 

2.ԿՈՂՄԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

2.1 Լիազորված մարմինն իրավունք ունի`

2.1.1 հայտատուից պահանջելու պայմանագրով սահմանված ապացույցներ և հաշվետվություն։

2.2 Լիազորված մարմինը պարտավոր է`

2.2.1 հայտատուին տրամադրել կարգավորման ենթակա կենդանու վերաբերյալ տեղեկատվություն:

2.3 Հայտատուն իրավունք ունի`

2.3.1 պահանջելու լիազորված մարմնից կատարել պայմանագրի 2.2.1-ին կետում նշված պարտավորությունը:

2.4 Հայտատուն պարտավոր է`

2.4.1 պահպանել Հայաստանի Հանրապետության օրենքներով, ենթաօրենսդրական նորմատիվ իրավական և պայմանագրով սահմանված պահանջները.

2.4.2 միջոցառումն իրականացնել միայն պայմանագրում նշված տարածքում.

2.4.3 քաղաքացիական զենքով որսն իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով զենք կրելու թույլտվությամբ և պայմանագրով սահմանված ժամկետներում.

2.4.4 որսն իրականացնելիս իր հետ ունենալ՝ կենդանիների որսի իրականացման հիմքը՝ կենդանիների քանակի կարգավորման միջոցառման անցկացման մասին լիազորված մարմնի հետ կնքած պայմանագիրը.

2.4.5 պահպանել Հայաստանի Հանրապետության տարածքում որսի կատարման կանոններով սահմանված պահանջները.

2.4.6 պահպանել հակահրդեհային անվտանգության, իսկ քաղաքացիական զենքով որս իրականացնելու դեպքում` նաև զենքի օգտագործման անվտանգության համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջները.

2.4.7 իր կողմից պայմանագիրը վաղաժամկետ դադարեցնելու դեպքում ոչ ուշ, քան 10 օր առաջ լիազորված մարմնին պատշաճ կերպով գրավոր տեղեկացնել դրա մասին.

2.4.8 պայմանագրով սահմանված ժամկետի ավարտից հետո ________ օրյա ժամկետում լիազորված մարմնին ներկայացնել կենդանիների քանակի կարգավորման իրականացրած միջոցառումների կատարման վերաբերյալ հաշվետվություն։

 

3.ՊԱՅՄԱՆԱԳՐՈՎ ԿԱՏԱՐՎՈՂ ՎՃԱՐՆԵՐԸ

 

3.1 Կենդանիներին քանակի կարգավորման միջոցառումն իրականացման համար նախատեսված գումարը կազմում է _____________________ դրամ:

 

4.ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԿԱՐԳԸ

 

4.1 Պայմանագրի կապակցությամբ ծագած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով: Համաձայնություն ձեռք չբերվելու դեպքում վեճերը լուծվում են Հայաստանի Հանրապետության դատական կարգով:

 

5. ԱՆՀԱՂԹԱՀԱՐԵԼԻ ՈՒԺԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ (ՖՈՐՍ-ՄԱԺՈՐ)

 

5.1 Պայմանագրով պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն չկատարելու համար կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե դա եղել է անհաղթահարելի ուժի ազդեցության արդյունք, որը ծագել է պայմանագիրը կնքելուց հետո, և որը կողմերը չէին կարող կանխատեսել կամ կանխարգելել: Այդպիսի իրավիճակներ են երկրաշարժը, ջրհեղեղը, պատերազմը, ռազմական և արտակարգ դրություն հայտարարելը, որոնք անհնարին են դարձնում պայմանագրով պարտավորությունների կատարումը: Եթե անհաղթահարելի ուժի ազդեցությունը շարունակվում է 3 (երեք) ամսվանից ավելի, ապա կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի լուծելու պայմանագիրը` այդ մասին նախապես տեղյակ պահելով մյուս կողմին:

 

6. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՎԱՂԱԺԱՄԿԵՏ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՀԻՄՔԵՐԸ

 

6.1. Լիազորված մարմնի կողմից պայմանագիրը կարող է միակողմանի և վաղաժամկետ լուծվել, եթե հայտատուն`

6.1.1 կենդանիների քանակի կարգավորման միջոցառումն իրականացրել է Հայաստանի Հանրապետության օրենքների, ենթաօրենսդրական նորմատիվ իրավական այլ ակտերի և պայմանագրի պայմանների խախտումներով.

6.1.2 լրիվ կամ մասնակիորեն հրաժարվում է իր պայմանագրային պարտավորությունների կատարումից.

6.1.3 խախտել է պայմանագրի 2.4.1-2.4.8-րդ կետերով սահմանված պարտականություններից որևէ մեկը։

6.2 Ստեղծվել է ակնհայտ սպառնալիք հայտատուի անվտանգության համար:

6.3 Վերոնշյալ հիմքերով պայմանագիրը վաղաժամկետ լուծելու դեպքում լիազորված մարմինը որևէ պատասխանատվություն չի կրում:

6.4 Վերոնշյալ հիմքերով պայմանագիրը վաղաժամկետ լուծելու դեպքում՝ հայտատուն չի վճարվում։

6.5 Հայտատուի կողմից պայմանագիրը կարող է միակողմանի և վաղաժամկետ լուծվել, եթե լիազորված մարմինը չի կատարել պայմանագրի 2.2.1-ին կետում նշված պարտավորությունը։

 

7. ԱՅԼ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

7.1 Պայմանագիրը կազմված է երկու հավասարազոր օրինակից։ Կողմերից յուրաքանչյուրին տրվում է մեկ օրինակ:

7.2 Պայմանագրով չնախատեսված դեպքերում կողմերն իրենց պարտավորությունները չկատարելու համար պատասխանատվության են ենթարկվում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։

 

8. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ

 

8.1 Պայմանագրի գործողության ժամկետը սահմանվում է ____________ թ-ից մինչև ____________ թ.։

 

9. ԿՈՂՄԵՐԻ ՎԱՎԵՐԱՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

Հայտատու

____________________

____________________

____________________

____________________

(ստորագրություն)

Կ.Տ

«   » ____________ 20   թ.

Լիազորված մարմին

____________________

____________________

____________________

____________________

(ստորագրություն)

Կ.Տ

«   » ____________ 20   թ.

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան


25.04.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 ապրիլի 2025 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան