Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (14.03.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.04.14-2025.04.27 Պաշտոնական հրապարակման օրը 15.04.2025
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
14.03.2025
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
14.03.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.03.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ վարչական

դատարանի որոշում

Վարչական գործ թիվ ՎԴ/10613/05/21 

2025 թ.

Վարչական գործ թիվ ՎԴ/10613/05/21 

 

Նախագահող դատավոր՝

 Ռ Խանդանյան

Դատավորներ՝

 Ա. Պողոսյան

 Է. Նահապետյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող

Հ. Բեդևյան

զեկուցող

Ռ. Հակոբյան

Ա. Թովմասյան

Ք. ՄԿՈՅԱՆ

 

2025 թվականին մարտի 14-ին

գրավոր ընթացակարգով քննելով ՀՀ hարկադիր կատարումն ապահովող ծառայության վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 07.02.2024 թվականի որոշման դեմ՝ վարչական գործով ըստ հայցի Ալվարդ Մելիքյանի ընդդեմ ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայության, երրորդ անձ՝ Սուրիկ Հովսեփյան՝ ՀՀ արդարադատության նախարարության հարկադիր կատարումն ապահովող ծառայության (ներկայումս՝ ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայություն, այսուհետ` Ծառայություն) Արագածոտնի և Արմավիրի մարզային բաժնի պետի 23092021 թվականի թիվ 6762 գրությունը վերացնելու և Ծառայության Արագածոտնի և Արմավիրի մարզային բաժնին՝ վտարմանն ուղղված գործողություններ կատարելուց՝ մինչև թիվ ՎԴ/9099/05/18 վարչական գործով վերջնական դատական ակտի կայացումը, ձեռնպահ մնալուն պարտավորեցնելու պահանջների մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Ալվարդ Մելիքյանը պահանջել է վերացնել Ծառայության Արագածոտնի և Արմավիրի մարզային բաժնի պետի 23092021 թիվ 6762 գրությունը և պարտավորեցնել Ծառայության Արագածոտնի և Արմավիրի մարզային բաժնին՝ ձեռնպահ մնալ վտարմանն ուղղված գործողություններ կատարելուց՝ մինչև թիվ ՎԴ/9099/05/18 վարչական գործով վերջնական դատական ակտի կայացումը։

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ա. Հարությունյան) (այսուհետ՝ Դատարան) 11112022 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 07022024 թվականի որոշմամբ Ալվարդ Մելիքյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակի՝ Դատարանի 11.11.2022 թվականի վճիռը բեկանվել է և գործի վարույթն ամբողջությամբ կարճվել է, որոշվել է Ծառայությունից հօգուտ երրորդ անձ Սուրիկ Հովսեփյանի բռնագանձել 100000 ՀՀ դրամ՝ որպես ներկայացուցչի վճարի փոխհատուցման գումար, իսկ մնացած մասով դատական ծախսերի բաշխման հարցը համարել լուծված։

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ծառայությունը (ներկայացուցիչ՝ Անի Զոհրաբյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը. 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը, 96-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը։

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ սույն դեպքում վեճն ըստ էության սպառվել է ոչ թե այն պատճառով, որ պատասխանողն իրականացրել է հայցվորի պահանջների բավարարմանը և վեճը վերացնելուն ուղղված գործողություն, այլ՝ այն պատճառով, որ դատական ակտով սահմանված պահանջը Ծառայության կողմից արդեն իսկ հարկադիր կարգով կատարվել է, և առարկայազուրկ է դարձել հայցվորի պահանջը։ Նշվածով պայմանավորված՝ անհրաժեշտություն է առաջացել զարգացնել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 2-րդ մասը՝ պատասխանելով այն հարցին, թե ում վրա պետք է դրվի դատական ծախսերի հատուցման պարտականությունը, երբ վեճն ըստ էության սպառվել է ոչ թե այն պատճառով, որ պատասխանողն իրականացրել է հայցվորի պահանջները բավարարելուն և վեճը լուծելուն ուղղված գործողություն, այլ՝ այն պատճառով, որ Ծառայությունը, իրականացրել է օրենսդրորեն ամրագրված իր պարտականությունները և լիազորությունները, հարկադիր կարգով կատարել է դատական ակտով սահմանված պահանջը, ինչը հանգեցրել է հայցվորի պահանջի առարկայազուրկ դառնալուն։

 

Վերոգրյալի հիման վրա՝ բողոք բերած անձը պահանջել է մասնակիորեն բեկանել Վերաքննիչ դատարանի 07.02.2024 թվականի որոշումը և դատական ծախսերի մասով փոփոխել այն՝ դատական ծախսերը հատուցելու պարտականությունը դնելով հայցվորի վրա։

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 16.09.2021 թվականի թիվ ԱՐԱԴ/2896/02/18 քաղաքացիական գործով տրված կատարողական թերթի համաձայն՝ պետք է պատասխանողներ` Ալվարդ Մելիքյանին, Ռուդիկ Մարկոսյանին վտարել հայցվոր Սուրիկ Հովսեփյանին սեփականության իրավունքով պատկանող ՀՀ Արագածոտնի մարզի Օշական համայնքի Մաշտոցի փողոց 9-րդ նրբանցք թիվ 6 տաղավար հասցեում գտնվող 02-113-0070-0002 ծածկագրով 0,1հա մակերեսով հասարակական կառուցապատման հողամասից, 02-113-0070-0002-001 ծածկագրի 97,56քմ մակերեսով տաղավարից (հատոր 2-րդ, գթ 29)

2) Ծառայության 17092021 թվականի «Կատարողական վարույթ հարուցելու մասին» որոշմամբ հարուցվել է թիվ 08104040 կատարողական վարույթը, որի շրջանակներում պատասխանողներ Ալվարդ Մելիքյանին, Ռուդիկ Մարկոսյանին պետք է վտարել հայցվոր Սուրիկ Հովսեփյանին սեփականության իրավունքով պատկանող ՀՀ Արագածոտնի մարզի, Օշական համայնքի Մաշտոցի փողոցի 9-րդ նրբանցքի թիվ 6 տաղավար հասցեում գտնվող 02-113-0070-0002 ծածկագրով 0,1հա մակերեսով հասարակական կառուցապատման հողամասից, 02-113-0070-0002-0001 ծածկագրի 97,56քմ մակերեսով տաղավարից (հատոր 2-րդ, գ. թ. 28).

3) Ծառայության Արագածոտնի և Արմավիրի մարզային բաժնի պետի՝ Ալվարդ Մելիքյանին, Ռուդիկ Մարկոսյանին ուղղված 23.09.2021 թվականի թիվ 6762 գրության համաձայն՝ «Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից տրված թիվ ԱՐԱԴ/2896/02/18 կատարողական թերթի համաձայն պետք է Ալվարդ Աղասու Մելիքյանին, Ռուդիկ Գուրգենի Մարկոսյանին վտարել հայցվոր Սուրիկ Հովսեփյանին սեփականության իրավունքով պատկանող ՀՀ Արագածոտնի մարզի Օշական համայնքի Մաշտոցի փողոց 9-րդ նրբանցք թիվ 6 տաղավար հասցեում գտնվող 02-113-0070-0002 ծածկագրով 0,1հա մակերեսով հասարակական կառուցապատման հողամասից,  02-13-0070-0002-001 ծածկագրի 97,56քմ մակերեսով տաղավարից: Ելնելով վերոգրյալից առաջարկվում է տասնհինգօրյա ժամկետում ինքնակամ ազատել ՀՀ Արագածոտնի մարզի Օշական համայնքի Մաշտոցի փողոց 9-րդ նրբանցք թիվ 6 տաղավար հասցեում գտնվող 02-113-0070-0002 ծածկագրով 0,1հա մակերեսով հասարակական կառուցապատման հողամասը 02-113-0070-0002-001 ծածկագրի 97,56քմ մակերեսով տաղավարը, հակառակ դեպքում հարկադիր վտարումը կկատարվի «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով» (հատոր 1-ին, գ. թ. 15).

4) Ծառայության 28012023 թվականի որոշմամբ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով՝ կատարողական թերթի պահանջը փաստացի կատարված է, կարճվել է Ծառայության Արագածոտնի և Արմավիրի մարզային բաժնի 16122022 թվականին վերսկսված թիվ 08104040 կատարողական վարույթը (հատոր 3-րդ, գ. թ. 47).

5) Վերաքննիչ դատարանի 07022024 թվականի որոշմամբ Դատարանի 11.11.2022 թվականի վճիռը բեկանվել է, և գործի վարույթն ամբողջությամբ կարճվել է, և որոշվել է Ծառայությունից հօգուտ երրորդ անձ Սուրիկ Հովսեփյանի բռնագանձել 100000 ՀՀ դրամ՝ որպես ներկայացուցչի վճարի փոխհատուցման գումար, իսկ մնացած մասով դատական ծախսերի բաշխման հարցը համարվել է լուծված (հատոր 3-րդ, գ. թ. 66-76)։

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները. 

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի իմաստով, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, քանի որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 2-րդ մասի կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր։

 

Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ վեճն ըստ էության սպառվելու հիմքով գործի վարույթը կարճելու դեպքում դատական ծախսերի հատուցման առանձնահատկություններին։

 

ՀՀ Սահմանադրության 171-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Վճռաբեկ դատարանը դատական ակտերն օրենքով սահմանված լիազորությունների շրջանակներում վերանայելու միջոցով`

1) ապահովում է օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունը.

2) վերացնում է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտումները:

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ Վճռաբեկ դատարանը դատական ակտերն օրենքով սահմանված լիազորությունների շրջանակում վերանայելու միջոցով ապահովում է օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունը։

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունը Վճռաբեկ դատարանն ապահովում է, եթե առկա է իրավունքի զարգացման խնդիր, (...):

Վճռաբեկ դատարանը տվյալ դեպքում օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունն ապահովելու սահմանադրական իր առաքելությունն իրացնելու և ըստ այդմ՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 2-րդ մասի կիրառման կապակցությամբ իրավունքը զարգացնելու անհրաժեշտությունից ելնելով հարկ է համարում անդրադառնալ նշված իրավանորմի բովանդակությանը և բացահայտել դրանով կարգավորվող հարաբերությունները:

ԱյսպեսՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

ՀՀ Սահմանադրության 64-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իրավաբանական օգնություն ստանալու իրավունք:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները, կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

Կոնվենցիայի 13-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք, ում նույն Կոնվենցիայով ամրագրված իրավունքներն ու ազատությունները խախտվում են, ունի պետական մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք, նույնիսկ, եթե խախտումը կատարել են ի պաշտոնե գործող անձինք։

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից։

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 58-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն` գործի քննության հետ կապված այլ ծախսերն են` դատավարության մասնակիցների ներկայացուցիչների վճարները։

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 59-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն` ներկայացուցիչների ծախսերը վճարում է նրանց ներգրաված դատավարության մասնակիցը։

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է (...) մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար։ Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին։

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` նույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դատական ծախսերի հատուցման պարտականությունը դրվում է հայցվորի վրա, եթե գործի վարույթը կարճվում է, բացառությամբ նույն օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ,  10-րդ կետերում նշված դեպքերի։ Նշված դեպքերում դատարանը կարող է դատական ծախսերի հատուցման պարտականությունը ամբողջությամբ կամ մասնակիորեն դնել պատասխանողի վրա (...)։

ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացված որոշմամբ անդրադառնալով վերը նշված իրավական կարգավորումներին, դիրքորոշում է հայտնել նաև այն մասին, որ «դատավարության մասնակիցների ներկայացուցիչների վճարները դատական ծախսերի մաս են կազմում և ենթակա են հատուցման օրենքով սահմանված կարգով», «Մարդու իրավունքների և ազատությունների ամենահուսալի ու արդյունավետ պաշտպանության մեխանիզմը դատական պաշտպանությունն է: Պաշտպանության այս միջոցը պետք է արդյունավետ լինի գործնականում, այսինքն՝ այն պետք է կարողանա կանխել ենթադրյալ խախտման շարունակումը և երաշխավորել, որ դատական պաշտպանության դիմելով՝ անձը չի հայտնվի առավել անբարենպաստ վիճակում, քան մինչ այդ էր» (տե՛ս, Լիլիթ Մուսեյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/4084/05/15 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.04.2017 թվականի որոշումը):

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ՝ Եվրոպական դատարան) կողմից ձևավորված նախադեպային իրավունքի համաձայն՝ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի  1-ին կետով երաշխավորված «դատարանի իրավունքը» բացարձակ չէ և իր բնույթով պահանջում է ներպետական կարգավորումների առկայություն, որոնք կարող են որոշակի սահմանափակումների ենթարկել այդ իրավունքը (տե՛ս, Z and Others v. the United Kingdom գործով Եվրոպական դատարանի 10.05.2001 թվականի վճիռը, 91-93-րդ կետեր): Այս առումով դատական ծախսերի վճարման պարտականությունն ինքնին չի կարող դիտարկվել որպես դատարանի մատչելիության իրավունքի՝ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի հետ անհամատեղելի սահմանափակում (տե՛ս, Kreuz v. Poland գործով Եվրոպական դատարանի 19.06.2001 թվականի վճիռը, 60-րդ կետ): Եվրոպական դատարանի տեսանկյունից որոշ դեպքերում դատական ծախսերի բաշխման հետ կապված հարցերը կարող են նշանակություն ունենալ այն հանգամանքի գնահատման համար, թե դատավարությունն ընդհանուր առմամբ համապատասխանում է արդյոք Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի պահանջներին, թե՝ ոչ (տե՛ս, Stankiewicz v. Poland գործով Եվրոպական դատարանի 06.04.2006 թվականի վճիռը, 60-րդ կետ): Կոնվենցիան երաշխավորում է ոչ թե տեսական կամ վերացական, այլ գործնական և արդյունավետ իրավունքներ (տե՛ս, Aït-Mouhoub v. France գործով Եվրոպական դատարանի 28.10.1998 թվականի վճիռը, 52-րդ կետ): Հետևաբար, դատական այն ծախսերը, որոնց վճարման պարտականությունն անձը կրում է ոչ թե դատարան դիմելիս, այլ դատական քննության ավարտից հետո, գործնականում նույնպես կարող են դիտարկվել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համատեքստում` որպես «դատարանի իրավունքի» սահմանափակում (տե՛ս, Stankov v. Bulgaria գործով Եվրոպական դատարանի 12.07.2007 թվականի վճիռը, 54-րդ կետ): Ընդ որում, «դատարանի իրավունքի» այդ սահմանափակման համապատասխանությունը Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի պահանջներին ենթակա է գնահատման այն տեսանկյունից, թե արդյոք այն հետապնդում է իրավաչափ նպատակ, և առկա է արդյոք ողջամիտ հավասարակշռություն կիրառվող միջոցների և հետապնդվող նպատակի միջև (տե՛ս, Apostol v. Georgia գործով Եվրոպական դատարանի 28.11.2006 թվականի վճիռը,  57-րդ կետ):

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն՝ դատարանը գործի քննության ցանկացած փուլում կարճում է գործի վարույթը, եթե վեճն ըստ էության սպառվել է։

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 97-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործի վարույթը կարճելու մասին դատարանը կայացնում է որոշում, որով լուծվում են նաև դատավարության մասնակիցների միջև դատական ծախսերի բաշխման հարցերը։

Վերը վկայակոչված՝ Լիլիթ Մուսեյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/4084/05/15 վարչական գործով 07.04.2017 թվականի որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն անդրադարձել է նաև վեճն ըստ էության սպառված լինելու հիմքով գործի վարույթը կարճելու դեպքի համար դատական ծախսերի հատուցման առանձնահատկություններին: ՀՀ վճռաբեկ դատարանը մասնավորապես նշել է, որ վեճը սպառված լինելու հիմքով գործի վարույթը կարճելու դեպքի համար օրենսդիրը սահմանել է դատական ծախսերի հատուցման որոշ առանձնահատկություններ: Այսպես, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 2-րդ մասում և 96-րդ հոդվածի 1-ին մասի  7-րդ կետում սահմանված իրավադրույթների բովանդակությունից հետևում է, որ վեճն ըստ էության սպառված լինելու հիմքով գործի վարույթը կարճելու դեպքում դատական ծախսերի հատուցման պարտականությունն ամբողջությամբ կամ մասնակիորեն կարող է դրվել պատասխանողի վրա: Թեև օրենսդիրը սահմանել է դատարանի հայեցողական լիազորությունը` լուծելու վեճը սպառված լինելու հիմքով գործի վարույթը կարճելու դեպքում դատական ծախսերի հատուցման պարտականությունն ամբողջությամբ կամ մասնակիորեն պատասխանողի վրա դնելու հարցը, այդուհանդերձ այդ լիազորությունը դատարանները պետք է իրացնեն մարդու՝ դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնարար իրավունքների հաշվառմամբ՝ այնպես, որ չխաթարվի այդ իրավունքների բուն էությունը: Մասնավորապես, եթե վեճը սպառվել է վարչական մարմնի ակտիվ գործողությունների հետևանքով, օրինակ՝ վիճարկման հայցի հիման վրա հարուցված գործի քննության ժամանակ վարչական մարմինն իր նախաձեռնությամբ վերացրել է վիճարկվող վարչական ակտը, ապա այդ պարագայում հայցվորի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը պետք է կրի պատասխանող կողմը, ինչն ապահովում է անձի դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնարար իրավունքների արդյունավետ իրացումը: Այսպիսով, ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ այն բոլոր դեպքերում, երբ գործի վարույթը կարճվում է այն հիմքով, որ վեճն ըստ էության սպառվել է վարչական մարմնի ակտիվ գործողությունների հետևանքով, ապա հայցվորի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը պետք է դրվի պատասխանողի վրա: Միաժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ վեճն ըստ էության սպառվելու իրադրության առաջացման հարցում վարչական մարմնի գործողությունների ազդեցությունը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետում նշված հիմքով գործի վարույթը կարճելու պարագայում ստանում է առաջնային նշանակություն, քանի որ վեճն ըստ էության սպառելուն ուղղված վարչական մարմնի ակտիվ գործողությունները վկայում են այն իրողության մասին, որ անձի դատական պաշտպանության դիմելը եղել է արդարացված (տե՛ս, Լիլիթ Մուսեյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/4084/05/15 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.04.2017 թվականի որոշումը):

Ինչպես վերը նշվեց, վեճն ըստ էության սպառված լինելու հիմքով գործի վարույթը կարճելու դեպքի համար օրենսդիրը սահմանել է դատական ծախսերի հատուցման առանձնահատկություններ՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում ամրագրելով, որ վեճն ըստ էության սպառված լինելու հիմքով գործի վարույթը կարճելու դեպքում դատական ծախսերի հատուցման պարտականությունն ամբողջությամբ կամ մասնակիորեն կարող է դրվել պատասխանողի վրա:

ՀՀ վճռաբեկ դատարանն իր որոշումներից մեկում արձանագրել է, որ օրենսդիրը, օգտագործելով «կարող է» եզրույթը, դատարանի լիազորությունը՝ կապված վեճը սպառված լինելու հիմքով գործի վարույթը կարճելու դեպքում դատական ծախսերի հարցի լուծման հետ, տվյալ դեպքում սահմանել է որպես հայեցողական, որը դատարանին հնարավորություն է տալիս վերը նշված սկզբունքներից ելնելով՝ նաև այլ ձևով լուծելու այդ հարցը, օրինակ՝ դատական ծախսերի, այդ թվում նաև՝ ներկայացուցչին վճարված գումարների հատուցման պարտականությունը չդնել պատասխանողի վրա (տե՛ս, Վոլոդյա Կարապետյանն ընդդեմ Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության թիվ ՎԴ/8485/05/18 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 23.04.2021 թվականի որոշումը):

Վերահաստատելով վերոգրյալ իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 2-րդ մասում ամրագրված է ընդհանուր կանոն, համաձայն որի՝ դատական ծախսերի հատուցման պարտականությունը դրվում է հայցվորի վրա, եթե գործի վարույթը կարճվում է։ Նույն իրավանորմով օրենսդիրը նշված ընդհանուր կանոնից սահմանել է բացառություն, համաձայն որի՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին մասի  7-րդ, 10-րդ կետերում նշված դեպքերում դատարանը կարող է դատական ծախսերի հատուցման պարտականությունն ամբողջությամբ կամ մասնակիորեն դնել պատասխանողի վրա։

Վերը վկայակոչված որոշումներում ՀՀ վճռաբեկ դատարանն արտահայտել է իրավական դիրքորոշումներ վեճն ըստ էության սպառված լինելու հիմքով գործի վարույթը կարճելու դեպքում դատական ծախսը պատասխանողի վրա դնելու կարևոր պայմաններից մեկի՝ վեճն ըստ էության սպառվելու իրադրության առաջացման հարցում պատասխանող վարչական մարմնի գործողությունների ազդեցության վերաբերյալ։ Այդուհանդերձ գործնականում հնարավոր են դեպքեր, երբ վեճն ըստ էության սպառվելու իրադրությունը վրա հասնի պատասխանող վարչական մարմնի այնպիսի գործողության հետևանքով, որպիսի գործողությունը կատարվել է հայցվորի կողմից դրսևորված վարքագծի արդյունքում։ Այլ կերպ ասած՝ եթե հայցվորն իր վարքագծով պատճառ կամ առիթ է դառնում պատասխանող վարչական մարմնի կողմից որոշակի գործողություն կատարելու համար, որը հանգեցնում է վեճն ըստ էության սպառվելու իրադրության առաջացման, ապա այդ պարագայում վեճն ըստ էության սպառված լինելու հիմքով գործի վարույթը կարճելու դեպքում դատական ծախսը չի կարող դրվել պատասխանողի վրա։

Ամփոփելով վերոգրյալը և իրացնելով ՀՀ Սահմանադրության 171-րդ հոդվածում ամրագրված օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունն ապահովելու Վճռաբեկ դատարանի առաքելությունը և այդ առումով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 2-րդ մասի կապակցությամբ իրավունքի զարգացումն ապահովելու անհրաժեշտությունից ելնելով՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ իրավակիրառ պրակտիկան պետք է զարգանա այն ուղղությամբ, որ այն բոլոր դեպքերում, երբ գործի վարույթը կարճվում է այն հիմքով, որ վեճն ըստ էության սպառվել է վարչական մարմնի ակտիվ գործողությունների հետևանքով, ապա հայցվորի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը պետք է դրվի պատասխանողի վրա։ Մինչդեռ այն դեպքում, երբ վեճն ըստ էության սպառվելու իրադրությունը պատասխանող վարչական մարմնի կողմից կատարված այնպիսի գործողությունն է, որը հետևանք է հայցվորի կողմից դրսևորված վարքագիծը, ապա այդ պարագայում վեճն ըստ էության սպառված լինելու հիմքով գործի վարույթը կարճելու դեպքում դատական ծախսը չի կարող դրվել պատասխանողի վրա։

 

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն վարչական գործը հարուցվել է Ալվարդ Մելիքյանի կողմից ներկայացված գործողությունների կատարման հայցի հիման վրա, որով վերջինս պահանջել է վերացնել  Ծառայության Արագածոտնի և Արմավիրի մարզային բաժնի պետի 23092021 թիվ 6762 գրությունը և պարտավորեցնել Ծառայության Արագածոտնի և Արմավիրի մարզային բաժնին՝ ձեռնպահ մնալ վտարմանն ուղղված գործողություններ կատարելուց՝ մինչև թիվ ՎԴ/9099/05/18 վարչական գործով վերջնական դատական ակտի կայացումը։

Դատարանը 11.11.2022 թվականի վճռով հայցը մերժել է հետևյալ պատճառաբանությամբ «(․․․) այն գրությունը, որը հայցվորը խնդրում է անվավեր ճանաչել, կայացվել է թիվ 08104040 կատարողական վարույթի շրջանակներում, որի հարուցման համար հիմք է հանդիսացել Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից թիվ ԱՐԱԴ/2896/02/18 քաղաքացիական գործով 16.09.2021թ. տրված կատարողական թերթը, որի պահանջները ենթակա են պարտադիր կատարման:

Բացի այդ, (․․․) սույն գործի նյութերում առկա ապացույցների շրջանակում առկա չէ պատասխանողին վտարման գործողությունն իրականացնելուց ձեռնպահ մնալուն պարտավորեցնելու որևէ հիմք: Մասնավորապես, (․․․) հայցվորին վտարելու վերաբերյալ թիվ 08104040 կատարողական վարույթը հարուցվել է Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից թիվ ԱՐԱԴ/2896/02/18 քաղաքացիական գործով 16.09.2021թ. տրված կատարողական թերթի հիման վրա, որի պահանջները ենթակա են պարտադիր կատարման, իսկ հայցվորի կողմից չի ներկայացվել որևէ իրավական հիմք կամ ապացույց կատարողական վարույթը «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի կամ որևէ այլ իրավական ակտի խախտմամբ հարուցված լինելու, իսկ կատարողական գործողությունները՝ կատարվելու, վերաբերյալ:

Ավելին, (․․․) հայցվորը վտարման գործողություններից ձեռնպահ մնալը պայմանավորել է մինչև ՎԴ/9099/05/18 վարչական գործով վերջնական դատական ակտի կայացումը: (․․․)  թիվ ՎԴ/9099/05/18 վարչական գործով վերջնական դատական ակտը 01.08.2022թ. մտել է օրինական ուժի մեջ /հիմք՝ Datalex.am դատական տեղեկատվական համակարգ/, որով վճռվել է՝ Ալվարդ Մելիքյանի հայցն ընդդեմ Կադաստրի կոմիտեի, Արագածոտնի մարզի Օշական համայնքի, երրորդ անձինք՝ Սուրիկ Հովսեփյան, Հովհաննես Սարգսյան՝ Արագածոտնի մարզ, գյուղ Օշական, Մաշտոցի փողոց, 9-րդ նրբանցք, թիվ 6 հասցեի, թիվ 070-002 կադաստրային ծածկագրով անշարժ գույքի նկատմամբ Սուրիկ Հովսեփյանի իրավունքը վերականգնելու մասին Արագածոտնի մարզի Օշական համայնքի ղեկավարի 06.10.2016 թվականի թիվ 85 որոշումն առոչինչ ճանաչելու, և որպես հետևանք՝ Սուրիկ Հովսեփյանի անվամբ Արագածոտնի մարզ, գյուղ Օշական, Մաշտոցի փողոց, 9-րդ նրբանցք, թիվ 6 հասցեի, թիվ 070-002 կադաստրային ծածկագրով անշարժ գույքի նկատմամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջների մասին, մերժել:

Ողջ վերոշարադրյալի արդյունքում դատարանն արձանագրում է, որ առկա չէ որևէ հիմք պատասխանողին վտարման գործողություներ իրականացնելուց ձեռնպահ մնալուն պարտավորեցնելու համար, ուստի հայցն անհիմն է և ենթակա է մերժման»:

Վերաքննիչ դատարանը 07.02.2024 թվականի որոշմամբ Ալվարդ Մելիքյանի վերաքննիչ բողոքը բավարարել է մասնակի՝ բեկանել է Դատարանի 11.11.2022 թվականի վճիռը և գործի վարույթն ամբողջությամբ կարճել է հետևյալ պատճառաբանությամբ «(․․․) սույն պարագայում հայց հարուցելու հայցվորի բուն նպատակն է ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայությանը պարտավորեցնել ձեռնպահ մնալ ՀՀ Արագածոտնի մարզի Օշական համայնքի Մաշտոցի փողոց 9-րդ նրբանցք թիվ 6 տաղավար հասցեում գտնվող 02-113-0070-0002 ծածկագրով 0,1 հա մակերեսով հասարակական կառուցապատման հողամասից, 02-113-0070-0002-001 ծածկագրի 97,56քմ մակերեսով տաղավարից իր վտարմանն ուղղված գործողություններ իրականացնելուց, որպիսի պահանջը վերջինս պայմանավորել է թիվ ՎԴ/9099/05/18 վարչական գործով, մասնավորապես՝ խնդրել է պարտավորեցնել ձեռնպահ մնալ վտարմանն ուղղված գործողություններ կատարելուց՝ մինչև ՎԴ/9099/05/18 վարչական գործով վերջնական դատական ակտի կայացումը:
Վերաքննիչ դատարանը, datalex.am դատական տեղեկատվական համակարգի միջոցով ուսումնասիրելով թիվ ՎԴ/9099/05/18 վարչական գործը, փաստում է, որ դրանով դեռևս 28.06.2022 թվականին կայացվել է վերջնական դատական ակտ, որը 01.08.2022 թվականին մտել է օրինական ուժի մեջ: Բացի այդ, 28.01.2023 թվականին ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը որոշում է կայացրել թիվ 08104040 կատարողական վարույթը կարճելու մասին՝ ղեկավարվելով «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, համաձայն որի՝ հարկադիր կատարողը կատարողական վարույթը կարճում է, եթե կատարողական թերթը փաստացի կատարվել է կամ դրանից բխող պարտավորությունը դադարել է օրենքով սահմանված այլ հիմքով: Ավելին, 17.01.2024 թվականին կայացած դատական նիստի ընթացքում բողոքաբերը հայտնել է Վերաքննիչ դատարանին, որ խնդրո առարկա հասցեում այլևս չի բնակվում, նշված հասցե մուտք գործելու հնարավորություն չունի: Նշվածի հիման վրա Վերաքննիչ դատարանը փաստում է, որ ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայության Արագածոտնի և Արմավիրի մարզային բաժնի պետի 23.09.2021 թվականի թիվ 6762 գրությունն այլևս բողոքաբերի համար չի առաջացնում իրավական հետևանք, իսկ այն գործողությունները, որոնցից վերջինս պահանջում էր, որ ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը ձեռնպահ մնա, արդեն իսկ իրականացվել են, որպիսի պայմաններում կողմերի միջև վեճն ըստ էության սպառվել է»։

Լուծելով դատական ծախսերի բաշխման հարցը՝ Վերաքննիչ դատարանը որոշել է Ծառայությունից հօգուտ Սուրիկ Հովսեփյանի բռնագանձել 100.000 ՀՀ դրամ՝ որպես ներկայացուցչի վճարի փոխհատուցման գումար, իսկ մնացած մասով դատական ծախսերի բաշխման հարցը համարել է լուծված:

Վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո համադրելով սույն գործի փաստերը և գնահատելով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությունը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը

Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 16.09.2021 թվականի թիվ ԱՐԱԴ/2896/02/18 քաղաքացիական գործով տրված կատարողական թերթի համաձայն՝ պետք է պատասխանողներ` Ալվարդ Մելիքյանին, Ռուդիկ Մարկոսյանին վտարել հայցվոր Սուրիկ Հովսեփյանին սեփականության իրավունքով պատկանող ՀՀ Արագածոտնի մարզի Օշական համայնքի Մաշտոցի փողոց 9-րդ նրբանցք թիվ 6 տաղավար հասցեում գտնվող 02-113-0070-0002 ծածկագրով 0,1հա մակերեսով հասարակական կառուցապատման հողամասից, 02-113-0070-0002-001 ծածկագրի 97,56քմ մակերեսով տաղավարից։

Ծառայության 17092021 թվականի «Կատարողական վարույթ հարուցելու մասին» որոշմամբ հարուցվել է թիվ 08104040 կատարողական վարույթը, որի շրջանակներում պատասխանողներ Ալվարդ Մելիքյանին, Ռուդիկ Մարկոսյանին պետք է վտարել հայցվոր Սուրիկ Հովսեփյանին սեփականության իրավունքով պատկանող ՀՀ Արագածոտնի մարզի, Օշական համայնքի Մաշտոցի փողոցի 9-րդ նրբանցքի թիվ 6 տաղավար հասցեում գտնվող 02-113-0070-0002 ծածկագրով 0,1հա մակերեսով հասարակական կառուցապատման հողամասից, 02-113-0070-0002-0001 ծածկագրի 97,56քմ մակերեսով տաղավարից։

Ծառայության Արագածոտնի և Արմավիրի մարզային բաժնի պետի՝ Ալվարդ Մելիքյանին, Ռուդիկ Մարկոսյանին ուղղված 23.09.2021 թվականի թիվ 6762 գրության համաձայն՝ «Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից տրված թիվ ԱՐԱԴ/2896/02/18 կատարողական թերթի համաձայն պետք է Ալվարդ Աղասու Մելիքյանին, Ռուդիկ Գուրգենի Մարկոսյանին վտարել հայցվոր Սուրիկ Հովսեփյանին սեփականության իրավունքով պատկանող ՀՀ Արագածոտնի մարզի Օշական համայնքի Մաշտոցի փողոց 9-րդ նրբանցք թիվ 6 տաղավար հասցեում գտնվող 02-113-0070-0002 ծածկագրով 0,1հա մակերեսով հասարակական կառուցապատման հողամասից,  02-13-0070-0002-001 ծածկագրի 97,56քմ մակերեսով տաղավարից: Ելնելով վերոգրյալից առաջարկվում է տասնհինգօրյա ժամկետում ինքնակամ ազատել ՀՀ Արագածոտնի մարզի Օշական համայնքի Մաշտոցի փողոց 9-րդ նրբանցք թիվ 6 տաղավար հասցեում գտնվող 02-113-0070-0002 ծածկագրով 0,1հա մակերեսով հասարակական կառուցապատման հողամասը 02-113-0070-0002-001 ծածկագրի 97,56քմ մակերեսով տաղավարը, հակառակ դեպքում հարկադիր վտարումը կկատարվի «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով»։

Ծառայության 28012023 թվականի որոշմամբ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով՝ կատարողական թերթի պահանջը փաստացի կատարված է, կարճվել է Ծառայության Արագածոտնի և Արմավիրի մարզային բաժնի 16122022 թվականին վերսկսված թիվ 08104040 կատարողական վարույթը։

Վերաքննիչ դատարանը 07022024 թվականի որոշմամբ բեկանել է Դատարանի 11.11.2022 թվականի վճիռը և գործի վարույթն ամբողջությամբ կարճել է՝ գտնելով, որ կողմերի միջև վեճն ըստ էության սպառվել է։ Նշված եզրահանգումը Վերաքննիչ դատարանը հիմնավորել է նրանով, որ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված՝ կատարողական թերթի պահանջը փաստացի կատարված լինելու հիմքով Ծառայության 28.01.2023 թվականի որոշմամբ թիվ 08104040 կատարողական վարույթը կարճվել է։ Վերաքննիչ դատարանն արձանագրել է նաև, որ 17.01.2024 թվականին կայացած դատական նիստի ընթացքում հայցվորը հայտնել է, որ խնդրո առարկա հասցեում այլևս չի բնակվում, նշված հասցե մուտք գործելու հնարավորություն չունի, ինչի հիման վրա Վերաքննիչ դատարանը փաստել է, որ Ծառայության Արագածոտնի և Արմավիրի մարզային բաժնի պետի 23.09.2021 թվականի թիվ 6762 գրությունն այլևս հայցվորի համար չի առաջացնում իրավական հետևանք, իսկ այն գործողությունները, որոնցից վերջինս պահանջում էր, որ Ծառայությունը ձեռնպահ մնա, արդեն իսկ իրականացվել են, որպիսի պայմաններում կողմերի միջև վեճն ըստ էության սպառվել է։

Վճռաբեկ դատարանի գնահատմամբ տվյալ դեպքում վեճն ըստ էության սպառվելու իրադրության առաջացման հարցում պատասխանող վարչական մարմնի՝ Ծառայության գործողությունը որևէ ուղղակի ազդեցություն չի ունեցել, քանի որ այդ գործողությունը կատարվել է հայցվորի կողմից դրսևորված վարքագծի, մասնավորապես՝  խնդրո առարկա հասցեում այլևս չբնակվելու արդյունքում։ Այլ կերպ ասած՝ հայցվորի վարքագիծը բավարար է եղել Ծառայության կողմից օրենքով իր վրա դրված պարտականությունը կատարելու, տվյալ դեպքում կատարողական թերթի պահանջը փաստացի կատարված լինելու հիմքով կատարողական վարույթը կարճելու համար։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հայցվորի վերոգրյալ վարքագիծն ինքնին պատճառ կամ առիթ է հանդիսացել կատարողական թերթի պահանջը փաստացի կատարված լինելու հիմքով Ծառայության 28.01.2023 թվականի որոշմամբ թիվ 08104040 կատարողական վարույթը կարճելու համար, որը հանգեցրել է վեճն ըստ էության սպառվելու իրադրության առաջացմանը, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդ պարագայում վեճն ըստ էության սպառված լինելու հիմքով գործի վարույթը կարճելու դեպքում դատական ծախսը չէր կարող դրվել պատասխանողի վրա։

Նման պայմաններում կիրառման էր ենթակա ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված գործի վարույթը կարճելու դեպքում դատական ծախսերի հատուցման պարտականությունը հայցվորի վրա դնելու ընդհանուր կանոնը, քանի որ թեև տվյալ դեպքում գործի վարույթը կարճվել է վեճն ըստ էության սպառված լինելու հիմքով, այդուհանդերձ վեճն ըստ էության սպառվելու իրադրության առաջացման հարցում Ծառայության ակտիվ գործողությունները բացակայել են, իսկ թիվ 08104040 կատարողական վարույթը կարճելու մասին Ծառայության 28.01.2023 թվականի որոշման կայացման համար հիմք է հանդիսացել կատարողական թերթի պահանջը փաստացի կատարված լինելու հանգամանքը։ Հետևաբար, եթե սույն գործով երրորդ անձի կողմից կատարվել էր դատական ծախս՝ ներկայացուցչի վճարի գծով, ապա այդ ծախսի հատուցման հարցը պետք է լուծվեր ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ընդհանուր կանոնով, այլ ոչ թե՝ այդ կանոնից սահմանված բացառությամբ։

Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տվյալ դեպքում կատարողական թերթի պահանջը փաստացի կատարված լինելու պայմաններում կայացնելով կատարողական վարույթը կարճելու մասին որոշում՝ Ծառայությունը կատարել է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված իր պարտականությունը, համաձայն որի՝ հարկադիր կատարողը կատարողական վարույթը կարճում է, եթե կատարողական թերթը փաստացի կատարվել է կամ դրանից բխող պարտավորությունը դադարել է օրենքով սահմանված այլ հիմքով, որպիսի պարտականությունը կատարելու համար Ծառայության վրա չի կարող դրվել դատական ծախսերի հատուցման պարտականություն։

 

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 152-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը՝ դատական ծախսերի բաշխման մասով բեկանելու համար:

 

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը` հետևյալ հիմնավորմամբ.

Կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի վերոգրյալ հոդվածով ամրագրված` անձի արդար դատաքննության իրավունքի տարր: Հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը։

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դատական ակտը միայն դատական ծախսերի մասով բողոքարկվելու դեպքում բողոք բերող անձից պետական տուրք չի գանձվում:

Հաշվի առնելով, որ տվյալ դեպքում Ծառայությունը Վերաքննիչ դատարանի որոշումը բողոքարկել է միայն դատական ծախսի մասով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերոգրյալ իրավանորմի ուժով վճռաբեկ բողոք ներկայացնելու համար պետական տուրքի հարցը պետք է համարել լուծված:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 07022024 թվականի որոշումը մասնակիորեն՝ դատական ծախսի՝ ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից հօգուտ Սուրիկ Հովսեփյանի 100.000 ՀՀ դրամ բռնագանձելու մասով բեկանել և փոփոխել հետևյալ կերպ Ալվարդ Մելիքյանից հօգուտ Սուրիկ Հովսեփյանի բռնագանձել 100000 ՀՀ դրամ։

2  Պետական տուրքի հարցը համարել լուծված։

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

Նախագահող

Հ. Բեդևյան

Զեկուցող

Ռ. Հակոբյան

Ա. Թովմասյան

Ք. ՄԿՈՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 15 ապրիլի 2025 թվական: