ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ԲԴԽ-19-Ո-Կ-3 |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 14.03.2022 ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ ԲԴԽ-24-Ո-Կ-6 ՈՐՈՇՄԱՆ ՆՈՐ ԵՐԵՎԱՆ ԵԿԱԾ ՀԱՆԳԱՄԱՆՔԻ ՀԻՄՔՈՎ ՎԵՐԱՆԱՅԵԼՈՒ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ`
ՀԵՏԵՎՅԱԼ ԿԱԶՄՈՎ՝
նախագահությամբ՝ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ |
Ա. Աթաբեկյանի | ||
մասնակցությամբ՝ անդամներ
|
Ա. Դանիելյանի Կ. Թումանյանի Ե. Թումանյանցի Էդ. Հովհաննիսյանի Ք. ՄԿՈՅԱՆԻ | ||
քարտուղարությամբ՝ |
Ս. ԲԵՐԱԿՉՅԱՆԻ |
2025 թվականի ապրիլի 17-ին |
ք. Երևան |
գրավոր ընթացակարգով քննության առնելով Սիմա Իսկանդարյանի (այսուհետ նաև՝ Դիմող) կողմից 03.03.2025 թվականին ներկայացված «Բարձրագույն դատական խորհրդի՝ 14.03.2022 թվականի թիվ ԲԴԽ-24-Ո-Կ-6 որոշման՝ նոր երևան եկած հանգամանքներով վերանայման» վերաբերյալ դիմումը (այսուհետ նաև՝ Դիմում),
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի նախապատմությունը.
Արդարադատության նախարարի 02.02.2022 թվականի N 15-Ա որոշմամբ միջնորդություն է ներկայացվել Բարձրագույն դատական խորհուրդ (այսուհետ նաև՝ Խորհուրդ)՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սիմա Իսկանդարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ:
Խորհուրդը 14.03.2022 թվականի թիվ ԲԴԽ-24-Ո-Կ-6 որոշմամբ բավարարել է Արդարադատության նախարարի միջնորդությունը՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սիմա Իսկանդարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ և Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սիմա Իսկանդարյանի լիազորություններն էական կարգապահական խախտման հիմքով դադարեցվել են:
ՀՀ ոստիկանությունը 09.11.2021 թվականին հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ Դիմողի` Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 172.3-րդ հոդվածի հիմքով վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջի մասին:
ՀՀ վարչական դատարանը 26.10.2022 թվականի թիվ ՎԴ/12304/05/21 որոշմամբ ՀՀ ոստիկանության հայցն ընդդեմ Սիմա Իսկանդարյանի՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 172.3-րդ հոդվածի հիմքով վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջի մասին, մերժել է:
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանը 31.10.2024 թվականի որոշմամբ ՀՀ վարչական դատարանի 26.10.2022 թվականի թիվ ՎԴ/12304/05/21 գործով կայացված որոշումը թողել է անփոփոխ:
27.02.2025 թվականին առաքման հանձնված և 03.03.2025 թվականին ստացված Դիմումով Դիմողը Խորհրդին խնդրել է՝ Օրենսգրքի 157-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված կարգով վերանայել Խորհրդի 14.03.2022 թվականի թիվ ԲԴԽ-24-Ո-Կ-6 որոշումը:
Խորհրդի անդամ Մերի Համբարձումյանը 07.03.2025 թվականին կայացած նիստի ընթացքում ներկայացրել է ինքնաբացարկի միջնորդություն, որը բավարարվել է:
Կողմերը ծանուցվել են գրավոր կարգով Դիմումի քննության, ինքնաբացարկի ընդունման արդյունքում Խորհրդի կազմի մասին, ինչպես նաև Արդարադատության նախարարը ծանուցվել է Դիմումի պատասխան ներկայացնելու իրավունքի մասին:
Արդարադատության նախարարի կողմից 24.03.2025 թվականին ներկայացվել է պատասխան, որի պատճենն ուղարկվել է Դիմողին:
Գրավոր ընթացակարգով Դիմումի քննությունը շարունակվել է 07.04.2025 թվականին:
07.04.2025 թվականին Դիմողի կողմից ներկայացվել է Արդարադատության նախարարի պատասխանի վերաբերյալ առարկություն:
07.04.2025 թվականին Դիմումի քննությունն ավարտվել է:
17.04.2025 թվականին նշանակվել է որոշման կայացման օր:
2. Դիմողի դիրքորոշումը.
Դիմողը 03.03.2025 թվականին ներկայացրել է Դիմում Խորհրդին, որով մասնավորապես հայտնել է հետևյալը. «(…) 08.09.2021 թվականին Դատավորն իրեն սեփականության իրավունքով պատկանող տրանսպորտային միջոցով երթևեկել է Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Դ. Անհաղթի փողոցով։ Ժամը 21:00-ի սահմաններում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, միմյանց են բախվել Դատավորի և այլ անձի կողմից վարվող տրանսպորտային միջոցները։
Ճանապարհատրանսպորտային պատահարից հետո ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցների և Դատավորի միջև տեղի է ունեցել միջադեպ, որի արդյունքում պարեկային ծառայության աշխատակիցները ձերբակալել են Դատավորին և տեղափոխել ՀՀ ոստիկանության Քանաքեռ-Զեյթուն բաժին:
Անհայտ անձի կողմից միջադեպի առանձին հատվածներ տեսաձայնագրվել են:
Վերը նշված միջադեպի վերաբերյալ 09.09.2021թ.-ին Դատավորն անմիջապես զեկուցագիր է ներկայացրել Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանին և հայտնել նշված միջադեպի մասին՝ դատավորների անկախությունը երաշխավորող մարմնից ակնկալելով համապատասխան աջակցություն ոստիկանների կողմից իր հանդեպ դրսևորած ոչ պատշաճ և պարկեշտ վարքագծի կապակցությամբ:
Դատավորի՝ իր իսկ ներկայացված զեկուցագիրը Բարձրագույն դատական խորհուրդն օգտագործել է որպես առիթ՝ այն Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հանձնաժողով ուղարկելու համար։
Դատավորի զեկուցագրի հիման վրա Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հանձնաժողովի կողմից հարուցվել է թիվ Կ-15/2021 կարգապահական վարույթը։
Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հանձնաժողովի կողմից 22.11.2021թ.-ի որոշմամբ թիվ Կ-15/2021 կարգապահական վարույթը կարճվել է այն պատճառաբանությամբ, որ կարգապահական խախտման հիմքում դրված փաստերը հանդիսանում են դատական ստուգման առարկա ՀՀ ոստիկանության կողմից Սիմա Իսկանդարյանի դեմ ոստիկանի օրինական պահանջները չկատարելու և վերջիններիս վիրավորելու համար վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջով վարչական դատարանին ներկայացված հայցի շրջանակներում, իսկ այդ փաստերը գնահատելու բացառիկ իրավունքը Սահմանադրությամբ և օրենքով վերապահված է դատարանին, ինքնին նախապես հաստատված ուժ ունենալ չեն կարող և հետևաբար ոստիկանության ծառայողների բացատրություններում ներկայացված տեղեկությունները թերևս պետք է ստուգվեն դատական կարգով հիշյալ գործի շրջանակներում։ Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հանձնաժողովը գտել է, որ վկայակոչված փաստերը վերջնական ակտով հերքվելուց կամ հաստատվելուց հետո միայն հնարավոր կլինի գալ վերջնական եզրահանգման առ այն, որ առկա է Դատավորի կողմից թույլ տրված այնպիսի արարք, որով վարկաբեկվել է դատական իշխանությունը։ Այդ կապակցությամբ Հանձնաժողովն ընդգծել է, որ պատասխանատվության ենթարկելու միջնորդությամբ ԲԴԽ դիմելու մասին որոշումը չի կարող հիմնված լինել դեռ դատական կարգով պարզման ենթակա փաստերի վրա, այսինքն՝ պայմանավորվել վիճահարույց հանգամանքներով, հիմնված լինել՝ այնպիսի հավանական եզրակացությունների և դատողությունների վրա, որոնք դատական քննության արդյունքում կարող են հերքվել, ուստի առկա չէ Դատավորին վերագրված նման խախտման համար անհրաժեշտ փաստակազմի այնպիսի անվիճարկելի հիմք, որը բացառում է հակառակի ողջամիտ հավանականությունը:
Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հանձնաժողովի կողմից 22.11.2021թ.-ի որոշմամբ կարգապահական վարույթը կարճվելուց հետո Սիմա Իսկանդարյանը ստացել է ՀՀ արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Քրիստինե Գրիգորյանի 23.12.2021թ.-ի կարգապահական վարույթ հարուցելու մասին թիվ 97-Ա որոշումը, որի փաստական հիմք են հանդիսացել Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հանձնաժողով կողմից քննված և արդեն իսկ լուծում ստացած՝ վերը հիշատակված փաստական հանգամանքները:
Արդարադատության նախարարի 02.02.2022 թվականի N 15-Ա որոշմամբ միջնորդություն է ներկայացվել Բարձրագույն դատական խորհուրդ` Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ։ Կարգապահական վարույթին կից ներկայացվել է 08.09.2021 թվականին Դատավորի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի տեսաձայնագրությունը։
Բարձրագույն դատական խորհրդում 03.03.2022 թվականին՝ տեղի ունեցած նիստում Դատավորի ներկայացուցիչները ներկայացրել են կարգապահական վարույթը կասեցնելու վերաբերյալ միջնորդություն՝ պատճառաբանելով, որ ՀՀ վարչական դատարանում է քննվում ՀՀ ոստիկանության 09.11.2021 թվականի հայցն ընդդեմ Սիմա Իսկանդարյանի՝ ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 172.3-րդ հոդվածի հիմքով վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջի մասին (գործ թիվ ՎԴ/12304/05/21), և այնքանով որքանով դեռևս քննվող գործի միևնույն փաստական հանգամանքներն են դրված դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ ՀՀ արդարադատության նախարարության կողմից հարուցված միջնորդության հիմքում, հետևապես անհրաժեշտ է կասեցնել կարգապահական վարույթի քննությունը՝ մինչև դատական կարգով պարզման ենթակա փաստերի հաստատումը կամ հերքումը։
Վերոհիշյալ միջնորդությունը նույն նիստում մերժվել է արձանագրային որոշմամբ։
14.03.2022 թվականի Բարձրագույն Դատական Խորհրդի ԲԴԽ-24-Ո-Կ-6 որոշմամբ (այսուհետ՝ Որոշում) Դատավորի լիազորությունները դադարեցվել են։
Ուսումնասիրելով գործի նյութերում առկա տեսագրությունը՝ Խորհուրդը Դատավորի լիազորությունները դադարեցրել է՝ հիմք ընդունելով երկու փաստական հանգամանք. առաջինը՝ ոստիկանության ծառայողին վիրավորելը, իսկ երկրորդը՝ ոստիկանության ծառայողի օրինական պահանջներին չենթարկվելը: Բարձրագույն դատական խորհուրդը, մասնավորապես, նշել է՝ «Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է, որ Դատավորը քննարկվող միջադեպի ընթացքում չի ենթարկվել ոստիկանության ծառայողի պահանջներին՝ կասկածի տակ դնելով դրանց օրինականությունն այն պայմաններում, երբ ոստիկանի կողմից հասարակական կարգի պահպանությանն ուղղված պահանջի նկատմամբ գործում է դրա օրինական լինելու կանխավարկածը: Միաժամանակ Դատավորի նման վարքագիծը զուգորդվել է ոստիկանի նկատմամբ անպարկեշտ արտահայտություններ անելով, ինչպիսի վարքագիծը հասարակության կողմից չի կարող ընկալվել որպես իրավիճակի օբյեկտիվ գնահատականի արտահայտում, առավել ևս դատավորի բարձր կարգավիճակին հարիր վարքագիծ»:
Վարչական դատարանի 26.10.2022 թվականի թիվ ՎԴ/12304/05/21 որոշմամբ ՀՀ ոստիկանության հայցն ընդդեմ Սիմա Իսկանդարյանի` Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 172.3-րդ հոդվածի հիմքով վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջի մասին, մերժվել է։
ՎԴ/12304/05/21 որոշմամբ Դատարանը թույլատրելի չի համարվել Ոստիկանության կողմից ներկայացված այն տեսանյութը, որի միջոցով ԲԴԽ-ն հիմնավորել էր վիրավորանքը, իսկ ոստիկանության ծառայողի օրինական պահանջին չենթարկվելու մասով՝ հայցվորի ներկայացուցիչները ընդունել են, որ ո՛չ 08.09.2021 թվականին, ո՛չ դրանից հետո չի կազմվել վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն:
ՀՀ ոստիկանության կողմից ներկայացվել է վերաքննիչ բողոք, որը մերժվել է 31.10.2024 թվականի որոշմամբ:
Վերը նշված որոշման դեմ ՀՀ ոստիկանության կողմից վճռաբեկ բողոք չի ներկայացվել, որոշումը մտել է օրինական ուժի մեջ։
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանն իր որոշմամբ նշել է՝ «միաժամանակ, Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ գործի նյութերում առկա է էլեկտրոնային կրիչ տեսաձայնագրությամբ /1-ին հատոր, գ. թ. 105/, որը Դատարանը համարել է անթույլատրելի ապացույց՝ բողոքարկված դատական ակտով հիմնավորելով դրա անթույլատրելիությունը: Այս մասով ուշագրավ է, որ վերաքննիչ բողոքով հայցվոր կողմը չի ներկայացրել իր առարկությունները նշյալ տեսաձայնագրության անթույլատրելի հանդիսանալու մասով, ըստ այդմ, Վերաքննիչ դատարանը, հիմք ընդունելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 144-րդ հոդվածի 1-ին մասը, այլևս չի անդրադառնում նշյալ հիմնահարցին»: Վերաքննիչ վարչական դատարանը նաև նշել է՝ «վերը նշյալ ամբողջական դիտարկումների ծանրության ներքո անմիջականորեն գնահատելով գործում առկա բոլոր ապացույցները՝ ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ պատասխանողի կողմից Ոստիկանության ծառայողին հրապարակայնորեն վիրավորելը՝ կապված նրա կողմից հասարակական կարգի պահպանության և հասարակական անվտանգության ապահովման պարտականությունները կատարելու հետ, մնում է վիճելի, որի բացասական հետևանքները պետք է կրի հայցվորը, որպիսի պարագայում, առկա չեն հիմքեր պատասխանող Սիմա Իսկանդարյանին Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 172.3-րդ հոդվածով նախատեսված իրավախախտում կատարելու համար վարչական պատասխանատվության ենթարկելու համար»:
2.Դիմումի հիմքերը և հիմնավորումները.
1. «ՀՀ Դատական օրենսգիրք» Սահմանադրական օրենքի 157-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Բարձրագույն դատական խորհուրդն իրավունք ունի վերանայելու դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի մասին իր որոշումը նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով։
2. Նույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ Նոր երևան եկած հանգամանքները հիմք են Բարձրագույն դատական խորհրդի դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի մասին որոշման վերանայման համար, եթե այն վերանայելու դիմում ներկայացրած անձն ապացուցում է, որ այդ հանգամանքները գոյություն են ունեցել կարգապահական վարույթի ընթացքում, հայտնի չեն եղել և չէին կարող հայտնի լինել միջնորդություն ներկայացրած անձին ու Բարձրագույն դատական խորհրդին, և այդ հանգամանքները կարգապահական վարույթի համար ունեն էական նշանակություն:
3. Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ Նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով վերանայման միջնորդություն կարող է բերվել սույն հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով սահմանված հիմքերի ի հայտ գալու պահից 3 ամսվա ընթացքում, եթե Բարձրագույն դատական խորհրդի որոշումն ուժի մեջ մտնելուց հետո չի անցել 20 տարի: Դատավորը վերանայման միջնորդությունը կարող է ներկայացնել նաև Բարձրագույն դատական խորհրդի որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից 20 տարին լրանալուց հետո:
4. Վարչական դատավարության օրենսգրքի 127-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Սույն օրենսգրքի 145-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված, ինչպես նաև 145-րդ հոդվածի 1-ին մասի 2-4-րդ կետերով նախատեսված` բողոքարկված և չբեկանված մասով դատական ակտը անփոփոխ թողնելու դեպքերում վարչական դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտն (համապատասխան մասը) օրինական ուժի մեջ է մտնում վերաքննիչ դատարանի՝ գործն ըստ էության լուծող դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելու պահից։
5. Հաշվի առնելով վերոհիշյալ կարգավորումները` պետք է նշենք, որ սույն դիմումը ներկայացնելու հիմք են հանդիսացել թիվ ՎԴ/12304/05/21 գործով Վարչական և Վերաքննիչ դատարանների որոշումները։
6. Թիվ ՎԴ/12304/05/21 գործով Վերաքննիչ դատարանի որոշումը Դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակվել է 01.11.2024 թվականին, և օրինական ուժի մեջ է մտել 03.12.2024 թվականին։
7. Վերոհիշյալ որոշումներով Վարչական և Վերաքննիչ դատարանները ճանաչել են մարդու իրավունքների խախտումներով ձեռք բերված ապացույցի անթույլատրելիությունը և արձանագրել են, որ առկա չեն հիմքեր Սիմա Իսկանդարյանին ոստիկանի օրինական պահանջին չենթարկվելու համար վարչական պատասխանատվության ենթարկելու համար։
i. ԲԴԽ-24-Ո-Կ-6 որոշման հիմքում դրված տեսաձայնագրությունը Վարչական և վերաքննիչ վարչական դատարանների կողմից ճանաչվել է անթույլատրելի ապացույց, որպիսի պարագայում ԲԴԽ-24-Ո-Կ-6 որոշման վերանայման միջոցով դրա հիմքում դրված ապացույցների շարքից պետք է դուրս հանվի տեսաձայնագրությունը:
8. «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի համաձայն՝ Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցով Բարձրագույն դատական խորհրդի որոշման ներածական մասում նշվում են՝ այն ապացույցները, որոնց վրա հիմնված են Բարձրագույն դատական խորհրդի հետևությունները, ինչպես նաև այս կամ այն ապացույցն անարժանահավատ համարելու փաստարկները:
9. Սույն դեպքում Բարձրագույն դատական խորհուրդը, ղեկավարվելով Վարչական դատավարության օրենսգրքի կարգավորումներով, դատավորին վերագրվող արարքները, այն է՝ ոստիկանության ծառայողին վիրավորելը և ոստիկանության ծառայողի օրինական պահանջներին չենթարկվելը, հիմնավորել է անհայտ անձի կողմից արված տեսաձայնագրությամբ՝ դատավորի ներկայացուցչի կողմից բարձրացված հարցերը ապացույցն անթույլատրելի ճանաչելու դիտանկյունից համարելով ոչ էական: Ընդ որում, Խորհուրդն ապացույցի թույլատրելիությունը գնահատել է Վարչական դատավարության օրենսգրքի 26-րդ հոդվածի կարգավորումների շրջանակներում`1 նշելով. «Վկայակոչված իրավական կարգավորումից հետևում է, որ ապացույցի թույլատրելիությունն ապացույցի պիտանի լինելն է աղբյուրների, տեղեկությունների ստացման մեթոդների և հնարքների օրինականության տեսակետից: Ըստ էության ապացույցների թույլատրելիության կանոնների էությունը նրանում է, որ որպես ապացույց կարող են օգտագործվել այն տվյալները, որոնք համապատասխանում են օրենքի պահանջներին: Հաջորդիվ օրենսդիրը սահմանել է նաև ապացույցի անթույլատրելիության հաջորդ կանոնը, որի էությունը հանգում է հիմնական իրավունքների խախտմամբ ձեռք բերված ապացույցի օգտագործման արգելքին»։ Հաջորդիվ մեջբերելով «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածը՝ Խորհուրդը եզրակացրել է՝ «Վկայակոչված իրավական կարգավորումից հետևում է, որ ծառայողական պարտականությունների իրականացման ընթացքում ոստիկանության ծառայողն իրավունք ունի իրականացնելու տեսանկարահանում։ Բարձրագույն դատական խորհուրդը հարկ է համարում նշել, որ ի տարբերություն դատական վարույթների, Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վարույթի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ այս վարույթում ապացույցներն ընդամենը տեղեկություններ են պարունակում որոշակի արարքի կատարման, բնույթի, ծավալի և այլնի վերաբերյալ, հետևաբար, եթե ապացույցի բովանդակությունն ինքնին կասկածի տակ չի առնվում շահագրգիռ անձի կողմից, ապա, ըստ էության, երկրորդական են դառնում դրա ձեռքբերման հատկանիշները: Այսինքն, եթե նույնիսկ ապացույցը ձեռք է բերվել օրենքի խախտմամբ, ապա միևնույն է, կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար հիմք հանդիսացող վարքագիծ թույլ տրված լինելու փաստը շարունակում է գոյություն ունենալ, քանի որ Դատավորը չի վիճարկում տեսագրության բովանդակության իսկությունը, կասկածի տակ չի առնում իր մասնակցությունը տեսագրությամբ ամփոփված միջադեպին2։ Ուստի նշվածի հաշվառմամբ, Բարձրագույն դատական խորհուրդը գտնում է, որ Դատավորի ներկայացուցչի կողմից բարձրացված հարցերը չեն կարող էական համարվել սույն վարույթի շրջանակներում ապացույցն անթույլատրելի ճանաչելու համար»։
10. Մինչդեռ, Բարձրագույն դատական խորհրդի կարգապահական գործընթացին զուգահեռ իրականացված վարչական պատասխանատվության վերաբերյալ վարույթի շրջանակում ևս քննարկման առարկա է դարձել տեսաձայնագրության՝ որպես ապացույցի թույլատրելիությունը՝ կրկին ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի կարգավորումների լույսի ներքո:
11. Վարչական դատարանը այդ կապակցությամբ նշել է, «Դատարանը, հիմք ընդունելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 26-րդ հոդվածի 3-րդ մասը, Ոստիկանության կողմից ներկայացված տեսանյութը, որն առկա է նաև սույն գործով ներկայացված ծառայողական քննության նյութերում, թույլատրելի չի համարել՝ հիմք ընդունելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` ՄԻԵԴ) նախադեպային դիրքորոշումները (տե՛ս օրինակ P. G. և J. H. ընդդեմ Միացյալ Թագավորության գործով ՄԻԵԴ 25.09.2001 թվականի վճիռը, գանգատ 44787/98, Բարբուլեսկուն ընդդեմ Ռումինիայի գործով ՄԻԵԴ 28.10.1999 թվականի վճիռը, գանգատ թիվ 28342/95, Կարին Կեպկեն ընդդեմ Գերմանիայի գործով ՄԻԵԴ 05.10.2010 թվականի վճիռը, գանգատ թիվ 420/07, Անտովիչը և Միրկովիչն ընդդեմ Մոնտենեգրոյի գործով ՄԻԵԴ 28.11.2017 թվականի վճիռը, գանգատ թիվ 70838/13), այն հաշվառմամբ, որ պարզ չէ դրա ծագման աղբյուրը, հետևաբար նաև հնարավոր չէ պարզել տեսագրման նպատակի իրավաչափությունը, համաչափությունը, տեսանկարահանվողի համար ողջամտորեն կանխատեսելիությունը, (այն դեպքում, երբ պատասխանողի ներկայացուցիչը դատական նիստով առարկեց տեսանյութը որպես ապացույց ընդունելու միջնորդության դեմ), չարաշահման դեմ բավարար երաշխիքների առկայությունը»: Այսինքն՝ Վարչական դատարանը, հիմք ընդունելով հենց Բարձրագույն Դատական Խորհրդի կողմից կիրառված ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 26-րդ հոդվածի 3-րդ մասը, համաձայն որի` հիմնական իրավունքների խախտմամբ ձեռք բերված կամ արդար դատաքննության իրավունքը խաթարող ապացույցների օգտագործումն արգելվում է։ Դրանք ապացուցողական ուժ չունեն և չեն կարող դրվել դատական ակտի հիմքում, տեսաձայնագրությունը համարել է ոչ թույլատրելի ապացույց։
12. Վարչական դատարանի կողմից տեսաձայնագրության անթույլատրելիության ճանաչումը բացառում է այնպիսի դատական ակտերի գոյությունն ու իրավաբանական ուժը, որոնք հիմնված են այդ անթույլատրելի ապացույցի վրա։ Հակառակ պարագայում կխարխլվի իրավական անվտանգությունը և կխախտվի օրինական ուժի մեջ մտած դատական ակտի կայունության և պարտադիրության սկզբունքը, որին անդրադարձել է նաև ՀՀ Սահմանադրական դատարանն իր ՍԴՈ-754 որոշմամբ՝ նշելով. «Միջազգային իրավունքում հայտնի սկզբունքը՝ «Դատարանը կրկին չի որոշի արդեն որոշված գործը» (res judicata), ամրագրված է ինչպես միջազգային դատական մարմինների հիմնադիր փաստաթղթերում, այնպես էլ մի շարք պետությունների՝ քրեական և քաղաքացիական արդարադատության վերաբերյալ օրենսդրության մեջ: Այս սկզբունքը ենթադրում է, որ դատական գործով ընդունված վերջնական որոշումը որպես իրավական որոշակիության արդյունք ենթակա է հարգանքի»:
13. Այս առնչությամբ հարկ է նկատի ունենալ, որ վերանայման վարույթների միջոցով ներդաշնակեցվում են ներպետական դատարանների հակասական իրավական դիրքորոշումներ: ՄԻԵԴ-ը ներպետական դատարանների հակասական որոշումների պայմաններում քննարկում է արդար դատաքննության իրավունքի խախտման առկայությանը, եթե առկա են «խորքային և կայուն անհամապատասխանություններ», և օրենսդրությունը կամ չի նախատեսում այդ անհամապատասխանությունները վերացնելու մեխանիզմներ, կամ առկա մեխանիզմները չեն կիրառվել (տես՝ lordan Iordanov և ուրիշներ ընդդեմ Բուլղարիայի, թիվ 23530/02, §§ 49-50, 2 հուլիսի 2009 թ. Stefanică և ուրիշներ ընդդեմ Ռումինիայի, թիվ 38155/02, § 36, 2 նոյեմբերի 2010թ.)։ Եվրոպական դատարանի գնահատման հիմքում մշտապես ընկած է իրավական որոշակիության սկզբունքը, որը նպատակ ունի ապահովելու իրավական կայունությունը և ամրապնդելու հանրային վստահությունը արդարադատության համակարգի նկատմամբ։ Դատական ակտերի կայուն հակասությունը կարող է հանգեցնել իրավական անորոշության, որը կարող է նվազեցնել հանրային վստահությունը դատական համակարգի նկատմամբ, այն դեպքում, երբ այդ վստահությունը հանդիսանում է իրավունքի գերակայության հիմնական բաղադրիչներից մեկը (տես՝ Paduraru ընդդեմ Ռումինիայի, թիվ 63252/00, § 98, ԵԴԱ 2005-XII (հատվածներ), Vinčić և ուրիշներ ընդդեմ Սերբիայի, թիվ 44698/06 և այլք, § 56, 1 դեկտեմբերի 2009 թ., Stefan և Stef, վերը նշված, § 33, և Stefanică և ուրիշներ, վերը նշված, § 38)։
14. Ակսիսը և այլոք ընդդեմ Թուրքիայի գործով Եվրոպական դատարանը գտել է, որ դիմումատուների բողոքի հիմնական էությունը հենց այն է, որ Վճռաբեկ դատարանի 4-րդ և 13-րդ քաղաքացիական պալատները տարբեր կերպ են որակել 1999 թվականի օգոստոսի 17-ի երկրաշարժի հետևանքով պատճառված վնասների փոխհատուցման պահանջները և տարակերպ են հաշվարկել վաղեմության ժամկետները։
Դիմումատուների հայցը մերժվել է, քանի որ այն քննվել էր Վճռաբեկ դատարանի 13-րդ քաղաքացիական պալատի կողմից, որը վեճը որակել էր որպես պայմանագրային, իսկ տասնամյա վաղեմության ժամկետը հաշվարկել էր շինարարական աշխատանքների ավարտից։ Մինչդեռ նման գործերով 4-րդ քաղաքացիական պալատը հայցերը դիտարկել է որպես արտապայմանագրային պատասխանատվության պահանջներ և հաշվարկել վաղեմության ժամկետը երկրաշարժի օրվանից (տես § 54)։ Եվրոպական դատարանը նաև նկատել է, որ դիմումատուների՝ դատական պրակտիկայի ներդաշնակեցման վերաբերյալ դիմումը վարույթի չի ընդունվել Վճռաբեկ դատարանի կողմից, որպիսի պարագայում դատարանն արձանագրել է Կոնվենցիայի 6-րդ հոդվածի խախտում։
ii. Վարչական և վերաքննիչ վարչական դատարանները, արձանագրել են, որ առկա չեն հիմքեր Սիմա Իսկանդարյանին ոստիկանի օրինական պահանջին չենթարկվելու համար վարչական պատասխանատվության ենթարկելու համար:
15. Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածի համաձայն՝ հասարակական կարգի պահպանության, հասարակական անվտանգության ապահովման, օբյեկտների պահպանության պարտականությունները կատարելու ընթացքում ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով։
16. Այսինքն, ոստիկանության ծառայողի օրինական պահանջին չենթարկվելը վարչական զանցանք է, որի կատարումը կարող է հիմնավորվել բացառապես վարչական օրենսդրությամբ նախատեսված կարգով՝ վարչական դատարանի դատական ակտով։ Սա նաև նշանակում է, որ միայն նշված զանցանքի՝ սահմանված ընթացակարգերով հաստատումից հետո կարող են վրա հասնել բացասական հետևանքներ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու համար։
17. Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ Վարչական դատարանները քննում են` սույն օրենսգրքի 41.5, 147, 172.3 հոդվածներով, 1801, 182, 1831, 1892-1896, 189.9, 189.25, 189.26-189.28 հոդվածներով, 1982 հոդվածի չորրորդ մասով և 206.16-րդ հոդվածով նախատեսված դեպքերում` վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմելու իրավասություն ունեցող պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների (պաշտոնատար անձանց) հայցադիմումով։
18. Այդ առնչությամբ Վարչական դատարանը նշել է. «Այսպես, ՀՀ վարչական դատարանի՝ թիվ ՎԴ/12388/05/21 վարչական գործով օրինական ուժի մեջ մտած 03.03.2022 թվականի վճռով անվավեր է ճանաչվել 08.09.2021 թվականի թիվ 8180018458 որոշումը, որով Սիմա Իսկանդարյանը վարչական պատասխանատվության էր ենթարկվել տրանսպորտային միջոցը ոչ սթափ վիճակում վարելու համար՝ մեկ լիտր արյան մեջ ալկոհոլի պարունակությունը 0.560 մլ քանակով պայմանավորված, մինչդեռ վարչական դատարանը փաստել է, որ առկա չէ որևէ ապացույց առ այն, որ Սիմա Իսկանդարյանն անցել է զննություն՝ արյան հետազոտության միջոցով։
Բացի դա, նշված զեկուցագրում և բացատրություններով փաստվել է, որ Սիմա Իսկանդարյանը չի ենթարկվել ոստիկանի օրինական պահանջին, մինչդեռ սույն գործով հայցվորի ներկայացուցիչն ընդունեց, որ ո՛չ 08.09.2021 թվականին, ո՛չ դրանից հետո չի կազմել վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու փաստի կապակցությամբ, թեև իրավական պետությունում վարչական իրավախախտման գործով արձանագրություն կազմող վարչական մարմինը պարտավոր է իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում արձագանքելու վարչական իրավախախտման փաստին։
Վերոգրյալի հիման վրա Դատարանը փաստում է, որ Ղ. Գրիգորյանի 08.09.2021 թվականի զեկուցագրի, ինչպես նաև նույն օրը Ղ. Գրիգորյանի և Ս. Մարուքյանի բացատրությունների` որպես ապացույց արժանահավատությունը խնդրահարույց է, և Դատարանի կողմից վերը նշված փաստարկները որևէ ապացույցներով չեն հերքվում, կասկածները չեն փարատվում»:
19. Հարկ է նկատել, որ նույնիսկ վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրության առկայության պայմաններում՝ նշված արձանագրությունը չէր կարող համարվել որպես ապացույց։ Այսպես՝ սույն գործով Վերաքննիչ դատարանը արձանագրել է՝ «...Վերաքննիչ դատարանը փաստում է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 2-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական դատավարության կարգը սահմանվում է սույն օրենսգրքով և «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով, իսկ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում՝ նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով։
Իսկ նույն օրենսգրքի 216-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով վարչական պատասխանատվության ենթարկելու մասին գործերով վարչական իրավախախտման մասին արձանագրություն կազմելու կամ հայցադիմումի համար հիմք ծառայած հանգամանքների ապացուցման բեռը չի կարող դրվել այն անձի վրա, որի գործողությունների վերաբերյալ կազմվել է համապատասխան արձանագրությունը: Արձանագրությունը ինքնին ապացույց չէ:
Այսպիսով՝ ստեղծված իրողության պարագայում կիրառման ենթակա են ոչ թե Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 251-րդ հոդվածում զետեղված իրավական կարգավորումները, այլ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում ամրագրված դրույթները: Իսկ վերը ներկայացված իրավական դրույթների վերլուծությունից անմիջականորեն բխում է, որ դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ գործերի վարույթի շրջանակներում վարչական իրավախախտման մասին արձանագրություն կազմելու համար հիմք ծառայած հանգամանքների ապացուցման բեռը կրում է վարչական մարմինը։ Ավելին, քննարկվող դեպքում օրենսդիրն արձանագրությունն ինքնին ապացույց չի դիտարկել»:
20. Հատկանշական է նաև այն, որ գործի քննության ընթացքում, պատասխանելով օրինական պահանջին չենթարկվելու հարցին, Վարույթ հարուցած մարմինը նշել է, մեջբերում ենք, - այդ և Ձեր կողմից թվարկված նախորդիվ մի քանի այլ ձևակերպումներ միջնորդությունում ընդգրկված, դրանք առերևույթ որպես այդպիսին գոյություն ունենալու մակարդակում են նկարագրված որպես փաստական տվյալներ, որոնք հայտնի են դարձել գործի նյութերից, սակայն դրանք միջնորդության հիմքում դրված չեն, այսինքն առերևույթ վիրավորական արտահայտությունն է դրված միջնորդության հիմքում (10.03.2022 թվականի նիստից)։
21. Ուստի, սույն իրավիճակում, թեև ոստիկանության ծառայողի օրինական պահանջներին չենթարկվելու հանգամանքը կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդության հիմքում դրված չի եղել, սակայն ԲԴԽ-ն իր որոշման հիմքում դրել է նաև այդ արարքը՝ դրա կատարումը հաստատված համարելով՝ նախքան օրենքով սահմանված ընթացակարգերով Դատավորին վերագրվող` ոստիկանության ծառայողի օրինական պահանջներին չենթարկվելու արարքի պարզումը։
22. Հաշվի առնելով ՎԴ/12304/05/21 գործով Վարչական և Վերաքննիչ վարչական դատարանների որոշումները, որոնք հերքում են Դատավորի կողմից ոստիկանության ծառայողի օրինական պահանջներին չենթարկվելու զանցանքի առկայությունը, ԲԴԽ-24- Ո-Կ-6 որոշումը ենթակա է վերանայման նոր երևան եկած հանգամանքի ուժով:
3.Դիմումի իրավապայմանները
23. «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ նոր երևան եկած հանգամանքները հիմք են Բարձրագույն դատական խորհրդի դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի մասին որոշման վերանայման համար, եթե` այն վերանայելու դիմում ներկայացրած անձն ապացուցում է, որ այդ հանգամանքները գոյություն են ունեցել կարգապահական վարույթի ընթացքում, հայտնի չեն եղել և չէին կարող հայտնի լինել միջնորդություն ներկայացրած անձին ու Բարձրագույն դատական խորհրդին, և այդ հանգամանքները կարգապահական վարույթի համար ունեն էական նշանակություն:
24. Օրենսդիրը սույն հոդվածով առանձնացրել է այն իրավապայմանները, որոնց առկայության պայմաններում իրավասու անձանց կողմից ներկայացված հանգամանքները կարող են համարվել «նոր երևան եկած», դրանք են.
- այդ հանգամանքները գոյություն են ունեցել կարգապահական վարույթի ընթացքում,
- այդ հանգամանքները հայտնի չեն եղել և չէին կարող հայտնի լինել միջնորդություն ներկայացրած անձին ու Բարձրագույն դատական խորհրդին,
- այդ հանգամանքները կարգապահական վարույթի համար ունեն էական նշանակություն։
25. ԲԴԽ-24-Ո-Կ-6 որոշման վերանայման՝ նոր երևան եկած երկու ինքնուրույն հանգամանքներն են.
1. հիմնական իրավունքների խախտմամբ ձեռք բերված ապացույցի օգտագործումը;
2. ոստիկանի օրինական պահանջին չենթարկվելու համար վարչական պատասխանատվության հիմքերի բացակայության պայմաններում՝ կարգապահական վարույթի շրջանակում այդ արարքի վերագրելիությունը դատավորին։
26. Նշված հանգամանքները գոյություն են ունեցել կարգապահական վարույթի ընթացքում, սակայն հայտնի չեն եղել և չէին կարող հայտնի լինել Դատավորին ու Բարձրագույն դատական խորհրդին այն պատճառով, որ այդ հանգամանքները հաստատվել են միայն Վարչական և Վերաքննիչ վարչական դատարանների կողմից։
27. Դիմումում ներկայացված հանգամանքներն էական նշանակություն ունեն կարգապահական վարույթի համար, քանի որ ՎԴ/12304/05/21 գործով Վարչական և Վերաքննիչ վարչական դատարանների որոշումներով անթույլատրելի ճանաչված տեսաձայնագրությունը ԲԴԽ-24-Ո-Կ-6 որոշման հիմքում դրված միակ ապացույցն է, հետևապես կանխորոշում է կարգապահական վարույթի ելքը։ Նույն կերպ, ոստիկանի օրինական պահանջին չենթարկվելու համար վարչական պատասխանատվության հիմքերի բացակայության դատական արձանագրումը բացառում է նշված ենթադրյալ արարքի համար որևէ, այդ թվում՝ կարգապահական հետևանքի առաջացումը։
Ելնելով վերոգրյալից, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Սահմանադրական օրենքի 157-րդ հոդվածի 5-րդ մասով, խնդրում ենք՝ 14.03.2022 թվականի թիվ ԲԴԽ-24-Ո-Կ-6 որոշումը նոր երևան եկած հանգամանքներով վերանայել (...):»:
Դիմողը 07.04.2025 թվականին ներկայացրել է Արդարադատության նախարարի պատասխանի վերաբերյալ դիրքորոշում, հայտնելով հետևյալը.«21.03.2025 թվականին ներկայացված դիմումի պատասխանով Արդարադատության նախարարը (այսուհետ՝ Նախարար) հանգել է այն հետևությանը, որ վարչական պատասխանատվության ենթարկելու գործով միևնույն ապացույցի վերաբերյալ Վարչական դատարանի կողմից տրված գնահատականը չի կարող հիմք հանդիսանալ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ որոշումը նոր երևան եկած հանգամանքի հիմքով վերանայելու համար։
Ուստի, սույն դիրքորոշմամբ ցանկանում ենք անդրադառնալ նախարարի կողմից ներկայացված դիմումի պատասխանի հիմքերին և հիմնավորումներին:
Արդյո՞ք կարգապահական վարույթի հարուցման և իրականացման հետագա գործընթացները կարգավորվում են բացառապես ՀՀ Դատական օրենսգիրք սահմանադրական օրենքով:
Իր հիմնավորումներում Նախարարը նշել է՝ «Միաժամանակ անհրաժեշտ է հաշվի առնել, որ կարգապահական վարույթի հարուցման և իրականացման հետագա գործընթացը կարգավորվում է բացառապես Օրենսգրքով: Ընդ որում, Օրենսգրքի համալիր ուսումնասիրության արդյունքում պետք է փաստել, որ օրենսդիրը չի հատկորոշել դատավորի կողմից թույլ տրված խախտման վերաբերյալ ձեռքբերված ապացույցների թույլատրելության կամ արժանահավատության կանոններ, սակայն անդրադարձել է ապացույցների ստացման եղանակներին, որպիսի պարագայում կարելի է եզրահանգել, որ Օրենսգրքով դրանց կարգավորված չլինելը պայմանավորված է եղել դատավորի կողմից թույլ տրված խախտումը հիմնավորելու համար ավելի ցածր ապացուցողական շեմ սահմանելով՝ սահմանափակվելով միայն ներկայացված ապացույցների վերաբերելիության և իսկության ստուգմամբ (...)»:
Վերոգրյալի հետ կապված հարկ է նկատել, որ Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի աշխատակարգը հաստատելու մասին ԲԴԽ-68-Ն-15 որոշման Հավելված 1-ի 93-րդ կետի համաձայն` կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննության փուլում Խորհուրդը, որպես դատարան գործելիս, ղեկավարվում է Օրենքով, իսկ այն դեպքում, երբ կոնկրետ դատավարական գործընթացը կարգավորված չէ Օրենքով՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի նորմերով։
Այսինքն, Խորհուրդը հենց ինքն է ընտրել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի նորմերը որպես կիրառելի օրենք` դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելիս: Ուստի, Ապացույցի վերաբերելիության և թույլատրելիության հարցը որոշելիս Խորհուրդը պետք է շարժվի ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի նորմերով։ Ըստ այդմ, Վարչական դատարանի և Բարձրագույն դատական խորհրդի կողմից միևնույն դատավարական նորմերին ենթարկվելու պայմաններում խոսք չի կարող գնալ ապացույցի ավելի ցածր շեմ սահմանված լինելու մասին:
Հետևաբար, նախարարի այն պնդումը, ըստ որի վարույթի հարուցման և իրականացման հետագա գործընթացը կարգավորվում է բացառապես «ՀՀ Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով, և որ օրենսդիրը չի սահմանել դատավորի կողմից թույլ տրված խախտման վերաբերյալ ձեռքբերված ապացույցների թույլատրելիության կամ արժանահավատության կանոններ, հակասում է ԲԴԽ-68-Ն-15 որոշման Հավելված 1-ի 93-րդ կետին:
Արդյո՞ք միայն օրինական ուժի մեջ մտած արդարացման կամ մեղադրական դատավճիռն է պարտադիր Բարձրագույն դատական խորհրդի համար կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը քննելիս:
Հաջորդիվ մեջբերելով Դատական օրենսգրքի 150-րդ հոդվածի 4-րդ մասը՝ Նախարարը նշել է «Հարկ է նշել նաև, որ Օրենսգրքի համալիր ուսումնասիրությունից հետևում է, որ միայն Օրենսգրքի 150-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված՝ օրինական ուժի մեջ մտած արդարացման կամ մեղադրական դատավճիռն է պարտադիր Բարձրագույն դատական խորհրդի համար կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը քննելիս, այսինքն՝ նույնիսկ քաղաքացիական և վարչական դատավարության կարգով օրինական ուժի մեջ մտած դատական ակտերով հաստատված փաստերին օրենսդիրը նշանակություն չի տվել և նախադատելի չի համարել Բարձրագույն դատական խորհրդում քննվող կարգապահական պատասխանատվության ենթարկելու գործի համար»։
Սույն իրավիճակում անհրաժեշտ է նկատել, որ «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքին տրվել է սխալ մեկնաբանություն։
Այսպես՝ նշված հոդվածի համաձայն՝ Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննությունը Բարձրագույն դատական խորհուրդը կարճում է, եթե կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննությունը վերսկսելուց հետո առկա են սույն օրենսգրքի 160-րդ հոդվածով նախատեսված դատավորի լիազորությունների դադարման հիմքեր։ Օրինական ուժի մեջ մտած արդարացման կամ մեղադրական դատավճիռը կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը քննելիս պարտադիր է Բարձրագույն դատական խորհրդի համար միայն այն փաստերով, որոնցով հաստատված են որոշակի գործողությունների կատարումը և դրանք կատարած անձինք:
Սույն հոդվածը անհրաժեշտ է մեկնաբանել օրենսգրքի 160-րդ հոդվածի համատեքստում, որով սահմանված են դատավորի լիազորությունների դադարման հիմքերը: Այսինքն՝ տվյալ իրավիճակում խոսքը գնում է դատավորի լիազորությունների դադարման հիմքով կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննությունը կարճելու մասին, իսկ «դատավորի լիազորությունների դադարում» և «դատավորի լիազորությունների դադարեցում» հասկացությունները տարբեր են: Մասնավորապես, Սահմանադրության 164-րդ հոդվածից հետևում է, որ դատավորի լիազորությունները Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ դադարեցվում են անհամատեղելիության պահանջները խախտելու, քաղաքական գործունեությամբ զբաղվելու, առողջական վիճակի պատճառով պաշտոնավարման անհնարինության, էական կարգապահական խախտում կատարելու դեպքերում։ Իսկ դատավորի լիազորությունները դադարում են` լիազորությունների ժամկետն ավարտվելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը կորցնելու կամ այլ պետության քաղաքացիություն ձեռք բերելու, նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու կամ քրեական հետապնդումը ոչ արդարացնող հիմքով դադարեցնելու, նրան անգործունակ, անհայտ բացակայող կամ մահացած ճանաչելու վերաբերյալ դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու, նրա հրաժարականի, մահվան դեպքերում։
Դատավորի լիազորությունների դադարեցման վերաբերյալ Սահմանադրության համառոտ պարզաբանումներում նշված է «Դատավորի արտաքին անկախությանն առնչվող մեկ այլ կարևոր հարց է նրա լիազորությունների դադարեցման իրավասություն ունեցող սուբյեկտների շրջանակը։ 2005թ. խմբագրությամբ Սահմանադրությամբ Հանրապետության նախագահին էր վերապահված ոչ միայն դատավորի լիազորությունների դադարեցման, այլև նրան կալանավորելու, որպես մեղադրյալ ներգրավելու հարցերում վերջնական որոշման իրավասությունը: 2015թ. խմբագրությամբ Սահմանադրությամբ այս հարցերը վերապահվել են միայն Բարձրագույն դատական խորհրդի իրավասությանը, իսկ Սահմանադրական դատարանի դատավորների դեպքում՝ Սահմանադրական դատարանին»3:
Այսինքն՝ դադարման դեպքում հետևանքն առաջանում է իրավունքի ուժով, երբ առկա է փաստը, ուստի այդ է պատճառը, որ «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 150-րդ հոդվածի 4-րդ մասում նշվում է միայն օրինական ուժի մեջ մտած արդարացման կամ մեղադրական դատավճռի մասին:
Հետևաբար, նշված նորմը չի կարող մեկնաբանվել այնպես, որ քաղաքացիական և վարչական դատավարության կարգով օրինական ուժի մեջ մտած դատական ակտերով հաստատված փաստերը նախադատելի չեն Բարձրագույն դատական խորհրդում քննվող կարգապահական պատասխանատվության ենթարկելու գործի համար և չեն կարող հիմք հանդիսանալ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ որոշումը նոր երևան եկած հանգամանքի հիմքով վերանայելու համար։
Արդյո՞ք Բարձրագույն դատական խորհուրդը դատավորի կողմից կարգապահական խախտում թույլ տալու փաստն ապացուցելու համար կիրառում է ապացույցի թույլատրելության ավելի ցածր շեմ։
Նախարարը, մեջբերելով թիվ ՎԴ/12304/05/21 որոշումը, եկել է այն եզրահանգման, որ Բարձրագույն դատական խորհուրդը դատավորի կողմից կարգապահական խախտում թույլ տալու փաստն ապացուցելու համար կիրառում է ապացույցի թույլատրելության ավելի ցածր շեմ։
Ինչպես արդեն նշել ենք, միևնույն դատավարական նորմերին ենթարկվելու պայմաններում ապացույցի թույլատրելության շեմը չի կարող տարբեր լինել։ Այսինքն՝ անկախ այն հանգամանքից անձը ենթարկվում է կարգապահական, թե վարչական պատասխանատվության, միևնույն նորմերի կիրառման դեպքում ապացույցի թույլատրելության շեմը չի կարող նվազ լինել: Սակայն նվազ կարող է լինել անձին պատասխանատվության ենթարկելու շեմը. անձը կարող է կարգապահական պատասխանատվության ենթարկվել այնպիսի արարքի համար, որի համար վարչական պատասխանատվություն նախատեսված չէ։
Այնուամենայնիվ, տվյալ դեպքում Դատավորի լիազորությունների դադարեցման հիմքում դրվել է հենց ոստիկանության ծառայողին վիրավորելու հանգամանքը, որի համար պատասխանատվություն նախատեսված է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով։ Բարձրագույն դատական խորհուրդը, մասնավորապես, նշել է՝ «(...) Վերը նշված հոդվածների մեկնաբանությունից բխում է, որ ոստիկաններն օրենքով նախատեսված այն սուբյեկտներն են, որոնք ունենալով իրավախախտներին պատասխանատվության ենթարկելու իրավական գործիքակազմ` ապահովում են հասարակական կարգի պահպանությունը, ուստի ոստիկանության ծառայողների համազգեստ կրողների նկատմամբ յուրաքանչյուր քաղաքացի պետք է տածի հարգանք, իբրև հարգանք՝ սեփական պետության կարգուկանոնի հանդեպ, ինչը դրսևորվում է նրանում, որ բոլոր քաղաքացիները և պաշտոնատար անձինք պարտավոր են անվերապահ կատարել ոստիկանության ծառայողի օրինական պահանջները:
(...) իր արտահայտություններով Դատավորն անպարկեշտ վարքագիծ է դրսևորել գործադիր իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ոստիկանության ծառայողների նկատմամբ, չի ենթարկվել վերջիններիս՝ օրինական պահանջներին, ցուցաբերել է անհարգալից վերաբերմունք, դուրս է եկել քաղաքավարության նորմերի շրջանակից, խախտել է բարեկրթության կանոնները՝ ցածրացնելով Դատավորի բարձր կարգավիճակը»:
Ուստի հարկ է արձանագրել, որ Դատավորի լիազորությունների դադարեցման հիմքում դրված է այնպիսի արարք, որը նախատեսված է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով, և որը չի հիմնավորվել Վարչական դատավարության կարգով։
Արդյո՞ք այն հանգամանքը, որ Դատավորը չի վիճարկել տեսագրության բովանդակության իսկությունը և կասկածի տակ չի դրել տեսագրությամբ ամփոփված միջադեպին իր մասնակցությունը, ինքնին տեսագրությունը թույլատրելի ապացույց է դարձնում։
Նախարարը, մեջբերելով Խորհրդի որոշումը, նշել է՝ «Վերոգրյալից կարելի է եզրահանգել, որ Խորհուրդն արդեն իսկ քննարկվող որոշմամբ նախորդիվ արտահայտել է այն դիրքորոշումը, ըստ որի՝ եթե նույնիսկ ապացույցը ձեռք է բերվել օրենքի խախտմամբ, ապա միևնույն է, կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար հիմք հանդիսացող վարքագիծ թույլ տրված լինելու փաստը շարունակում է գոյություն ունենալ, քանի որ Դատավորը չի վիճարկում տեսագրության բովանդակության իսկությունը, կասկածի տակ չի առնում իր մասնակցությունը տեսագրությամբ ամփոփված միջադեպին»։
Սույն դեպքում անհրաժեշտ է նկատել, որ Դատավորի կողմից 27.02.2025 թվականի ներկայացված դիմումով` որպես նոր երևան եկած հանգամանք, ներկայացվել է տեսագրության՝ որպես ապացույց, թույլատրելի չլինելու հարցը, որը հաստատվել է Վարչական դատարանի կողմից։ Ուստի, Դատավորի կողմից կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննության ընթացքում տեսագրության բովադակության իսկությունը չվիճարկելը դեռևս ապացույցը թույլատրելի չի դարձնում։ Ավելին՝ կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննության ընթացքում հենց Դատավորն է միջնորդություն ներկայացրել, որպեսզի կասեցվի՝ կարգապահական վարույթը, քանի որ Վարչական դատարանում ընթացող իրավական գործընթացի շրջանակներում, ի թիվս այլնի, պետք է պարզվեր նաև տեսագրության բովանդակության իսկությունը։
Սիմա Իսկանդարյանը կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննության ընթացքում միջնորդել է Բարձրագույն դատական խորհրդին տեսագրությունը դիտել ոչ թույլատրելի ապացույց այն նույն հիմնավորումներով, որոնցով հետագայում ինչպես առաջին ատյանի, այնպես է վերաքննիչ վարչական դատարանների կողմից այն համարվել է ոչ թույլատրելի ապացույց:
Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ Դատավորը կասկածի տակ չի առել իր մասնակցությունը տեսագրությամբ ամփոփված միջադեպին, ապա պետք է նկատենք, որ նշված հանգամանքը կասկածի տակ չի դրվել նաև վարչական դատավարության ընթացքում, ավելին՝ Դատարանը իր որոշմամբ փաստել է. «Դատարանը փաստում է, որ գործում առկա ապացույցներով հաստատվող միակ՝ առերևույթ վիրավորանք («ոչխար») պարունակող արտահայտությունը Սիմա Իսկանդարյանը կատարել է բացառապես իրեն ցավ պատճառելու արդյունքում՝ «ոչխար ես, որովհետև ինադու ցավացնում ես»»։
Այսինքն՝ Բարձրագույն դատական խորհրդի կողմից՝ որպես վիրավորանք գնահատված վերը նշված արտահայտությունը եղել է Սիմա Իսկանդարյանին պատճառված ֆիզիկական ցավի, պարեկների ոչ վայել վարքագծի և վերջինիս հասցեին անհարգալից արտահայտությունների հնչեցման հետևանք, որի առնչությամբ ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 31.10.2024թ. որոշմամբ ևս մեկ անգամ շեշտվել է այն հանգամանքը, որ գործի նյութերում առկա է եղել ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչության պետի տեղակալի 08.06.2022 թվականի թիվ 28/354 գրությունը, որով ընդունվել են պարեկային ծառայության համապատասխան աշխատակցի կողմից Սիմա Իսկանդարյանի նկատմամբ դրսևորած անհարգալից վերաբերմունքի, վերջինիս հասցեին անհարգալից արտահայտությունների հնչեցման և պարեկային ծառայության կողմից իրենց լիազորությունների ոչ պատշաճ կատարման փաստերը:
Հենց այդ հանգամանքներով է պայմանավորված եղել միջադեպի հաջորդ օրը Սիմա Իսկանդարյանի նախաձեռնությամբ Բարձրագույն դատական խորհուրդ զեկուցագիր ներկայացնելը՝ ակնկալելով Բարձրագույն դատական խորհրդից գնահատական տալ դատավորի նկատմամբ դրսևորած ոչ վայել վարքագծի կապակցությամբ, սակայն հենց նույն զեկուցագիրը հետագայում դրվեց կարգապահական վարույթի հարուցման հիմքում սկզբում Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հանձնաժողովի կողմից, որի 22.11.2021թ.-ի թիվ Կ-15/2021 որոշմամբ կարճվեց կարգապահական վարույթը, ապա նույն փաստական հանգամանքերով կրկնակի հարուցման հիմքում ՀՀ արդարադատության նախարարության կողմից՝ դատավորի լիազորությունների դադարեցման ելքով` ապահովելով միևնույն հարցի վերաբերյալ երկու հավասարազոր իրավասու մարմինների իրարամերժ որոշումների գոյություն:
Այսպիսով, Դատավորի կողմից տեսագրությամբ ամփոփված միջադեպին իր մասնակցությունը կասկածի տակ չդնելը ևս չի կարող տեսագրությունը դարձնել թույլատրելի ապացույց։
Նման պայմաններում, ստացվում է, որ Բարձրագույն դատական խորհուրդը, ունենալով պարտականություն առաջնորդվելու ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի նորմերով և հենց այդ օրենսգրքով քննելու Սիմա Իսկանդարյանի՝ դեռևս կարգապահական հարցի քննության ընթացքում ներկայացված՝ ապացույցն անթույլատրելի ճանաչելու միջնորդությունը, չի առաջնորդվել դրանով, և դատավորի լիազորությունների դադարեցման հիմքում դրել է լիազորությունների դադարեցումից հետո հետագայում Հայաստանի Հանրապետության դատարանների կողմից արդեն իսկ անթույլատրելի ճանաչված միակ ապացույցը՝ տեսագրությունը։
Սիմա Իսկանդարյանը կարգապահական հարցի քննության ընթացքում չի տվել նաև վկայի ցուցմունքներ»:
3. Արդարադատության նախարարի դիրքորոշումը.
Արդարադատության նախարարը 24.03.2025 թվականին Խորհրդին ներկայացրած պատասխանով հայտնել է հետևյալը.
«(…) 3. Դիմումի քննության համար էական նշանակություն ունեցող հանգամանքները.
3.1 Խորհրդի 14.03.2022 թվականի թիվ ԲԴԽ-24-Ո-Կ-6 որոշմամբ, մասնավորապես, նշված է հետևյալը.
«Տվյալ պարագայում գործի նյութերում առկա տեսագրության ուսումնասիրությունից պարզվել է, որ վթարից հետո Դատավորը հրաժարվել է ենթարկվել իրենց պաշտոնեական լիազորություններն իրականացնող ոստիկանների պահանջներին: Մասնավորապես ոստիկանների կողմից Դատավորին բերման ենթարկելու փորձ կատարելիս վերջինս դիմադրություն է ցույց տվել՝ ասելով «ուրեմն կմնամ ստեղ», «այ սենց կմնամ ստեղ»: Ոստիկանի՝ ոստիկանական ավտոմեքենան նստելու պահանջին ի պատասխան Դատավորն ընդդիմացել է, պահանջել չցավեցնել իրեն՝ ասելով «չեմ քայլում և չեմ նստում»: Միաժամանակ ոստիկանի այն հարցադրմանը, թե ինչու է Դատավորը վիրավորում վերջինիս՝ ասելով «ոչխար», Դատավորը պատասխանել է՝ «ոչխար ես, որովհետև կին ա ու ցավացնում ես»: Այնուհետև, ոստիկաններից մեկի՝ «հավքի բեր» արտահայտությունից հետո Դատավորին նստեցրել են ոստիկանական ավտոմեքենան:
Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է, որ Դատավորը քննարկվող միջադեպի ընթացքում չի ենթարկվել ոստիկանության ծառայողի պահանջներին՝ կասկածի տակ դնելով դրանց օրինականությունն այն պայմաններում, երբ ոստիկանի կողմից հասարակական կարգի պահպանությանն ուղղված պահանջի նկատմամբ գործում է դրա օրինական լինելու կանխավարկածը: Միաժամանակ Դատավորի նման վարքագիծը զուգորդվել է ոստիկանի նկատմամբ անպարկեշտ արտահայտություններ անելով, ինչպիսի վարքագիծը հասարակության կողմից չի կարող ընկալվել որպես իրավիճակի օբյեկտիվ գնահատականի արտահայտում, առավել ևս դատավորի բարձր կարգավիճակին հարիր վարքագիծ: (...)
Մինչդեռ քննարկելով Դատավորի կողմից թույլ տրված արտահայտություններն ու վարքագիծը՝ Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է, որ միջնորդության հիմքում վկայակոչված բոլոր փաստական հանգամանքներն ապացուցում են, որ Դատավորի կողմից թույլ են տրվել արտահայտություններ և դրսևորվել է վարքագիծ, որոնք անհամատեղելի են դատավորի կարգավիճակի հետ. իր արտահայտություններով Դատավորն անպարկեշտ վարքագիծ է դրսևորել գործադիր իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ոստիկանության ծառայողների նկատմամբ, չի ենթարկվել վերջիններիս օրինական պահանջներին, ցուցաբերել է անհարգալից վերաբերմունք, դուրս է եկել քաղաքավարության նորմերի շրջանակից, խախտել է բարեկրթության կանոնները՝ ցածրացնելով Դատավորի բարձր կարգավիճակը: (...)
Վկայակոչված իրավական կարգավորումից հետևում է, որ ծառայողական պարտականությունների իրականացման ընթացքում ոստիկանության ծառայողն իրավունք ունի իրականացնելու տեսանկարահանում: Բարձրագույն դատական խորհուրդը հարկ է համարում նշել, որ ի տարբերություն դատական վարույթների, Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վարույթի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ այս վարույթում ապացույցներն ընդամենը տեղեկություններ են պարունակում որոշակի արարքի կատարման, բնույթի, ծավալի և այլնի վերաբերյալ, հետևաբար, եթե ապացույցի բովանդակությունն ինքնին կասկածի տակ չի առնվում շահագրգիռ անձի կողմից, ապա, ըստ էության, երկրորդական են դառնում դրա ձեռքբերման հատկանիշները: Այսինքն, եթե նույնիսկ ապացույցը ձեռք է բերվել օրենքի խախտմամբ, ապա միևնույն է, կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար հիմք հանդիսացող վարքագիծ թույլ տրված լինելու փաստը շարունակում է գոյություն ունենալ, քանի որ Դատավորը չի վիճարկում տեսագրության բովանդակության իսկությունը, կասկածի տակ չի առնում իր մասնակցությունը տեսագրությամբ ամփոփված միջադեպին: Ուստի նշվածի հաշվառմամբ, Բարձրագույն դատական խորհուրդը գտնում է, որ Դատավորի ներկայացուցչի կողմից բարձրացված հարցերը չեն կարող էական համարվել սույն վարույթի շրջանակներում ապացույցն անթույլատրելի ճանաչելու համար:
Ավելին, սույն դեպքում Բարձրագույն դատական խորհուրդն էական է համարում այն փաստը, որ Դատավորն ինքն է միջնորդել Բարձրագույն դատական խորհրդի նիստում ապացույցների հետազոտման ընդունված կարգից շեղմամբ հետազոտել տեսագրությունը՝ հիմնավորելու համար Դատավորին վերագրվող վարքագիծը իրավիճակից թելադրվող, միջադեպի մյուս մասնակիցների վարքագծով պայմանավորված լինելու և կարգապահական խախտման հատկանիշներ չպարունակելու հանգամանքները, և երբևէ չի հերքել տեսագրված վարքագիծն իր կողմից դրսևորված լինելը: (…)»
3.2 Թիվ ՎԴ/12304/05/21 վարչական գործի շրջանակներում Վարչական դատարանի կողմից քննության է առնվել ՀՀ ոստիկանության հայցն ընդդեմ Սիմա Իսկանդարյանի՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 172.3-րդ հոդվածի հիմքով վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջի մասին, որի արդյունքում 03.08.2022 թվականին կայացված որոշմամբ հայցը մերժվել է: Հիշյալ որոշմամբ, մասնավորապես, նշված է հետևյալը.
«Նման պայմաններում Դատարանը նկատում է, որ գործում առկա չէ որևէ ապացույց, որով կհաստատվեր, որ Սիմա Իսկանդարյանը ոստիկանական ծառայողի կողմից հենց հասարակական կարգի պահպանության և հասարակական անվտանգության ապահովման պարտականություններ իրականացնելու հետ պայմանավորված է վերջինիս նկատմամբ օգտագործել վերը նշված արտահայտությունը:
Այսպես, անդրադառնալով գործում առկա ապացույցներին, Դատարանը փաստում է, որ հայցվորի կողմից ներկայացված զեկուցագիրը, ոստիկանների կողմից տրված բացատրությունները Դատարանը արժանահավատ չի համարում թեկուզ և այն պատճառաբանությամբ, որ գործում առկա են և վերևում արդեն իսկ նշվել են բավարար ապացույցներ, որ ոստիկանները Սիմա Իսկանդարյանի նկատմամբ դրսևորել են ոչ իրավաչափ վարքագիծ, ինչն արդեն իսկ կասկած է հարուցում՝ արդյո՞ք առհասարակ Սիմա Իսկանդարյանը թույլ է տվել իրեն վերագրվող արտահայտությունները («ոչխար, անասուն, դուք ով եք, արա»), այն դեպքում, երբ այդ արտահայտությունները հաստատող որևէ ապացույց, բացի ոչ իրավաչափ վարքագիծ դրսևորած ոստիկանների տված բացատրություններից և վերջիններիցս մեկի կողմից կազմած զեկուցագրից, առկա չեն: (...)
Ավելին, նշված բացատրություններն ու զեկուցագիրը որպես ապացույց արժանահավատ չեն նաև այն պատճառաբանությամբ, որ դրանցում տեղ գտած այլ տեղեկություններ հերքվել են ինչպես այլ, այնպես սույն գործի շրջանակներում:
Այսպիսով, Դատարանը փաստում է, գործում առկա ապացույցներով հաստատվող միակ՝ առերևույթ վիրավորանք («ոչխար») պարունակող արտահայտությունը Սիմա Իսկանդարյանը կատարել է բացառապես իրեն ցավ պատճառելու արդյունքում՝ «ոչխար ես, որովհետև ինադու ցավացնում ես»: Դատարանը փաստում է, որ գործում առկա չէ որևէ ապացույց, որով կարող էր հաստատվել, որ Սիմա Իսկանդարյանին ոստիկանության ծառայողը ցավ է պատճառել՝ հասարակական կարգի պահպանության և հասարակական անվտանգության ապահովման պարտականությունների իրացման անհրաժեշտությամբ պայմանավորված:
Նման պայմաններում Դատարանը գտնում է, որ այդ արտահայտությունը պայմանավորված չէ ոստիկանական ծառայողի կողմից հասարակական կարգի պահպանության և հասարակական անվտանգության ապահովման պարտականություններ իրականացնելու հետ, ուստի և դուրս է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 172.3-րդ հոդվածի կարգավորումների շրջանակներից, հետևաբար չի կարող դրանով նախատեսված պատասխանատվության կիրառման հիմք հանդիսանալ։ (...)
Դատարանն անհիմն է համարում հայցվորի փաստարկները՝ Բարձրագույն դատական խորհրդի՝ 14.03.2022 թվականի թիվ ԲԴԽ-24-Ո-Կ-6 որոշման վերաբերյալ՝ հետևյալ պատճառաբանությամբ.
Նախ, Բարձրագույն դատական խորհրդի առջև բարձրացված է եղել դատավորի կողմից վարքագծի կանոնների խախտման հարցը, ընդ որում՝ ոչ միայն սույն գործով քննարկված արտահայտությունների մասով, այլև դատավորի կողմից դրսևորած վարքագծով առհասարակ, որը տեղ է գտել Բարձրագույն դատական խորհրդի նիստում հետազոտված տեսանյութում: Մինչդեռ սույն դեպքում վարչական պատասխանատվության ենթարկելու հարցը քննվում է՝ անկախ պատասխանատվության ենթարկվող անձի՝ որևէ պաշտոն զբաղեցնելու հանգամանքից և Սիմա Իսկանդարյանին վերագրվող ավելի փոքրաթիվ արարքների կապակցությամբ, քան քննարկվել է Բարձրագույն դատական խորհրդում: Երկրորդ, Բարձրագույն դատական խորհուրդը խնդրո առարկա տեսանյութի կապակցությամբ ինքն է նշել, որ «եթե նույնիսկ ապացույցը ձեռք է բերվել օրենքի խախտմամբ, шщш, միևնույնն է, կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար հիմք հանդիսացող փաստը շարունակում է գոյություն ունենալ», այսինքն՝ Բարձրագույն դատական խորհուրդը դատավորի կողմից կարգապահական խախտում թույլ տալու փաստը ապացուցելու համար է միայն նախատեսել ապացույցի թույլատրելիության ավելի ցածր շեմ, քան նախատեսված է Վարչական դատավարության օրենսգրքի 26-րդ հոդվածի 3-րդ մասով, մինչդեռ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված գործի քննության ընթացքում Դատարանը չի կարող անտեսել նշված նորմի իմպերատիվ պահանջը։ Երրորդ, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 30-րդ հոդվածը սահմանում է ապացուցման կարիք չունեցող փաստերի շրջանակը, մինչդեռ նշված նորմում Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ հաստատված փաստերը, որպես ապացուցման կարիք չունեցող փաստեր, նախատեսված չեն թեկուզև այն պատճառաբանությամբ, որ, ինչպես նշվեց վերը, Բարձրագույն դատական խորհուրդը դատավորի կողմից կարգապահական խախտում թույլ տալու փաստը ապացուցելու համար կիրառում է ապացույցի թույլատրելիության ավելի ցածր շեմ:»
3.3 Վերաքննիչ վարչական դատարանի 31.10.2024 թվականի որոշմամբ մերժվել է Վարչական դատարանի 03.08.2022 թվականի որոշումը՝ հիմքում դրվելով միևնույն պատճառաբանությունները։ Հիշյալ որոշմամբ, մասնավորապես, նշված է նաև հետևյալը.
«Ավելին, Բարձրագույն դատական խորհուրդը քննարկել է սույն վարչական գործի առարկայից էապես տարբերվող հիմնահարց պատասխանողին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին, ըստ այդմ, քննության արդյունքում, ապրիորի, չէր կարող ընդունվել վարչական գործն ըստ էության լուծող դատական ակտ՝ միևնույն կողմերի մասնակցությամբ.
Վերոնշյալ վերլուծության ծանրության ներքո Վերաքննիչ դատարանը հիմնավոր է համարում հետևությունն այն մասին, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 30-րդ հոդվածի տիրույթում չեն Բարձրագույն դատական խորհրդի կողմից արտահայտված իրավական դիրքորոշումները ու հաստատված փաստական հանգամանքները:»
4. Դիմումի պատասխանի հիմքերը և հիմնավորումները.
Ուսումնասիրելով դիմումի հիմքերն ու հիմնավորումները, գործի փաստերը համադրելով կիրառման ենթակա նորմերի հետ՝ գտնում եմ, որ այն ենթակա է մերժման՝ հետևյալ պատճառաբանություններով.
Դիմումատուի ներկայացրած Դիմումը, ըստ էության, հանգում է նրան, որ ԲԴԽ-24-Ո-Կ-6 որոշման հիմքում դրված միակ ապացույցն այն տեսաձայնագրությունն է, որը թիվ ՎԴ/12304/05/21 վարչական գործով դատարանների կողմից ճանաչվել է անթույլատրելի և նշված հանգամանքը հանդիսանում է նոր երևան եկած հանգամանք՝ Խորհրդի հիշյալ որոշումը վերանայելու համար:
Նշված դիրքորոշման կապակցությամբ առանցքային հարցադրում է հետևյալը.
Արդյո՞ք անձին դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու գործով միևնույն ապացույցի վերաբերյալ դատարանի կողմից տրված գնահատականը կարող է հիմք հանդիսանալ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ որոշումը նոր երևան եկած հանգամանքի հիմքով վերանայելու համար:
«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 141-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավորին կարգապահական պատասխանատվության է ենթարկում Բարձրագույն դատական խորհուրդը։
Օրենսգրքի 142-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերն են՝ դատավորի կողմից սույն օրենսգրքով սահմանված` դատավորի վարքագծի կանոնները խախտելը, բացառությամբ սույն օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով սահմանված կանոնի, որը կատարվել է դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ:
Օրենսգրքի 143-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքի առկայության ապացուցման պարտականությունը կրում է կարգապահական վարույթը հարուցած մարմինը:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ կարգապահական խախտման համար դատավորը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ սույն օրենսգրքով սահմանված կարգով՝ Բարձրագույն դատական խորհրդի՝ կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին որոշմամբ: Դատավորի կողմից կատարված կարգապահական խախտման վերաբերյալ չփարատված կասկածները մեկնաբանվում են դատավորի օգտին:
Օրենսգրքի 146-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ վարույթ հարուցող մարմինը մինչև դրա հարուցման հարցի լուծումն իրավունք ունի հաղորդում ներկայացրած անձին առաջարկելու ներկայացնել կարգապահական վարույթ հարուցելու համար նշանակություն ունեցող տեղեկությունների վերաբերյալ նյութեր։
Օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ հարուցված կարգապահական վարույթի ընթացքում վարույթ հարուցող մարմինն իրավունք ունի՝
1) դատարանից պահանջելու և ուսումնասիրելու օրինական ուժի մեջ մտած դատական ակտերով քրեական, քաղաքացիական կամ ցանկացած այլ գործի նյութեր.
2) դատարանում ծանոթանալու քրեական, քաղաքացիական կամ ցանկացած այլ գործի նյութերի, որոնց վերաբերյալ դեռևս չկա օրինական ուժի մեջ մտած դատական ակտ՝ չմիջամտելով արդարադատության կամ որպես դատարան՝ օրենքով նախատեսված այլ լիազորությունների իրականացման գործընթացին.
3) դատավորին առաջարկելու ներկայացնել գրավոր բացատրություններ.
4) առաջարկելու հաղորդում ներկայացրած անձին, ֆիզիկական և իրավաբանական անձանց ներկայացնել կարգապահական վարույթի համար նշանակություն ունեցող տեղեկություններ և նյութեր.
5) պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից և պաշտոնատար անձանցից պահանջելու և ստանալու նյութեր:
Օրենսգրքի 147-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ դատավորը, որի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել, իրավունք ունի ներկայացնելու գրավոր բացատրություններ, ապացույցներ և անելու միջնորդություններ.
Վերոգրյալ իրավանորմերի վերլուծությունից հետևում է, որ մինչև դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ Բարձրագույն դատական խորհրդին միջնորդությամբ դիմելը դատավորի նկատմամբ իրականացվում է կարգապահական վարույթ, որի ընթացքում իրականացվող բոլոր ընթացակարգային գործողությունները կատարվում են բացառապես Օրենսգրքով նախատեսված եղանակով և կարգով: Մինչև միջնորդությամբ Բարձրագույն դատական խորհրդին դիմելը վարույթ հարուցող մարմինն Օրենսգրքով նախատեսված ընթացակարգերի և գործիքների միջոցով, այդ թվում՝ Օրենսգրքի 146-րդ հոդվածի 3-րդ մասով, 147-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված եղանակներով, ինչպես նաև դատավորի կողմից ներկայացված ապացույցների հավաքագրման միջոցով եզրահանգման է գալիս դատավորին վերագրվող խախտման առկայության կամ բացակայության մասին:
Միաժամանակ անհրաժեշտ է հաշվի առնել, որ կարգապահական վարույթի հարուցման և իրականացման հետագա գործընթացը կարգավորվում է բացառապես Օրենսգրքով: Ընդ որում, Օրենսգրքի համալիր ուսումնասիրության արդյունքում պետք է փաստել, որ օրենսդիրը չի հատկորոշել դատավորի կողմից թույլ տրված խախտման վերաբերյալ ձեռքբերված ապացույցների թույլատրելիության կամ արժանահավատության կանոններ, սակայն անդրադարձել է ապացույցների ստացման եղանակներին, որպիսի պարագայում կարելի է եզրահանգել, որ Օրենսգրքով դրանց կարգավորված չլինելը պայմանավորված է եղել դատավորի կողմից թույլ տրված խախտումը հիմնավորելու համար ավելի ցածր ապացուցողական շեմ սահմանելով՝ սահմանափակվելով միայն ներկայացված ապացույցների վերաբերելիության և իսկության ստուգմամբ: Մասնավորապես, անդրադառնալով դատավորի վարքագծի կանոնների խախտման հիմքով դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելուն և կատարված խախտումը հաստատված համարելուն՝ օրենսդիրը, գերակա համարելով դատավորի կողմից դատական իշխանության հեղինակությունը բարձր պահելու պարտականությունը, Բարձրագույն դատական խորհրդի կողմից իրականացվող դատական վարույթում ապացույցների գնահատման հարցում սահմանափակվել է յուրաքանչյուր իրավաչափ եղանակով ձեռքբերված ապացույցների իսկության ստուգմամբ:
Հարկ է նշել նաև, որ Օրենսգրքի համալիր ուսումնասիրությունից հետևում է, որ միայն Օրենսգրքի 150-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված՝ օրինական ուժի մեջ մտած արդարացման կամ մեղադրական դատավճիռն է պարտադիր Բարձրագույն դատական խորհրդի համար կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը քննելիս, այսինքն՝ նույնիսկ քաղաքացիական և վարչական դատավարության կարգով օրինական ուժի մեջ մտած դատական ակտերով հաստատված փաստերին օրենսդիրը նշանակություն չի տվել և նախադատելի չի համարել Բարձրագույն դատական խորհրդում քննվող կարգապահական պատասխանատվության ենթարկելու գործի համար:
Այսպիսով, գտնում եմ, որ Օրենսգրքով նախատեսված չէ ոչ միայն կարգապահական վարույթի ընթացքում ձեռքբերված, այլ նաև Բարձրագույն դատական խորհրդում դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ քննության ընթացքում հետազոտվող ապացույցներին ներկայացվող պահանջներ, և ըստ այդմ՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար գործում է ապացույցների թույլատրելիության ցածր շեմ: Ավելին, դատավորին վարքագծի կանոնների խախտման հիմքով կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար պատշաճ ապացույց կարող է համարվել տվյալ հանգամանքը հիմնավորող և յուրաքանչյուր հասանելի դարձած եղանակով ստացված ցանկացած նյութ, որը կարող է տեղեկություններ պարունակել և վկայել վերջինիս կողմից դատավորի վարքագծի որևէ կանոնի խախտման վերաբերյալ:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի (այսուհետ՝ ՎԻՎՕ) 9-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական իրավախախտում (զանցանք) է համարվում (...) մեղավոր (դիտավորյալ կամ անզգույշ) այնպիսի գործողությունը կամ անգործությունը, որի համար օրենսդրությամբ նախատեսված է վարչական պատասխանատվություն:
ՎԻՎՕ 172.3-րդ հոդվածի համաձայն՝ ոստիկանության ծառայողին կամ զինծառայողին հրապարակայնորեն վիրավորելը` կապված նրա կողմից հասարակական կարգի պահպանության և հասարակական անվտանգության ապահովման պարտականությունները կատարելու հետ՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչև հիսնապատիկի չափով։
Նշված իրավանորմերի վերլուծությունից հետևում է, որ անձը կարող է վարչական պատասխանատվության ենթարկվել ՎԻՎՕ 172.3-րդ հոդվածով նախատեսված արարքի համար՝ հետևյալ պայմանների միաժամանակյա առկայության դեպքում.
1. Անձը վիրավորել է ոստիկանության կամ զինվորական ծառայողին,
2. Հասցված վիրավորանքը կրել է հրապարակային բնույթ,
3. Ոստիկանության կամ զինվորական ծառայողը կատարել է հասարակական կարգի պահպանության և պարտականություններ, հասարակական անվտանգության ապահովմանն ուղղված պարտականություններ,
4. Հրապարակայնորեն հասցված վիրավորանքը կապված է եղել ոստիկանության կամ զինվորական ծառայողի կողմից հասարակական կարգի պահպանության և հասարակական անվտանգության ապահովման պարտականությունները կատարելու հետ։
Հետևաբար, վերը ներկայացված պայմաններից որևիցե մեկի բացակայության դեպքում անձի նկատմամբ չի կարող վրա հասնել ՎԻՎՕ 172.3-րդ հոդվածով նախատեսված պատասխանատվության միջոցը: Ընդ որում, հարկ է հաշվի առնել, որ ՎԻՎՕ 172.3-րդ հոդվածով նախատեսված զանցակազմի հաստատման համար անհրաժեշտ են այնպիսի ապացույցներ, որոնք կարող են հաստատապես վկայել ներկայացված 4 կետերով վերհանված պայմանների առկայության մասին:
Անդրադառնալով Դիմումին, ինչպես նաև դրա հիմքում ընկած թիվ ՎԴ/12304/05/21 վարչական գործով կայացված դատական ակտերի հիմքով՝ Դիմումատուին Խորհրդի կողմից կարգապահական պատասխանատվության ենթարկելու որոշումը վերանայելու հնարավորության հարցին, անհրաժեշտ է նշել, որ նախևառաջ թիվ ՎԴ/12304/05/21 վարչական գործով Ոստիկանության կողմից ներկայացված հայցադիմումի հիման վրա Վարչական դատարանում քննության առարկա է դարձվել Սիմա Իսկանդարյանին ՎԻՎՕ 172.3-րդ հոդվածի հիմքով դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու հարցը, որի շրջանակներում դատարանի համար քննարկման առարկա է դարձվել ոչ թե դատավոր Սիմա Իսկանդարյանի կողմից դատավորի վարքագծի կանոնների խախտում թույլ տալու հարցը, այլ՝ Սիմա Իսկանդարյանի կողմից ոստիկանության ծառայողին հրապարակայնորեն վիրավորելը, որը կապված է եղել նրա կողմից հասարակական կարգի պահպանության և հասարակական անվտանգության ապահովման պարտականությունները կատարելու հետ, սակայն նշված վարչական գործի շրջանակներում արձանագրվել է, որ Սիմա Իսկանդարյանի կողմից թույլ տրված արարքում չի հիմնավորվել ՎԻՎՕ 172.3-րդ հոդվածով նախատեսված զանցանքը, քանի որ ձեռքբերված նյութերով և ապացույցներով չի հիմնավորվել, որ հասցված վիրավորանքը վերաբերել է ոստիկանության ծառայողի կողմից հասարակական կարգի պահպանության և հասարակական անվտանգության ապահովման պարտականությունները կատարելուն: Այս կապակցությամբ հարկ է մեջբերել Վարչական դատարանի կողմից կատարված հետևյալ եզրահանգումը. «Նման պայմաններում Դատարանը նկատում է, որ գործում առկա չէ որևէ ապացույց, որով կհաստատվեր, որ Սիմա Իսկանդարյանը ոստիկանական ծառայողի կողմից հենց հասարակական կարգի պահպանության և հասարակական անվտանգության ապահովման պարտականություններ իրականացնելու հետ պայմանավորված է վերջինիս նկատմամբ օգտագործել վերը նշված արտահայտությունը»:
Ինչ վերաբերում է Վարչական դատարանի կողմից ոչ արժանահավատ ապացույցների ճանաչմանը, ապա ըստ Վարչական դատարանի 03.08.2022 թվականի որոշման՝ ոչ արժանահավատ ապացույցներ են համարվել գործի շրջանակներում ձեռքբերված բացատրություններն ու զեկուցագիրը, որոնք վերաբերել են անցկացված ծառայողական քննությանը:
Միաժամանակ, համաձայն լինելով Վարչական դատարանի կողմից կայացված որոշմամբ արտահայտված դիրքորոշման հետ՝ անհրաժեշտ է մեջբերել նաև դրանով Վարչական դատարանի կողմից Խորհրդի որոշման հիմքում ընկած ապացույցների գնահատման շուրջ կատարված անդրադարձը.
«Դատարանն անհիմն է համարում հայցվորի փաստարկները` Բարձրագույն դատական խորհրդի` 14.03.2022 թվականի թիվ ԲԴԽ-24-Ո-Կ-6 որոշման վերաբերյալ՝ հետևյալ պատճառաբանությամբ. նախ, Բարձրագույն դատական խորհրդի առջև բարձրացված է եղել դատավորի կողմից վարքագծի կանոնների խախտման հարցը, ընդ որում՝ ոչ միայն սույն գործով քննարկված արտահայտությունների մասով, այլև դատավորի կողմից դրսևորած վարքագծով առհասարակ, որը տեղ է գտել Բարձրագույն դատական խորհրդի նիստում հետազոտված տեսանյութում:
Մինչդեռ սույն դեպքում վարչական պատասխանատվության ենթարկելու հարցը քննվում է՝ անկախ պատասխանատվության ենթարկվող անձի՝ որևէ պաշտոն զբաղեցնելու հանգամանքից և Սիմա Իսկանդարյանին վերագրվող ավելի փոքրաթիվ արարքների կապակցությամբ, քան քննարկվել է Բարձրագույն դատական խորհրդում։
Երկրորդ, Բարձրագույն դատական խորհուրդը խնդրո առարկա տեսանյութի կապակցությամբ՝ ինքն է նշել, որ «եթե նույնիսկ ապացույցը ձեռք է բերվել օրենքի խախտմամբ, ապա, միևնույնն է, կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար հիմք հանդիսացող փաստը շարունակում է գոյություն ունենալ», այսինքն՝ Բարձրագույն դատական խորհուրդը դատավորի կողմից կարգապահական խախտում թույլ տալու փաստը ապացուցելու համար է միայն նախատեսել ապացույցի թույլատրելիության ավելի ցածր շեմ, քան նախատեսված է Վարչական դատավարության օրենսգրքի 26-րդ հոդվածի 3-րդ մասով, մինչդեռ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված գործի քննության ընթացքում Դատարանը չի կարող անտեսել նշված նորմի իմպերատիվ պահանջը:
Երրորդ, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 30-րդ հոդվածը սահմանում է ապացուցման կարիք չունեցող փաստերի շրջանակը, մինչդեռ նշված նորմում Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ հաստատված փաստերը, որպես ապացուցման կարիք չունեցող փաստեր, նախատեսված չեն թեկուզև այն պատճառաբանությամբ, որ, ինչպես նշվեց վերը, Բարձրագույն դատական խորհուրդը դատավորի կողմից կարգապահական խախտում թույլ տալու փաստը ապացուցելու համար կիրառում է ապացույցի թույլատրելիության ավելի ցածր շեմ:»
Վերոգրյալի արդյունքում կարելի է եզրահանգել, որ Վարչական դատարանը նույնպես իր որոշմամբ արձանագրել է, որ 1. Բարձրագույն դատական խորհրդի առջև բարձրացված է եղել դատավորի կողմից վարքագծի կանոնների խախտման հարցը, ընդ որում՝ ոչ միայն սույն գործով քննարկված արտահայտությունների մասով, այլև դատավորի կողմից դրսևորած վարքագծով առհասարակ, որը տեղ է գտել Բարձրագույն դատական խորհրդի նիստում հետազոտված տեսանյութում, 2. Սույն դեպքում վարչական պատասխանատվության ենթարկելու հարցը քննվում է՝ անկախ պատասխանատվության ենթարկվող անձի՝ որևէ պաշտոն զբաղեցնելու հանգամանքից և Սիմա Իսկանդարյանին վերագրվող ավելի փոքրաթիվ արարքների կապակցությամբ, քան քննարկվել է Բարձրագույն դատական խորհրդում, 3. Բարձրագույն դատական խորհուրդը խնդրո առարկա տեսանյութի կապակցությամբ ինքն է նշել, որ «եթե նույնիսկ ապացույցը ձեռք է բերվել օրենքի խախտմամբ, ապա, միևնույնն է, կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար հիմք հանդիսացող փաստը շարունակում է գոյություն ունենալ», 4. Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ հաստատված փաստերը, որպես ապացուցման կարիք չունեցող փաստեր, նախատեսված չեն թեկուզև այն պատճառաբանությամբ, որ, ինչպես նշվեց վերը, Բարձրագույն դատական խորհուրդը դատավորի կողմից կարգապահական խախտում թույլ տալու փաստը ապացուցելու համար կիրառում է ապացույցի թույլատրելիության ավելի ցածր շեմ:
Նշվածի կապակցությամբ անհրաժեշտ է մեջբերել նաև Խորհրդի կողմից ընդունված քննարկվող որոշմամբ արտահայտված հետևյալ դիրքորոշումը.
«Բարձրագույն դատական խորհուրդը հարկ է համարում նշել, որ ի տարբերություն դատական վարույթների, Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վարույթի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ այս վարույթում ապացույցներն ընդամենը տեղեկություններ են պարունակում որոշակի արարքի կատարման, բնույթի, ծավալի և այլնի վերաբերյալ, հետևաբար, եթե ապացույցի բովանդակությունն ինքնին կասկածի տակ չի առնվում շահագրգիռ անձի կողմից, ապա, ըստ էության, երկրորդական են դառնում դրա ձեռքբերման հատկանիշները: Այսինքն, եթե նույնիսկ ապացույցը ձեռք է բերվել օրենքի խախտմամբ, ապա միևնույն է, կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար հիմք հանդիսացող վարքագիծ թույլ տրված լինելու փաստը շարունակում է գոյություն ունենալ, քանի որ Դատավորը չի վիճարկում տեսագրության բովանդակության իսկությունը, կասկածի տակ չի առնում իր մասնակցությունը տեսագրությամբ ամփոփված միջադեպին: Ուստի նշվածի հաշվառմամբ, Բարձրագույն դատական խորհուրդը գտնում է, որ Դատավորի ներկայացուցչի կողմից բարձրացված հարցերը չեն կարող էական համարվել սույն վարույթի շրջանակներում ապացույցն անթույլատրելի ճանաչելու համար:»
Վերոգրյալից կարելի է եզրահանգել, որ Խորհուրդն արդեն իսկ քննարկվող որոշմամբ նախորդիվ արտահայտել է այն դիրքորոշումը, ըստ որի` եթե նույնիսկ ապացույցը ձեռք է բերվել օրենքի խախտմամբ, ապա միևնույն է, կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար հիմք հանդիսացող վարքագիծ թույլ տրված լինելու փաստը շարունակում է գոյություն ունենալ, քանի որ Դատավորը չի վիճարկում տեսագրության բովանդակության իսկությունը, կասկածի տակ չի առնում իր մասնակցությունը տեսագրությամբ ամփոփված միջադեպին: Այսինքն՝ Խորհրդի որոշումից կարելի է եզրահանգել, որ Խորհուրդն արդեն իսկ արտահայտել է այն տեսակետը, ըստ որի՝ նույնիսկ քննարկվող ապացույցն օրենքի խախտմամբ ձեռքբերված լինելու պայմաններում, նման փաստը չի կարող ազդեցություն ունենալ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ որոշման վրա, հետևաբար նաև՝ այլ դատարանների կողմից տվյալ ապացույցի վերաբերյալ արտահայտած դիրքորոշումը չի կարող քննարկվող որոշման վերանայման համար հիմք հանդիսանալ։
Այսպիսով, հաշվի առնելով ամբողջ վերոգրյալը՝ գտնում եմ, որ Դիմումով ներկայացված փաստերը թույլ չեն տալիս վերանայել Խորհրդի 14.03.2022 թվականի թիվ ԲԴԽ-24-Ո-Կ-6 որոշումը, քանի որ նախ՝ Խորհրդի կողմից քննության առարկա է դարձվել հետազոտված տեսանյութով դատավոր Սիմա Իսկանդարյանի կողմից թույլ տրված դատավորի վարքագծի կանոնները, մինչդեռ թիվ ՎԴ/12304/05/21 վարչական գործով Ոստիկանության հայցադիմումի հիման վրա քննության առարկա է դարձվել Սիմա Իսկանդարյանի (ոչ դատավոր) կողմից՝ ոստիկանության ծառայողին՝ հասարակական կարգի պահպանության և հասարակական անվտանգության ապահովման պարտականությունները կատարելու հետ կապված հրապարակայնորեն վիրավորելու զանցակազմի առկայության հարցը, որոնք միմյանցից էականորեն տարբերվում են թե՛ սուբյեկտային կազմով, թե՛ վերագրված խախտումներով և թե՛ վերագրվող խախտումները հիմնավորող ապացուցման բազայով և դրանց ներկայացված պահանջներով: Ուստի, Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու դատական վարույթով և թիվ ՎԴ/12304/05/21 վարչական գործով Դատավորին վերագրված վարչական իրավախախտման վերաբերյալ գործով ստացված միևնույն ապացույցը՝ կախված վարույթների և գործերի առանձնահատկություններից, կարող է մի դեպքում հիմք հանդիսանալ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար, իսկ մյուս դեպքում՝ դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու համար՝ ոչ, հետևաբար նաև՝ դատավոր չհանդիսացող Սիմա Իսկանդարյանին դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ դատական վարույթով հետազոտված ապացույցների վերաբերյալ դատարանի արտահայտած դիրքորոշումը չի կարող նոր երևան եկած հանգամանքի հիմքով Բարձրագույն դատական խորհրդի կողմից դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու որոշման վերանայման համար հիմք հանդիսանալ:
Հաշվի առնելով ամբողջ վերոգրյալը՝ գտնում եմ, որ Դիմումատուի կողմից ներկայացված՝ իր գնահատմամբ նոր երևան եկած հանգամանքը չի կարող որևէ նշանակություն ունենալ և հիմք հանդիսանալ Խորհրդի 14.03.2022 թվականի թիվ ԲԴԽ-24-Ո-Կ-6 որոշումը վերանայելու համար.
Այսպիսով, հիմք ընդունելով սույն պատասխանում կատարված իրավական վերլուծությունների արդյունքում արված եզրահանգումները՝ խնդրում եմ Սիմա Իսկանդարյանի 27.02.2025 թվականի դիմումը` Բարձրագույն դատական խորհրդի 14.03.2022 թվականի թիվ ԲԴԽ-24-Ո-Կ-6 որոշումը նոր երևան եկած հանգամանքի հիմքով վերանայելու վերաբերյալ, մերժել:»:
4. Դիմումի քննության համար էական նշանակություն ունեցող հանգամանքները.
4.1. ՀՀ վարչական դատարանը, 26.10.2022 թվականի թիվ ՎԴ/12304/05/21 որոշմամբ մերժելով ՀՀ ոստիկանությունն ընդդեմ Սիմա Իսկանդարյանի՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 172.3-րդ հոդվածի հիմքով վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջի մասին հայցը, ի թիվս այլնի, նշել է, որ.
«(...) Դատարանը նկատում է, որ գործում առկա չէ որևէ ապացույց, որով կհաստատվեր, որ Սիմա Իսկանդարյանը ոստիկանական ծառայողի կողմից հենց հասարակական կարգի պահպանության և հասարակական անվտանգության ապահովման պարտականություններ իրականացնելու հետ պայմանավորված է վերջինիս նկատմամբ օգտագործել վերը նշված արտահայտությունը։ (...) Նման պայմաններում Դատարանը գտնում է, որ այդ արտահայտությունը պայմանավորված չէ ոստիկանական ծառայողի կողմից հասարակական կարգի պահպանության և հասարակական անվտանգության ապահովման պարտականություններ իրականացնելու հետ, ուստի և դուրս է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 172.3-րդ հոդվածի կարգավորումների շրջանակներից, հետևաբար չի կարող դրանով նախատեսված պատասխանատվության կիրառման հիմք հանդիսանալ: Միաժամանակ, հաշվի առնելով, որ գործում առկա չէ որևէ վերաբերելի, թույլատրելի և արժանահավատ ապացույց, որով կհաստատվեր Սիմա Իսկանդարյանին վերագրվող այլ արտահայտություններ թույլ տալու փաստը, Դատարանը գտնում է, որ առկա չէ նաև Սիմա Իսկանդարյանի կողմից Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 172.3-րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու փաստը հաստատող որևէ ապացույց»։
ՀՀ վարչական դատարանը, անդրադառնալով հայցվորի մի շարք փաստարկներին, արձանագրել է նաև. «Դատարանն անհիմն է համարում հայցվորի փաստարկները՝ Բարձրագույն դատական խորհրդի՝ 14.03.2022 թվականի թիվ ԲԴԽ-24-Ո-Կ-6 որոշման վերաբերյալ՝ հետևյալ պատճառաբանությամբ.
նախ, Բարձրագույն դատական խորհրդի առջև բարձրացված է եղել դատավորի կողմից վարքագծի կանոնների խախտման հարցը, ընդ որում՝ ոչ միայն սույն գործով քննարկված արտահայտությունների մասով, այլև դատավորի կողմից դրսևորած վարքագծով առհասարակ, որը տեղ է գտել Բարձրագույն դատական խորհրդի նիստում հետազոտված տեսանյութում։ Մինչդեռ սույն դեպքում վարչական պատասխանատվության ենթարկելու հարցը քննվում է՝ անկախ պատասխանատվության ենթարկվող անձի՝ որևէ պաշտոն զբաղեցնելու հանգամանքից և Սիմա Իսկանդարյանին վերագրվող ավելի փոքրաթիվ արարքների կապակցությամբ, քան քննարկվել է Բարձրագույն դատական խորհրդում։
Երկրորդ, Բարձրագույն դատական խորհուրդը խնդրո առարկա տեսանյութի կապակցությամբ ինքն է նշել, որ «եթե նույնիսկ ապացույցը ձեռք է բերվել օրենքի խախտմամբ, ապա, միևնույնն է, կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար հիմք հանդիսացող փաստը շարունակում է գոյություն ունենալ», այսինքն՝ Բարձրագույն դատական խորհուրդը դատավորի կողմից կարգապահական խախտում թույլ տալու փաստը ապացուցելու համար է միայն նախատեսել ապացույցի թույլատրելիության ավելի ցածր շեմ, քան նախատեսված է Վարչական դատավարության օրենսգրքի 26-րդ հոդվածի 3-րդ մասով, մինչդեռ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված գործի քննության ընթացքում Դատարանը չի կարող անտեսել նշված նորմի իմպերատիվ պահանջը։
Երրորդ, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 30-րդ հոդվածը սահմանում է ապացուցման կարիք չունեցող փաստերի շրջանակը, մինչդեռ նշված նորմում Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ հաստատված փաստերը, որպես ապացուցման կարիք չունեցող փաստեր, նախատեսված չեն թեկուզև այն պատճառաբանությամբ, որ, ինչպես նշվեց վերը, Բարձրագույն դատական խորհուրդը դատավորի կողմից կարգապահական խախտում թույլ տալու փաստը ապացուցելու համար կիրառում է ապացույցի թույլատրելիության ավելի ցածր շեմ։
Չորրորդ, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 2-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական դատավարության կարգը սահմանվում է նույն օրենսգրքով և «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով, իսկ նույն օրենսգրքով նախատեսված դեպքերում` նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով։
Մինդչեռ ո՛չ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով, ո՛չ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով սահմանված չէ, իսկ այդ մասով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով էլ հղում կատարված չէ ՀՀ քաղաքացիական օրենսգրքին, որ Բարձրագույն դատական խորհրդի կողմից արտահայտած իրավական դիրքորոշումները պարտադիր են վարչական դատարանի համար՝ վարչական դատարանում քննվող նույնանման փաստական հանգամանքներով քննվող գործերի շրջանակներում։
Այսպիսով, Դատարանն արձանագրում է, որ գործում առկա ապացույցներով չի հաստատվում Սիմա Իսկանդարյանի կողմից Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 172.3-րդ հոդվածով նախատեսված արարք թույլ տալու փաստը, ուստի ՀՀ ոստիկանության հայցը՝ Սիմա Իսկանդարյանին Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 172.3-րդ հոդվածի հիմքով վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջի մասին անհիմն է և ենթակա է մերժման:»:
4.2. Վերաքննիչ վարչական դատարանը 31.10.2024 թվականի որոշմամբ հայցվոր ՀՀ ոստիկանության ներկայացրած վերաքննիչ բողոքն ամբողջությամբ մերժել է` ՀՀ վարչական դատարանի 26․10․2022 թվականին կայացրած որոշումը թողնելով անփոփոխ:
4.3. ՀՀ վարչական դատարանի 26.10.2022 թվականի թիվ ՎԴ/12304/05/21 գործով կայացված որոշումն անփոփոխ թողնելու մասին Վերաքննիչ վարչական դատարանի 31.10.2024 թվականի որոշումն օրինական ուժի մեջ է մտել 03.12.2024 թվականին:
4.4. Խորհուրդն իր 14.03.2022 թվականի թիվ ԲԴԽ-24-Ո-Կ-6 որոշմամբ, ի թիվս այլնի, արձանագրել է. «(...) Բարձրագույն դատական խորհուրդը փաստում է, որ գրեթե անհնար է նախապես կազմել բոլոր այն գործողությունների լիարժեք ցանկը, որոնք արգելված են դատավորին, այնուամենայնիվ, դատավորն իր իրավունքների իրականացման ճանապարհին պետք է զսպվածություն ցուցաբերի և մշտապես դրսևորի իր բարձր կոչմանը համապատասխան վարքագիծ՝ նպաստելով հասարակության կողմից դատական համակարգի նկատմամբ ակնկալվող վստահության և հարգանքի ձևավորմանը:
Ավելին, դատավորները, հանդիսանալով պետական իշխանության թևերից մեկի ներկայացուցիչներ, ի պաշտոնե պարտավոր են պահպանել զսպվածություն՝ վտանգի տակ չդնելով իրենց անաչառությունը, դատական իշխանության անկախությունը և հեղինակությունը, հեղինակության բավարար օգտագործումը, ինչպես նաև պարտավոր են կանխատեսել իրենց վարքագծից ծագող հետևանքները:
Մինչդեռ քննարկելով Դատավորի կողմից թույլ տրված արտահայտություններն ու վարքագիծը՝ Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է, որ միջնորդության հիմքում վկայակոչված բոլոր փաստական հանգամանքներն ապացուցում են, որ Դատավորի կողմից թույլ են տրվել արտահայտություններ և դրսևորվել է վարքագիծ, որոնք անհամատեղելի են դատավորի կարգավիճակի հետ. իր արտահայտություններով Դատավորն անպարկեշտ վարքագիծ է դրսևորել գործադիր իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ոստիկանության ծառայողների նկատմամբ, չի ենթարկվել վերջիններիս օրինական պահանջներին, ցուցաբերել է անհարգալից վերաբերմունք, դուրս է եկել քաղաքավարության նորմերի շրջանակից, խախտել է բարեկրթության կանոնները՝ ցածրացնելով Դատավորի բարձր կարգավիճակը։
Անդրադառնալով ապացույցն անթույլատրելի ճանաչելու վերաբերյալ Դատավորի ներկայացուցչի միջնորդությանը՝ Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 26-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վերաբերելի է այն ապացույցը, որն ավելի կամ պակաս հավանական է դարձնում վեճը լուծելու համար էական նշանակություն ունեցող որևէ փաստի գոյությունը, քան այն կլիներ առանց այդ ապացույցի։ Ոչ վերաբերելի ապացույցն անթույլատրելի է։
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ գործի հանգամանքները, որոնք, օրենքի կամ այլ իրավական ակտի համաձայն պետք է հաստատվեն միայն որոշակի ապացույցներով չեն կարող հաստատվել այլ ապացույցներով։
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ հիմնական իրավունքների խախտմամբ ձեռք բերված կամ արդար դատաքննության իրավունքը խաթարող ապացույցների օգտագործումն արգելվում է: Դրանք ապացուցողական ուժ չունեն և չեն կարող դրվել դատական ակտի հիմքում:
Վկայակոչված իրավական կարգավորումից հետևում է, որ ապացույցի թույլատրելիությունն ապացույցի պիտանի լինելն է աղբյուրների, տեղեկությունների ստացման մեթոդների և հնարքների օրինականության տեսակետից:
Ըստ էության ապացույցների թույլատրելիության կանոնների էությունը նրանում է, որ որպես ապացույց կարող են օգտագործվել այն տվյալները, որոնք համապատասխանում են օրենքի պահանջներին:
Հաջորդիվ օրենսդիրը սահմանել է նաև ապացույցի անթույլատրելիության հաջորդ կանոնը, որի էությունը հանգում է հիմնական իրավունքների խախտմամբ ձեռք բերված ապացույցի օգտագործման արգելքին:
«Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի համաձայն՝ հասարակական կարգը պահպանելիս ոստիկանությունն իրավունք ունի` (…) հանցագործությունները կանխելիս կամ բացահայտելիս, հասարակական կարգի պահպանությունը (այդ թվում` ճանապարհային երթևեկության անվտանգությունը) ապահովելիս ոստիկանությունը կարող է հանրային վայրերում օգտագործել անշարժ տեսանկարահանող կամ լուսանկարահանող տեխնիկական միջոցներ: Հանրային վայրերում տեխնիկական միջոցներով վերահսկողություն իրականացնելիս այդ մասին հրապարակվում է նախազգուշացում: Սույն մասով նախատեսված նախազգուշացումը կատարվում է վերահսկողության մասին տեսանելի վայրերում ցուցանակներ տեղադրելու և տեխնիկական միջոցներով վերահսկվող փողոցների հասցեները կամ վերահսկվող տարածքների նկարագրերը ոստիկանության պաշտոնական կայքէջում հրապարակելու միջոցով: Հանրային վայրերում անշարժ տեսանկարահանող կամ լուսանկարահանող տեխնիկական միջոցները տեղադրվում են ոստիկանության համապատասխան տարածքային մարմնի ղեկավարի կամ ճանապարհային ոստիկանության պետի որոշմամբ` հաշվի առնելով տվյալ տարածքում կատարվող հանցագործությունների և հասարակական կարգի խախտումների կանխարգելման անհրաժեշտությունը` համաձայնեցնելով համապատասխան համայնքի ղեկավարի հետ: (…):
Հանցագործությունները կանխելիս կամ բացահայտելիս, հասարակական կարգի պահպանությունն ապահովելիս ոստիկանության ծառայողները կարող են օգտագործել շարժական տեսաձայնագրող կամ լուսանկարահանող տեխնիկական միջոցներ ոստիկանության տվյալ լիազորությունների իրականացմամբ սահմանափակվող ժամկետում: Տեսաձայնագրող կամ լուսանկարահանող տեխնիկական միջոցն ամրացվում է ոստիկանության ծառայողի համազգեստին կամ գտնվում է ոստիկանության ծառայողի ձեռքում կամ ոստիկանության ծառայողական տրանսպորտային միջոցում: Ոստիկանության ծառայողները պետք է տեսաձայնագրող և լուսանկարահանող տեխնիկական միջոցները կրեն տեսանելի ձևով, բացառությամբ գաղտնի օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացման դեպքերի: Սույն մասով նախատեսված տեսաձայնագրող կամ լուսանկարահանող տեխնիկական միջոցներով ոչ գաղտնի վերահսկողության մասին ոստիկանության ծառայողը պարտավոր է բանավոր նախազգուշացնել իր հետ անմիջականորեն հաղորդակցվող անձին:
Տեսաձայնագրումը, տեսանկարահանումը և լուսանկարահանումն իրականացվում են միայն ծառայողական (ոչ անձնական) տեխնիկական միջոցներով:
Տեխնիկական միջոցով իրավախախտում հայտնաբերելու կամ ամրագրելու դեպքում ոստիկանության ծառայողն իրավունք չունի դադարեցնելու կամ ընդհատելու տեսանկարահանումը կամ տեսաձայնագրումը:
Վկայակոչված իրավական կարգավորումից հետևում է, որ ծառայողական պարտականությունների իրականացման ընթացքում ոստիկանության ծառայողն իրավունք ունի իրականացնելու տեսանկարահանում։ Բարձրագույն դատական խորհուրդը հարկ է համարում նշել, որ ի տարբերություն դատական վարույթների, Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վարույթի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ այս վարույթում ապացույցներն ընդամենը տեղեկություններ են պարունակում որոշակի արարքի կատարման, բնույթի, ծավալի և այլնի վերաբերյալ, հետևաբար, եթե ապացույցի բովանդակությունն ինքնին կասկածի տակ չի առնվում շահագրգիռ անձի կողմից, ապա, ըստ էության, երկրորդական են դառնում դրա ձեռքբերման հատկանիշները։ Այսինքն, եթե նույնիսկ ապացույցը ձեռք է բերվել օրենքի խախտմամբ, ապա միևնույն է, կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար հիմք հանդիսացող վարքագիծ թույլ տրված լինելու փաստը շարունակում է գոյություն ունենալ, քանի որ Դատավորը չի վիճարկում տեսագրության բովանդակության իսկությունը, կասկածի տակ չի առնում իր մասնակցությունը տեսագրությամբ ամփոփված միջադեպին: Ուստի նշվածի հաշվառմամբ, Բարձրագույն դատական խորհուրդը գտնում է, որ Դատավորի ներկայացուցչի կողմից բարձրացված հարցերը չեն կարող էական համարվել սույն վարույթի շրջանակներում ապացույցն անթույլատրելի ճանաչելու համար:
Ավելին, սույն դեպքում Բարձրագույն դատական խորհուրդն էական է համարում այն փաստը, որ Դատավորն ինքն է միջնորդել Բարձրագույն դատական խորհրդի նիստում ապացույցների հետազոտման ընդունված կարգից շեղմամբ հետազոտել տեսագրությունը՝ հիմնավորելու համար Դատավորին վերագրվող վարքագիծը իրավիճակից թելադրվող, միջադեպի մյուս մասնակիցների վարքագծով պայմանավորված լինելու և կարգապահական խախտման հատկանիշներ չպարունակելու հանգամանքները, և երբևէ չի հերքել տեսագրված վարքագիծն իր կողմից դրսևորված լինելը:
Հիմք ընդունելով վերոգրյալը՝ Բարձրագույն դատական խորհուրդը գտնում է, որ Դատավորը թույլ է տվել Օրենքի 67-րդ հոդվածով սահմանված պահանջի, ինչպես նաև 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված՝ դատավորի վարքագծի կանոնների խախտում, ինչը Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմք է հանդիսանում: (...)
Քննության առնելով Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջոցի ընտրության հարցը՝ Բարձրագույն դատական խորհուրդը գտնում է, որ ընտրվող պատասխանատվության միջոցը պետք է համաչափ լինի խախտմանը, որպիսի պարագայում անհրաժեշտ է նաև իրավական գնահատական տալ այն հարցին, թե արդյո՞ք դատավորի դրսևորած վարքագիծը բավարար հիմքեր է պարունակում վերջինիս կողմից թույլ տրված կարգապահական խախտումն էական գնահատելու համար:
Օրենքի 142-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետի համաձայն՝ էական կարգապահական խախտում է սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված խախտումը, որը դրսևորվել է 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-4-րդ, 8-րդ և 9-րդ, 11-րդ և 12-րդ, 15-րդ և 16-րդ կետերով և 70-րդ հոդվածի 2-րդ մասի 1-3-րդ, 7-րդ և 8-րդ, 13-րդ և 14-րդ կետերով նախատեսված դատավորի պարտականությունների խախտմամբ և պայմանավորված կատարման հանգամանքներով և (կամ) առաջացրած հետևանքներով՝ համատեղելի չէ դատավորի կարգավիճակի հետ։
Կարգապահական խախտումն էական գնահատելու համար Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է, որ Օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-4-րդ, 8-րդ և 9-րդ, 11-րդ և 12-րդ, 15-րդ և 16-րդ կետերով և 70-րդ հոդվածի 2-րդ մասի 1-3-րդ, 7-րդ և 8-րդ, 13-րդ և 14-րդ կետերով նախատեսված դատավորի պարտականություններից յուրաքանչյուրի խախտումը, կապված խախտման հանգամանքներով և (կամ) առաջացրած հետևանքներով կարող է դիտվել որպես էական խախտում։
Քննարկվող դեպքում Դատավորը թույլ է տվել Օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի խախտում, ինչն Օրենքի 142-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետի համաձայն հանգեցնում է էական կարգապահական խախտման։
Օրենքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատավորի նկատմամբ կիրառվող կարգապահական տույժը պետք է համաչափ լինի կատարված խախտմանը: Կարգապահական տույժ կիրառելիս Բարձրագույն դատական խորհուրդը հաշվի է առնում խախտման բնույթը և հետևանքները, դիտավորությունը կամ կոպիտ անփութությունը, դատավորի անձը, առկա տույժերը և ուշադրության արժանի այլ հանգամանքներ:
Այսպիսով, Դատավորն իր գործողություններում զերծ չի մնացել դատական իշխանությունը վարկաբեկող, դատական իշխանության անկախության և անաչառության վերաբերյալ հանրության վստահությունը նվազեցնող վարքագիծ դրսևորելուց, ուստի միջնորդության քննությամբ հաստատված փաստերի հաշվառմամբ, Բարձրագույն դատական խորհուրդը գալիս է այն եզրահանգման, որ Դատավորի կողմից թույլ տրված վարքագծի կանոնի խախտումն էական կարգապահական խախտում է, որը համատեղելի չէ դատավորի կարգավիճակի հետ: (...)»:
5. Սույն Դիմումի քննության շրջանակներում էական նշանակություն ունեցող իրավական հարցադրումը.
Հաշվի առնելով Դիմողի կողմից բերված փաստարկներն ու հիմնավորումները և դրանց դեմ Արդարադատության նախարարի կողմից ներկայացված դիրքորոշումը` Խորհուրդը նոր երևան եկած հանգամանքի հիմքով վերանայման մասին Դիմումի քննության համար էական է համարում անդրադառնալ հետևյալ հարցադրմանը.
- Արդյո՞ք առկա է Խորհրդի 14.03.2022 թվականի թիվ ԲԴԽ-24-Ո-Կ-6 որոշման «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև՝ Օրենսգիրք) 157-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված նոր երևան եկած հանգամանքով վերանայման հիմք:
6․ Խորհրդի պատճառաբանությունները և եզրահանգումները.
Խորհուրդը, նախ հարկ է համարում անդրադառնալ Դիմումի քննության ընթացքը կարգավորող կիրառելի նորմերի որոշման հարցին, որի շրջանակներում կարևոր է համարում արձանագրել, հետևյալը.
Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք: Դատական վարույթը կամ դրա մի մասը, օրենքով սահմանված դեպքերում և կարգով, դատարանի որոշմամբ կարող է անցկացվել դռնփակ` վարույթի մասնակիցների մասնավոր կյանքի, անչափահասների կամ արդարադատության շահերի, ինչպես նաև պետական անվտանգության, հասարակական կարգի կամ բարոյականության պաշտպանության նպատակով:
Օրենսգրքի 90-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատավորին և Բարձրագույն դատական խորհրդի անդամին կարգապահական պատասխանատվության ենթարկելու, դատավորի և Բարձրագույն դատական խորհրդի անդամի լիազորությունները դադարեցնելու, ինչպես նաև իր լիազորությունների իրականացման կապակցությամբ դատավորի և Բարձրագույն դատական խորհրդի անդամի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու վերաբերյալ հարցերը քննելիս Բարձրագույն դատական խորհուրդը հանդես է գալիս որպես դատարան:
Օրենսգրքի 156.1.-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ Բարձրագույն դատական խորհուրդը Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ կամ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը մերժելու որոշման դեմ ներկայացված բողոքները քննում և դրանց վերաբերյալ որոշումները կայացնում է գրավոր ընթացակարգով, բացառությամբ այն դեպքերի, երբ գալիս է եզրահանգման, որ անհրաժեշտ է բողոքի քննությունն իրականացնել նիստում: Բողոքը դատական նիստում քննելու վերաբերյալ կայացվում է որոշում:
Նույն հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ բողոքի քննությունը կատարվում, և որոշումը կայացվում է բողոքը ստանալուց հետո՝ երկամսյա ժամկետում։
Օրենսգրքի 157-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Բարձրագույն դատական խորհուրդն իրավունք ունի վերանայելու դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի մասին իր որոշումը նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով:
Նույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ նոր երևան եկած հանգամանքները հիմք են Բարձրագույն դատական խորհրդի դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի մասին որոշման վերանայման համար, եթե` այն վերանայելու դիմում ներկայացրած անձն ապացուցում է, որ այդ հանգամանքները գոյություն են ունեցել կարգապահական վարույթի ընթացքում, հայտնի չեն եղել և չէին կարող հայտնի լինել միջնորդություն ներկայացրած անձին ու Բարձրագույն դատական խորհրդին, և այդ հանգամանքները կարգապահական վարույթի համար ունեն էական նշանակություն.
Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ Բարձրագույն դատական խորհրդի որոշումը վերանայելու դիմումը կարող է ներկայացվել դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցած մարմնի կամ այն դատավորի կողմից, որի նկատմամբ կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին որոշում է կայացվել:
Նույն հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին Բարձրագույն դատական խորհրդի որոշումը վերանայելու համար հիմք հանդիսացող հանգամանքների ապացուցման պարտականությունը կրում է դիմում ներկայացրած անձը:
Նույն հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ եթե Բարձրագույն դատական խորհուրդը գտնում է, որ բացակայում են դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին որոշումը նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով վերանայելու հիմքերը, ապա որոշում է ընդունում կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին որոշումը չվերանայելու վերաբերյալ:
Նույն հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ Բարձրագույն դատական խորհրդի որոշումը նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով վերանայելու հիմքերի առկայության դեպքում Բարձրագույն դատական խորհուրդը վերացնում է իր որոշումը և կայացնում է նոր որոշում:
Նույն հոդվածի 9-րդ մասի համաձայն՝ եթե Բարձրագույն դատական խորհուրդը նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով վերացնում է որպես կարգապահական պատասխանատվություն դատավորի լիազորությունները դադարեցնելու մասին որոշումը, ապա որոշում է կայացնում այդ դատավորին իր նախկինում զբաղեցրած պաշտոնում վերականգնելու մասին: Տվյալ դատարանում համապատասխան մասնագիտացման դատավորի թափուր պաշտոն չլինելու դեպքում դատավորը ձեռք է բերում ռեզերվային դատավորի կարգավիճակ: Նախկինում զբաղեցրած պաշտոնում վերականգնվելու դեպքում դատավորին վճարվում է միջին աշխատավարձը` հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար:
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ եթե օրենսդրության մեջ բացակայում է կոնկրետ հասարակական հարաբերությունը կարգավորող իրավական նորմը, սակայն օրենսդրությամբ սահմանված է համանման հարաբերությունները կարգավորող այլ իրավական նորմ, ապա այդպիսի հարաբերությունների նկատմամբ (եթե դա չի հակասում դրանց էությանը) կիրառվում են համանման հարաբերություններ կարգավորող իրավական նորմերը (օրենքի անալոգիա):
Տվյալ դեպքում Խորհուրդը ներկայացված Դիմումի քննարկման պատշաճ ընթացքն ապահովելու նպատակով՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի մասին որոշումների նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով քննության ընթացքը կանոնակարգող նորմերի բացակայության հանգամանքով պայմանավորված՝ օրենքի անալոգիայի կիրառման արդյունքում կիրառելի է համարել համանման հարաբերությունները կարգավորող՝ «Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ կամ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը մերժելու մասին Բարձրագույն դատական խորհրդի որոշումը բողոքարկելը» վերտառությամբ Օրենսգրքի 156.1-րդ հոդվածի 2-6-րդ մասերը, որոնք վերաբերում են մասնավորապես՝ ստացված վերանայման դիմումը մյուս կողմին ուղարկվելուց հետո դիմումի պատասխան ներկայացնելու ժամկետին, դիմումի վերաբերյալ որոշման կայացման ընթացակարգին (գրավոր ընթացակարգով կամ նիստում), նիստի վայրի և ժամանակի մասին ծանուցելուն, ընտրված զեկուցող անդամի կողմից զեկույց ներկայացնելուն, զեկուցողին հարցեր տալուն, ինչպես նաև քննության տևողությանը:
Տվյալ դեպքում հաշվի առնելով այն հանգամանքը, որ բացակայում է Դիմումի քննությունը դատական նիստում իրականացնելու անհրաժեշտությունը՝ Խորհուրդը գտել է, որ Դիմումի քննությունը նպատակահարմար է իրականացնել գրավոր ընթացակարգով:
Անդրադառնալով Դիմողի կողմից ներկայացված դիրքորոշումներին՝ Խորհուրդը հարկ է համարում նշել, որ Դիմողի կողմից որպես վերանայման ենթակա վկայակոչված՝ 14.03.2022 թվականի թիվ ԲԴԽ-24-Ո-Կ-6 որոշմամբ, ի թիվս այլնի, արձանագրվել է. «(...) Բարձրագույն դատական խորհուրդը հարկ է համարում նշել, որ ի տարբերություն դատական վարույթների, Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վարույթի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ այս վարույթում ապացույցներն ընդամենը տեղեկություններ են պարունակում որոշակի արարքի կատարման, բնույթի, ծավալի և այլնի վերաբերյալ, հետևաբար, եթե ապացույցի բովանդակությունն ինքնին կասկածի տակ չի առնվում շահագրգիռ անձի կողմից, ապա, ըստ էության, երկրորդական են դառնում դրա ձեռքբերման հատկանիշները։ Այսինքն, եթե նույնիսկ ապացույցը ձեռք է բերվել օրենքի խախտմամբ, ապա միևնույն է, կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար հիմք հանդիսացող վարքագիծ թույլ տրված լինելու փաստը շարունակում է գոյություն ունենալ, քանի որ Դատավորը չի վիճարկում տեսագրության բովանդակության իսկությունը, կասկածի տակ չի առնում իր մասնակցությունը տեսագրությամբ ամփոփված միջադեպին: Ուստի նշվածի հաշվառմամբ, Բարձրագույն դատական խորհուրդը գտնում է, որ Դատավորի ներկայացուցչի կողմից բարձրացված հարցերը չեն կարող էական համարվել սույն վարույթի շրջանակներում ապացույցն անթույլատրելի ճանաչելու համար:
Ավելին, սույն դեպքում Բարձրագույն դատական խորհուրդն էական է համարում այն փաստը, որ Դատավորն ինքն է միջնորդել Բարձրագույն դատական խորհրդի նիստում ապացույցների հետազոտման ընդունված կարգից շեղմամբ հետազոտել տեսագրությունը՝ հիմնավորելու համար Դատավորին վերագրվող վարքագիծը իրավիճակից թելադրվող, միջադեպի մյուս մասնակիցների վարքագծով պայմանավորված լինելու և կարգապահական խախտման հատկանիշներ չպարունակելու հանգամանքները, և երբևէ չի հերքել տեսագրված վարքագիծն իր կողմից դրսևորված լինելը (…)»:
Վերոգրյալի հաշվառմամբ, Խորհուրդը հարկ է համարում նշել, որ Սահմանադրական դատարանը 22.06.2015 թվականի թիվ ՍԴՈ-1222 որոշմամբ անդրադառնալով նոր երևան եկած հանգամանքներին, նշել է. «(...) այդ հանգամանքներն իրենց բնույթով այնպիսին են, որ չնայած օբյեկտիվորեն գոյություն են ունեցել գործով վերջնական դատական ակտի կայացման պահին, սակայն հայտնի չէին և (կամ) չէին կարող հայտնի լինել թե՛ գործին մասնակցող անձանց և թե՛ դատարանին, կամ հայտնի են եղել գործին մասնակցող անձանց, բայց նրանցից անկախ պատճառներով չեն ներկայացվել դատարան, կամ որոշ դեպքերում (ՀՀ քաղ. դատ. օր-ի 204.32-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետ)՝ նորահայտ են (...)»:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանն իր մի շարք որոշումներով վերահաստատել է, որ այն հանգամանքները, որոնք արդեն իսկ առկա են դատաքննության ժամանակ, սակայն որևէ պատճառով չեն ներկայացվել դատարան և հայտնի են դարձել միայն դատավարությունից հետո, համարվում են «նոր երևան եկած»: Դատարանի ակտն ուժը կորցրած ճանաչելու պահանջով դիմած անձը պետք է ցույց տա, որ ապացույցն անհնար է եղել ներկայացնել վերջնական նիստի ժամանակ, և այդ ապացույցն ունի էական նշանակություն (տե՛ս՝ Xheraj v. Albania, application no. 37959/02, §53-54, Nikitin v. Russia, no. 50178/99, §54-57, Yerogova v. Russia, application no. 77478/01, §33, Maltseva v. Russia, application no. 76676/01, §33, Kumkin and others v. Russia, application no. 73294/01, §31):
Մարդու իրավունքների եվրոպական դատարանն անդրադառնալով նոր երևան եկած հանգամանքներով դատական ակտի վերանայման գործընթացի իրավական կարևորության խնդրին՝ արձանագրել է. «(...) Գործի նորոգումը նոր երևան եկած հանգամանքների հիման վրա ինքնին չի հակասում իրավական որոշակիության սկզբունքին այնքանով, որքանով այն օգտագործվում է արդարադատության սխալներն ուղղելու համար: Դատարանի խնդիրն է պարզել արդյո՞ք ընթացակարգը կիրառվել է այնպես, որ համահունչ է 6-րդ հոդվածի 1-ին պարագրաֆին» (Case of Kuznetsova v. Russia, Application no. 67579/01, see Pravednaya, cited above, §28):
Վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արտահայտել է այն դիրքորոշումը, որ յուրաքանչյուր գործ իր փաստական հանգամանքներով եզակի է, հետևաբար նոր երևան եկած հանգամանքի էական լինելը յուրաքանչյուր գործով որոշելիս դատարանները պետք է հաշվի առնեն վերանայվող գործի բոլոր փաստերը և պարզեն՝ արդյոք այդ հանգամանքներն իրենց բնույթով ազդում են վերանայվող գործի ելքի վրա, թե՝ ոչ (տե՛ս, ըստ Մարինե Մանուկյանի դիմումի՝ նոր երևան եկած հանգամանքների հիմքով դատական ակտը վերանայելու պահանջի մասին ՀՀ վճռաբեկ դատարանի թիվ ԵԿԴ/2392/02/08 քաղաքացիական գործով 13.03.2009 թվականի որոշումը):
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտում նորմի կիրառման համար թվարկված բոլոր պայմանների առկայությունը պարտադիր է, եթե իրավական ակտում`
1) նշված նորմի կիրառումը պայմանավորված է միայն «և» կամ «ու» շաղկապով բաժանված պայմաններով, կամ
2) նշված նորմի կիրառումը պայմանավորված է միայն ստորակետերով բաժանված պայմաններով, կամ
3) նշված նորմի կիրառումը պայմանավորված է ստորակետերով և «և» կամ «ու» շաղկապով բաժանված պայմաններով:
Վերոգրյալի հաշվառմամբ, ակնհայտ է, որ Օրենսգրքի 157-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով սահմանված բոլոր պայմանների առկայությունը պարտադիր է, մասնավորապես, նոր երևան եկած հանգամանքները հիմք են Բարձրագույն դատական խորհրդի դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի մասին որոշման վերանայման համար, եթե` այն վերանայելու դիմում ներկայացրած անձն ապացուցում է, որ այդ հանգամանքները.
- գոյություն են ունեցել կարգապահական վարույթի ընթացքում,
- միաժամանակ հայտնի չեն եղել և չէին կարող հայտնի լինել միջնորդություն ներկայացրած անձին ու Բարձրագույն դատական խորհրդին, և
- միաժամանակ այդ հանգամանքները կարգապահական վարույթի համար ունեն էական նշանակություն:
Տվյալ դեպքում Խորհուրդը կարևոր է համարում անդրադառնալ Դիմողի պնդմանն այն մասին, որ հիմնական իրավունքների խախտմամբ ձեռք բերված ապացույցի օգտագործման և թիվ ՎԴ/12304/05/21 գործով Վարչական և Վերաքննիչ վարչական դատարանների որոշումներով Դիմողին վարչական պատասխանատվության ենթարկելու հիմքերի բացակայության հաստատված լինելու պարագայում Խորհրդի 14.03.2022 թվականի թիվ ԲԴԽ-24-Ո-Կ-6 որոշումն Օրենսգրքի 157-րդ հոդվածի կիրառմամբ ենթակա է վերանայման նոր երևան եկած երկու ինքնուրույն հանգամանքների հիմքով:
Այսպես, Դիմողի կողմից «հիմնական իրավունքների խախտմամբ ձեռք բերված ապացույցի օգտագործումը» որպես վերանայման ինքնուրույն հիմք վկայակոչված լինելու մասով Խորհուրդը հարկ է համարում նշել, որ.
Օրենսգրքի 157-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ նոր երևան եկած հանգամանքները հիմք են Բարձրագույն դատական խորհրդի դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի մասին որոշման վերանայման համար, եթե` այն վերանայելու դիմում ներկայացրած անձն ապացուցում է, որ այդ հանգամանքները գոյություն են ունեցել կարգապահական վարույթի ընթացքում, հայտնի չեն եղել և չէին կարող հայտնի լինել միջնորդություն ներկայացրած անձին ու Բարձրագույն դատական խորհրդին, և այդ հանգամանքները կարգապահական վարույթի համար ունեն էական նշանակություն:
Տվյալ դեպքում, Խորհուրդն անդրադառնալով ապացույցն անթույլատրելի ճանաչելու վերաբերյալ Դիմողի ներկայացուցչի միջնորդությանը, դեռևս 14.03.2022 թվականի թիվ ԲԴԽ-24-Ո-Կ-6 որոշմամբ արձանագրել է, որ. «(...) Բարձրագույն դատական խորհուրդը հարկ է համարում նշել, որ ի տարբերություն դատական վարույթների, Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վարույթի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ այս վարույթում ապացույցներն ընդամենը տեղեկություններ են պարունակում որոշակի արարքի կատարման, բնույթի, ծավալի և այլնի վերաբերյալ, հետևաբար, եթե ապացույցի բովանդակությունն ինքնին կասկածի տակ չի առնվում շահագրգիռ անձի կողմից, ապա, ըստ էության, երկրորդական են դառնում դրա ձեռքբերման հատկանիշները։ Այսինքն, եթե նույնիսկ ապացույցը ձեռք է բերվել օրենքի խախտմամբ, ապա միևնույն է, կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար հիմք հանդիսացող վարքագիծ թույլ տրված լինելու փաստը շարունակում է գոյություն ունենալ, քանի որ Դատավորը չի վիճարկում տեսագրության բովանդակության իսկությունը, կասկածի տակ չի առնում իր մասնակցությունը տեսագրությամբ ամփոփված միջադեպին: Ուստի նշվածի հաշվառմամբ, Բարձրագույն դատական խորհուրդը գտնում է, որ Դատավորի ներկայացուցչի կողմից բարձրացված հարցերը չեն կարող էական համարվել սույն վարույթի շրջանակներում ապացույցն անթույլատրելի ճանաչելու համար:
Ավելին, սույն դեպքում Բարձրագույն դատական խորհուրդն էական է համարում այն փաստը, որ Դատավորն ինքն է միջնորդել Բարձրագույն դատական խորհրդի նիստում ապացույցների հետազոտման ընդունված կարգից շեղմամբ հետազոտել տեսագրությունը՝ հիմնավորելու համար Դատավորին վերագրվող վարքագիծը իրավիճակից թելադրվող, միջադեպի մյուս մասնակիցների վարքագծով պայմանավորված լինելու և կարգապահական խախտման հատկանիշներ չպարունակելու հանգամանքները, և երբևէ չի հերքել տեսագրված վարքագիծն իր կողմից դրսևորված լինելը (…)»:
Հետևաբար, Խորհրդի կողմից դեռևս 2022 թվականին քննարկման առարկա է դարձվել «ապացույցի թույլատրելիության հարցը», ավելին՝ Խորհուրդն իր՝ 14.03.2022 թվականի թիվ ԲԴԽ-24-Ո-Կ-6 որոշմամբ արձանագրել է, որ «այս վարույթում ապացույցներն ընդամենը տեղեկություններ են պարունակում որոշակի արարքի կատարման, բնույթի, ծավալի և այլնի վերաբերյալ, հետևաբար, եթե ապացույցի բովանդակությունն ինքնին կասկածի տակ չի առնվում շահագրգիռ անձի կողմից, ապա, ըստ էության, երկրորդական են դառնում դրա ձեռքբերման հատկանիշները»։ Միաժամանակ Խորհուրդը Դիմողի կողմից տեսագրության բովանդակության իսկությունը կասկածի տակ չառնելու հանգամանքը հիմնավորել է Դիմողի կողմից տեսագրված վարքագիծը երբևէ հերքված չլինելու հանգամանքով, այդ թվում՝ ապացույցների հետազոտման ընդունված կարգից շեղմամբ տեսագրությունը հետազոտելու Դիմողի միջնորդությամբ՝ հիմնավորելու համար Դիմողին վերագրվող վարքագիծն իրավիճակից թելադրվող, միջադեպի մյուս մասնակիցների վարքագծով պայմանավորված լինելու և կարգապահական խախտման հատկանիշներ չպարունակելու հանգամանքները:
Այսպիսով, Դիմողի կողմից որպես նոր երևան եկած ինքնուրույն հանգամանք վկայակոչված՝ «հիմնական իրավունքների խախտմամբ ձեռք բերված ապացույցի օգտագործումը» չի կարող Խորհրդի 14.03.2022 թվականի թիվ ԲԴԽ-24-Ո-Կ-6 որոշման վերանայման հիմք հանդիսանալ, քանի որ Խորհուրդը նույն որոշմամբ, անդրադառնալով ապացույցի թույլատրելիության հարցին, արդեն իսկ դիրքորոշում է հայտնել նշված ապացույցի օրենքի խախտմամբ ձեռք բերված լինելու հավանականության վերաբերյալ, հետևաբար, տվյալ պարագայում բացակայում են Օրենսգրքի 157-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով սահմանված միաժամանակյա վավերապայմանները, այն է՝ նշված հանգամանքի գոյություն ունենալը կարգապահական վարույթի ընթացքում, դրա հայտնի չլինելը և հայտնի լինելու անհնարինությունը միջնորդություն ներկայացրած անձին ու Բարձրագույն դատական խորհրդին, ինչպես նաև այդ հանգամանքի՝ կարգապահական վարույթի համար էական նշանակություն ունենալը:
Ինչ վերաբերում է Դիմողին վարչական պատասխանատվության ենթարկելու հիմքերի բացակայության պայմաններում Խորհրդի 14.03.2022 թվականի թիվ ԲԴԽ-24-Ո-Կ-6 որոշումն Օրենսգրքի 157-րդ հոդվածի կիրառմամբ վերանայման ենթակա լինելու մասին փաստարկին, ապա ապացույցի օրենքի խախտմամբ ձեռք բերված լինելու հավանականության վերաբերյալ արտահայտված դիրքորոշման պարագայում Դիմողին վարչական պատասխանատվության ենթարկելու հիմքերի բացակայության հաստատված լինելը կարգապահական վարույթի համար էական նշանակություն ունենալ չի կարող և, հետևաբար, չի կարող նաև վերոնշյալ որոշման վերանայման հիմք հանդիսանալ:
ՀՀ վարչական դատարանը, միևնույն ժամանակ անդրադառնալով հայցվորի մի շարք փաստարկներին, արձանագրել է նաև. «Դատարանն անհիմն է համարում հայցվորի փաստարկները՝ Բարձրագույն դատական խորհրդի՝ 14.03.2022 թվականի թիվ ԲԴԽ-24-Ո-Կ-6 որոշման վերաբերյալ՝ հետևյալ պատճառաբանությամբ.
նախ, Բարձրագույն դատական խորհրդի առջև բարձրացված է եղել դատավորի կողմից վարքագծի կանոնների խախտման հարցը, ընդ որում՝ ոչ միայն սույն գործով քննարկված արտահայտությունների մասով, այլև դատավորի կողմից դրսևորած վարքագծով առհասարակ, որը տեղ է գտել Բարձրագույն դատական խորհրդի նիստում հետազոտված տեսանյութում։ Մինչդեռ սույն դեպքում վարչական պատասխանատվության ենթարկելու հարցը քննվում է՝ անկախ պատասխանատվության ենթարկվող անձի՝ որևէ պաշտոն զբաղեցնելու հանգամանքից և Սիմա Իսկանդարյանին վերագրվող ավելի փոքրաթիվ արարքների կապակցությամբ, քան քննարկվել է Բարձրագույն դատական խորհրդում։
Երկրորդ, Բարձրագույն դատական խորհուրդը խնդրո առարկա տեսանյութի կապակցությամբ ինքն է նշել, որ «եթե նույնիսկ ապացույցը ձեռք է բերվել օրենքի խախտմամբ, ապա, միևնույնն է, կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար հիմք հանդիսացող փաստը շարունակում է գոյություն ունենալ», այսինքն՝ Բարձրագույն դատական խորհուրդը դատավորի կողմից կարգապահական խախտում թույլ տալու փաստը ապացուցելու համար է միայն նախատեսել ապացույցի թույլատրելիության ավելի ցածր շեմ, քան նախատեսված է Վարչական դատավարության օրենսգրքի 26-րդ հոդվածի 3-րդ մասով, մինչդեռ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված գործի քննության ընթացքում Դատարանը չի կարող անտեսել նշված նորմի իմպերատիվ պահանջը։
Երրորդ, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 30-րդ հոդվածը սահմանում է ապացուցման կարիք չունեցող փաստերի շրջանակը, մինչդեռ նշված նորմում Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ հաստատված փաստերը, որպես ապացուցման կարիք չունեցող փաստեր, նախատեսված չեն թեկուզև այն պատճառաբանությամբ, որ, ինչպես նշվեց վերը, Բարձրագույն դատական խորհուրդը դատավորի կողմից կարգապահական խախտում թույլ տալու փաստը ապացուցելու համար կիրառում է ապացույցի թույլատրելիության ավելի ցածր շեմ։
Չորրորդ, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 2-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական դատավարության կարգը սահմանվում է նույն օրենսգրքով և «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով, իսկ նույն օրենսգրքով նախատեսված դեպքերում` նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով։
Մինչդեռ ո՛չ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով, ո՛չ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով սահմանված չէ, իսկ այդ մասով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով էլ հղում կատարված չէ ՀՀ քաղաքացիական օրենսգրքին, որ Բարձրագույն դատական խորհրդի կողմից արտահայտած իրավական դիրքորոշումները պարտադիր են վարչական դատարանի համար՝ վարչական դատարանում քննվող նույնանման փաստական հանգամանքներով քննվող գործերի շրջանակներում։
Այսպիսով, Դատարանն արձանագրում է, որ գործում առկա ապացույցներով չի հաստատվում Սիմա Իսկանդարյանի կողմից Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 172.3-րդ հոդվածով նախատեսված արարք թույլ տալու փաստը, ուստի ՀՀ ոստիկանության հայցը՝ Սիմա Իսկանդարյանին Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 172.3-րդ հոդվածի հիմքով վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջի մասին անհիմն է և ենթակա է մերժման:»:
Տվյալ պարագայում, Խորհուրդն իր 14.03.2022 թվականի թիվ ԲԴԽ-24-Ո-Կ-6 որոշմամբ արձանագրել է, որ. «(...) Բարձրագույն դատական խորհուրդը փաստում է, որ գրեթե անհնար է նախապես կազմել բոլոր այն գործողությունների լիարժեք ցանկը, որոնք արգելված են դատավորին, այնուամենայնիվ, դատավորն իր իրավունքների իրականացման ճանապարհին պետք է զսպվածություն ցուցաբերի և մշտապես դրսևորի իր բարձր կոչմանը համապատասխան վարքագիծ՝ նպաստելով հասարակության կողմից դատական համակարգի նկատմամբ ակնկալվող վստահության և հարգանքի ձևավորմանը:
Ավելին, դատավորները, հանդիսանալով պետական իշխանության թևերից մեկի ներկայացուցիչներ, ի պաշտոնե պարտավոր են պահպանել զսպվածություն՝ վտանգի տակ չդնելով իրենց անաչառությունը, դատական իշխանության անկախությունը և հեղինակությունը, հեղինակության բավարար օգտագործումը, ինչպես նաև պարտավոր են կանխատեսել իրենց վարքագծից ծագող հետևանքները:
Մինչդեռ քննարկելով Դատավորի կողմից թույլ տրված արտահայտություններն ու վարքագիծը՝ Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է, որ միջնորդության հիմքում վկայակոչված բոլոր փաստական հանգամանքներն ապացուցում են, որ Դատավորի կողմից թույլ են տրվել արտահայտություններ և դրսևորվել է վարքագիծ, որոնք անհամատեղելի են դատավորի կարգավիճակի հետ. իր արտահայտություններով Դատավորն անպարկեշտ վարքագիծ է դրսևորել գործադիր իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ոստիկանության ծառայողների նկատմամբ, չի ենթարկվել վերջիններիս օրինական պահանջներին, ցուցաբերել է անհարգալից վերաբերմունք, դուրս է եկել քաղաքավարության նորմերի շրջանակից, խախտել է բարեկրթության կանոնները՝ ցածրացնելով Դատավորի բարձր կարգավիճակը։ (...)
(...) Բարձրագույն դատական խորհուրդը հարկ է համարում նշել, որ ի տարբերություն դատական վարույթների, Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վարույթի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ այս վարույթում ապացույցներն ընդամենը տեղեկություններ են պարունակում որոշակի արարքի կատարման, բնույթի, ծավալի և այլնի վերաբերյալ, հետևաբար, եթե ապացույցի բովանդակությունն ինքնին կասկածի տակ չի առնվում շահագրգիռ անձի կողմից, ապա, ըստ էության, երկրորդական են դառնում դրա ձեռքբերման հատկանիշները։ Այսինքն, եթե նույնիսկ ապացույցը ձեռք է բերվել օրենքի խախտմամբ, ապա միևնույն է, կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար հիմք հանդիսացող վարքագիծ թույլ տրված լինելու փաստը շարունակում է գոյություն ունենալ, քանի որ Դատավորը չի վիճարկում տեսագրության բովանդակության իսկությունը, կասկածի տակ չի առնում իր մասնակցությունը տեսագրությամբ ամփոփված միջադեպին: Ուստի նշվածի հաշվառմամբ, Բարձրագույն դատական խորհուրդը գտնում է, որ Դատավորի ներկայացուցչի կողմից բարձրացված հարցերը չեն կարող էական համարվել սույն վարույթի շրջանակներում ապացույցն անթույլատրելի ճանաչելու համար:
Ավելին, սույն դեպքում Բարձրագույն դատական խորհուրդն էական է համարում այն փաստը, որ Դատավորն ինքն է միջնորդել Բարձրագույն դատական խորհրդի նիստում ապացույցների հետազոտման ընդունված կարգից շեղմամբ հետազոտել տեսագրությունը՝ հիմնավորելու համար Դատավորին վերագրվող վարքագիծը իրավիճակից թելադրվող, միջադեպի մյուս մասնակիցների վարքագծով պայմանավորված լինելու և կարգապահական խախտման հատկանիշներ չպարունակելու հանգամանքները, և երբևէ չի հերքել տեսագրված վարքագիծն իր կողմից դրսևորված լինելը:
(...) Քննության առնելով Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջոցի ընտրության հարցը՝ Բարձրագույն դատական խորհուրդը գտնում է, որ ընտրվող պատասխանատվության միջոցը պետք է համաչափ լինի խախտմանը, որպիսի պարագայում անհրաժեշտ է նաև իրավական գնահատական տալ այն հարցին, թե արդյո՞ք դատավորի դրսևորած վարքագիծը բավարար հիմքեր է պարունակում վերջինիս կողմից թույլ տրված կարգապահական խախտումն էական գնահատելու համար:
Օրենքի 142-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետի համաձայն՝ էական կարգապահական խախտում է սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված խախտումը, որը դրսևորվել է 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-4-րդ, 8-րդ և 9-րդ, 11-րդ և 12-րդ, 15-րդ և 16-րդ կետերով և 70-րդ հոդվածի 2-րդ մասի 1-3-րդ, 7-րդ և 8-րդ, 13-րդ և 14-րդ կետերով նախատեսված դատավորի պարտականությունների խախտմամբ և պայմանավորված կատարման հանգամանքներով և (կամ) առաջացրած հետևանքներով՝ համատեղելի չէ դատավորի կարգավիճակի հետ։
Կարգապահական խախտումն էական գնահատելու համար Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է, որ Օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-4-րդ, 8-րդ և 9-րդ, 11-րդ և 12-րդ, 15-րդ և 16-րդ կետերով և 70-րդ հոդվածի 2-րդ մասի 1-3-րդ, 7-րդ և 8-րդ, 13-րդ և 14-րդ կետերով նախատեսված դատավորի պարտականություններից յուրաքանչյուրի խախտումը, կապված խախտման հանգամանքներով և (կամ) առաջացրած հետևանքներով կարող է դիտվել որպես էական խախտում։
Քննարկվող դեպքում Դատավորը թույլ է տվել Օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի խախտում, ինչն Օրենքի 142-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետի համաձայն հանգեցնում է էական կարգապահական խախտման։
Օրենքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատավորի նկատմամբ կիրառվող կարգապահական տույժը պետք է համաչափ լինի կատարված խախտմանը: Կարգապահական տույժ կիրառելիս Բարձրագույն դատական խորհուրդը հաշվի է առնում խախտման բնույթը և հետևանքները, դիտավորությունը կամ կոպիտ անփութությունը, դատավորի անձը, առկա տույժերը և ուշադրության արժանի այլ հանգամանքներ:
Այսպիսով, Դատավորն իր գործողություններում զերծ չի մնացել դատական իշխանությունը վարկաբեկող, դատական իշխանության անկախության և անաչառության վերաբերյալ հանրության վստահությունը նվազեցնող վարքագիծ դրսևորելուց, ուստի միջնորդության քննությամբ հաստատված փաստերի հաշվառմամբ, Բարձրագույն դատական խորհուրդը գալիս է այն եզրահանգման, որ Դատավորի կողմից թույլ տրված վարքագծի կանոնի խախտումն էական կարգապահական խախտում է, որը համատեղելի չէ դատավորի կարգավիճակի հետ: (...)»:
Այսպիսով, վերոգրյալի հաշվառմամբ Խորհուրդն արձանագրում է, որ Դիմողի կողմից վկայակոչված՝ նոր երևան եկած թվով երկու ինքնուրույն հանգամանքները չեն բավարարում Օրենսգրքի 157-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով սահմանված վերանայման համար անհրաժեշտ վավերապայմաններին, ուստի Բարձրագույն դատական խորհրդի՝ «Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սիմա Իսկանդարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ» 14․03․2022 թվականի թիվ ԲԴԽ-24-Ո-Կ-6 որոշման վերանայման հիմքերը բացակայում են:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածով, 157-րդ հոդվածի 1-ին մասով, 2-րդ մասի 1-ին կետով և 7-րդ մասով՝ Բարձրագույն դատական խորհուրդը
Ո Ր Ո Շ Ե Ց
1․ Բարձրագույն դատական խորհրդի՝ «Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սիմա Իսկանդարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ» 14․03․2022 թվականի թիվ ԲԴԽ-24-Ո-Կ-6 որոշումը չվերանայել։
2․ Որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից և վերջնական է:
__________________
1 Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի աշխատակարգը հաստատելու մասին ԲԴԽ-68-Ն-15 որոշման Հավելված 1-ի 93-րդ կետի համաձայն՝ Կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննության փուլում Խորհուրդը, որպես դատարան գործելիս, ղեկավարվում է Օրենքով, իսկ այն դեպքում, երբ կոնկրետ դատավարական գործընթացը կարգավորված չէ Օրենքով՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի նորմերով:
2 Հարկ է նկատի ունենալ, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքը որպես ապացույցի տեսակ դիտարկում է դատավարության մասնակցի՝ որպես վկայի ցուցմունքը։ Համաձայն 36-րդ հոդվածի՝ 1. Եթե, չնայած ապացույցներ ձեռք բերելու համար ձեռնարկված միջոցներին, ձեռք բերված ապացույցները բավարար չեն համապատասխան դատական ակտը կայացնելու համար, և դատավարության մասնակցին կարող է հայտնի լինել տվյալ գործով պարզելու ենթակա որևէ փաստ, ապա իր նախաձեռնությամբ կամ մյուս կողմի միջնորդությամբ դատարանը կարող է կարգադրել նրան հանդես գալ որպես վկա: ԲԴԽ-ում իրականացված դատական նիստերի ընթացքում Սիմա Իսկանդարյանը որպես դատավարության մասնակից ցուցմունք չի տվել:
3 Հայաստանի Հանրաետության 2015 թ. խմբագրությամբ Սահմանադրությունը.- Եր.: Տիգրան Մեծ, 2016 - 132 էջ: https://lawlibrary.info/ar/books/giz2016-ar-Brief_explanations_of_Consitution_2016.pdf;
Բարձրագույն դատական խորհրդի նախագահ` Ա. Աթաբեկյան Անդամներ` Ա. Դանիելյան Կ. Թումանյան Ե. Թումանյանց Էդ. Հովհաննիսյան Ք. ՄԿՈՅԱՆ
Պաշտոնական հրապարակման օրը՝ 21 ապրիլի 2025 թվական: